— Հրապարակային սերը անասունություն է,— գոռացի ես։— Սեքսապաթոլոգիական հատուկ տերմին ունի։
Դողացող ձեռքով նա ինձ պարզեց ջրի բաժակը։ Հետ մղեցի։
— Իսկ դո՛ւք, դո՛ւք, որեւէ մեկին սիրե՞լ եք։ Սիրե՞լ եք երեւէ…
Դա պետք չէր ասել։ Հիմա կհեկեկա, կսկսի ճչալ․
«Ես երեսունչորս տարեկա՜ն եմ, մենակ աղջի՜կ եմ…»։
— Պուշկինը մեր հպարտությունն է,— ասսաց նա։— Ոչ միայն մեծ բանաստեղծ, այլեւ մեծ քաղաքացի…
Ըստ երեւույթին հենց դա էլ նրա ապուշ հարցի կանխավ պատրաստի պատասխանն էր։
Էդքան բա՞ն մտածում եմ։
— Ծանոթացեք մեթոդական ուղեցույցին։ Ահա եւ գրքերի ցանկը։ Ընթերցասրահում ունենք։ Եվ հայտնեք Գալինա Ալեքսանդրովնային, որ հարցազրույցը հաջող է անցել…
Վատ զգացի։
— Շնորհակալություն,— ասում եմ։— Կներեք, որ անզուսպ եղա։
Ոլորեցի մեթոդական ձեռնարկն ու դրեցի գրպանս։
— Խնամքով վերաբերվեք, ընդամենը երեք օրինակ ունենք։
Հանեցի ձեռնարկն ու փորձեցի չտկել։
— Ու նաեւ,— Մարիաննան անցավ շշուկի։— Սիրո մասին էիք հարցնում… Որքան հասկացա՝ ձեզ հետաքրքրում է՝ ամուսնացա՞ծ եմ, թե՝ ոչ։ Ուրեմն ասեմ՝ ամուսնացած եմ։
— Դուք սպանեցիք իմ վերջին հույսը,— հեռանալիս ասացի ես։
Միաջնցքում Գալինան ծանոթացրեց զբոսավար Նաթէլլայի հետ։ Ու նորից հետաքրքրության անսպասելի պրռթկում․
— Մեզ մո՞տ եք աշխատելու։
— Փորձեմ։
— Սիգարետ ունե՞ք։
Նաթէլլան Մոսկվայից էր եկել՝ ռոմանտիկ, ավելի ճիշտ՝ արկածախնդրական մղումներով։ Մասնագիտությամբ ինժեներ֊ֆիզիկոս էր, դաս էր տալիս դպրոցում։ Որոշել էր այստեղ անցկացնել եռամսյա արձակուրդը։ Ափսոսում էր, որ եկել է։ Արգելոցում հրմշտոց է։ Զբոսավարներն ու մեթոդիստները հոգեկան են։ Տուրիստները՝ խոզ ու բռի։ Բոլորը պաշտում են Պուշկինին։ Եվ իրենց սերը առ Պուշկին։ Եվ իրենց սերն առ իրենց սերը։ Միայ օրինավոր մարդը Մարկովն է…
— Ո՞վ է այդ Մարկովը։
— Լուսանկարիչը։ Վերջացած հարբեցող է։ Կծանոթացնեմ։ Ինձ սովորեցրել է «Աղդամ» խմել։ Ֆանտաստիկ բան է։ Ձեզ էլ կսովորեցնի…
— Շա՜տ շնորհակալ եմ։ Վախենամ, որ էդ գործում ինքս պրոֆեսոր եմ։
— Եկեք մի օր մի քիչ քցենք։ Հենց գրկում…
— Պայմանավորվեցինք։
— Բայց դուք վտանգավոր մարդ եք։
— Ինչո՞ւ։
— Միանգամից զգացի։ Շա՜տ վտանգավոր մարդ եք։
— Խամած ժամանա՞կ։
— Էդ չեմ ասում։
— Չհասկացա։
— Ձեր նմանին սիրելը վտանգավոր է։
Ու Նաթէլլան ցավոտ մշտեց ծնկով… Տե՜ր Աստված, մտածում եմ, էստեղ բոլորն աննորմալ են։ Նույնիսկ նրանք, որ աննորմալ են համարում մնացած բոլորին…
— «Աղդամ» խմեք,— ասում եմ,— ու խաղաղվեք։ Ես ուզում եմ հանգստանալ եւ աշխատել։ Ձեզ համար վտանգ չեմ ներկայացնում…
— Էդ դեռ կտեսնենք,— հիստերիք քրքջաց Նաթէլլան։
Հետո սեթեւեթանքով թափահարեց Ջեյմս Բոնդի պատկերով կտավե տոպրակն ու հեռացավ։
Ես քայլեցի դեպի Սոսնովո։ Ճանապարհը, ձանձրալի դաշտը շրջանցելով, ձգվում էր դեպի բլրի գագաթը։ Եզրերին տձեւ կույտերով սեւին էին տալիս խոշոր գլաքարերը։ Ձախից թփակալած ձորակն էր։ Սարից իջնելիս կեչիներով շրջապատված մի քանի խրճիթ տեսա։ Դեկադենտական մռութներով կեղտակուր այծերը ծուլորեն խոտ էին պռճոկում։ Տանիքների վրայով թռչում էին արջնագռավները։
