*[[«Արյուն եւ փետուր»]]
**[[Արյուն եւ փետուր]] ― կարդալ առցանց
ներբեռնել «արյուն եւ փետուր» գիրքը [http://grapaharan.org/index.php?title=%D5%8D%D5%BA%D5%A1%D5%BD%D5%A1%D6%80%D5%AF%D5%B8%D5%B2:EPubPrint&page=%D4%B1%D6%80%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6_%D5%A5%D6%82_%D6%83%D5%A5%D5%BF%D5%B8%D6%82%D6%80 եփաբ] նիշքով։
==Այլ բանաստեղծություններ==
Թարգմանիչ՝ Ա․ Թոփչյան (ռուսերենից)
===***===
<poem>
Անձրեւը
երկնքից չի թափվում
թռչունն էլ մեզ պես
հողածին կենդանի է։
</poem>
===Ավլողը===
(պոեմ բալետի համար)
<poem>
Գետի ափին
մի անգամ
գետինն էր ավլում
մի ավլող
Նա հոգնեց մի քիչ
շտկեց գոտին
նայեց արեւին
սիրահարված էր
մի զույգ անցավ
գրկախառնված
նա հայացքով հետևեց նրանց
զույգը հեռացավ
բայց հանկարծ
հնչեց մի հին մեղեդի
քաղցրալուր
որ դարձավ ճռճռան
ահարկու
Այդ պահին
հայտնվեց
Պահպանիչ Հրեշտակն ավլողների
որ շարժումով հանդարտ
բայց ազդու
ավլողին անվանեց ծույլ և խորհուրդ տվեց
որ ավլողը թողնի բաները սին
և իր գործին անցնի
մատով սաստեց Պահպանիչ Հրեշտակը
և անհետացավ
իսկ ավլողը հիշեց իր աշխատանքը
ավելը ձեռքն առավ։
Փողոցով երկար
մի կին եկավ
կանգնեց
նայեց գետին
նա կանգնել էր մեջքով
և այդ պատճառով թվում էր ավելի գեղեցիկ
ավլողը անաղմուկ մոտեցավ
և անտրտունջ
կանգնեց նրա կողքին
և ձեռքով վարանոտ ու ջերմագին
նրան շոյեց
ավելի շուտ իր ափերով մեծ
նրան այնպես գրկեց
ինչպես անցորդն էր գրկել աղջկան։
Չձգելով ոչ մի հայացք
կինը գնաց
նա մնաց մենակ իր ավելի հետ
բայց հանկարծ հաստատեց
որ Հրեշտակը Պահպանիչ
եկել է նորից
ու հեռվից
տեսել է ամեն ինչ
և շարժումով մի
ասես սպառնալից
ասես սիրալիր
և հայացքով դառն
հանդիմանում է
ավլողը նորից առնում է ավելը
և ավլում է
Պահպանիչ Հրեշտակն անհետանում է։
Մի ուրիշ կին եկավ
նա թողեց գործը
և շարժումով մի բազմիմաստ
դատարկ բաներից խոսեց
և իմիջիայլոց ասաց
որ հաստատ
գեղեցիկ է կինը։
Հրեշտակը հայտնվեց
կինը ծլկեց սարսափած
Հրեշտակը կրկին
ավլողին հասկացրեց
որ նա ստեղծված է ավլելու համար
և անհետացավ։
Ավլողը ավելը վերցրեց
հանկարծ գետի կողմից
մի աղաղակ
մի աղմուկ լսվեց
անտարակույս
խեղդվում էր ինչ֊որ մեկը
նա մի պահ թողեց ավելը
բայց հանկարծ
թոթվեց ուսերը
և գետից եկող աղմուկին անտարբեր
շարունակեց ավլել
հայտնվեց Պահպանիչ Հրեշտակը։
Ավլողը ձեռքին ավել
ավլում էր ջանքով առավել
կարծես չէր ավլել երբեք
խնամքով և օրինավայել։
Բայց Հրեշտակը Պահպանիչ
սպառնալից
թափահարում է թեւերը
մատ է թափ տալիս երկնքից
և ավլողին հասկացնում է
որ անկասկած շատ լավ բան է ավլելը
բայց կա մի ինչ-որ արարած
ար խեղդվելով է զբաղված
և ավլողին ստիպում է
համրի պես
ավելորդ ձայներից
խուսափել։
Վերջապես
երբ հոգնում է ավլողը
