Changes

Դատավարություն

Ավելացվել է 11 824 բայտ, 16:42, 21 Դեկտեմբերի 2013
― Այդպես է,― ծաղրանքով ասաց պարոնը։― Սակայն չեմ հասկանում, օրիորդ, ինչո՞ւ եք մեր բոլոր ներգրասենյակային գործերը պարոնին պատմում կամ, ավելի ճիշտ՝ պարտադրում։ Նա բնավ չի ուզում իմանալ դրանք։ Նայեք հապա, ինչպես է բացառապես իր գործերով մտահոգված նստել։
 
Կ֊ն առարկելու ցանկություն չուներ։ Աղջկա մտադրությունը պետք էր որ լավը լիներ։ Նրա նպատակը գուցե Կ֊ի մտքերը ցրելն էր կամ նրան կենտրոնանալու հնարավորություն տալը, սակայն ձևը սխալ էր ընտրված։
 
― Ես պետք է բացատրեի Ձեր ծիծաղի պատճառը։ Դա հավանաբար վիրավորական է նրա համար։
 
― Կարծում եմ, նա ստիպված կլինի ավելի ծանր վիրավորանքներ ներել, եթե ես վերջապես դուրս տանեմ նրան։
 
Կ֊ն ոչինչ չասաց, ոչ մի անգամ վերև չնայեց, միայն համբերությամբ լսում էր, թե ինչպես էին երկուսը խոսում իր մասին․ ինքը կարծես առարկա լիներ։ Այդ բանը նրան նույնիսկ ավելի էր դուր գալիս։ Սակայն նա միանգամից տղամարդու ձեռքն իր մի թևին զգաց, աղջկա ձեռքը՝ մյուսին։
 
― Դե, ոտքի, թույլ մարդ,― ասաց տղամարդը։
 
― Շատ շնորհակալ եմ ձեզնից։― Հաճելիորեն անակնկալի եկած, ասաց Կ֊ն, դանդաղ բարձրացավ և իր ձեռքով նրանց ձեռքերը դրեց այնտեղ, ուր առավել չափով էր հենարանի կարիք զգում։
 
― Կարելի է կարծել,― երբ միջանցքին էին մոտենում, Կ֊ի ականջին ցածրաձայն ասաց աղջիկը,― թե հատկապես ինձ համար է կարևոր խորհրդատուին լավ լույսի տակ ներկայացնելը։ Ով ինչ ուզում է թող մտածի, ես ճշմարտությունն եմ ասել։ Նա այնքան էլ անսիրտ մարդ չէ։ Տկար այցելուներին դուրս տանելը նրա պարտականությունը չէ, բայց ինչպես տեսնում եք, անում է։ Մեզնից երևի ոչ ոք քարսիրտ չէ։ Մենք ցանակնում ենք բոլորին օգնել, բայց որովհետև դատարանում ենք աշխատում, ավելի շուտ այն տպավորությունն ենք թողնում, թե քարսիրտ ենք և ոչ մեկին չենք ուզում օգնել։ Ես ինձ վատ եմ զգում նման կարծիքներից։
 
― Չէ՞իք ցանկանա մի փոքր նստել այստեղ,― հարցրեց խորհրդատուն։― Նրանք արդեն միջանցքում էին և կանգնել էին հենց այն մեղադրյալի դիմաց, ում հետ Կ֊ն քիչ առաջ էր խոսել։ Կ֊ն համարյա ամաչում էր նրանից․ քիչ առաջ ուղիղ կանգնել էր նրա դիմաց, իսկ հիմա երկու հոգով են նրան պահում, մազերը խառնված էին և կախ էին ընկել քրտնաթոր ճակատին։ Խորհրդառուն չռած մատների վրա հավասարակշռում էր նրա գլխարկը։ Թվում էր, թե մեղադրյալը ոչինչ չի նկատում։ Նա հնազանդ կանգնել էր խորհրդառուի դիմաց (վերջինս հարևանցիորեն նրան էր նայում) և փորձում էր իր ներկայությունը ներելի դարձնել։
 
