Թեպետ ես հիացած էի, տեսնելով նրան այսպես վճռականորեն տրամադրված, այնուամենայնիվ կանչեցի պարոն դը Տ․-ին և նրան հայտնեցի այդ ծրագիրը և այն միակ հանգամանքը, որը կարող է դա կասկածելի դարձնել։ Նա շատ ավելի դժվարություններ մատնանշեց, քան ես։ Նա լիովին համաձայնեց, որ Մանոնը կարող է այդ եղանակով փախչել։ «Սակայն, եթե նրան ճանաչեն,— շարունակեց նա,— և ձերբակալեն փախչելիս, հավանականաբար նա իր ազատությունը կկորցնի միանգամ ընդմիշտ։ Բացի այդ, դուք իսկույն ևեթ ստիպված պիտի լինեք հեռանալ Փարիզից, որովհետև ձեզ երբեք չի հաջողվի միշտ խուսափել ձերբակալվելուց, աչքի առաջ ունենալով, որ որոնումները պիտի կրկնապատկվեն թե՛ ձեր և թե՛ նրա նկատմամբ։ Տղամարդու համար, եթե նա մենակ է, հեշտ է խույս տալ հետապնդումից. բայց նրա համար գրեթե անկարելի է անհայտ մնալ, եթե նրան գեղեցիկ կին է ուղեկցում»։
Որքան էլ այս դատողությունը հաստատուն հիմունքներ ունենար, այնուամենայնիվ, դա չկարողացավ հաղթահարելիս մտքում ծագած հույսր՝ Մանոնին շուտով ազատել բանտարկությունից։ Ես հայտնեցի իմ կարծիքը պարոն դը Տ․-ին, խնդրելով ներել իմ այդ փոքրիկ անխոհեմությունն ու հանդգնությունը, որ սերը ներշնչում է ինձ։ Ես ավելացրի, որ իրոք մտադիր եմ հեռանալ Փարիզից, որպեսզի բնակվեմ շրջակա գյուղերից մեկում, ինչպես այդ արել եմ արդեն մի անգամ։
Այսպես ուրեմն, մենք պայմանավորվեցինք սպասավորի հետ շատ չհետաձգել իր ծրագրի իրագործումը և հենց հետևյալ օրը ձեռնարկել այն։ Իսկ որպեսզի մեր ձեռնարկի հաջողությունն հաստատուն լինի, որոշեցինք վերցնել տղամարդու զգեստներ՝ արգելատնից դուրս գալը դյուրացնելու նպատակով։ Շատ էլ հեշտ բան չէր այդ զգեստները ներս տանելը, սակայն ես բավականաչափ հնարամիտ էի ելք գտնելու համար։ Ես պարոն դը Տ․-ին խնդրեցի միայն հետևյալ օրը հագնել թեթև մի վերնազգեստ. իսկ մնացածը վերցրի ինձ վրա։
Հաջորդ առավոտ մենք վերադարձանք արգելատուն։ Մանոնի համար վերցրել էի սպիտակեղեն, գուլպաներ և այլն, իսկ ես կիսաբաճկոնիս վրայից հագել էի մի պլաշչ, որը ծածկում էր իմ ուռած գրպանների բովանդակությունը։ Մանոնի սենյակում մենք միայն մի րոպե մնացինք։ Պարոն դը Տ․-ն նրան թողեց իր վերնազգեստներից մեկը․ ես էլ տվի կիսաբաճկոնս․ դուրս գալու համար ինձ բավական էր պլաշչս։ Ամեն ինչ կարգին էր նրա զգեստավորման տեսակետից, բացառությամբ անդրավարտիքից, որը ես դժբախտաբար մոռացել էի։
Այդ անհրաժեշտ առարկայի մոռացումը մեզ ծիծաղ պիտի պատճառեր, եթե նվազ լուրջ լիներ այն դժվարին կացությունը, որի մեջ մեզ գցում էր դա։ Ես հուսահատվեցի, որ այդպիսի մի չնչին բան կարող է խափանել մեր ծրագրի իրագործումը։ Ի վերջո, որոշեցի ինքս դուրս գալ առանց անդրավարտիքի՝ այն թողնելով Մանոնին։ Պլաշչս երկար էր, և ես մի քանի գնդասեղների օգնությամբ այնպես հարմարեցրի զգեստս, որ կարողացա վայելուչ կերպով դուրս գալ դռներից։
Օրվա մնացած ժամերն ինձ անտանելի երկար թվացին։ Վերջապես հասավ գիշերը, և մենք կառքով մեկնեցինք դեպի արգելատուն և կանգ առանք դարպասից փոքր-ինչ հեռու։ Երկար չսպասեցինք, Մանոնը շուտով իր առաջնորդի հետ հայտնվեց։ Կառքի գռնակները բաց էին, երկուսն էլ ներս մտան։ Ես բազուկներիս մեջ ընդունեցի իմ թանկագին սիրուհուն։ Նա դողում էր ինչպես տերև։ Կառապանն ինձ հարցրեցի թե ո՞ւր ենք գնալու։
— Քշիր մինչև աշխարհի ծայրը,— պատասխանեցի ես,— տար ինձ մի այնպիսի տեղ, որ ես այլևս երբեք չբաժանվեմ իմ Մանոնից։
Հույզի ազդեցության ներքո ասած այս խոսքերը, հույզ, որին ես չէի տիրապետում, քիչ մնաց, որ փորձանք բերեր գլխիս։ Իմ բացականչությունը կառապանին կասկածի մեջ ձգեց, և երբ հետո ես նրան անվանեցի այն փողոցը, ուր ուզում էինք գնալ, նա պատասխանեց, որ վախենում է անախորժ պատմության մեջ խճճվելուց։ Նա ասաց, ինքը կռահում է, որ Մանոն կոչված տղամարդը մի դեռատի աղջիկ է, որին ես փախցնում եմ արգելատնից, և ինքը բնավ տրամադրված չէ ի սեր ինձ իրեն վտանգի ենթարկելու։
Այդ անզգամի փափկանկատությունն առաջ էր գալիս ինձնից ավելի մեծ կառավարձ կորզելու ցանկությունից։ Մենք տակավին շատ մոտ էինք արգելատանը, որպեսզի կամենայինք հակաճառության բռնվել նրա հետ։
— Լռիր միայն,— ասացի ես նրան,— և դու կվաստակես մի ոսկի։ Այս իմ խոստումից հետո նա ինձ կօգներ հրդեհելու մինչև իսկ ողջ արգելարանը։
Մենք հասանք Լեսկոյի բնակած տունը։ Ժամանակն ուշ լինելու պատճառով պարոն դը Տ.-ն մեզնից հեռացավ, խոսաանալով այցելել մյուս օրը։ Արգելատան սպասավորր մնաց մեզ հետ։ Ես այնպես պինդ էի սեղմել Մանոնին իմ բազուկներում, որ մենք երկուսով մի տեղ էինք գրավում կառքի մեջ։ Նա լալիս էր ուրախությունից, և ես զգում էի, թե նրա արցունքները ինչպես են թրջում իմ այտերը։
Երբ մենք հասանք Լեսկոյի տանը և դուրս եկանք կառքից, ես նորից կառապանի հետ վեճի բռնվեցի, որի հետևանքները կործանարար հանդիսացան։ Ես զղջացի, որ նրան խոստացել եմ մի ոսկի ոչ միայն նրա համար, որ պարգևը չափից դուրս մեծ էր, այլ մի ուրիշ հիմքով, այսինքն՝ վճարելու անկարողությանս պատճառով։ Ես մարդ ուղարկեցի Լեսկոյի ետևից։ Նա իջավ իր սենյակից և դուրս եկավ փողոց։ Ես նրա ականջին ասացի, թե ինչ դժվար կացության մեջ ենք գտնվում։ Նա չափազանց կոպիտ բնավորություն ուներ և բնավ վարժված չէր քաղաքավարությամբ խոսել կառապանների հետ, ուստի ինձ պատասախանեց, թե ես երևի ծիծաղում եմ։
— Ոսկի՞,— ավելացրեց նա,— գավազանի քսան հարված պետք է տալ այս անպիտանին։
Իզուր ես ճգնեցի մեղմացնել նրա զայրույթը, ասելով, որ նա մեզ կկործանի։ Նա ձեռիցս խլեց գավազանը՝ կառապանին ծեծելու մտադրությամբ։ Այս վերջինս, որը երևի արդեն բազմիցս գործ էր ունեցել գվարդիականների կամ մուշկետավորների հետ, վախից փախուստի դիմեց իր կառքով, գոռալով, որ ես խաբել եմ իրեն և սպառնալով, թե մենք դեռ կտեսնվենք։ Իզուր էի ես կանչում նրան կանգ առնել։
Նրա փախուստը ծայր աստիճան անհանգստացրեց ինձ։ Ես բնավ չէի տարակուսում, որ նա կգնա կոմիսարին հայտնելու։
— Դուք ինձ կործանում եք,— ասացի ես Լեսկոյին,— ձեզ մոտ ես ապահով չեմ կարող լինել․ անհրաժեշտ է, որ մենք անմիջապես հեռանանք այստեղից։— Ես ձեռքս մեկնեցի Մանոնին, խնդրելով քայլել, և մենք հապճեպ հեռացանք սույն վտանգավոր փողոցից։ Լեսկոն հետևեզ մեզ։
Զարմանալի է, թե նախախնամությունն ինչպես է կապակցում դեպքերը։ Հազիվ էինք մենք քայլել հինգ-վեց րոպե, երբ մի մարդ, որի դեմքը ես չկարողացա տեսնել, ճանաչեց Լեսկոյին։ Անկասկած նա սոսկ չարամիտ դիտավորությամբ էր փնտրում նրան իր տան մոտերքում, որը և իսկույն իրագործեց։
— Սա Լեսկոն է,— ասաց նա, ատրճանակը կրակելով նրա վրա։— Նա այսօր կգնա հրեշտակների հետ ընթրելու։
Եվ մի ակնթարթում անհետացավ։ Լեսկոն ընկավ անկենդան։ Ես ստիպեցի Մանոնին փախչել, որովհետև մեր օգնությունն ապարդյուն էր մի դիակի համար և, բացի այդ, վախենում էի, թե մեզ կարող է ձերբակալել գիշերային պահապանը, որը, անտարակույս, շուտով պիտի հայտնվեր։
Սպասավորի և Մանոնի հետ ես անմիջապես անցա առաջին հատող նրբանցքը։ Մանոնն այնպես էր հուզված, որ ես հազիվ էի կարողանում նրան ոտքի վրա պահել։ Վերջապես նրբանցքի ծայրում մի կառք նկատեցի։ Մենք նստեցինք այդ կառքը, սակայն, երբ կառապանն ինձ հարցրեց, թե ուր ենք ուզում գնալ, ես չիմացա՝ ինչ ասեմ։ Ոչ վստահելի ապաստարան ունեի, ոչ էլ հավատարիմ բարեկամ, որին կարողանայի ապավինել։ Ես չունեի և դրամ, հազիվ կես պիստոլ կար քսակումս։ Վախն ու հոգնածությունն այնպես հուզել ու ուժասպառ էին արել Մանոնին, որ նա համարյա ուշաթափ թեքվել էր ինձ վրա։ Բացի դրանից, Լեսկոյի սպանությունը կաշկանդել էր երևակայությունս, և ես տակավին վախենում էի գիշերային պահապանից։ Ի՞նչ որոշել։ Բարեբախտաբար հիշեցի Շայոյի պանդոկը, որտեղ մի քանի օր անց էի կացրել Մանոնի հետ, երբ գնացել էինք այդ գյուղում բնակություն հաստատելու։ Ես հույս ունեի, որ այնտեղ թե՛ ապահովություն կգտնեմ և թե՛ կարող կլինեմ որոշ ժամանակ ապրել, առանց անմիջապես վճարելու։
— Տար մեղ Շայո,— ասացի կառապանին։ Նա հրաժարվում էր ուշ գիշերով մեզ տանել այնտեղ, եթե չվճարեմ մի պիստոլ. մտատանջության նոր առիթ։ Վերջապես համաձայնեցինք վեց ֆրանկով. քսակումս եղած ամբողջ գումարն այդ էր։
Ճանապարհին մխիթարում էի Մանոնին, մինչդեռ սրտիս խորքում հուսահատություն էր տիրում։ Ես հազար անգամ ինքնասպան կլինեի, եթե բազուկներիս մեջ չլիներ այն միակ էակը, որն ինձ կապում էր կյանքին։ Միայն այս միտքն էր պահում արիությունս։ «Համենայն դեպս, իմ Մանոնն ինձ հետ է,— ասում էի ես․— նա սիրում է ինձ․ նա իմն է։ Թող Տիբերժն ինչ ուզում է ասի, երջանկությունը պատրանք չէ։ Թող կործանվի արար աշխարհը, ես անտարբեր կմնամ։ Ինչո՞ւ։ Որովհետև, բացի իմ սիրուց, ինձ ոչինչ չի հետաքրքրում այս աշխարհում»։
Այս զգուշացումը միանգամայն անկեղծ էր․ սակայն մինչ ինքս այսպես չնչին նշանակություն էի տալիս երկրավոր բարիքներին, զգում էի, որ ինձ հարկավոր է գոնե այդ բարիքների մի աննշան մասն ունենալ, որպեսզի ավելի վեհանձնորեն կարողանամ արհամարհել մնացածը։ Սերն ամեն կարգի բարիքներից, բոլոր գանձերից ու հարստություններից ամենաթանկագինն է․ այնուամենայնիվ, սերը շատ հաճախ դրանց կարիքն ունի, և ոչ մի բան ավելի հուսահատական չէ նրբազգաց մի սիրեկանի համար, քան, հակառակ իր կամքի, տեսնել իրեն ստոր մարդկանց կոպտության ենթակա։
Ժամը տասնմեկն էր, երբ հասանք Շայո։ Պանդոկում մեզ ընդունեցին որպես նախկին ծանոթների։ Մանոնի տղամարդու շորերը ոչ ոքի չզարմացրին, որովհետև Փարիզում և նրա շրջակայքում վարժված են կանանց տեսնել ամեն ձևի հագուստներով։ Ես կարգադրեցի, որ նրան ամեն տեսակ ծառայություն մատուցեն, և որ նա ոչ մի բանի պակասություն չզգա, իբր թե դրամի կողմից ես ամենափայլուն վիճակումն եմ։ Մանոնը չգիտեր իմ դրամական նեղ դրությունը։ Ես չէի ուզում, որ նա գիտենա այդ մասին և որոշել էի հետևյալ օրն ևեթ վերադառնալ Փարիզ, այնտեղ այս անախորժ հիվանդության դեմ որևէ բուժիչ միջոց որոնելու համար։
Ընթրիքի ժամանակ նա ինձ թվաց գունատ ու նիհարած։ Այդ ես չէի նկատել արգելատանը, որովհետև սենյակը, ուր տեսել էի նրան, բավականին լուսավորված չէր։ Ես հարցրի նրան, թե գուցե դա հետևանք է այն սարսափի, որին նա ենթարկվեց, երբ իր աչքի առաջ սպանեցին եղբորը։ Նա հավատացրեց ինձ, որ թեպետ այդ դեպքը ծայր աստիճան հուզել է իրեն, սակայն իր գունատությունը հետևանք է այն բանի, որ նա երեք ամիս չի տեսել ինձ։
— Ուրեմն դու այդպես բո՞ւռն ես սիրում,— ասացի ես:
— Հազար անգամ ավելի, քան այդ կարողանում եմ արտահայտել։
— Ուրեմն ինձ այլևս չե՞ս լքի,— ավելացրի ես։
— Ոչ, երբեք,— բացականչեց նա։ Եվ այս հավաստիացումը հաստատեց այնպիսի փաղաքշանքներով ու երդումներով, որ իրոք ինձ թվաց, թե անհնար է, որ նա կարողանա երբևիցե մոռանալ դրանք։
Ես միշտ հավատացած եմ եղել, որ նա անկեղծ էր․ ի՞նչ դրդապատճառ ուներ իրեն այդ աստիճան կեղծավոր ցույց տալու։ Սակայն Մանոնն անչափ թեթևամիտ էր կամ, ավելի շուտ, միանգամայն գլուխը կորցնում էր, երբ տեսնում էր, որ իր աչքի առաջ ուրիշ կանայք ճոխության մեջ են ապրում, մինչդեռ ինքը խարխափում է չքավորության ու կարիքի մեջ։ Ես շուտով ստացա Մանոնի այսպիսի անկայուն խառնվածքի վերջին ապացույցը, որը գերազանցեց բոլոր մյուսներին և առաջ բերեց ամենաանօրինակ արկածը, որպիսին հազիվ թե երբևէ պատահած լինի իմ ծագման ու կարողության տեր մարդու հետ։
Լավ գիտենալով Մանոնի բնավորությունը, մյուս առավոտ ես շտապեցի դեպի Փարիզ։ Նրա եղբոր մահը, ինձ ու նրա համար սպիտակեղեն ու շորեր ձեռք բերելու անհրաժեշտությունը միանգամայն հարգելի պատճառներ էին, որպեսզի ստիպված լինեմ ուրիշ պատրվակների դիմելու։ Պանդոկից ես դուրս եկա այն մտադրությամբ, ինչպես ասացի Մանոնին ու պանդոկապետին, որ կառք վարձեմ, բայց դա միայն պարծենկոտություն էր, կարիքն ինձ ստիպում էր ոտքով գնալ։ Ես արագ քայլեցի դեպի Կուր-լա-Ռեն, ուր մտադիր էի կանգ առնել։ Ինձ անհրաժեշտ էր գեթ մի րոպե առանձնանալ, որպեսզի որոշեմ թե ինչ պիտի անեմ Փարիզում։
