====2. ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԱՐԺԵՔԻ ՓՈԽԱՆՑՈՒՄԸ ԱՐԴՅՈՒՔԻՆ====
Մենք տեսանք, որ կոոպերացիայից ու աշխատանքի բաժանումից ծագող արտադրողական ուժերը ոչինչ չեն նստում կապիտալի վրա։ Նրանք հասարակական աշխատանքի բնական ուժերն են։ Բնական ուժերը, ինչպես շոգին, ջուրը և այլն, որոնք կիրառվում են արտադրողական պրոցեսներում, նույնպես ոչինչ չեն նստում։ Բայց ինչպես որ շնչելու համար մարդուն թոքեր են հարկավոր, այնպես էլ նա բնական ուժերն արտադրողաբար սպառելու համար կարիք ունի «մարդկալին ձեռքի ստեղծման»։ Ջրի շարժիչ ուժն օգտագործելու համար անհրաժեշտ է ջրանիվ, շոգու առաձգականությունն օգտագործելու համար՝ շոգեմեքենա։ Այս բանը գիտությանն էլ է վերաբերում այնպես, ինչպես բնական ուժերին։ Երբ արդեն գտնված են էլեկտրական հոսանքիներգործության շրջանակում մագնիսային սլաքի շեղման օրենքը կամ էլեկտրական հոսանքին ենթարկված երկաթի մագնիսականացման օրենքը, նրանք այլևս ոչ մի գրոշ չարժեն<ref>Գիտությունը կապիտալիստին «ոչինչ» չի նստում ընդհանրապես, բայց այդ ամենևին չի խանգարում, որ նա շահագործի գիտությունը։ «Ուրիշի» գիտությունը կապիտալն այնպես է զավթում, ինչպես յուրացնում է ուրիշի աշխատանքը։ Բայց «կապիտալիստական» յուրացումն ու «անձնական» յուրացումը — վերաբերի դա գիտությանը թե նյութական հարստությանը — բոլորովին տարրեր բաներ են։ Հենց ինքը՝ դոկտոր Յուրը գանգատվում էր, թե իր սիրելի գործարանատերերը, որոնք մեքենաներ են շահագործում, գռեհկորեն անծանոթ են մեխանիկային, իսկ Լիբիխը պատմում է անգլիական քիմիական գործարանների տերերի սարսափելի տգիտության մասին քիմիայի բնագավառում։</ref>։ Բայց այդ օրենքները հեռագրության և այլ բնագավառներում օգտագործելու համար պահանջվում է մի շատ թանկ ու բարդ ապարատ։ Ինչպես տեսանք,— գործիքը դուրս չի մղվում մեքենայի կողմից։ Մարդկային օրգանիզմի գաճաճային գործիքից նա իր չափերով ու քանակով աճում-դառնում է մարդու ստեղծած մեխանիզմի գործիք։ Կապիտալը այժմ բանվորին հարկադրում է աշխատելու ոչ թե ձեռքի գործիքով, այլ մեքենայով, որն ինքն է կառավարում իր գործիքները։ Բայց եթե, այդպիսով, հենց աոաջին հայացքից պարզ է, որ խոշոր արդյունաբերությունը, արտադրության պրոցեսի համար տիրանալով բնության վիթխարի ուժերին ու բնագիտությանը, պետք է չափազանց բարձրացներ աշխատանքի արտադրողականությունը, ապա ամենևին էլ այնպես պարզ չէ, թե արտադրողական ուժի այդ բարձրացումը ձեռք չի՞ բերվում արդյոք, մյուս կողմից, աշխատանքի ծախսման ավելացմամբ։ Հաստատուն կապիտալի ամեն մի այլ բաղկացուցիչ մասի նման մեքենաները ոչ մի արժեք չեն ստեղծում, բայց իրենց սեփական արժեքը փոխանցում են այն արդյունքին, որի արտադրման համար նրանք ծառայում են։ Որչափով մեքենաներն արժեք ունեն և որչափով, ուրեմն, արժեքը փոխանցում են արդյունքին, այդ չափով նրանք կազմում են վերջինիս արժեքի բաղկացուցիչ մասը։ Փոխանակ արդյունքն էժանացնելու մեքենաներն այն թանկացնում են իրենց սեփական արժեքի համեմատ։ Կասկածից դուրս է, որ մեքենան և մեքենաների զարգացած սիստեմը [systematisch entwickelte Maschinerie], խոշոր արդյունաբերության համար բնորոշ այս միջոցը, անհամեմատ ավելի մեծ արժեք են ներկայացնում, քան աշխատանքի միջոցները արհեստային ու մանուֆակտուրային արտադրությունների մեջ։ Պետք է ամենից առաջ նշել, որ մեքենաներն աշխատանքի պրոցեսին միշտ ամբողջովին են մասնակցում, իսկ արժեքի գոյացման պրոցեսին՝ միշտ միայն մի մասով։ Մեքենաները երբեք ավելի շատ արժեք արդյունքին չեն միացնում, քան այն արժեքը, որ կորցնում են միջին հաշվով իրենց մաշվելու հետևանքով։ Այսպիսով, մեծ տարբերություն կա մեքենայի արժեքի և արժեքի այն մասի միջև, որ մեքենայից պարբերաբար փոխանցվում է արդյունքին։ Մեծ տարբերություն կա մեքենայի՝ որպես արժեքի գոյացման տարրի, և մեքենայի՝ որպես արդյունքի գոյացման տարրի միջև։ Որքան ավելի մեծ է այն ժամանակամիջոցը, որի ընթացքում միևնույն մեքենաները նորից ու նորից ծառայում են աշխատանքի միևնույն պրոցեսի մեջ, այնքան ավելի մեծ է այդ տարբերությունը։ ճիշտ է, մենք տեսանք, որ բառի բուն իմաստով աշխատանքի ամեն մի միջոց կամ արտադրության գործիք աշխատանքի պրոցեսին միշտ ամբողջովին է մասնակցում, իսկ արժեքի գոյացման պրոցեսին՝ միշտ միայն մասերով, իր օրական միջին մաշվածքի հետ համամասնորեն։ Սակայն օգտագործման ու մաշվածքի այդ տարբերությունը շատ ավելի մեծ է մեքենաների համար, քան գործիքի համար, որովհետև մեքենաները, կառուցված լինելով ավելի դիմացկուն նյութից, ավելի երկար են ապրում, իսկ նրանց կիրառումը, որ կարգավորվում է խիստ գիտական օրենքներով, հնարավոր է դարձնում նրանց բաղկացուցիչ մասերի և նրանց սպառած միջոցների ծախսման ավելի մեծ տնտեսումը, և, վերջապես, նրանց արտադրության ասպարեզը անհամեմատ ավելի լայն է, քան գործիքինը։ Եթե մենք մեքենաներից ու գործիքից մի կողմ դնենք նրանց օրական միջին ծախքերը կամ արժեքի այն բաղկացուցիչ մասը, որ նրանք միացնում են արդյունքին իրենց օրական միջին մաշվածքով և օժանդակ նյութերի սպառումով, ինչպես յուղը, ածուխը և այլն, ապա կտեսնենք, որ նրանք գործում են ձրիաբար, ինչպես բնության ուժերը, որոնք գոյություն ունեն առանց մարդկային աշխատանքի աջակցության։ Որքան ավելի մեծ են մեքենաների արտադրողական գործունեության չափերը գործիքի արտադրողական գործունեության համեմատությամբ, այնքան ավելի մեծ են նրանց անվճար ծառայության չափերը գործիքի նույնպիսի ծառայության հետ համեմատած։ Միայն խոշոր արդյունաբերության մեջ է մարդը վարժվում իր անցյալ, արդեն առարկայացած աշխատանքի արդյունքին հարկադրել գործելու բնության ուժերի նման ձրիաբար խոշոր մասշտաբով<ref>Ռիկարդոն երբեմն այնպիսի բացառիկ ուշադրություն է դարձնում մեքենաների այդ գործողության վրա,— որը, իդեպ, նա նույնքան քիչ է պարզաբանել, որքան աշխատանքի պրոցեսի ու արժեքի գոյացման պրոցեսի ընղհանուր տարբերությունը,— որ տեղ-տեղ մոռանում է արժեքի այն բաղկացուցիչ մասը, որ մեքենաները փոխանցում են արդյունքին, և այդ բոլորովին նույնացնում է բնության ուժերի հետ։ Այսպես, օրինակ. «Ադամ Սմիթը ամենուրեք ընդունում է այն ծառայությունները, որ մեզ մատուցում են բնության գործոններն ու մեքենաները։ Բայց նա ճշտորեն տարբերում է այն արժեքի էությունը, որ նրանք հաղորդում են ապրանքներին,... քանի որ նրանք այդ աշխատանքը ձրի են կատարում, ուստի նրանց աջակցությունը ոչինչ չի ավելացնում փոխանակային արժեքին» (Ricardo: «Principles of Poliical Economy.», 3-րդ հրատ., London 1821, էջ 336, 337)։ [Հմմտ. Рикардо: «Начала политической экономии» , Соцэкгиз, 1935 թ., գլ. XX, էջ 180։] Հասկանալի է՝ Ռիկարդոյի դիտողությունն իրավացի է Ժ. Բ. Սեյի նկաամամբ, որը շաղակրատում է, թե մեքենաներն այն «ծառայությունն» են մատուցում, որ նրանք ստեղծում են «շահույթի» մի մասը կազմող արժեքը։<br>109a {'''3-րդ հրատ. ծանոթագրություն.'''— Մեկ «ձիաուժը» հավասար է մի րոպեում 33 000 ոտնաչափ-ֆունտի ուժին, այսինքն՝ այն ուժին, որը մեկ րոպեում 33 000 ֆունտը բարձրացնում է 1 ոտնաչափ (անգլիական) կամ 1 ֆունտը՝ 33 000 ոտնաչափ։ Այս է հենց այն ձիաուժը, որի մասին խոսք եղավ վերևում։ Բայց սովորական առևտրական լեզվում, ինչպես նաև տեղ-տեղ այս գրքի ցիտատներում, տարբերություն է դրվում միևնույն մեքենայի «անվանական» և «առևտրական» կամ «ինդիկատորային» ձիաուժերի միջև։ Հին, կամ անվանական, ձիաուժը հաշվվում է բացառապես մխոցի շարժումով ու գլանի տրամագծով և բոլորովին հաշվի չի առնում շոգու ճնշումն ու մխոցի արագությունը։ Այսինքն՝ փաստորեն այդ նշանակում է, որ շոգեմեքենան ունի, օրինակ, 50 ձիաուժ, եթե նա շարժման մեջ է դրվում շոգու նույնպիսի թույլ ճնշումով ու մխոցի նույնպիսի աննշան արագությամբ, ինչպես Բոլտոնի և Ուատտի ժամանակ։ Բայց վերջին երկու գործոնն այն ժամանակվանից հետո հսկայական չափով աճել են։ Մեքենայի այժմ իրապես մատակարարած մեխանիկական ուժը չափելու համար հնարվեց ինգիկատորը, որը ցույց է տալիս շոգու ճնշումը։ Իսկ մխոցի արագությունը հեշտ է որոշել։ Այսպիսով, չափի միավոր ծառայող «ինդիկատորային» կամ «առևտրային» ձիաուժը այն մաթեմատիկական ֆորմուլան է, որը միաժամանակ նկատի է առնում գլանի տրամագիծը, մխոցի բարձրանալու աստիճանը, մխոցի արագությունն ու շոգու ճնշումը, և որը ցույց է տալիս, թե տվյալ մեքենան իրոք մի րոպեում քանի անգամ 33 000 ոտնաչափ-ֆունտ է զարգացնում։ Ուստի մեկ անվանական ձիաուժը կարող է փաստորեն երեք, չորս և նույնիսկ հինգ ինդիկատորային, կամ իրական, ձիաուժ մատակարարել։ Այս ծանոթագրությունը հետագա զանազան ցիտատները պարզաբանելու համար է։ — Ֆ. Է.}</ref>։ Կոոպերացիան ու մանուֆակտուրան ուսումնասիրելիս մենք տեսանք, որ արտադրության որոշ ընդհանուր պայմաններ, օրինակ, շենքերը և այլն, մեկուսացված բանվորների արտադրության մասնատված պայմանների համեմատությամբ տնտեսվում են միատեղ գործադրելիս, հետևապես, համեմատաբար քիչ են թանկացնում արդյունքը։ Մեքենայական արտադրության Ժամանակ ո՛չ միայն աշխատամեքենայի կորպուսն են միատեղ գործածում նրա բազմաթիվ գործիքները, այլև միևնույն շարժիչ-մեքենան հաղորդիչ մեխանիզմի մի մասի հետ միատեղ գործ են ածվում բազմաթիվ աշխատամեքենաների կողմից։ Երբ տրված է տարբերությունը մեքենաների արժեքի և արժեքի ա՛յն մասի միջև, որ նրանք ամեն օր փոխանցում են իրենց արդյունքին, ապա ամենից առաջ արդյունքի չափերից, կարծես թե նրա։ մակերեսից է կախված այն աստիճանը, որով արժեքի այդ մասը թանկացնում է արդյունքը։ Բլեկբեռնեցի Բեյնսը 1857 թվականին հրապարակած մի դասախոսության մեջ հաշվում է, որ «ամեն մի ռեալ մեխանիկական ձիաուժ [''Տես 109a ծանոթ.''] բանեցնում է 450 սելֆակտո֊յային մյուլային իլիկ համապատասխան նախապատրաստական սարքավորումով, կամ 200 վատերային իլիկ, կամ 40-դյույմանոց գործվածքի համար 15 ջուլհակահաստոց հինման, սոսնձման և այլ հարմարանքներով»։ Առաջին դեպքում 450 մյուլային իլիկի օրական արդյունքի, երկրորդ դեպքում 200 վատերային իլիկի արդյունքի, երրորդ դեպքում 15 մեխանիկական ջուլհակահաստոցի արդյունքի վրա են բաշխվում մի շոգեձիաուժի ու նրանով շարժման մեջ դրվող մեքենաների մաշվածքի օրական ծախքերը, այնպես որ դրա շնորհիվ արժեքի լոկ մի աննշան մասն է փոխանցվում մեկ ունցիա մանվածքին կամ մի արշին գործվածքին։ Նույնը վերաբերում է վերևի օրինակի մեջ հիշված շոգեմուրճին։ Որովհետև նրա օրական մաշվածքը, ածխի սպառումը և այլն բաշխվում են երկաթի այն հրեշավոր մասսաների վրա, որ նա կռում է մեկ օրում, ուստի երկաթի ամեն մի ցենտներին ընկնում է արժեքի մի շատ փոքր մաս միայն, բայց նա շատ մեծ կլիներ, եթե այդ կիկլոպային գործիքով փոքրիկ մեխեր խփեին մի բանի մեջ։ Եթե տրված են աշխատամեքենայի գործունեության սահմանները, այսինքն՝ եթե տրված է նրա գործիքների թիվը, կամ երբ խոսքը վերաբերում է ուժին, ապա նրանց տվյալ ծավալի դեպքում արդյունքի մասսան կախված է այն արագությունից, որով մեքենան աշխատում է, այսինքն` օրինակ, իլիկների պտտվելու արագությունից կամ մուրճի մեկ րոպեում հասցրած հարվածների թվից։ Այդ հսկայական մուրճերից մի քանիսը մի րոպեում 70 հարված են հասցնում, Ռայդերի արտոնագրած կռանող մեքենան, որը իլիկներ կռելիս փոքր չափերի շոգեմուրճ է գործածում, 700 հարված է հասցնում մի րոպեում։ Եթե տրված է այն պրոպորցիան, որով մեքենաների արժեքը փոխանցվում է արդյունքին, ապա արժեքի այդ փոխանցվող մասի մեծությունը կախված է մեքենաների իսկ արժեքից<ref>Կապիտալիստական պատկերացումների ազդեցության տակ գտնվող ընթերցողը, իհարկե, կասի, թե այստեղ ոչինչ չկա այն «տոկոսի» մասին, որ մեքենան — իր կապիտալային արժեքին pro rata [համամասնորեն]— միացնում է արդյունքին։ Սակայն հեշտ է համոզվել, որ մեքենան, ինչպես և հաստատուն կապիտալի ամեն մի այլ բաղկացուցիչ մաս, նոր արժեք չարտադրելով, այդպիսի արժեք չի էլ կարող միացնել «տոկոս» անվան տակ։ Այնուհետև պարզ է, որ այստեղ, քանի որ խոսքը վերաբերում է հավելյալ արժեքի արտադրությանը, նրա ոչ մի մասը չի կարելի a priori ենթադրել «տոկոս» անվան տակ։ Հաշվելու կապիտալիստական եղանակը, որ է prima facie [առաջին հայացքից] թվում է, թե անհեթեթ է և հակասում է արժեքի գոյացման օրենքներին, իր բացատրությունը կգտնի այս աշխատության երրորդ գրքում։</ref>։ Որքան ավելի քիչ աշխատանք են պարունակում իրենք՝ մեքենաները, այնքան նրանք ավելի քիչ արժեք են միացնում արդյունքին։ Որքան ավելի քիչ արժեք են հաղորդում նրանք արդյունքին, այնքան ավելի արտադրողական են և իրենց մատուցած ծառայությամբ այնքան ավելի են մոտենում բնական ուժերին։ Իսկ մեքենաների միջոցով մեքենաներ արտադրելը պակասեցնում է նրանց արժեքը՝ նրանց չափերի ու գործողության համեմատությամբ։ Արհեստային կամ մանուֆակտուրային ապրանքների