'''16/9-1969թ․'''
==='''Ծնունդ'''===
Մեռնելուց առաջ ծերունին իր որդիներին նվիրեց ոչ թե երեք, այլ չորս բանալի ու ասաց, որ փնտրեն ողջ աշխարհը եւ գտնեն դռները։ Բոլոր տղաները միաբերան բացականչեցին, թե մենք կբացենք դռները։ Իսկ դռան բացելու միակ նպատակը այն էր, որ դուռը չէր բացվում։ Դե նրանք առայժմ թափանցիկ վարագույրներ էին, որոնք միայն լավն էին նկատում․․․
Եզը բառաչում էր ամպերում, իսկ մարդիկ ուտում էին երկինքը։ Տղաները գիտեին, որ եզը այլեւս չի ծնվի․․․
Ոչ ոք չէր ուզում ուտել եզան անպաշտպան միսը։ «Քելեխ․․․» Ոչ ոք չէր ուզում մեռնել․․․
Եւ իհարկե այս բոլորը ոչ մի կապ չունի այն կնոջ հետ, որը չէր ուզում ունենալ երրորդ երեխան ու գնաց բժշկի մոտ։ Վերջապես ինչու պիտի կապ չունենար, կամ թեկուզ ունենար․․․
Երեխան չծնվեց, բայց կարող էր ծնվել․․․
Նա կծնվեր ու կունենար չարաճճի մանկություն, պատանեկության տարիներին կաներ այնպիսի բաներ, որոնք կարելի էր անել ու հակառակը՝ կգրեր արձակ կամ բանաստեղծություններ, սովորականի պես չէր սիրահարվի, կամ կսիրահարվեր եւ հետո կդառնար հաշվապահ, կամ փոխգնդապետ, անկեղծորեն կմասնակցեր հոր թաղմանը եւ կապրեր մարդկային ճակատագրի բոլոր կանոններով․․․
Նա չծնվեց, քանի որ պիտի մեռներ եւ եթե վերջը վաղուց քեզ է փնտրում, միեւնույնը չէ, թե ինչպես ես գտնում այն։
Կարելի է հանգամանորեն պատմել, թե ինչպես ապրեց այն մարդը, որը չէր ծնվել։ Ամեն ինչ հետաքրքիր կլինի, քանի որ վերջում եզը պիտի բառաչի եւ բոլորս ուրախ կլինենք, որովհետեւ եզը չկա․․
Եւ միեւնույն ժամանակ կարելի է գրել մի երիտասարդի մասին, որը ամեն գիշեր քնում է եւ որը երբեք նամակ չի գրել Սանչոյին․․․
Կարելի է պատմել այն մարդու մասին, որը պատի վրա դուռ էր նկարել ու լաց էր լինում՝ հեռվից դիտելով, թե ինչպես մի երեխա ողջ ուժով հրում է այդ դուռը․․․
Գուցե ժամերով ծիծաղենք այն բանի վրա, որ վաղուց մահացած մի մարդ թեյը խմում էր ոչ թե երեք, այլ երկու կտոր շաքարով․․․
Սակայն կա մի մարդ, որն այս բոլորը ունի իր մեջ եւ նա հիմա սիգարետը ձեռքին հետապնդում էր հատակի վրայից վազող փոքրիկ սարդին։ Նա չգիտեր՝ սարդի թեւե՞րն էին վառվում, թե՞ ոտքերը, միայն գիտեր, որ սարդը այրվում է, չնայած չի ուզում այրվել։ Վերջապես միջատը հոգնեց կամ կարծես ձանձրացավ, բայց համենայն դեպս կծկվեց, չգիտենալով, որ քիչ այն կողմ անկողինն է, որի տակ կարելի էր թաքնվել։ Իսկ նա լրիվ այրեց սարդին ու չմտածեց որեւէ նմանություն գտնել միջատի եւ մարդու միջեւ։ Ուղղակի նրա մոտ հանգստացավ մարդ սպանելու կիրքը, ու հիմա կարող էր հանգիստ քնել․․․
