}}
[[Category: Արձակ]]
{{Անավարտ}}
:::Նվիրվում է Ռյույային
Մի կողմից՝ փեսայիս ավելի ուժեղ, ավելի խելամիտ և առողջ էի համարում, իսկ մյուս կողմից՝ տասներկու տարի առաջ իր դստեր հետ ամուսնությունը խոչընդոտած մարդու մասին մտածելիս միտքս շեղվում էր իմ գնած հագուստի թանկությանը, ախոռի ձիուն, որն արծաթե պայտեր և ասեղնագործված թամբ ուներ։
Ասացի, որ նկարիչներից ինչ իմանամ, կհայտնեմ նրան։ Ձեռքը համբուրեցի, աստիճաններով իջա, դուրս եկա բակ, զգացի ձյան սառնությունը և հիշեցի, որ ես ոչ երեխա եմ, ոչ էլ ծեր մարդ։ Աշխարհն ուրախությամբ զգում էի իմ մաշկի վրա։ Ախոռի դուռը փակելիս քամի անցավ։ Սիջանցքից դեպի բակը գնալիս ձիս, որի սանձը բռնել էի, ինձ հետ սարսռսարսռաց։ Նրա լայներակ ուժեղ ոտքերը, անհամբերությունը դժվարությամբ զսպելը ես էլ գիտեի։ Փողոց դուրս գալուն պես երբ արդեն պատրաստվում էի մի ցատկով հեծնել ձիուն, երբ արդեն պատրաստվում էի հեքիաթային ձիավորի պես անդարձ կորչել փողոցներում, դիմացս անակնկալ կերպով մի գեր կին հայտնվեց, ոտքից գլուխ վարդագույն հագուստներով, ձեռքին մի կապոց՝ շարժվեց դեպի իմ կողմը։ Այնքան բարձրահասակ ու գեր էր, որ նման էր պահարանի։ Բայց շարժուն էր, աշխույժ, անգամ սեթևեթող։ ― Առյո՛ւծս, երիտասա՛րդ, իսկապես գեղեցիկ ես, ինչպես և ասում էին,― ասաց նա։― Ամուսնացա՞ծ ես, ամուրի՞ ես։ Գաղտնի սիրելիիդ համար Ստամբուլի հայտնի Էսթերից մետաքսե թաշկինակ կգնե՞ս։ ― Ո՛չ։ ― Ատլասե կարմիր գոտի՞։ ― Ո՛չ։ ― Ոչ, ոչ մի՛ ասա։ Քեզ նման առյուծը նշանած, սիրելի չունի՞։ Ո՞վ գիտի՝ քանի աղջիկ են արտասվում, վառվում քեզ համար։ Մի պահ մարմինը լարախաղացի ճկուն մարմնի պես ձգվեց և զարմանալի նրբությամբ մոտեցավ ինձ։ Նույն պահին ոչնչից ամեն ինչ ստեղծող աճպարարի պես ձեռքին մի նամակ երևաց։ Նամակն արագ վերցրի և կարծես տարիներ ի վեր այդ պահին նախապատրաստված՝ հմտորեն թաքցրի գոտուս մեջ։ Մեծ նամակ էր և գոտուս մեջ՝ գոտկատեղիս ու փորիս արանքում սառույցի պես կարծես սկսեց այրվել։ ― Ձի՛ նստիր, արագ գնա,― ասաց Էսթերը։― Այս պատի շուրջը պտույտ տուր, առանց արագությունը թուլացնելու գնա, բայց նռենուն հասնելուն պես շրջվիր և նայիր այն տանը, որտեղից դուրս ես եկել, նայիր դիմացի պատուհանին։ Ճանապարհը շարունակելով՝ մի պահ կորավ։ Ձի նստեցի, բայց ասես կյանքում առաջին անգամ էի հեծնում։ Սիրտս բաբախում էր, խուճապի էի մատնվել, չէի կարողանում բռնել ձիու սանձը, բայց հենց ոտքերս ամուր փաթաթվեցին ձիու մարմնին, միտքս և ունակություններս տեղն ընկան և ես ու իմ ձին գնացինք էսթերի նկարագրած ճանապարհով։ Այդ պահին զգացի, որ գուցե իսկապես գեղեցիկ տղամարդ եմ։ Ինչպես հեքիաթներում, ամեն փակ պատուհանի, ամեն վանդակի ետևից թաղամասի մի կին ինձ էր նայում, և ես նորից զգում էի, որ նույն հրդեհից այրվում եմ։ Սա՞ էր իմ ուզածը։ Այդքան տարիների հիվանդությո՞ւնս էր վերսկսվում։ Միանգամից արև ելավ, և ես զարմացա։ Որտե՞ղ է նռան ծառը։ Ահա այս տխուր, փոքրիկ ծա՞ռը։ Այո, սա է։ Ձիուս նստած՝ մի փոքր կողք թեքվեցի։ Ուղիղ իմ դիմաց մի պատուհան կար, բայց ոչ ոք չէր երևում։ Վհուկ Էսթերն ինձ խաբեց։ Հենց այդ պահին սառույցով ծածկված պատուհանն ասես պայթյունով բացվեց, և այնտեղ, արևից փայլող պատուհանի շրջանակում տեսա նրան՝ տասներկու տարի անց, ձնոտ ճյուղերի միջից։ Իմ սևաչյան ի՞նձ էր նայում, թե ինձնից այն կողմ մի այլ կյանքի։ Տխո՞ւր էր, ժպտո՞ւմ էր, թե տխուր ժպտում էր՝ չհասկացա։ Հիմա՛ր ձի, մի՛ լսիր իմ սրտին, դանդաղ գնա։ Կրկին թամբի վրա անամոթաբար ետ շրջվեցի, մի վերջին կարոտով նայեցի՝ մինչև սպիտակ ճյուղերի ետևից երևացող գեղեցիկ և նուրբ դեմքը կորավ։ Ավելի ուշ հասկացա, թե որքան էինք նման Խոսրովին և Շիրինին, պատուհանի տակ ձիով կանգնելու տեսարանը, որը հազար անգամ նկարել էինք, չնայած մեր միջև տխուր մի ծառ էլ կար։ Դա հասկացա այն բանից հետո, երբ բացեցի նամակը, տեսա իմ արած նկարը։ Այդ պահին ես էլ էի սիրուց այրվում, ինչպես մեր սիրելի, պաշտելի գրքերի հերոսները։ == 8. Իմ անունն Էսթեր է == Գիտեմ, որ բոլորիդ հետաքրքրում է, թե Քարային տված նամակում ինչ էր գրված։ Քանի որ ինձ էլ էր հետաքրքրում, ամեն բան իմացա։ Եթե ուզում եք, ձեր պատմության էջերը ետ թերթեք, տեսեք՝ մինչև նամակը տալն ինչեր են եղել։ Ուրեմն հիմա կպատմեմ։ Հիմա երեկո է, նեղուցի մոտ մեր հրեական թաղամասի տանն իմ ամուսին Նեսիմի հետ նստած ենք վառարանի մոտ, երկու ծեր մարդ, փորձում ենք վառարանը փայտ գցելով տաքանալ։ Մի՛ մտածեք, թե շատ ծեր եմ. իմ կապոցի մեջ մետաքսե թաշկինակների, ձեռնոցների, գլխաշորերի, Պորտուգալիայի նավից ելած գունավոր վերնաշապիկների հետ մեկտեղ մատանի, ականջօղ, վզնոց, և թանկ, և էժան ապրանք, կանանց ուրախացնող ուլունքներ եմ լցնում, ամբողջ Ստամբուլով մեկ ման եմ գալիս, փողոց չկա, ուր Էսթերը չմտնի։ Դռնեդուռ նամակ եմ տանում, բամբասանք, և Ստամբուլի աղջիկների կեսին ես եմ ամուսնացրել, բայց հիմա սա չեմ ասում ինձ գովաբանելու համար։ Ասում եմ, որ երեկոյան նստած էինք, մեկ էլ դուռը թակեցին, գնացի բացեցի, տեսա՝ այդ հիմար սպասուհի Հայրիյեն, ձեռքին էլ մի նամակ։ Ցրտից, թե հուզմունքից, չհասկացա, դողում էր, պատմում էր, թե Շեքուրեն ինչ է ուզել։ Սկզբում կարծեցի, որ նամակը պետք է Հասանին ուղարկել, զարմացա։ Գեղեցկուհի Շեքուրեի ամուսինը պատերազմից չէր վերադարձել, կարծում եմ, որ հոգին վաղուց ավանդել է։ Ահա այդ անհայտ կորած ռազմիկը մի անկուշտ եղբայր ունի՝ Հասանը։ Բայց հասկացա, որ Շեքուրեի նամակը ոչ թե Հասանի համար է, այլ մեկ ուրիշի։ Ի՞նչ է գրված նամակում, Էսթերը հետաքրքրությունից կգժվի։ Ի վերջո, կարողացա կարդալ նամակը։ Ձեզ անկեղծ ասեմ, մի պահ ինձ վատ զգացի, տխրեցի։ Ինչպես կարդացի նամակը, ձեզ չեմ ասի։ Գուցե իմ հետաքրքրությունը ամոթ է համարվում, ինձ անշնորհք կհամարեմ, բայց դուք էլ, իմ կարծիքով, ամենաքիչը վարսավիրների չափ հետաքրքրասեր եք։ Միայն ասեմ, թե ինչ էր գրված նամակում։ Ահա այսպես էր գրել քաղցր Շեքուրեն. «Քարա էֆենդի, հորս հետ ունեցած մտերմությունից դրդված ես գալիս մեր տուն, բայց չկարծես, թե ինձնից ինչ-որ նշան կստանաս։ Քո գնալուց հետո շատ բան է եղել։ Ես ամուսնացել եմ, հրաշալի երկու երեխա ունեմ։ Մեկը Օրհանն է, քիչ առաջ սենյակ մտավ, տեսաք։ Ես չորս տարի է՝ ամուսնուս եմ սպասում և ուրիշ բանի մասին չեմ մտածում։ Երկու երեխայի և ծեր հոր հետ կարող եմ ինձ միայնակ ու թույլ զգալ, տղամարդու ուժի և պաշտւկասության կարիք կարող եմ զգալ, բայց թող ոչ ոք չմտածի, որ կարող է օգուտ քաղել այս իրավիճակից։ Այդ պատճառով, խնդրում եմ, այլևս չգալ մեր տուն։ Առանց այդ էլ մի անգամ ինձ ամաչեցրիր և այդ անգամ հորս աչքում ինձ բարձրացնելու համար շատ տանջվեցի։ Այս նամակի հետ մեկտեղ քեզ վերադարձնում եմ նաև այն նկարը, որ ինձ համար էիր նկարել թեթևամիտ երիտասարդ տարիքում, որպեսզի ոչ մի հույս չունենաս, ոչ մի սխալ նշան չտեսնես այս ամենի մեջ։ Սխալ է, որ մարդիկ կարծում են, թե մի նկարի նայելով կարելի է սիրահարվել։ Այլևս մի՛ արի մեր տուն, ամենաճիշտը դա է»։ Իմ խեղճ Շեքուրե, տղամարդու պես բեկ, փաշա չէ, որ գրածի տակ մի շքեղ կնիք դնի. թղթի ամենաներքևում անվան առաջին տառն էր դրել, փոքրիկ վախեցած թռչնակի պես, այդքան բան։ Կնիք ասացի, դուք էլ հետաքրքրվում եք, թե ես ինչպես եմ կնքած նամակները բացում-փակում։ Նամակները կնքված չեն։ Շեքուրես կարծում է, թե այս Էսթերն անգրագետ հրեա է, իրենց գրից բան չի հասկանում։ Ճիշտ է, ես ձեր գիրը չեմ կարող կարդալ, բայց կարող եմ տալ, որ ուրիշը կարդա։ Իսկ ձեր նամակը ես ինքս կկարդամ։ Շփոթվեցիք։ Այսպես ասեմ, որ ամենաբութն էլ հասկանա։ Նամակն իր ասելիքը միայն գրով չի փոխանցում։ Նամակը նման է գրքի՝ հոտոտելով, հպվելով, ձեռք տալով էլ է կարդացվում, դրա համար էլ խելացիներն ասում են, կարդա՛, տեսնենք նամակն ինչ է ասում։ Իսկ հիմարներն ասում են՝ կարդա, տեսնենք ինչ է գրված։ Ընդունակությունը ոչ միայն գիրը, այլև ամբողջ նամակը կարդալու մեջ է։ Լսեք, տեսնենք Շեքուրեն ուրիշ ինչ է ասել. 1. Չնայած որ նամակը գաղտնի եմ ուղարկում, նամակ հասցնող Էսթերի հետ եմ ուղարկում, ուրեմն առանձնահատուկ թաքցնելու նպատակ չունեմ։ 2. Այն, որ թուղթը եռանկյունի ծալված է, նշանակում է, որ գաղտնի բան է գրված, մինչդեռ նամակը բաց է։ Բացի այդ, մեջը մի մեծ նկար կա։ Նպատակը մեր գաղտնիքը բոլորից թաքցնելու տպավորություն ստեղծելս է։ Դա ավելի շատ ոչ թե սիրո առաջարկության մերժման նամակի է նման, այլ սիրո առաջարկության նամակի։ 3. Դա կարելի է կռահել նաև նամակի բույրից։ Նա, ով նամակը ձեռքը կվերցնի, կտատանվի (արդյոք դիտավորյա՞լ են օծանելիք ցանել), բայց այնքան գրավիչ կլինի, որ չի կարողանա անտարբեր մնալ (սա եթերի հո՞տ է, թե՞ նրա ձեռքերի բույրը), այս բույրը բավական կլինի, որ կարդացողը խենթանա։ Կարծում եմ, որ Քարան էլ այդպես կխենթանա։ 4. Ես գրել-կարդալ չիմացող Էսթերն եմ, բայց չնայած որ այս նամակը գրված է արագ, առանց մեծ ուշադրություն դարձնելու և անտարբեր, տառերի՝ քամու տակ անուշ թրթռոցից զգացվում է, որ իրականում ասելիքն այլ է։ Չնայած նրան, որ Օրհանի մասին խոսելիս «քիչ առաջ» ասելով նկատի ուներ, որ նամակը նոր է գրել, պարզ է, որ սևագիր է արվել, որովհետև նախադասության մեջ ուշադրություն է զգացվում։ 5. Նամակի հետ ուղարկված նկարը անգամ ինձ՝ հրեա Էսթերին պատմում է հայտնի հեքիաթում Շիրինի՝ Խոսրովի նկարին նայելով նրան սիրահարվելու մասին։ Ստամբուլի բոլոր երազկոտ կանայք խենթանում են այս պատմության համար, բայց առաջին անգամ եմ տեսնում, որ այդ նկարն ուղարկեն։ Դա շատ հաճախ է պատահում ձեզ՝ գրագետ մարդկանց հետ, երբ կարդալ չիմացող մեկը գալիս-խնդրում է, և դուք նամակ եք կարդում նրա համար։ Գրվածներն այնքան ցնցող, հուզիչ, անհանգստացնող են, որ նամակի տերն էլ է ամաչում, որ իր անձնական կյանքի մասին իմանում եք, բայց ամաչելով՝ խնդրում է, որ մի անգամ էլ կարդաք նամակը։ Կրկին կկարդաք։ Ի վերջո, նամակն այնքան կկարդացվի, որ երկուսդ էլ անգիր կանեք։ Դրանից հետո նամակը կառնեք ձեռքդ, և նրանք, հարցնելով, թե որ խոսքը որ հատվածում է գրել, մատով ցույց կտան բառերը և առանց հասկանալու՝ ձեզ կնայեն։ Նայելով տառերին, որոնք չեն կարողանում կարդալ, բայց անգիր են արել, երբեմն այնքան եմ հուզվում, որ գրել֊ կարդալ չիմանալու մասին մոռացած, նամակների վրա արտասվող աղջիկներին ցանկանում եմ համբուրել։ Երբեմն էլ այնպիսի մարդիկ են լինում, հանկարծ չնմանվեք նրանց, որ ուզում են կարդալուց հետո կրկին հպվել աղջկա նամակին, առանց հասկանալու՝ հարցնում են, թե որ բառը որտեղ է գրված, «Ի՞նչ ես անելու, էլ չե՞ս կարդալու, ինչի՞ն ես նայելու» ասող այս կենդանիները երբեմն աղջկա նամակն իրենց սեփականությունը համարելով՝ չեն ուզում վերադարձնել։ Նրանց դեմ պայքարելն էլ է դառնում Էսթերի գործը։ Ահա այսպիսի կին եմ ես՝ Էսթերը։ Եթե ձեզ սիրեմ, կօգնեմ։ == 9. Ես Շեքուրեն եմ == Երբ Քարան սպիտակ ձիու վրա իմ առջևով անցնում էր, ես ինչո՞ւ էի պատուհանի մոտ։ Ինչո՞ւ հենց այդ պահին մի զգացում ինձ դրդեց բացել պատուհանը և ինչո՞ւ նրան տեսնելիս ձնածածկ նռենու ճյուղերի արանքից երկար նայեցի նրան։ Անկեղծ՝ ոչինչ չեմ կարող ասել։ Հայրիյեի հետ Էսթերին լուր ուղարկեցի, իհարկե, գիտեի, որ Քարան այդտեղով անցնելու է։ Նռենուն նայող պատուհանով, պատի մեջ պահարան ունեցող սենյակ միայնակ էի բարձրացրել, որպեսզի, բոլորի կարծիքով, սպիտակեղեն վերցնեի։ Երբ այդ պահին ներսից բխող ցանկությամբ ամբողջ ուժով բացեցի պատուհանը, նախևառաջ սենյակը լույսով լցվեց, կանգնած մնացի պատուհանի առաջ, և Քարայի հետ հանդիպումը շլացրեց ինձ. շատ գեղեցիկ էր։ Մեծացել էր, հասունացել, երիտասարդ տարիքի անլուրջ պահվածքն անցել էր, գեղեցկադեմ էր դարձել։ «Տե՛ս, Շեքուրե, ասաց ինձ իմ սիրտը, Քարան ոչ միայն գեղեցիկ է, նայի՛ր աչքերի մեջ. որքան երեխայական է, որքան մաքուր սիրտ ունի։ Ամուսնացի՛ր նրա հետ»։ Բայց ես նրան մի նամակ ուղարկեցի, որտեղ ճիշտ հակառակն էի ասում։ Չնայած նրան, որ ինձնից տասներկու տարով մեծ էր, ես իմ տասներկու տարեկան հասակում հասկանում էի, որ նրանից ավելի հասուն եմ։ Այդ ժամանակ տղամարդու պես իմ առջև ուղիղ կանգնած՝ սա կանեմ, նա կանեմ, այստեղից կթռնեմ, այնտեղ կմագլցեմ ասելու փոխարեն ամեն ինչից ամաչելով՝ թաղվում, թաքնվում էր գրքերի ու նկարների մեջ։ Հետո նա էլ ինձ սիրահարվեց։ Մի նկար նկարելով՝ խոստովանեց իր սերը։ Երկուսս էլ արդեն մեծացել էինք։ Երբ տասներկու տարեկան դարձա, հասկացա, որ Քարան խուսափում է ինձ հետ դեմ առ դեմ մնալուց, կարծես եթե նրա աչքերն իմ աչքերին հանդիպեին, կհասկանայի, որ ինձ սիրում է։ Օրինակ, ասում էր. «Այդ փղոսկրե պոչով դանակը կտա՞ս», բայց նայում էր դանակին, հետո հայացքը բարձրացնելով՝ իմ աչքերի մեջ չէր նայում։ Եթե օրինակ հարցնեի. «Բալի օշարակը լա՞վն է», երբ բերանը լիքն էր լինում, չէր ժպտում, չէր կարողանում բոլորի պես ասել, որ լավն է։ Ասես խուլ մարդու հետ խոսելիս ամբողջ ուժով բղավում էր. «Այո՜»։ Որովհետև վախից չէր կարողանում դեմքիս նայել։ Որովհետև այդ ժամանակ գեղեցիկ էի։ Բոլոր տղամարդիկ, նույնիսկ հեռվից, վարագույրների, դռների ու քողի ետևից մեկ անգամ ինձ տեսածներն անմիջապես սիրահարվում էին։ Սա ասում եմ ոչ թե ինձ գովելու համար, այլ որ հասկանաք իմ պատմությունը, կիսեք իմ տխրությունը։ Բոլորին հայտնի Խոսրովի ու Շիրինի պատմության մեջ մի պահ կա, ես ու Քարան այդ մասին շատ ենք խոսել։ Շապուրը նպատակադրվել էր Խոսրովին ու Շիրինին իրար հետ ծանոթացնել։ Մի օր Շիրինն իր ծառայողների հետ գնում է զբոսանքի, Շապուրը գաղտնի կերպով Խոսրովի նկարն է կախում այն ծառերից մեկից, որոնց տակ նրանց ձիերն էին հանգստանում։ Շիրինը գեղեցկադեմ Խոսրովի նկարն այդ գեղեցիկ պարտեզում տեսնելուն պես սիրահարվում է։ Շիրինի՝ Խոսրովի նկարին հիացմունքով ու զարմանքով նայելու պահը շատ նկարիչներ են պատկերել։ Քարան հորս հետ աշխատելիս իսկական նկարին շատ նման կրկնօրինակներ էր պատրաստել։ Ինձ սիրահարվելուց հետո մի կրկնօրինակ էլ իր համար պատրաստեց։ Բայց նկարի Խոսրովի ու Շիրինի փոխարեն Քարային և Շեքուրեին էր պատկերել։ Եթե տակը չգրեր, որ նկարի աղջիկն ու տղան մենք ենք, ես կհասկանայի, որովհետև երբեմն կատակելիս ինձ ու իրեն նույն դիմագծերով, գույներով էր պատկերում։ Ես կապույտ հագուստով էի, իսկ ինքը կարմիր։ Կարծես դա բավական չէր, Խոսրովի և Շիրինի նկարի տակ մեր անուններն էր գրում։ Կարծես պաշտոնապես մեղքը հայտարարելու համար մի տեղ էր թողել, որտեղ ես կկարողանայի տեսնել։ Հիշում եմ՝ ինչպես նայեցի նկարին, դրանից հետո ինչ արեցի։ Քանի որ շատ լավ գիտեի, որ Շիրինի պես նրան չեմ սիրում, նախևառաջ նրան ուշադրություն չդարձրի, մինչև այն ամառային երեկոն, երբ Ուլուդաղից բերված սառույցով բալի օշարակ էինք խմում։ Այդ օրը, երբ Քարան գնաց իր տուն, հորս պատմեցի իմ հանդեպ նրա սիրո մասին։ Այդ ժամանակ Քարան մեդրեսեից նոր էր դուրս եկել։ Ծայրամասային թաղամասերում ուսուցչություն էր անում, ոչ այնքան սեփական ցանկությամբ, որքան հորս ճնշման տակ ուժեղ, հարգանք վայելող Նաիմ փաշայի մոտ էր գնում։ Հայրս, որ ասում էր, թե Քարան գոնե պետք է որպես քարտուղար սկսի աշխատել և որ դրա համար մեծ ջանք չի թափում, այդ երեկո մեր մասին խոսելիս ասաց. «Ուրեմն նշանակում է, որ քո աղքատ զարմիկը դեպի վեր է ձգտում»։ Առանց մորս ասածին ուշադրություն դարձնելու՝ ավելացրեց. «Նշանակում է, որ ավելի խելացի է, քան կարծում էինք»։ Ցավով եմ հիշում, թե դրան հաջորդող օրերին հայրս ինչեր արեց, ինչպես ես հեռացա Քարայից, ինչպես նախ մեր տնից, հետո թաղամասից հեռացավ, բայց չեմ ուզում ձեզ պատմել, որ ինձնից ու հորիցս չհիասթափվեք։ Հավատացեք, այլ տարբերակ չունեինք։ Անհույս սերը հասկանում է, որ անհույս է, օրենքներ չճանաչող սիրտը հասկանում է, թե աշխարհը քանի անկյուն ունի, և այդ ժամանակ գիտակից մարդիկ ճշմարտացի ասում են. «Մեզ համար ապագա չկա», և դրանով ամեն ինչ ասված է։ Ահա այդպես եղավ։ Հիշեցնեմ, որ մայրս մի քանի անգամ ասաց. «Գոնե տղայի սիրտը մի՛ կոտրեք»։ Քարան քսանչորս տարեկան էր, իսկ ես՝ տասներկու։ Հորս Քարայի սիրո խոստովանությունն անամոթություն էր թվում, հավանաբար այդ պատճառով դիտավորյալ մորս խնդրանքին ուշադրություն չդարձրեց։ Երբ իմացանք, որ Ստամբուլից հեռացել է, նրան լրիվ չէինք մոռացել, բայց մեր սրտից ամբողջովին հանել էինք։ Քանի որ տարիներով ոչ մի քաղաքից նրա մասին լուր չէինք ստանում, միշտ ճիշտ եմ համարել մոտս պահել նրա նվիրած նկարը՝ որպես մեր մանկության հուշերի և մեր մանկական ընկերության խորհրդանիշ։ Սկզբում որպեսզի հայրս, հետո էլ որպեսզի իմ ռազմիկ ամուսինը նկարը գտնելով՝ իրեն վատ չզգա, չխանդի, ներքևում գրված Շեքուրե և Քարա անունների վրա Հասան Փաշայի թանաքով վարպետորեն ծաղիկներ նկարեցի։ Այսօր եթե մարդիկ կան, ովքեր իմ դեմ կօգտագործեն այն, որ նկարը նրան վերադարձրի, որ նրան երևացի պատուհանում, գուցե մի քիչ կամաչեն, կմտածեն։ Նրա առաջ տասներկու տարի անց հանկարծակի դուրս գալուց հետո այնտեղ պատուհանի մոտ, երեկոյան արևի կարմիր լույսերի տակ մի պահ կանգնած մնացի, սպասեցի՝ մինչև այգու լույսը թույլ կարմիր երանգ ստացավ, հետո՝ թուրինջի գույն, հիացմունքով նայեցի՝ մինչև որ սկսեցի մրսել։ Քամի չկար։ Եթե փողոցով անցնող մեկը կամ հայրս ինձ տեսներ պատուհանի առաջ, կամ եթե Քարան իր ձիով վերադառնալիս մեր առջևով անցներ, ինչ կասեին, չէի էլ մտածում։ Զիվեր փաշայի դուստրերից մեկը՝ Մեսրուրեն, ում հետ շաբաթը մի անգամ ուրախ-զվարթ գնում էի բաղնիք, այդ աղջիկը, որ անընդհատ ծիծաղում էր, զվարճանում և միշտ հանկարծակի զարմանալի բաներ խոսում, մի անգամ ասաց, որ մարդն իրականում ինքն էլ չգիտի, թե ինչ է մտածում։ Ես այսպես եմ մտածում. երբեմն ինչ֊որ բան եմ ասում, ասելիս հասկանում եմ, որ դա եմ մտածել, բայց երբ հասկանում եմ, սկսում եմ ճիշտ հակառակին հավատալ։ Տխրեցի, երբ իմացա, որ հորս՝ տուն բերած նկարիչներից մեկը՝ խեղճ Զարիֆ էֆենդին, ի դեպ, ձեզնից չեմ թաքցնում, որ բոլորին մեկ առ մեկ զննել էի, ամուսնուս պես անհայտ կորել է։ Նրանց մեջ ամենատգեղը և հոգևոր աղքատը նա է։ Պատուհանը փակեցի, սենյակից դուրս եկա, իջա խոհանոց։ ― Մայրիկ Շևքեթը քեզ չլսեց,– ասաց Օրհանը։― Երբ Քարան դուրս էր գալիս ախոռից, խոհանոցից դուրս եկավ և դռան անցքից նայեց նրան։ ― Ի՞նչ կա որ,– ասաց Շևքեթը՝ ձեռքն օդում պահած։– Մայրս էլ նրան պահարանի անցքից էր հետևում։ ― Հայրիյե,– ասացի ես։– Երեկոյան սրանց համար նուշով քաղցր հաց տապակիր՝ մի քիչ յուղով։ Օրհանն ուրախությունից թռչկոտեց, Շևքեթը ձայն չհանեց։ Երբ աստիճաններով վերև էի բարձրանում, երկուսն էլ ետևիցս եկան՝ իրար ուրախ հրմշտելով, ես էլ ծիծաղելով ասացի. ― Կամաց, կամաց։ Ձեր դիմացը նայեք։ Կատակով բռունցքով հասցրի նրանց նուրբ մեջքերին։ Ինչ գեղեցիկ է երեկոյան երեխաների հետ տանը լինել։ Հայրս անձայն գիրք էր կարդում։ ― Հյուրը գնաց,― ասացի ես։– Հուսամ չձանձրացրեց ձեզ։ ― Ոչ,– ասաց նա։– Ինձ շատ զվարճացրեց։ Առաջվա պես հարգանք ունի իր փեսայի հանդեպ։ ― Լավ է։ ― Բայց զգուշավոր է և ուշադիր։ Դա ավելի շատ ասաց ոչ թե իմ պատասխանը ստուգելու համար, այլ որովհետև ցանկանում էր Քարային ստորացնող երանգով փակել խոսակցությունը։ Եթե ուրիշ օր լիներ, իմ սուր լեզվով նրան պատասխան կտայի։ Բայց այս անգամ դեռ մտածելով այդ մարդու մասին, որ հեռանում էր իր ճերմակ ձիու վրա, սարսռացի։ Հետո, չգիտեմ ինչպես, պահարանով սենյակում Օրհանի հետ իրար փաթաթվեցինք։ Շևքեթն էլ մեզ միացավ, մի պահ հրեցին իրար։ Կարծում էի՝ կսկսեն կռվել, բայց հետո նետվեցինք թախտի վրա։ Սկսեցի նրանց շան ձագերի պես սիրել, ծոծրակը, մազերը համբուրեցի, նրանց սեղմեցի կրծքիս, նրանց ծանրությունը զգացի իմ կրծքին։ ― Հմ՜մ՜,– ասացի,– ձեր մազերից հոտ է գալիս։– Վաղը Հայրիյեի հետ կգնանք բաղնիք։ ― Ես արդեն Հայրիյեի հետ բաղնիք չեմ ուզում գնալ,– ասաց Շևքեթը։ ― Շա՞տ ես մեծացել,– ասացի ես։ ― Մայրի՛կ, ինչո՞ւ ես այս գեղեցիկ մանուշակագույն վերնաշապիկը հագել,– ասաց Շևքեթը։ Մտա ներսի սենյակ, մանուշակագույն վերնաշապիկս հանեցի, հագա խունացած կանաչը, ինչպես միշտ։ Հագնվելիս մրսեցի, սարսռացի, բայց զգացի, որ մաշկս կրակի պես այրվում է, ավելին՝ զգացի, որ մարմինս ողջ է։ Այտերս մի փոքր կարմիր էի ներկել, երեխաների հետ խաղալիս մաքրվել էր, բայց դա էլ ափիս մեջ թքոտելով մաքրեցի։ Գիտե՞ք, բարեկամներս, բաղնիքում հանդիպածս կանայք, ինձ տեսնող բոլոր մարդիկ ասում են, որ ոչ թե քսանչորս տարեկան, երկու երեխա ունեցող հասուն կին եմ, այլ տասնվեց տարեկան աղջիկ։ Հասկացա՞ք, որ ուզում եմ նրանց հավատաք, որ դուք էլ հավատաք, թե չէ ոչինչ չեմ պատմի։ Թող տարօրինակ չթվա, որ ձեզ հետ խոսում եմ։ Տարիներ շարունակ հորս գրքերին նայելիս կանանց, ամենագեղեցիկներին էի փնտրում։ Կանանց նկարները շատ չէին, բայց միշտ ամոթխած, հայացքը խոնարհ, կամ ամենաշատը՝ ներողություն խնդրողի նման միմյանց էր ուղղված լինում։ Տղամարդկանց, ռազմիկների և սուլթանների պես գլուխը վեր պարզած՝ ուղիղ աշխարհին չէին նայում։ Բայց արագ նկարված էժան գրքերում նկարչի անուշադրության պատճառով որոշ կանանց աչքերը գետնին կամ նկարի մեջ մի այլ բանի, օրինակ՝ մի բաժակի կամ իր սիրեցյալին նայելու փոխարեն ուղիղ ընթերցողին էին նայում։ Միշտ մտածում էի, թե ով է այդ ընթերցողը, ում նայում են։ Դեռ Թեմուրի ժամանակներից մնացած երկու հարյուր տարեկան գրքերի, հետաքրքրասեր անհավատների գնած և այլ երկրներ տեղափոխած մատյանների մասին մտածելիս սարսռում եմ։ Գուցե մի օր իմ պատմությունը հեռվից մեկը կլսի։ Սա չէ՞ գրքերում հիշատակվելու ցանկությունը։ Այս սարսռեցնող զգացողության համար չե՞ն բոլոր սուլթանները, վեզիրները իրենց մասին պատմող, իրենց նվիրված գրքեր գրողներին քսակներով ոսկի տվել։ Երբ այս սարսուռը զգացի իմ ներսում, ես էլ, մի աչքով գրքի ներսը, մյուսով՝ գրքից դուրս նայող կանանց պես, ով գիտի՝ ինձ որտեղից և որ ժամանակից նայող ձեզ՝ ընթերցողներիդ հետ եմ ուզում խոսել։ Ես գեղեցիկ եմ, խելացի եմ, և ինձ դուր է գալիս, որ ինձ եք նայում։ Եթե անգամ ընթացքում մի քանի սուտ ասեմ, դա այն պատճառով է, որ չեմ ուզում իմ մասին սխալ կարծիք կազմեք։ Գուցե ցգացել եք, հայրս ինձ շատ է սիրում։ Ինձնից առաջ երեք տղա է ունեցել, բայց Աստված մեկ առ մեկ վերցրել է նրանց կյանքը, բայց ինձ՝ դստերը ոչինչ չի պատահել։ Հայրս դողում է ինձ վրա, բայց ես չամուսնացա այն մարդու հետ, ում նա էր ընտրել, սիրեցի մի հեծյալի, ում ինքս էի տեսել և հավանել։ Եթե հորս մնար, իմ ամուսինը պետք է ամենամեծ գիտնականը լիներ, և՛ նկարչությունից պետք է հասկանար, և՛ արվեստից, և՛ իշխանություն պետք է ունենար, և Քարունի պես փող պետք է ունենար։ Քանի որ նման բան անգամ նրա գրքերում չկա, ես տարիներ շարունակ պիտի տանը նստած սպասեի։ Ամուսնուս գեղեցկության մասին բոլորն էին խոսում, ես էլ մի անգամ մեր բարեխոսներին լուր տվեցի և հարմար պահը գտնելով՝ բաղնիքից վերադառնալու ճանապարհին նրան տեսա։ Աչքերից կրակ էր թափվում, անմիջապես սիրահարվեցի։ Թխահեր էր, սպիտակամաշկ, կանաչ աչքերով գեղեցկադեմ տղամարդ էր։ Ուժեղ ձեռքեր ուներ, բայց իրականում քնկոտ երեխայի պես անմեղ ու անձայն էր։ Գուցե ամբողջ ուժը պատերազմներում էր սպասել, ավար էր հավաքել և սպառել, այդ պատճառով ինձ թվում էր, թե նրանից արյան հոտ է գալիս, բայց տանը մեղմ ու հանգիստ էր պահում իրեն։ Հայրս, ասելով, որ նա աղքատ ռազմիկ է, ինձ չէր ուզում կնության տալ։ Երբ ասացի, որ ինքնասպան կլինեմ, համաձայնեց։ Մի պատերազմից մյուսին գնացող այդ մարդն ամենամեծ քաջագործությունների շնորհիվ կարճ ժամանակում տասը հազար աքչե արժողությամբ հողի տեր դարձավ, և բոլորը սկսեցին մեզ նախանձել։ Չորս տարի առաջ, երբ սեֆեվիդների հետ պատերազմից հետո պետք է բանակի հետ վերադառնար, չեկավ։ Սկզբում ինձ թվաց, որ լուրջ բան չկա, որովհետև որքան շատ էր պատերազմում, այնքան վարպետանում էր, իր գործերն էր կազմակերպում, ավելի մեծ ավարներ առնում, ավելի մեծ հողեր ձեռք բերում, ավելի շատ զինվորների մարզում։ Մարդիկ կային, որ ասում էին՝ բանակի հետևակ մասից առանձնանալով՝ իր զինվորների հետ սարն է բարձրացել։ Առաջ միշտ հույս ունեի, թե շուտով կվերադառնա, բայց երկու տարվա ընթացքում կամաց֊կամաց հարմարվեցի նրա բացակայությանը. երբ հասկացա, թե Ստամբուլում որքան ռազմիկների կանայք կան, որ ինձ պես կորցրել Են ամուսիններին, ընդունեցի դրությունը։ Գիշերները մեր անկողնում երեխաների հետ իրար փաթաթվելով արտասվում էինք։ Որպեսզի լաց չլինեին, նրանց համար մի սուտ էի հնարում, օրինակ՝ ասում էի, թե մեկն ասել է, որ նրանց հայրը գարնանը վերադառնալու է, ավելի ուշ լսում էի, որ իմ սուտը նրանցից տարածվում էր ուրիշներին, հետո վերադառնում ինձ որպես «ավետիս», և բոլորից առաջ ես էի դրան հավատում։ Ամուսնուս տառապած, բայց մեծ սիրտ ունեցող հոր և նրա պես կանաչաչյա եղբոր հետ Չարշըքափըում մի վարձով տանն էինք ապրում։ Երբ ամուսինս անհայտ կորավ, տանն անհաշտություններ սկսվեցին։ Սկեսրայրս վերսկսեց հայելիների գործը, որը թողել էր, երբ որդին սկսել էր պատերազմներից հարստանալ։ Ամուսնուս եղբայրը, որ մաքսատանն էր աշխատում՝ ամուրի Հասանը, սկսեց իրեն տղամարդ զգալ, երբ կարողացավ տուն փող բերել։ Վախենալով, որ չեն կարող վարձը տալ, մի ձմեռ սպասուհուն տարան ստրուկների շուկա և վաճառեցին։ Ինձնից պահանջում էին, որ խոհանոցում նրա գործերն անեի, լվացք անեի, անգամ շուկայում առևտուր անելու գնայի։ Չասացի, որ ես այդ գործերն անող կին չեմ. լռեցի և ամեն բան արեցի։ Բայց քանի որ Հասանն արդեն գիշերները սպասուհու հետ չէր կարողանում անցկացնել, սկսեց ինձ մոտենալ։ Այդ ժամանակ չիմացա՝ ինչ անել։ Իհարկե, անմիջապես կարող էի այստեղ հորս տուն վերադառնալ, բայց ըստ դատավորի՝ քանի որ հավանաբար ամուսինս դեռ ողջ էր, եթե նրանց զայրացնեի, ինձ երեխաների հետ կստիպեին մնալ սկեսրայրիս կողքին, այսինքն՝ ոչ միայն ստիպված կլինեի վերադառնալ ամուսնուս տուն, այլև կարող էին ինձ և ինձ իր տուն տարած հորս պատժել, ստորացնել։ Իրականում կարող էի սեր անել Հասանի հետ, որ ամուսնուցս ավելի մարդկային ու տրամաբանող տղամարդ էր, և իհարկե, խենթի պես սիրահարված էր ինձ։ Բայց այդպիսի անմիտ քայլն ի վերջո ինձ ոչ թե նրա կինը, այլ, Աստված չանի, սիրուհին կդարձներ։ Քանի որ վախենում էին, որ ժառանգության իմ մասը կուզեմ, անգամ նրանց տնից դուրս կգամ և երեխաներիս հետ կտեղափոխվեմ հորս տուն, չէին ցանկանում, որ դատավորը հաստատեր ամուսնուս մահվան փաստը։ Եթե ըստ դատավորի՝ ամուսինս չի մահացել, իհարկե, չէի կարողանա ամուսնանալ Հասանի հետ, բայց դա նաև նշանակում էր, որ ուրիշ ոչ մեկի հետ չէի կարող ամուսնանալ։ Այս իրավիճակում կապված էի մնում տանը և ամուսնությանը, այդ պատճառով ամուսնուս «անհայտ կորած լինելը», այդ անվերջ անորոշ վիճակը նրանց համար ավելի նախընտրելի էր։ Որովհետև, մի՛ մոռացեք, որ ես նրանց տան գործերն էի անում, ուտելիքը, լվացքը անում էի, և Հասանն էլ խենթի պես ինձ էր սիրահարված։ Սկեսրայրիս ու Հասանի համար ամենալավ լուծումը Հասանի հետ իմ ամուսնությունն էր, բայց դրա համար նախ պետք էր ականատեսներ գտնել, հետո դատավորին համոզել։ Այդ դեպքում, եթե իմ կորած ամուսնու ամենամոտ բարեկամները, հայրը և եղբայրն էլ համաձայնեին, ոչ ոք չէր կարողանա ասել, որ իմ ամուսինը մահացել է, դատավորն էլ կհավատար մի քանի աքչեի դիմաց սուտ ասող ականատեսներին։ Ամենամեծ խնդիրն այն էր, որ պետք է կարողանայի նրան համոզել, որ այրի մնալուց հետո տնից չեմ հեռանալու, ժառանգություն կամ ամուսնության գումար չեմ պահանջելու, ամենակարևորը՝ իմ ընտրյալ Հասանի հետ եմ ամուսնանալու։ Հասկացել էի, որ այս հարցում նրան վստահեցնելու համար պետք է հետը սեր անեմ և պետք է նրան հավատացնելու չափ անկեղծ լինեմ, այդպիսով նաև կկարողանամ սիրահարվել նրան։ Եթե ջանայի, կարող էի Հասանին սիրահարվել։ Հասանն իմ կորած ամուսնուց ութ տարով մեծ էր։ Երբ ամուսինս տանն էր, նրան եղբոր պես էի վերաբերվում, և այդ զգացողությունը մեզ մոտեցրել էր իրար։ Սիրում էի նրա կրքոտ, բայց ոչ պահանջկոտ խառնվածքը, սիրում էի նայել, թե ինչպես է երեխաներիս հետ խաղում և ինձ նայում, ինչպես ծարավից մեռնող մարդն է նայում մի բաժակ սառը բալի օշարակին։ Բայց գիտեի, որպեսզի կարողանայի սիրահարվել մեկին, ով ինձ ստիպում է լվացք անել, ով ինձ սիրուհու, ստրուկի պես է վերաբերվում, չի ամաչում ինձ ուղարկել շուկա՝ առևտուր անելու, պետք է շատ ջանք թափեի։ Այն օրերին, երբ հորս տուն գնալով՝ կաթսաներին, ամաններին, բաժակներին նայելով՝ արտասվում էի, և գիշերները մեկս մյուսին օգնելու համար երեխաների հետ գրկախառնված էինք քնում, Հասանն ինձ այդ հնարավորությունը չտվեց։ Քանի որ չէր հավատում, որ կարող եմ իրեն սիրահարվել, որ դա է մեր ամուսնության միակ ճանապարհը, իրեն անվստահ զգալու պատճառով անշնորհքություններ արեց։ Մի քանի անգամ փորձեց ինձ ճնշել, համբուրել, հպվել, ասաց, որ ամուսինս երբեք չի վերադառնա, որ ինձ կսպանի, սպառնաց, երեխայի պես արտասվեց և քանի որ այդքան շտապեց ու լեգենդների հերոսների պես իսկական և ազնվական սիրուն չսպասեց, հասկացա, որ չեմ կարող նրա հետ ամուսնանալ։ Մի գիշեր, երբ փորձեց բացել այն սենյակի դուռը, որտեղ երեխաների հետ էի քնում, անմիջապես վեր կացա և առանց ուշադրություն դարձնելու երեխաների վախին՝ ամբողջ ձայնով բղավեցի, որ տուն չար ջիներ են մտել։ Սկեսրայրիս արթնացրի և դեռ մոլեգնած Հասանին ջիների վախերի ու իմ բղավոցների մեջ հանձնեցի հորը։ Իմ բղավոցներից, ջիների մասին զառանցանքներից խելացի ծեր մարդը հասկացավ խայտառակ ճշմարտությունը, որդու հարբած լինելը և որ նա եղբոր երկու երեխա ունեցող կնոջն անշնորհք կերպով էր մոտեցել։ Երբ ասացի, որ մինչև առավոտ չեմ քնելու, որդիներիս ջիներից դռան առաջ նստած պաշտպանելու եմ, ոչինչ չասաց։ Առավոտյան հիվանդ հորս խնամելու համար երկար ժամանակով երեխաների հետ գնալու մասին ասացի, և նրանք ընդունեցին պարտությունը։ Վերցնելով ամուսնուս՝ պատերազմներից ինձ համար բերած նվերները, որոնք չէինք վաճառել՝ Հունգարիայից բերած զանգով ժամացույցը, ամենամկանուտ արաբական ձիու ջլերից պատրաստված մտրակը, թավրիզյան փղոսկրից պատրաստված շախմատ, որի քարերը երեխաները կռվելիս էին օգտագործում, և Նախիջևանի պատերազմից բերած արծաթե մոմակալները, որոնք չվաճառելու համար այնքա՜ն վիճեցի, վերադարձա հորս տուն։ Ինչպես և կանխատեսել էի, կորած ամուսնուս տնից իմ հեռանալը Հասանի կպչուն, անշնորհք սերն իմ հանդեպ վերածեց անճար, բայց ուժեղ հրդեհի։ Քանի որ գիտեր, որ հայրը իրեն չի աջակցելու, ինձ սպառնալու փոխարեն սկսեց սիրառատ նամակներ ուղարկել։ Ձեզնից չեմ թաքցնի, որ վերջերս սկսել եմ նորից կարդալ Հասանի այդ նամակները, որոնք ցույց են տալիս նրա հետ նույն հարկի տակ ապրելիս ունեցած իմ հարուստ աշխարհը։ Վերջին նամակներում Հասանը նշում էր, որ ինձ չի ստիպի տանն աշխատել, որովհետև շատ գումար է վաստակում։ Այդ պահին նրա գրածներից, նրա հարգանքից, սիրալիրությունից և քաղցր լեզվից, երեխաների անվերջ կռիվներից ու պահանջներից և հորս բողոքներից ազատվելու համար իմ պատուհանն ասես դեպի աշխարհում հանգիստ շնչելու համար էի բացել։ Հայրիյեի՝ ընթրիքի սեղանը գցելուց առաջ հորս համար Արաբիստանից եկած ամենալավ խուրմայից գոլ խավիծ պատրաստեցի, մեջն էլ մի գդալ մեղր լցնելով՝ մի քիչ լիմոնով խառնեցի, անձայն մոտեցա, և ինչպես նա էր սիրում, Քիթաբուր Րուհր կարդալիս, առանց իմ ներկայությունը զգացնելու, հոգու պես նրա առաջ դրեցի։ Այնքան ողբերգական ու խեղդված ձայնով հարցրեց՝ ձյուն գալի՞ս է, որ անմիջապես հասկացա, սա վերջին ձյունն է, որ հայրս իր կյանքում տեսնելու էր։ == 10. Ես ծառ եմ == Ես ծառ եմ, ես շատ մենակ եմ։ Երբ անձրև է գալիս, արտասվում եմ։ Աստծու սիրուն, լսեք իմ պատմածները։ Խմե՛ք ձեր սուրճը, որ չքնեք, որ ձեր աչքերը բացվեն, ինձ ջինի պես նայեք, որ ձեզ պատմեմ, թե ինչու եմ այսքան մենակ։ 1. Ասում են, որ վարպետ մեդդահի թիկունքում կախված կտավի վրա ինձ արագ են նկարել։ Ճիշտ է, հիմա կողքիս՝ ո՛չ ուրիշ նուրբ ծառեր, ո՛չ յոթ տերև ունեցող տափաստանային խոտեր, ո՛չ երբեմն սատանայի, երբեմն էլ մարդու նմանվող մութ սարեր, ո՛չ էլ երկնքում գալարվող չինական ամպեր։ Մի տեղ, մի երկինք և հորիզոն։ Բայց իմ պատմությունն ավելի խառն է։ 2. Որպես ծառ պարտավոր չեմ գրքի մի մաս լինել, բայց որպես ծառի նկար ոչ մի գրքի էջ չլինելու պատճառով անհանգիստ եմ։ Եթե մի գրքի մեջ մի բան ցույց չեմ տալիս, ուրեմն մարդիկ պետք է հեթանոսների և անհավատների պես իմ նկարի առաջ գորգ գցեն և ինձ երկրպագեն։ Հոջաները հանկարծ չլսեն, ես դրանով գաղտնի հպարտանում եմ ու հետո ամոթով վախենում։ 3. Իսկ իմ մենակության իրական պատճառն այն է, որ ես էլ չգիտեմ, թե որ պատմության մասն եմ։ Մի պատմության մի մասն էի լինելու, բայց տերևի նման ընկա այնտեղից։ Պատմեմ ԾԱՌԻՑ ԸՆԿՆՈՂ ՏԵՐԵՎԻ ՊԵՍ ԻՄ՝ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ ԸՆԿՆԵԼՈՒ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ։ Իրանցի շահ Թահմասփը, որ և՛ օսմանցիների գլխավոր թշնամին էր, և՛ աշխարհում ամենաշատ նկարչություն սիրող սուլթանը, սրանից քառասուն տարի առաջ հենց ձանձրանում էր, առաջին գործը զվարճանալն էր։ Հետո սկսեց այդ ամենից, գինուց, երաժշտությունից, բանաստեղծությունից, նկարչությունից ձանձրանալ։ Երբ դադարեց նաև սուրճ խմել, դադարեց մտածել։ Որպեսզի հեռանա դժգոհ, ձանձրալի ծերունիներից, կասկածամիտ օսմանյան զինվորականությունից, մայրաքաղաքը այդ ժամանակ Իրանին պատկանող Թավրիզից տեղափոխեց Կազվին։ Ավելի շատ ծերանալով՝ մի օր ջինի հարվածից ընկավ ճգնաժամի մեջ, գինուն, արվամոլությանը և նկարչությանն ասաց՝ մեղա՛, ինչն էլ նշանակում էր, որ այս մեծ շահը սուրճից էլ հեռանալուց հետո խելքը թռցրել էր։ Այսպիսով, Թավրիզում քսան տարի աշխարհի ամենամեծ հրաշքները ստեղծած հրաշալի հիսուն կազմարարները, ծաղկողները, գրիչները, նկարիչները թռչնի ձագերի պես քաղաքից քաղաք թափառեցին։ Նրանցից ամենափայլուններին՝ շահ Թահմասփի զարմիկին և փեսային, Սուլթան Իբրահիմ Միրզան կանչում է Մեշհեդ, ուր ինքը նահանգապետ էր, և նրանց տեղավորում իր արվեստանոցում, Թեմուրի ժամանակ Հերաթում ամենամեծ բանաստեղծ համարվող Ջամիի «Հեֆթ Էվրենգի» յոթ մեսնեվին է գրել տալիս, սկսում է նրանից նախշազարդ, հրաշալի գիրք ստեղծել։ Շահ Թահմասփը, որ և՛ սիրում, և՛ խանդում էր իր խելացի և հաճելի զարմիկին, զղջում էր, որ դստերը նրան կնության է տվել, լսելով այս հիանալի գրքի մասին, նախանձով լցվեց և զայրույթով զարմիկին Մեշհեդ քաղաքի նահանգապետությունից հանելով՝ Քաին քաղաք վտարեց, հետո կրկին զայրացած՝ վտարեց Սեբզիվար։ Մեշհեդի ծաղկողներն ու նկարիչներն էլ այդպիսով այլ քաղաքներ, այլ երկրներ, այլ սուլթանների, արքայազնների արվեստանոցներ ուղարկվեցին։ Բայց հրաշքով սուլթան Իբրահիմ Միրզայի հրաշալի գիրքը կիսատ չմնաց, որովհետև իսկական գրապահ ուներ։ Այս մարդը ձի էր հեծնում, գնում էր Շիրազ, որովհետև ամենալավ, վարպետաց վարպետ գրիչն այնտեղ էր, այնտեղից ամենանուրբ նեսթալիկը գրողի համար երկու էջ էր վերցնում, տանում Սպահան, հետո սարերն անցնելով՝ գնում մինչև Բուխարա, ուզբեկ խանի մոտ աշխատող մեծ վարպետ նկարչին նկարի ձևավորումն էր անել տալիս, նրա մոտ աշխատողներին էր խնդրում, որ նկարեն։ Հերաթ հասնելով՝ այս անգամ կիսով չափ կույր ծեր վարպետներից մեկին խնդրում էր, որ խոտերի և տերևների գալարումները իր անգիր արածի համաձայն նկարի։ Հերաթում մեկ այլ ծաղկողի մոտ գնալով՝ նկարի միջի դռան վերևի ցուցատախտակի գրությունը ոսկետառ ռիքայով գրել տալով՝ կրկին դեպի հարավ՝ Քաին էր գնում և վեց ամիս ճամփորդելով՝ կեսին հասցրած էջը սուլթան Իբրահիմ Միրզային ցույց տալով՝ ստանում էր իր գովասանքը։ Բոլորը հասկացան, որ եթե այսպես շարունակվի, այդ գործն ավարտ չի ունենա, և թաթար սուրհանդակներ վարձեցին։ Ամեն մեկին մեկական նամակ տվեցին, ուր գրված և նկարագրված էր, թե նկարիչն ինչ պետք է անի։ Այսպիսով, ամբողջ Իրանի, Խորասանի, Ուզբեկստանի, Մավերաննահրի մոտով գրքի էջերը բերող սուրհանդակներ անցան։ Սուրհանդակների արագընթացության հետ մեկտեղ գրքի պատրաստությունն էլ արագացավ։ Երբեմն հիսունիններորդ էջը և հարյուր վաթսուներկուերորդ էջը տեղափոխողները մի ձնոտ գիշեր ոռնացող գայլերով լի մի անտառի մոտի քարվանսարայում էին հանդիպում, զրուցելիս հասկանում էին, որ նույն գրքի համար են աշխատում, իրենց սենյակներից բերում էին էջերը և փորձում հասկանալ, թե որ պատմության որ հատվածում են, ըստ այդմ փորձում էին հասկանալ, թե գրքի որ հատվածն է գրվում այդ պահին։ Այդ օրն իմացա, որ գրքի էջերից մեկում ես էլ եմ տեղ գտնելու։ Ի՜նչ ափսոս, որ ցուրտ ձմեռային օրը ինձ լեռներով տեղափոխող սուրհանդակի ճանապարհն ավազակները կտրեցին։ Նախ ծեծեցին խեղճ թաթարին, հետո իրենց ոճով մերկացրին, բռնաբարեցին և անխղճորեն սպանեցին։ Այդ պատճառով, ես էլ չգիտեմ, թե որ էջից եմ ընկել։ Ձեզ մի խնդրանք ունեմ, ինձ նայելով այսպես ասեք՝ արդյոք Լեյլայի վրանում հովվի հագուստով նրան այցելող Մեջնունի համա՞ր է հով անելու այս ծառը։ Անհույս անհավատի հոգու մթությունը պատմելու համար գիշերի՞ն եմ գրկախառնվելու։ Ամբողջ աշխարհից դուրս գալով՝ ծովեր անցնելով, թռչուններով, մրգերով լի մի կղզում հանգստություն գտած երկու սիրելիի երջանկությա՞նն էի մասնակցելու։ Հնդկական աշխարհը գրավելիս արևահարված, քթի արնահոսությունից մահացող Ալեքսանդրի վերջին պահերին ստվե՞ր կուզեի լինել։ Թե՞ որդուն սիրո և կյանքի խրատներ տվող հոր ուժը և տարիքն եմ մարմնավորելու։ Ո՞ր պատմությանն էի իմաստ ու նրբություն հաղորդելու։ Սուրհանդակին սպանած, ինձ վերցրած ավազակներից մեկը, ով ինձ ամենուր ման տվեց, երբեմն իմ արժեքն իմացողի պես նրբություն էր ցուցաբերում, ասես ծառին նայելիս ավելի էր հասկանում, թե որքան գեղեցիկ է, բայց քանի որ չգիտեր, թե այդ ծառը որ պատմության մասն է, արագ ձանձրանում էր ինձնից։ Ինձ քաղաքից քաղաք տանելուց հետո այդ ավազակն ինձ չպատռեց ու չնետեց, ինչից այդքան վախենում էի, մի տեղ մի նիհար մարդու մի թաս գինու դիմաց վաճառեց։ Այդ խեղճ նիհար մարդը գիշերները երբեմն մոմի ծանր լույսի տակ ինձ էր նայում։ Երբ տխրությունից մահացավ, նրա ունեցվածքը վաճառեցին։ Ինձ գնած վարպետ պատմասացի շնորհիվ մինչև Ստամբուլ հասա։ Այժմ շատ երջանիկ եմ, այս գիշեր այստեղ պատիվ եմ համարում օսմանյան սուլթանի հրաշագործ ձեռքեր, արծվի աչքեր, պողպատե կամք, նուրբ դաստակներ, զգայուն հոգի ունեցող նկարիչների և ծաղկողների հետ լինելը և, ի սեր Աստծու, խնդրում եմ, չհավատաք, որ մի վարպետ նկարիչ պատին կախելու համար ինձ վատ թղթի վրա է նկարել հապճեպ։ Տեսե՛ք՝ ինչպիսի ստեր, ինչպիսի հերյուրանքներ, ինչ անամոթություններ էլ են ասում․ երեկ գիշերը այստեղ այս պատին մի շան նկար կախելով՝ այս անշնորհք շան պատմություններն էր անում վարպետը չէ՞, նաև պատմել էր էրզրումցի Հուսրեթ հոջայի արկածների մասին։ Էրզրումցի Նուսրեթ հոջային սիրողները սա սխալ էին հասկացել, իբրև թե այստեղ նրա մասին վատ են խոսել։ Մենք կարո՞ղ ենք մեր հարգարժան մեծ էֆենդիի մասին ասել, որ նա անհայտ ծագում ունի։ Աստված հեռու տանի։ Երբևէ նման բան կանցնի՞ մեր մտքով։ Սա ի՞նչ շփոթմունք է, ի՞նչ անամոթ հերյուրանք։ Եթե էրզրումցի Հուսրեթի և էրզրումցի Նուսրեթի մասին ենք խոսում, ուրեմն ձեզ սվազցի Շաշը Նեդրեթ հոջայի ծառի պատմությունը պատմեմ։ Այս սվազցի Շաշը Նեդրեթ հոջան էլ գեղեցիկ տղաներին սիրելը և պատկերելը անիծելուց բացի ասում էր, որ սուրճը սատանայական է, որ այն խմողը կուղևորվի դժոխք։ Է, սվազցի՛, մոռացա՞ր, թե ինչպես է կոտրվել իմ այս հսկա ճյուղը։ Ձեզ պատմեմ, բայց երդվեք, որ ոչ ոքի չեք պատմի, որովհետև Աստված հեռու պահի հերյուրանքներից։ Մի առավոտ նայեցի, մաշալլա՜հ, մինարեթի հասակ ունեցող, առյուծի ճանկերով մի հսկա մարդու հետ բարձրացել է այս ճյուղի վրա իմ վարդե տերևների մեջ թաքնվել, շատ կներեք, սեր է անում նրա հետ։ Այդ դևը, որ հետո հասկացա, սատանան էր, այս հոջայի հետ սեր անելիս սիրով համբուրում էր նրա գեղեցիկ ականջը և շշնջում. «Սուրճը հարամ է, սուրճը հարամ է...»։ Սուրճի վնասակարությանը հավատացողը ոչ թե մեր կրոնի օրենքներին, այլ ըստ նրա՝ սատանային պետք է հավատա։ Եվ, ի վերջո, խոսելու եմ ֆրանսիացի նկարիչների մասին։ Եթե նրանց սիրող անպատիվ մեկը կա, թող խրատվի։ Այս ֆրանսիացի նկարիչները թագավորների, քահանաների, պարոնների, անգամ կանանց դեմքերն այնպես են նկարում, որ մարդուն ըստ նկարի կարող ես փողոցում ճանաչել։ Նրանց կանայք փողոցներում ազատ զբոսնում են, արդեն մնացածի մասին դուք մտածեք։ Բայց դա էլ բավական չէ, ավելի են առաջ գնացել։ Ոչ թե անբարոյականության, այլ նկարչության գործում... Մի մեծ ֆրանսիացի վարպետ նկարչի հետ մեկ այլ վարպետ մի ֆրանսիական մարգագետնում զբոսնելիս նկարչության և արվեստի մասին են խոսում։ Քայլում են մինչև մի անտառ։ Ավելի ուշ վարպետ նկարիչը մյուսին ասում է. «Նոր ոճով նկարելն այնպիսի տաղանդ է պահանջում, որ այս անտառի ծառերից մեկի նկարին նայողը ցանկանա այստեղ գալ, որ գտնի այդ ծառը մյուս ծառերի մեջ»։ Ես Ալլահին շնորհակալ եմ, որ ձեր տեսած ծառի նկարն այդպիսի վարպետությամբ չի նկարվել։ Եթե ըստ ֆրանսիական ոճի նկարվեի, ինձ կեղծ ծառ համարելով՝ Ստամբուլի բոլոր շները վրաս կմիզեին։ Ես չեմ ցանկանում ծառ լինել, ես ցանկանում եմ լինել ծառի իմաստը։ == 11. Իմ անունը Քարա է == Ուշ սկսված ձյունը մինչև առավոտ շարունակվեց։ Շեքուրեի նամակն ամբողջ գիշեր նորից կարդացի։ Դատարկ տան դատարկ սենյակում նյարդային քայլելիս մոտենում էի մոմակալին, դժգույն մոմի դողացող լույսի տակ հետևում էի զայրացած տառերի նյարդային դողին, ինձ ստելու համար նետած բառերին, աջից ձախ գալարվող տողերին։ Այդ պահին կրկին հիշում էի պատուհանի միանգամից բացվելը և իմ սիրելիի դեմքը, նրա տխուր ժպիտը։ Վերջին վեց-յոթ տարվա ընթացքում իմ մտապահած Շեքուրեի դեմքերը և բալե շրթունքները մոռացա այն պահին, երբ տեսա նրա դեմքը։ Գիշերը մի պահ սկսեցի երազել ամուսնության մասին։ Իմ երազանքներում ո՛չ իմ սիրուց, ո՛չ էլ նրա պատասխանը ստանալուց կասկած չունեի։ Այսպիսով, շատ երջանիկ էինք, ամուսնանում էինք, բայց աստիճաններ ունեցող մի տան մեջ երջանկությունը ոչնչանում էր։ Չէի կարողանում իմ գործով զբաղվել, կնոջս հետ անընդհատ վիճում էի։ Երբ հասկացա, որ այդ մութ երազները տեսնում եմ Արաբիստանում իմ միայնակ գիշերներում կարդացածս Գազզալիի «Կրոնական գիտությունների վերածննդի»՝ ամուսնության վնասների մասին հատվածի պատճառով, կեսգիշերին հիշեցի, որ միևնույն էջում շատ է խոսվում նաև ամուսնության դրական կողմերի մասին։ Բայց չնայած որ այդքան ջանացի՝ կարողացա հիշել կարդացածս դրական կողմերից միայն երկուսը։ Երբ տղամարդն ամուսնանում է, նրա տունը կարգի բերող է լինում, բայց իմ երազանքների՝ աստիճաններով տանը կարգուկանոն չկար։ Երկրորդը․ տղամարդը մեղքի զգացումով ինքնաբավարարմամբ զբաղվելուց և ավելի մեծ մեղքի զգացումով մութ ետնաբակերում կավատների ետևից ընկած՝ մարմնավաճառներ փնտրելուց է ազատվում։ Այս ազատման միտքը գիշերվա ուշ ժամին կրկին ինձ հիշեցրեց ինքնաբավարարման մասին։ Մի պարզ ցանկությամբ, այդ միտքը հնարավորինս շուտ մոռանալու համար սովորության համաձայն նստեցի սենյակի մի անկյունում, բայց հետո հասկացա, որ դրանով չեմ զբաղվելու։ Տասներկու տարի անց ես կրկին սիրահարվել էի։ Այս պարզ ապացույցն ինձ այնպիսի ոգևորության և վախի զգացում հաղորդեց, որ մոմի լույսի պես դողալով քայլեցի սենյակում։ Եթե Շեքուրեն իրեն այդպես ցույց էր տալիս պատուհանի առաջ, ուրեմն լրիվ հակառակ բովանդակությամբ նամակ ուղարկելու իմաստը ո՞րն է։ Եթե հայրն ինձ չի ուզում տեսնել որպես իր դստեր ամուսին, ուրեմն ինչո՞ւ է ինձ կանչում․ հայր ու աղջիկ ուզում են իմ գլխին խա՞ղ խաղալ։ Սենյակում ետ ու առաջ էի քայլում, զգում էի, որ դուռը, պատը, ճռռացող տախտակներն իմ հարցերին փորձում էին պատասխան տալ։ Նայեցի նկարին, որ տարիներ առաջ էի արել, ուր Շիրինը նայում է Խոսրովի՝ ծառի ճյուղից կախված նկարին։ Նկարել էի Թավրիզից փեսայիս նոր բերած գրքի՝ նույն նկարից ներշնչվելով։ Նկարին նայելն ինձ այնպես չամաչեցրեց, ինչպես հաջորդող տարիներին այն ամեն անգամ հիշելիս (պատճառը նկարի և սիրո խոստովանության պարզությունն էր), ոչ էլ նետեց երջանիկ երիտասարդությանս հուշերի գիրկը։ Առավոտյան մոտ խելքի եկա, Շեքուրեի՝ ինձ նկարը ետ ուղարկելու քայլը դիտեցի որպես նրա կողմից սիրո շախմատում արված քայլ։ Նստեցի, մոմի լույսի տակ Շեքուրեին մի նամակ գրեցի։ Մի քիչ քնելուց հետո առավոտյան նամակը դրեցի կրծքիս և դուրս եկա փողոց, երկար քայլեցի։ Ձյունը լայնացրել էր Ստամբուլի փողոցները, մաքրել էր քաղաքը մարդկային բազմությունից։ Ամեն ինչնման էր իմ մանկությանը, լուռ էր ու խաղաղ։ Իմ մանկության ձյունոտ ձմեռային օրերին, ինչպես և կարծում էի, Ստամբուլի հուշերը, գմբեթները, այգիներն ասես լցվել էին ագռավներով։ Լսելով ձյան վրա իմ կոշիկների ձայնը, նայելով բերանիցս ելնող գոլորշուն, մտածելով, որ արվեստանոցը, ուր իմ փեսան ուզում էր գնալ, այս փողոցների պես անձայն է, ոգևորվում էի։ Հրեական թաղամաս մտնելուց առաջ մի երեխայի խնդրեցի Էսթերին լուր ուղարկել, պետք է նրան տայի Շեքուրեին ուղարկելիք նամակը։ Ցերեկվա նամազից առաջ հանդիպում նշանակեցի։ Սուրբ Սոֆիայի ետևում գտնվող արվեստանոցի շենք ավելի շուտ գնացի։ Մանկությանս տարիներին կարճ ժամանակով այնտեղ որպես աշակերտ աշխատել էի, այնտեղ փեսայիս օգնությամբ էի մտնում-դուրս գալիս։ Շենքը, բացի ճակատային մասից կախված սառույցից, ոչ մի փոփոխության չէր ենթարկվել։ Երիտասարդ ու գեղեցկադեմ աշակերտն առջևից՝ մտանք ներս, խեժի և շրեշի՝ գլխապտույտ առաջացնող հոտի մեջ աշխատող տարիքով կազմարարների, վաղ տարիքում սապատավոր դարձած վարպետ նկարիչների, տխրությամբ վառարանի կրակին նայելու պատճառով առանց ծնկներին դրած թասերին նայելու ներկը խառնող երիտասարդների մոտով անցանք։ Մի անկյունում ուշադրությամբ ծնկներին դրած ջայլամի ձուն ներկող մի ծերունի, ուրախ-ուրախ դարակ ներկող մի մարդ, նրանց հարգանքով հետևող մի երիտասարդ աշակերտ տեսա։ Մի բաց դռնից տեսա, թե ինչպես է վարպետն այպանում երիտասարդ աշակերտներին սխալի համար։ Որպեսզի նրանց բացատրի սխալը, ստիպում է կարմրած դեմքերը մոտեցնել թղթին՝ գրեթե հպվելու չափ։ Մեկ այլ սենյակում մի մտածկոտ ու տխուր աշակերտ գույները, թղթերը, նախշերը մոռացած՝ նայում էր այն փողոցին, որով քիչ առաջ ես ոգևորված քայլում էի։ Բաց սենյակների դռների առաջ էջերը կրկնօրինակող, ներկ պատրաստող, մատիտները սրող նկարիչներն ինձ՝ օտարիս, աչքի պոչով թշնամաբար նայեցին։ Բարձրացանք սառցակալած աստիճաններով։ Արվեստանոցի շենքի երկրորդ հարկի չորս կողմից կառուցված կամարների տակով անցանք։ Ներքևի հարկում ներքին բակում մի շատ երիտասարդ աշակերտ, չնայած հաստ թիկնոցին՝ ակնհայտորեն դողում էր, գուցեև սպասում էր իր պատժին։ Հիշեցի աշակերտության առաջին տարիներին ծուլացող կամ թանկարժեք ներկը անխնա օգտագործող աշակերտների ծեծը, ոտքերի ներբանները մահակով, մինչև արնահոսելը ծեծելը։ Մտանք մի տաք սենյակ։ Ծնկաչոք հանգիստ նստած նկարիչների տեսա, բայց նրանք ոչ թե իմ երազանքների վարպետներն էին, այլ աշակերտությունը նոր ավարտի հասցրած երիտասարդներ։ Մի ժամանակ իմ չափից դուրս հարգանքն առաջացնող այս սենյակում մեծ վարպետներն էին աշխատում, որոնց Օսման վարպետը կեղծանուններ էր շնորհել, արդեն իրենց տներում էին աշխատում, այդ պատճառով այն արդեն ոչ թե մեծ սուլթանի շքեղ արվեստանոցի էր նման, այլ արևելքի դատարկ սարերում կորչող իջևանատան մեծ սենյակի։ Անկյունում՝ մի սնդուկի մոտ կանգնած գլխավոր նկարիչ վարպետ Օսմանը, ում տասնհինգ տարի անց առաջին անգամ էի տեսնում, ավելի շատ ուրվականի էր նման, քան ստվերի։ Ճանապարհորդության ընթացքում, ամեն անգամ, երբ մտածում էի նկարչության մասին, կարծես Բեհզադին՝ երազանքների գրկում հիացմունքով Սուրբ Սոֆիային նայող պատուհանից եկող ձյան ճերմակ լույսի տակ, ճերմակ հագուստով մեծ վարպետին տեսնում էի վաղուց այնկողմնային աշխարհի ուրվականների շարքերում։ Համբուրեցի նրա՝ ծննդանշաններով ծածկված ձեռքը, հիշեցրի իմ անունը։ Ասացի, որ փոքր տարիքում փեսաս ինձ այստեղ էր բերել, բայց ասացի, որ ես նախընտրել էի գրչությունը, կյանքս անց եմ կացրել ճանապարհներին, արևելյան քաղաքներում փաշաների համար քարտուղարություն եմ արել, մատենագիր եմ եղել, Սերհաթ փաշայի և մյուս փաշաների հետ Թավրիզում գրիչների ու նկարիչների հետ ծանոթանալով՝ գրքեր եմ պատրաստել, Բաղդադում և Հալեպում, Վանում և Թիֆլիսում եմ եղել, պատերազմներ եմ տեսել։ ― Ա՜հ, Թիֆլիս,– ասաց մեծ վարպետը՝ նայելով ձնածածկ այգուց ներս ընկնող լույսին։– Այնտեղ հիմա ձյո՞ւն է գալիս։ Նա վարվում էր իր արվեստում վարպետանալով կուրացող և կիսով չափ սուրբ, կիսով չափ խենթ կյանք վարող իրանցի վարպետների պես, որոնց մասին շարունակ լեգենդներ են պատմվում, բայց անմիջապես աչքերից հասկացա, որ ջինի պես ատում է փեսայիս, իսկ ինձ կասկածում է։ Նրան պատմեցի, որ արաբական անապատներում ձյունը գալիս է ոչ թե այստեղի պես՝ միայն Սուրբ Սոֆիայի վրա, այլև՝ հուշերի։ Պատմեցի, որ երբ Թիֆլիսի ամրոցի վրա ձյուն է գալիս, լվացք անող կանայք ծաղկի գույն երգեր են երգում, երեխաներն էլ բարձերի տակ ամառվա համար պաղպաղակ են թաքցնում։ ― Պատմիր՝ ծաղկողները, նկարիչները ի՞նչ են նկարում քո գնացած երկրներում։ Մի անկյունում էջերի վրա քանոնով գծագրություն անող, երազանքների գիրկն ընկած երազկոտ երիտասարդ նկարիչը գրակալից բարձրացրեց գլուխը, մյուսների հետ մեկտեղ ինձ այնպես նայեց, կարծես ասում էր՝ հիմա ինձ ամենաիրական հեքիաթը պատմիր։ Վստահ էի, որ նրանք շատ անգամ են լսել, թե թաղամասերի նպարավաճառներն ովքեր են, հարևանն ինչու է բանջարավաճառի հետ վիճում, հացի մի օքքան քանիս է, Թավրիզում, Կազվինում, Շիրազում և Բաղդադում ինչպես են նախշազարդում, որ խաների, շահերի, սուլթանների, արքայազնների գրքերի համար որքան են վճարում, առնվազն այսպիսի վայրում ժանտախտի նման արագ տարածվող ամենավերջին բամբասանքներն ու խոսակցությունները, բայց միևնույն է՝ պատմեցի։ Որովհետև ես այնտեղից, արևելքից, Իրանից էի գալիս, ուր բանակները պատերազմում էին, արքայազնները միմյանց կոկորդ կտրելով՝ քաղաքները թալանում և այրում, ուր պատերազմի և խաղաղության մասին ամեն օր են խոսում և արդեն դարեր շարունակ ամենալավ բանաստեղծություններն են գրում, նախշազարդում են և նկարում։ ― Հիսուներկու տարի գահին նստած շահ Թահմասփը վերջին տարիներին, ինչպես գիտեք, մոռանալով գրքի, ծաղկման, նկարի հանդեպ սերը, բանաստեղծներին, նկարիչներին, ծաղկողներին թիկունք դարձնելով՝ հոգին ավանդեց, և նրա փոխարեն որդին՝ Իսմայիլը գահ բարձրացավ,– ասացի ես։– Քանի որ նոր շահը, ում հայրը քսան տարի բանտում էր պահել, գիտեր եղբայրների վատ բնավորության և կռվարարության մասին, գահ բարձրանալուն պես խեղդել տվեց եղբայրներին, ոմանց կուրացնելով՝ վերացրեց։ Բայց թշնամիներն ի վերջո նրան թունավորեցին, ազատվեցին նրանից, և գահն անցավ կիսախենթ եղբորը՝ Մուհամմեդ Հյուդաբենդեին։ Նրա օրոք բոլոր արքայազնները, եղբայրները, նահանգապետերը, ուզբեկները, բոլորն ապստամբեցին իրար դեմ և մեր Սերհաթ փաշայի հետ այնպիսի պատերազմի մեջ մտան, որ Իրանը ծածկվեց փոշով, խառնվեց։ Անփող, անխելք և կիսով չափ կույր շահը ոչ գիրք գրելու, ոչ էլ նկարելու ի վիճակի չէր։ Այսպիսով, Կազվինի և Հերաթի լեգենդար նկարիչները շահ Թահմասփի արվեստանոցում հրաշքներ ստեղծող բոլոր ծեր վարպետները և աշակերտները, վրձնով ձիերին վազեցնող, թիթեռներին էջից հանելով թռցնող նկարիչները, գույնի վարպետները, այդ բոլոր վարպետ կազմարարները, ծաղկողները, բոլորն անգործ, անփող, անգամ անտուն մնացին։ Ոմանք փախան հյուսիս՝ շիբանիդների մոտ, ոմանք՝ Հնդկաստան, ոմանք՝ այստեղ՝ Ստամբուլ։ Ոմանք այլ գործերի անցնելով՝ այնտեղ իրենց և իրենց պատիվը սպառեցին։ Ոմանք էլ իրար հետ մտերմացած փոքրիկ արքայազնների, նահանգապետերի մոտ գնալով՝ ամենաշատը երեք-հինգ նկար ունեցող սակավաթիվ գրքերի համար սկսեցին աշխատել։ Շարքային զինվորների, անփորձ փաշաների, երես առած արքայազնների հաճույքի համար արագորեն արված պարզ նախշազարդված էժան գրքերն ամենուր շատացան։ ― Քանի՞ այդպիսի գիրք կար,– հարցրեց վարպետ Օսմանը։ ― Ասում են, որ հզոր Սադիքի բեյը մի ուզբեկ ձիավորի համար միայն քառասուն ոսկով «Արտասովոր արարածերն» է նկարազարդել։ Արևելյան արշավանքներից Էրզրում վերադարձող անփորձ փաշայի վրանում նկարների մի հավաքածու տեսա, որտեղ նաև վարպետ Սիավուշին պատկանող բաց տեսարաններով նկարներ կային։ Նկարչությունից չհրաժարվող մեծ վարպետները մի նկարի, մի պատմության մասը չեղող առանձին նկարներ նկարելով՝ վաճառում էին։ Մի նկարին նայելիս չես մտածում, թե դա որ պատմության որ հատվածն է, միայն հաճույք ես ստանում նայելիս, օրինակ՝ մտածում ես, թե այս ձին որքան գեղեցիկ է ստացվել և դրա համար ես վճարում նկարչին։ Ե՛վ պատերազմի նկարները, և սիրո տեսարաններով նկարները մեծ պահանջարկ ունեն։ Բազմամարդ պատերազմի տեսարանների գինը հասել է երեք հարյուր աքչեի, և կարծես պատվիրատու չկա։ Ոմանք, որպեսզի էժան լինի, առանց ահարի, առանց յուղաներկի, անգամ առանց ներկ քսելու սև֊սպիտակ նկարներ էին անում։ ― Մի երջանիկ, տաղանդավոր գրիչ ունեի,– ասաց վարպետ Օսմանը։― Այնպիսի նրբությամբ էր աշխատում, որ մենք նրան Զարիֆ էֆենդի էինք անվանում։ Բայց նա էլ մեզ լքեց։ Արդեն վեց օր է՝ չկա։ Անհայտ կորել է։ ― Մարդ կարո՞ղ է այս արվեստանոցը, այս երջանիկ հայրական տունը լքել-գնալ,― ասացի ես։ ― Աշակերտ տարիքից ի վեր իմ մեծացրած չորս վարպետները՝ Քելեբեքը, Զեյթինը, Լեյլեքը և Զարիֆը մեր սուլթանի կամքով իրենց տներում էին աշխատում,– ասաց վարպետ Օսմանը։― Դա նրա համար էր, որպեսզի բոլորի հետաքրքրությունն առաջացրած «Սուրնամեի» համար ավելի հանգիստ կարողանան աշխատել։ Սուլթանն այս անգամ վարպետ նկարիչներին հատուկ գրքի համար պալատի բակում հատուկ տեղ չհատկացրեց, հրամայեց, որ իրենց տներում աշխատեն։ Մտածելով, որ հնարավոր է՝ այդ հրամանը փեսայիս գրքի համար է տրվել, լռեցի։ Օսման վարպետը որքա՜ն երկիմաստ է խոսում։ ― Նուրի՛ էֆենդի,– ձայն տվեց նա սապատավոր և գունատ նկարչին,– Քարա Չելեբիին մի «վիճակ» տուր։ «Վիճակը» արվեստանոցում այդ հուզիչ ժամանակներում մեր սուլթանի՝ երկու ամիսը մեկ իրենց արվեստանոց այցելության ժամանակ կատարվող արարողություն էր։ Գանձապետ Հազըմը, գլխավոր պատմագիր Լոքմանը և գլխավոր նկարիչ վարպետ Օսմանը մեր սուլթանին պատմում էին արվեստանոցի վարպետների, որ գրքի՝ որ էջերի վրա աշխատելու, ում՝ որ գրի վրա աշխատելու, որ նկարը նկարելու, գույնի վարպետների, գծագիրների, գրիչների, ոսկեձեռ վարպետ նկարիչների մասին՝ մեկ առ մեկ՝ ինչ գործ են անում։ Երբ նախշազարդվող նկարների մեծ մասը գրող գլխավոր պատմագիր Լոքման էֆենդին հիվանդացավ և այլևս չէր կարող դուրս գալ տնից, գլխավոր նկարիչ Օսմանն անվերջանալի վիրավորանքի ու զայրույթի մշուշի մեջ կորցրեց Քելեբեք, Զեյթին, Լեյլեք և Զարիֆ կեղծանուններով չորս վարպետներին՝ տանն աշխատելու պատճառով, մեր