Եվ այժմ նա լողանալու է ուրիշի վաննայում, օգտվելու է ուրիշի օճառից ու սպունգից, մարմինը չորացնելու է ուրիշի սրբիչով, հագնելու է ուրիշի սրբիչ֊խալաթը։ Դրանք բոլորն ստեղծվել են երկրի դժվար ջանքերով, որոնց մեջ ոչ մի մասնակցություն չունի Ժիրայրը, եւ պատկանում են Բրաբիին, որին ոչնչով չի օգնել նույն անկոչ Ժիրայրը։
Քսան եւ տասնյոթ տարի առանձին֊առանձին եւ ապա նորից տասնվեցական տարի առանձին։ Նրանք առանձին ապրել են մի ամբողջ կյանք։ Եվ միայն երեք տարի են եղել միասին։ Բայց քի՞չ են պատահում ծանոթություններ, մտերմություններ, որոնք տեւում են երկու տարի, երեք, չորս, եւ հազիվ մի տասնյակ տարի անց՝ մոռացվում են համարյա բոլորովին։ Պարտադի՞ր է ուրեմն, որ միասին ապրած այն փոքրիկ ժամանակաշրջանը, երեք տարին, ստիպի նրանցից մեկին՝ պարտավոր զգալ իրեն, իսկ մյուսին՝ իրավունք համարել իրեն՝ վերականգնելու երբեմնի համատեղ կյանքը, որը, իրերի բերումով, մի կարճատեւ էպիզոդ է եղել նրանց համար…
Ինչո՞ւ եկավ նա այս բնակարանը, ինչո՞ւ… Մի՞թե կարելի էր այնքան կորցնել ռեալականության զգացումւը, որ կարծել, թե, իրոք, նա կարող էր գտնել այստեղ նախկինը, այն էլ՝ անխախտ վիճակում։ Իսկ այժմ, երբ տեսավ, որ այդպես չէ, ինչո՞ւ է շարունակում մնալ այստեղ։ Հանուն երեխաների՞։ Ո՞ւմ երեխաների, ի՞ր։ Բայց ինչո՞վ են նրանք իր երեխաները։ Մե՜ծ սխրագործություն է՝ լինել նրանց սաղմնավորողը։ Բիոլոգիական հայր, ճի՞շտ է։ Եվ ուրիշ ոչի՞նչ։ Իսկ չէ՞ որ հայրը՝ դա աշխարհի չափ մեծ հասկացողություն է եւ ոչ թե լոկ արու…
Ժիրայրը մի պահ վճռեց իսկույն գնալ բնակարանց, այլեւս չվերադառնալ։ Նա եւ Բրաբին չունեն խոսելու ոչինչ, որոշելու ոչինչ։ Ամեն ինչ որոշ է…
Նա նույնիսկ ընդոստ վեր կացավ աթոռից, բայց նորից հիշեց՝ երեխաները… Այնուամենայնիվ, շատ հետաքրքիր է, թե ինչպիսիք են նրանք, նմա՞ն են արդյոք իրեն։ Համենայն դեպս բիոլոգիական հայր լինելն էլ ունի որոշ նշանակություն, իսկապես։ Մյուս կողմից, գուցե երեխաներն իրենք էլ կուզենան տեսնել իրենց բիոլոգիական հորը…
Նա տխուր ժպտաց իր բառերի վրա եւ սկսեց հանվել։
Ջուրը վաննայում այլեւս չէր խշշում, շիթն այլեւս անկման տեղ չուներ, այն համարյա կպել էր պռունգե֊պռունգ լցված վաննայի մակերեսին։ Վաննայի եզրի մոտի ապահովիչ անցքով ավելորդ ջուրը հոսում էր ներքեւ՝ դեղին կաֆելե հատակի տակ ինչ֊որ տեղ։
Ժիրայրը ձեռքով փորձեց ջուրը եւ սրսափաց։ Այն սառցային սառն էր։ Բրաբին մոռացել էր բաց անել տաք ջուրը։
Նա փակեց ծորակը։ Ձգելով վաննայի հատակի խցանի շղթայիկը, բաց արեց անցքը, դուրս թողեց ջրի մեծ մասը։ Ապա նորից փակելով այն, բաց արեց տաք ջուրը։ Սպասելով դրա լցվելուն, մոտեցավ հայելուն։ Բայց տաք ջրից սենյակն անմիջապես լցվել էր գոլորշիով եւ հայելին պատել քրտինքով։ Ժիրայրը չտեսավ իրեն այնտեղ։ Նա ափով սրբեց մաքրեց շրջանաձեւ մի տարածություն։ Դիմացից նրան նայեց երեսունիննամյա տղամարդու դեմքը, որ կարծես հարցնում էր․ «Դո՞ւ… Ի՞նչ գործ ունես դու այստեղ»… Մտախոհ, թախծոտ աչքեր, տառապած մարդու դեմք՝ ոչ նիհար, բայց կրածի անջնջելի դրոշմով։ Խիտ մազեր, բայց արդեն ճաղատացող ճակատ։ Իսկ ինչպիսի՞ն էր այն մյուս Ժիրայրը, հինը… Չի հիշում։ Դրա փոխարեն նա շատ լավ հիշում է Բրաբիին։ Այժմ նա շատ է գիրացել։ Գուցե եւ ոչ շատ, բայց նեղ թեւքերով պիրկ հագուստի մեջ նրա մարմինը թվում է նեղված։ Դեմքը նույնպես, զգալիորեն կլորացել է, բայց գուցե դա եւս թվում է միայն, որովհետեւ նա կտրել է իր երկար հյուսերը եւ այժմ ունի կարճ մազեր՝ առջեւից հարթ, իսկ ետեւից գանգրացրած։
Մի՞թե կարող է այդքան փոխվել մարդկային դեմքը։ Մանավանդ՝ աչքերը։ Դրանք ուրիշ աչքեր են՝ համարձակ, զգաստ։ Փոխվել են նաեւ շրթունքները, դրանք երեւի կարգադրություններ անելու սովորած մարդու շրթունքներ են։ Ինչո՞ւ թվարկել ամեն մի դիմագիծը, Բրաբին ամբողջովին է փոխվել։
«Ես այդպիսի կնոջ չէի կարողանա սիրել»,— ակամայից անցավ Ժիրայրի մտքով։ Բայց նա ճիգով մի կողմ հրեց այդ անտեղի միտքը։ Եթե նա այդ բոլոր տարիներին լիներ Բրաբիի հետ, չէր էլ նկատի նրա այդքան փոխվելը։
Բայց հանկարծ Ժիրայրը մտածեց, որ եթե այդ բոլոր տարիներին նա լիներ Բրաբիի հետ, Բրաբին կփոխվեր գուցե եւ ճիշտ այդքան, բայց ոչ այդպես, այլ մի ուրիշ կերպ։ Չի կարելի ասել, թե այժմ նա վատացել է, զուրկ է կանացի հմայքից, բայց կա նրա մեջ ինչ֊որ անախորժ բան, որը, կասկած չկա, արդյունք է նրա ապրումների, ամուսնու հետ այդպես ողբերգորեն անջատվելու…
Վաննան… Ժիրայրը կտրուկ շուռ եկավ, նայեց։ Այս անգամ արդեն, այն լիք֊լցված էր տաք ջրով։ Այդպիսով սառը ջուրն ու տաք ջուրը մինչեւ երեկո կարող են մուկ ու կատու խաղալ իրար հետ…
Նա բաց թողեց ջրի մեծ մասը, ապա զովացրեց մնացածը եւ, հանելով իր կոպիտ ոտնամանները, գունաթափ բուշլատը, կանաչավուն վերնաշապիկը, երկու տեղով կարկատված անդրավարտիքն ու կեղտոտ սպիտակեղենը, մտավ վաննա։ Երանության մի վաղուց չապրած, գուցե եւ երբեք չապրած զգացում պաշարեց Ժիրայրին եւ նա բավականությունից փակեց աչքերը։
Այնուամենայնիվ, երբեմն որքա՛ն անմիջականորեն է կապված լինում մարդու կենգազգացումը նրա ֆիզիկական կեցության հետ։ Սոված ես մտածում որեւէ նյութի մասին, թե կշտանալուց հետո՝ դրանք տարբեր բաներ են։
Վաննայից դուրս գալուց հետո Ժիրայրը փառավոր լավատեսական տրամադրության մեջ էր։ Եվ իսկապես, ի՞նչ հիմք կա հոռետեսության։ Բրաբին, ինչպես երեւում է, չի մոռացել նրան, ահա չի փոխել նույնիսկ ազգանունը։ Տարիներ շարունակ գուցե մտածել է, թե Ժիրայրը մահացել է, դրա համար էլ անսպասելի եղավ ամուսնու հայտնվելը։ Իսկ խորթության զգացումը՝ թե Բրաբիի մոտ եւ թե նրա, կանցնի, պետք է որ անցնի…