― Գիտեմ,― ասաց նա,― որ իմ միջնորդագրերի վավերացումը այսօր դեռ չի կարող տրվել, բայց ես, այնուամենայնիվ եկա, մտածելով, թե կարող եմ այստեղ սպասել։ Կիրակի է, ես ժամանակ ունեմ, այստեղ էլ ոչ մեկին չեմ խանգարի։
 
― Դուք չպետք է այդքան ներողամիտ լինեք,― ասաց խորհրդատուն։― Ձեր հոգածո վերաբերմունքը գովեստի է արժանի։ Դուք այստեղ իզուր տեղ եք գրավում, բայցևայնպես, չեմ ուզում խանգարել, որ հետևեք Փեր գործի ընթացին այնքան ժամանակ, մինչև որ դա ինձ չձանձրացնի։ Եթե խայտառակ ձևով իրենց պարտականություններն անտեսող մադրիկ են պատահում, Ձեզ նման մարդկանց օրինակով ենք սովորում համբերություն ունենալ։ Նստեք։
 
― Տեսնում եք, ինչպես է նա կարողանում խոսել այցելուների հետ,― շշնջաց աղջիկը։ Կ֊ն գլխով արեց, սակայն իսկունևեթ վեր ցատկեց, երբ խորհրդատուն նորրից հարցրեց․
 
― Չէի՞ք ցանկանա նստել այստեղ։
 
― Ոչ։ Չեմ ուզում հանգստանալ։― Կ֊ն հնարավորին չափ կտրուկ մերժեց առաջարկը, մինչդեռ իրականում շատ լավ կզգար, եթե նստեր։ Նա ծովային հիվանդություն ունեցողի պես էր․ թվում էր, թե դժվարին նավարկություն կատարող նավի վրա է, թե ջուրը խփում է փայտե պատերին և, ինչպես տախտակամածի վրա փլվող ալիքիցէ միջանցքի խորքից աղմուկ֊շառաչ է լսվում, միջջանցքը ճոճվում է լայնքով մեկ, իսկ նստած այցելուները երկու կողմից սւոզվում֊ելնում են։ Ավելի անհասկանալի էր տղամարդու և աղջկա հանգիստ պահվածքը։ Ինքը նրանց ձեռքերում էր և, եթե բաց թողներին, տախտակի նման կընկներ։ Նրանց փոքր աչքերը սուր հայացքներ էին նետում այսուայնկողմ, Կ֊ն, առանց համընթաց գնալու, զգում էր նրանց փոքր քայլերը, որովհետև ամեն հաջորդ քայլին նրանք համարյա թե տանում էին իրեն։ Վերջապես նա նկատեց, որ իր հետ են խոսում, բայց, միևնույն է, խոսքերը չէր հասկանում․ սոսկ աղմուկ էր լսվում, աղմուկ, որ լցրել էր ամեն ինչ և որի միջոցով շչակի նմանվող միօրինակ, բարձր ձայն էր լսվում։
 
― Ավելի բարձր։― Գլուխը կախ գցած, շշնջաց նա և ամաչեց, որովհետև գիտեր, որ ուղեկիցները, եթե անգամ իր համար անհասկանալի, ապա միևնույն է, բավական բարձրիէն խոսում։
 
Վերջապես թարմ օդի հոսանք խփեց նրա դեմքին, թվաց, թե դիմացը բարձրացած պատը փլվեց։
 
― Նախ գնալ էր ուզում,― լսեց նա,― հետո, թեկուզ հարյուր անգամ էլ ասես, թե ելքը այստեղ է գտնվում, տեղից չի շարժվում։
 
Կ֊ն նկատեց, որ կանգնած է դուրս տանող դռան դիմաց, իսկ աղջիկը բաց է պահել այն։ Նրան թվաց, թե ազատությունը կանխաճաշակելու համար միանգամից վերագտավ բոլոր ուժերը, իսկույն կանգնեց աստիճանի վրա և այնտեղից հրաժեշտ տվեց իր կողմը կռացած տղամարդուն ու աղջկան։
 
