Changes

Դատավարություն

Ավելացվել է 14 246 բայտ, 18:14, 15 Դեկտեմբերի 2013
/* Երրորդ գլուխ․ նիստերի դատարակ դահլիճում։ Ուսանողը։ Գրասենյակներում */
― Եկեք ինձ հետ։― Արդեն ավելի կտրուկ պահանջեց Կ֊ն․ նա կատարածուին կարծես ինչ֊որ անճշտության մեջ էր բռնացրել։
 
― Այդպես մի բղավեք ախր,― շշնջաց կատարածուն․― այստեղ ամենուր գրասենյակներ են։ Եթե մենակ վերադառնալ չեք ուզում, մի քիչ էլ եկեք ինձ հետ կամ այստեղ սպասեք, մինչև զեկուցեմ֊վերջացնեմ։ Հետո մեծ հաճույքով կվերադառնամ Ձեզ հետ։
 
― Ո՛չ, ո՛չ,― առարկեց Կ֊ն։― Ես չեմ սպասի, իսկ Դուք պարտավոր եք այժմ ևեթ ինձ հետ գալ։― Սրահում, ուր նրանք էին այժմ, Կ֊ն դեռ շուրջը չէր նայել, և, երբ փայտե բազմաթիվ դռներից մեկը բացվեց, նա շրջվեց։ Ըստ երևույթին Կ֊ի բարձրաձայն խոսելն էր պատճառը, որ մի աղջիկ դուրս եկավ, մոտեցավ ու հարցրեց․
 
― Պարոնը որևէ բա՞ն է ցանկանում։
 
Աղջկա թիկունքում՝ հեռու, կիսամութի մեջ, մոտեցող մի մարդ էլ երևաց։ Կ֊ն նայեց կատարածուին։ Ախր նա ասաց, որ ոչ ոքիրենով չի հետաքրքրվի, մինչդեռ արդեն երկրորդ մարդն էր մոտենում։ Եվս մի քիչ, և բոլորը ուշադրություն կդարձնեին, այստեղ գտնվելու համար բացահտրությունը հետևյալն էր․ ինքը ձերբակալված է, ցանկանում է հաջորդ հարցաքննության ամսաթիվն իմանալ։ Սակայն հենց այդ բացատրությունը նա չէր ուզում տալ հատկապես այն պատճառով, որ դա ճշմարտանման չէր։ Միայն հետաքրքրությունից մղված էր նա եկել այստեղ կամ (սա հնարավոր չէր որպես բացատրություն մատուցել) ուզում էր ճշտել՝ արդյո՞ք դատարանը ներքուստ էլ է նույնքան զզվելի, որքան արտաքուստ։ Մի պահ թվաց, թե ինքը իրավացի է նման ենթադրության մեջ․ այլևս չէր ցանկանում առաջ գնալ, մինչև այստեղ հասնելը տեսածներից բավական նեղվել էր և հենց այս պահին ցանկություն չուներ կանգնել որևէ բարձրաստիճան պաշտոնյայի դիմաց, մինչդեռ նրանք կարող էին հայտվնել ցանկացած դռան հետևից։ Մենակ, թե կատարածու ուղեկցությամբ՝ նա այժմ հեռնալա էր ուզում։ Սակայն նրա լուռ կանգնել֊մնալը պետք է որ աչքի զարնող լիներ, որովհետև աղջիկն ու կատարածուն այնպես էին նայում նրան, կարծես հաջորդ պահին մի մեծ փոփոխություն էր կատարվելու, և նրանք չէին ուզում այդ պահը բաց թողնել։ Դռան բացվածքի մեջ կանգնել էր քիչ առաջ հեռու, կիսամութի մեջ ուրվագծված մարդը։ Նա ամուր բռնել էր ցածրիկ դռան հեծանից և անհամբեր հանդիսատեսի նման ճոճվում էր ոտնաթաթերի վրա։ Աղջիկը հենց առաջին հայացքից հասկացավ, որ թեթև տկարությունն է այդ վիճակի պատճառը և մի բազմակթոռ բերեց․
 
― Չէի՞ք ցանկանա նստել։
 
Կ֊ն նստեց անմիջապես և ավելի հարմար տեղավորվելու համար արմունկները հենեց արմնկակալներին։
 
