― Դատարանի գրասենյակների պարոն տնօրենը, ախ, հա, ես չեմ ներկայացրել․ իմ ընկերն է՝ Ալբերտ Կ֊ն, նրա զարմիկը՝ հավաատրմատար Յոզեֆ Կ․։ Պարոնը տնօրեն է։ Պարոն տնօրենն, ուրեմն, այնքան սիրալիր է գտնվել, որ այցելել է ինձ։ Նման այցելության իսկական արժեքը կարող է, ինչ խոսք, միայն բանիմաց մարդը իմանալ, որովհետև պարոն տնօրենը շատ ծանրաբեռնված է աշխատանքով։ Այնուամենայնիվ, նա այցելեց ինձ, մենք, որքանով որ իմ տկարությունն էր թույլատրում, զրուցեցինք և, որովհետև ոչ մի այցելուի չէինք սպասում ու Լեննիին չէինք արգելել նրանց ներս թողնել, մտածում էինք, թե մենակ կլինենք։ Սակայն հետո լսվեցին քո բռունցքի հարվածները, Ալբերտ, և պարոն տնօրենը սեղանի ու թիկնաթոռի հետ անկյունը քաշվեց։ Այժմ պարզվում է, որ միասին կարող ենք մի գործ քննարկել և ցանկության դեպքում, իհարկե, շատ լավ կարող ենք տեղից շարժել այն։ Պարոն տնօրեն։
― Ասաց փաստաբանը և, գլուխը թեքելով ու հանազանդ ժպտալով, ցույց տվեց մահճակալի մոտ դրված թիկնաթոռներից մեկը։
― Ես, ցավոք, կարող եմ միայն մի քանի րոպե մնալ,― մտերմաբար տեղեկացրեց տնօրենը, ընկղմվեց թիկնաթոռի մեջ ու նայեց ժամացույցին․― գործերը չեն թողնում։ Այնուամենայնիվ, չեմ ուզում իմ ընկերոջ ընկերներից մեկի հետ ծանոթանալու առիթը բաց թողնել։― Նա թեթևակի խոնարհվեց քեռուն։ Վերջինս շատ գոհ էր երևում այդ նոր ծանոթությունից, բայց պատճառը բնավորությունն էր, որ չէր կարողանում արտահայտել նվիրվածության զգացումը, և նա՝ տնօրենի խոսքերից շփոթված, բարձրաձայն ծիծաղեց։ Զզվելի տեսարան էր։ Ոչ ոք ուշադրություն չէր դարձնում Կ֊ի վրա, և նա կարող էր շուրջն ամեն ինչ զննել։ Տնօրենը, քանի որ արդեն առաջ էր եկել, խոսակցության ղեկը վերցրեց ձեռքը (դա, երևի, նրա սովորությունն էր), փաստաբանը, որի տկարությունը սկզբում գուցե նոր այցելությունը մերժելու նպատակն էր հետապնդում միայն, ձեռքն ականջին դրած, ուշադիր լսում էր, մեմը ձեռքում պահած քեռին (նա ազդրի վրա մոմի հավասարակշռությունն էր պահպանում, իսկ փաստաբանը մտահոգ հայացքով հաճախ նայում էր նրա կողմը) արդեն հաղթահարել էր շփոթմունքը և նստել էր՝ ինչպես տնօրենի խոսելաձևից, այնպես էլ ձեռքերի՝ խոսքն ուղեկցող սահուն, ալիքաձև շարժումներից հիացած։ Մահճակալի դրանդուն հենված Կ֊ն հավանաբար միտումնավոր կերպով էր տնօրենի ուշադրությունից դուրս մանցել և ծեր պանոնների մոտ միայն ունկնդրի դեր էր տանում։ Ի դեպ, նա հազիվ էր հասկանում, թե ինչի մասին է խոսքը, և մեկ մտածում էր աղախնի ու քեռու ասծ վատ խնամքի մասին, մեկ էլ թե՝ արդյո՞ք ինքը մի անգամ արդեն տնօրենին չի հանդիպել։ Երևի հենց առաջին հետաքննության ժամանակ է տեսել։ Եթե Կ֊ն այժմ սխալվում էլ էր, ապա, միևնույնն է, գրասենյակների տնօրենը շատ լավ էլ կհամապատասխաներ ժողովի մասնակիներին՝ առաջին շարքի ցանցառ մորուքներով ծեր պարոններին։
Նախասենյակում աղմուկ լսվեց և մի պահ բոլորին ստիպեց ականջ դնել․ երևի սպասք ջարդուփշուր արեցին։
― Ես տեսնեմ, թե ի՞նչ եղավ։― Կ֊ն դանդաղ դուրս եկավ․ կարծես մյուսներին դեռ հնարավորություն էր տալիս, որ իերն ետ պահեին։ ՀԱզիվ նախասենյակ ելած, ուզում էր մթության մեջ կողմնոորշվել, երբ դռան բռնակը ամուր բռնած նրա ձեռքին մի փոքր ձեռք իջավ՝ շատ ավելի փոքր, քան իր ձեռքը, և անաղմուկ փակեց դուռը։ Աղախինն էր․ կանգնել էր այդտեղ և սպասում էր։
― Ոչինչ չի պատահել,― շշնջաց նա։― Ես միայն մի ափսե խփեցի պատին, որ Ձեզ դուրս հանեմ սենյակից։