Նա մոտեցավ պատուհանին՝ հետաքրքրությամբ դիտելով դիմացի ծառը ու ինքն իրեն ասաց․
―Ծառը ճիշտ է․․․
Ընդհանրապես նա մի մարդ էր, որը խոսում էր ունքերով։ Եւ այս երկու բառը շշնջալու ընթացքում տարբեր ձեւերով շարժեց ունքերը, ու դրա մեջ արվեստ կար․․․
Ծառը չլսեց, բայց տեսավ ու գոհ էր․․․
―Ծովը սխալ է,֊ նորից շշնջաց նա, եւ ունքերը հաստատեցին այդ։ Եւ, իսկապես, որտե՞ղ էր ծովը, ինչու՞ չկար․․․
Շրջակայքում ոչ մի եզ չէր բառաչում, սարդը վաղուց սատկել էր, եւ ժամանակն էր քնելու։
―Եւ նախքան այս ամենը վաղը նորից սկսելու փոխարեն, կարելի է չսկսել՝ այսինքն կարելի է տեսնել, թե ինչպես է ոչնչանում ողջ աշխարհը՝ թե ինչպես է այն սողալով մռնչում մարմնիդ բոլոր մասերի մեջ։ Դրա համար պիտի ունենալ մի ձիգ պարան, իսկ ծառը վաղուց սպասում է։
Այս բոլորը շատ գեղեցիկ կլիներ, եթե նա չմտածեր, թե ինչպես հաջորդ օրը մարդիկ պիտի տեսնեին, որ ինչ֊որ մեկը լվացքի պարանով կախվել է ծառից եւ օրորվում է քամուց։ Բայց չէ՞ որ այլեւս մարդիկ չէին լինի։
―Ինչպես թե մարդիկ չէին լինի,֊ շշնջաց նա ու հագնելով շորերը՝ շտապեց փողոց։
Նրան մոտեցավ հարբած մի մարդ ու հայտարարեց․
―Հասկացիր, եղբայր, մենք մեղավոր չենք․․․
―Այո,֊նորից ասաց նա։
Հարբածը, որը չափազանց շատ էր նման սովորական մարդու, շարունակեց․
―Բայց դու հասկանու՞մ ես, մենք մեղավոր չենք․․․
―Ոչ,֊վերջապես ամեն ինչ հասկանալով՝ ասաց նա։
Հարբածը, որը նաեւ սովորական մարդ էր, գոհ հառաչելով հեռացավ․․․
Իսկ նա վերադարձավ՝ նույնպես գոհ ամեն ինչից, հանեց շորերը ու քնեց․․․
Առավոտյան ուշ արթնացավ, հավաքեց ու դասավորեց իր թղթերը եւ շտապեց աշխատանքի։ Ներս մտավ գրասենյակ, ասաց՝ բարեւ Ձեզ, եւ նոր միայն նկատեց, որ աշխատողները անծանոթ մարդիկ են։ Բոլորը զարմացած նրան նայեցին, իսկ նա ուզեց գնալ դեպի իր տեղը, բայց սեղանը այնտեղ չէր։
―Ի՞նչ եք ուզում,֊ հարցրեց նրանցից մեկը։
―Ոչինչ, ես այստեղ աշխատում եմ,֊ ասաց նա։
―Երեւի նոր եք ընդունվել։
―Ոչ, ահա քանի տարի է՝ ես աշխատում եմ այստեղ,֊ ասաց նա մի տեսակ խեղճացած ու կարծես որպես ապացույց պայուսակից հանեց իր թղթերը։
Նորից բոլորն իրար նայեցին։ Իսկ նա շրջվեց զինվորականի պես ու դուրս գնաց, մտածելով, որ գուցե շփոթել է շենքը։
Բայց՝ ոչ, ահա այն կրպակը, որտեղից միշտ ծխախոտ եմ գնում, ահա ցայտաղբյուրը եւ, վերջապես, շրջակայքում բոլորը բնակելի շենքեր են։
Եւ նա սկսեց թափառել փողոցներով։ Դրանք բոլորն էլ ծանոթ փողոցներ էին, բայց հետո երեւացին ինչ֊որ նեղ, խուլ, անձայն ու լուսավոր փողոցներ։
Նա կանգ առավ, իրեն էին նայում, սակայն ինքը չէր տեսնում ու չափազանց շփոթված էր դրանից։ Վերջապես նկատեց՝ դա իրենից քիչ հեռու հուսահատված աչքերով, հյուծված, բայց հպարտ մի շուն էր։ Գեղեցիկ էր․․․ Եւ նրանք երկար նայեցին այդպես իրար․․․
Հանկարծ նա պոկվեց տեղից, մոտեցավ ու բռնեց շան կոկորդից, ձգեց ինչքան ուժ ուներ, եւ կոկորդը պոկվեց։ Շան հայացքը չփոխվեց։ Նա վաղուց էր սատկել։ Նրա մատները նորից ձգեցին շան կոկորդը, ու այս անգամ այն լրիվ պոկվեց՝ մնալով ձեռքերի մեջ։ Արյուն չհոսեց։ Իսկ նա բարձրացրեց կոկորդը ու պահեց արեւի դիմաց։ Կրճիկները անդրադարձրին արեւի ճառագայթները։ Դրանք գեղեցիկ կրճիկներ էին, համաչափ դասավորված, խմորված չկաթող արյամբ, ունենալով իրենց մեջ ծիածանի բոլոր անհետացող գույները եւ էլի ունենալով շատ֊շատ լավ բաներ, որոնք հնարավոր են միայն կապույտ երկնքի դեպքում․․․
Իսկ եթե շունը արդեն սատկել էր, երբ ես մոտեցա, իսկ եթե հանկարծ մարդիկ չնկատեն, որ ինչ֊որ մեկը լվացքի պարանով կախվել է ծառից եւ օրորվում է,֊ այդ բանը երբեք չէր անցել նրա մտքով։ Բայց այդ միտքը երկար չզբաղեցրեց նրան, քանի որ նորից մտածեց, թե մարդիկ այդ ժամանակ չեն լինի․․․
Իսկ կոկորդը փայլփլում էր արեւի տակ ու կրճիկները անհոգորեն, ինչպես ծուխ, կլանում էին ճառագայթները։ ինչքան ծուխ էր հարկավոր այդ կոկորդին, դառը ծուխ․․․
Արդեն մայրամուտ էր, ու արեւի դիմացը փակող շենքի մի քանի պատուհաններում լույս էր վառվում։ Դրանք վերեւի հարկի տարբեր ծայրերում գտնվող երկու պատուհաններն էին, մեջտեղի հարկի մեջտեղի պատուհանը եւ առաջին հարկի երեք պատուհանները։ Շենքը նայում էր, եւ դա այն հայացքն էր, որով նայում էին գրասենյակի մարդիկ։ Իսկ շենքը բնակելի էր ու ոչ մի ազատ սենյակ չկար։ Գոնե պահակի այս փոքրիկ տնակը տային իրեն։ Եւ նա ինչպես կհսկեր նվերների խանութը։ Բայց շուտով այդ փոքրիկ տնակում նույնպես լույս վառվեց, ու նա իր ձեռքում ավելի պինդ սեղմեց կոկորդը։ Հետո շպրտեց այն թղթերը, որոնց վրա շատ թվեր կային եւ շարունակեց քայլել։
Նա քայլերն ուղղեց դեպի իր տունը։ Ծառը տեղում էր, ու նա թակեց դուռը։ Բաց արեց մի ծերունի եւ զարմացած նայեց նրան ու կոկորդին։ Այստեղ նույնպես ամեն ինչ գրասենյակ էր, եւ նա, հասկանալով այդ, հեռացավ․․․
Վաղը նրա ծննդյան օրն էր, ու չէին լինելու ծաղիկներ, ու ոչ ոք չգիտեր այդ տոնի մասին, ու չէր բառաչելու ոչ մի եզ․․․
Հաջորդ առավոտյան մարդիկ դուրս եկան բնակելի շենքերից ու տեսան, որ ծառի վրա լվացքի պարանից կախված օրորվում էր մի կոկորդ․․․
'''9/12-1970թ․'''