Սենյակ մտնելով, Ժիրայրը տեսավ մի տոմսակ՝ սեղանի վրա։ Բրաբին էր գրում նրան։ Դուրս է գնում կես ժամով։ Եթե կզանգահարեն՝ այդպես էլ հայտնել։ Իսկ Ժիրայրը կարող է հանգստանալ ճաշասենյակի բազմոցի վրա։ Եթե կուզենա զբաղվել որեւէ բանով՝ թող միացնի ռադիոընդունիչը, կամ վերցնի որեւէ գիրք, կամ աչքի անցկացնի լուսանկարների ալբոմը, որը գտնվում է ննջարանում, անկյունի սեղանակի վրա։ Այսօրվա թերերը դեռ չեն ստացվել…
Բայց ոչ, ներկա դեպքում խորթության երկուստեք զգացումը հանդիպման առաջին պահի այն սովորական զգացումը չէ, որն անցնում է շուտով։ Գլենցների ընտանիքը վաղուց ի վեր դուրս է գրել նրան իր հաշվից։ Եթե մինչեւ իսկ նրա թափուր աթոռը չի զբաղեցրել մի ուրիշը, ապա աթոռն ինքն այլեւս չկա։ Կինը վաղուց է վարժվել, որ ամուսին չունի, երեխաները՝ որ հայր չունեն։
Սպասիր, ալբոմը… Ի՞նչպես նա չմտածեց իսկույն այդ մասին։ Չէ՞ որ նա այնտեղ կարող է տեսնել իր զավակների լուսանկարները…
Ժիրայրն արագ մտավ ննջարան, առանց շուրջը նայելու վերցրեց ալբոմը եւ ելավ դուրս։ Դնելով սեղանի վրա, մի պահ նայեց կազմին։ Ո՞րտեղից Գլենցների տանն այսպիսի հնամյա, ընտանեկան շքեղ ալբոմ՝ թավշե կազմով, պղնձե փականքով։ Ո՛չ Բրաբիի գյուղացի ծնողները կարող էին ունենալ այդ եւ ․՛չ էլ ունեին Ժիրայրի հանգուցյալ ծնողները։ Եվ ընդհանրապես, ո՞րտեղից այս տանն այս կուլտուրան, ո՞րտեղից նոր Բրաբին, նրա հեռախոսը, նրա տեղակալը…
Ըստ երեւույթին տասնվեց տարվա, երկու ամսվա եւ տասնհինգ օրվա դատարկ ընդմիջումը բոլորովին էլ դատարկ չի եղել, բոլորովին…
Ժիրայրը բաց արեց ալբոմը եւ սկսեց դանդաղ թերթել։
Սկզբում նա դեռ չէր կարողանում ճանաչել իր երեխաներին, որովհետեւ ալբոմում կային նաեւ ուրիշները։ Ապա, սկսած մի լուսանկարից, ճանաչեց։ Դա ծանր տպավորություն թողնող լուսանկար էր, անախորժ լուսանկար։ Այնտեղ նստել էր Բրաբին՝ թխսմոր պես իր ձագերին թեւերի տակ առած, եւ տագնապալի աչքերով նայում էր ուղղակի աչքերիդ։ Նա նույնիսկ առաջ էր մղվել իրանով՝ կարծես պատրաստվելով օրհասական պայքարի մեջ մտնել ուրուրի հետ։ Այդ նկարի վրա նա դեռ նիհար էր, աղքատիկ հագուստով, դեռ Ժիրայրի ճանաչած Բրաբին։ Ապա, հաջորդ էջերի վրա, նա սկսեց գիրանալ, նրա շրթունքներն սկսեցին ստանալ ավելի եւ ավելի խիստ արտահայտություն, անդրդվելիության դարձվածք։ Իկս այն սակավ նկարների վրա, որտեղ նա ժպտում էր, նրա ճակատի, կզակի, այտերի, աչքերի լուրջ ու խիստ արտահայտությունը բոլոր կողմերից շուրջկալել էր ժպիտը՝ թույլ չտալով նրան ծավալվել, ընդարձակվել։ Դա հոգուց եկած ժպիտ չէր։
Ժիրայրը շուտով նորից կորցրեց իր երեխաներին, կսկվեցին մեծ ու փոքր խմբերով երեխաների նկարներ։ Նույնիսկ այնտեղ, որտեղ նկարված էին ընդամենը երկու֊երեք հոգի, նա չէր կարողանում որոշել, թե դրանցից որոնք էին իր տղան ու աղջիկը եւ որոնք՝ նրանց ընկեր֊ընկերուհիները։
Ալբոմը լիքն էր անծանոթ երեխաներով, անծանոթ կանանցով, անծանոթ տղամարդկանցով։ Ահա Բրաբին՝ ծովափում՝ լողահագուստով։ Նկարի ներքեւի մի անկյունում սպիտակ տառերով գրված է՝ «Գուրզուֆ» եւ նշված է տարեթիվը։ Ահա նորից Բրաբին, նորից ծովափում, տղամարդկանց ու կանանց մի փոքր ընկերախմբի մեջ, այս անգամ՝ «Սոչի» մակագրությամբ, այլ տարվա լուսանկար։ Պիոներներ՝ ճամբարում։ Բրաբին՝ երկու երիտասարդների հետ, գրքերը թեւի տակ, ինչ֊որ երեքհարկանի շենքի մուտքի մոտ։ Մուտքի դռան վրա տախտախ՝ «Ինստիտուտ»։ Ավելի մանր տառերը չեն կարդացվում։ Ահա սիրողական անվարժ լուսանկար՝ մի տղամարդ խորոված է պատրաստում ծառերի տակ, իսկ նրան օգնում են ուրիշները, դրանց թվում՝ նաեւ Բրաբին։ Մայիսմեկյան ցույց, Բրաբին քայլում է մի տղամարդու եւ մի կնոջ թեւանցում արած։ Բրաբին իր տանը, լուսամուտի մոտ՝ դարձյալ սիրողական անվարժ լուսանկար, գուցե Հովիկի առաջին փորձերից։ Էլի զանազան երեխաներ։ Բրաբին՝ մի տղամարդու հետ գրկախառնված։ Բայց դա ինչ֊որ ներկայացումից է, նրանք դերերի մեջ են։Ահա մի անծանոթ տղամարդ՝ գեղեցիկ արտաքինով։ Եվս մի տղամարդ՝ նույնպես գեղեցիկ…
Ժիրայրը մի տանջալի շարժումով փակեց ալբոմը՝ առանց նայելու մինչեւ վերջ։ Նա հասկացավ գլխավորը, ամենաէականը․— երեքշաբթի օրվանից մինչեւ ուրբաթ անցել է մարդկային մի ամբողջ կյանք՝ լի ե՛ւ դառնություններով, ե՛ւ ուրախություններով։ Այնտեղ եղել են ե՛ւ մանկապարտեզ ու դպրոց, ե՛ւ ինստիտուտ ու աշխատանք, ե՛ւ ճամբար ու ծովափ, ե՛ւ տղամարդիկ,— ամեն ինչ՝ ինչպես կյանքում…
Նախասենյակում լսվեց խշխշոց։ Բայց ոչ ոք ներս չէր մտնում։ Ժիրայրը գնաց ընդառաջ։ Մարդ չկար։ Փոստատարը դրսից աշխատում էր փոստարկղ խոթել լրագրերի ստվար տրցակը։ Ավարտելով, նա գնաց։ Լսվեց նրա ոտքերի քստքստոցը հաջորդ հարկի սանդուղքի վրա։
Ժիրայրը հանեց լրագրերը, վերադարձավ սենյակ։ Ուզեց կարդալ, բայց նրա աչքն ընկավ ալբոմին։ Ալբոմն իր տեղում չէր եւ խանգարում էր։ Նա տարավ ննջարան։ Ետ գալով, նկատեց, որ անփույթ շարժումով սեղանի վրա նետած լրագրերը խախտել են սենյակի երկրաչափական խստաբարո կարգը։ Հավաքեց, ափերով հավասարեցրեց տրցակը եւ դեռ չէր վերցրել լրագրերից մեկը՝ կարդալու, երբ մտավ Բրաբին։
— Չուշացա՞։
— Ինչի՞ց պիտի ուշանայիր։
— Կես ժամից։
— Երեւի ոչ։ Ես ժամացույցին չեմ նայել։
— Զանգ տվող չի՞ եղել։
— Ոչ։
— Լավ լողացա՞ր։
— Այո։ Վաննան եւ վաննայի սենյակը մաքրեցի։ Ամեն ինչ կարգին է։
— Ոչինչ, ես նորից կմաքրեմ։ Տղամարդը չի կարող կնոջ պես։ Դե, պատմիր, Ժիրայր։
— Ի՞նչ պատմեմ։ Չէ՞ որ մենք պայմանավորվեցինք չխոսել անցյալի մասին։
— Էլ ուրեմն ինչի՞ մասին խոսենք՝ եթե ոչ անցյալի,— ներողամիտ ժպտաց Բրաբին։— Քո անցյալի, իմ անցյալի։
— Քո անցյալի մասին կարող ենք խոսել, ինչո՞ւ չէ,— համաձայնվեց Ժիրայրը։— Ասա… շա՞տ դժվար էր քեզ համար սկզբում…
Բրաբին փակեց աչքերը, բաց արեց եւ ասաց անարտահայտիչ ձայնով․
— Հիմա արդեն չեմ հիշում։ Ազնիվ խոսք։
— Լավ, չխոսենք նաեւ քո անցյալի մասին,— գլխով արեց Ժիրայրը։
«Իլ ինչի՞ մասին, իրոք որ»,— անցավ նրա մտքով։ Եվ կարծես ի պատասխան դրա, Բրաբին ասաց․
