- Դու եկար,- ասաց Սիդհարթան ու ժպտաց:
- Ես եկա,- ասաց Գովինդան:
===ՍԱՄԱՆԱՆԵՐԻ ՄՈՏ===
Նույն օրվա երեկոյան նրանք հասան ճգնակյացներին՝ չորացած սամանաներին և առաջարկեցին իրենց նրանց ուղեկիցն ու հնազանդ աշակերտները դառնալ:
Նրանց առաջարկն ընդունելության արժանացավ:
Սիդհարթան իր հանդերձանքը նվիրեց փողոցում հանդիպած մի աղքատ բրահմանի: Իր մարմնի վրա Սիդհարթան կրում էր միայն ամոթույքի ծածկագոտին և որպես պարզ ծածկոց ծառայող հողագույն, ցանցկեն մի ձորձ: Նա այժմ օրական միայն մեկ անգամ էր սնվում, ընդ որում՝ եփած կերակուր բնավ չէր ընդունում: Տասնհինգ օր շարունակ նա ծոմ պահեց: Հետո էլ՝ քսանութ օր անընդմեջ ծոմ պահեց նա: Նրա մարմինը նվաղեց-հյուծվեց, այտերը ներս ընկան: Կիզիչ անուրջները կրակի քուլաների պես դուրս հորդացին նրա լայնացած ակնախոռոչներից, չորությունից ճաքճքած նրա մատներին երկարուկ եղունգներ էին աճել, կզակը պատվել էր չորուկ, գզգզված մորուքով: Նրա հայացքը կարծրանում էր կանանց հանդիպելիս, շրթունքները ծամածռվում էին նողկանքի զգացումից, երբ նա անցնում էր քաղաքի փողոցներով՝ գեղեցիկ հագնված մարդկանց հարևանությամբ: Նա տեսնում էր վաճառականներին՝ առևտուր անելիս, իշխաններին՝ որսի շտապելիս, մահացածների վրա սգացող հարազատներին, իրենց փաղաքշանքներն առաջարկող պոռնիկներին, հիվանդի համար հոգացող բժիշկների, քուրմերի, որ հունձքի ժամանակն են որոշում, իրար սիրատածող ու փաղաքուշ սիրահարների, նորածիններին կերակրող մայրերի, և ոչինչ, ոչինչ նա արժանի չէր համարում իր հայացքին, այդ ամենը սուտ էր, խաբեություն, ողջը գարշահոտող կեղծիք էր, ողջը միայն թվացյալ իմաստ էր պարունակում, կեղակարծ երջանկություն ու գեղեցկություն, ողջը բուրում էր անգիտակից փտախտով ու նեխահոտությամբ: Դառնապատիր համ ուներ աշխարհը: Ողբ ու տառապանք էր կյանքը:
Մի նպատակ էր կանգնած Սիդհարթայի առաջ, միակ մի նպատակ. դատարկվել ամեն ինչից, իր միջից դուրս մղել ամենայն ձգտում ու ցանկություն, ձերբազատվել երազներից, հրաժարվել ուրախություններից ու տառապանքից: Ինքն իրենից հեռանալ-անէանալ, դադարել սեփական եսը զգալուց, դատարկված սրտի համար հանգիստ գտնել, ինքնաձերբազատված ու ինքնօտարված մտքի մեջ պատրաստ լինել ընդունելու հրաշքը, սա էր նրա նպատակը: Երբ ողջ եսը հաղթահարված ու մահացած լիներ, երբ սրտում բույն դրած բոլոր ցանկություններն ու մղումները մարած լինեին, այդժամ արդեն պետք է ծնունդ առներ այն ամենակատարյալը, այն նվիրական բանը, որն այլևս եսը չէ, այն մեծահսկա գաղտնիքը:
Լռելյայն կանգնած էր Սիդհարթան արեգակի ուղղաձիգ ընկնող ճառագայթների ներքո, ցավից այրվելով, ծարավից տոչորվելով, և կանգնած մնաց այնքան ժամանակ, մինչև որ դադարեց այլևս ոչ ցավ զգալ և ոչ էլ ծարավ: Լուռումունջ կանգնած էր նա հորդառատ թափվող անձրևների տեղատարափի տակ, նրա մազերից ջուրն էր ծորում՝ սառցակալող ուսերն ի վար, ցրտահարված կոնք ու ոտքերից սահում ցած, ապաշխարողն անշարժացած կանգնել էր, մինչև որ ուսերն ու ոտքերը այլևս դադարեցին մրսել, ասես պապանձվեցին ու խաղաղություն իջավ նրանց վրա: Լռելյայն պպզում էր նա փշատատասկավոր թփերի մեջ, շոգեխաշված մաշկից արյունն էր կաթիլ-կաթիլ ծորում, թարախակալած պալարներից շարավն էր արտասորում, բայց Սիդհարթան շարունակում էր նույն դիրքում նստած մնալ, ասես քարացած լիներ ու անշարժացած, մինչև որ արյունը այլևս դադարեց հոսելուց, ոչինչ այլևս չէր ծակում, ոչինչ չէր այրում:
Սիդհարթան նստել էր ուղղաձիգ դիրք ընդունած և սովորում էր շնչառությունը խնայել, սովորում էր նվազ շնչառությամբ բավարարվել, ապա և ընդհանրապես կանգնեցնել շնչառությունը: Շնչառությանը զուգահեռ նա միաժամանակ վարժվում էր հանգստացնել սրտի խփոցները, պակասեցնել դրանք՝ հասցնելով նվազագույնի, մինչև որ սիրտը գրեթե կանգ առնելու աստիճան դադարեր տրոփելուց:
Ավագ սամանաներից ուսանելով՝ վարժվում էր Սիդհարթան ինքնահրաժարման արվեստին, ինքնախորասուզմանը, սամանայական նոր կարգերին: Մի ձկնկուլ թռավ բամբուկի անտառի վրայով, և Սիդհարթան ընդունեց ձկնկուլին իր հոգու մեջ, թռավ-անցավ անտառի ու սարերի վրայով, դարձավ ինքն էլ մի ձկնկուլ, որ խժռում էր գորտերին, տառապում էր ձկնկուլների սովով, խոսում էր՝ ընդօրինակելով ձկնկուլների կռկռոցը, մահանում ձկնկուլների մահով: Մի սատկած շնագայլ էր պառկած ավազուտ ափին և Սիդհարթայի հոգին սահեց նրա դիակի մեջ, դարձավ շունչը փչած մի շնագայլ, որ պառկել էր ծովեզրին, ուռչել-փքվել էր, գարշահոտում էր ու ապականում շուրջբոլորը, հետո բորենիների կողմից պատառոտվեց, ցին-ուրուրների կողմից մաշկազերծ արվեց, կմախքի վերածվեց, դարձավ փոշի ու տարածվեց արձակ դաշտերի մեջ: Հետո Սիդհարթայի հոգին վերադարձավ, մահացավ, ապականություն սփռեց, փոշիացավ, շրջապտույտի պղտոր հափշտակության մեջ բույրն իր արձակեց և դարանակալ սպասում էր՝ նորանոր բացահայտումների կարոտ, ինչպես որսորդն է դիրքավորվում դատարկ սպասումին տրված, ուր հարկ էր շունչը պահել ու արյան շրջանառությունը կանգնեցնել, ուր սկիզբ էր առնում պատճառներից ու տառապանքից զերծ հավերժությունը: Նա սպանում էր իր մեջ ծնունդ առնող մտքերը, սպանում էր իր հիշողությունը, նա ճողոպրում էր իր եսից՝ հազարավոր օտար կերպարանքներ ընդունելով, դառնալով մեկ գազան, մեկ մեռելոտի, քար ու փայտ, դառնում էր ջուր, և ամեն անգամ արթնանալով վերագտնում էր իրեն, թվում էր մերթ արև ու մերթ էլ լուսին, հետո վերադառնում էր իր եսին, տարուբերվում էր շրջապտույտի ոլորաններում, ծարավից տոչորվում, հաղթահարում էր այն, հետո նորից ծարավի մատնվում:
Շատ բան սովորեց Սիդհարթան սամանաների մոտ, ուսանեց շատուշատ ճանապարհներ, որ մարդուս սովորեցնում էին հեռանալ սեփական եսից: Ինքնահրաժարման ճանապարհը նա անցնում էր ցավի միջով, կամավոր տառապանքի տրվելու ու ցավի հաղթահարման միջոցով, հաղթահարելով սովը, ծարավն ու հոգնությունը: Եսից հրաժարման ճանապարհը նա անցնում էր հայեցողական վարժանքների միջոցով, բազմատեսակ պատկերացումներին ու իմաստներին մտահասու էր լինում սնամեջ առմտածումներին ապավինելով: Այս և մյուս ճանապարհներով նա սովորում էր ընթանալ, հազարավոր անգամներ նա լքեց