Կ֊ն չէր ուզում անքաղաքավարի լինել։ Նկարիչն իսկապես ձեռնամուխ էր եղել գործին, խոստացել էր օգնել։ Իր մոռացկոտության պատճառով Կ֊ն դեռ չէր խոսել օգնության վարձի մասին, այդ պատճառով այժմ չէր կարող մերժել նրան ու, թեև արվեստանոցից հեռանալու անհամբերությունից դողում էր, սպասեց։ Նկարիչը մահճակալի տակից անշրջանակ նկարների մի ամբողջ կույտ հանեց։ Դրանք փոշու այնպիսի հաստ շերտով էին ծածվկած, որ երբ Տիտորելլին ամենավերևի կտավի վրայից փչեց, փոշին երկար ժամանակ պար էր գալիս շունչը պահած Կ֊ի աչքերի առաջ։
― Մարգագետնի տեսարան է։― Նկարիչը Կ֊ին պարզեց կտավը, ուր մուգ կանաչով շրջապատված, իրարից բավական հեռու աճած երկու բարալիկ ծառեր էին պատկերված։ Երկրորդ պլանում բազմերանգ մայրամուտն էր։
― Լավ։ Վերցնում եմ։― Կ֊ն անմտածված ձևով կարճ արտահայտվեց և գոհ էր, որ նեղանալու փոխարեն նկարիչը երկրորդ նկարը բարձրացրեց հատակից։
― Իսկ սա այս կտավի տարբերակն է։― Թող նկարիչը տարբերակ անվաներ, սական երկորրդ կտավը հնարավոր չէր առաջինից ոչ մի կերպ տարբերել․ նույն ծառերն էին, խոտը և մայրամուտը։ Բայց Կ֊ի համար դա այնքան էլ կարևոր չէր։
― Գեղեցիկ տեսարաններ են։ Երկուսն էլ կվերցնեմ ու կկախեմ իմ գրասենյակում։
― Կարծեք թեման դուր է գալիս Ձեզ։ Ինչ լավ է, որ նման մի ուրիշ նկար էլ ունեմ։― Տիտորելլին երրորդը բարձրացրեց, սակայն նկարները ոչ թե նման էին, այլ ավելի շուտ նույն տեսարաններն էին։ Նկարիչը կտավները վաճառելու առիթը ձեռքից բաց չթողեց։
― Դա էլ եմ վերցնում։ Ի՞նչ արժեն երեքը միասին։
― Հաջորդ անգամ կխոսենք։ Դուք այժմ շտապում եք, բայց մենք կհանդիպենք դեռ։ Համենայնդեպս, ուրախ եմ, որ նկարները դուր եկան Ձեզ, և այս երեքի հետ կտամ այստեղ եղած բոլոր կտավները։ Դրանք միայն բնանկարներ են․ ես այդպիսի տեսարաններ շատ եմ նկարել։ Ոմանք նման կտավներ չեն գնում, որովհետև շատ մռայլ երագներով են արված, մյուսները, սակայն (Դուք ևս նրանց շարքին եք դասվում), հենց այդպիսի նկարներ են սիրում։
Սակայն Կ֊ն մուրացիկ֊նկարչի մասնագիտական մեկնաբանությունները լսելու մտադրություն չուներ։
― Փաթաթեք բոլոր նկարները։― Նարչի խոսքն ընդհատելով, բացականչեց նա։― Վաղը կգա իմ սպասավորը և կվերցնի դրանք։
― Կարիք չկա։ Հուսով եմ, անմիջապես Ձեզ հետ գալու համար մի բեռնակիչ կգտնեմ։― Վերջապես նա խոնարհվեց մահճակալի վրա և բացեց դուռը։― Առանց քաշվելու բարձրացրեք մահճակալին։ Այստեղ եկող ամեն ոք այդպես է վարվում։
Նույնիսկ առանց հրավերի էլ Կ֊ն ոչ մի բանի ուշադրություն չէր դարձնի։ Նա մի ոտքն արդեն դրել էր փետրաներքնակի մեջտեղը, երբ բաց դռնով դուրս նայեց ու կրկին հետ քաշեց ոտքը։
― Սա ի՞նչ է։
― Ի՞նչն է զարմացնում Ձեզ։― Իր հերթին նկատեց Տիտորելլին։― Դատարանային գրասենյակներն են։ Չգիտե՞ք, որ այստեղ գրասենյակներ կան։ Ախր դատարանային գրասենյակներ կան համարյա բոլոր ձեղնահարկերում։ Ինչո՞ւ այստեղ չպետք է լինեն։ Իմ արվեստանոցը նույնպես դրանց է պատկանում․ դատարանն է իմ տրամադրությնա տակ դրել։
Կ֊ին սարսափեցնողը ոչ այնքան այստեղ ևս դատարանի գրասենյակ տեսնելու հանգամանքն էր, որքան հենց ինքը, դատարանային գործերում իր անտեղյակությունը։ Եվ որպես մեղադրյալի վարքի հիմնական կանոն, նրա համար պարզ դարձավ, որ միշտ պետք է ամեն ինչի պատրաստ լինի, երբեք չպետք է ույլ տա, որ անակնկալի բերեն իրեն, ոչինչ չհասկացող հայացքով չպետք է աջ նայի, երբ դատավորը ձախ կողմում է կանգնած։ Սակայն նա շարունակ այդ հիմնական օրենքին էր բախվում։
Նրա դիամց լայն միջանցքն էր բացված, և այնտեղից այնպիսի օդ էր փչում, որ դրա հետ համեմատած, արվեստանոցինը շատ ավելի թարմ էր։ Նստարաններ էին դրված միջանցքի երկու կողմերում, ձեղնահարկն այստեղ ոչնչով չէր տարբերվում արդեն տեսակ ձեղնահարկից։ Երևում էր, որ գրասենյակների կահավորման համար հատուկ հրահագնավորում կար։ Այս պահին դատական գործ ունեցողների անցուդարձը այնքան էլ աշխույժ չէր։ Մի մարդ նստել էր կիսապառկած, դեմքը նստարանին հենած ձեռքերի ափերի մեջ առած։ Ըստ երևույթին նա քնած էր։ մեկ ուրիշը կանգնած էր կիսամութի մեջ՝ միջանցքի հակառակ ծայրում։ Կ֊ն բարձրացավ մահճակալին, նկարները ձեռքն առած նկարիչը հետևեց նրան։ Շուտով նրանք դատարանի կատարածուներից մեկին հանդիպեցին․ հագած քաղաքացիական կոստյումի մյուս կոճաների շարքում կարված ոսկեփայլ կոճակի շնորհիվ Կ֊ն արդեն տարբերում էր նրանց։ Տիտորելլին կատարածուի պատվիրեց նկարները վերցնել և ուղեկցել Կ֊ին։ Կ֊ն ավելի շուտ երերում էր, քան քայլում, թաշկինակը բերանին էր սեղմել։ Նրանք արդեն մոտ էին ելքին, երբ ընդառաջ հորդեցին աղջնակները․ Կ֊ն ևս չխուսափեց նրանցից։ Նրանք հաստատ տեսել էին, որ արվեստանոցի երկրորդ դուռն է բացվել և այդ կողմից ներս խցկվելու համար շրջանցիկ ճանապարհով էին եկել։
― Ես այլևս չեմ կարող ուղեկցել Ձեզ։― Երեխաների ճնշմանը ծիծաղելով դիմակայելով ասաց նկարիչը։― Ցտեսություն և շատ երկար մի մտածեք։
Կ֊ն չշրջվեց նույնիսկ։ Փողոցում նա կանգնեցրեց առաջին պատահած կառքը։ Կատարածուից շուտ ազատվելը շատ կարևոր էր նրա համար, որովհետև ոսկեգույն կոճակը, թեև ուրիշ ոչ ոք չէր նկատում այն, անդադար աչքերի առաջ էր գալիս։ Կատարածուն պատրաստակամորեն ուզեց կառապանի կողքը նստել, սակայն Կ֊ն նրան այնտեղից քշեց։
Ճաշի ժամը վաղուց արդեն անցել էր, երբ Կ֊ն բանկ հասավ։ Նա մեծ հաճույքով նկարները կառքում կթողներ, վախեցավ, սակայն, որ առիթի դեպքում ստիպված կլինի նկարիչն ցույց տալ։ Հետո նա կարգադրեց կտավները գրասենյակ տանել և դրանք փակեց գրասեղանի ամենաստորին գզրոցում, որ գոնե մոտ օրերոս հեռու պահեր տնօրենի տեղակալի աչքից։
==Վաճառկան բլոկը։ Փաստաբանի լուծարքը==