Եթե այն հարաբերությունը, որով հավելյալ արժեքը տրոհվում է կապիտալի ու եկամտի, տրված է, ապա կուտակված կապիտալի մեծությունը, ակներևաբար, կախված է հավելյալ արժեքի բացարձակ մեծությունից։ Ենթադրենք, որ 80%-ը կապիտալացվում է, 20%-ը ուտվում. այդ դեպքում կուտակված կապիտալը կլինի 2 400 ֆ. ստ. կամ 1 200 ստ., նայած թե հավելյալ արժեքի ընդհանուր գումարը 3 000 թե՞ միայն 1 500 ֆ. ստ. է։ Այդպիսով, կուտակման մեծությունը որոշվելուն մասնակցում են այն բոլոր հանգամանքները, որոնք որոշում են հավելյալ արժեքի մասսան։ Այստեղ մի անգամ էլ ամփոփենք դրանք, բայց լոկ այն չափով, որչափով դրանք նոր տեսակետներ են տալիս կուտակման վերաբերմամբ։
Ինչպես հիշում ենք, հավելյալ արժեքի նորման ամենից առաջ կախված է աշխատուժի շահագործման աստիճանից։ Քաղաքատնտեսությունը այնքան բարձր է գնահատում այդ հանգամանքը, որ կուտակման արագացած աճումը աշխատանքի արտադրողական ուժի բարձրացման ազդեցությամբ, հաճախ շփոթում է կուտակման արագացման հետ, որը կատարվում է բանվորի բարձրացած շահագործման ազդեցության տակ<ref>«Ռիկարդոն ասում է. «Հասարակական զարգացման տարբեր աստիճանների վրա կապիտալի կամ աշխատանքի կիրառման (այսինքն՝ շահագործման) միջոցների կուտակումը կարող է ավելի կամ պակաս արագ լինել և բոլոր դեպքերում էլ պետք է կախված լինի աշխատանքի արտադրողական ուժերից։ Աշխատանքի արտադրողական ուժերը, ընդհանրապես, ամենից ավելի շատ են այնտեղ, որտեղ պտղաբեր հողի հավելույթ կա»։ Եթե այս նախադասության մեջ աշխատանքի արտադրողական ուժեր ասելով հասկացվում է ամեն մի արդյունքի այն մասի չնչին մեծությունը, որ ընկնում է իրենց աշխատանքով այդ արդյունքն արտադրող անձերի ձեռքը, ապա Ռիկարդոյի պնդումը սոսկ մի նույնաբանություն է, որովհետև կապիտալը կարող է կուտակվել, իհարկե, ֆոնդի մնացած մասի հաշվին, եթե այս հաճելի է նրա սեփականատիրոջը («if the owner pleases»)։ Բայց սովորաբար այդ տեղի չի ունենում հենց այնտեղ, որտեղ հողն ամենից պտղաբեր է» («Observations on certain Verbal Disputes etc.», էջ 74)։</ref>։ Հավելյալ արժեքի արտադրությանը վերաբերող բաժիններում մենք միշտ ենթադրել ենք, որ աշխատավարձն առնվազն հավասար է աշխատուժի արժեքին։ Սակայն գործնականում աշխատավարձի բռնի իջեցումն այդ արժեքից ցած՝ չափազանց կարևոր դեր է խաղում, ուստի մենք չենք կարող համառոտակի կանգ չառնել նրա վրա։ Այդ իջեցումը որոշ սահմաններում բանվորի սպառման անհրաժեշտ ֆոնդը փաստորեն դարձնում է կապիտալի կուտակման ֆոնդ։
«Աշխատավարձը,— ասում է Ջ. Ստ. Միլլը,— արտադրողական ուժ չունի. դա արտադրողական ուժերից մեկի գինն է. աշխատավարձը, ինչպես և մեքենաների գինը, բուն իսկ աշխատանքի կողքին ամենևին չի մասնակցում ապրանքների արտադրությանը։ Եթե կարելի լիներ աշխատանքը ստանալ առանց գնելու, ապա աշխատավարձը ավելորդ կլիներ»<ref>J. St. Mill: «Essays on some unsettled Questions of Political Economy». London 1844, էջ 90։</ref>։ Բայց եթե բանվորները կարողանային օղով սնվել, ոչ մի գնով նրանց վարձել չէր լինի։ Հետևաբար, ձրի աշխատանքը սահման է այս բառի մաթեմատիկական իմաստով. նրան միշտ կարելի է մոտենալ, սակայն երբեք չհասնելով նրան։ Կապիտալի մշտական տենդենցն այն է, որ բանվորներին իջեցնի այդ նիհիլիստական մակարդակին։ XVIII դարի մի գրող, «Essay on Trade and Commerce»-ի հեղինակը, որից ես հաճախ եմ ցիտատներ բերում, անգլիական կապիտալի նվիրական իղձն է լոկ մատնում, հայտարարելով, որ Անգլիայի պատմական կենսական խնդիրն է անգլիական բանվորների աշխատավարձը ֆրանսիական ու հոլանդական բանվորների աշխատավարձի մակարդակին իջեցնելը<ref>«An Essay on Trade and Commerce.». London 1770, էջ 44։ Նմանապես «Times»-ը 1866 թ. դեկտեմբերին և 1867 թ. հունվարին զետեղեց անգլիական հանքատերերի սրտի զեղումները, որոնց մեջ նկարագրվում էր բելգիական հանքագործ բանվորների երջանիկ կյանքը, որոնք այնքան են ստանում, որքան հարկավոր է իրենց գոյությունը հօգուտ «գործատերերի»
պահպանելու համար, և ուրիշ ոչինչ չեն ուզում։ Բելգիական բանվորները երկար են համբերում, բայց «Times»-ի էջերում իբրև օրինակելի բանվորներ հանդես գալ — այդ արդեն չափազանց է։ Դրա պատասխանը եղավ բելգիական հանքագործ բանվորների 1867 թ. փետրվարի գործադուլը (Մարշյենի մոտ), որ ճնշվեց վառոդով ու արճիճով։</ref>։ Նա միամտորեն ասում է, ի միջի այլոց. «Եթե մեր աղքատները (սիմվոլիկ արտահայտություն բանվորների մասին) ուզում են շքեղության մեջ ապրել... ապա նրանց աշխատանքը, իհարկե, պետք է թանկ լինի... Մազերդ ուղղակի բիզ֊բիզ են կանգնում, երբ մտածում ես այն ահռելի շռայլությունների մասին («heap of superfluties»), որոնցով աչքի է ընկնում մեր մանուֆակտուրային բանվորների սպառումը.— այստեղ կա և՛ օղի, և՛ ջին, և՛ թեյ, և՛ շաքար, արտասահմանյան պտուղներ, թունդ գարեջուր, չթեր, քթախոտ ու ծխախոտ և այլն»<ref>Նույն տեղում, էջ 44, 46։</ref>։ Այնուհետև հեղինակը ցիտատ է բերում Նորթհեմպտոնշիրի մի գործարանատիրոջ գրվածքից, որը բարեպաշտորեն հայացքը դեպի երկինք հառած ողբում է. «Աշխատանքը Ֆրանսիայում մի ամբողջ երրորդով ավելի էժան է, քան Անգլիայում, որովհետև ֆրանսիական աղքատները չարաչար աշխատում են, սննդի ու հագուստի նկատմամբ չափավոր են, և նրանց սպառման գլխավոր առարկաներն են հացը, պտուղները, բանջարները, արմտիքն ու չորացրած ձկնեղենը. նրանք շատ հազվադեպ են միս ուտում և, երբ ցորենը թանկ է, հաց քիչ են ուտում»<ref>Նորթհեմպտոնշիրի գործարանատերն այստեղ կատարում է մի բարեպաշտական խաբեբայություն, որը միանգամայն ներելի է, եթե նկատի ունենանք նրա սրտի տանջանքները։ Նա իբր թե անգլիական ու ֆրանսիական մանուֆակտուրային բանվորների կյանքն է համեմատում, մինչդեռ ցիտատ բերված տեղում նա նկարագրում է, ինչպես հետո ինքն էլ խոստովանում է, ֆրանսիական գյուղատնտեսական բանվորի կյանքը։</ref>։ «Բացի դրանից,— շարունակում է ուրվագծի հեղինակը,— նրանց խմելիքը ջուրն է կամ նման թույլ ըմպելիքները, այնպես որ նրանք իսկապես ապշեցուցիչ քիչ փող են ծախսում... Անշուշտ, դժվար է իրերի այդպիսի դրության հասնելը, սակայն նրան կաբելի է հասնել, ինչպես որ այդ ապացուցում է իրերի այդ դրության գոյությունը և՛ Ֆրանսիայում, և՛ Հոլանդիայում»<ref>«An Essay օո Trade and Commerce». London 1770, էջ 70, 71։<br>'''3-րդ հրատ. ծանոթագրությունը.'''