Changes

Շան սիրտ

Ավելացվել է 8663 բայտ, 16:35, 26 Նոյեմբերի 2013
Ու-ո՜ւ-ու-ուո՜ւ-հու-հուհո՜ւ-հու-հո՜ւ։ Օ, ինձ նայեք հապա, կործանվում եմ։ Դարպասատակի բուքը հոգեհանգիստս է ոռնում, ես էլ՝ նրա հետ։ Կորա ես, կորա։ Կեղտոտ գդակով սրիկան, ժողովրդական տնտեսության կենտրոնական սովետի ծառայողների նորմալ սննդի ճաշարանի խոհարարը եռջուր շփեց վրաս և ձախ կողս խաշեց։ Գարշելի արարած, անունն էլ պրոլետար է։ Տեր իմ աստված, ո՜նց է ցավում։ Մինչև ոսկորներս է խաշել եռջուրը։ Հիմա էլ կաղկանձում եմ, ոռնում, բայց դե, դրանից ի՞նչ օգուտ։
 
Ինչո՞վ էի խանգարում նրան։ Չլինի՞ կխժռեմ-կվերջացնեմ ժողովրդական տնտեսության սովետը, եթե աղբահորը քանդքնդեմ։ Անկշտում անասուն։ Մի առիթով նայեք նրա քիթումռութին․ ախր, լենքին է տվել, պղնձե ռեխով գող։ Ա՜խ, մարդի՛կ, մարդի՛կ։ Կեսօրին գդակն ինձ կերակրեց եռջրով, հիմա էլ մթնել է, կեսօրվա չորսը կլինի մոտավորապես, դատելով տապակած սոխի հոտից, որ փչում է Պրեչիստենկայա փողոցի հրշեջ խմբից։ Ինչպես ձեզ հայտնի է, հրշեջները ընթրում են։ Բայց եղածը փուչ բան է, սնկի նման։ Պրեչիստնկայի ծանոթ շները պատմում էին, թե իբր Նեգլիննայա փողոցի վրայի «Բար» ռեստորանում հերթապահ ճաշաաեսակ են խժռում՝ պիկան սոուսով սունկ, բաժինը երեք ռուբլի յոթանասունհինգ կոպեկ։ Սիրելու բան է, նույնն է, թէ կրկնակոշիկ լիզես․․․ Ո՜ւ-ո՜ւ-ո՜ւ․․․
 
Կողս ցավում է անտանելի, և իմ կարիերայի հեռուները անչափ հստակ եմ տեսնում․ վաղը խոցեր կբացվեն, և հարցնող լինի՝ ինչո՞վ եմ բուժելու։ Ամռանը կարելի էր գնալ Սոկոլնիկի, այնտեղ շատ լավ հատուկ խոտ կա, դրանից բացի, ձրի կխժռես երշիկի պոչիկներ, ճարպոտած թղթեր են շպրտում քաղաքացիները, ուզածդ չափ կլպստես։ Ու եթե մի լեզվանի էլ չլինի, որ լուսնի լույսի տակ, շրջանակի մեջ «Սիրելի Աիդա» է երգում, որից սիրտոդ կտոր-կտոր է լինում, հրաշալի կլինի։ Իսկ հիմա՞ ուր պիտի գնաս։ Ձեզ չե՞ն խփել սապոգով: Խփել են։ Աղյուսով հասցրե՞լ են կողերիդ։ Շատ-շատ եմ կերել։ Ամեն ինչ կերել եմ, բախտիս հետ հաշտ եմ և եթե լալիս եմ հիմա, մարմնական ցավից է ու քաղցից, որովհետև ոգիս դեռ չի մարել․․․ Դիմացկուն է շան ոգին:
 
Բայց ահա մարմինս՝ ջարդուխուրդ, ծեծված, բավականաչափ ոտնահարել են մարդիկ: Գլխավորն էլ որն է․ եռջուրն էնպես շփեց վրաս, որ բրդի տակ էլ անցավ, ուրեմն, ձախ կողիս համար ոչ մի պաշտպանություն չկա։ Շատ հեշտ կարող եմ թոքերի բորբոքում ստանալ, իսկ որ ստացա, քաղաքացիներ, սովից կսատկեմ: Թոքերի բորբոքումով ընդունված է պառկել շքամուտքում, աստիճանների տակ, իսկ իմ պառկած, ամուրի շան փոխարեն ո՞վ պիտի վազ տա աղբարկղերով՝ կեր որոնելու։ Թոքս կբորբոքվի, փորի վրա կսողամ, կթուլանամ, ամեն մեկը կսատկակացնի ինձ փայտով: Եվ ճարմանդակիր դռնապանները ոտքերիցս կբռնեն ու կգցեն սայլի մեջ․․․
 
