Ֆրոդոն ինքը, վշտից սթափվելով, հայտնաբերեց, որ Զառիթափի Պարկուտի տեր, միստր Պարկինս լինելը նույնիսկ շատ հաճելի է։ Տասնյակ տարիներ նա ուրախ֊ուրախ վայելում էր կյանքը եւ ապագայի մասին բնավ չէր մտածում, թեպետ երբեմն, այնուամենայնիվ, ափսոսում էր, որ Բիլբոյի հետ չի գնացել։ Եվ ժամանակ առ ժամանակ, հատկապես աշնանը, նրա անուրջներում կուսական վայրեր էին հայտնվում, աչքին սարեր էին երեւում, որտեղ երբեք չէր եղել եւ ծովեր, որոնց մասին միայն լսել էր։ Նս կսեց ինքն իրեն կրկնել․ «Այ մի օր էլ կվերկենամ ու կգնամ Գետի այն կողմը»։ Եվ իսկույն էլ ներքին ձայնն ասում էր․ «Հե՜տո, մի օր․․․»։
Մինչդեռ մոտենում էր նրա հիսնամյակը, իսկ հիսուն տարին Ֆրոդոյին բավական նշանավոր (եւ նույնիսկ չարագուշակ) տարեթիվ էր պատկերանում։ Այդ նույն տարիքում էր, որ Բիլբոն խիզախ հոբիթ դարձավ։ Ֆրոդոյի մեջ անհանգստություն բուն դրեց, սիրելի կածանները ձանձրացրել էին նրան։ Նա աչքի էր անցկացնում տեղական քարտեզները, որտեղ Հոբիթստանը շրջապատված էր սպիտակ բծերով։ Նա ավելի ու ավելի հաճախ եւ ավելի ու ավելի երկար էր շրջում մենակ, իսկ Մերին ու մյուս ընկերները տագնապով հետեւում էին նրան։ Իսկ ով հետեւում էր, տեսնում էր, թե ինչպես է նա երկար զրույցի բռնվում օտարականների հետ, որոնք Հոբիթստանում շատ֊շատացել էին։ Լուրեր էին պտտվում արտասահմանում կատարվող ինչ֊որ զարմանահրաշ բաների մասին․ Գանդալֆն արդեն երկար տարիներ չէր երեւացել եւ նույնիսկ իր մասին իմաց չէր տալիս։ Հոբիթստանի միջով շտապողականորեն շարժվում էին էլֆերի ջոկատները՝ առաջներում հոբիթները նրանց մասին միայն լսածներով գիտեին, իսկ այժմ էլ էլֆերը անտառների եզրերով երեկոները գնում էին ու գնում, անցնում էին ու էլ չէին վերադառնում։ Հեռանում էին Միջերկրից։ Նրանք էլ իրենց ճակատագիրն ունեին։ Սակայն թզուկներն էլ էին գնում՝ դարձյալ մեծ քանակությամբ։ Արեւելքից արեւմուտք ձգվող հնադարյան ճանապարհը Հոբիթստանի միջով գնում էր Արծաթաայլ Նավահանգիստ, թե թզուկներն էլ ի սկզբանե այդ ուղիով էին գնում֊գալիս Կապույտ լեռների հանքերը։ Նրանցից էլ հոբիթներն իմանում էին, թե ինչ է կատարվում օտար երկրներում, թեեւ տանտերերը հետաքրքրասեր չէին, իսկ անցորդները սակավախոս էին։ Բայց հիմա Ֆրոդոյին ավելի ու ավելի հաճախ էին հանդիպում ուրիշ, հեռավոր թզուկներ։ Նրանք գնում էին արեւմուտք ու, շուրջը նայելով, շշուկով խոսում էին Թշնամու եւ Մորդոր երկրի մասին։ Այդ բառերը հայտնի էր միայն շատ հինավուրդ ասույթներից, եւ չարագուշալ ստվեր էր գցում նրանց վրա։ Իսկ հիմա, պարզվում է, որ Սեւ Դղյակը նորից վերակառուցված է, ու այնտեղից սառնաշունչ խավար ու ուժաթափ անող սարսափ է սողում Միջերկիր։ Ամենուրեք թնդում են պատերազմները։ Լեռներում բազմանում էին օրքերը։ Թրոլներն էլ են փոխվել, բթամիտ ու ծուռթափ չեն, այլ խորամանկ եւ նոր ձեւով զինված։ Խոսում էին ավելի սարսափելի բաների մասին, բայց այստեղ արդեն ակնարկներով էին խոսում։ Հասարակ ժողովուրդը, իհարկե, այդ մասին քիչ բան գիտեր։ Սակայն նույնիսկ ամենախլականջ տանը նստածները, նույնիսկ սրանք որոշ բան լսել էին, իսկ ով պատահաբար եղել էր սահմանի մոտ՝ նաեւ տեսել էր։ Գարնանային մի երեկո «Կանաչ վիշապում» բուխարիկի մոտ Սամ Համեստուկը՝ Ֆրոդոյի այգեպանը, զրույց էր անում Թոդ Ավազունսի՝ ջրաղացպանի որդու հետ։ Շուրջը հավաքվել էին պանդոկւ մշտական հաճախորդները։ ― Զարմանալի լուրեր են պտտվում, ― ասաց Սամը։ ― Իսկ դու ականջդ կախ արա, ― խորհուրդ տվեց Թոդը, ― էլ ավելին կլսես։ Հրե՜ն գնա իմ մամիկի մոտ՝ էնքա՜ն պատմի, որ․․․ ― Դե ինչ արած, ― ասաց Սամը, տատի հեքիաթներն էլ մեկ֊մեկ լսելը չի խանգարի։ Հո դրանք ինքը չի հնարել։ Վերցնենք, օրինակ հենց քո ասած վիշապները։ ― Վերցրու քեզ, ― ասաց Թոդը, ― ինձ պետք չէ։ Ես դրանք սեղանի տակ չոչ անելիս էնքան եմ լսել, իսկ հենց որ տաբատ հագա, մտքիցս դուրս թռան։ Մեր Գետամերձում միայն մի վիշապ կա, էն էլ կանաչ։ Ճի՞շտ եմ ասում, ― դիմեց նա ունկնդիրներին, եւ նրանք միահամուռ քրքջացին։ ― Էդ դու իմ խոսքը կտրեցիր, ― մյուսների հետ Սամն էլ ծիծաղեց։ ― Իսկ ծառ հսկաների հաշվով ի՞նչ կասես։ Ասում են, հյուսիսային ճահիճներից այն կողմ վերջերս մեկին տեսել են՝ ուզածդ ծառից բարձր։ ― Էդ ո՞վ է ասում։ ― Դե, թեկուզ իմ ախպերացու Հելը։ Նա պարոն Կուզբոնցի մոտ է բանում եւ միշտ լինում է Հյուսիսային նահանգում։ Հենց ինքն էլ տեսել է։ ― Նա կտեսնի, մենակ մեզ ցույց չի տա։ Իսկ թե ինչ է էնտեղ տեսնում, ինքն ավելի լավ գիտի, քանի որ ուրիշները ոչինչ չեն տեսնում։ ― Դե չէ, էլի, իսկական հսկա է, ամեն լոնքը երեք սաժեն է, ինքն էլ ոնց որ վիթխարի ծփի լինի, իր համար քայլում գնում է․․․ ― Ծփիները չեն քայլում, այլ աճում են, որտեղ որ բուսել են։ ― Դե քեզ ասում են՝ քայլելիս է եղել, իսկ ծփի էնտեղ չի աճում։ ― Դե որ ասածիդ պես չի աճում, էլ որտեղի՞ց է նա էնտեղ ծլել, ― կտրեց Թոդը։ Բոլորը, հավանություն տալով, ծիծաղեցի․ Թոդին մատներիդ վրա չես խաղացնի։ ― Համա՜ թե լեզու ունես, ― ասաց Սամը, ― մենակ թե ախր մեր Հելիուսը միակը չի, որ տեսակ֊տեսակ բաներ է տեսել։ Ամբողջ Հոբիթստանով մեկ խոսում են, որ այդպիսի բան մինչեւ օրս չի եղել։ Արեւելքից չտեսնված֊չլսված օտարականներ գալիս են ու գալիս։ Ու ականջիս է հասել, որ էլֆերը տեղահան են եղել դեպի արեւմուտքի Սպիտակ Բերդից այն կողմի նավահանգիստները։ ― Սամը ինչ֊որ անորոշ ձեռքը թափ տվեց․ ոչ նա, ոչ էլ հոբիթներից որեւէ մեկը չգիտեր, թե իրենց արեւմտյան ծայրամասից այն կողմ, հինավուրց ավերակների հետեւում ծովը որտե՞ղ է գտնվում։ Միայն հին ավանդություններ կայի Արծաթափայլ Նավահանգստի մասին, որտեղից լողում֊հեռանում ու էլ չեն վերադառնում էլֆերի նավերը։ ― Դրանք լողում ու լողում են արեւմուտք, իսկ մեզ թողնում են, ― խոսեց Սամը համարյա երգելով, տխուր ու հանդիսավոր գլուխն օրորելով։ Թոդը փռթկացրեց։ ― Հին նանիկը նոր եղանակով։ Ախր ես կամ դու ի՞նչ գործ ունենք նրանց հետ։ Թող լողան իրենց համար։ Չնայած ո՞ւր պետք է լողան։ Չէ՞ որ դու եւ առհասարակ Հոբիթստանում որեւէ մեկը իր աչքով նրանց չի տեսել։ Գուցե իսկի էլ չեն լողում, ով գիտի նրանց։ ― Ի՞նչ իմանամ, ― մտածկոտ ասաց Սամը։ Կարծես թե մի անգամ անտառում նա էլֆ էր տեսել եւ շարունակ հույս էր տածում, որ երբեւէ նորից կտեսնի ու հարցուփորձ կանի։ Մանուկ հասակում լսած լեգենդներից ամենից շատ հիշողության մեջ մնացել էին էլֆերի մասին պատմությունների պատառիկներ։ ― Նույնիսկ մեր կողմերում էդպիսինները կան, որ հասկանում են Զարմանալի Ժողովրդին եւ կարողանում են նրանց հետ խոսել, ― ասաց նա։ ― Մեկն էլ իմ տերը՝ պարոն Պարկինսը։ Նա ինձ պատմում էր, ոնց էին նրանք լողում եւ առհասարակ, ամեն խոսքի տակին գլխին՝ էլֆեր էին։ Էլ չեմ ասում ծերուկ Բիլբոն, նա, հիշում եմ, աշխարհի երեսին նրանց մասին ինչ կար֊չկար՝ գիտեր։ ― Երկուսն էլ խախտված են, ― ասաց Թոդը։ ― Ծերուկ Բիլբոն հո կար ու կար, հիմի էլ հրեն Ֆրոդոն է խախտվել։ Դու էլ նրանի՞ց ես, ինչ է, լուրերդ հավաքում։ Տես, հա՜, դու էլ չխախտվեց։ Դե լավ, տղերք, ով ուր կուզի, ես՝ գնացի տուն։ Ողջ կենաք․․․ ― Նա գավաթը կոնծեց ու աղմուկով հրաժեշտ տվեց։ Սամը մի քիչ էլ նստեց, բայց այլեւս ոչ ոքի հետ չխոսեց։ Նա ահագին բան ուներ խորհելու։ Առավոտյան էլ այգում աշխատանքն անսպառ էր, միայն թե պարզ եղանակ լինի։ Ծիլերն ավելի ու ավելի են խտանում։ Աշխատանքն, իհարկե, աշխատանք․․․ Բայց Սամը բոլորովին ուրիշ բանի մասին էր մտածում։ Հետո հառաչեց, վեր կացավ ու դուրս եկավ։ Ապրիլյան երկինքը մաքրվում էր անձրեւներից հետո։ Արեւը մայր էր մտել, եւ երեկոն նահանջելով, կամաց֊կամաց դժգունում էր։ Աստղերը առկայծում էին Սամի գլխավերեւում, իսկ նա ոտքերը քարշ տալով բարձրանում էր լանջն ի վեր, մտախոհ ու շատ ցածր սուլելով։ Եվ հանկարծ հայտնվեց Գանդալֆը՝ միշտ անակնկալ հյուրը։ Հյուրասիրությունից հետո կլիներ երեք տարի չէր երեւացել։ Հետո փութանցիկ այցելեց, ուշադիր նայեց Ֆրոդոյին, մի երկու դատարկ բան ասաց եւ նույնիսկ գիշերելու չմնաց։ Եվ հանկարծ սկսեց հաճախ գալ․ հայտնվում էր մթնշաղին, բայց լուսադեմին հետքն ու հոտն էլ չէր մնում։ Որտեղ էր կորչում ու ինչու՝ չէր բացատրում, իսկ հետաքրքրվում էր միայն Ֆրոդոյի առողջությամբ, մեկ էլ զանազան մանր֊մունր բաներով։ Եվ հանկարծ դրանով էլ դադարեց հետաքրքրվել։ Ինը տարուց ավելի Ֆրոդոն նրան չէր տեսել եւ նրա մասին ոչինչ չէր լսել․ ուրեմն, որոշեց նա, Գանդալֆը այլեւս հոբիթների հետ գործ չունի։ Բայց մեկ անգամ երեկոյան, երբ իջնում էր մթնշաղը, աշխատասենյակի պատուհանին լսվեց ծանոթ թակոցը։ Ֆրոդոն ամբողջ սրտով ուրախացավ վաղեմի բարեկամին տեսնելու համար։ Նրանք կանգնել ու զննում էին իրար։ ― Դեհ, ամեն ինչ կարգի՞ն է, ― հարցրեց Գանդալֆը։ ― Այ դու կեցցե՛ս, Ֆրոդո․․․ ― Դու էլ, ― ասաց Ֆրոդոն, իսկ ինքն իր մեջ մտածեց, որ հրաշագործը ծերացել է ու կորացել։ Հոբիթը անընդհատ հարցուփորձ էր անում, եւ նրանք նստեցին մինչեւ կեսգիշեր։ Նախաճաշելուց հետո հրաշագործն ու Ֆրոդոն նստեցին բաց պատուհանի առջեւ։ Բուխարիկում կրակը ճարճատում էր, թեպետ արեւն էլ էր տաքացնում եւ հարավից գոլ քամի էր փչոիմ։ Ամենուրեք թարմություն էր բուրում, գարնանային կանաչը ծածկում էր դաշտերը, եւ վառ սաղարթով գանգրանում էին ծառերը։ Գանդալֆը հիշում էր, թե ինչպիսի գարուն էր համարյա ութսուն տարի առաջ, երբ Բիլբոն առանց թաշկինակի սուրած արկածների գնացողների հետեւից։ Այն ժամանակից ի վեր Գանդալֆի մազերն ավելի են ճերմակել, մորուքի ու հոնքերի մազերն ավելի են երկարել, դեմքին հոգսերը նոր կնճիռներ են ակոսել, բայց աչքերի փայլը առաջվանն է։ Ֆրոդոն մտազբաղ նստած էր եւ նույնիսկ առավոտյան լուսավոր պայծառության մեջ գուշակում էր Գանդալֆի հաղորդած լուրերի մութ սառնությունը։ Վերջապես նա խզեց լռությունը։
[[Կատեգորիա:Արձակ]]
[[Կատեգորիա:Հեքիաթ]]