Արդյունաբերական ռեզերվային բանակը, կամ հարաբերական գերբնակչությունը, լճացման ու միջին աշխուժացման ժամանակաշրջաններում ճնշում է գործադրում բանվորների ակտիվ բանակի վրա և գերարտադրության ու պարոքսիզմների շրջանում սանձահարում է նրա հավակնությունները։ Հետևապես, հարաբերական գերբնակչությունն այն ֆոնն է, որի վրա շարժվում է աշխատանքի պահանջարկի ու առաջարկի օրենքը։ Հարաբերական գերբնակչությունն այդ օրենքի թափը խցկում է այնպիսի սահմանների մեջ, որոնք բացարձակապես համապատասխանում են կապիտալին հատուկ շահագործման ծարավին ու տիրապետության ձգտումին։ Այստեղ տեղին կլինի վերադառնալ տնտեսագիտական ջատագովության մեծ գործերից մեկին։ Հիշեցնենք, որ եթե նոր մեքենաներ մտցնելու կամ հին մեքենաները տարածելու շնորհիվ փոփոխուն կապիտալի մի մասը փոխարկվում է հաստատուն կապիտալի, ապա կապիտալին «կապող» և հենց դրանով էլ բանվորներին «ազատող» այդ ղործառնությունր տնտեսագետ ջատագովն այնպես է մեկնաբանում, թե իբր այդ գործառնությունը, ընդհակառակը, կապիտալ է ազատում բանվորների համար։ Մենք միայն հիմա կարող ենք լիովին գնահատել ջատագովի անպատկառությունը։ Ազատվում են փաստորեն ո՛չ միայն անմիջաբար մեքենայի կողմից դուրս մղվող բանվորները, այլև նրանց փոխարինողների կոնտինգենտը և այն լրացուցիչ կոնտինգենտը, որը կանոնավորապես կկլանվեր, եթե ձեռնարկությունը սովորական եղանակով ընդարձակվեր իր հին պատվանդանի վրա։ Հիմա նրանք բոլորն էլ «ազատված են», և գործելու ձգտող ամեն մի նոր կապիտալ կարող է իր տնօրինության տակ առնել նրանց։ Արդյոք նա հենց այդ բանվորներին կներգրավի թե ուրիշներին,— թե՛ մեկ և թե՛ մյուս դեպքում աշխատանքի ընդհանուր պահանջարկի վրա եղած ներգործությունը զրո կլինի, քանի դեռ այդ նոր կապիտալը բավարար կլինի միայն այն բանի համար, որ շուկան ազատի հենց այնքան բանվորներից, որքան մեքենաներն էին նետել այնտեղ։ Եթե նոր կապիտալը ավելի փոքր թվով բանվորներ է ներգրավում, ապա աճում է ավելցուկների քանակը, եթե ավելի մեծ թվով բանվորների է զբաղմունք տալիս, ապա աշխատանքի ընդհանուր պահանջարկն աճում է այնքան, որքան տարբերություն է գոյանում զբաղվածների և «ազատվածների» քանակի միջև։ Այսպիսով, աշխատանքի պահանջարկի այն ավելացումը, որ ընդհանրապես կարող էին առաջ բերել ներդրում որոնող ավելադիր կապիտալները, համենայն դեպս չեզոքացվում է այն չափով, որչափով այդ ավելացումը ծածկվում է մեքենաների կողմից փողոց նետված բանվորներով։ Հետևապես, կապիտալիստական արտադրության մեխանիզմը հոգում է այն մասին, որ կապիտալի բացարձակ աճմանն ուղեկից չլինի աշխատանքի ընդհանուր պահանջարկի համապատասխան ավելացումը։ Եվ հենց այս էլ ջատագովն անվանում է դուրս մղված բանվորների աղքատության, տառապանքների և հնարավոր կորստյան փոխհատուցում անցման այն ժամանակաշրջաններում, որոնք նրանց նետում են արդյունաբերական ռեզերվային բանակի շարքերը։ Աշխատանքի պահանջարկը նույնանում կապիտալի աճման հետ, աշխատանքի առաջարկը չի նույնանում բանվոր դասակարգի աճման հետ, այնպես որ այստեղ չկա երկու միմյանցից անկախ ուժերի փոխազդում։ Les dés sont pipés [զառերր կեղծված են]։ Կապիտալը միաժամանակ գործում է երկու ուղղությամբ էլ։ Եթե նրա կուտակումը, մի կողմից, ավելացնում է աշխատանքի պահանջարկը, ապա, մյուս կողմից, նա ավելացնում է բանվորների առաջարկը նրանց «ազատման» միջոցով, իսկ չզբաղված բանվորների ճնշումը միաժամանակ զբաղվածներին ստիպում է ավելի շատ աշխատանք տալու և, այդպիսով, աշխատանքի առաջարկը որոշ չափով անկախ է դարձնում բանվորների առաջարկից։ Աշխատանքի պահանջարկի ու առաջարկի օրենքի շարժումը այդ պատվանդանի վրա լրիվ չափերի է հասցնում կապիտալի բռնապետությունը։ Ուստի, երբ բանվորները բաց են անում այն գաղտնիքը, թե ինչպես կարող էր պատահել, որ որքան շատ են աշխատում իրենք, որքան շատ են օտարի համար հարստություն