Ավելացվել է 52 228 բայտ,
19:09, 29 Հուլիսի 2014 {{Գլուխ|հիմնական=Հաղթական կամար|նախորդ=Հաղթական կամար - XXVIII գլուխ|հաջորդ=Հաղթական կամար - XXX գլուխ}}
«Տալբոն» կանգնած էր Բասսանո փողոցում երկու մեքենայի միջև, որոնցից մեկը «ռենո» էր, մյուսը՝ «մերսեդես-բենց»։ «Մերսեդեսը» իտալական համարանիշով նոր մեքենա էր։ Ռավիկը «տալբոն» դուրս բերեց մեքենաների արանքից։ Բայց նա այնքան էր շտապում, որ անզգուշաբար կպավ «մերսեդեսին» և քերծեց նրա ձախ թևը։ Առանց կարևորություն տալու դրան, նա մեքենան արագ քշեց դեպի Օսման զբոսայգին։
Ռավիկը սլանում էր մեծ արագությամբ։ Նրա համար շատ հաճելի էր, որ մեքենան այդպես հնազանդ է իր ձեռքերում, և այդ գիտակցությունից ցրվում էր այն մռայլ զգացողությունը, որը ցեմենտի նման ճնշում ու ցավ էր պատճառում ստամոքսին։
Առավոտյան ժամը չորսն էր։ Նա չպետք է այդպես շտապեր։ Բայց հանկարծ ամեն ինչ նրան անմտություն թվաց։ Հաակեն, ըստ երևույթին, վաղուց էր արդեն մոռացել իրենց հանդիպման այդ չնչին էպիզոդը։ Շատ հնարավոր է, որ նա առհասարակ Փարիզ այլևս չի վերադարձել։ Հիմա Գերմանիայում էլ քիչ անելիքներ չկան։
Մորոզովը կանգնած էր «Շեհերազադեի» դռան առաջ։ Ռավիկը մեքենան տարավ կանգնեցրեց մոտակա անկյուններից մեկում և վերադարձավ։ Մորոզովը նրան հեռվից նկատեց։
― Քեզ ասե՞լ են, որ ես զանգահարել եմ։
— Ոչ։ Իսկ ի՞նչ կա։
— Ես մի հինգ րոպե առաջ քեզ զանգ տվի։ Մեզ մոտ այնտեղ մի խումբ գերմանացիներ են նստած։ Նրանցից մեկը շատ նման է․․․
— Ո՞ւր են
— Նվագախմբի կողքին։ Այնտեղ միայն մի սեղան կա, որի շուրջը չորս հոգի են նստած։ Դռան մոտից երևում է։ Հենց մտնես, կտեսնես։
— Լավ։
— Նստիր մուտքի կողքին գտնվող փոքրիկ սեղանի մոտ։ Ես ասել եմ, որ այնտեղ մարդ չթողնեն նստի։
— Լավ, լավ, Բորիս։
Ռավիկը կանգնեց դռան շեմին։ Սրահը մութն էր։ Լուսարձակի լույսը ընկնում էր պարահրապարակի վրա, որտեղ կանգնած էր արծաթին տվող զգեստով երգչուհին։ Լույսի կոնաձև շողն այնքան էր պայծառ, որ նրանից դուրս ոչ մի բան չէր երևում։ Ռավիկր հայացքն ուղղել էր դեպի նվագախմբի մոտ գտնվող սեղանը։ Բայց ոչինչ չէր կարողանում տեսնել։ Սպիտակ թռթռացող լույսը սեղանը ծածկում էր նրա հայացքից։
Ռավիկը նստեց դռան կողքի սեղանի մոտ։ Քելներներից մեկը մի գրաֆին օղի բերեց։ Նվագախումբը կարծես նվաղած լիներ։ Նվագի քաղցրավուն մեղեդու մշուշը խխունջի նման սողում էր դանդաղ ու տարածվում, «J’attendrai․․․ J’attendrai․․․»։
Երգչուհին գլուխ տվեց։ Թնդացին ծափերը։ Ռավիկը թեքվեց դեպի առաջ։ Նա սպասում էր, որ լուսարձակի լույսը հանգչի, Երգչուհին շրջվեց դեպի նվագախումբը։ Գնչուն գլխով արեց ու ջութակը ծնոտով սեղմեց ուսին։ Ցիմբալները մի քանի ելևէջներ արձակեցին։ Սկսվեց երկրորդ երգը, «La chapelle au claire de la lune»։ Ռավիկն աչքերը փակեց։ Սպասելը դարձել էր գրեթե անտանելի։
Նա նորից շտկվեց, անհամբեր հետևելով երգի վերջանալուն։ Վերջապես երգը դադարեց։ Լուսարձակի լույսը հանգավ։ Ապակե սեղանների տակ լույսերը բոցավառվեցին։ Առաջին վայրկյաններին Ռավիկը ոչինչ տեսնել չէր կարողանում, բացի ինչ-որ անորոշ ուրվագծերից։ Լուսարձակի ուժեղ լույսին երկար ժամանակ նայելուց տեսողությունը կարծես կուրացած լիներ։ Նա աչքերը մի անգամ էլ փակեց ու քիչ անց կրկին բացեց։ Այս անգամ արդեն իսկույն գտավ նվագախմբի մոտ դրված սեղանը։
Ռավիկը դանդաղ ետ ընկավ աթոռի թիկնատեղին։ Մորոզովի ասած գերմանացիներից ոչ մեկը Հաակեն չէր։ Հետո նա երկար ժամանակ այդպես մնաց նստած։ Հանկարծ վրան մի սոսկալի հոգնություն իջավ։ Այդ հոգնությունը նա զգում էր նույնիսկ ակնաբներում։ Շուրջը ամեն ինչ օրորվում էր անհամաչափ ալիքների նման․ երաժշտությունը, ուժեղացող ու մարող մարդկային ձայները, հյուրանոցային համարի լռությունից և նոր հիասթափությունից հետո «Շեհերազադեի» խուլ և ուղեղ թմրեցնող աղմուկը։ Թվում էր, թե այդ բոլորը քնային կալեյդոսկոպ է, զգուշորեն արված հիպնոզ, որը պատել էր մտքերից հյուծված և սպասումներից ուժասպառ ուղեղի բջիջները։
