Նրանք երգեցին այդ երգը Թոմի հետ միասին, վերջինս ծիծաղելով թփթփացրեց յուրաքանչյուրի ուսին եւ, մոմերը բարձր պահած, տարավ նրանց ննջարան։
===Գլուխ ութ․ Մառախլապատ գերեզմանոցում===
Ֆրոդոն քնեց ու երազներ չտեսավ։ Բայց առավոտյան կողմ նրա ականջին հասավ (քնի մե՞ջ էր, թե՞ իրականում) մի քնքուշ մեղեդի, որն ասես ներսից լուսավորվում էր անձրեւի մոխրագույն վարագույրը, վարագույրը արծաթավուն ապակենման դարձավ, դանդաղ բացվեց ու նրա առջեւ հառնեց արեւով լուսավորված կանաչ հեռուն։
Այստեղ էլ նա արթնացավ, իսկ Թոմն արդեն ման էր գալիս ու շվշվացնում, ասես թռչունների բներով պատված մի ծառ լինի, արեւն էր բլուրի հետեւ դուրս եկավ ու շողերը բաց պատուհաններից ներս ցանեց։ Դրսում ամեն ինչ կանաչ էր ու ոսկու պես փայլփլում էր։
Նրանք նորից մենակ էին նախաճաշում, բլբլացնելով ինչ որ խելքներին փչեր, պատրաստվելով հրաժեշտի, իսկ սրտները ծանր էր, չնայած պարզ, փափուկ, երկնագույն առավոտը ճանապարհի էր կանչում։ Պոնիները առույգ էին ու կայտառ։ Թոմը դուրս եկավ պատշգամբ, գլխարկը թափահարեց ու պար եկավ, որ նշանակում էր, թե ժամանակն անցնում է։ Հոբիթները հառաչելով ճանապարհ ընկան, շարժվեցին ոլոր֊մոլոր արահետով եւ զառիվեր լանջին իջան ձիերից, բայց Ֆրոդոն հանկարծ վարանումով կանգ առավ։
― Ոսկեհատի՜կը, ― բացականչեց նա։ ― Չէ՞ որ նրան հրաժեշտ չենք տվել, երեկոյից հետո նրան չենք տեսել․․․
Նա երեւի նույնիսկ հետ շրջվեր, բայց բլրի կատարին հանկարծ երեւաց ինքը՝ Ոսկեհատիկը եւ զրնգուն գետակի պես երգելով վազեց լանջն ի վար։ Քամին նրա մազերը ծածանում էր ու արեւը՝ ոսկեզօծում։ Շաղոտ խոտի վրա, նրա ոտքերի տակ պարում էին արեւի շողքերը։
Նրանք հրաժեշտի խոսքեր էին փնտրում, բայց դրա հարկը չեղավ՝ Ոսկեհատիկն ինքը խոսեց․
― Շտապեցե՛ք, սիրելի բարեկամնե՛ր, ― ասաց նա։ ― Մտքներումդ դրածից մի նահանջեք, համառ եղեք․․․ ― Եվ դիմեց Ֆրոդոյին։ ― Մնա՛ս բարով, Էլֆերի Բարեկամ, մենք ուրախությամբ հանդիպեցինք եւ ուրախությամբ էլ բաժանվում ենք․․․
Իսկ Ֆրոդոն լուռ էր։ Նա միայն խոր խոնարհվեց ու պոնին առաջ մղեց, նրա հետեւից շարժվեցին մյուսները։ Թոմ Բոմբադիլի հյուրընկալ օջախը, հովիտը եւ Անտառը տեսադաշտից ծածկվեցին։ Ձորակում գոլ խոնավություն էր եւ քաղցր բուրում էր թառամող խոտը։ Ներքեւից նրանք հետ նայեցին եւ նորից տեսան Ոսկեհատիկին՝ հեռավոր, փոքրիկ, գեղեցիկ՝ ասես արեւով ողողված ծաղիկ լիներ։ Նա կանգնած էր ձեռքերը դեպի հոբիթները պարզած, նրա հրաժեշտը արձագանք տվեց ձորակում, հետո նա ձեռքերը թափահարեց, շուռ եկավ ու անհետացավ բլրի գագաթի հետեւում։