Քայլում էի գյուղով՝ հուսալով, որ կհանդիպեմ մեկնումեկին։ Ներկած պատերով գորշ տները խղճուկ տեսք ունեին։ Ծուռտիկ ցանկապատերի ցցափայտերը պսակված էին կավե անոթներով։ Պոլիէթիլենով պատած հավանոցներում վազվզում էին ճտերը։ Ջղային մուլտիպլիկացիոն քայլքով ճեմում էին հավերը։ Զիլ վնգստում էին փրչոտ գետնահուպ շները։
Կտրեցի֊անցա գյուղն ու հետ եկա։ Ոտս կախ գցեցի տներից մեկի մոտ։ Դուռը չխկաց, ու լվանալուց մաշված երկաթուղայինի վերնաշապիկով մի տղամարդ հայտնվեց սանդղամուտին։
Հարցրի՝ որտե՞ղ գտնեմ Սորոկինին։
— Ինձ Տոլիկ են ասում,— ասաց նա։
Ներկայացա ու նորից բացատրեցի, որ Սորոկինին եմ ուզում։
— Իսկ որտե՞ղ է մնում,— հարցրեց Տոլիկը։
— Սոսնովկա գյուղում։
— Հենց էս էլ Սոսնովկան է որ կա։
— Գիտեմ։ Ո՞նց գտնեմ նրան։
— Տիմոխային, հա՞, Սորոկինի՞ն։
— Անունը Միխալ Իվանիչ է։
— Տիմոխան մի տարի առաջ մեռավ։ Հարբած սառել֊մնացել էր…
— Ախր ո՞նց գտնեմ Սորոկինին։
— Երեւի քիչ էր խմել, թե չէ սաղ կմնար…
— Սորոկինին, ասում եմ…
— Հո Միշկային չե՞ս հարցնում։
— Միխալ Իվանիչ են ասում։
— Հենց Միշկան է որ կա։ Դոլիխայի փեսան։ Ծուռ կպցրած Դւլիխային գիտե՞ք…
— Ես եկվոր եմ։
— Կարող է՞ Օպոչկինից։
— Լենինգրադից։
— Գիտեմ, լսել եմ։
— Հիմա ո՞նց գտնենք Միխալ Իվանիչին։
— Միշկային, հա՞։
— Էդ եմ ասում։
Տոլիկն անթաքույց ու գործնական միզեց սանդղամուտից։ Հետո կիսաբաց արեց դուռն ու հրամայեց․
— Միլիցիայից, ալիմենտի գործով…
Մնմիջապես դուրս ցցվեց մի շառագույն մռութ՝ շռայլ զարդարված կապուտակ աչքերով․
— Ո՜նց… Ո՜ւմ… Հրացանի հարով ե՞ք…
— Ասացին՝ վարձով սենյակ ունեք։
Միխալ Իվանիչի դեմքին ուժգին շփոթմունք արտահայտվեց։ Հետագայում համոզվեցի, որ դա նրա արձագանքն է ցանկացած, նույնիսկ ամենաանմեղ հայտարարությանը։
— Սենյա՞կ… Էդ… Ինչի՞ համար…
— Արգելոցում եմ աշխատում։ Ուզում եմ սենյակ վարձեմ։ Ժամանակավոր։ Մինչեւ աշուն։ Ազատ սենյակ ունե՞ք։
— Ախր մորս տունն է։ Մորս անունով է։ Մերս էլ Պսկով է գնացել… Ոտերն ուռել են…
— Այսինքն վարձով սենյակ չե՞ք տալիս։
— Հերու հրեաներ էին կենում։ Հոգուս մեղք չանեմ, կուլտուրական մարդիկ էին… Ո՛չ լաք, ո՛չ ադեկալոն… Մենակ սպիտակ, կարմիր ու գարեջուր… Անձամբ ես հրեաներին հարգում եմ։
— Նրանք Քրիստոսին են խաչել,— միջամտեց Տոլիկը։
— Էդ երբ էր, հա՜,— գոռաց Միխալ Իվանիչը։— Հեղափոխությունից առաջվա բան ես ասում։
— Վարձով սենյակ,— հարցրի,— տալիս ե՞ք, թե՝ չէ։
— Տար ցույց տու մարդուն,— շալվարը կոճկելով՝ հրահանգեց Տոլիկը։
Երեքով քայլեցինք գյուղական փողոցով։ Չափարի մոտ մի կին էր կանգնել, հագին տղամարդու պիջակ, դարձածալին՝ Կարմիր դրոշի շքանշան։
— Զի՜ն, պարտքով մի հինգանոց տու,— կանչեց Միխալ Իվանիչը։
Կինը ձեռքը թափ տվեց։
— Գերեզման կտանի քեզ էդ խմիչքը… Լսել ե՞ս, որոշում է եղել։ Բոլոր հարբողներին լարով կախելու են։
— Չէ՜, մի,— քռքռաց Միխալ Իվանիչը։— Էրկաթը չի հերիքի։ Մեր սաղ մետալուրգիայի վերջը կգա…
Հետո ավելացրեց…
— Ա՜յ քեզ պառավ անտեր։ Փետ կուզես, չէ՜… Անտառտնտեսությունում եմ աշխատում, դրուժբիստ եմ…
— Ի՞նչ,— չհասկացա ես։
— Բենզինի սղոց եմ բանացնում… Գործս փետի հետ է… Խըրթ, ու տասնոցը ջեբդ է։
— Դրուժբի՜ստ,— թոնթորաց կինը,— փետի հե՜տ… Խմելու հետ է քու գործը… Նայի՝ ոտերդ չտնկես…
— Դժվա՜ր է,— գանգատվելու պես ասաց Միխալ Իվանիչը։
