Ֆրոդոն մտազբաղ նստած էր եւ նույնիսկ առավոտյան լուսավոր պայծառության մեջ գուշակում էր Գանդալֆի հաղորդած լուրերի մութ սառնությունը։ Վերջապես նա խզեց լռությունը։
― Կարծես թե մի բան սկսեցիր ինձ ասել Մատանու մասին, Գանդալֆ, ― հիշեցրեց նա։ ― Սկսեցիր ու չվերջացրիր, հետաձգեցիր առավոտյան։ Գուցե հիմա կշարունակե՞ս։ Ասում ես, Մատանին վտանգավոր է, իսկ գիտե՞ս, ինձ համար անհասկանալի է։ Ի՞նչ է նշանակում վտանգավոր։
― Դե ուրեմն լսիր, ― պատասխանեց հրաշագործը։ ― Նա այնպիսի զորություն ունի, որ ցանկացածդ մահկանացուին կխոնարհի։ Կխոնարհի եւ կտիրի նրան․ ― Քեզ պետք է ասեմ, Ֆրոդո, որ մահականացուները, որոնց վստահվում է տիրել Կախարդական Մատանիների, չեն մեռնում, բայց եւ իսկական կյանքով չեն ապրում․ նրանք ուղղակի քաշում են կյանքի լուծը՝ առանց ուրախության, առանց զվարճությունների եւ դեռ հսկայական դժվարությամբ։ Եվ եթե մահկանացուն հաճախ է հագնում Մատանին, անտեսանելի դառնալու համար, ապա նա հալվում է, կամ՝ ինչպես Իմաստուններն են ասում, ետմարմնավորում է ապրում, իսկ հետո հավիտյն անտեսանելի է դառնում, տեսանելի միայն Մատանիների Տիրակալի աչքին։ Այո, վաղ թե ուշ, ուշ՝ եթե նա ուժեղ է ու բարի, բայց միեւնույն է, նրան վիճակված է դառնալ Մութ Ուժերի Սպասավորը, որոնց թագավորն է Սեւ Տիրակալը։
― Ի՜նչ սարսափելի է․․․ ― ասաց Ֆրոդոն։
Եվ նրանք երկար լռեցին։ Միայն պարտիզպան Սամ Համեստուկի մկրատն էր չխկչխկում պատուհանի տակ։
― Եվ դու վաղո՞ւց գիտես այդ մասին, ― վերջապես հարցրեց Ֆրոդոն։ ― Իսկ Բիլբոն գիտե՞ր։
― Բիլբոն գիտեր ճիշտ այնքան, որքան որ քեզ է ասել, ― պատասխանեց Գանդալֆը։ ― Այլապես նա քեզ այդպիսի վտանգավոր ժառանգություն չէր թողնի, նույնիսկ ինձ վրա հույս չէր դնի։ Նա մտածում էր, որ Մատանին շատ գեղեցիկ է ու միշտ կարող է պետք գալ․ իսկ եթե ինքն անձամբ ինչ֊որ իրեն լավ չի զգում, ապա Մատանին այստեղ կապ չունի։ Նա ասում էր, որ Մատանին իր գլխից դուրս չի գալիս եւ շարունակ տագնապի մեջ է պահում իրեն, բայց թե բանը, մտածում էր նա, Մատանին չէ։ Թեպետ եւ հասկացավ․ Մատանուն պետք է հետեւել՝ այն մեծանում է ու փոքրանում, ծանրանում է ու թեթեւանում, կարող է հանկարծ սահել մատից ու կորչել։
― Այո, այդ մասին նա ինձ գրել է, ― ասաց Ֆրոդոն, ― ու ես միշտ շղթայով եմ պահում։
― Բավական խելամիտ է, ― նկատեց Գանդալֆը։ ― Իսկ իր կյանքի երկարությունը Բիլբոն Մատանու հետ չէր կապում։ Նա մտածում էր, որ պարզապես իր ճակատին երկարակեցություն է գրված եւ դրանով շատ էր պարծենում։ Իսկ ապրում էր տագնապի եւ անորոշ վախի մեջ։ «Ես բարակել եմ ու մի տեսակ թափանցիկ դարձել», ― մի անգամ գանգատվեց ինձ։ Մի քիչ էլ եւ Մատանին իր գործը կաներ։
