Նշենք նախ Ագաթոնի գուշակությունների նյութը։
Քրիստոնեությունը պետական կրոն դարձնելուց հետո, ֆրանկների Կոստանդինոս մեծ կայսրը և Սեղբեստրոս պապը Հայաստանի Տրդատ թագավորի և Գրիգոր Լուսավորչի ուղեկցությամբ ուխտի են գնում Երուսաղեմ։ Կոստանդինոսը կառուցում է Երուսաղեմի Հարության տաճարը։ Տրդատը շինում է Բեթղեհեմի տաճարը։ Կայսրի հրավերով Տրդատը և Լուսավորիչը Երուսաղեմից ուղևորվում են Հռոմ։ Նրանց ուղեկցում է 64 հազարի (ըստ տպագիր վարիանտի 70 հազարի) հասնող հայ զորքը։ Ճանապարհելով հյուրերին Հայաստան՝ կայսրը հետ է պահում Հռոմում նրանց ուղեկցած հայ զինվորներից 200 մարդ։ Սրանցից է ահա, որ սերվում է «որմանք» կամ «արամանք» (ըստ տպագրի՝ «որմանք» և «ալամանք») կոչված ժողովուրդը, որի միջից, ժամանակներ հետո (ըստ տպագրի՝ «ի լնուլն յետին դարին յութ հարիւր ամին») հառնելու է նոր մի Կոստանդինոս, որը հետևելով իրեն ենթարկված 12 խաչապաշտ թագավորների պաղատանքին, ձեռնարկելու է տիեզերքի փրկությանը և ազատելու է հայերին նետողների լծից։ Ափ իջնելով Գեղեցիկ նավահանգստում՝ կայսրը արշավում է Տրդատի կառուցած Դավրեժ քաղաքը, ժողովում ցաք ու ցրիվ եղած հայ ժողովուրդն ու զորքը, «որ լինի յազգէն Մամիկոնէից» և վերականգնում հայ նախարարական տները: Կայսրը հայ բանակի զորավար է նշանակում Արշակունի թագավորազն Վաղարշակին։ Վերականգնելով հայրենի գաը՝ գահը՝ սա պատերազմում է Բյուզանդիայի դեմ՝ առնելով նախնիների վրեժը։ Գալով Եկեղյաց գավառի '''Ճմին''' գյուղատեղին՝ Տրդատի և Պարթև հայրապետների դամբարանավայրը<ref>Ճմին հունարեն (Zotumina) գտնվում էր հռոմեացիների ժամանակ Սատալա տանող մեծ ճանապարհի վրա. Հուստինիանոսի օրոք դարձավ առաջին Հայքի վարչական կենտրոնը (Տե՛ս Н. Адонц, Армения в эпоху Юстиниана, СПБ, 1908, էջ 145)։ XIII դարի մի հիշատակարանում նշվում է որպես Երզնկայի մոտ գտնված գյուղաքաղաք [տե՛ս Հայկական ՍՍՌ Մատենադարան, № 6273, էջ 52բ], իսկ XVII դարքի հիշատակարանում՝ որպես Երզնկա երկրում գտնվող գյուղ (նույն տեղում, № 6668, էջ 284ա)։ Դա ներկայիս Երզնկայից դեպի արևելք գտնված Չիմին (սեռ. հոլ. Չման) գյուղն է, որ Կիրակոս պատմիչի մոտ հիշատակված է որպես քաղաքագեղ (Կիրակոս Գանձակեցի, նույն տեղում, էջ 265)։ Արդյոք Թիլ ավանից զատ այս վայրը ևս չէ՞ր հանդիսացել Պարթև կաթողիկոսների կամ Արշակունի թագավորների գերեզմանոցներից մեկը։</ref>, նա վերականգնելու է Լուսավորչի տան իշխանությունը՝ կաթողիկոս նշանակելով «մեծագեղ, լայնաճակատ, խոյաքիթ» մի եկեղեցականի։ Մամիկոնյանների սպարապետությամբ Վաղարշակը վերականգնելու է Հայաստանի հին սահմանները մինչև Ալանաց Դուռը, Ասորոց Միջագետքն ու Բյուզանդական ծովը։ Մինչև այդ մեռնելու է Կոստանդինոսը: Սրան հաջորդելու են Տիբերիոս և Վիզանդ կայսրները։ Վերջինիս օրոք նորից պիտի երևան իսմայելացիները, ավերեն Կարինը, վերականգնեն կռապաշտությունը, զոհ բերեն հին աստվածներին բազմաթիվ հայերի։ Սրի քաշված Հայաստանից պիտի վերապրեն քչերը միայն՝ «ի ձորն Մանանաղոյ և ի լերինս Սասնոյ և ի գոգն Կարմեղայ և հիւսիսոյ»։ Վիզանդը վրեժխնդիր է լինում հայերի համար։ Սակայն նոր տառապանք են բերում հյուսիսից խուժած 24 ազգերը՝ աճուճ մաճուճները, մագոգները և այլն։ Վիզանդի առաջնորդությամբ սրանց ևս պարտություն պիտի հասցնեն մյուս ժողովուրդները։ Վիզանդին հաջորդելու է Թեոդենը (տպագրում՝ Թեոդոս)։ Սրա ժամանակ ծնվելու է Նեռը, որի թագավորությանը վերջ է տալու Քրիստոսի հաղթող զորությունը։
Հարկ չկա կանգ առնել այս գուշակության մանր վարիանտների վրա։ Սրանցից կարևորն է թերևս միայն մեկը, ուր ասված է, թե Թեոդոսի ժամանակ, հիսունվեց տարի թագավորելուց հետո մահանալու է Վաղարշակը։ Սրան հաջորդելու է Արշակունի ծագումով խաղաղասեր և շինարար մեկը,— «որդի Արշաւանա, որդւոյ Շիրակայ, յազգէ և ի տոհմէ Թորքոմայ»։ Սրա օրոք է, որ սպառվելու է Արշակունյաց և Լուսավորչի իշխանությունը<ref>Հայկական ՍՍՌ Մատենադարան, № 706, էջ 17 աբ.։</ref>։