Լայնաթիկունք, բարեկազմ մարդ էր։ Նույնիսկ կեղտոտ, ճղճղած հագուստը չէր կարողանում այլանդակել նրան։ Կարմրագորշ դեմք, նիհար ու զորեղ անրակներ՝ կոճակներն արձակ վերնաշապիկի տակ, զսպանակվող, կտրուկ քայլվածք… Ակամա հիանում էի նրանով…
Միխալ Իվանիչի տունը սարսափելի տպավորություն թողեց։ Ծռված ալեհավաքը սեւին էր տալիս ամպերի ֆոնին։ Տանիքը տեղ֊տեղ նստել էր՝ մերկացնելով անհավասար, մգացած հեծանները։ Պատերն անփութորեն պատված էին նրբատախտակով։ Ճաքած ապակիներ՝ վրան թերթի թուղթ սոսնձած։ Անհարմար ճեղքերից դուրս էր ցցվել կեղտոտ խծուծը։
Տանտիրոջ սենյակում թթված ուտելիքի հոտ էր կանգնած։ Սեղանի գլխին Մաոյի գունավոր նկարն էր՝ «Օգոնյոկից»։ Կողքին լայնաշուրթ ժպտում էր Գագարինը։ Փշրված էմալի սեւ շրջանակներով զարդարված լվացարանում մակարոններ էին լողում։ Ժամացույցը լուռ էր։ Ծանրոցին փոխարինող արդուկը հասել էր հատակին։
Երկու հերալդիկ կատու՝ ածխասեւ ու ճերմակավարդագույն, ափսեները շրջանցելով, հեզանազ ճեմում էին սեղանին։ Տանտերը շպրտեց ձեռքի տակ ընկած վալենկան։ Զնգացին ամանեղենի բեկորները։ Կատուները խելագար ծղրտոցով թռան մութ անկյունը։
Հարեւան սենյակն ավելի այլանդակ էր։ Առաստաղը կենտրոնում սպառնալից կախվել էր։ Երկու մետաղյա մահճակալների վրա լաթեր ու գարշահոտ ոչխարենի էր թափած։ Ամենուր ճերմակին էին տալիս քնթուկներն ու ձվի կճեպի փշուրները։
Անկեղծ ասած, փոքր֊ինչ շփոթվել էի։ Երեւի պիտի ազնվորեն ասես․ «Իմ սրտով չի…»։ Բայց, ամենայն հավանականությամբ, ես համենայնդեպս ինտելիգետն եմ։ Եվ ինչ֊որ քնարական բան արտաբերեցի․
— Պատուհանները հարա՞վ են նայում։
— Ամենա, ամենահարավ,— վրա բերեց Տոլիկը։ Պատուհանից այն կողմ կիսաքանդ բաղնիքն էր։
— Գլխավորը,— ասացի,— որ մուտքն առանձին է։
— Առանձին է,— համաձայնեց Միխալ Իվանիչը,— բայց մխած է։
— Հա՜,— ասում եմ,— ափսոս։
— Այն մոմե՜նտ,— ասաց տանտերը, թափ առավ ու քացով տեղահան արեց դուռը։
— Ինչքա՞ն եմ վճարելու։
— Հե՛չ։
— Ո՞նց թե,— հարցնում եմ։
— Հենց տենց։ Վեց շիշ թույն ես բերում, տեղը քոնն է։
— Իսկ եթե ավելի կոնկրե՞տ։ Ասենք, քսան ռուբլին հարմա՞ր է։
Տանտերը մտքի մեջ ընկավ։
— Էդ ինչքա՞ն կանի։
— Ասում եմ՝ քսան ռուբլի։
— Որ շշով հաշվենք։ Հատը՝ մեկ ու չորս։
— Տասնինը շիշ «Վարդագույն թունդ»։ Մի հատ «Բելոմոր»։ Էրկու լուցկի,— զեկուցեց Տոլիկը։
— Էրկու ռուբլի էլ ճամփի փող…
Ես հանեցի փողը։
— Արտաքնոցը տեսնել կուզե՞ք։
— Հետո,— ասում եմ։— Ուրեմն պայմանավորվեցի՞նք։ Որտե՞ղ եք պահում բանալին։
— Բանալի չկա,— ասաց Միխալ Իվանիչը,— կորել է։ Բա ո՞ւր ես գնում, թռնենք֊բերենք։
— Տուրբազայում գործ ունեմ։ Թողենք հետո…
— Ոնց կասես։ Տուրբազա իրիկունը կգամ։ Լիզկայի քամակը թակեմ։
— Ո՞վ է էդ Լիզկան։
— Կնիկս։ Ոնց որ ասած՝ կինս։ Տուրբազայում քույր֊տնտեսուհի է։ Բաժան ենք։
— Էլ ինչի՞ եք ծեծում։
— Ո՞ւմ… Դրան կախելն էլ քիչ է, բայց չեմ ուզում գլուխ դնեմ։ Հրացանս էին ուզում առնեին, իբր ասել եմ՝ սպանելու եմ… Մտածեցի՝ հրացանի հաշվով ես…
— Դրան կրակելն ափսոս է,— միջամտեց Տոլիկը։
— Էլ մի ասա,— համաձայնեց Միխալ Իվանիչը,— օրը գա՝ էս ձեռքերով կխեղդեմ… Ձմեռը հանդիպեցինք, դեսից դենից, լավով… Գոռում է․ «Վա՜յ, Մի՛շենկա, էլ չեմ անի, վա՜յ, թող…»։ Մայոր Ջաֆարովը կանչեց, թե․