Պարահրապարակի վրա գցած լույսի շրջանակում պարողների միջև Ռավիկը հանկարծ նկատեց Ժոանին։ Նրա գլուխը հպվում էր իր հետ պարող տղամարդու ուսին։ Անկեղծ, տենչանքով լցված երեսը ետ էր գցած։ Ռավիկը ոչ մի ռեակցիա չտվեց։ Ոչ ոք չի կարող այդքան օտար լինել, որքան այն մարդը, որին մի ժամանակ սիրել ես, հոգնած մտածեց նա։ Այն խորհրդավոր թելը, որը նրան կապում է քո երևակայության հետ, կտրվում է։ Գուցե դեռ ինչ֊որ ցոլքեր են պահպանվում նրա և քո միջև, դեռ ինչ-որ բան կայծկլտում է մարող, տեսլային աստղերի նման, բայց դա արդեն կարմիր, հոգին ավանդող լույս է։ Նա գրգռում է, սակայն բոցավառել այլևս չի կարող — զգացմունքների անտեսանելի հոսքը կտրված է։ Ռավիկը գլուխը ետ գցեց նստարանի թիկնատեղին։ Մտերմության չնչին մի հատիկ՝ անտակ անդունդի վրա։ Ինչպիսի անուններ ասես, որ չի հնարված սեռերի մերձեցման այդ մթին տենչի մեջ։ Ծովի վրա կախված աստղային ծաղիկ է դա, որը քաղելու համար բավական է ձեռքդ մեկնես — իսկույն կգլորվես ու կսուզվես այդ նույն ծովի հատակը։
Ռավիկը հակվեց։ Քանի դեռ քունը վերջնականապես չի հաղթել, ինքը պետք է հեռանա այստեղից։ Նա գլխի շարժումով քելներին իր մոտ կանչեց։
— Ի՞նչ պետք է վճարեմ։
— Ոչինչ,— ասաց քելները։
— Ինչպե՞ս թե ոչինչ։
— Չէ՞ որ դուք ոչինչ չեք պատվիրել։
— Ախ, հաա՜, իսկապե՜ս որ։
Ռավիկը թեյադրամ խրեց քելների բուռն ու հեռացավ։
— Հը, չկա՞ր,— հարցրեց Մորոզովը, երբ Ռավիկը դուրս եկավ։
— Չէ,— պատասխանեց Ռավիկը։
Մորոզովը նայեց նրա երեսին։
— Արդեն բավական է,— ասաց Ռավիկը։— Սա, ես տեսնում եմ, շատ ծիծաղելի և անմիտ խաղ է։ Հինգ օր է, ինչ սպասում եմ։ Հաակեն ասում էր, ինքը սովորաբար երկու կամ երեք օր է մնում Փարիզում։ Նշանակում է, նա դարձյալ վերադարձած կլինի։ Եթե, իհարկե, այստեղ է եղել։
— Դե լավ, գնա քնիր,— ասաց Մորոզովը։
— Քնել չեմ կարողանում։ Կգնամ «Ուելսի Պրինց» հյուրանոց։ Կվերցնեմ ճամպրուկս և սենյակս կհանձնեմ։
— Գնա,— ասաց Մորոզովը։— Ես վաղը կեսօրին կգամ քեզ մոտ։
— Որտե՞ղ։
— «Ուելսի Պրինց» հյուրանոցը։
Ռավիկը նայեց նրան։
— Այո, իհարկե։ Հիմար բաներ եմ դուրս տալիս։ Ասենք, ի՞նչ իմանաս։ Գուցե և հիմար բաներ չեն, և ես ճիշտ եմ։
— Սպասիր մինչև վաղը երեկոյան։
— Ճիշտ ես ասում։ Դա էլ փորձենք, հետո կորոշենք, ինչ անել։ Բարի գիշեր, Բորիս։
— Լույս բարի, Ռավիկ։
Ռավիկն անցավ «Օզիրիսի» կողքով և մեքենան կանգնեցրեց շենքի անկյունում։ Նա «Ինտերնացիոնալի» իր սենյակը վերադառնալու տրամադրություն չուներ։ Գուցե կարողանար այստեղ մի երկու ժամ քնել։ Այսօր երկուշաբթի է։ Պոռնկատան համար դա խաղաղ օր էր համարվում։ Դռնապանը մուտքի մոտ չէր։ Ըստ երևույթին, ներսում ոչ ոք չկար։
Ռոլանդեն կանգնած էր դռան մոտ, որտեղից երևում էր ամբողջ սրահը։ Սրահը գրեթե դատարկ էր, բայց պիանոլան աղմկում էր ամբողջ ձայնով։
— Այսօր, ինչպես երևում է, առանձնապես մարդաշատ չէ, ճի՞շտ է,— հարցրեց Ռավիկը։
— Այո, համարյա մարդ չկա, բացի այդ ձանձրալի արարածից, որից գլուխներս չենք կարողանում ազատել։ Կապկի նման վավաշոտ է, բայց չի ուզում վերև բարձրանալ։ Դու ծանո՞թ ես այդպիսի տիպերի։ Ուզում է, և վախենում։ Գերմանացի է։ Էհ, գինու համար արդեն վճարել է։ Միևնույն է, երկար մնալ չի կարող, պետք է փակենք։
Ռավիկն անտարբեր նայեց քիչ այն կողմ գտնվող սեղանին։ Մարդը, որի մասին նրանք խոսում էին, մեջքով նստած էր դեպի Ռավիկը։ «Օզիրիսի» աղջիկներից երկուսը նստած էին նրա հետ։ Երբ մարդը թեքվեց աղջիկներից մեկի կողմը և նրա երկու կուրծքն էլ ձեռքերի մեջ առավ, Ռավիկը երեսը տեսավ։ Հաակեն էր։
Ռոլանդեն շարունակում էր խոսել, բայց թվում էր, թե Ռավիկը նրա ձայնը լսում է ինչ-որ հողմապտույտի միջից։ Նա չէր հասկանում Ռոլանդեի ասածը։ Եվ հանկարծ նկատեց, որ ինքը ետ է գնացել և կանգնել դռան մոտ, որտեղից, առանց երևալու, կարողանում է տեսնել Հաակեի սեղանի ծայրը։
— Մի կոնյակ բերե՞մ,— վերջապես հողմապտույտի միջից դուրս պրծավ Ռոլանդեի ձայնը։
Պիանոլայի ոռնոց։ Ռավիկը դեռ շարունակում էր այնպես օրորվել տեղում, կարծես նրա արևային հյուսակին ուժեղ հարված էր իջել։ Բռունցքներն այնպես էր սեղմել, որ եղունգները մտել էին մսի մեջ։ Հաակեն նրան այստեղ չպետք է տեսներ։ Իսկ Ռոլանդեն չպետք է իմանար, որ նա ճանաչում է Հաակեին։
— Ոչ,— ականջին հասավ իր սեփական ձայնը,— բավականին արդեն խմել եմ։ Ասում ես գերմանացի՞ է։ Ճանաչո՞ւմ ես, ով է։
— Պատկերացում էլ չունեմ,— ուսերը վեր քաշելով ասաց Ռոլանդեն,— նրանք բոլորը իրար նման են։ Իմ կարծիքով, սա առաջին անգամն է այստեղ լինում։ Գուցե մի քիչ խմեի՞ր։
— Ոչ, ես հենց այնպես, մի րոպեով մտա այստեղ․․․
Ռոլանդեն փորձող հայացքով նայեց Ռավիկին։ Վերջինս ուժերի լարումով տիրապետեց իրեն։
— Ես պարզապես ուզում էի մի անգամ էլ ճշտել, երբ է լինելու քո հրաժեշտի երեկոն,— ասաց Ռավիկը։— Հինգշաբթի՞, թե՞ ուրբաթ։
— Հինգշաբթի, Ռավիկ։ Դու կգաս չէ՞։
— Իհարկե։ Ես ուղղակի ստույգ օրն էի մոռացել։
— Հինգշաբթի, ժամը վեցին։
— Շատ լավ։ Ես կաշխատեմ ճշգրիտ լինել։ Միայն այդ էի ուզում իմանալ։ Իսկ հիմա պետք է գնամ։ Բարի գիշեր, Ռոլանդե։
— Լույս բարի, Ռավիկ։
Սպիտակ գիշերը հանկարծ փոթորկվեց։ Թվաց, թե շուրջը ոչ թե տներ են, այլ քարե անտառներ, լուսամուտների ջունգլի։ Հանկարծ Ռավիկին պատկերացավ, թե նորից պատերազմ է․․․ դատարկ փողոցով գողեգող շարժվող պարեկ․․․ թաքստոցում գտնվող մեքենա․․․ կամացուկ աշխատող մեքենայի աղմուկ․․․ թշնամի, որին պետք է հետևել ու գտնել։
Փռե՞լ տեղնուտեղը հենց որ դուրս գա։ Ռավիկը նայեց փողոցի երկարությամբ։ Մի քանի մեքենա։ Դեղին լույսեր։ Մի քանի կատու։ Հեռվում փողոցային լապտերի տակ ինչ֊որ մարդ է կանգնած, որը կարծես ոստիկան լինի։ Մեքենայի համարանիշ․․․ կրակոցի ձայն․․․ Ռոլանդեն, որ քիչ առաջ խոսում էր հետը․․․ Հանկարծ ականջում հնչեց Մորոզովի ձայնը, ինչպես ասա՞ց․ «Ռիսկի չդիմես․․․ ոչ մի բանով․․․ չարժի այդպիսի բան անել»․․․
Դռնապան չկա։ Տաքսի հնարավոր չէ գտնել։ Էլ ի՞նչ է պետք։ Երկուշաբթի օրերը այս ժամերին քիչ տրանսպորտի միջոցներ կան։ Մինչ նա մտածում էր այդպես, դռանը մոտեցավ մի «սիտրոեն» ու կանգ առավ։ Վարորդը սիգարետ վառելով, բարձրաձայն հորանջեց։ Ռավիկն զգաց, ինչպես մարմինը փշաքաղվեց, բայց շարունակում էր սպասել։
Նա մտածում էր, թե ինչ անի․ ավելի լավ չի՞ լինի, եթե ինքը դուրս գա մեքենայից, գնա «սիտրոենի» վարորդին ասի, որ «Օզիրիսում» այլևս մարդ չկա։ Ոչ, դա անհնար է։ Շատ ավելի խելացի կլինի, նրան փող տալ և որևէ հանձնարարությամբ տեղ ուղարկել։ Ասենք, Մորոգանի մոտ։ Ռավիկը բլոկնոտից մի թուղթ պոկեց, գրեց մի քանի խոսք, հետո ճղեց և նորից գրեց։ Մորոզովը թող «Շեհերազադեում» իրեն չսպասի։ Եվ գրածի տակ ինչ-որ պատահական անուն գրեց․․․
Տաքսին հանկարծ գնաց։ Ռավիկը մեքենայի լուսամուտից դուրս նայեց, բայց ոչինչ տեսնել չկարողացավ։ Մի՞թե դա Հաակեն էր, որ նստեց տաքսին ու հեռացավ, մինչ ինքը դրում էր։ Ռավիկը վայրկենապես սեղմեց ստարտերին, գազ տվեց ու միացրեց արագությունը։ «Տալբոն» տեղից պոկվելով, սլացավ տաքսու հետևից։ Տաքսու հետևի լուսամուտից ոչ ոք չէր երևում։ Գուցե Հաակեն անկյունո՞ւմ է նստած։ Ռավիկը հավասարվեց տաքսուն։ Բայց տաքսու սալոնի մթության մեջ ոչինչ տեսնել հնարավոր չէր։ Նա փոքր-ինչ ետ ընկավ, հետո, նորից ընթացքն արագացնելով, ընդհուպ մոտեցավ տաքսուն։ Վարորդը շրջվեց Ռավիկի կողմն ու հայհոյելով բղավեց․
— Էյ, ապուշի մեկը, ո՞ւր ես հուպ տալիս։
— Ընկերս քո մեքենայում է, նրան էի ուզում․․․
— Հարբած դանդալոշ, չե՞ս տեսնում, որ մեքենան դատարկ է,— մռնչաց տաքսու վարորդը։
Ռավիկն այդ նույն վայրկյանին ինքն էլ նկատեց, որ տաքսու հաշվիչը չի միացրած։ Նա մեքենան անմիջապես շրջեց ու հեռացավ։
Հաակեն մայթի եզրին կանգնած ձեռքով արեց։
― Է՜յ, տաքսի՛։
Ռավիկը մոտեցավ նրան ու արգելակեց մեքենան։
— Տաքսի՞ է,— հարցրեց Հաակեն։
— Ոչ,— Ռավիկը գլուխը հանեց մեքենայից։— Ալլո,— ասաց նա։
Հաակեն նայեց Ռավիկին։ Նա աչքերը կկոցեց։
— Ի՞նչ է։
— Ինձ թվում է, մենք ծանոթներ ենք,— ասաց Ռավիկը գերմաներեն։
Հաակեն թեքվեց դեպի առաջ։ Անվստահության արտահայտությունը չքացավ նրա դեմքից։
— Տե՜ր իմ աստված․․․ պարոն ֆոն․․․ ֆոն․․․
— Ճի՜շտ է։ Ճի՜շտ է։ Պարոն ֆոն Հորն․․․ իհարկե՜։ Ա՜յ քեզ պատահականություն։ Այ մարդ, այս ո՞ւր էիք այսքան ժամանակ չքացել։