— Մի երկու ժամից երեխաները կգան։
Ուզու՞մ էր Բրաբին այդ, թե ոչ։ Բայց այնպես ստացվեց, որ միակ բանը՝ Ժիրայրին այդ տան հետ կապող, մնացին միայն երեխաները։ Ժիրայրի ներկայությունը բնակարանում՝ վերածվեց լոկ երեխաների սպասման։
— Գուցե ես մինչեւ այդ դուրս ելնեմ, թանոթանամ մեր քաղաքի հետ,— ասաց նա։
— Ինչպես ուզում ես։ Անշուշտ նաեւ տեղեր կունենաս գնալու։ Բայց ոչ, այսօր դեռ ոչ մի տեղ մի գնա։ Շտապ չէ։
— Եվ չունեմ էլ գնալու։ Մեր հիմնարկը չեմ ուզում մտնել…
— Չես էլ կարող։ Քո հիմնարկը լուծարքի է ենթարկվել դեռ երեսնական թվերի վերջերին։
— Ուրիշ տեղ եւս չունեմ գնալու։ Ազգականներ չունեմ, ծանոթներ՝ նույնպես, իսկ ում ունեցել եմ՝ հիմա չեմ հիշում։ Կուսակցական չեմ եղել, որ ներկայանամ կոմիտե։ Կշրջեմ հենց այնպես։ Կայարանից գալիս նկատեցի, որ քաղաքը շատ է փոխվել։ Հենց թեկուզ դեպի կենտրոն եկող փողոցը։ Դա միանգամայն նոր է։
— Բոլորովին էլ նոր չէ, դու պարզապես մոռացել ես,— ներողամիտ ժպտաց Բրաբին։— Արդեն մեկուկես տասնյակ տարի է, ինչ գոյություն ունի։
— Այո, բայց ես բացակայել եմ տասնվեց տարի, երկու ամիս եւ տասնհինգ օր,— հիշեցրեց Ժիրայրը։
Նա ելավ դուրս։
===3===
Հազիվ իջնելով առաջին հարկ, Ժիրայրն զգաց որ բան է մոռացել տանը։ Հիշեց իսկույն՝ պայուսակը։ Նա նույնիսկ մի մեքենայական, համարյա բնազդական շարժում արեց վերադառնալու, բայց ստիպեց իրեն՝ շարունակելու ճանապարհը։
Ուրեմն, ի՞նչ կատարվեց նրա հետ։ Անհամբերությունից այրվելով նա վերադարձավ Երեւան, տագնապով փնտրեց գտավ իր կնոջ հասցեն, սրտատրոփ մտավ նրա բնակարանը եւ… եւ տոմսակ թողեցին նրա համար՝ պատվիրելով հայտնել հեռախոսով հարցնողներին, որ Բրաբին կվերադառնա կես ժամից… Կարծես նա բացակայել էր ոչ թե տասնվեց տարի, երկու ամիս եւ տասնհինգ օր, այլ միայն վերջին տասնհինգ օրը…
Բայց գուցե կինը դիտմա՞մբ ստեղծեց այդպիսի առօրյա փոխհարաբերություններ հենց առաջին րոպեներից, որպեսզի Ժիրայրն իրեն զգար ինչպես իր տանը, մոռանար սարսափելի մեծ ընդմիջումը։
Իհարկե, այդ այդպես չէր։ Բայց եթե նույնիսկ այդպես լիներ, նման մտադրություն ունենար Բրաբին, ի՞նչպես կարելի էր կարծել, թե դա խելոք բան է, թե կարելի է մոռանալ ընդմիջումը՝ հենց միայն ձեւացնելով, թե այն չի եղել։ Ընդմիջումը խիստ մեծ էր՝ մոռանալու համար։ Ոչ թե մոռանալ է հարկավոր այն, դա անհնար է, այլ հաղթահարել։
Ոչ, իհարկե, Բրաբին չուներ էլ այդպիսի անլուրջ մտադրություն։ Նա պարզապես ուզում էր ժամանակ շահել, որովհետեւ, հանկարծակիի եկած, դեռ չգիտեր իր անելիքը…
Ժիրայրը հիշեց, թե ինչպիսի անկեղծ զարմանքի տոնով կինը հարցրեց նրան․ «Էլ ուրեմն ինչի՞ մասին խոսենք՝ եթե ոչ անցյալի»։ Նա այնպիսի բնական տարակուսանքով ասաց այդ, որ մի պահ Ժիրայրին էլ թվաց, թե կինն իրավացի է, թե չկա խոսելու ուրիշ նյութ։
Իսկ ապագա՞ն… Մի՞թե նրանք ոչինչ չունեն ասելու իրար այդ մասին եւ մի՞թե դա շատ ավելի կարեւոր չէ, քան անցյալի մասին խոսելը։ Ընդ որում, ապագայի մասին պետք է խոսել իսկույն, անմիջապես, որովհետեւ ժամանակ չկա սպասելու, նրանց անցյալի եւ ապագայի միջեւ չկա ներկայի ոչ մի շերտ։ Այն վայրկյանին, երբ Ժիրայրը խզված ձայնով ասաց՝ «Բրաբի», եւ կինը, շուռ գալով, տեսավ ու ճանաչեց նրան, անցյալն ավարտվեց եւ անմիջապես սկսվեց ապագան։
Դե ինչ, թող մտածի Բրաբին։ Պակաս մտածելու բան չունի նաեւ Ժիրայրը։ Ի՞նչպես կարելի է պահանջել ուրիշից, երբ ինքդ էլ դեռ չես կարողանում որոշել ոչինչ։ Իսկ չկարողանալու պատճառն այն է, որ խիստ մեծ է կոնտրաստն իրականում անցած ժամանակի եւ քո մտապատկերների մեջ կանգ առած ժամանակի միջեւ։
Ժամանակի ընթացքի այն կասեցումը, որին ակամայից, անգիտակցորեն, ձեռնարկել էր Ժիրայրն այն երեքշաբթի օրվանից, իհարկե, լիակատար անմտություն էր։ Դա նման էր այն բանին, երբ մարդ, իր աչքերի առաջ տեսնելով մի սարսափելի դեպք, իրեն հասած մի դժբախտություն, աչերն է փակում, իրեն է խաբում, թե չի կատարվել այդ դեպքը։ Դա դժբախտություն կրող մարդու առաջին բնական ռեակցիան է դժբախտության հանդեպ։ Առանց դրա կարելի է խելագարվել։ Ու թեեւ գիտակցությունդ հեգնում է քո արածը, ծիծաղում է անմիտ ձեռնարկությանդ վրա, խորհուրդ է տալիս բացել աչքերդ եւ շեշտակի նայել իրականությանը, բայց դու ավելի եւ ավելի ամուր ես սեղմում կոպերդ…
Եվ ահա, քո աչքերը բաց են…
Այն, որ նրանց անջատումից հետո անցել է այդքան մեծ ժամանակ եւ կյանքում եւ կյանքում կատարվել են այդքան շատ փոփոխություններ, դա ինքնին դեռ չի կարող դժվար կացություն ստեղծել ամուսինների միջեւ՝ եթե նրանք երկուսն էլ մնացած լինեին նույնը, նախկինը։ Սակայն խնդիրը հենց այն է, որ ժամանակի ընթացքում եւ կյանքի հետ միասին փոխվում են նաեւ մարդիկ իրենք։ Այն դեպքում, երբ նրանք միասին են ամբողջ ժամանակ, ապա չեն նկատում միմյանց փոխվելը, իսկ եթե նկատում են էլ, դարձյալ ոչինչ, որովհետեւ նրանք փոխվում են միմյանց հետ կապակցված, միմյանց վրա ներազդելով։ Նրանցից յուրաքանչյուրի կրած փոփոխությունները նրանց երկուսի ընդհանուր փոփոխություններն են։
Բայց Բրաբին ու Ժիրայրը մի հսկայական ժամանակաշրջան եղել են իրարից առանձին։ Եվ այժմ նրանք անճանաչելիորեն ուրիշ են իրար համար, օտար եւ խորթ…
Խնդիրն ավելի է բարդանում այն պատճառով, որ դրա հետ միասին Ժիրայրի զգացումների աշխարհը չի փոխվել եւ մնացել է կոնսերվացիայի ենթարկված։ Եթե նա էլ հասունացած լիներ Բրաբիի պես, ապա գուցե կարելի կլիներ գտնել նրանց միջեւ հետզհետե մտերմանալու եզրեր․— հանդիպել են երկու չափահաս, ինքնուրույն մարդիկ, մեկը՝ երեսունինը տարեկան, մյուսը՝ երեսունվեց, եւ ուզում են վերականգնել իրենց երբեմնի համատեղ կյանքը։ Ճիշտ է, միմյանց հետ շատ քիչ ապրած եւ միմյանցից շատ երկար ժամանակով բացակայած լինելու հետեւանքով այժմ նրանց մտերմությունը նման կլինի ոչ թե հինը վերականգնելու եւ շարունակելու, այլ համարյա նոր կյանք սկսելու, բայց ի՞նչ կա որ, կարելի է եւ այդպես։
