Այն մշտական ենթադրությամբ, թե արդյունքի գինը = նրա արժեքին, հավելյալ արժեքը այստեղ տրոհվում է տարբեր հոդվածների՝ շահույթ, տոկոս, տասանորդներ և այլն։ Այդ հոդվածները մեզ համար հետաքրքրություն չունեն։ Մենք դրանք գումարում ենք և ստանում 3 ֆ. ստեռլինգ 11 շիլլինգ հավելյալ արժեք։ Սերմացուի և պարարտանյութի արժեք 3 ֆ. ստեռլինգ 19 շիլլինգը, որպես կապիտալի հաստատուն մաս, մենք հավասարեցնում ենք զրոյի։ Մնում է ավանսավորած 3 ֆ. ստեռլինգ 10 շիլլինգ փոփոխուն կապիտալը, որի փոխարեն արտադրված է 3 ֆ. ստ. 10 շիլլինգ + 3 ֆ. ստ. 11 շիլլինգ նոր արժեքը։ Այսպիսով, m/v կազմում է (3 ֆ. ստ. 11 շիլլինգ) / (3 ֆ. ստ. 10 շիլլինգ), 100%-ից ավելի։ Բանվորն իր աշխատանքային օրվա կեսից ավելին գործադրում է արտադրելու համար հավելյալ արժեք, որը զանազան անձինք զանազան պատրվակներով բաշխում են իրենց միջև31a [''Տես 31a ծանոթ.'']։
====2. ԱՐԴՅՈՒՆՔԻ ԱՐԺԵՔԻ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅՈՒՆԸ ԱՐԴՅՈՒՆՔԻ ՀԱՐԱԲԵՐԱԿԱՆ ՄԱՍԵՐԻ ՄԵՋ====
Հիմա վերադառնանք այն օրինակին, որը մեզ ցույց տվեց, թե կապիտալիստն ինչպես է փողից կապիտալ ստեղծում։ Նրա մանողի անհրաժեշտ աշխատանքը կազմում է 6 ժամ, հավելյալ աշխատանքը' նույնքան, ուստի բանվորի շահագործման աստիճանը 100% է։
Տասներկուժամյա աշխատանքային օրվա արդյունքը 20 ֆ. մանվածքն է 30 շիլլինգ արժեքով։ Մանվածքի այս արժեքի ոչ պակաս քան 8/10-ը (24 շիլլինգ) գոյացել է արտադրության գործադրված միջոցների լոկ կրկին երևան եկող արժեքով (20 ֆ. բամբակը 20 շիլլինգ, իլիկները և այլն 4 շիլլինգ), կամ կազմված է հաստատուն կապիտալից։ Մնացած 2/10-ը մանելու պրոցեսի ժամանակ առաջ եկած 6 շիլլինգ նոր արժեքն է, որի կեսը փոխհատուցում է աշխատուժի ավանսավորած օրական արժեքը, կամ փոփոխուն կապիտալը, իսկ մյուս կեսը կազմում է հավելյալ արժեքը՝ 3 շիլլինգ։ Հետևաբար, այդ 20 ֆ. մանվածքի ամբողջ արժեքը կազմվում է հետևյալ կերպով.
մանվածքի 30 շիլլինգ արժեքը = 24 շիլլ. + 3 շիլլ. + 3 շիլլ. (= c + v + m)։
Քանի որ այդ ամբողջ արժեքը մարմնանում է 20 ֆ. մանվածք ներկայացնող ամբողջ արդյունքի մեջ, ուստի արժեքի տարբեր տարրերը ևս կարելի կլիներ արտահայտել արդյունքի հարաբերական մասերի մեջ։
Եթե 30 շիլլինգ արժեքը գոյություն ունի 20 ֆ. մանվածքի մեջ, ապա այդ արժեքի 8/10-ը կամ 24 շիլլինգ հաստատուն մասը պարունակում է արդյունքի 8/10-ի մասի մեջ, այսինքն՝ 16 ֆ. մանվածքի մեջ։ Նրանցից 13 1/3 ֆ. ներկայացնում է հում նյութի՝ 20 շիլլինգ արժեցող մանած բամբակի արժեքը, իսկ 2 2/3 ֆունտը՝ գործադրված օժանդակ նյութերի և աշխատանքի միջոցների, իլիկների և այլն 4 շիլլինգ արժեքը։
Այսպես ուրեմն, 13 1/3 ֆ. մանվածքը ներկայացնում է ամբողջ արդյունքի՝ 20 ֆ. մանվածքի վրա գործադրված ամբողջ բամբակը, ներկայացնում է ամբողջական արդյունքի հում նյութը, և ուրիշ ոչինչ։ Թեև նրա մեջ պարունակվում է ընդամենը 13 1/3 շիլլինգ արժեքի ֆ. բամբակ, բայց նրա շիլլինգ հավելութային արժեքը կազմում է մնացած 6 2/3 մանվածքի վրա գործադրված բամբակի համարժեքը։ Գործն այնպես է պատկերանում, որ կարծես վերջին 6 2/3 ֆունտ մանվածքից պոկված հանված է բամբակը, և ամբողջական արդյունքի ամբողջ բամբակը միասին խցկած է 13 1/3 ֆունտ մանվածքի մեջ։ Բայց դրա փոխարեն հիմա 13 1/3 ֆ. մանվածքի մեջ չի պարունակվում ո՛չ գործադրված օժանդակ նյութերի ու աշխատամիջոցների արժեքի, ոչ էլ մանելու պրոցեսի մեջ ստեղծված նոր արժեքի ոչ մի ատոմ։
Ճիշտ այդպես էլ հետագա 2 2/3 ֆ. մանվածքը, որի մեջ պարունակված է հաստատուն կապիտալի մնացորդը (= 4 շիլլինգ), ուրիշ ոչինչ չի ներկայացնում, բացի ամբողջ արդյունքի՝ 20 ֆ. մանվածքի վրա գործադրված օժանդակ նյութերի ու աշխատամիջոցների արժեքից։