գների և մեքենաներով արտադրվող նույն ապրանքների գների համեմատական վերլուծությունն այն հետևանքին է հասցնում ընդհանրապես, որ մեքենայական արդյունքի մեջ հարաբերաբար աճում, բայց բացարձակորեն նվազում է արժեքի այն բաղկացուցիչ մասը, որ փոխանցվում է աշխատանքի միջոցներից։ Այսինքն՝ նրա բացարձակ մեծությունը նվազում է, բայց արդյունքի, օրինակ, մի ֆունտ մանվածքի ամբողջ արժեքի համեմատությամբ նրա մեծությունն աճում է<ref>Արժեքի այս բաղկացուցիչ մասը, որ մեքենան է միացնում, բացարձակորեն ու հարաբերաբար ընկնում է այն դեպքերում, երբ մեքենան դուրս է մղում ձիերին, ընդհանրապես բանող անասուններին, որոնք օգտագործվում են բացառապես իբրև շարժիչ ուժ և ոչ իբրև նյութերի փոխանակության մեքենաներ։ Իդեպ նկատենք, որ երբ Դեկարտը կենդանիներին բնորոշում է որպես սոսկ մեքենաներ, ապա գործին նայում է մանուֆակտուրային ժամանակաշրջանի աչքերով, տարբերվելով միջնադարից, որը կենդանուն համարում էր մարդու օգնական, ինչպես հետագայում նաև պ-ն ֆոն Հալլերը իր «Restauration der Staatswissenschaften»-ում։ Որ Դեկարտը, ինչպես և Բեկոնը, արտադրության եղանակի փոփոխությունը և մարդու կողմից բնության վրա գործնականորեն իշխելը համարում էր մտածողության մեթոդի փոփոխության հետևանք, ցույց է տալիս նրա «Discours de la Méthode» աշխատությունը, որտեղ, ի միջի այլոց, ասված է. «Կարելի է (նրա կողմից փիլիսոփայության մեջ մտցված մեթոդի միջոցով) հասնել գիտելիքների, որոնք շատ օգտակար են կյանքում, և այն հայեցողական փիլիսոփայության փոխարեն, որ ավանդում են դպրոցներում, գտնեք գործնական փիլիսոփայությունը, որի օգնությամբ, իմանալով կրակի, ջրի, օդի, աստղերի ու մեզ շրջապատող մյուս բոլոր մարմինների ուժն ու ներգործությունը, ինչպես մենք գիտենք մեր արհեստավորների տարբեր զբաղմունքները, մենք կարող էինք ճիշտ նույն եղանակով դրանք օգտագործել նրանց հատուկ բազմազան կիրառումների համար և հենց դրանով էլ դառնալ բնության տեր ու տնօրենը», իսկ դրա հետ միասին և «նպաստել մարդկային կյանքի կատարելագործմանը»։ Սըր Դեդլի Նորսի «Discources upon Trade» (1691 թ.) աշխատության առաջաբանում ասված է, որ Դեկարտի մեթոդը, քաղաքատնտեսության մեջ կիրառվելով, սկսել է այն ազատագրել փողի, առևտրի և այլ հարցերի վերաբերյալ հին հեքիաթներից ու սնահավատ պատկերացումներից։ Սակայն վաղ շրջանի անգլիական տնտեսագետները, ընդհանուր առմամբ, հարում էին Բեկոնի ու Հոբսի փիլիսոփայությանը, այնինչ հետագայում Անգլիայի, Ֆրանսիայի ու Իտալիայի համար քաղաքատնտեսության κατ’έξοχήν [առավելապես] «փիլիսոփան» դարձավ Լոկկը։</ref>։ Պարզ է, որ եթե որոշ մեքենայի արտադրումը նույնքան շատ աշխատանք է նստում, որքան տնտեսվում է նրա կիրառումով, ապա տեղի է ունենում աշխատանքի սոսկ տեղափոխություն, այսինքն՝ ապրանքի արտադրության համար անհրաժեշտ աշխատանքի ընդհանուր գումարը չի նվազում, կամ աշխատանքի արտադրողականությունը չի բարձրանում։ Սակայն, ակներև է, որ մեքենայի արժեքը կազմող աշխատանքի ու նրա տնտեսած աշխատանքի միջև եղած տարբերությունը, կամ նրա արտադրողականության աստիճանը կախում չունի այն տարբերությունից, որ կա մեքենայի բուն արժեքի ու նրա փոխարինած գործիքի արժեքի միջև։ Առաջին տարբերությունը շարունակում է գոյություն ունենալ այնքան ժամանակ, քանի դեռ մեքենայի աշխատանքային ծախքերը, ուրեմն և արժեքի նրա կողմից արդյունքին միացված մասը, շարունակում են ավելի փոքր լինել այն արժեքից, որ բանվորն իր գործիքով կմիացներ աշխատանքի առարկային։ Ուստի մեքենայի արտադրողականությունը չափվում է այն աստիճանով, որով նա մարդկային աշխատանքի ուժն է փոխարինում։ Պ-ն Բեյնսի ասելով՝ համապատասխան նախապատրաստական սարքավորման հետ միասին 450 մյուլային իլիկին, որոնք շարժման մեջ են դրվում մի շոգեձիաուժով, ընկնում է 2½ բանվոր<ref>Էսսենի առևտրական պալատի տարեկան հաշվետվության համաձայն (1863 թ. հոկտեմբեր) Կրուպպի պողպատաձուլական գործարանը 1862 թվականին հալոցային, շիկացման ու ցեմենտի 161 հնոցով, 32 շոգեմեքենայով (1800 թվականին մոտավորապես այդքան էր Մանչեստրում կիրառվող շոգեմեքենաների ընդհանուր թիվը) ու 14 շոգեմուրճով, որոնք բոլորը միասին ներկայացնում էին 1236 ձիաուժ, — 49 դարբնահնոցով, 203 գործիք-մեքենայով ու մոտավորապես 2400 բանվորով, արտադրում էր 13 միլ. ֆունտ ձույլ պողպատ։ Այստեղ 1 ձիաուժին նույնիսկ 2 բանվորից էլ պակաս է ընկնում։</ref>, այս դեպքում ամեն մի selfacting mule spindle [սելֆակտորային իլիկ] տասժամյա աշխատանքային օրում 13 ունցիա (միջին համարների) մանվածք է մանում, որը 2½ բանվորի համար կկազմի շաբաթական 365⅝ ֆունտ մանվածք։ Հետևաբար, մոտավորապես 366 ֆունտ բամբակը (պարզեցնելու համար մենք մի կողմ ենք թողնում տականքը) մանվածք դառնալիս կլանում է միայն 150 աշխատաժամ, կամ տասժամյա 15 աշխատանքային օր, այնինչ ճախարակով մտնելիս, երբ մանողը 60 ժամում 13 ունցիա մանվածք է արտադրում, բամբակի նույն քանակը 2 700 տասժամյա աշխատանքային օր կամ 27 000 աշխատանքային ժամ կկլաներ<ref>Բեբբեջը հաշվում է, որ Ճավայում բամբակի արժեքը 117 % ավելանում է համարյա միայն մանելու աշխատանքի միջոցով։ Նույն այդ ժամանակ (1832 թ.) Անգլիայում այն ընդհանուր արժեքը, որ նրբամանության դեպքում մեքենաներն ու աշխատանքը միացնում էին բամբակին, կազմում էր հում նյութի արժեքի մոտ 33%-ը («On the Economy of Machinery». London 1832, էջ 165, 166)։</ref>։ Այնտեղ, որտեղ blockprinting-ի կամ չիթը ձեռքով դրոշմելու հին մեթոդը փոխարինված է չթի մեքենայական դրոշմումով, մի մեքենան մեկ մեծահասակ բանվորի կամ դեռահասի օժանդակությամբ մի ժամում այնքան քառագույն չիթ է դրոշմում, որքան առաջ դրոշմում էին 200 մեծահասակ բանվորներ<ref>Մեքենայով դրոշմելիս, բացի դրանից, ներկն էլ է տնտեսվում։</ref>։ Քանի դեռ էլի Ուիտնին 1793 թվականին չէր գտել cottongin-ը [բամբակի ջինը], մի ֆունտ բամբակը հունդից բաժանելը նստում էր մեկ միջին աշխատանքային օր։ Նրա գյուտի շնորհիվ մի նեգրուհի կարող է օրական 100 ֆունտ բամբակ զտել, իսկ այն ժամանակից cottongin-ի [բամբակի ջինի] արտադրողականությունը է՛լ ավելի զգալի չափով է բարձրացել։ Մեկ ֆունտ մաքրած բամբակը, որի արտադրությունը առաջ 50 ցենտ արժեր, հետագայում ծախվում էր 10 ցենտով և այն էլ՝ ավելի մեծ շահույթով, այսինքն՝ ավելի մեծ քանակությամբ անվճար աշխատանք պարունակելով։ Հնդկաստանում բամբակը հունդից բաժանելու համար գործ է ածվում մի կիսա-մեքենայանման գործիք, չուրկա, որով մեկ տղամարդ և մեկ կին օրական 28 ֆունտ բամբակ են մաքրում։ Դոկտոր Ֆորբսի մի քանի տարի առաջ հնարած չուրկայով մեկ տղամարդ և մեկ պատանի օրական մաքրում են 250 ֆունտ, իսկ եթե որպես շարժիչ ուժ կիրառվում են եզներ, շոգի կամ ջուր, ապա պահանջվում են միայն մի քանի պատանիներ ու աղջիկներ, որոնք feeder-ների (այսինքն՝ մեքենային նյութ մատուցողների) դեր են կատարում։ Եզներով բանեցվող այդպիսի տասնվեց մեքենա օրական այն աշխատանքն են կատարում, որն առաջ միջին հաշվով 750 մարդ էր պահանջում<ref>Հմմտ. Paper read by Dr. Watson. Reporter on the Products to the Government of India, before the Society of Arts, 17 April 1860.</ref>։ Ինչպես արդեն հիշատակեցինք, շոգեգութանի շոգեմեքենան 3 պենսով կամ ¼ շիլլինգով այնքան աշխատանք է կատարում մի ժամում, որքան 66 մարդը մեկ ժամում 15 շիլլինգով։ Ես այս օրինակին վերադառնում եմ սխալ պատկերացումից խուսափելու համար։ Այն է՝ այդ 15 շիլլինգը 66 մարդու մեկ ժամում միացրած աշխատանքի արտահայտությունը չէ ամենևին։ Եթե հավելյալ աշխատանքի հարաբերությունն անհրաժեշտ աշխատանքի նկատմամբ 100% էր, ապա այդ 66 բանվորը մեկ ժամում արտադրում էին 30 շիլլինգի արժեք, թեև իրենց ստացած համարժեքի, այսինքն՝ 15 շիլլինգ աշխատավարձի մեջ ընղհանուր 66 ժամի քանակից միայն 33 ժամն է ներկայացված։ Այսպես ուրեմն, եթե ենթադրենք, որ մեքենան արժե ճիշտ այնքան, որքան կազմում է նրա դուրս մղած 150 բանվորի տարեկան վարձը, ասենք 3 000 ֆունտ ստեռլինգ, ապա այդ 3 000 ֆունտ ստեռլինգը 150 բանվորի կատարած ու աշխատանքի առարկային միացրած ամբողջ աշխատանքի փողային արտահայտությունը չէ ամենևին, այլ նրանց տարեկան աշխատանքի այն մասը միայն, որը նրանց համար արտահայտվում է աշխատավարձի մեջ։ Ընդհակառակը, մեքենայի 3 000 ֆունտ ստեռլինգ փողային արժեքն արտահայտում է մեքենայի արտադրության վրա ծախսված ամբողջ աշխատանքը, ինչ հարաբերությամբ էլ այդ աշխատանքը կազմելիս լինի բանվորի աշխատավարձն ու կապիտալիստի հավելյալ արժեքը։ Հետևաբար, թեկուզ և մեքենան նույնքան արժենալիս լինի, որքան աշխատանքի այն ուժը, որին փոխարինել է նա, այնուամենայնիվ, նրա մեջ առարկայացած աշխատանքը միշտ շատ ավելի փոքր է, քան նրա փոխարինած կենդանի աշխատանքը<ref>«Այդ համր ագենտները (մեքենաները) միշտ անհամեմատ ավելի քիչ աշխատանքի արդյունք են, քան այն աշխատանքը, որ նրանք փոխարինում են, թեկուզ և նրանք ճիշտ նույնպիսի փողային արժեք ունենայինք (Ricardo: «Principles of Political Economy»), 3-րդ հրատ., London 1821, էջ 40)։ [Հմմտ. Рикардо: «Начала политической экономии», Соцэкгиз, 1935 թ., գլ. I, էջ 26։]<br>116a '''2-րդ հրատարակության ծանոթագրություն.'''— Ահա ինչո՛ւ մեքենաները կոմունիստական հասարակության մեջ բոլորովին այլ ասպարեզ կգտնեին, քան բուրժուական հասարակության մեջ։</ref>։ Եթե մեքենաները դիտենք բացառապես իբրև արդյունքն էժանացնելու միջոց, ապա նրանց կիրառման սահմանը նրանով է որոշվում, որ նրանց արտադրության վրա ծախսվող աշխատանքը պետք է պակաս լինի այն աշխատանքից, որը փոխարինվում է մեքենաների կիրառումով։ Սակայն այդ սահմանը կապիտալի համար է՛լ ավելի նեղ է գծագրվում։ Քանի որ կապիտալը հատուցում է ո՛չ թե կիրառվող աշխատանքը, այլ կիրառվող աշխատանքի ուժի արժեքը, ուստի մեքենաների գործադրության սահմանը կապիտալի համար նպատակահարմար է միայն այն տարբերության սահմաններում, որ կա մեքենայի արժեքի ու նրա փոխարինած աշխատուժի արժեքի միջև։ Քանի որ զանազան երկրներում աշխատանքային օրվա բաժանումն անհրաժեշտ աշխատանքի ու հավելյալ աշխատանքի՝ տարբեր է այնպես, ինչպես այն տարբեր է նաև միևնույն երկրի մեջ, բայց զանազան ժամանակաշրջաններում, կամ միևնույն ժամանակաշրջանում, բայց արտադրության զանազան ճյուղերում. այնուհետև՝ քանի որ բանվորի իրական աշխատավարձը մերթ իջնում է իր աշխատանքի ուժի արժեքից, մերթ բարձրանում է նրանից, ուստի մեքենայի գնի և մեքենայի փոխարինած աշխատանքի ուժի գնի միջև եղած այդ տարբերությունը կարող է շատ տատանումներ ունենալ, թեկուզ և նույնը մնա այն տարբերությունը, որ կա մեքենայի արտադրության համար անհրաժեշտ աշխատանքի քանակի և մեքենայի փոխարինած աշխատանքի ընդհանուր քանակի միջև [''Տես 116a ծանոթ.'']։ Բայց միայն առաջին տարբերությունն է հենց, որ որոշում է ապրանքի արտադրության ծախքերը կապիտալիստի համար և ազդեցություն է գործում նրա վրա կոնկուրենցիայի հարկադրական օրենքների միջոցով։ Այս պատճառով էլ ներկայումս Անգլիայում հնարվում են մեքենաներ, որոնք կիրառվում են միայն Հյուսիսային Ամերիկայում, ինչպես XVI ու XVII դարերում Գերմանիան հնարում էր մեքենաներ, որոնք միայն Հոլանդիան էր գործածում, և ինչպես XVIII դարի մի քանի ֆրանսիական գյուտեր միայն Անգլիայում էին օգտագործվում։ Ինքը՝ մեքենան, ավելի վաղ զարգացած երկրներում ձեռնարկությունների մի քանի ճյուղերում իր կիրառումով աշխատանքի այնպիսի ավելցուկ [Ռիկարդոն ասում է՝ redundancy of labour] է առաջ բերում ուրիշ ճյուղերում, որ աշխատուժի արժեքից ավելի ցած ընկնող աշխատավարձն այդտեղ արգելք է լինում մեքենաների գործածությանը և այդ գործածությունը դարձնում է ավելորդ, հաճախ էլ ուղղակի անհնարին կապիտալի տեսակետից, որի շահույթը չէ՞ որ թխում է ոչ թե ընդհանրապես կիրառվող, այլ միայն վարձատրվող աշխատանքի կրճատումից։ Անգլիական բրդեղենի մանուֆակտուրայի մի քանի ճյուղերում երեխաների աշխատանքը վերջին տարիներում սաստիկ կրճատվել է, տեղ-տեղ էլ գրեթե բոլորովին դուրս է մղվել։ Ինչո՞ւ։ Գործարանային օրենքը հարկադրեց մտցնելու երեխաների երկու հերթափոխություն, որոնցից մեկը փոխառփոխ աշխատում է 6 ժամ, մյուսը՝ 4 ժամ, կամ ամեն մեկը՝ միայն 5 ժամ։ Բայց ծնողները չէին ուղում half-times-ներին [կիսաժամանակ աշխատողներին] ավելի էժան ծախել, քան առաջ էին ծախում full-times-ներին [լիաժամանակ աշխատողներին]։ Այստեղից էլ առաջ եկավ half-times-ների փոխարինումը մեքենաներով<ref>«Ձեռնարկատերերը տասներեք տարեկանից փոքր երեխաների երկու հերթափոխություն չեն պահպանի առանց անհրաժեշտության... Իսկապես, գործարանատերերի մի մասը, բրդամանարանների տերերը. հիմա հազվադեպ են կիրառում տասներեք տարեկանից փոքր երեխաների, այսինքն՝ half-times-ների աշխատանքը։ Նրանք մտցրել են զանազան տեսակի կատարելագործված նոր մեքենաներ, որոնք գրեթե վերացնում են երեխաների (այսինքն՝ 13 տարեկանից փոքր երեխաների) աշխատանքը։ Երեխաների թվի այդ նվազումը լուսաբանելու համար ես կմատնանշեմ աշխատանքի մի պրոցես, երբ գոյություն ունեցող մեքենաներին մեկ ապարատ, այսպես կոչված piecing machine [ծերկապիչ մեքենա] կցելու շնորհիվ, նայած ամեն մի մեքենայի առանձնահատկությանը, վեց կամ չորս half-times-ի աշխատանքը կարող է կատարել մի պատանի (13 տարեկանից մեծ) ... Half-times system-ը [կիսաժամանակ սիստեմը] piecing machine [ծերկապիչ մեքենա] հնարելու խթան ծառայեց» («Reports of Insp. of Fact. for 31st October 1858»)։</ref>։ Կանանց ու փոքրահասակ (10 տարեկանից փոքր) երեխաների աշխատանքը հանքարաններում արգելելուց առաջ կապիտալը քարածխի ու այլ հանքերում մերկ կանանց ու. աղջիկներին հաճախ տղամարդկանց հետ միատեղ աշխատանքի հարկադրելն իր բարոյական օրենսգրքի և հատկապես իր մայր հաշվեմատյանի հետ այնքան համերաշխ էր գտնում, որ նա այդ արգելումից հետո միայն դիմեց մեքենաներին։ Յանկիները քար ջարդող մեքենաներ հնարեցին։ Անգլիացիները չեն գործածում այդ մեքենաները, որովհետև այդ աշխատանքը կատարող «թշվառները («Wretch» — թշվառ — անգլիական քաղաքատնտեսության մեջ տեխնիկական տերմին է հողագործական բանվորներին նշելու համար) իրենց աշխատանքի այնպիսի չնչին մասի վճարն են ստանում, որ մեքենաները կապիտալիստների համար կթանկացնեին արտադրությունը<ref>«Մեքենաները... հաճախ չեն կարողանում կիրառում գտնել, քանի դեռ չի բարձրացել աշխատանքը» (նկատի ունի աշխատավարձը) (Ricardo: «Principles of Political Economy», 3-րդ հրատ., London 1821, էջ 479)։ [Հմմտ. Рикардо: «Начала политической экономии», Соцэкгиз, 1935 թ., գլ. XXXI, էջ 256։]</ref>։ Անգլիայում, երբեմն դեռ հիմա էլ ձիերի փոխարեն կանայք են կիրառվում ջրանցքներով բեռնանավակներ քաշելու և այլ աշխատանքների համար<ref>Տե՛ս «Report of the Social Science Congress at Edinburgh October 1863».</ref>, որովհետև ձիեր ու մեքենաներ արտադրելու համար անհրաժեշտ աշխատանքը մաթեմատիկորեն որոշ մեծություն է, իսկ ավելցուկ բնակչությանը պատկանող կանանց ապրուստի համար անհրաժեշտ աշխատանքը, ընդհակառակը, ամեն մի հաշվից ցած է։ Ահա ինչո՛ւ, ոչ մի տեղ չկա մարդկային ուժի ավելի անպատկառ վատնում ամեն տեսակ անմիտ ու դատարկ բաների վրա, քան հենց Անգլիայում, մեքենաների երկրում։ ====3. ՄԵՔԵՆԱՅԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՆՄԻՋԱԿԱՆ ԱԶԴԵՑՈԻԹՅՈՒՆՆԵՐԸ ԲԱՆՎՈՐԻ ՎՐԱ==== Ինչպես տեսանք, խոշոր արդյունաբերության ելակետ ծառայեց աշխատանքի միջոցի ռևոլյուցիան, իսկ աշխատանքի հեղաշրջված միջոցն իր ամենազարգացած ձևն ստանում է մեքենաների անդամատված սիստեմի մեջ գործարանում։ Նախքան քննության առնելը, թե մարդկային տարրը ինչպես է միացվում այդ օբյեկտիվ օրգանիզմին, ծանոթանանք այն մի քանի ընդհանուր ազդեցություններին, որ այդ ռևոլյուցիան գործում է իր իսկ բանվորի վրա։ '''a) Հավելյալ աշխատուժերի յուրացումը կապիտալի կողմից։ Կանանց ու երեխաների աշխատանքը''' Քանի որ մեքենաներն ավելորդ են դարձնում մկանային ուժը, նրանք դառնում են այնպիսի բանվորներ կիրառելու միջոց, որոնք զուրկ են մկանային ուժից կամ ֆիզիկապես բավարար չափով զարգացած չեն, բայց օժտված են ավելի ճկուն անդամներով։ Ուստի կանանց ու երեխաների աշխատանքը մեքենաների կապիտալիստական կիրառման առաջին խոսքն էր։ Այսպիսով, աշխատանքն ու բանվորներին փոխարինելու այս հզոր միջոցն իսկույն դարձավ վարձու բանվորների թիվն ավելացնելու միջոց, բանվորական ընտանիքի բոլոր անդամներին, առանց սեռի ու տարիքի խտրության, կապիտալի անմիջական իշխանությանը ենթարկելով։ Կապիտալիստի համար կատարվող հարկադրական աշխատանքը ո՛չ միայն զավթեց մանկական խաղերի ժամանակը, այլև տիրացավ աշխատանքի այն ազատ ժամերին, որոնցից օգտվում էին տնային շրջանակում, բարքերի որոշած սահմաններում, բուն իսկ ընտանիքի համարի<ref>Ամերիկյան քաղաքացիական պատերազմին, ուղեկցող բամբակի ճգնաժամի ժամանակ դ-ր Էդուարդ Սմիթին անգլիական կառավարությունն ուղարկեց Լանկաշիր, Չեշիր և այլ վայրեր, բամբակեղենի արդյունաբերության բանվորների առողջական վիճակը հետազոտելու համար։ Նա հաղորդում է ի միջի այլոց՝ մի կողմ թողած այն, որ բանվորները դուրս են մղված գործարանային մթնոլորտից, ճգնաժամն առողջաբանական տեսակետից ու֊րիշ շատ դրական հետևանքներ էլ է ունեցել։ Բանվորների կանայք հիմա անհրաժեշտ ազատ ժամանակ ունեն իրենց երեխաներին կրծքով կերակրելու՝ փոխանակ նրանց թունավորելու Գոդֆրեյի cordial-ով (օպիումի պրեպարատով)։ Նրանք հիմա ժամանակ ունեն կերակուր եփել սովորելու։ Եփելու այդ հմտությունը նրանք, դժբախտաբար, ձեռք բերին մի այնպիսի ժամանակ, երբ ոչինչ չունեին ուտելու։ Բայց դրանից երևում է, թե ինչպես կապիտալն իր ինքնաճման համար հափշտակել է ընտանիքի կարիքների համար անհրաժեշտ աշխատանքը։ Ճիշտ այդպես էլ ճգնաժամն օգտագործվեց այն նպատակով, որ բանվորների աղջիկներին հատուկ դպրոցներում կարել սովորեցնեն։ Ամերիկյան ռևոլյուցիա և համաշխարհային ճգնաժամ հարկավոր եղավ, որ բանվորների աղջիկները, որոնք մանում են ամբողջ աշխարհի համար, կար անել սովորեն։</ref>։ Աշխատուժի արժեքը մենք սահմանեցինք ո՛չ միայն առանձին մեծահասակ բանվորի, այլև, բանվորական ընտանիքի գոյության համար անհրաժեշտ աշխատաժամանակով։ Մեքենաները, բանվորական ընտանիքի բոլոր անդամներին աշխատանքի շուկա նետելով, տղամարդու աշխատուժի արժեքը բաշխում են նրա ընտանիքի բոլոր անդամների միջև։ Ուստի նրանք իջեցնում են բանվորի աշխատուժի արժեքը։ Գուցե, 4 աշխատուժի մասնատված ընտանիքի գնումը ավելի թանկ արժե, քան առաջ արժեր ընտանիքի գլխավորի աշխատուժի գնումը, բայց դրա փոխարեն հիմա 4 աշխատանքային օրն է բռնում մեկի տեղը, և նրանց գինն ընկնում է այն համամասնությամբ, որով չորսի հավելյալ աշխատանքն ավելուկ է տալիս մեկի հավելյալ աշխատանքի դիմաց։ Մեկ ընտանիքի գոյության համար այժմ պետք է չորս հոգին կապիտալին տան ո՛չ միայն աշխատանք, այլև հավելյալ աշխատանք։ Այսպիսով, շահագործման մարդկային նյութի հետ միասին, որը կապիտալի շահագործման իսկական ասպարեզն է<ref>«Բանվորների թվական աճումը մեծ էր շնորհիվ տղամարդկանց աշխատանքի ուժեղ չափերով փոխարինման կանանց աշխատանքով և հատկապես մեծահասակների աշխատանքի փոխարինման փոքրահասակների աշխատանքով։ 13 տարեկան երեք աղջիկ, որոնց աշխատավարձը շաբաթական 6 շիլլինգից մինչև 8 շիլլինգ էր, փոխարինում էին մի մեծահասակ տղամարդու, որի աշխատավարձը տատանվում էր 18 շիլլինգից մինչև 45 շիլլինգի միջև.» (Th. de Quincey: «The Logic of Political Economy». London 1844, 147-րդ էջի ծանոթագրությունը)։ Քանի որ ընտանիքում անհրաժեշտ որոշ ֆունկցիաներ, օրինակ, երեխաներին պահելն ու կերակրելը և այլն, չեն կարող բոլորովին անտեսվել, ուստի ընտանիքի մայրերը, որոնց խլել է կապիտալը, պետք է, այսպես թե այնպես, փոխարինողներ վարձեն։ Այն աշխատանքները, որ պահանջում է ընտանիքի սպառումը, ինչպես, օրինակ, կար ու կարկատանը և այլն, պետք է փոխարինվեն պատրաստի ապրանքներ գնելով։ Ուստի տնային աշխատանքի ծախսման նվազելուն համապատասխանում է փողային ծախսերի ավելացումը։ Այդ պատճառով բանվորական ընտանիքի արտադրության ծախքերն աճում են և հավասարակշռում եկամտի ավելացումը։ Դրան ավելանում է այն, որ անկարելի են դառնում տնտեսումն ու նպատակահարմարությունը կենսամիջոցներն օգտագործելիս և պատրաստելիս։ Այս փաստերի մասին, որ թաքցնում է պաշտոնական քաղաքատնտեսությունը, հարուստ նյութ կարելի է գտնել գործարանային տեսուչների «Report»-ներում, «Children’s Employment Commission»-ի հաշվետվություններում և հատկապես «Reports on Public Health»-ում։</ref>, մեքենաները հենց սկզբից բարձրացնում են նաև շահագործման աստիճանը։ Մեքենաները հիմնովին ռևոլյոլցիոնացնում են նաև կապիտալիստական հարաբերության ձևական արտահայտությունը, բանվորի ու կապիտալիստի միջև կնքվող պայմանագիրը։ Ապրանքային փոխանակության հիմքի վրա ենթադրվում էր նախ և առաջ, որ կապիատլիստն ու բանվորն իրար հանդեպ կանգնած են որպես ազատ անձեր, որպես անկախ ապրանքատերեր՝ մեկն իբրև փողի ու արտադրության միջոցների տեր, մյուսն իբրև աշխատուժի տեր։ Բայց հիմա կապիտալը գնում է տհասներին կամ կիսահասուններին։ Առաջ բանվորը վաճառում էր իր սեփական աշխատուժը, որ ինքը տնօրինում էր որպես ձևականորեն ազատ անձ։ Հիմա նա վաճառում է կնոջն ու երեխաներին։
<references>