երբ զզվում է ավլողը
երբ
երբ
երբ
ավլողը հանում է բաճկոնը, կոշիկը, շապիկը ամբողջ
քանի որ չէր կարող ուրիշ կերպ
ելնում է ցանկորմին
ու մի ցատկ է անում «հրեշտակային»
ու սուզվում է
իսկ Հրեշտակը
բառացիորեն «յոթերորդ երկնքում»
Տիրոջն է խնկարկում։
Իսկ երաժշտույունը
իհարկե երաժշտական է
անժխտելիորեն երկնային։
Հանկարծ
փրկվածին գրկած
հայտնվում է ավլողը։
Մի աղջիկ
մերկ ու գեղեցիկ։
Հրեշտակը խե֊խեթ
չափում է նրան ոտից գլուխ։
Իսկ ավլողը անսահման նրբանկատությամբ
պառկեցնում է նրան նստարանին
ուշքի բերում
խնամում
ու շոյում։
Հրեշտակը միջամտում է
ավլողին հորդորում
խրատում
որ «պղծությունը սատանայական»
գրողի ծոցն ուղարկի
բայց «պղծությունը սատանայական»
շնորհիվ ավլողի խնամքի
արդեն ուշքի եկած
ժպտում է
ժպտում է նաեւ ավլողը։
Նրանք արդեն պարում են։
Անեծք ու նզովք է թափում Հրեշտակը
սպառնում է շանթահարել։
Բայց ծիծաղից պայթում են նրանք
համբուրվում են
ու պարելով հեռանում։
Պահպանիչ Հրեշտակը ուզում է մխիթարվել
կատաղությունը ցրել
առնոմ է ավելը
և ավլում է … ավլում … ավլում … ավլում …
ան-գը-թո-րեն։
</poem>
===***===
<poem>
Ես չեմ երգում
Ես ծաղիկ եմ տեսնում
Ես չեմ ծիծաղում
Ես գինի եմ խմում
Ես չեմ լալիս
…Սերն է ինձ լքում
</poem>
===Ավելի վատ===
<poem>
Ցեխոտ շանը թողեք ներս…
Ավելի վատ նրանց
ովքեր շուն չեն սիրում
ոչ էլ ցեխ
Ոտից գլուխ ցեխոտ շանը թողեք ներս …
Ավելի վատ նրանց
ովքեր չեն սիրում ցեխ
ովքեր չեն հասկանում
ովքեր չգիտեն շանը
ովքեր չգիտեն ցեխը
շանը թողեք ներս …
որ թափահարում է ցեխը վրայից
ցեխը կարող ես լվանալ
շանը կարող ես լվանալ
եւ ջուրն էլ կարող ես լվանալ
բայց չես կարող լվանալ նրանց
ովքեր ասում են թե սիրում են շանը
պայմանով միայն …
ցեխոտ շունը մաքուր է
ցեխը մաքուր է
երբեմն ջուրն էլ մաքուր է
նրանք ովքեր ասում են պայմանով միայն …
նրանք մաքուր չեն
բացարձակապես։
Ծաղկի խանութ
Մի մարդ մտավ խանութ
եւ ընտրեց ծաղիկ
ծաղկավաճառը ծրարեց ծաղիկները
ձեռքը գրպանը տարավ մարդը
որ փող հանի
փող որ ծաղկի համար վճարի
բայց նույն պահին
հանկարծ
ձեռքը տարավ սրտին ու ընկավ եւ նույն պահին
փողն ընկավ գետնին
ու ծաղիկներն ընկան
այդ նույն պահին
երբ ընկավ մարդը
փողը
ու ծաղկավաճառը մնաց տեղում
գլորվող փողի
թոշնող ծաղկի մեռնող մարդու հետ
անկասկած
տխուր է այս բոլորը
եւ պետք էր
որ ծաղկավաճառը մի բան աներ
բայց նա չգիտի թե ինչ անի
նա չգիտի
թե ինչից սկսի։
Որքան հոգսեր կան
այս մեռնող մարդու
այս թոշնող ծաղկի
եւ այս փողի
այս գլորվող փողի հետ
որ գլորվում է անվերջ։
</poem>
===***===
Թարգմանիչ՝ Թագուհի Բլբուլյան (ֆրանսերենից)
<poem>
Տհաճորեն զարմանալով որ ապրում է
հազիվ բավարարված այն բանով որ մեռած չէ
խոսքն իր նա երբեք կյանքին չի ուղղում