սուլթանն էլ դադարեց այցելել արվեստանոց։ Ինձ տխրեցրեց, որ իրական ծիսակատարության փոխարեն ինձ համար նրա նմանակումն էին անում։ Ինչպես շատ այլ նկարիչների դեպքում, Նուրի էֆենդին առանց կյանքն ապրելու և իր արվեստում վարպետանալու ծերացել էր, բայց սապատ էր ձեռք բերել ոչ թե այն պատճառով, որ տարիներով աշխատասեղանի առաջ էր կռացել, այլ որովհետև ստուգել էր, թե ով որ գեղեցիկ էջն է նախշազարդել։ Այսպիսով, մեր սուլթանի՝ արքայազնների թլպատման արարողության մասին պատմող «Սուրնամեի» լեգենդար էջերին առաջին անգամ ոգևորությամբ նայեցի։ Ամեն մասնագիտությունից, ամեն համքարությունից, ամբողջ Ստամբուլի մասնակցությամբ հիսուներկու օր տևած այս թլպատման արարողությունների պատմությունները մինչև Իրան հասել էին, այդ մասին դեռ լսել էի արարողությունը պատմող գիրքը պատրաստելու ընթացքում։ Իմ առաջ դրված առաջին նկարում մեր Ջիհանփենահ սուլթանը լուսահոգի Իբրահիմ փաշայի պալատի պատշգամբում էր նստել, ներքևում՝ ձիարշավարանում տեղի ունեցող իրադարձություններին էր հետևում սիրալիր հայացքով։ Չնայած նրա դեմքը մյուսներից տարբերելու չափ մանրամասներով չէր նկարվել, լավ էր երևում և հարգանք էր ներշնչում։ Իսկ մեր սուլթանի նկարի ձախ կողմում տեղավորված երկու էջանոց նկարի աջ մասում պատուհաններում, կամարների տակ վեզիրները, փաշաները, իրան, թաթար, ֆրանսիացի և վենետիկյան դեսպաններն էին։ Քանի որ սուլթան չէին, նրանց արագ և անուշադիր նկարված ու նպատակին չհասած աչքերը կենտրոնացել էին հրապարակի շարժման վրա։ Ավելի ուշ մյուս նկարներում էլ տեսա նույն դիրքը և տեղադրումը, ու չնայած պատերի նախշերի, ծառերի, կղմինդրների՝ տարբեր ներկերով ներկված լինելուն՝ դրանք կրկնվում էին։ Քանի որ գիրը գրիչներինն էր, նկարները կազմավորվել էին «Սուրնամեի» անվան տակ, էջերը թերթող ընթերցողը միշտ նույն դիրքում, նույն հրապարակին նայող սուլթանի և հրավիրված բազմության հայացքների ներքո ձիարշավարանում ամեն անգամ տարբեր գույների մեջ լրիվ այլ շարժում կտեսնի։ Ես էլ տեսա, այնտեղ՝ ձիարշավարանում, երբ հարյուրավոր ամաններով փլավ և հորթի կարմրացրած միս էին բաժանում, ճագարներից և թռչուններից վախեցողներին տեսա։ Տեսա վարպետ պողպատագործներին, ովքեր մի կառք նստած՝ խմբովի մեր սուլթանի առջևով անցնելիս իրենցից մեկին կառքի մեջ պառկեցնելով՝ նրա մերկ կրծքին սուրանկյուն դազգահի վրա պղինձ են ծեծում, ինչպես են առանց մերկ մարդուն վնասելու մուրճերով աշխատում։ Սուլթանի առջևով կառքով անցնող՝ ապակիների վրա մեխակների, կիպարիսների նախշեր արած ապակեգործներին և ուղտերին բարձած շաքարով լի պարկերով և վանդակների միջի թութակների հետ անցնելիս քաղցր բանաստեղծություններ կարդացող շաքարագործերին և կառքի մեջ տարբեր տեսակի՝ կախիչով, ներկված սայրերով կողպեքները ցույց տալով՝ նոր ժամանակների և նոր դռների անորակությունից բողոքելով անցնող ծեր փականագործներին տեսա։ Աճպարարներին ցույց տվող նկարին վարպետ նկարիչներից և՛ Քելեբեքը, և՛ Լեյլեքը, և՛ Զեյթինն էին դիպել։ Մի աճպարար փայտի վրա մի քանի ձու դրած՝ դրանք այնպես էր շարժում, ասես ձուն գլորվում էր մարմարի վրայով, մյուսն էլ դափ էր նվագում։ Ծովերի ծովակալ Քըլըչ Ալի փաշան ծովերում բռնված և գերի ընկած անհավատներին հավաքել էր, բոլորին նավ նստեցրել և սուլթանի առջև վառոդը պայթեցնելով՝ ցույց էր տվել, թե ինչպես է անհավատների հայրենիքը մաս-մաս անում։ Այդ ամենը նույն կերպով տեսա նկարում։ Տեսա, թե ինչպես են անմորուս, անբեղ կանացի դեմքերով մսավաճառները կեռերից կախված, մաշկահան վարդագույն ոչխարներին ժպտում։ Շղթայված վիճակում մեր սուլթանի մոտ բերված առյուծին զայրացնում էին, և նրա աչքերն արյունով էին լցվում, դիտողները ծափահարում էին, և իսլամը ներկայացնող առյուծը մյուս էջին խոզ անհավատին կերպավորող մոխրագույն և վարդագույն ներկված խոզին վտարում էր։ Սուլթանի մոտով անցնող կառքի մեջ տեղավորված խանութի տանիքից գլխիվայր կախված հաճախորդին սափրող վարսավիրի և այդ հաճախորդին արծաթե ամանի մեջ հոտավետ օճառ ու հայելի մատուցող, բահշիշի ակնկալիք ունեցող կարմիր հագուստով աշակերտի նկարն էլ հագենալով նայելուց հետո հարցրի, թե ով է այդ հրաշալի նկարիչը։ ― Կարևորն այն է, որ նկարն իր գեղեցկությամբ մարդու ուշադրությունը հրավիրի կյանքի հարստության, սիրո, Ալլահի ստեղծած աշխարհի գույների, հարգանքի, ներքին մտածմունքների և հավատի վրա, այլ ոչ թե նկարչի ինքնության։ Հասկանալով, որ այստեղ ինձ փեսաս է ուղարկել հարցուփորձ անելու համար, իմ ակնկալածից ավելի զգուշավոր նկարիչ Նուրին արդյոք վարպետ Օսմանի խոսքե՞րն էր կրկնում։ ― Այս բոլոր գրությունները Զարիֆ էֆենդի՞ն է արել,– հարցրի ես։– Նրա փոխարեն հիմա ո՞վ է գրում։ Բաց դռան՝ դեպի ներքին բակ նայող անցքից սկսեցին լսվել երեխաների ձայներ, բղավոցներ։ Ներքևում՝ գլխավոր վարպետներից մեկը գրպաններում կարմիր ռուբինի փոշի կամ թղթի մեջ ոսկե տերև թաքցնող աշակերտներին, հավանաբար քիչ առաջ դրսում դողալով սպասող երկու աշակերտին պառկեցրել էր ֆալաքայի վրա։ Ծաղրելու համար առիթ փնտրող երիտասարդ նկարիչները նայելու համար հավաքվել էին դռան մոտ։ ― Մինչև աշակերտները հրապարակի գետինը ներկեն վարդի գույնով, ինչպես մեր Օսման վարպետն է հրամայել,– զգուշավոր ասաց Նուրի էֆենդին,– մեր Զարիֆ էֆենդի եղբայրն էլ վերադառնալով՝ այս երկու էջի գիրն էլ կավարտի, Աստված տա։ Ամեն անգամ մեր վարպետ նկարիչ Օսմանը Զարիֆ էֆենդուց պահանջում է, որ ձիարշավարանի գետինը մի գույնով ներկի։ Վարդագույն, հնդկական կանաչ, քրքումի դեղին կամ էլ սագի արտաթորանքի գույնի։ Որովհետև նկարին նայող աչքը առաջին նկարից կհասկանա, որ այդ վայրը հրապարակ է, որ պետք է հողի գույն ունենա, երկրորդ, երրորդ նկարում մի քիչ զբաղվելու համար այլ գույներ կուզի։ Նախշը կատարվում է էջն ավելի աշխույժ դարձնելու համար։ Մի անկյունում նախշազարդ կազմով մի գիրք տեսանք, որը ծառան էր թողել։ Պատերազմի մասին մի գրքի՝ շրջափակումից դեպի պատերազմի զարգացումը ցույց տվող մի էջանոց նկարի վրա էին աշխատում, բայց ակնհայտ է, որ լսելով ներբաններին փայտերի հարվածներ ստացող իրենց ընկերների բղավոցները՝ վազեցին նայելու։ Մի կաղապարով նկարված շրջափակման նավերը կարծես ծովի ջրերի վրա չէին մնում, բայց այս անցողիկությունը, առագաստների անշարժությունը ոչ թե կաղապարից էր, այլ երիտասարդ նկարիչների անընդունակությունից։ Ցավով տեսա, նկատեցի, որ կաղապարը վայրենաբար կտրած-հանած էր մի հին գրքից, գուցե մատյանից։ Երևում էր, որ վարպետ Օսմանն արդեն շատ բանի վրա ուշադրություն չի դարձնում։ Երբ հերթը հասավ իր աշխատանքային սեղանին, Նուրի էֆենդին հպարտությամբ ասաց, որ երեք շաբաթ շարունակ աշխատել է սուլթանի կնիքի գրության վրա և ավարտել է։ Հարգանքով նայեցի մաքուր թղթին, որի վրա կնիքն էր արված և գիրը։ Թղթի վրա ոչինչ գրված չէր, որպեսզի չհասկացվի, թե ում և ինչ նպատակով է ուղարկվում։ Գիտեմ, որ արևելքում շատ կամակոր փաշաներ, սուլթանի կնիքի՝ այս ազնվական և ուժեղ գեղեցկությունը տեսնելուն պես հրաժարվել են համընդհանուր ապստամբությունից։ Հետո ծաղկող Ջեմալի ավարտած վերջին հրաշքները տեսանք, բայց իրական արվեստի՝ գիծը, նախշը առաջ քաշելու համար պատրվակ փնտրող գույնի և նախշի վարպետներին երես չտալու համար առաջ անցանք։ Լուսանցք գծող Նասըրը Թեմուրի տղաների ժամանակից մնացած Նիզամիի «Համսե»֊ից մի էջ, Շիրինին մերկ լողանալիս տեսնող Խոսրովի տեսարանն էր շտկում։ Իննսուներկու տարեկան մի կույր վարպետ, որ միայն վաթսուն տարի առաջ Թավրիզում վարպետ Ռեհզադի ձեռքը համբուրելու և այդ պահին մեծ վարպետի կույր և գինովցած լինելու մասին պնդող պատմությունից բացի այլ բան չգիտեր, մեր սուլթանին երեք ամիս անց որպես տոնի նվեր հանձնվելիք տուփի նախշերը սեփական դողացող ձեռքերով ցույց տվեց։ Ներքևի հարկի նեղ սենյակները, ուր ութսունին մոտ նկարիչներ և աշակերտներ էին աշխատում, թաղվել էին լռության մեջ։ Սա այն լռությունն էր, որ միշտ տիրում էր ինձ հայտնի այդ ծեծի ավարտից հետո։ Երբեմն նյարդայնացնող ծիծաղ կամ կատակ, երբեմն էլ աշակերտական տարիները հիշեցնող մի քանի հեծկլտոց և լաց էր լսվում, որ ընդհատվում էր ճնշված տնքոցով, իսկ վարպետ նկարիչներն էլ սեփական աշակերտական տարիներին ստացած ծեծն էին հիշում։ Իննսուներկու տարեկան կիսակույր վարպետն ինձ ստիպեց զգալ, որ այս վայրը բոլոր պատերազմներից և տակնուվրա եղած ամեն բանից հեռու է։ Աղմուկ բարձրանալուց առաջ էլ է այսպիսի լռություն տիրելու։ Նկարչությունը մտքի լռությունն է և աչքի երաժշտությունը։ Վարպետ Օսմանի ձեռքը համբուրելիս ոչ միայն մեծ հարգանք, այլև հոգիս տակնուվրա անող մի այլ զգացում ունեցա, մի մեծ մարդու հանդեպ զգացած հիացմունքին խառնված խղճահարություն, մեղքի տարօրինակ զգացում։ Գուցեև այն պատճառով, որ իմ փեսան, ով ուզում էր, որ եվրոպացի վարպետների ոճը կրկնօրինակվի, նրա մրցակիցն էր։ Նույն պահին մեծ վարպետին կյանքում վերջին անգամ տեսնելու որոշում կայացրի և նրան դուր գալու, նրան ուրախացնելու անհանգստության մեջ մի հարց տվեցի. ― Իմ մե՛ծ վարպետ, ինքնատիպ նկարչին սովորական նկարչից ի՞նչն է տարբերում։ Կարծեցի, որ սեփական շահերը հետապնդող այսպիսի հարցերին սովոր գլխավոր նկարիչը սկզբից ինձ գոհացնող պատասխան չի տա. միևնույն է, այդ պահին արդեն մոռացել էր իմ գոյության մասին։ ― Ինքնատիպ նկարչին անընդունակ, անհավատ նկարչից տարբերող չափանիշ չկա,― լրջորեն ասաց նա։― Դա փոխվում է ժամանակի ընթացքում։ Իմ արվեստին սպառնացող վտանգների դեմ նկարչի բարոյականությունն ու տաղանդը կարևոր են։ Այսօր մի երիտասարդ նկարչի յուրահատկությունը հասկանալու համար երեք հարց կտայի։ ― Որո՞նք են այդ հարցերը։ ― Նոր ավանդույթի համաձայն՝ չինացիների և ֆրանսիացիների ազդեցության տակ սեփական ոճը պե՞տք է համապատասխանի մյուս բոլորի ոճին։ Որպես նկարիչ բոլորից առանձին ոճ, ձև ուզո՞ւմ է, փորձո՞ւմ է այն իր նկարչության մեջ ֆրանսիացի վարպետների պես ստորագրությամբ ապացուցել։ Ահա դա հասկանալու համար ես առաջինը նրան ոճի և ստորագրության մասին կհարցնեի։ ― Հետո՞,– հարցրի ես հարգանքով։ ― Հետո մեր գրքերը պատվիրող շահերը և սուլթանները կմահանան, կազմերը կպոկվեն, մեր նկարած նկարներն այլ գրքերում, այլ ժամանակներում կօգտագործվեն։ Այդ ամենի մասին մտածելիս այս նկարիչն ի՞նչ է զգում, ահա դա կհարցնեի։ Սա այնպիսի զգայուն բան է, որ ոչ տխրելով, ոչ էլ ուրախանալով չես կարող արտահայտել։ Այդ պատճառով նկարչին ժամանակի մասին կհարցնեի։ Նկարելու ժամանակի և Աստծու ժամանակի մասին։ Հասկանո՞ւմ ես, որդյա՛կ։ Չէի հասկանում, բայց չասացի։ ― Երրո՞րդը,– հարցրի ես։ ― Երրորդը կուրությունն է,– ասաց մեծ վարպետ գլխավոր նկարիչ Օսմանը և լռեց, ասես դա մեկնաբանություն չպահանջող ակնհայտ բան էր։ ― Կուրության ի՞նչը,– ճնշվելով ասացի ես։ ― Կուրությունն անձայն է։ Քիչ առաջ իմ նշած առաջին և երկրորդ հարցը միավորում է կուրությունը։ Նկարչության ամենախորին տեղն այնտեղ է, ուր Աստծու մթության մեջ տեսնում ես անտեսանելին։ Լռեցի, դուրս եկա։ Սառցակալած աստիճաններով առանց շտապելու ներքև իջա։ Գիտեի, որ մեծ վարպետի երեք հարցը ոչ միայն Քելեբեքի, Զեյթինի, Լեյլեքի հետ խոսակցություն բացելու, այլև իմ կյանքի ընթացքում այդ լեգենդար հասակակիցներիս հասկանալու համար էի հարցնելու։ Անմիջապես չգնացի վարպետ նկարիչների տուն։ Հրեական թաղամասին մոտ՝ նեղուցից դեպի Բոազիչի բացվող տեսարանով բլրի վրայի նոր շուկայում Էսթերին հանդիպեցի։ Առևտուր անող ստրկուհիները, աղքատ թաղամասի գունաթափ ու լայն հագուստ կրող կանայք և գազարի, սերկևիլի, սոխի ու բողկի կապոցների մեջ խրված բազմության մեջ մտնելուն վարդագույն հրեական հագուստով, աշխույժ շարժուն մարմնով, անընդհատ շարժվող ծնոտով և արագ-արագ բարձրացող, ինձ ազդանշաններ տվող հոնքերով ու աչքերով Էսթերը ուրախ էր։ Իրեն տվածս նամակն այնպիսի խորհրդավոր և հմուտ շարժումներով դրեց հագուստի տակ, ասես ամբողջ շուկան մեզ էր հետևում։ Ասաց, որ Շեքուրեն իմ մասին է մտածում։ Վերցրեց փողը, և երբ ասացի. «Միայն թե արագ ուղիղ նրան հասցրու», ասաց, որ դեռ շատ գործ ունի, ցույց տվեց կապոցը և ասաց, որ միայն կեսօրին մոտ կարող է նամակը հասցնել Շեքուրեին։ Նաև խնդրեցի Շեքուրեին հայտնել, որ գնացել եմ երեք երիտասարդ վարպետներին հանդիպելու։ == 12. Իմ անունը Քելեբեք է == Ցերեկվա նամազից առաջ էր։ Դուռը ծեծեցին։ Բացեցի, տեսա՝ Քարա Չելեբին է։ Աշակերտության տարիներին մի շրջան մեզ հետ էր։ Փաթաթվեցինք, համբուրվեցինք։ Հետաքրքիր էր՝ իմ փեսայից լուր ունի՞, թե ոչ։ Սակայն ասաց, որ եկել է իմ նկարները նայելու, մեր ընկերության և մեր սուլթանի անունից ինձ մի հարց տալու համար։ ― Լավ, ասացի ես, ի՞նչ հարց։ ― Ոճ և ստորագրություն,– ասաց նա։ Լավ, քանի որ նա հարցրեց, ես պատասխանում եմ։ '''Ոճ և ստորագրություն''' Ասացի, որ ոչ թե աչք շոյելու և հավատի, այլ փողի և փառքի համար նկարող մարդիկ որքան շատանան, այնքան ոճի և ստորագրության հանդեպ հետաքրքրության փոխարեն ավելի շատ տգեղություն և ագահություն կտեսնենք։ Այս նախաբանն անում էի ոչ թե հավատալով, այլ որովհետև ոճն է այդպես թելադրում։ Որովհետև իրական տաղանդը և ունակությունը ոսկու և փառքի սիրուց անգամ վնաս չի կրի։ Անգամ, եթե ճշմարտությունն եք ուզում լսել, ինչպես իմ դեպքում, փողը և փառքը տաղանդի տեր մարդու իրավունքն են և նրան դեպի սերն են տանում։ Բայց եթե այդպես ասեմ, նկարիչների մի մասի նախանձից տառապող սովորական նկարիչները, պատճառաբանելով, որ ցավալի քայլի եմ դիմել, կհարձակվեն վրաս, ստիպված կլինեմ բրնձի վրա ծառ նկարել՝ ապացուցելու համար, որ այս գործը նրանցից շատ եմ սիրում։ Քանի որ գիտեմ՝ ֆրանսիական ազդեցության տակ, արևմուտքից ճիզվիտ քահանաների բերած նկարներին խաբվելով, ճանապարհից շեղված որոշ խեղճ չինացի վարպետների ազդեցության տակ այս ոճը, ձեռագիրը և անձնական հաճույքները արևելքից են մեզ հասել, ձեզ այս թեմայով երեք առակ պատմեմ։ Երեք պատմություն ոճի և ստորագրության մասին։ '''Այբ''' Ժամանակին Հերաթի հյուսիսային լեռների մի ամրոցում նկարչության և նկարի հետաքրքրություն ունեցող մի ջահել խան էր ապրում։ Հարեմի կանանցից միայն մեկին էր սիրում խանը։ Այդ թաթար գեղեցկուհին էլ խանին էր սիրահարված։ Մինչև լույս սեր էին անում և այնքան երջանիկ էին, որ ուզում էին կյանքը միշտ այդպես անցնի։ Այս ցանկությունն իրականացնելու լավագույն ճանապարհն էլ գրքերը բացելով՝ հին վարպետների հիանալի և կատարյալ նկարներին ժամերով, օրերով նայելը, անընդհատ նայելն էր։ Նույն պատմությունների ճշգրիտ, միմյանց կրկնող կատարյալ նկարներին նայելով՝ զգում էին, որ ժամանակը կանգ է առել և պատմության մեջ ասվող ոսկե շրջանի երջանիկ ժամանակին իրենց սեփական ժամանակն է խառնվել։ Խանի արվեստանոցում նույն նկարները գրքերի համար կատարյալ կրկնօրինակող մեծ վարպետ նկարիչ էր աշխատում։ Ինչպես որ ավանդույթն է թելադրում, նկարիչը Ֆերհաթի՝ Շիրինի հանդեպ սիրուց տառապանքի, Մեջնունի և Լեյլայի՝ իրար տեսնելիս հիացմունքով ու կարոտով նայելու կամ Խոսրովի և Շիրինի դրախտային պարտեզում միմյանց բազմանշանակ հայացքները մի գրքի էջերին նկարելիս սիրահարների փոխարեն խանին ու թաթար գեղեցկուհուն էր նկարում։ Խանն ու իր սիրելին այդ էջերին նայելիս հավատում էին, որ իրենց երջանկությունը հավերժ է լինելու, վարպետ նկարչին գովեստներով ու ոսկով էին պատում։ Հաճոյախոսությունների և ոսկու առատությունն, ի վերջո, նկարչին շեղեց ճիշտ ճանապարհից, և նա սատանայի դրդմամբ մոռացավ, որ նկարների կատարելության համար պարտական է իր ուսուցիչներին ու հպարտորեն կարծեց, որ եթե իրենից մի բան ավելացնի, նկարներն ավելի սիրելի կդառնան։ Մինչդեռ վարպետ նկարչի այս նորամուծությունները, սեփական ոճի հետքերը խանը և սիրելին որպես թերություն դիտեցին և անհանգստացան։ Երբ խանը նկարներին նայելիս հասկացավ, որ նախկին երջանկությունը չի գգում, սկզբում խանդեց իր թաթար գեղեցկուհուն՝ ասելով, որ բոլոր էջերին նրա նկարներն են։ Հետո, որպեսզի այդ թաթար գեղեցկուհուն ստիպի իրեն խանդել, մեկ այլ հարճի հետ սեր արեց։ Հարեմի բամբասկոտներից այդ ամենի մասին լսելն այնքան տխրեցրեց թաթար գեղեցկուհուն, որ կախվեց բակի մայրի ծառից։ Խանը, հասկանալով իր սխալը և տեսնելով, որ նկարիչը միայն հետաքրքրված է սեփական ոճով, նույն օրը հրամայեց կուրացնել սատանային խաբված նկարչին։ '''Բեն''' Արևելյան երկրներից մեկում նկարչության սիրահար մի երջանիկ ու ծեր սուլթան էր ապրում, նոր էր ամուսնացել մի գեղեցկուհի չինացու հետ և շատ երջանիկ էր։ Սակայն սուլթանի՝ առաջին կնոջից ունեցած գեղեցկադեմ որդին և երիտասարդ կինը սիրահարվում են։ Հորը դավաճանած որդին՝ վախեցած և արգելված սիրուց ամաչելով՝ փակվեց արվեստանոցում և սկսեց նկարել։ Քանի որ իր սիրո ցավով և ուժով էր գրում, բոլոր նկարներն այնքան գեղեցիկ էին, որ նայողները չէին կարողանում տարբերել հին վարպետների գործերից, սուլթանն էլ իր որդով շատ էր հպարտանում։ Իսկ երիտասարդ չինուհին նկարներին նայելով՝ ասում էր. «Այո, շատ գեղեցիկ է։ Բայց տարիներ կանցնեն, եթե նա իր նկարների տակ չդնի իր ստորագրությունը, ոչ ոք չի իմանա»։ «Եթե որդիս ստորագրի իր նկարները, արդյոք նրան հանիրավի չե՞ն մեղադրի հին վարպետներին կրկնօրինակելու մեջ»,― ասում էր սուլթանը։ Չինուհին հասկանալով, որ չի կարողանա համոզել ծեր ամուսնուն, ի վերջո, կարողացավ արվեստանոցում փակված երիտասարդ տղային հասցնել ստորագրության հետ կապված բամբասանքները։ Ավելին, սերն իր մեջ թաղելու պատճառով ոտնահարված ինքնասիրությամբ որդին գեղեցիկ ու ջահել խորթ մոր թելադրանքով, սատանայի խրախուսանքով խաբվեց և մի նկարի անկյունում, պատի և խոտերի միջև իր կարծիքով անտեսանելի մի տեղ դրեց իր ստորագրությունը։ Իսկ նրա առաջին նկարը Խոսրովի և Շիրինի պատմությունից մի հատված էր։ Այն հատվածը, որտեղ Խոսրովի և Շիրինի ամուսնությունից հետո Խոսրովի՝ առաջին ամուսնությունից ծնված որդին՝ Շիրուեն, սիրահարվում է Շիրինին և մի գիշեր պատուհանից մտնելով՝ դաշունահարում Շիրինի կողքին պառկած հորը։ Ահա, ծեր սուլթանը այս պատմության նկարին նայելիս հանկարծ նկարի մեջ մի թերություն զգաց․ տեսել էր ստորագրությունը, բայց ինչպես շատերս ենք անում, առանց այն նկատելու միայն զգացել էր, որ թերի նկար է։ Քանի որ հին վարպետները նման բան չէին կարող անել, սուլթանը սկսեց անհանգստանալ։ Դա նշանակում էր, որ այդ գիրքը ոչ միայն պատմությանը, լեգենդին, այլև գրքին չհամապատասխանող մի բան, մի իրականություն էր պատմում։ Ծեր սուլթանը դա զգալուն պես վախեցավ։ Այդ ընթացքում նկարիչ որդին, ինչպես և նկարում է պատկերված, պատուհանից մտավ և ինչպես նկարում է պատկերված, հսկայական դաշույնը, առանց հոր աչքերի մեջ նայելու, խրեց նրա՝ վախից փքվող կուրծքը։ '''Գիմ''' Սրանից երկու հարյուր հիսուն տարի առաջ Ռեշիդուդդինի Քազվինցին իր պատմության մեջ հաճույքով գրում է, որ Քազվինում նկարազարդումը, ծաղկումը, և նկարչությունը ամենահարգարժան, ամենասիրված արվեստներն են եղել։ Քազվինում այդ ժամանակ գահին Բյուզանդիայից մինչև Չինաստան քառասուն երկրի վրա իշխող (նկարչության սերը կարող է այս մեծ ուժի գաղտնիքը լինել) շահը, ցավոք սրտի, որդի չուներ։ Որպեսզի մահից հետո իր նվաճած երկրները չմասնատվեն, շահը որոշեց իր գեղեցիկ դստեր համար խելացի նկարիչ ամուսին գտնել։ Արվեստանոցի երեք ամուրի երիտասարդ նկարիչների միջև մրցույթ սկսվեց։ Ռաշիդուդդինի պաւոմության համաձայն՝ մրցույթի թեման շատ պարզ էր. ով ամենագեղեցիկ նկարը կնկարի։ Ինչպես և Ռաշիդուդդինը, երիտասարդ նկարիչներն էլ գիտեին, որ հին վարպետների պես պետք է նկարեն։ Այդ պատճառով երեքն էլ ամենասիրելի տեսարանն էին նկարել։ Մի դրախտային պարտեզում նոճի և մայրի ծառեր, վախեցած ճագարներ և անհանգիստ ճնճղուկներ, սիրուց տառապած, գլխահակ մի գեղեցիկ աղջիկ։ Նույն նկարը ճիշտ հին վարպետների պես նկարած երեք նկարիչներից ամենաշատն իր վրա ուշադրություն հրավիրել ցանկացողը նկարի գեղեցկությանը տիրանալու համար այգու ամենագաղտնի վայրում՝ նարգիզների մեջ իր ստորագրությունն էր թողել։ Բայց իրեն հին վարպետների համեստությունից հեռացնող այս անամոթության պատճառով Քազվինից Չինաստան վտարվեց։ Այսպիսով, մյուս երկու նկարիչների միջև կրկին մրցույթ սկսվեց։ Այս անգամ երկուսն էլ բանաստեղծության պես գեղեցիկ նկար արեցին։ Նկարիչներից մեկը վրձնի սխալ հարվածի պատճառով, թե դիտավորյալ, անհայտ է, չինացու շեղ աչքերով, արտահայտված այտոսկրերով աղջկա սպիտակ ձիու քիթը մի քիչ տարօրինակ էր նկարել։ Դա հոր ու դստեր կողմից անմիջապես որպես թերություն էր դիտարկվել։ Չնայած այս նկարիչը չէր ստորագրել նկարի տակ, ձիու քթին ասես վարպետորեն մի թերություն էր ավելացրել հիանալի նկարում։ Թերությունը ոճի մայրն է՝ ասել էր շահը և այդ նկարչին էլ վտարել Բյուզանդիա։ Ստորագրություն և թերություն չունեցող, հին վարպետների պես նկարող տաղանդավոր նկարչի և շահի դստեր ամուսնության օրը, ըստ Ռաշիդուդդինի Քազվինի երկար պատմության, մի ուրիշ դեպք էլ տեղի ունեցավ․ հարսանիքից մի օր առաջ շահի դուստրը ամբողջ օրը տխրությամբ նայեց ապագա ամուսնու՝ երիտասարդ և գեղեցիկ վարպետի նկարին։ Երբ երեկոն իջավ, գնաց հոր մոտ, ասաց. «Հին վարպետները հիանալի նկարներում գեղեցիկ աղջիկներին չինացու պես էին նկարում, և դա արևելքից եկող անխախտ օրենք է։ Բայց երբ մեկին սիրում էին, այդ գեղեցկուհու հոնքին, աչքին, շրթունքներին, մազերին, ժպիտին, անգամ թարթիչին իրենց սիրելիից մի հետք, մի բան էին դնում։ Նկարների այս գաղտնի թերությունը նշան էր իրենց սիրո մասին, որը գիտեին միայն իրենք և իրենց սիրելին։ Ձիու վրա նստած գեղեցիկ աղջկա նկարին ամբողջ օրը նայեցի, հայրիկ, այդ աղջիկն ինձ ընդհանրապես նման չէ։ Այս նկարիչը հավանաբար մեծ վարպետ է, բացի այդ, ջահել է ու գեղեցիկ, բայց ինձ չի սիրում»։ Այսպիսով, շահը չեղյալ հայտարարեց հարսանիքը և հայր ու դուստր ամբողջ կյանքում միասին ապրեցին։ ― Ոճ կոչվածը այդ դեպքում այդ երրորդ պատմության համաձայն սկսվում է թերությունից,― բարեկիրթ ու հարգալից ասաց Քարան։– Նկարիչն իր սիրելի գեղեցկուհու դեմքին, աչքին, ժպիտին գաղտնի նշաննե՞ր է տալիս։ ― Ո՛չ,– ասացի ես ձայնի գոհ և հպարտ արտահայտությամբ։– Վարպետ նկարչի՝ սիրելի աղջկանից նկարին անցնող ամեն բան ոչ թե թերություն, այլ ի վերջո կանոն է դառնում։ Որովհետև որոշ ժամանակ անց բոլորը սկսում են աղջիկներին այդ վարպետի պատկերածի պես նկարել։ Մի քիչ լռեցինք։ Տեսնելով, որ իմ երեք պատմությունները համակ ուշադրությամբ լսող Քարան ականջ է դնում կողքի սենյակում ետուառաջ քայլող իմ գեղեցկուհի կնոջ ձայներին, ուշադիր նայեցի նրա աչքերի մեջ։ ― Առաջին պատմությունը վկայում է, որ ոճը թերություն է,― ասացի ես։– Երկրորդ պատմությունը ցույց է տալիս, որ կատարյալ նկարը ստորագրության կարիք չունի։ Իսկ երրորդ պատմությունը միավորում է առաջինի և երկրորդի գաղափարը, և այդ դեպքում ստորագրության ու ոճի միջոցով անամոթաբար ու հիմարաբար իրեն գովաբանելուց բացի ուրիշ ոչինչ չկա. այդ է ցույց տալիս։ Այս մարդը, ում դաս էի տալիս, ինչքա՞ն էր հասկանում նկարչությունից։ ― Իմ պատմություններից հասկացա՞ր թե ով եմ,– ասացի ես։ ― Հասկացա,― ասաց նա, բայց ընդհանրապես համոզիչ չէր։ Սահմանափակվելով նրա հայացքով և արտահայտություններով՝ մի՛ փորձեք ինձ հասկանալ։ Ձեզ անմիջապես ասեմ, թե ես ով եմ։ Քազվինի հին վարպետների պես նկարում եմ, պատկերում։ Ժպտալով եմ ասում, բոլորից լավն եմ, և եթե զգացմունքներս ինձ չեն դավաճանում, ես ոչ մի կապ չունեի ծաղկող Զարիֆ էֆենդու անհետացման հետ, ինչն էլ Քարային այստեղ էր բերել։ Քարան ինձ հարցրեց, թե ամուսնությունը և արվեստն ինչպես կարելի է համատեղել։ Շատ եմ աշխատում և սիրելով եմ աշխատում։ Թաղամասի ամենագեղեցիկ աղջկա հետ նոր եմ ամուսնացել։ Եթե չեմ նկարում, նրա հետ խենթի պես սեր ենք անում։ Հետո կրկին աշխատում եմ։ Այդ ամենի մասին չասացի։ Ասացի, որ դա մեծ խնդիր է։ Եթե նկարչի վրձինը թղթի վրա հրաշքներ է գծում, կնոջ հետ նույն հաջողության չի կարող հասնել, այդպես ասացի։ Հետո ավելացրի, որ ճիշտ հակառակն էլ է լինում, եթե կնոջը երջանկացնում է, նկարչի վրձինը սկսում է կորցնել փայլը։ Նկարչի տաղանդին նախանձող բոլորի պես Քարան էլ հավատալով այս ստերին՝ ուրախացավ։ Ասաց, որ ուզում է տեսնել իմ ամենավերջին նկարները։ Նրան նստեցրի իմ գրասեղանի մոտ, ներկերի, թանաքների, ողորկման սարքերի, վրձինների, գրիչների և սրիչների առաջ։ Երբ Քարային ցույց էի տալիս մեր արքայազնի թլպատման տոնի արարողությունների մասին պատմող «Սուրնամեի» երկու էջանոց նկարը, նստեցի նրա կողքի կարմիր բարձին և բարձի տաքությունից հիշեցի, որ քիչ առաջ այնտեղ գեղեցիկ կոնքերով կինս էր նստել։ Երբ իմ եղեգնյա գրչով մեր արքայազնի առջև կանգնած դժբախտ դատապարտյալների ճակատագիրն էի պատկերում, խելացի կինս օգնում էր ինձ։ Երկու էջանոց տեսարանը, որը նկարում էի, պատմում էր պարտքը չվճարելու համար բանտ ընկածների և նրանց ընտանիքների՝ սուլթանի գթասրտությամբ փրկվելը։ Սուլթանը, ինչպես և տեսել էի ծիսակատարության ժամանակ, նստած էր արծաթե դրամներով ծածկված գորգին, քիչ այն կողմ՝ գլխավոր գրագիրն էր, ձեռքն էր տվել պարտքերի գիրքը, վզերն իրար շղթայված, սուլթանի առաջ տխրությամբ և ցավով, հոնքերը կիտած, խոժոռված դեմքով կանգնած դատապարտյալներին, սուլթանի գթասրտության համար բոլորի հնչեցրած երջանիկ աղոթքներին, բանաստեղծություններին ուդով ու թմբուկով նվագակցողներին կարմիր հագուստով ու գեղեցիկ դեմքերով էի նկարել, պարտք ունենալու ծանր ամոթը լավ հասկանալու համար էլ, չնայած՝ ոչ մի մեղք չունեին, դժբախտ դատապարտյալներից ամենավերջինի կողքին հոգնածությունից տգեղացած, մանուշակագույն հագուստով կնոջը և կարմիր վերարկուով, երկար մազերով տխուր, գեղեցիկ աղջկան էի նկարել։ Շղթայված և շարքով կանգնած դատապարտյալների երկու էջի, նկարի կարմիրի գաղտնի տրամաբանության, հին վարպետների բացթողումների, սիրով նկարածս անկյունի շան և սուլթանի ատլասե հագուստը նույն գույնով չնկարելու, այդ ամենի շուրջ կնոջս հետ ծիծաղելով մեր խոսածների մասին այս խոժոռ դեմքով Քարային էլ էի պատմելու, որ հասկանա՝ նկարչությունը նշանակում է սիրել կյանքը, բայց նա ինձ շատ ամոթալի բան հարցրեց։ Արդյոք գիտե՞մ, թե խեղճ Զարիֆ էֆենդին որտեղ է։ Ի՞նչ խեղճ։ Ոչ մի գրոշ չարժեցող կրկնօրինակող, գիրը միայն փողի համար անող, սակավ ներշնչանքով հիմար։ ― Ո՛չ, չգիտեմ,– ասացի ես։ Հարցրեց՝ արդյոք էրզրումցի հոջայի շրջապատի ջղային մարդկանցից մեկի՝ Զարիֆ էֆենդուն վատություն անելու մասին մտածե՞լ էի։ Ինձ մի կերպ զսպեցի և չասացի, որ նա էլ դրանցից մեկն է։ ― Ոչ, ինչո՞ւ,– ասացի ես։ Ստամբուլ քաղաքում մեզ գերության մեջ պահող աղքատությունը, ժանտախտը, անբարոյականությունը, խայտառակությունը մեր մարգարե Ռեսուլուլլահի ժամանակի իսլամից հեռանալով՝ նոր, տգեղ սովորություններ ձեռք բերելուց և ֆրանսիական ավանդույթներին՝ մեր հասարակության մեջ մտնելուց բացի ուրիշ ոչ մի բանով չի կարելի բացատրել։ Էրզրումցի հոջան էլ էր այդպես ասում, բայց նրա թշնամիներն ուզում էին էրզրումցիների երաժշտություն նվազող թեքքեներ մտնել, սրբերի գերեզմանները պղծել, անգամ ավելի հեռուն գնալով՝ սուլթանին խաբել։ Այժմ, քանի որ գիտեն՝ ես հարգարժան էրզրումցիներին նրանց պես չեմ ատում, ուզում են քաղաքավարի հարցնել՝ արդյոք ե՞ս եմ սպանել Զարիֆ էֆենդուն։ Մի պահ հասկացա, որ այս բամբասանքները տարածվել են նկարիչների շրջապատում։ Ներշնչանքից զուրկ անտաղանդների խումբը հիմա մեծ հաճույքով