իր եսը, ժամեր ու օրեր շարունակ նա տևականորեն մնաց ոչ-եսի մեջ: Սակայն որքան էլ ճանապարհները հեռացնում էին եսից, վերջիվերջո նրանք մշտապես գալիս-դեմ էին առնում այդ նույն եսին: Որքան էլ, Սիդհարթան հազարավոր անգամներ խուսափեր իր եսից, միառժամանակ բնակություն հաստատելով ոչնչի մեջ, կենդանու կամ քարի մեջ, վերադարձն անխուսափելի էր, անխուսափելի էր ժամը, երբ նա վերագտնում էր ինքն իրեն՝ արեգակի կամ լուսնի ճառագայթների ներքո, ստվերներում կամ անձրևի տակ, վերստին վերստանալով ինքն իրեն, դառնալով նույն Սիդհարթան, վերստին զգայելով նախասահմանված շրջապտույտի տառապանքների շղթան:
Նրա կողքին ապրում էր Գովինդան, իր ստվերը, անցնում էր նույն ճանապարհը, ենթարկվում մի և նույն կտտանքերին: Հազվադեպ էին նրանք իրար հետ զրուցում այնպիսի բաների մասին, որոնք ծառայության ու վարժանքների պահանջներից անդին էին: Երբեմն-երբեմն երկուսով անցնում էին գյուղերի միջով՝ իրենց ու իրենց ուսուցիչների համար կերակուր մուրալու նպատակով:
- Ի՞նչ ես դու մտածում, Գովինդա,- իրենց այդ մուրացկանության ուղևորություններից մեկի ժամանակ հարցրեց Սիդհարթան,- ի՞նչ ես կարծում, արդյո՞ք մենք առաջ ենք գնացել: Հասե՞լ ենք մեր նպատակին:
Գովինդան պատասխանեց ու ասաց,- Մենք սովորեցինք և շարունակում ենք սովորել: Դու մեծ սամանա կդառնաս, Սիդհարթա: Դու շատ արագ յուրացրիր բոլոր խստավարժանքները, ծեր սամանաները հաճախակի զարմացք ապրեցին քո առիթով: Դու սուրբ կդառնաս, ո՜վ Սիդհարթա:
Խոսեց Սիդհարթան, - Ինձ այդպես չի թվում, բարեկամս: Այն, ինչը ես այս օրերին սովորեցի սամանաների մոտ, ո՜վ Գովինդա, այդ ամենը շատ արագ ու հեշտությամբ կարող էի ինքնուրույն էլ սովորել: Պոռնկական թաղամասի յուրաքանչյուր պանդոկում, բարեկամս, կառապանների ու վեգ խաղացողների շրջապատում ես այդ ամենը կսերտեի:
Խոսեց Գովինդան, - Սիդհարթան անշուշտ կատակում է ինձ հետ: Ինչպե՞ս դու կարող էիր ինքնախորասուզումը, շնչառության պահումը, սովի ու ցավի նկատմամբ անզգայունակությունը սովորել այդ տառապյալների մոտ:
Եվ Սիդհարթան կամացուկ ասաց, ասես ինքն իր հետ խոսելիս լիներ.
- Ի՞նչ է ինքնախորասուզումը: Ի՞նչ ասել է մարմնից հրաժարումը: Ի՞նչ է ծոմ պահելը կամ ի՞նչ ասել է շնչառության կանգառումը: Դա փախուստ է եսից, դա մի կարճատև փախուստ է սեփական եսի կեցության տառապանքներից, կյանքի անիմաստության ու ցավի հանդեպ մի կարճաժամկետ ինքնաթմրեցում: Այդ նույն փախուստը, այդ նույն ժամանակավոր ընդարմացումը եզնարածը գտնում է իջևանատանը, երբ նա մի քանի գավաթ բրնձագինի է ըմբոշխնում կամ էլ՝ եփ գալուց թթվեցված կոկոսի կաթ: Այդժամ նա այլևս իր եսը չի զգում, այդժամ նա այլևս չի զգում կյանքի տառապանքները, այդժամ նա ժամանակավորապես ընդարմացում է գտնում: Բրանձագինու գավաթի վրա նիրհած միջոցին նա գտնում է նույն բանը, ինչ Սիդհարթան ու Գովինդան են գտնում, երբ երկարատև վարժանքների արդյունքում նրանք հեռանում են իրենց մարմնավոր թաղանթից և բնակություն հաստատում ոչ-եսի մեջ: Այսպես է հարցը դրված, ո՜վ Գովինդա:
Եվ ասաց Գովինդան.