Ներողություն ասելու ու հայցելու մեջ նրբերանգ կա
Գլուխն առած ձեռքերի մեջ վրձինները կազմ ու պատրաստ բայց գույնն այնքան հեռու
կանգնած իր գեղանկարչական կտտանքների նկարակալի առջև նա ինքն իրեն նայում ու զննում է կտավի հայելու մեջ ուր մեծամոլության մկնասարդը հյուսում ու կրկին անվերջ հյուսում է իր գեղագիտական մտահայեցողության գլուխկոտրուկային պատճենատիպը
Վերացարկել կովին նրանից կաթ կորզելու և այդ կաթից ստանալու համար այն խոտի ծեղի դիմանկարը որ որոճացել է այդ կովը
Սակայն
երկաթյա արևածաղիկներ են ծփում
Պրովանսում
Կալդերի այգիներում
Սակայն
անձրևի տակ հեռագրասյանը հենված Բրաքի հեծանիվը շնորհակալություն է հայտնում փայլատակմանը
Սակայն
Կլոդ և Պալոմա
Պիկասոները իրենց նեղություն չեն տալիս որ հրեն շրջանակը և նրաևից կենդանի դուրս գան
Սակայն
Քնած գնչուհին դեռևս Դուանիե Ռուսսոյի մասին է երազում
Սակայն արևի շողերի դաշույնը Միրոյի բնանկարների ուշացած թռչնին են դեռևս վիրավորում
Սակայն
Ֆլորենցիայում
Բոտիչելիի դիմանկարներից մեկում շուրթերի միջև նկարված ծաղիկների շունչը
միշտ նույն բույրն ունի ինչ Վիվալդիի գարունը
սակայն այսօր
Անթիբների լիակատար լույսի ներքո
Փարիզի պատկերասրահներից մեկում
իկոլա Ստալի կտավի դիմաց կանգնած
երազների արյամբ սարսափած ու դողդողացող երեխան
մռմռացնում է շուտասելուկը հարազատ
Մահը կյանքի մեջ է կյանքը մահին օգնելիս
Կյանքը մահի մեջ է մահը կյանքին օգնելիս
</poem>
===Բարբարա===
Թարգմանիչ՝ Ա․ Դաշտենց
<poem>
Հիշի՛ր, Բարբարա՛,
այդ օրն անվերջ անձրևում էր Բրեստի վրա։
Իսկ դու քայլում էիր ծիծաղկոտ,
անձրևոտ, ծաղկուն, հիացկուն,
անձրևի տակ,
հիշի՛ր, Բարբարա՛,
անձրևում էր անվերջ Բրեստի վրա:
Ես քեզ հանդիպեցի Սիամ փողոցում․
դու ժպտում էիր,
ես էլ էի ժպտում:
Հիշի՛ր, Բարբարա՛,
դու, որին չէի ճանաչում,
դու, որ ինձ չէիր ճանաչում,
բայց և այնպես հիշի՛ր այդ օրը, հիշի՛ր,
մի՛ մոռանա։
Կամարի տակ պատսպարված մի մարդ
կանչեց՝ Բարբարա՛,
և դու վազեցիր անձրևի միջով նրա մոտ՝
անձրևոտ, ծաղկուն, ծիծաղկոտ,
և նետվեցիր գիրկը նրա,
Հիշի՛ր այդ ամենը, Բարբարա՛։
Եվ մի՛ նեղացիր, որ քեզ դու եմ ասում․
ես դու եմ ասում բոլորին, ում շատ եմ սիրում
նույնիսկ եթե միայն մի անգամ եմ տեսել նրանց,
ես դու եմ ասում բոլորին, ովքեր սիրում են միմյանց,
նույնիսկ եթե նրանց չեմ ճանաչում։
Հիշի՛ր, Բարբարա՛,
մի՛ մոռանա
անձրևն այն երջանիկ ու խաղաղ
քո երջանիկ դեմքի վրա,
այն չքնաղ քաղաքի վրա,
անձրևը ծովի վրա,
զինանոցի
և Ուեսանի նավի վրա։
Օ՜, Բարբարա՛,
Ինչ տխմար բան է պատերազմը։
Ու՞ր ես դու հիմա
անձրևի տակ այս երկաթե,
արյունոտ, կրակե, պողպատե,
եվ նա, որ սեղմել էր քեզ իր գրկում՝
սիրահարված,
դեռ ո՞ղջ է, մեռա՞ծ, թե՞ կորած։
Օ՜, Բարբարա՛,
անձրևում էր անվերջ Բրեստի վրա,
ինչպես անձրևում էր մի ժամանակ,
բայց ուրիշ է անձրևն այս, հիմնիվեր փոխվել է ամեն բան․
սա սգո անձրև է, սոսկալի, հուսահատ,
սա փոթորիկ չէ անգամ, կամ որոտ՝
երկաթե, պողպատե, արյունոտ,
սրանք ամպեր են սովորական,
որոնք սատկում են շների նման
և անհետանում ջրի հոսանքով,
գնում են նեխելու հեռվում,
հեռո՜ւ, շա՜տ հեռու Բրեստից,
որից չի մնացել ոչինչ։
</poem>
===Թռչունն ու կատուն===
Թարգմանիչ՝ Հասմիկ Սիմոնյան (ռուսերենից)
<poem>
Գյուղում մռայլված են դեմքերը․
թռչունը մահացու վիրավոր է։ Գյուղում ապրող միակ կատուն
գյուղում ապրող միակ թռչունի
կեսը կերել է։
Եվ ահա թռչունն էլ չի երգում։
Իսկ կատուն լպստում է արնոտ քիթմռութն ու
կուշտ մռլտում… և ահա
թռչունը մեռնում է։
Եվ գյուղը որոշում է
կազմակերպել
թռչունի թաղումը, որին բնականաբար
հրավիրված է կատուն
և գնում է փոքրիկ դագաղի ետևից։
Փոքրիկ աղջնակն է դագաղը տանում
ու հեծկլտում է մեծ արցունքներով։
— Օ, եթե միայն ես իմանայի, — շշնջում է կատուն, —
որ այս թռչնի մահը քեզ կցավեցներ,
կուտեի նրան ամբողջությամբ…
Իսկ հետո
քեզ կասեի՝
նա թռչեց գնաց կապույտ ծովից այն կողմ՝
այնտեղ, ուր վերջանում է սպիտակ լույսը,
այնտեղ, որտեղից էլ չկան ետդարձի ճամփաներ։
Նա թռչեց գնաց, անվերադարձ գնաց,
և դու ավելի քիչ կտխրեիր,
և տխրությունդ էլ
դեմքիցդ կիջներ ու կգնար
շատ հեռու մի տեղ։
Ճիշտ են ասում էլի, գործը կիսատ չեն թողնում
մինչև վերջ է պետք անել։
Գիշերային Փարիզ
Իրար հետևից լուցկու երեք հատիկ վառեցի գիշերով․
առաջին լուցկու հատիկը բոցավառվեց, ու ես տեսա դեմքդ,
երկրորդը վառեցի, որ տեսնեմ աչքերդ,
և վառեցի վերջինը, որ տեսնեմ շուրթերդ
ու հետո անընդհատ հիշելով՝
քեզ գրկեմ
անթափանց այս մթում։
</poem>
===Համբուրիր ինձ===
Թարգմանիչ՝ Հասմիկ Սիմոնյան (ռուսերենից)
<poem>
Դեպքը պատահել է քաղաք Լույսի թաղերից մեկում։
Այդ թաղում ամառը սառն է, մութ է միշտ,
ձմեռ, թե ամառ՝ միշտ ձմեռ,
և օդն էլ չի հերիքում կարծես…
տղան կանգնել էր աղջկա կողքին․
երկուսով մի աստիճանի վրա,
և գիշերը սողում էր դանդաղ մութ ծակերից ու խորշերից բոլոր,
ծծմբահոտը օդի մեջ շատ էր․
կեսօրին փայտոջիլ էին սատկացնում,
և աղջիկը ասում էր տղային․
— Այստեղ մութ է միշտ,
և ձմեռ թե ամառ՝ ձմեռ,
և օդն էլ քիչ է։
Արևը չի գա էս կողմ,
Նա կարևոր գործով է զբաղված հարուստների թաղերում,
դու ամուր, շատ ամուր ինձ գրկիր,
մեր կյանքը հենց էս է՝ հիմա,
հետո ուշ կլինի։
Գրկիր ինձ ամուր։
Այստեղ բոլորը մեր դեմ են։
Ցուրտ լինի, թե տաք՝ մեզ համար վատ է,
Էստեղ կսառչես,
Օդ չկա էստեղ։
Ու ես կմեռնեմ, եթե ինձ չգրկես,
տասնհինգ տարեկան ես եմ, տասնհինգ տարեկան՝ դու,
միասին երեսուն ենք,
իսկ էդ տարիքում համբուրվելն ամոթ բան չի,
