Լեննին կախվեց նրա պարանոցից, ուզեց համբուրել, բայց Կ֊ն ետ մղեց։
― Չեմ ուզում, որ հիմա էլ ինձ համբուրես։
― Յոզեֆ։― Լեննին Կ֊ին նայեց։ Նրա հայացքում խնդրանք կար, բայց ուղիղ աչքերի մեջ էր նայում։― Դու չպետք է պարոն Բլոկին խանդես։ Ռուդի։― Վաճառականի կողմը շուռ եկավ նա։― Օգնիր։ Տեսնո՞ւմ ես, ինձ կասկածում են։ Թող մոմը։
Կարելի էր ենթադրել, թե վաճառակաը ոչինչ չի լսել, բայց իրականում նա հետևում էր խոսակցությանը։
― Ճիշտն ասած, չգիտեմ, թե ինչո՞ւ պետք է խանդեք։― Նրա խոսքերը հազիվ թե հնարամտություն լինեին։
― Անկեղծ ասած, ես էլ չգիտեմ,― ասաց Կ֊ն ու ժպտալով նայեց վաճառականին։ Լեննին բարձր ծիծաղեց և, օգտվելով Կ֊ի անուշադրությունից, թևն ընկավ։
― Հանգիստ թող,― շշնջաց նա։― Ախր տեսնում ես, թե ինչպիսի մարդ է։ Ես մի թեթև հոգ տարա նրա մասին, որովհետև փաստաբանի կարևոր այցելուներից է։ Ուրիշ ոչ մի պատճա չկա։ Իսկ դո՞ւ։ Հենց այսօ՞ր ես ուզում խոսել դոկտոր Հուլդի հետ։ Նրա վիճակը շատ վատ է, բայց եթե ուզում ես, կհայտնեմ քո մասին։ Իսկ գիշերը կմնաս ինձ մոտ, այդ մեկը հաստատ է։ Արդեն վաղուց չես եղել ինձ մոտ։ Դոկտոր Հուլդն անձամբ քո մասին էր հարցնում։ Անուշադրության մի մատնիր դատը։ Ես էլ եմ որոշ բաներ իմացել և պետք է հայտնեմ քեզ։ Դե, իսկ այժմ նախ վերարկուդ հանիր։
Նա օգնեց Կ֊ին հանել վերարկուն, վերցրեց գլխարկը, դրանք տարավ նախասենյակ, կախեց, ետ եկավ ու ապուրին նայեց։
― Քո գալը հայտնե՞մ, թե՞ ապուրը տանեմ։
― Առաջ իմ մասին տեղեկացրում։― Կ֊ն գրգռված էր։ Սկզբում նա մտադիր էր եղել Լեննիի հետ մանրամասն քննարկել իր գործը, հետկապես հնարավոր հրաժարականը, սակայն վաճառականի այստեղ գտնվելու հանգամանքը վերացրեց առանձին խոսելու ցանկությունը, իսկ հետո նա նորից ավելի կարևոր համարեց դատը, քան փքրմարմին վաճառականի ներկայությունը, և կանչեց միջանցք ելած Լեննիին․
― Նախ ապուրը մատուցիր։ Ինձ հետ խորհրդակցելու համար նա ուժ պետք է հավաքի։ Դա անհրաժեշտ է նրան։
― Դո՞ւք էլ եք փաստաբանի այցելուներից։― Կարծես ճշտելու նպատակով, իր անկյունից կամաց խոսեց վաճառականը, սակայն նրա խոսքերն այնքան էլ լավ չընդունվեցին։
― Ձե՞ր ինչ գործն է։
― Դու խելոք մնա,― իր հերթին սասատեց Լեննին։― Ուրեմն սկզբում ապո՞ւրը տանեմ։― Դարձավ նա Կ֊ին և ափսեի մեջ ապուր լցրեց։― Վատն այն է, որ շուտով քնելու է։ Ուտելուց հետո նա միշտ քնում է։
― Իմ ասելիքը արթուն կպահի նրան։― Կ֊ն շարունակ ձգտում էր զգացնել տալ, որ փաստաբանի հետ մտադիր է կարևոր բանի մասին խոսել։ Նա ուզում էր, որ Լեննին հարցնի, թե ի՞նչ է խոսելու, և հետո միայն նրանից խորհուրդ հարցներ։ Սակայն սպասուհին պարզապես ճշգրտորեն կատարում էր տրված հրամանները։ Երբ նա ափսեն բռնած անցավ Կ֊ի կողքով, դիտավորյալ հրեց քնքշորեն ու շշնջաց․
― Հենց ապուրը ուտի֊վերջացնի, անմիջապես կհայտնեմ քո մասին, որ հնարավորին չափ շուտ ետ ստանամ քեզ։
― Գնա՛, գնա՛։
― Ավելի սիրալիր եղիր,― ասաց Լեննին, և դռան մեջ մի անգամ ևս շրջվեց։ Կ֊ն հայացքով հետևեց նրան։ Այժմ վերջնականապես վճռված էր․ գործը վերցնելու է փաստաբանից։ Երևի ավելի լավ էր, որ նախօրոք չէր կարող Լեննիի հետ խոսել այդ մասին․ դժվար թե Լեննին գործի ընթացքի մասին ամբողջական պատկերացում ունենար։ Նա հաստատ կփորձեր հակառակն համոզել, այս անգամ նրա ծառայությունից հրաժարվելու մտադրությունից, հնարավոր է, ուզենար հետ պահել։ Ինքն հետո երկմտանքի ու մտատանջության մեջ կմնար և, վերջապես, որոշ ժամանակ անց իր որոշումը այնուամենայնիվ կիրագործեր, որովհետև դա չափազանց ստիպողական էր։ Ինչքան շուտ իրականացվեր, այնքան ավելի շատ վնասներ կկանխվեին։ Երևի վաճառականը կարողանար մի բան ասել այդ մասին։ Նա շուռ եկավ։
Հազիվ էր վաճառականը Կ֊ի շրջվելը նկատել, անմիջապես ուզեց ոտքի կանգնել։
― Նստեք։― Կ֊ն մոտ քաշեց բազկաթոռներից մեկը։― Դուք փաստաբանի հի՞ն այցելուներից եք։
― Այո, շատ հին։
― Քանի՞ տարի է հանդես գալիս Ձեր անունից։
― Չգիտեմ, թե ի՞նչ նկատի ունեք,― ասաց վաճառականը։― Առևտրի հետ առնչվող գործերում (ես հացահատիկի առևտրով եմ զբաղվում) փաստաբանն արդեն քսան տարի իմ ներկայացուցիչն է։ Երբ նոր էի սկսել դրանով զբաղվել։ Դատավարության գործում (Դուք հավանաբար դա եք ակնարկում) նույնպես հենց սկզբից է ներկայացնում ինձ։ Հինգ տարուց ավելի, այո, հինգ տարին անցել է արդեն,― ավելացրեց նա և մի հին դրամապանակ հանեց։― Ես ամեն ինչ գրի եմ առել այստեղ։ Եթե Ձեզ հետաքրքրում է, ճշգրիտ օրն ասեմ։ Ամեն ինչ մտապահելը դժվար է։ Իմ դատավարությունը հավանաբար ավելի շուտ է սկսվել։ Կնոջս մահից կարճ ժամանակ անց սկսվեց, իսկ նա հինգուկես տարուց ավելի է, ինչ մահացել է։
Կ֊ն բազկաթոռը ավելի մոտ քաշեց։
― Ուրեմն, փաստաբանը սովորական գործեր է՞լ է վարում։― Դատարանների ու իրավաբանական գիտությունների նման կապը Կ֊ին իսկապես հանգստացրեց։
― Իհա՛րկե,― հաստատեց վաճառականը և շշնջաց,― ասում են, որ այս գործում նա ավելի գործունյա է, քան մնացյալում։― Հետո նա երևի թե ափսոսաց ասածի համար, մի ձեռքը դրեց Կ֊ի ուսին և ասսաց․
― Շատ եմ խնդրում, չմատնեք ինձ։
― Ոչ, ես մատնիչ չեմ։― Կ֊ն հանգստացնելու համար թփթփացրեց նրա ծնկին։
― Նա շատ վրեժխնդիր է։
― Նման հավատարիմ այցելուին, հաստատ, ոչինչ չի անի։
― Օ, ոչ։ Երբ գրգռված է լինում, ոչինչ չի տարբերում։ Ի դեպ, ես նրան հավատարիմ չեմ։
― Այդ, ինչպե՞ս։
― Կարո՞ղ եմ վստահել Ձեզ,― կասկածանքով հարցրեց վաճառականը։― Մասամբ կվստահեմ, սակայն Դուք էլ Ձեր հերթին պետք է մի գաղտնիք ասեք ինձ, որ փաստաբանի հանդեպ փոխադարձ կախվածության մեջ լինենք։
― Շատ կասկածամիտն եք, բայց ես մի գաղտնիք կասեմ, որ լրիվ կհանգստացնի ձեզ։ Ուրեմն, ինչո՞ւմ է դրսևորվում փաստաբանի հանդեպ Ձեր անհավատարմությունը։
― Ես,― ոչ լրիվ վստահելով և մի այնպիսի տոնով, կարծես անպատվաբեր բան է խոստովանում, սկսեց վաճառականը,― ես նրանից բացի էլի փաստաբաններ ունեմ։
― Այնքան էլ վատ չէ,― փոքր֊ինչ հիասթափված ասաց Կ֊ն։
― Այստեղ, ախր, չի թույլատրվում,― շարունակեց վաճառականը։ Իր խոստովանությունը սկսելու պահից նա ծանր էր շնչում, բայց Կ֊ի դիտողությունը նպաստեց նրա ավելի ինքնավստահ դառնալուն։― Իսկ ամենից քիչ՝ այսպիսի մի փաստաբանի հետ մեկտեղ որևէ աղմկարար փաստաբան պահելն է թույլատրվում։ Մինչդեռ ես հենց այդպես եմ վարվել․ նրանից բացի հինգ աղմկարար փաստաբան էլ ունեմ։
― Հի՜ի՞նգ։― Հենց միայն թիվը զարմանք պատճառեց Կ֊ին։― Այս մեկից բացի ևս հինգ փաստաբա՞ն։
― Արդեն վեցերորդի հետ եմ բանակցում։― Գլխով անելուց հետո ավելացրեց վաճառականը։
― Բայց Ձեր ինչի՞ն են պետք այդքանը։
― Բոլորն էլ պետք են ինձ։
― Չէի՞ք ցանկանա բացատրել։
― Հաճույքով։ Ամենից առաջ, ես չեմ ուզում դատը տանուլ տալ։ Դա, ախր, ինքնին հասկանալի է։ Դրա հետ կապված՝ իրավունք չունեմ աչքաթող անել այն, ինչ կարող է օգտակար լինել։ Եթե կոնկրետ որևէ դեպքում օգուտի հույսը չափից դուրս փոքր էլ լինի, անտեսելու իրավունք չունեմ։ Այդ պատճառով ամեն ինչ դատը շահելու նպատակաին եմ ծառայեցնում։ Օրինակ, առևտրին հատկացված ողջ փողը վերցրել եմ։ Նախկինում իմ գրասենյակները մի ողջ հարկաբաժին էին զբաղեցնում, այսօր հետնաբակի փոքրիկ խուցն էլ բավականացնում է։ Այստեղ ես մի աշակերտի հետ եմ աշխատում։ Այդ ետընթացի պատճառը, ինչ խոսք, միայն փողը վերցնելը չէ, այլ, ավելի շուտ, իմ եռանդի նվազումը։ Երբ մարդ դատը շահելու նպատակ ունի, չի կարող մյուս բաներով շատ զբաղվել։