― Ես էլ Ձեր մասին մտածեցի,― շփոթված ասաց Կ֊ն։
― Ավելի լավ, եկեք։― Մի քանի քայելից հետո նրանք կանգնեցին խավարեցված ապակիով դռան մոտ։ Աղախինը բացեց դուռը և ներս հրավիրեց Կ֊ին։― Ներս եկեք։
Փաստաբանի աշխատասենյակն էր այդտեղ և ինչքան հնարավոր էր երեք մեծ պատուհաններից ներս թափանցած, հատակի վրա երեք քառանկյուն պատկերներ գծած լուսնի լույսի տակ իրերը զանազանել՝ սենյակը հին, ծանր կահույքով էր կահավորված։
― Այս կողմ։― Աղախինը ցույց տվեց փորագրված թիկնակով փայտե բազկաթոռը։ Երբ Կ֊ն արդեն տեղավորվել էր, շուրջը նայեց։ Մեծ, բարձր առաստաղով սենյակ էր։ Աղքատների շահերը պաշտպանող փաստաբանի այցելուները այստեղ իրենց պետք է որ ճնշված զգացած լինեին։ Կ֊ին թվաց, թե տեսնում է հզոր գրասեղանին մոտեցող այցելուների վեհերոտ քայելրը։ Հետո նա մոռացավ այդ պատկերն ու ուշադրություն դարձրեց միայն աղախնի վրա, որ կիպ նստել էր կողքին և նրան համարյա սեղմում էր արմնկակալին։
― Ես կարծում էի, թե Դուք ինքներդ կգաք, և ես ստիպված չեմ լինի դուրս կանչել Ձեզ։ Տարօրինակ է։ Ներս մտնելիս նապ անդադար նայում էիք, բայց հետո սպասեցնել տվեցիք։ Ի դեպ, ինձ Լեննի անվանեք։ ― Արագ և անմիջական ավելացրեց նա, կարծես խոսակցության ընթացքում ոչ մի մանրամասն չպետք է բաց թողնվեր։
― Հաճույքով,― ասաց Կ֊ն։― Ինչ վերաբերում է տարօրինակ լինելուն, Լեննի, ապա այն կարելի է հեշտ բացատրել։ Նախ, ես պարտավոր էի ականջ դնել ծերուկների շաղակրատանքին և չէի կարող առանց պատճառի դուրս գալ, հետո, ես ոչ թե անպատկառ եմ, այլ, ավելի շուտ՝ երկչոտ։ Դուք էլ, Լեննի, իսկապես, չէր թվում, թե Ձեզ կարելի է միանգամից նվաճել։
― Այդպես չէ,― առարկեց Լեննին, ձեռքը դրեց թիկնակին և նայեց Կ֊ին։― Բայց ես Ձեզ դուր չեկա և, հավանբար, հիմա էլ դուր չեմ գալիս։
― Դուր գալն այնքան էլ կարևոր չէ,― խուսափելով պատասխանեց Կ֊ն։
― Օհո՜,― ժպտաց Լեննին և Կ֊ի նկատողության ու այդ կարճ բացականչության շնորհիվ որոշակի առավելություն ձեռք բերեց։ Դա էր Կ֊ի որոշ ժամանակ լռելու պատճառը։ Քանի որ նա արդեն վարժվել էր մթությանը, կարող էր կահավորման որոշ մանրամասներ տարբերել։ Առանձնապես աչքի էր խփում դռան աջ կողմում կախված մեծ նկարը։ Ավելի լավ զննելու համար նա առաջ խոնարհվեց։ Նկարում դատավորի պարեգոտ հագած մի մարդ էր պատկերված․ նա նստել էր բարձր բազկաթոռին, որի ոսկեզօծ լինելը աչքի էր զարնում նկարից։ Անսովորն այն էր, որ այդ դատավորը ոչ թե հանգիստ ու արժանապատվությամբ էր նստել, այլ ձախ թևը ամուր հենել էր թիկնակին ու ձախակողմյան արմնկակալին, ազատ աջ ձեռքով այնպես էր սեղմել աջակողմյան արմնկակալը, կարծես վճռական որևէ բան հայտնելու կամ դատավճիռ կայացնելու համար հաջորդ իսկ ակնթարթին ուժեղ, թերևս ցասումնալից մի դարձով վեր ցատկել էր ուզում։ Նկարում երևում էին դեղին գորգով ծածկված աստիճանների վերին սանդղամատերը, իսկ մեղադրյալի ներկայությունը կարելի էր աստիճանների ներքնամասում ենթադրել։
― Սա իմ դատավորն է երևի։― Կ֊ն մատով ցույց տվեց նկարը։
― Ես ճանաչում եմ նրան։― Լեննին նույնպես նայեց նկարին։― Նա հաճախ է այստեղ գալիս։ Նկարը նրա երիտասարդ տարիքում է արված, սակայն նա դույզն իսկ չէր կարող նման լինել նկարին, որովհետև չափից դուրս փոքր է։ Չնայած դրան, նա կարգադրել էր այդպես բարձրահասակ պատկերել նկարում, որոհվետև այստեղ եկող բոլոր մարդկանց նման, կուրության ասնելու աստիճան մեծամիտ է։ Ի դեպ, ես նույնպես մեծամիտ եմ և խիստ դժգոհ եմ, որ բոլորովին դուր չեմ գալիս քեզ։