Այսպիսով, արդյունքի 8/10-ը, կամ 16 ֆունտ մանվածքը, որ քննության է առնվում նրա մարմնական ձևի մեջ, որպես սպառողական արժեք, որպես մանվածք, թեև մանելու աշխատանքի ստեղծագործությունն է նույնքան, որքան և արդյունքի մնացած մասերը, այնուամենայնիվ, մեր վերցրած կապակցությամբ քննելով՝ չի պարունակում մտնելու աշխատանք, մանելու բուն իսկ պրոցեսի ժամանակ ներծծված աշխատանք։ Գործն այնպես է ներկայանում, որ կարծես թե հիշյալ 16 ֆունտ մանվածքն առանց մանելու է մանվածք դարձել և նրա մանվածքի ձևը մի բացարձակ պատրանք է։ Եվ, իրոք, եթե կապիտալիստը այդ մանվածքը ծախի 24 շիլլինգով և դրանով նորից գնի արտադրության իր միջոցները, ապա ակներև կդառնա, որ 16 ֆ. մանվածքը ներկայացնում է լոկ վերազգեստավորված բամբակ, իլիկներ, քարածուխ և այլն։
Ընդհակառակը, արդյունքի մնացած 2/10-ը կամ 4 ֆ. մանվածքը հիմա ուրիշ ոչինչ չի ներկայացնում, բացի մանելու տասներկուժամյա պրոցեսի ժամանակ արտադրված 6 շիլլինգի նոր արժեքից։ Օգտագործված հում նյութերի և աշխատանքի միջոցների այն արժեքը, որ պարունակվում էր այդ մանվածքի մեջ, նրանից արդեն դուրս է կորզված և մտել է առաջին 16 ֆունտ մանվածքի մեջ։ 20 ֆ. մանվածքի մեջ մարմնացած մանելու աշխատանքը կենտրոնացված է արդյունքի 2/10-ի մեջ։ Բանն այնպես է ներկայանում, որ կարծես թե մանողը 4 ֆունտ մանվածքը օդից է մանել կամ այնպիսի բամբակից ու այնպիսի իլիկներով է մանել, որոնք տրված լինելով բնությունից, առանց մարդկային աշխատանքի աջակցության, ոչ մի արժեք չեն միացնում արդյունքին։
Այդ 4 ֆունտ մանվածքի մեջ, որը, այսպիսով, պարունակում է մանելու օրական պրոցեսի ժամանակ նոր արտադրված ամբողջ արժեքը, մի կեսը ներկայացնում է այն արժեքը, որով փոխհատուցվում է օգտագործված աշխատուժի արժեքը միայն, այսինքն՝ լոկ 3 շիլլինգ փոփոխուն կապիտալը, իսկ մնացած 2 ֆունտ մանվածքը՝ միայն 3 շիլլինգ հավելյալ արժեքը։
Քանի որ մանողի 12 աշխատաժամն առարկայանում է 6 շիլլինգի մեջ, ուստի 30 շիլլինգի մանվածքի մեջ առարկայացված է 60 աշխատաժամ։ Այդ 60 ժամը գոյություն ունի 20 ֆունտ մանվածքի մեջ, որից 8/10-ը կամ 16 ֆունտը մանելն սկսվելուց առաջ անցած 48 աշխատաժամերի նյութականացումն է, այսինքն՝ մանվածքի արտադրամիջոցների մեջ առարկայացված աշխատանքի նյութականացումը, իսկ 2/10-ը կամ 4 ֆունտը մանելու բուն պրոցեսում ծախսված 12 աշխատաժամի նյութականացումը։
Առաջներում մենք տեսանք, որ մանվածքի արժեքը հավասար է մանվածքի արտադրության ժամանակ ստեղծված նոր արժեքի գումարին, պլյուս նրա արտադրության միջոցների մեջ դրանից առաջ արդեն գոյություն ունեցող արժեքը։ Հիմա մենք տեսնում ենք, թե ինչպես արդյունքի արժեքի ֆունկցիապես կամ էապես տարբեր բաղկացուցիչ մասերը կարելի է ներկայացնել բուն արդյունքի հարաբերական մասերի մեջ։
Արդյունքի — արտադրության պրոցեսի հետևանքի — այդ տրոհումը արդյունքի մի քանակի, որ միայն արտադրության միջոցների մեջ պարունակված աշխատանքը կամ կապիտալի հաստատուն մասն է ներկայացնում, մի ուրիշ քանակի, որ միայն արտադրության պրոցեսում միացված անհրաժեշտ աշխատանքը կամ կապիտալի փոփոխուն մասն է ներկայացնում, և արդյունքի երրորդ, վերջին քանակի, որ նույն պրոցեսում միացված հավելյալ աշխատանքը կամ հավելյալ արժեքն է ներկայացնում,— այդ տրոհումը նույնքան պարզ է, որքան և կարևոր, ինչպես այդ ցույց կտա նրա հետագա կիրառումը խճճված ու դեռևս չլուծված պրոբլեմների նկատմամբ։
Վերը մենք քննում էինք ամբողջ արդյունքը որպես տասներկուժամյա աշխատանքային օրվա պատրաստի հետևանք։ Բայց մենք կարող էինք արդյունքն ուսումնասիրել նաև նրա ծագման պրոցեսում և այնուամենայնիվ, նրա մասնական արդյունքները պատկերացնել որպես արդյունքի ֆունկցիապես տարբեր մասեր։
