Խավարի միջից եկավ մի բարակ կաղկանձ, նրանց լեղապատառ նետելով իրար գիրկը։ Կաղկանձը սաստկացավ, հեռավոր ու անդրերկրային, ապա վերածվեց անկապակցված քրթմնջոցի։ Փըրսիվալ Վիմզ Մեդիսընը, ծխական քահանայի տնից, Հաքըթ Սենթ Անթընի, բարձր խոտերի մեջ պառկած, ապրում էր այն արհավիրքը, որի դեմ անզոր է նույնիսկ անգիր արված հասցեի կախարդանքը։
=Վեցերորդ գլուխ։ Երկնքի գազանը=
Մնաց միայն աստղերի լույսը։ Երբ սարսռազդու այդ ձայնի աղբյուրը պարզվեց և Փըրսիվալը նորից հանգստացավ, Ռալֆն ու Սայմոնը նրան անշնորհք գրկեցին և տեղափոխեցին քոլիկը։ Չնայած իր մեծ-մեծ խոսքերին, Խոզուկը մի քայլ հետ չէր մնում և, մանուկին տեղավորելով, նրանք միասին մտան մյուս քոլիկը։ Չոր տերևներն անհանգիստ խշխշացնելով, նրանք երկար նայում էին ծովախորշի կողմը բացվող աստղազարդ ելքին։ Մյուս քոլիկներում մերթ ընդ մերթ ճչում էին փոքրիկները, և մի անգամ քնի մեջ խոսեց մեծերից մեկը, քիլ անց նրանք նույնպես քնեցին։
Հորիզոնից նոր ծագած արծաթե լուսինն այնքան փոքր էր, որ հազիվ էր ջրին փռում լուսավոր կածանը, սակայն երկնքում ուրիշ լույսեր կային, որոնք խոյանում էին, թարթում կամ հանգում, թեև տասը մղոնանոց բարձունքում ընթացող այդ ճակատամարտից անգամ թույլ դմփոց ներքև չէր հասնում։ Բայց և այնպես մեծերի աշխարհից մի նշան այնուամենայնիվ տեղ հասավ, չնայած երեխաներից ոչ մեկն արթուն չէր այն տեսնելու համար։ Հանկարծակի պայծառ մի պայթյուն երկնքում գալարվող հետք գծեց, և նորից տիրեցին խավարն ու աստղերը։ Կղզու վրա երկնքում ուրվագծվեց չնչին մի կետ՝ արագ իջնող անկարգելից կախ ընկած մի անկամ կերպարանք։ Տարբեր բարձրություններում փոխվող քամիները կամովի դես ու դեն էին շպրտում նրան։ Ապա, երեք մղոն բարձրության վրա, քամին կայունացավ և, երկնքով մեկ, խութերի ու ծովախորշի վրայով, այն կորագծով նետեց սարի վրա։ Մարմինն ընկավ և կուչ եկավ սարալանջի կապույտ ծաղիկների մեջ, բայց այստեղ էլ էր քամի բարձրացել՝ անկարգելն ուռեց, սկսեց թպրտալ ու ձգել։ Մարմինը շարժվեց սարն ի վեր, ոտքերը հետևից թավալ տալով։ Մետր առ մետր, քամու ամեն փչոցից, այն քարշ էր գալիս կապույտ ծաղիկների մեջ, ապառաժների ու կարմիր քարերի վրայով, մինչև որ հանգրվանեց գագաթի ժայռաբեկորների միջև։ Այստեղի ընդհատ քամին փաթաթեց և իրար խառնեց անկարգելի ճոպանները, և մարմինը, սաղավարտով գլուխը ծնկներին հենած, նստեց, կախվելով այդ խճճված ցանցից։ Քամու ամեն պոռթկումից ճոպանները ձգվում էին ու կրծքավանդակը գլխի հետ վեր քաշում, ասես այն սարի ծերպից դուրս նայեր։ Քամին նստելուն պես իրանը թուլանում էր ու նորից առաջ ընկնում, գլուխը թեքելով ծնկներին։ Այդպես, աստղերի պտույտի ներքո, սարի գագաթին նստած այդ կերպարանքը շարունակ խոնարհվում էր, ապա շտկվում ու նորից խոնարհվում։
Լուսադեմի մթության մեջ սարի լանջով քիչ ներքև ձայներ լսվեցին։ Չոր տերևների կույտից դուրս գլորվեցին երկու տղա, քնկոտ, քչփչացող երկու աղոտ ստվեր։ Դրանք խարույկի մոտ հերթապահող երկվորյակներն էին։ Տեսականորեն նրանցից մեկը պիտի քնած լիներ, մինչ մյուսը՝ հերթապահեր, բայց նրանք երբեք ոչինչ գլուխ չէին բերում իրարից անկախ։ Եվ քանի որ ամբողջ գիշերն արթուն մնալն անկարելի էր, ապա նրանք միասին էլ քնել էին։ Հորանջելով ու աչքերը տրորելով, նրանք այժմ մոտենում էին խարույկից մնացած մոխրակույտին։ Տեղ հասնելով, նրանք դադարեցին հորանջել, և մեկն իսկույն ևեթ վազեց չոր տերևներ ու ցախ բերելու։
Մյուսը ծունկի իջավ։
— Ոնց որ թե լրիվ հանգել է։
Նա եղբոր բերած փայտերից մեկով մոխիրը խառնեց։
— Չէ։
Գետնին պառկելով, նա շուրթերը համարյա հպեց մոխրին ու թեթևակի փչեց։ Կարմիր փայլն ուրվագծեց նրա դեմքը։ Նա մի պահ դադարեց փչել։
— Սամ, հիմա մեզ․․․
— ․․․ մարխ է պետք։
Էրիքը կռացավ և շարունակեց փչել, մինչև որ բավական մեծ, պայծառ մի կետ գոյացավ։ Սամն այնտեղ դրեց մարխը, և վրայից մի ճյուղ։ Քիչ անց ճյուղը բոցավառվեց։ Սամը նոր ճյուղեր ավելացրեց։
— Բոլորը չդնես,— ասաց Էրիքը,— շատ ես ավելացնում։
— Բա չտաքանա՞նք։
— Տաքանալու համար էլի պիտի բերենք։
— Մրսեցի։
— Ես էլ։
— Համ էլ․․․
— ․․․ մութ է։ Լավ, գնամ բերեմ։
Էրիքը պպզած նայում էր, թե ինչպես է Սամը խարույկը շարում։ Նա չոր փայտից փոքրիկ մի վրան դարսեց, և շուտով արդեն կրակն ապահով վառվում էր։
— Մի քիչ էլ որ ուշանայինք․․․
— Էլ մի ասա։
— Քթներիցս կբերեր։
— Ոնց էր փրփրելո՜ւ։
Մի քանի վայրկյան երկվորյակները լուռ նայում էին կրակին։ Ապա Էրիքը փռթկաց։
— Ոնց որ էն անգամ։
— Հա, բանի պատճառո՞վ․․․
— ․․․ խոզի ու խարույկի։
— Լավ է մեզ բան չասեց, Ջաքի վրա գցվեց։
— Ըհը։ Դպրոցի հերսոտ Բիձուն հիշո՞ւմ ես։
— Պատանյակ, դուք-ինձ-խելա-գարության-դուռը-կհասցնեք։
Երկվորյակները միանման քրքջացին, բայց խավարը և էլի ուրիշ բաներ հիշելով, վախվորած նայեցին շուրջը։ Խարույկի բոցկլտացող բուրգը նորից ձգեց նրանց հայացքները։ Էրիքը, նայելով փայտոջիլներին, որոնք գլխակորույս ու ապարդյուն փորձում էին կրակից խույս տալ, հիշեց առաջին օրվա հրդեհը, հենց այնտեղ, ներքևում, ուր հիմա կատարյալ խավար էր տիրում։ Այդ հիշողությունը նրա դուրը չեկավ, և նա հայացքը թեքեց սարի գագաթին։
Խարույկը շոգ էր ճառագում ու ջերմացնում նրանց դեմքերը։ Սամը զբաղված էր կրակի մեջ հնարավորին չափ ճյուղեր դարսելով։ Էրիքը ձեռքերը պարզել ու փորձում էր գտնել այն կետը, որից այն կողմ ձեռքը պահելն անհնար էր։ Պարապ հայացքը սահեցնելով խարույկից անդին, նա սկսեց ցիրուցան ապառաժների տափակ ուրվագծերին մտովի հաղորդել ցերեկային լույսի տակ ստացվող ծավալները։ Ահա այն մեծ ժայռը, երեք քարը, կողքը մյուս երկփեղկված ժայռը, տակի ճեղքը, որի մեջ․․․
— Սամ։
— Ի՞նչ կա։
— Հեչ։
Բոցը խժռում էր ճյուղերը, կեղևը գալարվում էր ու պոկվում, ճարճատում էր փայտը։ Փոքրիկ վրանը փլվեց, լույսի տակ լայն շրջան նետելով ժայռերին։
— Սամ․․․
— Հը՞։
— Վա՜յ, Սա՛մ, Սա՛մ։
Սամը զայրացած նայեց եղբորը։ Էրիքի մի կետին գամված սևեռուն հայացքը սարսափեցրեց Սամին, քանի որ այդ կետն իր հետևում էր։ Նա շրջանցեց խարույկը, պպզեց էրիքի կողքին և վեր նայեց։ Նրանք քար կտրեցին, պինդ սեղմելով իրար արմունկները՝ չորս անթարթ աչք ու երկու բացված բերան։