― Դե ասա ինձ, դու վաղո՞ւց դա գիտես, ― նորից հարցրեց Ֆրոդոն։
― Ի՞նչը, ― հարցրեց Գանդալֆը, ― Ես, Ֆրոդո, շատ այնպիսի բաներ գիտեմ, որ ոչ ոքի հայտնի չէ։ Բայց եթե հարցնում ես <i>այդ</i> մատանու մասին, ապա կարելի է ասել, մինչեւ հիմա էլ ամեն ինչ չէ, որ գիտեմ։ Մնացել է վերջին փորձը։ Բայց իմ ենթադրությունը հաստատ է, այստեղ ես համոզված եմ։ Իսկ երբ իմ մտքով անցա՞վ, ― Գանդալֆը մտածմունքի մեջ ընկավ։ ― Հապա համբերիր․․․ Այո, այն նույն տարին, երբ Լուսավոր Ուժերի Խորհուրդը մաքրեց Չարքանտառը՝ հենց Հինգ Զորաց Ճակատամարտից անմիջապես առաջ։ Ճիշտ է, երբ Բիլբոն գտավ Մատանին, հանկարծ ես տագնապ զգացի, բայց թե ինչու՝ չգիտեի։ Ինչ զարմացնում էր, թե ինչպես է Գորլոմը տիրացել Կախարդական Մատանիներից մեկին, իսկ որ դա Կախարդականներից մեկն էր՝ պարզ էր։ Բիլբոն խոսակցության ժամանակ տարօրինակ կերպով սուտ խոսեց՝ նվերի մասին, հետո, երբ ինձ բացեց ճշմարտությունը, ես հասկացա, իմիջիայլոց, այստեղ հասկանալու բան էլ չկար, որ նրանք երկուսն էլ ցանկացել են ապացուցել Մատանու նկատմամբ իրենց անառարկելի իրավունքը։ Իբրեւ թե Գորլոմը «ծննդյան օրը նվեր է ստացել», իսկ Բիլբոն «խաղում ազնվորեն» շահել է։ Սուտը ստի վրա, եւ այնքա՜ն էլ իրար նման․ ես, իհարկե, անհանգստացա։ Երեւում է, Մատանին ստիպում է խաբել եւ ստախոսություն է հուշում։ Այստեղ ես առաջին անգամ հասկացա, որ դա բոլորովին էլ կատակ բան չէ, եւ Բիլբոյին ասացի, որ Մատանու հետ զգույշ լինի, բայց նա չլսեց եւ նույնիսկ ինձ վրա բարկացավ։ Ի՞նչ էր մնում անելու։ Հո Մատանին եռքից չէի խլելու, եւ ինչի՞ց ելնելով։ Ես հետեւում էի եւ սպասում։ Մտածեցի, որ հարկավոր էր խորհրդակցել Սարուման Ճերմակի հետ, բայց ինչ֊որ բան ինձ կաշկանդում էր։
― Ո՞վ է դա, ― հարցրեց Ֆրոդոն, ― դրա մասին երբեք չեմ լսել։
― Դու որտեղի՞ց պետք է լսեիր, ― ժպտաց Գանդալֆը։ ― Նա հոբիթների հետ գործ չունի, կամ՝ չի ունեցել։ Նա շատ իմաստուն է, հրաշագործների մեջ առաջինն է, Խորհրդի գլխավորը։ Շատ գաղտնիքներ նրա առաջ բաց են, բայց նա գոռոզացել է իր գիտելիքներով եւ իրեն բարձր է դասում բոլորից։ Շատ վաղ ժամանակներից նա խորցել է Մատանիների գաղտնիքների մեջ՝ թափանցելով մոռացումի խավարը, եւ երբ դրանց մասին Խորհրդում խոսք բացվեց, նրա խոսքերը ցրեցին իմ տագնապը։ Ես ժխտեցի կասկածներս, բայց չփարատվեցի։ Եվ առաջվա նման հետեւում էի ու սպասում։
