― Հենց այդ կախարդը հեռացավ, դու ավելի առողջ ես երևում։ Գրազ եմ գալիս, որ նա ականջ է դնում,― շշնջաց քեռին ընդհատեց խոսքը, մի ցատկով հայտնվեց դռան մոտ, սակայն դռան հետևում ոչ ոք չկար։ Նա ոչ թե հիասթաված, ավելի շուռ՝ դառնացած ետ եկավ իր տեղը․ այն, որ աղախինը թաքուն չէր լսում, ավելի վատ տպավորություն թողեց նրա վրա։
― Դու սխալ կարծիքի ես Լեննիի մասին։― Առարկեց փաստաբանը և չշարունակեց պաշտպանել աղախնին։ Դրանով, երևի, ուզեց ասել, որ աղջիկը կողմնակի պաշտպանության կարիք չունի։― Ինչ վերաբերում է քո պարոն ազգականի գործին,― շարունակեց նա,― ապա ինձ երջանիկ կհամարեմ, եթե ուժերս բավականացնեն այդ ծայրահեղ դժվար առաջադրանքի համար։― Նրա ձայնի մեջ կարեկցանքի երանգ կար։― Վախենում եմ, որ չբավականացնեն, բայց ես ոչ մի հնարավորություն բաց չեմ թողնի և, եթե անգամ իմ ուժերը բավական չլինեն, կարող ենք նաև ուրիշ մարդու ներգրավել։ Անկեղծ լինելու համար ասեմ, որ ուրիշ ամեն մի մասնակցություն ժխտելու աստիճան հետաքրքրված եմ այս գործով։ Եթե հանկարծ սիրտս չդիմանա լարվածությանը, ապա ընդհանրապես կանգ առնելու համար գոնե մի արժանի առիթ կգտնի այստեղ։
Կ֊ին թվաց, թե փաստաբանի ճառից ոչ մի բառ չհասկացավ։ Որևէ բացատրություն ստանալու նպատակով նա նայեց քեռուն, բայց վերջինս մոմը ձեռքին նստել էր մահճակալի մոտի փոքր սեղանին (այնտեղից դեղորայքի մի շիշ էր գլորվել գորգին), փաստաբանի ասածներին գլխով էր անում և համաձայնելու հրավերով երբեմն֊երբեմն նայում էր Կ֊ի կողմը։ Գուցե մինչև այստեղ գա՞լն էր քեռին դատավարության մասին պատմել փաստաբանին։ Բայց դա անհնար էր, որովհետև այս պահին նախորդած դեպքերը նման ենթադրությանը դեմ էին խոսում։
― Չեմ հասկանում Ձեզ,― ասաց Կ֊ն։
― Գուցե ե՞ս եմ սխալ հասկացել։― Կ֊ից ոչ պակաս զարմացած ու մտախոհ հարցրեց փաստաբանը։― Միգուցե շտապե՞լ եմ։ Ինչի՞ մասին էիք ուզմ խոսել ինձ հետ։ Ես կարծեցի, թե խոսքը դատավարության մասին է։
― Իհարկե,― միջամտեց քեռին։― Իսկ դո՞ւ ինչ ես ուզում,― Կ֊ին հարցրեց նա։
― Այո, բայց Դուք որտեղի՞ց եք տեղյակ իմ և իմ դատավարության մասին։
― Ահո՜ թե ինչ։― Փաստաբանը ժպտաց։― Ես, ախր, փաստաբան եմ, շփվում եմ դատական շրջանակների հետ, նրանք տարբեր բաների մասին են խոսում, իսկ դրանցից առավել հետաքրքիրները, մանավանդ որ ընկերներիցս մեկի զարմիկին են վերաբերում, մտապահվում են։ Այդտեղ, ախր, արտասովոր ոչինչ չկա։
― Չեմ հասկանում, դու ի՞նչ ես ուզում,― նորից հարցրեց քեռին։― Շատ անհանգիստ ես։
― Դուք այդ դատարանի հետ առնչությո՞ւն ունեք,― հարցրեց Կ֊ն։
― Այո։
― Երեխայական հարցեր ես տալիս,― նախատեց քեռին։
― Իսկ ո՞ւմ հետ պետք է շփվեի, եթե ոչ իմ մասնագիտության տեր մարդկանց։― Քեռուն լրացրեց փաստաբանը, և դա այնպես անառարկելի հնչեց, որ Կ֊ն ոչինչ չպատասխանեց։
«Դուք, ախր, արդարադատության պալատի դատարանում եք աշխատում և ոչ թե ձեղնահարկի»։― Ուզեց ասել նա, սակայնչէր կարող հաղթահարել ինքնիրեն, որ ասեր այդ խոսքերը։