Բայց ներկա դեպքում հնարավոր չէ նաեւ այդ, որովհետեւ Ժիրայրը երեսունինը տարեկան չէ, այլ քսաներեք, որը դեռ նոր է սկսելու իր իսկական կյանքը, կրթությունը, ճանապարհն աշխարհում։ Քարացումից արթնացած նրա երիտասարդ հոգին բոլորովին հասունացած չէ տասնյոթ տարեկան տղայի եւ տասնվեց տարեկան աղջկա հայր զգալու համար իրեն։ Նա դեռ չի ճաշակել նոր ոտք ելնող եւ նոր լեզու առնող երեխայի պատճառած երջանկությունը։ Իր ծնկան վրա նստեցրած, նա դեռ ցույց չի տվել իր զավակին առաջին տառը։ Նա դեռ չի էլ պատկերացնում իրեն երկու եւ ոչ թե մի երեխայի հայր…
Նրանց բնակարանի երբեմնի թարեքները… Թարեքներ՝ գրքերի համար, թարեքներ՝ ամանեղենի համար։ Անկատար է մնացել այն մեծ բավականությունը, երբ բնակարանիդ համար գնած որեւէ նոր կարասիով դու հեշտացնում ես կյանքը կնոջդ համար։ Նա դեռ չի տեսել, թե ինչպես ուրախ երգում է Բրաբին քթի տակ՝ գրքերն ու ամանեղենը թարեքների վրայից փոխադրելով պահարան եւ շունչ առնելով հանգիստ։ Այժմ նա ամեն օր հարկադրված չի լինելու փոշուց սրբել յուրաքանչյուր գիրքը կամ ափսեն, բավական կլինի սրբել միայն պահարանը։
Պահարանն ի՞նչ, դա չնչին բան է կյանքում։ Ժիրայրը դեռ չի ապրել գլխապտույտ առաջացնող այն երանությունը, երբ աշխատասենյակդ է մտնում մի մարդ,— վարիչն է դա, թե պրոֆմիության տեղկոմի քարտուղարը,— եւ հայտարարում․
— Գլենց, գործերը հանձնիր, դու գնում ես սովորելու։
Կամ գուցե այլ ձեւով էր կատարվելու դա, ի՞նչ կարեւոր է ձեւը։ Հաստատ է միայն այն, որ Ժիրայր Գլենցը հավիտյան չէր մնալու մի փոքրիկ հիմնարկի գործավար, այլ ստանալու էր բարձրագույն կրթություն։
Ոչ, նա դեռ չի ապրել այդ ամենը եւ էլի հազարավոր ուրիշ բաներ, որոնցից բաղկացած է կյանքը։ Կասեցնել ժամանակն արտաքին աշխարհում Ժիրայրը չի կարողացել եւ չէր էլ կարող, բայց ժամանակը նրա ներքին աշխարհում, նրա հոգու մեջ, կանգ է առել այն անջնջելի երեքշաբթի օրվա վրա…
Ժիրայրը հանկարծ նկատեց, որ քայլելով փողոցներով, չի էլ նայում շուրջը։ Ճիգով ստիպեց իրեն՝ կտրվել մտքերից։ Դա դժվար էր միայն առաջին պահին։ Այնուհետեւ նա իսկույն կլանվեց շրջապատով, որն այնքա՛ն շքեղ էր իր երբեմնի գիտեցածից։
Ժիրայրի առաջին տպավորությունը, դեռե կայարանից քաղաք գալիս, այն էր, որ նա խոր ընկղմված է փողոցի մեջ։ Այժմ նա հասկացավ․ դա նրանից էր, որ շենքերն այժմ ավելի բազմահարկ էին։ Համատարած շքեղությունը նրա երկրորդ տպավորությունն էր։ Շքեղ էին վարդագույն քարերից կառուցված շենքերը, շքեղ էին ցուցափեղկերը, շքեղ էր վաղ֊գարնանային, բայց արդեն շոգ արեւն այդ ամենի վրա։
Եվ, իհարկե, շքեղ էին մարդիկ, հատկապես երիտասարդնությունը։ Շքեղ էին ե՛ւ իրենց լավ հագուստներով, ե՛ւ ամենից առաջ, դեմքերով ու կազմվածքներով։ Դրանք ուրիշ, ավելի հարուստ եւ ավելի կուլտուրական քաղաքի բնակիչներ էին, քան Ժիրայրի գիտեցած երբեմնի Երեւանն էր։ Բայց նրանք չէին եկել ոչ մի տեղից, նրանք աճել էին հենց այդտեղ, զավակներն էին Ժիրայրի ու Բրաբիի պես նիհար, վատ հագնված, փոքր աշխատավարձ ստացած երբեմնի երիտասարդների…
Հանկարծ Ժիրայրը մտածեց, որ գուցե հենց այս րոպեիս նրա կողքով անցնում են նրա տղան կամ աղջիկը։ Ի՞նչպես ճանաչել նրանց։ Նա սկսեց ուշադիր նայել մարդկանց դեմքերին։ Բայց դա անհույս գործ էր եւ նա շուտով թողեց այդ։ Ավելի հուսալի էր, թեկուզեւ շատ քիչ հավանական, տեսնել որեւէ հին ծանոթի։ Բայց ո՞ւմ։ Ժիրայրը չէր հիշում ոչ ոքի։ Բայց դա ոչինչ։ Եթե տեսնի՝ կհիշի իսկույն։ Այդպես էր թվում նրան։
Փողոցի մի հատվածում նա տեսավ երկհարկանի մի հին տուն՝ բազմահարկ շենքերի միջեւ իր գոյությունը դեռ պահպանած։ Ճանաչեց, ուրախացավ։ Բայց եւ անդրադարձավ իսկույն՝ ինչո՞ւ է ուրախանում…
Իսկապես, ինչո՞ւ է ուրախանում։ Նրա՞ համար, որ հանդիպեց հին ծանոթի։ Բայց այդ հին ծանոթն այնքա՛ն ժամանակավրեպ է շրջապատի բազմահարկ շենքերի միջեւ։ Ճիշտ եւ ճիշտ Ժիրայրի նման։ Ի՞նչ կա այդտեղ ուրախանալու։ Ինչո՞ւ փնտրել անցյալի կռվանները եւ կառչել դրանցից։ Ընդհակառակը, հարկավոր է մերվել նորի հետ, իսկ ուրախանալ հարկավոր է անցյալի ոչ թե կոնսերվացած թանձրակների համար, այլ աճած ու փոխված ծիլերի…
Որ Ժիրայրը ետ է մնացել կյանքից՝ դա դաժանորեն վատ է։ Սակայն առավել եւս վատ է, որ նա ետ է մնացել իր տարիքից։ Քսաներեքամյա երիտասարդ՝ արդեն ճաղատանալ սկսող գլխով, ճակատի վրա երկու խոր ծալքերով, միջին տարիքի մարդու բավական լիքը կազմվածքով եւ ապրած կյանքի ողջ բովանդակությունն արտահայտող, ոչ հոգնած, բայց հարկ եղածից ավելի լուրջ, թախծոտ աչքերով…
Ոչ, բոլոր անցորդներն անծանոթ են, չկա դրանց մեջ ուրեւէ մեկը, որին ճանաչի Ժիրայրը։
Բայց դա գուցե պատահական բան է։ Պարտադիր հո չէ՞, որ առաջին իսկ օրը, շրջագայության առաջին իսկ րոպեներին, ծանոթներ հանդիպեն այսպիսի բավական մեծ քաղաքում։ Նույնիսկ դրա մշտաբնակիչները, անշուշտ, ամեն անգամ փողոցով անցնելիս չէ, որ առիթ են ունենում բարեւել որեւէ մեկին։
Մարդիկ ի՞նչ, երբ Ժիրայրին անծանոթ են նույնիսկ շենքերը։ Դրանք բոլորը նոր են։ Ի դեպ, դա գուցե նրանից է, որ Ժիրայրն առայժմ շրջում է քաղաքի կենտրոնական փողոցներով։
Անախորժության զգացումը, ինչպես որեւէ անհամ բան ուտելուց հետո, պաշարել էր Ժիրայրին եւ մի տեսակ դառնահամով էր լցրել նրա բերանը։ Նա այսպես չէր պատկերացնում իր վերադարձի առաջին օրը։ Նրան թվում էր, թե դա նշանավորվելու էր անմոռանալի դեպքերով՝ ընտանիքի հետ խելահեղ ջերմ հանդիպումով, փողոցում բազմաթիվ ծանոթ մարդկանց բուռն ողջույններով եւ էլի ուրիշ բաներով, որոնք նրա մտապատկերներում չունեին որեւէ կոնկրետ կերպարանք, բայց որոնց այնքա՛ն համառ բաղձում էր նրա հոգին։