- Հիմա դու այդպես ես խոսում, ո՜վ բարեկամ, սակայն շատ լավ գիտես, որ Սիդհարթան բնավ էլ եզնարած չէ և ոչ էլ սամանան՝ հարբեցող: Ճիշտ է, հարբեցողը ընդարմացում է գտնում, ճիշտ է, որ նա ժամանակավոր ապաստարան ու հանգիստ է գտնում, բայց նրա ինքնախաբկանքը շուտով ցնդում-անցնում է ու նա վերստին հայտնվում է իր նախկին վիճակում, դրանից նա ավելի իմաստուն չի դառնում, ճանաչողական գիտելիքներ չի հավաքում, ավելի բարձր աստիճանի չի բարձրանում:
Եվ Սիդհարթան ժպիտով պատասխանեց դրան.
- Ես չգիտեմ, ես երբեք հարբեցող չեմ եղել: Բայց այն, որ ես՝ Սիդհարթաս, իմ վարժանքներում ու ինքնասուզումներում միայն կարճ ժամանակով եմ ընդարմացում գտնում և նույնքան հեռու եմ գտնվում իմաստնությունից ու փրկությունից, ինչպես որ մորս որովայնում պահ տված երեխայության միջոցին, դա ես գիտեմ, Գովինդա, ես դա գիտեմ:
Մեկ ուրիշ անգամ էլ, երբ Սիդհարթան Գովինդայի հետ լքեց անտառը՝ գյուղերից մեկում իրենց եղբայրների ու ուսուցիչների համար մի քիչ կերակուր մուրալու նպատակով, Սիդհարթան սկսեց խոսել և ասաց.
- Հիմա՞ ինչ կասես, Գովինդա, հիմա մենք ճշմարիտ ճանապարհի վրա՞ ենք: Այժմ արդեն մենք ընդհուպ մոտեցե՞լ ենք ճանաչողությանը, բարձրագույն գիտակցությանը: Մոտեցե՞լ ենք մենք արդյոք փրկությանը: Իսկ գուցե մենք բնավ էլ շրջանակի մեջ չենք ընթանում, մենք, որ շրջապտույտից ազատվել, փախչել էինք մտածում:
Գովինդան պատասխանեց և ասաց.
- Մենք շատ բան սովորեցինք, Սիդհարթա, բայց դեռ շատ բաներ էլ կան սովորելու: Մենք շրջանակի մեջ չենք ընթանում, մենք դեպի վերև ենք ընթանում, շրջանակը մի ոլորապտույտ պարույր է, որոշ աստիճաններ մենք արդեն բարձրացել ենք:
Պատասխանեց Սիդհարթան.
- Ի՞նչ տարիքի կլինի, քո կարծիքով, մեր ամենատարեց սամանան, մեր պատվարժան ուսուցիչը:
Խոսեց Գովինդան.
- Ամենածեր սամանան գուցե կլինի մի վաթսուն տարեկան:
Սիդհարթան վրա բերեց.
- Նա արդեն բոլորել է իր վաթսուն տարին, բայց Նիրվանային դեռ չի հասել: Նա կդառնա յոթանասուն տարեկան, ապա և ութսուն, ես ու դու էլ, մենք ևս կծերանանք ու կշարունակենք վարժանքներ կատարել, ծոմ պահել ու մեդիտացիաներ անել: Բայց Նիրվանային մենք չենք հասնի, ո՛չ նա, ո՛չ էլ մենք: Ո՜վ Գովինդա, ես կարծում եմ, որ գոյություն ունեցող բոլոր սամանաներից գուցե և ոչ ոք, ոչ մեկը Նիրվանային չի հասնի: Մենք գտնում ենք մխիթարություններ, սփոփանք, մենք գտնում ենք ընդարմացումներ, ուսանում հմուտ ճարտարություններ, որոնցով ինքներս մեզ խաբում ենք: Սակայն ամենակարևորը՝ ուղիների ուղին, մենք այդպես էլ չենք գտնում:
- Դու չե՞ս կարող,- խոսեց Գովինդան,- այդօրինակ սարսափելի բառեր չարտասանել, Սիդհարթա... Ինչպե՞ս կարող է պատահել, որ այդքան գիտուն այրերի մեջ, այդքան բրահմանների, այդքան շատուշատ կորովի ու արժանապատիվ սամանաների մեջ, այդքան որոնողների, այդքան եռանդուն ինքնասույզների թվում, այդքան սուրբ մարդկանց մեջ ոչ ոք ուղիների ուղին չգտնի:
Սիդհարթան սակայն խոսեց մի այնպիսի ձայնով, որն իր մեջ այնքա՜ն տխրություն ու ինքնահեգնանք էր պարունակում, անչափ կամացուկ, փոքր-ինչ տխուր, մի քիչ էլ ծաղրական ու հեգնախառն հնչերանգով.