― Երևի թեթև գլխապտույտ ունեք, այո՞,― հարցրեց աղջիկը։ Նա բավական մոտ էր կանգնած Կ֊ին, և Կ֊ն աղջկա դեմքի վրա լավ գծագրված խիստ արտահայտություն նկատեց, ինչպիսին լինում է ծաղկուն տարիքի որոշ կանանց մոտ։― Հոգ չտանեք։ Դրանում արտասովոր ոչինչ չկա։ Այստեղ առաջին անգամ եկող համարյա ամենք ոք նման նոպա ունենում է։ Դուք առաջին անգա՞մն եք այստեղ։ Այդ դեպքում արտասովոր ոչինչ չկա։ Արևը տաքացնում է տանիքի գերանները, և տաք փայտը ծանր ու հեղձուցիչ է դարձնում օդը։ Ձեղնահարկը, թեկուզ ինչքան էլ ձեռնտու լինի, գրասենյակների համար այնքան էլ հարմար չէ։ Ինչ վերաբերում է օդին, ապա ցերեկները՝ ընդունելության ծանրաբեռնված ժամերին, համարյա ամեն օր այդպես է, հազիվ է հնարավոր լինում շնչել։ Իսկ եթե պատկերացնեք նաև, որ թաց սպիտակեղենն էլ է այստեղ շարք֊շարք կախվում (ընդհանրապես դա հնարավոր չէ արգելել վարձակալներին), ապա չեք զարմանա, որ մի թեթև վատ զգացիք։ Ինչ ուզում է լինի, բոլորն էլ շատ լավ համակերպվում են օդին, և եթե երկրորդ անգամ այցելեք, այլևս ոչ մի ծանրություն չեք զգա։ Համեմատաբար լավ չե՞ք զգում Ձեզ։
 
Կ֊ն չպատասխանեց, որովհետև նրա համար չափազանց տհաճ էր հանկարծակի թուլության պատճառով այս մարդկանց ձեռքը հանձնված լինելը։ Բացի այդ, քանի որ իմացավ իր թուլության պատճառը, լավ զգալու փոխարեն փոքր֊ինչ ավելի վատացավ։ Աղջիկն իսկույն նկատեց փոփոխությունը, շնչելու թարմ օդ տրամադրելու համար ձեռքն առավ պատին հենած կեռաձողը, Կ֊ի գլխավերևում բացեց տանիքի դռնակը և ձողը ճոճեց դրսում։ Վերևից այնպիսի մրութ թափվեց, որ աղջիկն ստիպված էր շտապ ներքև քաշել դռնակը, և որովհետև իր մասին մտածելու համար Կ֊ն շատ էր հոգնած, թաշկինակով սրբեց նրա ձեռքերի մրուրը։ Կ֊ն հաճույքով նստած կմնար այստեղ, մինչև որ քայլելու համար բավական ուժ զգար իր մեջ, և հետո, որքան քիչ շուրջը պտտվեին, այնքան ավելի շուտ իրեն լավ կզգար։ Բայց ի լրումն այժմյան հոգատարության, աղջիկն ասաց
 
― Դուք չեք կարող մնալ այստեղ։ Մենք խանգարում ենք անցուդարձին։― Կ֊ի հայացքը հարցնում էր, թե այստեղ ի՞նչ անցուդարձի են խանգարում իրենք։― Եթե ուզում եք, ես Ձեզ հիվանդասենյակ կտանեմ։ Օգնեք ինձ, խնդրում եմ,― դիմեց նա դռան մեջ կանգնած տղամարդուն․ վերջինս իսկուն մոտ եկավ։ Սակայն Կ֊ն հիվանդասենյակ գնալ չէր ուզում, նա ձգտում էր հենց ավելի խորըք տարվելուց խուսափել։ Ինչքան առաջ գնար, վիճակն, երևի, այնքան ավելի վատանար։
 
― Ես արդեն կարող եմ գնալ,― ասաց նա և դողացնելով (հարմար նստելուն սովորել էր) ոտքի կանգնեց, բայց չկարողացավ պահել իրեն։
 
― Դեռ այն չէ։― Գլուխն օրորելով ասաց նա և նորից սահեց բազկաթոռի մեջ։ Նա հիշեց կատարածուին․ չնայած ամեն ինչին, կատարածուն հանգիստ կկարողանար դուրս տանել իրեն, բայց, ինչպես երևում էր, նա արդեն վաղուց հեռացել էր։ Կ֊ն նայեց դիմացը կանգնած տղամարդու և աղջկա արանքից, սակայն չկարողացավ գտնել կատարածուին։
 
― Կարծում եմ,― խոսեց տղամարդը (ի դեպ, նա շատ նուրբ ճաշակով էր հագնված, հատկապես աչքի էր զարնում գորշ գույնի ժիլետը, որ ներքևում երկու երկար, սուր ծայրերով էր վերջանում),― կարծում եմ, որ պարոնի վատ զգալու պատճառը այստեղի օդն է, և ավելի լավ կլինի, նաև ճիշտ կլինի նրա համար, որ ոչ թե հիվանդասենյակ տանենք, այլ ընդհանրապես դուրս բերենք գրասենյակների տարածքից։
 
― Ա՛յդ է որ կա,― բացականչեց Կ֊ն և ուրախությունից ընդհատեց տղամարդուն։― Ես ինձ, իհարկե, անմիջապես լավ կզգամ, իրականում այնքան էլ թույլ չեմ, միայն պետք է, որ թևերիս տակ մտած մի փոքր տեղ տանեք։ Ձեզ շատ չեմ չարչարի, ճանապարհն էլ, ինչ խոսք, այնքան երկար չէ։ Թեկուզ մինչև դուռը տարեք։ Այնտեղ մի քիչ կնստեմ աստիչաններին և անմիջապես կհանգստանամ։ Ես նման նոպաներ չունեմ ընդհանրապես, նույնիսկ ինձ համար է սա անակնկալ։ Ախր, ես էլ եմ ծառայող և սովոր եմ գրասենյակի օդին, բայց այստեղ օդը շատ է ծանր։ Ինքներդ ասացիք։ Բարի եղեք, օգնեք մի փոքր։ Գլուխս պտտվում է, և վատ կզգամ, եթե մենակ ոտքի կանգնեմ։― Կ֊ն վեր քաշեց ուսերը, որ հեշտացնի անութներից բռնելը, սակայն տղամարդը չհետևեց խնդրանքին, այլ ձեռքերը շալվարի գրպանները դրած բարձրաձայն ծիծաղեց։
 
― Տեսա՞ք։― Աղջկան դիմեց նա։― Ես ճիշտ դուրս եկա։ Պարոնը միայն այստեղ է վատ զգում և ոչ թե ընդհանրապես։
 
Աղջիկը նույնպես ժպտաց, մատների ծայրով թեթևակի խփեց տղամարդու ձեռքին, կարծես վերջինս Կ֊ի հետ շատ սրամիտ կատակ էր արել։
 
― Բայց ի՞նչ եք կարծում։― Շարունակ ծիծաղելով ավելացրեց տղամարդը։― Ես իսկապես ուզում եմ պարոնին դուրս տանել։
 
― Այդ դեպքում՝ լավ։― Գեղեցիկ գլուխը մի պահ խոնարհելով ասաց աղջիկը։― Այնքան էլ կարևորություն մի տվեք ծիծաղին։― Այժմ արդեն Կ֊ին դիմեց նա։ Կ֊ն տխրել էր նորից ու, երևի բացատրության անհրաժեշտություն չզգալով, աչքերը հառել էր դիմացը։― Այս պարոնը, կարելի է, չէ՞, ներկայացնել Ձեզ։― Պարոնը ձեռքի շարժումով թույլ տվեց։― Ուրեմն, այս պարոնը խորհրդատու է։ Նա այցելուներին անհրաժեշտ տեղեկություներ է տալիս, և, որովհետև մեր դատական համակարգը բնակչության շրջանում այնքան էլ հայտնի չէ, շատ տեղեկություններ են պահանջվում։ Նա բոլոր հարցերին պատասխանում է։ Ցանկության դեպքում կարող եք մի անգամ փորձել։ Սակայն, միայն դա չէ նրա առավելությունը։ Երկորդ առավելությունը նրբաճաշակ զգեստն է։ Մենք, այսինքն՝ պաշտոնյաներս, մի անգամ կարծիք հայտնեցինք, որ նա, որվհետև միշտ առաջինն է շփվում այցելուների հետ, առաջին հաճելի տպավորության համար պետք է լավ հագնվի։ Մյուսներս՝ ինչպես, օրինակ, կարելի է իմ արտաքինից եզրակացնել, ցավոք, շատ վատ և հնաոճ ենք հագնված։ Դրանից բացի, իմաստ էլ չունի զգեստի համար որևէ բան օգտագործելը, որովհետև մենք շարունակ գրասենյակում ենք։ Նույնիսկ գիշերում ենք այստեղ։ Սակայն, ինչպես ասացի, մի անգամ անհրաժեշտ համարեցինք լավ հագցնել նրան, և, որովհետև ղեկավարությունից հնարավոր չէր նման բան ակնկալել (այս հարցում նրանք մի փոքր տարօրինակ են), հանգանակություն կազմակերպեցինք, այցելուներն էլ իրենց ավանդն ունեցան, և այս գեղեցիկ կոստյումն ու էլի մի քանի գեղեցիկ բան գնեցինք։ Թվում է, թե նա կարող է արդեն լավ տպավորություն թողնել, բայց իր ծիծաղով փչացնում է ամեն ինչ և դրանով էլ վախեցնում մարդկանց։
 
― Այդպես է,― ծաղրանքով ասաց պարոնը։― Սակայն չեմ հասկանում, օրիորդ, ինչո՞ւ եք մեր բոլոր ներգրասենյակային գործերը պարոնին պատմում կամ, ավելի ճիշտ՝ պարտադրում։ Նա բնավ չի ուզում իմանալ դրանք։ Նայեք հապա, ինչպես է բացառապես իր գործերով մտահոգված նստել։