«Ազգանո՞ւնդ»։
Ես իրան․
«Ձիու թրիք…»։
Տասնհինգ օր տվին։ Ոչ ծխելիք, ոչ բան… Բայց հեչ վեջս չէր… Նստելն աշխատել չի… Լիզկան դատախազին գրել էր՝ նստացրեք, թե չէ կսպանի… Ինչի՞ պիտի սպանեմ…
— Ղալմաղալից գլուխ չես թափի,— համաձայնեց Տոլիկը։ Ու ավելացրեց․
— Լա՛վ, գնանք։ Թե չէ խանութը կփակեն…
Ընկերներն ուղղվեցին դեպի միկրոշրջան․ կենսախինդ, վանող ու մարտական, ինպչես մոլախոտը…
Իսկ ես մինչեւ փակվելը նստեցի գրադարանում։
Էքսկուրսիային պատրաստվելուն գնաց երեք օր։ Գալինան ինձ ներկայացրեց երկու, իր կարծիքով՝ լավագույն զբոսավարներին։ Նրանց լսելով ու ինչ֊որ բաներ գրառելով՝ շրջեցի արգելոցում։
Արգելոցը բաղկացած էր երեք հուշավայրից։ Պուշկինների տունն ու կալվածքը Միխայլովսկոյեում։ Տրիգորսկոյեն, որտեղ ապրել են պոետի ընկերները, եւ ինքը լինում էր համարյա ամեն օր։ Եվ, վերջապես, վանքը՝ Պուշկին֊Հաննիբալների ընտանեկան դամբարանով։
Էքսկուրսիան Միխայլովսկոյեում բաղկացած էր մի քանի բաժնից։ Կալվածքի պատմությունը։ Բանաստեղծի երկրորդ աքսորը։ Արինա Ռոդիոնովնան։ Պուշկինների ընտանիքը։ Ընկերների այցելությունն աքսորյալ պոետին։ Դեկտեմբերյան խռովությունը։ Եվ աշխատասենյակը՝ Պուշկինի ստեղծագործության համառոտ տեսությամբ։
Փնտրեցի֊գնա թանգարանի պահապանին ու ներկայացա։ Վիկտորիա Ալբերտովնան կլիներ քառասուն տարեկան։ Բոլորածալերով երկար կիսաշրջազգեստ, խունացած խոպոպներ, թիկնոց, հովանոց՝ Բենուայի հավակնոտ նկար։ Մեռնող գավառական ազնվականության այս ոճը ակնհայտ ու միտումնավոր արմատավորվում էր այստեղ։ Տեղիս գիտաշխատողներից յուրաքանչյուրի մեջ արտահայտվում էր նրա որեւէ բնութագրական գիծը։ Մեկը կրծքին էր քաշում ֆանտաստիկ չափերի գնչուական շալը։ Մյուսի մեջքին նրբագեղ ծղոտե լայնեզր գլխարկն էր օրորվում։ Երրորդին բաժին էր ընկել անհեթեթ փետուրե հովհարը։
Վիկտորիա Ալբերտովնան թերահավատ ժպտալով զրուցում էր ինձ հետ։ Դրան արդեն սկսել էի վարժվել։ Պուշկինի պաշտամունքի բոլոր սպասավորները զարմանալիորեն խանդոտ էին։ Պուշկինը նրանց կոլեկտիվ սեփականությունն էր, նրանց պաշտելի սիրեցյալը, սիրասուն զավակը։ Ցանկացած ոտնձգություն այդ անձնական սրբության դեմ՝ զայրացնում էր։ Շտապում էին համոզվել, որ անգրագետ եմ, ցինիկ ու շահամոլ։
— Ինչի՞ համար եք եկել,— հարցրեց պահապանուհին։
— Փող աշխատելու,— ասում եմ։
Վիկտորիա Ալբերտովնան քիչ մնաց ուշաթափվեր։
— Ներեցեք, կատակ արեցի։
— Կատակներն այստեղ միանգամայն անտեղի են։
— Համաձայն եմ։ Կարելի՞ է մի հարց։ Թանգարանի ո՞ր ցուցանմուշներն են իսկական։
— Մի՞թե դա կարեւոր է։
— Կարծում եմ՝ այո։ Չէ՞ որ թանգարանը թատրոն չէ։
— Այստեղ ամեն ինչ իսկական է։ Գետը, բլուրները, ծառերը Պուշկինի հասակակիցն են։ Նրա զրուցակիցն ու բարեկամը։ Այս վայրերի ամբողջ ապշեցուցիչ բնությունը…
— Խոսքը թանգարանի ցուցանմուշների մասին է,— ընդհատեցի ես,— դրանց մեծ մասի վերաբերյալ ուղեցույցում խուսափողական բացատրություններ են տրվում։
«Կալվածքի տարածքում հայտնաբերված սպասք…»
— Ձեզ կոնկրետ ի՞նչն է հետաքրքրում։ Ի՞նչ կցանկանայքի տեսնել։
— Ասենք, անձնական իրերը… Եթե այդպիսիք կան…
— Ո՞ւմ եք հասցեագրում ձեր դժգոհությունը։
