Այդ օրվանից աստղն ապրում է լճի վրա սպիտակ ջրաշուշանի տեսքով և հնդիկները Վահբերգվամի կամ Սպիտակ ծաղիկ են կոչում։
==Հիվանդություն և բժշկություն==
Մարդիկ և կենդանիները համերաշխ ապրում էին միասին այնքան ժամանակ, մինչև մի քանի ագահ հնդիկներ փորձեցին սպանել գազաններին, նրանց միսն ու մորթին վաճառելու համար։
Կուղբերը, սամույրները, եղջերուները և բիզոնները գնալով ավելի ու ավելի փոքրաթիվ էին դառնում։ Այդ պատճառով սպիտակարջը բոլոր կենդանիներին մի օր իր մոտ խորհրդակցության կանչեց։ Նրանք համաձայնության չէին գալիս այն հարցում, թե որն է մարդկանցից վրեժ լուծելու ամենալվ միջոցը։ Արջերը գտնում էին, որ հարկավոր է պատերազմ սկսել նրանց դեմ և այդ նպատակով նետեր ու աղեղներ էին պատրաստում, միայն թե գանգատվում էին, որ իրենց սուր ճանկերը խանգարում են նետն արձակելու։ Թռչուններն առաջարկում էին փախցնել նենգ որսորդների վիգվամները, իսկ կուղբերը գտնում էին, որ բավական է միայն նրանց մակույկների հատակին անցքեր բացել։
Ճանճերը ջանում էին հարցն ավելի հիմավոր լուծել և հուզված բզզում էին մոտակա ծառի վերևում։ Եվ երբ ոչ ոք այլևս նոր բան չառաջարկեց, ամենամեծ ու ամենախելամիտ ճանճը կանգնեց ծառին և հենվելով ձեռնափայտին, հավաքված կենդանիներին ասաց․
― Մենք պետք է Ոգուն խնդրենք, որ հիվանդություն թափի հնդիկների վրա։ Մենք ճանճերս հանձն ենք առնում տարածել այդ հիվանդությունը։
Բոլորը համաձայնեցին ճանճի առաջարկին։ Կենդանիները ցրվեցին իրենց տները անհամբերությամբ սպասելով, թե ինչ է տեղի ունենալու։
Այդպե՜ս էլ եղավ։ Շուտով հիվանդությունը մտավ հնդիկների գյուղերը։ Հիվանդությունը իր զոհերի մեջ խտրություն չէր դնում․ հարձակվում էր, ով պատահում էր իր ճանապարհին։ Ոչ մի հնդիկ այլևս որսի դուրս չէր գալիս։ Բոլորը անկողին էին ընկել, անկախ այն բանից լավն էին, թե վատը։
Կենդանիները տխրեցին, որովհետև չէին ցանկանում բոլոր հնդիկներին վնաս պատճառել։
Նրանք մտահոգվեցին և սկսեցին խորհուրդ հարցնել իրարից։ Այդ խորհուրդը լսվեց բոլորովին անսպասելի տեղից, խոտերի միջից։
― Մենք օժտված ենք բուժելու հատկությամբ,― ձայն տվեցին ծաղիկները։― Մենք իսկույն բուժում ենք հիվանդին։
Մարդիկ դուրս թափվեցին վիգվամներից և սկսեցին ուրց, տերեփուկ, ելակի թփեր, ձարխոտի բուժիչ արմատներ և շատ ուրիշ տեսակի բույսեր հավաքել, հուսալով, որ կբուժվեն։ Եվ երբ նրանք չէին կարողանում որոշել, թե ինչ բույս օգտագործեն տվյալ հիվանդության համար, ծաղիկների մեջ թաքնված փոքրիկ, բարի ոգին շշուկով հայտնում էր։
Այսպիսով, հայտնագործվեցին բուժիչ դեղեր։ Կարմրամորթները հասկացան, որ բնության մեջ եղած նույնիսկ ամենաաննշան բաները կարող են օգտակար լինել։
==Խատուտիկը==
Հյուսիսում ապրող երեխաները հաճախակի են հարցնում, թե ինչու Շավոնդազին՝ հարավային քամին, երկար չի մնում իրենց մոտ և ինչու հյուսիսային քամուն՝ Կաբիբոնոկային չի քշում դեպի իր ծննդավայրը՝ Սառույցի Երկիր հեռավր հյուսիսը։ Ինչ լավ կլիներ վայելել ամառվա հաճույքը ամբողջ տարին, բայց մեծերը այսպես էին բացատրում։