Մանողը 12 ժամում արտադրում է 20 ֆ. մանվածք, հետևապես, մեկ ժամում 1 2/3, իսկ 8 ժամում 13 1/3 ֆունտ, այսինքն՝ մի մասնական արդյունք, որը ներկայացնում է ամբողջ աշխատանքային օրվա ընթացքում մանած բամբակի ամբողջ արժեքը։ Ճիշտ նույն կերպով էլ հետևյալ 1 ժամ 36 րոպեի մասնական արդյունքը =2 2/3 ֆ. մանվածքի, ուստի և ներկայացնում է 12 աշխատաժամում գործադրված աշխատանքի միջոցների արժեքը։ Ճիշտ նույն ձևով էլ մանողը հաջորդ 1 ժամ 12 րոպեում արտադրում է 2 ֆունտ մանվածք = 3 շիլլինգի,— արդյունքի այն արժեքը, որ հավասար է 6 ժամ անհրաժեշտ աշխատանքի ընթացքում նրա արտադրած ամբողջ նոր արժեքին։ Վերջապես, նա վերջին 6/5 ժամում արտադրում է դարձյալ 2 ֆունտ մանվածք, որի արժեքը հավասար է հավելյալ աշխատանքով, այսինքն՝ կես օրվա աշխատանքով արտադրված հավելյալ արժեքին։ Հաշվելու այս եղանակը անգլիական գործարանատիրոջը ծառայում է տնային գործածության համար, և նա կասի, օրինակ, որ ինքն առաջին 8 ժամում կամ աշխատանքային օրվա 2/3-ում լոկ իր բամբակի գինն է դուրս բերում և այլն։ Մենք տեսնում ենք, որ ֆորմուլան ճիշտ է, որ իրոք այդ միայն առաջին ֆորմուլան է, որը մի տարածությունից, որտեղ արդյունքի մասերը պատրաստի ընկած են իրար կողքի, փոխադրված է ժամանակի մեջ, որտեղ նրանք հաջորդում են միմյանց։ Բայց ֆորմուլան կարող է ուղեկցվել նաև ամենաբարբարոսական պատկերացումներով, հատկապես այնպիսի ուղեղներում, որոնք գործնականորեն նույնքան շահագրգռված են արժեքի աճումով, որքան և այն բանով, որ նրա մասին թեորիական աղավաղված պատկերացում տան։ Այսպես, կարելի է երևակայել, որ մեր մանողը, օրինակ, իր աշխատանքային օրվա առաջին 8 ժամում արտադրում, կամ փոխհատուցում է բամբակի արժեքը, հետևյալ 1 ժամ 36 րոպեում՝ գործադրված աշխատանքի միջոցների արժեքը, հաջորդ 1 ժամ ու 12 րոպեում աշխատավարձի արժեքը և միայն հռչակավոր «վերջին ժամն» է նվիրում գործարանատիրոջը, հավելյալ արժեքի արտադրությանը։ Այսպիսով, մանողին վերագրվում է երկակի հրաշք, դուրս է գալիս, նախ, որ նա բամբակ, իլիկներ, շոգեմեքենա, քարածուխ, յուղ և այլ բաներ է արտադրում հենց այն րոպեին, երբ նա նրանց օգնությամբ մանում է և, երկրորդ, այն, որ լարվածության տվյալ աստիճան ն ունեցող մեկ աշխատանքային օրից նա հինգ նույնպիսի օր է ստեղծում։ Այսպես, օրինակ, մեր վերցրած դեպքում հում նյութի և աշխատանքի միջոցների արտադրությունը պահանջում է 24/6 = տասներկուժամյա 4 աշխատանքային օր, և նրանց՝ մանվածքի վերածելը՝ դարձյալ մի տասներկուժամյա աշխատանքային օր։ Որ գիշատչությունը հավատում է այդպիսի հրաշքների և դրանք ապացուցելու համար նա դոկտրինյոր- սիկոֆանտներ փնտրելու կարիք չի զգում, ցույց է տալիս հետևյալ օրինակը, որ պատմական հռչակ է ստացել։
====3. ՍԵՆԻՈՐԻ «ՎԵՐՋԻՆ ԺԱՄԸ»====
1836 թվականի մի գեղեցիկ առավոտ Նասսաու Վ. Սենիորը, որ հայտնի էր իր տնտեսագիտական գիտելիքներով և իր հիանալի ոճով, որը մի տեսակ Կլաուրեն էր անգլիական տնտեսագետների մեջ, Օքսֆորդից կանչվեց Մանչեստր, որ այստեղ քաղաքատնտեսություն սովորի՝ փոխարեն Օքսֆորդում քաղաքատնտեսություն սովորեցնելու։ Գործարանատերերը նրան ըմբիշ ընտրեցին՝ կռվելու նոր հրատարակված Factory Act-ի [գործարանային օրենքի] դեմ և տասժամյա աշխատանքային օրվա ագիտացիայի դեմ, որը ավելի հեռու էր գնում։ Իրենց հատուկ գործնական խորաթափանցությամբ նրանք տեսնում էին, որ պարոն պրոֆեսորը «wanted a good deal of finishing» [դեռ կարգին կարիք ունի վերջնական մշակման]։ Ուստի նրան բերին Մանչեստր։ Պարոն պրոֆեսորը իր ոճով գեղազարդեց Մանչեստրում գործարանատերերից ստացած դասերը և հրատարակեց մի պամֆլետ. «Letters on the Factory Act, as it affects the cotton manufacture». London 1837։ Այստեղ կարելի է գտնել, ի միջի այլոց, հետևյալ ուսանելի հատվածները.
