=Եղանակներ=
Ս․ գիրքն ասում է, որ լուսատուների անհրաժեշտությունն ու գործը ստուգությամբ երկու բանի համար սահմանեց Աստված․ մեկը՝ «ի լուսաւորութիւն՝ ի վերայ երկրի, և մեկնել ի մէջ տուընջեան և գիշերոյ», և մյուսը՝ որպեսզի «եղիցին ի նշանս և ի ժամանակս, և յաւուրս և ի տարիս»։ Ուղղահավատ և ծռահավատ՝ ամենքն էլ ավելի կամ պակաս քննությամբ և գիտությամբ այդպես են ընդունել և արել․ արեգակով սովորաբար չափել են տարին, լուսինով՝ ամիսները, աստղերով գիշերվա ժամերը կամ պահերը, երբ երկրի թավալմամբ նրանք երևում են զենիթից կամ գագաթնակետից քիչ֊քիչ դեպի հորիզոն խոնարհված։ Լուսատուների այս զննումներին հաջորդած պաշտամունքը հիշեցինք։ Մեզ մնում է իմանալ, թե արդյոք սրանց առերևույթ շարժման տևողությունը ևս, որ ժամանակն է և նրա մասերը, պաշտել են հայերը, ինչպես հույները ունեին ժամանակի մի Քրոնոս չաստված, պարսիկները կամ զանդիկները՝ Զրվան։ Ասվածը վերաբերում է նաև ամիսներին։ այս մասին հայերի մոտ հայտնի նշան չկա։ Չկա նաև տարվա չորս եղանակի պաշտամունք կամ անձնավորում, ինչպես կա բազմաստված հույների մոտ։ Բայց որքան էլ տարվա այս բաժինների անունները դիցական բնույթ չունեն, և հնչմամբ կարելի է մի քանի նմանություն գտնել օտար լեզուների հետ, դարձյալ իմանալու բան է երկու բարեխառն եղանակների հայերեն անունների զույգ վերջահանգը՝ <i>գարուն</i> և <i>աշուն</i>, ինչպես և երկու բարկ եղանակներինը՝ <i>ամառն</i> և <i>ձմեռն</i><ref>Վանական վարդապետը բառի պարզ հնչմանը միտք դնելով ցանկանում է ստուգաբանել․ «Գարունն՝ որ գայ ի յարումն․ Ամառն այս է՝ որ յանօթ առնու․ Աշունն՝ որ անշընչին․ Ձմեռն՝ որ ձիւնամեռ լինին»։</ref>։ Այսպիսի անունները պատահականության արդյունք չեն, այլ հնարված են թվում խելամտորեն, ինչը թողնում ենք պարզելու հնարագետներին և բանասերներին դրանք բաղդատելով օտար ազգերի ու լեզուների ունեցած անվանումների հետ։
Մեզ հանդիպածը (եթե ճիշտ գրվել և ընթերցվել է) աշնան <i>ուշման</i> անվանումն է հին հնդկական սանսկրիտ լեզվում<ref>Մեկ այլ տեղում կարդացինք, որ սանսկրիտում <i>ուշնա</i> նշանակում է «ամառ», </i>ուշ</i> «այրել»։</ref>․ առավել նմանությամբ՝ Ավեստայի լեզվում ձմեռը<ref>Կարող եք հիշել նաև սրանից առաջացածը՝ <i>սկառ</i>, որ Ավեստայի լեզվում ասվում է <i>իսի</i>, գերմաներեն Eis, և այլն։</ref> կոչվում է <i>ձմեա</i>, իսկ որ մեզանում <i>ծմակ</i> են կոչվում հյուսիսային կողմը, խոնավ ու ստվերոտ տեղերը, որտեղ գուցե հայը ուներ պատելի կամ խորշելի մի ոգի։ Այս եղանակի անունն ու բերածը (ձյուն) օտար ազգերից շատերի մեջ լսվում է մերձավորապես նմանահունչ․ հունարեն՝ Чеймщн, լատիներեն՝ Hiems, Hiberuns, սանսկրիտ՝ <i>հիմա</i> («ձմեռ»<ref>Իռլանդացիներն էլ կոչում են Geimhre։</ref>), հունարեն՝ Чйщн («ձյուն»)։ Հնդկաստանի քյաֆիրները ձյանը ասում են <i>ձիմ</i>, ձմռանը՝ <i>ձյուն</i>, զանդիկները ձյանը՝ <i>ձիայո</i>, ալանները ձմռանը՝ <i>սիմեն</i>։ Ամառը Ավեստայի լեզվում կոչվում է <i>համա</i>, և զարմանալի համադրությամբ անգլերեն Summer ու գերմաներեն Sommer բառերը նշանակում են «ամառ», մինչդեռ հնչմամբ մոտ են <i>ձմեռ</i> անվանը<ref>Մի բանասեր (Pictet), գտնելով, որ այլևայլ լեզուներում ամառվա և ձմեռվա անունները նման են, իսկ աշնան անվանումը՝ տարբեր, եզրակացնում է, թե ի սկզբանե առանձնացնում էին տարվա երեք եղանակ, և աշունը ավելացվել է հետագայում։</ref>։
Հայոց Նոր տարվա տոնը, որ մի կեսով քաղաքական և մյուս կեսով կրոնական հանդես էր, թողնում ենք հիշելու դիցական պաշտամունքը քննելիս։
Տարին 4 եղանակի բաժանելու պես 12 ամիսների բաժանելը ևս ընդհանուր է գրեթե բոլոր քիչ թե շատ քաղաքակիրթ ազգերի մեջ՝ օրերի պես֊պես քանակներով և ավելին ու պակասը լրացնելու կերպերով, ինչը պատշաճ է պարզել տոմարագիտությանը։ Ներկայումս մեր գործածած տոմարների կամ օրացույցների մեջ էլ հիշատակում ենք նաև հայկական ամիսների անունները, որ բոլորին են ծանոթ, բայց ոչ ծագումով։ Եվ ոչ էլ ի սկզբանե բոլոր ամիսներն են ունեցել այս անունները, այլ փոփոխություններ և խառնուրդներ են եղել, և այդ պատճառով էլ իմաստով իրար նման չեն։ բայց քանի որ մեր խնդիրը կրոնական հավատքին է վերաբերում, կամենում ենք այդպիսի նշան ունեցողները զատել, իսկ մյուսները՝ հիշել ըստ հարկի։
Մեր միջին դարերի վարդապետներից ոմանք շատ դյուրամտությամբ, գուցե Հայկի ընդգծուն պատվարդությամբ ասել են, թե այդ 12 անունները նրա 12 որդիների ու դուստրերի անուններն են, մինչդեռ ծանոթագույն որդիների (Արմենակի և այլոց) անունները նրանց մեջ չկան։ Հնարավոր է, որ մի քանիսը հատուկ անձանց ու դյուցազունների անուններ են, բայց մնացածները պատշաճում են եղանակներին։
=Կենդանիների պաշտամունք=