— Ես միշտ Փարիզում եմ եղել։ Նստհցեք, նստեցեք։ Չգիտեի, որ դուք նորից վերադարձելեք։
— Մի քանի անգամ ես ձեզ նույնիսկ զանգ եմ տվել։ Չլինի՞ ուրիշ հյուրանոց եք փոխադրվել։
— Ոչ, ի՞նչ եք ասում։ Միշտ նույն հյուրանոցում եմ։ «Ուելսի Պրինցում»։— Ռավիկը բացեց մեքենայի դռնակը։— Նստեցեք, ես ձեզ կտանեմ։ Այս ժամերին տաքսի գտնելն այնքան էլ հեշտ չէ։
Հաակեն ոտքը դրեց կանգնակին։ Ռավիկն զգաց նրա շունչը։ Տեսավ նրա քրտնամխած կարմիր դեմքը։
— «Ուելսի Պրի՜նցը»,— բացականչեց Հաակեն։— Սատանան տանի։ Ահա թե ինչ։ «Ուելսի Պրինցը»․․․ Իսկ ես էլ անընդհատ զանգ եմ տվել «Գեորգ Հինգերորդ» հյուրանոցը։— Նա բարձր ծիծաղեց,— իսկ այստեղ ձեզ ոչ ոք չէր ճանաչում։ Հիմա արդեն հասկանալի է․․․ «Ուելսի Պրի՜նցը»․․․ Այո, իհարկե, նոր հիշեցի․․․ Մի տեսեք, ինչպես եմ մոռացել․․․ Բլոկնոտս թողել եմ տանը և ինչ կա, չկա խառնել իրար։ Հույսս հիշողությանս վրա դրի։
Ռավիկն աչքը չէր հեռացնում «Օզիրիսի» մուտքից։ Դեռ բավական ժամանակ կանցնի, մինչև այստեղից մեկնումեկը դուրս գա։ Դեռ աղջիկները պետք է շորները փոխեն։ Բայց, չնայած դրան, ավելի լավ է ինչքան կարելի է շուտ նրան առնել մեքենայի մեջ։
— Ուզո՞ւմ եք ներս գնալ,— հարցրեց ընկերաբար Հաակեն։
— Ճիշտն ասած, մտքովս այդպիսի բան անցավ, բայց տեսնում եմ, որ չափազանց ուշ է։
Հաակեն աղմկով արտաշնչեց։
— Դուք իրավացի եք, սիրելի բարեկամս։ Ես վերջին մարդն էի։ Արդեն փակում են։
— Ոչինչ։ Միևնույն է, այնտեղ էլ է ձանձրալի։ Կգնանք ուրիշ տեղ։ Չե՞ք ուզում։
— Իսկ հիմա ուրիշ տեղերը բա՞ց կլինեն։
— Իհա՜րկե։ Իսկական տեղերը, եթե ուզում եք իմանալ, հենց այս ժամերին են սկսում աշխատել։ «Օզիրիսը» միայն տուրիստների համար է։
— Ի՜նչ եք ասում, ես էլ կարծում էի․․․ Ես ձեզ պետք է ասեմ, որ սա շատ կարգին տեղ է։
— Սա ի՞նչ է որ․․․ այնպիսի հաստատություններ կան, որոնց հետ «Օզիրիսը» չի էլ կարող համեմատվել։ Սա սովորական բոզանոց է։
Ռավիկը մի քանի անգամ գազ տվեց։ Մոտորը մերթ ուժգնորեն ոռնում էր, մերթ դադարում։ Նա ճիշտ հաշիվներ էր արել։ Հաակեն անդյուրաշարժորեն խցկվեց մեքենայի դռնակից ներս և ընկավ նստիքին, ուղիղ Ռավիկի կողքը։
— Շատ հաճելի է ձեզ հետ կրկին հանդիպելը,— ասաց Հաակեն։— Ուրախ եմ այս պատահականության համար։
Ռավիկը ձեռքը մեկնեց նրա վրայով և փակեց դռնակը, ինչպես պետք է։
— Ես նույնպես ուրախ եմ։
— Ինչ ուզում եք ասեք, բայց, «Օզիրիսը» հետաքրքիր պոռնկատուն է։ Որ կողմը նայես, մերկ աղջիկներ են։ Ինչպե՞ս էլ ոստիկանությունը թույլ է տալիս։ Մանավանդ որ մեծամասնությունը, երևի, վարակված է, ճի՞շտ է։
— Շատ հնարավոր է։ Այսպիսի հաստատություններ գնալիս մարդ, իհարկե, հարյուր տոկոսով ապահովված լինել չի կարող։
Ռավիկը մեքենան քշեց։
— Իսկ այնպիսի տեղեր կա՞ն, որտեղ մարդ հարյուր տոկոսով կարող է իրեն ապահով զգալ։— Հաակեն կծեց սիգարի ծայրը։— Այնքան էլ հաճելի բան չէ տրիպերով տուն գնալը։ Բայց մյուս կողմից էլ․․․ մարդ մի անգամ է ապրում։
— Այո, իհարկե,— ասաց Ռավիկը և Հաակեին մեկնեց էլեկտրական վառիչը։
— Մենք ո՞ւր ենք գնում։
— Ուզո՞ւմ եք, սկզբում գնանք, «Maison de Rendezvous»։
— Դա ի՞նչ բան է։
— Տուն է, որտեղ բարձրաշխարհիկ տիկնայք անսպասելի հանդիպումներ են փնտրում։
— Ի՞նչ։ Բարձրաշխարհիկ տիկնա՞յք։ Չի կարող պատահել։
— Այո, բարձրաշխարհիկ տիկնայք, որոնց ամուսիններն արդեն ծերացած են։ Տիկնայք, որոնք ձանձրալի ամուսիններ ունեն։ Տիկնայք, որոնց ամուսինները շատ քիչ են վաստակում։
— Բայց ինչպես են անում․․․ հո դա չի կարելի այդքան հեշտությամբ անել․․․ ինչպե՞ս է դա կազմակերպվում։
— Այդ կանայք գալիս են այդտեղ մեկ կամ մի երկու ժամով։ Ասենք, մի բաժակ կոկտեյլ կամ սուրճ խմելու։ Ոմանց էլ նախապես հեռախոսով են կանչում։ Դա, իհարկե, պոռնկատուն չէ, ինչպես, օրինակ, Մոնմարտրի տներն են։ Ես այդպիսի մի սքանչելի տան տեղ գիտեմ, ուղղակի Բուլոնյան անտառում է։ Հաստատության տիրուհին տեսքով, շարժուձևերով այնպիսին է, որ ոչնչով չես տարբերի դքսուհուց։ Ամեն ինչում բարձր բարեկրթություն կա և նրբաճաշակություն։ Ամեն ինչում պահպանում է տակտը։
