=== Հավելված երկրորդ (187) ===
Ստորև էական գծերով կվերարտադրվի այն, ինչ հանդես էր գալիս գրքիս առաջին հրատարակության մեջ որպես մի տեսակ «Առաջաբան»։ Քանի որ սա ավելի շատ տալիս է մտքերի այն տրամադրությունը, որից ելնելով ես քսանհինգ տարի առաջ գրել եմ այս գիրքը, քան ունի վերջինիս բովանդակության հետ որևէ անմիջական կապ, ես տեղադրում եմ այն այստեղ որպես «Հավելված»։ Այն ես չէի ուզենա ընդհանրապես դուրս թողնել, որովհետև շարունակ կարծիք է հայտնվում, թե ես իմ ուշ շրջանի ոգեգիտական գրվածքների պատճառով իմ վաղ գործերից ինչ-որ բան պետք է անտեսեմ։
մեր դարաշրջանը կամենում է ''ճշմարտությունը '' քաղել միայն մարդու էության խորքերից<ref> Այստեղ ամբողջովին հանված են այս շարադրանքի (առաջին հրատա-րակության) միայն ամենաառաջին ներածական նախադասությունները, որոնք ինձ այսօր միանգամայն անէական են թվում։ Բայց ինչ ասվում է հետագայում, ինձ թվում է, անհրաժեշտ է ասել նաև հիմա, չնայած մեր ժամանակակիցների բնագիտական մտածելակերպին, անգամ հենց այդ պատճառով։</ref> ։ Շիլլերի հայտնի երկու ճանապարհներից՝
<pre>
Ճշմարտություն ենք երկուսս էլ փնտրում, դու դրսում՝ կյանքում,
Ես ներսում՝ սրտում, և այդկերպ յուրաքանչյուրս էլ կգտնենք այն։
Թե աչքն է առողջ, դրսում կհանդիպի Արարչին,
Թե սիրտն է առողջ, հաստատ կարտացոլի աշխարհը ներսում,
</pre>
մեր ժամանակին նախ և առաջ կհամապատասխանի երկրորդը։ Դրսից մեզ եկող ճշմարտությունը միշտ կրում է անհաստատության կնիք։ Մենք ուզում ենք հավատալ միայն այն բանին, ինչ երևութանում է մեզանից յուրաքանչյուրին իր ներսում որպես ճշմարտություն։
Միայն ճշմարտությունը կարող է մեզ վստահություն բերել անհատական ուժերի զարգացման գործում։ Ով տանջվում է կասկածներից, նրա ուժերը թուլացել են։ Իր համար առեղծվածային աշխարհում նա չի կարող գտնել ստեղծագործման որևէ նպատակ: Մենք այլևս չենք ուզում պարզապես ''հավատալ ''. մենք կամենում ենք ''գիտենալ '': Հավատը պահանջում է ընդունել ճշմարտություններ, որոնք ամբողջովին չենք ըմբռնում։ Բայց այն, ինչ ամ-բողջովին չենք ըմբռնում, դիմագրում է անհատականին, որը կամենում է իր ամենախորին ներքինով վերապրել ամեն բան։ Մեզ կգոհացնի միայն ''գիտելիքը '', որը չի ենթարկվում ոչ մի արտաքին նորմի, այլ բխում է անձի ներքին կյանքից։
Մենք չենք ուզում նաև այնպիսի գիտելիք, որ մեկընդմիշտ ձևավորվել է սառեցված դպրոցական կանոններում և պահվում է բոլոր ժամանակների համար վավերական համառոտ ձեռնարկներում։ Մեզանից յուրաքանչյուրն իրեն իրավասու է համարում ելնելու իր մերձագույն փորձից, իր անմիջական ապրումներից, և այդտեղից բարձրանալու դեպի ողջ տիեզերքի իմացությունը։ Մենք ձգտում ենք հավաստի գիտելիքի, բայց ամեն մեկն իր ձևով։
Մեր գիտական ուսմունքները այլևս չպիտի ստանան նաև այնպիսի տեսք, որ դրանց ճանաչումն ասես անպայման հարկադրանքի գործ լինի։ Մեզանից ոչ ոք չի ուզենա գիտական գրվածքին տալ վերնագիր, ինչպես ժամանակին Ֆիխթեն. «Արևի պես պարզ հաղորդում առավել լայն հասարակությանը նորագույն փիլիսոփայության բուն էության վերաբերյալ։ ''Ընթերցողներին հասկանալ ստիպելու փորձ ''»։ Այսօր ոչ ոք չպետք է հարկադրվի հասկանալու։ Ում առանձնահատուկ, անհատական պահանջը չի մղում հայեցողության, մենք նրանից չենք պահանջում ճանաչում, ոչ էլ՝ հավանություն։ Ոչ էլ ներկայումս ուզում ենք չհասունացած մարդու՝ երեխայի գլուխն իմացություն մտցնել, այլ փորձում ենք զարգացնել նրա ընդունակությունները, որպեսզի նա այլևս ''հարկադրված '' չլինի հասկանալու, այլ ''կամենա '' հասկանալ։
Ես չեմ տրվում պատրանքի իմ դարաշրջանն այսպես բնութագրելիս։ Ես գիտեմ, թե որքան շատ կա և տարածում է ստանում անհատականությունից զուրկ շաբլոնայնությունը։ Բայց ես նույնքան լավ գիտեմ, որ իմ ժամանակակիցներից շատերը փորձում են իրենց կյանքը դասավորել նշված ուղղության ոգով։ Նրանց եմ ուզում նվիրել այս գիրքը։ Գրքիս խնդիրը չէ ներկայացնել ճշմարտության տանող «միակ հնարավոր» ճանապարհը, այլ ''պատմել '' այն ճանապարհի մասին, որ բռնել է մեկը, ում համար կարևոր է ճշմարտությունը։
