Ավելացվել է 30 721 բայտ,
09:15, 29 Մարտի 2014 {{Վերնագիր
|վերնագիր = Լավագույն հաճախորդը
|հեղինակ = [[Անրի Թրուայա]]
|թարգմանիչ =
|աղբյուր =
}}
[[Կատեգորիա:Արձակ]]
Բախտի բերմամբ Եվթերպոս ամուսինների խանութը գտնվում էր ունեւորների գերեզմանոցի մոտերքում։ Խանութի փայտյա ճակատը ծածկված էր աչք շոյող մուգ կանաչ յուղաներկով։ Աջ կողմի ցուցափեղկի վերեւում ոսկե տառերով գրված էր․ «Րոպեական ծաղկեպսակ․ մարգարիտ, պելուլոիդ, ռոդոիդ, ցինկապատ մետաղ», ձախ կողմի ցուցափեղկի վերեւում՝
<poem>
Ինչ իմաստ ունի չափչփել Փարիզը
Մի ծաղկեպսակ գնելու համար։
Լավագույն ընտրություն, շատ հարմար գնով,
Կարող են ընձեռել Եվթերպոսները։
</poem>
Ո՞ր գնորդը կարող էր անտարբեր անցնել այս խոստումների կողքով։ Արդեն քսանհինգ տարի էր, ինչ Եվթերպոսների վիճակը հավաստում էր, որ խանութը կառավարվում է հմուտ ձեռքով։ Թաղամասի մրցակիցները հերթով հրաժարվում էին նրանց ճանապարհին կանգնելուց։ Այդ հաջողությունը վկայում էր առեւտրական եւ գեղագիտական ճշմարիտ տաղանդի մասին։
Եվթերպոսները ցանկանալով բավարարել հաճախորդներին՝ առաջարկվող ծաղկեպսակների գնի եւ որակի հարցում, ետ չէին մնում հավերժական սուգն արտահայտող նյութերի նորամուծությունից։ Ձեռնարկության ոգին տիկին Եվթերպոսն էր։ Այս երկարահասակ, չորուկ֊մորուկ, մկանուտ, շատախոս կինը իր հողմապտույտի մեջ էր առել վաթսունամյա վտիտ ու դժգույն ամուսնուն, որ շարունակ ճաճպացնում էր աչքերը։ Երբ կինը կանչում էր՝ «Վիկտո՛ր», նա այնպէս էր ցնցվում, կարծես ատրճանակ էին ուղղում սրտին։ Իսկ երբ կինը շոյում էր Վիկտորի մազերը, նա վախեցած կրիայի նման գլուխը խրում էր ուսերի մեջ։ Եվ որովհետեւ գործակատար չէին պահում, իսկ Վիկտորի կազմվածքը թույլ էր, տիկին Եվթերպոսին էր բաժին ըկնել խանութի բոլոր ծանր աշխատանքները, նա էր իջեցնում ու բարձրացնում երկաթյա վարագույրները, տանում֊բերում էր արկղները, ըմբիշի նման հեւալով տեղափոխում էր բրոնզե ու մարմարե առարկաները։ Բայց Վիկտորը իր նմանը չուներ ապակյա մարգարիտները մետաղաթելի վրա շարելու մեջ։ Ամբողջ օրը նա ուրախությամբ համադրում էր տխուր գույները։ Տիկին Եվթերպոսը հարեւաններին ասում էր, թե ամուսինը կախարդի մատներ ունի։
Մի երեկո, խանութը փակելու ժամին, երբ տիկին Եվթերպոսը հաշվում էր գանձարկղի փողերը, ներս մտավ մի անծանոթ, շատ նիհար մարդ, մոտ յոթանասուն տարեկան։ Անծանոթի մտազբաղ տեսքից դժվար չէր գուշակել, որ լուրջ հաճախորդ է։ Եվ տիկին Եվթերպոսը նրան սիրաշահելու համար շողում ձայնով հարցրեց․
— Ի՞նչ կկաամենայիք, պարոն…
Պարոնը պատասխանեց՝
— Կուզենայի տեսնել ձեր ծաղկեպսակները։
— Համեցեք, պարոն,— փսփսաց տիկին Եվթերպոսը գրավիչ ժպիտով։— Հուսով եմ՝ կհավանեք։ Ի՞նչ գնանոց եք ցանկանում։