Ես նստեցի կանաչի վրա և խորասուզվեցի մտքերի ու դատողությունների ծովը, հոգետանջ մտքեր, որոնք կամաց-կամաց հանգան երեք գլխավոր կետերի։ Ինձ անհապաղ օգնություն էր պետք՝ ներկայումս անհետաձգելի իմ բազմաթիվ կարիքների համար։ Ես պետք է որոնեի իմ ապագայի նկատմամբ հույս ներշնչող ուղի, և թե՝ պակաս կարևոր չէր, ինձ անհրաժեշտ էր տեղեկություններ ձեռք բերել ու միջոցների դիմել Մանոնի և իմ անվտանգությունն ապահովելու համար։ Երեք կետերից կազմված այս ծրագրի ու կոմբինացիաների վրա ուժասպառ լինելուց հետո, ես, այնուամենայնիվ, բարվոք համարեցի հրաժարվել վերջին երկուսից։ Մենք կարող կլինենք մեզ միանգամայն ապահով զգալ, ապրելով Շայոյում վարձած մի սենյակում. իսկ ինչ վերաբերում է մեր ապագա կարիքներին, ապա ես ենթադրում էի, թե դեռ ժամանակ կունենամ այդ մասին խորհելու, երբ կբավարարեմ մեր ներկա կարիքները։
Ուստի հիմա հարցն այն էր, թե ինչպես լցնեմ իմ քսակը։ Պարոն դր Տ․-ն վեհանձնաբար առաջարկել էր իրենը, սակայն ինքս նրան այդ մասին հիշեցնելու մտքից անգամ սաստիկ խորշում էի։ Ինչ մարդ պետք է լինեի ես, որ մի օտարականի պատմելով իմ թշվառությունը, խնդրեի նրան ինձ մասնակից անել յուր կարողությանը։ Միայն ստորաքարշ մարդն է ընդունակ այդ անելու շնորհիվ իր նվաստության, որն արգելք է հանդիսանում նրան զգալու իր վարմունքի ստորությունը, կամ մի խոնարհ քրիստոնյա՝ շնորհիվ իր անչափ մեծահոգության, որը նրան բարձր է դասում ամոթի զգացումից։ Ես ոչ ստորաքարշ մարդ էի, ոչ էլ մոլեռանդ քրիստոնյա. արյանս կեսը կտայի, միայն թե խուսափեի այդպիսի նվաստացումից։
«Տիբե՞րժը,— հարցրի ինքս ինձ,— մի՞թե իմ բարի Տիբերժը պիտի մերժի այն, ինչ հնարավորություն ունի ինձ տալու։ Ոչ, իմ թշվառությունը կշարժի նրա սիրտը։ Սակայն նա ինձ կսպանի իր բարոյախոսությամբ։ Պետք է կրել նրա կշտամբանքները, հորդորները, սպառնալիքները. նա այնքան թանկ կծախի իր օգնությունը, որ ես ավելի շուտ արյանս մի մասն էլ կտամ, քան թե կհամաձայնվեմ ինձ ենթարկել այդպիսի դառն փորձության, որն իմ սրտում նոր հույզեր ու խոցեր պիտի առաջացնի»։
— Լավ,— շարունակեցի ես իմ խորհրդածությունները,— պետք է, հետևաբար, հրաժարվել որևէ հույսից, քանի որ ուրիշ ելք չեմ տեսնում, ես այնքան հեռու եմ այդ երկու կետերն ընդունելուց, որ ամենամեծ հոժարությամբ արյանս կեսը կթափեմ, քան կգնամ այդ ճանապարհներից որևէ մեկով, այսինքն՝ ես կթափեմ իմ ամբողջ արյունը, քան կգնամ այդ երկու ճանապարհով։ Այո, իմ ամբողջ արյունը,— ավելացրեցի ես փոքր-ինչ մտածելուց հետո,— կասկած չկա, որ ես ավելի սիրով կթափեմ արյունս, քան թույլ կտամ ստորացնող աղերսանքներ անելու։
Սակայն մի՞թե հարցը վերաբերում է իմ արյանը։ Հարցը վերաբերում է Մանոնի կյանքին ու գոյությանը։ Հարցը վերաբերում է իմ սիրուն և Մանոնի հավատարմությանը։ Ինչո՞վ կարող եմ ես վարձահատույց լինել նրան։ Մինչև հիմա ոչ մի բանով ես չեմ կարողացել այդ անել։ Նա ինձ համար փոխարինում է փառքը, երջանկությունը, հարստությունը։ Անշուշտ շատ բաներ կան, որոնց համար ես կյանքս կզոհաբերեմ, որպեսզի ձեռք բերեմ դրանք կամ խուսափեմ դրանցից․ սակայն մի բան մեծարել ավելի, քան իմ կյանքը՝ դա դեռ չի նշանակում այն մեծարել ավելի, քան Մանոնին։