― Շատ շնորհակալություն,― կրկնեց նա, մի անգամ ևս սեղմեց երկուսի ձեռքերը և միայն այն ժամանակ թողեց, երբ նկատեց, որ գրասենյակի օդին սովոր խորհրդատուն ու աղջիկը աստիճանների վրայից ներս խփող համեմատաբար թարմ օդին դժվարությամբ են դիմանում։ Նրանք հազիվ կարողացան պատասխանել․ աղջիկը երևի ներքև գլորվեր, եթե Կ֊ն արագ շարժուոմվ չփակեր դուռը։ Հետո նա մի փոքր կանգնեց լուռ, գրպանի հայելու մեջ ուղղեց մազերը, վերցրեց հաջորդ հարթակին ընկած գլխարկը, որ երևի խորհրդատուն էր նետել, և այնպես թարմացած, երկար ցատկերով վազեց աստիճաններով ներքև, որ համարյա թե վախ զգաց այդ փոփոխությունից։ Նրա բավական կարգավորված առողջական վիճակը նախկինում նման անակնկալներ թույլ չէր տվել։ Քիչ առաջվա տկարությանը համեմատաբար առանց դժվարության դիմանալուց հետո մարմինը գուցե ապստամբել և նոր անակնկալ պատրաստել էր ուզում։ Նա չհրաժարվեց առաջին իսկ հնարավորության դեպքում բժշկի մոտ գնալու մտքից․ այդ հարցը կարող էր ինքնուրույն լուծել։ Այնուամենայնիվ, նա մտադիր էր հաջորդ կիրակի օրերը ավելի լավ անցկացնել, քան այս անգամ։
 
==Ֆրոյլայն Բյուրստների ընկերուհին==
 
Հետագա օրերին Կ֊ն ոչ մի կերպ չէր կարողանում թեկուզ մի քանի խոսք փոխանակել ֆրոյլայն Բյուրստների հետ։ Նա ամեն կերպ ցանկանում էր մոտենալ, սակայն ֆրոյլայն Բյուրստները անընդհատ կարողանում էր խափանել նրա ծրագրերը։ Կ֊ն գրասենակից անմիջապես գալիս էր տուն, առանց լույսը վառելու նստում էր սենյակում՝ բազմոցի, և նախասենյակը զննելուց բացի, ուրիշ ոչինչ չէր անում։ Եթե աղախինը սենյակի կողքով անցնելիս փակում էր դատարկ թվացող սենյակի դուռը, ապա քիչ անց նա վեր էր կենում ու նորից բացում։ Առավոտները սովորականից մի քանի ժամ շուտ էր արթնանում այն հույսով, որ կկարողանա առանջին հանդիպել ֆրոյլայն Բյուրստներին, երբ նա աշխատանքի գնալիս լինի, բայց բոլոր փորձերը ապարդյուն էին։ Հետո նա նամակ գրեց գրասենյակի ու բնակարանի հասեցներով, փորձեց արդարացնել իր արարքը, համաձայնեց ամեն մի հատուցման, խոստացավ երբեք չանցնել ֆրոյլայնին վայելուչ թվացող սահմանները և խնդրեց սոսկ խոսելու հնարավրություն տալ, որովհետև մինչև ֆրոյլայնի հետ չխորհրդակցեր, ոչինչ չէր կարողանա ձեռնարկել ֆրաու Գրուբախի հարցով։ Վերջում տեղեկացրեց, որ հաջորդ կիրակի, ամբողջ օրը իր սենյակում նստած, պատասխանի կսպասի, որ իր խնդրանքի իրականացումը որոշ հույս կտա կամ գոնե կբացատրի, թե ինչո՞ւ ֆրոյլայնը՝ թեև ինքը խոստանում է բոլոր հարցերում նրան ենթարկվել, չի կարող այդ խնդրանքը կատարել։