Ավելացվել է 202 387 բայտ,
00:39, 13 Հուլիսի 2014 {{Վերնագիր
|վերնագիր = Հին Աստվածներ
|հեղինակ = [[Լևոն Շանթ]]
|թարգմանիչ =
|աղբյուր =
}}
[[Կատեգորիա:Պիես]]
<center>''Հազարամյակ մը մեզմե առաջ...''</center>
=='''ԱՌԱՋԻՆ ԱՐԱՐ'''==
Առաջին տեսարան
ՍԵՎԱՆԻ ԳԱԳԱԹԸ, ԺԱՅՌԵՐՈՒ ՄԵՋ ԱՎԵՐԱԿ ՄԸ, ԻՐԻԿՆԱՄՈՒՏ
Վանահայրը նստած է քարի մը, ձեռքը ծնոտին ու մտախոհ կնայի վար: Կիսափուլ կամարի մը տակեն կամաց դուրս կելլե Ճերմակավորը:
Վանահայրը` բարձրահասակ, թավ ու ալեխառն, գլխաբաց: Ճերմակավորը նույնպես գլխաբաց, երկար սև մազերով, ասորական ձևի հյուսված սև ու շքեղ մորուքով:
Վայրկյան մը երկուքն ալ լուռ կնային իրար:
ՃԵՐՄԱԿԱՎՈՐԸ - (Հեգնոտ) Կդիտես, կդիտես թագավորությունդ:
ՎԱՆԱՀԱՅՐԸ - (Խոժոռ) Ո՞վ ես դուն:
ՃԵՐՄԱԿԱՎՈՐԸ - Դիտե, դիտե: Տես, այդ երկու-երեք խարխուլ խցիկները, չէ՞ որ դուն ես շիներ. հապա այն մատուռը, որ քու աճապարանքն է կառուցեր. և վերջապես, նայե, քու այն եկեղեցիդ, որուն գմբեթը օր-օրի կբարձրանա վեր և որու գլխուն շուտով քու իսկ ձեռքովդ խաչը
պիտի տնկես:
ՎԱՆԱՀԱՅՐԸ - Այո, եթե տերը կամենա:
ՃԵՐՄԱԿԱՎՈՐԸ - Նայե ու հպարտացիր: Չէ՞ որ այդ բոլորը քու կամքիդ ծնունդն է:
ՎԱՆԱՀԱՅՐԸ - Ո՞վ ես դուն:
ՃԵՐՄԱԿԱՎՈՐԸ - Այ, սևավոր, ինչո՞ւ ես ժողովեր գլուխդ այդ սևազգեստ ու սևահոգի մարդիկը, ինչո՞ւ ես եկեր այս հինավուրց կղզին:
ՎԱՆԱՀԱՅՐԸ - Ո՞վ ես դուն:
ՃԵՐՄԱԿԱՎՈՐԸ - Ելիր, ելիր. քշե նորեն դուրս դեպի կյանքը այդ թշվառ ու մռայլ ամբոխը: Ելեք դուրս, դուք, որ զգայարանքները չորցնել կուզեք ու կրքերը մարել: Դուրս այս կղզիեն, դուք, որ թշնամի եք ամեն գեղեցկության, ամեն կյանքի ու շարժումի, ամեն ուժի ու ծնունդի:
Դուրս, մի աղարտեք իմ աստվածներուս այս սուրբ դրախտը:
ՎԱՆԱՀԱՅՐԸ - Հոս դրախտ չկա: Այս ժայռի կտորին վրա ես իմ վանքս հիմնեցի. ասկե ետքը հոս անապատ պիտի կոչվի:
ՃԵՐՄԱԿԱՎՈՐԸ - Անապա՞տ… այս ծիծղուն ծովակի ծոցին, այս թարմ արևուն դեմ: Հեռու, կոխած տեղդ հին տաճար է աստվածներու. հեռու, հին աստվածներու շեմքեն է, որ կխոսիմ քեզի:
ՎԱՆԱՀԱՅՐԸ - Հին աստվածներու ավերակներեն:
ՃԵՐՄԱԿԱՎՈՐԸ - Ավերակը այս քարերն են, որ քեզիպեսներն են դարսեր. քանդվեր է անոնց դարսածը: Բայց ինքը կյանքի մեհյանը խորտակում չունի, ինչպես և ինքը կյանքը: Կթափին քարերը, կփոխվին անունները բայց իրենք աստվածները կան ու կմնան:
ՎԱՆԱՀԱՅՐԸ - Հոս մեռան քու աստվածներդ:
ՃԵՐՄԱԿԱՎՈՐԸ - Հոս ու ամեն տեղ, ուր մարդ իր ոտքը կդնե, հոն են անոնք հավերժ ու անմահ:
ՎԱՆԱՀԱՅՐԸ - Հոս մեռան քու աստվածներդ, և անոնց ավերակներուն վրա ես իմ Աստծուս տաճարը կառուցի: Նայե, մութին մեջեն դեռ կնշմարվի գմբեթին արդեն կազմվող սրությունը: Հոն կթագավորե միայն հոգին, հոն կթագավորե միայն Աստծու շունչը…
ՃԵՐՄԱԿԱՎՈՐԸ - Հոն կթագավորե տանջանքի գործիքն ու մահը:
ՎԱՆԱՀԱՅՐԸ - Տանջանքն է, որ կբարձրացնե հոգին, տառապանքն է, որ կմաքրե: Եվ կյանքի ամենեն խոր բանը մահն է:
ՃԵՐՄԱԿԱՎՈՐԸ - Տառապանքը կյանքի խոցն է, իսկ մահը` կյանքի քայքայումը:
ՎԱՆԱՀԱՅՐԸ - Քու բերնով կխոսի մանուկ մարդկությունը:
ՃԵՐՄԱԿԱՎՈՐԸ - Քու բերնով կխոսի ցավագար մարդկու- թյունը:
ՎԱՆԱՀԱՅՐԸ - Հերիք է, ո՞վ ես դուն, որ կհայհոյես: Հեռացիր, այս կղզիին վրա ալ տեղ չկա քեզի ու քու աստվածնե- րուդ:
ՃԵՐՄԱԿԱՎՈՐԸ - Այս կղզին ալ նույն աշխարհն է, ինչպես ամբողջ աշխարհը: Երկրպագե, մոլորված, հավերժ աստվածներուն:
ՎԱՆԱՀԱՅՐԸ - Հեռացիր:
ՃԵՐՄԱԿԱՎՈՐԸ - Խոստովանե, մոլորված, ու երկրպագե:
ՎԱՆԱՀԱՅՐԸ - Հեռացիր:
ՃԵՐՄԱԿԱՎՈՐԸ - Կուգա օրը ու կխոստովանիս (Աներևույթ կըլլա):
ՎԱՆԱՀԱՅՐԸ - (Կնայի շուրջը, անհանգիստ) Ո՞վ էր: Չքացավ: Տեսի՞լք, կասկա՞ծ… (Հանկարծ վճռական) Ա, երբեք: Աշխարհքը մուտք չունի այս կղզին: Աշխարհքը մուտք պիտի չունենա այս կղզին: Ոչ:
Երկրորդ տեսարան
Հրապարակ նոր շինվող եկեղեցիին առջևը
Մեկ կողմը տաճարի անդուռ մուտքը: Կերևան տախտակե ելարաններ: Հոս ու հոն թափված են ատաղձ, կիսատաշ քարեր, մաղ, գործիքներ:
Խորքը ծառեր, որոնց բներուն մեջեն կնշմարվի ծովը:
Ամբողջ տեսարանի միջոցին քամի է, երբեմն խիստ բուռն թափով: Կլսվի տերևներուն շրշյունը և ծովուն խուլ աղմուկը հեռուեն:
Ա
Մեկ-երկու քարտաշ կվազեն ծառերուն տակեն դեպի ծովուն կողմը: Տեսարանի խորքեն արագ կանցնի ժամկոչը երկար ձող մը ուսին: Եկեղեցիեն դուրս կուգա Ադամ վանականը արտորալով և աշխատելով դուրս քաշելու երկար պարան մը, որուն ծայրը ներսն է:
ԱԴԱՄ ՎԱՆԱԿԱՆ - (Ջերմեռանդ) Աստված հասնի օգնու- թյան: Աստված հասնի օգնության:
ՔԱՐՏԱՇ ՄԸ - (Կուգա ծովուն կողմեն ձեռքերը չորցնելով, բաց են ոտներն ու թևերը) Ձգե, վար ձգե, հայր սուրբ, ալ կարիք չկա: Ելան, ամենքն ալ ելան ափը:
ԱԴԱՄ ՎԱՆԱԿԱՆ - Ամե՞նքն ալ. կըսես, ամենքն ալ և ծովը թափվածնե՞րը:
ՔԱՐՏԱՇ - Ամենքն ալ, թեև հույսերնիս բոլորովին կտրեր էինք, այնպես կատաղի ծով է, ապշած կեցեր էինք ճարահատ, ըսինք` հիմա զարնե պիտի ափի ժայռերուն և փշուր-փշուր ընե լաստն ալ, մեջի եղողներն ալ: Ես ու իմ Աստվածը, շատ աժան պրծան:
ԱԴԱՄ ՎԱՆԱԿԱՆ - Փառք քեզի, սուրբ Աստվածածին: Իսկ ո՞վ էին ծովը թափվածները: Շատե՞րը:
ՔԱՐՏԱՇ - Միայն երկուքը, մեր աբեղան ու օրիորդը:
ԱԴԱՄ ՎԱՆԱԿԱՆ -Օրիո՞րդը… ի՞նչ օրիորդ:
ՔԱՐՏԱՇ - Իշխանին աղջիկը:
ԱԴԱՄ ՎԱՆԱԿԱՆ - Վայ, ա՞ն ալ իշխանի հետն էր: Է, կենդանի՞ է, ուշքը վրա՞ն:
ՔԱՐՏԱՇ - Այո, երևի: Հայրն ու իր մարդիկը տարին վանահոր խուցը: Տեսնեիր` ինչպես սփրթներ էր իշխանը:
ԱԴԱՄ ՎԱՆԱԿԱՆ -Կատա՞կ է, խեղճը: Բայց ո՞վ կըսեր անոնց` այս տեսակ եղանակով ծով դուրս գային:
Բ
Կմտնեն Անտոն, Մովսես ու Ծերունի վանականները:
ՄՈՎՍԵՍ ՎԱՆԱԿԱՆ - Է, ե՞տքը, ե՞տքը:
ԱՆՏՈՆ ՎԱՆԱԿԱՆ - Թող, թող քիչ մը շունչ քաշեմ: “Ետքը, ետքը” հարցնելը դյուրին է, ետքը սարսափելի էր: Վայ… կարծես թևերս ջարդված ըլլան (Կնստի բարձր քարի մը):
Հաջորդ պատմության միջոցին, հոն եղողները կմոտենան պատմողին, այլև կուգան քանի մը բանվոր, Ղազար, Դավիթ, Զաքարիա վանականները և կավելնան ունկնդիրներուն:
ՄՈՎՍԵՍ ՎԱՆԱԿԱՆ - Խոսե, խոսե:
ԾԵՐՈՒՆԻ ՎԱՆԱԿԱՆ - Թող, տղա, թող ուշքի գա:
ԱՆՏՈՆ ՎԱՆԱԿԱՆ - (Պահ մը դեմքը կծածկե ձեռքերովը և հանկարծ բանալով) Կեսեն արդեն անցեր էինք: Մեյ մը վեր կելլեինք ալիքներուն ծայրը, մեյ մը կիջնեինք անդունդը` ամենքն ալ լաստին վրա փակեր էին իրենց տեղը, սփրթներ ու չորցեր: Ես ու աբեղան կքաշեինք թիերը
որքան ուժ ունեինք: Կամաց մը գլուխս դարձուցի, տեսա` կմոտենայինք ափին, բայց ինչ ափ, ալիքները, որ կուգան ու կզարնեն ժայռերուն, կարծես փրփուրի սար ըլլան դեմդ կեցած: Ի՞նչ մեղքս պահեմ, սիրտս հալեցավ, ըսի` վերջացավ: Բայց հուսահատ ուժ տվի թիերուս, “Յա
Հիսուս Քրիստոս”. ըսի` “Պինդ նստեցեք, չվախնաք”: Աս ըսելուս մեյ մըն ալ տեսնեմ ահագին վիթխարի ալիք մը, կարծես հեռու ցամաքեն փրթեր կուգար շիտակ մեր վրա… (Ոտքի ելլելով): Ալ մնացածը… ալ ինչպե՞ս ըսեմ: Գիտեմ միայն, որ լաստը հանկարծ սաստիկ թեքվեցավ,
կախ ինկավ անդունդի բաց շրթունքին, հանկարծ սուր ճիչ մը ու կարծես բան մը փրթավ մեր լաստեն ու սահեցավ այդ փոսը: “Աղջիկս, աղջիկս…” Բարձրացավ աղմուկ, իրարանցում, ես դեռ հազիվ էի հասկցեր, որ կողքես վեր թռավ Աբեղան, արագ նետեց վրայեն կապան, ցատկեց
ջուրը: Լաստն ուժով ճոճվեցավ, մնացի մեկ թիով, լավ է` ալիքը ինքը կքշեր, բայց գիտեի նորեն ետ է գալու: Եվ եթե դուք ժայռերուն վրայեն թոկը ժամանակին չհասցնեիք` կորած էինք մենք բոլորս ալ, կես վարկյան մը ավելի ուշ, կես վայրկյան մը և վերջացավ…
ԾԵՐՈՒՆԻ ՎԱՆԱԿԱՆ - Աստծու հրաշքը:
ԱԴԱՄ ՎԱՆԱԿԱՆ - Իսկ օրիո՞րդը:
ԱՆՏՈՆ ՎԱՆԱԿԱՆ - (Հպարտ) Մեր Աբեղան ազատեց:
ԱԴԱՄ ՎԱՆԱԿԱՆ - Լողալո՞վ:
ԴԱՎԻԹ ՎԱՆԱԿԱՆ - Այո, լողալով հանեց ափը:
ՄՈՎՍԵՍ ՎԱՆԱԿԱՆ - Մի՞թե Աբեղան լող տալ գիտեր:
ԴԱՎԻԹ ՎԱՆԱԿԱՆ - Ո՞րտեղեն, ո՞վ էր լսեր:
ՄՈՎՍԵՍ ՎԱՆԱԿԱՆ - Ուղղակի հրաշք է:
ԾԵՐՈՒՆԻ ՎԱՆԱԿԱՆ - Ձեզի կըսեմ` Աստծու մատը կա հոդտեղ:
ԱԴԱՄ ՎԱՆԱԿԱՆ -Բայց աղեկ, ինչո՞ւ ճամփա ելաք այս եղանակով, Անտոն հայր սուրբ:
ԱՆՏՈՆ ՎԱՆԱԿԱՆ - Է, այնքան ըսի, համոզեցի, իշխանուհի սրբուհին ինքը այնքան խնդրեց, ո՞վ է լսողը: Իշխանը հրամայեց, որ մտնեն լաստը: “Եթե կվախնաք, դուք մի գաք”: Ալ ինչպե՞ս հակառակեի, ըսի` Աստծու կամքը:
ՄՈՎՍԵՍ ՎԱՆԱԿԱՆ - Հապա աղջի՞կը:
ԱՆՏՈՆ ՎԱՆԱԿԱՆ - Ան ալ հորը կտորը:
ԾԵՐՈՒՆԻ ՎԱՆԱԿԱՆ - Չէ , Տիրամոր կամքն էր ասիկա, նայեցեք, ո՞վ է Տիրամոր այս տաճարը կառուցողը, մեր սրբուհի իշխանուհին չէ՞, ո՞վ է մեր այս վանքը շեն ու պայծառ պահողը, ո՞վ է շիներ մեր այս խուցերը, ո՞վ է, որ շարունակ ամեն մեր պետքերուն օգնություն է հասեր
մեզի, մենք, որ Տիրամոր աղոթող ճորտերս ենք:
ՁԱՅՆԵՐ - Իրավ է, իրավ է:
ԶԱՔԱՐԻԱ ՎԱՆԱԿԱՆ - Աստված երկար կյանք պարգևե մեր սրբուհի իշխանուհիին:
ԾԵՐՈՒՆԻ ՎԱՆԱԿԱՆ - Ան, որ թողեր է ամեն իշխանական կյանք ու վայելքը, իր զավակներն ու իր ապարանքը ու եկեր է Տիրամոր ոտքը, հոն, Ցամաքաբերդի մենության մեջ իր կյանքին վերջին կեսը նվիրելու ճգնության ու աղոթքի:
ԴԱՎԻԹ ՎԱՆԱԿԱՆ- Երկար արև մեր բարեպաշտ սրբուհիին:
ԾԵՐՈՒՆԻ ՎԱՆԱԿԱՆ - Այ, Տիրամայրը անոր համար է, որ ցույց տվավ մեզի իր հրաշքը, ազատեց ալիքներեն անոր եղբայրն ու այդ աղջիկը: Թող տեսնեն բոլոր թերահավատները ու համոզվին, որ մեր Տիրամայրը երեսե չի ձգեր իր ծառաներն ու իր աղոթողները: Անպակաս ընենք
մեր աղոթքներն ու թող անպակաս ընե Ան իր օրհնությունը մեր վրայեն, անպակաս ընե մեր սրբուհի իշխանուհիին վրայեն: Փառք մեր Տիրամոր անունին, փառք անոր Միածին Որդու անունին, հավիտյանս հավիտենից:
ԽՈՒՄԲԸ- (Երկյուղած) Ամեն
ՁԱՅՆԵՐ - Իշխանը, իշխանը:
Գ
Իսկույն խումբը կբաժանվի երկու մասի, կշարվի ու կմնա խոնարհ: Կմտնեն Իշխանն ու Վանահայրը, քանի մը հետևորդներ ու վանականներ:
ԻՇԽԱՆԸ - (Ուղիղ դիմելով դեպի շենքը) Ասիկա է ուրեմն քրոջս այնքան սիրած ու փայփայած եկեղեցին: Կոկիկ ու սիրուն տաճար է (Հետևորդներուն) Ըսի` այսօր տեսնեմ պիտի այս եկեղեցին և, այ, բոլոր տարերքներուն հակառակ կեցած եմ հիմա հոս ողջ և առողջ:
ՎԱՆԱՀԱՅՐԸ - Հանդուգն քայլ էր ըրածդ, իշխան:
ԻՇԽԱՆԸ - Ձեր անապատը ուրիշ է, վանահայր, ուրիշ է դուրսը: Դուրսը հանդուգն եղողինն է աշխարհը: Եվ վերջապես մեյ մըն ալ, ո՞վ գիտե, երբ եմ այս կողմերը անցնելու, այնքան գործ ունիմ և զբաղում: Չտեսնեի՞ անգամ մը քրոջս եկեղեցին, չհամբուրեի՞ անգամ մը սուրբ սեղանը երթալես առաջ:
ՎԱՆԱՀԱՅՐԸ - Վաղը օր չէ՞ր, իշխան:
ԻՇԽԱՆԸ - Վա՞ղը, բայց ես այս իրիկուն մեկնելու եմ Ցամաքաբերդեն:
ՎԱՆԱՀԱՅՐԸ - Ի՞նչ հիմա նորեն մտադիր ես ծովն անցնի՞ս:
ԾԵՐՈՒՆԻ ՎԱՆԱԿԱՆ - Աստված չեն փորձեր, իշխան:
ԻՇԽԱՆԸ - Քավ լիցի: Դեռ քանի ժամ ունինք, հույս ունիմ ծովը կմեղմի:
ՎԱՆԱՀԱՅՐԸ - Եթե քեզի չես խնայեր, պետք է խնայես զավակդ:
ԻՇԽԱՆԸ - Աղջիկս քաջ է: Քիչիկ մը վախցավ, քիչիկ մըն ալ ձեր Սևանի ջուրեն կուլ տվավ, բան չկա, երիտասարդություն է, կանցնի: Բայց ինչ որ այսօր տեսավ ու ապրեցավ, այ ատիկա չի անցնիր: Չէ՞ որ իր պատանեկան հիշատակներուն ահեղ փոթորիկ մը նվիրեցի:
ԾԵՐՈՒՆԻ ՎԱՆԱԿԱՆ - Կյանքի հետ չեն խաղար, իշխան:
ԻՇԽԱՆԸ - Ատիկա ըսողը դո՞ւն ես, ծերուկ: Այնքան երկար ես ապրեր, որ մոռցեՐ ես, թե կյանքՆ ինքը խաղ մըն է միայն:
ԾԵՐՈՒՆԻ ՎԱՆԱԿԱՆ - Կյանքը խաչ մըն է, որդիս,որ պիտի կրենք մեր ուսին, մինչև Տերը կանչե մեզի, Տիրամայրը խնայեց քեզի այս անգամ, բայց այդ մեղքը մյուս անգամ չկրկնես:
ԻՇԽԱՆԸ - Եվ շնորհակալ եմ իրմեն, հայր սուրբ, կաշխատեմ պարտքի տակ չմնամ: Եվ հիմա որ ուխտի եմ եկեր իր տաճարը, չէի ուզեր եկած ըլլամ պարապ ձեռքերով: Կնվիրեմ Տիրամոր այս տաճարին կաղնի դուռ մը բարձրաքանդակ, այլև վարագույր մը ավագ խորանին, որ պիտի
ըլլա թավիշ ու ոսկենկար:
ԾԵՐՈՒՆԻ ՎԱՆԱԿԱՆ - Օրհնյալ ըլլաս: Ձեր ցեղի անունը անջինջ պիտի մնա այս պատերեն:
ԻՇԽԱՆԸ - Նաև պատվիրեր եմ իմ գործակալիս, ամեն տարի, քանի շեն է իմ տունս, տասը չափ սպիտակ ցորեն ղրկվի իմ կալերես ձեր անապատը: Վայելքը ձեզի, ձեր սուրբ աղոթքը ծնողներուս ու զավակներուս:
ՁԱՅՆԵՐ - (Խառն) Աստված օրհնե ձեր ծնողներուն հիշատակը: Շեն մնա ձեր կալն ու այգին:
ՁԱՅՆԵՐ - (Խառն) Աստված օրհնե ձեր ծնողներուն հիշատակը: Շեն մնա ձեր կալն ու այգին: Աստված պահե ձեր զավակները: Աստված ավելացնե ձեր ինքն ու ստացվածքը:
ԻՇԽԱՆԸ - Իսկ հիմա… (Վանահորը) Ո՞ւր է Աբեղան:
ՎԱՆԱՀԱՅՐԸ - Իսկույն, իշխան, ետևեն մարդ եմ ղրկեր: Այ արդեն:
Դ
Կմտնե Աբեղան Սիմոն վանականի ու դպիրի մը ընկերակցությամբ: Աբեղան մռայլ է, դեմքը անշարժ, աչքերը միշտ գետին, տեսակ մը անկամք:
ԻՇԽԱՆԸ - (Քիչ մը դիտելեն ետքը) Ինչ գեղեցիկ տղա ես դուն և ինչ երիտասարդ:
ՎԱՆԱՀԱՅՐԸ - Միաբանությանս մեջ կրտսերն է, իշխան:
ԻՇԽԱՆԸ - Է, վրադ պիտի չըլլար այդ սև վերարկուն և ես գիտեի իմ ընելիքս: Քեզի կուտայի իմ տակիս նժույգը, կուտայի քեզի, այ իմ սեփական սուրս, որ երեսուն տարի ծառայեր է ինծի հավատարիմ, և կառնեի քեզ իմ պալատս, իբրև իմ հարազատ որդիս: Իմ սև նժույգս քու այդ
կերպարանքիդ աղվոր պիտի վայլեր, իսկ ձեռքդ, կտեսնեմ, շուտով պիտի սորվեր սուրիս: Ձիս ու սուրս թե հերիք չեկավ, կուտայի քեզի և աղջիկս…
ՎԱՆԱՀԱՅՐԸ - Իշխան:
ԻՇԽԱՆԸ - …Որուն կյանքը այսօր ազատեցիր: Անիկա արդեն քոնը կըլլար ըստ օրինի: Դուրսը աշխարհին մեջ` ով ինչ վերցուց, վերցուց:
ՎԱՆԱՀԱՅՐԸ - Իշխան:
ԻՇԽԱՆԸ - Գիտեմ, գիտեմ, այս սուրբ մենաստանին մեջ այս խոսքերուն տեղը չէ: Բայց ի՞նչ ընեմ, կուզեի բան մը տամ, կուզեի բան մը ընեմ, կուզեի բանով մը երախտագետ ըլլամ այս անձնվեր, այս քաջ կտրիճին; Ափսոս, այդ սև վերարկուն կկաշկանդե իմ թևերս: (Մոտենալով
աբեղային) Տղաս, քու իշխանդ քու առջևդ շատ աղքատ է ու շատ անզոր քեզի փոխարեն մը ընելու, ինչ որ ըսել կրնամ` հոս ներելի չէ, ինչ որ տալ կրնամ` քեզի պետքը չէ:
ՎԱՆԱՀԱՅՐԸ - Մեզի պետք է քու զավկիդ երկար արևը:
ԻՇԽԱՆԸ - Աղեկ, ես քեզի պարտական մնացի, աղվոր զգացում չէ, ես սովոր չեմ եղեր պարտական մնալու: Ինչևէ, տուր ձեռքդ, տես իմինս, ասիկա երբեք տկար չէ եղած մեր թշնամիներուն դեմ ու երբեք ալ անարդար գործ չէ տեսած, արժանի է, որ սեղմես այդ քու ձեռքովդ, որ
այսօր ազատեց աղջիկս ալիքներեն: (Պինդ կսեղմե աբեղային ձեռքը) Մտնենք, վանահայր, տաճարին ներսը:
Իշխանը, վանահայրը, հետևորդները և վանականներեն շատերը կմտնեն եկեղեցի:
ՍԻՄՈՆ ՎԱՆԱԿԱՆ - (Կամաց մը բռնելով Աբեղայի թևեն) Երթանք, մենք ալ երթանք ու քիչ մը հանգստացիր: Դեռ դժգույն ես բոլորովին և կզգամ մարմինդ, որ դեռ կդողա:
Կես մը գրկած կտանի դուրս:
Ե
ՂԱԶԱՐ ՎԱՆԱԿԱՆ - (Մոտենալով Ադամ վանականին, խորհրդավոր կերպով) Հիմա ո՞րքան ժամանակ պետք է ապաշխարե Աբեղան, որ տաճարին մուտքը նորեն բացվի իրեն համար:
ԱԴԱՄ ՎԱՆԱԿԱՆ - Ապաշխարե՞, ինչո՞ւ համար:
ՂԱԶԱՐ ՎԱՆԱԿԱՆ - Չէ՞ որ ձեռք է տվեր կնկա:
ԱԴԱՄ ՎԱՆԱԿԱՆ - Բայց… բայց այս տեսակ դեպք…
ՂԱԶԱՐ ՎԱՆԱԿԱՆ - Ատիկա միևնույն է, մեղքը մեղք է միշտ: (Ավելի խորհրդավոր) Ես տեսա, երբ իրարու փաթթված դուրս ելան ալիքներուն մեջեն: Իշխանին մարդիկը գրեթե բռնի խլեցին աղջիկը անոր թևերուն մեջեն:
ԱԴԱՄ ՎԱՆԱԿԱՆ - (Զայրույթով) Անմիտ բաներ կխոսիս:
Երրորդ տեսարան
ԱԲԵՂԱՅԻՆ ԽՈՒՑԸ, ԳԻՇԵՐ
Ցած ու փոքր սենյակ մը, պատերը անգաջ քար: Ճակատը տախտակե պարզ մահճակալ, վրան փռված է փոստ մը, չոր ու կարծր բարձ մը, իսկ կոշտ ծածկոցը կիսովին ինկած է գետին:
Սենյակին մեջտեղը հին կարպետի կտորի մը վրա ցածլիկ ու լայն գրակալը, գրակալի վրան ալ մեծ ու բաց ձեռագիր մը:
Սենյակին մեկ կողմը փայտե կոպիտ սեղան, վրան փայտե սև խաչ մը, կավե փարչ մը և յուղի ճրագը, որ կպլպլա: Մյուս կողմը սենյակի մուտքն է:
Մահճակալին գլուխը պատեն կախված է Աբեղայի վերարկուն:
Ա
Աբեղան նստած է մահճակալին ծայրը, ձեռքերը կրծքին ծալլած և աչքերը շեշտ հառած գետին: Անոր քովը փայտե ցած աթոռակի մը վրա նստած է Կույր վանականը, շիտակ, անշարժ, երկու ձեռքը գավազանին ու գլուխը բարձր պահած:
ԿՈՒՅՐ ՎԱՆԱԿԱՆ - Ո՞ւր են մտքերդ, Աբեղա:
ԱԲԵՂԱՆ - (Կցնցվի ու կբարձրացնե գլուխը)
ԿՈՒՅՐԸ - Նորե՞ն, նորե՞ն:
ԱԲԵՂԱՆ - Այո, այո մեղք է, գիտեմ, մեծ մեղք: Ոչ, ալ չեմ մտածելու, ալ պետք չէ մտածեմ, երբեք, երբեք, պետք է ջնջեմ գլխես այս օրը, բոլորը, բոլորը, ծովը, հովը, լաստ, ալիք… ախ, այդ ալիքները… (Հանկարծ վեր կթռչի թափով): Բայց ինչ հրաշալի բան է եղել կռվիլը անոնց
հետ, երբ անոնք իրենց լույծ կուրծքը դեմ կուտան քեզի, երբ իրենց փրփուրը կզարնեն երեսիդ ու աչքերուդ, որ կուրացնեն քեզի, մեկը կցատկե ուսիդ, մյուսը կգալարի լանջիդ, մեկը կհրե, մյուսը կքաշե, կճնշե, ու բոլորը, բոլորը ընկճել կուզեն քեզի, իսկ դուն միշտ երեսին, անոնց
ելևէջքին հետ կտարուբերիս` բազկիդ զարկերուն տակ անոնց բոլոր ճիգերը հաղթահարելով, ա, այդ կռիվը…