մենք լրիվ դրա իրավունքն ունենք,
հետո ուշ կլինի,
մեր կյանքը հենց էս է՝ հիմա,
համբուրիր ինձ արագ։
</poem>
===Նախաճաշ===
Թարգմանությունը՝ Բյուրակն Իշխանյան (ֆրանսերենից)
<poem>
Սուրճը լցրեց
Բաժակի մեջ
Կաթը լցրեց
Սուրճի բաժակի մեջ
Շաքարը լցրեց
Կաթով սուրճի մեջ
Փոքր գդալով
Խառնեց
Խմեց կաթով սուրճը
Եվ բաժակը դրեց սեղանին
Առանց ինձ հետ խոսելու
Սիգարետ վառեց
Կլորակներ արեց
Ծխով
Մոխիրը մոխրամանը
Լցրեց
Առանց ինձ հետ խոսելու
Առանց ինձ նայելու
Վեր կացավ
Գլխարկը գլխին
Դրեց
Անձրևանոցը հագավ․
Անձրև էր գալիս
Եվ դուրս եկավ
Անձրևի տակ
Առանց մի բառ ասելու
Առանց ինձ նայելու
Եվ ես գլուխս առա
Ձեռքերիս մեջ
Եվ արտասվեցի
</poem>
===Այդ սերը===
Թարգմանիչ՝ հայտնի չէ։ Հավանաբար Ա․ Թոփչյան։
<poem>
Այդ սերն
այնքան բուռն,
այնքան դյուրաբեկ,
այնքան նուրբ,
այնքան հուսահատ․
այդ սերն
օրվա պես սիրուն
և եղանակի պես վատ,
երբ եղանակն է վատ,
այդ սերն այնքան գեղեցիկ,
այնքան երջանիկ
և այնքան զվարթ
և ծիծաղելի
ինչպես խավարում վախից դողացող փոքրիկ երեխա
և այնքան վստահ,
ինչպես գիշերում մարդը համարձակ։
Սերն այդ, որ ահ էր ներշնչում մարդկանց,
ստիպում խոսել,
ստիպում գունատվել,
սերն այդ լրտեսված,
քանի որ մենք ենք լրտեսել մարդկանց,
հալածված, խոցված, կործանված, ժշտված ու ոտնահարված,
քանի որ մենք ենք սերը հալածել, կործանել, ժխտել, խոցել, մոռացել ու ոտնահարել։
Այդ սերը համակ,
դեռ շատ կենսունակ
և արևավառ,
այն քոնն է,
իմն է։
Սերն այդ, որ եղավ
մշտապես նոր բան
և սակայն երբեք, երբեք չփոխվեց,
և տունկի նման ճշմարիտ մնաց,
մնաց դողահար՝ թռչունի նման,
ամառվա նման՝ կենսատու և ջերմ։
Մենք կարող ենք հիմա
հեռանալ ու վերադառնալ,
մոռանալ
և հետո քնել,
արթնանալ, տառապել, ծերանալ
ու դարձյալ քնել,
մահը երազել,
արթնանալ, ժպտալ, ծիծաղել
ու ջահելանալ։
Մեր սերն այստեղ է՝
էշի պես համառ,
տենչի պես անսպառ,
հիշողության պես բիրտ,
զղջումի պես անմիտ,
հուշի պես քաղցր,
մարմարի պես պաղ,
օրվա պես պայծառ,
մանկան պես վտիտ,
և նայում է նա մեզ միշտ ժպտալով
և խոսում մեզ հետ, ոչինչ չասելով․
իսկ ես լսում եմ նրան դողահար
ու գոռում եմ ես,
գոռում՝ քեզ համար,
գոռում՝ ինձ համար,
աղաչում եմ քեզ
հանուն ինձ ու քեզ և հանուն բոլոր մնացյալների,
որոնց չգիտեմ,
նա՛ հենց այդտեղ,
այնտեղ, որտեղ կաս,
որտեղ եղել ես դու մի ժամանակ,
մնա՛,
մի՛ շարժվիր
ու մի հեռացիր։
Մենք, որ սիրել ենք իրար,
հիմա մոռացել ենք քեզ,
բայց դու մի մոռանա մեզ.
քանզի միայն քեզ ունենք աշխարհում,
թույլ չտաս, որ մենք դառնանք պաղարյուն։
հեռուներում միշտ
և հոգ չէ, թե ուր,
կյանքի նշա՛ն տուր։
Շատ տարիներ անց, անտառի եզրին,
հիշողության մեջ
հայտնվի՜ր հանկարծ,
ձեռքերդ մեկնիր,
և փրկյա՜ դու մեզ…
</poem>