— Ախր ի՜նչ դժգոհություն։ Առավել եւս՝ ձեզնից։ Ընդամենը հարցրի…
— Պուշկինի անձնական իրե՞րը… Թանգարանը ստեղծվել է նրա զոհվելուց տասնյակ տարիներ անց…
— Ըհը,— ասում եմ,— միշտ այդպես է։ Նախ կկործանեն մարդուն, հետո կսկսեն փնտրել անձնական իրերը։ Էդպես արին Դոստոեւսկուն, Եսենինին… Էդպես կլինի Պաստեռնակի դեպքում։ Ուշքի կգան՝ կսկեն Սոլժենիցինի անձնական իրերը փնտրել…
— Բայց մենք վերստեղծում ենք միջավայրը, մթնոլորտը,— ասաց պահապանուհին։
— Պարզ է։ Գրապահարանն իսկակա՞ն է։
— Համենայնդեպս՝ այդ դարաշրջանի։
— Իսկ Բայրոնի դիմանկա՞րը։
— Իսկական է,— ուրախացավ Վիկտորիա Ալբերտովնան,— Վուլֆն է նվիրել… Վրան մակագրություն կա… Բայց ի՜նչ չմահավանն եք։ Անձնական իրե՜ր, անձնական իրե՜ր… Իսկ իմ կարծիքով՝ դա հիվանդագին հետաքրքրասիրություն է…
Ինձ օտար բնակարանում բռնված կողոպտիչ էի զգում։
— Բայց առանց դրա,— ասում եմ,— ի՞նչ թանգարան։ Առանց հիվանդագին հետաքրքրասիրության։ Առողջ հետաքրքասիրություն միայն ապուխտի հանդեպ է լինում…
— Ձեզ քիչ է բնությո՞ւնը։ Քիչ է, որ նա շրջել է այս լանջերո՞վ։ Լողացել այս գետո՞ւմ։ Հիացել այս հմայիչ համայնապատկերո՞վ…
Ախր, մտածում եմ, ի՞նչ եմ կպել սրանից։
— Հասկանալի է,— ասում եմ,— շնորհակալություն, Վի՛կա։
Հանկարծ նա կռացավ։ Ինչ֊որ բույս պոկեց։ Ցավոտ խփեց դեմքիս։ Կարճ, նյարդային ծիծաղեց ու հեռացավ՝ բարձրացնելով բոլորածալերով մաքսի֊փեշը։
Ես միացա Տրիգորսկոյե գնացող խմբին։
Կալվածքի պահակները՝ ամուսնական զույգ, անսպասելիորեն դուր եկան ինձ։ Ամուսնացած լինելով՝ իրենց կարող էին այնպիսի շռայլություն թույլ տալ, ինչպիսին բարեհոգությունն էր։ Պոլինա Ֆյոդորովնան իշխանատենչ, եռանդուն եւ փոքր֊ինչ ինքնավստահ էր թվում։ Կոլյան մոլորված դանդալոշի տպավորություն էր թողնում ու երկրորդ պլանում էր։
Տրիգորսկոյեն ճամփից դուրս էր։ Ղեկավարությունը հազվադեպ էր լինում այնտեղ։ Ցուցադրանքը տրամաբանորեն ու գեղեցիկ էր կառուցված։ Պատանի Պուշկինը, համակրելի սիրահարված օրիորդներ, ամառային նրբագեղ սիրախաղի մթնոլորտ…
Ես շրջանցեցի այգին։ Իջա գետափ։ Գետի մեջ կանաչին էին տալիս շրջված ծառերը։ Թեթեւ ամպեր էին լողում։
Ուզում էի ջուրը մտնել, բայց այդ պահին մոտեցավ ավտոբուսը։
Մեկնեցի Ավյատոգորսկի վանք։ Դարպասի մոտ ծեր կանայք ծաղիկ էին ծախում։ Մի քանի կակաչ առա ու բարձրացա դեպի շիրիմը։ Տուրիստները լուսանկարվում էին շրջափակի մոտ։ Նրանց ժպտուն դեմքերն ինձ զզվելի թվացին։ Հարեւանությամբ երկու անհաջողակներ էին տեղավորվել՝ նկարակալներով։
Դրեցի ծաղիկներն ու հեռացա։ Պետք էր նայել Ուսպենսկի տաճարի ցուցադրությունը։ Սառը քարե խորշերն արձագանքում էին։ Կամարների տակ նիրհել էին աղավնիները։ Տաճարն իրական էր, գետնանիստ ու նրբագեղ։ Կենտրոնական սրահի անկյունում աղոտ պսպղում էր ջարդված զանգը։ Տուրիստներից մեկը բանալին զնգացնում էր կողին…
Հարավային կցաշենքում տեսա Բրունիի նշանավոր նկարը։ Այնտեղ ճերմակին էր տալիս մահադիմակը։ Երկու հսկա կտավներ վերարտադրում էին գաղտնի փոխադրումն ու թաղումը։ Ալեքսանդր Տուրգենեւը կնոջ նման էր…
Տուրիստների խումբը մոտեցավ։ Ես գնացի դեպի ելքը։ Հետեւիցս լսվեց․
— Մշակույթի պատմությունը ողբերգականությամբ համարժեք այլ իրադարձություն չգիտի… Ինքնակալությունը բարձրատոհմիկ չարագործի ձեռքով…
Եվ այսպես, տեղավորվեցի Միխալ Իվանիչի մոտ։ Խմում էր անընդմեջ։ Ապշության, կաթվածի, զառանցանքի աստիճան։ Ընդ որում, զառանցանքը բացառապես հայհոյանք էր։ Իսկ հայհոյում էր նույն հուզումով, որով տարեց ինտելիգենտները երգում են կիսաձայն։ Այսինքն՝ ինքն իր համար առանց գովեստի կամ բողոքի ակնկալության։
Սթափ վիճակում երկու անգամ տեսա։ Այդ տարիմաստ օրերին Միխալ Իվանիչը միաժամանակ միացնում էր հեռուստացույցն ու ռադիոն։ Հագնված պառկում էր, հանում «Հեքիաթ» տորթի տուփն ու սկսում կարդալ բացիկները, որ ստացել էր ողջ կյանքի ընթացքում։ Կարդում ու մեկնաբանում էր․
«— Բարեւ, քավո՛ր հայրիկ… Բա՛րեւ, բա՛րեւ, ոչխարի ծնունդ… Հաջողություններ եմ մաղթում աշխատանքում… Հաջողություն է մաղթում, քու ծնողը… Մնամ հավերժ՝ քո Ռադիկ… Հավերժ քո՜, հավերժ քո՜… Թե դու իմ ինչ տանձին ես…»։
Գյուղում Միխալ Իվանիչին չէին սիրում, նախանձում էին։ Իբր, ես է՜լ կխմեի։ Ախ, ո՜նց կխմեի, բարի՛ մարդիկ։ Ո՜նց կխմեի, հերն էլ անիծած… Բայց տնտեսությո՜ւնը… Իսկ իրա վեջը չի… Միխալ Իվանիչը տնտեսություն չուներ։ Երկու նիհար շուն, որ երբեմն օրերով անհետանում էին։ Վտիտ խնձորենին ու ու մի մարգ կանաչ սոխ…
Մի անձրեւոտ երեկո խոսքի բռնվեցինք․
— Մի՛շա, կնոջդ սիրո՞ւմ էիր։
— Ո՞ւմ։ Կնո՞ջս։ Կնկա՞ս, այսինքն։ Լիզկայի՞ն, ուրեմն,— իրար անցավ Միխալ Իվանիչը։
— Լիզային։ Ելիզավետա Պրոխորովնային։
— Սի՞րելս որն է։ Էն բանից արիր ու պրծավ֊գնաց…
— Բա ի՞նչն էր գրավում։
Միխալ Իվանիչը երկար մտքի մեջ ընկավ։
— Հանգիստ էր քնում,— ասաց նա,— սուսուփուս, ճիճվի նման…
Կաթը հարեւան տնից՝ Նիկիտիններից էի առնում։ Սրանք հիմնավոր էին ապրում։ Հեռուստացույց, Կրամսկոյի «Անծանոթուհին»… Առավոտվա հինգից տանտերն իր բանին էր։ Չափարն էր կարկատում, բանջարանոցը փորփրում։ Մի անգամ նայեմ՝ հորթը ոտերից կախ տվել՝ մաշկում է։ Իսկ դանակը՝ ճեփ֊ճերմակ ու արյունոտ…
Միխալ Իվանիչը Նիկիտիններին արհամարհում էր։ Նրանք էլ՝ իրեն, բնականաբար։
— Էլի խմում է՞,— հավի կերը տաշտակի մեջ շաղախելով՝ հետաքրքրվեց Նադեժդա Ֆյոդորովնան։
— Բազայում հանդիպեցի,— մեծ ռանդան բանեցնելով՝ ասաց Նիկիտինը,— առավոտից իրան տեսել էր…
Չէի ուզում ձայնակցել։
— Բայց հո՛ բարի է։
— Բարի՜ է,— համաձայնեց Նիկիտինը,— քիչ էր մնացել կնկան մորթի։ Շորշիրթը լրիվ կրակ տվեց։ Երեխեքը ձմեռով բոբիկ են վազվզում… Իսկ էնպես՝ բարի է…
— Միշատ խելառ է, հասկանում եմ, բայց՝ բարի ու ներքուստ բարեկիրթ…
Իսկապես, Միխալ Իվանիչի մեջ ինչ֊որ ազնվական բան կար։ Դատարկ շշերը չէր հանձնում, դեն էր գցում։
— Ամաչում եմ,— ասում էր,— հո ուզվոր չե՜նք…
Մի անգամ արթնացավ ու շա՜տ վատ էր։ Բողոքեց․
— Ներսս ո՜նց է քրքրվում…
Մի ռուբլի տվեցի։ Կեսօրին հարցնում եմ․
— Հը՞, թեթեւացա՞ր։
— Ո՞վ։
— Խումհարաթող եղա՞ր։
— Բա՜։ Ոնց որ թավային թքես, էն ի՜նչ թշշոց էր…
Երեկոյան նորից վատացավ։
— Նիկիտինի մոտ գնամ։ Կարող է փող տա կամ մի բաժակ…
Դուրս եկա սանդղաուտ։ Լսում եմ․
— Հարեւա՜ն, խոլե՛ր, մի հինգնոց տու։
— Աստվածածնի տոնից պարտք ես։
— Կտամ։
— Կտաս՝ էն ժամանակ կխոսանք։
— Ավանսից կտամ։