ԿՈՒՅՐԸ -Կռիվը կյանքի համար է, Աբեղա, հոս անապատ է:
ԱԲԵՂԱՆ - (Կոտրված) Այո, անապատ: Մեղա քեզ, Աստված իմ, մեղա:
ԿՈՒՅՐԸ - Զգույշ: Լավ հսկե ինքզինքիդ, Աբեղա, աղոթե:
ԱԲԵՂԱՆ - (Խաչին առջև ծունր իջնելով): Ես կորսված մեղավոր մըն եմ, փրկե ինծի, Տեր, ես ինկած հանցավոր մըն եմ, օգնե ինծի, Տեր, մեղքի մեջ խեղդվող մըն եմ, բռնե ձեռքես, Տեր: Տես, մեղքի ծովուն մեջ… մեղքի ծովուն մեջ… ծովուն… ծովուն… (Երկու ձեռքով դեմքը
բռնած կելլե ոտքի):
ԿՈՒՅՐԸ - Ըսե, ըսե:
ԱԲԵՂԱՆ - (Հանկարծ դեմքը կբանա ու շեշտ կնայի անոր արձանի նման անշարժ դեմքին):
ԿՈՒՅՐԸ - Ըսե, ըսե:
ԱԲԵՂԱՆ - Ըսեմ… ի՞նչը:
ԿՈՒՅՐԸ - Ան, ինչ որ հոդ խորքը, խորքը:
ԱԲԵՂԱՆ - Խորքը, խորքը…
ԿՈՒՅՐԸ - Ըսե, ըսե:
ԱԲԵՂԱՆ - Ո՞վ կրնա տեսներ այդքան խորքերը, ով կրնա ըսեր այդքան խորքերը:
ԿՈՒՅՐԸ - Իսկ ես կտեսնեմ, ես կըլսեմ:
ԱԲԵՂԱՆ - Դո՞ւն կույր (Երգիծանքով): Հապա ըսե, նայիմ, ինչ որ կտեսնես:
ԿՈՒՅՐԸ - (Հատիկ-հատիկ) Լաստին վրա, երբ ձեռքիդ թին ջուրը կպատռեր, ո՞վ էր հոգիիդ մեջ:
ԱԲԵՂԱՆ - (Վախեցած) Լռե:
ԿՈՒՅՐԸ - Որո՞ւն համար այնպես կթպրտար սիրտդ, շրթունքիդ` ինչ բառ էր փակած, երբ շուրջդ ամենքը Աստված կկանչեին, երբ դեմդ փոթորիկն էր, որ կծառանար:
ԱԲԵՂԱՆ - (Սարսափահար) Երնեկ բաց ըլլային աչքերդ, որ չտեսնեիր, չտեսնեիր…
ԿՈՒՅՐԸ - Երբ բոլոր հայացքները երկինք էին վերացած, երբ ամենքը կսպասեին վերին օգնության, ո՞ւր էին սևեռած քու աչքերդ, ո՞վ էր ան, որուն առջևը հոգիդ ծունր էր իջած:
ԱԲԵՂԱՆ - Լռե, լռե, դուն իրավունք չունիս ամեն բան տեսնելու, կարելի չէ ամեն բան տեսնել:
ԿՈՒՅՐԸ - (Անողոք) Ըսե, ի՞նչ էր ուզածդ, ի՞նչ կփնտրեիր:
ԱԲԵՂԱՆ - (Աղերսով) Չգիտեմ, ոչինչ, չգիտեմ, հերիք է:
ԿՈՒՅՐԸ - Իսկ ծովուն մեջ, երբ ան օձի մը պես վզիդ փաթթված, մարմինը մարմնիդ, շունչը շնչիդ, երբ դուն ամեն ինչ մոռցած ալիքները կպատռեիր, ըսե, նորե՞ն չգիտես, թե ինչ կուզեիր:
ԱԲԵՂԱՆ - (Երազկոտ) Ոչ, կհիշեմ: Կհիշեմ, ամբողջ էությամբս կցանկայի` որ ալ վերջ չունենար այդ թաց ճամփան, ալ վերջ չունենար այդ վայրկյանը:
ԿՈՒՅՐԸ - Ամբարիշտ:
ԱԲԵՂԱՆ - (Խորտակված) Բայց ունեցավ իր վերջը
ԿՈՒՅՐԸ - Ամբարիշտ:
ԱԲԵՂԱՆ - (Խորտակված) Բայց ունեցավ իր վերջը
ԿՈՒՅՐԸ - Ու հասար ափը: Եվ երբ առին քո բեռդ թևերիդ ու դուն ուժասպառ ինկար ավազին, արդեն դիակ մըն էիր անկենդան:
ԱԲԵՂԱՆ - Ճշմարիտ է, ինծի այդպես զգացի:
ԿՈՒՅՐԸ - Դիակ մըն ես դուն և հիմա: Մարմին մը, ուրկե ելեր է Աստծու շունչը:
ԱԲԵՂԱՆ - Ախ Աստված իմ, կորուսի հոգիս:
ԿՈՒՅՐԸ - (Ոտքի ելլելով) Ինկիր գետին ու կոծե, քուրձ հագիր ու ապաշխարե, իսկ ամենեն առաջ գնա իսկույն վանահոր մոտ ու խոստովանե:
ԱԲԵՂԱՆ - Խոստովանի՞մ, վանահո՞րը, ի՞նչը, ինչո՞ւ: Ա, ամեն, ամեն բան, բայց այդ մեկը երբեք: Երբեք: Եվ դուն ալ, հայր սուրբ, չլլա, թե…
ԿՈՒՅՐԸ - Ես կույր եմ, խուլ ու համր, բայց գնա ինքդ վանահոր մոտ ու ինքնակամ խոստովանե:
ԱԲԵՂԱՆ - (Կտրուկ) Վանահորը երբեք:
ԿՈՒՅՐԸ - Կվախնա՞ս:
ԱԲԵՂԱՆ - Ոչ: Բայց… բայց…
ԿՈՒՅՐԸ - Իհարկե, դուն կուզեիր պահես թաքուն սրտիդ մեկ հեռավոր խորշին մեջ քու այդ փոքրիկ նոր սրբությունդ, պահես և երկրպագես ծածուկ:
ԱԲԵՂԱՆ - Գթա, գթա ինծի, անողոք:
ԿՈՒՅՐԸ - Իսկ դուն քեզ կգթա՞ս, կռապաշտ: Հիշե պատվիրանը. “Մի եղիցին քեզ այլ Աստուած բաց յինեն”:
ԱԲԵՂԱՆ - (Կակազելով) Մի եղիցին… մի եղիցին…
ԿՈՒՅՐԸ - (Շեշտելով) “Մի արասցես քեզ կուռս ըստ ամենայն նմանության որ ինչ երկինս ի վեր է և որ ինչ յերկրի ի խոնարհ և որ ինչ ի յուրս ի ներքո երկրի…”:
ԱԲԵՂԱՆ - (Դողդոջ) “Եվ որ ինչ ի ջուրս ի ներքո երկրի”:
ԿՈՒՅՐԸ - (Կամաց-կամաց երթալով դուռը) “Զի ես եմ Տեր Աստուած քո, Աստուած նախանձոտ, որ հատուցանեմ զմեղս յերիս և ի չորիս…”:
(Դուրս):
Բ
ԱԲԵՂԱՆ - (Կերթա ծունկի կուգա խաչելության առջև բազկատարած ու ջերմեռանդ) “Կեցո զիս, Աստուած, զի հասին ջուրք յանձն իմ, ընկայ ես ի խորս անդնդոց, ուր ոչ գոյ ինձ հանգիստ: Եկի ես ի խորս… ծովու… և շրջանք…ընկղմեցին զիս…”: (Քիչ-քիչ կթուլնա, կնստի ծունկերուն և գլուխը կկախե կրծքին):
Գ
Խաչն ու սեղանը կամաց կսկսի մշուշապատիլ, ամեն ինչ կխառնվի իրարու, և այդ մշուշի ֆոնին վրա հետզհետե կպարզվի աղջկան կերպարանքը: Ամբողջապես սպիտակ հագած, հագուստը պարզ, նուրբ ու ձիգ, կարծես ջրեն հանած, մազերը արձակ, խոնավ ու վրան մեկ-երկու թել ծովու խոտ:
Աբեղան թեթև մը գլուխը կբարձրացնե, հանկարծ կտեսնե ու սարսափահար կցատկե ոտքի:
ԱԲԵՂԱՆ - (Ետ-ետ երթալով): Դո՞ւն…դո՞ւն…
ԱՂՋԻԿԸ - Այո, ես, միթե չէիր սպասեր:
ԱԲԵՂԱՆ - Աստված իմ:
ԱՂՋԻԿԸ - Մենա՞կ ես:
ԱԲԵՂԱՆ - Ես… ես մենակ եմ միշտ:
ԱՂՋԻԿԸ - Այ, եկա քեզի ընկեր, և եկա այսպես կեսգիշերին, որ մինակ ըլլանք ես ու դուն: Դուն, իմ քաջս, իմ արևս, իմ լուղորդս…
ԱԲԵՂԱՆ - Հերիք է:
ԱՂՋԻԿԸ - Ինչո՞ւ: Չէ՞ որ ես քեզմով է, որ հիմա կապրիմ, չէ՞ որ դուն նորեն կյանքս տվիր ինծի, և ինչ քաղցր է այդ կյանքը, որ դուն տվիր ինծի: Այս քանի-քանի տարի ապրեր եմ ես, ամբողջ տասնյոթը տարի, և ես չգիտեի, բնավ չգիտեի, որ չէի ապրեր: Մի՞տքդ է ցերեկը, հոն,
ալիքներուն մեջ, նայե, մազերս խոնավ են դեռ, բռնե, բռնե, շոշափե:
ԱԲԵՂԱՆ - (Ետ-ետ կերթա հափշտակված աղջկան նայելով):
ԱՂՋԻԿԸ - Բայց գիտե՞ս` ինչ ուժեղ թևեր ունիս և ինչպես ճկուն, իսկ ես դեռ այնպես հուզված եմ, դեռ այնպես հոգնած (Կուզե նստի Աբեղայի անկողնին):
ԱԲԵՂԱՆ - (Արգիլել ուզելով) Օրիորդ:
ԱՂՋԻԿԸ - (Կնստի անկողնին ծայրը) Ես օրիորդ եմ ծառաներուս համար, ես օրիորդ եմ մեր հպատակներուն համար, իմ տերս ինծի այլ կերպ պիտի կանչե:
ԱԲԵՂԱՆ - Սեդա:
ԱՂՋԻԿԸ - Վայ, դուն գիտես անունս:
ԱԲԵՂԱՆ - Հայրդ քեզի այդպես կանչեց:
ԱՂՋԻԿԸ - Այո, Սեդա է անունս: Իսկ ի՞նչ է քու անունդ:
ԱԲԵՂԱՆ - Ինծի Աբեղա կկանչեն:
ԱՂՋԻԿԸ - Իսկ առա՞ջ, առա՞ջ, երբ դուն աշխարհն էիր դեռ ու աշխարհինը:
ԱԲԵՂԱՆ - Իմ աշխարհս վանքն է եղեր միշտ, քանի խելքս կհասնի:
ԱՂՋԻԿԸ - Ասիկա՞: Ա, ինչ սառն է հոս, ինչպես կմրսիմ:
ԱԲԵՂԱՆ - Կմրսի՞ս:
ԱՂՋԻԿԸ - Բան մը տուր վրաս, որ հոգիս տաքնա:
ԱԲԵՂԱՆ - Ես ոչինչ չունիմ:
ԱՂՋԻԿԸ - (Առանց գլուխը դարձնելու, ետևը պատեն կախված վերարկուն մատնանիշ ընելով) Այ:
ԱԲԵՂԱՆ - Վերարկո՞ւս:
ԱՂՋԻԿԸ - Ինչպես կմրսիմ:
ԱԲԵՂԱՆ - Վերարկո՞ւս:
ԱՂՋԻԿԸ - Կվարանիս: Բայց չվարանեցար կյանքդ ինծի տալու, երբ ետևես կատղած ալիքներուն մեջը նետեցիր քեզի:
ԱԲԵՂԱՆ - Ոչ չվարանեցա: Ան ուրիշ էր:
ԱՂՋԻԿԸ - Այո, ան ուրիշ էր: Հոն կռիվ էր ու փոթորիկ, իսկ հոս լուռ է ու խաղաղ, ինչպես գերեզման: Ա, ինչ սառն է հոս, ինչպես կմրսիմ: (Կելլե ոտքի):
ԱԲԵՂԱՆ - (Կվազե դեպի վերարկուն, ձեռքը կերկարե ու նորեն վարանած կանգ կառնե) :
ԱՂՋԻԿԸ - (Խնդրանքով) Բեր, բեր…
Աբեղան հանկարծ կխլե վերարկուն ու կդառնա դեպի աղջիկը, որ արդեն աներևույթ է եղած: Աբեղան կմնա քարացած, վերարկուն բռնած ձեռքը առաջ պարզած:
Դ
Դուրսեն կլսվի ժամկոչին ձայնը, որ մելամաղձոտ ու միալար երգով մը ժամ կկանչե: Ձայնը հետզհետե կմոտենա: Աբեղայի ձեռքեն կիյնա վերարկուն:
ԱԲԵՂԱՆ - (Շրթունքներուն մեջեն) Հիսուս… (Կուզե նորեն չոքե խաչին դեմը, ու խելառի պես ետ կցատկե) : Ոչ, ոչ: Եթե հանկարծ նորե՞ն երևնա: (Դեմքը կշրջե անկողնին կողմը) Ախ, Աստվածս երես դարձուց ինծմե: (Հեծկլտանքով կիյնա մահճակալին ոտքը ու դեմքը կթաղե
անկողնին մեջ):
Դուրսեն կլսվի միշտ ժամկոչին երգը, որ հետզհետե հեռու ու հեռու, կթուլանա, կնվազի ու կհալի:
=='''ԵՐԿՐՈՐԴ ԱՐԱՐ'''==
Առաջին տեսարան
Աղբյուրի գլուխը, հինավուրց վիթխարի ծառի մի ստվերին տակ
Ծերունի վանականը նստած է ծառին տակը փայտե նստարանին ու քնած կերևա: Աղբյուրին մոտիկ խմբված են Ղազար, Մովսես, Դավիթ ու Զաքարիա վանականները և տիրացուն, կխոսին փսփսուքով ու անհանգիստ: Անոնց քովը կեցած է Աբեղան աչքերը գետին ու կլսե:
Ա
ՄՈՎՍԵՍ ՎԱՆԱԿԱՆ - Իրա՞վ է, նորե՞ն:
ՏԻՐԱՑՈՒՆ - Ցատկեր է անկողնուն վրա, նստեր է կոկորդին ու սկսեր է խեղդել:
ՄՈՎՍԵՍ ՎԱՆԱԿԱՆ - Հիսուս Քրիստոս:
ՏԻՐԱՑՈՒՆ - Խեղճը հազիվ է շունչը ազատեր:
ԴԱՎԻԹ ՎԱՆԱԿԱՆ - Ինչ հակառակեր է չարը հայր Բարսեղին, աս քանիերո՞րդ անգամն է:
ԶԱՔԱՐԻԱ ՎԱՆԱԿԱՆ - Ինչ կերպարանքով է եղեր:
ՏԻՐԱՑՈՒՆ - Չգիտեմ: Ըսավ միայն, որ ծծումբի ծուխին պես բարձրացեր է ու առաստաղի գերաններուն մեջեն կորսվեր է դուրս:
ՄՈՎՍԵՍ ՎԱՆԱԿԱՆ - Անիծվածը: Նզովվի ինքն ալ, իր կերպարանքն ալ:
ՏԻՐԱՑՈՒՆ -Ա, սարսափելի է, ազատում չկա իր ճանկերեն:
ԴԱՎԻԹ ՎԱՆԱԿԱՆ - Գիշերները մինչև չնայիմ անկողնիս տակն ու ետևը` ես երբեք պառկիլ չեմ կրնար:
ՄՈՎՍԵՍ ՎԱՆԱԿԱՆ - Ես ալ: Անցած իրիկուն մտնեմ խուցս ու ի՞նչ տեսնեմ, գորշ սավանին մեջ փաթաթված կնկան մը պես կկզեր է անկյունը, լեղիս պատռեցավ, իսկույն խաչ հանեցի, աներևութացավ:
ՂԱԶԱՐ ՎԱՆԱԿԱՆ -Հա, այդ նզովից արմատները կուգան կնկա կերպարանքով, կուգան խմբերով ու ալ ինչեր ըսես չեն ըներ, ինչ խայտառակություններ, ինչ գայթակղություն…
ԶԱՔԱՐԻԱ ՎԱՆԱԿԱՆ - Իսկ ինծի կերևնան միշտ մեր գյուղացիներու կերպարանքով: Գինեպան Ուսեփը, մեր դրացի Գափոն, շվի փչող կույր Ակոբը, դհոլ զարնող Մինասը: Կուգան կհավաքվեն գլխուս, ձեռքներնին գինի, օղի, ուտելիքներ, խորոված: Խաշվի անմահական հոտը կլցնե
խուցս, կարծես ամբողջ բակը լցվեր են ու մատաղ կեփեն: Ալ ինչ հրամմեներ, ինչ խնդիրք, ինչ համոզել, որ անպատճառ ուտեմ: Եվ մինչև Տիրամոր անունը չի տամ, չեն չքանար չիք դառնալիքները:
ՄՈՎՍԵՍ ՎԱՆԱԿԱՆ - Պատիժ է, պատիժ: Ինչո՞ւ կտանջես մեզի, Փրկիչ:
ԶԱՔԱՐԻԱ ՎԱՆԱԿԱՆ - Հակառակի պես ալ, կարծես, մտքես կգողնան Տիրամոր անունը, կփնտրեմ, կփնտրեմ, հա, հա լեզվիս ծայրն է, բայց չեմ կրնար ըսել` “Սուրբ կույս Մարիամ”:
ՏԻՐԱՑՈՒՆ - Ախ, ո՞ւր փախչի մարդ այս գարշելիներուն ձեռքեն: Ո՞ւր փախչիս, ինչպե՞ս փախչիս:
ՄՈՎՍԵՍ ՎԱՆԱԿԱՆ - Եվ ի՞նչ կուզեն մեզմե, և անպատճառ մեզմե:
ԴԱՎԻԹ ՎԱՆԱԿԱՆ - Անապատ եկողը եկեր է սատանայեն փորձվելու, ինչպես որ ինքը Տերն մեր Հիսուս Քրիստոս:
ՄՈՎՍԵՍ ՎԱՆԱԿԱՆ - Հիսուս Քրիստոս ըլլա մեր զորավիգը:
ԽՈՒՄԲԸ - Հիսուս Քրիստոս:
ՏԻՐԱՑՈՒՆ - Եվ ամեն տեղ են, ամեն տեղ, ուր ալ որ երթաս: Այ ի՞նչ գիտեք, որ հիմա մեկը նստած չէ հոս, մեր ետևը (Տեղը կփոխե) Կամ հոն, քարափին ծերպերուն մեջը, կամ մեր վրան, այ, սաղարթներուն մութին մեջ: Կտեսնե՞ք… կտեսնե՞ք… մեկը այն մութին խորքը…
կշարժվի, մեկն ալ հոս, այ, աղբյուրին ակնեն, նայե, նայե, ինտուր կքրքջա… (Սարսափած ետ-ետ քաշվելով աղբյուրեն) Հիսուս Քրիստոս, Հիսուս Քրիստոս: (Դեմ-դեմի կուգա վանահոր հետ):
Բ
ՎԱՆԱՀԱՅՐԸ - (Խոժոռ) Ի՞նչ կա, ինչո՞ւ ես վախցեր, տիրացու
ՏԻՐԱՑՈՒՆ - Հայր սուրբ… (Կիյնա վանահոր ոտքերը):
ՄՈՎՍԵՍ ՎԱՆԱԿԱՆ - Վանահայր, չարը հանգիստ չի տար մեզի:
ՂԱԶԱՐ ՎԱՆԱԿԱՆ - Ուժեղ է խարդավանքը չարին:
ՎԱՆԱՀԱՅՐԸ - (Զզվանքով) Դեռ միշտ այդ հին դևե՞ն կխոսիք ինծի: (Բարկացած) Ոտքի ելիր, տիրացու:
ՏԻՐԱՑՈՒՆ - (Դեմքը ծածկած կելլե ոտքի)
ՎԱՆԱՀԱՅՐԸ - (Քիչ մը լուռ կնայի անոր, վերջը մյուսներուն ու հատիկ-հատիկ) Չարեն թող վախնա ան, ով չէ տիրեր իր մարմնին ու բնազդներուն, սատանայի իշխանությունը բնազդներու վրա է միայն:
ԾԵՐՈՒՆԻ ՎԱՆԱԿԱՆ - Իսկ ան ո՞վ է, վանահայր, որ տիրեր է իր մարմնին ու բնազդներուն:
ՎԱՆԱՀԱՅՐԸ - (Հպարտ) Ան, ով եկեր է այս անապատը, ծերունի:
ԾԵՐՈՒՆԻ ՎԱՆԱԿԱՆ - Մենք մարդ ենք ամենքս ալ, վանահայր:
ՎԱՆԱՀԱՅՐԸ - Ոչ, հայր սուրբ, ով եկեր է հոս ինծի հետ իմ անապատս, պետք է ավելի վեր ըլլա, քան մարդը: Իսկ չարեն թող վախնա ան, ով չէ կտրեր իր բոլոր շղթաները աշխարհքին հետ, իր անցյալին հետ, իր հուշերուն հետ, իր վշտերուն, իր ուրախություններուն:
ԾԵՐՈՒՆԻ ՎԱՆԱԿԱՆ - Իսկ ան ո՞վ է, վանահայր, որ կրցեր է կտրել այդ բոլոր շղթաները:
ՎԱՆԱՀԱՅՐԸ - (Հպարտ) Ան, ով եկեր է այս անապատը, ծերունի:
ԾԵՐՈՒՆԻ ՎԱՆԱԿԱՆ - Մենք մարդ ենք ամենքս ալ, վանահայր:
ՎԱՆԱՀԱՅՐԸ - Ով մարդ է ու միայն մարդ` անիկա աշխարհինն է ու թող դառնա աշխարհին, ահա պատրաստ է հայր Անտոնին լաստը: Ես չկանչեցի ձեզի հոս, որ հավաքվիք ու դևերեն սարսափիք (Ոգևորված կբարձրացնե կրծքեն կախված պարզ խաչը) Հոս Տիրոջ խաչն է, հոս դևեր չկան:
ԲՈԼՈՐԸ - (Ջերմեռանդ խաչ կհանեն):
ՎԱՆԱՀԱՅՐԸ - Հոս կրքեր չկան, հոս բնազդներ չկան, հոս սուրբ- հոգին է միայն, հոս միտքն է միայն, վեր խոյացող միտքը դեպի ճշմարտությունը, դեպի Աստված: Այս մեկը աղեկ հասկցեք ու սատանաները թողեք աշխարհին: Դե, երթաք խաղաղությամբ և Տերը ըլլա ձեզի բոլորիդ
հետ:
ԲՈԼՈՐԸ - Ամեն: (Կցրվին):
Գ
Վանահայրը կեցած է մենակ, կնայի անոնց ետևեն տխուր գլուխը շարժելով, երբ քովեն կամաց մը կմոտենա Աբեղան, կծռի, զգույշ կբարձրացնե Վանահոր փեշը և կհամբուրե:
ՎԱՆԱՀԱՅՐԸ - (Հանկարծ կզգա և կդառնա ետ) Ի՞նչ կընես որդիս, ի՞նչ կընես:
ԱԲԵՂԱՆ - Հայր…
ՎԱՆԱՀԱՅՐԸ - Ի՞նչ կուզես որդիս, ի՞նչ ունիս:
ԱԲԵՂԱՆ - Որքան բարձր ես հայր, որքան որքան բարձր:
ՎԱՆԱՀԱՅՐԸ - Բարձր կձգտինք մենք բոլորս, որդյակ:
ԱԲԵՂԱՆ - (Արհամարհոտ): Ա, բոլորս: Քու ձայնդ ինծի կարծես երկնքեն կուգա, հեռուեն, հեռուեն, վերեն: Է, մենք բոլորս: Քանի խելքս կհասնի` եղեր եմ քու թևիդ տակը, քու խրատներուդ, քու օրինակիդ, և եղավ ժամանակ մը, երբ կարծեցի, թե ես ալ հասնելու եմ այդ
բարձունքները…
ՎԱՆԱՀԱՅՐԸ - Իսկ հիմա՞, որդիս:
ԱԲԵՂԱՆ - Հիմա…հիմա… (Կտրուկ) Ես քու որոնած վերիններեն չեմ հայր:
ՎԱՆԱՀԱՅՐԸ - Ինչեր կխոսիս, տղաս, կբամբասես ինքդ քեզի, դուն, իմ ընտրյալս, դուն, որ այս ամենուն մեջ ամենեն ավելի վեր սավառնողն ես եղեր:
ԱԲԵՂԱՆ - Սավառնողը… գուցե, երբ թևերս ազատ էին ու թեթև:
ՎԱՆԱՀԱՅՐԸ - Է, հիմա ի՞նչ եղան թևերդ:
ԱԲԵՂԱՆ - Հիմա… հիմա թևերս թրջվեցան, հայր:
ՎԱՆԱՀԱՅՐԸ - Թրջվեցա՞ն:
ԱԲԵՂԱՆ - (Խորհրդավոր ու մոտենալով) Հիմա ես ալ կվախնամ, հայր:
ՎԱՆԱՀԱՅՐԸ - Կվախնա՞ս, դո՞ւն ալ, սատանայե՞ն:
ԱԲԵՂԱՆ - Սատանա՞, ոչ, ոչ սատանայեն:
ՎԱՆԱՀԱՅՐԸ - Հապա:
ԱԲԵՂԱՆ - Ես… ես կվախնամ… ծովեն:
ՎԱՆԱՀԱՅՐԸ - Ծովե՞ն:
ԱԲԵՂԱՆ - Ծովեն: Հոն ալիքներ կան, փոթորիկ և հուզում, և կռիվ և…և… ամեն ինչ:
ՎԱՆԱՀԱՅՐԸ - Կհասկնամ, որդյակ, անցած օրվա դեպքը ցնցեր է հոգիդ, կանցնի, ի՞նչ կապ քու ու ծովուն մեջ: Թարմ է սիրտդ, գթոտ ու կարեկից ու ազատեցիր քեզի նման մանուկ էակ մը մահեն, օրհնյալ ըլլաս:
ԱԲԵՂԱՆ - Բայց այդ օրեն, հայր, ինծի կթվի թե ծովը… ծովը սիրտն է բնության:
ՎԱՆԱՀԱՅՐԸ - (Շեշտ կդիտե Աբեղան ու քիչ մը խիստ) Դուն նայե երկինք, որդի, երկինքը միտքն է բնության, խոր ու խաղաղ:
ԱԲԵՂԱՆ - Այո, խոր ու խաղաղ, երբ ծավի պայծառ է երկինքը, իսկ իմ մտքերս ավելի կնմանին թխպոտ օրերուն, երբ հոն ալ ամեն բան պղտոր է ու խառնակ: - (Կոտրված) Ես քու որոնած վերիններեն չեմ, հայր: ՎԱՆԱՀԱՅՐԸ - Ատիկա ըսողը դո՞ւն ես, Աբեղա: Դուն, որ իմ
հպարտությունս ես եղեր, որուն հոգին ես եմ խմորեր, որուն մեջ իմ ամենաթանկագին մտածումներս եմ դրեր, իմ սեփական հոգիս եմ դրել, և որ ինծմե ետքը իմ գործիս շարունակողն է ըլլալու:
Համեստությունը ես կսիրեմ, Աբեղա, բայց իմ ժառանգս եղողի մը բերանեն ավելի խոյանք ունեցով խոսքեր կուզեի լսեմ:
ԱԲԵՂԱՆ - (Հանկարծ դեմքը ծածկելով ու հեծկլտալով) Ախ, դուն դեռ չգիտես… դուն դեռ չգիտես, հայր…
ՎԱՆԱՀԱՅՐԸ - (Բոլորովին այլայլված կուղղվի և հանկարծ խիստ) ինծի նայե, տեսնեմ, նայե աչքերուս:
ԱԲԵՂԱՆ - (Կհեկեկա):
ՎԱՆԱՀԱՅՐԸ - Մի՞թե, մի՞թե, ճշմարիտ է կասկածս Աբեղա, նայե աչքերուս
ԱԲԵՂԱՆ - (Կհեկեկա):
ՎԱՆԱՀԱՅՐԸ - Այսպես թույլ, այսպես խեղճ… Դուն, որու հոգին ես որձաքարի պես ամուր կկարծեի, անարատ ու կույս բացառիկ հոգի մը, ու գլուխդ հպարտ ցցած վեր, դեպի երկինք, աշխարհքի ծովուն մեջ, ինչպես իմ այս կույս ու մենավոր կղզիս այս ծովուն մեջ: Թշվառական,
խոնարհե՞լ կուզես այդ գեղեցիկ, այդ հպարտ գլուխը ցած, այս ցածի ծովուն դեմ, այն վերերեն, ուր մեր Աստվածն է…
ԱԲԵՂԱՆ - Աստված երեսը դարձուց ինծմե:
ՎԱՆԱՀԱՅՐԸ - Լռե, լռե: Այդպես խախուտ, այդպես ողորմելի… առաջին իսկ փորձումի՞ն:
ԱԲԵՂԱՆ - (Ծանր իջնելով) Հայր…
ՎԱՆԱՀԱՅՐԸ - (Ետ քաշվիր) Ելիր, ելիր, ես քեզի շատ եմ տեսեր ծունկներուս քովը, բայց ոչ այդպես, ոչ այդպես: Ես քեզի այդպես չեմ կրնար տեսնիլ: Ելիր, ելիր:
ԱԲԵՂԱՆ - (Կելլե ոտքի): ՎԱՆԱՀԱՅՐԸ - Եվ հեռացիր: Գնա, եղիր նորեն այնպես, ինչպես որ էիր, ետքը եկուր ինծի:
Այնպես, ինչպես որ էիր, այնպես, ինչպես որ էիր…(Խոսքը կկտրե ու կկենա անշարժ ու խոժոռ)
ԱԲԵՂԱՆ - (Լուռ ու գլխահակ կամաց կհեռանա):
Դ
ՎԱՆԱՀԱՅՐԸ - Աշխարհքը… աշխարհքն է, որ կուզե մտնե կղզիս: Հոն սատանաները, հոս այդ աղջիկը… և Աբեղան… իմ Աբեղան, այդ Աբեղան… Ոչ անկարելի է: (Դառնալով դեպի վեր, դեպի կղզիին գագաթը) Էյ դուն, դուն, ի՞նչպես է քո անունդ, դուն, ճերմակավոր, ոչ, սա