— Շնորհիվ այն կոնկուրենցիայի, որը ծագեց համաշխարհային շուկայում այն ժամանակից հետո, երբ գրվել էին մեջ բերված տողերը, մենք զգալի չափով առաջ ենք գնացել այս հարցում։ «Եթե Չինաստանը,— ասում էր պառլամենտի անդամ Ստեյպլտոնը իր ընտրողներին,— եթե Չինաստանը դառնա մի մեծ արդյունաբերական երկիր, ապա ես չեմ տեսնում, թե Եվրոպայի բանվոր բնակչությունն ինչպես կարող է դիմանալ նրա դեմ մղվող պայքարին առանց իջնելու մինչև իր մրցորդների մակարդակը» («Times», 3 սեպտեմբերի 1873 թ.)։ — Հիմա արդեն ոչ թե մայր-քամաքային,— ո՜չ, այլ չինական աշխատավարձն է անգլիական կապիտալի նվիրական բաղձանքը։</ref>։ Երկու տասնամյակ հետո մի ամերիկյան շառլատան, բարոնական կոչման բարձրացված յանկի Բենժամին Թոմսոնը (alias [այլ խոսքով] կոմս Ռումֆորդը) նույն մարդասիրական պլաններն էր զարգացնում, դրանով աստծու և մարդկանց մեծագույն հաճությունը ձեռք բերելով։ Նրա «Essays» աշխատությունը մի խոհարարական գիրք է, լի ամեն տեսակ դեղատոմսերով այն մասին, թե ինչպես բանվորների սպառման թանկ նստող նորմալ առարկաները կարելի է էժան սուրրոգատներով փոխարինել։ Ահա այդ զարմանալի «փիլիսոփայի» առանձնապես հաջող մի դեղատոմսը. «Հինգ ֆունտ գարի, հինգ ֆունտ եգիպտացորեն, 3 պենսի տառեխ, 1 պենսի աղ, 1 պենսի քացախ, 2 պենսի պղպեղ ու բանջարեղեն — ընդամենը 20% պենս գումարը տալիս է 64 մարդու սուպ, ընդ որում հացահատիկների միջին գների դեպքում կարելի է այդ արժեքն իջեցնել, հասցնելով շնչին ¼ պենսի»<ref>Benjamin Thompson: «Essays Political, Economical and Philosophical etc.». 3 hատոր, London 1796—1802, հ. I, էջ 294։ Իր «The State of the Poor, or an History of the Labouring Classes in England etc.» աշխատության մեջ սըր Ֆ. Մ. Իդենր աշխատատների պետերին առանձին համառությամբ հանձնարարում է Ռումֆորդի չլբուրը և կշտամբելով մատնանշում է անգլիական բանվորներին, թե «Շոտլանդիայում շատ ընտանիքներ ամբողջ ամիսներ շարունակ ապրում են բացառապես ջրի ու աղի հետ խառնած վարսակի կամ գարու ալյուրով, գործ չածելով ո՛չ ցորեն։ ո՛չ տարեկան, ո՛չ միս, և, այնուամենայնիվ, ապրում են դեռ շատ մեծ հարմարություններով» («and that very comfortably too»)։ (Հիշատակված աշխատությունը, հ. I, գիրք II, գլ. II, էջ 503։) Նույնպիսի «մատնանշումներ» արվել են նաև XIX դարում։ «Անգլիական գյուղատնտեսական բանվորները,— կարդում ենք մենք, օրինակ,— չեն ուզում ալյուրի ստորին տեսակների խառնուրդով հաց ուտել։ Շոտլանդիայում, որտեղ դաստիարակությունն ավելի լավ է դրված, այս նախապաշարմունքը, ըստ երևույթին, բացակայում է։ (Charles H. Parry, M. D.: «The Question of the Necessity of the existing Cornlaws considered». London 1816, էջ 69)։ Սակայն նույն Պարրին գանգատվում է, թե հիմա (1815 թ.) անգլիական բանվորը սաստիկ ընկել է Իդենի ժամանակվա (1797 թ.) համեմատությամբ։</ref>։ Կապիտալիստական արտադրության զարգանալու հետ ապրանքների կեղծումն այնպես է առաջադիմել, որ Թոմսոնի իդեալներն ավելորդ են դարձել<ref>Վերջին պառլամենտական հետազոտիչ հանձնաժողովի այն հաշվետվություններից, որոնք վերաբերում են կենսամիջոցների կեղծմանը, երևում է, որ Անգլիայում նույնիսկ դեղերի կեղծումը բացառություն չէ, այլ կանոն։ Այսպես, օրինակ, Լոնդոնի 34 դեղատներից վերցրած օպիումի 34 նմուշի հետազոտումը ցույց է տվել, որ 31 դեպքում արդյունքը կեղծված է խաշխաշի գլխիկների, ցորենի ալյուրի, խեժի, կավի, ավազի և այլ խառնուրդով, ընդ որում նմուշներից շատերի մեջ ոչ մի ատոմ մորֆին չի եղել։</ref>։
XVIII դարի վերջում ու XIX դարի առաջին տասնամյակներում անգլիական ֆերմերներն ու լենդլորդերը բանվորների աշխատավարձը իջեցնել տվին, հասցնելով նվազագույն սահմանին, գյուղատնտեսական օրամշակներին աշխատավարձի ձևով վճարելով գոյության համար անհրաժեշտ նվազագույնից էլ քիչ, իսկ մնացածը լրացնելով ծխական բարեգործության նպաստների ձևով։ Ահա մի օրինակ այն խեղկատակության, որով անգլիական Դոգբերիները գործում էին այն ժամանակ, երբ աշխատավարձի «օրինական» տարիֆներ էին սահմանում։ «Երբ 1795 թվականին Սպինհեմլենդի սկվայրները որոշում էին աշխատավարձի նորմաները, նրանք հենց այդ ժամանակ նստած ճաշում էին, բայց, ըստ երևույթին, գտնում էին, որ բանվորները նման բանի կարիքը չունեն... Նրանք վճռեցին, որ շաբաթավարձը պետք է մարդագլուխ 3 շիլլինգ լինի, քանի դեռ 8 ֆունտ 11 ունցիանոց բոքոնը 1 շիլլինգ արժի, և աշխատավարձը պետք է կանոնավորապես բարձրանա՝ մինչև բոքոնի գինը դառնա 1 շիլլինգ 5 պենս։ Երբ բոքոնի գինը է՛լ ավելի զգալի չափով բարձրանա, պետք է աշխատավարձը համեմատաբար պակասի այնպես, որ երբ բոքոնի գինը հասնի 2 շիլլինգի, աշխատավորի սպառումը պետք է առաջվանից <math>^1/_5</math>-ով պակասի»<ref>G. L. Newnham (փաստաբան)։ «A Review of the Evidence before the Committees of the two Houses of Parliament on the Cornlaws», London 1815, էջ 20, ծանոթագրություն։</ref>։ 1814 թվականին լորդերի պալատի հետազոտիչ հանձնաժողովի առջև ցուցմունքներ էր տալիս ոմն Ա. Բեննետ, մի խոշոր ֆերմեր, հաշտարար դատավոր, աղքատանոցների կառավարիչ, որի պարտականությունների մեջ էր մտնում աշխատավարձի կարգավորումը։ Այն հարցին, թե «Արդյոք բանվորների օրական աշխատանքի արժեքի և ծխական համայնքից նրանց տրվող նպաստի միջև մի որոշ հարաբերակցություն նկատվո՞ւմ է»,— նա պատասխանեց, «Այո՛։ Ամեն մի ընտանիքի շաբաթական եկամուտը, նրա անվանական վարձից դուրս, լրացվում է մինչև մարդագլուխ մի գալլոնանոց (8 ֆունտ 11 ունցիա) հացի արժեքն ու 3 պենս... Մենք ենթադրում ենք, որ գալլոնանոց հացը բավական է շաբաթվա ընթացքում ընտանիքի ամեն մի անդամի գոյությունը պահպանելու համար. 