― Կոնկրետ Ձեզ համար, օրինակ, որովհետև անմեղ եք ընդհանրապես, այսպես կվարվեմ։
Սեփական անմեղության շարունակվող կրկնությունը արդեն անտանելի էր դառնում Կ֊ի համար։ Նրան թվում էր, թե նկարիչը նման նկատողությունների շնորհիվ դատավարության նպաստավոր ելքը իր օժանդակության նախապայմանն էր դարձնում, և օգնությունն, այսպիսով, անհիմն էր դառնում։ Չնայած այդ կասկածներին, Կ֊ն զսպում էր իրեն և չէր ընդհատում դիմացինին։ Նա հաստատ վճռել էր չհրաժարվել նկարչի ծառայություններից, որովհետև դրանք այնքան էլ կասկածելի չէին թվում, ինչպես դոկտոր Հուլդինը։ Կ֊ն նկարչին նույնիսկ շատ ավելի գերադասեց, որովհետև այս օգնությունն ավելի անմեղ ու անկեղծ ձևով էր առաջարկվել։
Նկարիչը բազկաթոռը լավ մոտեցրեց մահճակալին և ցածր ձայնով շարունակեց․
― Մոռացա սկզբում հարցնել․ ինչպե՞ս եք ուզում ազատ արձակվել։ Երեք հնարավորություն կա․ լրիվ արդարացում, թվացյալ արդարացում և ձգձգում։ Առաջին եղանակն, ինչ խոսք, ամենալավն է, միայն թե հարցի լուծման համար այդ ձևի համար ես ոչինչ չեմ կարող անել։ Իմ կարծիոքով, ընդհանրապես մեկը չկա, որ կարողանա լրիվ արդարացման համար այդքան ազդեցություն ունենալ։ Այստեղ, հավանաբար, վճռական դերը պատկանում է միայն մեղադրյալի անմեղությանը, և որովհետև Դուք անմեղ եք, իհարկե կարելի է հույսը միայն դրա վրա դնել։ Այդ դեպքում ոչ իմ, ոչ էլ ուրիշ որևէ մեկի օգնության կարիքը չունեք։
Աստիճանակարգված նկարագիրը սկզբում շփոթեցրեց Կ֊ին, սական հետո նա նկարչի պես ցածրաձայն ասաց․
― Իմ կարծիքով Դուք ինքներդ Ձեզ հակասում եք։
― Ինչպե՞ս։― Համբերատար հարցրեց նկարիչը և ժպտալով ետ ընկավ բազկաթոռի թիկնակին։ Ժպիտը Կ֊ի ներսում տարօրինակ զգացում արթնացրեց։ Նրան թվաց, թե ինքը ոչ թե նկարչի խոսքերի, այլ հենց դատավարության մեթոդների մեջ է հակասություն գտել։ Չնայած դրան, նա չընկրկեց և ասաց․
― Քիչ առաջ նկատեցիք, թե դատարանը ուշադրություն չի դարձնում փաստարկներին, հետո ասացիք, որ միայն դռնբաց դատական նիստերի ժամանակ է այդպես, իսկ այժմ նույնիսկ պնդում եք, թե անմեղ տեղը մեղադրվածները դատի ժամանակ ոչ մի օգնության կարիք չունեն։ արդեն այս խոսքերի մեջ հակասություն կա։ Դրանից բացի, ասացիք նաև, որ կարելի է դատավորի վրա ազդել, սակայն այժմ ժխտում եք, ասելով, թե լրիվ արդարացված լինելու համար (ինչպես ինքներդ քիչ առաջ անվանեցիք) երբեք հնարավոր չէ անձնական կապերն օգտագործել։ Դա արդեն երկրորդ հակասությունն է։