պատահմունք մըն է միայն, չուրախանաս, դիպված մը անցավոր ու պատահական, չուրախանաս…
ԵՐԿՐՈՐԴ ՏԵՍԱՐԱՆ
Ժայռերուն մեջ ծովափի մի կտորը
Ձախ կողմը սեպ բարձր քարափ, աջ` ցրիվ ժայռակույտեր, մեջտեղը տափարակ ավազուտ, ճակատը ծովն է մինչև ժայռերուն ոտքը, խորքը սարերու հեռանկար:
Պայծառ արև իրիկուն է: Ժայռերը, ծառերը, ծովը և ամեն ինչ ողողված են արևի նարինջ-կարմիր շողերուն մեջ, որոնց գույները անբողջ տեսարանի միջոցին թեթև մը կփոխվին ու կվառին:
Ա
Քիչ մը ատեն տեսարանը պարապ է: Կլսվի աղջիկներու սուր քրքիջ ու աղմուկ:
Աջ կողմի ցածլիկ ժայռերեն մեկուն վրա կերևա միգանուշ մը, կնայի աշխույժ շուրջը ու ետ դառնալով ձեռքերը խաղովակաձև կդնե բերնին ու ձայն կուտա:
ԱՌԱՋԻՆ ՄԻԳԱՆՈՒՇ – Հո-ո, հո-ո:
Կից ժայռին կերևա ուրիշ միգանուշ մը, որ ժիր ու թռվռուն, ձեռքով կընե ու կկանչե դեպի հեռուն:
ԵՐԿՐՈՐԴ ՄԻԳԱՆՈՒՇ – Այս կողմը, այս կողմը:
Ու երկուքն ալ ձեռք-ձեռքի թեթև մը կցատկեն ավազուտին վրա:
Մինչ նույն ժայռերու վրայեն ու ետևեն ներս կթափին հատ-հատ ու խմբով միգանուշները, նուրբ ու թեթև, ճկուն ու շարժուն, հագած են բաց-կապույտ կամ բաց-կանաչ` ցանցնված փրփուր զարդերով, բոլորն ալ հերարձակ նույն գույնի ժապավեններով: Կցատկեն, կվազեն, կնետվին,
ծիծաղ, հրմշտուք:
Նույն ժայռին ծայրը կերևա Աբեղան իր հալածողներուն ձեռքեն փախչողի մը պես: Ետևեն ուրիշ միգանուշներ:
Աբեղան կնայի ժայռեն, կշտապե վար իջնե, կգայթի ցած ու նստած կմնա ժայռի ոտքին: Ընդհանուր կայտառ քրքիջ ու զվարթ իրարանցում: Աբեղան կամաց կելլե ինկած տեղեն մռայլ ու շվար, և հուսահատ շարժումով մը ձեռքով կգոցե աչքերը:
Կլռեն բոլորը ու կանշարժանան:
ԵՐՐՈՐԴ ՄԻԳԱՆՈՒՇ – (Կամաց կմոտենա Աբեղային ու կկանչե ականջին) Սեդա:
ԱԲԵՂԱՆ - (Կցնցվի ու անմիջապես կբանա աչքերը):
Ընդհանուր քրքիջ, որ իսկույն կզսպվի:
ՄԻԳԱՆՈՒՇՆԵՐ – (Զանազան կողմերե ու դիրքերե իրար արձագանքելով) Սեդա… Սեդա… Սեդա…
ԱԲԵՂԱՆ - Կորեք, չքացեք, հանուն Հիսուսի Քրիստոսի, հանուն այս խաչի: (Ձեռքով խաչ կհանե անոնց վրա):
ԽՈՒՄԲ ՄԸ ՄԻԳԱՆՈՒՇՆԵՐ – (Շրջապատելով ու հեգնելով) Ախ, այս սիրուն խեղճ մանչը: Ախ, այս սիրուն խեղճ մանչը: Ալ անզոր է քու խաչը:
ԱԲԵՂԱՆ - (Նորեն կոտրված) Ալ անզոր է աղոթքս, ալ անզոր է իմ խաչս:
ՉՈՐՐՈՐԴ ՄԻԳԱՆՈՒՇ - Այ, այ իզուր մի տխրիր
ԱՌԱՋԻՆ ՄԻԳԱՆՈՒՇ - Հոս ուրախ է ամեն իր:
ԱԲԵՂԱՆ - (Սրտնեղ) Ա, ի՞նչ կուզեք, թողեք ինծի:
ԵՐՐՈՐԴ ՄԻԳԱՆՈՒՇ – Կուզենք հոգիդ առկայծի:
ԵՐԿՐՈՐԴ ՄԻԳԱՆՈՒՇ – Մենք քեզի գեշ ի՞նչ ենք ըրեր:
ՀԻՆԳԵՐՈՐԴ ՄԻԳԱՆՈՒՇ -Գիտե՞ս, բերեր ենք լուրեր:
ԵՐՐՈՐԴ ՄԻԳԱՆՈՒՇ – Լուրեր, սերեր, սարերով:
ԵՐԿՐՈՐԴ ՄԻԳԱՆՈՒՇ – Սերը սիրով,
Սերը սիրով, օրենքն աս է դարերով:
ԱԲԵՂԱՆ - (Աչքերը շփելով) Բայց ոչ, սա պատրանք է դևի:
ԱՌԱՋԻՆ ՄԻԳԱՆՈՒՇ -Դևի՞:
ՄԻԳԱՆՈՒՇՆԵՐ – (Թև-թևի կուտան, մեջ կառնեն Աբեղան, կդառնան շուրջը ու կերգեն պարելով):
Դևի, դևի, թև-թևի,
Պարենք, երգենք թև-թևի,
Գուցե սիրտը թեթևի
Այս անսերի, անթևի:
Թևեր, թևեր սեր ու վեր,
Տվեք թևեր թռչի վեր:
ԱԲԵՂԱՆ - (Կհարձակվի Երրորդ Միգանուշի վրա)
Ըսե, ըսե, դուն ի՞նչ ես,
Այդպես անուշ կհնչես:
ԵՐՐՈՐԴ ՄԻԳԱՆՈՒՇ - (Ետ ցատկելով թեթև)
Չէ, ոչ դև եմ, ոչ փերի,
Քեզի ծովեն լուր բերի:
ԱԲԵՂԱՆ - Ուրեմն կա՞ս, կապրի՞ս դուն:
ԵՐՐՈՐԴ ՄԻԳԱՆՈՒՇ – Կապրիմ այնպես, ինչպես դուն:
ԱԲԵՂԱՆ – Ո՞ւր է տունդ, բույնդ ո՞ւր:
ԵՐՐՈՐԴ ՄԻԳԱՆՈՒՇ - Եվ հոս, և հոն, ամենուր:
ԱՌԱՋԻՆ ՄԻԳԱՆՈՒՇ - Ալենուշներ, միգանուշներ,
մենք բոլորս անուշներ:
ԱԲԵՂԱՆ - Ձեզի երբեք ես չեմ տեսեր:
ԱՌԱՋԻՆ ՄԻԳԱՆՈՒՇ – Նախ պետք է սեր:
ԵՐԿՐՈՐԴ ՄԻԳԱՆՈՒՇ – Ու կարոտներ, սպասումներ…
ՀԻՆԳԵՐՈՐԴ ՄԻԳԱՆՈՒՇ – (Ընկերները ճեղքելով առաջ կանցնի):
Բայց ծանոթ ենք ես ու դուն:
ԱԲԵՂԱՆ - Իրար ծանո՞թ, ես ու դո՞ւն:
ՀԻՆԳԵՐՈՐԴ ՄԻԳԱՆՈՒՇ – Հա, կհիշես այն առտուն,
երբ ծովուն մեջ, Սեդան լանջիդ,
փոթորիկը ականջիդ…
ԱԲԵՂԱՆ – (Ոգևորվելով) Երբ կռիվ էր ալիքին հետ:
ՀԻՆԳԵՐՈՐԴ ՄԻԳԱՆՈՒՇ – (Շարունակելով)
… Կկռվեիր մեզի հետ, որ ոտքերդ կից մը տվին
Պինդ զարկովը ուժգին, երկու ծիծիս մեջտեղին…
ԱԲԵՂԱՆ - (Կարեցկոտ) Ցավեցա՞վ:
ՀԻՆԳԵՐՈՐԴ ՄԻԳԱՆՈՒՇ - (Ընկերներուն) Ցա՞վ, ի՞նչ բան է ցավ: (Շարունակելով իր խոսքը)…
Այնպես թափով, այնպես ամուր, Որ դարձա բուռ մը փրփուր:
ԱԲԵՂԱՆ - Դո՞ւն փրփո՞ւր…
ՎԵՑԵՐՈՐԴ ՄԻԳԱՆՈՒՇ - (Քնքուշ փաթթվելով հինգերորդին) Անուշ քուրիկ:
Փրփուրիկ, հատ մը, հատ մը համբուրիկ:
ՉՈՐՐՈՐԴ ՄԻԳԱՆՈՒՇ – (Չանչ տալով) Ախ, դուք չքրքրիք:
ՀԻՆԳԵՐՈՐԴ ՄԻԳԱՆՈՒՇ - (Սրտնեղ)
Թող տուր ինծի, է հերիք:
ԱԲԵՂԱՆ - Իսկ ե՞րբ թողիր դուն ծովը:
ՀԻՆԳԵՐՈՐԴ ՄԻԳԱՆՈՒՇ - Երբ չէր ինկեր դեռ զովը,
այսօր, ջերմիկ կեսօրին:
ԱԲԵՂԱՆ - Թողիր ի՞նքդ, կամովի՞ն:
ՀԻՆԳԵՐՈՐԴ ՄԻԳԱՆՈՒՇ – Հայր արևը կանչեց վեր:
ԱԲԵՂԱՆ - Հայր… արև՞ը, հրավեր:
Եվ ինչո՞ւ:
ՀԻՆԳԵՐՈՐԴ ՄԻԳԱՆՈՒՇ - (Ծիծաղելով ու զարմանքով ընկերուհուն) Ինչու:
ԱՌԱՋԻՆ ՄԻԳԱՆՈՒՇ – Չու, չու:
ՎԵՑԵՐՈՐԴ ՄԻԳԱՆՈՒՇ – Չվելու, չվելու, հովերուն հետ պաչվելու:
ԱԲԵՂԱՆ - Հովերո՞ւն:
ԵՐԿՐՈՐԴ ՄԻԳԱՆՈՒՇ - Այ, այ, եկան:
ԽՈՐՔԵՆ ԽՈՒՄԲ ՄԸ - Եկան, եկան:
ՉՈՐՐՈՐԴ ՄԻԳԱՆՈՒՇ – Հովիկները, հովիկները, փախեք:
ՈՒՐԻՇ ԽՈՒՄԲ ՄԸ - (Ոստոստելով) Եկան, եկան հովիկները:
Բ
Ընդհանուր իրարանցում: Ներս կթափին հովիկները` թարմ ու թեթև պատանիներ խռիվ մազերով, հագուստնին գորշ, ծալավոր ու ծածանուտ:
Կթափին ներս տեսարանի խորքեն, կխառնվին միգանուշներուն, կփաթթվին անոնց զույգ-զույգ կամ խմբերով, և առանց բնավ կանգ առնելու, անոնք ալ իրենց հետ քաշելով, դուրս կելլեն տեսարանի առջևի մասեն ցատկելով, աղմուկով ու ծիծաղով:
Զույգ մը անցնելու ատեն:
ՄԻԳԱՆՈՒՇ – Սպասել ալ որ կուտաք:
ՀՈՎԻԿԸ – Կռվի էինք սարի տակ:
ՄԻԳԱՆՈՒՇ – Իհ, ատ որո՞ւն հետ նորեն:
ՀՈՎԻԿԸ - Ան, որ վերը ձյուներեն:
ՄԻԳԱՆՈՒՇ – Կատեմ ատոնք բոորն ալ, ինչ կոպիտ են, ինչպես, պաղ… (Կանցնին)
Փոքր խումբ մը իրար քաշելով:
ՀՈՎԻԿ ՄԸ – Մտնենք թուփին ծոցերը:
ՈՒՐԻՇ ՀՈՎԻԿ ՄԸ - Երթանք ծովուն բացերը:
ՄԻԳԱՆՈՒՇ ՄԸ - Երթանք պարենք, հա՞, պարենք:
ՈՒՐԻՇ ՄԻԳԱՆՈՒՇ ՄԸ – Չէ՞, բերկրանքի համար ենք:
(Կանցնին)
Մեծ խումբ մը թև-թև շղթա կազմած:
ՀՈՎԻԿՆԵՐ - Անուշ շունչն ենք ծովերու:
ՄԻԳԱՆՈՒՇՆԵՐ -Դուք ալ հույզքը եթերի:
ՄԻԱՍԻՆ – Մենք ջերմ փարած իրարու,
Ա, ինչ կյանք է անթերի: (Կանցնին)
Վերջին` ետ մնացած խումբ մը շտապելով:
ՄԻԳԱՆՈՒՇ ՄԸ - (Ետ նայելով Աբեղային) Եկուր, եկուր, տղա, դուն ալ եկուր մեզի հետ:
ՈՒՐԻՇ ՄԻԳԱՆՈՒՇ ՄԸ - (Փաթթվելով իր հովիկին) Ախ, չի կրնար, ան անզույգ է, անընկեր…
ԽՈՒՄԲԸ - (Հեռանալով) Անընկեր…
Գ
ԱԲԵՂԱՆ - (Երկար կնայի անոնց ետևեն, մինչև աղմուկը կկտրվի: Տխուր գլուխը շարժելով) Անզույգ ու անընկեր… (Լուռ քիչմն ալ ու հանկարծ սրտին խորքեն) Ախ գոնե գիտնայի, որ իզուր չէ այս ճգնությունը… Ինչ կյանք է աս, մոռացված մոմ մը խաչելության առջևը, դժգույն ու
մինակ, որ կմխա ու կհալի… (Ձեռքովը կծածկե երեսը, գլուխը կկախե կրծքին ու կմնա անշարժ):
Դ
Բարձր սեպ քարափի ծայրեն կերևա ճգնավորը, գզգզված ու կիսամերկ:
ՃԳՆԱՎՈՐԸ - (Պոռալով) Էյ, ով է հոդ: Ի՞նչ գործ ունիս հոդ փոսիս գլխուն:
ԱԲԵՂԱՆ - (Ապշահար կնայի վեր):
ՃԳՆԱՎՈՐԸ - Էյ, քեզի կըսեմ, ի՞նչ բանի ես հոդ (Արագ ցած կմագլցի ժայռեն, երևալով ու չքանալով քարերու ցցվածքներուն ետևը: Հասնելով քարափի կեսերուն կանգ կառնե) Ինչո՞ւ ես եկեր, մարդ, այս անմարդ կողմերը:
ԱԲԵՂԱՆ - Ախ, երևի դուն այն Ճգնավորն ես, որ մեզմե շատ-շատ տարիներ առաջ եկեր ես մինակ այս կղզին ճգնելու: Բայց չէ՞ որ անիկա մեռած է արդեն, վաղուց, վաղուց:
ՃԳՆԱՎՈՐԸ – Իսկ դուն, դուն մեռած չէ՞ս, վաղուց, վաղուց:
ԱԲԵՂԱՆ - Ե՞ս:
ՃԳՆԱՎՈՐԸ – Ունայնություն: Դուն ինծի ան ըսե` ինչո՞ւ ես եկեր այս անմարդ կողմերը:
ԱԲԵՂԱՆ - Չգիտեմ, ինծի բերին:
ՃԳՆԱՎՈՐԸ – Ո՞վ բերավ քեզի:
ԱԲԵՂԱՆ - (Մտածկոտ) Չգիտեմ: Բայց չէ՞ որ քու ճգնարանդ այս ժայռերուն մյուս կողմն էր, ավելի վերը:
ՃԳՆԱՎՈՐԸ – Բայց հոստեղ է իմ փոսս:
ԱԲԵՂԱՆ - Փո՞ս, ի՞նչ փոս:
ՃԳՆԱՎՈՐԸ – Նայե ոտքերուդ տակը, ունայնության փոսը:
ՃԳՆԱՎՈՐԸ - Զգույշ, չքանդես:
ԱԲԵՂԱՆ - Ճիշտ է, Ճգնավոր, որ դուն տեր ու թագավոր ես եղեր ամբողջ ընդարձակ աշխարհներու, պալատներու մեջ ես ապրեր, հարյուրավորներ են ծառայեր քու ամեն մեկ քմայքիդ, վայելքներուդ ու զվարճություններուդ սահման չէ եղեր: Ճի՞շտ է, Ճգնավոր, ինչ որ կպատմեն:
ՃԳՆԱՎՈՐԸ – Ունայնություն:
ԱԲԵՂԱՆ - Կըսեն` թողեր ես այդ բոլորը, պալատն ու խրախճան, իշխանությունն ու փառք, թողեր ես ամեն ինչ, հագեր ես սքեմ, գացեր ես մարդոց մեջ ապաշխարանք քարոզելու, քարոզելու գութ, քարոզելու ողորմություն, քարոզելու խոնարհություն: Ճի՞շտ է, Ճգնավոր, ինչ որ
կպատմեն:
ՃԳՆԱՎՈՐԸ - Ունայնություն:
ԱԲԵՂԱՆ - Ճի՞շտ է, որ ատկե ալ ես կշտացեր, եկեր ես այս մենության մեջ անդորրություն գտնելու, մտածելու հոգիիդ փրկությունը:
ՃԳՆԱՎՈՐԸ - Ունայնություն:
ԱԲԵՂԱՆ -(Հուզված) Ճգնավոր, ի՞նչ կխոսիս, ունայնություն և քու ճգնությո՞ւնդ:
ՃԳՆԱՎՈՐԸ - (Անտարբեր) Քիչ մը հեռու իմ փոսես, փուլ չի տաս:
ԱԲԵՂԱՆ – Հա, այս փոսը: Երևի, գերեզմանդ է, որ վրան այդպես կդողաս: Բայց բաց է ու պարապ:
ՃԳՆԱՎՈՐԸ – Ունայնություն և գերեզմանը: Ես գերեզման չունիմ:
ԱԲԵՂԱՆ – Հա, իրավ որ, գիտեմ: Կըսեն` քեզի նետեր ես ծովը, հոն, այն մյուս կողմի բարձր ժայռեն: Չվախցա՞ր հոգիիդ կորուստեն, չվախցա՞ր հանդերձյալ կյանքեն:
ՃԳՆԱՎՈՐԸ - Ունայնություն մըն ալ այդ քու հոգիդ ու քու հանդերձյալ կյանքդ:
ԱԲԵՂԱՆ - (Սարսափահար) Լռե, թշվառական, հայհոյանք է խոսածդ:
ՃԳՆԱՎՈՐԸ – Իզուր մի սարսափիր ու քիչ մը հեռու փոսես:
ԱԲԵՂԱՆ - Ալ ի՞նչ փոս, ալ ինչո՞ւ համար, ուրեմն ալ ինչո՞ւ ես փորեր այդ փոսը, ուրեմն ալ ինչո՞ւ կպահպանես այդպես վախով ու դողով, նույնիսկ մահեդ ալ անդին:
ՃԳՆԱՎՈՐԸ - (Գլուխը շարժելով) Ա, ատիկա է, ատիկա ունայնություններուն ունայնությունը: Փորեր եմ, փորեր, նայե, այս եղունգներովս, ուղեղովս ու սրտովս, փորեր եմ անընդհատ ծնած օրես մինչև վերջին վայրկյանը, փորեր եմ ու որոներ տակեն բան մը գտնելու համար,
կարևոր բան մը, փորեր եմ ու պահպաներ, որ այդչափ աշխատանքս չկորչի, հիմա ալ կպահպանեմ, որովհետև իմ փորածս է, միակ բանը, որ իմս է, իմ ստեղծածս: Միակ բանը, այ, այդ փոսը, այդ դատարկ փոսը, այդ միշտ դատարկ փոսը, որ ինչքան փորես, այնքան ավելի դատարկ
կդառնա: Դատարկ, դատարկ, կհասկանա՞ս, որ երբեք, երբեք չէ լցվելու, ոչինչով, ոչինչով: Գնա, դուն ալ գնա փորե քու փոսդ ու թող իմինս ինծի: (Կուզե հեռանա):
ԱԲԵՂԱՆ - Կեցիր, կեցիր, մարդ, քեզի հարց մըն ալ, դուն, որ այդքան իմաստուն ես:
ՃԳՆԱՎՈՐԸ - (Կես մը ժայռին ետևեն) Մարդը իմաստո՞ւն… Ունայնություն: (Դուրս):
Ե
Աբեղան կերթա նորեն փոսին գլուխը և տխուր ու մռայլ կդիտե մտածկոտ:
Քարերուն մեջեն դուրս կուգա կերպարանք մը ամբողջովին փաթթված մեգի նման քողի մը մեջ: Ծանր-ծանր առաջ կուգա ու կկենա Աբեղային դեմը:
ՔՈՂԱՎՈՐԸ – Ի՞նչ է, եկա:
ԱԲԵՂԱՆ – (Գլուխը կբարձրացնե, կդիտե թեթև զարմանքով ու տեսակ մը անփույթ) Դո՞ւն ալ անոնցմե:
ՔՈՂԱՎՈՐԸ – Ինծի ինչո՞ւ կանչեցիր:
ԱԲԵՂԱՆ - Կանչեցի՞, քեզի՞:
ՔՈՂԱՎՈՐԸ – Հոգիդ կանչեց ինծի ու եկա:
ԱԲԵՂԱՆ – Հոգի՞ս:
ՔՈՂԱՎՈՐԸ – Ինչո՞ւ է հոգիդ մռայլ: Ի՞նչ կխորհեիր:
ԱԲԵՂԱՆ - Հոգի՞ս:
ՔՈՂԱՎՈՐԸ – Ըսե, ու մի ըլլար այդպես տխուր:
ԱԲԵՂԱՆ – (Փոսը մատնանիշ ընելով) Այ նայե:
ՔՈՂԱՎՈՐԸ - Ատ ի՞նչ է որ:
ԱԲԵՂԱՆ - Կյանքը:
ՔՈՂԱՎՈՐԸ - Կյա՞նքը. այդ նեղ ու մութ փոսը:
ԱԲԵՂԱՆ – Այո ունայնության փոսը:
ՔՈՂԱՎՈՐԸ - Ախ, վախցեր ես այդ դատարկ փոսեն: Կուզե՞ս լեցնեմ:
ԱԲԵՂԱՆ - Լեցնե՞ս…
ՔՈՂԱՎՈՐԸ – Իսկույն, դժվար գործ չէ: (Կմոտենա, կկենա փոսին գլուխը և կսկսի իր կիսերգը խորհրդավոր կանչող շարժումներով: Եվ վերեն կսկսի մշուշի նման բան մը իջնել վար դեպի փոսը վերջալույսի կարմիր ճառագայթներուն տակ, իջնող մշուշին մեջ աղոտ կնշմարվին
կարծես դեմքեր, մարմնի մասեր, տերև, ծաղիկ, կայծեր գույներ):
Իջեք, իջեք երազներ, Իջեք զգույշ երազներ,
Շոյող անուշ երազներ,
Իջեք քնքուշ երազներ,
Ծաղիկ, կանաչ, թարմ հյուսեր,
Բախտի կարկաչ ու հույսեր,
Դող ու անցուկ ու կարոտ,
Ծածուկ արցունք վարանոտ,
Խելքի, մտքի հակասում,
Միշտ նոր կյանքի սպասում…
Իջեք, իջեք երազներ,
Իջեք զգույշ երազներ,
Շոյող անուշ երազներ,
Իջեք քնքուշ երազներ,
Գգվանք, ժպիտ, գույն ու բույր,
Աչեր վճիտ ու համբույր,
Իղձեր անվերջ, անմեկին,
Տագնապ ու տենչ մոլեգին,
Օրոր, գրգիռ ու հույզեր,
Սրտի թրթիռ, երգ ու սեր…
Իջեք, իջեք երազներ,
Իջեք զգույշ երազներ,
Շոյող անուշ երազներ,
Իջեք քնքուշ երազներ,
Աստղեր թովիչ, բոց ու կայծ,
Ցնորքներ վառ ու առկայծ,
Հավատ ուժի, մեծության,
Փառքի, կամքի գոյության,
Շռինդ, թնդյուն, հպարտանք,
Իմաստություն… բյուր պատրանք:
Իջեք, իջեք երազներ,
Իջեք զգույշ երազներ,
Շոյող անուշ երազներ,
Իջեք քնքուշ երազներ:
ՔՈՂԱՎՈՐԸ - Դե, եկուր ու ալ մի ըլլար տխուր:
ԱԲԵՂԱՆ – (Նայելով) Լեցավ: Կուզեի ոտքս դնեմ վրան
ՔՈՂԱՎՈՐԸ - Դիր:
ԱԲԵՂԱՆ – (Մեկ ոտքով կկենա փոսին վրա) Եվ ես կեցած եմ ունայնության փոսին վրա:
ՔՈՂԱՎՈՐԸ - Դուն կեցած ես հիմա երազներու վրա:
ԱԲԵՂԱՆ - Այո: Եվ փոսը լեցված է: (Հանկարծ ուրախ ետ կցատկե ու անզուսպ) Հեյ դուն, հեյ, Ճգնավոր, հեյ ունայնություն, փոսդ լեցված է: Իսկ դո՞ւն, քողարկիր հմայող, ո՞վ ես դուն:
ՔՈՂԱՎՈՐԸ - Ե՞ս, ես ալ երազ մը:
ԱԲԵՂԱՆ - Երա՞զ:
ՔՈՂԱՎՈՐԸ - Ես ան եմ, որուն սպասեր ես դուն տարիներ ու տարիներ առանց գիտնալու, որ կանչեր ես դուն խուցիդ մենության մեջ, երկար, երկար գիշերներ առանց բան մը արտասանելու, որուն պապակեր է քու երիտասարդ ծարավ սիրտդ անվերջ ու անվերջ առանց
խոստովանելու: Ես ան եմ, առանց որուն անապատ մըն է կղզին և որուն ներկայությանը անապատին մեջ դրախտ կծաղկի: Ահա եկեր եմ ես քեզի:
ԱԲԵՂԱՆ – (Ոգևորված) Օրհնված ըլլա քու գալուստդ, քողավոր: Ըսե, ինչպես կանչեմ քեզի:
ՔՈՂԱՎՈՐԸ – Կանչե` ինչպես որ սիրտդ ուզե, իմ անուններս հաշիվ չունին: Դուն ծովը շատ սիրեցիր, կանչե Ծովիկ, եթե կուզես:
ԱԲԵՂԱՆ - (Երազկոտ) Այո, ծովուն խայտուն ալիքները այս ժայռերու ոտքին միշտ քեզմե են խոսեր ինծի:
ՔՈՂԱՎՈՐԸ - Եվ սյուքերը տերևներուն մեջեն, և հավքերը թփերուն տակ, և կարկաչը աղբյուրի շրթունքին, ամենը, ամենը, ամեն օր ու ամենուր ինծմե են խոսեր քեզի:
ԱԲԵՂԱՆ - Կուզեմ տեսնեմ քու երեսդ: Բաց:
ՔՈՂԱՎՈՐԸ - Աղեկ, եկուր, ինքդ բաց:
ԱԲԵՂԱՆ – (Վախով ու դողով) Ե՞ս:
ՔՈՂԱՎՈՐԸ - Եկուր բաց:
ԱԲԵՂԱՆ - (Դողդողալով կմոտենա և դողդոջուն ձեռքով կբռնե քողին ծայրը ու կքաշե: Քողը կիյնա աղջկան թևերուն: Կեցած է Սեդան` ճիշտ այնպես, ինչպես որ էր առաջին արարին մեջ: Աբեղան ետ-ետ կքաշվի հիացած ու խելագար) Սեդա…
ՔՈՂԱՎՈՐԸ – Ի՞նչ է, ահա ես:
ԱԲԵՂԱՆ - (Հետզհետե ավելի ու ավելի հափշտակված) Օ, դուն, դուն իմ էությանս հմայքը, դուն թագուհին իմ մտքերուս, դուն իմ սրտիս ծովը, դու փոթորիկը իմ հոգիիս: Արևուն հուրքն ես դուն, ծովերուն հույզքն ես դուն, բնության պարգևն ես դուն ինծի: (Կնետվի գետին) Թող,
թող փաթթվիմ ոտքերուդ, թող համբուրեմ կոխած հողդ, համբուրեմ այդ ճերմակ հագուստիդ անարատ փեշերը… (Կուզե գալարվի անոր ոտքերուն, աղջկան կերպարանքը կմշուշոտվի ու կաներևութանա:
Զ
Խորքի ժայռերու մեջեն կերևան Ադամ ու Սիմոն վանականները, թևերներում մեյ-մեկ թաշկինակ` մեջը լիքը:
ՍԻՄՈՆ ՎԱՆԱԿԱՆ - Դժոխքի ճամփա է, դժոխքի ճամփա: Բռնե տեսնեմ ձեռքս:
ԱԴԱՄ ՎԱՆԱԿԱՆ - (Օգնելով ընկերոջը, որ վերի ժայռեն վար իջնե) Նայե հայր Սիմոն, ան ի՞նչ բան է հոն, կարծես մարդ ըլլա գետինը ինկած:
ՍԻՄՈՆ ՎԱՆԱԿԱՆ - (Խաչ կհանե երեսը) Հանուն Հիսուս Քրիստոսի: Մա՞րդ, այսքան հեռունե՞րը, դժբախտություն մը պատահած չըլլա՞: (Կիջնե ժայռերեն և երկուքով զգույշ կմոտենան):
ԱԲԵՂԱՆ - (Անոնց ոտքի ձայնեն կբարձրացնե գլուխը ու ապշած կնայի առջևը) Գնաց… (Կնայի շուրջը, կես մը կելլե ու կնստի):
ՍԻՄՈՆ ՎԱՆԱԿԱՆ - Ախ դուն ես, Աբեղա: Կաղոթեի՞ր, ինչո՞ւ այսքան հեռուները:
ԱԴԱՄ ՎԱՆԱԿԱՆ – Վախցանք:
ԱԲԵՂԱՆ - (Կելլե ոտքի, կնայի անոնց ցրված արտահայ-տությամբ և հանկարծ ուշադիր կսկսի գետինը բան մը փնտրելու):
ԱԴԱՄ ՎԱՆԱԿԱՆ – Ի՞նչ կորոնես, Աբեղա:
ԱԲԵՂԱՆ – Ո՞ւր է, ճիշտ հոս պիտի ըլլար: Ո՞ւր է փոսը, ո՞ւր է այն փոսը:
ԱԴԱՄ ՎԱՆԱԿԱՆ – Ի՞նչ փոս, Աբեղա:
ԱԲԵՂԱՆ – Հա, իրավ, մոռցա, չէ՞ որ լեցուց:
ԱԴԱՄ ՎԱՆԱԿԱՆ – Լեցո՞ւց, ի՞նչը, ո՞վ:
ԱԲԵՂԱՆ - Ան… անիկա, երազը:
ՍԻՄՈՆ ՎԱՆԱԿԱՆ – (Ժպտուն) Ախ, երազ ես տեսեր: Քունդ տարեր էր, հա՞:
ԱԲԵՂԱՆ - Երա՞զ… (Հանկարծ վրա կնետվի Սիմոն վանականին, շոշափելով անոր մարմինը, պինդ-պինդ թափ տալով անոր թևը) Իսկ դո՞ւն… իսկ դո՞ւն… իսկ դո՞ւն…
ԱԴԱՄ ՎԱՆԱԿԱՆ - (Ետ-ետ քաշվելով) Տեր Հիսուս Քրիստոս, դուն խափանես չարը:
ԱԲԵՂԱՆ – Իսկ ասիկա՞, իսկ ե՞ս, իսկ այս վա՞նքը, այս անապատը… Ինչպե՞ս իմանամ ո՞րն է քուն, ո՞րն է արթուն, ան, հոն, անոնք, թե՞, հոս, դուք, ես…
ԱԴԱՄ ՎԱՆԱԿԱՆ – Սթափվե, Աբեղա, սթափվե: Ի՞նչ երազ, ի՞նչ բան, այ անիկա Սիմոն հայր սուրբը, ասիակ ալ ես` մողավոր ծառաս: Կղզիի գագաթն էինք, իջանք սունկ հավաքելու, քարե-քար, ժայռե-ժայռ հեռացանք մինչև հոս, այս կողմերը սքանչելի սունկեր կան, ամբողջ
թաշկինակ մը ժողովեր եմ, նայե, հրաշալի սնակե-սպաս պիտի ըլլա:
ԱԲԵՂԱՆ – (Հանկարծ) Իսկ եթե դո՞ւ ինքդ սունկ մըն ես միայն, հրաշալի սունկ մը բուսած ժայռի մը ստվերին, և քունիդ մեջ կերազես միայն, իբրև թե վանական մըն ես ու ու եկել ես սունկ հավաքելո՞ւ:
ԱԴԱՄ ՎԱՆԱԿԱՆ - Խելքի եկուր, Աբեղա, ինչեր կխոսիս:
ԱԲԵՂԱՆ - (Շարունակելով) Կամ գուցե այն ժայռի ստվերն ես դուն, քարի կտորի մը ստվերը, որ ինկեր ես հոս ու կերազես, թե մեղքերուդ հաղթած սուրբ մըն ես դուն: Ո՞րն է երազը, ո՞րը արթուն, ըսե, եթե գիտես, և ի՞նչ բան է ինքը երազը:
ՍԻՄՈՆ ՎԱՆԱԿԱՆ - (Վախցած ու խոսքը փոխելու ջանքով) Երթանք: Երթանք, Աբեղա, ուշ է արդեն: Դժոխքի ճամփաներ են, նայե, կատարյալ սատանայի սանդուղ:
ԱԴԱՄ ՎԱՆԱԿԱՆ - Երթանք, որ հասնենք իրիկվան հացին: Հսկում ունինք այս գիշեր:
ԱԲԵՂԱՆ - (Համակերպած) Երթանք: Ուտենք սունկե-սպասը ու կենանք հսկումի: Երազ մըն ալ ատիկա, բայց երկար, երկար երազ մը, չէ՞, հայր սուրբ:
ԱԴԱՄ ՎԱՆԱԿԱՆ – Չգիտեմ, Աբեղա, ինչ ըսել կուզես:
Ե Ր Ր Ո Ր Դ ՏԵՍԱՐԱՆ
Միջնադարյան դահլիճ մը սյունազարդ ու ընդարձակ
Աջ կողմը խոր նիշ մը նեղ ու երկար լուսամուտներով: Նիշի առջևը փայտե բազկաթոռ-վրան բարձ, ոտքին տակը բարձ: Քովը ցած ու փոքրիկ կլոր սեղան մը, վրան մեկ-երկու կանացի իրեր և գեղեցիկ ձեռագիր գիրք մը: Ձախ կողմը երկար դիվան, ամեն կողմ գորգեր: Ճակատը
սյուներ են, որոնք դահլիճը կբաժանեն խորքի սրահեն, սյուներուն մեջ մութ գույնի վարագույրներ:
Անդորր, մեղմ ու ախորժելի:
Ա
Իշխանուհին նստած է բազկաթոռին, ձեռքը սեղանին ու կխոսի: Դեռ չթոռմած գեղեցկություն, թեթև մը ճերմակած մազեր, սգավոր տիկնոջ արտաքին, պարզ ու ընտիր:
Քիչ մը քովնդի ու ետևոք նստած է գետինը, գորգի վրա, Դայակը, որ ժիր ու դյուրաթեք, ալևոր ու սևազգեստ պառավ մըն է:
Իշխանուհիին դեմը գլխաբաց կեցած է Գործավարը, ձեռքին ոլորած մագաղաթներ:
ԳՈՐԾԱՎԱՐԸ - Այո, իշխանուհին եթե կհաճի:
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ - Աղեկ, ինչպես գիտես, համաձայն եմ:
ԳՈՐԾԱՎԱՐԸ – Իսկ Սեպաուհի՞ն:
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Տղո՞ւս, կկարգադրեմ:
ԳՈՐԾԱՎԱՐԸ – Լավ: Իշխանուհին ուրիշ հրաման ունի՞:
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ - Ոչ: Բարևներս բոլորին: Իսկ Աննան թող ինքզինքը աղեկ նայի, իր այդպես թույլ կազմովը: Կըսես` մայրդ շատ խիստ է դժգոհ:
ԳՈՐԾԱՎԱՐԸ – Իշխանուհին պետք չէ որ թողներ մեզի, իր բացակայությունը շատ է զգալի ապարանքին մեջ:
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ - Է, ապարանքը կդառնա և առանց ինծի: Այդ տարիքին մեջ մոր կարիքը չնչին է: Ես հասցուցեր, պսակեր, կատարեր եմ իմ պարտքս: Աշխարհին տվեր եմ իմ հարկս, հիմա քիչ մըն ալ իմ հանգիստս ու իմ հոգիս:
ՊԱՌԱՎԸ – (Գործավարին) Թող, դուն ալ, քու ապարանքդ ալ: Տիրուհիս նահատակ մըն է եղեր իր ամբողջ կյանքը, հիմա կուզես, որ նորեն գար ու իյնար կյանքի անիվին տակ: Ոչ, ալ հերիք է, հանգիստ է պետք և մեզի, գոնե մեր օրերուն վերջին: Նայե, այս անդորր ու լռիկ
մենարանը, ոչ մեկ արքունիքի հետ չեմ փոխեր:
ԳՈՐԾԱՎԱՐԸ – Ճիշտ է, սիրուն տեղ է Ցամաքաբերդը, սիրուն ու հանգիստ, Սևանի լիճը, դեմի կղզին:
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ - Եվ վերջապես կուզեմ մոտիկ ըլլամ իմ եկեղեցիիս, որ կնշվի, տես, աչքիս տակը:
ԳՈՐԾԱՎԱՐԸ - Գիտեմ իշխանուհիին բարեպաշտությունը, գիտեմ անոր գթոտ սիրտն ու առատաձեռնությունը: Հոս ամեն քայլին անոր ողորմածութենեն կխոսին ու կարեկցությունեն: Բարերարվածները անչափ, գիտեմ: Իզուր չէ անշուշտ, որ սրբուհի կկանչեն:
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – (Ժպտուն) Իրա՞վ: Թող կանչեն, անունը ոչինչ չի փոխեր: Բան մը պիտի ընեի՞, թե չէ, այս մենավոր խուլ անկյունը:
ՊԱՌԱՎԸ – Մանավանդ տիրուհիիս պես անվերջ հոգատարության ու խնամելու սովոր սրտի մը համար:
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Կին ըլլալը` հոգ ըսել է, Եղիսա, իսկ մայրը` խնամք:
ԳՈՐԾԱՎԱՐԸ – Հրաման կուտա՞ իշխանուհին, որ մեկնիմ:
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Ե՞րբ կուզես` ճամփա իյնաս:
ԳՈՐԾԱՎԱՐԸ - Այսպես, ժամե մը:
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ - Աղեկ, Աստված հետդ:
ԳՈՐԾԱՎԱՐԸ – Առողջ մնա իշխանուհին: (Կծռի, կհամբուրե խոնարհ անոր ձեռքը ու մեջի վարագույրներեն կելլե դուրս):
Բ
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ - (Քիչ մը լուռ, և ետքը հառաչանքով) է, կյանքը որքան քիչ բան ունի մեզ տալու:
ՊԱՌԱՎԸ – Մի տրտնջար, քիչ ունի թե շատ, ինչ որ ունի քեզի տվեր է:
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ - Այդպես կմտածես և դո՞ւն:
ՊԱՌԱՎԸ – Ճշմարտությունը ատ է:
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ - Այն ատեն շատ խղճուկ ու աղքատիկ է ինքը կյանքը:
ՊԱՌԱՎԸ - Գուցե:
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ - Ախ, ինչպես տխուր է այսօր սիրտս:
ՊԱՌԱՎԸ – Ամպոտ է օրը:
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ -Ամպոտ է դուրսը, անձրև է ու թուխպ հոգիիս մեջ: Բեր ինծի ավետարանս:
ՊԱՌԱՎԸ – (Ոտքի կելլե ու քիչ մը որոնելեն ետքը) Հոդ է, թևիդ տակը:
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ - (Վերցնելով ու բանալով) Հա, մոռցեր էի:
Գ
ՆԱԺԻՇՏ ՄԸ - (Սևազգեստ կին մըն է, որ վարագույրը ետ ընելով կխոսի խոնարհ) Վանահայր հայր սուրբն է, կուզե տեսնե իշխանուհին:
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Հայր սո՞ւրբը:
ՆԱԺԻՇՏԸ - Այո, իշխանուհի: Ի՞նչ կհրամայե իշխանուհին:
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Հոս առաջնորդե: (Գիրքը ձեռքեն կդնե վար):
ՆԱԺԻՇՏԸ - (Դուրս)
ՊԱՌԱՎԸ – Այ, աղեկ եղավ, սիրտդ քիչ մը կբացվի: Դուն միշտ ուրախ ես, երբ քեզի քու եկեղեցիեդ կխոսին:
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Բաց վարագույրը:
Դ
Պառավը ետ կընե սյուներուն միջի վարագույրը և բռնած ալ կմնա պատկառանքով: Կմտնե Վանահայրը ու շիտակ դեպի Իշխանուհին, որ ոտքի կելլե:
ՎԱՆԱՀԱՅՐԸ–Աստծու օրհնությունը քու վրադ, իշխանուհի:
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Եվ քու, հայր սուրբ: Ի՞նչ լուրեր վանքեն:
ՎԱՆԱՀԱՅՐԸ – Աղոթք և օրհնություն:
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Ոչ, եկեղեցին:
ՎԱՆԱՀԱՅՐԸ – Օր-օրի կլրանա ու կդառնա տուն աղոթքի ու ներքնասույզ խոհանքի:
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Ի՞նչպես եղավ աջակողյան նիշը:
ՎԱՆԱՀԱՅՐԸ – Այնպես, ինչպես որոշեցինք անցած օր:
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Ուրեմն երկու սյուներուն ետևը, ուրույն կամարով:
ՎԱՆԱՀԱՅՐԸ – Այո: Ոչ: Ինչպե՞ս թե սյուներուն ետևը: Սյուներուն կողքը:
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Սյուներուն ետևը: Չէ որ… սյունը այսպես…Եղիսա, հատակագիծը տաս:
ՊԱՌԱՎԸ – (Որ քիչ մը հոռուն կեցած էր ձեռքերը կրծքին պատկառանքով, կերթա պատի պահարանեն կբերե ոլորած մագաղաթ մը ):
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – (Փռելով մագաղաթն իր փոքրիկ սեղանի վրա) Նստե հայր սուրբ: Այ, նայե:
ՎԱՆԱՀԱՅՐԸ – Աս քեզի սյուները, աս ալ կողքը:
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Իրավ է: Ինչ կնշանակե, որ այդ կտորը իրականին վրա դեռ չեմ տեսած: Երևակայելը երբեք ան չէ, չնայելով` ինչքան, ինչքան նայեր եմ այս հատակագծին վրա: Գիտե՞ս, հաճախ ամբողջ գիշերներով այդ շենքի մասին կմտմտամ, բոլոր անկյունները, բոլոր
մանրամասնությունները, ամեն մեկ քարը: Այնպես բոլորը մոտ է սրտիս, այնպես կապված է հոգիիս, կարծես ամեն մեկ քարը ես եմ դրեր, ես եմ շիներ:
ՎԱՆԱՀԱՅՐԸ – (Կատակով) Այո իշխանուհի, ես կկարծեի, թե շինողը ես եմ, արդյունքը եղավ` որ դուն շինեցիր:
ՊԱՌԱՎԸ – Ճշմարիտ է, Մարիմա Աստվածածնի այդ տաճարը իմ Մարիամ իշխանուհիիս ձեռքի գործն է:
ՎԱՆԱՀԱՅՐԸ – (Մտածկոտ) Այո, դուն շինեցիր, իշխանուհի:
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Ոչ հայր սուրբ, ես չշինեցի այդ եկեղեցին, մենք, ես ու դուն: Միասին ենք խորհեր, միասին ենք ոգևորվեր, միասին ենք կազմեր ու միասին ալ կերպարանավորեր: Եվ այնպես հյուսված է եղեր այդ բոլորը իրարու, որ այժմ բնավ չգիտեմ` ո՞րն է որ ինծմե է ծներ և
որ քեզմե: Կհիշե՞ս, հայր սուրբ, մեր այն միասին խորհումներուն ժամերը:
ՎԱՆԱՀԱՅՐԸ – Կհիշեմ, իշխանուհի, բախտավոր բան է կառուցելը, մանավանդ տաճար մը, ուր քո Աստվածդ է բնակելու:
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Աղվոր ըսիր: (Երազկոտ) Կյանքիս ամենեն քաղցր վայրկյաններն են եղած, երբ մենք միասին այս նույն սեղանին երկու կողմը նստած` մեր երևակայության մեջ ստեղծեր, կառուցեր ենք այդ շենքը:
ՊԱՌԱՎԸ - Եվ որու ճակտին քանդակվելու է քու անունդ, դարե-դար պատմելու բոլորին քու բարեպաշտությունդ ու աստվածասիրությունդ:
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Թող մոր ու դայակի քու այդ սնափառությունդ, Եղիսա, ձգե մեզի առանձին ու մի խանգարեր:
ՊԱՌԱՎԸ – (Քրթմնջելով դուրս):
Ե
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Այո, կյանքիս ամենաքաղցր վայրկյանները, չեմ քաշվիր կրկնելու, ինչ որ ճշմարիտ է, չեմ ուզեր քաշվիլ: Ինչո՞ւ աչքդ կձգես, ոչ, պետք չէ որ գետին ձգես: Ես ամբողջ կյանքս շիտակ եմ նայեր ամենուն երեսին և կուզեմ, որ ամենքն ալ, որոնց համար սրտիս խորքը
հարգանք ունիմ, շիտակ նային իմ երեսին:
ՎԱՆԱՀԱՅՐԸ – Չեմ հասկնար ինչ կխոսի իշխանուհին: Ես պատճառ չունիմ ոչ մեկուն առջևը աչքերս գետին ձգելու:
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Բայց ճշմարտությունն ան է, որ ես ու դուն կվախնանք իրարու աչքի մեջ խոր ու շիտակ նայելու:
ՎԱՆԱՀԱՅՐԸ – Իշխանուհի:
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Թող, թող, մինչև ե՞րբ: Ալ լցվեր է բաժակը: Ինծի համար սաստիկ ծանր է ատիկա ու վիրավորիչ: Ինչո՞ւ, ի՞նչ հանցանք ենք գործեր:
ՎԱՆԱՀԱՅՐԸ – (Ոտքի ելլելով) Իշխանուհին թող ինծի ներե, պետք է մեկնիմ:
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Ոչ, ոչ, հայր սուրբ, մի փախչիր, և ի՞նչ օգուտ փախուստը, դուն քու հոգիեդ չես կրնար փախչիլ: Նստե, նստե, պետք է, որ խոսիմ: Ամբողջ տարի մըն է, որ ես հոս եմ, ամբողջ տարի մըն է շրթունքիս է այդ հարցը և որ շարունակ վախցեր եմ տալու, իսկ այդ վախը
խոր կվիրավորե իմ արժանապատվությունս, կարծես երկու մեղավոր ըլանք դեմ-դեմի կեցած, որոնք ստիպված են ամոթով իրենց հոգին ծածկելու:
ՎԱՆԱՀԱՅՐԸ – Ես չեմ հասկնար ինչ ըսել կուզե իշխանուհին:
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Չէս հասկնար…
ՎԱՆԱՀԱՅՐԸ – Ըսածներեդ չհասկացա ես ոչինչ:
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Ոչի՞նչ, Հովհաննես:
ՎԱՆԱՀԱՅՐԸ – (Խայթվածի նման կցնցվի) Իշխանուհի…(Ու ծանր կելլե ոտքի)
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – (Նունպես ոտքի ելլելով) Մի՞տքդ է արքունի ամառանոցը, մեր փոքրիկ ավազանի եզերքին, վերջալույսի այն իրիկունը, ասկե ուղիղ քսանհինգ տարի առաջ:
ՎԱՆԱՀԱՅՐԸ – Եվ այդ քսանհինգ տարիներուն ետևեն դեռ կհիշե իշխանուհին այն քանի մը հասարակ խոսքերը, որ փոխանակեր ենք հոն իրարու հետ:
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Հիշեր եմ ես միշտ:
ՎԱՆԱՀԱՅՐԸ – Երախտապարտ եմ, իշխանուհի: Մեծ պատիվ մը, որ ես բնավ չեմ հանդգնած երևակայելու: (Քիչ մը լուռ, վերջը հետզհետե գլուխը բարձրացնելով) Միայն… միայն այն Հովհաննեսը, որուն անունը այդքան զարմանալի կերպով դեռ չէ մոռցեր իշխանուհին, այն
Հովհաննեսը, ան մեռած է վաղուց: Իսկ հիմա հոս կեցած է վանական մը, գրեթե ծերունի մը, հեռու արքունիքեն ու ամենքեն, որ եկեր է քեզի հետ կառուցվող շենքի ծախքերու մասին խոսելու:
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Հովհաննեսը մեռած է գուցե քեզի համար, չգիտեմ, բայց ոչ ինծի: Ան միշտ կենդանի է եղեր հոգիիս մեջ և կենդանի ալ կմնա: Անոր պատկերն է, վանահայր, միակ պայծառ կետը իմ ամբողջ կյանքիս մեջ:
ՎԱՆԱՀԱՅՐԸ – Բայց ատ ըսողը կին մըն է, որ ամուսին է ունեցեր:
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – (Տեսակ մը ընդհատելով) Եվ խիստ արժանավոր ամուսին մը, որ ես միշտ հարգեր եմ խորապես: Եվ խորապես ալ տանջվեր, որ հարգանքե տարբեր բան մը անոր տալու անկարող եմ եղեր:
ՎԱՆԱՀԱՅՐԸ – Բայց ատ ըսողը կին մըն է, որ զավակներ է ունեցեր:
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – (Խիստ) Ես կատարեր եմ պարտքս: Եվ շատ ծանր է եղեր սրտիս, որ պարտավորությունես ավելի ոչինչ չեմ կրցեր տալ զավակներուս: Ունեցեր եմ ամեն ինչ և ամեն ունեցածս տվեր եմ իմ հարազատներուս, բայց բախտավո - րություն ոչ մեկուն չեմ տվեր և ոչ մեկեն
ալ չեմ ստացեր:
ՎԱՆԱՀԱՅՐԸ – (Կեցած է լուռ և ունքերը կիտած):
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Լսե, պետք է ըսեմ բոլորը, որ մեր մեջեն վերնա այս անախորժ լարումը մեկանգամ ընդմիշտ: Նայե, ես պառավ կին մըն եմ, և դուն ինքդ ըսիր քիչ մը առաջ, որ ծերունի ես արդեն, վախնալու ոչինչ չունինք, քաշվելու ալ ոչինչ չունինք, քանի որ մաքուր է մեր
խիղճը: Այս քողարկումը, զգացումներու այս խեղաթյուրումը վայել չէ մեր դեմքին, ոչ քու և ոչ ալ իմ: Լսե, ինչ որ շրթունքս երբեք չէր արտասաներ և ինչ որ սակայն լեցուցեր է իմ ամբողջ էությունս: Իմ կյանքի գորշ երկնքին դուն ես եղեր ինծի համար լույսի աստղը, ապրելու
իմաստը, առանց այդ լույսին, առանց այդ մխիթարության, ես չգիտեմ, ինչո՞ւ էի ապրելու:
ՎԱՆԱՀԱՅՐԸ – (Ձեռքովը ճակատը սեղմած) Հերիք է, հերիք է…
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Քո պատկերդ է եղեր իմ դեմս մենությանս վայրկյաններուն: Ինքս ալ աղեկ մը չգիտեմ` այն ջերմ աղոթքները, որ սրտես դուրս են հորդեր, ավելի Խաչյալի նկարի՞ն են ուղղված եղեր, թե՞ քու պատկերիդ: Իրավ է, ես պաշտեր եմ քու պատկեիդ իմ Աստծուս հետ միասին:
ՎԱՆԱՀԱՅՐԸ – Եվ չե՞ս վախցեր Աստուծմե:
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Աստվա՞ծ: (Բարձրացնելով սեղանեն ավետարանը) Աստված սեր է վարդապետ:
ՎԱՆԱՀԱՅՐԸ – (Մտածկոտ գլուխը շարժելով) Այդպես… (Հանկարծ) Իսկ հիմա:
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Հիմա: Հիմա ալ, տես, այս լուսամուտը, որ քու կղզիիդ կնայի ու քու լուսամուտիդ, այն քու փոքրիկ լուսամուտիդ, ուր մինչև կեսգիշեր անմար է ճրագը: Դուն երեևի կկարդաս ու կաղոթես, ես ալ հոսկե կաշխատեմ քու մտքերդ կարդամ ու քու աղոթքներդ: Միթե այդ
բոլորը հոգիդ չէ՞ր գիտեր:
ՎԱՆԱՀԱՅՐԸ – (Կտրուկ) Ոչ, բնավ:
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Իրա՞վ: Մի՞թե քու հոգիդ նույնպես լիքը չէ եղեր ինծմով, ինչպես իմ հոգիս քեզմով:
ՎԱՆԱՀԱՅՐԸ – (Լուռ է):
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Պատասխան տուր, ուրախ չէի՞ր, միթե հոգիդ ուրախ չէր, երբ հոս այս մենության մեջ դեմ-դեմի նստած կխոսեինք ժամերով ու կծրագրեինք: Պատասխան տուր:
ՎԱՆԱՀԱՅՐԸ – (Անհանգիստ): Չգիտեմ, ես ոչինչ չգիտեմ:
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Չգիտես, ես գիտեմ, միշտ ալ վստահ գիտցեր եմ, որ կապրեմ միշտ քու հոգիիդ մեջ, թեև տարիներու այս երկար շարքին մեջ հազիվ ութը-տասը անգամ պատահած ըլլանք իրարու մինչև հոս գալս և շատ ավելի նվազ մեկ-երկու խոսք փոխանակած ըլլանք իրարու,
միշտ տափակ, միշտ անգույն ու միշտ կողմնակի բառեր: Ըսե, ճիշտ չէ՞, ինչ որ կըսեմ:
ՎԱՆԱՀԱՅՐԸ – Թող, իշխանուհի, հին, անցած-գնացած օրեր, ի՞նչ իմաստ քրքրելը:
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Հայր սուրբ, եղիր շիտակ ու պատասխան տուր: Այսօր պետք է մաքրվին մեր հին հաշիվները:
ՎԱՆԱՀԱՅՐԸ – Ի՞նչ կուզիս, կին, ի՞նչ կուզես դուն ինծմե: Ամբողջ կյանքիս կեսը տառապանք տվիր ինծի, տառապանք ու դառնություն, ջարդեցիր կյանքս, խորտակեցիր երիտասար -դությունս, հիմա ալ մոխի՞րը քրքրել կուզես:
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Իմ խեղճ Հովհաննես…
ՎԱՆԱՀԱՅՐԸ – Արդեն կյանքը տառապանքե զատ ի՞նչ է տվեր ինծի… և քեզմե առաջ, և քեզմե ետքը:
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Ախ, ես զգացեր էի…
ՎԱՆԱՀԱՅՐԸ – Վերջ տանք: Ի՞նչ միտք ունի այդ հին ու մարած մոխիրը խառնելը:
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Մարա՞ծ…մոխի՞ր…
ՎԱՆԱՀԱՅՐԸ – Այո, այդ անողոք հուշերն ալ մյուս բոլոր աշխարհային ցավերուս հետ սրտես դուրս քամեցի այն օրը, երբ վրաս առի այս վերարկուն:
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Սրտեդ դուրս քամեցիր…
ՎԱՆԱՀԱՅՐԸ – Այո, երբ մարեցան բոլոր աշխարհիկ կայծերը:
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Ոչ, չմարեցան այդ կայծերը:
ՎԱՆԱՀԱՅՐԸ – Իշխանուհի:
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Ոչ, կըսեմ քեզի, չմարեցան այդ կայծերը: Աշխատեցար, որ մարես, աշխատեցար, որ խաբես քեզի, օրոր ըսիր հոգիիդ ու համոզեցիր քեզի, թե մարեր ես, բայց չմարեցիր, չէիր կրնար:
ՎԱՆԱՀԱՅՐԸ – (Խիստ) Իշխանուհի:
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – (Ցած ձայնով) Եթե մարեցիր, հապա ի՞նչ է այս եկեղեցին, հապա ի՞նչ է այս մեր եկեղեցին:
ՎԱՆԱՀԱՅՐԸ – (Սարսափած ետ քաշվելով) Լռե, լռե, իշխանուհի:
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Ճշմարտությունը, վարդապետ: Մենք այդ եկեղեցին չենք շինած քու բարձրյալ Աստծուդ համար, ինչպես որ միշտ կրկներ ես, մի խաբեր քեզի, այդ եկեղեցին շիներ ենք մենք մեզի համար, մեր սիրու Աստծուն համար:
ՎԱՆԱՀԱՅՐԸ – (Խորտակված) Մարիամ…
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Այո, այդ քու եկեղեցիդ նվիրված է ոչ թե Մարիամ Աստվածածնին, ան նվիրված է քու Մարիամ իշխանու – հիիդ: Ըսե, ճիշտ չէ՞:
ՎԱՆԱՀԱՅՐԸ – (Կեցած է լուռ գլխահակ):
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Ըսե, ճիշտ չէ՞:
ՎԱՆԱՀԱՅՐԸ – (Լուռ է ու գլխահակ):
Զ
Անկյունը հանկարծ կերևա Ճերմակավորը:
ՃԵՐՄԱԿԱՎՈՐԸ – Ըսե, ճիշտ չէ՞:
ՎԱՆԱՀԱՅՐԸ – (Կցնցվի, կուղղվի ու հայացքը Ճերմակավորին հառած կքարանա):
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Ի՞նչ եղավ քեզի:
ՃԵՐՄԱԿԱՎՈՐԸ –Ըսե, որո՞ւն է նվիրված այն եկեղեցին, այն քու նոր շինած եկեղեցին:
ՎԱՆԱՀԱՅՐԸ – (Լուռ է):
ՃԵՐՄԱԿԱՎՈՐԸ – Ըսե, պետք է որ ըսես, պետք է խոստովանիս:
ՎԱՆԱՀԱՅՐԸ – (Խորտակված): Այո: Ճիշտ է: Այդ…եկեղեցին նվիրված է հին աստվածներուն:
ՃԵՐՄԱԿԱՎՈՐԸ – Իմ աստվածներունս:
ՎԱՆԱՀԱՅՐԸ – Քու աստվածներուդ:
ՃԵՐՄԱԿԱՎՈՐԸ – (Կաներևութանա):
Է
ՎԱՆԱՀԱՅՐԸ – Ճիշտ է: Ես ողորմելի ու մեծամիտ մարդ մըն եմ, գոցեր եմ աչքերս ու կկարծեմ, թե կթռչիմ, պարզեր եմ թևերս գոռոզ վեր ու կարծեր եմ, թե հասա երկնքին:
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Մի խոսիր այդպես: Մեր սրտերուն այդ կապը, մեր այդ ամբողջ սերը եղեր է սուրբ, ջերմ ու ազնիվ, ինչպես ջերմեռանդ աղոթքի մը մրմունջ, ինչպես ընտիր կնդրուկին բույրը, որ դեպի երկինք կմխա:
ՎԱՆԱՀԱՅՐԸ – (Աչքերը միշտ հառած դեպի Ճերմակավորին երևացած կողմը) Ոչ, ոչ: Ճշմարիտ է այս բոլորը, բայց դեռ մի հաղթանակիր, կանուխ է դեռ, դեռ կտեսնվինք… (Ու արագ դուրս առանց իշխանուհիին կողմը նայելու):
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – (Շվար ու վախով) Հովհաննես, Հովհաննես, հայր սուրբ (Թուլացած կիյնա իր աթոռին):
=='''ԵՐՐՈՐԴ ԱՐԱՐ'''==
Առաջին տեսարան
Վանահոր խուցը
Ճակատը քառակուսի ցած լուսամուտ մը` հասարակ տախտակե փեղկով: Լուսամուտին մեկ կողմը քանի մը շարք դարակ` լիքը ամեն մեծության ու ձևի ձեռագիրներով ու մագաղաթներով: Գրադարանին ու լուսամուտին առջևը փայտե սեղան մը` վրան նորեն գրքեր ու այլ մանր իրեր: Դուռը կողմնակի, գրասեղանին դեմը:
Ա
Բաց լուսամուտեն արևի առատ պայծառ ոսկի շերտ մը ինկած է սենյակի հատակին ու սեղանին: Սեղանին առջևը լույսի այդ ողողումին տակ նստած է Վանահայրը` երկու արմունկը սեղանին ու գլուխը թաղած ափերուն մեջ:
Քիչ մը ատեն լուռ է: Կամաց կբացվի դուռը ու կմտնե Վարպետը` աշխատավորի փոշոտ ու աղտոտ հագուստներով: Քայլ մը կընե դեպի սեղանը ու կկենա:
ՎԱՐՊԵՏԸ – Ինծի կանչեր էիր, վանահայր:
ՎԱՆԱՀԱՅՐԸ - (Անշարժ է):
ՎԱՐՊԵՏԸ - Հայր սուրբ, կանչեր էիր ինծի:
ՎԱՆԱՀԱՅՐԸ - (Ծանր կբարձրացնե գլուխը ու կնայի դիմացինին) Հա: (Քիչ մը լուռ): Դե, ըսե նայիմ, հիմա ի՞նչ պիտի ընենք:
ՎԱՐՊԵՏԸ – Ի՞նչը, հայր սուրբ:
ՎԱՆԱՀԱՅՐԸ – Մենք հիմա ի՞նչ պիտի ընենք այդ շենքը:
ՎԱՐՊԵՏԸ - Եկեղեցի՞ն:
ՎԱՆԱՀԱՅՐԸ - (Գլուխը կշարժե դրական):
ՎԱՐՊԵՏԸ - Այսինքն ինչպե՞ս: Արդեն գիտես, հայր սուրբ, որ մինչև Աստվածածնի տոնը ավարտված կըլլա գմբեթը, մնացածը երկրորդական բաներ են:
ՎԱՆԱՀԱՅՐԸ - (Մտածկոտ) Մինչև… Աստվածածին:
ՎԱՐՊԵՏԸ – Ի՞նչն է, որ քեզ հոգ կպատճառե, վանահայր:
ՎԱՆԱՀԱՅՐԸ – Ուրեմն… մինև Աստվածածին կըլլա ավարտած: Հըմ, այդպես հաստատ գիտե՞ս:
ՎԱՐՊԵՏԸ - Ես իմ խոսքիս տերն եմ հայր սուրբ;
ՎԱՆԱՀԱՅՐԸ - (Տաք ու կտրուկ) Ես ալ, ես ալ իմ խոսքիս տերն եմ վարպետ
ՎԱՐՊԵՏԸ – Ուրեմն…
ՎԱՆԱՀԱՅՐԸ – Քանի՞տարի է, որ դուն վարպետ ես:
ՎԱՐՊԵՏԸ – Ե՞ս, ինչ գիտնամ, քսան մը կըլլա:
ՎԱՆԱՀԱՅՐԸ – Ուրեմն քսան տարի է, որ կշինես ու կշինես, իսկ երբեք պատահե՞ր է, որ շինելեդ ետքը քանդես:
ՎԱՐՊԵՏԸ – Քանդե՞մ, իմ շինա՞ծս, ինչո՞ւ:
ՎԱՆԱՀԱՅՐԸ – Ինչո՞ւ այդպես զարմացար: Չէ՞ որ շինելն է դժվարը, քանդելը դյուրին է միշտ:
ՎԱՐՊԵՏԸ - Այո, ուրիշի շինածը: Իր շինածը քանդելը շատ դժվար է, հայրս սուրբ:
ՎԱՆԱՀԱՅՐԸ - (Հայացքը լուսամուտեն դուրս նետած ու երազկոտ) Դժվար է, դժվար, իհարկե, երբ մանավանդ կապված է անցյալիդ, երիտասարդ օրերուդ, չէ՞, վարպետ: Դժվար է, իհարկե, (Լուռ ու ակնապիշ կմնա քիչ մը` աչքերը լուսամուտեն դուրս, և հանկարծ գլուխը շրջելով`
խիստ ու կտրուկ) Փակե սա փեղկը:
ՎԱՐՊԵՏԸ – Փակե՞մ, լուսամո՞ւտը:
ՎԱՆԱՀԱՅՐԸ - Այո, այո լուսամուտը:
ՎԱՐՊԵՏԸ - Բայց ինչ ախորժելի արև է, ինչպես ուրախ ու տաք:
ՎԱՆԱՀԱՅՐԸ – Ու փակես պիտի ճիշտ ատոր համար:
ՎԱՐՊԵՏԸ - Բայց…
ՎԱՆԱՀԱՅՐԸ - Արևը… Մեզի անպատճառ պետք է արև, ուրախ ու տաք արև: Մենք դեռ արևապաշտներ ենք, արև… Չենք կրնար ապրիլ առանց ախորժելի արևի, առանց ուրախ ու տաք արևի: Գոնե լուսամուտ մը, գոնե ճեղք մը, գոնե գողունի ներս սպրդած ճառագայթ
մը…(Հանկարծ բռունցքը զարնելով սեղանին) Ոչ: Գոցե, կըսեմ քեզի, ի՞նչ ես քարացեր:
ՎԱՐՊԵՏԸ – (Վարանքով կերթա կգոցե փեղկը):
Սենյակը գրեթե մութ է:
ՎԱՆԱՀԱՅՐԸ – Այդպես: Պետք է խցվի այդ անցքը, ուրկե արևը կնայի ներս, ուրկե ցամաքը կնայի ներս, ուրկե աշխարհքը կնայի ներս:
ՎԱՐՊԵՏԸ - Բայց բնակարանդ դարձավ խավար ու մռայլ, ինչպես դամբարան:
ՎԱՆԱՀԱՅՐԸ – Ըսե` ինչպես եկեղեցի:
ՎԱՐՊԵՏԸ - (Ուսերը կցնցե):
ՎԱՆԱՀԱՅՐԸ – Ինչո՞ւ կվախնաս խավարեն: Խավարը խավար է կարճատես աչքերուն:
Բոլոր մեծ հղացումները խավարի ծոցեն են գոյացել, բոլոր մեծ խորությունները միայն խավարի մեջ կարելի է տեսնել: Եվ այդ ձեր պաշտած լույսը միթե ծնունդը չէ՞ խավարի, ծնունդ մը ու մահկանացու մը; Խավարն է միայն, որ կա ու կմնա անմահ ու հավիտյան: (Ելած է ոտքի,
կխոսի մտածելով):
Բ
Վանահայրը լռած է ու մտասույզ, լուռ է նաև Վարպետը, կմտնե Աբեղան ու կկենա դռան քովը լուռ ու խոնարհ:
ՎԱՐՊԵՏԸ – Վանահայրը նոր հրաման ունի՞ ինծի տալու:
ՎԱՆԱՀԱՅՐԸ – Այո, միայն ոչ այս վայրկյանիս, նախ ուրիշ հաշիվ ունիմ մաքրելու: Գնա այժմ: Շնորհակալ եմ քեզմե, Տերը քեզի հետ: (Դառնալով Աբեղային): Դո/ւն ինչու ես եկեր, Աբեղա:
Գ
ԱԲԵՂԱՆ – (Նախ կսպասե մինչև Վարպետի հեռանալը, վերջը գլուխը ավելի խոնարհելով) Քեզի խոսելիք ունիմ:
ՎԱՆԱՀԱՅՐԸ – Ամեն մարդ ինքը պիտի բանա իր ճամփեն, Աբեղա:
ԱԲԵՂԱՆ – Գիտեմ, գիտեմ, որ ալ փակ է ինծի համար քու հոգիիդ ճամփան: Կհասկնամ, որ ասկե ետքը ես քեզի համար անարգ ու անարժան արարած մըն եմ, իսկ դուն ալ ինծի համար… (Կլռե):
ՎԱՆԱՀԱՅՐԸ – Ըսե, մի քաշվիր:
ԱԲԵՂԱՆ – Կըսեի, եթե գիտնայի: Ինքս ալ չգիտեմ, կզգամ միայն, որ մենք իրարու անհաշտ թշնամի ենք:
ՎԱՆԱՀԱՅՐԸ – Թշնամի՞… Եվ հիմա ատիկա ըսելու համար է, որ եկել ես ինծի:
ԱԲԵՂԱՆ – Ոչ: Ես եկել եմ ուրիշ բան մը հայտնելու:
ՎԱՆԱՀԱՅՐԸ – Խոսե:
ԱԲԵՂԱՆ – Դուն ըսեր ես, որ հոս, այս կղզին երբեմն ուրիշ աստվածներ են ապրեր:
ՎԱՆԱՀԱՅՐԸ – (Իր ցնցումը զսպելով) Ե՞տքը:
ԱԲԵՂԱՆ – Ըսեր ես` շատ-շատ տարիներ մեզմե առաջ:
ՎԱՆԱՀԱՅՐԸ – Ե՞տքը:
ԱԲԵՂԱՆ – Ըսեր ես` հիմա մեռած են բոլորը:
ՎԱՆԱՀԱՅՐԸ – (Լուռ է):
ԱԲԵՂԱՆ – Մեռած, վաղուց մեռած:
ՎԱՆԱՀԱՅՐԸ – (Լուռ է):
ԱԲԵՂԱՆ – Ահա եկեր եմ քեզի ըսելու, որ սխալ ես, այդ աստվածները մեռած չեն:
ՎԱՆԱՀԱՅՐԸ – (Ահաբեկ ու ապշած): Իսկ դո՞ւն… իսկ դո՞ւն ատիկա ուրկե գիտես:
ԱԲԵՂԱՆ – (Ցածր ու խորհրդավոր) Ես… ես տեսա:
ՎԱՆԱՀԱՅՐԸ – Տեսա՞ր, դո՞ւն, իմ մե՞ջս, ինչպե՞ս տեսար:
ԱԲԵՂԱՆ – Քու մե՞ջդ, ինչպես թե` քու մեջդ; Ոչ, ես տեսա հոն… դուրսը:
ՎԱՆԱՀԱՅՐԸ – Ո՞ւր:
ԱԲԵՂԱՆ – Հոն, հին ճգնարաններուն շուրջը:
ՎԱՆԱՀԱՅՐԸ – Ի՞նչ տեսար հոն, ճգնարաններուն շուրջը:
ԱԲԵՂԱՆ – Տեսա այն մյուս… հին աստվածներուն արարածները:
ՎԱՆԱՀԱՅՐԸ – Արարա՞ծ…
ԱԲԵՂԱՆ – Կսխալիս, վանահայր: Քեզի կըսեմ` հին աստվածները կապրին, ու հին աստվածներուն հետն ալ իրենց հին կյանքը: Երբ մենք հոս, մեր մութ ու նեղ եկեղեցիներուն մեջ գետնատարած կապաշխարհենք, անոնք հոն կապրին ազատ, կապրին տաք ու պայծառ արևին տակ,
կապույտ ծովուն վրա, ծփուն օդերուն մեջ, ավազուտ ափին, կապրին իրենց զվարթ ու եռուն կյանքը, լի շարժուն ու հարափոփոխ: Մենք կաղոթենք, անոնք կապրին: Այս ծովը, այս սարերը, այս կղզին, անոնցն է այս բոլորը, մերն է միայն այս խուցերն ու եկեղեցին:
ՎԱՆԱՀԱՅՐԸ – Ոչ: Մերը չէ նաև ոչ այս խուցերը իրենց կեղծավոր լուսամուտներով, ոչ ալ եկեղեցին: Անոնցն է, բոլորն ալ անոնցն է:
ԱԲԵՂԱՆ – (Նախ ապշած, ետքը վախով) Հայր, ասիկա ըսողը դո՞ւն ես:
ՎԱՆԱՀԱՅՐԸ – Մեր Աստվածը հոս ոչինչ չունի, ոչինչ:
ԱԲԵՂԱՆ – Հայր…
ՎԱՆԱՀԱՅՐԸ – Անոնցն է այս բոլորը: (Մոտենալով Աբեղային ու ցած): Ու քանդվի պիտի այս բոլորը, Աբեղա: Մինչև Աստվածածին հոս քար մը քարի վրա չի պիտի մնա ոչ այս խուցերեն, ոչ եկեղեցիեն:
ԱԲԵՂԱՆ – Հայր, կծաղրե՞ս ինծի: Գեշ կատակ է ըրածդ:
ՎԱՆԱՀԱՅՐԸ – Ծաղր մըն է եղեր իմ ըսածներս մինչև այսօր ու գեշ կատակ մըն է եղեր ըսածներս մինչև հիմա: Բայց ասիքե ետքը ալ լուրջ է: Փոխվի պիտի այս կղզիին վրա ամեն բան: Ոչինչ, ոչինչ չի պիտի մնա հոս, ոչ արդի շենքերեն, ոչ արդի ոգիներեն:
ԱԲԵՂԱՆ – Իսկ հին աստվածնե՞րը, հայր:
ՎԱՆԱՀԱՅՐԸ – Պնդե գոտիդ, որդիս, կանչե կամքդ ու դուրս վանե մեջեդ բոլոր այդ հին աստվածները: Քանդե, քանդե, եթե պետք ըլլա, քանդե ամբողջ հոգիդ; Քու հոգիդ ազնիվ է, արժե այդ աշխատանքը: (Դուրս):
ԵՐԿՐՈՐԴ ՏԵՍԱՐԱՆ
Մեհյանի մը գավիթը
Երկու կողմը երկու շարք բարձր ու հաղթ սյուներ: Ճակատը մեջտեղը լայն ու մեծ կամար մը, որ ծածկված է վարագույրով: Կամարին երկու կողմերը նույնպես սյուներ են, որոնց ետևը քիչ մը տարածություն ու քարե պատ: Կամարի մութ վարդագույն վարագույրին վրա ոսկենկար
ճաճանչավոր արև մը:
Վարագույրին առջևը տեսարանին խորքը դրված է քարե փոքրիկ բագին մը, որ կմխա: Բագնի աջ ու ձախ կողմեն երկար քարե սեղաններ քիչ մը ծուռ դիրքով ու քարե նստարաններ, սեղանները մեջտեղի բագնին հետ միասին պայտի ձևը կկազմեն:
Սյուներուն առջևը բարձր աշտարակներ ու առկախ ջահեր: Բագինը, սյուները և աշտարակներուն մեջքը բոլորն ալ գալարված է ծաղիկներու ու կանաչի շղթայով:
Ա
Վառ է միայն երկու ջահ բագնին երկու կողմեն, խորքը, այնպես որ ահագին բարձր շենքը դողդոջուն կես-մութի մը մեջ է:
ՍԵԴԱ – (Ձախ կողմի առջևի սյուներուն ետևեն ետ-ետ ներս կմտնե, միշտ նույն հագուստով, թեքված քիչ մը դեպի առաջ ու երկու ձեռքովը սրտանց կանչելով) Եկուր, եկուր…
ԱԲԵՂԱՆ – (Երևնալով) Սեդա, Սեդա…
ՍԵԴԱ – Եկուր:
ԱԲԵՂԱՆ – Տուր ինծի իմ հանգիստս, տուր ինծի իմ աղոթքներս, տուր իմ վստահությունս ըրածիս, կյանքիս, ուժիս: Ամեն, ամեն ինչ կփլի շուրջս:
ՍԵԴԱ – (Միշտ ետ-ետ դեպի աջ երթալով) Եկուր, եկուր…
ԱԲԵՂԱՆ – Ալ չկա ինծի հանգիստ ոչ խուցիս մենության մեջ, ոչ դուրսը, ոչ ալ եկեղեցիին կամարներուն տակը: Սաղմոսներուն մեջեն քու ձայնդ կլսեմ, մութ կամարներուն տակեն քու աչքերդ ինծի կժպտին, խունկի հոտին մեջեն քու թաց մազերուդ բույրը կզգամ… Ինչո՞ւ, ինչո՞ւ
կտանջես ինծի:
ՍԵԴԱ – Եկուր, եկուր…
ԱԲԵՂԱՆ – Ետ տուր ինծի իմ հպարտությունս, իմ մեծամիտ խորհրդածություններս, ետ տուր ինծի իմ հավատքս, իմ Աստվածս, տուր, ետ տուր ինծի իմ Աստվածս…
ՍԵԴԱ – Եկուր, եկուր… (Ու կքաշվի, կաներևույթանա աջ կողմի սյուներուն ետին):
Բ
ԱԲԵՂԱՆ – Գնաց նորեն: Նորեն մենակ…(Շենքի մեջտեղն է, կկենա, գլուխը կբարձրացնե, կնայի չորս դին ու զարմանքով) Աս ուր եմ ես: Աս ո՞ւր բերավ ինծի: Դուրսեն կլսվի հեռավոր աղմուկ ու ձայներ: Շտապ ներս կմտնե ծերունի պաշտոնյա մը` ձեռքին լույս ու արագ կվառե
ջահերն ու մոմերը:
ԱԲԵՂԱՆ – (Հանկարծ մոտենալով) Ծերունի, ի՞նչ շենք է աս, ո՞ւր եմ ես:
ԾԵՐՈՒՆԻՆ – Վայ, վախցա, արևը վկա: Ո՞վ ես դուն:
ԱԲԵՂԱՆ – Եկեղեցի՞ է, ի՞նչ բան է սա:
ԾԵՐՈՒՆԻՆ – Եկեղեցի՞, ինչ հիմար լեզու կխոսիս: Ջարդվածներու ու խաչվածներու տեղ չէ հոս, հանգիստ եղիր:
Դուրսի աղմուկը հետզհետե կմոտենա:
ԱԲԵՂԱՆ – Ինչ ուրախ է հոս, ինչ տոնական:
ԾԵՐՈՒՆԻՆ – Անշուշտ, կյանքը ուրախության համար է տված մեզի:
ԱԲԵՂԱՆ – Եվ ատիկա ըսողը ալևոր ծերունի մըն է:
ԾԵՐՈՒՆԻՆ – Այո ծերանալը ծանր բան է, բայց հոգիս առույգ է դեռ ու սիրտս երիտասարդ, դեռ կրնամ վայելել կյանքը և վայելեմ պիտի, արևս վկա, քանի շունչ կա շրթունքիս: Իհարկե, ըլլալ քեզի նման երիտասարդ, ա, մեծ բախտ է: Ափսոս որ ետ չեն դառնար այդ խենթ ու
անզուսպ օրերը: Ըհը, եկան (Կերթա դեպի աղմուկը):
ԱԲԵՂԱՆ – (Կքաշվի ետ-ետ ու կծածկվի սյուներու ստվերին ետևը):
Գ
Ձախ կողմի խորքի սյուներուն մեջեն ներս կմտնեն Իշխանը իր զենընկերներուն հետ` երեսուն հոգիի չափ, այդչափ մըն ալ մեհենական աղջիկներ, այլև խումբ մը զինակիր պատանիներ` ջահեր բռնած: Շենքը կողողվի լույսով: Այրերը սաղավարտ ունին, վահան, մեջքներուն սուր:
Կանայք հագված են թեթև ու սպիտակ, մազերուն մեջ իբրև զարդ խրած ունին աստղ մը:
Ամենեն առաջ ներս կմտնեն քանի մը ջահակիր ու խումբ մը աղջիկներ, ուրախ ու ոգևորված: Ետքը Իշխանը` շրջապատված իր մեծերեն: Անոնց ետևեն ալ` զինվորականներն ու աղջիկները խառն, ուրախության բացականչություններով, ջահակիրներ քովերեն ու ետևեն:
ԱՂՋԻԿՆԵՐՈՒ ԱՌԱՋԻՆ ԽՈՒՄԲԸ – (Սյուներեն ներս ոտք դնելուն պես) Կեցցեն հաղթողները… Կեցցեն քաջերը…
ԲՈԼՈՐԸ - Կեցցեն, կեցցեն հաղթողները: Իշխանը կերթա կանգ կառնե բագնին առջևը, բոլորը կխռնին անոր ետևը: Աջ կողմի խորքի սյուներուն մեջեն դուրս կուգա քուրմ մը` ճերմակներ հագած, ուրիշ երկու քուրմ աջեն ու ձախեն:
ՔՈՒՐՄԸ – (Գալով իշխանին ընդառաջ) Բարի գալուստ իշխանին: Բարի գալուստ մարտնչողներու:
ԻՇԽԱՆԸ – Եկեր ենք մեր զենքերը դնելու Քաջն Վահագնի բագնին ոտքը ու իր սուրբ ծագումը երկրպագելու:
ՔՈՒՐՄԸ - Իր սուրբ ծագումը ձեզի զորավիգ, ձեր թևերը միշտ ամուր, ձեր սուրերը միշտ հատու, ձեր վահանը անխորտակ: Լույս ու արև Վահագնի օրհնությունը ձեզ հետ, դուք, որ հաղթողներն եք կյանքի կռվին մեջ, ձերն ըլլա միշտ հաջողությունն ու հաղթանակը:
ԶՈՐԱԿԱՆՆԵՐԸ – Հաջողությունը մեզի հետ, հաջողությունն ու հաղթանակը:
ՔՈՒՐՄԸ - Դեռ բավական ժամանակ կա մինչև մեր լույս Տիրոջ ծնունդը, իշխան: Նստեցեք ու հանգստացեք: Նստեցեք Մեծն Վահագնի ու մեծն Աստղկան սեղանը: Նստեցեք ու վայելեցեք, դուք, որ կռվողներն եք կյանքի մեծ կռվին մեջ, կռվողներն ու հաղթողները, ձերն է
հաղթությունը, ձերն է վայելքը:
ԶՈՐԱԿԱՆՆԵՐԸ – Մերն է հաղթությունը, մերն է վայելքը:
ՔՈՒՐՄԸ - Բացեք, աղջիկներ, Տիրոջ սեղանը, բացեք Վահագնի ու Աստղկան սեղանը: Բերեք գինի անապական և ուրախություն, բերեք ձեր գեղեցկությունն ու ձեր նազանքը, բերեք, մինչև արժանանաք երկրպագելու լուսածին Վահագնի ու մեծն Աստղկան սեղանը: Վահագնին ու
փրփրածին Աստղկան բացեք, աղջիկներ վայելքի սեղանը: (Իր երկու ընկերներուն հետ կելլե դուրս):
Դ
Իշխանն ու իր զենընկերները կհանին սաղավարտնին ու վահանները, կուտան զենընկերներուն, որոնք կառնեն ու սյուներուն մեջեն կտանին դուրս:
Աղջիկներուն մեկ մյուսը կվազե ձախ սյուներեն դուրս, կբերեն ծաղիկներ, արագ շաղ կուտան քարե սեղանին, կբերեն սեղանի բազմաճյուղ աշտանակներ և գինով լեցուն արծաթե ավազաններ, կբերեն ոսկի ու արծաթ թասեր, բաժակներ և եղջյուրե գալարուն ըմպանակներ:
Այդ պատրաստության միջոցին է, որ կխոսվի.