3 պենսը հագուստի համար է տրվում, իսկ եթե ծխական համայնքը գերադասի, որ հագուստն ինքը տա, այդ 3 պենսը հանվում է նպաստից։ Այս պրակտիկան իշխում է ո՛չ միայն Ուիլտշիրից արևմուտք ամենուրեք, այլև, ինչպես կարծում եմ, ամբողջ երկրում»<ref>Նույն տեղում, էջ 19, 20։</ref>։ «Այսպիսով,— բացականչում է այն ժամանակվա մի բուրժուական գրող,— ֆերմերները մի շարք տարիների ընթացքում նպաստել են իրենց հայրենակիցների հարգանքի արժանի դասակարգի այլասերմանը, նրանց հարկադրելով ապաստան գտնելու աշխատատներում... Ֆերմերը ավելացրել է իր սեփական եկամուտը, արգելք հարուցելով նույնիսկ ամենաանհրաժեշտ սպառողական ֆոնդի կուտակմանը բանվորների մոտ»<ref>Ch. H. Parry: «The Question of the Necessity of the existing Cornlaws considered». London 1816, էջ 77, 69։ Իրենց հերթին պարոնայք լենդլորդերը ո՛չ միայն իրենց չվարձատրեցին» հակայակոբինյան պատերազմի պատճառած կորուստների համար, որ նրանք մղել էին Անգլիայի անունից, այլև վիթխարի չափով հարստացան։ «Նրանց ռենտաները 18 տարվա ընթացքում կրկնապատկվեցին, եռապատկվեցին, քառապատկվեցին, իսկ բացառիկ դեպքերում վեցապատկվեցին» (նույն տեղում, էջ 100, 101)։</ref>։ Թե բանվորի անհրաժեշտ սպառման ֆոնդի ուղղակի կողոպտումը մեր օրերում ինչ դեր է խաղում հավելյալ արժեքի, հետևապես, նաև կապիտալի կուտակման ֆոնդի գոյացման մեջ, այդ մենք տեսանք, օրինակ, այսպես կոչված տնային արդյունաբերությունը քննելիս (տե՛ս գլուխ XIII, 8, d)։ Այս տեսակ հետագա փաստերը կբերվեն շարունակության մեջ այս բաժնում։
Թեև արդյունաբերության բոլոր ճյուղերում հաստատուն կապիտալի այն մասը, որ բաղկացած է աշխատանքի միջոցներից, պետք է բավարար լինի որոշ թվով բանվորների զբաղմունք տալու համար, որը որոշվում է կապիտալի այդ ծախսման մեծությամբ, բայց և այնպես այդ մասը անպայման միևնույն համամասնությամբ չի աճում ամենևին, ինչպես զբաղված բանվորների թիվը։ Ասենք, թե տվյալ—գործարանում 100 բանվոր ութժամյա աշխատանքով տալիս են 800 աշխատաժամ։ Եթե կապիտալիստն ուզում է այդ գումարը կիսով չափ ավելացնել, նա կարող է 50 նոր բանվոր ներգրավել գործի մեջ, բայց այն ժամանակ նա պետք է մի նոր կապիտալ ավանսավորի ո՛չ միայն աշխատավարձի համար, այլև աշխատամիջոցների համար։ Սակայն նա կարող է նաև առաջվա այդ 100 բանվորին ստիպել 8-ի փոխարեն 12 ժամ աշխատելու, և այն ժամանակ նա կարող է սահմանափակվել առկա աշխատանքի միջոցներով, որոնք միայն ավելի արագ կմաշվեն։ Այսպիսով, աշխատուժի բարձր լարմամբ ստեղծված ավելադիր աշխատանքը կարող է ավելացնել կուտակման սուբստանցը, այսինքն՝ հավելյալ արդյունքը և հավելյալ արժեքը, առանց կապիտալի հաստատուն մասը նախապես համապատասխանորեն ավելացնելու։
Հայթայթող արդյունաբերության մեջ, օրինակ՝ հանքագործության մեջ և այչն, հումքը ավանսավորող կապիտալի բաղկացուցիչ մասը չէ։ Այստեղ աշխատանքի առարկան նախընթաց աշխատանքի արդյունք չէ, այլ ձրի շնորհվում է բնության կողմից։ Այսպես են հանքաքարերը, քարածուխը, քարերը և այլն։ Հաստատուն կապիտալն այստեղ համարյա բացառապես այնպիսի աշխատանքի միջոցներից է կազմված, որոնց նկատմամբ շատ հեշտ կարելի է ավելացած քանակությամբ աշխատանք կիրառել (օրինակ՝ բանվորների ցերեկվա ու գիշերային հերթափոխություն սահմանելով)։ Սակայն մյուս հավասար պայմաններում արդյունքի մասսան և արժեքը աճում են կիրառված աշխատանքի հետ ուղիղ համամասնությամբ։ Ինչպես արտադրության առաջին օրը, այստեղ ձեռք-ձեռքի են ընթանում արդյունք ստեղծող, իսկ դրա հետ միասին նաև կապիտալի իրային տարրեր ստեղծող, սկզբնական գործոնները՝ մարդն ու բնությունը։ Աշխատուժի առաձգականության շնորհիվ կուտակման բնագավառն ընդլայնվում է առանց հաստատուն կապիտալը նախապես ավելացնելու։
Հողագործության մեջ չի կարելի մշակվող տարածությունն ընդարձակել առանց լրացուցիչ սերմացու և պարարտանյութ ավանսավորելու։ Եթե այդ ավանսավորումն արդեն կատարված է, ապա նույնիսկ հողի զուտ մեխանիկական մշակումը զարմանալի կերպով բարձրացնում է արդյունքի քանակը Աշխատանքի ավելացած քանակը, որ տալիս է բանվորների նախկին թիվը, բարձրացնում է հողի պտղաբերությունը՝ առանց աշխատանքի միջոցների որևէ նոր ավանսավորում պահանջելու։ Այդ դարձյալ մարդու կողմից բնության վրա կատարվող ուղղակի ներգործությունն է, որը դառնում է բարձրացված կուտակման անմիջական աղբյուր առանց նոր կապիտալի որևէ մասնակցության։
Վերջապես, բառի բուն իմաստով, արդյունաբերության մեջ աշխատանքի վրա կատարվող ամեն մի լրացուցիչ ծախսում հումքի, բայց ոչ անպայման աշխատանքի միջոցների, համապատասխան ավելադիր ծախսում է պահանջում։ Իսկ որովհետև հայթայթող արդյունաբերությունն ու հողագործությունն են մշակող արդյունաբերությանը մատակարարում նրա սեփական հումքն ու նրա աշխատանքի միջոցների հումքը, ուստի մշակող արդյունաբերության օգտին է գնում արդյունքների նաև այն ավելադիր քանակը, որ առաջիններն ստեղծում են առանց կապիտալի լրացուցիչ ծախսման։