Ռավիկը խոսում էր առանց շտապելու, հանգիստ, շնչառությունը հավասարաչափ էր։ Ինքն իր ասածները լսելով, նա իրեն թվում էր գիշերային Փարիզի մի փորձառու էկսկուրսավար։ Նա ստիպում էր իրեն անընդմեջ խոսել, որպեսզի որքան կարելի է հանգիստ լինի։ Նրա թևերի երակները տրոփտրոփում էին։ Իր ամբողջ ուժով նա սեղմում էր մեքենայի ղեկը, որպեսզի ձեռքերը չդողան։
— Դուք ուղղակի կապշեք, եթե այդ տան կահավորանքը տեսնեք,— շարունակեց Ռավիկը։— Բարձրաճաշակ կահույք, հին ոճի գորգեր ու գոբելեններ, ընտիր տեսակի գինիներ, բարձրաճաշակ մատուցում․․․ իսկ ինչ կանա՜նց է վերաբերում, այստեղ արդեն բացարձակապես կարող եք վստահ չինել և ապահով։
Հաակեն բաց թողեց իր սիգարի ծուխը և գլուխը շրջեց դեպի Ռավիկը։
— Գիտեք ինչ, սիրելի ֆոն Հորն, ձեր ասածներն այնքան սքանչելի են հնչում, որ․․․ Բայց այստեղ մի կարևոր հարց կա ըստ երևույթին, այդ հաճույքներն այնքան էլ էժան չեն։
— Պատկերացրեք, ամեն ինչ աներևակայելի էժան է։
Հաակեն, մի տեսակ քաշվելով, ծիծաղեց։
— Դա կախված է նրանից, թե մարդ այդ էժանության տակ ինչ է հասկանում։ Մենք, գերմանացիներս, որ հազիվ ենք կարողանում մի քանի կոպեկ դուրս բերել․․․
Ռավիկը գլուխը օրորեց։
— Ես շատ լավ եմ ճանաչում այդ տիրուհուն։ Նա որոշ բաներով ինձ պարտական է։ Մեզ կընդունի որպես պատվավոր հյուրերի։ Եթե դուք գալիս եք ինձ հետ, նշանակում է, իմ բարեկամն եք, և շատ հավանական է, որ ձեզանից առհասարակ ոչինչ չվերցնեն։ Ձեր ծախսերն այնտեղ ամենաշատը մի քանի կոպեկ թեյադրամ տալը պետք է լինի․․․ Եվ դա շատ ավելի էժան կնստի ձեզ վրա, քան մի շիշ գինու արժեքը «Օզիրիսում»։
— Մի՞թե։
— Ինքներդ կտեսնեք։
Հաակեն ավելի հարմար նստեց։
― Սատանան տանի։ Դա արդեն ուրիշ բան է։
Նրա դեմքով մեկ տարածվեg գոհունակ ժպիտը։
— Դուք, ըստ երևույթին, այստեղ բոլոր ծակուծուկերը հիանալի գիտեք,— ասաց Հաակեն, շրջվելով դեպի Ռավիկը։— Ինչպես երևում է, այդ կնոջը դուք մեծ ծառայություն եք ցույց տվել։
Ռավիկը նայեց ուղիղ Հաակեի աչքերին։
— Այս կարգի տներ պահողները երբեմն իշխանությունների հետ տհաճ պատմություններ են ունենում։ Թեթևակի ճնշման փորձերի են ենթարկվում։ Մի խոսքով, դուք հասկանում եք, թե ես ինչ նկատի ունեմ։
— Հա, իհարկե․․․— Հաակեն մի վայրկյան մտքերի մեջ ընկավ։— Դուք մե՞ծ ազդեցություն ունեք այստեղ։
— Ոչ առանձնապես մեծ։ Պարզապես մի քանի ընկերներ ունեմ, որոնք ազդեցիկ ոլորտներում են գտնվում։
— Դա արդեն շատ բան է նշանակում։ Ձեր ծանոթությունները, թերևս, մեզ համար պետքական լինեն։ Մենք չե՞նք կարող մի անգամ այդ մասին խոսել։
— Ուրախությամբ, ինչո՞ւ չէ։ Ինչքա՞ն ժամանակ եք դեռ Փարիզում մնալու։
Հաակեն ծիծաղեց։
— Դժբախտաբար, ես ձեզ միշտ հանդիպում եմ այն ժամանակ, երբ արդեն պետք է մեկնեմ։ Առավոտյան յոթն անց կեսին դուրս եմ գալու այստեղից։— Հաակեն նայեց մեքենայի ժամացույցին։— Երկու ժամ ու կես։ Ինքս էի ուզում արդեն ձեզ ասել։ Ուրեմն, երկու և կես ժամից հետո ես պետք է հյուսիսային կայարանում լինեմ։ Կհասցնե՞նք որևէ բան անել։
— Շատ հեշտ։ Դուք դեռ հյուրանո՞ց էլ պետք է գնաք։
— Չէ, էլ ի՞նչ հյուրանոց․․․ իմ իրերն արդեն կայարանում են։ Իսկ հյուրանոցի վճարները փակել եմ ճաշից հետո, որպեսզի մի օրվա ավելորդ վարձ չվճարեմ։ Թե չէ իմ ունեցած մի քանի վալյուտային կոպեկներով․․․ — Հաակեն նորից ծիծաղեց։
Ռավիկը հանկարծ նկատեց, որ ինքը նույնպես ծիծաղում է։ Նա ձեռքերով ամուր սեղմեց մեքենայի ղեկը։ Դա անհնար է․․․ Ուղղակի հավատս չի գալիս․․․ Անպայման մի բան կպատահի, և ամեն ինչ նորից կխանգարվի․․․ Այսքան երջանիկ պատահականություննե՜ր․․․ Ոչ․․․ անհնար է․․․
Թարմ օդը Հաակեի միջից դուրս բերեց ալկոհոլը։ Նա թուլացավ, սկսեց խոսել ավելի դանդաղ, դժվարությամբ։ Հարմարորեն թիկնելով մեքենայի անկյունին, նա արդեն ննջում էր։ Ներքին ծնոտը կախվեց, աչքերը փակվեցին։ Մեքենան սուզվեց Բուլոնյան անտառի անձայն խավարի մեջ։