Ներքևում անտառը խշշաց և սկսեց շառաչել։ Մազերը թռան նրանց ճակատներից, խարույկի բոցը բեկվեց ու քսվեց հողին։ Տասնհինգ մետրի վրա լսվեց ծալքերը բացող պաստառի տրոփյունը։
Տղաներից ոչ մեկը չճչաց, բայց նրանց ձեռքերն ավելի խորը խրվեցին իրար արմունկները, իսկ կզակներն ավելի կախվեցին։ Մոտ հինգ վայրկյան նրանք այդպես պպզած էին, մինչ խարույկը ծխում էր, կայծեր արձակում ու թրթռուն լույսի ալիքներ ուղարկում սարի գագաթին։
Ապա, ասես, կիսելով միևնույն ահաբեկված գիտակցությունը, նրանք ետ-ետ սողացին քարերի վրայով ու փախան։
Ռալֆը երազ էր տեսնում։ Նա վերջապես խորը քուն էր մտել, չոր տերևներում ըստ երևույթին ժամերով շուռումուռ գալուց հետո։ Մյուս քոլիկներից լսվող մղձավանջային ձայները նրան արդեն չէին հասնում, նա վերադարձել էր այնտեղ, որտեղից եկել էր՝ պարտեզի ցանկապատի վրայով շաքար էր կերակրում փոքրիկ ձիուկներին։ Հետո նրա ուսից քաշեցին, ասելով, որ թեյելու ժամանակն է։
— Ռալֆ, զարթնի։
Տերևները ծովի պես շառաչեցին։
— Զարթնի, Ռալֆ։
— Ի՞նչ է եղել։
— Մենք գազանին․․․
— ․․․ տեսանք․․․
— ․․․ ուղիղ քթներիս տակ։
— Ո՞վ տեսավ․․․ Ջուխտակ, դուք եք։
— Որ չտեսանք․․․
— Սուս մնացեք։ Խոզո՛ւկ։
Տերևները շարունակում էին շառաչել։ Մթան մեջ Խոզուկին բամփվելով, նա դիմեց դեպի դեռևս աստղազարդ ելքը։ Երկվորյակներից մեկը նրա ձեռքից բռնեց։
— Էնտեղ մի գնա, սիրտդ կտրաքի։
— Խոզուկ, նիզակներն ի՞նչ եղան։
— Վա՜յ, լսեցի՞ք․․․
— Սո՛ւս մնացեք, պառկե՛ք։
Նրանք պառկեցին, սկզբից կասկածանքով, ապա՝ զարհուրելով, ունկնդրելով լռության երկար պահերով ընդմիջվող երկվորյակների կիսաձայն նկարագրությանը։ Խավարը լցվեց անորոշությամբ, չարիքով, ժանիքներով ու ճանկերով։ Լուսաբացը տանջալի երկար էր տևում, դանդաղ խունացնելով աստղերը, մինչև, վերջապես, առավոտյան դալուկ լույսը ծորաց նաև քոլիկից ներս։ Նրանք սկսեցին շարժվել, չնայած դրսի աշխարհը դեռևս սպառնում էր անասելի փորձանքներով։ Խավարի մուժն արդեն տրոհվում էր հեռվի ու մոտիկի, բարձր երկնքում կախված ամպիկները ջերմ գույն էին առնում։ Մի միայնակ ծովային թռչուն խռպոտ ճիչով թռավ երկինք, և ամեն կողմից արձագանքներ լսվեցին, անտառում ինչ-որ բան ծղրտաց։ Հորիզոնին փռված ամպերի պատառները ներծծվեցին վարդագույնով, և արմավների փետրոտ կատարները նորից կանաչեցին։
Ռալֆը ծունկի իջավ ելքի մոտ և զգուշորեն շուրջը նայեց։
— Սամ ու Էրիք։ Ժողովի կանչեք դրանց, շո՛ւտ։ Շատ աղմուկ չանեք։
Երկվորյակները, դողդողալով և իրար քսվելով, հաղթահարեցին մինչև հարևան քոլիկն ընկած մի քանի քայլն ու բոթը տարածեցին։ Ռալֆը, արժանապատվությունը պահպանելով, ոտքի ելավ և քայլեց դեպի հարթակը, չնայած սիրտը փորն էր ընկել։ Նրան հետևեցին Խոզուկն ու Սայմոնը, մյուսները։
Ռալֆը փայլեցված նստատեղից խեցին վերցրեց և մոտեցրեց բերանին, բայց վարանեց և չփչեց։ Փոխարենը նա խեցին վեր բարձրացրեց, բոլորին ցույց տալով, և նրանք հասկացան։ Հորիզոնից ելնում էին արևի հովհարաձև ճառագայթներն ու սփռվում նրանց աչքերի մակարդակին։ Ռալֆը հայացքը դարձրեց ոսկու ընդարձակվող պռնկին, որն աջից լույս էր ճառագում ու կարծես սիրտ տալիս։ Նրա առջև որսորդական նիզակների փշերը տնկած տղաների խումբն էր։