Բիլբոն չէր ծերանում, իսկ տարիներն անցնում էին։ Անցնում էին ու անցնում, ասես նրան չէին էլ դիպչում։ Եվ կասկածը նորից տիրեց ինձ։ Բայց ես ինձ ասացի․ «Նա մորական կողմից երկարակեցություն է ժառանգել։ Նրա տարիքն այդքան էլ մեծ չէ։ Կսպասենք․․․» Ես անգործության մատնված սպասում էի մինչեւ Բիլբոյի հրաժեշտի երեկոն։ Այդ ժամանակ նա վերջապես խոսեց եւ իրեն այնպես պահեց, որ իմ մեջ գլուխ բարձրացրին Սարումանի կողմից մարած բոլոր տագնապները։ Ես հասկացա, որ այստեղ մի մութ գաղտնիքի սեւ երախն է երեւում։ Եվ երկար տարիներ ծախսեցի այն բացելու համար։
― Բայց չէ՞ որ սարսափելի ոչինչ չի պատահել, ― վախեցած հարցրեց Ֆրոդոն։ ― Ժամանակի ընթացքում Բիլբոն ուշքի կգա, կհանգստանա։
― Նա հենց որ Մատանում ազատվեց, իսկույն թեթեւացավ, ― պատասխանեց Գանդալֆը։ ― Սակայն Մատանիների վրա միայն մեկ ուժ է իշխում, եւ կա մեկը, որին հայտնի է ամեն ինչ Մատանիների եւ այն մասին, թե ինչ ես սպառնում նրանք իրենց, նույնիսկ ժամանակավոր, տիրակալներին։ Ճիշտ է, հոբիթների մասին, թվում է, ոչ ոք խելքը գլխին ոչինչ չգիտե։ Նրանց միայն ես եմ ուսումնասիրել եւ որքան ուսումնասիրել եմ, այնքան զարմացել եմ։ Մեկ նրանք կարագից փափուկ են, մեկ՝ ծեր ծառի արմատներից կոշտ։ Ըստ իս, դրանցից ոմանք նույնիսկ կարող են երկար դիմադրել Մատանիներին, չնայած հազիվ թե Իմաստունների Խորհրդում դրան հավատային։ Այնպես որ Բիլբոյի համար դու մի անհանգստացիր։
Նա, իհարկե, երկար տարիներ Մատանու տերն էր եւ շատ անգամ է հագել այն։ Մատանին դրոշմվել էր նրա կյանքին, եւ այդ հետքը հեշտությամբ չի ջնջվի, ավելի լավ է Մատանին այլեւս նրա աչքով չընկնի։ Որ չընկնի՝ Բիլբոն էլ գուցե առանց դրա շատ ավելի երկար ապրի, քանի ր դա ավելի հեշտ է, քան Մատանուց բաժանվելը։ Իսկ նա Մատանուց բաժանվեց սեփական կամքով, ահա թե որն է ամենագլխավորը։ Ոչ, Բիլբոյի համար ես հանգիստ եմ՝ այն ժամանակից ի վեր, ինչ նա գնաց ու Մատանին թողեց։ Այժմ քո հերթն է եւ քո պատասխանը։ Իսկ քեզ համար շատ եմ տագնապում, քեզ համար եւ ձեր բոլորի՝ սիրելի, հիմարավուն, անխելք հոբիթներիդ համար։ Դա աշխարհի համար մեծ կորուստ կլինի, եթե խավարը կլանի Հոբիթստանը, Բոքոնակները, Ցմփորիկները եւ մնացածը, էլ չասենք հրաշալի տարօրինակ Պարկինսների մասին, խեղճուկ վախլուկներ ու խավարամիտ ստորներ դառնան։
Ֆրոդոն կուչ եկավ։
― Էդ ինչո՞ւ պետք է վախլուկներ ու ստորներ դառնանք, ― հարցրեց նա։ ― Եվ այդպիսի հպատակներն ո՞ւմ են պետք։
― Համընդհանուր Թշնամուն, ― մռայլ պատասխանեց Գանֆալդը։ ― Չնայած, ճիշտը որ ասենք, մինչեւ օրս հոբիթները նրա մտքով չեն անցել, նկատի ունեցիր՝ մինչեւ օրս։ Դրա համար շնորհակալություն ասա ճակատագրին։ Բայց այսուհետեւ Հոբիթստանին վտանգ է սպառնում։ Դուք նրան պետք չեք՝ նա ստրուկներ շատ ունի, բայց հիմա նա ձեզ չի մոռանա։ Իսկ ստրուկ֊ հոբիթները նրան ավելի հաճելի են, քան ազատ հոբիթները։ Ընդ որում նա ձեզ վրա չարացած է, եւ նրա վրեժը ահավոր կլինի։
― Վրե՞ժը, ― զարմացավ Ֆրոդոն։ ― Իսկ ինչի՞ համար պետք է վրեժխնդիր լինի։ Թեկուզ սպանես, չեմ հասկանում։ Ի՞նչ կապ ունի այստեղ Բիլբոն, ես եւ մեր Մատանին։
― Ինչպե՞ս թե՝ ինչ կապ ունի, ― խոժոռվեց Գանդալֆը։ ― Դու, երեւում է, ինչ֊որ բան չըմբռնեցիր, ասենք հիմա կհասկանաս։ Ես ինքս էլ անցյալ անգամ դեռ համոզված չէի, բայց հիմա ամեն ինչ պարզվեց։ Հապա մի ինձ տուր Մատանին։
Ֆրոդոն տաբատի գրպանից հանեց Մատանին, արձակեց գոտուն ամրացված շղթան ու դժկամ մեկնեց հրաշագործին։ Մատանին ձեռքը հետ էր պահում, կարծես թե նա, կամ Ֆրոդոն ինքը, կամ երկուսը միասին, չգիտես ինչու, չէին ուզում, որ Գանդալֆը կպչեր դրան։
Հրաշագործը զգուշությամբ ընդունեց այն։ Մատանին մաքուր կարմիր ոսկուց էր։
― Որեւէ նշան կա՞ վրան, ― հարցրեց Գանդալֆը։
― Բացարձակ, ― պատասխանեց Ֆրոդոն։ ― Դրա վրա քերծվածք անգամ չկա, կարծես ոչ ոք ոչ մի անգամ չի հագել։
― Դե հիմա տես։
Եվ ի զարմանս, եթե ոչ ի սարսափ Ֆրոդոյի, հրաշագործը անսպասելի նետեց այն կրակը։ Ֆրոդոն ճչաց ու հափռեց ունելին, բայց Գանդալֆը գրկեց նրան։
― Սպասիր, ― հրամայական ասաց նա, ճերմակած հոնքերի տակից խիստ հայացք գցելով Ֆրոդոյի վրա։
Մատանին չհալվեց։ Քիչ հետո Գանդալֆը վեր կացավ, վարագույները ծածկեց։ Խաղա սենյակը մթնեց եւ միայն Սամի մկրատի չխկոցն էր լսվում այգուց։ Հրաշագործը անթարթ նայում էր կրակին։ Հետո կռացավ, ունելիով բռնեց Մատանին եւ ճարպկորեն հանեց ածուխների արանքից։ Ֆրոդոն շունչ քաշեց։
― Սառն է, ― հայտարարեց Գանդալֆը, ― վերցրու։
Ֆրոդոյի ձեռքի ափը անսպասելի ծանրության տակ դողաց։
― Մատներով բռնիր, ― հրամայեց Գանդալֆը, ― Եվ նայիր։
Ֆրոդոն վերցրեց եւ Մատանու ներսի ու դրսի երեսին մի նրբին փորագրություն տեսավ։ Ասես այն գրված էր վառ, բայց ինչ֊որ խորքից եկող աղոտ կրակով։
― Այս կրակե տառերն անհասկանալի են ինձ համար, ― դողացող ձայնով ասաց Ֆրոդոն։
― Քեզ համար անհասկանալի են, ― կրկնեց Գանդալֆը, ― փոխարենը ինձ են հասկանալի։ Էլֆերի հնագույն գաղտնագրեր են, իսկ լեզուն՝ մորդորերեն։ Ես չեմ ուզում, որ այն հնչի այստեղ։ Համընդհանուր լեզվով կարելի է թարգմանել այսպես․
<peom>
Իսկ այս մեկը՝ Ամենազորը, Տիրակալին Մորդորի,