— Գինը նշանակություն չունի։
Համոզվելով, որ անսխալ է գուշակել, տիկին Եվթերպոսը այցելուին տարավ նմուշների կողմը։ Պատերի տակ փրկարար օղակների նման շարված էին մետաղե դափնիներ, անթառամ վարդերի, թիթեղյա անմոռուկների, չթոշնող բաղեղների պսակները՝ արտահայտելով մարդկային վշտի հավերժությունը։
Կային բոլոր գրպաններին ու բոլոր սրտերին համապատասխան պսակներ։ Այսուայնտեղ դրված էին փաթեթներ։ Իսկական մանուշակի մի փունջ ցրում էր պսակների մռայլությունը։ «Իմ քնքուշ մայրիկին», «Իմ սիրելի եղբորը», «Իմ թանկագին հայրիկին», «Իմ լավ զարմիկին», «Իմ սիրելի հորեղբորորդուն», «Իմ սիրասուն քույրիկին», «Իմ անփոխարինելի փեսային»… անհատական բոլոր վշտերը միավորվել էին այս ընդհանուր բանաձեւերի տակ։ Այսինքն, հազվադեպ էր լինում, որ հաճախորդը պահանջեր իր սուգն արտահայտող ուրիշ խոսքեր։
— Տեսնո՞ւք եք,— ասաց տիկին Եվթերպոսը,— մեզ մոտ կա լայն ընտրության հնարավորություն։ Ամեն֊ամեն ինչ ունենք…
Միաժամանակ վախենալով այցելուին վիրավորել անտեղի միջամտությամբ, բայց ցանկանալով նրա ուշադրությունը հրավիրել ապրանքի որակի վրա, նա խոսում էր զուսպ ոգեւորությամբ, մի տեսակ թախծոտ մեղմությամբ։ Նա փորձով գիտեր, թե որքան դժվար է գնորդին մոռացնել տալ, թե պսակի համար շռայլված դրամը դուրս է գալիս հենց գնորդի գրպանից։ Քաղաքավարությամբ, ասես ցավակցելով հաճախորդին, նա զգուշությամբ ասաց․
— Հաճախ, ձեզ նման պարոններ, վշտով տարված չեն կարողանում ճիշտ ընտրություն կատարել եւ վերցնում են առաջին պատահած ծաղկեպսակը։ Եթե թույլ տայիք ձեզ օգնել…
— Ինձ խորհուրդ պետք չէ,— ասաց մարդը։
— Անմոռուկը հեռվից աչքի է ընկնում,— համենայն դեպս շարունակեց տիկին Եվթերպոսը,— բայց մեր պատրաստած մանուշակը ուշադրություն է գրավում հենց իր համեստությամբ։ Իսկ հախճապակյա վարդը ավելի շատ խորհուրդ կտայի երիտասարդ, կամ իգական սեռի հանգուցյալի համար։ Անհամեստություն չե՞ք համարի, եթե հարցնեմ, թե ազգակցական ինչ կապ ունեք հանգուցյալի հետ։
Այս խոսքի վրա անծանոթի դեմքին երեւաց բառացիորեն ֆիզիկական տառապանք։ Հայացքը կենտրոնացավ։ Շրթունքները սեղմվեցին երկու խոր ծալքերի մեջ։ Նա տխուր հառաչեց․
— Ազգակցական կապը՞…
— Այո,— ասաց տիկին Եվթերպոսը։— Եվ հետո՝ տղամա՞րդ է, թե՞ կին։
— Տղամարդ։
— Ձեր ի՞նչն է։
Հաճախորդը բարձրացրեց կցակը։ Նրա հայացքը սառը ջրի պես շպրտվեց տիկին Եվթերպոսի դեմքին։
— Ձեր հետաքրքրասիրությունը ապշեցուցիչ է, տիկին։
— Դա հետաքրքրասիրություն չէ,— թոթովեց տիկին Եվթերպոսը։— Ես պարտավոր եմ իմանալ, թե ձեր ցանկացած ծաղկեպսակը ո՞ւմ է նվիրվում, քեռորդո՞ւ, հո՞ր, եղբո՞ր, թե՞…
Մարդը ձեռքով կտրուկ շարժում արեց, ընդհատելով ողբերգական թվարկումը․
