Սայմոնը երախի ներսում էր։ Նա վայր ընկավ և ուշաթափվեց։
=Իններորդ գլուխ։ Մահվան պատկերը=
Կղզու վրա շարունակում էին դիզվել ամպերը։ Շիկացած օդի կայուն հոսանքն ամբողջ օրը սարից բարձրանամ էր վեր, երեք հազար մետրի հասնելով։ Գազերի հորձապտույտից օդը լիցքավորվել և պայթուցիկ էր դարձել։ Իրիկնադեմին արևն արդեն չկար, ցերեկային լույսի տեղը պղնձագույն մի փայլ էր գրավել։ Անգամ ծովից փչող զեփյուռը թարմություն չէր բերում։ Ջրից, ծառերից, ժայռերից քամվել էին բոլոր գույները։ Սևուսպիտակ ամպերը թուխս էին նստել։
Բարգավաճում էին միայն ճանճերը։ Նրանք սևացրել էին իրենց տիրոջը, թափված փորոտիքը շողշողուն ածխակույտի էին նմանեցրել։ Նրանց նույնիսկ չգայթակղեց Սայմոնի քթում պայթած մազանոթը։ Թափվող արյանը նրանք նախընտրեցին խոզի գարշահոտությունը։
Արյան կորստից Սայմոնի նոպան սահուն վերափոխվեց ուժասպառ քնի։ Նա փռված էր լիանաների տակ, մինչ ցերեկը զիջում էր իր դիրքերը, և վերևում թնդում էր հրանոթը։ Ի վերջո նա արթնացավ և այտի տակ աղոտ նշմարեց մթնագույն հողը։ Նա չշարժվեց և որոշ ժամանակ մնաց երեսնիվայր պառկած, աչքերը շշմած հառելով իր առջև։ Հետո շուռ եկավ, ծնկները մոտ քաշեց և, լիանաներից բռնվելով, իրեն վեր ձգեց։ Վարագույրի ցնցումից ճանճերը հոռի տզզոցով վեր թռան, բայց քիչ անց կրկին պաշարեցին լեշը։ Սայմոնը ոտքի կանգնեց։ Բացատի լույսն անդրերկրային էր։ Ճանճերի Տերը գնդակի պես ցցված էր փայտին։
Սայմոնը բարձրաձայն դիմեց բացատին։
— Էլ ի՞նչ մնաց անել։
Պատասխան չկար։ Սայմոնը բացատից երեսը դարձրեց և լիանաների միջով խցկվեց առաջ, մինչև որ հայտնվեց անտառի թավուտում։ Նա տրտում քայլում էր բների միջև, որևէ արտահայտությունից զուրկ դեմքով, բերանի ու կզակի շուրջը չորացած արյամբ։ Երբեմն, լիանաները մի կողմ հրելիս, կամ ճանապարհ ընտրելու պահերին, նրա շուրթերն ինչ-որ խոսքեր էին կազմում, առանց դրանք արձակելու։
Շուտով լիանաները նոսրացան և ծառերի կատարներից ծորաց մարգարտավուն լույսը։ Այստեղ կղզու հենքն էր, և սարի մատույցներում թեթևակի բարձրացող հողը ծածկված էր պակաս խիտ անտառով։ Փոքրիկ թավուտներն ընդմիջվում էին բազմաթիվ բացատներով, վեր բարձրանալով, անտառն ընդհանրապես վերջացավ։ Նա առաջ էր գնում, տեղ-տեղ հոգնությունից սայթաքելով, բայց ոչ մի անգամ կանգ չառավ։ Աչքերի սովորական փայլն անհետացել էր, նա մռայլ վճռականությամբ էր քայլում՝ ծերունու պես։
Քամու պոռթկումից նա երերաց և տեսավ, որ պղնձաթույր լույսի ներքո դուրս է եկել բաց ժայռահարթակը։ Նրա ոտքերը թմրել էին, լեզուն վաղուց արդեն ցավում էր։ Սարի գագաթին քսվելով, քամին դարչնագույն ամպերի ֆոնին ինչ-որ կապույտ բան էր ծածանում։ Նա իրեն ստիպեց առաջ գնալ, քամին սաստկացավ, քրքրելով ծառերի սաղարթները, մինչև որ ամբողջ անտառը սկսեց ճոճվել ու հռնդալ։ Սայմոնը տեսավ, թե ինչպես սարի գագաթին կքված մեկը հանկարծ նստեց և ցած նայեց իր կողմը։ Դեմքը թաքցնելով, Սայմոնը տքնեց առաջ։
Ճանճերը նույնպես հայտնաբերել էին սարին նստածին։ Կյանքի պատրանքից մի պահ խրտնելով, նրանք ամեն անգամ սև ամպով ցրվում էին գլխի շուրջը։ Անկարգելի պաստառը սմքելուն պես, նստած ծանր խոնարհվում էր, հոգոց հանելով, և ճանճերը կրկին հավաքվում էին նրա վրա։
Սայմոնը ծնկներով խփվեց քարին։ Նա սողաց առաջ և ի վերջո ամեն ինչ հասկացավ։ Խճճված ճոպանները բացահայտում էին չարագուշակ պատրանքի աստառը։ Նա տեսավ սպիտակ քթոսկրը, նեխող ատամները։ Տեսավ մարմինն անգթորեն կաղապարած փոկերն ու բրեզենտը, առանց որոնց այն վաղուց կազմալուծված պիտի լիներ։ Քամին նորից աշխուժացավ, մարմինը շտկվեց և խոնարհվեց, ժանտահոտ շունչը փչելով Սայմոնի դեմքին։ Նա ցած նետվեց և, չորեքթաթ, փսխեց, մինչև որ ամբողջ ստամոքսը դատարկվի։ Հետո քարերի տակից արձակեց ճոպանները, ազատելով մարմինը քամու անարգանքից։
Ի վերջո նա շուռ եկավ և նայեց ծովափին։ Հարթակի կողքի խարույկը հանգել էր, համենայն դեպս ծուխ չէր երևում։ Ավելի հեռվում, գետակից այն կողմ, ահռելի քառակուսի ժայռի մոտ երկինքը ծխի բարալիկ շիթ էր բարձրանում։ Ճանճերին մոռանալով, Սայմոնը երկու ձեռքի տակից անթարթ նայում էր ծխի կողմը։ Նույնիսկ այդ հեռավորությունից երևում էր, որ տղաների մեծ մասը, գուցե նաև բոլորը, այնտեղ էին։ Ասել կուզի տեղահան էին եղել գազանից հեռու։ Այդ մտածելով, Սայմոնը շուռ եկավ և նայեց քարերի արանքում նեխող թշվառին։ Գազանն անվտանգ էր և ահարկու, պետք էր ինչքան կարելի է շուտ բոլորին հասցնել այդ լուրը։ Սայմոնը սկսեց սարից իջնել, ծնկները թուլանալով։ Կամքի գերագույն լարումով նա, հազիվհազ, երերալով, առաջ էր գնում։
— Մտնենք լող տանք,— ասաց Ռալֆը,— ուրիշ ճար չմնաց։
Խոզուկն ակնոցի միջից զննում էր խոժոռ երկինքը։
— Էս ամպերը դուրըս չեն գալի։ Հիշո՞ւմ ես մեր գալու օրն ինչ փոթորիկ էր։
— Կատաղած անձրև կլինի։
Ռալֆը ցատկեց ջուրն ու սուզվեց։ Ափի եզրին երկու փոքրիկ էին խաղում, փորձելով թարմանալ տաք ջրով։ Խոզուկն ակնոցը հանեց, ծանրաբարո մտավ ջուրը և ակնոցը նորից դրեց քթին։ Ռալֆը երես դուրս եկավ և բերանի ջուրը փչեց Խոզուկի վրա։
