Ավարառության և գերեվարության ոգու հետ մեկտեղ Տիգրանն ու նրա որդի Արտավազդը ունեին նաև գեղարվեստի և գեղեցիկ դպրության ճաշակ․ նման լինելով ուրիշ մի քանի արևելյան թագավորների՝ պարծանք էին համարում հունասեր (ֆիլելլինոս) կոչվելը և հայերի մեջ հունարենի հետ հունական կրոնն էլ ծավալեցին։ Սրանք էլ, նորությունից և հանդեսներից քիչ֊քիչ դրդված, ավելի կամ պակաս չափով ընդունեցին նոր կրոնն ու նոր չաստվածներին, մանավանդ եթե գտան իրենց հին հավատքին որևէ նմանություն։ Եվ ավելի վատ․ ստիպված էին իրենց նոր տիրակալներին էլ գերագույն պատիվ տալ, կամ սրանք էին պահանջում այդպիսի պատիվ։ Եվ եթեգրվածը ստույգ է, նույն ինքը՝ Վաղարշակը, նամակի մեջ իր եղբորը անվանում է «անձն և պատկեր մեր աստուածոց․․․ [և] երեւելի բնակութեամբ ի մէջ դից»։ Այդ և դրա նման պատկերները կոտրտեց֊փշրեց Արտաշիր Ասանյանը, երբ Խոսրով Ա֊ի մահից հետո նվաճեց Հայաստանը։ Սրա որդին՝ Տրդատ Մեծը, հեթանոսության ժամանակ իր հրովարտակի մեջ հիշատակում է իր ազգը՝ ողջունելով․ «Եւ ի մեր Դիւցախառն Պարթեւաց՝ հասցէ այցելութիւն, ի փառաց թագաց»։
Ըստ մեր ազգի պատմության՝ նույն Վաղարշակի օրոք է տեղի ունեցել հնդիկ ազնվականներից ոմանց՝ փախչելով Հայաստան գալը իրենց չաստվածներով ու պաշտամունքավարներով, թագավորի հրամանով Տարոնում բնակվելը և իրենց աղանդը տարածելը։ Եվ այսպես՝ երկու֊երեք նոր հավատք՝ հնդկականը, հունականը և պարթևականը, խառնվում են հայկականին Քրիստոսից առաջ 2֊րդից 1֊ին դարի կեսը ընկած ժամանակահատվածում։ Եվ եթե ստույգ լիներ պատմվածը, խառնվել է նաև ասորականը կամ եդեսիականը։ Եվ այդ ժամանակամիջոցում են երևում կամ ավելի շատ երևում չաստվածների կռածոները (կուռքերը), որոնց նախկինում քիչ լինելը գուշակվում է նրանց գլխավոր պաշտամունքարանի՝ թագավորանիստ քաղաքում լինելուց և թագավորի հետ քաղաքից քաղաք փոխադրվելուց, նաև մի քանի հատուկ վայրերից, ինչպես՝ Բագարանից, Հաշտիշատից և այլ վայրերից, ուր՝ որպես ուխտատեղիներ, մեծ տոների ժամանակ ժողովրդի հոծ բազմություն էր գալիս։ Իբրև մեծ դիքերի և պաշտամունքի հատուկ վայր՝ հիշատակվում են Մեհյանների յոթ բագինները։ Եվ Տրդատից հետո մինչև հիմա Հայաստանում կուռքերի ոչ մի մնացորդ չի գտնվել՝ բացառությամբ մի քանի տարի առաջ Սատաղի մոտերքում գտնվածի։
