Իշխող պատկերացումով «յետին դարը» հայտնության այն դարաշրջանն էր, երբ պիտի տեղի ունենա աշխարհի կատարածը։ Յուրաքանչյուր դարաշրջանի սկիզբը նշվում էր «դարագլուխ» կազմող բիբլիական «անցքերով»։ Երբեմն «դարը» ընդգրկում էր ամբողջ մի հազարամակ<ref>Տե՛ս Հայկական ՍՍՌ Մատենադարանի ձեռ. № 3519, թ. 362ա և № 3276, թ. 72ա, «Յաղագս շրջանաց» և «Վասն դարուց» վերնագրված հատվածները։</ref>։ Միջնադարյան հասկացությամբ՝ աստված ինքն է սահմանել աշխարհի համար յոթնադարյան կյանք, որի ընթացքում մարդիկ պիտի ապրեն տաժանելի աշխատանքով. յոթը դարը լրանալուց հետո պիտի գար աշխարհածուփ կենցաղի կատարածը և արդարների հավերժական հանգիստը<ref>Տե՛ս օրինակ. Զաքարիա Ձագեցու՝ Ի թաղումն Քրիստոսի ճառը։ Հայկական ՍՍՌ Մատենադարանի ձեռ. № 2020, թ. 229բ.։</ref>։
«Յետին դարի» սկիզբը դնում էին Քրիստոսի ծնունդը։ Աշխարհի կատարածը դրվում էր Քրիստոսի ծննդից ծայր առնող «յոթներորդ դարի» վերջում, այսինքն՝ 1000 թվականին։ Քանի որ 1000 թվականից հետո աշխարհն անխախտ մնաց իր տեղում, հայ հեղինակներից ոմանք անհրաժեշտ համարեցին «յետին դարը» սկսել հայկական տոմարով սկիզբ առնող «դարագլխից»։ «Իսմայելացիների» կամ «աղեղնավորների» ներխուժումը կանխագուշակելով՝ Ներսես Պարթևին վերագրված տեսիլքի հեղինակը գրում էր. «Ոչ յարիցէ ազգն աղեղնաւորաց ի ժամանակս ձեր կամ որդւոց և թոռանց ձերոց, այլ իբրև լնուցուն թիւք եոթնհարիւր ամաց ժամանակաց»։ Այս չի նշանակում թե աղեղնավորների ներխուժումը նախատեսվում էր Ներսես Պարթևի ժամանակից 700 տարի հետո, այլ համաշխարհային-պատմական VII դարագլխի լրումից հետո, VIII կամ «յետին» դարաշրջանում։ Այլ խոսքով ասած՝ «աղեղնավորների» ներխուժումը ազդանշելու էր այն դարաշրջանի սկիզբը, երբ, քրիստոնեական միջնադարում իշխող պատկերացումների համաձայն, կատարվելու էր «ժամանակների լրումը», այսինքն՝ աշխարհի վախճանը։ Վ. Այգեկցին, հենվելով Ներսեսին վերագրված մարգարեության վրա, աշխարհի կատարածը նախատեսնում էր հայոց տոմարի սկզբից հաշված «ի վերջին կիրակէն ի կատարումն եօթն դարու, ի մուտ ութ դարուն յառաւօտուն ժամուն յորժամ յարեալ ի գերեզմանէն Քրիստnu»<ref>Մատենադարան, ձեռ. № 1880, էջ 330։</ref>։ Ըստ Վարդանի «Աշխարհագրության» Հովհաննու հայտնության նախատեսված գոգ և մագոգ կոչված ազգերը պիտի երևան «յորժամ յետին դարէն անցանի ՊԿԴ (=864) ամ»։ Սրանից շատ տարբեր չէր, երբ Ագաթոնը «Նոր Կոստանդիանոսի» երևումը նախատեսում էր «յետին դարի» 800 թվականին։ Հանդիպում է նաև «ի լնուլ ամաց էԷ-անց դարին, մտնելուց ԸՌԸՃ և Խ ամին» վարիանտը, որ վերծանում ենք յոթերորդ հազարամյակը (դարը) լրացած, ութերորդի 840 թվականը։
Ագաթոնի վերախմբագրման վերջին եզրի համար ելակետ պիտի ունենանք հնագույն օրինակի թվականը։ Չնայած իր հնության՝ այդ օրինակը ևս ազատ չէ աղճատումներից, այսպես, այդ օրինակն ունի «որմանք» տերմինը, փոխանակ «արմենք»-ի կամ գեթ «արմանք»-ի։ Ըստ երևույթին Հառիճում ընդօրինակված վարիանտից առաջ Ագաթոնի կանխատեսությունները բավական երկար պատմություն ունեն իրենց ետևում։