Ընդհանուր հանրագումարն այս է. կապիտալը, տիրանալով հարստության երկու սկզբնական գործոններին՝ աշխատուժին ու հողին, ձեռք է բերում ընդարձակվելու ընդունակություն, որը նրան թույլ է տալիս իր կուտակման տարրերը տարածել այն սահմաններից դուրս, որոնք թվում էր, թե որոշվում են նրա սեփական մեծությամբ, այսինքն՝ արտադրության արդեն արտադրված այն միջոցների մասսայով ու արժեքով, որոնց մեղ իրացվում է կապիտալի գոյությունը։
Կապիտալի կուտակման մի ուրիշ կարևոր գործոնը հասարակական աշխատանքի արտադրողականության մակարդակն է։
Աշխատանքի արտադրողական ուժի աճման հետ աճում է նաև արդյունքների այն քանակը, որով արտահայտվում է մի որոշ արժեք, հետևապես, նաև որոշ մեծությամբ հավելյալ արժեք։ Հավելյալ արժեքի անփոփոխ և նույնիսկ ընկնող նորմայի դեպքում, եթե միայն այդ նորման ավելի դանդաղ է ընկնում, քան աշխատանքի արտադրողականությունն է բարձրանում, հավելյալ արդյունքի քանակն աճում է։ Ուստի, երբ հավելյալ արդյունքը անփոփոխ կերպով բաժանվում է եկամտի և ավելադիր կապիտալի, կապիտալիստի սպառումը կարող է աճել, չնվազեցնելով կուտակման ֆոնդը։ Կուտակման ֆոնդի հարաբերական մեծությունը կարող է նույնիսկ աճել ի հաշիվ սպառման ֆոնդի, մինչդեռ ապրանքների էժանացումը կապիտալիստի տրամադրության տակ դնում է սպառման նույնքան ու մինչև անգամ ավելի շատ առարկաներ, քան առաջ։ Բայց, ինչպես տեսանք, աշխատանքի արտադրողականության աճման հետ ձեռք-ձեռքի է ընթանում բանվորի էժանացումը, հետևապես, նաև հավելյալ արժեքի նորմայի աճումը, նույնիսկ այն դեպքում, երբ ռեալ աշխատավարձը բարձրանում է։ Երբեք այս վերջինը նույն հարաբերությամբ չի բարձրանում, որով բարձրանում է աշխատանքի արտադրողականությունը։ Այսպես ուրեմն, փոփոխուն կապիտալի միևնույն արժեքն ավելի շատ աշխատուժ, հետևաբար և ավելի շատ աշխատանք է շարժման մեջ դնում։ Հաստատուն կապիտալի միևնույն արժեքը արտահայտվում է արտադրության ավելի մեծ քանակությամբ միջոցների մեջ, այսինքն՝ ավելի մեծ քանակությամբ աշխատամիջոցների, աշխատանքի նյութերի և օժանդակ նյութերի մեջ, և, հետևաբար, մատակարարում է ինչպես արդյունք, այնպես էլ արժեք ստեղծող ավելի մեծ քանակությամբ տարրեր կամ իր մեջ աշխատանք ծծող ավելի մեծ քանակությամբ տարրեր։ Ուստի, ավելադիր կապիտալի անփոփոխ ու նույնիսկ նվազող արժեքի դեպքում տեղի է ունենում արագացած կուտակում։ Ո՛չ միայն վերարտադրության չափերն են ընդլայնվում նյութապես, այլև հավելյալ արժեքի արտադրությունն ավելի արագ է աճում, քան ավելադիր կապիտալի արժեքը։
Աշխատանքի արտադրողական ուժի զարգացումն ազդում է նաև սկզբնական կապիտալի, այսինքն՝ արտադրության պրոցեսի մեջ արդեն գտնվող կապիտալի վրա։ Գործող հաստատուն կապիտալի մի մասը կազմված է այնպիսի աշխատամիջոցներից, ինչպես մեքենաները և այլն, որոնք միմիայն քիչ թե շատ երկար ժամանակամիջոցներում կարող են սպառվել, հետևապես, նաև վերարտադրվել կամ նույն տեսակի նոր նմուշահատերով փոխարինվել։ Բայց յուրաքանչյուր տարի այդ աշխատամիջոցների մի մասը մահանում է, այսինքն՝ հասնում է իր արտադրողական ֆունկցիայի վերջնանպատակին։ Հետևաբար, այդ մասն ամեն տարի գտնվում է իր պարբերական վերարտադրության կամ նույն տեսակի նմուշահատերով փոխարինվելու ստադիայում։ Եթե աշխատանքի արտադրողական ուժը զարգանում է այն ճյուղերում, որտեղ արտադրվում են այդ արտադրամիջոցները,— իսկ նա անընդհատ զարգանում է գիտության տեխնիկայի անընդհատ առաջադիմության հետ,— ապա հին մեքենաների, գործիքների, ապարատների և այլ հարմարանքների տեղը բռնում են ավելի էֆեկտավոր և իրենց աշխատանքի չափերի համեմատությամբ ավելի էժան՝ նոր արտադրության միջոցները։ Հին կապիտալը վերարտադրվում է ավելի արտադրողական ձևով, չխոսելով արդեն առկա աշխատամիջոցների առանձին դետալների մշտական փոփոխման մասին; Հաստատուն կապիտալի մյուս մասը՝ հում և օժանդակ նյութը, անընդհատ վերարտադրվում է տարվա ընթացքում, հողագործական ծագում ունեցող նյութը՝ սովորաբար տարին մեկ անգամ։ Հետևապես, մեթոդների ամեն մի բարելավում և այլն այստեղ համարյա միաժամանակ ներգործում է թե՛ ավելադիր կապիտալի և թե՛ արդեն գործող կապիտալի վրա։ Քիմիայի բնագավառի ամեն մի նվաճում ո՛չ միայն բազմապատկում է օգտակար նյութերի թիվը և արդեն հայտնի նյութերի օգտակար կիրառումների թիվ, այդպիսով առաջ բերելով կապիտալի աճմանը զուգընթաց նաև նրա գործադրման ոլորտի ընդլայնում։ Քիմիայի առաջադիմությունը նմանապես սովորեցնում է արտադրության ու սպառման պրոցեսի արտաթորությունը նորից մտցնել վերարտադրության պրոցեսի շրջապտույտի մեջ և, այդպիսով, նոր կապիտալի նյութ է ստեղծում առանց կապիտալի նախնական ծախսման։ Ինչպես որ բնական հարստության ուժեղ օգտագործումը իրականացվում է աշխատուժի պարզապես ավելի բարձր լարումով, ճիշտ այդպես էլ գիտությունն ու տեխնիկան գործող կապիտալին հաղորդում են ընդարձակման մի այնպիսի կարողություն, որ կախված չէ նրա տվյալ մեծությունից։ Նրանք միաժամանակ ազդում են սկզբնական կապիտալի նաև այն մասի վրա, որը մտել է իր նորոգման ստադիայի մեջ։ Կապիտալը իր նոր ձևի մեջ ձրի յուրացնում է իր հին ձևի թիկունքում տեղի ունեցած հասարակական առաջադիմությունը։ Ճիշտ է, արտադրողական ուժի այդ զարգացմանը ուղեկցում է գործող կապիտալների մասնակի արժեքազրկումը։ Որչափով այդ արժեքազրկումը սուր կերպով իրեն զգալ է տալիս կոնկուրենցիայի շնորհիվ, նրա գլխավոր ծանրությունն ընկնում է բանվորի վրա, որի բարձրացրած շահագործումով կապիտալիստն աշխատում է իր վնասները փոխհատուցել։
Աշխատանքը փոխանցում է արդյունքին իր սպառած արտադրության միջոցների արժեքը։ Մյուս կողմից, աշխատանքի տվյալ քանակով շարժման մեջ դրվող արտադրության միջոցների արժեքն ու մասսան աճում են այն հարաբերությամբ, որով բարձրանում է աշխատանքի արտադրողականությունը։ Հետևաբար, եթե աշխատանքի միևնույն քանակը միշտ նոր արժեքի միայն նույն գումարն է միացնում իր արդյունքին, ապա աշխատանքի արտադրողական ուժի աճման հետ աճում է կապիտալային այն հին արժեքը, որ այդ դեպքում փոխանցվում է արդյունքին։
Այսպես, օրինակ, եթե անգլիական ու չինական մանողները հավասար թվով ժամեր և հավասար ինտենսիվությամբ են աշխատում. ապա նրանք երկուսն էլ մի շաբաթվա ընթացքում հավասար արժեքներ կստեղծեն։ Սակայն, չնայած այդ հավասարությանը, հսկայական տարբերություն կա շաբաթական արդյունքի արժեքների միջև, որ ստեղծում է անգլիացին, աշխատելով հզոր ավտոմատների օգնությամբ, և չինացին, որ իր տրամադրության տակ միայն ձեռքի ճախարակ ունի։ Նույն այն ժամանակում, երբ չինացին մի ֆունտ բամբակ է վերամշակում, անգլիացին մի քանի հարյուր ֆունտ է վերամշակում։ Հին արժեքների մի քանի հարյուր անգամ ավելի մեծ գումար է միացվում անգլիացու արդյունքի արժեքին, այն արդյունքի, որի մեջ այդ հին արժեքները պահպանվում են նոր օգտակար ձևով և, այդպիսով, կարող են նորից գործել որպես կապիտալ։ «1782 թվականին, — հաղորդում է Ֆ. Էնգելսը, — նախորդ երեք տարվա կուտակված ամբողջ բուրդը (Անգլիայում) բանվորների պակասության պատճառով անմշակ ընկած էր և ընկած էլ կմնար, եթե օգնության չհասնեին նորագյուտ մեքենաները, որոնք մանեցին այդ ամբողջ բուրդը»<ref>F. Engels: «Lage der arbeitenden Klasse in England». Leipzig 1845, էջ 20 [Ֆ. Էնգելս. «Բանվոր դասակարգի դրությունըԱնգլիայում])։ Կ. Մարքսի և Ֆ. Էնգելսի Երկ., հ. III, էջ 308]։</ref>։ Մեքենաների ձևով առարկայացած աշխատանքը, իհարկե, անմիջաբար ոչ մի նոր բանվոր չստեղծեց, բայց նա փոքր թվով բանվորների հնարավորություն տվեց համեմատաբար քիչ քանակությամբ լրացուցիչ կենդանի աշխատանքի ծախսումով ո՛չ միայն բուրդն արտադրողաբար գործադրելու և նրան նոր արժեք միացնելու, այլև բրդի հին արժեքը պահպանելու մանվածքի ձևով և այլն։ Դրանով էլ հենց այդ աշխատանքը միջոց ու խթան ստեղծեց բրդի ընդլայնված վերարտադրության համար։ Կենդանի աշխատանքին, հենց ըստ նրա բնույթի, հատուկ է՝ նոր արժեք ստեղծելու միջոցով հին արժեքը պահպանելու ընդունակությունը։ Ուստի, արտադրության միջոցների էֆեկտիվության, չափերի ու արժեքի աճման հետ, այսինքն՝ արտադրողական ուժի զարգացմանն ուղեկցող կուտակման աճմանը զուգընթաց՝ աշխատանքը պահպանում և հավերժացնում է շարունակ նոր ձևերով աճող կապիտալային արժեքը<ref>Կլասիկ քաղաքատնտեսությունը, աշխատանքի պրոցեսի և արժեքի աճման պրոցեսի իր անբավարար վերլուծության պատճառով, երբեք վերարտադրության այդ կարևոր մոմենտը այնպես չի հասկացել, ինչպես պետք է։ Օրինակ կարող է ծառայել Ռիկարդոն։ Նա, օրինակ, ասում է. Ինչպես էլ փոփոխվի արտադրողական ուժը, «մեկ միլիոն մարդը գործարաններում միշտ միևնույն արժեքը կարտադրի»։ Այդ իրավացի է, երբ տրված. է նրանց աշխատանքի էքստենսիվ ու ինտենսիվ մեծությունը։ Բայց այդ ամենևին չի խանգարում այն բանին, որ մեկ միլիոն մարդը, աշխատանքի տարբեր արտադրողական ուժի դեպքում, արտադրության միջոցների շատ տարբեր մասսաներ է արդյունքի փոխարկում, արդյունքի մեջ առաջվա արժեքի շատ տարբեր քանակներ է պահպանում և, հետևապես, շատ տարբեր արժեքի արդյունքներ է մատակարարում։ Եվ ահա հենց այս հանգամանքն է, որ Ռիկարդոն աչքաթող է անում իր մի քանի հետևությունների մեջ։ Հարևանցի նկատենք, որ Ռիկարդոն զուր էր փորձում հիշյալ օրինակով Ժ. Բ. Սեյին պարզաբանել տարբերություն ը սպառողական արժեքի (որ նա այստեղ անվանում է wealth, իրային հարսնություն) և փոխանակային արժեքի միջև։ Սեյը պատասխանում է. «Ինչ վերաբերում է այն դժվարությանը, որ մատնանշում է պ. Ռիկարդոն, ասելով, թե մեկ միլիոն մարդն արտադրության կատարելագործված եղանակների դեպքում կարող է կրկնապատիկ, եռապատիկ ավելի հարստություն արտադրել՝ առանց, սակայն, ավելի մեծ արժեք արտադրելու, ապա այդ դժվարությունը չքանում է, եթե մենք, ինչպես և հարկավոր է, արտադրությունը դիտենք որպես փոխանակություն, որի ժամանակ աշխատանքի, հողի, կապիտալների արտադրողական ծառայությունները տրվում են փոխարենը արդյունքներ ստանալու նպատակով։ Միայն այդ արտադրողական ծառայությունների միջոցով ենք մենք ձեռք բերում աշխարհում գոյություն ունեցող բոլոր արդյունքները։ Ուրիշ խոսքով՝ մենք այնքան ավելի հարուստ ենք, մեր արտադրողական ծառայություններն այնքան ավելի արժեք ունեն, որքան ավելի շատ օգտակար առարկաներ ենք նրանց փոխարեն ստանում փոխանակության մեջ, որ կոչվում է արտադրություն» (J. B. Say: «Lettres à M. Malthus», Paris 1820, էջ 168, 169)։ Այն «դժվարությունը, որ վերացնել է ուզում Սեյը,— այդ գոյություն ունի միայն նրա համար և ոչ ամենևին Ռիկարդոյի համար,— հետևյալն է։ Ինչո՞ւ սպառողական արժեքների արժեքը չի մեծանում, երբ նրանց քանակն աճում է աշխատանքի աճած արտադրողական ուժի հետևանքով։ Պատասխան, դժվարությունը կվերացվի, եթե մենք բարեհաճենք սպառողական արժեքը փոխանակային արժեք անվանել։ Փոխանակային արժեքը մի իր է, որն այսպես թե այնպես կապված է փոխանակության հետ։ Այսպես ուրեմն, արտադրությունն անվանենք աշխատանքի ու արտադրության միջոցների «փոխանակություն» արդյունքի հետ,— և այն ժամանակ լույսի պես պարզ կլինի, որ մենք այնքան ավելի շատ փոխանակային արժեք կստանանք, որքան ավելի շատ սպառողական արժեքներ ստեղծվեն արտադրության մեջ։ Ուրիշ խոսքով՝ որքան ավելի շատ սպառողական արժեքներ, օրինակ գուլպաներ է մատակարարում աշխատանքային օրը գործարանատիրոջը, այնքան ավելի հարուստ է նա գուլպաներով։ Բայց այստեղ հանկարծ Սեյի գլխում ծագում է այն միտքը, թե գուլպաների «քանակի ավելանալով» նրանց «գինը» (որն, իհարկե, ոչ մի առնչություն չունի փոխանակային արժեքի հետ) ընկնում է, «որովհետև կոնկուրենցիան արտադրողներին հարկադրում է արդյունքներն այնքանով, տալու, որքան որ դրանք նրանց վրա նստեք են»։ Իսկ որտեղի՞ց է առաջ գալիս շահույթը, եթե կապիտալիստն իր ապրանքները ծախում է այն գնով, որ նրա վրա նստել են։ Սակայն չարժի՜ շփnթվել այդպիսի դատարկ բաներից. Սեյը հայտարարում է, որ բարձրացած արտադրողականության հետևանքով հիմա ամեն մեկը միևնույն համարժեքը փոխանակելով՝ առաջվա մի զույգ գուլպայի տեղ ստանում է երկու զույգ և այլն։ Հետևանքը, որին հասնում է նա այդպիսով, Ռիկարդոյի ճիշտ այն դրույթն է, որը նա ուզում էր հերքել։ Մտքի հզոր լարումից հետո նա հաղթանակած դիմում է Մալթուսին հետևյալ խոսքերով. «Ահա, այսպես է, ողորմած տեր, այդ կուռ ուսմունքը. առանց նրա,— ես հայտարարում եմ այդ,— անհնարին է պարզել քաղաքատնտեսության ամենադժվարին հարցերը և հատկապես այն հարցը, թե ինչպես, չնայած հարստությունը կազմվում է արժեքներից, ազգը ավելի հարուստ է դառնում, երբ արդյունքների արժեքն ընկնում է» (նույն տեղում, էջ 170)։ Մի անգլիական տնտեսագետ Սեյի «Lettres»-ում պարունակված այդ կարգի աճպարարությունների մասին նկատում է. «Շաղակրատելու այս սեթևեթ եղանակն էլ («those affected ways of talking») հենց կազմում է այն, որ պարոն Սեյին հաճելի է իր ուսմունքն անվանել և որը նա Մալթուսին հանձնարարում է դասավանդել Հարտֆորդում, ինչպես այդ արդեն արվում է «Եվրոպայի շատ վայրերում»։ Նա ասում է. «Եթե այս դրույթների մեջ որևէ թան ձեզ պարադոքսալ թվա, ուշադիր նայեցեք այն իրերին, որոնք արտահայտվում են նրանցով, և ես համարձակվում եմ կարծել, որ նրանք անչափ պարզ ու հասկանալի կերևան ձեզ»։ Անկասկած,— այն, ինչ մենք կտեսնենք այդ՜պրոցեսի հետևանքով, մեզ ինչպես ասես կերևա, բայց միայն ոչ որպես օրիգինալ կամ կարևոր բանտ («An Inquiry into those Principles respecting the Nature of Demand etc.», էջ 110)։</ref>։ Աշխատանքի այդ բնական ընդունակությունը պատկեր անում է որպես այն կապիտալի ինքնապահպանման ընդունակություն, որը տիրում է աշխատանքին, բոլորովին այնպես, ինչպես աշխատանքի հասարակական արտադրողական ուժերը կապիտալի հատկությունների տեսք են ընդունում, իսկ հավելյալ արժեքի մշտական յուրացումը կապիտալիստի կողմից՝ կապիտալի մշտական ինքնաճման տեսք է ընդունում։ Աշխատանքի բոլոր ուժերը պատկերանում են որպես կապիտալի ուժեր, ինչպես ապրանքի արժեքի բոլոր ձևերը որպես փողի ձևեր։
Կապիտալի աճման հետ աճում է տարբերությունը կիրառվող ու սպառվող կապիտալի միջև։ Ուրիշ խոսքով՝ աճում է աշխատանքի միջոցների արժեքային ու իրային մասսան, ինչպես՝ շենքերի, մեքենաների, ցամաքեցնող խողովակների, բանող անասունների, ամեն տեսակի ապարատների մասսան, որոնք ավելի կամ պակաս երկար ժամանակաշրջանում, արտադրության շարունակ վերականգնվող պրոցեսներում գործում են, այսինքն՝ որոշ օգտակար էֆեկտ ձեռք բերելու համար ծառայում են իրենց ամբողջ ծավալով, այնինչ մաշվում են աստիճանաբար և, հետևապես, իրենց արժեքը կորցնում են մաս-մաս, ուրեմն, և մաս-մաս էլ այն փոխանցում են արդյունքին։ Որչափով աշխատանքի այդ միջոցները, մասնակցելով արդյունք ստեղծելուն, նրան նոր արժեք չեն միացնում, այսինքն՝ որչափով նրանք կիրառվում են ամբողջությամբ, բայց սպառվում են մաս-մաս միայն,— այդ չափով նրանք, ինչպես արդեն հիշատակեցինք վերը, ձրի ծառայություններ են մատուցում, ինչպես բնության ուժերը՝ ջուրը, շոգին, օդը, էլեկտրականությունը և այլն։ Կենդանի աշխատանքով ընդգրկված ու շնչավորված անցյալ աշխատանքի այս ձրի ծառայությունները կուտակվում են կուտակման մասշտաբն ավելանալու հետ։
Որովհետև անցյալ աշխատանքը միշտ կապիտալի հագուստով է հանդես գալիս, այսինքն՝ A, B, C և այլ բանվորների աշխատանքի պասսիվը դառնում է չաշխատող X անձի ակտիվ, ուստի բուրժուաներն ու տնտեսագետները խոսք չեն գտնում գովաբանելու համար անցյալ աշխատանքի մատուցած ծառայությունները. շոտլանդական հանճար Մակ Կուլլոխը նույնիսկ գտնում է, որ անցյալ աշխատանքին մի որոշ վարձատրություն է հասնում (տոկոս, շահույթ և այլն)<ref>Մակ Կուլլոխը շատ ավելի առաջ էր արտոնագիր վերցրել «wages of past labour»-ի [«անցյալ աշխատանքի վարձատրության»] համար, քան Սենիորն իր արտոնագիրը վերցրեց «wages of abstinence»-ի [«ժուժկալության վարձատրության»] համար։</ref>։ Այսպես ուրեմն, աշխատանքի կենդանի պրոցեսում արտադրության միջոցների ձևով մասնակցող անցյալ աշխատանքի անընդհատ աճող նշանակությունը վերադրվում է ո՛չ թե հենց իրեն՝ բանվորին, որի անցյալ ու չվարձատրված աշխատանքը գործում է այստեղ, այլ այդ աշխատանքի մարմնացմանը, որը բանվորից օտարված է, նրա մարմնացմանը կապիտալի մեջ։ Կապիտալիստական արտադրության պրակտիկ գործիչներն ու նրանց իդեոլոգ-շաղակրատները բոլորովին անընդունակ են արտադրության միջոցները պատկերացնելու ա՛յն յուրահատուկ անտագոնիստական հասարակական դիմակից անջատ, որ ներկայումս հագցրել են դրանց, ինչպես որ ստրկատերն անընդունակ է բանվորին պատկերացնելու որպես բանվոր, անջատ նրա՝ որպես ստրուկի դերից։
Աշխատուժի շահագործման տվյալ աստիճանի պայմաններում հավելյալ արժեքի մասսան որոշվում է միաժամանակ շահագործվող բանվորների թվով, իսկ այդ վերջինը, թեև փոփոխվող պրոպորցիայով, համապատասխանում է կապիտալի մեծությանը։ Որքան ավելի է աճում կապիտալը հաջորդական կուտակումների հետևանքով, այնքան ավելի է աճում նաև արժեքի ալն գումարը, որը տրոհվում է սպառման ֆոնդի ու կուտակման ֆոնդի։ Ուստի, կապիտալիստը կարող է ավելի ճոխ ապրել և միաժամանակ ուժեղացնել իր «ժուժկալությունը»։ Եվ, վերջիվերջո, արտադրության բոլոր շարժիչ զսպանակներն այնքան ավելի եռանդով են գործում, որքան ավելի է ընդլայնվում արտադրության մասշտաբը՝ ավանսավորած կապիտալի մասսայի հետ միասին։
====5. ԱՅՍՊԵՍ ԿՈՉՎԱԾ ԱՇԽԱՏԱՖՈՆԴԸ====
Մեր այս հետազոտության ընթացքում պարզվեց, որ կապիտալը ոչ թե մի հաստատուն մեծություն է, այլ հասարակական հարստության մի շատ առաձգական մասը, որը շարունակ փոփոխվում է, նայած թե հավելյալ արժեքն ինչպես է բաժանվում եկամտի և ավելադիր կապիտալի։ Մենք տեսանք այնուհետև, որ գործող կապիտալի նույնիսկ տվյալ մեծության դեպքում կապիտալի զավթած աշխատուժը, գիտությունն ու հողը (սրա տակ, տնտեսագիտական տեսակետից, պետք է հասկանալ աշխատանքի բոլոր առարկաները, որ բնությունը մատակարարում է առանց մարդու աջակցության) կազմում են կապիտալի առաձգական պոտենցիաները, որոնք կապիտալի ներգործության ասպարեզը որոշ սահմաններում ընդարձակում են, անկախ նրա սեփական մեծությունից։ Ընդսմին մենք բոլորովին մի կողմ էինք թողնում շրջանառության պրոցեսի այն բոլոր պայմանները, որոնց շնորհիվ կապիտալի միևնույն մասսան կարող է ներգործել շատ տարբեր աստիճաններով։ Որովհետև մենք ենթադրում էինք կապիտալիստական արտադրության շրջանակները, հետևապես, ենթադրում էինք արտադրության հասարակական պրոցեսի զուտ տարերայնորեն աճած այդ ձևը, ուստի, ելնելով արտադրության առկա միջոցներից ու աշխատուժերից, բոլորովին հաշվի չէինք առնում անմիջաբար ու պլանաչափորեն որևէ ավելի ռացիոնալ կոմբինացիա իրագործելու հնարավորությունը։ Կլասիկ քաղաքատնտեսությունը վաղուց բուռն ցանկություն ուներ հասարակական կապիտալը դիտելու որպես հաստատուն մեծություն, որին հատուկ է ներգործության հաստատուն աստիճան։ Բայց այդ նախապաշարմունքն ամրակայվելով՝ մի անառարկելի դոգմա դարձավ միայն շնորհիվ ֆիլիստերների նախահայր Երեմիա Բենթամի — XIX դարի բուրժուական գռեհիկ բանականության այդ զգաստորեն-պեդանտ, ձանձրալի-շաղակրատ պատգամախոսի<ref>Հմմտ., ի միջի այլոց, J. Bentham: «Théorie des Peines et des Récompenses». թարգ. Et. Dumont., 3-րդ հրատ., Paris 1826, հ. II, գիրք IV, գլ. 2։</ref>։ Բենթամը փիլիսոփաների շարքում նույնն է, ինչ որ Մարտին Տեպպերը բանաստեղծների շարքում։ Նրանք երկուսն էլ միայն Անգլիայում կարող էին արտադրվել<ref>Երեմիա Բենթամը զուտ անգլիական երևույթ է։ Ոչ մի դարաշրջանում և ոչ մի երկրում չի եղել դեռ մի փիլիսոփա — չբացառելով նույնիսկ մեր Խրիստիան Վոլֆին,— որն այնպիսի մեծամտությամբ ազդարարեր ամենասովորական տափակությունները։ Օգտակարության սկզբունքը Բենթամի հայտնագործությունը չէր։ Նա անշնորհք կերպով լոկ կրկնել է այն, ինչ որ շնորհալիորեն շարադրել էին Հելվեցիուսն ու XVIII գարի մյուս ֆրանսիացիները։ Եթե մենք ուզում ենք իմանալ, թե, օրինակ, շանն ինչն է օգտակար, ապա պետք է նախ հետազոտենք շան բնությունը։ Իսկ ինքը՝ այդ բնությունը չի կարելի հորինել, ելնելով «օգտակարության սկզբունքից»։ Եթե մենք ուզում ենք այդ սկզբունքը մարդու նկատմամբ կիրառել, ուզում ենք մարդկային ամեն մի գործողություն, շարժում, հարաբերություն և այլն գնահատել օգտակարության տեսակետից, ապա պետք է իմանանք, թե ինչ է մարդկային բնությունն ընդհանրապես, էլ թե նա ինչպես է ձևափոխվում յուրաքանչյուր պատմականորեն տվյալ դարաշրջանում։ Բայց Բենթամի համար այդ հարցերը գոյություն չունեն։ Ամենամիամիտ բթամտությամբ նա արդի ֆիլիստերին — այն էլ մասնավորապես անգլիական ֆիլիստերին — նույնացնում է ընդհանրապես նորմալ մարդու հետ։ Ամեն ինչ, որ օգտակար է նորմալ մարդու այդ տարատեսակության համար նրան շրջապատող աշխարհում, օգտակար է համարվում ինքնըստինքյան։ Այնուհետև այդ մասշտաբով նա չափում է անցյալը, ներկան ու ապագան։ Օրինակ, քրիստոնեական կրոնն «օգտակար է», որովհետև նա կրոնապես դատապարտում է նույն հանցագործությունները, որ քրեական օրենսգիրքը դատապարտում է իրավաբանորեն։ Գեղարվեստական քննադատությունը «վնասակար է» որովհետև նա խանգարում է, որ պատվարժան մարդիկ հաճույք ստանան Մարտին Տեպպերի և ուրիշների երկերից։ Այս ճարպիկ պարոնը, որի նշանաբանն է «nulla dies sine linea [«գեթ մի տող օրական»], այդպիսի խլամով լեռնաչափ գրքեր է լցրել։ Եթե ես օժտված լինեի իմ բարեկամ Հ. Հայնեի խիզախությամբ, պարոն Երեմիային բուրժուական տխմարության հանճար կանվանեի։</ref>։ Բենթամի դոգմայի տեսակետից բոլորովին անըմբռնելի են արտադրության պրոցեսի ամենասովորական երևույթները, օրինակ՝ արտադրության հանկարծակի ընդլայնումներն ու սեղմումները և նույնիսկ հենց կուտակման փաստը<ref>«Տնտեսագետները խիստ հակամետ են... կապիտալի մի որոշ քանակ և բանվորների մի որոշ թիվ դիտելու որպես արտադրության գործիքներ, որոնք օժտված են միանման տվյալ ուժով, գործում են որոշ միակերպ ինտենսիվությամբ... Նրանք,... ովքեր ասում են,... թե ապրանքներն արտադրության միակ գործոններն են,... հենց դրանով էլ պնդում են, որ արտադրությունն ընդհանրապես չի կարող ընդլայնվել, որովհետև այդպիսի ընդլայնման համար պետք է նախապես ավելացվի կենսամիջոցների, հում նյութերի ու գործիքների քանակը. փաստորեն այդ հավասարազոր է այն պնդումին, թե արտադրության ոչ մի աճում չի կարող տեղի ունենալ առանց նրա նախնական աճման, կամ, ուրիշ խոսքով, հնարավոր չէ նրա և ոչ մի աճում» (S. Bailey: «Money and its Vicissitudes», էջ 58 և 70)։ Բեյլին այդ դոգման քննադատում է գլխավորապես շրջանառության պրոցեսի տեսակետից։</ref>։ Այդ դոգման կիրառել են ինչպես ինքը՝ Բենթամը, այնպես