— Ի՞նչ ավանս։ Քեզ վաղուց են դուրս արել, հոդվածով…
— Ա՜… Դրանց… ծնունդը… Տուր, էլի՛, հինգնոցը։ Սկզբունքով տու, դրա մերը… Ցույց տու մեր սովետական բնութքը։
— Արաղի ես տալու, չէ՞։
— Ո՞ւմ։ Չէ՜, գործ կա…
— Ախր ի՞նչ գործ պիտի ունենաս, ա՛յ ձրիակեր։
Միխալ Իվանիչի համար դժվար է սուտ ասելը, թուլացել է։
— Ուզում եմ խմեմ։
— Չեմ տա։ Կուզես նեղացի, կուզես՝ չէ, չեմ տա։
— Ախր ավանսին կբերեմ։
— Չեմ տա։
Ու խոսակցությունը փակելու համար Նիկիտինը կապույտ փոստարկղով ծանր դուռը չխկացնելով՝ տուն է մտնում։
— Դու հլա սպասի, հարեւա՜ն,— բորբոքվում է Միխալ Իվանիչը,— սպասի՜… Կտեսնե՜ս… Էն էլ ո՜նց կտեսնես… Կհիշես էս զրույցը…
Ի պատասխան՝ ոչ մի ձայն։ Հավերն են շրջում։ Սոխի ոսկեգույն կապուկները՝ շեմագլխին…
— Սեւ եմ բերելու գլխներին… Կտեսնե՜ք…
Շառագունած, գզգզված՝ Միխալ Իվանիչը շարունակում է գոռալ․
— Մոռացա՞ր։ Սողո՛ւն, լրիվ մոռացա՞ր։ Մաքում մոռացա՞ր…
— Ի՞նչն եմ մոռացել,— դուրս է նայում Նիկիտինը։
— Մոռացել ես՝ կհիշացնեն՜նք։
— Ի՞նչն եմ մոռացել, ասա՛։
— Ամեն ինչ կհիշացնենք։ Տասնյոթ թիվը կհիշացնենք։ Մենք քեզ… Մենք քեզ, ա՛յ խոլեր, կուլակաթափ կանենք։ Բոլոր պարտիականներին կուլակաթափ կանենք։ Չեկա կուղարկենք դրա պես… Բատկա Մախնոյի նման… Քեզ էնտեղ մի շնչում……
Ու, փոքր ինչ դադար տալով․
— Հարեւա՜ն, փրկի՜, մի հինգնոց տու… Լա՜վ, իրեքնոց… Աստծու սիրուն… Քոսո՛տ շուն…
Վերջապես համարձակվեցի գործի անցնել։ Ինձ բաժին ընկած խումբը Մերձբալթիկայից էր։ Զուսպ, կարգապահ մարդիկ էին։ Լսածով բավարարվում՝ հարցեր չէին տալիս։ Ջանում էի կարճ խոսել ու վստահ չէի, որ հասկանում են։
Ավելի ուշ ինձ մանրամասն հրահանգավորեցին։ Ռիգայի զբոսաշրջիկներն ամենից բարեկիրթն են։ Ինչ էլ ասես, գլխով են անում ու ժպտում։ Եթե հարց էլ տալիս են, ինչպես ասում են՝ տնտեսության վերաբերյալ։ Քանի՞ ճորտ է ունեցել Պուշկինը։ Ի՞նչ եկամուտ էր բերում Միխայլովսկոյեն։ Տերունական կալվածքի նորոգումն ի՞նչ արժեցավ։
Կովկասցիներն իրենց ուրիշ կերպ էին պահում։ Ընդհանրապես չեն լսում։ Զրուցում ու ծիծաղում են։ Տրիգորսկոյեի ճանապարհին զմայլված նայում են ոչխարներին։ Հանձին նրանց ակնհայտորեն հավանական խորոված տեսնելով։ Եթե հարց են տալիս՝ միանգամայն անսպասելի։ Օրինակ․
«Ինչի՞ համար են մենամարտել Պուշկինն ու Լերմոնտովը»։
Ինչ վերաբերում է հայրենակիցներին՝ նրանց պետք է դասակարգել։ Աշխատավորներին շարադրել հակիրճ ու պարզորոշ։ Ծառայողների հանդեպ ավելի ուշադիր լինել։ Նրանց մեջ բազմագիտակներ են պատահում։ Պիկուլ, Ռոժդեստվենսկի, Մեյլախ կարդացած։ Նովիկովից արտառոց տեղեկություններ քաղած…
Կրթվածներն ավելի քմահաճ ու դավադիր են։
Տուրիստական ճանապարհորդության պատրաստվելով՝ սրանք սերտում են ձեռնարկները։ Որեւէ երրորդական փաստ խոր տպավորվում է հոգու մեջ։ հեռավոր ազգականության դրվագ։ Տարօրինակ արարք, արտահայտություն, դեպք… Աննշան մեջբերում… Եվ այսպես շարունակ։
Աշխատանքիս երրորդ օրը մի ակնոցավոր կին հարցրեց․
— Ե՞րբ է ծնվել Բենկենդորֆը։
— Յոթանասուն թվին,— պատասխանեցի ես։
Իմ շրջասության մեջ անվստահություն էր հնչում։
— Իսկ ավելի ստո՞ւյգ,— հարցրեց կինը։
— Ցավոք,— ասում եմ,— մոռացել եմ…
