=== XI. Աշխարհի նպատակը և կյանքի նպատակը (Մարդու կոչումը) (127) ===
Մարդկության հոգևոր կյանքում զանազան հոսանքների մեջ կա մեկը, որ կարելի է անվանել նպատակի հասկացության հաղթահարում այն ոլորտներում, որոնց այդ հասկացությունը չի պատկանում։ ''Նպատակահարմարությունը '' որոշակի ձև է երևույթների հաջորդականության մեջ։ Նպատակահարմարությունն, արդարև, իրական է միայն այն դեպքում, երբ ի տարբերություն պատճառի և հետևանքի այն հարաբերության, որտեղ նախորդող իրադարձությունը որոշարկում է հաջորդողին, ընդհակառակը, հաջորդող իրադարձությունն է որոշարկող ազդեցություն թողնում նախորդողի վրա։ Այս հանգամանքը ամենից առաջ առկա է միայն մարդու գործողությունների ժամանակ։ Մարդը կատարում է գործողություն, որն ինքը ''նախապես '' պատկերացնում է, և այս պատկերացումը որոշարկում է նրա գործողությունը։ Հաջորդողը՝ գործողությունը, պատկերացման օգնությամբ ազդում է նախորդողի՝ գործող մարդու վրա։ Բայց պատկերացմամբ արվող այս շրջանցումը միանգամայն անհրաժեշտ է նպատակահարմար կապի համար։
Պատճառի և հետևանքի տրոհվող պրոցեսի մեջ պետք է տարբերել ընկալումը հասկացությունից։ Պատճառի ընկալումը նախորդում է հետևանքի ընկալմանը մեր գիտակցության մեջ պատճառն ու հետևանքը կգոյատևեին պարզապես կողք-կողքի, եթե մենք չկարոդանայինք դրանք միացնել իրար իրենց համապատասխան հասկացություններով։ Հետևանքի ընկալումը միշտ միայն կարող է հետևել պատճառի ընկալմանը։ Եթե հետևանքը ռեալ ազդեցություն պիտի թողնի պատճառի վրա, ապա այդ բանը հնարավոր է միայն հասկացութային գործոնի շնորհիվ։ Քանզի հետևանքի ընկալումային գործոնը պարզապես գոյություն չունի պատճառի ընկալումային գործոնից առաջ։ Ով պնդում է, թե ծաղիկն արմատի նպատակն է, այսինքն՝ առաջինը ազդեցություն ունի մյուսի վրա, կարող է դա պնդել ծաղկի այն գործոնի առնչությամբ, որի առկայությունը ծաղկի մեջ նա հավաստում է իր մտածողությամբ։ Ծաղկի ընկալման գործոնը արմատի առաջացման ժամանակ դեռ գոյություն չունի։ Նպատակահարմար կապի համար, սակայն, անհրաժեշտ է ոչ թե հաջորդողի սոսկ գաղափարային, օրինաչափ կապը նախորդողի հետ, այլ հետևանքի հասկացությունը (օրենքը) պետք է ռեալ կերպով, ընկալելի պրոցեսի միջոցով ազդի պատճառի վրա։ Բայց որևէ հասկացության ընկալելի ազդեցություն մեկ այլ բանի վրա նկատելի է միայն մարդու գործողությունների դեպքում։ Ուրեմն, այստեղ է միմիայն կիրառելի նպատակի հասկացությունը։ Միայն ընկալելին արժևորող նաիվ գիտակցությունը փորձում է, ինչպես շարունակ նշել ենք, ընկալելի բան փոխադրել նաև այնտեղ, որտեղ ճանաչվում է միայն գաղափարայինը։ Ընկալելի իրադարձության մեջ այն փնտրում է ընկալելի կապեր կամ, եթե չի գտնում, ''հորինում է '' այդպիսիք։ Սուբյեկտիվ գործողության մեջ համարում ունեցող նպատակի հասկացությունը հարմար տարր է նման հորինյալ կապերի համար։ Նաիվ մարդը գիտի, թե ինչպես գլուխ բերի իրադարձություն, և դրանից հետևություն է անում, որ բնությունն էլ այդպես կվարվի։ Զուտ գաղափարային բնութենական կապերի մեջ նա տեսնում է ոչ միայն անտեսանելի ուժեր, այլև անընկալելի իրական նպատակներ։ Մարդը նպատակահարմար է դարձնում իր գործիքները. նույն բաղադրատոմսով նաիվ ռեալիստը օրգանիզմներ է կառուցել տալիս արարչին։ Նպատակի այս սխալ հասկացությունը անհետանում է գիտություններից միայն խիստ աստիճանաբար։ Փիլիսոփայության մեջ այն դեռ հիմա էլ սարքում է մեծ անկարգություններ։ Այստեղ հարց է տրվում աշխարհի արտաշխարհային նպատակի, մարդու արտամարդկային կոչման (հետևաբար նաև նպատակի) և այլնի մասին։