«Արդի օրենքի համաձայն ոչ մի գործարան, որտեղ աշխատում են 18 տարեկանից փոքր անձեր, չի կարող օրական 11½ ժամից ավելի աշխատել, այսինքն՝ շաբաթվա առաջին 5 օրում՝ 12-ական ժամ և 9 ժամ էլ շաբաթ օրը։ Հետևյալ վերլուծությանը (!) ցույց է տալիս, որ մի այդպիսի գործարանում ամբողջ զուտ շահույթն ստացվում է վերջին ժամից։ Գործարանատերը ծախսում է 100 000 ֆ. ստեռլինգ՝ 80 000 ֆ. ստեռլինգը գործարանի շենքի ու մեքենաների վրա, 20 000 ֆ. ստ. հում նյութի ու աշխատավարձի վրա։ Ենթադրելով, որ կապիտալը տարեկան շրջան է գործում մի անգամ, և համախառն շահույթն անում է 15%, այդ գործարանի ապրանքների տարեկան շրջապտույտը պետք է կազմի 115 000 ֆ. ստեռլինգ արժեք... Աշխատանքային օրը կազմող 23 կես ֊աշխատաժամերից ամեն մեկն օրական արտադրում է այդ 115 000 ֆ. ստեռլինգի 5/115-ը կամ 1/23-ը։ Այդ 23/23-ից, որ կազմում է ամբողջ 115 000 ֆ. ստեռլինգը (constituting the whole 115 000 ֆ. ստ.), 20/23, այսինքն՝ 115 000-ից 100 000-ը ՜միայն փոխհատուցում է կապիտալը, կամ 15 000 ֆ. ստեռլինգ համախառն շահույթից (!) 5000-ը փոխհատուցում են գործարանի ու մեքենաների մաշվածքը։ Մնացած 2/23-ը, այսինքն՝ յուրաքանչյուր օրվա վերջին երկու կես ժամն արտադրում են 10% զուտ շահույթը։ Ուստի, եթե գներն անփոփոխ մնալու դեպքում գործարանը կարողանար 11½ ժամի փոխարեն 13 ժամ աշխատել, ապա շրջանառու կապիտալը մոտավորապես 2600 ֆ. ստեռլինգով ավելանալու դեպքում զnւտ շահույթը կաճեր երկու անգամից ավելի։ Մյուս կողմից, եթե աշխատանքային օրը կրճատվեր 1 ժամով, ապա զուտ շահույթը կչքանար, իսկ 1½ ժամով կրճատվելու դեպքում կչքանար նաև համախառն շահույթը»<ref>Senior: «Letters օո the Factory Act etc.». London 1837, էջ 12, 13։ Մենք կանգ չենք առնում այն մի քանի կուրյոզների վրա, որոնք նշանակություն չունեն, մեր նպատակի համար, օրինակ, այն պնդման վրա, թե կապիտալիստները մաշված մեքենաների և արտադրության այլ միջոցների, այսինքն՝ կապիտալի մի բաղկացուցիչ մասի արժեքի փոխհատուցումը հաշվում են բրուտտո թե նետտո, համախառն թե զուտ շահույթի մեջ։ Կանգ չենք առնում նաև թվական տվյալների ճիշտ կամ սխալ լինելու վրա։ Որ դրանք ավելի չարժեն, քան այսպես կոչված վերլուծությանը», այդ ապացուցել է Լեոնարդ Հորները «A Letter to Mr. Senior etc.». London 1837 [էջ 30—42] աշխատության մեջ։ Գործարանների վիճակն ուսումնասիրող 1833 թվականի հանձնաժողովի անդամներից մեկը և գործարանային տեսուչ Լեոնարդ Հորները, որը իրապես գործարանների ցենզորն էր մինչև 1859 թ., անմահ ծառայություններ է մատուցել անգլիական բանվոր դասակարգին։ Իր ամբողջ կյանքում նա պայքար է մղել ոչ միայն գազազած գործարանատերերի, այլև մինիստրների դեմ, որոնց համար անհամեմատ ավելի կարևոր էր գործարանատերերի «ձայները» հաշվել ստորին պալատում, քան «բանող ձեռքերի» ժամերը գործարանում։<br>'''32-րդ ծանոթագրության հանելում.'''— Սենիորի շարադրանքը խառնաշփոթ է, չխոսելով արդեն բովանդակության կեղծ լինելու մասին։ Նա իսկապես միայն այս է ուզեցել ասել. գործարանատերը բանվորին ստիպում է աշխատել օրական 11½ կամ 23/2 ժամ։ Առանձին աշխատանքային օրվա պես տարեկան ամբողջ աշխատանքը կազմված է 11½, կամ 23/2 ժամից (բազմապատկած աշխատանքային օրերի տարեկան թվով)։ Այս ենթադրելու դեպքում 23/2 աշխատաժամն արտադրում է 115 000 ֆնտ, ստեռլինգի տարեկան արդյունք. ½ աշխատաժամն արտագրում է 1/23 × 115 000 ֆնտ. ստ., 20/2 աշխատաժամն արտադրում է 20/23 × 115 000 ֆնտ. ստ. = 100 000 ֆնտ. ստ., այսինքն՝ միայն փոխհատուցում է ավանսավորած կապիտալը։ Մնում է 3/2 աշխատաժամ, որն արտադրում է 3/23 × 115 000 ֆնտ. ստ. = 15 000 ֆնտ. ստ., այսինքն՝ համախառն շահույթը։ Այդ 3/2 աշխատաժամից ½ աշխատաժամն արտադրում է 1/23 × 115 000 ֆնտ. ստ. = 5 000 ֆնտ. ստ., այսինքն՝ արտադրում է գործարանի ու մեքենաների մաշվածքի փոխհատուցումը միայն։ Աշխատաժամի վերջին երկու կեսը, այսինքն՝ վերջին աշխատաժամն արտադրում է 2/23 × 115 000 ֆնտ. ստ. = 10 000 ֆնտ. ստ., այսինքն՝ զուտ շահույթը։ Բնագրում Սենիորը արդյունքի 2/23 մասը դարձնում է բուն իսկ աշխատանքային օրվա մասեր։<br>32a Եթե Սենիորն ապացուցում էր, որ գործարանատերերի զուտ շահույթը, անգլիական բամբակեղենի արդյունաբերության գոյությունը և Անգլիայի դրությունը համաշխարհային շուկայում կախված են «աշխատանքի վերքին ժամից», ապա դոկտոր Էնդրյու Յուրը [Տե՛ս «The Philosophy of Manufactures». London 1835, էջ 406], որպես դրան վերադիր, իր հերթին, ապացուցում էր, որ եթե գործարանային երեխաներին ու 18 տարեկանից փոքր դեռահասներին լրիվ 12 ժամ չփակեն գործարանային շենքի բարոյական տաքուկ ու մաքուր մթնոլորտում, այլ նրանց «մի ժամ» ավելի շուտ շպրտեն անհրապույր ու այլասերված արտաքին աշխարհը, ապա պարապությունն ու ախտերը կխլեն նրանց ամբողջ հոգեկան առողջությունը։ 1848 թվականից սկսած գործարանային տեսուչներն իրենց կիսամյա «Report»-ներում [հաշվետվություններում] շարունակ գործարանատերերին գրգռում են «վերջին», «ճակատագրական ժամով»։ Այսպես, պ. Հաուելը 1855 թ. մայիսի 31-ի իր գործարանային հաշվետվության մեջ ասում է. «եթե հետնյալ սրամիտ հաշվարկումը ճիշտ լիներ (նա ցիտատ է բերում Սենիորից) ապա կպարզվեր, որ 1850 թվականից բամբակեղենի ամեն մի գործարան վնասով է աշխատել Միացյալ թագավորության մեջ» («Reports of the Inspection of Factories for the half year, ending 30th April 1855», էջ 19, 20)։ 1848 թվականին, երբ տասժամյա աշխատանքային օրվա բիլլը պառլամենտով անցավ, Դորսետ և Դոմերսետ կոմսությունների արանքում ցրված գյուղական վշամանարանների գործարանատերերը. հարկադրեցին մի քանի բանվորների, որոնց վրա տարածվում էր աշխատանքային օրվա նորմավորումը, մի հակահանրագիր տալ, որի մեջ ի միջի այլոց ասված է. «Մենք, խնդրատու ծնողներս, կարծում ենք, որ մի լրացուցիչ պարապ ժամը ուրիշ ոչ մի հետևանք չի կարող ունենալ, բացի մեր երեխաների անբարոյացումից, որովհետև պարապությունը բոլոր մոլությունների ծնողն է։ Այս առթիվ 1843 թ. հոկտեմբերի 31-ի գործարանային հաշվետվությունը նկատում է. «Այն վշամանարանների մթնոլորտը, որտեղ այս առաքինի ու քնքշասիրտ ծնողների զավակներն են աշխատում, այնպես է հագեցած փոշով ու հում նյութի մանրաթելերով, որ չափազանց անախորժ է մինչև անգամ միայն 10 րոպե մանարանում մնալը, որովհետև դուք չեք կարող այդ անել՝ առանց այն ամենատանջալից զգացումն ստանալու, որ ձեր աչքերը, ականջները, քթածակերն ու բերանն արագությամբ լցվում են վշի փոշու ամպերով, որոնցից ոչ մի փրկություն չկա։ Մեքենաների տենդագին արագության պատճառով բուն աշխատանքը. զգաստ ճարպկության ու շարժման կիրառում է պահանջում անդուլ ուշադրության վերահսկողության տակ, և մի քիչ խստասրտություն է թվում՝ ծնողներին «ծուլություն» արտահայտությունը գործածել տալն իրենց սեփական երեխաների հասցեին, որոնք, կերակուր ընդունելու ժամանակը դուրս եկած, լրիվ 10 ժամ գամված են այդպիսի աշխատանքի, այդպիսի մթնոլորտում... Այդ երեխաներն աշխատում են ավելի երկար, քան գյուղատնտեսական բատրակները հարևան գյուղերում... Այդպիսի անխիղճ մեղադրանքները նրանց «պարապության ու ախտերի» վերաբերմամբ՝ պետք է նշավակել որպես կատարյալ կեղծ բարեպաշտություն ու ամենաանամոթ կեղծավորություն... Հասարակության այն մասը, որ մոտավորապես տասներկու տարի առաջ վրդովվում էր այն ինքնավստահությունից, որով հրապարակորեն ու միանգամայն լուրջ հայտարարում էին՝ բարձր հեղինակության սանկցիայի վրա հենվելով, թե իբր գործարանատիրոջ ամբողջ «զուտ շահույթը» առաջ է գալիս աշխատանքի «վերջին ժամից», ուստի և աշխատանքային օրվա մի ժամով կրճատումը վերացնում է ամբողջ զուտ շահույթը,— հասարակության այդ մասը, ասում ենք, հազիվ թե հավատա իր աչքերին, երբ նա տեսնի, որ «վերջին ժամի» բարերարության վերաբերող օրիգինալ հայտնագործումն այն ժամանակվանից սկսած այնքան է կատարելագործվել, որ հավասար չափով շարունակում է թե՛ «բարոյականություն» ու թե՛ «շահույթ», այնպես որ եթե երեխաների աշխատանքի տևողությունը կրճատվելով՝ վերածվի լրիվ 10 ժամի, ապա ձեռնարկատերերի զուտ շահույթի հետ կգոլորշիանա երեխաների բարոյականությունն էլ, որովհետև թե՛ մեկը, թե՛ մյուսը կախված են այդ վերջին, այդ «ճակատագրական ժամից» («Reports of Insp. of Factfor 31st Oct. 1848», էջ 101)։ Նույն գործարանային հաշվետվությունն այնուհետև նմուշներ է մեջ բերում այդ պարոն գործարանատերերի «բարոյականությունից» ու «առաքինությունից», այն խորամանկություններից, հնարամտություններից, հրապուրանքներից, սպառնալիքներից, կեղծիքներից ու այլ միջոցներից, որ նրանք գործադրում էին բոլորովին կորած-մոլորած սակավաթիվ բանվորների ստորագրել տալու համար այդպիսի պետիցիաների տակ և հետո պառլամենտի առաջ այդ պետիցիաները ցուցադրելու որպես արդյունաբերության մի ամբողջ ճյուղի, ամբողջ կոմսությունների պետիցիաներ։— Այսպես կոչված տնտեսական «գիտության» արդի վիճակի համար վերին աստիճանի բնորոշ է մնում այն փաստը, որ ո՛չ Սենիորն ինքը, որը հետագայում, ի պատիվ իր, եռանդով հանդես եկավ գործարանային օրենսդրության օգտին, և ո՛չ էլ նրա սկզբնական ու հետագա հակառակորդները չկարողացան գլուխ հանել «օրիգինալ հայտնագործության» սոփեստություններից։ Նրանք ուղղակի դիմում էին փաստերին ու փորձին։ Why-ն ու wherefore-ը [ինչպեսն ու ինչուն] նրանց համար գաղտնիք մնաց։</ref>։
Եվ պարոն պրոֆեսորն այդ անվանում է «վերլուծությո՜ւն»։ Եթե նա իրոք հավատացել էր գործարանատերերի վայնասունին, թե բանվորներն օրվա մեծ մասը վատնում են շենքերի, մեքենաների, բամբակի, քարածխի ու այլ նյութերի արժեքի արտադրության, ուրեմն և նրանց վերարտադրության կամ փոխհատուցման վրա, ապա ամեն մի վերլուծություն ավելորդ էր։ Նա կարող էր պարզապես պատասխանել. Մեծարգո՛ պարոններ, եթե դուք 11½ ժամի փոխարեն 10 ժամ աշխատեցնեք, ապա մյուս հավասար պայմաններում բամբակի, մեքենաների և այլ նյութերի օրական սպառումը 1½ ժամով կկրճատվի։ Հետևաբար, դուք կշահեք ճիշտ այնքան, որքան կորցրել եք։ Ապագայում ձեր բանվորները ավանսավորած կապիտալի արժեքը վերարտադրելու կամ փոխհատուցելու համար 1½ ժամ ավելի քիչ կծախսեն։ Իսկ եթե Սենիորը չհավատար նրանց խոսքին և որպես իրազեկ մարդ՝ անհրաժեշտ համարեր աոանձին վերլուծությունը. ապա նա պետք է ամենից առաջ խնդրեր պարոնայք գործարանատերերին, որ նրանք մի հարցում, որը բացառապես վերաբերում է զուտ շահույթի՝ աշխատանքային օրվա մեծության հետ ունեցած հարաբերությանը, մի խայտաբղետ կույտի մեջ իրար հետ չխառնեին մեքենաներն ու գործարանային շենքը, հում նյութն ու աշխատանքը, այլ բարեհաճեին գործարանային շենքերի, մեքենաների, հում նյութի և այլ տարրերի պարունակվող հաստատուն կապիտալը դնել մի կողմ, իսկ աշխատավարձի համար ավանսավորած կապիտալը՝ մյուս կողմը։ Եթե այն ժամանակ երևար, որ, օրինակ, գործարանատերերի հաշվարկումների համաձայն բանվորը 2/2 աշխատանքային ժամում կամ մեկ ժամում է վերարտադրում կամ փոխհատուցում աշխատավարձը, ապա մեր վերլուծողը պետք է շարունակեր.
Ձեր տվյալների համաձայն՝ բանվորը նախավերջին ժամում ստանում է իր աշխատավարձը, իսկ վերջին ժամում ձեր հավելյալ արժեքը կամ զուտ շահույթը։ Քանի որ նա ժամանակի հավասար հատվածներում հավասար արժեքներ է արտադրում, ուստի ֊նախավերջին ժամի արդյունքը նույն արժեքն անի, ինչ որ վերջին ժամի արդյունքը։ Այնուհետև, բանվորն արժեք է արտադրում այն պայմանով միայն, եթե նա աշխատանք է ծախսում, և նրա աշխատանքի քանակը չափվում է նրա աշխատաժամանակով։ Վերջինը, ձեր տվյալների համաձայն, անում է օրական 11½ ժամ։ Այդ 11½ ժամի մի մասը նա գործադրում է իր աշխատավարձն արտադրելու կամ փոխհատուցելու իսկ մյուս մասը՝ ձեր զուտ շահույթն արտադրելու վրա։ Նա այլևս ուրիշ բան չի անում աշխատանքային օրվա ընթացքում։ Իսկ որովհետև ձեր պնդման համաձայն, նրա աշխատավարձն ու. մատակարարած հավելյալ արժեքը հավասարամեծ արժեքներ են, ապա նա, ակներև է, 5¾ ժամում արտադրում է իր աշխատավարձը և մնացած 5¾ ժամում՝ ձեր զուտ շահույթը։ Այնուհետև, քանի որ մանելու երկու ժամում արտադրված արդյունքի արժեքը հավասար է նրա աշխատավարձի արժեքին, պլյուս ձեր զուտ շահույթի գումարը, ուստի մանվածքի այգ արժեքը պետք է չափվի 11½ աշխատաժամով. նախավերջին ժամի արդյունքը՝ 5¾ աշխատաժամով, վերջին ժամինը՝ ditto [նույնպես]։ Հիմա մենք մոտենում ենք մի փափուկ կետի։ Ուրե՜մն, ուշադրթյո՜ւն։ Նախավերջին աշխատաժամը մի նույնպիսի սովորական աշխատաժամ է, ինչպես առաջինը։ Ni plus, ni moins [Ոչ ավելի, ոչ պակաս]։ Հետևաբար, ինչպե՞ս կարող է մանողը մեկ աշխատաժամում արտադրել մանվածքի մի այնպիսի արժեք, որը 5¾ աշխատաժամ է ներկայացնում։ Իրոք, նա ոչ մի այդպիսի հրաշք չի էլ կատարում։ Այն սպառողական արժեքը, որ նա արտադրում է մեկ աշխատաժամում, մանվածքի մի որոշ քանակ է։ Այդ մանվածքի արժեքը չափվում է 5¾ աշխատաժամով, որից 4¾-ը առանց նրա աջակցության պարունակվում է մի ժամում գործադրված արտադրամիջոցների մեջ — բամբակի, մեքենայի և այլն, իսկ 4/4-ը կամ մեկ ժամը միացված է հենց նրա կողմից։ Այսպես ուրեմն, քանի որ նրա աշխատավարձն արտադրվում է 5¾ ժամում, իսկ մանելու մեկ ժամում արտադրած արդյունքը նույնպես 5¾ աշխատաժամ է պարունակում, ուստի ոչ մի կախարդություն
չկա ամենևին այն բանի մեջ, որ մտնելու 5¾ աշխատաժամի ընթացքում նրա արտադրած նոր արժեքը հավասար է մտնելու մեկ ժամի արդյունքի արժեքին։ Բայց դուք բոլորովին մոլորվում եք, եթե կարծում եք, թե բանվորը իր աշխատանքային օրվա թեկուզ մի ատոմը ծախսում է բամբակի, մեքենաների և արտադրության այլ տարրերի արժեքը վերարտադրելու կամ «փոխհատուցելու» վրա։ Շնորհիվ այն բանի, որ բանվորի աշխատանքը բամբակից իլիկների միջոցով մանվածք է պատրաստում, շնորհիվ այն բանի, որ նա մանում է, բամբակի ու իլիկների արժեքը ինքն իրեն փոխանցվում է մանվածքին։ Այդ նրա աշխատանքի որակի և ոչ թե քանակի հետևանքն է։ Իհարկե, մի ժամում նա բամբակի և այլ նյութերի ավելի շատ արժեք կփոխանցի մանվածքին, քան ½ ժամում, բայց միայն այն պատճառով, որ նա 1 ժամում ավելի շատ բամբակ կմանի քան ½ ժամում։ Ուրեմն, ձեզ պետք է հասկանալի լինի հետևյալը, ձեր այն պնդումը, թե իբր բանվորը նախավերջին ժամում արտադրում է իր աշխատավարձի արժեքը, իսկ վերջին ժամում՝ զուտ շահույթը, միայն այն է նշանակում, որ բանվորի աշխատանքային օրվա երկու ժամվա մանվածքի արդյունքը ներկայացնող արժեքի մեջ, առաջին ժամերը կլինեն դրանք թե վերջին ժամերը, միևնույն է, — մարմնացած է 11½ աշխատաժամ,— ճիշտ այնքան, որքան հաշվվում է նրա ամբողջ աշխատանքային օրվա մեջ։ Իսկ այն պնդումը, թե նա առաջին 5¾ ժամում արտադրում է իր աշխատավարձը, իսկ վերջին 5¾ ժամում՝ ձեր զուտ շահույթը, միայն այն է նշանակում, որ դուք առաջին 5¾ ժամը վարձատրում եք, իսկ վերջին 5¾ ժամը չեք վարձատրում։ Ես աշխատանքի վարձատրման և ոչ թե աշխատուժի վարձատրման մասին եմ խոսում, պարզապես օգտվելով ձեր խժդժաբանությունից։ Հիմա, ողորմա՛ծ պարոններ, եթե դուք համեմատեք այն աշխատաժամանակի հարաբերությունը, որը դուք վարձատրում եք, այն աշխատաժամանակի հետ, որը դուք չեք վարձատրում, ապա դուք կգտնեք, որ նա հավասար է ½ օրվա հակաբերությանը ½ օրվան, հետևաբար, 100% է, որը, անշուշտ, շատ լավ տոկոս է։ Նմանապես ոչ մի կասկածի ենթակա չէ, որ եթե դուք հարկադրեք ձեր «ձեռքերին» 11½ ժամի փոխարեն 13 ժամ աշխատելու և ավելցուկ 1½ ժամը պարզապես միացնեք հավելյալ աշխատանքին, որ միանգամայն կհամապատասխաներ ձեր ոգուն, ապա այդ հավելյալ աշխատանքը 5¾ ժամից կաճի մինչև 7¼ ժամ, ուստի և հավելյալ արժեքի նորման 100%-ից կբարձրանա 126 2/23%-ի։ Բայց դուք չափազանց խելագար սանգվինիկներ եք, եթե հույս ունեք, թե 1½ ժամը միացնելու հետևանքով հավելյալ արժեքի նորման 100-ից կբարձրանա 200%-ի և մինչև անգամ 200%-ից ավելի, այսինքն՝ նա «ավելի քան կկրկնապատկվի»։ Մյուս կողմից, մարդու սիրտը զարմանալի բան է, մանավանդ եթե մարդ սիրտը իր քսակում է կրում,— դուք չափազանց խելացնոր հոռետեսներ եք, եթե վախենում եք, որ աշխատանքային օրը 11½ ժամից 10½ ժամի վերածելով ձեր ամբողջ զուտ շահույթը կփոշիանա։ Ամենևին ո՛չ։ Բոլոր մյուս հավասար պայմաններում հավելյալ աշխատանքը 5¾ ժամից կիջնի մինչև 4¾ ժամ, որ դարձյալ դեռ հավելյալ արժեքի շատ զգալի նորմա է տալիս, այն է՝ 82 14/23%։ Բայց ձեր ճակատագրական «վերջին ժամը», որի մասին դուք ավելի շատ հեքիաթներ եք պատմում, քան խիլիաստները աշխարհի վերջի մասին,— «all bosh» [մի կատարյալ անհեթեթություն է]։ Նրա կորուստը ձեզ չի զրկի «զուտ շահույթից» և ձեր վերամշակած երկու սեռի երեխաներից չի խլի նրանց «հոգեկան անբծությունը» [''Տես 32a ծանոթ.'']։
Երբ մի գեղեցիկ օր իսկապես կհնչի ձեր «վերջին ժամը», մտաբերեցե՛ք Օքսֆորդի պրոֆեսորին։ Իսկ առայժմ ցհաճելի տեսություն լավագույն աշխարհում։ Addio!...<ref>Սակայն պարոն պրոֆեսորը, այնուամենայնիվ, որոշ օգուտ քաղել է Մանչեստր կատարած իր շրջագայությունից։ «Letters on the Factory Act» գրքում ամբողջ զուտ շահույթը — «օգուտն» ու «տոկոսը» և նույնիսկ «something more»-ը [«ի բան էլ ավելի] կախված է բանվորի չվարձատրված մի աշխատաժամից։ Մի տարի առաջ իր «Outlines of Political Economy» աշխատության մեջ, որ գրված է Օքսֆորդի ուսանողների ու կրթված ֆիլիստերների օգտին, Ռիկարդոյի այն դրույթի դեմ բանակռվելիս, ըստ որի արժեքը որոշվում է աշխատաժամանակով, Սենիորը «հայտնագործեց», որ շահույթը ծագում է կապիտալիստի աշխատանքից, իսկ տոկոսը՝ նրա ճգնակեցությունից, նրա «Abstinenz»-ից [«ժուժկալությունից»]։ Բարբաջանքը հին էր, բայց «Abstinenz» [«ժուժկալություն»] բառը նոր էր։ Պ-րն Ռոշերն այդ բառը ճիշտ է թարգմանել գերմաներեն՝ «Enthaltung» [«ժուժկալություն»] բառով։ Լատիներենին ավելի պակաս տեղյակ նրա հայրենակիցները,— Վիրտերը, Շուլցերն ու այլ Միխելները,— բառին վանականի զգեստ են հագցրել, «ժուժկալությունը» դարձնելով «Entsagung» [հրաժարում]։</ref> 1836 թվականին Սենիորի հայտնագործած «վերջին ժամի» ազդանշանը նորից տվեց 1848 թվականի ապրիլի 15-ին, Լոնդոնի «Economist»-ում, Ջեմս Վիլսոնը, տնտեսագիտական գլխավոր մանդարիններից մեկը, այն բանակռվի մեջ, որ նա մղում էր 10-ժամյա աշխատանքային օրվա օրենքի դեմ։
====4. ՀԱՎԵԼՅԱԼ ԱՐԴՅՈՒՆՔ====
Արդյունքի այն մասը (20 ֆ. մանվածքի 1/10-ը կամ § 2 օրինակի մեջ 2 ֆունտ մանվածքը), որի մեջ ներկայանում է հավելյալ արժեքը, մենք անվանում ենք հավելյալ արդյունք (surplus produce, produit net)։ Ինչպես որ հավելյալ արժեքի նորման որոշվում է այդ արժեքի հարաբերությամբ ո՛չ թե կապիտալի ամբողջ գումարի հետ, այլ կապիտալի փոփոխուն բաղկացուցիչ մասի հետ, այնպես էլ հավելյալ արդյունքի մակարդակը որոշվում է ո՛չ թե մնացած ամբողջ արդյունքի հետ նրա ունեցած հարաբերությամբ, այլ արդյունքի միայն այն մասի հետ ունեցած հարաբերությամբ, որի մեջ արտահայտվում է անհրաժեշտ աշխատանքը։ Ինչպես որ հավելյալ արժեքի արտադրությունը կապիտալիստական արտադրության որոշիչ նպատակն է, այնպես էլ հարստության աստիճանը չափվում է ո՛չ արդյունքի բացարձակ մեծությամբ, այլ հավելյալ արդյունքի հարաբերական մեծությամբ<ref>«20 000 ֆնտ. ստեռլինգ կապիտալ ունեցող մարդու համար, կապիտալ, որից տարեկան 2 000 ֆնտ. ստ. շահույթ է ստանում, բոլորովին միևնույն է, թե արդյոք նրա կապիտալը 100 թե 1 000 բանվոր է զբաղեցնում, արդյոք արտադրված ապրանքը 10 000 թե 20 000 ֆնտ. ստեռլինգով է վաճառվում, եթե միայն նրա ստացած շահույթը ոչ մի դեպքում 2 000 ֆնտ. ստեռլինգից չի իջնում։ Արդյոք տվյալ ազգի իրական շահն էլ նույնը չէ՞։ Եթե միայն նրա իրական զուտ եկամուտը, նրա ռենտան ու շահույթը չի փոփոխվում, ապա ոչ մի նշանակություն չունի այն հանգամանքը, թե արդյոք այդ ազդը 10 թե 12 միլիոն բնակիչներից է կազմված» (Ricardo: «The Principles of Political Economy», 3-րդ հրատ., London 1821, էջ 416)։ [Д. Рикардо: «Начала политической экономии», Соцэкгиз, 1935 թ., գլ. XXVI, էջ 222։] Հավելյալ արդյունքի ֆանատիկոս Արթուր Յունգը, ընդհանրապես շաղակրատ, քննադատական ոգուց զուրկ մի հեղինակ, որի հռչակը հակառակ հարաբերական է նրա մատուցած ծառայություններին, Ռիկարդոյից շատ առաջ գրում էր ի միջի այլոց. «Ի՞նչ օգուտ կստանար արդի պետությունը մի ամբողջ նահանգից, որի հողը հին հռոմեականի նմանությամբ մշակեին մանր, անկախ գյուղացիներ, թեկուզ ամենալավագույն եղանակով։ Ի՞նչ նպատակի կհասներ այդ, բացի այն միակ նպատակից, որ այդտեղ մարդիկ կարտադրվեին («the mere purpose of breeding men»), մի բան, որ ինքնըստինք֊յան ոչ մի նպատակ չանի («is a most useless purpose») (Arthur Young: «Political Arithmetic etc.». London 1774, էջ 47)։<br>'''34-րդ ծանոթագրության հանելում.'''— «Տարօրինակ է, զուտ եկամուտը... բանվոր դասակարգի համար օգտավետ ցույց տալու բուռն հակումը... այնինչ պարզ է, որ նա կարող է օգտավետ լինել ոչ իր զուտ լինելու պատճառով» (Th. Hopkins: «Օո Rent of Land etc.», London 1828, էջ 126)։</ref>։
Անհրաժեշսո աշխատանքի և հավելյալ աշխատանքի գումարը, այն ժամանակամիջոցների գումարը, որոնց ընթացքում բանվորն իր աշխատուժը փոխհատուցող արժեք և հավելյալ արժեք է արտադրում, կազմում են նրա աշխատաժամանակի բացարձակ մեծությունը— աշխատանքային օրը (working day)։
<references>