Արահետը գալարվեց բլրի կանաչ ստորոտում, եւ նրանց դուրս բերեց մի ուրիշ ձորակ՝ ավելի լայն ու խոր, իսկ հետո սկսեց վերեւ֊ներքեւ ոլորվել լանջերով․ բլուր բլրի հետեւից, ձորակ ձորակի հետեւից։ Ոչ ծառ կար, ոչ առու՝ միայն խոտ ու լռություն, զեփյուռի շշունջ ու թռչունների հեռավոր կանչեր։ Արեւն ավելի ու ավելի էր բարձրանում եւ ավելի ու ավելի ուժեղ էր տաքացնում։
Կեսօրին մոտ նրանք բարձրացան լայնարձակ ու տափակ գագաթով բլուրը, որը մեծ պնակի նման էր։ Այստեղ քամի չկար, իսկ երկինքը իջնում էր ու ճնշում։ Նրանք մոտեցան եզրին ու նայեցին հյուսիս՝ ի՜նչ ճանապարհ են անցել․․․ Ճիշտ է, թանձր օդը ծածկում էր տեսանելիքը, բայց հասկանալի էր, որ Ձորը վերջանում է։ Առջեւում նրանց դիմաց խոր հովիտ էր ընկած, որը վերջանում էր երկու զառիկող լանջերով։ Իսկ հետո բլուրներ չէին երեւում, միայն աղոտ մութ շերտ էր։
― Դրանք ծառեր են, ― բացատրեց Մերին։ ― Երեւի Ուղու մոտ է, ճանապարհի եզրերին։ Ասում են, հայտնի չէ, թե երբ են տնկել։
― Հիանալի է, ― ասաց Ֆրոդոն։ ― Եթե մենք այդքան էլ գնանք մինչեւ երեկո, ապա դուրս կգանք ձորից, իսկ գիշերելու մի տեղ կգտնենք։
Այս խոսքերով նա նայեց արեւելք եւ տեսավ տափակ կանաչ դամբանաթմբեր՝ մի քանիսի գագաթները լերկ էին, իսկ մյուսների վրա ջարդված ատամների նման սպիտակ քարեր էին ցցված։
Այդ տեսարանը բարին չէր խոստանում, ի դեպ, դրանց խորածածկ պնակի մեջտեղում էլ նույնպիսի քար կար։ Կեսօր էր, քարը ստվեր չէր գցում, բայց հաճելիորեն հովացնում էր ուտելու նստած հոբիթների մեջքերը։ Կերան, խմեցին, ուրախացան՝ ի՜նչ համեղ էր ամեն ինչ․․․ Դե Թոմը ջանք չէր խնայել։ Իսկ թամբերից ազատ պոնիները թափառում էին մոտակայքում։
Դժվար ճանապարհ, համեղ նախաճաշ, տաք արեւ ու խոտի բույր։ Հոբիթները ոտքները մեկնեցին, աչքները երկնքին հառեցին, ավելի երկար պառկեցին, քան պետք էր, ու դրանից էլ պատահեց այն ամենը, ինչ պատահեց։ Արթնացան նրանք վախով, ախր բոլորովին չէին էլ մտածում քնել։ Քարը սառել էր ու երկար, դժգույն ստվեր գցել դեպի արեւելք։ Դեղին արեւը մառախուղի միջից հազիվհազ փայլում էր, իսկ թանձր ու սպիտակ մառախուղը բարձրանում էր բոլոր կողմերից։ Լռություն էր ու պաղ խոնավություն։ Պոնիներն իրար գլխի էին հավաքվել ու գլուխները կախել։
Անմիջապես վեր թռչելով, հոբիթները վազքով նետվեցին դամբանաթմբի արեւմտյան եզրը՝ նրանք պղտոր մառախուղի մեջ գտնվող կղզու վրա էին։ Նույնիսկ արեւը թաղվում էր ճերմակ մեգի մեջ, իսկ արեւելեքից սողեսող գալիս էր սառը, գորշ մշուշը։ Մշուշ, մշուշ ու մշուշ․ այն տանիքի պես կուտակվել էր նրանց վերեւում։
Ամեն ինչից դատելով, նրանք թանկարդն էին ընկել, բայց առայժմ ոգու արիությունը չէին կորցնում։ Դեռ ճանապարհը տեսնում էին, դեռ գիտեին, թե ինչպես հասնեն այնտեղ, իսկ մնալ, այստեղ սպասել մշուշի ցրվելուն՝ նրանց մտքով չէր անցնում։
Հոբիթները պոնիները մեկը մյուսի հետեւից բլուրի հյուսիսային թեք լանջով իջեցրին մառախուղի ծովը։ Իսկ տամուկ մշուշը այնքան խոնավ էր, որ նույնիսկ նրանց մազերը թաց ու կպչուն դարձան։ Ստորոտում կանգ առան ու հագան թիկնոցները, որոնք մի ակնթարթում խոնավացան ու ծանրացան։ Պոնիները խարխափելով առաջ էին գնում։ Միայն թե ձորահովտից դուրս գային, իսկ հետո արդեն պետք էր ուղիղ գնալ, այնտեղ ճանապարհից չես շեղվի մինչեւ Ուղի։ Նրանք հույս ունեին, որ Թացաձորից հետո մշուշը կնոսրանա կամ կցրվի։
Շատ դանդաղ էին առաջ շարժվում եւ, որպեսզի չմոլորվեն ու չկորչեն՝ իրար հետեւից։ Գլխավորում էր Ֆրոդոն, նրանից հետո՝ Սամը, Փինը եւ Մերին։ Թվում էր, արահետը վերջ չի ունենալու, բայց հանկարծ Ֆրոդոն նկատեց, որ երկու կողմից խավարը թանձրացավ։ Ուրեմն, հիմա հյուսիսային կիրճը կլինի, Թացաձորն անցել են։
― Արագ, իմ հետեւից, ― գլուխը շրջելով գոռաց նա ու առաջ շտապեց։ Բույց հույն իսկույն տագնապի փոխվեց՝ ավելի ու ավելի էր նեղանում ու փակվում սեւ կապանը։ Հետո հանկարծ խավարը ցրվեց ու նրա առջեւ ծառացան երկու վիթխարի քարե ցցեր։ Երեւի անցատեղ է, միայն հասկանալի չէ, թե որտեղից դրանք հայտնվեցին՝ վերեւից դրանք չէին երեւում։ Ֆրոդոն թափով անցավ երկու ցցերի արանքով, եւ նրա վրա ասես խավարը փլվեց։ Պոնին վրնջաց, ծառս եղավ, ու Ֆրոդոն ցած ընկավ, իսկ վեր կենալով՝ տեսավ, որ ինքը մենակ է․ ընկերներն անհետացել են։
― Սա՜մ, ― գոռաց նա, ― Փի՜ն, Մե՜րի․․․ Այստեղ, հետ մի մնացեք․․․
Ի պատասխան՝ ոչ մի ձայն։ Նրան սարսափ պատեց, նա հետ վազեց, անցավ քարե դարպասը, կանչելով՝ «Սա՜մ, Սա֊ա՜֊ամ, Փին, Մերի, որտե՞ղ եք»։ Պոնին սուզվեց գորշ մառախուղի մեջ։ Ինչ֊որ տեղից կարծես թե ձախից, արեւելքից հասավ հազիից լսելի պատասխան կանչը՝ «Հե՜յ, Ֆրոդոն, Ֆրոդո՜, հե՜յ»։ Նա նետվեց դեպի ճիչը եւ, մագլցելով քարքարոտ լանջով, նորից ձայն տվեց ընկերներին։ «Ֆրոդո՜, հե՜յ»։ Վերջապես վերեւից մշուշի միջից պատասխանեցին նվազ ձայներն ու խեղդվեցին աղաղակելով․ «Օգնեցե՜ք, օգնեցե՜ք, օգնությո՜ւյն»։ Ֆրոդոն մթին խավարում ամբողջ ուժով մագլցեց վեր ու վեր։
Ոտքի տակ հանկարծ հարթ դարձավ, եւ նա հասկացավ, որ հասել է դամբանաթմբի կատարը։ Ոտքերը ծալվում էին, ամբողջովին թրջվել էր եւ ցրտից դողում էր։ Այստեղ ոչ ոք չկար։ Լռություն ու անթափանց խավար։
― Որտե՞ղ ե՜ք, ― աղեկտուր գոռաց նա։
Պատասխան չեղավ։ Նա մի անգամ էլ գոռաց եւ տագնապահույզ ականջ դրեց։ Ականջներում սուլեց ցուրտ քամին։ Ֆրոդոն նկատեց, որ բերանից սպիտակ գոլորշի է դուրս գալիս։ Եղանակը փոխվում էր, մշուշը լողում էր ծվեն֊ծվեն դարձած, խավարը նոսրանում էր։ Ֆրոդոն աչքերը բարձրացրեց ու ամպերի պատռվածքներում աղոտ աստղեր տեսավ։ Նորից քամի փչեց, ու խոտը խշշաց։
Նրա ականջին խեղդված ճիչ հասավ, ու նա վազեց այնտեղ, որտեղ գոռում էին, իսկ մշուշը կտրատվում էր ու հալվում, բացելով աստղալի երկինքը։ Արեւելյան քամին թափանցում էր ոսկորները։ Աջից սեւ ստվեր դարձած բարձրանում էր Գերեզմանոցը։
― Դե, որտե՞ղ եք, ― նորից ճչաց նա վախեցած ու ջղայնացած։
― Այստե՜ղ, ― գետնի տակից արձագանքեց սարսռեցնող ձայնը։ ― Այստեղ, սպասում քե՜զ։
― Ո՛չ֊ո՛չ֊ո՛չ, ― շշնջցած Ֆրոդոն, բայց տեղից շարժվել չկարողացավ։
Նրա ծնկները ծալվեցին, եւ նա փուլ եկավ գետնին։ Լռություն։ Ոչ ոք չկա, գուցե թվացե՞լ է։ Նա դողալով աչքերը բարձրացրեց ու տեսավ, որ իր վրա կռանում է մի սեւ կերպարանք, որը սառցե հայացքով, ասես երկու մահացու ճառագայթներով իրեն մեխում է գետնին։ Սառը պողպատե բռնիչը ճզմեց Ֆրոդոյին՝ նա մի ակնթարթում ոտքից գլուխ ոսկրացավ ու գիտակցությունը կորցրեց։
Երբ Ֆրոդոն ուշքի եկավ, ամեն ինչ մոռացված էր, բացի սարսափից։ Հետո հանկարծ նրա մտքով անցավ՝ վերջ, բռնվեց, գերեզմանոցում է։ Հոգեառը բռնել է իրեն, կախարդել եւ հիմա ինքը չար ուժերի ձեռքին է։
Դրանց մասին Հոբիթստանում շշուկով անգամ վախենում էին խոսել։ Նա քարե հատակին փռված, ձեռքերը կրծքին խաչած չէր համարձակվում շարժվել։
Մթության մեջ, մահվան սարսուռով շղթայված, նա մտածում էր, չգիտես ինչու, բոլորովին էլ ոչ մահվան մասին, այլ հիշում էր Բիլբոյին ու նրա պատմությունները, հիշում էր, ինչպես էին իրենք երկուսով թափառում Հոբիթստանի արեւավառ դաշտերում՝ ճանապարհորդությունների ու արկածների մասին զրուցելով։ Ամենաճարպակալած, ամենաերկչոտ հոբիթի հոգում անգամ թաքնված է (երբեմն շատ խորն է թաքնված) կարծես պահուստ սեւ օրվա համար, մի կատաղի խիզախություն։ Իսկ Ֆրոդոն բոլորին էլ ճարպակալած չէր եւ բոլորովին էլ երկչոտ չէր, թեպետ նա այդ մասին չգիտեր էլ, դրա համար էլ Բիլբոն, դեհ Գանդալֆը նույնպես, նրան համարում էին ամբողջ Հոբիթստանի լավագույն հոբիթը։ Ֆրոդոն հասկացավ, որ իր դեգերումները վերջացան եւ ահավոր վերջ ունեցան։ Հատկապես այս միտքը նրան արիություն ներշնչեց։ Ֆրոդոն լարվեց մահվանից առաջ գոտեմարտելու համար, նա արդեն հնազանդ զոհ չէր։
Ուժերը հավաքելով, նա անսպասելի նկատեց, որ մթությունը ներքեւից, քարե սալիկների տակից հորդող կանաչավուն լույսից հուշիկ֊հուշիկ նահանջում է։ Լույսը պաղ ալիքով ողողեց նրա դեմքն ու մարմինը, իսկ պատերն ու կամարակապ առաստաղը առաջվա պես մնում էին խավարի մեջ։ Ֆրոդոն գլուխը շրջեց եւ տեսավ, որ իր կողքը փռված են Սամը, Փինը եւ Մերին։ Նրանք պառկած էին մեջքի վրա, փաթաթված սպիտակ սավանների մեջ եւ մեռելի պես գունատ էին։ Նրանց շուրջը գանձերի կույտեր էին բարձրանում, եւ եղկելիորեն խավար ոսկին մեռելի ոսկորների էր նմանվում։ Մարգարտե թագեր կային նրանց գլխներին, դաստակներին՝ ոսկե ապարանջաններ, իսկ մատներին՝ մատանիներ։ Յուրաքանչյուրի կողքին՝ սուր, յուրաքանչյուրի ոտքերի տակ՝ վահան։ Եվս մեկ սուր՝ մերկացված, երեքի կոկորդի վրա։
Հնչեց մեղեդին՝ հանդարտ, աղոտ, անդրշիրիմյան։ Հեռու հեռավոր, անտանելի մելամաղձոտ ձայնը ասես գետնի տակից էր դուրս ծորում։ Բայց սգո հնչյունները սարսափելի բառեր դարձան՝ դաժան, մահաշունչ, անկասելի։ Եվ տնքացող, աղիողորմ։ Կարծես գիշերը առավոտված կարոտից զայրացած գանգատվում էր նրանից, ասես ցուրտը տաքության կարոտից անիծում էր նրան։ Ֆրոդոն քարացավ։ Երգը գնալով ավելի հստակ էր լսվում, եւ ահը սրտում նա վերջապես զանազանեց նզովքի խոսքերը․
<poem>
Ոսկրացե՛ք․․․ գետնի տակ մնացե՛ք,
Մինչեւ այն պահը այնտեղ կմնաք,
Երբ որ խավարը այգաբացի տեղ
Տարածվի ամբողջ երկնքում անանթեղ
Եվ մարեն, ածուխ դառնան մինչեւ վերջ
Արեւ ու լուսին, աստղերը լուսե,
Որ թագավորի, աշխարհում մնա
Ինքը՝ մեն֊մենակ, Տիրակալը Սեւ։
</poem>
Նրա գլխավերեւում ինչ֊որ բան ճռռաց ու քերվեց։ Նա բարձրացավ արմունկների վրա ու տեսավ, որ իրենք պառկած են անցումի մեջտեղում, իսկ անկյունից մի երկար ձեռք մատներով քայլելով մոտենում է Սամին, նրա կոկորդին դրված սրի կոթին։
Գարշելի նզովքը քարի պես ծանրացել էր Ֆրոդոյի վրա, հետո նա անտանելիորեն փախչել ուզեց, փախչել առանց հետ նայելու։ Նա Մատանին կհագնի, անտեսանելի դարձած խույս կտա հոգեառից, եւ լույս աշխարհ դուրս կգա։ Նա պատկերացրեց, թե ինչպես է փախչում առավոտյան խոտի միջով արցունքից կուրանալով, դառը սգալով Սամին, Փինի եւ Մերիի կորուստը, բայց ինքը կենտանի ու փկրված։ Նույնիսկ Գանդալֆը, նույնիսկ նա իրեն չի դատապարտի․ ուրիշ ի՞նչ է մնում իրեն։