Փողոցի անկյունում Ժիրայրը նկատեց լրագրերի մի կրպակ։ Մոտեցավ։ Գուցե հայրենիքի կամ միջազգային կյանքո՞ւ որեւէ դեպքով նշանավոր է այս օրը։
Նա գնեց մի թերթ, հազիվ նայեց վրան եւ այլեւս բաց չանելով, անախորժությամբ դրեց տեղը եւ շարունակեց ճանապարհը։ Ոչ, ուրիշ բան է նրան հարկավոր։ Հարկավոր են նվագ եւ խնդություն, ցնծալի աղաղակներ եւ նորից նվագ։ Իսկ շուրջն ամեն ինչ առօրյա է, թեկուզեւ շքեղ, թեկուզեւ կենսախինդ, վաղ գարնանային։
Բայց ինչի՞ առթիվ է Ժիրայրը բաղձում ընդհանուր ցնծություն։ Ի՞նչ է պատահել առանձնապես։ Եվս մի մարդ վերադարձել է իր ժողովրդի գիրկը։ Ի՞նչ կա այդտեղ զարմանալի եւ արտակարգ։ Ընդհակառակը, զարմանալին եւ արտակարգն անարդարությունն էր՝ այն սեւ երեքշաբթիով սկսված եւ այս վարդագույն ուրբաթով ավարտված։ Եվ ահա այժմ նա անցնում է իր քաղաքի գլխավոր փողոցով եւ ոչ ոք նույնիսկ ուշք չի դարձնում նրա վրա։ Դրա մեջ կա հուզող բնականություն, վերադարձած մարդու լրիվ ճանաչումն որպես հարազատի։ Իսկապես, հարկավոր չէ Ժիրայրին ոչ մի ցնծություն, հարկավոր չէ, որ նա աչքի ընկնի որեւէ բանով, երեւա արտակարգ։ Արտակարգն այժմ նրա համար կդառնար արտառոց։ Հենց այն բանով կմնա այս առաջին օրը նրա հիշողության մեջ, որ ոչնչով չի տարբերվի հետագա բոլոր օրերից…
Ոչ թե Ժիրայրի, այլ մի ուրիիշ մարդու վրա էին ուշադրություն դարձնում համարյա բոլոր անցորդները։ Դա մի կին էր, ըստ երեւույթին՝ երիտասարդ, որը դանդաղ քայլում էր Ժիրայրի առջեւով, մի քանի քայլ նրանից առաջ։ Նա հագել էր սպիտակ լայն վերարկու, որի կոճակներն արձակել էր շոգից եւ այդ պատճառով վերարկուն թվում էր ավելի լայն։ Գլխին նա դրել էր նույնպիսի սպիտակ գլխարկ՝ տափակ, ցածրիկ ու կլոր։ Միայն նրա կիսակոշիկներն էին ոչ թե սպիտակ, այլ երկնագույն, բայց դա, անշուշտ, նրա զգեստի գույնն էր։
Փողոցով անցնում էին շատ աղջիկներ ու կանայք, բայց նրանցից ոչ մեկը չէր առաջացնում այդպիսի ընդհանուր հետաքրքրություն։ Ժիրայրը տեսնում էր, թե ինչպես դիմացից եկողները, տղամարդ, թե կին, տեսնելով արտակարգ անցվորուհուն, անթարթ նայում էին նրա դեմքին, իսկ անցնելով նրա մոտով, շուռ էին գալիս եւ մի երկար հայացք նետում նրա ետեւից։ Իսկ անցվորուհին, անշուշտ վաղուց ի վեր վարժված այդպիսի հետաքրքրության, գնում էր իր համար, դանդաղ քայլերով, ձեռքերն իր գարնանային լայն վերարկուի գրպանները դրած։
Այ, այսպես․ կարելի է լինել սովորական մարդ՝ առաջին իսկ օրվանից, եւ կարելի է միշտ գտնվել ուշադրության կենտրոնում՝ թեկուզեւ մշտապես ապրելով նույն մարդկանց մեջ։ Դե ի՞նչ, մարդիկ ծնվում են տարբեր արտաքիններով եւ տարբեր ընդունակություններով։ Ժիրայրը սովորական մարդ է եւ նրա արտաքինն աչքի չի ընկնում ոչնչով։ Այժմ դա ամենից ավելի հարկավոր է նրան։ Նա անշուշտ պիտի նեղվեր՝ եթե լիներ այդ կնոջ փոխարեն։
Որովհետեւ Ժիրայրն ակամայից հարմարվել էր կնոջ քայլերին եւ գնում էր դրանց համընթաց, կարող էր թվալ, թե հետեւում է նրան։ Ուստի եւ որոշեց ետ մնալ կամ անցնել առաջ։ Եվ քանի որ նրան եւս, վերջ ի վերջո, հետաքրքրեց, թե ինչի համար են բոլորն այդպես նայում անցորդուհուն, նա արագացրեց քայլերը, առաջ անցավ նրանից, քայլեց էլի որոշ տարածություն եւ կանգ առավ մի ցուցափեղկի մոտ՝ իբր թե դիտելու ցուցադրված իրերը։ Զգալով, որ կինն արդեն բավական մոտեցել է, նա շուռ տվեց գլուխը, նայեց նրան։
Առաջին բանը, որ նա նկատեց, դա կնոջ հասկացող հայացքն էր՝ նրա վրա սեւեռված։ Ժիրայրը շփոթվեց։ Ինչի՞ համար էր նրան հարկավոր այդ պրիմիտիվ խորամանկությունը՝ գուցե դեռ դարեր առաջ արդեն հասկացված։ Նա ամաչեց իր արարքից։ Սպասեց, որ կինն անցնի, որպեսզի ինքը եւս շարունակի ճանապարհը՝ այս անգամ արդեն հակառակ ուղղությամբ։
Բայց կինը, անցնելու փոխարեն, նույնպես մոտեցավ ցուցափեղկին, կանգնեց Ժիրայրի կողքին եւ սկսեց նայել։ Ցուցափեղկի ապակու մեջ Ժիրայրը տեսավ կնոջ հայացքը՝ նրա վրա ուղղված։ Ոչ, այդ արդեն լավ չէ։ Ի՞նչ հանցանք գործեց Ժիրայրն իր փոքրիկ խորամանկությամբ։ Ոչ մի։ Ուզեց տեսնել կնոջ դեմքը եւ ուրիշ ոչինչ։ Կարելի՞ է դրա համար այդպես պատժել ննրան, մոտենալ եւ կանգնել կողքին։ Բավական էր նույնիսկ այն, որ նրանց աչքերը հանդիպեցին եւ կինն իր հայացքով զգացնել տվեց, որ նրա խորամանկությունը բացված է։ Մի ուրիշ կին այդ էլ չէր անի, այլ կանցներ անտարբեր։
Ժիրայրն սպասում էր, որ կինը գնար, բայց կինը չէր գնում։ Եվ նրա հայացքը, ապակուց անդրադարձած, անթարթ ուղղված էր Ժիրայրի վրա։ Ջղայնանալով, Ժիրայրը վճռեց ինքը հեռանալ առաջինը։ Բայց այդ րոպեին նրա կողքին հնչեց կնոջ կամացուկ, բայց հստակ ձայնը։
— Բարեւ ձեզ…
Ժիրայրն ապշած եւ տհաճ զգացումով նայեց կնոջը, որն իր նախաձեռնությամբ ուզում էր հաստատել փողոցային պատահական ծանոթություն։ Բայց հազիվ էր նայել նրան, երբ զգաց, որ սխալվում է չարաչար, հանցանք գործելու աստիճան։
Ժիրայրին նայում էին այնպիսի հստակ ու վճիտ աչքեր, որ նա մի պահ կարկամեց՝ չկարողանալով պատասխանել բարեւին։
— Բարով եք վերադարձել,— շարունակեց երիտասարդ կինը՝ հավաստիացնելու համար, որ չի շփոթել նրան մի ուրիշի հետ։
— Ես ձեզ չեմ ճանաչում… ներեցեք, չեմ հիշում…— արտասանեց Ժիրայրը։
— Իհարկե, չեք հիշի, ես այն ժամանակ փոքր էի, տասներեք տարեկան,— ժպտաց կինը։— Մենք ձեր հարեւաններն էինք՝ երկու տուն այն կողմ եւ ձեզ անծանոթ։ Դուք ե՞րբ եք վերադարձել, Ժիրայր Գլենց։
— Այսօր։
— Տասնվեց տարվա բացակայությունից հետո,— շշնջաց կինը։— Տասնվեց տարի, երկու ամիս եւ տասնհինգ օր…
Ժիրայրը ցնցվեց։ Իր կյանքում նա երբեք այդքան մոտ չէր եղել երախտագիտական բուռն արցունքների, նյարդային փղձկոցի, որքան որ այժմ։ Մեծ ճիգով կարողանալով զսպել միայն փղձկոցը, բայց ոչ իր աչքերի, ճակատի, դեմքի արտահայտությունը, բայց ոչ իր ձայնն ու շարժումները, նա խլեց խնոջ ձեռքը, ամուր սեղմեց զույգ ափերի մեջ եւ հազիվ արտաբերեց ջղաձգվող կոկորդից․
— Շնորհակալություն…
Կինը հասկացավ նրա վիճակը եւ այլեւս չշարունակեց խոսակցությունը։
— Ցանկանում եմ ձեզ ամեն, ամեն լավ բան աշխարհում,— ասաց նա հոգու խորքից, իր վճիտ ձայնով, յուրաքանչյուր «ամեն»֊ի հետ կարճ ցնցելով իր ձեռքը Ժիրայրի ձեռքերի մեջ, ապա դուրս քաշեց կամացուկ եւ շարունակեց ճանապարհը։
Ժիրայրը մնաց տեղում կանգնած եւ դառն վիրավորանքի զգացումը Բրաբիի նկատմամբ նորից ներխուժեց նրա սիրտը։ Հարեւանի աղջիկը, հարեւանի երեխան… երկու տուն այն կողմ… իրենց ընտանիքի հետ ոչ ծանոթ…
Իսկ Բրաբին…
===4===
Այս անգամ դուռը փակ էր։ Ժիրայրը զանգահարեց։ Դուռը բացվեց շատ արագ, ըստ երեւույթին նրան անհամբեր սպասում էին եւ վազքով մոտեցան զանգահարության վրա։
Ժիրայրն իսկույն նկատեց նմանությունը։ Այո, դա նրա տղան էր՝ նրան շատ նման, բայց եւ զգալիորեն տարբեր։ Կարծես հիշողությամբ էին պատճենահանել եւ միքիչ էլ շարժի էին վերածել դիտմամբ։ Ի դեպ, դա նրանից էր, որ տղան գտնվում էր անցման տարիքում, արդեն կորցրել էր իր մանկական կազմավորությունը, բայց չէր ստացել երիտասարդականը։ Նա լող֊լող էր, նիհար թեւերով ու ոտքերով, բայց ուներ մեծ ականջներ, մեծ ձեռքեր եւ ոտքերի մեծ թաթեր։ Ոչ թե երիտասարդ, այլ երիտասարդի շտապ գծագրված էսքիզ, սխեմատիկ կարկաս։ Բայց հենց այդ կարկասից էլ երեւում էր, որ դրա վրա աճելու էր մարդկային մի հաղթ ու դուրեկան շենք։ Բայց դա՝ հետագայում։
Ժիրայրը նույնիսկ ետ ընկրկեց։ Եվս մի խորթ էակ։ Խորթ՝ ոչ միայն իր աննմանությամբ նախկինին, այլեւ իր մեծությամբ։
— Համեցեք,— հայրիկ,— կարմրելով կակազեց տղան։
Ժիրայրը մտավ ներս, մեջքով սեղմեց դուռը, փակեց, եւ բռնելով տղայի խոշոր ձեռքերը, ոտից գլուխ նայեց նրան։ Հասարակ շալվարով, բրդե բարակ սվիտրով, երկուսն էլ՝ սեւ, մազերը՝ գանգուր, ավելի շուտ՝ խռիվ…
— Դու մեծ տղամարդ ես, սիրելի…
Նա մի պահ կանգ առավ՝ չիմանալով ինչպես անվանել նրան․— Հովի՞կ՝ ինչպես երեխա ժամանակ, թե՞ արդեն Հովհաննես։
— Ջոն,— օգնության եկավ տղան։
— Ջո՞ն… Ինչո՞ւ Ջոն…
— Հենց այնպես,— բռնազբոսիկ ժպտաց տղան։— Համեցիր, հայրիկ։
— Մի՞թե Հովհաննեսն ավելի վատ է,— շարունակեց հայրը՝ մտնելով սենյակ։— Հովհաննես Այվազոսսկի, Հովհաննես Սարուխանյան, Հովհաննես Թումանյան, Հովհաննես…
— Ջոն Դալտոն, Ջոն Ռեսկին, Ջոն Ռեյ, Ջոն Բուլ, ջոն Գոլսուորսի…— Հորն ընդհատելով, շուտասելուկով իրար վրա թափեց տղան մի ամբողջ կույտ Ջոներ, որոնց բոլորի ընդհաուր ֆունկցիան այն էր, որ հաստատեին Հովիկ Գլենցի իրավունքը՝ Ջոն կոչվելու։ Ակներեւ էր, որ նա հաճախ էր հարկադրված լինում պաշտպանվել եւ դրա համար վաղուց ի վեր ապահովել էր իրեն Ջոների մի պատկառելի պաշարով։
— Լավ, թող լինի Ջոն,— հաշտարար եւ մի քիչ էլ անտարբեր տոնով համաձայնվեց հայրը։— Դե, եկ ծանոթանանք, Ջոն Գլենց։ Պատմիր տեսնեմ քո մասին…
Նա նստեց իրեն արդեն ծանոթ աթոռի վրա՝ դրա հանդեպ զգալով մի ինչ֊որ թեթեւակի մտերմություն, եւ սպասողական նայեց տղային։
Բայց Ջոնը երեւի չէր էլ լսել հոր խոսքերը։ Նա անթարթ, զննաբար նայում էր իր առջեւ նստած միջին տարիքի տղամարդուն՝ աշխատելով տեղավորել իր գլխի մեջ այն միտքը, որ դա իր հայրն էր։
— Դե՞…— քաջալերեց հայրը։
— Ի՞նչ։ Իմ մասի՞ն։ Ես ծնվել եմ…
— Ես գիտեմ, թե երբ ես ծնվել։ Դա միակ բանն է որ գիտեմ։ Ուրի՞շ։
— Սովորում եմ մեքենագիտական տեխնիկումում։ Կոմերիտական եմ։ Շատ սիրում եմ տեխնիկան, նաեւ ֆուտբոլ, լուսանկարչություն, շախմատ… Ավելի լավ է՝ դու հարցեր տուր, հայրիկ, իսկ ես պատասխանեմ։
— Ռուսերեն գիտե՞ս։
— Ես սովորում եմ տեխնիկումի ռուսական բաժնում։ Իսկ առաջ հայկական դպրոցումն էի։ Մի քիչ էլ անգլերեն գիտեմ։ Հայրիկ, դու հիմա ո՞րտեղից ես եկել։
— Շատ հեռվից… Ուրեմն, տեխնիկայով ես հետաքրքրվում։ Իսկ գրականություն սիրո՞ւմ ես։
— Առաջ շատ էի կարդում, բայց հիմա ժամանակ չկա։ Համարյա միայն տեխնիկական գրքեր եմ կարդում։
— Ժամանակ չկա՞։ Իսկ ի՞նչ ես անում ազատ ժամերիդ։
— Տեխնիկայով եմ զբաղվում։ Մայրիկը քեզ դեռ ցույց չի՞ տվել իմ արհեստանոցը։
— Դեռ ոչ։
— Բակի կողմի պատշգամբումն է։ Ես ցույց կտամ։ Իսկ դու տեխնիկայով հետաքրքրվո՞ւմ ես, հայրիկ։
— Ի՞նչպես չէ․ կացին, սղոց, խարտոց…
— Դրանք գործիքներ են,— ներողամիտ ժպտաց տղան։— Իսկ ես հարցնում եմ մեքենաների ու սարքերի մասին։
— Հետաքրքրվում եմ, բայց առիթ չեմ ունեցել զբաղվելու։
— Դու ի՞նչ մասնագիտություն ունես, հայրիկ։
— Կարծեմ ես էի հարցեր տվողը, Ջոն։ Ապա, տեսնեմ ի՞նչ գրքեր ունես գրադարանում։
Ժիրայրը մոտեցավ պահարանին, նայեց գրքերի կողերին։
— Րաֆֆի… Ի՞նչ ես կարդացել Րաֆֆուց։
— Դա մերոնք են կարդացել։
— Իսկ դո՞ւ։ Ի՞նչ գրողների գիտես։
Ջոնն ակներեւաբար նեղվում էր, որ խոսակցությունը գնում է գրականության եւ ոչ թե տեխնիկայի շուրջը։
— Ռո՞ւս գրողներից, թե անգլիական։
— Առայժմ հայ։
— Հա՞յ… Բոլորն էլ գիտեմ։— Եվ սկսեց շուտասելուկի ձեւով թվարկել ազգանունները՝ դրանց սկզբից կցելով անունների միայն սկզբնատառերը։ Ըստ երեւույթին նրանց բոլորին նա հիշում էր իր անցած դասերից։— Շիրվանզադե, Հըթումանյան, Գըսունդուկյան, Ղաղայան…
Ժիրայրն անսպասելիությունից բարձր ծիծաղեց։ Ջոնն ընդհատեց թվարկումը։
— Ի՞նչ ես կարդացել Ղաղայանից։
Տղան լարեց հիշողությունը, կնճռեց ճակատը։
— Իսկ Թումանյանի՞ց։
— «Շիլիոնի կալանավորը»,— իսկույն ասաց տղան՝ ըստ երեւույթին ոչ պատահաբար հիշելով այդ երկը։
— Դա Թումանյանը չէ։
— Գիտեմ։ Գրել է Լըբայրոնը, իսկ Հըթումանյանը թարգմանել է։ Ինքնուրույն գրվածներն էլ գիտեմ։
— Անգիր հիշո՞ւմ ես որեւէ բան։
— Ես գրականությունից միշտ միայն բավարար եմ ստացել,— անկեղծորեն խոստովանեց տղան։
— Այդ դեպքում կարդա գրքով։
— Անպայմա՞ն ես ուզում, հայրիկ։
— Ցանկալի է։ Իսկ հետո կտեսնենք նաեւ արհեստանոցդ։ Կարդա հենց թեկուզ «Շիլիոնի կալանավոր»֊ից,— այս անգամ առաջարկեց Ժիրայրն ինքը։