Այս խորհրդածությունից հետո ես հանգեցի մի որոշման։ Շարունակեցի ճանապարհս, վճռելով նախ՝ գնալ տեսնել Տիբերժին և ապա՝ պարոն դը Տ․-ին։
Փարիզ մտնելով, մի կառք վարձեցի, թեև նրան վճարելու համար ոչինչ չունեի. հույսս դրել էի այն օգնության վրա, որը գնում էի հայցելու։ Կառապանին հրամայեցի ինձ տանել Լյուքսեմբուրգյան պարտեզը և այնտեղից լուր տվի Տիբերժին, որ սպասում եմ նրան։ Նա իր արագությամբ կարճեց իմ անհամբերությունը։ Առանց այլևայլության նրան պատմեցի իմ ծայրահեղ կարիքի մասին։ Նա հարցրեց, թե արդյոք բավակա՞ն է այն հարյուր պիստոլը, որ ես վերադարձրել էի նրան, և առանց որևէ առարկության իսկույն ևեթ գնաց այդ դրամը բերելու՝ ոչինչ չմերժելու այն սրտաբաց պատրաստակամությամբ ու հրճվանքով, որր հատուկ է միայն սիրո և ճշմարիտ բարեկամության։
Թեպետև ես ոչ մի կասկած չունեի իմ խնդրանքի հաջողության վրա, այնուամենայնիվ չէի սպասում, թե այդքան էժան գնով կկարողանամ ձեռք բերել այն, առանց նրա կշտամբանքն ստանալու՝ մեղա չգալուս համար։ Բայց սխալվում էի, կարծելով, թե միանգամայն ազատ պիտի լինեմ նրա հանդիմանությունից, որովհետև դրամը համրելուց հետո, երբ ես պատրաստվում էի հեռանալ նրանից, նա խնդրեց գնալ ծառուղի փոքր-ինչ զբոսնելու։ Մանոնի մասին ոչինչ չէի ասել նրան։ Նա չգիտեր, որ Մանոնը ազատված է, այս պատճառով նրա բարոյական խրատները սկսեցին պտտվել Սեն-Լազարից կատարած իմ հանդուգն փախուստի և այն երկյուղի շուրջը, թե Սեն-Լազարում ինձ ավանդված խոհեմության դասերից օգտվելու փոխարեն ես կարող եմ դարձյալ անառակ կյանքի ուղին բռնել։
Նա ասաց, որ իմ փախուստի հաջորդ օրն ինձ այցի գնալով Սեն-Լազար, անասելի սարսափել է, տեղեկանալով, թե ինչպես եմ այնտեղից դուրս գնացել։ Այդ մասին խոսակցություն է ունեցել վանահոր հետ, որը սարսափից տակավին սթափված չի եղել։ Այնուամենայնիվ, այդ բարեսիրտ վանահայրը ոստիկանության գլխավոր պետից մեծահոգությամբ թաքցրել է իմ փախուստի հանգամանքը և ջանացել, որ բարապանի մահվան լուրը չտարածվի դրսում։ Այնպես որ այդ կողմից կարող եմ չանհանգստանալ։ Սակայն, եթե տակավին ես պահել եմ իմաստության ամենաչնչին մասնիկն անգամ, ապա ես պետք է օգտվեմ իմ գործերի սույն երջանիկ ընթացքից, որ տալիս է երկինքը։ Ես պարտավոր եմ անմիջապես հորս գրել և վերահաստատել իմ հարաբերությունները նրա հետ։ Իսկ եթե գեթ մի անգամ կամենում եմ հետևել իր՝ Տիբերժի խորհրդին, ապա նրա կարծիքով ես պետք է թողնեմ Փարիզը և վերադառնամ իմ ընտանիքի գիրկը։