Ռալֆը խեցին հանձնեց երկվորյակներից ամենամոտ կանգնած Էրիքին։
— Մենք էդ գազանին մեր աչքով տեսանք։ Չէ, քնած չէինք․․․
Սամը շարունակեց։ Խեցին երկուսին էլ խոսելու իրավունք էր տալիս, այդպես էր կարգը, քանզի նրանց անբաժան ինքնությունն արդեն անառարկելի ճանաչում էր գտել։
— Բրդոտ էր ու գլխի հետևն էլ մի բան էր շարժվում, ոնց որ թևեր լինեին․․․ Ինքն էլ էր շարժվում․․․
— Թուքս չորացել էր, մեկ էլ տեսնեմ, կարծես թե նստեց։
— Խարույկը լավ լույս էր գցում․․․
— Նոր էինք վառել․․․
— ․․․ ցախ ավելացրել․․․
— Համա թե աչքեր ուներ․․․
— Ատամներ․․․
— Ճանկեր․․․
— Թողինք ու տռճիկ տվինք․․․
— Հա՛ ստեղընդեղ էինք խփվում․․․
— Գցվեց մեր հետևից։
— Ծառերի հետևն էր մտնում․․․
— Քիչ էր մնում ինձ ճանկեր․․․
Ռալֆը վախեցած մատնացույց արեց Էրիքի դեմքը, որը մացառներից քերծոտված էր։
— Էդ ի՞նչ օրն ես ընկել։ Էրիքը դեմքը շոշափեց։
— Բան չկա։ Հո արյուն չի՞ գալիս։
Տղաների շրջանն ահաբեկված ընկրկեց։ Փոքրիկ Ջոնին հորանջելու կեսից սկսեց բարձրաձայն զռալ, և Բիլը նրան ապտակեց, որ ձայնը կտրի։ Պայծառ առավոտը սպառնալքով լի էր, և տղաների շրջանակը սկսեց փոխվել։ Ներս նայելու փոխարեն բոլորն այժմ իրենց հայացքները դուրս էին դարձրել, փայտյա սուր նիզակներով ցանկապատվելով։ Ջաքը նորից ներս հրավիրեց նրանց ուշադրությունը։
— Համա թև որս է լինելու, հա՜։ Ո՞վ է գալիս։
Ռալֆն անհանգիստ շարժվեց։
— Էս փայտե նիզակներով ո՞ւր ենք գնում, լուրջ մտածի։
Ջաքը քմծիծաղ տվեց։
— Վախեցա՞ր։
— Էլի որ, ո՞վ չի վախենում։
Նա հուսախաբվելու ակնկալությամբ նայեց երկվորյակներին։
— Դուք հո մեզ ձեռ չե՞ք առնում։
Նրանք ըմբոստացան, ոչ մի կասկած չթողնելով։
Խոզուկը խեցին վերցրեց,
— Իսկ չի՞ լինի տեղներս հանգիստ վեր ընկնենք։ Մեկ էլ տեսար, գազանն էստեղ իսկի չի էլ գալիս․․․
Ռալֆը քիչ էր մնում նրա վրա գոռար, բայց այն զգացումը, թե ինչ-որ մի բան նրանց հետևում է, կասեցրեց նրան։
— Մնանք էստե՞ղ։ Խցկվենք էս պուճախն ու տակներս լցրած սպասենք, հա՞։ Բա ուտելիք ո՞նց ենք ճարելու, բա խարո՞ւյկը։
— Վեր կացեք գնանք,— անհամբեր ասաց Ջաքը,— իզուր տեղը ժամանակ ենք կորցնում։
— Իզուր տեղը չի։ Փոքրերին ի՞նչ ենք անում։
— Բա մեզ պե՛տք են փոքրերը։
— Մեկը պիտի նրանց նայի։
— Մինչև հիմա ո՞նց էին յոլա գնում։
— Մինչև հիմա ուրիշ էր։ Հիմա արդեն պետք է։ Թող Խոզուկը մնա հետները։
— Բա ո՜նց, հանկարծ Խոզուկին մի բան չպատահի։
— Խելք ունեցի։ Ինքը մի աչքով ի՞նչ կարա անի։
Մնացած տղաները հետաքրքրությամբ նայում էին մեկ Ջաքին, մեկ Ռալֆին։
— Ու մի բան էլ։ Էս անգամ սովորականի պես որս անել չեք կարա, որտև էդ գազանը հետքեր չի թողնում։ Որ թողնողը լիներ, կտեսնեիք։ Էնպես որ ինքը կարող է ծառից-ծառ թռնի, էն բանի պես, ո՞նց էր անունը․․․
Բոլորը գլխով արին։
— Էստեղ մտածել է պետք։
Խոզուկն ակնոցը հանեց և մաքրեց միակ ապակին։
— Ռալֆ, բա մե՞նք։
— Առանց փողի մի խոսի, առ։
— Մե՞նք ինչ անենք։ Բա որ էդ գազանն առանց մեզ հանկարծ գա։ Ես լավ չեմ տեսնում, իսկ որ վախեցա․․․
Ջաքը արհամարհանքով ընդհատեց։
— Իսկ ե՞րբ չես վախենում, որ։
— Փողը ես եմ բռնել։
— Դու էլ, քո փողն էլ,— բացականչեց Ջաքը,— էդ փողն էլ ոչ մեկին պետք չի։ Առանց դրա էլ գիտենք ով պիտի բան ասի։ Սայմոնի խոսելուց ի՞նչ օգուտ եղավ, կամ Բիլի, կամ Վոլթըրի։ Լավ կլնի ոմանք բերանները փակ պահեն ու հարցեր լուծելու մեջ քթները չկոխեն։
Ռալֆն այլևս անկարող էր դրան դիմանալ։ Արյունը խփել էր նրա դեմքին։
— Փողը դու չես բռնել, նստի տեղդ։
Ջաքը գունատվեց, հստակ դարչնագույն կետերով երևացին նրա պեպենները։ Նա շուրթերը լիզեց և մնաց կանգնած։
— Էս գործը որսորդի գործ է։
Մնացած տղաները ալքերը չորս արած սպասում էին։ Խոզուկը շառից հեռու խեցին սահեցրեց Ռալֆի ծնկներին և նստեց տեղը։ Լռությունը սկսեց ճնշող դառնալ։ Խոզուկը շունչը պահեց։
— Էս մենակ որսորդի գործ չի,— վերջապես ասաց Ռալֆը,— որտև գազանը հետքեր չի թողնում։ Հետո ի՞նչ է, չե՞ս ուզում, որ քեզ փրկեն։
Նա դիմեց ժողովին։
— Չեք ուզո՞ւմ, որ ձեզ փրկեն։
Ու նորից նայեց Ջաքին։
— Ես միշտ ասել եմ, որ խարույկից կարևոր բան չկա։ Ով գիտի հիմա հանգած էլ լինի․․․
Հին կատաղությունը նրան գրոհելու նոր ուժ տվեց։
— Ես չեմ հասկանում, հե՞չ մեկդ խելք չունի։ Չե՞ք տեսնում, որ պետք է խարույկը վառենք։ Մտքովդ չի էլ անցել, չէ՞, Ջաք։ Կարո՞ղ է պատահի ու մեկդ փրկվել չեք ուզում։
Անշուշտ, ո՞վ չէր ուզենա փրկվել, դրանում ոչ մի կասկած չկար, և ժողովը հաղթահարեց այս ճգնաժամը, հակվելով Ռալֆի կողմը։ Խոզուկն աղմուկով շունչը դուրս թողեց և բերանը բացեց, որ նոր շունչ քաշի, բայց չկարողացավ։ Բերանը լայն բաց, նա ընկավ գերանի կողքին, նրա շուրթերը կապտեցին։ Ոչ ոք նրան ուշադրություն չդարձրեց։
— Լավ մտածի, Ջաք։ Էս կղզում մի տեղ կա՞, որ եղած չլինես։
Ջաքը դժկամորեն պատասխանեց։
— Դե որ լինի էլ․․․ Հա, հիշո՞ւմ ես, էն կղզու պոչում, որ քարափներն իրար են դիզված։ Ես էն կողմերում եղել եմ, քարից ոնց որ կամուրջ լինի սարքած մինչև էդ տեղը։ Մենակ էդպես կլինի բարձրանալ, ուրիշ ճամփա չկա։
— Կարող է հենց էդտեղ էլ ապրի։
Բոլորը միանգամից սկսեցին խոսել։
— Հանգիստ։ Էնտեղ էլ կփնտրենք։ Եթե գազանն էնտեղ չլինի, սարը կբարձրանանք ու էլի կնայենք, համ էլ խարույկը կվառենք։
— Դե գնացինք։
— Սկզբից պետք է ուտել։— Ռալֆը դադար արեց։— Լավ կլինի նիզակներն էլ վերցնենք։
Ուտելուց հետո Ռալֆը մեծերին առաջնորդեց ծովափի երկայնքով։ Խոզուկին այդպես էլ թողեցին հարթակում ընկած։ Օրը խոստանում էր, մյուսների պես, կապույտ գմբեթի տակ քարաբաղնիս լինել։ Լողափը կորագծով երկարում էր նրանց առջև, մինչև որ հեռանկարում միաձուլվում էր անտառին։ Լիիրավ ցերեկը նոր էր միայն սկսվում, և հեռուն դեռ չէր շղարշվել տեսլային մուժով։ Որպես ճանապարհ, Ռալֆի պնդումով, ափամերձ շիկացած ավազի փոխարեն նրանք ընտրեցին արմավների դարավանդի եզրը։ Նա թողեց, որ առջևից գնա Ջաքը, որն իր ամեն քայլն անում էր սարքովի զգուշավորությամբ, չնայած թշնամուն կարելի էր քսան մետրից էլ տեսնել, Ռալֆը քայլում էր վերջից, շնորհակալ լինելով, որ գոնե ժամանակավորապես ազատվել է պատասխանատվությունից։
Սայմոնը քայլում էր Ռալֆի առջևից ու տարակուսում՝ սարի գլխին նստած սոսկալի մագիլներով մի գազան, որը հետքեր չի թողնում, ու հանկարծ չկարողանա Սամներիքին հասնե՞լ։ Ինչքան էլ Սայմոնն այդ գազանի մասին մտածեր, նրա երևակայությանը մարդ էր ներկայանում՝ հերոսական ու հիվանդագին։
Նա հառաչեց։ Ուրիշները հեշտ ու հանգիստ վեր էին կենում ու ժողովի առաջ ելույթ ունենում, ակնհայտորեն չկաշկանդվելով սոսկալի ճնշող ամոթից, ու խելքներին ինչ փչի ասում էին, կարծես միայն մեկի հետ խոսեին։ Նա մի կողմ քաշվեց և հետ նայեց։ Նիզակն ուսին դրած մոտենում էր Ռալֆը։ Ոտքը կախ գցելով, Սայմոնը շուտով արդեն քայլում էր Ռալֆի կողքից, աչքերը ծածկող կոշտ սև մազերի տակից նրան ներքևից-վերև նայելով։ Ռալֆը մի պահ դարձավ նրա կողմը, բռնազբոսիկ ժպտաց, ասես չհիշելով, թե Սայմոնն ինչպես էր ժողովի առաջ ապուշ կտրել, և նորից հայացքը թեքեց։ Սայմոնը երջանիկ էր, որ իրեն չեն վանել։ Ինքնամոռաց շարունակելով քայլել, նա խփվեց ծառին։ Ռալֆը անհամբեր մի կողմ նայեց, իսկ Ռոբերտը չարախինդ փռթկաց։ Սայմոնը հետ թռավ, կարմրած ճակատից սկսեց արյուն կաթել։ Ռալֆն ուշադրությունը Սայմոնից շեղեց իր անձնական ցավերին։ Վաղ թե ուշ նրանք կհասնեին այդ բերդին, և առաջնորդը պետք է հանձն առներ իր պարտականությունները։
Ջաքը հետ ընկավ և հասավ նրանց։
— Արդեն հասնում ենք։
— Տեսնես ինչքա՞ն կարանք մոտենալ։
Նա Ջաքի հետ առաջ ընկավ։ Բերդի մատույցներում գետինը թեթևակի բարձրանում էր, աջից ծառերի ու լիանաների անանցանելի պատ էր։
— Հանկարծ ու դրանց մեջ լինի։
— Չի լինի, տեսնում ես անցնելու տեղ չկա։
— Ուրեմն բերդո՞ւմ։
— Տեսնենք։
Ռալֆը ձեռքով կիսեց խոտերի պատնեշը և դուրս նայեց։ Մնացել էր մի փոքր քարքարոտ տարածություն, որից հետո կղզու երկու կողմերն իրար էին միանում, ու պետք էր որ ավարտվեին սուր ծայրով կամ հրվանդանով։ Դրա փոխարեն ծովի մեջ մխրճվում էր մի նեղ քարափ, մի քանի մետր լայնությամբ և մոտ տասնհինգ՝ երկարությամբ։ Այն ավարտվում էր վարդագույն, վիթխարի այն բազմանիստերից մեկով, որոնք ընկած էին ամբողջ կղզու հիմքում։ Բերդի մերձափնյա կողմը, մոտ երեսուն մետր բարձրությամբ, հենց այն ամրոցն էր, որը նրանք տեսել էին սարի գագաթից։ Ժայռի մակերևույթը ճաքճքած էր, վերևում երերուն բեկորներ էին կիտված։
Բարձր խոտերի միջով նրանց հասան որսորդներն ու կանգ առան։ Ռալֆը նայեց Ջաքին։
— Որսորդը դու ես։
Ջաքը կարմրեց։
— Գիտեմ։ Գնացի։
Ինչ-որ բան Ռալֆի խորքից նրան ստիպեց ասել։
— Ես էլ առաջնորդն եմ, ես կգնամ։ Էլ չխոսես։
Նա դարձավ մնացածի կողմը։
— Էստեղ դարան մտեք ու սպասեք ինձ։
Ձայնը նրան չէր ենթարկվում, քիչ էր մնում կտրվեր կամ չափից շատ բարձր դուրս գար։ Նա նայեց Ջաքին։
— Ուրեմն ասում ես․․․
Ջաքը մրթմրթաց։
— Ամեն տեղ նայել եմ։ Պտի որ ստեղ լինի։
— Դե լավ։
Սայմոնը շփոթված մրմնջաց․
— Ճիշտն ասած, հավատալս չի գալիս, թե էդ գազանը կա։
Ռալֆը նրան պատասխանեց քաղաքավարի, ասես եղանակը քննարկելիս։
— Ընդհանուր առմամբ՝ իհարկե։
Ռալֆի գունատ շուրթերը բարակել էին։ Նա դանդաղ հետ քաշեց ճակատի մազերը։
— Դե լավ։ Առայժմ։
Նա իր ոտքերին ստիպեց շարժվել, մինչև որ հայտնվեց նեղլիկ պարանոցի վրա։
Չորս կողմից դատարկ օդի անդունդներ էին։ Թաքնվելու տեղ չկար, նույնիսկ եթե ստիպված չէինեիր առաջ գնալ։ Նա հապաղեց ու ներքև նայեց։ Շուտով, մի քանի դար անց, ծովն այս բերդը կղզու կվերածեր։ Աջից ծովախորշն էր, որն առնչվում էր արձակ ջրի ալիքներին։ Ձախից․․․
Ռալֆը սրթսրթաց։ Ծովախորշը մինչ այդ պաշտպանել էր նրանց Խաղաղականից՝ չգիտես ինչու միայն Ջաքն էր իջել կղզու մյուս ափը։ Այժմ նա ինքը ցամաքից տեսավ օվկիանոսը՝ այն շնչում էր զարմանահրաշ կենդանի մի էակի պես։ Ջուրը դանդաղ իջնում էր ժայռերի միջև, մերկացնելով գրանիտե վարդագույն սալերը, մարջանի, պոլիպների ու ջրիմուռների արտառոց գոյացությունները։ Ջուրն անվերջ իջնում էր ու իջնում, անտառի սաղարթը շարժող հովի պես շրշալով։ Ներքևում մի սեղանաձև հարթ սալ կար, ջուրը չորս կողմից ծծվեց նրա տակը, մամռոտ եզրերը թացելով։ Ապա քնած լևիաթանն արտաշնչեց՝ օվկիանը բարձրացավ, ջրիմուռները փռվեցին մակերեսին, ջուրը շռնդալով եռաց սեղանաձև սալին։ Ալիքների շարժում չկար, պարզապես ջուրն անշտապ բարձրանում էր ու իջնում, բարձրանում ու իջնում։
Ռալֆը շուռ եկավ կարմիր ժայռի կողմը։ Բարձր խոտերի միջից նրան հետևում էին՝ տեսնեն, թե ինչ է անելու։ Ռալֆը նկատեց, որ իր ափերի քրտինքը սառել է և հանկարծ զարմանքով հասկացավ, որ ոչ մի գազան չի ակնկալում և եթե տեսնի էլ, չի իմանա, թե ինչ անի։
Նա տեսավ, որ ցանկության դեպքում կարող էր ժայռն ի վեր մագլցել, բայց դրա կարիքը չկար։ Ժայռը երիզված էր մի ելուստով, որին բարձրանալով, կարելի էր աջից ծովախորշի կողմով այն կամաց-կամաց շրջանցել։ Այդ անելն առանձնապես դժվար չէր, և շուտով Ռալֆն արդեն նայում էր անկյան մյուս կողմը։
Անսպասելի ոչ մի բան չկար՝ վարդագույն, ծուռումուռ ապառաժներ, ծածկված թռչնաղբով, ասես շաքար ցանած թխվածք։ Եվ դեպի բերդի երերուն քարերի պսակը տանող զառիվեր վերելք։
Հետևից լսվող մի ձայն ստիպեց նրան շուռ գալ։ Ջաքը կողքի վրա անցնում էր ելուստով։
— Հո քեզ մենակ չէի՞ թողնելու։
Ռալֆը ոչինչ չասաց։ Նա վեր բարձրացավ և խուզարկեց փոքրիկ անձավի պես մի բան, որտեղ սարսափելի ոչինչ չկար, բացի մի քանի նեխած ձվից։ Ապա նստեց և նայեց շուրջը, նիզակի ծայրով քարին թխկթխկացնելով։
Ջաքը ոգևորվել էր։
— Այ թե ամրոցի տեղ եմ ասել, հա՜։
Ներքևից նրանց հասավ ջրափոշու սյունը։
— Խմելու ջուր չկա։
— Բա էս ի՞նչ է։
Իսկապես, քիչ բարձր, ժայռի վրա երկար ու կանաչ մի բիծ կար։ Նրանք բարձրացան և համտես արեցին այնտեղից ծորացող ջուրը։
— Սրա տակ կարելի է մի փուչ կոկոս դնել ու միշտ թարմ ջուր ունենալ։
— Ես գործ չունեմ, հարամ տեղ է։
Կողք-կողքի նրանք հաղթահարեցին վերջին զառիվերն ու հասան բրգաձև կատարին, որն ավարտվում էր վերջին կոտրված ժայռաբեկորով։ Ջաքը բռունցքով խփեց մոտակա բեկորին և այն թեթևակի դղրդաց։
— Հիշո՞ւմ ես․․․
Երկուսն էլ հիշեցին նաև այդ ամենի միջև ընկած տհաճ ժամանակները։ Ջաքը հապճեպ խոսեց։
— Ներքևը որ հանկարծ թշնամի անցնի, սրա տակ մի փետ կկոխենք ու․․․ հլա մի նայի․․․
Երեսուն մետր ցածում նեղ պարանոցն էր, ապա քարքարոտ հողակտորը և գլուխներով նախշված բարձր խոտը, դրանից այն կողմ անտառն էր։
— Մի հատ հուպ տաս,— հրճված գոռում էր Ջաքը,— ու վը՜զզ․․․
Նրա ձեռքը սուրաց օդի միջով։ Ռալֆը սարին էր նայում։
— Ի՞նչ է եղել։
Ռալֆը շուռ եկավ։
— Հը՞։
— Մի տեսակ․․․ Էնպես ես նայում, որ․․․
— Ոչ կրակ կա, ոչ ծուխ։
— Մորթեցիր էլի, դու էլ խփնվել ես էդ ծխի վրա։
Նրանց երիզում էր կա պույտ, ձիգ հորիզոնը, միայն մի տեղ ընդմիջվելով սարի գագաթով։
— Ախր մեր ունեցած-չունեցածը մենակ էդ է։
Նա իր նիզակը հենեց խախուտ քարին և երկու ձեռքով մազերը հետ քաշեց։
— Պետք է հետ գնալ սարի գլուխը։ Նրանք էնտեղ են գազանին տեսել։
— Թե չէ նա էլ նստած մեզ է սպասում։
— Ճարնե՞րս ինչ։
Խոտերի մեջ սպասող տղաները տեսան ողջ և առողջ Ջաքին ու Ռալֆին և թաքստոցից դուրս վազեցին։ Քննախույզ մարմաջով տարված, նրանք մոռացան գազանի գոյության մասին։ Առաջ նետվեցին պարանոցի երկայնքով և շուտով արդեն աղաղակելով վեր էին մագլցում։ Ռալֆը կանգնած հենվել էր հսկայական, ճաքած ջաղացքարի պես, մի խախուտ կարմիր ժայռաբեկորի։ Բռունցքը սեղմած, նա դնգսում էր հարևան կարմիր պատը։ Նրա բերանը պինդ սեղմված էր, աչքերը կարոտով նայում էին ճակատին ընկած մազերի տակից։
— Ծուխը։
Նա ծծեց իր վնասված բռունցքը։
— Դե, գնացինք, Ջաք։
Բայց Ջաքն այնտեղ չէր։ Մի խումբ տղաներ, անասելի աղմուկ անելով, որը նա չէր նկատել, հարձակվել էին ժայռաբեկորներից մեկի վրա։ Ռալֆի նայելուն պես այն ճայթեց, ու գահավիժեց ծովը, ջուրը շռնդալով ցայտելով մինչև ժայռի կեսը։
— Հերիք եղավ, էլ մի արեք։
Նրա ձայնից բոլորը լռեցին։
— Ախր ծուխը․․․
Ռալֆի գլխում տարօրինակ բան էր կատարվում։ Ինչ-որ բան չղջիկի պես թևահարում ու խանգարում էր միտքը ձևակերպել։
— Ծուխը․․․
Միտքն իսկույն տեղն ընկավ, իր հետ բերելով ջղայնությունը։
— Մեզ ծուխ է պետք, իսկ դուք էստեղ իզուր ջուր եք ծեծում։
Ռոջըրը գոռաց։
— Ի՞նչ է եղել որ, ամպի չափ ժամանակ ունենք։
Ռալֆը գլուխը տարուբերեց։
— Գնում ենք սարի գլուխը։
Խառը բացականչություններ լսվեցին։ Տղաներից ոմանք ցանկություն հայտնեցին վերադառնալ ծովափ։ Մյուսներն ուզում էին էլի քար գլորել։ Արևը պայծառ շողում էր երկնքում, խավարի հետ հալվել էր նաև վտանգը։
— Ջաք, գազանը կարող է հենց էնտեղ լինել։ Արի մեզ տար, դու էդ կողմերը լավ գիտես։
— Ափով գնանք, էնտեղ մրգեր կան։
Բիլը մոտեցավ Ռալֆին։
— Ի՞նչ կլիներ, որ մի քիչ էլ մնայինք։
— Ճիշտ է ասում․․․
— Եկեք ամրոց սարքենք։
— Էստեղ ուտելիք չկա։— Ասաց Ռալֆը։— Ոչ էլ քնելու տեղ։ Խմելու ջուրն էլ հերիք չի։
— Շշմելու ամրոց կլիներ։
— Քարեր կգլորեինք․․․
— Ուղիղ կամրջի գլխին։
— ես չասացի՞, գնո՛ւմ ենք,— կատաղած գոռաց Ռալֆը։— Պետք է հաստատ ստուգենք։ Շուտ արեք։
— Ավելի լավ է էստեղ մնանք․․․
— Չէ, տուն գնանք․․․
— Ոնց եմ հոգնե՜լ․․․
— Չէ։
Ռալֆը բռունցքի հոդերի մաշկը քերթել էր, բայց ցավ չէր զգում։
— Առաջնորդը ես եմ։ Մենք պիտի գնանք ու ստուգենք։ Չե՞ք տեսնում ազդանշան չկա։ Բա որ հիմա նավ անցնի։ Խելքներդ թռցրել եք արդեն։
Տղաները, բրդբրդալով, լռեցին։
Ջաքը նրանց առաջնորդեց ներքև և անցկացրեց պարանոցով։