Որ թշնամանք ցանի, կամազրկի մարդկանց,
Խառնամբոխվեն նրանք Չարչարանց երկրում։
</poem>
Այս տողերը միայն էլֆերի համար հիշարժան չափածո հմայախոսքից են․
<poem>
Երեք մատանի՝ Էլֆերին իմաստուն,
վեհ բարության համար,
Յոթ մատանի՝ անձավների անխոնջ թզուկներին
հանքաջանքի համար,
Ինքը մատանի՝ Միջերկրի մարդկանց
Սեւին ծառայելու,
Կռիվներում խիզախ մարտնչելու համար։
Իսկ այս Մեկը՝ Ամենազորը, Տիրակալին Մորդորի,
Որ թշնամանք ցանի, կամազրկի մարդկանց,
Խառնամբոխվեն նրանք Չարչարանց երկրում՝
Զորության տակ՝ Մորդորի տիրակալի։
</poem>
Գանդալֆը հառաչեց եւ դանդաղ արտաբերեց․
― Քո Մատանին Համիշխանության Մատանին է, որին ենթակա են մնացած տանսինքը։ Մատանի, որ շատ տարիներ առաջ կորել է՝ ի վնաս Թշնամու իշխանության։ Աշխարհում ամենից շատ վերջինիս է հարկավոր այն՝ եւ նա չպետք է ստանա․․․
Ֆրոդոն նստած էր լուռ ու անշարժ, վախից կծկված, ասես նրան պատել էր արեւելյան սեւ ու ցուրտ ամպը։
― Ուրեմն սա թշնամու Մատանի՞ է, ― թոթովեց նրա։ ― Իսկ ինչպե՞ս, իսկ ինչո՞ւ է ինձ մոտ ընկել։
― Ա՜, ― ասաց Գանդալֆը։ ― Դա շատ երկար պատմություն է։ Դա սկսվել է այն Սեւ Տարիներին, որոնց մասին հուշը Իմաստունների սեփականությունն է, այն էլ ոչ բոլորի։ Եթե սկզբից սկսեմ պատմել, ապա քեզ հետ միասին մինչեւ աշուն կնստենք․․․ Երեկ ես քեզ ասում էի Սաուրոնի՝ Մատանիների Տիրակալի մասին։ Քո ականջին ճիշտ լուրեր են հասել․ նա ընդվզել է, լքել Չարքանտառը եւ տեղափոխվել Մորդորյան դղյակը՝ իր հնագույն ամրոցը։ «Մորդոր» բառը քեզ ծանոթ է, այն մեկ էլ տեսնում ես սեւին է տալիս նույնիսկ հոբիթյան տարեգրություններում, սարսափ ու խավար սփռելով։ Այո, նորից ու նորից՝ ջախջախում, դադար, իսկ հետո Խավարը փոխում է կերպարանքը եւ կրկին տարածվում։
― Գոնե իմ օրոք դա չլիներ, ― ասաց Ֆրոդոն։
― Իսկ իմ օրոք շատ անգամ է եղել, ― պատասխանեց Գանդալֆը, ― բոլորն էլ միշտ ասում են՝ գոնե ոչ մեր օրոք։ Ճակատագիր ընտրելու հնարավորությունը մեզ չի տրված․ սակայն այս անգամ մեզ ժամանակ է տրված եւ գլխավորն այն է, որ բաց չթողնենք այդ ժամանակը։ Իսկ մեր ժամանակը, Ֆրոդո, գրեթե վերջանալու վրա է։ Թշնամին օրը օրին ուժեղանում է։ Նրան էլի ժամկետ է հարկավոր, բայց ոչ երկարատեւ։ Հարկավոր է կանխորոշել նրա ծրագրերն ու օգտվել անհավանական դեպքերից՝ գուցե եւ ի հաշիվ սեփական կործանման։
Թշնամին շատ հզոր է, բայց ամեն տեսակ դիմադրություն կոտրելու, վերջին պատվարները քանդելու եւ Միջերկիրը Խավարի մեջ խեղդելու համար նրան մի բան է պակասում՝ Համիշխանության Մատանին։