Մեր նախնիների դիցապաշտական կրոնի վերաբերյալ շատ ավանդություններ չունենք, բայց շատ հավանական է, որ լեզվով մերձավորների հետ կար նաև կրոնի մերձավորություն։ Ստրաբոնը վկայում է, որ իչ պաշտում էին պարսիկները, նույնը պաշտում էին նաև մարերն ու հայերը, իսկ երբ Հայաստան մտան նաև հունական կուռքերը, մեր ազգակիցները դրանք ոչ թե ընդունեցին իբրև նոր աստվածներ, այլ հարմարեցրին իրենց ճանաչածներին, օրինակ՝ Դիոսը՝ Արամազին, Արտեմիսը՝ Անահիտին, Ափրոդիտեն՝ Աստղիկին, Հերակլեսը՝ Վահագնին։ Սակայն պետք է, որ նման լինեին, այլ ոչ համանման, որովհետև յուրաքանչյուր ազգ ուներ իր առանձին հայրենի կարծիքն ու ճաշակը։ Նույնիսկ հույներն ու հռոմեացիները, որ նույն չաստվածներին էին պաշտում, տարբեր պատկերացումներ ունեին։ Նաև միևնույն ազգությունն ու լեզուն ունեցող ժողովրդի պատկերացումները այլևայլ կողմերում այլևայլ են։ Սա հայտնի է նաև այն բանից, որ միևնույն չաստվածը ուներ զանազան անուններ կամ մականուններ՝ սկսած նրանցից ամենամեծից՝ Արամազդից, որի մասին մեր Խորենացին էլ է ասում (Ա․ ԼԱ), թե ուզողի համեմատ՝ կա ոչ մեկ, այլ չորս Արամազդ, մեկն էլ՝ Կունտ Արամազդ (ո՞րն է)․ չորսի վրա չորսն էլ կարելի է ավելացնել կամ բազմապատկել։
Չուզելով այսպիսի խորհրդածությունները երկարարձգել հիշենք մեր նախնիների՝ բնիկ կամ օտար անվամբ պաշտած չաստվածներին՝ սկսելով վերջին հիշատակվածից։
===Արամազդ===
Սովորաբար, երբ մեր նախնիները այս չաստվածին հիշատակում են որպես հունական, կոչում են <i>Դիոս</i>։ Այս անունը մոտ է բուն «Աստված» նշանակող հունարեն <i>Թեոս</i>(ИЭпт), լատիներեն <i>Դեուս</i> (Deus) անվանումներին։ Երբեմն այդ մասին հայտնում են թարգմանություններում, ինչպես Ոսկեբերանի՝ Տիտոսի թղթի մեկնության մեջ․ «Դիոս, զոր Հայք Արամազդ ասեն․․․ Զեւս՝ զոր և Դիոսն կոչեն, և հայերէն Արամազդ»։ Զևս անունն էլ հնչակից է <i>Դիոս</i>֊ին ու <i>Դեուս</i>֊ին, բայց հույները Արամազդին այսպես են կոչում, երբ նկատի ունեն <i>կյանք տվող</i> կամ <i>կյանքի պահապան</i> ըստ իրենց Zюз («կյանք») բառի։ Հռոմեացիները Արամազդին տալիս են բոլորովին այլ անուն` Jupiter, որից էլ ֆրանսիացիները և իտալացիները՝ Giove․ հայտնի է, որ հռոմեացիները իրենց հատուկ մեծ չաստվածին հարմարեցրել են Դիոսին, ինչպես հայերն էլ՝ Արամազդին։ Այս անունը ընդհանուր է հայերի ու պարսիկների համար։ Սրանք համառոտելով Որմիզդ են ասում՝ ըստ մեր նախնիների լսածի, իսկ նրանց նախնիները կամ զրադաշտականները Ավեստայի լեզվում ասում էին Ահուրա֊մազտաոյ, որ թարգմանում եմ «մեծիմաստ»<ref>Արդյոք, ըստ այս հնչման նշանակության, կարո՞ղ էր հայերենն էլ լինել Յահուր֊իմաստ</ref> կամ «իմաստությունների տեր»։ Թե՛ պարսիկները, թե՛ հույները և թե՛ հռոմեացիները նրան համարում են ժամանակի որդի կամ ծնունդ․ յուրաքանչյուր ազգ նրա ծնողին իր լեզվով է կոչում․ հույները՝ Քրոնոս, հռոմեացիները՝ Սատուռնուս, պարսիկները՝ Զարուանա֊ախերանա, որ նշանակում է «անսահման ժամանակ»։