- Շուտով, Գովինդա, քո բարեկամը կթողնի սամանաների այս ուղին, որը նա այս էլ այսքան երկար ժամանակ քեզ հետ միասին անցել է: Ես տոչորվում եմ ծարավից, ո՜վ Գովինդա, և այս երկարուձիգ սամանայական ուղում իմ ծարավը դույզն-ինչ չպակասեց: Ես մշտապես ծարավի եմ եղել առ ճանաչողությունը, ես մշտապես հարցականներով լեցուն եմ եղել: Ես հարցուփորձ եմ արել բրահմաններին, տարիներ շարունակ, հարցախուզել եմ սուրբ Վեդաներին, նույնպես տարիներ շարունակ, հեզաբարո սամանաներին եմ հարցումներ ուղղել, երկար ու ձիգ տարիներ շարունակ: Գուցե, ո՜վ Գովինդա, նույնքան լավ և ճիշտ կլիներ, նույնքան խելամիտ ու նույնքան կազդուրիչ կլիներ, եթե ես ռնգեղջյուր-թռչունին կամ շիմպանզեներին հարցախույզ արած լինեի: Երկար ժամանակ ինձանից պահանջվեց և դեռ վերջին չեմ հասել այս մեն-միակ բանը հասկանալու համար, ո՜վ Գովինդա. այն, որ հնարավոր չէ որ¢իցե բան սովորել... Ես կարծում եմ, որ իրականում չկա, գոյություն չունի այն բանը, ինչը մենք «սովորել» ենք անվանակոչում: Կա, գոյություն ունի, բարեկամս, միայն մի՛ գիտելիք, որն ամենուր է և դա Աթմանն է, այն իմ մեջ է և քո մեջ և յուրաքանչյուր էակի մեջ: Եվ ահա ես սկսում եմ հավատալ, որ ճանաչողությունը, գիտությունը չունի ավելի կատաղի թշնամի, քան գիտենալու ցանկությունն է, քան սովորելը:
Այդժամ Գովինդան կանգ առավ ճանապարհի մեջտեղում, բարձրացրեց ձեռքերն ու ասաց.
- Սիդհարթա, դու չե՞ս կարող քո ընկերոջը նման ճառերով չվախեցնել... Քո խոսքերն, իսկապես, վախ են արթնացնում իմ սրտում: Դու միայն մտածիր. էլ ու՞ր մնաց աղոթքի սրբությունը, ու՞ր մնաց բրահմանական դասի արժանապատվությունը, ու՞ր մնաց սամանաների սրբազնությունը, եթե այդ ամենը այնպես լիներ, ինչպես դու ես ասում, եթե ուսուցում գոյություն չունենար... Ի՞նչ կլիներ, ո՜վ Սիդհարթա, ի՞նչ կլիներ այն ամենի հետ, ինչը սուրբ է երկրիս երեսին, ինչն արժեքավոր է ու մեծարանքի արժանի...
Եվ Գովինդան մի հատված մրմնջաց ինքն իր համար, Ուպանիշադից մի կտոր.