— Հանկարծ ակնոցիս ջուր չընկնի,— ասաց Խոզուկը,— որ թրջվեց, ստիպված պիտի դուրս գամ մաքրեմ։
Ռալֆը բերանով ջրի մի նոր շիթ արձակեց, այս անգամ վրիպելով։ Նա ծիծաղեց, ակնկալելով, որ Խոզուկն ինչպես միշտ սուսուփուս վիրավորված կնահանջի։ Փոխարենը Խոզուկը ձեռքը խփեց ջրին։
— Վե՛րջ տուր, ասեցի ես,— գոռաց նա,— չլսեցի՞ր։
Նա բորբոքված ջուր ցայտեց Ռալֆի դեմքին։
— Լավ, լավ,— ասաց Ռալֆը,— պոզերդ մի տնկի։
Խոզուկը դադարեց ջուրը ծեծել։
— Գլուխս ցավում է։ Երնեկ հովանար։
— Հետն էլ անձրև գար։
— Երնեկ տուն գնայինք։
Խոզուկը պառկեց լողավազանի թեք ափին։ Ջուրը սկսեց չորանալ նրա ցցված փորի վրա։ Ռալֆը բերանով փոքրիկ շատրվան փչեց երկինք։ Արևի շարժումը կռահվում էր ամպերի կուտակումներով սահող լուսավոր աղոտ բծից։ Նա ջրի մեջ ծունկի իջավ և նայեց շուրջը։
— Բոլորն ո՞ւր են։
Խոզուկը նստեց։
— Երևի քոլիկներում վեր են ընկել։
— Սամերի՞քն ինչ եղան։
— Բա Բիլը՞։
Խոզուկը մատնացույց արեց հարթակի ուղղությամբ։
— Էնտեղ են գնացել։ Ջաքի քեֆին։
— Թող գնան,— սրտնեղած ասաց Ռալֆը,— իմ վեջը չի։
— Մի կտոր մսի համար․․․
— Որս անելու համար էլ։— Իմաստուն տեսքով ավելացրեց Ռալֆը։— Որ ձև անեն, թե վայրենիների ցեղ են ու երեսները ներկեն։
Խոզուկը ջրի տակ ավազը խառնեց, առանց Ռալֆին նայելու։
— Գուցե մենք է՞լ գնայինք։
Ռալֆը կտրուկ նրան նայեց։ Խոզուկը շիկնեց։
— Ուզում ես ասել, որ հանկարծ բան-ման չպատահի։
Ռալֆը նորից բերանով ջուր փչեց։
Դեռ հեռվից, Ջաքի ճամբարին չհասած, Ռալֆն ու Խոզուկը լսեցին քեֆի ձայները։ Անտառի և լողափի միջև արմավների տակ խոտով ծածկված լայն շերտ էր մնում։ Նրա եզրին ընդհուպ մոտենում էր տեղատվության բերած մանր, չոր և տաք ավազը։ Դրանից հետո ձգվում էր դեպի ծովախորշն իջնող քարքարոտ տարածքը և, արդեն ջրի մոտ, ավազի երիզը։ Քարքարոտ մասում խարույկի վրա խորովվում էր խոզի միսը, աներևույթ բոցերի մեջ յուղ կաթկթալով։ Կղզու բոլոր տղաները, չհաշված Խոզուկին, Ռալֆին, Սայմոնին և խորոված անող մյուս երկուսին, խմբվել էին խոտի վրա։ Պառկած, կանգնած կամ պպզած, նրանք ծիծաղում էին և երգում, ձեռքներին բռնած մսի պատառները։ Ճարպոտած դեմքերից դատելով, ուտելու գործն ավարտին էր մոտենում, ոմանք արդեն կոկոսի կեղևներից ջուր էին խմում։ Քեֆից առաջ մի մեծ գերան էին քարշ տվել մարգագետնի կենտրոնը և այժմ, ներկված ու զարդարված, նրա վրա կուռքի պես նստած էր Ջաքը։ Նրա կողքին տերևներին դրած խորովածի կույտեր էին, մրգեր և բերնեբերան կոկոսի կեղևներ։