Եթե սկզբում հայերը համակարծիք էին պարսիկներին, ապա երբ հունական չաստվածներին ընդունեցին, կարծիքներն էլ խառնվեցին ու հելլենացան։ Որքան կարող ենք իմանալ Ագաթանգեղոսի և Խորենացու հիշատակումներից, Արամազդը և՛ երկնքի ու երկրի արարիչն է, և՛ բոլոր դիքերի հայերը՝ որպես բացարձակ գերագույն էակ և աստված, և ըստ այսմ՝ հզոր ու ամենազոր։ Տրդատը, նրան երենք անգամ հիշատակելով, միշտ ասում է «Արին Արամազդ» և միաժամանակ համարում է աշխարհի արժանավայել խնամող՝ «լիութիւն պարարտութեան» տվող։ Ըստ այսմ՝ կարող է տարբեր անուններով նույնը լինել նաև Ամանորի պտուղների ամենաբեր դիքը, մանավանդ որ սրա հետ զուգորդվում է նաև Վանատուր դիքը, ինչպես Արամազդն էլ էր այդպես ճանաչվել Սպարտայում և այլուր, և ինչպես մեր նախնիներն են Բ․ Մակաբայեցիների գիրք (Զ, 2) հունական <i>Դիոս Քսենիոս</i>֊ը (Ченйпт) թարգմանել «Հիւրասէր Որմզդական Դիցն Վանատրի»։ Սակայն թերևս ավելի հավանական է, որ հին հայերը Ամանորաբերին համարում էին մի այլ չաստված, իսկ թարգմանիչները նրան զուգորդեցին հույների Վանատուրի հետ։ Արամազդին վերաբերող սրանց ավանդությւնները ո՛չ մեզ հարկավոր են և ո՛չ էլ հիշելու արժանի։ Մեզ համար շատ են նույնիսկ Տրդատի ցույց տված <i>արի</i>֊ն և <i>լիացուցիչ</i>֊ը․ թող հույներին մնան իրենց առասպելները, և ոչ մեկին՝ այնպիսի դիցահոր խայտառակությունները։
Հայաստանում Արամազդի գլխավոր մեհյանը գտնվում էր Բարձր Հայքի Դարանղյաց գավառում՝ Եզնկայի մոտ գտնվող Անի ամրոցում։ Արտաշես Ա֊ն հույների այդ ամենամեծ չաստվածի ամենաշքեղ կերպարանքը, որ «Ոլոմպիական պատկերն» էր, այսինքն՝ իր գերագույն գահի՝ Օլիմպոսի վրայից հսկաներին շանթահար անելիս արիական կերպով քանդակյալը, իսկական արիությամբ իջեցրեց և ուղարկեց Հայաստան։ Նրա որդին՝ Տիգրանը, այն կանգնեցրեց Անիում, մինչև ուրիշ չաստվածների էլ սփռեց այլևայլ կողմերում և քուրմերին էլ դրեցորպես իրենց գերյալ դիցահոր պաշտամունքավար։ Հայոց մեծագույն աշխարհակալը Հերակլեսի պատկերներից ընտրեց Սկյուլասի ու Դիպինոսի ճարտարագործածը։ Արդյո՞ք նրա վերցրած Արամազդն էլ Ֆիդիասի հրաշակերտը կամ գոնե Կյուպսելեի ոսկեղեն ձեռագործը չէր։ Նրան անվանակից Արտաշես Բ֊ն այստեղ քրմապետ կարգեց իր Մաժանորդուն։ Լուսավորիչը մինչև Կեսարիա գնալը այն ջախջախեց բագինի հետ և տեղում խաչ կանգնեցրեց, իսկ հողը թագավորական հրամանով դարձրեց եկեղեցու սեփականություն։ Նրա մասին է ասում անանիա վարդապետը՝ դիմելով եկեղեցուն․ «Դու և զԱրամազդական սուտանունն այն զդիւաբնակն պատկեր՝ զդիւանունն Դիոսի՝ կործանեցեր․ և զառ ի նորայն բնակեալն բագնի զդիւացն բազմութիւն՝ արտահալածս արարեալ՝ անդր եւս քան զԿովկասեանն բնակեցուցեր զլերամբ»։
Հայաստանում Արամազդի մեհյան այլ վայրում չի հիշատակվում՝ բացառությամբ Արամազդի տան, որ հիշեցինք Պաշատ լեռան վերաբերյալ այլ չաստվածների ու աստվածացրած կրակի հետ, որը խափանեցին ս․ Հռիփսիմյանները, որոնցից մեկը՝ մեր իմացած ս․ Նունեն, Վրաստան գնալու ժամանակ Ջավախք գավառում՝ Փառավան լճի մոտ, հանդիպեց փկնորսների, որոնք երդվումէին Արամազդով ու Զադենով, ինչից թվում է, թե մոտակայքում կար դրանց մեհյանը, կամ գոնե այնտեղ էլ էին պաշտում։ Նույն ս․ կույսի մասին ասվում է, որ Մցխեթ քաղաքում «կործանեաց զԱմպրոպային պատկերն Արամազդայ, որ կայր մեկուսի ի քաղաքէն, գետոյն հզօրի (Կուր֊Ղ․Ա․) ընդ մէջ անցանելով․ զոր սովոր էին երկրպագել այգուն այգուն ի տանեաց իւրաքանչիւր, զի հանդէպ նոցա երեւէր․ իսկ եթէ ոք զոհել կամէր՝ անցեալ ընդ գետն՝ առաջի մեհենիցն զոհեր»։ Սա հայտնի է դարձնում, որ վերոհիշյալը շանթաձիգ Արամազդի շատ մեծ պատկեր կամ անդրի էր՝ հավանորեն նույնպես բերված Հունաստանից և կանգնեցված մեհյանից դուրս՝ հրապարակում։
Հույների առասպելները նրանց պիղծ Արամազդին շատ զավակներ են ընծայում։ Մեր դիցաբանության մեջ հայտնի են մի որդին՝ Միհրը, և երկու դիցուհիները՝ Անահիտն ու Նանեն։ Մյուս չաստվածների ծնողները չեն հիշատակվում․ գուցե և նույն ինքը լինի։ Իսկ սրանց մայրը կամ Արամազդի կինը բնավ չի հիշատակվում։ Գուցե Որմիզդի պես անմայր են ծնվել, որովհետև սա էլ, ըստ պարսիկների, անկին էր։ Մեր «Ճառընտիր»֊ի մեջ հայտնապես սխալ կամ պակաս է սատանայի՝ ս․ Թադեոսի պատմության մեջ հիշատակված մեղադրանքը հայերին, թե թողեցին «զմեծ աստուածն Անահիտ և զմայր(՞) աստուածոցն Պիսիդովն»։ Թվում է՝ հայերը Արամազդի տոնը կատարում էին Ամանորի հանդեսի օրերին՝ Նավասարդին, իսկ հույները՝ իրենց թարկիլիոն ամսի 7֊ին։
===Անահիտ դիցուհի===