Ես մինչև վերջը լսեցի նրա խոսքերը։ Նրանց մեջ ինձ համար շատ հոգնեցուցիչ բաներ կային։ Նախ և առաջ՝ անսահման ուրախ էի, որ կարող եմ Սեն-Լազարի կողմից ոչ մի երկյուղ չունենալ։ Կարծես թե Փարիզի փողոցներն ինձ համար դարձան մի ազատ երկիր։ Երկրորդը՝ ես հրճվում էի, որ Տիբերժը ոչինչ չգիտե Մանոնի ազատության և ինձ մոտ վերադառնալու մասին։ Ես նույնիսկ նկատեցի, որ նա խուսափում է Մանոնի մասին խոսելուց, երևի կարծելով, թե նա այժմ արդեն քիչ տեղ է գրավում իմ սրտում, եթե այդքան հանգիստ ու անտարբեր եմ նրա վիճակի նկատմամբ։
Ես որոշեցի մեր տուն չվերադառնալու դեպքում գոնե հորս գրել, ինչպես Տիբերժն էր խորհուրդ տալիս, և հայտնել, որ պատրաստ եմ կատարելու որդիական իմ պարտականությունը և հնազանդվել նրան։ Ես հույս ունեի, թե կկարողանամ նրանից դրամ ստանալ ակադեմիայում իմ դասընթացը շարունակելու պատրվակով. որովհետև ինձ համար դյուրին չէր լինի համոզել նրան, որ մտադիր եմ հոգևոր դաս վերադառնալու։ Եվ հիրավի. իմ սրտի խորքում ես բնավ հեռու չէի անելիք խոստումս իրագործելու մտքից։ Ընդհակառակը, ես շատ ուրախ կլինեի զբաղվել որևէ պատվաբեր ու արժանավայել գործով, եթե միայն այս դիտավորությունս կարողանար համակերպվել իմ սիրո հետ։ Ես մտածում էի ապրել Մանոնի հետ և միևնույն ժամանակ սովորել ակադեմիայում։ Մեկը մյուսին բնավ չէր խանգարում։
Ես այն աստիճան գոհ էի այս բոլոր մտքերից, որ Տիբերժին խոստացա նույն օրն ևեթ մի նամակ ուղարկել հորս։ Նրանից բաժանվելով, ես, իրոք մտա փոստատուն և այնպիսի մի սրտառուչ ու խոնարհ նամակ գրեցի, որ երբ ինքս կարդացի այն, հաստատապես համոզվեցի, որ նորից պիտի նվաճեմ հորս սիրտն ու գորովանքը։
Թեպետ այժմ, Տիբերժից հեռանալուց հետո, ես ի վիճակի էի կառապան վարձել և վճարել նրան, այնուամենայնիվ, ուզեցի ինձ հաճույք պատճառել, ոտքով քայլելով դեպի պարոն դը Տ․-ի տունը։
Ես մեծ բավականություն էի զգում այսպես համարձակ վայելել իմ ազատությունը, որի մասին կարող էի այլևս ոչ մի երկյուղ չունենալ, ինչպես վստահացրել էր ինձ բարեկամս։ Սակայն իմ մտքով հանկարծ անցավ, որ նրա հավաստիացումներր վերաբերում են սոսկ Սեն-Լազարին, մինչդեռ ինձ վրա բացի նրանից, ծանրացած էր նաև արգելատնից Մանոնին հափշտակելու հանգամանքը, չհաշված Լեսկոյի մահը, որին ես մասնակից էի գոնե որպես վկա։ Այս միտքն ինձ այն աստիճան սարսափեցրեց, որ ես թաքնվեցի առաջին պատահած ծառուղիում և այնտեղից կառք կանչեցի։ Կառապանին հրամայեցի ինձ ուղիղ տանել պարոն դը Տ․-ի մոտ, որին զվարճացրի իմ երկյուղի պատմությամբ։ Դա ինձ ևս ծիծաղելի երևաց, երբ նա հաղորդեց, որ ոչ արգելատան կողմից և ոչ էլ Լեսկոյի սպանության առիթով ես հիմք չունեմ վախենալու։ Նա ինձ ասաց, որ երկյուղելով, թե միգուցե կարող են կասկածել, որ ինքն էլ է մասնակցել Մանոնի հափշտակմանը, նա հենց նույն առավոտ գնացել է արգելատուն և խնդրել, որ իրեն թույլ տան այցելելու նրան, ձևացնելով, թե ոչինչ չգիտե պատահածի մասին։ Ոչ միայն արգելատանը ոչ ոք չի մտածում մեղադրել իրեն կամ ինձ, այլ, ընդհակառակը, այնտեղ շտապել են նրան հայտնել այդ դեպքը որպես մի արտակարգ նորություն։ Բոլորին զարմացրել է այն հանգամանքը, որ Մանոնի նման սիրուն աղջիկը վճռել է փախչել մի սպասավորի հետ։ Նա այս ամենին պատասխանել է սառնությամբ, որ ինքը բնավ չի զարմանում և որ հանուն ազատության մարդ ոչ մի միջոցի առաջ կանգ չի առնում։ Նա շարունակեց պատմել, որ արգելատնից գնացել է Լեսկոյի մոտ՝ ինձ և իմ գեղեցիկ սիրուհուն այնտեղ գտնելու հույսով, սաակայն տանտերը, որը կառեթագործ է, հայտնել է, որ նա չի տեսել ո՛չ Մանոնին, ո՛չ էլ ինձ, և զարմանալի էլ չէ, որ մենք չենք եղել իր մոտ, որովհետև քանի որ Լեսկոյին պիտի հանդիպեինք, ապա անկասկած պետք է և լսած լինեինք, որ Լեսկոն սպանվել է մոտավորապես նույն ժամանակ։ Ըստ որում, տանտերը չի հրաժարվել բացատրել, որ ինքը գիտե այդ սպանության պատճառն ու հանգամանքները։ Մոտավորապես դրանից երկու ժամ առաջ Լեսկոյի բարեկամ գվարդիականներից մեկը եկել է նրա մոտ և առաջարկել թուղթ խաղալ։ Լեսկոն թղթախաղում այնքան արագ է տարել, որ մի ժամվա ընթացքում մյուսը զրկվել է իր հարյուր էկյուից, այսինքն՝ մոտը բոլորովին փող չի մնացել։ Այդ թշվառականն առանց մի սուի մնալով, խնդրել է Լեսկոյին տանուլ տված գումարի կեսը իրեն փոխ տալ, և այս առթիվ ծագած տարաձայնությունից նրանք սկսել են մի կատաղի կռիվ։ Լեսկոն հրաժարվել է դուրս գալ փողոց՝ սուսերով մենամարտելու համար․ իսկ մյուսը հեռանալիս երդվել է նրա գլուխը ջախջախել առաջին իսկ հանդիպումին, որ և կատարել է հենց նույն երեկո։
Պարոն դը Տ․-ն սիրալիրությամբ ավելացրեց, որ նա խիստ անհանգստացել է մեզ համար և շարունակեց իր ծառայություններն առաջարկել մեզ։ Ես ոչ մի րոպե չտատանվեցի՝ հայտնելու նրան մեր ապաստարանի տեղը։ Նա իմ բարեհաճ թույլտվությունը խնդրեց՝ մեզ հետ ընթրելու։
Ես պետք է միայն սպիտակեղեն ու հագուստներ վերցնեի Մանոնի համար, ուստի ասացի նրան, որ կարող ենք հենց նույն ժամին մեկնել, եթե միայն նա կհաճի ինձ հետ մի րոպե կանգ առնել վաճառատներում։ Չգիտեմ, մտածե՞ց նա արդյոք, որ ես այդ առաջարկությունն անում եմ նրա առատաձեռնությունից օգտվելու նպատակով կամ գուցե դա բխում էր իր մեծ հոգու դրդումից, բայց համաձայնելով հենց նույն րոպեին մեկնելու, նա ինձ տարավ իրեն սպասարկող վաճառականների մոտ։ Նա ինձ ընտրել տվեց զանազան կտորեղեններ, որոնց գինը շատ ավելի թանկ էր, քան ես մտադիր էի վճարել, և երբ ուզեցի հաշիվ տեսնել, նա բացարձակապես արգելեց վաճառականներին ստանալ ինձնից թեկուզ մի սու։ Այս սիրալիրությունը նա ցույց տվեց այնպիսի մի շնորհալի հոժարակամությամբ, որ ես մտածեցի, թե կարող եմ առանց ամոթի ընդունել այն։ Մենք միասին բռնեցինք Շայոյի ճանապարհը, ուր ես հասա նվազ մտատանջ, քան մեկնել էի այնտեղից։
Ասպետ դե Գրիյոյի այս պատմությունը տևեց մի ժամից ավելի։ Ես խնդրեցի նրան փոքր-ինչ դադար առնել և ընկերակցել մեզ ընթրիք անելու։ Մեր լարված ուշադրությունից նա հասկացավ, որ հաճույքով ենք լսել իրեն։ Նա վստահացրեց, որ իր պատմության շարունակությունն ավելի հետաքրքրական ու ուշագրավ կլինի մեզ համար։
Երբ վերջացրինք ընթրիքը, շարունակեց հետևյալ խոսքերով։
= ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍ =