Ուժասպառ ու կիսահանված նա ընկավ անկողնու վրա, լույսը հանգցրեց, փորձեց քնել և մտքում կիսաձայն մրմնջաց Թու Ֆուի բանաստեղծությունը․
<poem>
Շուտով փչի պիտի քամին
Շիրմի վրա իմ մոխրագույն։
</poem>
Caro Luigi ։ Luigi։ Արդեն երկար ժամանակ է, ինչ քո ձայնը չենք լսել։ Դու դեռ ապրո՞ւմ ես լույս֊աշխարհում, թե՞ արդեն ցինը կրծում է քո ոսկորները։
Դու երբևէ շյուղով փորփրե՞լ ես կանգ առած պատի ժամացույցը։ Ինձ դա մեկ անգամ վիճակվել է անել, և տեսել եմ, թե ինչպես հանկարծ սատանան մուտք գործեց ժամացույցի մեջ և, այնուհետև, այնտեղից շարունակ դղրդոց ու շառաչյուն էր լսվում։ Սլաքներն ասես մրցարշավի էին ելել թվատախտակի վրա, սարսափելի աղմուկով, prestissimo , նրանք պտտվում էին խելագարի պես, մինչև որ նույն հանկարծակիությամբ էլ ողջ աշխատանքը ընդհատվում էր, ու ժամացույցը փչում էր հոգին։ Նույն բանը ներկայումս կատարվում է նաև այստեղ, մեզ մոտ, արևն ու լուսինը խելագարի պես իրար անցած պտույտներ են գործում երկնակամարի շուրջբոլորը, օրերը միմյանց ետևից ընկած՝ իրար են հալածում, ժամանակը փախչում է՝ ասես պարկի հատակում գոյացած անցքից։ Հուսանք, թե սրա վերջնաբանն էլ հանկարծակի է վրա հասնելու, և այս հարբած աշխարհը կործանվելու է՝ անկարող այլևս վերադառնալու իր քաղքենիական բարեկեցիկ ռիթմին։
Օրվա ընթացքում ես չափազանց զբաղված եմ լինում, որպեսզի ինչ֊որ բանի մասին կարողանամ մտածել (ինչ ծիծաղելի է իմիջիայլոց հնչում, երբ մարդ մի այսպիսի, այսպես կոչված «նախադասություն» է երբեմն արտաբերում․ «որպեսզի ես ինչ֊որ բանի մասին կարողանամ մտածել)… Սակայն երեկոյան հաճախ եմ զգում քո պակասությունը։ Այդ ժամանակ ես սովորաբար նախընտրում եմ նստել ինչ֊որ տեղ, անտառում կամ որևէ գինետնում, ու խմում եմ իմ սիրած կարմիր գինին, որը, ճիշտ է, այս կողմերում միշտ չէ, որ լավն է լինում, սակայն, ամեն դեպքում օգնում է կյանքը քարշ տալուն և քուն է բերում աչքերիս։ Մի քանի անգամ պատահել է նույնիսկ, որ հենց մառանում, ուղղակի սեղանի մոտ եմ քնել, և տեղաբնակների ծաղրուծանակին արժանանալով՝ փորձել եմ ապացուցել, գոնե ինքս ինձ, որ նյարդաթուլագարության նոպաները ինձ այնքան էլ չեն անհանգստացնում։ Իմ ուրախություններին երբեմն բարեկամներ ու աղջիկներ էլ են մասնակցում, և այդտեղ է, ՛որ որ մատներդ ակամայից վարժվում են կանացի նրբասլաց անդամներին հպվելուն, սկսում ես խոսել գլխարկների ու կոշկեղենի կրունկների մասին, արվեստի մասին։ Երբեմն նույնիսկ հաջողվում է մտերմիկ ջերմության մթնոլորտ ստեղծել, այնժամ ողջ գիշերը բղավում ենք ու ծիծաղում, անգամ անծանոթներն էլ են ուրախանում, որ Քլինգզորը մի այսպիսի ուրախ ու զվարճալի տղա է։ Մեզ մոտ հաճախ մի սիրունիկ կին է այցելում, և ամեն անգամ, երբ տեսնում է ինձ, սաստիկ թախանձանքով քո մասին է հարցնում։
Այն արվեստը, որին մենք երկուսս էլ ծառայում ենք, պրոֆեսորի ասածի պես՝ մինչև օրս էլ սերտ ու անմիջական կախման մեջ է գտնվում իր վերարտադրության առարկայից (սա մոտավորապես նման է նկարչագիտական առեղծված ներկայացնելուն)։ Մենք միշտ նկարում ենք, ճիշտ է, երբեմն ինչ֊որ չափով ազատ ձեռագրով և քաղքենիների համար բավական հուզիչ եղանակով, բայց, այնուամենայնիվ, զուտ «իրականության» առարկաները, մարդկանց, ծառեր, տոնավաճառներ, երկաթուղագծեր ու բնապատկերներ։ Այս առումով մենք դեռևս ավանդական գծին ենք հետևում։ Չէ՞ որ քաղքենին «իրական» անվանում է այն առարկան, որը բոլորի կամ էլ գոնե մեծամասնության կողմից միանման է ընկալվում ու մեկնաբանվում։ Քանի դեռ այս ամառը շրջապատում է ինձ և դեռ չի վերջացել՝ ես մտադիր եմ մի որոշ ժամանակ միմիայն երևակայական պատկերներ նկարել, հատկապես՝ անուրջներ։ Այդ տեսակետից հարկ է, որ ես գոնե մասամբ մոտենամ նաև քո գաղափարներին ու տրամադրություններին, քո այն խելագար, զվարճալի ու անակնկալի բերող մոտիվներին, մերձենամ աշխարհատեսության մոտավորապես այն եղանակին, որը շարադրված է Քյոլնի մայր տաճարի նապաստակների որսորդ Կոլոֆինոյի պատմություններում։ Ու չնայած զգում եմ, որ հողը նոսրացել, փխրուն է դարձել ոտքերիս տակ, և, ճիշտն ասած, մի քանի տարի էլ ապրելու և նորանոր գործեր ստեղծելու ոչ ակնկալիք ունեմ և ոչ էլ ձգտում, բայց, այնուամենայնիվ, մի քանի սեպ ևս ես դեռ ուզում եմ խրել այս աշխարհի կոկորդը։ Նկարներիս մի գնորդ վերջերս գրել էր ինձ, որ ինքը հիացմունքով է նկատում, թե ինչպես իմ նորագույն աշխատանքներում ես մի երկրորդ երիտասարդություն եմ ապրում։ Դրանում ինչ֊որ ճշմարիտ բան կա։ Ինձ թվում է, թե նկարել իսկապես սկսել եմ միայն այս տարի։ Սակայն այն, ինչ տեղի է ունենում ինձ հետ, ավելի շուտ ոչ թե գարնան զարթոնքի է նման, այլ պայթյունի։ Զարմանալի է, թե իմ ներսում որքան շատ դինամիտ ու այլ պայթուցիկ նյութեր կան թաքնված․ սակայն ինքդ էլ գիտես, թե սալօջախի համար դինամիտը որքան անհարմար վառելանյութ է։
ՔԼԻՆԳԶՈՐԸ ՄԻ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆ Է ՈԻՂԱՐԿՈԻՄ ԻՐ ԲԱՐԵԿԱՄ ԹՈԻ ՖՈՒԻՆ (ԱՅՆ ՕՐԵՐԻՆ, ԵՐԲ ՆԱ ԱՇԽԱՏՈՒՄ ԷՐ ԻՆՔՆԱՆԿԱՐԻ ՎՐԱ)
<poem>
Հարբած նստած եմ ես գիշերով հողմահարվող պուրակում,
Երգեցիկ ճյուղերին աշունն է նստել,
Իմ դատարկ շիշը լցնելու համար՝
Պանդոկապետը մռթմռթալով վազում է դեպի մառանը։
Առավոտյան, առավոտյան դժգույն մահը կմխրճի
Իր շառաչուն գերանդին կարմիր մսերի մեջ,
Դեռ երկար ժամանակ դարանակալած՝
Իմ կատաղի թշնամին աչքը չի թեքում ինձանից։
Նրան ծաղրելու համար եմ ես ողջ գիշերը ծոր տալիս իմ երգը,
Եվ դեռ հնչում է իմ հարբած երգը հոգնած անտառներում։
Նրան ծաղրելու համար եմ ես երգում
Ու բաժակը դատարկում մինչև վերջ։
Շատ տառապանքներ եմ ես կրել՝ մեծ ճանապարհի թափառաշրջիկս,
Այժմ երեկո է, և ես նստած խմում եմ ու սպասում,
Մինչև որ փայլփլուն մանգաղը
Գլուխս բաժանի իմ սարսռացող մարմնից։
</poem>
Հսկայական հայելին շուրջառող հիմարիկ վարդաբեղիկների միջև ընկած տարածքում, և իր՝ Քլինգզորի դեմքի ետնամասում, նա բազմաթիվ ուրիշ դիմագծեր էր տեսնում, բազմապիսի դեմքեր էր նկարում․ անուշիկ ու զարմացած մանկական դեմքեր, հրճվանքով ու խանդավառությամբ լի պատանեկան անուրջներ, հարբեցողի հեգնախառն աչքեր, շրթունքների մի անվերջանալի շարան՝ ծարավից տոչորվողի, հալածվածի, տառապողի, որոնողի, անառակի, enfant perdu ։ Գլուխը սակայն նա կերտեց վսեմ ու կոպիտ, կուսական անտառի կուռքի գլխի պես, ինքնասիրահարվածի, խանդոտ Եհովայի, խրտվիլակի գլխի նմանությամբ, որի առաջ մարդիկ զոհաբերում են իրենց անդրանիկ զավակներին ու դուստրերին։ Այդպիսին էին նրա նկարած մի քանի դեմքերը։ Այլ կերպ էին նկարված ընկնողների, խորտակվողների, կործանվողների, իրենց կործանման հետ հաշտվածների դեմքերը․ մամուռ էր աճել նրա գանգի վրա, ծուռտիկ շարված էին ծեր ատամները, թառամած մաշկը ամբողջապես ճաքճքած էր, իսկ պատռվածքների մեջ երևում էին վերքերն ու բորբոսը։ Սա այն դրվագն է, որ առանձնապես դուր էր գալիս նրա մի քանի բարեկամներին։ Նրանք ոգևորված ասում էին․ սա է մարդը, ecce homo , հոգնած, անհագ, ընչաքաղց, վայրի, մանկամիտ ու խորամանկ մարդը, մեր ժամանակակիցը, մեռնող, մեռնել ցանկացող եվրոպացի մարդը․ ամեն տեսակի թախծից նրբացած ու հղկված, բոլոր տեսակի արատներով հիվանդ, իր կործանման դատապարտվածությունից խանդավառ ու ոգևորված, ամեն մի առաջադիմության պատրաստ, ամեն տեսակի ետադիմության համար հասունացած, ամբողջովին խանդ, հույս ու նաև հոգնություն, ճակատագրի ու ցավի հետ հաշտ, հանձնված ճակատագրի քմահաճույքին՝ ինչպես թմրամոլը թույնին, միայնակ, ճահճացած, ամուլ ու ծեր, միաժամանակ և Ֆաուստ, և Կարամազով, գազան և իմաստուն, ամբողջովին մերկ, անճարակ և պատվասիրության նշույլից անգամ զերծ, մահվան հանդեպ մանկական վախով լի, հոգնած և միաժամանակ պատրաստակամ՝ մահն ընդունելու համար։
Իսկ ավելի հեռվում, դեպի խորքը գնացող բոլոր այդ դեմքերի ետևում հանգչում էին նախամարդու, կենդանական ու բուսական աշխարհների, քարակերտ քանդակների հեռու֊հեռավոր, խորախորհուրդ ու ծերացած դեմքերը․ այդ պատկերները կարծես ոգեկոչված լինեին երկրիս երեսին ապրող վերջին մարդու կողմից, որն ասես մահվանից մի վայրկյան առաջ, մեկ անգամ ևս իր երևակայության մեջ գծագրելիս լիներ հին ու նոր ժամանակների ու աշխարհների ծանոթ ու օտարոտի կերպարանքները։ ,
Այդ մոլեգին ու լարված օրերին Քլինգզորը ապրում էր հափշտակվածի պես։ Գիշերները ծանրանում էր գինով, և ապա՝ մոմերը ձեռքին, հին հայելու առաջ կանգնած՝ հետազոտում էր հարբեցողի իր թախծոտ և քմծիծաղող դեմքը։ Մի երեկո նա նույնիսկ տուն հրավիրեց իր մի սիրուհուն, երկուսով նստել էին աշխատասենյակի բազմոցին, և երբ Քլինգզորը մերկանդամ ընկերուհուն իր գիրկն առավ, սեղմեց կրծքին, անսպասելիորեն հայացքը սահեց նրա ուսի վրայով ու ընկավ հայելու մեջ՝ հանկարծ այդ կնոջ կապը քանդված մազերի արանքից նա տեսավ իր աղավաղված դեմքը՝ կարմրած աչքերով, վավաշոտությամբ և այդ վավաշոտության նկատմամբ զզվանքով լիքը։