Երբ Ռալֆն ու Խոզուկը մոտեցան մարգագետնին, նրանց նկատող տղաները մեկ առ մեկ լռեցին, մինչև որ խոսում էր միայն Ջաքի կողքին կանգնած տղան։ Ապա լռություն տիրեց նաև այնտեղ, և Ջաքը նստած տեղը շուռ եկավ։ Մի պահ լսվող ձայներից ամենաբարձրը խարույկի ճարճատյունն էր։ Ռալֆը հայացքը թեքեց, և Սամը, կարծելով թե նա իրեն կշտամբանքով է նայում, կաշկանդված քրքիջով ցած դրեց իր կրծած ոսկորը։ Ռալֆն անվստահ քայլ գցեց, մատնացույց արեց մի արմավենու և Խոզուկի ականջին կամացուկ ինչ-որ բան փսփսաց, որից երկուսն էլ քրքջացին ճիշտ Սամի նման։ Ոտքերն ավազից բարձր հանելով, նա քայլեց մարգագետնի կողքով։ Խոզուկը փորձում էր շվշվացնել։
Նույն այդ պահին խորոված անող տղաները, երկուսով պատրաստ մսի մի մեծ կտոր բռնած, վազեցին խոտի կողմը։ Նրանք խփեցին և այրեցին Խոզուկին, որը սկսեց ոռնալ ու պար գալ։ Ռալֆը և մնացած տղաներն անմիջապես միացան և պարպվեցին ծիծաղի համընդհանուր պոոթկման մեջ։ Խոզուկը կրկին դարձավ բոլորի ծաղրի առարկան, և տղաները նորից իրենց նորմալ և զվարթ զգացին։
Ջաքը ոտքի կանգնեց և թափահարեց իր նիզակը։
― Միս տվեք դրանց։
Միսը բերած տղաները նրանց մի-մի հյութալի պատառ տվեցին։ Բերանները ջրած, նրանք ընդունեցին ընծան և սկսեցին ուտել, պղնձյա փոթորկաբեր երկնքի տակ կանգնած։
Ջաքը նորից նիզակը թափահարեց։
— Բոլո՞րը կուշտ են։
Նրա ձայնում զգուշացում էր հնչում, սեփականատիրոջ գոռոզություն, և տղաները սկսեցին ավելի արագ ուտել, քանի դեռ հնարավորություն կար։ Տեսնելով, որ դրա վերջը չի երևում, Ջաքը վեր կացավ գահ ծառայող գերանից և ճեմեց դեպի խոտի եզրը։ Դիմաներկի տակից նա ներքև նայեց Ռալֆին և Խոզուկին։ Նրանք փոքր-ինչ հեռացել և նստած էին ավազի վրա։ Ռալֆը ուտում և խարույկին էր նայում։ Ենթագիտակցաբար նա նկատեց, որ խունացած լույսի տակ բոցն արդեն պարզ երևում էր։ Գեղեցիկ անդորրի փոխարեն երեկոն իր հետ բռնության խոստում էր բերում։
Ջաքը խոսեց։
— Ջուր բերեք խմեմ։
Հենրին կոկոսի մի կեղև մատուցեց, և նա սկսեց խմել, խորդուբորդ պռունկի վրայով հետևելով Ռալֆին ու Խոզուկին։ Նրա ուռուցիկ դարչնագույն բազուկներին հանգրվանել էր ուժը, իշխանությունը բազմել էր ուսին, և, կապիկի պես, բարբաջում էր ականջի մեջ։
— Բոլորդ նստեք։
Տղաները նրա առջև շարքերով նստեցին խոտին։ Ռալֆն ու Խոզուկը, քիչ ցածր, մնացին ավազի վրա կանգնած։ Ջաքը նրանց ուշադրություն չդարձրեց և, դիմակը թեքելով խոտին նստածների կողմը, նիզակը տնկեց նրանց վրա։
— Ո՞վ է ուզում մտնել իմ ցեղը։
Ռալֆը հանկարծակի մղումից սայթաքեց։ Տղաներից ոմանք դարձան նրա կողմը։
— Ես ձեզ կերակրեցի,— ասաց Ջաքը,— իսկ իմ որսորդները կպաշտպանեն ձեզ գազանից։ Ո՞վ է մտնում իմ ցեղը։
— Առաջնորդը ես եմ,— ասաց Ռալֆը,— դուք ինքներդ եք ինձ ընտրել։ Մենք պիտի խարույկին հետևենք։ Իսկ դուք ընկել եք լափի հետևից։
— Թե չէ դու չես ընկել։— Բացականչեց Ջաքը։— Ձեռքիդ ոսկորին նայի։
Ռալֆը շառագունեց։
— Ես ինքս եմ ձեզ որսորդ նշանակել։ Ձեր գործն էլ էդ է։
Ջաքը նրան բանի տեղ չդրեց։
— Ո՞վ է մտնում իմ ցեղն ու գիշեր-ցերեկ քեֆ տնում։
— Առաջնորդը ես եմ։— Դողդոջուն ձայնով ասաց Ռալֆը։— Մենք պետք է խարույկին հետևենք։ Ու հետո, փողը ինձ մոտ է․․․
— Դե ցույց տուր,— ասաց Ջաքը,— էդ ո՞նց թողեցիր եկար։ Խելքդ սիրեմ։ Կղզու էս կեսում փողը հաշիվ չի․․․
Խուլ թնդոցի փոխարեն ամպրոպն այս անդամ պայթեց սարսռազդու ճարճատյունով։
— Փողը էստեղ էլ է հաշիվ,— ասաց Ռալֆը,— փողն ամբողջ կղզում հաշիվ է։
— Իբր թե որ հաշիվ լիներ, արածդ ի՞նչ էր լինելու։
Ռալֆը հայացքով տնտղեց տղաների շարքերը։ Նրանցից օգնություն չկար, և Ռալֆը շփոթված աչքերը թեքեց, քրտինքը խփեց նրա դեմքին։ Խոզուկը շշնջաց։
— Փրկություն։ Խարույկ։
— Ո՞վ կմտնի իմ ցեղը։
— Ես։
— Ես կմտնեմ։
— Ես էլ։
— Ես փողը կփչեմ,— խեղդված ասաց Ռալֆը,— ու ժողով կկանչեմ։
— Մենք էլ չենք լսի։
Խոզուկը դիպավ Ռալֆի դաստակին։
— Արի գնանք։ Համը դուրս է գալու։ Մենք մեր բաժինը կերանք պրծանք։
Անտառի վրա կայծակ փայլատակեց, և ամպրոպն այնպես դղրդաց, որ փոքրիկներից մեկը լաց եղավ։ Սկսեցին անձրևի խոշոր կաթիլներ տեղալ, ամեն մեկն ընկնելիս առանձին ձայն հանելով։
— Փոթորիկ կլինի,— ասաց Ռալֆը,— ոնց որ էն առաջին օրը։ Հիմա ո՞վ ում խելքը սիրի։ Ո՞ւր է ձեր մնալու տեղը, ինչի՞ տակ եք մտնելու, հը՞։
Որսորդներն անհանգստացած նայում էին երկնքին, կաթիլներից դեմքերը կնճռոտելով։ Բոլորն իրար անցան, անմիտ դես ու դեն անելով։ Կայծակի փայլատակումները հաճախացան, ամպրոպի գոռոցն անտանելի դարձավ։ Փոքրերը, բարձր ճիչերով, խուճապի մատնվեցին։
Ջաքը ցատկեց ավազի վրա։
― Մեր պարը պարենք, եկեք, դե շո՛ւտ։
Ավազի վրա սայթաքելով, նա վազեց խարույկի կողքի բաց տափարակը։ Կայծակի ընդմիջումներով շուրջբոլորը մութ էր ու սարսափելի, և տղաները գոռումգոչյունով հետևեցին նրան։ Ռոջըրը սկսեց խոզի ձևերն անել, խռխռացնելով և հարձակվելով խույս տվող Ջաքի վրա։ Որսորդները վերցրին իրենց նիզակները, խորոված անողները՝ շամփուրները, իսկ մյուսները՝ խարույկից մնացած փայտերը։ Սկսվեց երգն ու շրջանաձև շարժումը։ Ռոջըրն ընդօրինակում էր խոզի սարսափը, փոքրիկները վազվզում ու ցատկոտում էին օղակի ներսում։ Երկինքն այն աստիճան սարսռազդու էր, որ Ռալֆն ու Խոզուկը ցանկություն ունեցան միանալ թեկուզ վայրագ, բայց համեմատաբար ապահով այդ շրջանին։ Նրանք ուրախ էին հպվել թռվռացող դարչնագույն մեջքերի ցանկապատին, որը շրջափակել և տանելի էր դարձնում սարսափը։
— Գազանին մորթենք։ Կոկորդը ճղենք։ Թափենք արյունը։
Պտույտները կանոնավորվեցին, երգը, կորցնելով առաջին պահերի մակերեսային գրգիռը, հաստատուն կշռույթ ձեռք բերեց։ Ռոջըրը դադարեց խոզը լինել ու որսորդ դարձավ, և շրջանի կենտրոնը մնաց դատարկ։ Փոքրերից ոմանք սեփական շուրջպարը բռնեցին, և ամեն կողմից նորանոր օղակներ գոյացան, կարծես կրկնությունն ինքնին ապահովության գրավական լիներ։ Բոլորը բաբախում և դոփում էին միասնական մարմնի պես։
Խավար երկինքը պատռվեց կապտասպիտակ սպիով։ Հաջորդ ակնթարթին վիթխարի մտրակի պես նրանց խարանեց դղրդյունը։ Երգը օրհասական սրություն ստացավ։
― Գազանին մորթենք։ Կոկորդը ճղենք։ Թափենք արյունը ։
Սարսափը ծնեց մի նոր բաղձանք՝ մածուցիկ, անհետաձգելի, կույր։
— Գազանին մորթենք։ Կոկորդը ճղենք։ Թափենք արյունը։
Կապտասպիտակ սպին նորից ճեղքեց երկինքը, և լսվեց ծծմբագույն պայթյունի որոտը։ Փոքրիկները, սարսափահար ճչալով, ցաքուցրիվ եղան անտառի փեշից, լեղապատառ մի մանուկ պատռեց մեծերի օղակը։
— Եկա՜վ, ինքը եկա՜վ։
Օղակը պայտի վերածվեց։ Անտառից դուրս էր սողում մի բան՝ մութ ու անորոշ։ Նրան ուղեկցող անասելի զիլ ճիչերն ականջ էին ծակում։ Գազանը պայտի բերանից ներս ընկավ։
— Գազանին մորթենք, կոկորդը ճղենք, թափե՛նք արյունը։
Փայտերը ցած իջան, փայտը շրխկոցով փակվեց, վայրագ ճիչեր արձակելով։ Կենտրոնում գազանը, ծնկաչոք ընկած, թևերով պատսպարել էր գլուխը։ Ջանալով խլացնել սահմռկեցուցիչ աղմուկը, նա ինչ-որ բան էր գոռում սարի վրայի մեռելի մասին։ Ապա գազանն առաջ նետվեց, պատռեց օղակը և, քարափի սուր եզրի վրայով գլորվելով, ընկավ ափամերձ ավազի վրա։ Ամբոխը հորդեց հետևից, քարափից ցած լցվեց և հարձակվեց գազանի վրա՝ ոռնալով, խփելով, կծելով ու բզկտելով։ Խոսքեր չկային, և չկար ուրիշ շարժում, բացի գզգզող ատամներից ու ճանկերից։
Ամպերը պատռվեցին, անձրևը ջրվեժի նման պարպելով։ Ջուրը հորձում էր սարի կատարից, պոկում էր ծառերի տերևներն ու ճյուղերը, սառը հեղեղով վիժում էր ավազի վրա գալարվող կույտին։ Ի վերջո կույտը քանդվեց, և երերուն ստվերները ցրվեցին տարբեր կողմեր։ Միայն գազանը մնաց փռված, ծովից մի քանի մետր այն կողմ։ Նույնիսկ անթափանց անձրևի միջով նրանք տեսնում էին, թե որքան փոքր էր գազանը, ավազն արդեն սկսել էր նրա արյունից ներկվել։
Քամու սաստիկ պոռթկումը կողքի բեկեց անձրևը, թափ տալով անտառի սաղարթում կուտակված ջուրը։ Սարի գագաթին անկարգելը փքվեց և շարժվեց, մարմինը սահեց, ոտքի ելավ, ճոճվեց, և, թաց օդի ստվար տարածքով ցած սուրալով, անվարժ քայլեց անտառի բարձր կատարների վրայով։ Անընդհատ ցած իջնելով, այն գահավիժեց ծովափի վրա, և տղաներն ահա բեկված ճիչերով ցիրուցան եղան խավարի մեջ։ Անկարգելը մարմինն առաջ քաշեց, ծովախորշի ջուրը հերկելով, այն խփեց խութերին և գցեց արձակ ծովը։
Կեսգիշերին մոտ անձրևը դադարեց, և ամպերը ցրվեցին՝ երկնքում շաղ տալով աստղերի զարմանահրաշ լապտերիկները։ Հետո մարեց քամին, և անդորրը սկսեց խռովել միայն տերևից-տերև և, ապա, գետնին թափվող ջրի կաթկթոցը։ Օդը զով էր, խոնավ ու ջինջ, շուտով դադարեց նաև կաթկթոցը։ Գազանը կքված ընկած էր գունատ լողափին, բծերը գնալով տարածվում էին։
Ծովախորշի եզրը վերածվել էր լուսաթաթախ մի շերտի, որն աստիճանաբար գրոհում էր ափը մակընթացության հետ միասին։ Ջինջ ջրում արտացոլվում էին ջինջ երկինքը և բազմանկյուն պայծառ աստղաբույլերը։ Լուսավոր երիզը ուռչում էր խճաքարերի և ավազահատիկների գլխին, մի պահ յուրաքանչյուրին գրկում-թրթռում լարման մեջ, ապա անձայն կուլ տալիս և շարժվում առաջ։
Գոյացած ծանծաղուտի երկայնքով պայծառ երիզը լի էր կայծկլտուն աչքերով տարօրինակ լուսաթաղանթ արարածներով։ Քիչ թե շատ մեծ խճաքարերը տեղ-տեղ պահպանել էին օդի սեփական պաշարը, մարգարտահատիկների խավով ծածկվելով։ Մակընթացությունը հարթում էր անձրևի ծակծկված ավազը, ամեն ինչ մեղմելով արծաթյա շղարշով։ Ահա ջուրը հասավ ջախջախված մարմնից ծորացող առաջին բծին, և արարածները խմբվեցին նրա վրա լուսափայլ երերուն կարկատանով։ Ջուրը շարունակեց բարձրանալ, լույսով զգեստավորելով Սայմոնի կոշտ մազերը։ Կզակի գիծն արծաթազօծվեց, ուսը մարմարյա ողորկություն ստացավ։ Կայծկլտուն աչքերով, միգախառն հետք թողնող արտասովոր հոգաբարձուներն այժմ զբաղված էին նրա գլխի շուրջ։ Մարմինն ավազից մի փոքր պոկվեց, բերանից դուրս պրծավ օդի պղպջակը և խոնավ բլթոցով պայթեց։ Մարմինը մեղմ ճոճվեց ջրի վրա։
Աշխարհի մութ եզրից անդին, ինչ-որ տեղ մրցում էին արևի և լուսնի ձգողությունները։ Երկրագունդը ծածկող շոգը մի կողմից թեթևակի ուռչում էր, մինչ ցամաքը պտտվում էր տիեզերքի մեջ։ Մակընթացության վիթխարի ալիքը շարունակում էր ծառանալ կղզու շուրջը։ Պրպտուն, պայծառ էակներով երիզված, արծաթափայլ մի ուրվագիծ հարակայուն աստղաբույլերի ներքո, Սայմոնի անկենդան մարմինը լողաց դեպի արձակ ծովը։