արտադրում, և որքան շատ է աճում իրենց աշխատանքի արտադրողական ուժը, այնքան իրենց համար ավելի անհուսալի է դառնում նույնիսկ կապիտալի ինքնաճման միջոցի դերում գործելու հնարավորությունը, երբ նրանք հայտնագործում են, որ իրենց միջև տեղի ունեցող կոնկուրենցիայի ինտենսիվության աստիճանն ամբողջովին կախված է հարաբերական գերբնակչության ճնշումից, երբ նրանք այգ պատճառով աշխատում են զբաղվածների ու չզբաղվածների միջև պլանաչափ փոխգործակցություն կազմակերպել տրեդ-յունիոնների և այլն միջոցով, որպեսզի ոչնչացնեն կամ մեղմացնեն այն կործանարար հետևանքները, որ կապիտալիստական արտադրության այդ բնական օրենքը ունենում է բանվորների դասակարգի համար, այն ժամանակ կապիտալն ու նրա սիկոֆանտը, տնտեսագետը, վայնասուն են բարձրացնում պահանջարկի ու առաջարկի «հավիտենական» և, այսպես ասած, «սրբազան» օրենքը խախտելու առթիվ։ Զբաղվածների ու չզբաղվածների ամեն մի կապ խախտում է այդ օրենքի մաքուր խաղը։ Իսկ մյուս կողմից, որչափով գաղութներում, օրինակ, աննպաստ հանգամանքներն արգելք են լինում արդյունաբերական ռեզերվային բանակ ստեղծելուն, իսկ դրա հետ միասին նաև բանվոր դասակարգի բացարձակ կախմանը կապիտալիստների դասակարգից, ապա կապիտալն իր սովորական տափակ Սանչո-Պանչայի հետ ըմբոստանում է պահանջարկի ու առաջարկի «սրբացան» օրենքի դեմ և աշխատում է հարկադիր միջոցներով հաշիվ տեսնեք նրա հետ։
====4. ՀԱՐԱԲԵՐԱԿԱՆ ԳԵՐքւՆԱԿՏւՍՓՅԱՆ ԳԵՐԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՏԱՐԲԵՐ ԳՈՅԱ£ԵվԵՐԸ։ ԳՈՅԱՁԵՎԵՐԸ։ ԿԱՊԻՏԱԼԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՏԱԿՄԱՆ ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ====
Հարաբերական գերբնակչությունը գոյություն ունի բազմազան երանգներով։ Նրան է պատկանում ամեն մի բանվոր, երբ նա զբաղված է կիսով չափ կամ բոլորովին աշխատանք չունի։ Եթե մի կողմ թողնենք պարբերաբար կրկնվող այն խոշոր ձևերը, որ արդյունաբերական ցիկլի փուլերի հաջորդափոխությունը տալիս է հարաբերական գերբնակչությանը, այնպես որ վերջինը մերթ սուր բնույթ է կրում՝ ճգնաժամերի միջոցին, մերթ խրոնիկականբնույթ` գործի տարտամ ընթացքի ժամանակ,— եթե մի կողմ թողնենք այդ ձևերը, ապա հարաբերական գերբնակչությունը միշտ երեք ձև է ունենում՝ հոսուն, թաքնված և լճացած։ Ժամանակակից արդյունաբերության կենտրոններում — գործարաններում, մանուֆակտուրաներում, հանքագործարաններում, հանքերում և այլն — բանվորները երբեմն ետ են մղվում, երբեմն էլ նորից են ներձգվում ավելի զգալի չափերով, այնպես որ, ընդհանրապես ու ամբողջությամբ առած, զբաղվածների թիվն ավելանում է՝ թեև արտադրության մասշտաբի համեմատությամբ շարունակ նվազող համամասնությամբ։ Գերբնակչությունն այստեղ գոյություն ունի հոսուն ձևով։ Ինչպես բուն գործարաններում, այնպես էլ բոլոր խոշոր արհեստանոցներում, որտեղ մեքենաներ են կիրառվում կամ, առնվազն, աշխատանքի արդի բաժանում է մտցված, մասսայորեն պահանջվում են տղամարդ բանվորներ պատանի հասակում։ Չափահաս դառնալուց հետո նրանցից միայն շատ քչերն են կիրառում գտնում արտադրության նախկին ճյուղերում, իսկ մեծամասնությունը կանոնավորապես արձակվում է։ Նրանք կազմում են հոսուն գերբնակչության մի տարրը, որն աճում է արդյունաբերության աճմանը զուգընթաց։ Նրանց մի մասն արտագաղթում է, այսինքն՝ փաստորեն ուղղակի գնում է արտագաղթող կապիտալի հետևից։ Դրա հետևանքներից մեկը իգական բնակչության ավելի արագ աճումն է արական բնակչության համեմատությամբ, օրինակ, Անգլիայում։ Այն փաստը, որ բանվորների մասսայի բնական աճը չի հագեցնում կապիտալի կուտակման պահանջմունքները և միաժամանակ, այնուամենայնիվ, գերազանցում է նրան, կապիտալի բուն իսկ շարժման հակասությունն է։ Նա ավելի շատ պահանջ ունի դեռահաս բանվորների, ավելի քիչ՝ մեծահասակ բանվորների։ Մի հակասություն, որն ավելի աղաղակող չէ, քան այն հակասությունը, որ բողոքներ են լսվում աշխատող ձեռքերի պակասության մասին հենց այն ժամանակ, երբ շատ հազարավորներ փողոց են շպրտվում, որովհետև աշխատանքի բաժանումը նրանց գամել է արտադրության մեկ որոշ ճյուղի<ref>Մինչդեռ 1866 թվականի երկրորդ կեսում Լոնդոնում 80—90 հազար գործազուրկ կար, նույն կիսամյակի գործարանային հաշվետվության մեջ ասված է. «Ըստ երևույթին, չի կարող բացարձակ ճշտության հավակնություն ունենալ այն պնդումը, թե պահանջարկը գրեթե հենց նույն րոպեին, երբ այդ անհրաժեշտ է, առաջարկ է ծնում։ Աշխատանքի նկատմամբ այդ այդպես չէ, որովհետև անցյալ տարի բազմաթիվ մեքենաներ պարապ կանգնած էին աշխատող ձեռքերի պակասության պատճառով» («Imports of Insp. of Fact. for 31st October 1866», էջ 81)։<br>85a Բիրմինհամում 1875 թվականի հունվարի 15-ին սանիտարական կոնֆերենցիայի բացմանը այն ժամանակ քաղաքագլուխ {հիմա (1883 թ.) առևտրի մինիստր} Չեմբեռլենի արտասանած ճառը։</ref>։ Բացի դրանից, կապիտալն այնպես արագ է սպառում աշխատուժը, որ բանվորն արդեն միջին հասակում մեծ մասամբ ավելի կամ պակաս չափով զառամած է լինում։ Նա ընկնում է ավելցուկների շարքերը կամ ավելի բարձր աստիճանից ետ է մղվում դեպի ցածր աստիճանը։ Խոշոր արդյունաբերության բանվորների մոտ է հենց, որ հանդիպում ենք կյանքի ամենակարճ տևողությանը։ «Մանչեստրի սանիտարական բժիշկ դ-ր Լին հավաստել է, որ այդ քաղաքում ունևոր դասակարգի կյանքի միջին տևողությունը 38 տարի է, բանվոր դասակարգինը՝ միայն 17։ Լիվերպուլում այդ կազմում է առաջին դասակարգի համար՝ 35 տարի, երկրորդի համար՝ 15։ Դրանից հետևում է, որ արտոնյալ դասակարգը կյանքից կրկնապատիկից էլ ավելի երկարատև ուղեգիր է ստացել (had a lease of life), քան պակաս նպաստավոր պայմաններում գտնվող նրա համաքաղաքացիների դասակարգը» [''Տես 85a ծանոթ.'']։ Այդ հանգամանքներում պրոլետարիատի հիշյալ մասի բացարձակ աճումը պետք է տեղի ունենա այնպիսի ձևով, որը նրա թիվն ավելացնում է, չնայած նրա տարրերի արագ մաշվելուն։ Այսպիսով, բանվորների սերունդների արագ հաջորդափոխություն է պահանջվում։ (Այս օրենքը ուժ չունի բնակչության մնացած դասակարգերի նկատմամբ։) Հասարակական այդ պահանջմունքը բա։վարարվում է վաղաժամ ամուսնություններով — ա՛յն պայմանների անհրաժեշտ հետևանքով, որոնց մեջ ապրում են խոշոր արդյունաբերության բանվորները — և այն պրեմիայով, որ երեխաների շահագործումը տալիս է բանվորների երեխաներ արտադրելու համար։ Հենց որ կապիտալիստական արտադրությունը տիրանում է գյուղատնտեսությանը, կամ այն չափով, որով նա տիրանում է գյուղատնտեսությանը, այդ բնագավառում գործող կապիտալի կուտակմանը զուգընթաց բացարձակորեն պակասում է գյուղական բանվորների պահանջարկը, ընդ որում բանվորների հետմղումը չի ուղեկցվում ավելի մեծ ներգրավումով, ինչպես ոչ-հողագործական արդյունաբերության մեջ։ Ուստի գյուղական բնակչության մի մասը շարունակ քաղաքային կամ մանուֆակտուրային պրոլետարիատի փոխարկվելու անցողիկ վիճակում է գտնվում և այդ փոխարկման համար նպաստավոր պայմանների է սպասում։ (Մանուֆակտուրա բառն այստեղ — ամեն մի ոչ-հողագործական արդյունաբերության իմաստով։)<ref>1861 թվականի մարդահամարի համաձայն, Անգլիայում և Ուելսում հաշվվում էր «781 քաղաք 10 960 998 բնակչով, այնինչ գյուղերում և գյուղական ծխերում հաշվվում էր միմիայն 9 105 226 հոգի։ 1851 թվականի մարդահամարի մեջ ցույց էր տրված 580 քաղաք, որոնց բնակչությունը մոտավորապես հավասար էր նրանց մերձակա գյուղական օկրուգների բնակչությանը։ Բայց մինչդեռ գյուղական օկրուգներում հաջորդ տասնամյակի ընթացքում բնակչությունն աճել է միայն կես միլիոնով, 580 քաղաքում բնակչությունն աճել է 1554 067 հոգով։ Գյուղական ծխերում բնակչության աճը կազմում է 6,5 %, քաղաքներում՝ 17,3 %։ Աճի նորմայի տարբերությունը պայմանավորված է գյուղից քաղաք կատարվող գաղթով։ Բնակչության ընդհանուր աճի երեք քառորդը քաղաքներին է ընկնում» («Census etc.», հ. III, էջ 11, 12)։</ref> Հարաբերական ավելցուկ բնակչության այս աղբյուրը շարունակ հոսում է, բայց նրա մշտական հոսանքը դեպի քաղաքները ենթադրում է արդեն գյուղում շարունակ թաքնված գերբնակչություն, որի չափերը տեսանելի են դառնում այն ժամանակ միայն, երբ հեռատար առուները բացառիկորեն լայն են բացվում։ Այս պատճառով գյուղական բանվորին իջեցնում են աշխատավարձի ամենացածր մակարդակին, և նա միշտ մի ոտքով կանգնած է պաուպերիզմի ճահճի մեջ։ Հարաբերական գերբնակչության երրորդ կատեգորիան, լճացած գերբնակչությունը, կազմում է բանվորական ակտիվ բանակի մի մասը, բայց բնորոշվում է զբաղմունքի ծայրահեղ անկանոնությամբ։ Այսպիսով, նա կապիտալի համար կազմում է ազատ աշխատուժի մի անսպառ ամբար։ Նրա կենսական մակարդակն ընկնում է բանվոր դասակարգի նորմալ միջին մակարդակից ցած, և կապիտալի համար հենց այս է նրան դարձնում առանձնահատուկ շահագործման ճյուղերի լայն հիմք։ Նա բնորոշվում է աշխատաժամանակի մաքսիմումով և աշխատավարձի մինիմումով։ Տանը կատարվող աշխատանքի հատվածում մենք արդեն ծանոթացանք նրա գլխավոր ձևին։ Նա շարունակ հավաքագրվում է խոշոր արդյունաբերության ու հողագործության ավելցուկ բանվորներից և, հատկապես, արդյունաբերության այն կործանվող ճյուղերի բանվորներից, որտեղ արհեստային արտադրությունը հաղթվում է մանուֆակտուրային արտադրությունից, մանուֆակտուրայինը մեքենայական արտադրությունից։ Նրա ծավալն ընդարձակվում է այն չափով, որչափով զարգանում է «ավելցուկ» բանվորների ստեղծումը կուտակման ծավալին ու թափին զուգընթաց։ Բայց նա միաժամանակ կազմում է բանվոր դասակարգի ինքնավերարտադրվող ու ինքնահավերժացվող տարրը, մի տարր, որը հարաբերաբար ավելի մեծ մասնակցություն է ունենում բանվոր դասակարգի ընդհանուր աճման մեջ, քան մնացած բոլոր տարրերը։ Եվ իրոք, ո՛չ միայն ծնունդների ու մահվան դեպքերի թիվը, այլև ընտանիքների բացարձակ մեծությունը հակառակ հարաբերական են աշխատավարձի բարձրությանը, այսինքն՝ կենսամիջոցների այն մասսային, որ ունեն բանվորների տարբեր կատեգորիաները։ Կապիտալիստական հասարակության այս օրենքը որպես մի անմիտ բան կհնչեր, եթե մենք այն կիրառեինք վայրենիների կամ նույնիսկ քաղաքակիրթ գաղութականների նկատմամբ։ Նա մեզ հիշեցնում է անհատապես թույլ և դաժան հալածանքների ենթարկվող կենդանական տեսակների մասսայական բազմացումը<ref>«Աղքատությունը, ըստ երևույթին, նպաստում է բազմանալուն» (A. Smith: «Wealth of Nations», գիրք I, գլ. 8 [А. Смит: «Богатство народов». Соцэкгиз, 1935, էջ 72])։ Նրբակիրթ ու սրամիտ աբբա Գալիանիի կարծիքով, այդ նույնիսկ աստվածային, մի առանձնապես իմաստուն սահմանում է. «Աստված այնպես է տնօրինել, որ ամենամեծ թվով ծնվում են ամենաօգտակար աշխատանքներ կատարող մարդիկ» (Galianii: «Della Moneta», Custodi-ի ժողովածուի հատ. III. «Scrittori Classici italiani di Economia Politica». Parte Moderna, Milano 1801, էջ 78)։ «Սովի ու Համաճարակների ծայրահեղ սահմանին հասնող աղքատությունը ո՛չ թե կասեցնում է բնակչության աճումը, այլ մեծացնելու հակում ունի» (S. Laing: «National Distress», 1844, էջ 69)։ Այս դրույթի վիճակագրական լուսաբանությունից հետո Լենգը շարունակում է. «Եթե ամենքն էլ բարենպաստ պայմաններում ապրեին, ապա աշխարհը կամայանար»։</ref>։ Վերջապես, հարաբերական գերբնակչության ստորին խավը ապրում է պաուպերիզմի ոլորտում։ Եթե մի կողմ թողնենք թափառաշրջիկներին, հանցագործներին ու պոռնկությամբ ապրողներին,— կարճ ասած, ամբողջ իսկական լումպեն-պրոլետարիատին, ապա հասարակության այդ խավը կազմված է երեք կատեգորիայից։ Առաջին՝ աշխատունակներ։ Բավական է միայն մակերեսորեն աչքի անցկացնել անգլիական պաուպերիզմի վիճակագրությունը. և մենք կտեսնենք, որ նրա մասսան ամեն մի ճգնաժամի հետ ավելանում է և գործերի ամեն մի աշխուժացման հետ՝ նվազում։ Երկրորդ որբեր և պաուպերների երեխաներ։ Դրանք արդյունաբերական ռեզերվային բանակի թեկնածուներն են. արդյունաբերական ուժեղ վերելքի շրջաններում, ինչպես, օրինակ, 1860 թվականին, նրանք արագորեն ու մասսայաբար մտնում են բանվորական ակտիվ բանակի մեջ։ Երրորդ՝ վհատվածներ, աղքատացածներ, անաշխատունակներ։ Սրանք այն մարդիկ են հատկապես, որոնք կորչում , են իրենց անշարժությունից աշխատանքի բաժանման հետևանքով, կամ այնպիսիներ, որոնք բանվորի նորմալ տարիքից ավելի են ապրում. վերջապես, դրանք արդյունաբերության այն զոհերն են, որոնց թիվը շարունակ աճում է վտանգավոր մեքենաների, հանքագործության, քիմիական գործարանների տարածման հետ և այլն — հաշմանդամներ, հիվանդոտներ, այրիներ և այլն։ Պաուպերիզմը բանվորական ակտիվ բանակի հաշմանդամանոցն է և արդյունաբերական ռեզերվային բանակի մեռած բեռը։ Պաուպերիզմի արտադրումը ենթադրվում է հարաբերական գերբնակչությանն արտադրությամբ, առաջնի անհրաժեշտությունը՝ երկրորդի անհրաժեշտությամբ, հարաբերական գերբնակչության հետ նա կազմում է կապիտալիստական արտադրության գոյության և հարստության զարգացման պայմանը։ Նա պատկանում է կապիտալիստական արտադրության faux frais-ի [անարտադրողական ծախքերի] շարքին, որոնք, սակայն, կապիտալը մեծ մասամբ կարողանում է իր վրայից բարդել բանվոր դասակարգի ու մանր բուրժուազիայի ուսերին։ Որքան ավելի մեծ են հասարակական հարստությունը, գործող կապիտալը, նրա աճման չափերն ու թափը, հետևապես, որքան ավելի մեծ են պրոլետարիատի բացարձակ մեծությունն ու նրա աշխատանքի արտադրողական ուժը, այնքան ավելի մեծ է արդյունաբերական ռեզերվային բանակը։ Ազատ աշխատուժը նույն պատճառների հետևանքով է զարգանում, ինչպես և կապիտալի ընդարձակման ուժը։ Հետևապես, արդյունաբերական ռեզերվային բանակի հարաբերական մեծությունն աճում է հարստության ուժերի աճման հետ։ Բայց որքան ավելի մեծ է այդ ռեզերվային բանակը բանվորական ակտիվ բանակի համեմատությամբ, այնքան ավելի մեծ է մշտական գերբնակչությունը, որի աղքատությունը հակառակ հարաբերական է նրա աշխատանքի տառապանքներին։ Վերջապես, որքան ավելի մեծ են բանվոր դասակարգի աղքատ խավերը և արդյունաբերական ռեզերվային բանակը, այնքան ավելի մեծ է պաշտոնական պաուպերիզմը։ '''Դա կապիտալիստական կուտակման բացարձակ, ընդհանրական օրենքն է։''' Մյուս բոլոր օրենքների նման սա իր իրականացման ժամանակ կերպարանափոխվում է բազմաթիվ հանգամանքների շնորհիվ, որոնց վերլուծությունն այս բաժնին չի վերաբերում։ Կարելի է ըմբռնել այն տնտեսագիտական իմաստության տխմարությունը, որը բանվորներին քարոզում է, թե նրանք պետք է իրենց թիվը հարմարեցնեն կապիտալի ինքնաճման պահանջմունքներին։ Կարծես կապիտալիստական արտադրության ու կուտակման մեխանիզմը շարունակ չի հանգեցնում հարմարեցման այդ պրոցեսին։ Այդ հարմարեցման առաջին խոսքը հարաբերական գերբնակչություն կամ արդյունաբերական ռեզերվային բանակ ստեղծելն է, վերջին խոսքը բանվորական ակտիվ բանակի հարաճուն խավերի աղքատությունը և պաուպերիզմի մեռած բեռն է։ Այն օրենքը, որի համաձայն արտադրության միջոցների հարաճուն մասսան, հասարակական աշխատանքի արտադրողականության աճման հետևանքով, կարող է շարժման մեջ դրվել մարդկային ուժի ավելի ու ավելի պակաս ծախսմամբ, — այդ օրենքը կապիտալիստական հիմքի վրա, որտեղ ոչ թե բանվորն է աշխատանքի միջոցները կիրառում, այլ աշխատանքի միջոցներն են բանվորին կիրառում, արտահայտվում, է նրանով, որ որքան ավելի բարձր է աշխատանքի արտադրողական ուժը, այնքան ավելի մեծ է բանվորների ճնշումն իրենց զբաղմունքի միջոցների վրա, հետևապես, այնքան ավելի անապահով է նրանց գոյության անհրաժեշտ պայմանը՝ սեփական ուժի վաճառքը ուրիշի հարստությունը ավելացնելու համար կամ կապիտալի ինքնաճման համար։ Այսպիսով, արտադրության միջոցների և աշխատանքի արտադրողականության ավելի արագ աճումը, քան արտադրողական բնակչության աճումը, ստանում է, ընդհակառակը, կապիտալիստական այն արտահայտությունը, որ բանվոր բնակչությունը միշտ ավելի արագ է աճում, քան կապիտալի ինքնաճման պահանջմունքը։ Չորրորդ բաժնում հարաբերական հավելյալ արժեքի արտադրությունը վերլուծելիս մենք տեսանք, որ կապիտալիստական սիստեմում աշխատանքի հասարակական արտադրողական ուժը բարձրացնելու բոլոր մեթոդները իրագործվում են ի հաշիվ անհատական բանվորի արտադրությունը զարգացնելու բոլոր միջոցները փոխարկվում են արտադրողին հպատակեցնելու և շահագործելու միջոցների, այլանդակում են բանվորին, նրան դարձնելով կիսատ մարդ, նրան իջեցնում են մեքենայի կցորդի աստիճանին, ավելացնելով աշխատանքի ծանրությունը, այն զրկում են բովանդակությունից, բանվորից օտարում են աշխատանքի պրոցեսի հոգևոր ուժերն այն չափով, որչափով գիտությունն աշխատանքի պրոցեսի մեջ է մտնում որպես ինքնուրույն ուժ, նրանք խեղաթյուրում են այն պայմանները, որոնց մեջ աշխատում է բանվորը, նրան աշխատանքի պրոցեսի ժամանակ ենթարկում են ամենամանր զզվելի բռնության, նրա կյանքի ամբողջ ժամանակը դարձնում են աշխատանքի ժամանակ, նրա կնոջն ու երեխաներին նետում են կապիտալի Ջագերնաուտյան կառքի տակ։ Բայց հավելյալ արժեքի արտադրության բոլոր մեթոդները կուտակման մեթոդներ են միաժամանակ, և կուտակման ամեն մի ընդարձակում, ընդհակառակը, դառնում է այդ մեթոդների զարգացման միջոց։ Դրանից հետևում է, որ այն չափով, որչափով կուտակվում է կապիտալը, բանվորի դրությունը պետք է վատանա, որքան էլ բարձր լինի կամ ցածր լինի նրա վարձատրությունը։ Վերջապես, այն օրենքը, որ հարաբերական գերբնակչությանը կամ արդյունաբերական ռեզերվային բանակին հավասարակշռության մեջ է պահում կուտակման չափի ու թափի հետ, բանվորին ավելի ամուր է գամում կապիտալին, քան Հեփեստոսի կռանը Պրոմեթեոսին գամել էր ժայռին։ Այդ օրենքը պայմանավորում է կապիտալի կուտակմանը համապատասխանող աղքատության կուտակում։ Հետևապես, հարստության կուտակումը մի բևեռում միաժամանակ աղքատության, աշխատանքի տառապանքի, ստրկության, տգիտության, վայրենացման ու բարոյական անկման կուտակումն է հակառակ բևեռում, այսինքն՝ այն դասակարգի կողմում, որն իր սեփական արդյունքն արտագրում է որպես կապիտալ։ Կապիտալիստական կուտակման այս անտագոնիստ ական բնույթը<ref>«Օրեցօր ավելի ակներև է դառնում, որ արտադրության այն հարաբերությունները, որոնցով շարժվում է բուրժուազիան, ո՛չ թե ամբողջական, պարզ, այլ երկակի բնույթ են կրում. որ այն չափով, որչափով հարստություն է արտադրվում, արտադրվում է նաև աղքատություն. որ այն չափով, որչափով արտադրողական ուժերի զարգացում է տեղի ունենում, զարգանում է նաև ճնշման ուժը. որ այդ հարաբերությունները բուրժուական հարստություն, այսինքն՝ բուրժուական դասակարգի հարստություն են արտադրում այն եղանակով միայն, որ նրանք շարունակ ոչնչացնում են այդ դասակարգի առանձին անդամների հարստությունը և շարունակ բազմացող պրոլետարիատ են ստեղծում» (Karl Marx: «Misère de la Philosophie», էջ 116)։ [Կ. Մարքս. «Փիլիսոփայության աղքատությունը»։ Կ. Մարքսի և Ֆ. Էնգելսի Երկ., հ. V, էջ 375։]</ref> տարբեր ձևերով ընդունված է տնտեսագետների կողմից, թեև նրանք այդ ձևերի հետ մի կույտի մեջ են խառնում արտադրության մինչկապիտալիստական եղանակների մասամբ համանման, բայց, այնուամենայնիվ, էապես տարբեր երևույթները։ Վենետիկցի աբեղա Օրտեսը, XVIII դարի մեծագույն տնտեսագետ-գրողներից մեկը, կապիտալիստական արտադրության անտագոնիզմը դիտում է որպես հասարակական հարստության ընդհանրական բնական օրենք։ «Տնտեսական բարիքն ու տնտեսական չարիքը ամեն մի ազգի մեջ միշտ հավասարակշռում են իրար (il bene ed il male economico in una nazione sempre all’istessa misura), մի քանիսի համար եղած բարիքների առատությունը միշտ համազոր է նույն բարիքների բացակայությանն ուրիշների համար (la copia de’beni in alcuni sempre eguale alla mancanza di essi in altri)։ Քչերի մեծ հարստությանը միշտ ուղեկից է անհամեմատ ավելի մեծ թվով ուրիշների անհրաժեշտ միջոցների բացարձակ կողոպտումը։ Ազգի հարստությունը համապատասխանում է նրա բնակչությանը, իսկ նրա աղքատությունը համապատասխանում է նրա հարստությանը։ Ոմանց աշխատասիրությունն ստիպողաբար առաջ է բերում ուրիշների պարապ-սարապություն։ Աղքատներն ու պարապ-սարապները հարուստների ու գործով զբաղվածների անհրաժեշտ պտուղն են» և այլն<ref>G. Ortes: «Della Economia Nationale libri sei 1774», Custodi-ի ժողովածուում, Parte Moderna, հ. XXI, էջ 6—9, 22, 25 և այլն։ Օրտեսը նույն տեղում. էջ 32, ասում է, «Փոխանակ ժողովուրդներին երջանիկ դարձնելու անօգտակար սիստեմներ հնարելու, ես կսահմանափակվեմ նրանց դժբախտությունների պատճառների հետազոտությամբ»։</ref>։ Օրտեսից մոտ 10 տարի անց՝ անգլիկան֊ բողոքական տերտեր Տաունսենդը մի կատարյալ գռեհկությամբ փառաբանում Էր աղքատությունդ որպես հարստության անհրաժեշտ պայման։ «Աշխատանքի իրավական հարկադրանքը կապված է չափազանց մեծ դժվարությունների, բռնության ու աղմուկի հետ, մինչդեռ քաղցը ո՛չ միայն մի խաղաղ, լուռ, անընդհատ ճնշում է, այլև,— որպես աշխատասիրության ու աշխատանքի ամենաբնական դրդապատճառ, — ամենաուժեղ լարում է առաջ բերում»։ Հետևապես, ամեն ինչ հանգում է այն բանին, որ քաղցը հարատև, դարձվի բանվոր դասակարգի համար, և Տաունսենդի կարծիքով, այդ մասին հոգում է բնակչության սկզբունքը, որն առանձին ուժով է գործում աղքատների մեջ։ «Ըստ երևույթին, բնության օրենքն այնպես է, որ աղքատները որոշ չափով անկանխատես (improvident) են (այսինքն` այն աստիճան անկանխատես են, որ աշխարհ են գալիս առանց ոսկե գդալը բերաններին), այնպես որ հասարակության մեջ միշտ կան մարդիկ (that there always may be some) ամենակոպիտ, ա մ են ա կեղտ ոտ ու ամենաստոր ֆունկցիաներ կատարելու համար։ Մարդկային երջանկության գումարը (the stock of human appiness) դրա շնորհիվ սաստիկ մեծանում է, ավելի նրբակիրթ մարդիկ (the more delicate) ազատվում են նեղությունից և կարող են անխափան հետամուտ լինել իրենց ավելի բարձր կոչմանը և այլն... Աղքատների վերաբերյալ օրենքը տենդենց ունի խախտելու ներդաշնակությունն ու գեղեցկությունը, համաչափությունն ու կարգն այդ սիստեմի, որ աշխարհում ստեղծել են աստված ու բնությունր»<ref>«A Dissertation օո the Poor Laws. By a Well-wisher to Mankind (պ. Ջ. Տաունսենդ քահանա), 1786», վերահրատարակված London 1817, էջ 15, 39, 41։ Այս «նրբակիրթ տերտերը, որի ինչպես հենց նոր հիշատակված աշխատությունից, այնպես էլ Իսպանիա կատարած ճանապարհորդությունից Մալթուսը հաճախ ամբողջ էջերով արտագրում է, այս տերտերը իր ուսմունքի մեծագույն մասը վերցրել է սըր Ջ. Ստյուարտից, որին, սակայն, նա խեղաթյուրում է։ Օրինակ, երբ Ստյուարտն ասում է, «Այստեղ, ստրկության ժամանակ, մարդկանց աշխատանքի (չաշխատողների համար) հարկադրելու եղանակը բռնությունն էր... Մարդկանց այն ժամանակ բռնադատում էին աշխատելու (այսինքն՝ ուրիշների համար ձրի աշխատելու), որովհետև նրանք ուրիշների ստրուկն էին. մարդիկ հիմա բռնադատվում են աշխատանքի (այսինքն՝ չաշխատողների համար ձրի աշխատանքի), նրանով, որ նրանք իրենց սեփական պահանջմունքների ստրուկն են»,— եթե նա այդ ասում է, ապա նա, սակայն, երբեք դրանից չի եզրակացնում, ինչպես ճարպակալած ծխատեր տերտերն է անում, թե վարձու բանվորները միշտ պետք է քաղցի մատնված լինեն։ Նա ուզում է, ընդհակառակը, ընդարձակել բանվորների պահանջմունքները և միաժամանակ նրանց պահանջմունքների աճումը դարձնել «ավելի նրբակիրթների» համար աշխատելու խթան։</ref>։ Եթե վենետիկցի աբեղան ճակատագրի վճռի մեջ, որը հավերժացնում է աղքատությունը, քրիստոնեական բարեգործության, հոգևորականության կուսակրոնության, վանքերի ու աստվածահաճո հիմնարկների գոյության արդարացումն էր տեսնում, ապա բողոքական ծխատեր քահանան, ընդհակառակը, դրա մեջ մի առիթ է հայտնագործում աղքատներին վերաբերող անգլիական այն օրենքները դատապարտելու համար, որոնց համաձայն աղքատը հասարակական ողորմելի օժանդակության իրավունք ուներ։ «Հասարակական հարստության զարգացումը,— ասում է Շտորխը,— ծնում է հասարակության այն օգտակար դասակարգին... որը կատարում է ամենաձանձրալի, ամենաստոր ու ամենազզվելի աշխատանքները, մի խոսքով՝ իր ուսերի վրա է բարդում այն բոլորը, ինչ միայն կա կյանքում անախորժ ու ստրկացնող, և հենց դրանով էլ ապահովում է մյուս դասակարգերի համար ազատ ժամանակը, ուրախ տրամադրությունն ու բնավորության պայմանական (c’est bon!) [հիանալի՜ է] արժանավորությունը և այլն»<ref>Storch: «Cours d’Économie Politique», հրատ. Petersbourg 1815, հ. III, էջ 223։</ref>։ Շտորխն իրեն հարց է տալիս, թե հապա իսկապես ո՞րն է մասսաների աղքատություն ու այլասերում ծնող այդ կապիտալիստական քաղաքակրթության առավելությունը բարբարոսության հանդեպ։ Նա միայն մի պատասխան է գտնում — անվտանգությունը։ «Արդյունաբերության ու գիտության զարգացման շնորհիվ,— ասում է Սիսմոնդին,— ամեն մի բանվոր կարող է յուրաքանչյուր օր շատ ավելի արտադրել, քան պահանջվում է նրա սեփական սպառման համար։ Բայց թեև նրա աշխատանքը հարստություն է արտադրում, սակայն այդ նույն հարստությունը, եթե նա ինքը կոչված լիներ սպառելու այդ հարստությունը, նրան աշխատանքի ավելի քիչ ընդունակ կդարձներ»։ Նրա կարծիքով, «մարդիկ (այսինքն՝ ոչ-բանվորները) հավանորեն կհրաժարվեին արվեստների ամեն տեսակ կատարելագործումներից, ինչպես և այն բոլոր հաճույքներից, որ արդյունաբերությունն է տալիս նրանց, եթե նրանք ստիպված լինեին այնպիսի համառ աշխատանքի գնով ձեռք բերելու այդ, որպիսին բանվորի աշխատանքն է... Ներկայումս ջանքերը բաժանված են իրենց վարձատրությունից. ոչ միևնույն մարդն է նախ աշխատում և հետո հանգստանում, ընդհակառակը, հենց այն պատճառով, որ մեկն աշխատում է, մյուսը պետք է հանգստանա... Հետևաբար, աշխատանքի արտադրողական ուժերի անվերջ բազմապատկումը ոչ մի այլ հետևանք չի կարողի ունենալ, բացի պարապ-սարապ հարուստների պերճանքն ու վայելքներն ավելացնելուց»<ref>Sismondi: «Nouveaux Principes d’Économie Politique», հ. I, էջ 79, 83, [Հմմտ. Сисмонди: «Новые начала политической экономии». Соцэкгиз, 1936 թ., հ. I, էջ 179, 183, 184։]</ref>։— Վերջապես, Դեստյուտ-դե-Տրասին, այդ սառնասիրտ բուրժուական դոկտրինյորը, գռեհկաբար հայտարարում է. «Աղքատ ազգերը նրանք են, որտեղ ժողովուրդը լավ է ապրում, իսկ հարուստ ազգերը նրանք են, որտեղ ժողովուրդը սովորաբար աղքատ է»<ref>Destutt de Tracy: «Traité de la Volonté et de ses Effets». Paris 1826, էջ 231։</ref>։ ====5. ԿԱՊԻՏԱԼԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՏԱԿՄԱՆ ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ ԼՈՒՍԱԲԱՆՈՒՄԸ==== '''a) 1846—1866 թվականների Անգլիան''' Արդի հասարակության զարգացման ոչ մի ժամանակաշրջանը այն աստիճան նպաստավոր չէ կապիտալիստական կուտակումն ուսումնասիրելու համար, որքան վերջին 20 տարվա ժամանակաշրջանը։ Նա այնպիսի տպավորություն է թողնում, որ կարծես թե գտել է ֆորտունատի քսակը։ Բայց բոլոր երկրներից դարձյալ Անգլիան է կլասիկ օրինակ ներկայացնում, որովհետև նա է համաշխարհային շուկայում առաջին տեղը գրավում, որովհետև արտադրության կապիտալիստական եղանակը միայն այստեղ է լրիվ զարգացման հասել, և որովհետև, վերջապես, 1846 թվականից սկսած ազատ առևտրի հազարամյա թագավորության հաստատումը կտրել է վուլգար քաղաքատնտեսության փախուստի վերջին սողանցքը։ Արտադրության տիտանական զարգացումը, որի շնորհիվ քսանամյա ժամանակաշրջանի երկրորդ
<references>