— Ես կուզենայի յուրաքանչյուրից մի հատ։
— Ինչպե՞ս, շշնջաց տիկին Եվթերպոսը շնչակտուր։
— Յուրաքանչյուրից մի հատ,— կրկնեց մարդը գրգռված։— Արական սեռի համար է։ Պա՞րզ է։
Տիկին Եվթերպոսը թուքը կուլ տվեց․
— Լավ, պարոն։ Ուրմեն՝ մի սիրելի հայր, մի սիրելի եղբայր, մի սիրելի որդի, մի սիրելի քեռորդի…
— … եւ մի սիրելի հորեղբայր,— վրա բերեց մարդը անհամբեր շտապողականությամբ,— եւ մի սիրելի զարմիկ, եւ մի սիրելի բարեկամ, եւ մի սիրելի վարձակալ, եւ մի սիրելի փեսա։ Բոլոր տեսակներից մեկ֊կմե հատ։
Նրա բիբերը կայծկլտում էին չար ինքնավստահությամբ։ Այտերը վառվում էին։ Սա անպայման խենթ է, մտագար կամ ցնդած։
— Վիկտոր… Վիկտոր…
Բայց Վիկտորը ետեւի սենյակում էր, լսել չէր կարող։
— Դե,— ասաց տարօրինակ անձնավորությունը,— այո կամ ոչ՝ ի՞նչ եք մտածում։
— Չէի՞ք կարող սպասել մինչեւ վաղը,— թոնթորած տիկին Եվթերպոսը։
— Ոչ, շտապ է, շատ շտապ։ Տաքսի եմ վարձել, պետք է բոլորը միանգամից տանեմ։ Եթե մերժեք, կգնամ ուրիշ խանութ։
Պարոնը խոսում էր, իսկ տիկին Եվթերպոսը մտքում տալիս֊առնում էր․ ինքն ինչ իրավունք ունի հրաժարվելու այսքան շահավետ, մեծաքանակ վաճառքից այն պատճառաբանությամբ, թե հաճախորդը տարօրինակ տպավորություն է թողնում։ Իսկ արդյո՞ք այս տիպը իրեն վնաս չի տա, եթե հետը գլուխ դնի։
— Դե, ես սպասում եմ,— խոսեց հաճախորդը։
— Լավ,— ասաց տիկին Եվթերպոսը,— այս րոպեին կսպասարկեմ։
Նա, ահաբեկված, մեկիկ֊մեկիկ վերցնում էր պսակները եւ տեղափոխում տաքսի։ Ավտոմեքենայի ետնատեղում շուտով մի ամբողջ գերդաստան գոյացավ։ Հայրը դրված էր փեսայի գլխին, որդին ճնշում էր զարմիկին։ Չնայած տիկին Եվթերպոսը միշտ էլ ետմահու հարգանք էր տածում հանգուծյալների նկատմամբ, բայց այս խմբական մահը ոչ մի կերպ գլուխը չէր մտնում։ Հանկարծ նա գլուխ արեց․
— Հավանաբար, ձեր ընտանիքի բոլոր տղամարդիկ վթարի զոհ են դարձել։
— Այո,— պատասխանեց անծանոթը։— Շտապեք։ Քավ տեղավորեք քեռու պսակը։ Այ, այնտեղ։ Ես կնստեմ վարորդի կողքին…
Մի պահ անծանոթը վարանեց, հետո ասաց․
— Մի հատ էլ պապիկ տվեք։
— Պապի՞կ էլ եք կորցրել։
— Եթե խնդրում եմ…
— Երեւի ծե՞ր եր։
— Համարյա յոթանասուն տարեկան։
Տիկին Եթերպոսը, մխիթարված, մի պսակ էլ բերեց պապիկի համար եւ ներկայացրեց հաշիվը։ Հաճախորդը առանց սակարկելու վճարեց, նստեց տաքսի, շրխկացրեց դռնակը, ապա ձեռքը մոտեցրեց գլխարկին։ Ավտոմեքենան շարժվեց։
Մայթի եզրին անշարժ կանգնած, տիկին Եվթերպոսը տխուր նայում էր իր ծաղկեպսակների ետեւից, որոնք սլանում էին անհայտ ուղղությամբ։ Խանութ վերադառնալով, տեսավ Վիկտորին։ Սա անշնորհք կոճկելով տաբատը դուրս էր գալիս ետեւի բաժանմունքից։
— Վիկտո՛ր,— կանչեց կինը։
Սա ցնցվեց, արագ֊արագ ճպճպացնելով աչքերը։
— Լսում եմ, հոգյակս։
Կինն ամեն ինչ պատմեց։ Երբ ավարտեց խոսքը, Վիկտորը հոնքերը կիտեց։
— Ահավոր է,— մրթմրթաց նա։
— Ինչո՞ւ։ Խեղճ մարդը կորցրել է ընտանիքի բոլոր տղամարդկանց, այն էլ ավտովթարի հետեւանքով եւ…
— Դու հավատո՞ւմ ես վթարի պատմությանը,— ընդհատեց Վիկտորը ջղայն։
— Ոչ,— ասաց տիկին Եվթերպոսը։— Որ խորը մտածում եմ, չեմ հավատում։ Բայց եւ հարմար բացատրություն չեմ գտնում։ Ասում եմ, գուցե ինքն էլ պսակավաճառ էր, խանութի համար ապրանք էր տանում…
— Այդպես լավ գին տալով, հա՞,— ասաց Վիկտորը,— ձե՞ռք ես առնում, ինչ է։ Մարդը նույնիսկ չի սակարկել։ Չէ, այստեղ ուրիշ բան կա։ Քեզ չի կարելի մենակ թողնել խանութում։ Այդ մարդը սադիստ է։
— Սադի՞ստ։
— Մի մարդ, որ պսակ է առնում իր ընտանիքի արական սեռի բոլոր ներկայացուցիչների համար, կարող է միայն սադիստ լինել։ Կասկած չկա, որ նա մտադիր է մեկ առ մեկ կամ խմբովին ոչնչացնելու նրանց։ Իսկ պսակները կօգտագործվեն զոհերի թաղման ժամանակ։ Սոսկալի է։ Հարկավոր է ամեն գնով կանխել սպանությունը։ Եվ պետք է արագ գործել։ Գոնե հարցրե՞լ ես անունն ու հասցեն։
— Ոչ, մտքովս չանցավ։
— Իսկ տաքսու համա՞րը…
— Չեմ գրել…
Վիկտորը ծպպացրեց լեզուն․
— Ափսոս։ Պետք է տեսնել Սիմոնին։ Սիմոնը լավ խորհուրդ կտա։ Սիմոնը՝ Եվթերպոսների զարմիկը, ոստիկանության գործակալ էր։ Հենց նույն երեկոյան Վիկտորը կանչեց նրան, պատմեց վիճակը։ Երեքով նստլե էին խանութի ետեւի ճաշասենյակում, սեղանին դրված էր մի շիշ մալագա, մի շիշ հին ռոմ։ Սիմոնը խմում էր հին ռոմը, Եվթերպոսը՝ մալագան։ Քեռու ճառը լսելուց հետո ոստիկանության գործակալը մտքերի մեջ ընկավ։ Հետո գլուխը տարուբերեց՝ թե դեպքը սովորական չէ, բայց որքան ինքը գիտի, օրենսգրքի ոչ մի հոդվածով չի արգելվում մեծաքանակ մահապսակների վաճառքը միեւնույն անձնավորությանը։ Այդ գործողությունը որեւէ հանցավոր տարր չի պարունակում եւ չի կարելի դատական գործ հարուցել անծանոթի դեմ։
— Դա ի՞նչ նշանակություն ունի,— հուզվեց տիկին Եվթերպոսը,— երբ գրեթե համոզված ենք, որ այդ խելագարը պսակները տարել է կանխամտածված խմբակային սպանության համար։
— Մենք կարող ենք նրան ձերբակալել, եթե ծրագրված ոճիրը կատարված լիներ,— ասաց Սիմոնը հոգոց հանելով․— միայն այդ դեպքում։
Խեղճ կինն առարկեց, թե չի կարելի թույլ տալ, որ իշխանության քթի տակ, թեեւ առանց օրենսգրքի որեւէ հոդվածից շեղվելու, այսօր, մարդկային տասներկու կյանքեր գտնվեն մահվան սպառնալիքի տակ։ Սիմոնը նորից վկայակոչեց ընդունված կարգը, դատարկեց շիշը, սրբեց բեղը, եւ գովելով ռոմի որակը, հրաժեշտ տվեց Եվթերպոս ամուսիններին։
Ոստիկանության գործակալի անխռով հանգստությունից Վիկտորը հասկացավ, որ իրենք զերծ են պատասխանատվությունից, մանավանդ, եթե իշխանության համազգեստավոր ներկայացուցիչը խորհուրդ է տալիս մոռանալ միջադեպը։ Տիկին Եվթերպոսը, որը, ինչպես իր սեռի մեծամասնությունը, բանի տեղ չէր դնում իրավաբանական փաստարկները, ամբողջ գիշեր աչք չփակեց։ Վիկտորը կողքին մուշ֊մուշ քնած էր, իսկ նա անձկությամբ նայում էր մթությանը։ Հաճախորդի կերպարանքը ցավագին հստակությամբ գծագրվում էր աչքերի առջեւ։ Հիշում էր դեմքի ու հագուստի ամենաչնչինչ մանրամասնությունները։ Նրա դիմագծերում եւ առհասարակ ամբողջ կերպարանքում տեսնում էր այլասերվածության դրոշմ։ Մթության մեջ լուռ խորհրդածելով, նա պատկերացնում էր մի իսկական ընտանեկան կոտորած։ Միգուցե հենց այս պահին, բազմաթիվ պսակների տեր դարձած մարդը թաթերի ծայրին անցնումւ է սենյակից սենյակ, խեղդում օրորոցի մանուկներին, թափում ալեմորուս պապիկների փորը, ածելիով այլանդակում քեռիներին ու զարմիկներին, փշրում քնած եղբոր գանգը, թռցնում անպաշտպան հոր գլուխը, կտոր֊կտոր անում եղբորորդուն, ամորձատում փեսային՝ քրքջալով թափված արյան ու ուղեղների վրա։
Հաջորդ առավոտյան տիկին Եվթերպոսը գնեց մի կապ լրագիր այն համոզմամբ, թե առաջին էջի վրա կգտնի իր երեւակայած սպանության լուրը։ Մի լավ տակնուվրա արեց հայտարարությունների բաժինը։ Այնտեղ հաղորդվում էր լոկ մի քանի ինքնասպանության դեպքերի եւ մի հասարակ սպանության մասին։ Անշուշտ, այն սրիկան դեռ չի գործել ոճիրը։ Երեւի սպասում է հարմար պահի։ Տիկին Եվթերպոսը երդվեց չթուլացնել հսկողությունը։ Եվ իսկապես, ամիսներ շարունակ դարձավ առավոտյան ու երեկոյան բոլոր օրաթերթերի ամենանվիրյալ, ամենակրքոտ ընթերցողը։
Անցավ գրեթե մի տարի։ Խորհրդավոր հաճախորդի ոճրագործության մասին դեռ լուր չկար։ Տիկին Եվթերպոսն այլեւս ամուսնու մոտ չէր խոսում իր տագնապների մասին։ Նույնիսկ ասում էր, թե ծիծաղը գալիս է իր նախկին կասկածների վրա։ Բայց ներքուստ համոզված էր, թե ճշնմարտությունը ջրի երես դուրս կգա մի այնպիսի ժամանակ, երբ արդեն չես էլ սպասում։
Մի ուրբաթ երեկո, երբ Վիկտորը ինչ֊որ շտապ պատվեր էր կատարում, տիկին Եվթերթոսը մի կոնֆետ գցեց բերանը, գլուխը ծածկեց ժանյակե դեղին գլխաշորով, նստեց խանութի դռանը՝ մաքուր օդ շնչելու։ Հինգ րոպե էլ չէր անցել, հանկարծ դիմացի մայթին տեսավ հրեշին… Նա սեւ հագուստով էր։ Պատերին քսվելով գնում էր։ Տիկին Եվթերպոսի ստամոքսը կծկվեց ուժեղ ցնցումից։ Առանց իրեն հաշիվ տալու, վեր ցատկեց տեղից, կտրեց փողոցը, ընկավ անծանոթի ետեվից։ Մարդը, բանից անտեղյակ, մոլոր քայլվածքով գնում էր իր համար։ Ուսերը կախ էին, թեւերը ճոճվում էին ազատ։ Նա հանգիստ գնում էր, անմեղ մարդու նման նայելով աջ ու ձախ։ Բայց տիկին Եվթերպոսը հեշտ խաբվողներից չէր։ Նա հպարտ էր, որ գտել է թշվառականի հետքը՝ ի հեճուկս վախկոտ ամուսնու եւ երեւակայությունից զուրկ զարմիկի։ Եթե նույնիսկ հետապնդումը երկարի, նա ոչ մի քայլ չի նահանջի, եւ ինչ գնով էլ լինի, կստիպի նրան խոստովանելու իր սոսկալի մտադրությունը։ Տիկին Եվթերպոսն արդեն ուզում էր ձայն տալ անծանոթին, երբ սա կանգ առավ մի ոչ շքեղ հյուրանոցի առջեւ, գլխարկը հանեց, ներս գնաց։ Տիկին Եվթերպոսը կրկնկակոխ հետեւում էր։ Տղամարդը թեքվեց միջանցք։ Տիկին Եվթերպոսը թաքնվեց անկյունում եւ նկատելով, որ նա բացում է դուռը, առաջ նետվեց։
— Սպասե՛ք,— ճչաց նա։
Զարմացած տղամարդը քարացավ շեմին։
— Թույլ տվեք մտնել,— ասաց կինը առարկություն չընդունող ձայնով։
Եվ առանց պատասխանի սպասելու՝ ներս մտավ։ Անշուք սենյակ էր։ Պատերը պաստառված էին բաց մանուշակագույն թղթով։ Սենյակում կար մի պղնձյա մահճակալ։ Ջրի կոնքը քողարկված էր բամբուկե վարագույրով։ Միջնորմի տակ մռայլ շարված էին ազգականների համար նախատեսված պսակները։ Տիկին Եվթերպոսը անմիջապես նկատեց, որ այս թաղումնային ապրանքատեսակներից ոչ մի հատ չի պակասել։ Ուրեմն, ժամանակին է հասել։ Հաղթական հեւոցից լայնացան ռունգերը։
— Ի՞նչ եք կամենում, տիկին,— մրմնջաց մարդը, ծածկելով դուռը։— Ես ձեզ չեմ ճանաչում։
— Ես եմ ձեզ ճանաչում,— ասաց տիկին Եվթերպոսը ճիզվիտի շեշտով։— Ի՞նչ է ձեր անունը։
— Մորիս Բալլոթեն։
— Ձեր ընտանեկան դրությունը։
— Ամուրի։
— Ձեր տարի՞քը։
— Յոթանասուն… Իսկ ի՞նչ իրավունքով եք հարցաքննում ինձ։ Մորիս Բալլոթենը շվարել մնացել էր այցելուի առջեւ։ Դեմքի հողագույն եւ թոշնած մսերը կախվել էին դանականման քթի երկու կողմերում։ Տխուր աչքերը ջրակալել էին։ Ձախ ձեռքը դողում էր բաճկոնի լամբակին։ Համենայն դեպս, տիկին Եվթերպոսը շատ գրողների գրքերից գիտեր, թե որոշ ծերունիների քայքայված տեսքի տակ թաքնված է լինում վագրի ուժ ու ճկունություն։ Վտանգը նկատի առնելով, նա աչք չէր կտրում զրուցակցի մատներից։ Եվ որովհետեւ տղամարդը մի քայլ արեց դեպի դուռը, տիկին Եվթերպոսը ճչաց․
— Չշարժվե՛ք։
— Սպասեք, սա իմ տունն է, ես իրավունք ունեմ…
— Դուք ոչ մի իրավունք էլ չունեք։ Դուք իմ տրամադրության տակ եք։ Ես եմ ձեզ պսակներ վաճառել։
Մորիս Բալլոթենը ձեռքերով ծածկեց դեմքը, ծնկները ծալվեցին։ Տիկին Եվթերպոսը, համոզելով, որ ճիշտ նշանակետին է խփել, շարունակեց․
— Այո։ Այն ժամանակ ես չհասկացա ձեր մեծաքանակ գնումի իմաստը։ Բայց հետո ամեն ինչ հասկացա։ Դուք այլասերված մարդ եք։ Դուք միտք ունեք, թեեւ չգիտեմ ի՞նչ նպատակով, վնասել ձեր հարազատներին։ Ոստիկանությանը հայտնված է…
— Ոստիկանությանը հայտնվա՞ծ է,— շշնջաց Մորիս Բալլոթենը։