Ջոնը պահարանից վերցրեց եւ բաց արեց գիրքը, գտավ պոեմը։ Եվ որպեսզի շուտ վերջացնի ընթերցումը, նա դիմեց խորամանկության, սկսեց կարդալ ամենավերջին գլուխը․
<poem>
Ամիսներ, տարիք թե օրեր անցան,
Ես ոչ հաշվել եմ եւ ոչ իմացել․
Մութն էր իմ բանտը, տըխուր մըշտական
Ու երբեք պայծառ հույս չեմ ունեցել։
Եկան վերջապես ինձ ազատելու․
Չէի հասկանում, ուր եմ գնալու,
Ոչ էլ հարցըրի, է՞ր էն ազատում․
Մին էր ինձ համար, ազատ թե բանտում․
Ու այն ժամանակ իմ բանտի միջին
Երբ որ ձըգեցին կապանքս վերջին,
Այնպես էր թվում, թե նրանք եկել
Ուզում էին ինձ բաժանել, զրկել
Իմ երկրորդ տանից։ Ես մինչեւ անգամ
Այնտեղ սարդեցին դարձա բարեկամ․
Ու միշտ ուշադիր հետեւում էի,
Երբ որ լըրջորեն նրանք ձանձրալի
Իրենց արհեստով էին ըզբաղվում․
Կամ դիտում էի, երբ մուկն էր խաղում
Լուսնի լույսի տակ։ Ինչո՞ւ նըրանց պես
Ինձ էլ մեր տանը չըզգայի եւ ես…
Մենք բնակիչներ ամենքս մի տան,
Ու ես նրանց մեջ մի պետ անսահման,
Կյանքի ու մահվան վճիռն իմ ձեռքում․
Բայց այնպես խաղաղ էինք բընակվում…
Նույնիսկ շըղթայիս դարձա ես ընկեր…
Այսպես մընալով օրեր, տարիներ,
Սովորում է մարդ իրեն վիճակին,
Ու… ես ցավեցի իմ բանտի շեմքին։
</poem>
Տղայի կարդալու ընթացքում հայրը մռայլվեց եւ երկու ծալքերը նրա ճակատի վրա ավելի խորացան։ Փոխվեց նաեւ Ջոնի ձայնը։ Կարդալիս նա մի քանի անգամ աչքերով քաղելով գրքից մի տողի չափ անհրաժեշտ պաշար, բարձրացնում էր հայացքը, ուշադիր նայում հորը՝ կարծես համեմատելով նրան իր կարդացածի հետ։ Ապա, տողը պրծնելով, արագ իջեցնում էր գլուխը եւ շարունակում կարդալ։
Երբ նա ավարտեց, մի պահ երկուսն էլ լուռ էին։ Ապա հայրն ասաց հանգիստ ու դանդաղ, բայց հաստատուն ձայնով․
— Սխալվում է Լորդ Բայրոնը, Ջոն։
Տղան մինչեւ իսկ մի ընդոստ շարժում արեց զարմանքից․
— Ի՞նչպես թե… Չէ՞ որ նա կլասիկ է…
— Բայց եւ այնպես սխալվում է։ Երբեք, երբեք չի կարելի վարժվել բանտին։ Վերցրու, օրինակ, գաղութային երկրները։ Ստրկանալուց դարրե հետո նույնիսկ, նրանք ապստամբվում են իշխողների դեմ։
— Ախր Բայրոնն անհատի մասին է գրել, հայրիկ,— հանգիստ շունչ առնելով, ներողամիտ ժպտաց տղան՝ թյուրիմացությունը համարելով պարզված։
— Միեւնույնն է։ Ես ուրիշ կերպ կվերջացնեի պոեմը։
— Դո՞ւ… համարյա սրբապղծությունից սարսռողի պես, արտասանեց Ջոնը։
— Այո։ Կուղղեի։ Ավելի ճիշտ՝ շուռ կտայի բոլորովին։ Երբ ազատում են Շիլիոնի կալանավորին, նա սկսում է խելահեղորեն վազել, վազել, վազել… Չնայած իր ուժասպառությանը, նա վազում է, վազում, վազում… Նա շտապում է հասնել բաց թողածին, բռնել այն։ Ու թեեւ բաց թողածը երկար տարիներն են, իսկ շահածը՝ րոպեներն ու վայրկյանները, բայց նա վազում է, վազում, վազում… մինչեւ որ վար է ընկնում գետնատարած…
— Մեռնո՞ւմ է…— վախեցած հարցրեց տղան։
— Ոչ։ Վեր է կենում եւ նորից է վազում։ Ես այդպես կվերջացնեի պոեմը։
— Իսկ… հասնո՞ւմ է։
— Ով որ չի վազում՝ նա երբեք չի կարող հասնել, ստույգը դա է։
Գիրքը պահարանում խնամքով տեղավորելիս հայրը հարցրեց․
— Մի՞թե դա ավելի լավ վերջ չէ, Ջոն։
— Ոչ, հայրիկ, դա վերջ չէ։ Դա սկիզբ է։
Ժիրայրը կտրուկ շուռ եկավ պահարանից, նայեց որդուն։ Պատանու աչքերը հասկացող հայացքով նայում էին այդ մարդուն, որը նրա հայրն էր։ Եվ այդ մարդը, առաջին անգամ նրանց հանդիպման ընթացքում, բուռն մղում զգաց դեպի պատանին, մոտեցավ եւ գրկեց նրան։ Բայց ճիշտ է նաեւ այն, որ հայրական քիչ բան կար այդտեղ եւ դա ավելի շատ մի տղամարդու շնորհակալությունն էր մի ուրիշ տղամարդու։
Ժիրայրն ու Ջոնը դեմ֊դիմաց նստած նայում էին իրար։
— Այնպես ենք լռել, կարծես խոսելու բան չկա,— ծիծաղեց հայրը։
— Դա նրանից է, որ խոսելու շատ բան կա,— բացատրեց տղան։
— Ապրես։ Եվ անհնար է բոլորը միանգամից ասել իրար, ճի՞շտ է։ Հարկավոր է կամաց֊կամաց, առիթից առիթ, ժամանակի ընթացքում։ Դե, լավ, ի՞նչ արած, եկ խոսենք ինչի մասին որ մտնքներս ընկնի։ Դու ի՞նչ էիր մտածում իմ մասին, Ջոն, որ ես մեռա՞ծ եմ, թե կենդանի։
Տղան կարմրեց հանցանքի մեջ բռնվածի պես։ Ավելի ճիշտ՝ կարմրեցին նրա միայն ականջները, իսկ դեմքը թեթեակի շիկնեց։
— Ես չեմ մտածել քո մասին, հայրիկ,— կամացուկ խոստովանեց նա։— Դու ինձ համար պապի ու տատի պես էիր…
— Այսինքն՝ մեռա՞ծ։
— Ոչ, հայրիկ, իբրեւ մեռածի մտածում են նրա մասին, ում որ տեսել են մեռած կամ գոնե կենդանի։ Դու ինձ համար գոյություն չունեիր։ Բայց քիչ առաջ,— շտապեց ավելացնել նա՝ քանի դեռ հայրը չէր վիրավորվել,— երբ մայրիկն ասաց, որ դու եկել ես, ես այնքան հուզվեցի, որ նա նույնիսկ վախեցավ։
— Ինչո՞ւ։
— Որովհետեւ առաջին անգամն էի այդպես հուզվում։ Վալերիան կաթիլներ առաջարկեց,— տղամարդավարի արհամարհանքով փնչացրեց Ջոնը։
— Չխմեցի՞ր։
— Ի՞նչպես կարելի չխմել՝ երբ մայրիկն է պահանջում։
— Նա տա՞նն է։
— Ոչ, գնաց, շուտով կգա։
— Իսկ… քո՞ւյրդ։
— Նա նույնպես շուտով կգա։
— Դու սիրո՞ւմ ես նրան։
— Ինչո՞ւ չէ։
— Իսկ նա քե՞զ։
— Ավելի շատ։
— Իսկ երկուսդ մայրիկի՞ն։
— Հայրիկ,— ժպտաց տղան,— դու այնպես ես հարցուփորձ անում, կարծես վաղը նորից մեկնելու ես։ Կապրես՝ կտեսնես։ Իհարկե, երկուսս էլ սիրում ենք մայրիկին ու լսում։ Ներողություն, ես գնամ ննջարան՝ պիժամաս հագնեմ, թե չէ մայրիկը կբարկանա։
Հազիվ էր Ջոնը մտել ննջարան, երբ դուրս ելավ հագուստը չփոխած, հանցավորի դեմքով։
— Հը՞, Ջոն։
— Շատ ներողություն, հայրիկ։ Քիչ մնաց մոռանայի։ Ախր այսօր ուրբաթ է։
— Այսի՞նքն։
— Ես պիտի գնամ։ Խմբակի պարապմունք ունենք։ Իսկ բաց թողնել չեմ կարող, ես եմ զեկուցողը։
— Գնա, գնա,— քաջալերեց հայրը։
— Բայց ախր դեռ հազիվ իրար տեսած…
— Դու այնպես ես խոսում, Ջոն, կարծես վաղը նորից մեկնելու եմ,— ժպտաց հայրը։
Ժպտաց նաեւ Ջոնը եւ դուրս ելավ առանց գլխարկի։ Համարյա ամբողջ երիտասարդությունն էր շրջում գլխաբաց։ Ժիրայրը դա նկատել էր փողոցում եղած ժամանակ։ Անցյալում այդպես չէր։
— Հայրիկ,— մի պահ ետ դառնալով միջանցքից, ասաց տղան,— հանգստացիր իմ բազմոցի վրա, շուտով մերոնք կգան։ Զբաղվիր ինչով ուզում ես։ Քեզ զգա ինչպես քո տանը։ Դե, առայժմ…
Հոգնությո՞ւն… Երկար տարիներից ի վեր Ժիրայրն առաջին անգամն էր ապրում այդ զգացումը։ Ուժասպառ նա շատ էր եղել, բայց հոգնած՝ երբեք։ Ու թեեւ այժմ նույնպես, նա բաղձանքով գնաց պառկելու եւ անձկությամբ ձգվեց Հովիկի բազմոցի վրա, բայց գիտեր, որ ֆիզիկական ուժասպառություն չէր դա, այլ հոգեկան հոգնածություն։ Իր վերադարձի առաջին րոպեներից մինչեւ հիմա այնքան խնդիրներ էին բարդվել նրա մտքի ու հոգու վրա, որ նա կքվել էր դրանց տակ։
Այնտեղ այդպես չէր, այնտեղ ամեն ինչ պարզ էր։ Եվ կար միայն մի խնդիր․— ապրել, սպասել արդարամտության, որը, նա համոզված էր, հաղթանակելու էր վերջիվերջո։ Մնացյալ բոլոր խնդիրները մանր֊մունր էին դրա համեմատությամբ, բխում էին դրանից եւ ենթարկվում դրան։
Նրա հոգին ե՛ւ ընկճված էր այնտեղ, ե՛ւ ողբերգության մեջ, ե՛ւ դառնությամբ պատած, ե՛ւ ուրիշ ամեն ինչ, բայց ոչ հոգնած։ Հոգնածության ճահիճ գոյանալուն խանգարում էր սպասումը՝ աշխարհում գոյություն ունեցող ամենազորավոր էներգիաներից մեկը։
Իսկ այսօր…
Զարմանալի էր նաեւ այն, որ այսօրվա այդ հոգնածությունը դրսեւորվել էր որպես ֆիզիկական կեցություն։ Անուշադիր մտածելիս նրան կարող էր թվալ, թե նա կերել է ինչ֊որ անախորժ բան, որից կծկվել է նրա ստամոքսը, ձգվել է կոկորդը՝ որձկալու պատրաստ, իսկ բերանը պաստառվել է թունավոր դառնահամով։
Բայց եւ այնպես, պառկելով բազմոցի վրա, նա զգաց, թե ինչպես երանության մի մաքուր զով տարածվեց նրա հոգնածության վրա։ Ոչ, դա զսպանակավոր փափուկ ու պիրկ պառկելատեղի պատճառած ֆիզիկական հաճույքը չէր, որ ներծծվեց նրա մեջ։ Զովը գալիս էր հոգու միջից։
Երկար ժամանակ նա չէր կարողանում գտնել դրա պատճառը, որովհետեւ չէր մտածում այդ մասին, այլ անկամ ենթարկվել էր դրա խաղաղարար հմայքին։ Ապա հասկացավ՝ հանդիպումը փողոցում…
Այժմ Ժիրայրն զգաց, որ այդ հանդիպումը նրան տվել էր անսահման ավելին, քան հուզված երախտագիտության մի պահն էր։ Գլենրնեցի դեռեւս օտար ընտանիքի, Երեւանի դեռեւս անծանոթ եւ անսովոր միջավայրի հանդեպ կանգնած միայնակ ու անկարեկից Ժիրայրի համար այդ հանդիպումը միակ անկյունն էր որը ջերմացած էր հարազատության զգացումով։ Այժմ, մտովին վերադառնալով այնտեղ, նա զգաց, որ վերադառնալու է էլի եւ էլի, մինչեւ որ ուրիշ կողմերում եւս ջերմություն ծագի նրա համար, նրա կյանքի վրա տիրի համատարած գարունը։
Կարեւոր չէր, որ ջերմ անկյունը նա հոգու համար ստեղծել էր նրա ոչ թե կինը, ոչ թե տղան, աղջիկը, կամ որեւէ հին ծանոթը, բարեկամը, այլ անծանոթ մի կին։ Կամ, ընդհանկառակը, հենց այդ էր կարեւորը, հենց այդ էր տալիս ջերմությանն այդպիսի անկաշառություն եւ ինքնաբխություն։ Կինն ամուսնու նկատմամբ կարող է այդպես ջերմ վարվել նույնիսկ լոկ ի պաշտոնե, զավակը՝ ազգակցության բերմամբ։ Ուրիշ է անծանոթ մարդը, որը ոչնչով ո՛չ պարտավոր է, ո՛չ իրավասու։
Ինչպիսի՜ մաքուր եւ հոգեհույզ ձայնով նա ցանկացավ Ժիրայրին ամե՛ն, ամե՛ն լավ բան աշխարհում՝ առանց գիտակցելու, որ դրանով իսկ նա տալիս է այդ։ Ոչ, իզուր են ամեն տեսակ փիլիսոփայությունները վերադարձի առաջին օրվա մասին, այն մասին, թե իբր նա նշանավոր պիտի լինի նրանով, որ չպիտի տարբերվի հետագա բոլոր օրերից։ Դա զրկված մարդու փիլիսոփայություն է։ Առաջին օրը պետք է հնչեին շեփորները եւ դրանք հնչեցին։
Եվ բոլորովին էլ կարեւոր չէ, թե ով էր այդ կինը, թե Ժիրայրը գուցե այլեւս երբեք չհանդիպի նրան։ Հաճա՞խ է պատահում արդյոք, որ ցրտից մտնելով մի տաք անկյուն, մենք գոնե մի բարի խոսքով հիշում ենք դրա կառուցողին։
Եվ որքա՛ն զարմանալի է, որ ամեն ինչ սկսվեց պատահականությունից, օրինաչափությունների այդ օրինաչափությունից, որի մեջ այնքան են իրար խաչաձեւում օրինաչափությունները, որ դրանց բարդ հանգույցը, իրոք որ, թվում է պատահականություն։ Քանի՜ տասնյակ «եթե»֊ներ… Եթե Ժիրայրը դուրս չգար տնից, եթե չանցներ այդ փողոցով, եւ այն էլ հատկապես այդ րոպեին, եւ եթե կինը նույնպես, դուրս չգար տնից եւ չանցներ այդ փողոցով եւ այն էլ հատկապես այդ րոպեին…
Երբ Ժիրայրը նկատեց, որ անցորդները լուռ հիացմունքով նայում են իր առջեւում քայլող կնոջը եւ վերջապես ինքն էլ հետաքրքրվեց նրանով, կարո՞ղ էր ենթադրել, թե ինչպիսի նշանակություն պիտի ունենար այդ կինը նրա համար։
Առաջ անցնելով նրանից եւ կանգ առնելով ցուցափեղկի մոտ, Ժիրայրն սպասում էր տեսնել շատ գեղեցիկ մի դեմք եւ ուրիշ ոչինչ։ Աչքի վայրկենական բավականություն, ընդ որում՝ երեխայական, նրա տարիքին ոչ վայել։ Բայց Ժիրայրը չտեսավ հենց դեմքը… Դա այժմ անհավատալի է, բայց այդպես է․ Ժիրայրի վրա սեւեռած կնոջ աչքերը կարծես պատնեշել էին դեմքը։ Ավելին․ Ժիրայրը չտեսավ նույնիսկ աչքերը, այլ միայն դրանց հայացքը՝ մաքուր եւ հստակ։ Եվ այդ հայացքի միջոցով նա ստացավ անսահման ավելին, քան այն երեխայական բավականությունը, որը նա սպասում էր՝ ցուցափեղկի մոտ կանգ առնելիս։
Շնորհակալություն քեզ, անծանոթ կին։ Շնորհակալություն նույնիսկ ոչ թե հանդիպման համար, այլ որ դու կաս, որ դու չէիր կարող չլինել։ Դու կամուրջ հանդիսացար Ժիրայրի համար, դու պակասող այն օղակն էիր, որ իրար կապեցիր խզված շղթայի երկու ծայրերը՝ երեքշաբթին եւ ուրբաթը, դու իրար միացրիր կինոժապավենի երկու կտորները, եւ դրա հետեւանքով մի քիչ պակաս ցավագին դարձավ օտարության զգացումը, մենակությունը, մի քիչ պակաս սարսափելի դարձավ այն ընդմիջումը, որը կոչվում է տասնվեց տարի, երկու ամիս եւ տասնհինգ օր…
===5===
Շա՞տ էր քնել Ժիրայրն արդյոք, թե քիչ, երբ լսեց թեթեւ ոտնաձայն հատակի վրա՝ զգուշությունից դանդաղած։