===Գլուխ երկրորդ․ Անցյալի ստվերը ===
Խոսակցությունները չդադարեցին ոչ ինն օր, ոչ էլ իննսունինն օր հետո։ Բիլբո Պարկինսի երկրորդ անգամ անհետանալը քննարկվում էր ոչ միայն Նորգորդում, այլ ամեն տեղ ու ամենուրեք․ քննարկում էին տարուց ավելի, իսկ հիշում էին դրանից էլ երկար։ Փոքրիկ հոբիթներին այդ պատմությունը երեկոները պատմում էին բուխարու մոտ, եւ հետզհետե Խենթ Պարկինսը, որ փայլ ու շուքով անհետացել էր եւ պարկերով գանձ շալակած հայտնվել, դարձավ հեքիաթային սիրված հոբիթ եւ մնաց հեքիաթներում, երբ նրան վերաբերող իրական իրադարձությունների մասին հիշողություններն արդեն մարում էին։
Բայց սկզբնական շրջանում խոսում էին, որ Բիլբոն առանց այն էլ ծալը պակաս էր, իսկ հիմա լրիվ գժվել է, նրա երգը երգված է։ Անտարակույս, ընկել է մի լճակի մեջ կամ խեղդվել է գետում ու գտել իր տխուր, բայց արժանի վերջը։ Իսկ այդ ամենում ո՞վ է մեղավոր, եթե ոչ Գանդալֆը։
«Այդ հիմար հրաշագործը գոնե Ֆրոդոյին հանգիստ թողնի՝ մեկ էլ տեսար նրանից մի խելամիտ հոբիթ դուրս եկավ», ― ասում էին խելոքները, գլուխները տարուբերելով։ Եվ եղածից դատելով, հրաշագործն իսկապես էլ Ֆրոդոյին հանգիստ էր թողել, բայց նրա հոբիթական խելամտությունն ինչ֊որ չէր ավելանում։ Ֆրոդոն էլ Բիլբոյի նման տարօրինակություններ ուներ։ Նա սուգ չպահեց եւ հաջորդ տարի Բիլբոյի հարյուր տասներկուամյակը նշեց․ լիակշիռ տարեթիվ է, ասում էր նա։ Բայց թե դա ի/նչ տոն էր, ընդամենը քսան հոգի էր հրավիրված․․․ Ճիշտ է, շատ ուտելուց արդեն պայթում էին, շատ խմելուց՝ արդեն գլորվում, ինչպես ասում են հոբիթները։
Մի խոսքով, ոմանք շատ զարմացան, բայց Ֆրոդոն Բիլբոյի ծնունդը կատարելը սովորություն դարձրեց, եւ հետզհետե բոլորը վարժվեցին։ Նա ասաց, որ Բիլբոն, իր դատելով, ողջ֊առողջ է։ Իսկ երբ հարցնում էին, թե որտե՞ղ է, Ֆրոդոն ուսերն էր թոթվում։
Նա էլ, Բիլբոյի նման, մեկուսացած էր ապրում, միայն թե ընկերներ շատ ուներ, հատկապես երիտասարդներից։ Իսկ իրենց լրիվ յուրային էին զգում Պարկուտում Ճագարակը (ընկերների համար պարզապես Փին) եւ Մերի Բրենդիզայքը (նրա լրիվ անունը Մերիադոք էր, բայց այդ մասին շատ հազվադեպ էին հիշում)։ Ֆրոդոն նրանց հետ մասին սար ու դաշտ ոտքի տակ էր տալիս, բայցց ավելի հաճախ մենակ էր թափառում, եւ հասարակ ժողովուրդը զարմանում էր, թե ինչու նրա աչքին քուն չի գալիս։ Մերսին ու Փինը կասկածում էին, որ նա, իր հորեղբայր Բիլբոյի օրինակով՝ կապերի մեջ է մտել էլֆերի հետ։
Ժամանակն անցնում էր, եւ բոլոր սկսեցին նկատել, որ Ֆրոդոն էլ վատ չի «պահպանվում»․ նա առաջվա պես պինդ է ու առույգ, հազիվ երեսունն անց հոբիթի տեսք ունի։ «Երջանկությունը բախտավորին է սիրում», ասում էին նրա մասին։ Բայց երբ մոտենում էր հիսունին, ժողովուրդը զգուշացավ։
Ֆրոդոն ինքը, վշտից սթափվելով, հայտնաբերեց, որ Զառիթափի Պարկուտի տեր, միստր Պարկինս լինելը նույնիսկ շատ հաճելի է։ Տասնյակ տարիներ նա ուրախ֊ուրախ վայելում էր կյանքը եւ ապագայի մասին բնավ չէր մտածում, թեպետ երբեմն, այնուամենայնիվ, ափսոսում էր, որ Բիլբոյի հետ չի գնացել։ Եվ ժամանակ առ ժամանակ, հատկապես աշնանը, նրա անուրջներում կուսական վայրեր էին հայտնվում, աչքին սարեր էին երեւում, որտեղ երբեք չէր եղել եւ ծովեր, որոնց մասին միայն լսել էր։ Նս կսեց ինքն իրեն կրկնել․ «Այ մի օր էլ կվերկենամ ու կգնամ Գետի այն կողմը»։ Եվ իսկույն էլ ներքին ձայնն ասում էր․ «Հե՜տո, մի օր․․․»։
Մինչդեռ մոտենում էր նրա հիսնամյակը, իսկ հիսուն տարին Ֆրոդոյին բավական նշանավոր (եւ նույնիսկ չարագուշակ) տարեթիվ էր պատկերանում։
[[Կատեգորիա:Արձակ]]
[[Կատեգորիա:Հեքիաթ]]