էլ Մալթուսը, Ջեմս Միլլը, Մակ Կուլլոխը և ուրիշներ՝ ջատագովական նպատակներով, այն է՝ կապիտալի մի մասը, փոփոխուն կապիտալը, այսինքն՝ աշխատուժի փոխարկվող կապիտալը որպես հաստատուն մեծություն ներկայացնելու նպատակով։ Հորինվեց այն առասպելը, թե փոփոխուն կապիտալի առարկայական գոյությունը, այսինքն՝ կենսամիջոցների այն մասսան, որ փոփոխուն կապիտալը ներկայացնում է բանվորների համար, կամ, այսպես կոչված, աշխատաֆոնդը, հասարակական հարստության մի բոլորովին առանձնացված մասն է, որ սահմանվում է հենց բնության անհաղթահարելի ուժերով։ Որպեսզի շարժման մեջ դրվի հասարակական հարստության այն մասը, որը պետք է գործի որպես հաստատուն կապիտալ, կամ,— ըստ իր առարկայական բնույթի,— որպես արտադրության միջոց, անհրաժեշտ է, իհարկե, կենդանի աշխատանքի մի որոշ մասսա։ Վերջինը սահմանվում է արտադրության տեխնիկայով։ Բայց ո՛չ բանվորների այն թիվն է տրված, որը հարկավոր է աշխատանքի այդ մասսան հոսանուտ դարձնելու համար,— որովհետև այդ թիվը փոփոխվում է անհատական աշխատուժի շահագործման աստիճանի փոփոխվելով,— ո՛չ էլ աշխատուժի գինը, հայտնի է միայն նրա նվազագույն, և այն էլ շատ առաձգական, սահմանը։ Քննարկվող դոգմայի հիմքում ընկած փաստերը սրանք են. մի կողմից՝ բանվորը ձայն չունի ոչ-բանվորների սպառման միջոցների և արտադրության միջոցների ներկայացրած հասարակական հարստությունը բաժանելու մեջ։ Մյուս կողմից՝ բանվորը միայն բացառիկ նպաստավոր դեպքերում կարող է այսպես կոչված «աշխատաֆոնդին» ընդլայնել հարուստների «եկամտի» հաշվին<ref>Ջ. Ստ. Միլլը իր «Principles of Political Economy» [գիրք II, գլ. 1, § 3։ Հմմտ. Дж. Ст. Милль: «Основания политической экономии», թարգմ. Ն. Գ. Չերնիշևսկու, ՍՊԲ. 1909 թ., էջ 622] աշխատության մեջ ասում է, «Աշխատանքի արդյունքը ներկայումս բաժանվում է աշխատանքին հակառակ հարաբերությամբ. նրա ամենամեծ մասը ստանում են նրանք, ովքեր երբեք չեն աշխատում, հաջորդ ամենամեծ մասը՝ նրանք, որոնց աշխատանքը գրեթե ամբողջովին անվանական է, և այսպես, վարձատրությունը վայրընթաց շկալայով այնքան ավելի ու ավելի է պակասում, որքան աշխատանքը ավելի ծանր ու ավելի անհաճո է դառնում։ Ամենահոգնեցուցիչ և ուժասպառիչ ֆիզիկական աշխատանքով զբաղվող մարդը չի կարող վստահ հույս ունենալ, թե ամենաանհրաժեշտ կենսական միջոցներ կստանա»։ Թյուրիմացության տեղիք չտալու համար նկատեմ, որ այնպիսի մարդիկ, ինչպես Ջ. Ստ. Միլլն է և նրա նմանները, իհարկե, իրենց հնաձև տնտեսագիտական դոգմաների ու իրենց արդիական տենդենցների հակասությունների համար արժանի են ամեն տեսակ կշտամբանքի, բայց նրանց գռեհիկ տնտեսագետ-ջատագովների հետ մի կույտի մեջ խառնելը վերին աստիճանի անարդարացի կլիներ։</ref>։
Թե ինչ տափակ նույնաբանության. է հասցնում այն փորձը, որով ուզում են աշխատաֆոնդի կապիտալիստական սահմանները դարձնել հասարակության՝ որպես այդպիսիի բնական սահմաններ, ցույց է տալիս պրոֆեսոր Ֆաուսետտի օրինակը։ «Տվյալ երկրի շրջանառու կապիտալը<ref>Ընթերցողին ես այստեղ հիշեցնում եմ, որ փոփոխուն կապիտալ և հաստատուն կապիտալ կատեգորիաներն առաջին անգամ ես եմ գործածել։ Քաղաքատնտեսությունն Ա. Սմիթի ժամանակվանից շարունակ շփոթում է այս կատեգորիաների մեջ պարունակվող սահմանումները հիմնական և շրջանառու կապիտալների ձևերի այն տարբերության հետ, որը շրջանառության պրոցեսից է առաջ գալիս։ Այս մասին ավելի մանրամասն տե՛ս երկրորդ գրքի երկրորդ բաժնում։</ref>,— ասում է նա,— նրա աշխատաֆոնդն է։ Հետևապես, հաշվելու համար այն միջին փողային վարձը, որ ստանում է ամեն մի բանվոր, պետք է պարզապես այդ կապիտալը բաժանենք բանվոր բնակչության թվի վրա»<ref>H. Fawcett, քաղաքատնտեսության պրոֆեսոր Քեմբրիջում, «The Economic Position of the British Labourer». London 1865, էջ 120։</ref>։ Այսպես ուրեմն, մենք նախ հաշվում ենք իրապես վճարված անհատական աշխատավարձերի գումարը, հետո հայտարարում ենք, թե այդ գումարման արդյունքը աստծուց ու բնությունից սահմանված «աշխատաֆոնդի» արժեքն է։ Վերջապես, այդպիսով ստացած գումարը բաժանում ենք բանվորների թվի վրա, որպեսզի նորից հայտնագործենք, թե ամեն մի առանձին բանվորի միջին թվով որքան է ընկնում։ Մի չափազանց խորամանկամիտ գործողություն։ Այդ պ. Ֆաուսետտին չի խանգարում հայտարարելու մի շնչով. «Անգլիայում կուտակվող տարեկան ամբողջ հարստությունը բաժանվում է երկու մասի։ Մի մասը գործադրվում է հենց Անգլիայում՝ մեր սեփական արդյունաբերությունը պահպանելու համար։ Մյուս մասն արտահանվում է արտասահման... Մեր արդյունաբերության մեջ գործադրվող մասն այս երկրում կուտակված տարեկան հարստության աննշան բաժինն է կազմում»<ref>Նույն տեղում, էջ 122, 123։</ref>։ Այսպես ուրեմն, ամեն տարի ավելացող այն հավելյալ արդյունքի ավելի մեծ մասը, որ առանց համարժեքի խլում են անգլիական բանվորներից, կապիտալացվում է ո՛չ թե Անգլիայում, այլ ուրիշ երկրներում։ Բայց չէ՞ որ այդ ձևով արտասահման արտահանվող ավելադիր կապիտալի հետ արտահանվում է նաև աստծու ու Բենթամի հնարած «աշխատաֆոնդի» մի մասը<ref>Կարելի էր ասել, թե Անգլիայից ամեն տարի ոչ միայն կապիտալ, այլև բանվորներ են արտահանվում արտագաղթի ձևով։ Սակայն տեքստում խոսքն արտագաղթողների գույքի մասին չէ, որոնք իրենց խոշոր մասով բանվոր դասակարգին չեն պատկանում։ Արտագաղթողների մի խոշոր մասը կազմում են ֆերմերների զավակները։ Շահույթ քաղելու նպատակով ամեն տարի արտասահման ուղարկվող անգլիական ավելադիր կապիտալն անհամեմատ ավելի զգալի մեծություն է կազմում տարեկան կուտակման հետ, համեմատած, քան տարեկան արտագաղթը՝ բնակչության տարեկան աճի համեմատությամբ։</ref>։
<references>