Ով խորհրդածելով, մաքրամաքուր մտքով, խորասուզվում է Աթմանի մեջ,
Խոսքերի միջոցով անարտահայտելի է նրա սրտի երանությունը:
Սակայն Սիդհարթան լուռ էր: Նա մտածում էր այն խոսքերի մասին, որոնք Գովինդան ուղղել էր իրեն, և մտածում էր այդ խոսքերի մասին մինչև ամենավերջին հնչյունը:
Այո, մտածում էր նա, գլուխը խոնարհած դիրքով կանգնած, ի՞նչ է մեզ մնում այն ամենից, ինչը մեզ սուրբ է պատկերանում: Ի՞նչ է մնում: Կա՞ պիտանացու մի բան: Եւ նա տարուբերում էր գլուխը:
Սամանաների մոտ ապրելու ու վարժանքներ կատարելու երեք տարին լրանալուն պես, առաջին անգամը լինելով, ինչ-ինչ դուզնաքյա ու զարտուղի ճանապարհներով, երկու պատանիներին հասավ մի լուր կամ ասեկոսե, գուցե առասպել. Հայտնվել էր մեկը, որին կոչում էին Գոթամա, Վեհագույնը, Բուդդան, որն իր մեջ հաղթահարել էր աշխարհի տառապանքը և կանգնեցրել էր վերածնությունների, վերամարմնացումների անիվը: Ուսուցանելով, պատանիներով շրջապատված, նա թափառում էր երկրով մեկ, աշխարհից աշխարհ, առանց կայքի, տնանկ, անկողակից, ճգնակյացի դեղին թիկնոցով, բայց կայտառ ճակատով, երանելի մեկը, և բրահմաններն ու իշխանները խոնարհվում էին նրա առաջ ու նրան աշակերտ դառնում:
Այս առասպելը, այս ասեկոսեն, այս հեքիաթը տարփողվում էր այս ու այնտեղ, հույզ ու խանդ սփռելով շուրջբոլորը, քաղաքներում բրահմաններն այդ մասին էին խոսում, անտառներում՝ սամանաները, ամենուր և մշտապես հնչում էր Գոթամայի անունը՝ Բուդդայի, պատանիների ականջներում, չարերի ու բարիների, դրվատական փառաբանությունների ու պարսավանքի տեսքով:
Ինչպես որ մի երկրում ժանտախտն է տիրապետություն հաստատում, և լուրը սկսում է թևածել, այս ու այնտեղ անպայման հայտնվում է մեկը, մի իմաստուն, գիտուն մի այր, որի խոսքն ու հագագը բավական են, որպեսզի ապաքինեն յուրաքանչյուր վարակվածի, և ինչպես որ այնուհետև այդ լուրը կտրում-անցնում է երկրով մեկ և ամեն ոք նրանից է խոսում, շատերն հավատում են, շատերն էլ կասկածում, շատերն էլ, սակայն, շուտով ճանապարհ են ընկնում իմաստունին, փրկչին որոնելու, այդպես էլ՝ երկրով մեկ կտրեց-անցավ այն առասպելը, այն բուրումնավետ ասքը Գոթամայի՝ Բուդդայի մասին, Սաքյա ցեղից սերող իմաստունի: Հավատացողներն ասում էին, որ նա տիրապետում էր բարձրագույն ճանաչողությանը, նա հիշում է իր նախկին կյանքը, նա հասել էր Նիրվանային և այլևս երբեք չէր վերադառնալու շրջապտույտի մեջ, այլևս երբեք չէր ընկղմվելու կերպարանքների պղտոր հորձանուտը: Շատուշատ հիասքանչ ու անհավատալի բաներ էին պատմվում նրա մասին, նա հրաշքներ էր գործել, սատանային հաղթել, խոսել էր աստվածների հետ: Նրա թշնամիներն ու չհավատացողները, սակայն, ասում էին, որ այդ Գոթաման կեղծ գայթակղիչ է, նա իր օրերն անցկացնում է բարեկեցության մեջ, արհամարհում էր զոհաբերումները, բնավ ուսյալ կամ գիտուն մեկը չէր, ոչ խստավարժանքների էր տիրապետում, ոչ էլ՝ ինքնաձաղկմանը:
Քաղցր էր հնչում Բուդդայի մասին պատմվող զրույցը, կախարդանքն էր բուրում այդ պատմություններից: Հիվանդ էր աշխարհը, ծանր էր կրել կյանքի բեռը. և ահա, տե՛ս, թվաց թե ուր որ է մի աղբյուր է ցայտելու, թվաց սուրհանդակի կանչն է օդի մեջ հնչում, սփոփիչ, փխրաբեկ, լի ազնվածին խոստումներով: Ամենուր, ուր էլ որ Բուդդայի մասին պատմող զրույցը հնչելիս լիներ, ամենուրեք, Հնդկաստանի բոլոր երկրամասերում, պատանիները սրում էին ականջները, կարոտախտի պես մի բան զգայելով, հույսով էին լցվում, և քաղաքների ու գյուղերի բրահմանորդիների շրջանում յուրաքանչյուր ուխտավոր ու օտարական մեծարանքի ու բարիողջույնի էր արժանանում, եթե նա լուր էր բերում նրա մասին, նրա՝ Վեհագույնի, Սաքյամունիների տոհմից սերողի վերաբերյալ:
Զրույցը թափանցեց նաև անտառաբնակ սամանաների շարքերը, հասավ նաև Սիդհարթային, նաև Գովինդային գտավ թևածող զրույցը, դանդաղ, կաթիլ առ կաթիլ, յուրաքանչյուր կաթիլը հույսով ծանրացած, յուրաքանչյուր կաթիլը ծանրացած տարակուսանքից: Նրանք քիչ էին խոսում այդ մասին, քանի որ սամանաներից ամենատարեցը այդ առասպելի հանդեպ բարեկամաբար չէր տրամադրված: Նա ենթադրում էր, որ այդ կարծեցյալ Բուդդա կոչվածը նախկինում մի ճգնավոր պետք է եղած լիներ, անտառաբնակ մեկը, որն հետագայում բարեկեցությանն ու աշխարհային հաճույքներին էր վերստին վերադարձել, այնպես որ այդ Գոթաման նրան բնավ չէր հետաքրքրում:
- Ո՜վ Սիդհարթա,- մի անգամ խոսեց Գովինդան իր բարեկամի հետ:- Այսօր ես գյուղ էի այցելել, և բրահմաններից մեկն ինձ իր տուն հրավիրեց ու նրա հարկի ներքո ես հանդիպեցի Մագադհայից եկած մի բրահմանորդու, որն իր սեփական աչքերով էր տեսել Բուդդային և լսել նրա քարոզը: Ճշմարիտ եմ ասում, կրծքիս տակ շնչառությունս ցավեցնելու չափ ճնշեց ինձ, ու ինքս ինձ մտածեցի. արդյո՞ք ինձ էլ, արդյոք մեզ երկուսիս էլ, Սիդհարթային ու ինձ, բախտ կվիճակվի այդ կատարյալ սուրբ մարդու բերանից նրա ուսմունքը լսել... Դե խոսի՛ր, բարեկամ, չգնա՞նք մենք էլ այնտեղ՝ լսելու համար Բուդդայի ուսմունքը նրա իսկ շուրթերից:
Սիդհարթան ասաց.
- Ո՜վ Գովինդա, ես մշտապես կարծել եմ, թե Գովինդան կմնա սամանաների մոտ, ես միշտ հավատացած եմ եղել, թե դա է նրա նպատակը. դառնալ վաթսուն, յոթանասուն տարեկան և մշտապես զբաղվել սամանաների մշակած ճարտարարվեստով ու խստավարժանքներով: Բայց արի ու տես, որ ես Գովինդային լավ չեմ ճանաչել, շատ քիչ բան եմ իմացել նրա սրտի մասին: Հիմա, թանկագինս, դու ուրեմն ուզում ես մի նոր ուղի բացել և գնալ այնտեղ, ուր Բուդդան է իր ուսմունքը քարոզում:
Գովինդան ասաց.
- Դու միայն հեգնում ես: Դու դեռ շա՞տ պետք է այդպես հեգնանքով խոսես... Բայց արդյո՞ք քո մեջ էլ ցանկություն կամ փափագ չի արթնացել լսելու այդ ուսմունքը: Եվ դու չէի՞ր, որ մեկ անգամ ինձ ասացիր, թե դու այլևս երկար չպետք է ընթանաս սամանաների ճանապարհով:
Այդժամ Սիդհարթան ժպտաց միայն իրեն հատուկ ժպիտով, ընդ որում՝ նրա ձայնի հնչողությունը տխրության ու հեգնանքի խառը նրբերանգներ ընդունեց, ու նա ասաց.
- Դու շատ ճիշտ, իսկապես ճիշտ խոսեցիր, Գովինդա, և ճիշտ հիշեցիր այն, ինչը նաև ինձ հիշեցրիր: Բայց այդ դեպքում դու այն մյուսն էլ կարող էիր հիշել, որ ինձանից էիր լսել, այն, որ ես թերահավատությամբ եմ վերաբերում և հոգնել եմ ամեն տեսակ ուսմունքներից ու ուսուցողություններից, և որ իմ հավատը քիչ վստահություն է տածում այն խոսքերի նկատմամբ, որոնք ուսուցիչների միջոցով են մեզ լսելի դառնում: Բայց թող այդպես լինի, սիրելիս, ես պատրաստ եմ այդ ուսմունքը լսելու, չնայած ես իմ սրտի մի անկյունում կարծում եմ, որ մենք արդեն իսկ ճաշակել ենք այդ ուսմունքի լավագույն պտուղը:
Խոսեց Գովինդան.
- Քո պատրաստակամությունը ուրախացնում է իմ սիրտը: Բայց ասա՛ ինձ, ինչպե՞ս է դա հնարավոր: Ինչպե՞ս կարող է Գոթամայի ուսմունքը, դեռևս այն չունկնդրած, արդեն իսկ մեզ պարգևած լինի իր լավագույն պտուղը:
Խոսեց Սիդհարթան և ասաց.
