Մեր երկիրը, ծովեզրյա չլինելով, չէր կարող հնարել նաև ծովային հավատալիք կամ պաշտելիք, և մեզնում այդպիսի բան նշանակող բառերը առնված են օտար լեզուներից՝ թարգմանության համար։ Սակայն տեսանք, որ շատ գետեր և լճեր ունենք, և երբ մոլար կարծիքները զորացան, ծնվեցին նաև ջրային հրաշալիքներ կամ հրեշներ, որոնցից ամենաազգայինն ու սեփականն է թվում <i>Ընգղա</I> հատուկ բառով անվանվածը, որը եթե <i>ընկղմվել</i> բառից չի ծագում, ուրեմն ծագումն անհայտ է։ Բառի իմաստը առավելապես «ծովահրեշ» է նշանակում, ինչպես հույների Ներեիդները (Nereides), սակայն ավելի ահավոր ու վնասակար։ Այդ է պատճառը, որ թարգմանության մեջ (Ոսկեբերան, Մեկնություն Մատթեոսի), փոխանակն հույների կատաղած էրինիների, դրած է <i>Ընգղա</i>։ Եվ քանի որ կին էր, հույները նրան տալիս էին կնոջ կերպարանք։ Հույների առասպելների մեջ նշանավոր և հանրածանոթ են նաև Սիցիլիական նեղուցի հորձանուտի և քարափների միջև կարծված կիսով չափ մարդ, կիսով չափ շուն երկու կենդանիները։ Մեկը Սկյուլլան է՝ երբեմնի գեղեցիկ հավերժահարսը, մյուսը՝ Քարիբդիսը (Scylla, Carybde)՝ երբեմնի կով գողացող կինը, որոնք նավորդներին պատճառումեմ մեծամեծ վնասներ ու սարսափ։ Առաջինի հունարեն անունը հիշում է Բարսեղ վ․ Մաշկևորցին Մարկոսի ավետարանի մեկնության մեջ՝ նրա ագահությունը նմանեցնելով «գազանադէմ և շընդռունգն երեսաց կնոջ, և Սիկիլն, որ Շուն երեքգլխանի ասեն (վեցգլխի է ըստ Յունաց), Հիդրէն՝ (բազմագլուխ վիշապն) զոր այլք պատմեն»։ Դրանց և Ընգղայի նման մի բան էլ երևակայել են հայերը, որոնք թարգմանույթյան մեջ Սկյուլլային ու Քարիբդիսին միաժամանակ կոչել են Ապուռք։ Անունից գուշակելի է, որ սա պետք է լինի հուականաի նման մագիլով ու ճանկոտ մի հրեշ գազան, բայց հայոց որ ջրերում, որ խորխորատներում էին դրանք բնակվում չեմ կարող գուշակել․ գուցե բառը հնարողի մտքի՞ մեջ։
Որքան այս հրեշները չար էին ու վնասող, նույնքան էլ չարագույժ էին իրենց խաբուսիկ գեղեցկությամբ ու ձայնով, ինչը մեր ոչ շատ հին վարդապետներից մեկը այսպես է նկարագրում․ «Ասեն իմաստունք, թէ է կենդանի ինչ ի ծովն, որ ի միջոյն ի վեր ունի զկերապարանս գեղեցիկ կնոջ, և ի վայր կոյս՝ զճանկ արծւոյ, և ունի քաղցր ձայն․ զի յորժամ լսեն նաւավարքն՝ ի քաղցրութենէն ննջեն․ և յորժամ իմանայ գազանն՝ թե ի քուն են, գայ և յափշտակէ զմարդն ի նաւէն, և տանի պատառէ և ուտէ․ իսկ իմաստունքն խնուն զականջս իւրեանց, և կապեն զինքեանս ի գերան արմիոնին (կայմի), և այնպէս փրկին»։ Այդպես վարվեց Ոդիսևսը, երբ նավարկելով անցնում էր Կապրի կղզու և Իտալիայի ափերի միջև։ Ու թեև Սիրեն (Sirenes) քույրերի անուշիկ ձայները նրա կանջների մեղրամոմն էլ հալեցին, սակայն չկարողացան քանդել նրա ձեռքերի ու ոտքերի կապերը, որոնցով խորամանկ դյուցազնը իրեն ամրապինդ կապել էր տվել կայմին, որ չլինի թե, այն կախարդական երգերից զմայլված, գնա նրանց մոտ և ուրիշների պես չուտելով ու չխմելով՝ մաշվի ու մեռնի։ Պարտությունից ամոթահար՝ սիրենները նետվեցին ծովը ու դարձան քար և պատկերվում են կես կնոջ, կես ձկան կերպարանքով։
Մեզանում ծանոթ է նաև Նհանգ կամ Նահանկ անունը, որով հայտնի են ջրաբնակ և մանավանդ գետաբնակ հրեշներն ու գազանները։ Խորենացուն վերագրվող «Աշխարհագրության» մի օրինակում գրված է․ «Ասեն, թէ Նհանգ կայ յԱրածանի (Բագրևանդի և Տարոնի գետը՝ Մուրատ չայ֊ Ղ․Ա․), որպէս յԵփրատ․ զոր՝ հավաստի գիտեմք կենդանի Քարքաշամ(՞) զուգեալ, զարիընն ծծեալ և թողեալ․ զոր ոմանք ասեն՝ թե գազան է և չէ դեւ, այլ գազան․ զոր Յովհան [Ոկեբերան] վասն դստերն Հերոդիադայ ասէ, թէ քան զՆհանգսն ծովայինս արիընարբու էր»։ Սրանց մասին ևս ասում էին, թե Սիրենների կերպարանք ունեին և լողորդների ոտքերին փաթաթվելով՝ խեղդում էին։ Մեր թարգմանություններում <i>Նհանգ</i>֊ը տեղ֊տեղ նշանակում է «գետաձի» կամ «կոկորդիլոս» և ստուգորեն վերջինն է՝ ըստ պարսից լեզվի նահանգ բառի։ Ըստ տեղացիների վկայության՝ մեր վերոհիշյալ գետերի մեջ առ այսօր գտնվում են մարդաչափ մեծամեծ ձկներ։ Նհանգը, որին պատկերում էին եղեգներով պսակված և մի սափորի վրա ճկված, ըստ ժողովրդական խոսքի նշանակում էր հույների Նայադ (Naides) կոչված ջրային հավերժահարսը։ Ըստ նրանց ավանդության՝ Նայադները Դիոսի դուստրերն էին։ Իսկ մենք կարո՞ղ ենք այրդյոք առանց մեծ հանդգնության ասել, թե նրանք եղել եմ հայկական մի չաստվածի դուստրերը կամ թոռները, քանի որ մեր լեզվում կա <i>նայ</i> արմատական բառը, որ նշանակում է «խոնավ, թաց», և կա <i>նայ տեղեր</i> արտահայտությունը (բժշկարանում)․ «Նայական շոգւով խոնաւութիւն» (Ոսկեբերան, Մեկնութիւն թղթոց, էջ 803)։
Միջին կամ ավելի մոտ դարերի ազգային մի գուսան, իր սիրելիին Սիրենների հետ բաղդատելով, վերջիններիս մեկ այլ անունով է հիշում․
<br> «Չըկայ թռչուն ի յօդըս՝ քեզ նըմանակ,
<br> Եվ ոչ Ծովուն դստերքըն քեզ օրինակ»։
== Օդեղեն երևույթներ ==
Արդ, կակուղ տարրը թողնելու ժամանակ հիշենք առավել կակուղ, թեթև և անշոշափելի տարրը ևս, որը նրա հետ հիշատակված է մեր գրքում։ Ազգային մտքի ծնունդ է, թե օտար՝ հայտնի չէ, բայց բառերը հայահունչ են։ Այս նրբագույն կամ թեթև տարրը օդն է (<i>աւվ</i>) և հողմը, որի վերաբերյալ գրվածքներում (հավանաբար թարգմանված) ասվում է․ «Շտեմարան իմն [է] ջուրս, յորմէ օդք ելանեն ի դուրս, Հռասափն, Քառասափն, Սարսափն, Մազատն կամ Նազատն․ ելք սոցա ի ծովէ են և գնացք սոցա յերկինս»։ Եթե ոչ ստույգ, ապա գեղեցիկ համարվելը զրույց է։ Որոշակի նաև ոչ միայն հողմերի՝ ջրերից լինելը, այլև ջուր համարվելը․ «Հողմն․ ջուր է լայնանիստ շտեմարանափակ, օդք անհանգիստք․ ելք նոցա յարտաքին ծովէ, և գնացք նոցա ի ներքին ջուրց․․․ ընդ մէջ ջուրց և երկնի՝ Օդք են, և բազում անգամ յօգուտ յաղբերաց և յերակս ջրոց յաճախեն, և են այսոքիկ, Յասոմն, Սուրհապ, անագումն, Նեսփա․ այսքիկ են, որ շարժմունս առնեն, և երկինք հաստատ լինեն վասն երկրի»։
Այս անունները հեռանում են հայերենից և մոտենում են հունարենին ու արաբերենին։ Հունարենի մեջ հայտնի են հողմերի պաշտամունքը, նրանց հայր և չաստված է Էոլոսը։ Կան նաև անուններ, որոնց մի մասը այժմ գործածվում է որպես զանազան հողմերի սոսկական որոշիչ ու նշանակ։
Թե մեր հին հայրերը ունեի՞ն հողմերի հատուկ անուններ և պատվի՞ էին արժանացնում դրանց, հայտնի չէ, բայց շատ հավանական է թե՛ վերոհիշյալ օդեղեններից, թե՛ հուրի, տրի ու քարերի հիշատակումների պատճառով։ Գրվածքներում գործածված հողմերի անունները հունական են, մի քանիսն էլ՝ արաբական, և այս ամենի մասին հիշելը մեր նպատակից դուրս է։
Բայց այս օդեղեն երևույթներից մեկը և հզորագույնը ի ցույց է դնում մի ազգային առասպել և հավատք։ Այն ներկայումս Թաթառ կոչվածն է (Ս․ գրքի Եղիայի պատմության մեջ <i>թաթ առն</i> «մարդու ափ» ասվածը սխալ կարդալով), որ ֆրանսերեն Trombe marine կամ terrestre կոչվածն է։ Մեր նախնիկները վերիջնիս տվել են <i>վիշապ</i> անունը, և ո՞վ գիտի՝ ինչ ավանդություններով։ Միջին դարերի հիշտակարարանների մեջ այն կոչվել է <i>ձկնամբ</i>։ Գուցե հնում էլ է այսպես ասվել, գուցե ոչ․ երևակայությամբ լավ են հարմարեցրել, որովհետև հաճախակի է ծովի վրա իջնում սև սյունաձև ամպատեսակն ու ձկան պես գալարվելով֊շարժվելով վեր է քաշում ջուր, ձուկ և այլ բաներ ու թափում է ցամաքի վրա։
Սրա ավելի թեթև տեսակն է փոթորիկը, և բառի նվազական մասնիկը ցույց է տալիս առասպելի նշան։ Հողմերի վերաբերյալ վերոհիշյալ գրողը տալիս է հետևյալ բացատրությունը․ «Հատուած է պտուտեալ ներքուստ ի վեր փողելով»<ref>Անանիա Շիրակացին կամ մեկ այլ հին բնախոս միանգամից բացատրում է երոկւ տեսակ օդերևույթ․ «Յաղագս Փոթոիկ հողմոյ, զոր ի բատաղանս և յառասպելս Վիշապ հանել ասեն․ Փոթորիկն հողմ է՝ որ ի յերկրէ ի վեր ելանէ, ուր վիհք ինչ հատեալ լինին ի քակ և ի խոռոչացեալ տեղեաց ինչ, որ ի փող անկեալ ընդ երակս երկրի, և ել ինչ գտեալ միաժողով ի վեր դիմեալ թանձրացեալ ամպով ահագին դղրդիընս առնէ, մինչեւ զմայրիս յարմատոց ի բաց հանել, և վէմս խլել, և զինչ գտանէ՝ ահագին ձայնիւ վերացուցանէ և ընկենու յերկիր․ և այս է զոր Վիշապ հանել ասեն»։ Ավեիլ պարզ է գրում Վարդան վարդապետը․ «Ասեն, թէ զՎիշապն ի վեր յօդն քաշեն։ Յայլեւայլ կոմանց հողմ շնչէ և ընդ իրար տիպի․ այն Փոթերիկ ասի․ թէ ոչ յաղթեն զիրեար՝ ոլորին ընդ իրար, և ի վեր ելանեն․ տխմարք զայն տեսեալ՝ Վիշապ կարծեն կամ այլ ինչ։</ref>
Կարող ենք ենթադրել, որ մրրիկը ևս պետք է ունեցած լինի իր ավանդությունը, ինչ նույն հեղինակը բացատրում է առավել բնագիտորեն․ «Մրրիկդ հալ և հում հողմ արտադրեալ <ref>Մեկ այլ օրինակում գրված էր «արդատեալ»։ </ref>, հանդերձ ամպով շրջաբերել յընդդիմահարութենէ խիստ մարմնոց»։ Նույն կողմից <i>վհակն</i> է կոչվել հրաբուխի ուժով ելած օդը, «որ ի դուրս քար ընկենու կամ հող կամ կաւ», իսկ կրակ հանողը կոչվել է «Լիպարեան, որ հուր հնչէ ի Սանդարամետէ»։ Հայտնի է, որ սա առնվել է հույներից, ըստ որոնց՝ եղբայրներից հալածված Լիպարոսը գնաց այս անունով կոչված Էոլյան կղզիներից մեկը, ուր թագավորում էր հողմերի չաստվածը։
Հրապուրիչ է <i>շամանդաղ</i> անունը ևս՝ ըստ այս հեղինակի՝ «աւելորդութիւն ամպոց զառ ի ջուր փոփոխմանց», և հիշեցնում է մեր Արտաշես Բ֊ի մերձիմահ փափագը․ «Բաղձայր մըղոյ մրրկեալ ծխոյ՝ շամանդաղեալ ի վերայ շինից և քաղաքաց․ Ո՞ տայր ինձ զծուխ ծխանի, ասէր, և զառաւօտն Նաւասարդի․ զվազելն եղանց և զվազելն եղջերուաց․ [մինչ] Մենք փող հարուաք և թմբկի հարկանէաք»։
Ավա՜ղ իրեն։
<references/>