Մտածում եմ՝ ինչո՞ւ եմ ստում։ Ազնվորեն ասես՝ «Սատանան գիտի»… Ի՜նչ մի երջանկություն է Բենկենդորֆի լույս աշխարհ գալը։
— Ալեքսանդր Քրիստաֆորովիչ Բենկենդորֆը,— հանդիմանանքով արտաբերեց տիկինը,— ծնվել է հազար յոթ հարյուր ութսունչորս թվականին։ Ընդ որում՝ հունիսին…
Ես գլխով արեցի՝ հասկանալ տալով, որ արժեքավոր եմ համարում տեղեկությունը։
Այդ պահին նա չէր դադարում հեգնոտ ժպտալ։ Ասես Բենկենդորֆի հանդեպ իմ անտարբերությունը վկայում էր կատարյալ հոգեւոր սնանկության մասին…
Եվ այդպես, անցա աշխատանքի։ Մեթոդիստները սովորաբար առաջին էքսկուրսիան չեն լսում։ Վարժվելու, վստահություն զգալու հնարավորություն են տալիս։ Հենց դա էլ ինձ փրկեց։ Իսկ պատահեց ահա թե ինչ։
Ես բարեհաջող անցա նախասենյակը։ Ներկայացրի հողաչափ Իվանովի նկարը։ Պատմեցի առաջին աքսորի մասին։ Հետո՝ երկրորդ։ Անցնում եմ Արինա Ռոդիոնովնայի սենյակը… «Միակ հարազատ մարդը ճորտ դայակն էր…»։ Ամեն ինչ՝ ինչպես հարկն է… «Միաժամանակ ներող ու փնթփնթան, պարզամտորեն աստվածավախ եւ չափազանց գործնական»։ Սերյակովի հեղինակած հարթաքանդակը… «Ազատման թուղթ էին տալիս, հրաժարվեց…»։ Եվ վերջապես․
— Պոետը բանաստեղծություններում շարունակ դիմում էր դայակին։ Բոլորին են հայտնի, օրինակ, այս սրտառուչ տողերը…
<poem>
Դեռ ապրո՞ւմ ես դու, մա՜այր իմ սիրելի,
Ես էլ եմ ապրում, ողջո՜ւյն քեյ, ողջո՜ւյն,
Հյուղակիդ վրա թող հոսի էլի…
</poem>
Քաղացա։ Հիմա մեկնումեկը կգոռա․
«Անգրագե՜տ ապուշ։ Ախր էդ Եսենինն է, «Նամակ մորը…»։
Ես շարունակում էի արտասանել՝ տենդագին մտածելով, թե ինչ անեմ․
«Այո՜, ընկերնե՜ր, միանգամայն իրավացի եք։ Իհարկե Եսենինն է։ Իսկապես «Նամակ մորը» բանաստեղծությունը։ Բայց նկատեք, թե Պուշկինի հնչերանգը որքան հարազատ է Սերգեյ Եսենինի քնարերգությանը։ Եսենինի պոետիկայում ինչ ներդաշնակ է առարկայանում…»։ Եվ այսպես շարունակ։
Շարունակում էի արտասանել։ Վերջին մոտիկ սպառնալից շողում էր ֆիննական դանակը… «Տրա֊տա֊տամ մեկը ծխոտ պանդոկում, տրա֊տա֊տամ սիրտն իմ ֆիննական դանակ…»։ Այդ ահեղ շողշողացով շեղբից մի սանտիմետրի վրա ինձ հաջողվեց արգելակել։ Վրա հասած լռության մեջ սպասում էի փոթորկի։ Բոլորը լուռ էին։ Հուզախռով ու խստադեմ։ Միայն մի տարեց զբոսաշրջիկ բազմանշանակ ասաց․
— Հա՜, ի՜նչ մարդիկ կային…
Հաջորդ դահլիճում «Մնեմոզինան» վերագրեցի Դելվիգին։ Հետո Սերգեյ Լվովիչին Սերգեյլ Ալեքսանդրովիչ ասացի։ (Հավանաբար Եսենինը տեւական ժամանակով էր զավթել ենթագիտակցությունս»։ Բայց դրանք դատարկ բաներ էին։ Չեմ խոսում արդեն երեք կասկածելի գրականագիտական ենթադրությունների մասին։
Տրիգորսկոյեում ու վանքում էքսկուրսիան բարեհաջող անցավ։ Պետք էր տրամաբանական դարձնել դահլիճից դահլիճ անցումները, այսպես ասած՝ հանգույցներ գտնել։ Մի դեպքում դա ինձ երկար ժամանակ չէր հաջողվում։ Զիզիի սենյակի ու հյուրասենյակի արանքում։ Վերջապես հորինեցի այդ չարաբաստիկ հանգույցը։ Ու հետագայում անփոփոխ օգտագործում էի․
«Բարեկամնե՛րս, տեսնում եմ, որ այստեղ նեղվածք է։ Անցնենք հաջորդ սրահը…»։
Զուգահեռ՝ մյուս էքսկուրսիաներն էի լսում։ Ամեն մեկի մեջ ինձ հետաքրքիր որեւէ բան կար։ Մտերմացա լենինգրադցի զբոսավարների հետ։ Արդեն մի քանի տարի ամռանը արգելոց էին գալիս։