― Պատուհանից ես նայում։― Ձեռքերը բարձրացրած բացականչեց քեռին։― Աստծո սիրուն, Յոզեֆ, պատասխանիր ախր, ինձ ճի՞շտ են ասել։ Մի՞թե ճիշտ է։
― Սիրելիդ իմ քեռի,― սթափվեց Կ֊ն,― չգիտեմ, թե ի՞նչ ես ուզում ինձանից։
― Յոզե՛ֆ։― Քեռու խոսելու տոնը նախազգուշացնող էր։― Ինչքան գիտեմ, դու միշտ ճշմարտախոս ես եղել։ Քո վերջին խոսքերը պետք է որպես վատ նշա՞ն ընդունեմ։
― Կռահում եմ ինչ ես ուզում,― հնազանդ ասաց Կ֊ն։― Հավանաբար լսել ես դատավարության մասին։
― Այդ է որ կա,― գլուխն օրորելով, դանդաղ հաստատեց քեռին։― Ես իմացել եմ քո դատավարության մասին։
― Իսկ ումի՞ց։
― Էռնան էր գրել։ Թեև ձեր միջև ոչ մի կապ չկա (ցավոք, դու այնքան էլ հոգ չես տանում նրա մասին), բայց նա գրել էր։ Ես այսօր ստացա նամակը և իսկույն եկա։ Այստեղ հայտնվելուս համար ուրիշ ոչ մի պատճառ չկա, սակայն կարծես թե սա էլ պակաս պատճառ չէ։ Կարող եմ կարդալ նամակի քեզ վերաբերող հատվածը։― Նա հանեց նամակը։― Ահա թե ինչ է գրում․ «Վաղուց է, չեմ տեսել Յոզեֆին։ Անցած շաբաթ բանկ գնացի, բայց նա այնքան զբաղված էր, որ ինձ ներս չթողեցին։ Համարյա մի ժամ սպասեցի ընդունարանում, հետո տուն գանցի, որովհետև դաշնամուիրի պարապմունք ունեի։ Ես հաճույքով կուզեի խոսել նրա հետ։ Երևի մոտ օրերս հարմար առիթ գտնվի։ Իմ ծննդյան օրվա կապակցությամբ նա շոկոլադի մեծ տուփ էր ուղարկել․ նրա այդ ուշադրությունը շատ հաճելի էր։ Ես մոռացել էի գրել այդ մասին և միայն այժմ՝ Ձեր հարցը կարդալով, հիշեցի։ Պետք է ասեմ, որ պանսիոնում շոկոլադը իսկույն բաժան֊բաժան է արվում։ Հազիվ է մարդ գլխի ընկնում, որ իրեն շոկոլադ են նվիրել, երբ այն անհետանում է իսկույն։ Յոզեֆի մասին մի բան ևս կուզեանայի ասել։ Ինչպես ասացի, բանկում ինձ չթողեցին նրա մոտ գնալ, որովհետև նա ինչ֊որ մի պարոնի հետ էր բանակցում։ Որոշ ժամանակ հանգիստ սպասելուց հետո, ծառաներից մեկին հարցրի՝ արդյոք բանակցությունը երկա՞ր է տևելու։ Նա ասաց, որ, հնարավոր է, այս, քանզի խոսքը հավանաբար պարոն հավատարմատարի դեմ հարուցված դատի մասին է։ Ես զարմացա, թե՝ ի՞նչ դատ։ Գուցե նա սխալվո՞ւմ է։ Նա ասաց՝ ոչ, ինքը չի սխալվում։ Գործ է հարուցվել և այն էլ շատ ծանր գործ, իսկ ավելի մանրամասն ոչինչ չի կարող ասել։ Ինքը ևս մեծ ցանկություն ունի օգնել հավատարմատարին, որովհետև նա լավ ու արդարամիտ պարոն է, սակայն չգիտե, թե ինչպես կարող է ձեռնամուխ լինել, և միայն կուզենար, որ ազդեցիկ մարդիկ իրենց ձեռքը վերցնեին գործը։ Որ այդպես կլինի, և ի վերջո գործը լավ ավարտ կունենա, հաստատ է, առայժմ, սակայն, պարոն հավատարմատարի տրամադրությունից դատելով, գործն այնքան էլ հաջող չէ։ Այս խոսքերին ես, իհարկե, այնքան էլ կարևորություն չտվեցի, փորձեցի նաև միամիտ ծառային հանգստացնել, արգելեցի մյուսներին ևս այդ մասին պատմել և բարբաջանք համարեցի լսածս։ Այնուամենայնիվ, լավ կլիներ, եթե դու, սիրելի հայր, քո հաջորդ այցելության ժամանակ հետամուտ լինեիր գործին, քանզի քեզ համար հեշտ կլինի ընդհուպ մինչև մանրամասները տեղեկանալ և, եթե անհրաժեշտ լինի իրոք, քո ծանոթների լայն ու ազդեցիկ շրջանների օգնությամբ միջոցներ ձեռնարկել։ Իսկ եթե հանկարծ օգնությունն անհրաժեշտ չլինի (մի բան, որ ամենահավանականն է), գոնե դստերդ հնարավորություն կտաս քեզ շուտ գրկելու, և իմացիր, որ դա շատ կուրախացնի նրան»։ Լավ երեխա է։― Նամակը կարդալուց հետո ասաց քեռին և սրբեց աչքերում հայտնված մի քանի կաթիլ արցունքը։ Կ֊ն գլխով արեց։ Տհաճությունների պատճառով նա լրիվ մոռացել էր Էռնային, նույնիսկ ծննդյան օրն էր մոռացել, իսկ շոկոլադի մասին պատմության նպատակն այն էր, որ քեռու և քեռակնոջ մոտ պաշտպաներ իրեն։ Նամակը շատ հուզիչ էր, նա ուզում էր այսօրվանից սկսած կանոնավոր կերպով թատրոնի տոմսեր ուղարկել Էռնային, սակայն թատրոնի տոմսերով Էռնան այնքան էլ հատուցված չէր լինի, իսկ պանսիոնատ այցելելու և տասնութամյա գիմնազիստուհու հետ զրուցելու համար Կ֊ն այս օրերին իրեն այնքան էլ ընդունակ չէր համարում։