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԶՈՐԱԿԱՆ ՄԸ – (Առաջ գալով) Բայց կռիվ էր, տաք կռիվ:
ՀԱՍԱԿԱՎՈՐ ՄԸ – Թող անպակաս ըլլա կյանքեն սուրբ կռիվը:
ԵՐԻՏԱՍԱՐԴԸ – Սարսափելի ջարդ կերան:
ՈՒՐԻՇ ՄԸ - (Կատակով) Կմեղքնա՞ս, թող խնայեիր:
ԻՇԽԱՆԸ – Ատ ո՞վ է, որ խնայելու մասին կխոսի: Երբեք, որդիներս, կյանքի կռվին մեջ չխնայեք երբեք և ոչ ոքի: Խնայելը թուլություն է, մեղքնալը պարտություն: Զարկեք, ով ձեր դեմն է, ով ձեր ճամփան կգոցե: Ով որ քեզի կարգելե` քու թշնամիդ է:
ԵՐԻՏԱՍԱՐԴԸ – Զարկեք, հաղթողը մենք ենք:
ՈՒՐԻՇ ՄԸ – Ինչ լավ է հաղթող ըլլալը:
ԵՐԻՏԱՍԱՐԴԸ – Հաղթող ըլլալ ու կռվեն դառնալ:
ԻՇԽԱՆԸ – (Երթալով սեղանին գլուխը) Դե, հիմա եկեք նստինք, Տիրոջ սեղանը, արդար հատուցում մեր դաժան կռվին:
Աղջիկ ու զորական խառն կնստին: Աղջիկներեն շատերը կմնան ոտքի, կմոտենան ու կծառայեն մեկուն-մյուսին, մեկ-երկուքը կերթան կուգան: Զինակիրները կշարժվին իրենց տերերուն ետևը ու կարձանանան:
Բազմության կեսը նստած է արդեն, կեսը դեռ ոտքի, որ կխոսվի:
ԶՈՐԱԿԱՆ ՄԸ - (Բաժակը վերցնելով) Կեցցե կռիվը:
ԿՈՂՔԻ ԱՂՋԻԿԸ - Կեցցե կռվողը:
ԴԵՄԻ ԶՈՐԱԿԱՆԸ - Կեցցե գեղեցկությունը:
ՈՒՐԻՇ ՄԸ - Կեցցե սերը:
ԱՂՋԻԿՆԵՐԸ – Կռիվը կյանքն է աշխարհի:
ԶՈՐԱԿԱՆՆԵՐԸ – Սերը վայելքն է աշխարհի:
ԻՇԽԱՆԸ - (Ծիծաղելով) Կեցեք, կեցեք, մի շտապեք, էյ, դուք, կռիվ, էյ, դուք, սեր: Մի բռնկիք այդպես շուտ: Նստեցեք հանգիստ հպատակվինք հին կարգին: Թասերը պատրաստ, մեր մեծ Աստծուն ձոն եմ ձոնելու: Աղջիկները գինի կլցնեն թասերը մեջտեղի գինիի ավազաններեն:
Խոր լռություն:
ԻՇԽԱՆԸ - (Վերցնելով գինիի մեծ եղջյուր մը` կերթա կկենա բագինին առջևը, դեմքը դեպի վարագույրը դարձուցած ու գինին բարձր պահած) Քեզի, ով մեծդ Աստված, Վահագն արի, դուն արևը աշխարհի, դուն կյանքն ու աշխույժ, դուն կռիվ և ուժ, դուն լույս ու զտող, ազնիվը
զատող, փառքը ազատող, դուն, որ հաղթեր ես վատի, խավարի, ամեն մռայլի, այլև երկնքին, սև ամպ ու թուխպին, դևին, վիշապին, աշխարհի ափին, քեզի, այգածին, ճառագայթածին, քեզի կձոնեմ այս վայելքի եղջյուրը` լիքը ազնիվ արբեցնող գինով, դուն, որ ապրելու ու կռվելու
արբեցումը կուտաս մեզի: Տեր, ընդունե մեր ձոնը: (Մեկ-երկու կաթիլ կթափե կրակին, ուժեղ ու պայծառ բոց):
ՁԱՅՆԵՐ ԱՄԵՆ ԿՈՂՄԵՆ – Ընդունված է… ընդունված է… ընդունված է…
ԻՇԽԱՆԸ - (Դառնալով իր տեղը) Հաղթողի ձոնը հաղթողի բագնին վրա միշտ է ընդունված: Խմենք: Կեցցե կյանքն ու իր կռիվը:
ԲՈԼՈՐԸ - (Աղմուկով ու իրարանցումով, նստած, կեցած, թասերը իրարու բախելով) Կեցցե կյանքն ու իր կռիվը:
Կխմեն ու կնստին, լռություն:
Ե
ԱԲԵՂԱՆ - (Դողդոջուն քայլերով առաջ կուգա, ամչկոտ վարանքով հայացքը գետին, ձեռքը առաջ մեկնած) Տվեք թաս մըն ալ ինծի: Ես ալ կուզեմ:
Ընդհանուր զարմանք ու խոր լռություն:
ԻՇԽԱՆԸ - Դո՞ւն հոս ինչ գործ ունիս, սևազգեստ:
ԱԲԵՂԱՆ - Տուր թաս մըն ալ ինծի, ես ալ կուզեմ:
ԻՇԽԱՆԸ - Այս եղջյուրեն խմել ուզողը կռվեն պետք է, որ գա:
ԱԲԵՂԱՆ - (Աղաչավոր) Մեկ թաս մը միայն, իշխան, ի՞նչ մեծ բան է որ: Անգամ մը միայն, մեկ ումպ մը միայն քու այդ կռվի ու վայելքի եղջյուրեդ:
ԻՇԽԱՆԸ - (Արհամարհոտ) Տիրոջ սեղանին վրա, այ թշվառ, ոչինչ չի ստացվիր աղաչանքով, գնա մուրացկաններուն սեղանը:
ԶՈՐԱԿԱՆ ՄԸ – (Ծաղրով) Էյ, բարեկամ, ո՞ր հովերն են քեզի այս կողմը նետեր:
ԵՐԻՏԱՍԱՐԴ ՄԸ – Գինիի հոտ է ինկեր ծոմ պահողին քիթը:
ԻՇԽԱՆԸ – Տարին տասը չափ ցորեն նվիրեր եմ ես իմ կալերես ձեր անապատին, գնա նստե ու կեր:
ՀԱՍԱԿԱՎՈՐ ՄԸ – (Ծաղրով) Ու աղոթե քու աստվածներուդ մեր մեղքերուն համար:
ՀԱՍՏ ԶՈՐԱԿԱՆ ՄԸ – Մե՞ղք…(Փորը բռնած սաստիկ կխնդա) Աղոթե, աղոթե մեր մեղքերուն համար… անթիվ մեղքերուն…
Ընդհանուր հռհռոց:
ԱԲԵՂԱՆ – Իշխան, դուն ինծի չե՞ս ճանչնար:
ԻՇԽԱՆԸ - Այսպես ալ աներես մարդ (Բարկացած) Պիտի հեռանա՞ս, թե չէ:
ՀԱՍԱԿԱՎՈՐԸ – Ես կճանչնամ քեզի, ես: Դուն այն ցած վախկոտը չե՞ս, որ սուրդ նետեր ես գետին ու փախեր ես կյանքի կռվեն:
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԶՈՐԱԿԱՆ ՄԸ – Դուրս, հայդե, ցած արարած:
ՈՒՐԻՇ ՄԸ - Դուրս, վախկոտ:
ՀԱՍԱԿԱՎՈՐԸ – Դուն այն մեծամիտ տխմարը չե՞ս, որ կարհամարհես մեր վեհն Վահագնի նվիրած ամենեն վեհ նվերը` կյանքը. և քու թշվառ գլուխդ չես ուզեր խոնարհել անոր լույս պատկերին առջևը:
ԲՈԼՈՐԸ – Կորսվե, կորսվե դուրս:
ՄԵԿԸ - Կորսվե դուրս այս սուրբ վայրեն:
ԵՐԻՏԱՍԱՐԴ ՄԸ – Աստվածուրաց:
ՀԱՍԱԿԱՎՈՐԸ – Դուն այն ամբարտավանը չե՞ս, որ երկրպագել չես ուզեր մեր փրփրածին Աստվածուհիին, ոչ անոր նվերը եղող սիրուն, ոչ ալ կնոջ գեղեցկությանն ու հմայքին:
ԱՂՋԻԿՆԵՐԸ - Դուրս այդ ամբարտավանը:
ԱՂՋԻԿ ՄԸ - Ապուշ…
ՀԱՍԱԿԱՎՈՐԸ – Դուն այն սրբապիղծը չե՞ս, որ կարհամարհես մարմինը, Վահագնի ու Աստղկան այդ հրաշալի կերտվածքը:
ԱՂՋԻԿ ՄԸ - (Քովի տղան մատնանիշ) Արհամարհել այս մարմինը, այս առողջ, այս ճկուն, այս ուժեղ մարմինը:
ԱՂՋԻԿՆԵՐԸ - Սրբապիղծ…
ԵՐԻՏԱՍԱՐԴ ՄԸ – (Քովի աղջիկը մատնանիշ) Այս քնքուշ, այս գեղեցիկ, այս հոյակապ մարմինը:
ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ - Սրբապիղծ…
ԱԲԵՂԱՆ - (Ամեն հարձակման ավելի ու ավելի խորտակված, ավելի ու ավելի գլուխը վար կկախե ու քայլ-քայլ կքաշվի ետ: Վերջին խոսքերուն մտած է արդեն իր նախորդ տեղը` սյուներուն ետևը ու ալ չերևար):
Զ
ԻՇԽԱՆԸ – Թողեք, թողեք կորչի: Ես ձոն ունեմ ձոնելու: Առեք թասերը:
Բոլորը կլեցնեն:
ԻՇԽԱՆԸ - (Եղջյուրը առած կերթա նորեն բագնին առջևը ու գինին վեր բարձրացնելով):
Քեզի, ով, վեհդ դիցուհի, ով փրփրածինդ Աստղիկ, որ անարատ ես ու սքանչելի, քու ելած փրփուրիդ նման, դու վերին գեղեցկություն, դուն գերագույն հմայք ու քնքշություն, քու տված լույսիդ նման: Դուն, որ աղբյուրն ես սիրու, հույսերու և հուզումներու, քեզի օրորող ալիքներուն
նման, քեզի, ծովածին, քեզի կնվիրեմ այս վայելքի եղջյուրը` լիքը ազնիվ ու արբեցնող գինով, դուն, որ գեղեցկության ու սիրու վայելքը, հեշտանքն ու արբեցումը կուտաս մեզի: Ընդունե, դիցուհի, իմ ձոնս: (Մեկ-երկու կաթիլ կթափե կրակին, ուժեղ ու պայծառ բոց):
ՁԱՅՆԵՐ ԱՄԵՆ ԿՈՂՄԵՆ - Ընդունված է… ընդունված է… ընդունված է…
ԻՇԽԱՆԸ - (Դառնալով իր տեղը) Հաղթողի ձոնը միշտ է ընդունված գեղեցկության բագնին վրա: Խմենք: Կեցցե գեղեցկությունն ու սերը:
ԲՈԼՈՐԸ - (Աղմուկով ու ծիծաղով, կատակներով, ըմպանակները իրարու բախելով) Կեցցե գեղեցկությունն ու սերը: Կխմեն ու կնստին, լռություն:
Է
ԱԲԵՂԱՆ - (Դուրս կելլե իր անկյունեն և վճռական կմոտենա Հաստ զինվորականին, ձեռքը կդնե անոր ուսին ու կտրուկ) Տեղ տուր ինծի:
Ընդհանուր զարմանք
ՀԱՍՏ ԶՈՐԱԿԱՆԸ – Քեզի տեղ չկա այս սեղանին:
ԱԲԵՂԱՆ - (Գրգռված ու դողալով) Ես պետք է նստիմ այս սեղանին:
ՀԱՍՏ ԶՈՐԱԿԱՆԸ – Տեղ չկա` ըսինք քեզի. սուր չունեցողին հոս տեղ չկա. ի՞նչ ես կպեր, ձիու ճանճ:
ԱԲԵՂԱՆ -(Հանկարծ կփաթթվի Հաստ զորականի մարմնին, կվերցնե նստարանեն, կգլտորե գետին):
Նախ ընդհանուր անբարեհաճ հուզում ու իրարանցում, որը սակայն հանկարծ տեղի կուտա բուռն ու միահամուռ ծիծաղի մը:
ԱԲԵՂԱՆ - (Ծունկը կդնե նստարանին ու բռունցքը սեղանին զարնելով) Ես պետք է նստեմ այս սեղանին:
ՀԱՍՏ ԶՈՐԱԿԱՆԸ - (Վեր կթռչի կատղած, կքաշե սուրը ու կվազե Աբեղային վրա) Անդին, անզգամ, չեմ ուզեր պղծել այս սուրբ մեհյանին գավիթը քու պիղծ արյունովդ:
ԱԲԵՂԱՆ - (Հաստատ ու ծանր քայլերով կմոտենա անոր: Վայրկյան մը շեշտ կդիտեն իրար մոլեգին: Հանկարծ Աբեղան բոլոր ուժովը կզարնե դիմացինի թևին, որուն սուրը կիյնա վար: Աբեղան իսկույն կխլե ու նորեն ծունկը դնելով նստարանին) Ահա, իշխան և իմ սուրս: Ընդհանուր
ոգևորություն, աղմուկ, հիացում:
ԱՂՋԻԿՆԵՐԸ - (Իրարու) Ինչ ուժ, ինչ ուժ…
ԱՂՋԻԿ ՄԸ – Ինչ երկաթի ձեռք:
ՀԱՍՏ ԶՈՐՈԿԱՆԸ – Ոչ, իշխան, դուն տեսար բռնությունը, դուն բոլորը տեսար, իմինս է այդ սուրը:
ՁԱՅՆԵՐ – Ոչ, ոչ ալ ոչ:
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԶՈՐԱԿԱՆ ՄԸ – Քու մեջքդ դպավ գետին:
ԻՇԽԱՆԸ – Սուրը անորն է, որուն ձեռքը որ է:
ԲՈԼՈՐԸ - Ապրի մեր արդար իշխանը:
ՁԱՅՆԵՐ - Ապրի մեր նոր ընկերը:
ՄԵԿԸ - (Մոտենալով պարտվածին) Կներես, բարեկամ, բայց կտեսնես, որ քեզի այլևս տեղ չկա հոս:
ՀԱՍՏ ԶՈՐՈԿԱՆԸ - Աղեկ, ես կերթամ, բայց մենք դեռ կպատահինք, սևազգեստ. կամ սուրս կուտաս ինծի, կամ կյանքդ:
ԱԲԵՂԱՆ – Կյանքս` գուցե:
Ը
ՁԱՅՆԵՐ - Գինի տվեք հաղթողին:
ԵՐԻՏԱՍԱՐԴ ՄԸ – Վերցրու անոր թասը: Հիմա ան ալ քուկդ է:
ԱԲԵՂԱՆ - (Կառնե Հաստ զորականի ըմպանակը և կնետե անոր ետևեն) Ես չեմ ուզեր ուրիշին խմուկը:
ԱՂՋԻԿ ՄԸ - (Թևը երկարելով) Առ, քաջ իմ թասս:
ԱԶՋԻԿՆԵՐԸ - (Երկարացնելով իրենց թասերը) Առ իմ թասս… առ իմ թասս… առ իմինս…
ԱԲԵՂԱՆ – Իշխան քիչ մը առաջ ես քու եղջյուրդ խնդրեցի, այն եղջյուրը, որով ձոնդ ձոնեցիր:
ԻՇԽԱՆԸ - (Եղջյուրի միջինը կթափե ու կուտա մոտի աղջկանը լուրջ ու հանգիստ) Լեցուր ու տուր իրեն:
ԱՂՋԻԿԸ - (Կկատարե ու կուտա քնքշանքով, խորապես սրտանց) Առ:
ԻՇԽԱՆԸ - Առաջին թասը, նորեկ, գիտցիր, միշտ Վահագնինն է. այդպես է աշխարհի հին օրենքը:
ԱԲԵՂԱՆ - Առաջին թասը… ձեր այս կյանքի սեղանին առաջին թասը ես կխմեմ… կյանքի ու աշխարհի օրենքով… ես կխմեմ կռվի կենացը, կռվի, որ վերն է խավարին ու ամպերուն մեջը, ինչպես որ կըսեք, կռվի, որ դուրսն է աշխարհի վրա, ուրկե դուք կուգաք, կռվի, որ հոն է, ծովուն
մեջ, փոթորկի ատեն, ուրկե ես կուգամ:
ԱՂՋԻԿՆԵՐԸ - (Սաստիկ հետաքրքիր, փսփսուքով իրարու) Ծովե՞ն… ծովե՞ն…
ԱԲԵՂԱՆ – Թող օրհնված ըլլա կյանքի կռիվը (Կխմե):
ՁԱՅՆԵՐ - Անուշ, անուշ… Հաջողությունը, հաղթանակը միշտ քեզի…
ԻՇԽԱՆԸ - Աղեկ: Լեցուր երկրորդ թասը:
ԱՂՋԻԿՆԵՐԸ - (Իրար անցած) Գինի, գինի:
ԱՂՋԻԿԸ - (Նորեն կլցնե ու կուտա սրտանց) Առ:
ԻՇԽԱՆԸ - Երկրորդ թասը, նորեկ, գիտցիր, միշտ Աստղիկինն է, այսպես է աշխարհի հին օրենքը:
ԱԲԵՂԱՆ - Երկրորդ թասը… այո, Աստղիկինն է, ան, որ ինչպես կըսեք, ծնավ գեղեցիկ հորդ փրփուրեն, դուրս ելավ սիրարծարծ հուզվող ու եռացող ալիքներեն. ան, որ փոթորկի անդունդներուն մեջը կգալարի ու կհափշտակե քեզի: Իշխան, այս թասը ես կխմեմ քու աղջկանդ կենացը
(Կխմե):
ԱՂՋԻԿՆԵՐԸ – Սեդա՞ն… Սեդա՞ն…
ԻՇԽԱՆԸ – Աղջի՞կս…
ԲՈԼՈՐԸ – (Սաստիկ հուզված, վախով ու սպասողական դիրքով կնային իշխանին կողմը:)
ՀԱՍԱԿԱՎՈՐ ԶՈՐԱԿԱՆ ՄԸ – Իշխան, քու աղջի՞կդ…
ԻՇԽԱՆԸ – Կեցիր, այ տղա, կարծես քու դեմքդ ծանոթ է ինծի:
ԱԲԵՂԱՆ - (Թեթև հեգնանքով) Հիմա, իհարկե, իշխան, հիմա պետք է, որ ճանչնաս:
ԱՂՋԻԿՆԵՐԸ – (Իրարու փսփսուքով) Ո՞վ է, ո՞վ է, ո՞վ է որ:
ՔՈՒՐՄԸ - (Կերևա վարագույրին առջևը) Պատրաստ եղեք, հաղթողներ, ու թողեք սեղանը: Արևելքը շիկներ է, ծովը ծիրան է հագեր, ու թարմ բնությունը թափ կուտա քունը աչքերեն Մեծ Աստծուն երկրպագելու: Լուսատուն ու լուսաստղը գրկելու են հիմա իրար, պատրաստ եղեք դուք
ալ երկրպագելու:
ԱՄԵՆՔԸ - (Իսկույն վեր կցատկեն իրենց տեղերեն, զինակիրները շտապ կբերեն սաղավարտներն ու վահանները իրենց տերերուն, որոնք կհագնին ու կերթան բագնին առջևը երկու զուգահեռ տողաշար կկազմեն երեսները վարագույրին, աջ` զորականները, ձախ` աղջիկները):
ԻՇԽԱՆԸ – (Մոտենալով Աբեղային) Տուր ինծի ձեռքդ ու երթանք երկրպագելու, երկրպագելու մեր վեհ աստվածներուն:
ԱԲԵՂԱՆ – Երկրպագելու… նո՞ր աստվածներուն:
ԻՇԽԱՆԸ – Հին աստվածներուն. միշտ հին ու միշտ նոր ու միշտ հավիտյան: Եկուր:
ԱԲԵՂԱՆ – (Անշարժ ու համառ կեցած է, աչքերը գետին):
ԻՇԽԱՆԸ – Եկուր, կըսեմ քեզի, շուտ. դուն, որ խմեցիր կռվի կենացը, դուն, որ խմեցիր իմ Սեդայիս կենացը, պետք է, որ գաս: Տուր ձեռքդ ինծի:
Թ
Վարագույրին ետևեն կլսվի շեփորին կանչը մեկ-երկու ելևէջ, որուն կհաջորդե քուրմերու ուրախ ու հաղթական երգը: Երգի միջոցին կբացվի կամաց-կամաց ճակտի վարագույրը և տեսարանի մնացած բոլոր մասերը հետզհետե կթաղվին մութի մեջ:
Խորքի բեմը, որ ավելի ալ բարձր է, կներկայացնե Սևանի գագաթն իր ավերակներով: Աջ` կեցած են քուրմերը, բոլորն ալ ճերմակազգեստ, հերարձակ ու մազերուն մեջ խրած խոշոր աստղ մը: Հեղ մը քուրմերը կերգեն, հեղ մը քրմուհիները, վերջը բոլորը միասին:
Նոր բեմի խորքը հորիզոնն է, ծովուն ու երկնքին իրար կպչող ծիրը: Երկինքը շառագույն է, տեղ-տեղ դեղին, ծովը լերթ-կարմիր, տեղ-տեղ ծիրանի: Երգի միջոցին հետզհետե կնշմարվի հսկա արևի մը սկավառակը, որ կբարձրանա կամաց-կամաց; Երբ կեսին չափը դուրս է եկած
ջուրեն` արևը կբացվի ոստրեի մը պես ու կափարիչը կիյնա ջուրին երեսը` արևի ցոլքին նման: Ոստրեին մեջը վառ կփայլի աչք խտիտ տվող արծաթ-մարգրիտ փայլով մը: Եվ այդ վառ փայլին մեջ կեցած է հաղթական Վահագնի մերկ, բարձր, շիտակ, հաղթ ու առողջ, աջ ձեռքը առաջ
պարզած, մազերն ու մորուքը ասորական ձևի և շեկ, աչքերը բոցոտ: Անոր ձախ կողմը թեթև թեք է ինկած նազանքով ծովային խոտերու ու ծաղիկներու վրա Աստղիկը, սա թեթև մը փաթաթված է Վահագնին ու գլուխը հենած անոր մարմնին. ինքը` մերկ, ճկուն, նուրբ, մազերուն մեջ
ահագին ադամանդե աստղ մը ու մարմնին վրա մեկ-երկու թել ծովային նուրբ ու երկար սեզ:
Երգեցողությունը կտևե մինչև ոստրեի լրիվ բացումը: Երբ երգը հանկարծ կկտրվի, կլռվի նորեն շեփորին կանչը ու բոլոր բազմությունը իսկույն կթափի գետին խորը երկրպագությամբ: Քուրմերն ու քրմուհիները կխոնարհին մինչև մեջքը: Ոտքի կմնա միայն Աբեղան` ուղիղ և անշարժ:
ՔՈՒՐՄԸ - (Խումբին մեջեն, ահեղ) Երկրպագե, դուն, շվարած:
ԱԲԵՂԱՆ – (Անշարժ է):
ԻՇԽԱՆԸ – (Սարսափահար ու կիսաձայն) Երկրպագե, անմիտ:
ԱԲԵՂԱՆ – (Անշարժ է):
ՍԵԴԱ - (Կերևա հանկարծ բարձր բեմի սանդուղքներուն վրա, հանգիստ առաջ կուգա, կկենա ուղիղ Աբեղայի դեմը, քնքուշ ու հրամայական) Երկրպագե, երկրպագե ծովուն ու իր աստծուն:
ԱԲԵՂԱՆ – (Նախ գլուխը կթեքե, ետը ծունկերը քիչ-քիչ կծալլվին ու հանկարծ կիյնա գետին): Սաստիկ դղրդյուն մը. և մեկ անգամեն կկորչի ամեն բան, կտիրե խորին մութ ու լռություն: Երբ թանձր մութը կսկսի փարատիլ` տեսարանը փոխված է: Հետզհետե բացվող աղոտ լույսին
մեջեն կնշմարվի հաստ ու ցածր սյուներու զույգ շարք մը տեսարանին ճիշտ մեջտեղը: Եկեղեցի է: Խորքը կերևա միայն երկու վառ մոմ, որուն առջևը երկու վանական սաղմոս կկարդան փոխնիփոխ: Անոնց ետևը կիսաշրջանով կեցած են վանականները երեսնին դեպի խորանը:
Մռայլ ու մութ, ընթերցումը տխուր ու միալար:
Լռիկ աղոթող վանականներու շարքին մեջ հանկարծ խլրտում մը կիյնա:
ՎԱՆԱԿԱՆ ՄԸ - (Մյուսներուն կռնակեն ծռվելով դեպի ետ, փսփսուքով) Ջուր, ջուր, երեսին ջուր:
Ձախ կողմի խորքի սյուներուն մեջեն կերևան երկու վանական, որոնք Աբեղայի թևերը մտած ու բարձրացուցած կբերեն առաջ: Աբեղան թույլ ու անզգա: Մովսես վանականը կուգա անոնց ետևեն` օգնելով:
ԱԴԱՄ ՎԱՆԱԿԱՆ - (Արագ դուրս աջ կողմի սյուներուն մեջեն, կմոտենա Մովսեսին, երբ Աբեղան արդեն անցուցած են, և կիսաձայն) Ի՞նչ է, ի՞նչ կա, ի՞նչ եղավ:
ՄՈՎՍԵՍ ՎԱՆԱԿԱՆ - (Միշտ կիսաձայն) Աբեղան մարեցավ: Կեցեր էր առջևս կաղոթեր, մեյ մըն ալ տեսա` գլուխը կախեց, քիչ մը ծռեցավ ու բոլոր ուժովը ինկավ գետին:
ԱԴԱՄ ՎԱՆԱԿԱՆ - Խեղճ Աբեղա. երևի գիշերը շատ է ճգներ: Տարեք աղբյուրը, տարեք աղբյուրը: (Եվ ինքը կդառնա ետ իր նախորդ տեղը):
ՄՈՎՍԵՍ ՎԱՆԱԿԱՆ - (Կշտապե գացողներուն ետևեն):
ԵՐՐՈՐԴ ՏԵՍԱՐԱՆ
Իշխանուհիին առանձնասենյակը
Փոքրիկ, կոկիկ, ցած առաստաղով սենյակ մը ամբողջովին գորգերու մեջ: Ճակատը բազմոց, մոտիկը ցածլիկ աթոռակ մը: Անկյունը ճերմակ ֆոնի վրա սև սիրուն խաչելություն մը ճերմակ նեղ սեղանին. երկու կողմը երկու ամանի մեջ վարդի թարմ փունջեր: Առաստաղեն կախված է
արաբական գունավոր լապտեր մը:
Մուտքը աջեն ու ձախեն:
Ա
Իշխանուհին կեցած է բազմոցին առջևը ձիգ ու անշարժ: Քիչ մը հեռուն, անոր դեմը, դռան մոտիկ կեցած է Վանահայրը: Երկունքն ալ հայացքնին նետած են գետին:
ՎԱՆԱՀԱՅՐԸ - (Հանգիստ ու պաշտոնական)… Ան է կապեր մեզի իրար, ան ծնունդն է մեր երկուքի, անիկա մեր կապն է, իսկ մեր մեջը չի պիտի ըլլա ոչ մեկ կապ, մեր մեջեն պետք է խզվի ամեն կապ:
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – (Գլուխը բարձրացնելով ու նունպես հանգիստ)
ՎԱՆԱՀԱՅՐԸ - (Խիստ) Անոր հիմը, իշխանուհի, մեղքի վրա է դրված:
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Ինչպես թե` մեղքի:
ՎԱՆԱՀԱՅՐԸ - Այո մեղքի:
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – (Հպարտ) Մեղքը միշտ օտար է եղեր ինծի և միշտ ալ օտար պիտի մնա ինծի:
ՎԱՆԱՀԱՅՐԸ – Կին, նորե՞ն խաբել կուզես:
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – (Ապշած) Խաբե՞մ:
ՎԱՆԱՀԱՅՐԸ - Այո, խաբես ու կեղծես:
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Ե՞ս:
ՎԱՆԱՀԱՅՐԸ - Դուն, դուն: Ի՞նչ կզարմանաս, դուն, որ ամբողջ կյանքդ խաբեր ես ու շարունակ կեղծեր: Խաբեր ես տարիներ ու տարիներ այն մարդը, որ իբրև իր կինը իր տունն է տարեր քեզի, խաբեր ես քու զավակներդ, որոնք շոյանքի կարոտով գիրկդ են վազեր, խաբեր ու կապեր
ես բոլոր շրջապատողներուդ աչքերը, խաբեր ես ինծի, թեև, այո, առանց խոստում մը տալու, առանց բառ մը արտասանելու, խաբեր ես և քեզի, քեզի քու աչքիդ նահատակ ես նկարեր, դուն, որ մարդդ մեռեր է թե չէ, վազեր եկեր ես հոս` ինծի հետ նոր շենք շինելու, քու կեղծիքիդ
աստծուն նոր տաճար կառուցանելու (Քիչ մը լուռ):
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ - (Կեցած է ձիգ ու հպարտ, ունքերը կիտած, ոչ շարժում, ոչ ծպտուն):
ՎԱՆԱՀԱՅՐԸ – Իհարկե, չէ՞ որ քու աստվածդ սերն է: Ով սոփեստություն: Ի՞նչ է սերը, ինչի՞ սեր է Աստված, արուի՞ ու էգի՞: Կին, մեղանչանք է քու անունդ, կեղծիք է քու հոգիդ ու զգայարանքներդ, քու աշխարհդ: Մեղքի վրա է շինված այս եկեղեցին:
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Ըսի՞ր:
ՎԱՆԱՀԱՅՐԸ – Ըսի, ինչ որ պարտական էի ըսելու:
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Դե, բաց է դուռը:
ՎԱՆԱՀԱՅՐԸ - (Վիրավորված) Իշխանուհի:
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Ի՞նչ է: Գնա, գնա քանդե:
ՎԱՆԱՀԱՅՐԸ - Ատիկա իմ պարտքս է և ես գիտեմ, բայց պետք է, որ դուն ալ կատարես քու պարտքդ:
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ - Այսինքն: Ի՞նչ է ուզածդ:
ՎԱՆԱՀԱՅՐԸ – Պետք է անմիջապես հեռանաս հոսկե, Ցամաքաբերդեն:
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Հեռանամ… այդպե՞ս կհրամայես:
ՎԱՆԱՀԱՅՐԸ - Ըսի, ինչ որ պարտական էի ըսելու:
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Կհրամայես… (Հանկարծ բուռն բարկությամբ) Եվ ո՞վ ես դուն, ի՞նչ գործ ունիս հոս, հոս, իմ դեմս, ո՞վ ես դուն;
ՎԱՆԱՀԱՅՐԸ - Ես… ես վանական մըն եմ, իշխանուհի, քաշված անապատը:
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Անապատ մըն ես դուն ինքդ և օտար, օտար հոգիիս, ինչպես ամենքը; Ամբողջ կյանք մը ապրեր եմ ես օտարներու մեջ, օտար եմ եղեր ես ինքս բոլորին, օտար ու մենակ, մենակ պալատներու ամբոխի մեջ, միս-մենակ իմ իսկ պալատիս, իմ սեփական ընտանիքիս մեջ,
մենակ, միշտ: Եվ հոգիիս միակ լուսավոր աստղը եղեր է այն մտածումը, որ հեռու, հեռու կա ուրիշ հոգի մը, իմինիս պես մենակ, իմինիս պես լքված, իմինիս պես կարոտ, եղբայր հոգի մը, որ կհասկանա ինծի ու իմ կրած ծանր խաչս, որ մոտիկ է ինծի ու կսիրե ինծի: (Լուռ):
ՎԱՆԱՀԱՅՐԸ - (Կեցած է անշարժ ու լարված, բռունցքները սեղմած` տեսակ մը կռվի պատրաստ դիրքով):
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ - Այդ սարսափելի, այդ հավիտենական, այդ խելագարեցնող մենության ձեռքեն փախած, եկեր ապաստաներ եմ հոս, վերջապես միասին ըլլալու, միասին ըլլալու հոգիի մը հետ, միասին ապրելու, միասին ստեղծելու շենք մը, այն միակ հոգիին հետ, որ ինծի կհասկանա,
որ հեռուեն ինծի հետ է եղեր ամբողջ կյանքս: Եվ ահա թե ինչպես կհասկնա ինծի այդ միակ հոգին: Ես կին, ես մեղք, ես էգ ու խաբեբա: (Զայրացած) Գնա, հեռացիր:
ՎԱՆԱՀԱՅՐԸ - Ավարտե ու կերթամ:
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Ոչինչ չունիմ քեզի հետ ավարտելու: Ապրեր եմ միշտ մինակ ու օտար, մինակ ու օտար ալ կիջնեմ գերեզման: Անմտություն է ճակատագրի հետ կռվիլը: Գնա, գնա քանդե, փուլ տուր այն քարերը, իմ տաճարս արդեն փուլ եկավ:
ՎԱՆԱՀԱՅՐԸ -(Խոժոռ) Ներե, իշխանուհի, եթե ավելորդ խոսք ըսի: Ես ավելի ինծի կխոսեի, քան քեզի: Ես ուզեցի, որ ճշմարտությունը մերկ կանգնի մեր առջև, ես ուզեցի բանամ մեր երկուքիս ալ աչքերը:
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Եվ բացիր, շնորհակալ եմ:
ՎԱՆԱՀԱՅՐԸ – Կցավիմ, եթե բաց աչքով տեսածդ ան չէ, ինչ որ կուզեիր: Աշխարհիս երեսին եթե տեսնել կուզես, ինչ որ սրտիդ ուզածն է` պետք է նայիս փակ աչքերով:
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Ճշմարիտ է:
ՎԱՆԱՀԱՅՐԸ – Այդ ճշմարտությունը ես քեզմե սորվեցա… ասկե ուղիղ քսանհինգ տարի առաջ: Ներե, իշխանուհի: Եվ կարծեմ մեր մեջ ալ մաքրված է ամեն հաշիվ:
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Իմ բոլոր հաշիվներս` ալ մաքրված են կյանքի մեջ:
ՎԱՆԱՀԱՅՐԸ – Մաքրե վերին հաշիվներդ: Մնաս բարով, իշխանուհի: Իշխանուհին կեցած է լուռ ու անշարժ, մինչ Վանահայրը հանդարտ ու գլխահակ կելլի դուրս: Իշխանուհին կամաց ու տեսակ մը ակամա կսահի վար ու խորտակված կնստի բազմոցին, ձեռքերը անուժ մեկը բազմոցի
վրա նետած, մյուսը` գոգը, անկյանք հայացքը կետի մը հառած:
Բ
ՊԱՌԱՎԸ - (Մտնելով հակառակ դռնեն) Մինա՞կ ես:
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – (Տխուր գլուխը ճոճելով) Մենակ, մենակ…
ՊԱՌԱՎԸ - Գնա՞ց:
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Ո՞վ:
ՊԱՌԱՎԸ – Վանահայրը:
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Չգիտեմ:
ՊԱՌԱՎԸ – Ի՞նչ ըսավ որ:
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Ո՞վ:
ՊԱՌԱՎԸ – Վանահայրը:
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Չգիտեմ: (Քիչ մը լուռ) Բեր ինծի այն…
ՊԱՌԱՎԸ - Ի՞նչը, իշխանուհի
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Հատակագիծը:
ՊԱՌԱՎԸ - Եկեղեցիի՞ն:
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – (Տխուր գլխով կընե):
ՊԱՌԱՎԸ - (Դուրս կելլե իր եկած դռնովը և իսկույն ալ կվերադառնա կուտա ոլորը) Առ: (Ինքը կքաշվի դեպի խաչելությունը):
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – (Կբանա հատակագիծը, կնայի քիչ մը, կբարձրացնե, կհամբուրե և հանգիստ ու կանոնավոր շարժումներով կսկսի պատռել` զսպելով հեկեկանքը, մինչդեռ կուրծքը ուժգին կելևէջե և արցունքները առատ կթափին, առանց ծպտուն մը հանելու):
ՊԱՌԱՎԸ - (Ետ նայելով ապշած) Ատ ի՞նչ կընե իշխանուհին:
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – (Ձայնը դողդոջուն) Չե՞ս տեսներ: Կպատռեմ:
ՊԱՌԱՎԸ - Կպատռե՞ս, ինչո՞ւ:
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Ալ… ալ վերջացավ:
ՊԱՌԱՎԸ - (Ուրախ) Վերջացա՞վ, ավարտվեցա՞վ եկեղեցին:
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Այո, ավարտվեցավ:
ՊԱՌԱՎԸ – Ի՞նչ կըսես: Դե, աչքը լույս իշխանուհիիս, ալ ինչո՞ւ ես վշտացեր:
ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Վշտացե՞ր, ո՞վ, ե՞ս, ամենևին; Չե՞ս տեսներ, պառավ, ինչպես ուրախ եմ, ինչպես բախտավոր: Չե՞ս տեսներ` կուլամ:
ՊԱՌԱՎԸ - (Հուզված ու երկյուղած) Այո, իշխանուհիս կուլա… (Առջևը չոքելով) Կուլա տիրուհիս: Ես քու լացդ դեռ չէի տեսեր, այնքան վշտեր, այնքան ցավեր էիր տեսեր: Եվ ինչ տարօրինակ լաց է եղեր ուրախության լացը:
ՉՈՐՐՈՐԴ ԱՐԱՐ
Առաջին տեսարան
Աբեղայի խուցը. Գիշեր. Ճրագ.
Աբեղան պառկած է անկողնին, սնարին կողմը նստած է Կույր վանականը արձանի նման շիտակ: Ոտքին կողմը` անկողնի եզերքին նստած է Սիմոն վանականը, որ անընդհատ համրիչ կշրջե, շուտ-շուտ հորանջելով:
ԵՐԻՏԱՍԱՐԴ ՎԱՆԱԿԱՆ ՄԸ - (Կեցած է սեղանին մոտիկ, կխաղա ճրագին հետ ու կխոսի ծանր-ծանր, խորհրդածելով) Եվ ինչքան, ինչքաններ են սակայն այդպես անմիտ: Այ, ամբողջ այդ դուրսինները: Դժբախտներ: Փառք քեզի, Աստված, որ լուսավորել ես մեր միտքը:
ՍԻՄՈՆ ՎԱՆԱԿԱՆԸ - (Հորանջելով) Փառք քեզի, Աստված:
ԵՐԻՏԱՍԱՐԴ ՎԱՆԱԿԱՆԸ – Մեյ մը ատոնց հարցնող ըլլա` ով մարդ, ի՞նչ ես գտեր այդ ձախություններու, այդ տաժանակիր աշխատանքի, այդ կարոտություններու, այդ կռվի ու դառնության հովտին մեջ, որուն աշխարհք անունը կուտան: Այդպես ալ հիմար հաշիվ: Քանի մը խղճուկ
վայելքներու, քանի մը չնչին հաճույքներու համար մարդ առնե ու զոհե իր հանդերձյալ կյանքի հավիտենական երանությունը:
ԱԲԵՂԱՆ – (Պառկած տեղեն առանց դիրքը փոխելու` հատիկ-հատիկ) Հայր սուրբ, տեսե՞ր ես դուն երբեք արևի ծագումը:
ԵՐԻՏԱՍԱՐԴ ՎԱՆԱԿԱՆԸ – Ի՞նչ:
ԱԲԵՂԱՆ – Եղե՞ր ես դուն երբեք արևին տաճարը:
Երկու վանականները ապշած կնային իրարու:
ԵՐԻՏԱՍԱՐԴ ՎԱՆԱԿԱՆԸ - (Կմոտենա անկողնին ու ձեռքը հիվանդի ճակատին դնելով) Սառն է: Արթո՞ւն ես, Աբեղա:
ԱԲԵՂԱՆ – Ես արթուն եմ: Ես արթնցա, երբ արևը ծագեցավ: Իսկ դո՞ւք, դո՞ւք…
ԵՐԻՏԱՍԱՐԴ ՎԱՆԱԿԱՆԸ – Մենք կխոսինք, Աբեղա:
ԱԲԵՂԱՆ – Կլսեմ` կխոսիս: Գնա, դիտե արևին ծագումը:
ՍԻՄՈՆ ՎԱՆԱԿԱՆԸ – (Ձեռքով նշան կնե, որ հիվանդը հանգիստ թողնե ու պատասխան չի տա, և ինքը ոտքի ելլելով) Իրավ կըսե, հայր սուրբ, ուշ է արդեն, երթանք, որ ինքն ալ հանգստանա: Գիշեր բարի, Աբեղա: Այս գիշեր քեզի խոր քուն, վաղը ամեն բան անցած կըլլա (Դեպի
դուռը):
ԵՐԻՏԱՍԱՐԴ ՎԱՆԱԿԱՆԸ – Առողջություն քեզի, Աբեղա (Դեպի դուռը):
ԱԲԵՂԱՆ – (Առանց դիրքը փոխելու, հատիկ-հատիկ) Քեզի կըսեմ` տեսե՞ր ես դուն երբեք արևին ծագումը:
Բ
ԿՈՒՅՐ ՎԱՆԱԿԱՆԸ – (Ականջ կդնե, որ ոտքի ձայները հեռանան, վերջը քիչ մի ավելի ծռվելով դեպի անկողինը, խորհրդավոր ու կիսաձայն) Ես… ես տեսեր եմ այդ արևին ծագումը:
ԱԲԵՂԱՆ – (Աշխույժ վեր կթռչի իսկույն ու կիսովին կնստի հենվելով թևին, մատը կույրին ուղղած) Դո՞ւն…դո՞ւն…դո՞ւն տեսե՞ր ես: Դո՞ւն, կույր…
ԿՈՒՅՐ ՎԱՆԱԿԱՆԸ - (Ծանր գլխով կընե):
ԱԲԵՂԱՆ – (Ցած ձայնով ու ձիգ տալով) Եվ երկրպագե՞ր ես:
ԿՈՒՅՐ ՎԱՆԱԿԱՆԸ – (Ծանր գլխով կընե):
ԱԲԵՂԱՆ – Դո՞ւն, դո՞ւն տեսեր ես արևին տաճա՞րը, քու այդ աչքերո՞վդ:
ԿՈՒՅՐ ՎԱՆԱԿԱՆԸ - Այո, տեսեր եմ իմ աչքովս ու հաներ եմ այդ աչքերը, որ ալ չտեսնեմ:
ԱԲԵՂԱՆ – (Սարսափած) Հաներ ես աչքերդ:
ԿՈՒՅՐ ՎԱՆԱԿԱՆԸ – (Կարդալու շեշտով) Այն անդամը, որ քեզի կգայթակղեցնե, կտրե ու դուրս նետե քեզմե, այսպես է գրված:
ԱԲԵՂԱՆ – Եվ դուն հաներ ես աչքերդ:
ԿՈՒՅՐ ՎԱՆԱԿԱՆԸ - Այո:
ԱԲԵՂԱՆ – Հաներ ես, քու աչքերդ, քու այդ ձեռքովդ:
ԿՈՒՅՐ ՎԱՆԱԿԱՆԸ – Ոչ, ոչ ձեռքովս, հաներ եմ կամքիս ուժովը:
ԱԲԵՂԱՆ – Կամքի՞դ:
ԿՈՒՅՐ ՎԱՆԱԿԱՆԸ - Դիմե հավատքիդ, ու սարերը կելլեն իրենց տեղեն, աչքն ի՞նչ է, որ իր տեղը մնա:
ԱԲԵՂԱՆ – (Քիչ մը մտածելե ետքը տարակույսով) Եվ դուն կըսես թե` երկրպագեր ես արևի՞ն:
ԿՈՒՅՐ ՎԱՆԱԿԱՆԸ – Այո, մեղանչեր եմ, Աբեղա: Եվ ճիշտ ատոր համար է, որ կհասկանամ քեզի, կտեսնեմ քու հոգիդ ու կըսեմ քեզի` “զգույշ, դևն է, որ արթնացեր է մեջդ սև դևը”:
ԱԲԵՂԱՆ – Ա՞տ է քու հասկցածդ: Ինծի քաշողը ինքը լույսն է ու գեղեցկությունը, ինծի քաշողը աստվածներն են:
ԿՈՒՅՐ ՎԱՆԱԿԱՆԸ – Բոլոր դևերն ալ երբեմն Աստված են եղած, Աբեղա: Ընկճված աստվածներն են ատոնք, պետք է, որ ընկճես:
Գ
ՎԱՆԱՀԱՅՐԸ – (Կմտնե տխուր ու կքուն) Ողջույն ձեզի:
ԿՈՒՅՐ ՎԱՆԱԿԱՆԸ – (Կելլե ոտքի):
ՎԱՆԱՀԱՅՐԸ - (Մոտենալով անկողնին) Ինչպե՞ս ես: Նոր եկա ցամաքեն, ըսին` ինծի կանչեր ես:
ԱԲԵՂԱՆ – Այո, կզգամ ծովուն թարմությունը, որ հագուստներեդ կբուրե:
ՎԱՆԱՀԱՅՐԸ – Նոր ելա լաստեն:
ԱԲԵՂԱՆ – (Հիացումով) Լաստեն… լաստեն…
ՎԱՆԱՀԱՅՐԸ - (Խոժոռած) Ինչո՞ւ ես կանչեր ինծի:
ԱԲԵՂԱՆ – (Քիչ մը լուռ) Հայր, ես երկրպագեցի հին աստվածներուն:
ՎԱՆԱՀԱՅՐԸ - (Դաժան ու խիստ) Շատ բնական է:
ԱԲԵՂԱՆ – Ի՞նչ…
ՎԱՆԱՀԱՅՐԸ - Անշուշտ, անշուշտ, կսպասեի: Չէ՞ որ քեզի խոստացավ իր տակի ձին, իր ձեռքի սուրը ու իր սեփական աղջիկը, գուցեև օր մըն ալ, ո՞վ գիտե, իր իշխանական ցուպը:
ԱԲԵՂԱՆ – (Սաստիկ վիրավորված) Հայր…
ՎԱՆԱՀԱՅՐԸ - Անշուշտ շատ բնական է: Այդ բոլորի համար արժե Աստված մը ուրանալ: (Հանկարծ ու բարկությամբ) Բայց ինծի՞, ինծի՞ ինչու ես կանչեր հոս:
ԱԲԵՂԱՆ – (Հանդիմանորեն) Հապա ո՞վ կանչեի, վանահայր…
ՎԱՆԱՀԱՅՐԸ – Սխալվեր ես: Կանչե հայր Անտոնը:
ԱԲԵՂԱՆ – Վանահայր…
ՎԱՆԱՀԱՅՐԸ – Հայր Անտոնին լաստը միայն կհանե քեզի հոն, ուր քու սիրտդ է:
ԱԲԵՂԱՆ – Կվռնդես ինծի դուրս:
ՎԱՆԱՀԱՅՐԸ - Ես կղրկեմ քեզի քու տենչած աշխարհը:
ԱԲԵՂԱՆ – (Դառն ու հանգիստ) Կղրկես ինծի իմ աշխարհը: Իսկ ո՞վ իրավունք տվավ քեզի` ուզած ժամանակդ դուրս քաշես ինծի աշխարհեն, ուզած ժամանակդ ետ նետես աշխարհ: Ո՞վ քեզի իրավունք տվավ, որ կապես հոգիս, կապկպես զգացումներս: Ո՞վ քեզի իրավունք տվավ, որ
հիմա ելեր ես երեսիս հանդիմանություն կկարդաս:
ՎԱՆԱՀԱՅՐԸ - (Կոտրված) Իրավ ես: Ես ուզեր եմ անկարելին: Ես ուզեր եմ ազատեմ քեզի այն երկար գալարուն ճամփեն, որու դառնություններուն ու տառապանքներուն մեջեն միայն կհասնին մարդիկ այս սուրբ մենարանը: Ես ուզեր եմ անկարելին: Հանե քուրձերդ ու գնա:
ԱԲԵՂԱՆ – Երթա՞մ, ինչո՞ւ, և ո՞ւր:
ՎԱՆԱՀԱՅՐԸ - Աշխարհ:
ԱԲԵՂԱՆ – Աշխարհ: (Անխոս գլուխը կշարժե, և ապա չարախնդաց) Ոչ, վանահայր, հոս է իմ աշխարհս, աշխարհքը, այ, այս կղզին է, ես հոս ճանչցա հին աստվածները, հոս ալ պիտի երկրպագեմ:
ՎԱՆԱՀԱՅՐԸ - (Նախ զարմանքով կդիտե, վերջը ծանր ու վճռական) Ոչ, այդ մեկը չեմ թողներ, Աբեղա:
ԱԲԵՂԱՆ – Կթողնես, դուն ես այդպես կամեցեր: Ես ուրիշ աշխարհ չեմ տեսած, ես հոս եմ շիներ իմ աշխարհս:
ՎԱՆԱՀԱՅՐԸ - (Կտրուկ) Լսե: Հոս մենարան է ու սրբավայր, ուր այլևս աշխարհիկ հյուր մըն ես դուն, պատահական ուխտավոր մը: Իսկ ուխտավորներուն իրավունքը, գիտես, երեք օր է միայն: (Դեպի դուռը):
ԿՈՒՅՐ ՎԱՆԱԿԱՆԸ – (Ետևեն) Վանահայր, շատ ես խիստ:
ՎԱՆԱՀԱՅՐԸ - (Կիսովին նայելով) Ոչ, հայր սուրբ, հիվանդ էր ու զիջող եղա: Չի լսեցի՞ր, ամբողջ երեք օր տվի իրեն: Բայց երեք օր չի լրացած պետք է հայր Անտոնին լաստը, ցամաք հանե այդ տղան: (Դուրս):
Դ
ԱԲԵՂԱՆ – Լաստը… լաստը:
ԿՈՒՅՐ ՎԱՆԱԿԱՆԸ – Մոռացիր, մոռացիր այդ լաստը, Աբեղա: Մոռացիր քեզի աշխարհին կապող այդ երերուն կամուրջը, մոռացիր այդ իրարու կապած երկու գերանի կտորը…
ԱԲԵՂԱՆ – Իրարու կապված… այո… իրարու կապված:
ԿՈՒՅՐ ՎԱՆԱԿԱՆԸ – Դեռ ուշ չէ, խեղդե մեջդ այդ հուշերը, ընկճե հին դևը ու այս բոլորը թող դառնա հիվանդություն մը, որ եկավ վրադ ու անցավ: (Թևերը տարածելով անոր վրա) Ապավինե Աստծուն, Աբեղա: (Կերթա դեպի դուռը և կես ճամփեն) Գիշերը եթե պետք ունենաս` զարկ
պատը, գամ քեզի օգնելու:
ԱԲԵՂԱՆ – Ինծի ի՞նչ կրնաս օգնել դուն, կույր, դուն, որ հաներ ես քու սեփական աչքերդ;
ԿՈՒՅՐ ՎԱՆԱԿԱՆԸ – (Խարխափելով մուտքը կփնտրե) Կօգնեմ կերպ մը, Աբեղա, խարխափելով , խարխափելով… Զարկ պատը, եթե պետք ունենաս: (Դուրս):
Ե
ԱԲԵՂԱՆ – (Նստած է անկողնին մեջ ծունկերը գրկած, քիչ մը ատեն լուռ ու անշարժ, վերջը հեգնոտ ու գլուխը շարժելով) Խարխափելով… խարխափելով… և կըսե` մոռացիր լաստը:
ՍԵԴԱ - (Դռան մեջեն հազիվ կնշմարվի) Մոռացիր, մոռացիր լաստը…
ԱԲԵՂԱՆ – (Ցնցվելով ու շշուկով) Սեդա…
ՍԵԴԱ - Մոռցիր և Սեդան:
ԱԲԵՂԱՆ – Ես մոռնամ քեզի՞:
ՍԵԴԱ - Մոռցիր ինծի, ես քու մեջի սև դևն եմ:
ԱԲԵՂԱՆ – Դուն իմ հոգիիս ճերմակ թևն ես: Նստեր էի անապատի ավազին վրա տխուր, չոր ու մենակ, դուն էիր, որ եկար թև տվիր կյանքիս, բնությունը տվիր զգայարանքներուս ու ծովը սրտիս, ծովը, ուրկե արևները կծնին, ուր ես անգամ մը գրկեր եմ քեզի:
ՍԵԴԱ - Մոռցիր, մոռցիր այդ բոլորը, դեռ ուշ չէ, եղիր նորեն ան, ինչ որ էիր, մտածե, դեռ ամբողջ երեք օր տվին քեզի:
ԱԲԵՂԱՆ – Ոչ Սեդա, ոչ, ետ դարձ չկա, ոչ կրնամ, ոչ կուզեմ: Ես երկրպագեցի քու աստվածներուդ, ես ձոնեցի քու աստվածներուդ, ես խմեցի վայելքի եղջյուրեն: Ես հիմա միայն քեզի ծարավ եմ, ես հիմա միայն քու գիրկդ կուզեմ:
ՍԵԴԱ - (Քիչ մը առաջ գալով գրկաբաց) Եկուր, ես քուկդ եմ:
ԱԲԵՂԱՆ – (Ինքն ալ անկողնին վրայեն առաջ ծռելով) Սեդա… բայց չէ՞ որ դուն երազ մըն ես:
ՍԵԴԱ - Եկուր, դուն ալ դարձիր երազ մը:
ԱԲԵՂԱՆ – Երա՞զ մը:
ՍԵԴԱ - Եկուր նորեն հոն…
ԱԲԵՂԱՆ – (Վախցած ու հափշտակված) Ծովը…
ՍԵԴԱ - Հոն, ուր անգամ մը գրկեր ես ինծի…
ԱԲԵՂԱՆ – Ուր դուն թևերուս մեջ կդողայիր քու մարմնիդ բոլոր մասնիկներովը…
ՍԵԴԱ - Ուր ալիքները կդողային ու փոթորիկը կգոռար…
ԱԲԵՂԱՆ – Ու զարկերուս տակ փրփուրը կեռար…
ՍԵԴԱ - Հոն եկուր, հոն, եթե նորեն գրկել կուզես ինծի, միայն հոն: Եկուր, հենց որ նորեն ջրերը հուզվին, հենց որ նորեն ծովը փրփրի:
ԱԲԵՂԱՆ – (Հետզհետե ծունկի գալով անկողնին վրա) Այո, երբ որ ջրերը հուզվին, երբ որ ծովը փրփրի…
ՍԵԴԱ - Եկուր փաթթվինք իրարու ու տանիմ քեզի գրկիս մեջ անդունդե անդունդ, մթնոլորտե մթնոլորտ, տանիմ քեզի դեպի նոր անծանոթները, դեպի այն նոր աշխարհները, որոնց մասին դու ու քու աշխարքըդ գաղափար անգամ չունիք: Եկուր:
ԱԲԵՂԱՆ – Կուգամ: Առաջին անգամ, երբ քեզի գրկեցի, բացվեցան ինծի որքան, որքան անծանոթներ, գամ նորեն քեզի գրկելու և թող բացվին նոր անծանոթներ:
ՍԵԴԱ - Եկուր, տանիմ քեզի հեռու, հեռու քու կյանքիդ նեղ սահմաններեն, տանիմ քեզի նոր գոյության, նոր ձևերու, նոր էության…
ԱԲԵՂԱՆ – (Վերացած) Նոր, նոր կյանքի, նոր էության:
ՍԵԴԱ - Եկուր, ձուլվիս ծովին, ձուլվիս լույսին ու ջերմության, ձուլվիս ինծի ու Աստղկան, ձուլվիս Վահագնին ու աստվածներուն…
ԱԲԵՂԱՆ – Ախ, շուտ, ախ, շուտ:
ՍԵԴԱ - (Ետ-ետ քաշվելով) Հենց որ ջրերը հուզվին, հենց որ ծովը փոթորկի…
ԵՐԿՐՈՐԴ ՏԵՍԱՐԱՆ
Եկեղեցիին առջևի հրապարակը
Նույնը, ինչ որ առաջին արարի երկրորդ տեսարանը:
Ցերեկ է:
Ա
Վանականները խռնված են ու կխոսին հուզված: Աբեղան լուռ ու կեդրոնացած է ծառի մը հենած:
ԵՐԻՏԱՍԱՐԴ ՎԱՆԱԿԱՆ ՄԸ – (Ապշած) Ի՞նչ կըսես, ի՞նչ կըսես…
ԱԴԱՄ ՎԱՆԱԿԱՆ – Ո՞վ էր լսեր այս տեսակ բան:
ՂԱԶԱՐ ՎԱՆԱԿԱՆ – (Ծաղրով) Հա, հա, հա, վանահայրը խռովեր է եկեղեցիեն:
ՍԻՄՈՆ ՎԱՆԱԿԱՆ – Վերջ տուր այդ անպատկառ ծիծաղիդ:
ՈՒՐԻՇ ՎԱՆԱԿԱՆ ՄԸ – Բայց իրավ է, որ ալ ժամ չի գար:
ԱԴԱՄ ՎԱՆԱԿԱՆ – Ո՞ւր է հիմա ինքը:
ՎԱՆԱԿԱՆ ՄԸ – Քաշվեր է իր խուցը: Կկարդա՞, կաղոթե՞, ո՞վ գիտե:
ԾԵՐՈՒՆԻ ՎԱՆԱԿԱՆԸ – Ա, այդ կարդալը, կարդալը; Չէ, այս բոլորեն աղվոր հոտ չի գար:
ՍԻՄՈՆ ՎԱՆԱԿԱՆ – Ծերունի, մտածե՞ր ես` ինչ կխոսիս:
ԾԵՐՈՒՆԻ ՎԱՆԱԿԱՆԸ – (Հեռանալով) Ես բան չըսի:
ՍԻՄՈՆ ՎԱՆԱԿԱՆ – Մեր մեծավորն է, մեր առաջնորդը:
ԾԵՐՈՒՆԻ ՎԱՆԱԿԱՆԸ – Ես բան մը չըսի: (Դուրս):
ՍԻՄՈՆ ՎԱՆԱԿԱՆ – (Ետևեն դուրս ելլելով) Կեցիր, հայր սուրբ, կեցիր:
ԴԱՎԻԹ ՎԱՆԱԿԱՆ – (Մտածկոտ) Ճիշտ է, ամբարտավանությունը մեղք է մահացու:
ԱԴԱՄ ՎԱՆԱԿԱՆ – Մարդս պետք է հեզ ըլլա ու խոնարհ:
ՎԱՆԱԿԱՆ ՄԸ – Խոնարհ, խոնարհ…
Ու երեքը միասին կելլեն դուրս:
ՂԱԶԱՐ ՎԱՆԱԿԱՆ – (Տեսակ մը ինքնիրեն) Վանահայրը խռովեր է եկեղեցիեն… (Ծիծաղը ափին մեջ խեղդելով անոնց ետևեն կելլե դուրս):
Բ
ԱԲԵՂԱՆ – (Միշտ իր ծառին տակը` անշարժ):
ԴԱՎԻԹ ՎԱՆԱԿԱՆ – (Նախորդ խումբեն միակ մնացողը, նախ քիչ մը կմնա մեջտեղը մտածկոտ, ետքը բան չհասկացողի շարժումով կօրորե գլուխը ու կմոտենա Աբեղային) Լսեցի՞ր, Աբեղա, լսեցի՞ր:
ԱԲԵՂԱՆ – Կլսեմ, կլսեմ… թող ինծի, մի խանգարեր` որ լսեմ:
ԴԱՎԻԹ ՎԱՆԱԿԱՆ – (Զարմացած) Ի՞նչը:
ԱԲԵՂԱՆ – (Խորքը մատնանշելով) Այ, ականջ դիր:
ԴԱՎԻԹ ՎԱՆԱԿԱՆ – Ի՞նչ է որ:
ԱԲԵՂԱՆ – (Խորհրդավոր) Ջրերը կհուզվին, ջրերը հուզվիլ են սկսեր:
ԴԱՎԻԹ ՎԱՆԱԿԱՆ – Է, ի՞նչ ընենք, երևի, գիշերը փոթորիկ ենք ունենալու:
ԱԲԵՂԱՆ – (Սաստիկ հուզվելով) Փոթորի՞կ, փոթորի՞կ…
ԴԱՎԻԹ ՎԱՆԱԿԱՆ – (Անտարբեր) Գուցե, եղանակները փոխվեցան:
ԱԲԵՂԱՆ – (Հանկարծ բռնելով ընկերոջը թևեն) Ուրեմն այս գիշե՞ր… կկարծես` այս գիշե՞ր…
ԴԱՎԻԹ ՎԱՆԱԿԱՆ – Այդ ինչպես կդողաս: Խեղճ Աբեղա, այն փոթորիկեն ի վեր, երևի, աչքդ վախցեր է: Հանգստացիր, հանգստացիր: Եկուր, երթանք եկեղեցի, աղոթե, սիրտդ կթեթևի:
ԱԲԵՂԱՆ – (Հանկարծ) Եկուր երթանք ափը:
ԴԱՎԻԹ ՎԱՆԱԿԱՆ – Ա՞փը…
ԱԲԵՂԱՆ – Եկուր, տեսնել կուզեմ փոթորկին գալը: Բայց… բայց առանձին չեմ կրնար: Գիտե՞ս, կքաշե, կարծես կքաշե, կքաշե… (Ամուր կսեղմվի ծառին):
ԴԱՎԻԹ ՎԱՆԱԿԱՆ – Աբեղա, ավելի աղեկ է` երթաս ու պառկիս: Դեռ իզուր ես ելեր ոտքի: Տես, աչքերդ կատարյալ տենդ ունին դեռ: Երթանք, տանիմ քեզի խուցդ:
ԱԲԵՂԱՆ – (Ծառին քսվելով կամաց մը կիջնե ու կնստի) Թող, թող, թող ինծի: Թող, ես տեսնել կուզեմ փոթորկին գալը:
ԴԱՎԻԹ ՎԱՆԱԿԱՆ – (Կեցած է Աբեղայի գլխուն` չիմանալով ինչ ընե):
Գ
ՎԱՆԱԿԱՆ ՄԸ – (Ներս վազելով) Վանահայրը, վանահայրը:
Կլսվին ձայներ, զսպված աղմուկ ու մեկ-մեկ, երկու-երկու` խառն կմտնեն վանականները խոժոռ ու մտախոհ: Կուգան ու լուռ կշարվին իրարու քով:Վանական մը կառաջնորդե Կույրը:
ԿՈՒՅՐ ՎԱՆԱԿԱՆԸ – Բայց ի՞նչ կա, է, ի՞նչ է պատահեր:
ԱՌԱՋՆՈՐԴՈՂ ՎԱՆԱԿԱՆԸ – Ըսի` չգիտեմ, վանահայրն է պատվիրեր
ՎԱՆԱԿԱՆ ՄԸ – Սուս, եկավ:
ԴԱՎԻԹ ՎԱՆԱԿԱՆ – (Արթնցնելու պես) Ոտքի, Աբեղա, վանահայրն է:
ԱԲԵՂԱՆ – (Կնայի շուրջը ու կելլե ոտքի:)
Դ
ՎԱՆԱՀԱՅՐԸ – (Կուգա խորքեն ծանր ու տխուր: Բոլորը գլուխ կուտան: Լուռ երկար նայվածք մը կնետե խումբին վրա) Բոլո՞րդ եք:
ՁԱՅՆ ՄԸ – Այո, վանահայր:
ՎԱՆԱՀԱՅՐԸ – (Կնստի բարձր քարի մը: Սպասողական լռություն) Բան ունիմ ձեզի ըսելու: (Կմտածե) Կտեսնե՞ք այս եկեղեցին, որ գրեթե ավարտած է արդեն և ուր բավական ժամանակե ի վեր մեր աղոթքները կխնկենք մեր Աստծուն, այս եկեղեցին… այս եկեղեցին նվիրված չէ մեր
Աստծուն:
Ընդհանուր զարմանք ու շարժում:
ՍԻՄՈՆ ՎԱՆԱԿԱՆ – Ի՞նչ ըսիր, վանահայր:
ՎԱՆԱՀԱՅՐԸ – Այս եկեղեցին նվիրված չէ մեր Աստծուն: Այս եկեղեցին, երբ ես կշինեի, ես դեռ կտրված չէի աշխարհեն… (Շշուկներ) Ես կկարծեի, թե կտրված եմ: Մենք բոլորս ալ, որ թողեր ենք աշխարհը ու եկեր անապատ, մեր հոգիին խորքը դեռ մեծ կտոր մը աշխարհք էինք
բերեր մեզի հետ, ներքին վայելքի ծածուկ կարոտ մը, քողարկված հաճույքներու բարակ ծարավ մը, մեր անցած կյանքի, կռվի ու հուզումներու ամբողջ նուրբ ու կպչուն ցանց մը, և ակամա վերհուշներ: Այս բոլորը դեռ մեզի հետ էր, երբ եկեղեցին կշինեինք: Այդ ծածուկ, քողարկված
հուզումներն են շիներ այս եկեղեցին, աշխարհեն անապատ եղած, մեզի հետ ներս սպրդած աշխարհի այդ կտորն է շիներ այս եկեղեցին: Աշխարհինն է այդ եկեղեցին, մեր Աստծունը չէ: Ատոր կամարներուն տակ մենք այլևս աղոթել չենք կրնար, այդ կամարները պետք է քանդվին:
ՁԱՅՆԵՐ – (Ապշած, սարսափած) Քանդվի՞ն… քանդվի՞ն:
ԱԴԱՄ ՎԱՆԱԿԱՆ – Մեր եկեղեցին քանդվի՞:
ԵՐԻՏԱՍԱՐԴ ՎԱՆԱԿԱՆ ՄԸ – Մեր նոր եկեղեցին քանդվի՞:
ՎԱՆԱՀԱՅՐԸ – Այո, պետք է քանդենք ու շինենք նորը:
ՁԱՅՆԵՐ – (Զարմանք ու հեգնություն) Նո՞րը… նո՞րը…
ԱԴԱՄ ՎԱՆԱԿԱՆ – Շինենք նո՞րը:
ՎԱՆԱՀԱՅՐԸ – Նորը: Եվ այդ նոր եկեղեցին պիտի շինենք մենք ինքներս: Աշխարհեն եկած դրամը աշխարհիկ զգացմունքներու նվեր է, աշխարհեն եկած վարպետները աշխարհիկ հասկացողություն է, աշխարհի արվեստը: Մարդս ինք միայն կրնա շինել իր Աստծուն նվիրված տաճարը, իր մեջքովը, իր ձեռքովը, իր խելքովը: Թե ինչ ձև է ունենալու մեր նոր եկեղեցին, դեռ ես ինքս ալ որոշ չգիտեմ, այ, կնստինք միասին ու կխորհինք ու կստեղծենք:
ԾԵՐՈՒՆԻ ՎԱՆԱԿԱՆԸ – (Հեգնոտ) Մենք ի՞նչ արհեստավորներ ենք, վանահայր, մենք ի՞նչ կրնանք շինել, դիցուք, եթե ուզենք ալ:
ՎԱՆԱՀԱՅՐԸ – Կամքը, ծերունի, ուզե ու կշինես, եթե մանանեխի չափ հավատք ունենաս քու կամքիդ:
ԾԵՐՈՒՆԻ ՎԱՆԱԿԱՆԸ – Է, անցեր են այն ժամանակները:
ՎԱՆԱՀԱՅՐԸ – Ոչ, չեն անցեր, դեռ չեն եկեր այդ ժամանակները, իմ նոր եկեղեցիիս մեջեն պիտի երթանք դեպի այդ ժամանակները:
ԾԵՐՈՒՆԻ ՎԱՆԱԿԱՆԸ – Լսե, վանահայր, լսե ինծի, ես ծերունի մարդ եմ: Դուն շատ ես կարդացեր ու խախտեր ես ուղեղդ: Քու բռնած ճամփադ ծուռ ճամփա է: Մի չարչարեր գլուխդ, այդ ճամփան հերետիկոսներուն ճամփան է:
ՎԱՆԱՀԱՅՐԸ – (Հպարտ) Այդ ճամփան առաքյալներու ճամփան է, այդ ճամփով է անցեր ինքը Քրիստոս:
ՂԱԶԱՐ ՎԱՆԱԿԱՆ – Ու… կլսե՞ք:
Շշուկ ու վրդովում
ԾԵՐՈՒՆԻ ՎԱՆԱԿԱՆԸ – Մի խոսիր այդպես անմիտ, վանահայր:
ԱԴԱՄ ՎԱՆԱԿԱՆ – Ոչ ալ այդպես մեծամիտ:
ԱՆՏՈՆ ՎԱՆԱԿԱՆ – Եվ ձգե հանգիստ մեզի ու մեր եկեղեցին, մեզի պետք չեն նոր ձևի շենքեր, այս ձևն է մեզի մեր պապերեն ավանդ հասեր:
ՎԱՆԱԿԱՆ ՄԸ – Մենք ոչ քարտաշ ենք, ոչ վարպետ:
ԱԴԱՄ ՎԱՆԱԿԱՆ – Եվ չենք եկեր հոս պատեր քանդելու, պատեր շինելու:
ՈՒՐԻՇ ՎԱՆԱԿԱՆ ՄԸ – Մենք եկեր ենք հոս հանգստանալու:
ԶԱՔԱՐԻԱ ՎԱՆԱԿԱՆ – Այո, հանգստանալու և աղոթելու:
ԵՐԻՏԱՍԱՐԴ ՎԱՆԱԿԱՆ ՄԸ - Եվ ինչո՞ւ քանդենք մեր նոր շինված սիրուն աղոթատեղին, ոչինչ չեմ հասկնար, մի՞տքն ինչ է, ինչո՞ւ:
ԶԱՔԱՐԻԱ ՎԱՆԱԿԱՆ – Որուն վրա այսքան ծախս է թափվեր, այսքան աշխատանք:
ՂԱԶԱՐ ՎԱՆԱԿԱՆ – Եվ ի՞նչ ըսենք իշխանին, իշխանուհիին, որոնք հոգացեր են բոլոր ծախքը:
ՁԱՅՆԵՐ – Իհարկե, իհարկե… իշխանը… իշխանուհին…
ԶԱՔԱՐԻԱ ՎԱՆԱԿԱՆ – Եվ ո՞վ կուտա այն ատեն տասը չափ ցորենը, պարենը, այսքան նվերը:
ՁԱՅՆԵՐ – (Խառն) Իհարկե… իհարկե… ցորենը… պարենը
ԱԴԱՄ ՎԱՆԱԿԱՆ – Հանգիստ թող մեզի ու մեր ապրուստը:
ԶԱՔԱՐԻԱ ՎԱՆԱԿԱՆ – Քու շինելիք եկեղեցիդ հաց կուտա՞ մեզի:
ԴԱՎԻԹ ՎԱՆԱԿԱՆ – Որքան ալ ըլլա մեր սեղանը սակավ, բայց հաց պետք է, որ ապրենք:
ԾԵՐՈՒՆԻ ՎԱՆԱԿԱՆԸ – Որ կյանքի հոգը չխեղդե մեզի:
ՄՈՎՍԵՍ ՎԱՆԱԿԱՆ – Որ մեր աղոթքը չխանգարի:
ԾԵՐՈՒՆԻ ՎԱՆԱԿԱՆ – Ուշքի եկուր, վանահայր, քանի կանուխ է ու թող մեր անապատը խաղաղ ու հանգիստ:
ՎԱՆԱՀԱՅՐԸ – (Նախ շվարածի պես է այս տարափին տակ, ետքը գլուխը վեր կառնե, կնայի շրջապատողներուն տեսակ մը ապշությամբ) Դուք… հոս իմ շուրջս, ե՞ս… հոս կեցած ձեր մեջը… Ես ձեր վանահայրը, դուք իմ միաբանությունս, իմ իսկ հիմնած: (Ժպտուն) Միաբանություն,
ինչ միություն ձեր ու իմ մեջ… (Աչքերը շփելով) Կարծես կապը կիյնա աչքերես: Ինչպե՞ս է եղեր, որ ես չեմ հասկցեր այսքան պարզ բանը, այսքան ակնհայտնի: Մինչև հոս, մինչև անապատ կրցեր ենք մենք միասին: Մինչ հոս ես կրնայի բերել ձեզի, մինչև հոս կարելի է բերել
մարդը, բայց հոսկե անդին… հոսկե անդին մարդ ինքը պիտի երթա: Ճշմարիտը դուք եք, այդ եկեղեցին պետք է, որ մնա, ան է ձեր եկեղեցին, գացեք, գացեք, ներս, ան կուտա ձեզի անվերջ աղոթքներ ու մխիթարանք, ան կբանա ձեզի արքայության դռները, կազատե ձեզի բոլոր
սատանաներեն, ան ձեզի ձեր հացն ալ կուտա ու ձեր հագուստը գացեք, գացեք, ներս ու խաղաղությունը թող ըլլա ձեզի հետ: Իսկ իմ փնտրածս ատիկա չէ, իմ փնտրածս աշխատանքն է, ներքին անդուլ ու անկաշկանդ որոնումը` ներքին անվերջ նվաճումները բարձունքե-բարձունք,
պարսպե-պարիսպ, տարակույսներու անդունդներուն վրայեն, ելքերով ու անկումներով, անդադար խոյանք մը դեպի ճշմարտությունը: Գացեք, գացեք ներս դուք ձեր եկեղեցին, ես ալ երթամ շինեմ իմ եկեղեցիս, բայց այս անգամ ես, միայն ես, և կետվածք մը, որ վայել ըլլա իմ Աստծուս
բնակությանը, որու կամարներուն տակ իմ խնկելիք աղոթքիս ոչ մեկ բառը կեղծ չհնչե, ոչ մեկ բառի արձագանքը դատարկ չհնչե:
ԴԱՎԻԹ ՎԱՆԱԿԱՆ – (Ծաղրով) Ատ ո՞ւր պիտի շինես, վանահայր, քու նոր կերտվածքը:
ՂԱԶԱՐ ՎԱՆԱԿԱՆ – (Ծաղրով) Եվ ինչե՞, գրանի՞տ պիտի ըլլա, թե՞ մարմարե:
ՎԱՆԱՀԱՅՐԸ – Գրանիտ ու մարմար, որձաքար ու ամեն տեսակ քար ես կթողնեմ աշխարհի աստվածներուն: Իմ տաճարիս հիմքը իմ բանականությունս պիտի ըլլա, սյուները իմ կամքս է, ու գմբեթն ալ ըլլալու է հավատքս:
ԾԵՐՈՒՆԻ ՎԱՆԱԿԱՆ – Շատ խախուտ է, վանահայր, նոր շենքիդ հիմքը:
ՎԱՆԱՀԱՅՐԸ – (Անփույթ) Խախուտ է` կփլի:
ԴԱՎԻԹ ՎԱՆԱԿԱՆ – Եվ այն ատե՞ն…
ՎԱՆԱՀԱՅՐԸ – Կշինեմ նորը:
ԾԵՐՈՒՆԻ ՎԱՆԱԿԱՆԸ – Բայց ատիկա վերջ չունի:
ՎԱՆԱՀԱՅՐԸ – Կուզեիր, որ վերջ ունենար: Քանի կապրինք` շինենք պիտի, պիտի շինենք մեր Աստծուն իր տաճարը, շինենք ու փլի, շինենք ու քանդենք, շինենք ու շինենք միշտ, բայց երբեք, երբեք չավարտենք: Հենց որ ավարտի ալ տաճար չէ Աստծու, որուն երբեմն երկրպագեր են:
Բայց կտեսնեմ` ալ մենք իրար չենք հասկնար: Մնաք բարով, ձեր Աստվածը ձեզի հետ:
Կուզե երթա` Աբեղան առաջ կուգա ու ճամփան կկտրե:
ԱԲԵՂԱՆ – Կեցիր
ՎԱՆԱՀԱՅՐԸ – Ի՞նչ է: Գուցե կուզես նորեն ինծի հետ, Աբեղա: Եկուր, քու հոգիդ թռիչք ունի, ես գիտեմ:
ԱԲԵՂԱՆ – Կեցիր: Ըսե, քու այդ նոր շենքեդ երևա՞ պիտի արևի ծագումը:
ՎԱՆԱՀԱՅՐԸ – Մոռցիր արևն ու իր ծագումը, որ ծագի քեզի ծագումներուն ծագումը, որ արևե քեզի արևներուն արևը:
ԱԲԵՂԱՆ – Կեցիր: Ըսե, քու այն նոր շենքեդ լսվի՞ պիտի, տես, այս աղմուկը… (Խորքը մատնանիշ ընելով) Կլսե՞ս:
ՎԱՆԱՀԱՅՐԸ – Ի՞նչ աղմուկ, այդ լսվողը ծովն է ալեկոծ:
ԱԲԵՂԱՆ – Այո, ատիկա:
ՎԱՆԱՀԱՅՐԸ – Քու փնտրածդ, մանուկ, մարդու կառուցած առաջին եկեղեցին է, նախնականը:
ԱԲԵՂԱՆ – Չէ, ալ ինծի չես խաբեր քու այդ արհամարհոտ բառերովդ: Խոսե շիտակ, ըսե, հասնելո՞ւ է քու եկեղեցիդ ծովուն ձայնը:
ՎԱՆԱՀԱՅՐԸ – Իմ եկեղեցիս չէ հասնելու ոչ մեկ արտաքին հուզում, ոչ մեկ արտաքին աղմուկ: Եթե կուզես ինծի հետ` հույսդ կտրե արևեն ու ծովեն:
ԱԲԵՂԱՆ – (Ճամփա տալով) Անցիր այն ատեն:
ՎԱՆԱՀԱՅՐԸ – (Հեռանալով) Ափսոս, Աբեղա, քու միտքդ երբեմն թևեր ուներ (Դուրս):
ԱԲԵՂԱՆ – (Ետևեն) Ափսոս, վանահայր, քու սիրտդ երբեմն թևեր ուներ:
ԿՈՒՅՐ ՎԱՆԱԿԱՆԸ – (Երկու ձեռքերը առաջ պարզելով) Ես… ես կուզեի քեզի հետ…
ՁԱՅՆԵՐ – (Շշուկով) Կույրը… կույրը…
ԵՐՐՈՐԴ ՏԵՍԱՐԱՆ
Բարձր ծովափ
Աջ ու ձախ ժայռեր: Քարքարոտ գետինը քիչ-քիչ կբարձրանա ու ճակտին կկազմե ծովուն սեպ շրթունքը:
Գիշեր է. ալեկոծություն
Ա
Ժայռի շրթունքին ալիքներուն կատաղի ելևէջը:
Ալիքները, որոնք կնոջ մարմին ունին, կերևան միայն մինչև մեջքը ու կաշխատին կախվին ժայռեն, բայց վայրկյան մը միայն, իսկույն վար կթափին նորեն շառաչելով:
ԶԱՆԱԶԱՆ ԱԼԻՔՆԵՐ – (Բերնե-բերան ու ընդհատ-ընդհատ)
Պիտի կորչի՞ս: Տեղ տուր լանջիս:
Քարին փակչիս: Այ, հասանք, հասանք:
Ինչ վազեր ենք ափե-ափ:
Ինչ ցատկեր ենք չափե-չափ:
Չա՞փ. ի՞նչ չափ: Անչափ. անչափ:
Չափ, չափ: Աս թռչիլ է, վազել չէ:
Կեցիր, կեցիր ու կանչե:
Չէ, չէ, անցիր. աս ան չէ:
Անէ: Ան չէ: Է, մեկ չէ՞:
Կանչե, կանչե: Մենք պարապ չենք:
Ոչինչ, կանչենք: Կանչե՞նք: Կանչենք:
ԽՈՒՄԲ ՄԸ ԱԼԻՔ – (Միաբերան)
Հեյ, ականջե. հույզ ու տենչ է ամեն լանջե,
Կշառաչե. քեզի ծովն է, որ կկանչե,
Հեյ, ականջե:
ՈՒՐԻՇ ԽՈՒՄԲ ՄԸ – (Հեգնանքով ու հեռանալով) Ա, չէ, չէ, չէ. նստե հողին ու քեզ տանջե:
ՆԱԽՈՐԴ ԽՈՒՄԲԻՆ ՁԱՅՆԸ – (Ավելի հեռուեն)
Հեյ, ականջե. հույզ ու տենչ է ամեն լանջե… Ու քիչ մը ատեն ժայռի շրթունքին լռություն կտիրե. և ավելի որոշ կլսվի բացերեն փոթորկի խոր ու խուլ աղմուկը:
Բ
ԱԲԵՂԱՆ – (Կողմնակի ժայռերուն մեջեն կնետվի ներս, մազերը խռիվ, հագուստը խառնակ, աչքերը մոլոր) Եկա, եկա…(Ու հանկարծ կկենա, կշփե ճակատը, կնայի ետ ու կսկսի բարկացած շեշտով մը) դե, մնաս բարով, կղզի, մնաս բարով, անապատ, մնաք բարով, դուք ալ մութ-մութ
կամարները տաճարին, մնաք բարով, իմ աղոթքներս ու խնկումը հոգիիս, մնաս բարով, և դուն, ով անողոք ու վրեժխնդիր Աստված, որուն ուղղեր եմ իմ տենչերս ու աղոթքներս: Դուն ալ մնաս բարով, խցիկս, իմ մենավոր ու լռիկ խցիկս, ալ չեմ դառնալու քեզի: Այ, դեռ կվառի հոդ`
ծոցիդ մեջ` ճրագիս աղոտ լույսը, առտվան դեմ մինակը, մինակը մարի պիտի ու ալ երբեք չի պիտի վառի; Թող մարի:
Հովի ուժեղ թափը
ԱԲԵՂԱՆ – (Կցնցվի` կդառնա ծովուն ու թևերը կարոտակեզ առաջ պարզելով) Դե, բաց գիրկդ, Սեդա, բաց թևերդ, ահա հույզքը ջրերուն, ահա վազքը փոթորկին, բաց թևերդ ու նորեն փարած քու խնկելի մարմնիդ, նորեն շունչդ շնչիս, ալիքներուն մեջեն, անցնիմ այն նոր ու մեծ
անծանոթին, նոր գոյության ու նոր կյանքին, ան, որ խոստացեր ես ինծի: Բաց գիրկդ, Սեդա…
Գ
ՍԻՄՈՆ ՎԱՆԱԿԱՆ – (Վերին ժայռին վրայեն շիտակ անոր առջևը կցատկե ու կկտրե ճամփան հևալով) Կեցիր: (Կուրցքը սեղմելով) Շունչս, շունչս…
ԱԲԵՂԱՆ – (Հանկարծակի եկած ու խոժոռ) Մեկդի ճամփես:
ՍԻՄՈՆ ՎԱՆԱԿԱՆ – Կեցիր, դժբախտ, կեցիր: Վախցիր Աստուծմե:
ԱԲԵՂԱՆ – (Կռվի պատրաստվելով) Մի կտրեր առջևս:
ՍԻՄՈՆ ՎԱՆԱԿԱՆ – Քու առջևդ մութ է ու անդունդ:
ԱԲԵՂԱՆ – Ետ քաշվե, մարդ:
ՍԻՄՈՆ ՎԱՆԱԿԱՆ – Վախցիր այդ մութեն ու անդունդեն:
ԱԲԵՂԱՆ – (Կատաղած) Է, հերիք է, հեռու գնացեք ձեր անդունդներովն ու մութերովը, հեռու ձեր անվերջ վախերովը: Վախ լույսերեն ու բերկրանքեն, վախ մութեն ու տանջանքեն, վախ աստվածներեն ու դժոխքեն:Հեռու, բաց ճամփաս: Հոն ոչ մութ կա, ոչ անդունդ: Ծովն է միայն ու
փոթորիկը իմ առջևս:
ՍԻՄՈՆ ՎԱՆԱԿԱՆ – Մահն է քու առջևդ, թշվառական:
ԱԲԵՂԱՆ – Մահն ալ ձեր վախն է ու ձեր վախի հնարածը:
ՍԻՄՈՆ ՎԱՆԱԿԱՆ – Աստված իմ, խելագար է:
ԱԲԵՂԱՆ – Մահը աս է, հոս, այ, այս ձեր անապատը, այս վախի ու մեռելության կյանքը, իսկ հոն ազատ է, հույզն ու շարժումը, հոն կյանք է, և ես կուզեմ կյանքին գիրկը… (Հանկարծ ուժով մը կհրե, կնետե գետին) Հեռու ճամփես: Ես կուզեմ ապրիմ: Սեդա… (Կնետվի ծովը):
ՍԻՄՈՆ ՎԱՆԱԿԱՆ – (Կես մը գետնեն բարձրանալով, սարսափահար ու խեղդված ձայնով) Կորավ, կորավ իր հոգին…
Դ
Ժայռերուն մեջեն հետզհետե կհասնին վանականները` հագուստ ու մազեր հովերուն: Բոլորը դուրս, կմոռացվի կույրը, որ կմնա մինակ:
ԱԴԱՄ ՎԱՆԱԿԱՆ – Ո՞ւր է, ո՞ւր է:
ԴԱՎԻԹ ՎԱՆԱԿԱՆ – Գտա՞ր, ճի՞շտ է, տեսա՞ր:
ԶԱՔԱՐԻԱ ՎԱՆԱԿԱՆ – Ո՞ր կողմը անցավ:
ՂԱԶԱՐ ՎԱՆԱԿԱՆ – (Ներս ցատկելով) Ո՞ւր է, ո՞ւր է:
ՍԻՄՈՆ ՎԱՆԱԿԱՆ – (Ծովը մատնանիշ) Այ, հոն…
ԽՈՒՄԲԸ – (Սարսափով, կիսաձայն) Ծովը…
ՍԻՄՈՆ ՎԱՆԱԿԱՆ – Կորավ իր հոգին:
ՎԱՆԱԿԱՆ ՄԸ – Այ անիծված է այս ժայռը, հոսկե ճգնավոր մըն ալ նետեր է ինքզինքը ծովը:
ԿՈՒՅՐ ՎԱՆԱԿԱՆԸ – (Ուրիշ վանականի մը թևեն կախված, շնչասպառ ու սաստիկ հուզված, թևերը անկարգ խարխափող շարժումներով, առաջ պարզած` կմտնե ներս):
ՎԱՆԱԿԱՆ ՄԸ – Եկավ իր կույրը, իր կույրը…
ԿՈՒՅՐ ՎԱՆԱԿԱՆԸ – (Կկենա անշարժ ու ամբողջ հասակովը ուղղվելով, ընդհանուր լռության մեջ) Իրա՞վ է, ի՞րավ է:
ԲՈԼՈՐԸ – (Քար լռություն, գլուխները կկախեն վար):
ԿՈՒՅՐ ՎԱՆԱԿԱՆԸ – (Ձեռքերը վեր բարձրացնելով) ուրեմն… Աստված իմ:
ՂԱԶԱՐ ՎԱՆԱԿԱՆ – Այո, Աստված: Աստծու վրեժն է ասիկա: Եկեղեցին քանդել ուզելը անպատիժ չի մնար: Մեծի վրեժը ինկավ ամենեն փոքրի գլխուն:
ՄՈՎՍԵՍ ՎԱՆԱԿԱՆ – Ախ, մեր խեղճ, մեր բարի, մեր մաքուր Աբեղան:
ԱԴԱՄ ՎԱՆԱԿԱՆ – Հեզ ու բարի, համեստ ու սուրբ:
ԽՈՒՄԲ ՄԸ – Ան սուրբ էր սուրբ:
ԶԱՔԱՐԻԱ ՎԱՆԱԿԱՆ – Եղերքն իջնենք, եղբարք, գուցե գտնենք դիակը, գոնե դիակը:
ԵՐԻՏԱՍԱՐԴ ՎԱՆԱԿԱՆ ՄԸ – Երթանք բերենք լաստը:
ԱՆՏՈՆ ՎԱՆԱԿԱՆ – Դժվար է, բայց պետք է, որ բերենք լաստը:
ԿՈՒՅՐ ՎԱՆԱԿԱՆԸ – Լաստը:
ԱՆՏՈՆ ՎԱՆԱԿԱՆ – Զարմանք բան է, ինքը ազատեց ուրիշի մը կյանքը ծովեն ու իր կյանքը տվավ ծովուն:
ԵՐԻՏԱՍԱՐԴ ՎԱՆԱԿԱՆ ՄԸ – Երթանք, երթանք, որոնենք:
ՄՈՎՍԵՍ ՎԱՆԱԿԱՆ – (Աչքերը վեր հառած ու մարգարեական շեշտով մը) Լսեցեք եղբայրք: Եթե Աստված ողորմի ու դիակը գտնենք, պետք է տանինք թաղենք նոր եկեղեցիի սեմին: Զոհի նոխաղը կմորթեն տաճարի սեմին:
ԴԱՎԻԹ ՎԱՆԱԿԱՆ – Տերը կխոսի քու բերանովդ: Թաղենք եկեղեցիի սեմին:
ԽՈՒՄԲԸ – (Հեռանալով) Թաղենք. թաղենք եկեղեցիի սեմին:
Բոլորը դուրս, կմոռցվի կույրը, որ կմնա մինակ: ԿՈՒՅՐ ՎԱՆԱԿԱՆԸ – (Խորտակված գլուխը կշարժե) Գացեք… թաղեցեք… ձեր եկեղեցիի սեմին, հին աստվածներու սեմին, ա, կարող են, հզոր, այդ հին աստվածները, դեռ շատ են հզոր…
ՁԱՅՆ ՄԸ – Իզուր հանեցիր աչքերդ:
ԿՈՒՅՐ ՎԱՆԱԿԱՆԸ – (Խորին հուզումով ու ահաբեկ) Ո՞վ է ատ, որ կհանդգնի…
ՁԱՅՆԸ – Իզուր հանեցիր աչքերդ:
ԿՈՒՅՐ ՎԱՆԱԿԱՆԸ – (Վախեն ետ-ետ երթալով) Որո՞ւն ձայնն ես դուն… կուզեի նայիմ աչքերուդ խորքը…
ՁԱՅՆԸ – Իզուր հանեցիր աչքերդ:
ԿՈՒՅՐ ՎԱՆԱԿԱՆԸ – Իզո՞ւր: