Անգամ նրա շնչառությունը չէի լսում, ու թեև նա քնած էր երեխայի պես լուռ ու անվրդով, բայց միևնույն է գիտեի, որ պառկած է կողքիս։ Ձեռքս մեկնելու ու նրա դեմքին կամ մետաքսե մազերին դիպչելու փորձն անիմաստ կլիներ, չէ՞ որ ձեռքեր չունեի այլևս, իսկ հուշերս միայն մտքիս հիշողություններն էին, այլ ոչ թե զգացմունքներիս, ու ուրվականի պես թափանցիկ էին դրանք` ոչ մի հետք չթողնող մաշկիս մեջ։
Ինչքա~ն Ինչքա՜ն հաճախ եմ ես քայլել գոյությանս ամենաեզրով, անվախ (հաստատ հարբած), անըմբռնելի հավասարակշռությամբ գնացել անդունդի վրայի նեղլիկ արահետով նպատակիս ընդառաջ, նպատակիս, որի գեղեցկությունը լուսավորում է ինքն իր դեմքը… Թափառել եմ լապտերների աղոտ լույսով ժլատ լուսավորված պուրակներով, որոնց արճճամոխրագույն եզրերը մի կերպ նշանագրում էին իրականության սահմանները, և թվում էր, միայն նրա համար, որ ավելի համառորեն հերքեին այն։ Ճիշտ կույրի պես, թափառում էի փողոցների անթափանց սևության մեջ, որտեղ վխտում էին մարդիկ, բայց և գիտեի, որ մենակ եմ, մենակ։
Միայնակ իմ գլխի հետ (նույնիսկ ոչ լրիվ գլխի, որովհետև բերանս, քիթս, աչքերս ու ականջներս մեռած էին), միայնակ` ուղեղիս հետ, որը փորձում էր հավաքել հիշողություններն այն երեխայի նման, որը հասարակ կուբիկներից թվացյալ անիմաստ պատկերներ է կառուցում։