Ֆառերի լույսերը համր ուրվականների նման սլանում էին մեքենայի առջևից, խավարից պոկելով ծառերի ֆանտաստիկ ուրվագծերը։ Մեքենայի բաց լուսամուտներից ներս էր խուժում ակացիաների թարմ բուրմունքը։ Ասֆալտի վրայով գլորվող անիվների աղմուկ՝ մեղմ, միալար, անվերջանալի։ Գիշերային խոնավ օդում միապաղաղորեն լսվող մոտորի խլացած ու տևական դռռոցը։ Ինչ-որ փոքրիկ մի լճակի փայլատակում, փեկոնների մթին ֆոնի վրա երևացող ուռիների սիլուետներ, սադաֆագույն եղյամով ծածկված մարգագետիններ։ Route de Madrid, route de la Porte st․ Iames, route de Neuilly։ Քնի մեջ խորասուզված մի տուն։ Ջրի բուրմունք։ Քարեր։
Ռավիկի մեքենան սլանում էր Boulevard de la Seine-ի երկարությամբ։ Լուսնի լույսով ողողված գետի միջով դանդաղ սահում էին երկու սև ձկնորսական բարկաս։ Նրանցից մեկի վրա, որն ավելի հեռու էր գտնվում, հաչում էր մի շուն։ Ջրի վրայից մարդկային ձայներ էին գալիս։ Առաջին բարկասի ծայրին վառվում էր մի լույս։ Ռավիկը մեքենան քշում էր առանց որևէ տեղ կանգ առնելու։ Նա սլանում էր Սենայի ափի երկարությամբ, առանց արագությունն իսկ փոխելու, որպեսզի Հաակեն մեքենայի ցնցումից չարթնանա։ Նա ուզեց կանգ առնել։ Սակայն դա հնարավոր չէր։ Բարկասները շատ մոտ էին կանգնած ափին։ Նա թեքվեց դեպի Route de la Femme և սլացավ հակառակ ուղղությամբ դեպի Aliee de Longchamps, որպեսզի գետից հեռանա։ Շարունակելով այդ ճանապարհը, նա անցավ Allee de la Reine Marguerite և մտավ կողքի նեղ ծառուղիներից մեկը։
Հայացքը գցելով Հաակեի կողմը, Ռավիկը տեսավ, որ նա բաց աչքերով իրեն է նայում։ Մեքենայի պրիբորների աղոտ լույսի տակ Հաակեի աչքերը փայլում էին ինչպես ապակյա գնդիկներ։ Ռավիկի համար դա կարծես էլեկտրական հոսանքի հարված լիներ։
— Արթնացա՞ք,— հարցրեց Ռավիկը։
Հաակեն չպատասխանեց, նա շարունակում էր նայել Ռավիկին։ Նա նույնիսկ չէր շարժվում տեղից։ Անշարժ էին նաև աչքերը։
— Այս որտե՞ղ ենք մենք,— վերջապես հարցրեց նա։
― Բուլոնյան անտառում։ «Կասկադ» ռեստորանի մոտ։
— Ինչքա՞ն ժամանակ է, ինչ գալիս ենք։
— Տաս րոպե։
— Ոչ, ավելի երկար է։
— Հազիվ թե։
— Մինչև քնելս, ես նայեցի ժամացույցին։ Կես ժամից ավել է, ինչ գալիս ենք։
— Մի՞թե,— ասաց Ռավիկը։— Ես կարծում էի քիչ կլինի։ Մենք շուտով կհասնենք։
Հաակեն աչքը չէր հեռացնում Ռավիկից։
— Ո՞ւր։
— «Maison de Rendezvous»։
Հաակեն տեղում շարժվեց։
— Վերադարձեք,— ասաց նա։
— Հիմա՞։
― Այո։
Հաակեն այլևս հարբած չէր։ Նա սթափված էր, և միտքը գործում էր պայծառ։ Նրա դեմքն ամբողջովին փոխված էր։ Նախկին բարեհոգությունն ու ուրախ տրամադրությունը չքացել էին։ Այժմ Ռավիկը նորից տեսավ այն Հաակեի դեմքը, որին ինքը այնքան լավ էր ճանաչում և որ մեկընդմիշտ թաղվել էր իր հիշողության մեջ դեռ գեստապոյի զարհուրելի բանտախցից։ Հանկարծ Ռավիկը թոթափեց շփոթահարությունը, որ նրան ամբողջ ժամանակի ընթացքում այնպես կաշկանդում էր։ Մինչև վերջին րոպեն նրա մեջ այն զգացումն էր, որ կարծես ինքն ուզում է սպանել մի օտար, կողմնակի մարդու, որը ոչ մի առնչություն չունի իր հետ։ Նրա մեքենան պարզապես նստել էր մի բարեհոգի գինեսեր մարդ և ոչ թե մարդասպան։ Ռավիկը նայում էր այդ մարդու դեմքին և իզուր փնտրում այն պատճառները, որոնք դրդում էին իրեն սպանություն կատարել,— պատճառներ, որոնք ամենից առաջ իր գլխում էին, սեփական երևակայության մեջ։ Եվ հանկարծ ահա նորից այն աչքերը, որոնք իրեն էին նայում այն ժամանակ, երբ ինքը՝ կտտանքների ցավից հոգեվարքի դուռը հասած, հազիվ էր սթափվում մահաբեր ուշագնացությունից։ Նույն սառը աչքերը, նույն սառը, կամացուկ, համառ ձայնը․․․
Նրա մեջ վայրկենապես ինչ֊որ բան շրջվեց։ Կարծես դա էլեկտրական հոսանք էր, որ փոխեց իր ուղղությունը։ Լարվածությունը նույնն էր, բայց առկայծող, ներվային, փոփոխուն զգացումները այժմ լցվում էին մի ընդհանուր հոսանքի մեջ, ձգտում էին դեպի միևնույն նպատակը, և ուրիշ ոչինչ գոյություն չուներ այլևս, բացի այդ նպատակից։ Տարիները, մոխրացած, փլվեցին։ Ռավիկի հայացքի առաջ նորից վերակենդանացավ գորշ պատերով սենյակը, լուսավորված լուսամփոփ չունեցող լապտերներով, այն սենյակը, որտեղից արյան, կաշվե գոտիների, քրտինթի, կտտանքների և սարսափի հոտ էր գալիս․․․
— Ինչո՞ւ,— հարցրեց Ռավիկը։
— Ես պետք է վերադառնամ։ Հյուրանոցում ինձ սպասում են։
― Դուք չէի՞ք ասում, որ ձեր իրերն արդեն, կայարանում են։
— Այո, իրերս կայարանում են։ Բայց ես մի փոքրիկ գործ ունեի հյուրանոցում։ Դա է, որ մոռացել եմ։ Վերադարձեք։
— Լավ։ Ինչպես ուզում եք։
Ռավիկը մի շաբաթ առաջ եղել էր Բուլոնյան անտառի բոլոր ծակուծուկերում։ Նա մեքենայով շրջել էր բոլոր տեղերը և ցերեկը և գիշերը։ Հիմա նա ստույգ գիտեր, թե ինքը որտեղ է գտնվում։ Եվս մի քանի րոպե։ Նա մեքենան շրջեց դեպի ձախ գնացող մի նեղլիկ ծառուղի։
— Մենք վերադառնո՞ւմ ենք։
— Այո։
Ծանր բուրմունք սաղարթների, որոնց միջով ցերեկն անգամ չեն թափանցում արևի շողերը։ Մթին, թանձր խավար։ Ֆառերի ավելի պայծառ լույս։ Ռավիկը մեքնայի հայելու մեջ տեսավ, թե ինչպես Հաակեի ձախ ձեռքը կամացուկ սահեց արմնկակալից և զգուշորեն ետ ձգվեց դեպի գրպանը։ Ղեկն աջ կողմից է, մտածեց Ռավիկը։ Փառք աստծո, այս «տալբոյի» ղեկը աջակողմյան է։ Հետո մեքենան միանգամից թեքեց մի ուրիշ ծառուղի, ձախ ձեռքով ղեկը բռնած, իսկ աջը այնպես ետ քաշելով, իբրև թե մեքենայի ոլորվելու թափից պոկվեց ղեկից, և մինչև վերջը սեղմելով գազը, սլացավ առջևը ձգվող ուղիղ ճանապարհով։ Մի քանի վայրկյան անց նա ամբողջ թափով սեղմեց արգելակներին։
Արգելակները ճռնչացին, մեքենան մեխվեց տեղնուտեղը։ Մի ոտքը հենելով պեդալին, իսկ մյուսը թափքի առաջի մասին, Ռավիկը կարողացավ պահպանել իր հավասարակշռությանը։ Հաակեն, որի ոտքերը պատրաստ չէին դիմադրության և ինքն էլ այդպիսի հարված չէր սպասում, գլխով ընկավ առաջ։ Նա չհասցրեց ձեռքր գրպանից հանել և ճակատով զարնվեց մեքենայի պրիբորային պանելին։ Այդ նույն վայրկյանին Ռավիկն աջ գրպանից դուրս քաշեց մանեկի դարձակը և ամբողջ թափով խփեց Հաակեի գանգի ծոծրակային մասին։
Հաակեն այլևս ուղղվել չկարողացավ։ Նստիքից կողքի վրա սահելով, նա գնաց դեպի մեքենայի հատակը և, աջ ուսով դեմ առնելով պոիբորային պանելին, ամբողջ մարմնով սեղմվեց նրան։
Ռավիկը մեքենայի գազն ավելացնելով, սլացավ առաջ։ Ծառուղին կտրել-անցնելուց հետո միացրեց քողարկված լույսերը։ Նա սլանում էր և մտածում, թե որևէ մեկը չի՞ լսել արդյոք արգելակների ճռնչոցը։ Թ՞ե ավելի լավ չի արդյոք Հաակեին դուրս գցել մեքենայից և թաքցնել թփուտների մեջ, եթե հանկարծ մեկնումեկը հայտնվի։ Ռավիկը մեքենան կանգնեցրեց մի խաչմերուկում, հանգցրեց մոտորն ու լույսը, դուրս թռավ մեքենայից, բացեց կապոտը և այն կողմի դռնակը, որտեղ Հաակեն էր գտնվում, և ականջները սրեց։ Այստեղից հիանալի երևում էր և լսվում, թե ինչ է կատարվում շուրջը, եթե որևէ մեկը հայտնվեր, իսկույն կարող էր նկատել, Հաակեին թաքցնել թփուտներից մեկի տակ և բզբզել մոտորը, ձևացնելով, թե խափանվել է։
Լռությունն աղմուկից ավելի խլացուցիչ էր։ Նա վրա հասավ այնքան հանկարծակի, որ թվաց, թե վայրկենապես շուրջը լցվեց նրա աղմուկով։ Ռավիկն այնպես սեղմեց բռունցքները, որ ցավ զգաց։ Նա գիտեր, որ այդպես արյունն է աղմկում իր ականջների մեջ։ Նա շնչում էր խոր և դանդաղ։
Այդ աղմուկը աստիճանաբար փոխվեց շրշյունի։ Հետո շրշյունի միջից սկսեց ինչ-որ ճթճթոց լսվել, որը գնալով ուժեղանում էր, Ռավիկը լարված ականջ դրեց։ Ճթճթոցն ուժեղանալով, այժմ արդեն մետաղային ինչ-որ ձայն էր ստացել։ Հանկարծ Ռավիկն զգաց, որ դա պարզապես ծղրիդների ձայնն է։ Շրշյունը դադարեց։ Այժմ միայն այդ ճթճթոցն էր, որ տարածվել էր արթնացող օրվա խաղաղության մեջ, նեղլիկ այդ մարգագետնում, որը իրենից փոքր֊ինչ թեք էր ընկած։
Մարգագետնի վրա փռվել էր վաղորդյան աղջամուղջը։ Ռավիկը մեքենայի կապոտը փակեց։ Պետք էր շտապել։ Մինչև լույսի լրիվ բացվելը անհրաժեշտ էր ամեն ինչ վերջացնել։ Ռավիկը նայեց շուրջը։ Տեղն ընտրված էր վատ։ Ընդհանրապես Բուլոնյան անտառում հարմար տեղեր չկային։ Սենան գցելու համար արդեն չափազանց լույս էր։ Նա հաշվի չէր առել, թե այդ բոլորն այսքան ուշ կկատարվի։ Հանկարծ նա ցնցվեց։ Ականջին մի խշշոց հասավ, լսվեց մի ճանկռտոց, հետո տնքոցի ձայն եկավ։ Հաակեի ձեռքը դուրս սահեց բաց դռնակից և սկսեց ջղաձգորեն ճանկռտել մեքենայի ոտնակը։ Ռավիկը նկատեց, որ մանեկի դարձակը դեռ մինչև հիմա ձեռքին է։ Նա ձեռքը գցեց Հաակեի օձիքին, գլուխը դուրս քաշեց մեքենայից և նորից երկու ուժեղ հարված հասցրեց ծոծրակին։ Տնքոցներն իսկույն դադարեցին։
Թխկոցի ձայն լսվեց։ Ռավիկը շունչր պահեց, հետո նկատեց, որ դա ատրճանակն էր, նստիքից սահեց֊ընկավ ոտնակին։ Ըստ երևույթին, մինչև մեքենայի արգելակումը Հաակեն դա իր ձեռքում էր բռնել։ Ռավիկն ատրճանակը դարձյալ գցեց մեքենայի մեջ։
Նա նորից ականջ դրեց։ Ծղրիդներ։ Մարգագետին։ Երկինք, որ լուսավորվում էր և սահում դեպի ետ։ Քիչ հետո արևն արդեն կծագի։ Ռավիկր բացեց մեքենայի դռնակը, դուրս քաշեց Հաակեին, շրջեց մեքենայի առջևի նստիքը և փորձեց նրա մարմինը խրել թափքի մեջ՝ առջևի և հետևի նստիքների արանքը։ Դա չհաջողվեց։ Տեղը չափազանց նեղ էր։ Նա մեքենայի կողքով վազեց, բացեց բագաժնոցը և ազատեց ավելորդ գործիքներից, նորից Հաակեին դուրս բերեց մեքենայից ու քարշ տվեց բագաժնոցի մոտ։ Հաակեն դեռ չէր մահացել։ Նա սոսկալի ծանր էր։ Քրտինքն ամբողջովին ողողել էր Ռավիկի երեսը։ Վերջապես նրան հաջողվեց Հաակեին խրել բագաժանոց։ Ռավիկր նրա ծնկները ծալեց, կպցրեց կզակին, ինչպես երեխայի դիրքն է լինում մոր արգանդի մեջ։ Այնուհետև նա գետնից վերցրեց բագաժանոցից դուրս գցած գործիքները՝ բահն ու դոմկրատը, և տեղավորեց մեքենայի թափքի առջևի մասում։ Կողքին գտնվող ծառերից մեկի վրա մի թռչուն սկսեց խլվլալ։ Ռավիկը ցնցվեց։ Նրան այդ ծլվլոցը թվաց շատ ավելի բարձր, քան մինչ այդ իր լսած բոլոր ձայները։ Աչքը գցեց դեպի մարգագետինը։
Լույսն ավելի էր բացվել։
Ռավիկը չէր ուզում ռիսկի դիմել։ Նա մոտեցավ բագաժանոցին և կիսով չավ։ բարձրացրեց կափարիչը։ Հետո ձախ ոտքը դրեց հետևի բուֆերին և ծնկով կափարիչն այնպես պահեց կիսաբաց վիճակում, որ հնարավոր լինի ձեռքերը ներս մտցնել ինչ֊որ բան անելու համար։ Եթե որևէ մեկը նույնիսկ տեսնի էլ, կկարծի, թե նա անմեղ գործով է զբաղված։ Մանավանդ որ կափարիչը ուզած րոպեին կարող է փակել։ Նրա առջևում երկար ճանապարհ էր ընկած։ Բայց ամենից առաջ պետք էր Հաակեին սպանել։
Հաակեի գլուխը խրվել էր բագաժանոցի աջ անկյունը։ Ռավիկը դա պարզ տեսնում էր։ Նրա վիզը թուլացած էր, փափուկ, բայց զարկերակները խփում էին։ Ռավիկը ձեռքր գցեց Հաակեի կոկորդին և ամբողջ ուժով սեղմեց։
Թվում էր, թե դա տևում է հավիտյան։ Բայց ահա Հաակեի գլուխը փոքր֊ինչ ցնցվեց, շատ աննշան։ Մարմինը փորձեց ձգվել։ Կարծես ուզում էր դուրս պրծնել իրեն կաշկանդող հագուստների միջից։ Բերանը բացվեց։ Նորից լսվեց թռչնակի սուր ծլվլոցը։ Լեզուն դուրս ընկավ բերանից, հաստ, դեղին, փառակալած։ Եվ հանկարծ Հաակեն բացեց մի աչքը։ Թվում էր, աչքն անընդհատ նայում ու դուրս է պրծնում ակնաբնից․․․ թվում էր գլխից անջատվել ու շարժվում է Ռավիկի վրա․․․ բայց մարմինը հանձնվեց, թուլացավ։ Ռավիկը որոշ ժամանակ Հաակեի կոկորդը դեռ այդպես սեղմած պահեց։ Վերջացավ։
Բագաժանոցի կափարիչը շրխկալով փակվեց։ Ռավիկը մի քանի քայլ արեց, բայց հանկարծ զգալով, ոչ ծնկները դողում են, ձեռքը գցեց կողքի ծառերից մեկի բնին։ Սիրտն սկսեց խառնել։ Այնպես էր որձկում, կարծես հիմա ուր որ է ստամոքսը բերանից դուրս կգա։ Նա փորձում էր զսպել իրեն։ Բայց անօգուտ։
Հայացքը բարձրացնելով։ Ռավիկը մարգագետնով քայլող մի մարդ տեսավ։ Մարդը նայեց իրեն։ Ռավիկը տեղից չշարժվեց։ Մարդը գալիս էր իր կողմը։ Գալիս էր դանդաղ քայլերով, անուշադիր։ Հագուստով պարտիզպանի կամ բանվորի նման էր։ Նորից նայեց Ռավիկին։ Ռավիկը թքեց և գրպանից հանեց սիգարետի տուփը։ Հետո մեկը վառելով, ծուխը առատորեն ներս քաշեց։ Կծու ծուխը այրեց կոկորդը։ Մարդը ծառուղին կտրեց, անցավ։ Նայեց այնտեղ, որտեղ Ռավիկը սիրտ էր թափել, նայեց մեքենային և ապա՝ նորից Ռավիկին։ Մարդը ոչինչ չասաց, իսկ Ռավիկը ոչինչ չկարողացավ կարդալ նրա դեմքին։ Անշտապ քայլերով նա անհետացավ խաչմերուկի հետևում։
Ռավիկը մի քանի վայրկյան ևս սպասեց, հետո բանալիով փակեց բագաժանոցը և մոտորը գործի գցեց։ Բուլոնյան անտառում նա ոչինչ այլևս անել չէր կարող, արդեն լույս էր։ Պետք է գնար Սեն-Ժերմեն։ Այնտեղ անտառները իրեն լավ ծանոթ էին։