― Այդ հակասությունների պարզաբանումը անչափ դյուրին է։ Խոսքն այստեղ երկու՝ բոլորովին տարբեր բաների մասին է։ Մեկը, որ օրենքով է նախատեսված, և մյուսը, որ ես ինքս եմ իմ փորձով իմացել։ Դուք իրավունք չունեք շփոթել սրանք։ Օրենքով (ի դեպ, պետք է ասեմ, որ ես այն չեմ կարդացել), ինչ խոսք, մի կողմից նախատեսված է, որ անմեղ ամբաստանյալը ազատ է արձակվելու, բայց մյուս կողմից, գրված չէ, թե դատավորների վրա կարելի է ներգործել։ Միայն թե ես լրիվ հակառակ բաներն եմ տեսել։ Դեռ ոչ մի անգամ լրիվ արդարացում չի եղել, մինչդեռ շատ է պատահել, որ դատավորների վրա ներգործեն։ Ինչ խոսք, հնարավոր է, որ ինձ հայտնի բոլոր դեպքերում ոչ մի անմեղ մարդ չի եղել, բայց արդյո՞ք դա անհավանական չէ։ Այդքան շատ դեպքեր, և ոչ մի անմեղ մարդ։ Դեռ երեխա ժամանակ ես ուշադիր լսում էի հորս, երբ նա տանը խոսում էր դատական նիստերի մասի։ Նրա արվեստանոցն եկող դատավորները նույնպես դատավարությունների մասին էին պատմում։ Ի դեպ, մեր շրջանում ուրիշ ոչ մի բանի մասին չեն խոսում։ Անձամբ դատին ներկա գտնվելու ընձեռված ամեն մի հնարավորություն անմիջապես օգտագործել եմ։ Անթիվ դատավարություններ եմ լսել իրենց կարևոր էտապներում, եթե հնարավոր է եղել ներկա գտնվել՝ ներկա եմ եղել, և պետք է ասեմ, որ ոչ մի անգամ լրիվ արդարացման դեպքեր չեմ տեսել։
― Ուրեմն ոչ ոք ազատ չի՞ արձակվել։― Կ֊ն կարծես ինքն իր և իր հույսերի հետ խոսելիս լիներ։― Դա, ախր, հաստատում է դատի մասին ունեցած իմ կարծիքը։ Ուրեմն, այս տեսակետից ևս անիմաստ է։ Նշանակում է, մի դահիճ կարող է ողջ ատյանին փոխարինե՞լ։
― Դուք ընդհանրացումներ անելու իրավունք չունեք։― Դժգոհ նկատեց նկարիչը։― Ես միայն իմ գիտեցած բաների մասին եմ խոսում։
― Ախր դա էլ բավական է։ Թե՞ Դուք ավելի վաղ ժամանականերում արդարացված լիենոլւ դեպքեր գիտեք։
― Նման արդարացումներ, համենայնդեպս, պետք է որ եղած լինեն։ Միայն թե այժմ շատ դժվար է պարզել դա։ Դատարանի վերջնական որոշումները չեն հրապարակվում, նրանք բնավ մատչելի չեն դատավորներին, այդ իսկ պատճառով հին դատական գործերի մասին միայն լեգենդներ են պահպանվել։ Դրանց մեջ լրիվ արդարացված լինելու մասին պատմությունները չափից դուրս շատ են։ Չի կարելի դրանց չհավատալ։ Ինչ ուզում է լինի, դրանք անտեսել չի կարելի։ Ճշմարտության հատիկ դրանք, անշուշտ, պարունակում են և շատ գեղեցիկ բաներ են։ Անձամբ ես մի քանի կտավներ եմ նկարել, որոնց հիմքում այդ լեգենդներն են ընկած։
― Դատարկ լեգենդները չեն կարող փոխել իմ կարծիքը։ Դատի ժամանակ, իհարկե, չի կարելի այդ լեգենդների վրա հիմնվել։
― Ոչ, հնարավոր չէ։― Ծիծաղեց Տիտորելլին։
― Ուրեմն, այդ մասին խոսելն ավելորդ է։― Կ֊ն սկզբում ուզում էր համաձայնել նկարչի ասած ամեն մի խոսքի հետ, թեկուզ եթե դրանք մյուս խոսքերին հակասեին․ և ինքն ևս անհավանական համարեր։ Այժմ նկարչի ասածների ճիշտն ու սխալը ստուգելու կամ նրան առարկելու ժամանակը չէր։ Եթե կարողանար դրդել նկարչին, ինչ֊որ կերպ (ինչպես ուզում է լինի) օգնել իրեն, դրանով արդեն ամենակարևոր նպատակին հասած կլիներ։ Այդ պատճառով նա ասաց․