Նա նստեց աթոռին։ Գլուխն այնպես էր կախել, որ դեմքը չէր երեւում։ Բայց տիկին Եվթերպոսը լսում էր նրա լացի ձայնը։ Եվ դրանից մխիթարվում էր։
— Ի՞նչ կարիք կար ոստիկանությանը իմաց տալ,— ասաց մարդը հեկեկոցների միջից։— Ես ոչ մի վատ նպատակ չունեմ։ Երդվում եմ…
— Պատրաստ եմ հավատալու,— հեգնանքով ընդհատեց տիկին Եվթերպոսը,— այդ դեպքում ի՞նչ նպատակով են գնվել պսակները։
Մարդը բարձրացրեց գլուխը։ Հայտնվեց նրա ծեր դեմքը՝ ճմրթված, թրջված, ինչպես անձրեւի տակ ընկած քուրջ։ Շրթունքները դղում էին փտած ատամնաշարի վրա։ Նա մրմնջաց․
— Դա… դա գաղտնիք է… բայց ես ամեն ինչ կպատմեմ… Ահա… Ես ծեր եմ… Սիրտս հիվանդ է… Բժիշկների կարծիքով, ինձ ընդամենը մի քանի ամիս է մնացել ապրելու, գուցե մի քանի օր… Մի խոսքով, շարունակ մտածում եմ իմ մահվան եւ թաղման մասին։ Բայց ես մեն֊մենակ եմ աշխարհում։ Ոչ հարազատ ունեմ, ոչ բարեկամ։ Ոչ ոք։ Հիմա… Պատկերացրեք մի դիակառք, որ առանց թափորի, առանց ծաղկի ու ծաղկեպսակի, անանուն, մերկ, մենակ անցնում է քաղաքով։ Այդ ճնշող պատկերից խուսափելու համար, որոշեցի ինձ համար ազգականներ հորինել։
Եվ գնեցի ծաղկեպսակներ, որոնց ժապավենները, ի դեմս իմ, արտահայտում են հոր, պապիկի, եղբոր, որդու, քեռու, զարմիկի, փեսայի, ամուսնու, բարեկամի կորուստը… Ես նախօրոք հավաքել եմ արհեստական այդ ցավացկությունները, ինձ կապել անհամար թելերով եւ այսպես ավելի հանգիստ եմ։ Այսպես թվում է, թե շրջապատված եմ բարեկամներով, սիրված եմ եւ դրանից ջերմանում է սիրտս։ Թվում է, իսկականից ափսոսում են ինձ…
Տիկին Եվթերպոսը՝ հուզմունքից կոկորդը չորացած, նայում էր մարդուն, որին ինքը ոճրագործի տեղ էր դրել, մինչդեռ խեղճը պարզապես ցանկացել էր ընտանիք ստեղծել իր համար։ Մարդը, հազիվ շարժելով շուրթերը, ավելացրեց․
— Ես երեւի ձեր աչքին հիմարի մեկն եմ… Ներեցեք…
— Այդ ես պիտի ներողություն խնդրեմ,— հառաչեց տիկին Եվթերպոսը եւ հափշտակեց Մորիս Բալլոթենի ձեռքը, սեղմեց, տրորեց իր ուժեղ մատներով։
Այդ ձեռքսեղմումից հետո նրանք լարված, ակնապիշ նայում էին միմյանց։ Տիկին Եվթերպոսը վերջապես ասաց․
— Վաղը մեզ մոտ ճաշի եկեք։ Ավելի մոտիկից կծանոթանանք։
Այսպես, Մորիս Բալլոթենթ դարձավ Եվթերպոս ամուսինների բարեկամը։
Նա մահացավ մի քանի ամիս անց, ինչպես արդեն գուշակել էր։ Նրա թաղումը զարմացրեց անցորդներին։ Դիակառքի ետեւից, կողք֊կողքի, ընթանում էին Եվթերպոս ամուսինները։ Բայց կառքը ծածկված էր ապակյա մարգարիտների, պղնձյա տերեւների, սինթետիկ ծաղիկների հարգանք արտահայտող դեզերով։ Մանուշակագույն ժապավենները ազդարարում էին բազմակերպ ու խոր վիշտ։ Եվ հուսահատության այս զրահի վրա իշխում էր մի հսկա ծաղկեպսակ՝ Եվթերպոս ընտանիքի կողմից, որի ժապավենի վրա գրված էր․ «Մեր լավագույն հաճախորդին»։