― Դուք պետք է իմանաք։― Այնպիսի տոնով շարունակեց փաստաբանը, կարծես ինչ֊որ ինքին հասկանալի բան է ավելորդ անգամ հենց այնպես բացատրում։― Պետք է իմանաք, որ նմանատիպ հաղորդակցումների շնորհիվ իմ այցելունրի համար՝ թեկուզ տարբեր տեսակետներից էլ նայելու լինենք, մեծ առավելություն եմ ձեռք բերում։ Կարիք չկա բնավ շարունակել այդ մասին խոսելը։ Ինչ խոսք, հիվանդությունը իմ գործունեության համար խանգարիչ հանգամանք է, սակայն դատարանի իմ լավ ընկերները այցելում են ինձ, և ես որոշ բաների հասու եմ լինում, գուցե ավելի շատ բան եմ տեղեկանում, քան մյուսները, որոնց լավառողջ վիճակը թույլ է տալիս ամբողջ օրը դատարանում անցկացնել։ Օրինակ, հենց այս րոպեին ինձ մոտ նման մի սիրված ընկեր կա։― Նա ցույց տվեց սենյակի մութ անկյուններից մեկը։
― Ո՞ւր է։― Անակնկալի առաջին ազդեցության տակ համարյա կոպիտ հարցրեց Կ֊ն։ Նա անվստահ շուրջը նայեց․ փոքր մոմի լույսը չէր թափանցում մինչև հանդիպակաց պատը։ Բայց իրոք, անկյունում մեկն սկսեց շարժվել։ Քեռին բարձր պահեց մոմը և այնտեղ՝ փոքր սեղանի մոտ նստած մի տարեց մարդ երևաց։ Նա հավանաբար շունչն էլ էր պահել, որովհետև կարողացել էր այդքան ժամանակ աննկատ մնալ, իսկ այժմ դժվարանալով վեր կացավ ու բացահայտորեն դժգոհ էր, որ իր վրա ուշադրություն էին դարձրել։ Թվաց, թե նա ցանկացավ ձեռքերը շարժելով (նա ձեռքերը թռչունի թևերի նման շարժեք) հրաժարվել ողջույնից ու ներկայացված լինելուց, ոչ մի դեպքում չէր ուզում իր ներկայությամբ խանգարել մյուսներին և խնդրում էր, որ իրեն նորից թողնեն մթության մեջ, մոռանալով իր ներկայությունը, սակայն արդեն ոչ ոք նման բան թույլ չէր տա։
― Ձեր այցը անսպասելի էր մեզ համար։― Կ֊ին, քեռուն բացատրեց փաստաբանաը և միաժամանակ ձեռքով նշան արեց պարոնին, որ մոտ գա։ Վերջինս երկմտանքով շուրջը նայեց ու դանդաղ, որոշակի արժանապատվությամբ հետևեց հրավերին։
― Դատարանի գրասենյակների պարոն տնօրենը, ախ, հա, ես չեմ ներկայացրել․ իմ ընկերն է՝ Ալբերտ Կ֊ն, նրա զարմիկը՝ հավաատրմատար Յոզեֆ Կ․։ Պարոնը տնօրեն է։ Պարոն տնօրենն, ուրեմն, այնքան սիրալիր է գտնվել, որ այցելել է ինձ։ Նման այցելության իսկական արժեքը կարող է, ինչ խոսք, միայն բանիմաց մարդը իմանալ, որովհետև պարոն տնօրենը շատ ծանրաբեռնված է աշխատանքով։ Այնուամենայնիվ, նա այցելեց ինձ, մենք, որքանով որ իմ տկարությունն էր թույլատրում, զրուցեցինք և, որովհետև ոչ մի այցելուի չէինք սպասում ու Լեննիին չէինք արգելել նրանց ներս թողնել, մտածում էինք, թե մենակ կլինենք։ Սակայն հետո լսվեցին քո բռունցքի հարվածները, Ալբերտ, և պարոն տնօրենը սեղանի ու թիկնաթոռի հետ անկյունը քաշվեց։ Այժմ պարզվում է, որ միասին կարող ենք մի գործ քննարկել և ցանկության դեպքում, իհարկե, շատ լավ կարող ենք տեղից շարժել այն։ Պարոն տնօրեն։