Բոլոր պրոլետարներից ամենանnղկալին դռնապաններն են։ Մարդկային թափթփուկներ՝ ամենացածր տեսակը: Խոհարարները տարբեր են լինում: Օրինակ, հանգուցյալ Վլասը Պրեչիստենկայից։ Քանի-քանիսի կյանքն է փրկել։ Որովհետև հիվանդ ժամանակ ամենագլխավորը մի կտոր կեր ձեռք գցելն է: Եվ ահա, պատմում են շները, Վլասը մի ոսկոր կշպրտեր, վրան մեկ ութերորդ ֆունտի չափ միս։ Աստված հոգին լուսավորի, քանի որ իսկական անհատականություն էր, կոմս Տոլստոյների տիրունական խոհարարը, և ոչ թե նորմալ սննդի Սովետի: Թե ինչեր են անում նրանք, այդ նորմալ սննդում, շան խելքի բանը չէ: Ախր, հենց այդ սրիկաները աղ դրած, հոտած մսից են շչի եփում, իսկ ճաշարան եկող խեղճերը ոչինչ չեն իմանում: Վազեվազ գալիս են, լափում, լակում։
 
Ոմն մեքենագրուհի, ըստ իններորդ կարգի, ստանում է չորսուկես տասանոց, ճիշտ է, սիրեկանը ֆիլդեպերսե գուլպաներ է նվիրում։ Իսկ էդ ֆիդելպերսի երեսից ինչքան ստորացում պիտի քաշի խեղճը։ Արագ-արագ կգա մեքենագրուհին, չէ՞ որ չորսուկես տասանոցով «Բար» չես մտնի։ Կինեմատոգրաֆի էլ չի հերիքում, իսկ կինեմատոգրաֆը կանանց միակ սփոփանքն է կյանքում: Ցնցվում է, դեմքը կնճռոտում, բայց և խփշտում: Խելքի մո՞տ բան է, երկու ճաշատեսակը քառասուն կոպեկ արժի, իսկ էդ երկուսի գինը տասնհինգ էլ չի, որովհետև մնացած քսանհինգը տնտեսվարն է գողացել։ Իսկ մեքենագրուհուն այդպիսի՞ ճաշ է պետք: Նրա աջ թոքի կատարն ախտահարված է, կանացի հիվանդություն էլ կա, աշխատավայրում պահումներ են արել, ճաշարանում հոտած բաներով են կերակրել, ահա նա, ահա նա։ Դարպասատակ է մտնում սիրեկանի գուլպաներով: Ոտքերը՝ սառած, փորի մեջ քամիներ են խաղում, որովհետև վրայի բուրդը կարծես թե իմի պես է, հագի վարտիքը բարակ է, էնպես՝ ժանյակի պես մի բան, սիրեկանի աչքին թոզ փչելու համար: Թե փորձեց ֆլանելե վարտիք հագնել, սիրեկանը կգոռա․
 
― Իչքա՜ն ես գեշ։ Իմ Մատրյոնան ինձ ձանձրացրել է, հոգիս դուրս եկավ էդ ֆլանելե վարտիքներից, հիմա եկել է իմ ժամանակը։ Ես հիմա նախագահ եմ, ու ինչքան էլ գողանամ, լրիվ կգնա կանացի մարմնի, անուշեղենի, «Աբրաու-Դյուրսյի» վրա։ Որովհետև ջահել օրերիս շատ եմ քաղցած մնացել, ինձ հերիք է, իսկ անդրշիրիմյան կյանք գոյություն չունի:
 
Մեղքս գալիս է, խղճաում եմ մեքենագրուհուն: Բայց ինքս ինձ ավելի եմ խղճում: Եսասիրությունից չեմ ասում, չէ, քանի որ իսկականից տարբեր պայմաններում ենք։ Նա գոնե իր տանը կտաքանա, իսկ ես, ես։ Ո՞ւր պիտի գնամ: Ծեծված, կողս խաշված, թուքումուր կերած, ո՞ւր գնամ: Ո՜ւ-ո՜ւ-ու-ո՜ւ․․․
 
— Քուչիկ, քուչիկ, քուչիկ, Շարիկ, այ Շարիկ: Ինչի՞ ես վնգստում, խեղճ լինես դու։ Քեզ ո՞վ է նեղացրել․․․ Ուխ․․․
 
Ջադու պառավ-չոր բուքը շրխկշրխկացրեց դռներն ու երկարապոչ ավելով հասցրեց օրիորդի ականջին: Փեշը թռցրեց ծնկներից վեր, բաց արեց կրեմագույն գուլպաները և վատ լվացված ժանյակե սպիտակեղենի նեղլիկ շերտը, խլացրեց բառերը և քշեց-տարավ շանը:
 
— Տեր Աստված․․․ էս ինչ եղանակ է․․․ ուխ․․․ փորս էլ ցավում է։ Ախ, այդ աղ դրած միսը։ Ու ե՞րբ է վերջանալու այս ամենը։
 
Գլուխն առաջ կռացրած, մեքենագրուհին նետվեց գրոհի, անցան դարպասից, փողոցում բուքն սկսեց պտտել, պատռել, տապալել, հետո պտտահողմ դարձավ և մեքենագրուհին անհետացավ։
Վստահելի
1318
edits