Էլֆերը երեք հրաշագեղ Մատանի նրանից թաքցրել են․ նրա ձեռքը դրանց չի կպել եւ չի պղծել։ Թզուկները յոթ Մատանի ունեին․ երեքը նա խլեց, մնացածները վիշապները ոչնչացրին։ Ինը նա բաժանեց վեհատես ու հպարտ մարդկանց, որպեսզի ստրկացնի նրանց։ Վաղուց, շատ վաղուց նրանք դարձել են մատանեկիր֊ուրվականներ, խավարի ծառաներ, նրա ամենասարսափելի վասալները․․․ Այո, շատ վաղուց հողագնդի վրա Իննյակին չեն տեսել։ Բայց ո՞վ գիտե։ Խավարը նորից տարածվում է․ հնարավոր է՝ նրանք էլ ի հայտ գան, Խավարի նզովից արմատները․․․ Ե՛կ հիմա չխոսենք նրանց մասին Հոբիթստանում, այս պայծառ առավոտ։
Այո, այսպես է բանը․ ինքը Մատանի նրա հպատակ֊օգնականների մոտ են եւ Յոթից փրկված երեքն էլ պահվում են Մորդորում։ Երեքը առայժմ թաքցված են, բայց դրանք նրա ինչի՞ են պետք։ Նրան Համիշխանության Մատանին է հարկավոր, նա ինքն է կրել այն, դա նրա Մատանին է, դրա մեջ է դրված նրա հնագույն զորության մասը, եւ այդ զորությունից չի ծախսվել Մատանին սեւ շղթային զոդելու վրա։ Եթե այդ Մատանին գտնվի, Սաուրոնի իշխանությունը հարյուրապատիկ կուժեղանա, եւ նույնիսկ Երեք էլֆյանները նրա իշխանությանը կենթարկվեն․ նրանց օգնությամբ ամբողջ արվածը կխորտակվի, եւ նրա ուժը անհաղթելի կդառնա։
Մենք ահավոր ժամանակների նախաշեմին ենք կանգնած։ Սաուրոնը կարծում էր, որ Համիշխանության Մատանին այլեւս չկա, որ էլֆերն այն ոչնչացրել են, ինչպես եւ պետք էր անել։ Իսկ այժմ նա գիտի, որ Մատանին կա, որ այն գտնվել է։ Եվ ինքն է փնտրում՝ որոնումների համար միտքն այս կողմը ծռելով։ Այսպիսին է նրա մեծ հույսը եւ մեծ սարսափը։
― Իսկ ինչո՞ւ, ինչո՞ւ այն չեն հալել, ― գոռաց Ֆրոդոն։ ― Եվ այդ ինչպես է թշնամին զրկվել Մատանուց, եթե ինքն այդքան հզոր է, իսկ դա էլ այդքան թանկ է նրա համար։ ― Նա Մատանին սեղմել էր ձեռքի մեջ, կարծես թե դեպի այն էին ձգվել արդեն սեւ մատները։
― Մատանին նրանից խլվել է հնագույն ժամանակներում, ― ասաց Գանդալֆը։ ― Այն ժամանակ էլֆերը զորեղ էին, եւ մարդիկ էլ դեռ միաբան էին նրանց հետ։ Այո, Արեւմուտքի մարդիկ սատարեցին նրանց։ Վատ չի լինի վերհիշել հին պատմության այդ գլուխը․ այդ ժամանակ եւ արհավիրք կար, եւ խավարն էր վրա գալիս, բայց նրանց դեմ հառնում էր մեծ խիզախությունը, եւ այն ժամանակավա սխրագործությունները զուր չանցան։ Երեւի ես մի անգամ քեզ կպատմեմ այդ պատմությունը, կամ դու կլսել այն ինձանից լավ իմացող որեւէ մեկից։ Բայց այսօր բավական է, որքան պատմեցինք։ Չէ՞ որ ուզում ես իմանալ, թե Մատանին ինչպես է ընկել քեզ մոտ։ Դա առանձին պատմություն է։
[[Կատեգորիա:Արձակ]]
[[Կատեգորիա:Հեքիաթ]]