Սեփականագույնն ու սիրելիագույնն է հայոց դիքերից, որին համապատասխանողը հույների մոտ Արտեմիսն է (усфемйт), հռոմեացիների մոտ՝ Դիանան (Diana)։ Թե հայերը ինչ համարում ունեին Անահիտի վերաբերյալ, լավ է բացատրում Տրդատի ասածը մեր Լուսավորիչին (ըստ Ագաթանգեղոսի)․ «Եթե ոչ յանձն առնուցուս դիցն պաշտօն մատուցանել, մանաւանդ այսմ մեծի Անահտայ տիկնոջ, որ է փառք ազգիս մերոյ և կեցուցիչ, զոր թագաւորք ամենայն պատուեն, մանաւանդ թագաւորն Յունաց(՞) որ է մայր ամենայն զգաստութեանց, բարերար ամենայն մարդկան բնութեան, և ծնունդ է մեծին Արին Արամազդայ․․․ Մեծն Անահիտ՝ որով կեայ և զկենդանութիւն կրէ երկիրս Հայոց»։ Հրովարտակով էլ հայերին Արամազդի լիությունից հետո մաղթում էր «խնամակալութիւն յԱնահիտ տիկնոջէ»։ Ուրեմն Արամազդի կնոջ փոխարեն այս դուստրն էր հայերի մեծ դիցուհին և տիկինը՝ իբրև նրանց տիրուի և մայր, թերևս ինչպես հույների Աթենասը, որ Արամազդի ուղեղից էր ելել և մնացել էր կույս։ Բայց արդյոք բոլոր հայերը այդպե՞ս էին կարծում, թե՞ կինը լինելու կարծիք էլ ունեին, ինչպես որ «Հայսմավուրք»֊ի քրիստոնյա գրիչները, որոնք, փոխանակ գրելու «տիկնոջ» գրում են․ «Իգական պատկերն անահտայ՝ կնոջն Արամազդայ»։ Սակայն, Տրդատը նրան ճանաչում է միայն որպես Արամազդի դուստր և բարոյական «Մայր՝ ամենայն զգաստութեանց»՝ կուսությամբ և իմաստությամբ միանգամայն հավասարված հույների Արտեմիսին ու Աթենասին։ Այս նորհների վրա ավելանում են նաև խնամակալությունը, բարերարությունը և միով բանիվ՝ ազգի և երկրի կյանք ու կեցուցիչ լինելը, որով ոչ միայն այդ երկու հույն դիցուհիների, այլև Կիբելեի և ուրիշների բարի֊բարի շնորհներով էին զարդարել հայերը իրենց մայրախնամ Անահիտին։ Ներկայումս սրա համար են քննախույզները տարակուսում, թե իրականում ինչ էր Անահիտը։ Նրա կենսատու զորության հավաստիքը տալիս է պատմությունը․ Արտաշես Բ֊ի հիվանդության ժամանակ մի ուխտավորի (Աբեղ Աբեղյան) են ուղարկում Երիզա, որտեղ դիցուհու մեհյանն էր՝ կենսասեր թագավորի համար առողջություն խնդրելու։ Բայց մինչ դեսպանի վերադարձը թագավորը մեռնում է՝ երազնելով Նավասարդի օրերը, առավոտվա նուրբ մեգն ու ծուխը և իր սիրելի որսը։
Հերոդոտոս պատմիչը արևելյան ազգերի դիքերի մեջ Անահիտի չի ճանաչում (գոնե այս անունով), այլ հիշատակում է Ալիդդայի կամ Ալիլադի, որ մոտ է Անահիտ անվանը (ն և լ տառերի լծորդությամբ), և ասում է, թե սա արաբների պաշտած Ուրանիա֊Աստղիկն է, որին պարսիկները կոչում են Միթրա։ Ոմանք այս անունը Միհր կարծեցին, բայց հմտագույնները համարում են Մատեր, այսինքն՝ Մայր։ Պարսիկները Նսվիտ էին կոչում և կոչում են Արուսյակին, որ Աստղիկին նվիրաբերված լուսատուն էր և համարվում էր երկրի պահապան ու խնամակալ 28 ոգիներից կամ ազատներից մեկը և իրենց Ուշեղ Արտաշես թագավորի օրոք ներկայացվեց անձնավորված պատկերակերպ։ Բայց նրանից շատ առաջ էլ (մոտ 600 տարի մինչ Քրիստոսը), երբ պարսիկները, մարերը և նրանց զկինակիցները սկյութներին կամ սակերին հալածեցին արևմտյան Ասիայից և հաստատեցին սակայն կոչված տոները, գլխավոր պատիվն ու պաշտամունքը ընծայեցին Անահիտին, որին պաշտում էին նույն իսկ սակերը։ Ըստ ոմանց՝ Անահիտը ևս կոչվում էր սակյան։ Կան նաև Ս․ գրքի մեկնիչներ, որ կարծում են, թե Անահիտին է վերաբերում Երեմիա մագարեի ասածը (ԾԱ, 41)․ «Զիա՞րդ ի պարտութիւն մատնեցար, Սիսակ, և անկար յորս, պարծանքդ ամենայն երկրի» կարծես թե Բաբելոնը անվանափոխելով նրա պաշտած չաստվածի անունով։ Սակայն բաբելացիների պաշտախը սովորաբար կոչվում է Մյուլիտտա, որ նույնն է, ինչ Հերոդոտոսի Ալիդդա ասածը, նույնը՝ և ասորիների ու փյունիկեցիների Աստարտան, նույնը՝ նաև Կիբելեն՝ երկրի ու երկնքի դուստրը և Սատուռնուսի կինը։ Միով բանիվ ամենն էլ նշանակում են բնության ոգի կամ չաստված։ Այդպես է համարում նաև մեր Վանական վարդապետը՝ երեք դիցուհիներին միացնելով իրար․ «Աստարտն՝ Սիդոնացւոց ամօթն է, զոր Քաղդէացիք Աստղիկ ասեն, Յոյնք՝ Ափրոդիտես, Հայք՝ Անահիտ»։
Անահիտի անվանն ու իմաստին զուգակից է եգիպտական <i>Նիիթ</i> կամ <i>Նայթ</i> անունը, որ կա նաև հավելվածով՝ <i>Դա֊նաթ</i> կամ <i>Դանիթ</i>, և համարվում էր զգոնության, արիության, բեղմնավորության ու նյութական առատության մի մեծ դիցուհի, նաև գիշերվային երկինք՝ Ռայի, այսինքն՝ Արևի՝ դիցահոր մայրը<ref>Դիտելի է այս հայերեն բառի և նրա իմաստի նմանությունը եգիպտականին, նմանապես և գիշերվա նշանակությամբ՝ հռոմեացիների Noctus, ֆրանսիացիների Nuit անվանումներին։</ref>։ Հնդիկների հին գրքերում (Վեդաներում) էլ լսվում է Նիյաթե անունով, որով ճանաչում են Ագնիին՝ երկրի վրա հրի չաստվածին։ Բայց գիտնականները Անահիտին ավելի համապատասխան են համարում նրանց Բհավանի դիցուհուն, որ, ըստ Տրդատի ասածի, արդարև նշանակում է «կեցուցիչ»։ Բայց շատ այլանդակ չափազանցությամբ նրան միաժամանակ համարում էին Շիվայի՝ իրենց երրորդության մի անձի քույրը, կինը, դուստրը և հայերի պես նրան երինջ էին նվիրում։ Քննաբանները, է՛լ ավելի առաջ գնալով, Անահիտի անունը բխեցնում են հնդիկների <i>անահուտ</i> բառից, որ նշանակում է «արյան եռանդ», ուրիշները՝ <i>անասիդա</i> բառից, որը մազդեականները ասում էին <i>Անահիդա</i> ձևով «հանդարտ, մաքուր և բեղմնավորիչ» նշանակությամբ<ref>Ըստ այսմ՝ հայերեն <i>անահ</i> բառով էլ կարող է ունենալ <i>անվախ</i> նշանակությունը։</ref>։ Ապա՝ ոմանք այս անունը ստուգաբանում են պարսկերենով՝ իբրև «մանկամարդ, բոլորակուրծք»։ Հիշենք, որ պարսից աղանդի մեջ կա Ահիտի անունով մի դև, որը հակառակ է Անահիտին։
Նշանավոր է նաև հռոմեացիների Դիանա անունը, որը հակառակ ընթերցմամբ (աջից) կարդացվում է Անաիդ։ Հելլենական դիցաբանությունը քննողները ստիպված են նրանց շատ դիցուհիների հատկությունները կենտրոնացված տեսնել Անահիտի մեջ (Կիբելե, Մայա, Լատոնա, Բելլոնա, Ափրոդիտե)։ Սակայն նրան ավելի լավ է ճանաչել Պլատոնը Նիիթ և Աթենաս զգոն դիցուհիների մեջ։ Անահիտի անվան և ծագման կամ իսկության վերաբերյալ եղել են նաև բազում այլ կարծիքներ։ Ոմանք նույնն են համարել, ինչ Անամելեքը, որին Ս․ գիրքը հիշատակում է Ադրամելեքի հետ՝ իբրև կրակի, արեգակի, լուսնի չաստվածի, ինչպես պարսիկներին էլ համարել են աստղերի ու լուսնի պահապաններ։ Նրանք որոշ այլ արևելցիների հետ Արուսյակ պայծառ աստղը անվանել են <i>Նահիտ</i>, ըստ որում հույները ևս իրենց Արտեմիսի (Անահիտի) ճակատին դնում էին լուսնի մահիկ։ Հավանորեն հայերն էլ էին այսպիսի մի պսակ ընծայել իրենց Տիկնոջը, մանավանդ որ, Արտեմիսի լուսնակիր պատկերը հույներից ընդունելով, կանգնեցրել էին Երիզայում։
Այս բոլոր և նաև այլ կարծիքներից հետո ավելի հավանական են եգիպտացիների Նիիթի, հնդիկների Նիյադի, հռոմեացիների Դիանայի, նաև հույների (որոնք ունեին նաև մի պիղծ Անայեդա, որի հետ է թերևս շփոթում Ստրաբոնը հայկականը) Աթենասի հետ հայոց Անահիտի սկզբնական միությունը և այս անունով չաստվածի հնությունը։ Եվ հանտնի չէ՝ որտեղից և որ ազգից է նրա ծագումը։ Հայտնի է միայն, որ բոլոր ազգերից ավելի հայերն էին անահիտապաշտ, և ըստ Քրայցեր հմուտ դիցաբանի՝ հայոց Անահիտն է բոլոր անահիտների նախատիպը, մինչդեռ պարսից Նահիտը սոսկ ազատների (<i>իզետ</i>) դասից էր և ոչ աստված։ Եվ թեպետ նրանց երկրում էլ կար Անայիդ անվանումով մի գավառ, բայց մեզանում հռչակված էր Անահտական գավառը, որ նույն Եկեղյացն էր, և մեկ ուրիշն էլ հյուսիսային կողմում՝ Կուր գետ իմոտերքում էր։ Բայց եթե մեկը ցանկանա Անահիտին համանուն մի հին երկիր գտնել, պետք է ընդունի երկրի բոլոր գավառներից հանգույնը և նախաջրհեղեղայինը, ուր առաջնածին մարդը (թշվառ) Կայենը, «բնակեցաւ յերկրին Նայիդ, յանդիման Եդեմայ»<ref>Հռոմեացիների թարգմանությունը տեղանքի հատուկ անունը չի դնում, այլ ասում է, որ Կայենը փախավ Եդեմի արևելյան կողմը։</ref>։ 2֊րդ դարի հեղինակ բազմահմուտ, բայց մոլորյալ Տատիանոսն էլ Անահիտին համարում էր պարսիկներին ու հայերին ծանոթ մի մոգ, ինչպես Ապոլոնին՝ բժիշկ։
== Ծանոթագրություններ ==
<references>