Մոնիզմը մերժում է նպատակի հասկացությունը բոլոր ոլորտներում, բացառությամբ միայն մարդու գործողությունների։ Այն փընտրում է բնության օրենքներ, բայց ոչ՝ բնության նպատակներ։ ''Բնության նպատակները '' անընկալելի ուժերի պես կամայական ենթադրություններ են (էջ 82 և հաջորդը)։ Բայց մոնիզմի տեսակետից չարդարացված ենթադրություններ են նաև կյանքի նպատակները, եթե դրանք մարդն ինքը չի դնում իր առջև։ Նպատակալից է միայն այն, ինչ մարդն է հենց դարձրել այդպիսին, քանզի գաղափարի իրագործմամբ է միայն առաջանում նպատակահարմար բան։ Բայց գաղափարը ռեալիստական իմաստով դառնում է գործուն միայն մարդու մեջ։ Ուստի և մարդկային կյանքն ունի միայն այն նպատակն ու կոչումը, որ մարդն է այդ կյանքին տալիս։ Հարցին, թե մարդն ի՞նչ խնդիր ունի կյանքում, մոնիզմը կարող է միայն պատասխանել՝ այն խնդիրը, որ ինքն է իր առջև դնում։ Իմ առաքելությունն աշխարհում կանխորոշված չէ, ամեն անգամ ես եմ ինձ համար այն ընտրում։ Ես նախանշված ուղերթով չէ, որ սկսում եմ իմ կենսուղին։
Գաղափարները նպատակահարմար ձևով իրագործվում են միայն մարդկանց միջոցով։ Ուստի և տեղին չէ խոսել այն մասին, թե պատմությունն է մարմնավորում գաղափարները։ Բոլոր նմանատիպ արտահայտությունները, ինչպես օրինակ, «պատմությունը մարդկանց զարգացումն է դեպի ազատություն» կամ բարոյական աշխարհակարգի կենսագործումը և այլն, մոնիստական հայեցակետից խախուտ են։
Նպատակի հասկացության կողմնակիցները կարծում են, թե այդ հասկացությամբ ստիպված են հրաժարվել աշխարհի ամենայն կարգից ու միասնականությունից։ Լսենք, օրինակ, Ռոբերտ Համերլինգին («Կամքի ատոմիստիկա», հ. II, էջ 201). «Քանի դեռ բնության մեջ կան ''մղումներ '', հիմարություն է բնության մեջ ժխտել նպատակները»։
Ինչպես մարդու մարմնի որևէ ''անդամի '' տեսքը որոշարկված ու պայմանավորված չէ այդ անդամի՝ օդում ճախրող ինչ-որ ''գաղափարով '', այլ՝ առավել մեծ ամբողջի՝ մարմնի հետ կապով, որին պատկանում է անդամը, այդպես էլ յուրաքանչյուր բնութենական էակի՝ բույս լինի, կենդանի թե մարդ, կառուցվածքը չի որոշարկված ու պայմանավորված այդ էակի՝ օդում ճախրող գաղափարով, այլ բնության առավել մեծ, նպատակահարմար կերպով դրսևորվող և ձևավորվող ամբողջի ձևային սկզբունքով»։ Եվ նույն հատորի 191 էջը. «Նպատակի մասին ուսմունքն ընդամենը պնդում է, որ ''չնայած '' այս արարածային կյանքի հազարավոր անհարմարություններին ու տանջանքներին, բնության կառույցներում ու զարգացումներում անուրանալի է ինչ-որ բարձր նպատակահարմարության և պլանաչափության գոյությունը, բայց այնպիսի նպատակահարմարության և պլանաչափության, որն իրագործվում է միայն բնութենական օրենքների շրջանակներում և չի կարող ձգտել ինչ-որ հեքիաթային աշխարհի, որտեղ կյանքին չհակադրվեր մահը, զարգացմանը՝ անցողիկությունը, բոլոր քիչ թե շատ անհաճո, բայց անպայմանորեն անխուսափելի միջանկյալ աստիճաններով հանդերձ։
Եթե նպատակի հասկացության հակառակորդները կիսատ կամ ամբողջական, կարծեցյալ կամ իրական աննպատակահարմարությունների՝ մեծ չարչարանքով դիզված ինչ-որ աղբակույտ են հակադրում նպատակահարմարության հրաշքներով մի աշխարհի, ինչ պիսին բնությունը երևան է հանում բոլոր ոլորտներում, ապա ես նաև դա եմ համարում ծիծաղելի»։
Ի՞նչն է այստեղ նպատակահարմարություն անվանվում։ Ընկալումների ներդաշնակում որևէ ամբողջի մեջ։ Բայց քանի որ բոլոր ընկալումների հիմքում ընկած են օրենքներ (գաղափարներ), որ գտնում ենք մեր մտածողությամբ, ապա որևէ ընկալումային ամբողջության անդամների պլանաչափ ներդաշնակումը գաղափարների որևէ ամբողջության՝ այդ ընկալումային ամբողջության մեջ պարունակվող անդամների հենց գաղափարային ներդաշնակումն է։ Եթե ասվում է, որ կենդանին կամ մարդը որոշարկված չէ ''օդում ճախրող ինչ-որ գաղափարով '', ապա դա սխալ արտահայտություն է, և այս դատապարտված տեսակետը արտահայտության ճշգրտման ժամանակ ինքնին կորցնում է անհեթեթ բնույթը։ Կենդանին, անշուշտ, որոշարկված է ոչ թե օդում ճախրող ինչ-որ գաղափարով, այլ բնածին և նրա օրինաչափ էությունը կազմող գաղափարով։ Եվ քանի որ գաղափարն իրից դուրս չէ, այլ գործում է նրանում որպես սեփական էություն, այդ պատճառով էլ չի կարող խոսք լինել նպատակահարմարության մասին։ Նա, ով ժխտում է, որ բնութենական էակը որոշարկված է դրսից (օդում ճախրող գաղափարով թե արարածից ''դուրս '' աշխարհի արարչի ոգում գոյու-թյուն ունեցող գաղափարով՝ այս կապակցությամբ բոլորովին միևնույն է), նա էլ հենց ստիպված է խոստովանել, որ այդ էակը որոշարկվում է ոչ թե դրսից նպատակահարմար կերպով ու պլանաչափորեն, այլ՝ ներսից պտտճառականորեն և օրինաչափորեն։ Ես միայն այն դեպքում եմ նպատակահարմար տեսք տալիս մեքենային, երբ նրա մասերը դնում եմ այնպիսի փոխկապակցության մեջ, որ ի բնե չունեն։ Այդ դեպքում կառուցվածքի նպատակահարմարն այն է, որ ես մեքենայի գործելու եղանակը դնում եմ մեքենայի հիմքում որպես դրա գաղափար։ Դրանով մեքենան դառնում է ընկալման օբյեկտ համապատասխան գաղափարով։ Այսպիսի էակներ են նաև բնութենական էակները։ Ով նպատակահարմար է համարում իրը նրա օրինաչափ կազմության պատճառով, նա այդ անվանումը կտա նաև բնութենական էակներին։ Միայն թե այդ օրինաչափությունը չպետք է շփոթել մարդկային սուբյեկտիվ գոր-ծողությունների օրինաչափության հետ։ Բանն այն է, որ նպատակի համար միանգամայն անհրաժեշտ է, որ գործող պատճառը հասկացություն լինի, և հենց հետևանքի հասկացությունը։ Բայց բնության մեջ ոչ մի տեղ չկան հասկացություններ որպես պատճառ-ներ. հասկացությունը մշտապես հանդես է գալիս միայն որպես պատճառի և հետևանքի գաղափարային կապ։ Պատճառները բնության մեջ առկա են միայն ընկալումների ձևով։
Դուալիզմը կարող է խոսել աշխարհի և բնության նպատակների մասին։ Որտեղ մեր ընկալման համար դրսևորվում է պատճառի և հետևանքի օրինաչափ կապ, այդտեղ դուալիստը կարող է ենթադրել, թե մենք տեսնում ենք միայն արտատիպը մի կապի, որի մեջ բացարձակ համաշխարհային էակն իրագործել է իր նպատակները։ Մոնիզմի համար ոչ թե ապրելի, այլ միայն ենթադրաբար եզրակացված բացարձակ համաշխարհային էակով վերանում է նաև աշխարհի ու բնության նպատակներ ենթադրելու հիմքը։
''1918 թվականի նոր հրատարակության հավելում։ '' Վերոշարադրյալի մասին անկանխակալորեն խորհրդածելիս անհնար է հանգել այն տեսակետին, թե շարադրանքիս հեղինակը արտամարդկային փաստերի համար ժխտելով նպատակի հասկացությունը՝ կանգնած է եղել այն մտածողների հողի վրա, ովքեր չընդունելով այս հասկացությունը իրենց համար հնարավորություն են ստեղծում մարդու գործունեությունից դուրս եղած ամեն բան,- և ապա նաև այդ գործունեությունը,- ըմբռնելու որպես ''սոսկ '' բնութենական անցուդարձ։ Դրանից պիտի որ պաշտպանի արդեն իսկ այն հանգամանքը, որ մտածողական պրոցեսը այս գրքում ներկայացվում է որպես զուտ ''ոգեղեն '' պրոցես։ Եթե այստեղ նպատակի միտքը ժխտվում է նաև ոգեղեն, մարդու գործունեությունից դուրս գտնվող աշխարհի համար, ապա այն պատճառով, որ այդ աշխարհում հայտնակերպվում է առավել բարձր մի բան, քան մարդկության մեջ իրականացող նպատակը։ Իսկ եթե մոլոր միտք է համարվում մարդկային նպատակահարմարության օրինակով մտածված մարդկային ցեղի նպատակահարմար կոչումը, ապա այն իմաստով, որ առանձին մարդն է իր առջև նպատակներ դնում, իսկ դրանցից կազմվում է մարդկության համընդհանուր գործունեության արդյունքը։ Այդ արդյունքն ''առավել բարձր է '', քան դրա անդամները՝ մարդկանց նպատակները։
=== XII. Բարոյական երևակայություն (Դարվինիզմ և բարոյականություն) 132 ===
=== XIII Կյանքի արժեքը (Հոռետեսության և լավատեսություն) (142) ===