Այս աշխատությունը նախ տանում է առավել վերացական ոլորտներ, որտեղ միտքը պետք է հատուկ ուրվագծեր քաշի հաստատուն կետերի գալու համար։ Բայց ցամաք հասկացություններից ընթերցողն առաջնորդվում է նաև դեպի կոնկրետ կյանք։ Բանն այն է, որ ես միանգամայն այն կարծիքին եմ, թե պետք է բարձրանալ նաև հասկացությունների եթերային տիրույթները, եթե ուզում եք բոլոր ուղղություններով ապրել կեցությունը։ Միայն զգայարաններով վայելողին անծանոթ են կյանքի համեղ պատառները։ Արևելյան իմաստունները իրենց աշակերտներին նախ խստամբեր և ասկետիկ կյանքի տարիներ են անցկացնել տալիս, մինչ նրանց կհադորդեն իրենց գիտեցածը։ Արևմուտքը գիտության համար այլևս չի պահանջում հլու վարժություններ և ճգնակեցություն, բայց դրա փոխարեն պահանջում է բարի կամք՝ կարճ ժամանակով հրաժարվելու կյանքի անմիջական տպավորություններից և մտնելու զուտ մտային աշխարհի ոլորտը։
Կյանքի բնագավառները շատ են։ Ամեն մի բնագավառի համար զարգանում են հատուկ գիտություններ։ Բայց բուն կյանքը մեկ միասնություն է, և գիտությունները որքան ավելի շատ են ձգտում խորանալու առանձին բնագավառների մեջ, այնքան ավելի են հեռանում աշխարհի կենդանի ամբողջության հայեցողությունից։ Պիտի որ լինի մի գիտելիք, որն առանձին գիտություններում փնտրի տարրեր՝ մարդուն վերստին դեպի լիարժեք կյանք ետ բերելու համար։ Մասնագետ-հետազոտողն իր իմացություններով կամենում է ձեռք բերել գիտակցություն աշխարհի և նրա ազդեցությունների վերաբերյալ. այս գրվածքում նպատակը փիլիսոփայական է՝ գիտությունը ինքը պիտի դառնա օրգանապես կենդանի։ Առանձին գիտություններն այստեղ խնդրո առարկա գիտության նախնական աստիճաններն են։ Նման հարաբերություն կա արվեստներում։ Կոմպոզիտորն աշխատում է կոմպոզիցիոն ուսմունքի հիման վրա։ Վերջինս գիտելիքների գումար է, որին տիրապետելը երգահանության անհրաժեշտ նախապայման է։ Երգահանության մեջ կոմպոզիցիոն ուսմունքի օրենքները ծառայում են կյանքին՝ ռեալ իրականությանը։ Ճիշտ նույն իմաստով փիլիսոփայությունը ''արվեստ '' է։ Բոլոր իսկական փիլիսոփաները ''հասկացությունների արվեստագետներ '' էին։ Նրանց համար մարդկային գաղափարները դառնում էին արվեստի նյութ, իսկ գիտական մեթոդը՝ գեղարվեստական տեխնիկա։ Դրա շնորհիվ վերացական մտածողությունը ձեռք է բերում կոնկրետ անհատական կյանք։ Գաղափարները դառնում են կենսական ուժեր։ Այդժամ մենք ունենում ենք ոչ թե սոսկ գիտելիք իրերի մասին, այլ գիտելիքը դարձնում ենք ռեալ, ինքն իրեն տիրապետող օրգանիզմ. մեր իրական, գործուն գիտակցությունը վեր է կանգնում ճշմարտությունների սոսկ պասսիվ ընդունումից։
Փիլիսոփայությունդ որպես արվեստ ինչպե՞ս է վերաբերվում մարդու ''ազատությանը '', ի՞նչ է վերջինս, և արդյո՞ք մենք այն ունենք կամ կկարողանա՞նք ունենալ,- սա է այս գրքի գլխավոր հարցը։ Անացած բոլոր գիտական դատողությունների առկայությունը այստեղ պայմանավորված է միայն նրանով, որ դրանք, ի վերջո, լույս են սփռում բերված, ըստ իս, մարդուն ամենաշատ հուզող հարցերի վրա։ Այս էջերում պետք է տրվի «Ազատության փիլիսոփայություն»։
Ամենայն գիտություն լոկ պարապ հետաքրքրասիրության բավարարում կլիներ, եթե չձգտեր ''մարդկային անձի կեցության արժեքի '' բարձրացմանը։ Գիտություններն իրենց իսկական արժեքը ստանում են միայն իրենց արդյունքների մարդկային նշանակության պատկերմամբ։ Անհատի վերջնանպատակը կարող է լինել ոչ թե որևէ առանձին հոգեկան կարողության ազնվացումը, այլ մեզանում ննջող բոլոր ընդունակությունների զարգացումը։ Գիտելիքն արժեք ունի միայն այն բանի շնորհիվ, որ նպաստում է ''ողջ '' մարդկային բնության ''համակողմանի '' զարգացմանը։
Ոատի և այս գիրքը գիտության ու կյանքի միջև հարաբերությունը չի ընկալում այն իմաստով, որ մարդը պետք է խոնարհվի գաղափարին և իր ուժերը նվիրաբերի նրա ծառայությանը, այլ՝ այնպես, որ տիրի գաղափարների աշխարհին՝ դրանք օգտագործելու զուտ գիտական նպատակներից վեր իր մարդկային ''նպատակների համար ''։
Պետք է կարողանալ գաղափարին դեմ ելնել ապրումով. ''այլապես '' կդառնաս նրա ստրուկը։
=== Ծանոթագրություններ (191)===
===Անվանացանկ (194) ===