― Շավոնդազին գեր է և ծույլ, նրա ամբողջ զբաղմունքը պառկելն է ու ծխելը․ այդպես, նա հեռացնում է իրենց միայն իր սեփական վիշտը, բայց ոչ Կաբիբոնոկային։
― Իսկ ինչո՞ւ է հարավային քամին տխուր,― հետաքրքրվեցին երեխաները։
― Ինչո՞ւ է տխուր,― պատասխանեց ծերունիներից մեկը,― ես կպատմեմ։ Դա պատահել է այսպես․
― Բոլորիդ հայտնի է, որ Շաբոնդազին է բերում ամառը։ Մի անգամ, երբ նա դեռ երիտասարդ էր, պրերիայից նայում էր դեպի հյուսիսային կողմը։ Օդը հագեցած էր ամռան բուրմունքով, լսվում էր թռչունների ծլվլոցը։ Երկինքը պարզ էր, կապույտ, հրաշալի օր էր։
Հանկարծ նրա հայացքը կանգ առավ մի գեղեցիկ աղջկա վրա։ Աղջիկը մենակ կանգնած էր ծաղիկների մեջ, սլացիկ, ինչպես ինքը՝ ցողունը, մազերն այնքան փայլուն էին, որ Շավոնդազին կկոցեց աչքերը։
Շավոնդազիին չափազանց հրապուրեց այդ աղջիկը, բայց չկարծեք թե նեղություն կերց հետևել նրան։ Դեռ այն ժամանակվանից նա չափազանց ծույլ էր։ Միայն կանգնում էր և կլանված նայում այնքան, մինչև աչքերը դուրս էին պրծնում իրենց խոռոչներից։ Երբ արթնանում էր քնից, իսկույն հայացքն ուղղում էր դեպի մարգագետինը և զմայլվում գեղեցկությամբ։ Վերջապես նա սիրահարվեց այդ սքանչելի էակին։
Հաճախ նա գայթակղված ցանկանում էր գնալ գտնել իր սիրեցյալին, որը աչքերից չէր հեռանում, ցերեկային ի երազի նման, բայց անդրդվելի ծուլությունը հաղթում էր և նա նորից քուն էր մտնում։
Մի առավոտ, երբ նորից նայեց դեպի հյուսիս, հանկարծ նկատեց ոսկե մազերը, որ այնքան սիրում էր, դարձել էին արծաթյա, կարծեք թե ծածկվել էին եղյամով։
Իսկույն նա հիշեց Կաբիբոնոկային։ Եվ իսկապես, հյուսիսային քամին հրապուրել էր նրան իր գիշերային պատմություններով, կապել էր սառցի կապերով և մազերը եղյամով ծածկել։
Շավոնդազին ողբաց և սգաց դառնորեն, իրեն հանդիմանեց ծուլության համար։ Նա հառաչեց, հառաչեց մինչև իր տաք շունչը չցրեց հեռուները։ Հետո պրերիայում ձյունահողմ պայթեց և մի բան, սպիտակ ինչպես ձյուն, խոյացավ օդում։ Իսկ ինչ վերաբերում է աղջկան, նա անհետացավ ընդմիշտ։
― Ինչպե՞ս թե, ինչպե՞ս չքացավ,― հետաքրքրվեցին երեխաները։
― Լսեցեք, պատմեմ ձեզ,― ասաց ծերունին ժպտալով,― ինչպես տեսնում եք, մարգագետնում կանգնածը աղջիկ չի եղել, այլ դեղին խատուտիկ, բայց քանի որ Շավոնդազին ոչ միայն ծույլ էր, այլև զուրկ էր դիտողականությունից, նրան թվացել է, թե աղջիկ է։ Հետո խտուտիկը կորցրել էր իր ոսկյա ծաղիկները և մնացել արծաթյա մազերով։ Հարավային քամին կասկածեց Կաբիբոնկային և այնպես հառաչեց, որ խտուտիկի մազերը ցրվեցին ամբողջ պրերիայով մեկ։ Դրանից հետո, իհարկե, նրա մեղքն էր, բայց կարելի՞ էր արդյոք այդպիսի ծույլից, ինչպիսին Շավոնդազին էր, սպասել, թե նա գլուխ կցավեցնի և կթափանցի գործի էության մեջ։ Միայն հնդիկները գիտեն, որ երբ տխրություն է իջնում գյուղի վրա, Շավոնդազին է նորից տխրագին հառաչում կարոտելով իր սիրեցյալին, որը իր երևակայության ցնորքն էր միայն։