- Եկ մենք ճաշակենք այդ պտուղը, իսկ մնացյալը թող սպասի, Գովինդա... Այդ պտուղը, սակայն, որի համար մենք արդեն իսկ երախտապարտ ենք Գոթամային, կայանում է նրանում, որ այն մեզ կտրել-հեռացնել է տալիս սամանաներից... Թե արդյո՞ք այն մեզ ուրիշ-ուրիշ, ավելի լավ բաներ էլ է ընծայելու, բարեկամս, ե՛կ դրան հանգիստ սրտով սպասենք:
Նույն օրը ևեթ սամանաներից ամենատարեցին Սիդհարթան տեղեկացրեց իր որոշման մասին, այն, որ ինքը ցանկանում է լքել նրան: Նա ամենատարեց սամանային այդ մասին տեղյակ պահեց ամենայն քաղաքավարությամբ ու համեստությամբ, որպիսին պատշաճում է պատանիներին ու աշակերտներին: Սամանան սակայն զայրացավ, կատաղության գիրկն ընկավ, լսելով, որ երկու պատանիներն էլ ուզում են իրեն լքել, բարձրաձայն գոռգոռաց, լուտանքներ տեղաց, հանդիմանական արտահայտություններ թույլ տվեց նրանց հասցեին:
Գովինդան վախեցավ ու շփոթության մեջ ընկավ, Սիդհարթան, սակայն, շրթունքները մոտեցրեց Գովինդայի ականջին ու կամացուկ շշնջաց.
- Հիմա ես ծերունուն ցույց կտամ, որ ես ինչ-որ բան, համենայնդեպս, սովորել եմ իրենից:
Քանի որ նա շատ մոտ էր կանգնած սամանային, հոգին կրծքի տակ հավաքած՝ իր հայացքով նա որսաց ծերունու հայացքը, հմայեց նրան, սպանեց, կամազրկեց նրան, ենթարկեցրեց իր կամքին, հրամայելու պես կարգադրեց նրան անձայն անելու այն, ինչ ինքը նրանից պահանջում էր: Ծերունին պապանձվեց, նրա հայացքը սառեց, կամքը կաթվածահար եղավ, ձեռքերը անուժ կախ ընկան, այդպես ուժատ ու անզոր նա ենթարկվեց Սիդհարթայի կախարդանքին: Սիդհարթայի մտքերն, այսպիսով, տիրապետություն հաստատեցին սամանայի վրա, հաղթեցին նրան, և վերջինս պետք է կատարեր այն, ինչ այդ մտքերն էին կարգադրում: Այսպես ծերունին մի քանի անգամ գլուխը խոնարհեց, օրհնության բարեբանյալ շարժումներ արեց, կակազելով՝ ճանապարհի բարեմաղթանքներ ուղղեց պատանիներին: Վերջիններս էլ երախտագիտությամբ պատասխանեցին՝ գլխահակ խոնարհումով, կրկնեցին իրենց ցանկությունը, հրաժեշտի ողջույններ արտաբերելով ետ-ետ քաշվեցին ու հեռացան:
Ճանապարհին Գոթաման ասաց.
- Ո՜վ Սիդհարթա, դու սամանաների մոտ ավելին ես սովորել, քան ես կարծում էի: Դա շատ դժվար է, անչափ դժվար բան է զառամյալ սամանային հմայելը: Իսկապես, եթե դու այնտեղ մնալու լինեիր, շատ շուտով կսովորեիր նաև ջրերի վրայով քայլել:
- Ես բնավ չեմ տենչում և չեմ երազում ջրերի վրայով քայլել,- ասաց Սիդհարթան:- Թող այդ տարեց սամանաները իրենց այդ ճարտարարվեստով գոհանան:
=== ԳՈԹԱՄԱ ===
Սավաթհի քաղաքում յուրաքանչյուր երեխա գիտեր վսեմափայլ Բուդդայի անունը և ամեն տուն պատրաստ էր պատանի Գոթամայի՝ լռելյայն խնդրարկուի ողորմության թասը լցնել: Քաղաքի մերձակայքում գտնվում էր Գոթամայի նախասիրած բնակատեղին՝ Յեթավանա կոչված այգին, որը մեծահարուստ վաճառական Անաթապինդիկան՝ Վեհագույնի հավատարիմ երկրպագուն, նվիրաբերել էր նրան ու նրա հետևորդ-աշակերտներին :