լուրեր է տարածում այն մասին, որ ես ստոր մարդասպան եմ։ Այս նախանձ նկարիչների ասեկոսեները լուրջ ընդունելու համար միայն այս հիմար Քարայի այդ չերքեզական գլուխը թանաքամանի մեջ խոթելու ցանկություն ունեցա։ Քարան փորձելով ամեն ինչ մտապահել՝ նայում էր իմ նկարչական արվեստանոցին, թուղթ կտրելու երկար մկրատներին, մանրուքներով լի ամաններին, ներկի թասերին, աշխատելիս երբեմն կրծոտածս խնձորին, ետևի վառարանի ծայրին դրած սրճեփին, սուրճի բաժակներին, բարձերին, պատուհանի արանքից ներս ընկնող լույսին, էջի չափը տեսնելու համար օգտագործվող հայելուն, վերնաշապիկներիս և այնտեղ դուռը ծեծելուց հետո սենյակից արագ դուրս գալիս անկյունում իմ կնոջ՝ մեղքի պես նետած կարմիր թաշկինակին էր ուշադրությամբ նայում։ Չնայած որ մտքերս թաքցնում էի նրանից՝ իմ նկարները և սենյակը նրա անամոթ ու զայրացած հայացքներին էի հանձնում։ Գիտեմ, բոլորիդ կզարմացնի այս հպարտությունը, բայց ամենաշատ գումար վաստակողը և ուրեմն ամենալավ նկարիչը ես եմ։ Որովհետև Աստված ուզել է, որ նկարչությունը ուրախության պես լինի, որպեսզի մարդկանց էլ ցույց տա, որ աշխարհն ուրախություն է։ == 13. Իմ անունը Լեյլեք է == Ցերեկվա նամազի ժամանակ էր։ Դուռը թակեցին, բացեցի, տեսնեմ՝ իմ մանկության ընկեր Քարան է։ Փաթաթվեցինք։ Մրսել էր, ներս հրավիրեցի, անգամ չհարցրի՝ ինչպես է գտել տան ճանապարհը։ Փեսան նրան ուղարկել էր իմանալու, թե Զարիֆ էֆենդին ինչո՞ւ է կորել, որտե՞ղ է։ Բայց միայն դա չէր. վարպետ Օսմանից էլ էր լուր բերել և ասաց, որ մի հարց ունի՝ վարպետ Օսմանն ասել էր, որ ինքնատիպ նկարչին մյուսներից տարբերողը ժամանակն է՝ նկարչության ժամանակը։ Ուզո՞ւմ եք իմանալ՝ ինչ եմ մտածում։ Լսեք։ ՆԿԱՐՉՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԺԱԱԱՆԱԿԸ Ինչպես բոլորը գիտեն, հնում մեր աշխարհի նկարիչները, օրինակ՝ արաբ հին վարպետներն էլ, աշխարհին այժմյան ֆրանսիացի անհավատների պես էին նայում և փողոցի թափառաշրջիկներին ու շանը խանութի դազգահների և նեխուրի մոտ նստած էին նկարում։ Քանզի չգիտեին, որ այսօր ֆրանսիացի վարպետները հպարտորեն գովաբանում են իրենց ոճը, աշխարհը նրանց համար սահմանափակվում էր շանը և նեխուրը տեսնելով։ Հետո մի բան եղավ, և մեր ամբողջ նկարչական աշխարհը փոխվեց։ Այդտեղից սկսելով՝ պատմեմ ձեզ։ Երեք պատմություն նկարի և ժամանակի մասին։ '''Այբ''' Երեք հարյուր հիսուն տարի առաջ Բաղդադի մոնղոլների ձեռքն ընկած և անխղճորեն թալանված մի փետրվարյան ցուրտ օր Իբնի Շաքիրը ոչ միայն ամբողջ արաբ աշխարհի, այլև ամբողջ իսլամի ամենահայտնի և ամենապրոֆեսիոնալ գրիչն էր, և չնայած երիտասարդ տարիքին՝ Բաղդադի աշխարհահռչակ գրադարաններում նրա գրած Ղուրանի քսաներկու հատոր կար։ Քանի որ հավատում էր, որ այդ գրքերն ապրելու են մինչև մեծ դատաստանի օրը, Իբնի Շաքիրն ապրում էր խոր և անավարտ ժամանակի մտքով։ Մի քանի օրում մոնղոլ Հաքան Հյուլագյուի զինվորների ձեռքով մեկ առ մեկ պատռվելով, մաս-մաս լինելով, այրվելով՝ Տիգրիսի ջրերը նետված և այսօր անհայտ դարձած այդ լեգենդար գրքերից վերջինի համար մի ամբողջ գիշեր մոմակալների դողացող լույսի տակ հերոսի պես աշխատել էին։ Մեջքը դարձնելով դեպի արևածագը՝ արևմուտք՝ հորիզոնին նայելու, ապագայի և գրքերի անմահության համար արաբ վարպետ գրիչների՝ հինգ հարյուրամյակ կուրության դեմ պայքարելու գործը սկսելու համար Իբնի Շաքիրն առավոտվա զովության մեջ Հալիֆե մզկիթի մինարեթը բարձրացավ և հինգ հարյուր տարի տևող գրագրության ավանդույթն ավարտին հասցնող ամեն ինչին պատվով ականատես եղավ։ Նախ Հիլագյուլի անխիղճ զինվորների՝ Բաղդադ մտնելը տեսավ և կանգնած մնաց մինարեթի առաջին աստիճանին։ Տեսավ, թե ինչպես է ամբողջ քաղաքը թալանվում և փլուզվում, ինչպես են հարյուր հազարավոր մարդիկ սպանվում, ինչպես են սպանում հինգ հարյուր տարի Բաղդադը ղեկավարող իսլամի խալիֆներից վերջինին, ինչպես են բռնաբարում կանանց, ինչպես են փլվում գրադարանները, ինչպես են տասնյակ հազարավոր գրքեր նետվում Տիգրիս։ Երկու օր անց աճյունների նեխահոտի և մահվան բղավոցների մեջ, նետվող գրքերից հոսող թանաքի գույնով կարմրող Տիգրիսի հոսքին նայելիս գեղեցիկ ձեռագրով գրած և այժմ անհետացած այդքան գրքերի այդ սարսափելի կոտորածն ու ավերածությունը կանգնեցնելու անիմաստության մասին մտածեց և երդվեց, որ այլևս երբեք ոչինչ չի գրի։ Ավելին՝ ցանկացավ իր ցավը և տեսած ողբերգությունը Աստծու համար արտահայտել իր նկարչական արվեստով, որը մինչ այդ որպես ապստամբություն էր դիտել և թերագնահատել էր։ Եվ մինարեթից թղթի վրա, որը միշտ իր հետ էր կրում, նկարեց այն ամենն, ինչ տեսավ։ Մոնղոլական զավթումից հետո իսլամական նկարչության՝ երեք հարյուր տարի տևող ուժը և հեթանոսների ու քրիստոնյաների նկարչության տարբերությունները, աշխարհի այն մասում, ուր Աստված տեսնում է, վերևից, հորիզոնի գիծը գծելով և ներսից ցավով նկարվելու համար պարտական ենք այս երջանիկ հրաշքին։ Հետո Իբնի Շաքիրը նկարների և սրտի նկարչության ուժով քայլեց դեպի հյուսիս, որտեղից մոնղոլական բանակն էր գալիս, և սովորեց չինացի վարպետների պես նկարել... Այսպիսով, պարզ դարձավ, որ հինգ հարյուր տարի արաբական գրիչների սրտի անվերջ ժամանակի գաղափարը ոչ թե գրականության, այլ նկարչության մեջ էր իրականացվելու։ Ամբողջ ապացույցն այն է, որ գրքերը, հատորները պատռվեցին և ոչնչացվեցին, բայց ներսի նկարված էջերի, այլ գրքերի, այլ հատորների մեջ մտնելով՝ հավերժորեն ապրելով՝ շարունակեցին ցույց տալ Աստծու աշխարհը։ '''Բեն''' Եթե չլիներ ամեն բանի կրկնությունը և եթե այդ պատճառով մահ չլիներ, մարդ չէր զգա, որ ժամանակ կոչվածը գոյություն ունի, և կկարծեր, թե աշխարհը գոյություն չունի։ Միշտ նույն պատմություններով և նկարներով պատկերված և՛ հին, և՛ նոր ժամանակներում Ֆահիր շահի փոքր բանակը, Սելահաթթին խանի զինվորների, Սամարղանդի Սալիմի կարճ պատմության մեջ պատմվածի պես «ոչնչացրեց»։ Այն բանից հետո, երբ Մուզաֆֆեր Ֆահիր շահը պատանդ վերցրեց Սելահաթթին խանին և նրան տանջելով սպանեց, ինչպես և պահանջում է ավանդույթը, առաջին գործը սեփական կնիքը պատրաստելու համար լուսահոգու գրադարան ու հարեմ այցելելը եղավ։ Գրադարանում փորձառու կազմարարը հանգուցյալ շահի գրքերը մաս-մաս անելով՝ էջերը խառնելով՝ փորձում էր նոր գրքեր պատրաստել, գրիչները և քարտուղարները «միշտ պարտվող» Սելահաթթին խանի անունը «Մուգաֆֆեր» Ֆահիր շահի անունով էին փոխում, և նկարիչները գրքերի ամենագեղեցիկ նկարներում վարպետորեն պատկերված Սելահաթթին խանի՝ արդեն մոռացվող նկարը ջնջելով՝ փոխարենը Ֆահիր շահի ավելի երիտասարդ դեմքն էին պատկերում։ Հարեմ մտնելով՝ Ֆահիր շահին շատ ժամանակ չպահանջվեց անմիջապես գտնելու ամենագեղեցիկ կնոջը, սակայն բռնի ուժով նրան տիրանալու փոխարեն, քանի որ գրականությունից և նկարչությունից հասկացող մարդ էր, որոշեց գրավել նրա սիրտը և խոսեց նրա հետ։ Այսպիսով, լուսահոգի Սելահաթթին խանի գեղեցիկ և արտասվալից աչքերով կինը՝ Ներիմանը, որպես նոր ամուսին Ֆահիր շահից մի բան ցանկացավ։ Լեյլայի և Մեջնունի սերը պատմող մի գրքում Լեյլայի կերպարանքում Ներիման սուլթանի առջև որպես Մեջնուն պատկերված լուսահոգի ամուսին Սելահաթթին խանի դեմքը չպետք է ջնջեին։ Տարիներ շարունակ պատվիրած գրքերով անմահության իրավունքը գոնե մի էջում պետք է պահպանվեր լուսահոգու համար։ Մուզաֆֆեր Ֆահիր շահն այս պարզ ցանկությունը մեծահոգաբար ընդունեց, և նկարիչները միայն այդ նկարին չդիպան։ Այսպիսով, Ներիմանը և Ֆահիրը սեր արեցին և շուտով միմյանց սիրելով՝ մոռացան անցյալի սարսափները։ Բայց Ֆահիր շահը չմոռացավ Լեյլայի և Մեջնունի գրքի այդ նկարը։ Նրան անհանգստացնողը կնոջ՝ նախկին ամուսնու հետ նկարը չէր, ոչ էլ խանդը, ո՛չ։ Այդ հիանալի գրքում, հին լեգենդների մեջ չպատկերվելը, կնոջ հետ հավերժի մեջ, անմահների հետ մեկտեղ չլինելն էր նրան անհանգստացնում։ Այն բանից հետո, երբ հինգ տարի կասկածը նրան ներսից կրծեց, Ֆահիր շահը Ներիմանի հետ երկար սեր անելուց հետո մի երջանիկ գիշեր, մոմակալը ձեռքին գողի պես մտավ սեփական գրադարանը, Լեյլայի և Մեջնունի գիրքը բացեց և Ներիմանի հանգուցյալ ամուսնու դեմքի փոխարեն որպես Մեջնուն սեփական դեմքը սկսեց նկարել։ Բայց նկարչությունը սիրող շատ ուրիշ խաների պես անփորձ նկարիչ էր և չկարողացավ սեփական դեմքը լավ նկարել։ Այսպիսով, առավոտյան գիրքը բացող կասկածամիտ գրագիրը հայտարարեց, որ Ներիմանի դեմքով Լեյլայի առջև լուսահոգի Սելահաթթին խանի դեմքի փոխարեն նկարված նոր դեմքը ոչ թե Ֆահիր շահինն է, այլ նրա գլխավոր թշնամի, երիտասարդ և գեղեցկադեմ Աբդուլլահ շահինը։ Այս բամբասանքը ազդեց Ֆահիր շահի զինվորների տրամադրության վրա և քաջալերեց հարևան երկրի երիտասարդ և խիստ նոր ղեկավար Աբդուլլահ շահին։ Նա էլ առաջին պատերազմի ժամանակ Ֆահիր շահին պարտության մատնեց, նրան գերի վերցրեց և սպանեց, տիրացավ նրա հարեմին ու գրադարանին և մշտապես գեղեցիկ Ներիման սուլթանի նոր ամուսինը դարձավ։ '''Գիմ''' Ստամբուլում նկարիչ Ուզուն Մեհմեդի, իսկ Իրանում խորասանցի Աուհւսմմեդ անունով հայտնի ծաղկողի պատմությունը նկարիչների համար որպես երկար կյանքի և կուրության օրինակ էին պատմում, բայց իրականում նկարչության և ժամանակի առումով դա մի ասացվածք էր։ Ինը տարեկանում որպես աշակերտ է սկսել նկարել, ըստ այդմ՝ մոտավորապես հարյուր տասը տարի առանց կուրանալու նկարող այս վարպետի ամենամեծ առանձնահատկությունն այն է, որ նա առանձնահատկություն չունի։ Բայց այստեղ ոչ թե բառախաղ եմ անում, այլ անկեղծորեն գովաբանում եմ։ Ամեն ինչ բոլորի պես, ավելի շատ հին մեծ վարպետների ոճով էր նկարում և այդ պատճառով էլ մեծ վարպետ էր։ Համեստությունը որպես Աստծուն ծառայություն դիտելը, նկարչության գործին ամբողջովին նվիրվելը նրան բոլոր արվեստանոցների ներքին վեճերից և չնայած հարմար տարիք ունենալուն՝ գլխավոր նկարիչ լինելու հաճույքից միշտ հեռու էին պահել։ Ամբողջ նկարչական կյանքի ընթացքում, հարյուր տասը տարի մի անկյունում մնացած մանրամասները, էջի անկյունը լցնելու համար նկարվող խոտերը, ծառերի հազարավոր տերևները, ամպերի շարժումները, ձիերի՝ մեկ առ մեկ սանրվող մազերը, աղյուսե պատերը և միմյանց կրկնող պատերի անհաշիվ նախշերը և շեղաչք, նուրբ ծնոտով միմյանց նման տասնյակ հազարավոր դեմքերը համբերությամբ նկարեց։ Շատ երջանիկ էր և շատ անձայն։ Իրեն ապացուցելու կարիք չունեցավ, ոճի և անհատականության պահանջներ չներկայացրեց։ Որ խանի կամ արքայազնի արվեստանոցում էլ աշխատեր, այդ վայրը դիտում էր որպես իր տուն, իրեն էլ որպես այդ տան մի իր։ Խաները, շահերը իրար կոկորդ կտրելուց, նկարիչների էլ հարեմի կանանց նման քաղաքից քաղաք նոր տերերի մոտ գնալուց հետո նոր արվեստանոցի ոճը նրա գծած տերևների, խոտերի, իրերի ելևէջներում, նրա համբերության գաղտնի շարժումներում սկսեց ի հայտ գալ։ Ութսուն տարեկան հասակում արդեն մոռացան, որ նա էլ է մահկանացու, մարդիկ սկսեցին հավատալ, որ իր պատկերած լեգենդների մեջ է ապրում։ Գուցեև այդ պատճառով էլ ոմանք ասում էին, որ նա ժամանակից այն կողմ է ապրում, դրա համար էլ չի ծերանում ու մահանում։ Չնայած անտուն, անհայրենիք կյանքը արվեստանոցի սենյակներում, վրաններում և ժամանակի մեծ մասը թղթին նայելով անցկացնելուն՝ չէր կուրացել։ Ոմանք դա բացատրում էին նրանով, որ ժամանակը կանգ է առել։ Ոմանք էլ իրականում ասում էին, որ նա կույր է եղել, բայց ամեն ինչ հիշողությամբ է նկարել, այդ պատճառով էլ արդեն տեսնելու կարիք չի ունեցել։ Երբեք չի ամուսնացել, երբեք սիրով չի զբաղվել այս լեգենդար վարպետը, հարյուր տարի նկարած շեղաչք, սուր ծնոտներով և լուսնի պես գեղեցկադեմ տղամարդու օրինակից բացի չինացու և խորվաթի խառնուրդ տասնվեց տարեկան աշակերտին շահ Թահմասփի արվեստանոցում հարյուր տասնինը տարեկանում տեսնելով՝ ճշմարտացիորեն սիրահարվում է և անհավատալի գեղեցկության տեր աշակերտ տղայի սիրտը գրավելու համար իսկական սիրահարի պես տրվում նկարիչների վեճերին, դավերին, ստերին և խարդավանքներին։ Նա ընկավ հուսահատության մեջ, որից կարողացել էր հարյուր տարի շարունակ հեռու մնալ, և չնայած պատկերում էր խորասանցի վարպետներին, արդեն չէր հավատում հին լեգենդների հավերժությանը։ Երբ մի կեսօրի տարված էր գեղեցիկ աշակերտին հետևելով, բաց պատուհանի առաջ Թավրիզի սառը քամուց մրսել էր, հաջորդ օրը հիվանդացել ու կուրացել և երկու օր անց արվեստանոցի քարե բարձր աստիճաններից ընկնելով՝ մահացել էր։ ― Խորասանցի Ուզուն Մեհմեդի անունը լսել էի, բայց այս պատմությունը չգիտեի,– ասաց Քարան։ Այս խոսքերը նրբանկատորեն ասաց, որպեսզի ցույց տար, որ հասկացել է՝ պատմությունն ավարտվել է, որ գլուխը լի է իմ պատմություններով։ Մի քիչ լռեցի, որպեսզի ինձ ուզածի պես կարողանա նայել։ Քանի որ ձեռքերիս անգործությունն ինձ անհանգստացնում էր, երկրորդ պատմությունն անելուց անմիջապես հետո շարունակեցի նկարել այն նկարը, որն ընդհատվել էր, երբ դուռը թակել էին։ Ինչպես միշտ ոտքերիս մոտ նստած իմ ներկերը խառնող, մատիտներս սրող, երբեմն սխալներս ջնջող գեղեցկադեմ Մահմուդն ինձ նայելով և լսելով անձայն նստել էր կողքիս, ներսից կնոջս շարժումների ձայնն էր լսվում։ ― Ա՜ա՜,– ասաց Քարան,– սուլթանը ոտքի է կանգնել։ Հիացմունքով նկարին նայելիս այնպես վարվեցի, ասես նրա հիացմունքը կարևոր չէ, բայց ձեզ ուղիղ ասեմ. «Սուրնամեում» մեր նկարագրածի պես թլպատման արարողությունների ժամանակ պատշգամբի պատուհանի տակ արհեստավորների, համքարությունների, ժողովրդի, զինվորների և ռազմիկների հոսքին հիսուներկու օր հետևող մեր մեծ սուլթանը բոլոր երկու հարյուր նկարներում նստած է պատկերված։ Միայն այդ նկարում հրապարակի բազմությանը արծաթադրամներով լի թասերից փող նետելիս նրան կանգնած նկարեցի։ Փող վերցնելու համար իրար ճզմող, բռունցքներով ծեծող, ոտքերով հարվածող, գետնից փող հավաքելիս դեպի երկինք տնկվող հետույքներով բազմության հիացմունքն ու ուրախությունը պատկերել կարողանալու համար եմ արել։ ― Եթե մի նկարի թեմայում սեր կա, նկարն էլ պիտի սիրով արվի,― ասացի ես։― Եթե ցավ կա, պետք է նկարից էլ ցավ կաթի։ Բայց եթե ցավը նկարի մարդկանցից կամ նրանց արցունքների պատճառով չէ, նկարին նայելու առաջին պահին չի երևա, բայց կզգացվի։ Այն պետք է զգացվի նկարի ներքին ներդաշնակությունից։ Ես դարերով հիացմունքի նկարը նկարող հարյուրավոր վարպետ նկարիչների պես ցուցամատը նրա բերանը դնող մեկին չեմ նկարել, ստիպել եմ, որ ամբողջ նկարով հիանան մարդիկ։ Դա էլ կկատարվի սուլթանին ոտքի կանգնեցնելով։ Մի հետք փնտրելով՝ նայեցի իմ իրերին և նկարչական նյութերին, իրականում մտածեցի իմ ամբողջ կյանքի վրա ունեցած նրա հայացքի մասին և նրա աչքերով տեսա իմ տունը։ Ժամանակին Թավրիզում, Շիրազում կառուցված տան, բաղնիքի, ամրոցի նկարներ կան, ամեն ինչ տեսնող և հասկացող մեծ Աստծու ուշադրության տակ նկարիչն իր նկարած պալատը կարծես մեջտեղից մի մեծ հրաշագործ ածելիով կտրված է տեսնում, ներսից՝ ամանեղենին, բաժակներին, դրսից՝ անտեսանելի պատերի զարդարանքներին, վարագույրներին, վանդակի թութակին և ամենագողտրիկ անկյուններին, բարձերին և բարձին նստած, արև չտեսած գեղեցկուհուն է նկարում։ Այդ նկարին հիացմունքով էր նայում, ինչպես և հետաքրքրվում էր իմ ներկերով թղթերով գրքերով իմ գեղեցկադեմ աշակերտով, օտար ճանապարհորդների համար արածս հագուստների, գրքերի և ամսագրերի էջերով, մի փաշայի համար գաղտնի կատարածս բաց տեսարաններով նկարները և ամոթալի էջերը, ապակուց, բրոնզից, կավից գույնզգույն թանաքամաններս, փղոսկրից սրիչներս, ոսկե սայրով գրիչներս և իմ գեղեցիկ աշակերտի հայացքն էր դիտում։ ― Ի տարբերություն հին վարպետների՝ ես շատ եմ պատերազմ տեսել, շա՜տ,– ասացի ես՝ լռությունը իմ սեփական գոյությամբ լցնելու համար։– Ռազմական սայլեր, թնդանոթներ, բանակներ, մահացածներ։ Մեր սուլթանի պատերազմական վրանների առաստաղները միշտ ես եմ նկարել։ Պատերազմից հետո, երբ վերադառնում էինք Ստամբուլ, բոլորից մոռացված պատերազմի տեսարանները, երկու կես եղած մարմինները, իրար խառնված բանակները, շրջափակված ամրոցների դիտակետերից մեր թնդանոթներին և բանակին սարսափով նայող խեղճ անհավատ զինվորներին, կտրված գլուխներով ապստամբներին, ամբողջ ուժով հարձակվող ձիերի ոգևորությունն էլ եմ ես նկարել։ Տեսածս ոչ մի բան չեմ կարողանում մոռանալ, նոր սրճաղաց, կյանքում առաջին անգամ տեսած պատուհանի բռնակ, թնդանոթ, նոր ֆրանսիական ատրճանակի ձգան, հրավերքի ժամանակ ով ինչ գույնի հագուստ է հագել, ով ինչ է կերել, ով ձեռքն ինչպես, որտեղ է դրել... ― Քո այդ երեք պատմությունն ի՞նչ է ցույց տալիս,– հարցրեց Քարան ձայնի՝ ամեն ինչ ամփոփող և մի քիչ հաշիվ պահանջող արտահայտությամբ։ ― Այբը,― ասացի ես։– Մինարեթի մասին առաջին պատմությունը ցույց է տալիս, որ նկարչի տաղանդն ինչ էլ լինի, կատարյալ նկար նկարողը ժամանակ ունի։ Բենը՝ հարեմի, գրքի մասին երկրորդ պատմությունը, ցույց է տալիս, որ ժամանակից դուրս գալու միակ ճանապարհը տաղանդն է և նկարը։ Երրորդն էլ դու ասա։ ― Գիմը,– ինքնավստահ ասաց Քարան։– Հարյուր տասնինը տարեկան նկարչի երրորդ պատմությունն էլ միավորում է այբը և բենը ու ցույց է տալիս, որ կատարյալ կյանքից և նկարչությունից հեռացողի ժամանակն ավարտվում է, և նա մահանում է։ == 14. Իմ անունը Զեյթին է == Ցերեկվա նամազից հետո էր. արագ-արագ, բայց հաճույքով գեղեցիկ տղաների դեմքեր էի նկարում, երբ դուռը թակեցին։ Ձեռքս հուզմունքից դողաց, մատիտս ցած դրեցի։ Գրկիս աշխատանքային սինին դժվարությամբ մի կողմ դրեցի և արագ վազելով դեպի դուռը՝ բացելուց առաջ աղոթեցի. Տե՛ր Աստված... Իմ պատմածները լսող մարդի՛կ, Աստծուն մեր այս կեղտոտ և աղքատ աշխարհից հեռու, մեր սուլթանի ստոր ծառասերից շատ ավելի մոտ լինելու համար ձեզնից ոչինչ չեմ թաքցնի։ Հնդկաստանի սուլթանը՝ աշխարհի ամենահարուստ շահ Էքբեր խանը, ապագայում աշխարհահռչակ գրքի պատվեր էր տալիս, իսլամական երկրի չորս կողմ լուրեր տարածվեցին, որ աշխարհի ամենափայլուն նկարիչները պետք է իր մոտ գնան, Ստամբուլ ուղարկած մարդիկ երեկ ինձ մոտ եկան, հրավիրեցին Հինդ աշխարհ։ Դուռը բացեցի, այս անգամ ոչ թե նրանք էին, այլ մանկությունից ի վեր իմ ծանոթ Քարան։ Առաջ մեզ հետ ընկերություն չէր անում, նախանձում էր։ Այո՞։ Խոսելու, ընկերանալու, նկարչությունս տեսնելու համար էր եկել։ Նրան ներս հրավիրեցի, որ իմ բոլոր իրերը տեսնի։ Գլխավոր նկարիչ վարպետ Օսմանի հետ էլ էր նոր հանդիպել։ Մեծ վարպետը մի մեծ խոսք էր ասել նրան. նկարչի ինքնատիպությունը երևում է նրա կուրությունից և հիշողությունից։ Դե հասկացեք. ԿՈՒՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ Նկարչությունից առաջ խավար էր և նկարչությունից հետո էլ խավար է լինելու։ Մեր ներկերով, մեր տաղանդով և սիրով հիշում ենք, որ Աստված մեզ ասել է՝ տեսեք։ Հիշել՝ նշանակում է իմանալ տեսածդ։ Իմանալ՝ նշանակում է տեսածը հիշել։ Տեսնել՝ նշանակում է առանց հիշելու իմանալ։ Ուրեմն նկարել՝ նշանակում է հիշել մթությունը։ Իմանալով, որ ներկերը և տեսողությունը ստեղծվել են մթությունից, մեծ վարպետների սերը նկարչության հանդեպ ցանկանում է, որ Աստված ներկերով դառնա դեպի մթությունը։ Հիշողություն չունեցողը ո՛չ Աստծուն է հիշում, ո՛չ էլ նրա մթությունը։ Բոլոր մեծ վարպետների նկարները գույների մեջ ժամանակից դուրս այդ խոր մթությունն են փնտրում։ Հերաթի հին մեծ վարպետների գտած այս մթությունը հիշելն ինչ է նշանակում, պատմեմ ձեզ, հասկացեք։ Երեք պատմություն կուրության և հիշողության մասին։ '''Այբ''' Բանաստեղծը գրում էր սրբերի պատմություններ Նեֆեհաթուլ Ունսի՝ Լամիի Չելեբիի թուրքերենի, քարաքոյունցի տիրակալի արվեստանոցում հայտնի դարձած վարպետ շեյխ Ալի Թավրիզեցու, Խոսրովի և Շիրինի հիանալի հատորի նկարվելու մասին։ Ըստ իմ լսածի՝ տասնմեկ տարի շարունակ կազմվող այդ լեգենդար գրքում վարպետաց վարպետ շեյխ Ալին այնպիսի ընդունակություն էր ցուցաբերել և այնպիսի հիանալի նկարներ էր արել, որ միայն հին վարպետներից ամենամեծը՝ Բեհզադը կարող էր անել, Ջիհան շահը, երբ գիրքը դեռ միայն կիսատվել էր, հասկացել էր, որ աշխարհում նմանը չունեցող գրքի տեր է դառնում։ Իր գլխավոր թշնամի Աքքոյունլու առաջնորդ երիտասարդ Ուզուն Հասանի վախով ու նրա հանդեպ նախանձով ապրող Քարաքոյունլու Ջիհան շահն անմիջապես մտածեց, որ հիանալի գիրքն ավարտելուց հետո, բացի վաստակած հարգանքից, այդ գրքի ավելի լավը Աքքոյունլու Ուզուն Հասանի համար կարող է նկարել։ Սեփական երջանկությունը «իսկ եթե մյուսներն էլ այսքան երջանիկ լինեն» վախով թունավորող, նախանձող լինելու պատճառով Ջիհան շահն անմիջապես զգաց, որ եթե վարպետ նկարիչն այդ գրքից ևս մեկը, անգամ եթե ավելի լավը նկարի, իր գլխավոր թշնամի Ուզուն Հասանին կնվիրի։ Այսպիսով, որպեսզի ուրիշ ոչ ոք այդ հիանալի գրքին չտիրանա, այն ավարտելուց հետո որոշեց սպանել վարպետ նկարիչ շեյխ Ալիին։ Բայց իր հարեմի մի բարեհոգի չերքեզ գեղեցկուհի նրան հիշեցրեց, որ վարպետին կուրացնելր բավական է։ Այս փայլուն որոշումը, որը Ջիհան շահն անմիջապես ընդունեց, նաև իր շրջապատի շողոքորթողներից մինչև վարպետ նկարիչ շեյխ Ալիին հասավ, բայց ինչպես սովորական այլ նկարիչներն են անում, գիրքը կիսատ թողնելով՝ չլքեց Թավրիզը։ Անգամ կուրությունը հետաձգելու համար գրքի աշխատանքը դանդաղեցնելու կամ գիրքն անթերի չդարձնելու համար վատ նկարելու մասին չէր մտածել։ Սովորականից ավելի սիրով ու հավատով աշխատեց։ Տանը, որտեղ միայնակ էր ապրում, առավոտյան նամազից հետո սկսում էր աշխատել, կեսգիշերին, մոմերի լույսի տակ մինչև հոգնած աչքերից դառն արցունքներ թափվելը միշտ նույն ձիերը, նոճիները, սիրահարներին, հսկաներին և գեղեցկադեմ արքայազններին էր նկարում։ Հաճախ Հերաթի հին մեծ վարպետերի նկարներից մեկն էր դիտում օրեր շարունակ, առանց թղթին նայելու նույն նկարն էր կրկնօրինակում։ Ի վերջո, Քարաքոյունլու Ջիհան շահի համար պատրաստած գիրքն ավարտվեց, վարպետ նկարիչը, ինչպես և սպասում էր, սկզբում գովասանքներ և ոսկի ստացավ, հետո սրածայր փետուրով կուրացվեց։ Շեյխ Ալին, դեռ ցավերը չանցած, հեռացավ Հերաթից, գնաց Աքքոյունլու Հասանի մոտ։ ― Այո, կույր եմ,– ասաց նրան։– Բայց վերջին տասնմեկ տարում նկարածս գրքերի բոլոր գեղեցկությունները մատիտի ամեն շարժումից մինչև ամեն վրձնի հարված իմ հիշողության մեջ են, և ձեռքս առանց իմ տեսողության կարիքը զգալու անգիր գիտի դա։ Իմ տիրակալ, քեզ մոտ եմ եկել և կարող եմ ամենագեղեցիկ գիրքր զարդարել, որովհետև իմ աչքերն այս աշխարհի կեղտին արդեն ուշադրություն չեն դարձնում. Աստծու բոլոր գեղեցկությունները կարող եմ հիշողությանս միջոցով նկարել։ Ուզուն Հասանն անմիջապես հավատաց մեծ վարպետին, վարպետն էլ իր խոսքի տերը լինելով՝ երբևէ գոյություն ունեցած ամենահիանալի նկարն արեց Աքքոյունլու տիրակալի համար։ Ավելի ուշ Աքքոյունլու Ուզուն Հասանը Քարաքոյունլու Ջիհան շահին Բինգյոլի մոտ պարտության մատնելով սպանեց։ Բոլորը գիտեն, թե դա որքան բարոյական ուժ էր տվել հաղթանակած տիրակալին։ Այդ հիանալի գիրքը վարպետ շեյխ Ալի Թավրիզեցու՝ լուսահոգի Ջիհան շահին ձոնած նախորդ գրքի հետ հաղթանակած Ուզուն Հասանի՝ լուսահոգի Ֆաթիհ սուլթան Մեհմեդ խանին Օլթուքբելիի պատերազմում պարտության մատնելուց հետո մեր սուլթանի գանձարան են բերել։ Տեսնողները գիտեն։ '''Բեն''' Լուսահոգի Քանունի Սուլթան Սուլեյմանը գրիչներին ավելի էր գնահատում։ ժամանակի դժբախտ նկարիչները քիչ անց պատմելիք պատմությունս անում էին որպես օրինակ այն բանի, որ նկարչությունը գրից ավելի կարևոր է, բայց ինչպես կնկատեն ուշադրությամբ լսողները, այս առակը կուրության և հիշողության մասին է։ Աշխարհի տիրակալ Թեմուրի մահից հետո իրար հետ մտերմացած և միմյանց դեմ անխղճորեն պատերազմող որդիների և թոռների առաջին գործը միմյանց քաղաքները գրավելիս լինում էր իրենց սեփական անունով դրամ հատելը և մզկիթում ուրբաթօրյա նամազ անելը, իսկ երկրորդ գործը՝ ձեռքն ընկած գրքերը մաս-մաս անելով՝ կազմին իրենց գովաբանող «աշխարհի տիրակալ» նոր դիմելաձևով և նոր գրություններով կազմելն էր լինում, որպեսզի տեսնողներն այդ տիրակալի գրքին նայելով՝ հավատային, որ նա աշխարհի տիրակալն է։ Նրանցից Թեմուրի թոռ Ուլուղ բեյի որդի Աբդուլլաթիֆր Հերաթը գրավելուն պես պատվիրեց հորը նվիրված գիրք գրել։ Նկարիչներին, գրիչներին և կազմարարներին հրամայեց արագ գործի անցնել, նրանց ստիպեց այնպես արագ աշխատել, որ պատռվող գրքերից ելնող նկարները, էջերը իրար էին խառնվել։ Առանց ուշադրություն դարձնելու, թե որ պատմությունը որ գրքինն է, նկարները պատահական կազմելով՝ մատյաններ էին պատրաստում։ Քանի որ նկարչություն սիրող Ուլուղ բեյին դա պատշաճ չէր, որդին հավաքելով Հերաթի բոլոր նկարիչներին՝ նկարները շարքով դասավորելու համար ցանկացավ, որ իրենց պատմությունները պատմեն։ Բայց ամեն մեկից մեկ այլ պատմություն էր լսում, և նկարներն ավելի էին խառնվում իրար։ Այդ ժամանակ վերջին հիսունչորս տարվա ընթացքում Լերաթը կառավարող բոլոր շահերի, արքայազնների գրքերի վրա տքնաջան աշխատելուց հետո մոռացված վերջին ծեր նկարչին փնտրեցին, բայց չգտան։ Երբ հասկացան, որ նկարներին նայող ծեր վարպետը կույր է, բոլորն անհանգստացան, անգամ ծիծաղողներ եղան, բայց ծեր վարպետը դեռ յոթ տարեկանը չլրացած, խելացի, բայց գրել-կարդալ չիմացող երեխա պահանջեց։ Անմիջապես գտան ու բերեցին։ Երեխայի առաջ մի նկար դրեցին, ծեր նկարիչն ասաց՝ պատմիր, թե ինչ ես տեսնում։ Երբ երեխան պատմում է տեսածը, ծեր նկարիչր, կույր աչքերը երկինք հառած, ուշադիր լսում է և հետո այսպես է ասում. ― Ֆիրդուսու «Շահնամեից» Ալեքսանդրի՝ մահացած Դարեհին գրկելը... Սաադիի «Գյուլիստանից» գեղեցիկ աշակերտին սիրահարված ուսուցչի պատմությունը... Նիզամիի «Գաղտնիքների գանձարանից» բժիշկների մրցույթը... Ծեր և կույր նկարչի վրա զայրացած մյուս նկարիչներն ասացին. ― Դա մենք էլ կարող էինք ասել, սրանք հայտնի պատմությունների ամենահայտնի հատվածներն են։ Ծեր նկարիչն այս անգամ երեխայի առաջ ամենաբարդ նկարները դրեց և կրկին ուշադրությամբ լսեց նրան։ ― Ֆիրդուսու «Շահնամեից» Որմիզդի՝ գրիչներին թունավորելով մեկ առ մեկ սպանելը,– կրկին ասաց նա՝ երկինք նայելով։― Մևլանայի «Մեսնեվիից» կնոջը և կնոջ սիրեկանին տանձի ծառի կատարին տեսած ամուսնու վատ պատմությունը և էժան նկարը,– ասաց նա և առանց տեսնելու՝ տղայի նկարագրություններով ճանաչելով նկարները՝ կարողացավ ապահովել գրքերի կազմելը։ Երբ Ուլուղ բեյն իր բանակով մտավ Հերաթ, ծեր նկարչին հարցրեց, թե ինչպես է կարողացել առանց տեսնելու գուշակել նկարները, որոնք անգամ վարպետ նկարիչները չեն ճանաչել։ ― Պատճառն այն չէ, որ իմ կուրությունից հիշողությունս ուժեղացել է,– ասաց ծեր նկարիչը։― Ես ոչ միայն պատմությունների երազանքներով եմ ապրում, չեմ մոռանում այն, ինչ մնում է բառերի հիշողության մեջ։ Ուլուղ բեյն ասաց, որ այդ բառերը և պատմություններն իր նկարիչներն էլ գիտեն, բայց չեն կարողանում հերթականությամբ դասավորել նկարները։ ― Որովհետև,– ասաց ծեր նկարիչը,― նրանք սեփական տաղանդի և արվեստի՝ նկարչության մասին շատ լավ են մտածում, բայց չգիտեն, որ հին վարպետներն այս նկարները Աստծու հիշողությամբ էին նկարում։ Ուլուղ բեյը հարցրեց, թե երեխան դրա մասին ինչպես կարող էր իմանալ։ ― երեխան չգիտի,– ասաց ծեր նկարիչը։– Միայն իբրև կույր ու ծեր նկարիչ՝ ես գիտեմ, որ Աստված աշխարհը ստեղծել է այնպես, ինչպես այն կցանկանար տեսնել յոթ տարեկան խելացի երեխան։ Հետո էլ մեզ բառեր տվեց, որ կարողանանք մեր տեսածը պատմել իրար, խոսել, բայց մենք բառերից պատմություններ ստեղծեցինք և կարծեցինք՝ նկարչությունն այդ պատմություններն անելու համար է ստեղծվել։ Մինչդեռ նկարչությունն իրականում նշանակում է փնտրել Աստծու հուշերը, տեսնել աշխարհն այնպես, ինչպես նա է տեսնում։ '''Գիմ''' Բոլոր նկարիչների իրավացի և հավերժական վախի՝ կուրության պատճառով մի շրջան արաբ նկարիչների՝ արևածագի հետ դեպի արևմուտք՝ հորիզոնին երկար նայելով, մի դար անց Շիրազի նկարիչների մեծ մասն առավոտյան դատարկ ստամոքսով՝ ընկույզով ծեծած վարդի տերևներ ուտելով էին հայտնի։ Կրկին նույն շրջանում Սպահանի ծեր նկարիչները համատարած, որպեսզի կուրության պատճառ համարվող արևի լույսը չդիպչի աշխատանքային սեղանին, սենյակի մի կիսամութ անկյունում և հիմնականում մոմի լույսի տակ էին աշխատում, և Բուխարայի ուզբեկական արվեստանոցներում վարպետները օրվա վերջում շեյխերի օրհնած ջրով լվանում էին աչքերը։ Այս բոլոր հնարքների մեջ կուրությանն ամենապարզ մոտեցողն, իհարկե, Հերաթում մեծ վարպետ Բեհզադի ուսուցիչ վարպետ Սեյյիթ Միրեքի գտածն է։ Ըստ վարպետ նկարիչ Միրեքի՝ կուրությունը դժբախտություն չէ, ամբողջ կյանքը նրա գեղեցկությանը զոհաբերած նկարչին Աստծու պարգևած վերջին երջանկությունն է։ Որովհետև նկարչությունը նկարչի փնտրտուքն է՝ տեսնելու աշխարհն այնպես, ինչպես Աստված է տեսնում, և այս եզակի տեսարանը միայն երկար աշխատանքային կյանքում աչքերը հոգնեցնելուց, նկարչի հոգնելուց հետո կուրանալով, հիշատակվելով է ձեռք բերվում։ Նշանակում է՝ միայն կույր նկարիչների հիշողությունից կարելի է հասկանալ, թե Աստված աշխարհն ինչպես է տեսնում։ Երբ ծեր նկարիչը տեսնում է այս երազանքը, այսինքն՝ երբ հիշողությունների և կուրության խավարում աչքերի առաջ տեսնում է Աստծուն, հիանալի պատկերն իրականություն դարձնելու համար ձեռքը նկարում է այն, ինչ անգիր հիշում է։ Ժամանակաշրջանի Հերաթի նկարիչների և սրբերի պատմությունները գրի առած պատմիչ Միրզա Մուհամմեդ Հայդար Դուգլաթի համաձայն՝ վարպետ Սեյյիթ Միրեքն այս ոճով ձի նկարել ցանկացող նկարչի մասին էլ մի պատմություն պատմեց։ Ըստ այդմ՝ նույնիսկ ամենաանտաղանդ նկարիչը, քանի որ գլուխը դատարկ է, ինչպես և այսօրվա ֆրանսիացի նկարիչներինը, մի ձիու նայելով նկարելիս անգամ ըստ իր հիշողության է նկարում։ Որովհետև միևնույն ժամանակ և՛ ձիուն, և՛ թղթին ոչ ոք չի նայում։ Սկզբում նկարիչը նայում է ձիուն, հետո անմիջապես նկարում է այն, ինչ ունի մտքում։ Անգամ կարճ ժամանակում արված ձիու նկարն այն ձիուն չի պատկերում, որին տեսնում է, այլ այն ձիու հիշողությունը, որին քիչ առաջ տեսել էր։ Իսկ դա ապացույցն է այն բանի, որ անգամ ամենաաղքատ նկարիչը նկարը հնարավոր է դարձնում միայն հիշողության միջոցով։ Այդ շրջանի հերաթցի վարպետները, ովքեր նկարչի մասնագիտական կյանքր համարում էին ավելի ուշ վրա հասնող կուրության և կույրերի հիշողությանը նախապատրաստվելու փուլ, գրքասեր շահերի և արքայազնների համար արած նկարները որպես ձեռքի վարժություն, որպես կրկնություն էին դիտում, աշխատանքը, անընդհատ նկարելը և օրեր շարունակ անդադար մոմի լույսի տակ էջերին նայելն էլ, այդ պատճառով, նկարչին կուրության հասցնող երջանիկ աշխատանք էր համարվում։ Վարպետ նկարիչ Միրեքն ամբողջ կյանքի ընթացքում երբեմն եղունգի, բրնձի, անգամ մազի վրա բոլոր տերևներով ծառեր նկարելով կուրությունը դիտավորյալ և արագորեն մոտեցնելով՝ երբեմն էլ երջանիկ և արևոտ այգիներ նկարելով՝ խավարը զգուշությամբ հետաձգելով՝ ամենաերջանիկ ավարտին հասնելու համար ամենահարմար ժամանակն էր միշտ փնտրել։ Յոթանասուն տարեկանում Սուլթան Հուսեյին Բայքարին կողպեքներով փակված գանձարանում կուտակված հազարավոր գրքերի էջերը այս մեծ վարպետին պարգևատրելու համար բացեց նրա առջև։ Վարպետ Միրեքը զենքերով, մետաքսե ու թավշյա կտորներով և ոսկով լի գանձարանի ոսկե մոմակալների լույսի ներքո Հերաթի հին վարպետներից յուրաքանչյուրի լեգենդար գրքերի հիանալի էջերին երեք օր֊երեք գիշեր անընդհատ նայելուց հետո կուրացավ։ Ասես Աստծու հրեշտակներին դիմավորելու պես՝ գիտակցաբար և Աստծուն ապավինելով, այս նոր իրավիճակից հետո մեծ վարպետն այլևս չխոսեց և չնկարեց։ «Ռեշիդի պատմությունը» գրած Միրզա Մուհամմեդ Հայդար Դուգլաթը ասում է, որ Աստծու անմահ ժամանակի տեսարաններին միաձուլված նկարիչը երբեք սովորական մահկանացուների համար գրվող գրքերի էջերին չի անդրադառնա, և ավելացնում է. «Այնտեղ, ուր կույր նկարչի հիշողությունները հասնում են Աստծուն, կա կատարյալ լռություն, երջսնիկ խավար և դատարկ էջի հավերժություն»։ Վարպետ Օսմանի՝ կուրության և հիշողության մասին հարցը տալիս, իհարկե, գիտեի, որ Քարան ավելի շատ ոչ թե իմ պատասխանի, այլ իմ իրերին, սենյակին, նկարներին հանգիստ նայելու համար է տալիս։ Բայց միևնույն է, ինձ երջանիկ էի զգում, որ պատմածս պատմություններն իրենց ազդեցությունն էին թողնում նրա վրա։ ― Կուրությունը մի երջանիկ աշխարհ է, ուր սատանան և մեղքը չեն կարող մտնել,– ասացի նրան։ ― Թավրիզում,― ասաց Քարան,֊ վարպետ Միրաքի ազդեցության տակ կուրությունը Աստծու բարեգթության ամենամեծ դրսևորումը համարող հին ոճ ունեցող նկարիչներից ոմանք, չնայած արդեն տարիքով էին, ամաչում էին, որ դեռ չեն կուրացել, վախենում էին, որ դա կդիտվի որպես անտաղանդություն և ապաշնորհություն, այդ պատճառով կույր էին ձևանում։ Քազվինցի Ջեմալեթթինի ազդեցությունը կրող այս բարոյականության պատճառով էլ ոմանք իսկապես, չնայած կույր չլինելուն՝ աշխարհին կույրի պես նայելու համար խավարի մեջ հայելիների առաջ նստած, լամպի աղոտ լույսի տակ շաբաթներով առանց մի բան ուտելու կամ խմելու Հերաթի հին վարպետների էջերին էին նայում։ Դուռը թակեցին։ Բացեցի, տեսնեմ՝ գեղեցիկ աչքերը լայն բացած մի գեղեցկադեմ աշակերտ է արվեստանոցից։ Ասաց, որ մեր ծաղկող Զարիֆ էֆենդի եղբոր մարմինը գտել են մի խոր ջրհորի հատակին, հուղարկավորությունը կեսօրին Միհրիմահ մզկիթում է լինելու, և լուրն ուրիշներին հասցնելու համար վազելով հեռացավ։ Տեր Աստված, պահապան եղիր մեզ։ == 15․ Իմ անունը Էսթեր է == Սե՞րն է մարդուն հիմար դարձնում, թե՞ միայն հիմարներն են սիրահարվում։ Տարիներ շարունակ մանրավաճառությամբ, խնամախոսությամբ եմ զբաղվում, բայց սրա պատասխանը չգիտեմ։ Կցանկանայի տեսնել մի զույգ, անգամ մի տղամարդ, որ սիրահարվելով ավելի խելացի է դառնում, ավելի խորամանկ։ Միայն գիտեմ, որ եթե տղամարդը դիմում է խորամանկությունների, փոքրիկ թակարդների, խարդախությունների, ուրեմն սիրահարված չէ։ Իսկ մեր Քարա էֆենդին ցույց է տալիս, որ արդեն կորցրել է սառնասրտությունը, անգամ Շեքուրեի մասին ինձ հետ խոսելիս իրեն կորցնում է։ Շուկայում նրան ասացի, որ Շեքուրեն շարունակ իր մասին է մտածում, որ նրան երբեք այդպիսի վիճակում չեմ տեսել և դրա նման բոլորին ասածս կրկներգը ասացի։ Այնպես էր նայում, որ խղճացի նրան։ Ասաց, որ նամակն անմիջապես Շեքուրեին հասցնեմ։ Բոլոր հիմարները կարծում են, որ իրենց սերը պարտադիր արագություն է պահանջում, իրենց սիրո ուժը բացեբաց ցուցադրելով՝ սիրո ձեռքը զենք են դնում։ Դիմացինն էլ եթե խելացի է, ուշացնում է պատասխանը։ Արդյունքում՝ սիրո մեջ արագություն ցուցաբերելով՝ գործերը դանդաղեցնում են։ Այդ պատճառով, եթե Քարա էֆենդին իմանար, որ շտապ հասցնելու կարիք ունեցող նամակը նախ մեկ այլ տեղ եմ տանելու, ինձ շնորհակալություն կհայտներ։ Շուկայում նրան երկար սպասելով՝ սառել էի։ Տաքանալու համար նախ մտածեցի, որ կարող եմ երեխաներիցս մեկի՝ ճանապարհին գտնվող տուն մտնել։ Այն աղջիկներին, ում համար նամակատարություն եմ արել և ինքս եմ ամուսնացրել, երեխա եմ կոչում։ Այս նիհար աղջիկն ինձ այնքան շնորհակալ էր, որ շուրջս թիթեռի պես պտտվելուց բացի նաև ինձ մի քանի արծաթադրամ էր տալիս։ Հղի էր, ուրախ էր։ Ինձ համար լորենու թեյ տաքացրեց, համը վայելելով խմեցի։ Երբ մենակ մնացի, Քարա էֆենդու տված փողերն էլ հաշվեցի։ Քսան արծաթադրամ։ Կրկին ճանապարհ ընկա։ Նեղ փողոցներով, սառած ցեխածածկ դժվարանցումներով գնացի։ Տան դուռը թակելիս սովորության համաձայն կատակով բղավեցի. ― Մանրավաճառն է եկել, մանրավաճառը։ Սուլթանի կնոջը վայել ամենաընտիր գլխաշոր ունեմ, Քաշմիրից բերած հիանալի շալեր, Բուրսայի թավշից գոտի, ամենաընտիր մետաքսագործ եգիպտական կտորից վերնաշապիկ, գույնզգույն կտորներով ծածկոցներ, անկողնու սպիտակեղեն, գույնզգույն թաշկինակներ ունեմ։ Դուռը բացեցին, ներս մտա։ Ինչպես միշտ տնից անկողնու, քնի, կարմրացրած յուղի հոտ էր գալիս, ծերացող չամուսնացած տղամարդկանց այդ սարսափելի հոտը։ ― Շատախոս,– ասաց նա։― Ինչո՞ւ ես բղավում։ Առանց մի խոսքի նամակը տվեցի նրան։ Կիսամութ սենյակում ստվերի պես մոտենալով՝ ձեռքիցս խլեց։ Անցավ կողքի սենյակ, այնտեղ միշտ վառվող լամպ կար։ Կանգնեցի դռան շեմին։ ― Հայրդ տանը չէ՞,– ասացի ես։ Չպատասխանեց։ Կլանված կարդում էր նամակը։ Թողեցի, որ կարդա։ Քանի որ լամպը թիկունքում էր, դեմքը չէի կարողանում տեսնել։ Երբ նամակն ավարտվեց, նորից սկսեց կարդալ։ ― Դե,― ասացի ես։– Ի՞նչ է գրել։ Հասանը կարդաց. ― Սիրելի՛ Շեքուրե հանըմ, ես գնահատում և հասկանում եմ, որ տարիներ շարունակ մի մարդու երազանքով ես ապրել, ամուսնուդ ես սպասում և նրանից բացի ոչ մեկի մասին չես մտածում։ Քեզ պես կնոջից ազնվությունից ու բարոյականությունից բացի ուրիշ ի՞նչ կարելի է սպասել։ (Հասանը բարձր ծիծաղեց)։ Բայց նկարչության հետ կապված՝ հորդ այցելելը չի նշանակում, որ ցանկանում եմ քեզ հետևել։ Դրա մասին երբեք չեմ էլ մտածել։ ես չեմ պնդում, որ քեզնից մի նշան կամ քաջալերում եմ ստացել։ Երբ դեմքդ պատուհանից ինձ լույսի պես շողաց, հասկացա, որ դա Աստծու՝ իմ հանդեպ ցուցաբերած գթասրտություն է, ուրիշ ոչինչ։ Որովհետև քո դեմքը տեսնելու երջանկությունն ինձ բավական է։ («Այս հատվածը Նիզամիից է վերցրել»,– զայրույթով ընդհատեց նա)։ Բայց եթե ինձ ասում ես, որ չմոտենամ, ասա՛, արդյոք հրեշտա՞կ ես, որին չի կարելի մոտենալ։ Լսիր ինձ, լսիր սա. կեսգիշերին իջևանատան անհույս տիրոջից ու մահապատժից վախած ավազակներից բացի ուրիշ ոչ մի հյուր չունեցող դատարկ ու անիծյալ իջևանատան պատուհաններից մերկ լեռներին բախվող լուսնի լույսին նայելիս և ինձնից էլ դժբախտ միայնակ գայլերի ոռնոցները լսելով քնել փորձելիս մտածում էի, որ մի օր անսպասելի այդ պատուհանի տակ կտեսնեմ քեզ։ Լսիր, հիմա, երբ հորդ այցելության եմ գալիս, ինձ վերադարձնում ես մանկության տարիներին նկարածս նկարը։ Ես գիտեմ՝ դա նշանակում է, որ քեզ գտել եմ, ոչ թե, որ դու մահացել ես։ Որդիներիցդ մեկին՝ Օրհանին տեսա։ Խե՜ղճ որբուկ։ Ես նրա հայրը կդառնամ։ ― Մաշալլահ, լավ է գրել,– ասացի ես։― Բանաստեղծ է դարձել։ ― Արդյոք հրեշտա՞կ ես, ում արգելված է մոտենալ,– ասաց նա։― Իբն-ի Զերհանիից է գողացել այդ խոսքը։ Ես ավելի լավ կգրեմ։ Գրպանից հանեց իր նամակը. ― Վերցրու, սա Շեքուրեին տար։ Նամակի հետ տված գումարն ինձ առաջին անգամ անհանգստություն պատճառեց։ Այս մարդու՝ անպատասխան սիրուն խենթի պես կապվելու մեջ զզվելի մի բան կար։ Կարծես իմ զգացմունքները հաստատելու համար Հասանն առաջին անգամ ազնվականությունը մի կողմ դրեց և կոպիտ ասաց. ― Նրան ասա՝ եթե ուզենք, դատավորի միջոցով իրեն տուն կբերենք։ ― Իսկապես ասե՞մ։ Լռություն տիրեց։ ― Մի՛ ասա,– ասաց նա։ Սենյակի լամպի լույսն ընկավ դեմքին, և իր մեղքն իմացող երեխայի պես գլուխը կախեց։ Նրա վիճակը գիտեի, դրա համար էլնրա սիրո հանդեպ հարգանք էի տածում, նամակները տանում էի։ Ոչ թե փողի համար, ինչպես կարծում են մարդիկ։ Տնից դուրս էի գալիս, երբ դռան մոտ Հասանն ինձ կանգնեցրեց։ ― Շեքուրեին ասո՞ւմ ես, թե նրան որքան եմ սիրում,– հուզված և անմտաբար հարցրեց նա։ ― Քո նամակներում այդ մասին չե՞ս գրում։ ― Ասա՛ ինձ՝ ինչպե՞ս կարող եմ նրան և հորը համոզել։ ― Լավ մարդ լինելով,– ասացի ես և քայլեցի դեպի դուռը։ ― Այս տարիքում շատ ուշ է...,– ասաց նա անկեղծ դառնությամբ։ ― Սկսել ես շատ փող վաստակել, Հասան տասնապետ։ Դա մարդուն ավելի լավն է դարձնում,– ասացի ես ու դուրս եկա։ Տան ներսն այնքան մութ ու տխուր էր, որ դրսում եղանակն ասես տաքացած լիներ։ Արևն ընկավ դեմքիս։ Մտածեցի, որ Շեքուրեին երջանկություն եմ ցանկանում։ Բայց խոնավ, ցուրտ ու մութ տանը նստած այդ խեղճի մասին էլ էի մտածում։ Առանց նախօրոք որոշելու, պարզապես որովհետև ուզում էի, մտա Լալելիի համեմունքների շուկա, կարծում էի, որ դարչինի, քրքումի, պղպեղի բույրի մեջ ինձ ավելի լավ կզգամ, բայց սխալվել էի։ Տանը Շեքուրեն նամակները վերցնելուց հետո առաջինը Քարայի մասին հարցրեց։ Ասացի, որ սիրո հրդեհը փաթաթվել է նրան։ Շեքուրեին դա դուր եկավ։ ― Տներում շյուղերով գործող կանայք անգամ, բոլորը հարցնում են, թե ինչո՞ւ են Զարիֆ էֆենդուն սպանել,― մի ուրիշ թեմա բացեցի ես։ ― Հայրիյե՛, հալվա պատրաստիր, խեղճ Զարիֆ էֆենդու կնոջը՝ Քալբիյեին տար,– ասաց Շեքուրեն։ ― Հուղարկավորությանը բոլոր էրզրումցիները, մեծ բազմություն է գալու,– ասացի ես։― Բարեկամներն ասում են՝ անպայման վրեժը լուծելու են։ Բայց Շեքուրեն սկսել էր Քարայի նամակը կարդալ։ Ուշադիր ու զայրույթով նայեցի դեմքին։ Այս կինն այդքան կյանքի փորձ ուներ, որ կարող էր անգամ կռահել, թե կրքերն ինչպես են արտացոլվում մարդկանց դեմքին։ Նամակը կարդալիս ուրախացավ, որ լռում եմ, զգաց, որ Քարայի նամակին հատուկ կարևորություն տալն ինձ էլ է դուր գալիս։ Այսպիսով, երբ նամակն ավարտելուն պես ինձ ժպտաց, որպեսզի Շեքուրեին դուր գա, ստիպված հարցրի. ― Ի՞նչ է ասում։ ― Ինչպես մանկության տարիներին... Սիրում է ինձ։ ― Ի՞նչ ես մտածում։ ― ես ամուսնացած եմ։ Սպասում եմ ամուսնուս։ Ի տարբերություն իմ ենթադրությունների՝ այս սուտն ասելու համար չզայրացա, անգամ պետք է ասեմ, որ դա ինձ հանգստացրեց։ Եթե բոլոր երիտասարդ կանայք, ում համար նամակ եմ տարել և ում կյանքի մասին այդքան խրատներ եմ տվել, Շեքուրեի պես զգուշավոր լինեին, և իմ, և նրանց գործը ավելի հեշտ կլիներ, անգամ ոմանք շատ ավելի լավ ամուսիններ կարող էին ունենալ։ ― Մյո՞ւսն ինչ է ասում,֊ կրկին հարցրի ես։ ― Հասանի նամակը հիմա չեմ ուզում կարդալ,― պատասխանեց նա։– Հասանը գիտի՞, որ Քարան Ստամբուլ է վերադարձել։ ― Անգամ չգիտի, որ նա գոյություն ունի։ ― Հասանի հետ խոսո՞ւմ եք,– հարցրեց գեղեցկուհին՝ լայն բացելով սև աչքերը։ ― Միայն որովհետև դու ես ուզում։ ― Այո՞։ ― Նա տառապում է։ Քեզ շատ է սիրում։ Եթե անգամ սիրտդ ուրիշին պատկանի, սրանից հետո շատ դժվար կլինի նրանից ազատվել։ Նամակներն ընդունելդ շատ հույս է տվել նրան։ Վախեցիր նրանից։ Որովհետև ոչ միայն ցանկանում է քեզ տուն վերադարձնել, այլև եղբոր մահն ընդունել տալով՝ քեզ հետ ամուսնանալուն է պատրաստ։– Իմ վերջին խոսքի սպառնալից ոճը մեղմացնելու և այդ դժբախտի սուրհանդակը չդառնալու համար ժպտացի։ ― Իսկ մյուսն ի՞նչ է ասում,– հարցրեց նա. բայց արդյոք գիտե՞ր, թե ում մասին է հարցնում։ ― Նկարի՞չը։ ― Միտքս խառնվել է,– հանկարծ ասաց նա՝ գուցեև վախենալով սեփական մտքերից։– Ինձ թվում է, որ ամեն ինչ ավելի է խառնվելու։ Հայրս արդեն ծերանում է։ Առաջիկայում մեզ, այս որբ երեխաներին ի՞նչ է լինելու։ Զգում եմ, որ բոլորիս մի վատ բան է մոտենում, սատանան մեզ համար մի վատ բան է պատրաստում։ Էսթեր, ինձ այնպիսի բան ասա, որ երջանիկ լինեմ։ ― Մի՛ անհանգստացիր, իմ սիրելի՛ Շեքուրե,– դողալով ասացի ես։– Դու իսկապես շատ խելացի ես, շատ գեղեցիկ ես։ Մի օր քո գեղեցկադեմ ամուսնու հետ նույն անկողնում կպառկես, կփաթաթվես նրան, բոլոր դժբախտություններդ կմոռանաս ու երջանիկ կլինես։ Դա կարդում եմ քո աչքերի մեջ։ Այնպիսի սեր բարձրացավ օդ, որ ցանկացա արտասվել։ ― Լա՛վ, բայց ո՞ր մեկն է լինելու այդ ամուսինը։ ― Այդ խելացի սիրտդ քեզ չի՞ հուշում։ ― Դժբախտ եմ, որովհետև չեմ հասկանում, թե սիրտս ինձ ինչ է հուշում։ Լռություն տիրեց։ Մ՝ի պահ մտածեցի, որ Շեքուրեն ինձ ընդհանրապես չի վստահում, ինձնից նոր խոսք լսելու համար վարպետորեն թաքցնում է անվստահությունը, ուզում է, որ իրեն խղճամ։ Երբ հասկացա, որ նամակներին այդ պահին չի պատասխանելու, կապոցս վերցրի և պատրաստվելով դուրս գալ՝ բոլոր աղջիկներին, անգամ շլություն ունեցողներին ասածս այս խոսքերը կրկնեցի. ― Եթե այդ գեղեցիկ աչքերդ լայն բացես, ոչ մի վատ բան չի պատահի, սիրելի՛ս, մի՛ անհանգստացիր։ == 16. Ես Շեքուրեն եմ == Հնում ամեն անգամ, երբ մանրավաճառ Էսթերը գալիս էր, երազում էի, որ ինձ նման խելացի, գեղեցիկ, լավ դաստիարակված, այրի, բայց բարոյական կնոջ սիրտը գրավող սիրահարն է ինձ նամակ ուղարկել։ Տեսնելով, որ ստացածս նամակներն իմ մշտական երկրպագուներից են, գոնե ամուսնուս սպասելու համար ուժ ու համբերություն էի ձեռք բերում։ Իսկ հիմա մանրավաճառ Էսթերի գնալուց հետո ամեն անգամ մտքերս խառնվում էին, և ինձ ավելի խեղճ էի զգում։ Լսեցի աշխարհի ձայները։ Խոհանոցից եռացող ուտելիքի ձայնն էր լսվում, և լիմոնի ու սոխի հոտ էր զգացվում։ Գիտեմ՝ Հայրիյեն սմբուկ է եռացնում։ Շևքեթն ու Օրհանը բակում՝ նռան ծառի տակ իրար հրելով թրերով խաղում էին. լսում էի նրանց ձայները։ Հայրս անձայն կողքի սենյակում էր։ Բացեցի Հասանի նամակը, կարդացի և նորից հասկացա, որ հետաքրքիր ոչինչ չկա։ Միայն նրանից մի քիչ ավելի վախեցա ու նրա հետ նույն տանը ապրած ժամանակ իմ անկողին մտնելու փորձերին դիմադրելու համար ինքս ինձ շնորհավորեցի։ Հետո Քարայի նամակն այնքան զգույշ վերցրի, ասես կոտրվող իր էր։ Կրկին կարդացի, ու մտքերս խառնվեցին։ Նամակները մի կողմ դրեցի, արև ելավ, և ես մտածեցի, եթե մի գիշեր Հասանի հետ անցկացնեի և նրա հետ սեր անեի, ոչ ոք չէր նկատի, բացի Աստծուց։ Իմ անհայտ կորած ամուսնուն է նման, երկվորյակի պես։ Երբեմն այսպիսի հիմար ու տարօրինակ բան եմ մտածում։ Արևից տաքանալով՝ ասես զգացի, որ մարմին ունեմ, զգացի մաշկս, կրծքերս։ Երբ արևի լույսն ընկավ վրաս, Օրհանը ներս մտավ։ ― Մայրի՛կ, ի՞նչ ես կարդում,– ասաց նա։ Լավ, քիչ առաջ ձեզ ստեցի՝ ասելով, թե Էսթերի նոր բերած նամակները նորից չեմ կարդացել։ Կրկին կարդում էի։ Բայց այս անգամ իսկապես նամակները ծալելով դրեցի հագուստիս տակ և Օրհանին ասացի. ― Արի նստիր ծնկներիս, տեսնեմ։ Եկավ։ ― Օ՜օ՜ֆ, մաշալլահ, ինչ ծանր ես, մեծացել ես,― ասացի ես ու համբուրեցի։– Շատ ես սառել։ — Մայրի՛կ, ինչքան տաք ես,― ասաց նա ու մեջքով հենվեց կրծքերիս։ Իրար ամուր հպված՝ առանց խոսելու նստելը երկուսիս էլ դուր էր գալիս։ Նրա վիզը հոտոտեցի, համբուրեցի։ Ավելի ամուր գրկեցի։ Լռություն տիրեց, այդպես կանգնած մնացինք։ ― Խուտուտ է գալիս,― երկար լռելուց հետո ասաց նա։ ― Ասա տեսնեմ,– լուրջ ձայնով ասացի ես։― Եթե ջիների սուլթանը գա, եթե ինձնից ուզածդ ամեն բան ուզես, կյանքում ամենաշատը ի՞նչ կցանկանաս։ ― Կուզեմ, որ Շևքեթը մեզ հետ չլինի։ ― Ուրիշ ի՞նչ կուզես; Կուզե՞ս հայր ունենալ։ ― Ոչ, ես քեզ հետ կամուսնանամ հենց մեծանամ։ Վատը ոչ թե ծերանալն է, տգեղանալը, անգամ առանց ամուսնու և աղքատ մնալը, այլ այն, որ կյանքում ձեզ ոչ ոք չնախանձի։ Տաքացած Օրհանին գրկիցս իջեցրի։ Մտածելով, որ ինձ պես վատհոգի մեկը պետք է լավ մարդու հետ ամուսնանա, գնացի հորս մոտ։ ― Մեր սուլթանը գրքի վերջնական տարբերակը սեփական աչքերով տեսնելով՝ ձեզ կպարգևատրի,– ասացի։– Դարձյալ Վենետիկ կգնաք։ ― Չգիտեմ,― ասաց հայրս։– Այս սպանությունն ինձ վախեցրեց։ Մեր թշնամիները պետք է որ ուժեղ լինեն։ ― Գիտեմ, որ իմ այս վիճակը նրանց քաջալերում է, սխալ հասկացվելու, անհիմն հույսերի տեղիք է տալիս։ ― Ինչպե՞ս։ ― Հնարավորինս շուտ պետք է ամուսնանամ։ ― Ի՞նչ,― ասաց հայրս։― Ո՞ւմ հետ։ Բայց դու ամուսնացած ես։ Սա ի՞նչ նորություն է։ Երկրպագո՞ւդ ով է։ Անգամ եթե հարմար ու անհամբեր երկրպագու ունենաս,― ասաց խելացի հայրս,– չեմ կարծում, որ նրան հեշտությամբ հավանենք։ Որպեսզի ամուսնանաս, գիտես, շատ մեծ խնդիրներ պետք է լուծենք,― այսպես եզրափակեց նա այդ դժբախտ դրությունը։ Երկար լռությունից հետո էլ այսպես ասաց. ― Ուզում ես ինձ թողնել հեռանա՞լ, սիրելի՛ս։ ― Երեկ երազումս տեսա, որ ամուսինս մահացել է։ Բայց այդպիսի երազ տեսնող կնոջ պես չարտասվեցի։ ― Նկարին նայելով՝ այն տեսնողներ կան, ուրեմն պետք է հնարավոր լինի մեկնաբանել երազները։ ― Կարծում եք արժի՞ ձեզ պատմել տեսածս երազը։ Մի պահ լռություն տիրեց, և իրար ժպտացինք՝ խոսածի հետևանքների մասին արագորեն մտածող մարդկանց պես։ ― Կարող եմ երազդ մեկնաբանելով հավատալ նրա մահվանը, բայց քո սկեսրայրին, տեգրոջը և նրանց կարծիքին ականջ դնող դատավորն այլ ապացույցներ է պահանջելու։ ― Երկու տարի է անցել, ինչ երեխաների հետ այստեղ եմ տեղափոխվել, բայց սկեսրայրս ու տեգրս ինձ չեն կարողանում ետ տանել։ ― Որովհետև շատ լավ գիտեն իրենց սխալները,― ասաց հայրս։― Բայց դա դեռ չի նշանակում, որ կհամաձայնեն քո ամուսնալուծությանը։ ― Եթե մեր աղանդը մալիքիականությունը կամ հանբալիականությունը լիներ,– ասացի ես,– չորս տարի անց դատավորն ինձ իրավունք կտար ամուսնալուծվելու, բացի այդ, նպաստ կնշանակեր։ Բայց մենք, փառք Աստծու, հանեֆիականության հետևորդներ լինելով՝ դա չենք կարողանում անել։ ― Ինձ մի՛ պատմիր Սկյուտարի դատավորի փոխանորդի մասին։ Այդ ամենն անիմաստ է։ ― Պատերազմում անհայտ կորած ամուսինների բոլոր ստամբուլցի կանայք ամուսնալուծվելու համար վկաների հետ նրա մոտ են գնում։ Քանի որ դատավոր է, հարցնելով՝ ամուսինդ կորե՞լ է, որքա՞ն ժամանակ է կորել, գումարի խնդիր ունե՞ս, սրանք վկանե՞րդ են ասելով՝ անմիջապես ամուսնալուծվելու իրավունք է տալիս։ ― Սիրելին, ո՞վ է այս ամենով լցնում գլուխդ,― ասաց նա։― Ո՞վ է քեզ հիմարացրել։ — Եթե ամուսնալուծվելուց հետո ինձ հիմարացնող մեկը կա, անշուշտ, դուք եք ինձ ասելու և իմ ամուսնության հարցում որոշումը դուք եք կայացնելու։ Իմ խորամանկ հայրը, տեսնելով, որ դուստրն էլ իր պես խորամանկ է, սկսեց ճպճպացնել աչքերը։ Իրականում հայրս աչքերն այսպես արագ երեք պատճառով էր թարթում. 1. Երբ նեղն էր ընկնում, խորամանկություն գտնելու համար արագ-արագ գլուխը սկսում էր աշխատեցնել։ 2. Երբ լռությունից ու տառապանքից անկեղծորեն արտասվում էր։ 3. Երբ նեղն ընկած ժամանակ խորամանկություն անելով՝ առաջին և երկրորդ պատճառները խառնելով՝ հետո այնպիսի տպավորություն էր թողնում, ասես տառապանքից արտասվելու է։ ― Երեխաներիդ վերցնելու ես, գնաս, ծեր հորդ մենա՞կ ես թողնելու։ Գիտե՞ս, որ մեր գրքի (այո, ասաց մեր գիրքը) պատճառով սպանվելուց եմ վախենում, բայց հիմա, երբ ուզում ես երեխաներին վերցնել ու գնալ, ուզում եմ մեռնել։ ― Հայրի՛կ, դո՞ւք չէիք միշտ ասում, որ պետք է անպիտան սկեսրայրիցս փրկվելու համար ամուսնալուծվեմ։ ― Չեմ ուզում, որ ինձ լքես։ Ամուսինդ կարող է մի օր վերադառնալ։ Եթե անգամ չվերադառնա, ոչինչ։ Միայն թե այս տանը մնա հորդ հետ։ ― Այս տանը ձեզ հետ ապրելուց բացի ոչինչ չեմ ուզում։ ― Սիրելիս, քիչ առաջ ասացիր, որ ուզում ես հնարավորինս շուտ ամուսնանալ։ Ահա այսպես է լինում հոր հետ վիճելը։ Ի վերջո, ես էլ եմ հավատում, որ սխալ եմ գործում։ ― Ասում էի,– ասացի ես՝ գլուխս կախելով։ Հետո, որպեսզի չարտասվեմ, քաջալերվելով միտքս եկած առաջին բանի ճշմարտացիությունից, ասացի. ― Դե, ես էլ երբեք չե՞մ ամուսնանալու։ ― Իմ տան դռները բաց են այն փեսայի առաջ, ով քեզ ինձնից չի վերցնելու և հեռու չի տանելու։ Երկրպագուդ ո՞վ է։ Մեզ հետ այստեղ, այս տանը կապրի՞։ Լռեցի։ Իհարկե, երկուսս էլ գիտեինք, որ մեզ հետ նույն տանն ապրող փեսային հայրս չի հարգելու և սկսելու է ճնշել։ Հայրս նրան «տնփեսա» կոչելով խորամանկորեն ու վարպետորեն այնքան էր ստորացնելու, որ ես այդ մարդու հետ ոչ մի օր չէի ցանկանա ապրել։ ― Գիտե՞ս չէ, որ առանց հորդ համաձայնության չես կարող ամուսնանալ։ Չեմ ուզում, որ ամուսնանաս, թույլ չեմ տալիս։ ― Ես չեմ ուզում ամուսնանալ, ուզում եմ ամուսնալուծվել։ ― Որովհետև սեփական շահերից բացի ոչ մի բանի մասին չմտածող կենդանին կարող է քեզ նեղացնել։ Գիտես՝ որքան եմ սիրում քեզ, չէ՞, սիրելին։ Այս գիրքն էլ պիտի ավարտենք։ Լռեցի, որովհետև եթե սկսեի խոսել, իմ զայրույթը նկատած սատանայի դրդմամբ հորս դեմքին ասելու էի՝ գիտեմ, որ գիշերները Հայրիյեի հետ է անցկացնում, բայց ինձ պես աղջկան վայե՞լ է ծեր հորն ասել, որ տեղյակ է նրա՝ սիրուհի ունենալուն։ — Ո՞վ է ուզում քեզ հետ ամուսնանալ։ Գլուխս կախեցի և լռեցի, բայց ոչ թե ամոթից, այլ զայրույթից։ Ավելի վատ՝ չնայած, որ գիտեի՝ զայրացած եմ, պատասխան չգտնելս ինձ ավելի էր զայրացնում։ Այդ պահին պատկերացնում էի հորս Հայրիյեի հետ այդ ծիծաղելի ու զզվելի վիճակում, անկողնում։ Արդեն ուզում էի արտասվել, դրա համար գլուխս կախ ասացի. ― Սմբուկը կրակին եմ թողել, կվառվի։ Աստիճանների կողքով անցա այն սենյակն, ուր երբեք չբացվող պատուհանը դեպի ջրհորի տեսարանն էր նայում։ Մթան մեջ շոշափելով՝ արագ գտա անկողինս, ինձ գցեցի մահճակալին։ Ա՜խ, ինչ գեղեցիկ էր մանկության տարիներին նեղանալով անկողնու վրա պառկած արտասվելուց հետո քնելը։ Միայն ես եմ սիրում ինձ, և այդ մենակությունն այնքան ցավալի է, որ իմ սեփական մենակության վրա արտասվելիս իմ հեծկլտոցներն ու բղավոցները լսող դուք ինձ օգնության եք գալիս։ Քիչ անց նայեցի՝ Օրհանը պառկել էր իմ անկողնու վրա, գլուխը հենել կրծքիս. նա էլ խոր հոգոց հանելով՝ արտասվում էր։ Նրան սեղմեցի ինձ ու գրկեցի։ ― Մի՛ արտասվիր, մայրի՛կ,– քիչ անց ասաց նա։– Հայրիկս կվերադառնա պատերազմից։ ― Որտեղի՞ց գիտես։ Լռեց։ Բայց այնքան սիրեցի, այնպես հպեցի կրծքիս, որ մոռացա բոլոր տխրություններս։ Իմ նիհար Օրհանի նուրբ մարմնին փաթաթված քնելուց առաջ հիմա միայն մի բանի մասին եմ մտածում, ասեմ ձեզ։ Քիչ առաջ հորս ու Հայրիյեի մասին զայրացած ձեզ ասածներիս համար զղջում եմ։ Ոչ, չեմ ստել, բայց կրկին այդպես մտածելուս համար այնքան եմ ամաչում, որ ուզում եմ՝ դուք ասածս մոռանաք, որ երբեք ասած չլինեի, որ դուք էլ մտածեիք, որ հորս և Հայրիյեի միջև նման բան չի եղել։ == 17. Ես ձեր փեսան եմ == Դժվար է աղջկա հայր լինել, դժվար է։ Ներսում արտասվում էր, լսում էի հեծկլտոցները, բայց ձեռքիս գրքի էջերին նայելուց բացի ուրիշ ոչինչ չէի կարողանում անել։ Այն հատորում, որի վրա աշխատում էի՝ «Մեծ դատաստանի օրվա իրադարձությունների մասին գրքի» մի էջում մահից երեք օր անց հոգին Աստծուց թույլտվություն ստանալով՝ այցելում է իր մարմնին, որի մեջ նախկինում ապրում էր։ Հոգին հին մարմնի՝ գերեզմանում արյան և հոտած ջրերի մեջ տխուր վիճակը տեսնելով՝ տրտմում է, ասում՝ խեղճ մարմին, խեղճ սիրելի, նախկին մարմինս։ Սուգ է պահում։ այսպիսով, որոշ ժամանակ Զարիֆ էֆենդու ցավալի ավարտը, ջրհորի հատակին ընկած վիճակը, հոգու՝ գուցե նրան ոչ թե գերեզմանոցում, այլ ջրհորում այցելության գալու և, իհարկե, շատ տխրելու մասին մտածեցի։ Երբ Շեքուրեի հեծկլտոցները դադարեցին, նայեցի մահվան գրքերին։ Մի բրդյա վերնաշապիկ հագա, այծի մորթուց հաստ գոտիս պինդ կապեցի, ճագարի մորթուց տաբատս հագա և դուրս եկա։ Տեսա՝ դռան մոտ Շևքեթն է կանգնած։ ― Պապի՛կ, ո՞ւր ես գնում։ ― Դու ներս գնա։ Հուղարկավորությա՛ն։ Ձյունով ծածկված դատարկ փողոցներում, հոտած, հնացած, դժվարությամբ կանգուն մնացող աղքատ տների, տների փլատակների միջով անցա։ Ծայրամասային թաղամասերի, այգիների, դաշտերի արանքով սայլեր, անիվներ վաճառող, երկաթագործների խանութների, թամբագործների, պայտագործների մոտով անցնելով՝ դեպի պարիսպները ուշադիր, ծեր քայլերով սառույցի վրա սահելով՝ փորձելով չընկնել, երկար քայլեցի։ Չգիտեմ, թե ինչու էին հուղարկավորությունը Էդիրնեքափըի Միհրիմահ մզկիթում անում։ Մզկիթում փաթաթվեցի հանգուցյալի զայրացած ու համառ երևացող, մեծագլուխ, զարմացած եղբայրներին։ Մանրանկարիչների, գրիչների հետ միմյանց փաթաթվելով՝ արտասվեցինք։ Երբ հանկարծակի իջած մոխրագույն մշուշի մեջ հոգեհանգստի արարողությունն էր անցնում, պատվանդանին դրված դագաղին նայեցի և այնքան զայրացա այդ ստոր մարդասպանի վրա, որ «Ալլահումմե Բարիք» աղոթքն անգամ շփոթեցի։ Նամազից հետո, երբ մարդիկ դագաղն իրենց ուսերին էին առնում, ես դեռ մանրանկարիչների և գրիչների հետ էի։ Լեյլեքի հետ իմ գրքի վրա՝ ջահի աղոտ լույսի տակ մինչև առավոտ անցկացրած որոշ գիշերներ խոսում էինք Զարիֆ էֆենդու գրության էժանության, գույների մեջ իր անփորձությունը ցույց տվող, գրությանը հարուստ տեսք տվող կապույտ ներկի մասին, ես էլ ասում էի, որ իրավացի է, բայց ուրիշ մարդ չկա։ Այդ պահին երկուսս էլ մոռացանք այդ մասին և բարձր արտասվելով՝ փաթաթվեցինք իրար։ Զեյթինի ընկերական, հարգալից հայացքը, գրկախառնությունն ինձ ստիպեցին մտածել, որ լավ փաթաթվել իմացող մարդը լավ մարդ է։ Այդ միտքն ինձ այնքան դուր եկավ, որ կրկին մտածեցի, որ բոլոր մանրանկարիչներից, գրիչներից ամենաշատը նա է հավատում իմ գրքին։ Բակի դռան աստիճաններին գլխավոր վարպետ Օսմանի հետ կողք կողքի հայտնվեցինք և չիմացանք՝ ինչ ասել միմյանց։ Տարօրինակ, լարված պահ էր. հանգուցյալի եղբայրներից մեկը սկսեց հեծկլտալով ծիծաղել, ցուցադրական ուշադրություն ցուցաբերող մեկն էլ սկսեց աղոթք կարդալ։ — Ո՞ր գերեզմանոցն են տանելու,– հարցրեց նա միայն որովհետև ուզում էր ինչ-որ բան ասել։ ― Չգիտեմ,― ասացի ես, բայց անհանգստացա, որ իմ պատասխանը թշնամական կհնչի, և առանց մտածելու՝ աստիճաների վրա կողքիս կանգնած մարդուն ես էլ հարցրի. ― Ո՞ր գերեզմանոցն են տանելու։ Էդիրնեքափը՞։ ― Էյուփ,– ասաց մի մորուքավոր ու զայրացած հիմար երիտասարդ։ ― Էյուփ,– ասացի ես՝ նայելով վարպետին, բայց նա արդեն լսել էր մորուքավոր ու զայրացած երիտասարդ հիմարի պատասխանը։ Այսպիսով, հայացքով ինձ ցույց տվեց, որ հասկացել է, և ես էլ հասկացա՝ չի ուզում, որ մեր հանդիպումն ավելի երկար տևի։ «Գաղտնի» գրքիս գրության, մանրանկարչության, զարդարման համար մեր սուլթանի՝ ինձ նախընտրելն, իհարկե, վարպետ Օսմանի համար դժվար էր ընդունել։ Բացի այդ, մեր սուլթանն իմ ազդեցությամբ մանրանկարչության մեջ հակվում էր դեպի եվրոպական ոճը։ Մի անգամ մեծ վարպետ Օսմանին սուլթանը ստիպել էր մի իտալացի նկարչի՝ իր սեփական դիմանկարը կրկնօրինակել։ Գիտեմ, որ վարպետ Օսմանը զզվելով է նկարել այդ նկարը, իտալացի նկարչին «Տառապանք» է կոչել և ասել, որ դրա համար ես եմ պատասխանատու։ Իրավացի էր։ Աստիճանների մեջտեղում կանգնելով՝ մի պահ նայեցի երկինք։ Վստահ լինելով, որ մարդիկ ինձնից առաջ են անցել, սառցակալած աստիճաններով իջա ներքև։ Դեռ երկու աստիճան էլ չէի իջել, երբ մեկն ինձ թևանցուկ անելով՝ փաթաթվեց. Քարան էր։ — Շատ ցուրտ է,– ասացի ես։– Մրսո՞ւմ եք։ Կասկած չունեի, որ Շեքուրեի սիրտը նա է գրավել։ Անգամ ինձ թևանցուկ անելու մեջ զգացվում էր, թե որքան վստահ է իր վրա։ Նրա պահվածքի մեջ մի բան կար, որ ասում էր. ես տասներկու տարի աշխատել եմ, մարդ եմ դարձել։ Աստիճաններով իջանք, միայն հիմա չպատմի, թե արվեստանոցում ինչեր է իմացել։ ― Դու ինձնից առաջ քայլիր, որդի՛ս,― ասացի ես։― Գնա՛, հասի՛ր մարդկանց։ Զարմացավ, բայց չհակառակվեց։ Ինձ անգամ դուր եկավ, որ դանդաղ բաց թողեց թևս ու սկսեց քայլել։ Եթե Շեքուրեին նրան կնության տամ, մեզ հետ նույն տանը կապրի՞։ Արդեն Էդիրնեքափըջից դուրս էինք եկել, երբ ներքևում՝ մառախուղի մեջ գրեթե կորչող դագաղը և այն ուսերի վրա կրող, զառիթափից ներքև՝ դեպի նեղուց արագ իջնող մանրանկարիչների, գրիչների, աշակերտների բազմությունը տեսա։ Այնքան արագ էին քայլում, որ ձյունով ծածկված արահետից դեպի Էյուփ տանող ցեխոտ ճանապարհի կեսն արդեն անցել էին։ Լռության ու մառախուղի մեջ ճանապարհի ձախ կողմում Հանըմ սուլթան հիմնադրամի մոմի գործարանի ծխնելույզից թանձր ծուխ էր բարձրանում։ Պարիսպների տակ՝ Էյուփի հույն մսագործների համար ժրաջան աշխատող սպանդանոցներ կային ու մաշկողներ։ Այդտեղից եկող մսի հոտը տարածվել էր դժվար նկատվող Էյուփի մզկիթի գմբեթների և գերեզմանոցի նոճիների վրա։ Մի քիչ քայլելուց հետո ներքևում լսեցի Բալաթի նոր հրեական թաղամասերից եկող, այդտեղ խաղացող երեխաների ձայները։ Երբ հասանք Էյուփ, Քելեբեքը մոտեցավ ինձ։ Ինչպես միշտ՝ հուզված տեսքով, արագորեն սկսեց խոսել խնդրի մասին. ― Այս գործը Զեյթինն ու Լեյլեքն են արել,― ասաց նա։― Նրանք էլ, բոլորի պես, շատ լավ գիտեին, որ ես ու լուսահոգին մտերիմ չէինք։ Գիտեին նաև, որ բոլորը գիտեն։ Մեր միջև վարպետ Օսմանից հետո արվեստանոցի գլխավոր վարպետի նշանակվելու հետ կապված նախանձ, անգամ՝ փոխադարձ թշնամանք կա։ Հիմա ենթադրում են, որ մեղքն ինձ վրա է ընկնելու, առնվազն՝ գլխավոր գանձապետի, և նրա ցուցումով մեր սուլթանն ինձնից, ո՛չ մեզնից, երես է թեքելու։ ― Ո՞ւմ նկատի ունես մեզ ասելով։ ― Մենք ասում ենք, որ արվեստանոցում պետք է նախկին բարոյականությունը տիրի, չպետք է շարժվենք իրանյան վարպետների ճանապարհով, չպետք է փողի համար ամեն թեմայով նկարենք։ Ասում ենք, որ մեր գրքերը զենքի, բանակի, գերիների, զավթումների փոխարեն պետք է սրբերի պատմություններ մտնեն, հին գրքերից պետք է հրաժարվենք, ինքնատիպ նկարիչների՝ շուկայի խանութներում մի քանի գրոշի դիմաց ցանկացածի համար ցանկացած թեման նկարելով՝ աղքատիկ բաներ չպետք է անենք։ Մեր սուլթանը համարում է, որ մենք ճիշտ ենք։ — Ինքդ քեզ զուր ասեկոսեների թեմա ես դարձնում,– ասացի ես, որպեսզի չշարունակի։– Վստահ եմ, որ այս գործն արվեստանոցում ոչ ոք չէր կարող անել։ Բոլորդ եղբայրներ եք։ Հնում չնկարվող մի քանի թեմայի նկարվելը չպետք է պատճառ դառնա թշնամանքի համար։ Միևնույն ժամանակ, ինչպես և լուրը ստանալու առաջին պահին, մի բան հաստատ հասկացա։ Զարիֆ էֆենդուն սպանողը պալատի արվեստանոցի վարպետներից մեկն էր և գերեզմանոցի զառիթափով բարձրացող բազմության մեջ էր։ Վստահ էի, որ մարդասպանը շարունակելու է սատանայություններն ու խորամանկությունները, վստահ էի, որ իմ գրքի դեմ թշնամաբար է տրամադրված, մեծ հավանականությամբ՝ իմ տուն գալով՝ գրքիս համար մանրանկարչության և նկարչության առաջադրանքներ է ստանում։ Իմ տուն եկող նկարիչների մեծ մասի պես Քելեբեքն է՞լ էր սիրահարված դստերս։ Շարունակելով իր պնդումները՝ արդյոք մոռացե՞լ էր, որ ես ճիշտ իր հայացքներին հակառակ նկարներ եմ ուզում, թե՞ վարպետորեն ցանկանում էր ինձ ինչ-որ բան հասկացնել։ Ոչ, հավանաբար ոչինչ չէր ուզում հասկացնել՝ մտածեցի ես քիչ անց, Քելեբեքն էլ մյուս վարպետ մանրանկարիչների պես իմ հանդեպ ընդգծված երախտագիտության զգացում ուներ։ Պատերազմների և մեր սուլթանի անտարբերության պատճառով գանձարանից մանրանկարիչներին տրվող գումարը, նվերները և լուրջ հավելյալ մուծումները բոլորը մի շրջան իմ գրքի շնորհիվ էին վաստակել։ Գիտեի, որ ինձ բոլորը խանդում էին։ Անգամ այդ պատճառով, և ոչ միայն այդ պատճառով, նրանց հետ իմ տանն առանձին-առանձին էի հանդիպում, և դա չէր նշանակում, որ իմ հանդեպ թշնամանք էին զգալու։ Իմ բոլոր մանրանկարիչներն այնքան հասուն մարդիկ էին, որ իրենց շահերի պատճառով ստիպված էին սիրել մի մարդու։ Խելացի գտնվելով՝ մարդկային պատճառ էին գտնում և կարողանում էին անկեղծորեն սիրելնրան։ Որպեսզի լռությունը չշարունակվի, և նույն թեման նորից չկրկնվի, ասացի. «Մաշալլա՛հ, որքան արագ իջան զառիթափից, այնքան էլ արագ կարողանում են վերև բարձրանալ»։ Քելեբեքը բոլոր ատամները ցույց տալով՝ սիրալիր ժպտաց. ― Ցուրտ է։ Սա կարո՞ղ է մարդ սպանել։ Օրինակ՝ նախանձից։ Իսկ հետո ի՞նձ։ Պատճառ փնտրելով՝ այս մարդը կարող է իմ կրոնը վիրավորել։ Բայց նա մեծ վարպետ է, իսկական տաղանդ, ինչո՞ւ պետք է սպանի։ Ծերությունը միայն զառիթափերով քայլելիս դժվարանալ չի նշանակում, մարդ պետք է մահից էլ վախենա, այդ չկամությունը ոչ թե սիրուհու՝ ոգևորությամբ անկողին մտնելուն է նման, այլ արգելքից հրաժարվելուն։ Հանկարծակի զգացմունքով այդ պահին ընդունածս որոշումը ուղիղ ասացի նրան. ― Էլ գիրքս չեմ շարունակելու։ ― Ինչպե՞ս թե,― ասաց շփոթված Քելեբեքը։ ― Այն դժբախտություն է բերում։ Սուլթանն էլ գումար չի տալիս։ Զեյթինին ու Լեյլեքին էլ ասա։ Գուցե դեռ հարցեր տար, բայց հանկարծակի հայտնվեցինք բլրի խիտ նոճիների, բարձր ձարխոտերի ու գերեզմանաքարերի արանքում։ Քանի որ գերեզմանը շրջապատված էր մարդկանցով, միայն «բիսմիլլահի» և բազմության՝ Ռեսուլուլլահ ասելուց ու արտասվելու ձայների կրկնապատկվելուց հասկացա, որ այդ պահին հանգուցյալի մարմինն իջեցնում են գերեզման։ ― Դեմքը լավ բացեք,― ասաց մեկը։ Պատանքը բացում էին, ճզմված երեսին երևացող միակ աչքին էին նայում, բայց քանի որ ետևի շարքերում էի, ոչինչ չէի տեսնում։ Ես մահվան աչքերի մեջ ոչ թե գերեզմանում, այլ մի ուրիշ տեղ էի նայել։ Մի հուշ․ երեսուն տարի առաջ մեր սուլթանի լուսահոգի պապը որոշել էր Կիպրոսի կղզին վենետիկցիների ձեռքից վերցնել, Շեյխուլիսլամ Էբուսութ էֆենդին էլ հիշելով, որ մի ժամանակ եգիպտացի սուլթանները Մեքքայի և Մեդինայի ծախսերը հոգալու համար գումար էին առանձնացրել, հրովարտակ էր գրել, որի համաձայն՝ սուրբ համարվող կղզին քրիստոնյա անհավատների ձեռքին չպետք է մնա։ Այսպիսով, ես որպես դեսպան առաջին առաջադրանքս էի կատարելու՝ վենետիկցիների համար այս անսպասելի որոշումը՝ կղզիների՝ մեզ հանձնումն էի հայտնելու։ Վենետիկում եկեղեցիներ տեսա, կամուրջների, պալատների վրա զարմացա, ամենահարուստ տների նկարներով հիացա, այս հիացմունքի մեջ էլ ցուցաբերած հյուրասիրությանը վստահելով՝ նրանց սպառնալիքներով լի մի նամակ տվեցի և մեր սուլթանի վերամբարձ արտահայտությամբ հայտնեցի, որ Կիպրոսը ետ ենք ցանկանում։ Վենետիկցիներն այնքան զայրացան, որ անմիջապես ժողով հավաքեցին, որի արդյունքում եկան այն եզրակացության, որ նման նամակի քննարկումն անգամ տեղին չէ։ Ավելին՝ զայրացած բազմությունն ինձ դոժի պալատում փակեց, պահապանների, դռնապանների հսկողությունից խույս տալով ներս մտնող թափառականները փորձում էին ինձ խեղդել։ Ի վերջո, դոժի երկու մտերիմ ռազմիկներն ինձ փախցնելով պալատի վտանգներից՝ դեպի ջրատարը բացվող ետնաբակ տարան։ Այնտեղ այսօրվա նման մառախուղի մեջ ինձ դիմավորող, թևանցուկ անող ճերմակ հագուստով երկարահասակ, դժգույն դեմքով նավավարին տեսնելով՝ կարծեցի, որ նա հենց ինքը մահն է, և աչքերի մեջ նայելով՝ այնտեղ ինձ տեսա։ Կարոտով երազեցի, որ գիրքս գաղտնի ավարտելուց հետո կարող եմ մի անգամ էլ Վենետիկ գնալ։ Մոտեցա գերեզմանին, որը խնամքով ծածկել էին։ Այժմ այնտեղ նրան հրեշտակներն են հարցաքննում, սեռը, կրոնը, նրա մարգարեին։ Մտածեցի սեփական մահվանս մասին։ Մի ագռավ ցատկեց դեպի ինձ։ Սիրով նայեցի Քարայի աչքերի մեջ և ցանկացա, որ ինձ թևանցուկ անի, վերադարձի ճանապարհին միանա ինձ։ Նրան ասացի, որ գրքիս վրա աշխատելու համար հաջորդ օրը վաղ առավոտյան նրան կսպասեմ իմ տանը։ Որովհետև հենց մտածեցի սեփական մահվան մասին, ևս մեկ անգամ որոշեցի, որ ինչ էլ լինի՝ պետք է ավարտեմ գիրքս։ == 18. Ինձ մարդասպան են կոչելու == Խեղճ Զարիֆ էֆենդու՝ մաս-մաս եղած աճյունի վրա ցեխոտ սառը հող նետելիս բոլորից շատ ես արտասվեցի։ Բղավում էի՝ մահացածի հետ ինձ էլ հողին հանձնեք, մարդիկ գոտկատեղիցս բռնում էին, որպեսզի գերեզմանի մեջ չընկնեմ։ Երբ սկսեցի շնչահեղձ լինել, ձեռքի ափերով ճակատս սեղմելով՝ գլուխս ետ տարան, որ կարողանամ շնչել։ Հանգուցյալի ազգականների հայացքից էլ հասկանալով, որ հեծկլտոցներս և արցունքներս չափից ավելին էին, ինձ հավաքեցի։ Արվեստանոցի բամբասկոտներն ըստ իմ արտասվելու կարող էին սկսել մտածել, որ ես ու Զարիֆ էֆենդին մտերիմ ենք եղել։ Որպեսզի այլևս ուշադրություն չգրավեմ, մինչև հուղարկավորության արարողության ավարտը թաքնվեցի սոճու ետևում։ Դժոխք ուղարկածս հիմարից ավելի հիմար բարեկամն ինձ գտավ այնտեղ, իր կարծիքով բազմանշանակ հայացքով նայեց աչքերիս մեջ, փաթաթվեց։ Հետո հիմարն այսպես ասաց. ― Դու Շաբա՞թն էիր, թե՞ Չորեքշաբթին։ ― Չորեքշաբթին մի ժամանակ լուսահոգու անունն էր։ Զարմացավ։ Մեզ իրար դեռ գաղտնիքի պես կապող այս կեղծանունների պատմությունը պարզ է։ Մեր աշակերտության տարիներին՝ այդ ժամանակ աշակերտության միջին աստիճանից դեպի վարպետի աստիճան նոր անցած մանրանկարիչ Օսմանի հանդեպ բոլորիս հարգանքը, հիացմունքը, սերը շատ մեծ էր։ Մեծ նկարիչ էր, ամեն բան նա էր մեզ սովորեցրել, Աստված նրան և կախարդական տաղանդ, և ջինի խելք էր տվել։ Ամեն առավոտ մեզնից մեկը գնում էր վարպետի տուն, նրա մատիտների տուփը, պայուսակը, թղթերով լի թղթապանակը վերցնելով՝ նրա ետևից քայլում էր դեպի արվեստանոց։ Այնքան էինք ուզում նրան ուղեկցել, որ երբեմն վիճում էինք։ Վարպետ Օսմանը մի սիրելի աշակերտ ուներ։ Բայց առանց այդ էլ ամեն առավոտ այդ աշակերտի գալը մշտական բամբասանքի և անշնորհք կատակների տեղիք էր տվել։ Այդ պատճառով մեծ վարպետը որոշել էր, որ շաբաթվա յուրաքանչյուր օր մեկս պետք է գնա նրա ետևից։ Մեծ վարպետը ուրբաթ օրերն աշխատում էր, շաբաթ օրերը արվեստանոց չէր գալիս։ Նրա շատ սիրելի որդին, որ մեզ պես աշակերտություն էր անում և հետագա տարիներին նրան ու բոլորիս դավաճանելով՝ թողեց արվեստը, հորը երկուշաբթի օրերը աշակերտի պես ուղեկցում էր։ Բոլորիցս տաղանդավոր, նիհար ու երկարահասակ Հինգշաբթի եղբայր էլ ունեինք։ Նա երիտասարդ տարիքում անհայտ հիվանդությունից բարձր տաքության մեջ մահացավ։ Լուսահոգի Զարիֆ էֆենդին չորեքշաբթի օրերն էր գալիս, այդ պատճառով նրա անունը Չորեքշաբթի էր, բայց հետո մեր մեծ վարպետը մեր անունները փոխեց՝ Երեքշաբթիից՝ Զեյթինի, Ուրբաթից՝ Լեյլեքի, Կիրակիից՝ Քելեբեքի։ Սիրո և արտահայտության, գրության նրբության պատճառով նրան Զարիֆ անունն էր տվել։ Մեծ վարպետը, ինչպես և մեզ բոլորիս, նրան էլ մի շրջան ամեն առավոտ հավանաբար ասել էր. «Բարով եկար, Չորեքշաբթի՛, տեսնեմ՝ ինչպես ես»։ Երբ փորձում էի հիշել, թե ինձ ինչպես էր կոչում, կարծեցի, թե կարտասվեմ։ Աշակերտությանս տարիներին, չնայած ծեծին՝ վարպետ Օսմանր մեզ սիրում էր, մեր մանրանկարչության գեղեցկությունից լացը գալիս էր, երբ համբուրում էր, մեր տաղանդն էլ ծաղկում էր, մեզ զգում էինք ինչպես դրախտում։ Այդ երջանիկ տարիները ստվերող նախանձի գույնն անգամ լրիվ այլ էր այդ ժամանակ։ Տեսնո՞ւմ եք, որ ինձ երկու մասի բաժանված եմ զգում, ինչպես այն մարդիկ, ում գլուխն ու ձեռքերը մի վարպետ է նկարել, իսկ մարմինը և հագուստը՝ մեկ ուրիշը։ Ինձ պես Աստծուց վախեցող մեկը հանկարծակի չի կարող մարդասպան դառնալ։ Որպեսզի ցույց տայի, որ իմ հին կյանքը դեռ շարունակվում է, մարդասպանին հատուկ երկրորդ ձայն մշակեցի։ Իմ հին կյանքի հետ ընդհանրապես կապ չունեցող այդ ծաղրող և դավաճան երկրորդ ձայնով եմ խոսում հիմա։ Եթե մարդասպան չլինեմ, ձեզ ծանոթ այդ ձայնն էլ կլսեք երբեմն, բայց ոչ այն նախադասությամբ, որն ասում է. «Ես մարդասպան չեմ»։ Թող ոչ ոք չփորձի միավորել այս երկու ձայնը, որովհետև ինձ դավաճանող սեփական ոճ ու թերություն չունեմ։ Ես հավատում եմ, որ ոճը մանրանկարիչներին միմյանցից տարբերող թերություն է, այլ ոչ թե, ինչպես շատերն իրենց գովաբանելով ասում, յուրահատկություն։ Բայց իմ յուրահատուկ իրավիճակում ընդունում եմ, որ դա կարող է խնդիրներ ստեղծել։ Որովհետև վարպետ Օսմանի՝ մեզ սիրով տված և Էնիշթե էֆենդու՝ սիրով օգտագործած կեղծանուններից չեմ ուզում հասկանաք՝ ես Քելեբեքն եմ, Զեյթինը, թե Լեյլեքը։ Եթե հասկանաք, մեծ հավանականությամբ անմիջապես վազելով՝ Բոսթանջըբաշըի տանջողներին կհանձնեք։ Այդ պատճառով, ամեն ինչի մասին մտածելով՝ չեմ կարող ասել։ Անգամ եթե մտքումս ասեմ, հասկանում եմ, որ դուք ինձ հետևում եք։ Առանց զայրույթի չեմ կարողանում մտածել կյանքիս՝ ինձ մատնող մանրամասների մասին։ Այբ, Բեն, Գիմ ասելով՝ երեք պատմություն պատմելիս իմ մտքի մի անկյունում ձեր հայացքն եմ ստուգում։ Տասը հազար անգամ իմ պատկերած ռազմիկներին, սիրահարներին, արքայազններին և լեգենդար հերոսներին նկարելիս մեջքով էի դարձած այդ լեգենդար ժամանակներում նրանց հետ պատերազմած թշնամիներին, վիշապներին, գեղեցիկ աղջիկներին, որոնք արտասվում էին։ Բայց մյուս կողմից էլ մեջքով էի շրջված դեպի այդ հիանալի նկարին նայող արվեստասերները։ Իմ ոճը և անհատականությունը ոչ միայն իմ նկարչության, այլև իմ սպանության և բառերի մեջ են թաքնված։ Փորձեք իմ բառերի գույնից հասկանալ՝ ով եմ ես։ Կարծում եմ, որ ինձ ձերբակալելը խեղճ Զարիֆ էֆենդու դժբախտ հոգուն էլ մի քիչ հանգստություն կբերի։ Ես հիմա ծառերի տակ, թռչունների ծլվլոցի ներքո նեղուցի ոսկե պարիսպներին ու Ստամբուլի գմբեթներին էի նայում՝ մեկ անգամ էլ նկատելով, թե ապրելը որքան գեղեցիկ է, նրա վրա բահերով հող էինք լցնում։ Խե՜ղճ Զարիֆ էֆենդի, վերջերս այդ խոժոռված էրզրումցի հոջայի մարդկանց հետ մտերմանալուց հետո ինձ չէր սիրում, բայց այս քսան տարվա ընթացքում, երբ մեր սուլթանի համար գրքեր ենք նկարազարդում, երբեմն մեզ իրար մոտիկ էինք զգում։ Քսան տարի առաջ մի պահ մեր սուլթանի լուսահոգի հոր Շահնամեի համար աշխատելիս ընկերացել էինք, բայց ամենաշատը Ֆիզուլիի դիվանին կցվելիք ութ նախշով էջի վրա աշխատելիս մտերմացանք։ Այն ժամանակ այստեղ էր գալիս, որպեսզի միանար իրավացի, անիրավ, անիմաստ ցանկություններին (մանրանկարիչն իր հոգում պետք է զգա այն տեքստը, որը զարդարում է)։ Մի ամառային երեկո, երբ ճնճղուկների երամները մեր գլխավերևում խենթի պես պտտվում էին, բարձրաձայն ինձ համար Ֆիզուլիի դիվանից կարդացած տողերը համբերությամբ լսեցի։ Այդ գիշերվանից այս տողն էր իմ մեջ տպավորվել. «Ես ես չեմ, եսը միշտ դու ես»։ Բացի այդ մտածում եմ, թե այս տողերն ինչպես պետք է պատկերեմ։ Հենց իմացա, որ աճյունը հայտնաբերվել է, վազելով տուն գնացի, զգացի, որ փոքրիկ այգին, որտեղ բանաստեղծություն էինք կարդում, մնացել է ձյան տակ և տարիներ անց մեր տեսած բոլոր այգիների պես փոքրացել է։ Կողքի սենյակից կանանց աստիճանաբար բղավոցներից կարելի էր ասել, որ նրանք մենամարտում են, բարձր բղավոցներ էին լսվում։ Երբ մեծ եղբայրն էր խոսում, ուշադրությամբ լսեցի, խեղճ Զարիֆ էֆենդու դեմքը մաս-մաս էր եղել, գլուխը ճզմվել էր։ Չորս օր մնացել էր ջրհորի հատակին, երբ նրան հանել էին, եղբայրները չէին կարողացել ճանաչել, խեղճ կինը՝ Քալբիյեն, ստիպված էր եղել գիշերվա խավարում այդ անճանաչելի դիակը կտոր-կտոր եղած հագուստից ճանաչել։ Նախանձ եղբայրների ձեռքով ջրհոր նետված Հովսեփի՝ Մադիանի առևտրականների կողմից ջրհորից հանելը հիշեցի։ Հովսեփի և Զուլեյհայի այս տեսարանը պատկերելը շատ էի սիրում, որովհետև հիշեցնում է, որ կյանքում ամենահիմնական զգացմունքը եղբայրների նախանձն է։ Երբ մի պահ լռություն տիրեց, զգացի, որ ինձ են նայում։ Արտասվե՞մ։ Բայց նայում եմ Քարային։ Ստոր մարդ, բոլորիս նայում է և իրեն Էնիշթե էֆենդու կողմից նկարիչների մոտ ուղարկված, ամեն ինչ իմանալու համար ուղարկված մարդու ոճ է վերագրում։ ― Ո՞վ կարող էր անել այս ստորությունը,– բղավեց նրա մեծ եղբայրը։– Կյանքում անգամ մրջյունին վնաս չտված մեր եղբորը ո՞ր անխիղճը կարող էր սպանել։ Նրա արտասվալից պատասխանին ես էլ անկեղծորեն միացա և պատասխան փնտրեցի։ Ովքե՞ր էին Զարիֆի թշնամիները։ Եթե ես չեմ սպանել, ուրիշ ո՞վ կարող է սպանած լինել։ Մի ժամանակ, կարծում եմ այն տարիներին, երբ «Հուներնամեն» էր պատրաստվում, հիշում եմ, թե ինչպես ուշադրություն չէր դարձնում հին վարպետների ոճին, ավելի էժան, ավելի արագ գրելու համար էջերի անկյունները վատ ներկերով փչացնում էր, մինչդեռ մենք՝ նկարիչներս, այնքան ուշադրություն էինք դարձնում դրան։ Այդ պատճառով ոմանց հետ վիճում էր։ Ովքե՞ր էին նրանք։ Բայց ավելի ուշ ոչ թե թշնամանքի, այլ ներքևի հարկի գեղեցկադեմ կազմարար աշակերտի պատճառով էին մարդիկ սկսել բամբասել, բայց սա շատ հին պատմություն էր։ Բացի այդ, կային մարդիկ, ովքեր Զարիֆի նրբությանը, նիհարությանը և կանացի տեսքին էին նախանձում, բայց դա այլ պատճառներ ուներ. Զարիֆի՝ հին ոճին ծառայի պես նվիրվելը, գրության և նկարի գույների ներդաշնակության հարցում բծախնդրություն անելը, այլ նկարիչների՝ հատկապես իմ՝ գոյություն չունեցող թերությունները վարպետ Օսմանի մոտ բարեկիրթ մեծամտությամբ ասելը... Վերջին վեճը վարպետ Օսմանի՝ մի ժամանակ շատ զգայուն թեմա դարձած՝ պալատական մանրանկարիչների պալատական գործից բացի դրսում աշխատելու, պալատից դուրս մանր-մունր պատվերներ ընդունելու հետ էր կապված։ Մեր սուլթանի հետաքրքրության և գլխավոր գանձապետից եկող գումարի՝ վերջին տարիներին պակասելու պատճառով բոլոր մանրանկարիչները սկսեցին գնալ անփորձ փաշաների երկհարկանի տները, և ամենաշատ վարպետություն ունեցողները գիշերները սկսեցին այցելության գնալ Էնիշթեին։ Ես չնեղացա, երբ Էնիշթեն որոշեց իր գիրքը՝ մեր գիրքը չշարունակել, պատճառաբանելով, որ այն դժբախտություն է բերում։ Իհարկե, կարծում է, որ միամիտ Զարիֆ էֆենդուն գիրքը գարդարող մեզնից մեկն է սպանել։ Նրա փոխարեն եթե դուք լինեիք, երկու շաբաթվա մեջ մեկ անգամ ձեր տուն մարդասպանին կհրավիրեի՞ք նկարելու համար։ Թե՞ սկզբում որոշել եք՝ ով է իսկական մարդասպանը, ով՝ ամենալավ նկարիչը։ Չեմ կասկածում, որ կարճ ժամանակում կհասկանա, թե իր տուն եկող նկարիչների մեջ ծաղկումից դեպի գրություն, լուսանցքներ գծելուց մինչև նկարչություն, դիմանկարներ անելուց մինչև էջի ուղղումներ անող ամենատաղանդավոր նկարիչն ով է և դրանից հետո միայն ինձ հետ կշարունակի աշխատել։ Չեմ կարծում, թե այնքան կստորանամ, որ մտածեմ՝ ես ոչ թե տաղանդավոր մարդ եմ, այլ մի սովորական մարդասպան։ Իր հետ եկած այդ Քարա էֆենդուն, այդ հիմարին էի հետևում աչքի ծայրով։ Երբ գերեզմանոցից այդ երկուսը, իրարից բաժանվելով՝ թաղման ցրվող բազմության հետ իջան Էյուփի նավահանգիստ, ես էլ գնացի նրանց ետևից։ Նրանք այնտեղից չորս թիակով նավ նստեցին, ես էլ ավելի ուշ հանգուցյալին և հուղարկավորությունը լրիվ մոռանալով՝ ծիծաղող երիտասարդ աշակերտների հետ նստեցի վեցաթի նավ։ Մի պահ Ֆեներքափըի մուտքի մոտ մեր նավերն իրար բախվելու չափ մոտեցան, և շատ մոտիկից տեսա, թե ինչպես է Քարան Էնիշթեին շշնջալով ինչ֊որ բան պատմում, ու հանկարծ մտածեցի, թե մարդ սպանելը որքան հեշտ բան է։ Աստվա՜ծ իմ, այս անհավատալի ուժը բոլորիս շնորհել ես, բայց վախեցրել ես, որ չօգտագործենք։ Բայց եթե մարդ մի անգամ այդ վախը հաղթահարելով՝ անցնի գործողության՝ անմիջապես լրիվ այլ մարդ կդառնա։ Հնում ոչ միայն սատանայից, այլև իմ ներսի ամենափոքր վնասարարության նշանից անգամ սարսափում էի։ Իսկ հիմա զգում եմ, որ վատությանը կարելի է դիմանալ, անգամ՝ մանրանկարչի համար դա անհրաժեշտ է։ Եթե ուշադրություն չդարձնենք սպանությունից հետո մի քանի օր շարունակ տևած ձեռքերիս դողին, այդ թշվառին սպանելուց ի վեր ավելի լավ եմ նկարում, ավելի փայլուն ու վստահ եմ ներկում և որ ամենակարևորն է՝ տեսնում եմ, որ երևակայությունս հրաշքներ է գործում։ Բայց իմ նկարները գնահատող ո՞վ կա Ստամբուլում։ Ջիմալիի մոտ նեղուցի մեջտեղից զայրացած նայեցի Ստամբուլին։ Ձյունով ծածկված գմբեթները հանկարծակի դուրս եկած արևի տակ փայլեցին։ Քաղաքը որքան մեծ ու գունավոր է, այնքան ձեր մեղքերը թաքցնելու համար շատ անկյուններ կան, որքան մարդաշատ է, այնքան հեշտությամբ կարող եք ձեր մեղքի հետ թաքնվել մարդկանց ետևում։ Քաղաքների միտքը ոչ թե գիտնականներով, գրադարաններով, նկարիչներով, գրիչներով ու դպրոցներով պետք է չափվի, այլ մութ փողոցներում հազարավոր տարիներ խորամանկորեն կատարված սպանությունների թվով։ Չեմ կասկածում, որ Ստամբուլն ամբողջ աշխարհի ամենախելացի քաղաքն է։ Ունքափը նավամատույցում Քարայի և Էնիշթեի ետևից ես էլ իջա նավից, իրար հենված՝ զառիթափով բարձրանալիս ես նրանց հետևում էի։ Սուլթան Մեհմեդ մզկիթի ետևի այրված շինություններից մեկի մոտ կանգնելով՝ մի անգամ էլ խոսեցին ու բաժանվեցին։ Էնիշթե էֆենդին միայնակ մնալուն պես խղճուկ ծերուկի նմանվեց։ Վազելով գնացի նրա մոտ, ցանկացա հանգուցյալ թշվառի հերյուրանքներից բոլորիս պաշտպանելու համար ամեն բան պատմել և հարցնել. ― Ճի՞շտ է այն, ինչ այս Զարիֆ էֆենդին ասել է. մեր նկարած նկարներում մեր սուլթանի վստահությունը չարաշահելը, մեր նկարչական ավանդույթներին դավաճանելը, մեր կրոնը հայհոյելը։ Ավարտե՞լ եք վերջին մեծ նկարը։ Երեկոյան ձնածածկ փողոցի մեջտեղում կանգնեցի, նայեցի տուն վերադարձող երեխաներին, հայրերին, ջիներին, փերիներին, ավազակներին, գողերին և ձնածածկ ծառերի տխրությանը մատնված մութ փողոցին։ Փողոցի ծայրին Էնիշթե էֆենդու երկհարկանի, շքեղ տանը, հիմա մերկ շագանակենու ճյուղերի արանքից մի պահ տեսածս կտուրի տակ աշխարհի ամենագեղեցիկ կինն էր ապրում։ Բայց ես չեմ ուզում խելագարվել։ == 19. Ես փողն եմ == Քսաներկու համարի օսմանյան սուլթանական ոսկին եմ։ Ինձ վրա Ջիհանփենալ սուլթանի հայտնի կնիքն է։ Այստեղ, հուղարկավորությունից հետո, մի տխուր, բայց գեղեցիկ սրճարանում մեր սուլթանի մեծ վարպետներից Լեյլեքն այժմ գիշերվա կեսին իմ նկարն է անում, վրաս ոսկեջուր չի քսել, բայց ձեր երևակայության մեջ այն կարող եք ավելացնել։ Ես այստեղ եմ, բայց մեծ վարպետ, մանրանկարիչ ձեր եղբայր Լեյլեքի քսակի մեջ եմ։ Հիմա ոտքի է կանգնում, ինձ հանում է քսակից և ձեզ է ցույց տալիս։ Բարև, բարև, ողջույն վարպետ արվեստագետներին և հյուրերին։ Իմ փայլից ձեր աչքերը մեծանում են, ոգևորվում եք լամպի լույսի տակ իմ արտացոլանքից և, ի վերջո, նախանձում եք իմ տիրոջը՝ Լեյլեքին։ Իրավացի եք, որովհետև մանրանկարչի տաղանդն ինձնով է չափվում։ Վարպետ Լեյլեքն ինձ պես այս ոսկիներից վերջին երեք ամսվա ընթացքում քառասունյոթ հատ էր վաստակել։ Մենք բոլորս այս քսակի մեջ ենք, և Լեյլեք Չելեբին, տեսեք, մեզ ոչ ոքից չի թաքցնում ու գիտի, որ Ստամբուլի մանրանկարիչներից ոչ ոք այդքան շատ չի վաստակում։ Մանրանկարիչների շրջապատում այդպիսի ընդունելություն գտնելու և անիմաստ վեճերի պատճառ դառնալու համար ինձ հպարտ եմ զգում։ Հնում, երբ դեռ չէինք հարմարվել սուրճին և դեռ մեր միտքը պարզ չէր, միամիտ մանրանկարիչները երեկոյան չէին բավարարվում վեճերով այն մասին, թե ով է ավելի տաղանդավոր, ով է իրական գույների վարպետը, ով է ամենալավ ծառը նկարում, ով է ամպեր նկարելու հարցում ամենամեծ վարպետը, այլև ամեն գիշեր իրար ծեծում էին, միմյանց ատամներն էին փշրում։ Հիմա ես կարողանում եմ ամեն բանի հետևել, արվեստանոցի աշխատանքային կարգապահությանն էլ գեղեցիկ ներդաշնակություն, անգամ Հերաթի հին վարպետներին վայել կեցվածք եմ տալիս։ Այս տրամաբանության ներդաշնակության և կեցվածքի հետ ինձ հետ մեկտեղ ձեր փոխած տարբեր բաները թվարկեմ․ երիտասարդ ու գեղեցիկ սիրուհու ոտք, ոսկրե եզրերով, ընկուզենուց պատրաստված վարսավիրական լավ հայելի, իննսուն արծաթադրամ, արծաթազօծ, դարակներ ունեցող, լավ ներկված սնդուկ, հարյուր քսան թարմ հաց, երեք հոգանոց գերեզմանի հող և դագաղ, արծաթե թևնոց, ձիու մեկ տասնորդական մաս, ծեր և գեր սիրուհու ոտքեր, գոմեշի ձագուկ, երկու լավ չինական ափսե, մեր սուլթանի արվեստանոցի իրանցի մանրանկարիչներից Թավրիզի դերվիշ Մեհմեդի և նրա նմանների մեծ մասի մի ամսվա վարձ, վանդակ ու որսորդական բազե, Փանայոթի գինու տասը գավաթ, աշխարհում հայտնի տղաներից մեկի՝ Մահմուդի հետ դրախտային ժամ և անթիվ-անհամար շատ ուրիշ հնարավորություններ։ Այստեղ գալուց առաջ մի շրջան մի աղքատ կոշկակարի աշակերտի կեղտոտ գուլպայի մեջ տասն օր եմ անցկացրել։ Խեղճն ամեն օր անկողնում ինձ հետ էր քնում՝ մտածելով իր անելիքների մասին։ Օրորոցայինի պես այդ քաղցր երկար բանաստեղծության տողերն ինձ ապացուցեցին, որ փողն ամեն տեղ կարող է հայտնվել։ Ի դեպ, եթե պատմեմ մինչև այստեղ գալը գլխովս անցած արկածները, մի քանի հատորանի գիրք կլինի։ Մենք մեր մտերիմների հետ ենք, մենք մերոնցով ենք, ոչ ոքի չեք ասի, և եթե իմ Լեյլեք էֆենդին էլ չի նեղանա, ձեզ մի գաղտնիք բացեմ։ Երդվո՞ւմ եք։ Լա՛վ, խոստովանում եմ։ Ես Չեմբերլիթաշի դրամահատարանից դուրս եկած իսկական օսմանյան սուլթանական ոսկի չեմ։ Ես կեղծ փող եմ։ Ինձ Վենետիկում են պատրաստել ցածրորակ ոսկուց և այստեղ բերելով՝ օգտագործել են որպես օսմանյան ոսկի։ Շնորհակալ եմ, որ հասկանում եք ինձ։ Որքան հասկացա Վենետիկի դրամահատարանից՝ այս գործը երկար տարիներ շարունակվում է։ Վենետիկի անհավատները ցածրորակ ոսկին արևելք տանելով՝ բաժանում են, իսկ իրական ոսկիները կրկին նույն դրամահատարանում են հայտնվում որպես վենետիկյան դուքաներ։ Հավատալով այն սկզբունքին, որ եթե վրան մի բան է գրված, ուրեմն միջինը պետք է այդ գրությանը համապատասխանի, օսմանցին էլ կեղծ վենետիկյան ոսկիները տարածեց ամբողջ Ստամբուլով մեկ։ Հետո սկսեցին կծելով ստուգել դրամները, որոնց մեջ ոսկին՝ ավելի քիչ, պղինձն ավելի շատ էր լինում։ Օրինակ՝ եթե այրվում ես սիրո կրակից, գնում ես գեղեցկադեմ Մահմուդի մոտ, որին ամբողջ աշխարհն է սիրահարված, սկզբում փողն է կծում և քեզ ոչ թե մի, այլ կես ժամով տեղափոխում է դրախտ։ Վենետիկյան անհավատը տեսնում է, որ սեփական սրտի փողը այսպիսի ահավոր ավարտ է ունենում, ասում է՝ գոնե օսմանյան ոսկու ձևը ստանամ, սրանք տարբերությունը չեն զգա։ Հիմա ուշադրություն դարձնենք տարօրինակ իրադրությանը։ Արդեն այս վենետիկյան անհավատը նկարելիս կարծես չի նկարում, կարծես իր Նկարածը վերածում է իսկական կյանքի։ Բայց փող հատելիս էլ իրական դրամը չի հատում, այլ նրա կեղծը։ Վենետիկից երկաթե նավակներ նստեցինք, նավ նստեցինք, օրորվելով գնացինք Ստամբուլ։ Անսպասելի հայտնվեցի ոսկեգործի խանութում, մի վարպետի սխտորահոտ բերանում։ Մի քիչ սպասեցինք, հետո ոսկին մանրելու համար մի անխելք գյուղացի եկավ։ Խորամանկ վարպետ ոսկեգործը, «Տեսնենք, քո ոսկին իսկական է, թե ոչ, պետք է կծեմ» ասելով՝ գյուղացու ոսկին դրեց բերանը։ Բերանում հանդիպեցի գյուղացու ոսկուն և հասկացա, որ իսկական օսմանյան էր։ Սխտորի հոտի մեջ ինձ տեսնելով՝ ասաց. ― Դու իսկական չես։ Ճիշտ էր ասում, բայց քանի որ նրա ասածից ինձ վիրավորված զգացի, ստեցի. ― Ինքդ ես կեղծ։ Այդ ընթացքում անխելք գյուղացին էլ հպարտանում էր. ― Իմ ոսկին կեղծ չի կարող լինել։ Ես այն քսան տարի առաջ թաղել էի, այն ժամանակ այսպիսի անբարոյականություններ չէին անում։ Երբ ես անհանգստանում էի, թե ինչ է լինելու, ոսկերիչը բերանից գյուղացու ոսկու փոխարեն ինձ հանեց։ ― Վերցրու, քո ոսկին ստոր վենետիկցի անհավատների կեղծ փողն է, ես չեմ ուզում,― ասաց նա։― Չե՞ս ամաչում,― նախատեց հիմար գյուղացուն։ Նա էլ պատասխանեց, հետո ինձ վերցրեց ու գնաց։ Մյուս ոսկերիչներից էլ նմանաատիպ պատասխաններ ստանալով՝ հիսաթափվեց և որպես ցածրորակ ոսկի՝ ինձ մանրեց իննսուն արծաթադրամի։ Յոթ տարի տևող անավարտ թափառումներս ահա այսպես սկսվեցին։ Հպարտությամբ ասեմ, որ իմ ժամանակի մեծ մասը Ստամբուլում մի քսակից մյուսը, մի գոտուց մյուս գրպանը թափառելով եմ անցկացրել։ Ինձ համար ամենասարսափելին մի ամանի մեջ դիմացի պարտեզում քարի տակ տարիներ շարունակ թաղված մնալն է։ Իհարկե, ինձ հետ է պատահել, բայց չգիտես ինչու՝ այդ շրջանը երկար չէր թվում ինձ։ Այն մարդկանց մեծ մասը, ովքեր ինձ իրենց ձեռն էին առել, հատկապես երբ հասկացել էին, որ իսկական չեմ, ցանկանում էին հնարավորինս շուտ ինձնից ազատվել։ Դեռ չեմ հանդիպել մեկին, ով իմ՝ կեղծ դրամ լինելու պատճառով զգուշացրած լինի գնորդին։ Բայց կեղծ լինելս չնկատելով՝ ինձ հարյուր քսան արծաթադրամի արժեք տվողները, հենց հասկանում էին, որ իրենց խաբել են, մինչև մեկ ուրիշին խաբելով ինձնից ազատվելը՝ զայրույթի, տխրության ու անհամբերության պահեր էին ապրում։ Չնայած այդպիսի պահերին՝ բազմիցս փորձում էին խաբել ուրիշներին (շտապելուց ու զայրույթից միշտ անհաջողության էին հանդիպում), ինձ իրենց վաճառած մարդկանց «անբարոյական» ասելով՝ անկեղծորեն հայհոյում էին։ Այս վերջին յոթ տարվա ընթացքում Ստամբուլում հինգ հարյուր վաթսուն մարդու ձեռքն եմ ընկել, մտել եմ ցանկացած տուն, խանութ, շուկա, մզկիթ, եկեղեցի, սինագոգ։ Թափառելիս հասկացա, որ իմ մասին ավելի շատ են բամբասում, քան կարծում էի, իմ մասին լեգենդներ ու ստեր էին պատմում։ Անընդհատ երեսիս ասում էին, որ ինձնից բացի ուրիշ արժեք չի մնացել, որ դաժան եմ, ոչինչ չեմ տեսնում, ես էլ եմ փող սիրում, ինչ ափսոս է, որ աշխարհն իմ վրա է հիմված, որ ամեն բան ես կարող եմ գնել, որ վատն եմ, անարժեք ու ստոր։ Նրանք, ովքեր հասկանում էին՝ կեղծ եմ, ավելի էին զայրանում, ավելի վատ բաներ էին ասում։ Երբ արժեզրկվեցի, իմ փոխարժեքը սկսեց բարձրանալ։ Բայց չնայած այս բոլոր դաժան խոսքերին, անմիտ հերյուրանքներին՝ տեսա, որ մարդկանց մեծ մասը ինձ անկեղծորեն սիրում է։ Մտածում էի, որ այս անսեր ժամանակներում այդքան անկեղծ, անգամ ուժեղ սերը պետք է որ բոլորիս ուրախացնի։ Փողոցներ, թաղամասեր, Ստամբուլի բոլոր անկյունները տեսա, հրեաների, աբազինների, արաբների, մինգերյացիների ձեռքով անցա։ Մանիսա գնացող մի էդիրնեցի հոջայի քսակում մի անգամ Ստամբուլից դուրս եկա։ Երբ մեր ճանապարհը կտրեցին ավազակները և ասացին՝ կամ կյանքդ, կամ քսակդ, խեղճ հոջան մեզ գաղտնի թաքցրեց հետանցքում։ Այդ տեղը սխտոր սիրող մարդուց էլ վատ հոտ ուներ և ավելի անհարմարավետ էր։ Բայց անմիջապես հետո գործերն ավելի բարդացան, որովհետև ավազակները ոչ թե ասացին՝ կամ կյանքդ, կամ քսակդ, այլ՝ կամ կյանքդ, կամ էլ քեզ բռնաբարելու ենք, և շարք կանգնեցին։ Էլ չասեմ, թե այդ փոքրիկ անցքում ինչեր քաշեցինք։ Այդ պատճառով էլ ընդհանրապես չեմ սիրում Ստամբուլից դուրս գնալը։ Ստամբուլում ինձ միշտ սիրել են։ Ջահել աղջիկներն ինձ այնպես էին համբուրում, ասես նրանց երազանքների ամուսինն էի, ինձ դնում էին մետաքսե քսակների մեջ, բարձերի տակ, մեծ կրծքերի արանքում, վարտիքների մեջ, գիշերը քնի մեջ ստուգում էին՝ տեսնելու՝ արդյոք այնտե՞ղ եմ։ Ինձ թաքցրել են մի բաղնիքի վառարանի եզրին, երկարաճիտ կոշիկի մեջ, համեմունք վաճառողի հիանալի բուրող խանութում՝ փոքրիկ շշի տակ, մի խոհարարի ոսպի պարկի գաղտնի գրպանում։ Ուղտի կաշվից գոտիների, եգիպտական գույնզգույն կտորների, ներսից բրդե կտորով պատված կոշիկների, գույնզգույն անդրավարտիքների գաղտնի անկյուններում զբոսնեցի ամբողջ Ստամբուլով։ ժամագործ վարպետ Պետրոն ինձ զանգազարկով ժամի գաղտնի հատվածում էր դրել, մի հույն նպարավաճառ ինձ դրել էր պանրի մեջ, կնիքների, թանկարժեք իրերի և բանալիների հետ մեկտեղ բրդե կտորների մեջ փաթաթվելով՝ ինձ դրել են խողովակների, վառարանների մեջ, պատուհանների շեմին, կոշտ ծղոտից բարձերի ետևում, պահարանների և սնդուկների գաղտնի հատվածներում։ ճաշասեղանի մոտից վեր կենալով՝ ինձ ստուգելու համար եկող հայրեր, առանց պատճառի ինձ շաքարի պես բերանները դնող կանայք, հոտոտելով՝ քիթը մտցնող երեխաներ, ոչխարի մորթուց քսակից հանելով՝ օրը յոթ անգամ ինձ նայող, մի ոտքով գերեզմանում ծերեր տեսա։ Մի բծախնդիր չերքեզ կին կար, ամբողջ օրը տունը սրբելուց հետո մեզ հանում էր քսակից և փայտե խոզանակով մաքրում։ Միաչքանի ոսկերիչն անընդհատ մեզնով աշտարակներ էր պատրաստում, ծաղկի պես բուրող բեռնակիրը և նրա ընտանիքն ասես մի տեսարանի նայելու պես մեզ էին նայում, իսկ մի գրիչ (անունը կարևոր չէ) երեկոյան մեզ տարբեր ձևերով շարում էր։ Կարմիր փայտից նավակներով եմ զբոսնել մտել եմ պալատ, դուրս եմ եկել Հերաթում պատրաստված գրքերի մեջ, վարդ բուրող կոշիկների կրունկում, անասունների լծի ծածկոցի տակ եմ թաքնվել։ Կեղտոտ, մազոտ, գեր, յուղոտ, դողացող ծեր հարյուրավոր ձեռքեր տեսա։ Իմ մեջ ներծծվեցին ափիոնի հոտով ժողովատեղիների, մոմի գործարանների, թյունոսի բաստուրմայի և ամբողջ Ստամբուլի բույրերը։ Այս ամբողջ ոգևորության և շարժման միջով անցնելուց հետո գիշերվա մթան մեջ զոհի կոկորդը կտրելով՝ ինձ իր քսակի մեջ գցած ստոր ավազակի՝ տանը «թո՜ւհ, ամեն ինչ քո պատճառով եղավ» ասելով՝ ինձ վրա թքելիս նեղանում էի, ուզում էի գետնի տակն անցնել։ Բայց եթե ես չլինեմ, մանրանկարչի լավ կամ վատ լինելը ոչ ոք չի տարբերի, և այդ պատճառով մանրանկարիչները կսկսեն իրար ոչնչացնել։ Դրա համար էլ ամենատաղանդավոր, ամենախելացի մանրանկարչի քսակը մտնելով՝ այստեղ եկա։ Եթե դուք նրանից ավելի լավ մանրանկարիչ եք, փորձեք ինձ ձեռք բերել։ == 20. Իմ անունը Քարա է == Արդյոք հայրը տեղյա՞կ էր իմ ու Շեքուրեի նամակագրությանը։ Նամակներից զգում էի, որ նա հորից վախեցած փոքրիկ աղջիկ է, և իմ մասին ոչինչ չեն խոսել, բայց զգում էի, որ այդպես չէ։ Մանրավաճառ Էսթերի հայացքի խորամանկությունը, Շեքուրեի՝ պատուհանի առաջ երևալու կախարդանքը, Էնիշթեի՝ ինձ նկարիչների մոտ ուղարկելու վճռականությունը և այս առավոտվա համար ինձ կանչելիս զգացածս նրա անճարակությունն ինձ անհանգստացնում էին։ Առավոտյան փեսաս ինձ իր առջև նստեցնելով՝ սկսեց պատմել Վենետիկում տեսած դիմանկարների մասին։ Մեր Ջիհանփենահ սուլթանը դեսպանի տեսքով շատ պալատներ, հարուստ տներ, եկեղեցի է մտել։ Հազարավոր դիմանկարների առաջ օրերով կանգնել է, կտավի, տախտակի վրա, շրջանակի մեջ, պատերին նկարված հազարավոր դեմքեր է տեսել։ ― Բոլորը իրարից տարբեր, միայնակ, չկրկնվող դեմքեր են,– ասաց նա։ Դրանց բազմազանությունից, գույներից, նրանց վրա ընկնող լույսից, նրբությունից, անգամ կոպտությունից, աչքերի արտահայտությունից հարբել էր։ – Կարծես բոլորր վարակված լինեին սեփական դիմանկարները նկարելու պատվերներով,– ասաց նա։– Ամբողջ Վենետիկը, նրանք, ովքեր փող և ուժ ունեին, և որպես իրենց կյանքի ականատես, և որպես հիշողություն դիմանկարներ էին պատվիրում, բացի այդ, դա նրանց հարստության, ուժի, իշխանության նշանն է։ Միշտ այդտեղ՝ մեր առաջ կանգնելու, իրենց գոյությունը միմյանց զգացնելու համար, բոլորից առանձին և տարբեր լինելը ցույց տալու համար։ Բառերն այնքան նվաստացնող էին, որ կարծես նախանձից, զայրույթից, ագահությունից էր խոսում, բայց Վենետիկում տեսած դիմանկարների մասին խոսելիս դեմքը երբեմն երեխայի դեմքի պես լուսավորվում էր և կենսալից դառնում։ Նկարչության սիրահար հարուստները, արքայազնները, մեծ ընտանիքները ամեն պահ դիմանկարի այնպիսի համաճարակով էին հիվանդանում՝ եկեղեցիների պատերին Աստվածաշնչից, կրոնական պատմություններից հատվածներ պատկերելով, անգամ այս անհավատները պարտադիր պայման էին դնում, որ նկարում իրենց դեմքն էլ պատկերված լինի։ Այսպիսով, օրինակ, սուրբ Ստեփանի թաղումը պատկերող նկարին էի նայում, բայց գերեզմանի մոտ արտասվող մարդկանց շարքում կանգնած էր ուրախ֊զվարթ արքայազնը։ Հետո մի նկարում, ուր պատկերված է, թե սուրբ Պետրոսն ինչպես է իր ստվերով բուժում հիվանդներին, անկյունում ցավից տառապող դժբախտ հիմարի՝ բարեկիրթ տանտիրոջ՝ խոզից էլ առողջ եղբորը նկատելով՝ հանդարտվում եմ։ Հաջորդ օրը՝ այս անգամ հանգուցյալների հարությունը պատմող մի նկարում քիչ առաջվա կեսօրվա ճաշին կուշտ կերած հարևանի աճյունին եմ նայում։ ― Ոմանք այնքան էին զարգացրել իրենց գործը,― ասաց փեսաս այնպիսի վախով, կարծես սատանայի գայթակղության մասին էր խոսում,– որ նկարում տեղ գտնելու համար մարդկային բազմության մեջ բաժակները խմիչք լցնող մի ծառա, մեղք գործած կնոջը քարկոծող անխիղճ մարդ կամ էլ անգամ արյունոտ ձեռքերով մարդասպան լինելուն էին պատրաստ։ ― Ճիշտ ինչպես հին իրանական լեգենդներ պատմող գրքերում,― ասացի ես՝ ձևացնելով, թե չեմ հասկացել։– Դա նման է նրան, երբ տեսանք, թե շահ Իսմայիլն ինչպես գահ բարձրացավ։ Կամ էլ Խոսրովի ու Շիրինի պատմության մեջնրանցից շատ հետո եկող Թեմուրի նկարը տեսնելուն։ Տան մեջ ինչ-որ տեղից ձայն էր գալիս։ ― Բայց այդ ֆրանսիական նկարները կարծես մեզ վախեցնելու համար են նկարում,– հետո ասաց փեսաս։– Միայն դրանք պատվիրողների ուժն ու հարստությունը չեն վախեցնում մեզ։ Բացի այդ, այս աշխարհում լինելու՝ շատ հատուկ ու խորհրդավոր բան լինելն են փորձում մեզ հավատացնել։ Չկրկնվող դեմքերով, աչքերով, կեցվածքներով և ստվերոտ ծալքերով հագուստով խորհրդավոր էակի օրինակ դառնալով՝ ցանկանում են մեզ վախեցնել։ Մի անգամ Քորնո լճի ափին մի հարուստ տան մեջ խենթ հետաքրքրասերների, արքայից մինչև կարդինալներ, զինվորներից մինչև գեներալներ՝ ֆրանսիական պատմության բոլոր հայտնիների դեմքերի նկարագրությունների, հավաքած հիանալի դիմանկարների, տան սենյակներում մոլորվելու մասին պատմեց։ ― Իմ հյուրասեր տանտերը հպարտորեն ցույց էր տալիս տան սենյակները, երբ ինձ մենակ թողեց, որ ուզածիս պես ես էլ շրջեմ։ Այդ կարևոր անհավատների դիմանկարներն իրական են երևում, և որքան ուղիղ նայում էին աչքերիս մեջ, հասկանում էի, որ այս աշխարհում կարևոր են դառնում միայն որովհետև նրանց դիմանկարներն արվել են։ Դիմանկարներն այնպիսի խորհրդավորություն են ստեղծում, որ մարդիկ դադարում են իրար նմանվել։ Կարծես եթե այս ոճով ինձ նկարեն, կհասկանամ, թե ինչու եմ ապրում այս աշխարհում։ Հերաթի հին վարպետները, հասկանալով, որ կատարյալ և անփոփոխ իսլամական նկարչությունը դիմանկարի հանդեպ հետաքրքրասիրության պատճառով կկործանվի, վախեցել են և հրաժարվել այդ մտքից։ ― Բայց կարծես նաև ուզում էի զգալ, որ բոլորից հեռու եմ, տարբեր եմ, նման չեմ,– ասաց նա։ Այսպիսով, երբ սատանան նրան դրդելէ մեղք գործելու, զգացել է, թե ինչպես է մի զգացմունք իրեն հրում դեպի այն, ինչն իրեն այդքան վախեցնում է։ ― Ինչպե՞ս ասեմ, կարծես մեղսագործի ցանկություն լիներ, կարծես Աստծու առաջ մեծամտանալ, ինձ մեծ մարդ համարել, աշխարհի կենտրոն զգալու նման բան լիներ։ Ավելի ուշ եվրոպացի վարպետների ձեռքին երեխայական խաղի վերածվող բանի, մեր մեծ սուլթանին ուղղվելու դեպքում մի խորհրդավորության վրայով էլ անցնելով, ամեն հանդիպածին իր ազդեցության տակ գցելու ուժի, մեր կրոնին ծառայելու մասին էր մտածել։ Ահա այդ ժամանակ մտածեցի մի գիրք կազմել, որտեղ մեր սուլթանի և նրան ներկայացնող պատմությունների նկարները կլինեն։ Որովհետև Ստամբուլ վերադարձած փեսաս մեր սուլթանին եվրոպացի վարպետների ոճով նկարվելու առավելությունների մասին էր պատմել։ Նա սկզբում մի փոքր հակառակվել էր։ ― Կարևորը պատմությունն է,– ասել էր։– Գեղեցիկ նկարը պատմությունը նրբորեն զարդարում է։ Պատմությունն ամբողջացնող նկարի մասին մտածելիս կարծում եմ, որ այն ի վերջո երկրպագության առարկա է դառնալու, որովհետև եթե չենք կարողանում հավատալ գոյություն չունեցող պատմությանը, ուրեմն նկարին ենք հավատալու։ Դա նման է Քաբբայում մեր մարգարեի՝ արձանները ջարդելուց առաջ նրանց երկրպագելուն։ Եթե այն մի պատմության մի մասը չի լինելու, օրինակ՝ այս մեխակը կամ այս լկտի թզուկին ինչպե՞ս ես նկարելու։ ― Մեխակի գեղեցկությունը, նրա յուրահատկությունը ցույց տալով։ ― Հետո էլ էջի վերջում այն դնելու ես աշխարհի կենտրոնո՞ւմ։ ― Վախեցա,– ասաց փեսաս։– Տեսնելով, թե մեր սուլթանի մտքերն ինձ ուր են տանում, մի պահ անհանգստացա։ Այսպիսով, զգացի, որ փեսաս վախենում է աշխարհի և թղթի կենտրոնում Ալլահի նպատակից բացի մեկ այլ բան նկարել։ ― Հետո կցանկանաս պատից կախել մի նկար, որի կենտրոնում թզուկ ես նկարել,– ասել է մեր սուլթանը՝ ինձ պես կարծելով, որ փեսաս վախենում է։ ― Բայց նկարն անհնար է պատից կախել, որովհետև պատից կախած նկարին, անկախ նպատակից՝ սկսում ենք երկրպագել։ Եթե, ինչպես անհավատներն են անում, Հիսուս մարգարեի՝ միևնույն ժամանակ Աստված լինելուն հավատայի, այդ ժամանակ կհասկանայի, որ Աստված կարող է երևալ աշխարհում, անպետք մարդու մեջ կարող է ի հայտ գալ, կարող էի ընդունել, որ մարդու նկար կարող եմ անել ու կախել պատից։ Պատից կախված ցանկացած նկարի, ի վերջո, առանց հասկանալու սկսելու ենք երկրպագել, հասկանում ես, չէ՞։ ― Նրան այնքան լավ էի հասկանում,― ասաց փեսաս ինձ,― որ վախենում էի, թե միևնույն բանի շուրջ ենք մտածում։ — Այդ պատճառով չեմ կարող համաձայնել, որ իմ նկարը պատից կախեն,– ասաց մեր սուլթանը։ — Բայց ուզում էր,– շշնջաց փեսաս՝ սատանայի պես ժպտալով ինձ։ Հիմա իմ վախենալու ժամանակն էր։ ― Բայց ֆրանսիացի վարպետների ոճով նկարել էլ եմ ցանկանում,― ասաց մեր սուլթանը։― Պետք է այս նկարը թաքցնել գրքերի էջերի մեջ։ Դու պետք է ասես, թե որ գիրքը պետք է լինի։ ― Մի պահ զարմանքով ու հիացմունքով մտածեցի,– ասաց Էնիշթեն։ Հետո քիչ առաջվա սատանայական ծիծաղով այնպիսի հայացքով նայեց ինձ, որ մի պահ քիչ էր մնում հավատայի, թե փեսայիս փոխարեն ուրիշ մարդու հետ եմ խոսում։ ― Մեր սուլթանն ինձ հրամայեց, որ անմիջապես սկսեմ աշխատել գրքի վրա։ Երջանկությունից գլուխս պտտվում էր։ Նաև հրամայեց նվեր պատրաստել Վենետիկի դոժի համար, քանի որ ինձ նորից նրա մոտ էր ուղարկելու։ Ուզում էր, որ երբ գիրքն ավարտվի, հիջրի օրացույցի համաձայն Իսլամի խալիֆի, մեր մեծ սուլթանի հաղթական ուժի ականատեսը լինեն։ Բայց որպեսզի վենետիկցիների հետ համաձայնության մասին ոչ ոք չիմանա և արվեստանոցում բամբասանքներ չսկսվեն, ինձնից պահանջեց, որ գիրքը գաղտնի գրվի։ Ես էլ սիրով ու գաղտնի սկսեցի նկարել նկարները։ == 21. Ես ձեր փեսան եմ == Այսպիսով, ուրբաթ առավոտյան սկսեցի պատմել, թե մեր սուլթանի գիրքը, ուր տեղ են գտնելու եվրոպացի վարպետերի ոճով արված նկարները, ինչպիսին է լինելու։ Սկզբնական կետն այն էր, թե նույն պատմությունն ինչպես էի պատմելու մեր սուլթանին և նրան ինչպես էի ստելու, թե իբր պատրաստում եմ գիրքը։ Բայց իմ թաքուն նպատակն այն էր, որ Քարային թելադրեի նկարները մեկնաբանող պատմությունները, որոնք, սակայն դեռ չէի սկսել գրել։ Ասացի, որ գրքի նկարների մեծ մասն ավարտել եմ, աշխատում եմ վերջին նկարի ավարտի վրա։ ― Մահն իր նկարն ունի,― ասացի ես։― Որպեսզի գրքում երևա, թե մեր սուլթանի աշխարհը որքան խաղաղ է, խելացի մանրանկարիչ Լեյլեքին խնդրեցի ծառ նկարել, Շահմերանի նկարը կա, մեզ դեպի հեռուներ տանող ձիու նկար կա, միշտ խորամանկ ու գիտուն շուն կա, փող կա... Սրանք իմ արվեստանոցի վարպետ նկարիչներն այնքան գեղեցիկ են նկարել, որ ասացի՝ Քարա՛, եթե մի անգամ նայես, անմիջապես կասես, թե նրանց նկարագրած պատմությունն ինչպիսին պետք է լինի։ Կհասկանաս՝ բանաստեղծությունը և նկարը, գույնը և բառը, բոլորը եղբայրներ են։ Մի պահ մտածեցի՝ ասե՞մ, որ դստերս կարող եմ նրան կնության տալ։ Մեզ հետ այս տանը կապրի՞։ Ինքս ինձ ասացի՝ մի՛ խաբվիր քեզ ուշադիր լսելուն, դեմքի մանկական արտահայտությանը։ Հույս ունի Շեքուրեին վերցնել ու փախչել։ Բայց իմ գիրքը միայն Քարան կարող էր ավարտին հասցնել։ Նամազից վերադառնալիս իտալացի վարպետների նկարչական գյուտի՝ ստվերների մասին էլ խոսեցի։ — Եթե այնպես է նայում, ասես քայլում է փողոցով, կանգնում է, շատախոսելով՝ աշխարհին է նայում, ուրեմն պետք է իմանանք այդ պահին փողոցում ամենաշատ երևացող բանը՝ ստվերն էլ մեր նկարներում պատկերել, ինչպես եվրոպացի վարպետներն են անում։ — Իսկ ստվերն ինչպե՞ս են պատկերում,– հարցրեց Քարան։ Երբեմն զգում էի, որ ինձ լսելիս զարմիկս անհանգիստ է։ Երբեմն իր բերած մոնղոլական թանաքամանի հետ էր խաղում։ Երբեմն էլ ձեռքն էր վերցնում վառարանի ունելին, կրակն էր խառնում։ Երբեմն պատկերացնում էի, թե ինչպես է այդ երկաթով խփում գլխիս, սպանում ինձ, որովհետև նկարչությունը հեռացնում եմ Ալլահից, որովհետև Հերաթի վարպետների երազներից ելած նկարներին և ամբողջ նկարչական ավանդույթին դավաճանում եմ, որովհետև մեր սուլթանին էլ հավատացրել եմ դրանում։ Երբեմն առանց շարժվելու երկար նստում էր, նայում աչքերիս մեջ։ Կարծում եմ՝ երբեմն մտածում է՝ մինչև աղջկադ հետ ամուսնանալը անգամ ստրուկդ կլինեմ։ Մի անգամ, ինչպես մանկության տարիներին, նրան տարա այգի, փորձեցի հոր պես պատմելնրան ծառերի, արևի տակ շողացող տերևների, հալվող ձյան, մեր փողոցի տների՝ հեռվից ավելի փոքր երևալու տրամաբանության մասին։ Բայց սխալ արեցի, անգամ դա բավական էր, որ հասկանայի՝ անցյալում մեր միջև եղած հոր֊որդու հարաբերությունները վաղուց սպառվել էին։ Մանկության տարիների հետաքրքրասիրության և սովորելու ցանկության փոխարեն աղջկաս վրա աչք դրած հիմարի անիմաստ խոսքերի դեմ փորձում էի համբերություն ցուցաբերել։ Տասներկու տարի շարունակ թափառած երկրների, քաղաքների ծանրությունր, փոշին ամբողջ ուժով ներծծվել էր զարմիկիս հոգու մեջ։ Ինձնից ավելի հոգնած էր. նրան խղճացի։ Ոչ միայն տասներկու տարի առաջ Շեքուրեին նրան կնության չտալու համար, դա անհնար էր, այլև մուսուլման մանրանկարիչների, Հերաթի լեգենդար վարպետների ոճից բացի իմ երազած նկարները և այս հիմարությունները պնդելով պատմելուս համար էի զայրանում։ Ահա այսպես պատկերացրի, որ նա ինձ սպանելու է։ Բայց նրանից չեմ վախենում, ճիշտ հակառակը՝ փորձեցի իրեն վախեցնել։ Որովհետև զգում էի, որ նա պետք է գրի վախի նկարի տեքստը։ Ինչպես այդ նկարներում, մարդն էլ իրեն պետք է դնի աշխարհի կենտրոնում, ասացի ես, հետո ավելացրի. ― Իմ մանրանկարիչներից մեկն ինձ համար մահը շատ գեղեցիկ պատկերեց։ Կնայե՞ս։ Մի տարի շարունակ վարպետ մանրանկարիչներին թաքուն պատվիրածս նկարներն էլ այսպես սկսեցի նրան ցույց տալ։ Սկզբում ամաչում էր, անգամ վախենում։ Տեսնելով, որ մահը պատկերված է, ինչպես Շահնամեի մահվան տեսարաններում, Աֆրասյաբի, Սիավուշի գլխատման կամ Ռոստամի՝ չիմանալով, որ Սոհրաբն իր որդին է, սպանելու պատմությունների ներշնչանքով, անմիջապես ըմբռնեց թեման։ Լուսահոգի սուլթան Սուլեյմանի հուղարկավորությունը ներկայացնող նկարների տխուր ու ծանր գույներով պատկերված նկարում եվրոպացի վարպետների ոճի հասկացությունը և իմ՝ սեփական մատիտով ավելացրած մի ստվերի գործ կար։ Հորիզոնի գիծը և ամպերը իրար խառնելով՝ ցույց տվեցի սատանայական խորությունը։ Նրան հիշեցրի, որ մահը վենետիկյան պալատներում պատկերվել է որպես յուրօրինակ անձնավորություն։ ― Այնքա՜ն են ուզում յուրահատուկ և անզույգ երևալ, տես, նայում են մահվան աչքերի մեջ։ Մարդ ոչ թե մահից, այլ միայնակ, անզույգ և կանոններից դուրս լինելու ցանկության ուժից պետք է վախենա,― ասացի ես։– Նայիր այս նկարին և գրիր նրա պատմությունը։ Խոսեցրու մահը, ահա թուղթ, ահա գրիչ։ Գրածդ անմիջապես գրիչ վարպետին կտամ։ Մի պահ անձայն նայեց նկարին։ ― Ո՞վ է նկարել,– հարցրեց հետո նա։ ― Քելեբեքը։ Ամենատաղանդավորը նա է։ Վարպետ Օսմանը տարիներ շարունակ սիրում էր նրան ու հիանում։ — Այս շան նկարի նման մի նկար էլ, բայց ավելի կոպիտ, տեսել եմ այն սրճարանում, ուր մեդդահը պատմություններ է պատմում,― ասաց Քարան։ ― Իմ մանրանկարիչների մեծ մասը, ովքեր կապված են վարպետ Օսմանին և արվեստանոցին, չեն հավատում իրենց նկարածներին։ Կարող եմ պատկերացնել, թե գիշերն այստեղից դուրս գալով՝ փողի համար արած նկարները և ինձ ինչպես են սրճարաններում անշնորհք ծաղրում։ Մի անգամ մեր սուլթանը դեսպանատնից բերած մի վենետիկցի նկարչի պատվիրեց իր դիմանկարը։ Ավելի ուշ վարպետ Օսմանի համար այդ յուղաներկ նկարի կրկնօրինակը սեփական ոճով նկարեցին։ Վարպետ Օսմանն ասաց, որ ես եմ մեղավոր վենետիկցի նկարչին այդ ամոթալի նկարը պատվիրելու համար։ Իրավացի էր։ Բացի նկարից, որն ամբողջ օրը չէի կարողացել ավարտել, նրան ցույց տվեցի բոլոր նկարներս, որպեսզի պատմությունները գրի, նրան պատմեցի մանրանկարիչների բնավորությունների մասին և ասացի, թե նրանց որքան եմ վճարել։ Խոսելով ապագայի, վենետիկյան նկարների՝ աստիճանաբար ավելի փոքր պատկերվելուց, դրա՝ անհավատություն լինելու կամ չլինելու մասին, նաև խոսեցինք, որ խեղճ Զարիֆ էֆենդին կարող էր փողի նախանձի և զայրույթի պատճառով սպանված լինել։ Արդեն վստահ էի, որ մի մութ գիշեր տուն վերադառնալու հաջորդ առավոտյան, ինչպես և խոստացել էր, գալու է, կրկին լսելու է իմ գրքի պատմությունները։ Բաց դռան առաջ ոտնաձայներին ականջ դնելիս սառը գիշերվա մեջ այնպիսի բան էի զգում, որն իմ անքուն ու անհանգիստ մարդասպանին ինձնից ու իմ գրքից ավելի ուժեղ և ավելի սատանայական էր դարձնում։ Նրա ետևից դուռն ամուր փակեցի, ինչպես ամեն գիշեր, ետևում որպես ոլոռի աման օգտագործածս ջրի թասը դրեցի, կրակը հանգցնելուց հետո անկողին մտնելուց առաջ տեսա՝ Շեքուրեն մթան մեջ իր ճերմակ գիշերազգեստով ուրվականի պես կանգնած է իմ առաջ։ ― Վստա՞հ ես, որ ուզում ես այդ մարդու հետ ամուսնանալ,― հարցրի նրան։ ― Ոչ, հայրի՛կ։ Անգամ դադարել եմ մտածել ամուսնության մասին։ Բացի այդ, ես ամուսնացած եմ։ ― Եթե դեռ ուզում ես ամուսնանալ նրա հետ, արդեն կարող եմ թույլ տալ։ ― Նրա հետ չեմ ուզում ամուսնանալ։ ― Ինչո՞ւ։ ― Որովհետև դուք չեք ուզում։ Ես չեմ ուզում մեկին, ում դուք անկեղծորեն չեք ուզում։ Մի պահ տեսա, թե վառարանի ածուխները մթության մեջ ինչպես փայլեցին նրա աչքերում։ Ոչ թե դժբախտությունից, այլ զայրույթից էին աչքերը թաց, բայց ձայնի մեջ նեղացածություն չկար։ ― Քարան քեզ շատ է սիրում,– ասացի նրան ես՝ ասես գաղտնիք էի հայտնում։ ― Գիտեմ։ ― Ամբողջ օրը պատմածներս ոչ թե նկարչության հանդեպ սիրուց, այլ քո սիրուց լսեց։ – Ձեր գիրքն ավարտին է հասցնելու, ամենակարևորը դա է։ ― Ամուսինդ մի օր վերադառնալու է,– ասացի ես։ Չգիտեմ ինչու՝ գուցե լռության պատճառով, այդ գիշեր հասկացա, որ նրա ամուսինն այլևս չի վերադառնալու։ ― Երազում տեսածներս պետք է որ ճիշտ լինեն. նրան սպանել են։ Վաղուց թռչուններին կեր է դարձել։ Այս վերջին խոսքերը տարօրինակ զայրույթով ասաց և շշուկով, որպեսզի քնած երեխաները չլսեն։ ― Եթե ինձ սպանեն,– ասացի ես,― ուզում եմ, որ այս գիրքն ավարտվի։ Երդվիր։ ― Երդվում եմ, բայց ո՞վ է ավարտին հասցնելու ձեր գիրքը։ ― Քարան։ Դու կարող ես ստիպելնրան, որ ավարտի։ ― Դուք արդեն ստիպում եք, հայրի՛կ,― ասաց նա։– Իմ կարիքը չունեք։ ― Ճիշտ է, բայց քեզ համար է հանդուրժում ինձ։ Եթե ինձ սպանեն, կարող է վախենալ ու հրաժարվել գրքից։ ― Այդ դեպքում ինձ հետ չի կարող ամուսնանալ,– ժպտալով ասաց խելացի աղջիկս։ Ինչի՞ց էի հասկանում, որ ժպտում է։ Ամբողջ խոսակցության ընթացքում աչքերում մեկընդմեջ երևացող փայլից բացի ուրիշ ոչինչ չկարողացա տեսնել։ Սենյակի մեջտեղում իրար դեմ դիմաց, լարված կանգնած էինք։ ― Նրան նամակներ գրո՞ւմ ես, նշաններ տալի՞ս ես,― անհամբեր ասաց նա։ ― Ինչպե՞ս կարող եք նման բան մտածել։ Երկար, տառապալից լռություն տիրեց։ Հեռվում մի շուն հաչաց։ Մի քիչ մրսեցի, դողացի։ Սենյակն արդեն այնքան մութ էր, որ իրար ընդհանրապես չէինք տեսնում, միայն զգում էինք, որ կանգնած ենք դեմ դիմաց։ Հետո հանկարծ փաթաթվեցինք, ամբողջ ուժով գրկեցինք իրար։ Սկսեց արտասվել, ասաց, որ մորն է կարոտել։ Վարսերը մոր վարսերի պես էին բուրում, համբուրեցի, շոյեցի Նրան։ Տարա իրար գրկած քնած երեխաների մոտ, պառկեցրի անկողնում։ Մտածելով անցած երկու օրվա մասին՝ արդեն ոչ մի կասկած չունեի՝ Շեքուրեն և Քարան նամակագրվում են։ == 22. Իմ անունը Քարա է == Գիշերը տուն վերադառնալուց հետո իրեն մայրս համարող տանտիրուհուց ազատվելով՝ անմիջապես փակվեցի սենյակում և պառկելով անկողնու վրա՝ մտածեցի իմ Շեքուրեի մասին։ Սկսենք ձայներից, որոնց ուշադրություն դարձնելն ինձ համար խաղի էր վերածվել։ Տասներկու տարի անց նրանց տուն երկրորդ անգամ գնացի, բայց նրան չտեսա։ Բայց վստահ էի, որ ինձ կախարդանքով է շրջապատել, որ անընդհատ ինձ կարողանում էր տեսնել, որպես ապագա ամուսնու զննում էր ինձ, դրանից իր համար խաղ էր սարքել։ Այդ պատճառով ինձ անընդհատ թվում էր, թե ես էլ եմ տեսնում նրան։ Իբնի Արաբիի սիրուց չերևացողին երևացող ցույց տալու ունակությունը, իսկ չերևացողին անընդհատ կողքին զգացնելու ցանկությունն այսպիսով ավելի լավ հասկացա։ Տան տախտակների ճռճռոցից, ձայներից կարողանում էի հասկանալ, որ Շեքուրեն հետևում է ինձ։ Մի պահ հասկացա, որ երեխաների հետ կողքի սենյակում է, որովհետև լսեցի, թե երեխաներն ինչպես էին վիճում, բայց մոր սպառնալից հայացքն ու կիտած հոնքերը ստիպեցին, որ աշխատեն ցածր խոսել։ Մերթընդմերթ լսում էի նրա ցուցադրական փսփսոցը, հետո ծիծաղը լսեցի։ Մեկ ուրիշ անգամ, երբ նրանց պապն ինձ պատմում էր լույսի ու ստվերի հրաշքների մասին, Շևքեթն ու Օրհանը ներս մտան և ակնհայտ ծրագրված ուշադիր շարժումներով սինիով մեզ համար սուրճ բերեցին։ Իրականում դա պետք է Հայրիյեն աներ, բայց մայրը հավանաբար ցանկացել էր, որ երեխաներն ապագա հորը մոտիկից տեսնելու հնարավորություն ունենան, ու որպեսզի կարողանա նրանց հետ այս մարդու մասին խոսել։ ― Ինչ գեղեցիկ աչքեր ունես,– ասացի Շևքեթին և զգալով, որ փոքրիկ եղբայր Օրհանը նախանձում է, ավելացրի,– քո աչքերն էլ են մեծ։ Անմիջապես գրպանիցս հանեցի թառամած մեխակի թերթիկը, դրեցի սինու վրա, հետո երկուսին էլ համբուրեցի։ Ավելի ուշ տնից ծիծաղի ձայներ եկան։ Երբեմն ինձ հետաքրքրում էր, թե փակ դռների, անգամ առաստաղի որ մասում, որ անցքում է ինձ հետևող աչքը, ինձ որ անկյունից է դիտում, տան որոշ ճաքերին, ճեղքերին կամ թերություններին նայելով՝ ենթադրություններ էի անում, պատկերացնում էի, թե այդ ճաքի ետևում Շեքուրեն ինչպես է տեղավորվել, հետո միանգամից կասկածում էի, որ մեկ այլ մութ կետից է հետևում, որպեսզի հասկանայի՝ արդյոք ճիշտ եմ մտածում, անընդհատ պատմող փեսայիս անհարգալից վերաբերվելով՝ վեր էի կենում, փեսայիս պատմությանն ականջ դնողի մտազբաղ, զարմացած և մտածկոտ դեմքի արտահայտությամբ սենյակում քայլում էի, մոտենում սենյակի այն կետին, ուր կարծում էի, որ Շեքուրեն է։ Այդ անցքի ետևում Շեքուրեի աչքերին չհանդիպելը տխրեցնում էր։ Մի պահ ինձ սարսափելի միայնակ էի զգում, անհամբեր էի դառնում մի մարդու պես, ով չգիտի՝ ինչ անել կյանքում։ Երբեմն այնքան ուժգին էի զգում, որ Շեքուրեն ինձ հետևում է, և այնպես էի հավատում, որ հիմա նրա հայացքի տակ եմ, որ սիրելի աղջկա վրա տպավորություն գործելու համար իրեն ավելի լուրջ, ուժեղ և հզոր մարդ ցույց տվող մեկի պես փորձեցի մի քիչ դերասանություն անել։ Այդպիսի պահերին մտածում էի, որ Շեքուրեն ու երեխաներն ինձ դիմավորելու են պատերազմից չվերադարձած ամուսնու, իրենց կորած հոր հետ։ Հիշեցի փեսայիս պատմած՝ Վենետիկի ճանաչված մարդկանց դիմանկարների մասին։ Կցանկանայի, որ Շեքուրեն ոչ թե տանջարանների կամ կորած ամուսնու արած՝ ձեռքի ուժի, թրի ծայրով թռցրած գլուխների պատմություններ լսեր, այլ իրենց գրած նամակների կամ էլ նկարած կտավների շնորհիվ հայտնի դարձածների մասին իր հորից լսած պատմություններին հավատար։ Այս հայտնիների, ինչպես փեսաս է ասում, աշխարհի՝ անզեն աչքով տեսանելի մթության և խորհրդավոր անկյունների ուժից ներշնչանքով արված նկարներին նայելիս ես՝ ոչինչ չտեսած զարմիկս, այդ հրաշքները պատկերացնելու համար այնքան ջանք էի թափում, որ, ի վերջո, ոչինչ չէի կարողանում պատկերացնել, ինձ վատ էի զգում, ստորացած։ Մի պահ կրկին Շևքեթը մոտեցավ։ Երբ վճռականորեն հպվեց ինձ, մի պահ կարծեցի՝ Մավերաուննեհիրում որոշ արաբ ցեղերի և Կովկասի լեռների չերքեզների պես տան ամենամեծ տղա երեխան հյուրի ձեռքը պետք է ոչ միայն տուն մտնելիս, այլև տնից ճանապարհելիս էլ համբուրի։ Ուստի ձեռքս մեկնեցի, որ համբուրի ու ճակատին դնի։ Միևնույն ժամանակ՝ մոտիկից լսեցի Շեքուրեի ծիծաղը։ Ինձ վրա՞ էր ծիծաղում։ Անհանգստացա և որպես փրկություն, ասես հենց դա էին ինձնից սպասում, Շևքեթին գրկեցի ու համբուրեցի։ Այդ ընթացքում հասկանալով, որ փեսայիս խոսքն ընդհատել եմ, բայց որպեսզի ցույց տայի, որ նրա հանդեպ անհարգալից չեմ, ժպտացի ու հոտոտեցի երեխային, որ զգայի՝ արդյոք մոր պե՞ս է բուրում։ Երբ զգացի, որ ձեռքիս մեջ մի կտոր թուղթ է դրել, Շևքեթն արդեն շրջվել ու գնում էր։ Թուղթն ամուր սեղմելով բռունցքիս մեջ՝ թանկարժեք իրի պես թաքցրի։ Հասկանալով, որ դա Շեքուրեի գաղտնի նամակն է ինձ, երջանկությունից զարմացած ժպտացի Էնիշթեին։ Մի՞թե սա ապացույց չէր այն բանի, որ Շեքուրեն խենթի պես սիրում է ինձ։ Մի պահ անսպասելի պատկերացրի, թե ինչպես ենք Շեքուրեի հետ խենթի պես սեր անում։ Այնպես հավատացի, որ երազանքս շուտով իրականություն է դառնալու, որ զգացի՝ փեսայիս առաջ լրիվ անհարմար պահի բանս սկսեց բարձրանալ։ Շեքուրեն տեսա՞վ դա։ Ուշադրությունս շեղելու համար երկար ականջ էի դնում փեսայիս պատմածներին։ Հետո, երբ փեսաս շրջվեց գրքի մեկ այլ էջ բերելու համար, բացեցի բուրումնավետ թուղթը, նայեցի ու տեսա, որ վրան ոչինչ գրված չէ։ Քանզի չէի հավատում, որ թուղթը դատարկ է, մի քանի անգամ շուռումուռ տվեցի։ ― Պատուհանը,– ասաց փեսաս։– Ապագայի ոճն օգտագործելը նշանակում է աշխարհին պատուհանից նայել։ Այդ ի՞նչ թուղթ է։ ― Ոչի՛նչ, Էնիշթե էֆենդի,― ասացի ես, բայց հետո երկար հոտոտեցի թուղթը։ Կեսօրի ճաշից հետո, քանի որ չէի ցանկանում օգտագործել փեսայիս գիշերանոթը, թույլտվություն խնդրեցի և գնացի այգու զուգարան։ Շատ ցուրտ էր։ Առանց հետույքս սառեցնելու՝ արագ գործս ավարտելով՝ դուրս եկա, երբ Շևքեթը, ասես ճանապարհս կտրելով՝ խորհրդավոր լռությամբ կանգնեց իմ առաջ։ Ձեռքին պապի՝ դեռ տաք միզամանն էր։ Իմ ետևից զուգարան մտնելով՝ դատարկեց։ Դրսում՝ դատարկ անոթը ձեռքին, կլոր այտերն ուռցնելով՝ գեղեցիկ աչքերով նայեց իմ աչքերի մեջ։ ― Դու մեռած կատու տեսե՞լ ես,– ասաց նա։ Քիթը նման էր մոր քթին։ Արդյոք մայրը հետևո՞ւմ էր մեզ։ Նայեցի՝ Շեքուրեին տարիներ անց առաջին անգամ տեսածս երկրորդ հարկի երազային պատուհանը փակ էր։ ― Ո՛չ։ ― Կախված հրեայի տան մեռած կատուն ցույց տա՞մ։ Առանց պատասխանիս սպասելու Փողոց դուրս գալով՝ քայլեց։ Գնացի նրա ետևից։ Ցեխոտ, սառցապատ ճանապարհով քառասուն-հիսուն քայլ արեցինք, մտանք մի անխնամ այգի։ Թաց ու նեխած տերևների հոտ էր գալիս։ Երեխան տեղանքը շատ լավ իմացողի վստահությամբ ու արագ քայլերով մտավ մերկ թզենու և նշենու ետևում թաքնված մի դեղին դռնով։ Տունը դատարկ էր, բայց կարծես այնտեղ մեկն ապրում էր. չոր էր ու մի քիչ տաք։ ― Սա ո՞ւմ տունն է,– հարցրի ես։ ― Հրեաների։ Երբ նա մահացավ, կինը երեխաների հետ տեղափոխվեց Յեմիշի նավամատույցի հրեական թաղամաս։ Հիմա տունը մանրավաճառ Էսթերը փորձում է վաճառել։ Գնաց սենյակի մի անկյունը, եկավ։ ― Կատուն գնացել է, չկա,– ասաց նա։ ― Մեռած կատուն ինչպե՞ս կարող է գնալ։ ― Պապս ասում է, որ հանգուցյալները շրջում են։ ― Բայց ոչ նրանք,― ասացի ես,― նրանց հոգիները։ ― Որտեղի՞ց գիտես,– ասաց նա։ Լրջորեն, պինդ գրկել էր գիշերանոթը։ ― Գիտեմ։ ― Դու միշտ գալի՞ս ես այստեղ։ ― Մայրս է գալիս Էսթերի հետ։ Գիշերները ուրվականներ են գալիս, բայց ես չեմ վախենում այս տնից։ Դու երբևէ մարդ սպանե՞լ ես։ ― Այո։ ― Քանի՞ հոգի։ ― Այդքան էլ շատ չէ. երկու։ ― Թրո՞վ։ ― Թրով։ ― Նրանց հոգիները թափառո՞ւմ են։ ― Չգիտեմ։ Գրքերի ասելով՝ պետք է որ թափառեն։ ― Հասան հորեղբայրը մի կարմիր թուր ուներ, շատ սուր էր։ Բացի այդ, դաշույն ուներ, պոչը սուտակից էր։ Հորս դո՞ւ ես սպանել։ Գլխովս ո՛չ «այո»֊ի, ոչ «ո՛չ»–ի նման մի շարժում արեցի։ ― Որտեղի՞ց գիտես, որ հայրդ մահացել է։ ― Մայրս երեկ ասաց։ Արդեն չի վերադառնալու։ Երազում է տեսել։ Մեր սեփական չնչին շահերը, ցանկասիրության այրող զգացումները և մեր սիրտը կոտրող հանուն սիրո արվող չարությունները փորձում ենք պատճառաբանել ավելի վեհ նպատակներով, ես էլ այս որբուկների հայրը լինելու ևս մեկ որոշում կայացրի այդ պահին և այդ պատճառով, տուն վերադառնալով՝ սկսեցի ուշադիր լսել նրանց պապին, որը պատմում էր գրքի և նկարների մասին, որոնք պետք է ավարտին հասցնել։ Սկսեմ պատմել փեսայիս ցույց տված նկարներից, օրինակ՝ ձիուց։ Չնայած այս նկարում մարդ չկա, ձիու շուրջը ոչինչ չկա, ես չեմ ասում, չի կարելի ասել, որ սա միայն մի ձիու նկար է։ Նա այնտեղ էր, բայց ակնհայտ էր, որ այնտեղ ուրիշներն էլ կային, ո՞վ գիտի՝ Քազվինի ոճով նկարված փշերի միջից ով էր դուրս գալու։ Դա կարելի էր հասկանալ ձիու թամբից և նրա վրա արված նախշերից։ Գուցե շուտով ձիու կողքին թրով մեկն էր երևալու։ Պարզ է, որ փեսաս արվեստանոցից մի վարպետ նկարչի գաղտնի պատվիրել էր ձի նկարել։ Գիշերը եկած նկարիչը սկսել էր նկարել իր հիշողության մեջ մեխված և միայն պատմության մի մասը եղող ձին։ Հավանաբար երբ նկարիչը նկարում էր ձիուն, որի նմանը հազարավոր անգամներ տեսել էր պատերազմների, սիրո տեսարաններ պատկերող նկարներում, փեսաս, ներշնչվելով ֆրանսիացի վարպետների ոճից, միջամտել էր նրա գործին։ Օրինակ՝ «Հեծյալին մի՛ նկարիր,– ասել էր նա։– Այնտեղ էլ մի ծառ նկարիր։ Բայց ետևում ու թող փոքր լինի»։ Գիշերը եկած նկարիչը սնդուկի մոտ փեսայիս հետ էր նստում։ Մոմի լույսի տակ հաճույքով էր նկարում այս նկարը, որովհետև փեսաս նրան խոստացել էր իրեն խորթ, այլ նկարների չնմանվող, կանոններից դուրս յուրաքանչյուր նկարի համար լավ վճարել և անկեղծ ասած՝ այս տարօրինակ նկարը գրավում էր նրան։ Բայց փեսայիս պես այս նկարիչն էլ մի պահից ի վեր չէր հասկանում, թե այս ձիու նկարը ո՞ր պատմության համար է նկարում։ Փեսաս ինձնից պահանջում էր, որ այս կիսով չափ վենետիկյան, կիսով չափ իրանական ոճով նկարներին նայելով՝ դիմացի էջին նրանց համապատասխան նկար անեի։ Շեքուրեին հասնելու համար անպայման պետք է գրեի այս պատմությունները, բայց մեդդահի սրճարանում պատմածներից բացի ուրիշ ոչնչի մասին չէի կարողանում մտածել։ == 23. Ինձ մարդասպան են կոչելու == Ժամացույցս ցույց էր տալիս, որ արդեն երեկո է, դեռ էզանը չէր հնչել, բայց գրքի հենարանի կողքին դրած մոմն արդեն վաղուց վառել էի։ Երբ սև Հասանփաշա թանաքի մեջ թաթախած, լավ մշակված, գեղեցիկ փայլեցրած թղթի վրա մատիտն արագ սահեցնելով՝ մի ափիոնի սիրահարի նկարի հիշողությամբ արագորեն նկարելով՝ ավարտին էի հասցրել, ամեն երեկո դուրս կանչող այդ ձայնը լսեցի իմ ներսում։ Բայց զսպեցի ինձ։ Այնքան վճռական էի, որ երեկոյան դուրս չեմ գալու և տանը մնալով՝ աշխատելու եմ, որ մի պահ անգամ փորձեցի ներսից մեխել դուռը։ Արագ-արագ նկարածս այս գիրքը առավոտյան մինչև բոլորի արթնանալը Գալաթայից եկած մի հայ էր պատվիրել։ Չնայած կակազում էր՝ որպես թարգմանիչ և ուղեվար էր աշխատում։ Ֆրանսիացի, իտալացի ճանապարհորդների համար հագուստների մասին գիրք էր ուզում և անմիջապես փորձեց սակարկել։ Առավոտյան հագուստ նկարագրող քսան նկարանոց ցածրորակ գրքի համար հարյուր քսան արծաթադրամ ստացա և երեկոյան նամազի ժամանակ խնամք և ուշադրություն ցուցաբերելով ստամբուլցի տասնյակ մարդկանց հագուստներին՝ մի շնչում նկարեցի։ Շեյխուլիսլամի գլխավոր դռնապան, իմամ, ենիչերի, դերվիշ, հեծյալ, դատավոր, մսավաճառ, դահիճ, աղաչող մուրացկան, բաղնիք գնացող կին, ափիոնի սիրահար նկարեցի։ Մի քանի արծաթադրամ ավելի վաստակելու համար այդ գրքերից այնքան շատ եմ պատրաստել, որ նկարելիս չձանձրանալու համար խաղեր էի խաղում, դատավորին նկարում էի՝ առանց վրձնի ծայրը թղթից կտրելու կամ մուրացկանի աչքերը փակ էի նկարում։ Բոլոր ավազակները, բանաստեղծները, էզանի ժամի ջիներն ու սատանաները վեր էին կենում, բոլորով ոտքի էին կանգնում և ցույց էին տալիս, որ ճանապարհից շեղվել են։ Մեր ներսի անհանգիստ ձայնն ասում է՝ դո՛ւրս, դո՛ւրս, վազի՛ր դեպի մարդիկ, դեպի մթությունը, աղքատությունը, թշվառությունը, խայտառակությունը։ Իմ տարիները նվիրել եմ այս ջիներին ու սատանաներին հանգստացնելուն։ Շատ մարդիկ նկարները դիտում էին որպես իմ վրձնի տակից ելած հրաշքներ, բայց ես դրանք այդ ջիների ու սատանաների օգնությամբ եմ նկարել։ Սակայն յոթ օր առաջ այդ ստորին սպանելուց ի վեր նրանց արդեն նույնիսկ երեկոյան չեմ կարողանում հանգստացնել։ Այնքան անհանգիստ են, որ կարծում եմ՝ գուցե եթե մի քիչ դուրս գամ, կհանդարտվեն։ Այս խոսքն ասելուց հետո, ինչպես միշտ առանց հասկանալու՝ փողոց ելա։ Արագ քայլեցի։ Ձնոտ փողոցներում, ցեխոտ անցումներում, սառած զառիթափերին, դատարկ մայթերին առանց կանգ առնելու քայլեցի։ Որքան քայլում էի, որքան իջնում էի քաղաքի դատարկ, անհայտ անկյունները, այնքան գիշերվա մթությունը, մեղքս ծանրանում էին մեջքիս, նեղ փողոցներում քարե տների, դպրոցների, մզկիթների պատերից իմ ոտնաձայնի արձագանքից վախերս թեթևանում էին։ Ոտքերս իրենք իրենց տանում էին այն հեռավոր թաղամասն, ուր գալիս եմ ամեն գիշեր, այն փողոցներն, ուր անգամ ուրվականներն ու ջիները չեն կարողանում առանց դողալու մտնել։ Ասել էի, որ այդ թաղի տղամարդկանց կեսը Իրանի հետ պատերազմում էր զոհվել, մյուս կեսն էլ լքել էր թաղամասը, որովհետև այն դժբախտություն է բերում, բայց ես նման բաների չեմ հավատում։ Իրանյան պատերազմների պատճառով այդ գեղեցիկ թաղամասի գլխին եկած միակ դժբախտությունր քառասուն տարի առաջ որպես թշնամու բույն Քալենդերների թեքքեն փակելն էր։ Մոշի փշերի և ամենասառը եղանակին անգամ լավ բուրող դափնիների մոտով քայլեցի, կոտրված խողովակի ու կոտրված կողպեքով պատուհանների արանքի տախտակները մշտական բծախնդրությամբ ուղղեցի, մտա ներս։ Հարյուրամյա ծխի ու խոնավության հոտն առա։ Այնտեղ լինելն այնքան էր երջանկացնում ինձ, որ կարծեցի՝ արտասվելու եմ։ Հիմա ուզում եմ ասել այն, ինչ երբեք չեմ ասել. Աստծուց բացի ոչ մեկից չեմ վախենում, այս աշխարհում իմ պատիժն ինձ համար մի գրոշ անգամ չարժի։ Ինձ պես մարդասպանների վախը՝ Ղուրանում, օրինակ՝ «Ֆուրքան» սուրահում նկարագրված դատաստանի օրվա տառապանքն է։ Հազվագյուտ հին գրքերում հին արաբ մանրանկարիչների՝ կաշվի վրա նկարած պարզ, երեխայական, բայց սարսափելի դժոխքի տեսարանները և գրեթե չինական ու մոնղոլական վարպետների պես նկարած սատանաների տառապանքները հիշեցնող այդ պատժի գույներն ու ուժն եմ պատկերացնելու և միայն այսպես եմ կարողանում մտածել։ «Իսրա» սուրահն ի՞նչ է ասում երեսուներորդ հայաթում։ Առանց լուրջ պատճառի՞ է Ալլահն ասում՝ մի՛ սպանեք այն մարդուն, ում սպանությունն արգելել եմ։ Լա՛վ, այդ դեպքում դժոխք ուղարկածս ստորը նաև այն հավատացյալը չէր, ում սպանությունն Ալլահն արգելել էր։ Ես էլ նրա գանգը փշրելու շատ լուրջ պատճառներ ունեի։ Մեր սուլթանի պատվիրած այդ գաղտնի գրքի համար աշխատողների՝ մեր դեմ հերյուրանքներ էր տարածել այդ մարդը։ Եթե չկտրեի նրա ձայնը, Էնիշթե էֆենդուն, բոլոր նկարիչներին, անգամ վարպետ Օսմանին անհավատ հայտարարելով՝ ագահ էրզրումցի հոջայի մարդկանց նրանց դեմ կլարեր։ Եթե մի անգամ մեկը բարձրաձայն ասի, որ նկարիչներն անհավատ են, առանց այդ էլ իրենց ուժը ցույց տալու համար պատրվակ փնտրող այս էրզրումցիները ոչ միայն մեզ՝ վարպետ մանրանկարիչներին, այլև ամբողջ արվեստանոցը հողին կհավասարեցնեն, և մեր սուլթանը լռությամբ կհետևի դրան։ Ինչպես միշտ այստեղ գալիս՝ անկյունում դրած ավելով ու փալասներով մաքրեցի սենյակը։ Այդ ընթացքում նաև տաքացա և ինձ Ալլահի լավ ծառան զգացի։ Որպեսզի ինձ միշտ ցույց տա իր գթասրտությունը, երկար աղոթեցի իմ Աստծուն։ Այնքան ցուրտ էր, որ աղվեսն էլ կդողար։ Կոկորդս սկսում էր ցավել, դուրս եկա։ Անմիջապես հետո այդ տարօրինակ հոգեվիճակում հասա մի ուրիշ թաղամաս։ Լքված թեքքեով թաղից ինչպես եկա այստեղ, ինչի մասին մտածեցի, ինչպես եղավ, որ երկու կողմից նոճիներով պատված այս փողոցն ընկա՝ չգիտեմ։ Բայց որքան էլ քայլեմ, մի մտքից չեմ կարողանում ազատվել, այն ինձ ներսից կրծում է, գուցե եթե ձեզ ասեմ, այդ բեռը կթեթևանա։ Կուզեք՝ նրան խայտառակ բամբասկոտ կոչենք, կուզեք՝ խեղճ Զարիֆ էֆենդի, միևնույն է։ Լուսահոգի գրիչը լուսահոգի դառնալուց կարճ ժամանակ առաջ Էնիշթեին զայրացած մեղադրելով՝ ինձ մի բան էլ ասաց։ Երբ ասաց, որ բոլոր նկարներում Էնիշթե էֆենդու անհավատի ոճն է օգտագործել, շատ զարմացա։ Այդ պահին այդ խայտառակն ասաց. ― Բացի այդ, մի վերջին նկար էլ կա։ Այդ նկարում Էնիշթեն հայհոյում է այն ամենին, ինչին հավատում ենք։ Նրա արածն արդեն ոչ թե անհավատություն է, այլ լրիվ հայհոյաՆք։ Այդ լկտիի հերյուրանքից երեք շաբաթ առաջ Էնիշթե էֆենդին ինձնից պահանջեց, որ մի նկարի տարբեր անկյուններին ֆրանսիական նկարի պես մեկը մյուսից զարմանալի կերպով տարբերվող չափերի տարբեր բաներ նկարեմ՝ ինչպես, օրինակ՝ ձի, փող, մահ։ Այն էջերը, որոնց վրա պետք է նկարեի, խեղճ Զարիֆ էֆենդին էր գծել ու գրել։ Էնիշթեն այդ թղթերի մեծ մասը այլ թղթերի հետ կարծես ինձնից ու մյուս մանրանկարիչներից ուզում էր թաքցնել, որովհետև միշտ ծածկում էր։ Ուզում էի Էնիշթեին հարցնել, թե այդ վերջին մեծ նկարում ինչ է պատկերված, բայց շատ պատճառներ ունեի չհարցնելու համար։ Իհարկե, եթե հարցնեմ, կկասկածի, որ ես եմ սպանել Զարիֆ էֆենդուն և բոլորին կհայտնի իր կասկածների մասին։ Ինձ անհանգստացնում էր նաև այն, որ եթե հարցնեի, Էնիշթեն կասեր, որ Զարիֆ էֆենդին իրավացի էր։ Սա Զարիֆ էֆենդուց ինձ անցած կասկած չէր։ Երբեմն ինքս ինձ ասում եմ, որ այդ հարցը կտամ որպես իմ սեփական ենթադրություն, բայց դա չի թեթևացնում իմ վախերը։ Գուցե սարսափելի չէ, երբ մարդն առանց գիտակցելու անհավատություն է գործում, բայց հիմա ես ամեն ինչ գիտակցում եմ։ Ամեն անգամ գլխիցս ավելի խելացի ոտքերս ինձ տանում են Էնիշթե էֆենդու տան փողոց։ Մի անկյուն մտա և հնարավորինս երկար նայեցի տանը։ Ծառերի արանքում երկհարկանի, մեծ ու տարօրինակ հարուստ տուն։ Չգիտեի, թե Շեքուրեի սենյակը որ մասում է։ Շահ Թահմասփի ժամանակներում Թավրիզում արված որոշ նկարների պես տունը կարծես մեջտեղից դանակով կիսված լիներ։ Քանի որ Շեքուրեին չէի կարող տեսնել փակ պատուհանների ետևում, փորձեցի նրան նկարել իմ երազանքներում։ Դուռը բացվեց։ Մթան մեջ տեսա՝ ինչպես է Քարան դուրս գալիս տնից։ Բակի դռան ետևից Քարային սիրով նայող Էնիշթեն էլ փակեց դուռը։ Անգամ անմտորեն երազանքների գիրկն ընկած գլուխս անմիջապես ցավով այս երեք եզրակացությունն արեց։ '''Առաջին.''' Քանի որ Քարան ավելի էժան է և անվտանգ, Էնիշթե էֆենդին մեր գիրքը նրա միջոցով ավարտին կհասցնի։ '''Երկրորդ.''' Գեղեցկուհի Շեքուրեն Քարայի հետ է ամուսնանալու։ '''Երրորդ.''' Խեղճ Զարիֆ էֆենդու ասածները ճիշտ էին. նրան իզուր էի սպանել։ Իմ դաժան միտքը հասկանում էր, որ մեր գիրքը լույս չի տեսնի, իսկ մարմինս ըմբոստանում էր։ Առաջին պահին, երրորդ եզրակացությանը գալուն պես մտքիս մի մասը ամբողջ ուժով ընդդիմացավ իմ՝ զզվելի մարդասպան լինելուն։ Այդ ընթացքում ոտքերս կրկին մտքիցս ավելի արագ և տրամաբանական գտնվեցին և ինձ անգամ տարան Քարա էֆենդու ստվերի ետևից։ Քանի՞ փողոց անցանք, ինձ թվում էր, որ իմ առջևից՝ կյանքից ու ինքն իրենից գոհ քայլող Քարային սպանելը շատ հեշտ կլինի, և կարծեցի՝ կազատվեմ այդ մտքից, որն ինձ այդքան ճնշում էր։ Անգամ այդ դեպքում ստիպված չէի լինի խեղճ Զարիֆ էֆենդուն սպանել։ Հիմա եթե ութ-տասը քայլ վազելով հասնեմ նրա ետևից, ամբողջ ուժով խփեմ Քարայի գլխին, ամեն բան նախկինի պես կլինի, Էնիշթե էֆենդին գիրքն ավարտելու համար ինձ կկանչի։ Բայց խելքիս ավելի ուշադիր և զգուշավոր կողմը (ճշմարտացիությունը հիմնականում ի՞նչ է, եթե ոչ վախկոտություն) դեռ ասում էր, որ այն ստորը, ում սպանելով՝ նետեցի ջրհորը, իրականում հերյուրանքներ տարածող մեկն էր։ Եթե դա ճիշտ է, նշանակում է՝ նրան իզուր չեմ սպանել, և Էնիշթեն, ում գրքում ոչ մի գաղտնի բան չկա, ինձ իր տուն էր կանչելու։ Բայց իմ առջևից քայլող Քարային նայելիս ամեն ինչ հասկանում էի. ոչինչ չէր լինելու։ Ամեն բան երևակայական էր։ Բոլորիս հետ էլ պատահում է։ Երբեմն ասելով, որ տրամաբանական ենք մտածում՝ շաբաթներ, տարիներ շարունակ երազելուց հետո մի օր մի բան տեսնում ենք, մի դեմք, մի հագուստ, մի երջանիկ մարդ, և մի պահ հասկանում ենք, որ մեր երազանքներն իրականություն չեն դառնալու, օրինակ՝ այդ աղջիկը երբեք իմ կինը չի դառնա, օրինակ՝ այսինչ պաշտոնին երբեք չեմ հասնի։ Քարայի դեմքին, ծոծրակին, վեր ու վար անող ուսերին, ջղայնացնող քայլվածքին (կարծես քայլերն աշխարհին էր բաշխում) սրտիս տաքուկ փաթաթվող խորին ատելությամբ էի նայում։ Խղճի խայթից հեռու, առջևում երջանիկ ապագա ունեցող Քարայի պես մարդիկ ամբողջ աշխարհն իրենց սեփական տունն են համարում, ամեն դուռը սեփական ախոռ մտնող սուլթանի պես բացելով՝ մեզ՝ ներսիններին անմիջապես ստորացնում են։ Ինձ դժվարությամբ զսպեցի, որ գետնից մի քար վերցնելով՝ չվազեմ ու չխփեմ նրան։ Մենք նույն կնոջը սիրահարված երկու տղամարդ էինք։ Նա՝ առջևում, ես՝ ետևից, նրա համար աննկատելի, Ստամբուլի փողոցներով վեր ու վար էինք անում, շների պատերազմների դաշտի վերածված դատարկ փողոցներից, հրդեհի փլատակներից, որտեղ ջիներն էին բնակվում, մզկիթների բակերից, որտեղ գմբեթներին հրեշտակներն են քնած, հոգիների հետ փսփսալով խոսող նոճիների կողքից, ձնածածկ գերեզմանոցի մոտից, որտեղ ուրվականներն էին ապրում, մարդկանց կոկորդը կտրող ավազակներից մի քիչ այն կողմ, անհամար խանութների, ախոռների, թեքքեների, մոմի գործարանների, թամբագործների արհեստանոցների, պատերի արանքով երկու եղբոր պես անցնելիս կարծում էի, որ ոչ թե նրան հետևում եմ, այլ կրկնօրինակում։ == 24. Իմ անունը Մահ է == Ինչպես տեսնում եք, ես մահն եմ, բայց մի՛ վախեցեք, որովհետև միևնույն ժամանակ ես նկար եմ։ Բայց ձեր աչքերում կարդում եմ, որ վախենում եք։ Խաղով տարված երեխաների պես ինձ դուր է գալիս, որ իմանալով իմ իրական չլինելը, այնպես եք սարսափում, ասես իսկական մահին եք հանդիպել։ Ինձ նայելիս զգում եք, թե այդ անխուսափելի վերջին պահին ինչպես եք սարսափից դողալու։ Սա կատակ չէ. մահվան հետ հանդիպելուն պես, հատկապես առյուծ կտրած տղամարդկանց մեծ մասը հանձնվում են։ Հազար անգամ նկարված մարմիններով պատված պատերազմի դաշտերն արյունով, վառոդով ու շիկացած զրահներով ծածկված չեն, դրա համար էլ արտաթորանքի ու նեխած մսի հոտ է գալիս։ Գիտեմ, որ առաջին անգամ եք մահվան նկար տեսնում։ Սրանից մի տարի առաջ մի բարձրահասակ, նիհար ու խորհրդավոր ծերունի ինձ նկարող երիտասարդ նկարչին կանչեց իր տուն։ Երկհարկանի տան կիսամութ արվեստանոցում անուշաբույր, նրբահամ ընտիր սուրճ հյուրասիրեց, որից երիտասարդ մանրանկարիչը թարմացավ։ Հետո էլ կապույտ պատերով սենյակում, ստվերների մեջ ամենալավ հնդկական թղթերը, սկյուռի մորթուց պատրաստված խոզանակները, ոսկեգույն թերթերը, տարբեր մատիտները, մարջանի պոչով սրիչները ցույց տալով՝ ոգևորեց վարպետ նկարչին, որը նրան հասկացրել էր՝ մեծ գումար է վճարելու։ ― Ինձ համար մահվան նկարն արա,― հետո ասաց նա։ ― Առանց կյանքում մահվան նկար տեսնելու չեմ կարող մահ նկարել,– ասաց տաղանդավոր նկարիչը, ով հետո իմ նկարն էլ էր անելու։ ― Որպեսզի կարողանաս մի բան նկարել, պարտադիր չէ դրա նկարը տեսնել,― ասաց ոգևորված ծերունին։ ― Այո, գուցե պարտադիր չէ,– ասաց իմ նկարն անող վարպետը։– Բայց եթե ուզում ես, որ նկարը հին նկարիչների նկարների պես կատարյալ լինի, այն պետք է հազարավոր անգամներ նկարված լինի։ Նկարիչը, որքան էլ վարպետ, նոր թեման առաջին անգամ աշակերտի պես է նկարում, ինչն ինձ վայել չէ։ Մահը պատկերելիս չեմ կարող իմ վարպետությունը մի կողմ դնել, որովհետև դա ինձ համար մահվանը հավասար բան կլինի։ ― Գուցե այս մահը քեզ կմոտեցնի քո թեմային,― ասաց ծերունին։ ― Մեզ վարպետ է դարձնում ոչ թե թեման ապրելը, այլ թեման ընդհանրապես չապրելը։ ― Ուրեմն այդ վարպետությունը պետք է ծանոթանա մահվան հետ։ Այսպիսով, հին վարպետներին և նրանց տաղանդը հարգող մանրանկարիչներին վայել կերպով՝ երկիմաստ, անուղղակի, բառախաղերով և ակնարկներով լի նուրբ զրույց վարեցին։ Քանի որ թեման իմ գոյությունն էր, հասկացա, որ համակ ուշադրությամբ լսածս այս զրույցը կտխրեցնի մեր սրճարանի բոլոր ընտիր նկարիչներին։ Միայն մի պահ այսպես խոսեցին. ― Արդյոք նկարչի տաղանդը չափվում է հին վարպետների կատարյալ նկարչությա՞մբ, թե՞ նրանով, որ բոլորին անտեսանելի թեմաներն են պատկերում,– ասաց տաղանդավոր, գեղեցիկ աչքերով, խելացի նկարիչը։ Չնայած որ ինքն էլ գիտեր այդ հարցի պատասխանը, զգուշավոր էր։ ― Վենետիկցիները նկարչի ուժը չափում են թեմաներով, որ երբեք չեն պատկերվել, և ոճը գտնելով,– ասաց համառ ծերունին։ ― Վենետիկցիները վենետիկցու պես են մահանում,– ասաց նկարիչը, որ ինձ էր նկարելու։ ― Բայց բոլորի մահը նման է իրար,– ասաց ծերունին։ ― Լեգենդը և նկարչությունը ոչ թե բոլորի՝ միմյանց նմանվելու, այլ միմյանց նման չլինելու պատմությունն է,― ասաց խելացի նկարիչը։ ― Վարպետ նկարիչը միմյանց չնմանվող լեգենդները մարդկանց պես նկարելով է վարպետանում։ Այսպիսով, վենետիկցու և մուսուլմանի մահվան, Ազրաիլի, Ալլահի մյուս հրեշտակների, նրանց՝ անհավատի նկարներին ընդհանրապես չնմանվելու մասին սկսեցին խոսել։ Քիչ անց ինձ նկարել պատրաստվող և այդ պահին մեր սրճարանում գեղեցիկ աչքերով ինձ նայող երիտասարդ վարպետը այս մեծ խոսքերից ձանձրացել էր, ուզում էր ինձ նկարել, բայց չգիտեր, թե ինչպիսին եմ։ Երիտասարդ վարպետին խաբել ցանկացող խորամանկ ծերունին դա անմիջապես զգաց։ Ստվերների սենյակում իզուր վառվող լամպի լույսի տակ փայլող աչքերը հառեց տաղանդավոր երիտասարդ նկարչին։ ― Մահվան այն նկարը, որ վենետիկցին մարդու պես է նկարել, իրականում Ազրաիլի պես հրեշտակի է նման,– ասաց նա։― Բայց՝ մարդկային կերպարանքով, ինչպես Ղուրանը բերելիս Ջեբրայիլը մեր մարգարեին մարդու կերպարանքով երևալը։ Հասկանո՞ւմ ես։ Հասկացա, որ Աստծուց անհավատալի շնորհված երիտասարդն անհամբեր է, ուզում է ինձ նկարել։ Որովհետև սատանայական ծեր մարդը սկսեց նրա մեջ այս սատանայական միտքն արթնացնել։ Դրա համար էլ ոչ թե մեր իմացածը, այլ մեզ անծանոթ կիսամութ մի բան ենք ուզում նկարել։ ― Այդ մահն ընդհանրապես չեմ ճանաչում,– ասաց նկարիչը, որ քիչ անց նկարելու էր ինձ։ ― Մենք բոլորս գիտենք մահը,– ասաց ծերունին։ ― Նրանից վախենում ենք, բայց չենք ճանաչում։ ― Դու էլ այդ վախդ նկարիր,– ասաց ծերունին։ Քիչ անց իմ նկարն էր արվելու։ Զգացի, որ վարպետ նկարչի ծոծրակը թմրեց, թևերի մկանները լարվեցին, մատների ծայրերը փնտրեցին մատիտը։ Բայց քանի որ իսկական վարպետ էր, զգալով, որ այդ լարվածությունն իր հոգում եղած նկարչության սերն ավելի կխորացնի, իրեն զսպեց։ Խորամանկ ծերունին էլ հասկացավ, այդ պատճառով, որպեսզի քիչ անց արվելիք նկարս ներշնչի նրան, դիմացը դրված գրքերից Էլ-Ջեվզիյյեի «Հոգու գրքից», Գազզալիի «Դատաստանի օրվա իրադարձություններից», Սույութիից մահվան մասին հատվածներ կարդաց։ Այսպիսով, իմ այս նկարն անելիս, որին հետո դուք նայելու և վախենալու եք, տաղանդավոր վարպետ նկարիչը լսեց, որ մահվան հրեշտակի հազարավոր թևերը ձգվում են դրախտից մինչև աշխարհ և Արևելքի ամենահեռու կետից մինչև Արևմուտքի ամենահեռու կետը, և որ հավատացյալների համար այդ թևերը բարօրություն են, իսկ անհավատների համար նրանցից յուրաքանչյուրը կրակ է, և որ ձեր՝ նկարիչների մեծ մասը դժոխք է գնալու, և ինձ մեխերով գամված պատկերեց։ Լսելով այն մասին, որ Ալլահի հոգեառ հրեշտակի ձեռքին մի գիրք է լինելու, և այդ գրքերի էջերին մարդկանց անունները շրջանակի մեջ են առնված լինելու, բայց որ մահվան ժամը միայն Աստված գիտի, և որ այդ պահը գալուն պես յոթերորդ հարկի ներքևի ծառից մի տերև է ընկնելու, երբ այս տերևը մեկը վերցնի և վրան գրածը կարդա, կհասկանա, թե հերթն ում է հասել, այդ պատճառով նկարիչն ինձ սարսափելի, բայց մեծ դատաստանի օրվա մասին ամեն ինչ իմացողի պես էր նկարել։ Քանի որ խենթ ծերունին կարդացել էր, որ մարդկային կերպարանքով եկող մահվան հրեշտակին ձեռքը պարզած մահացող մարդու կյանքից հետո շրջապատը լցվում է լույսով, խելացի նկարիչն ինձ նկարեց լույսերի մեջ, որովհետև գիտեր, որ հանգուցյալի շուրջը հավաքված մարդիկ այդ լույսը չեն տեսնում։ Քանի որ ծերունին «Հոգու գրքից»՝ հին գերեզման թալանողների ականատեսների, մարմնի տարբեր տեղերից մեխված հանգուցյալի, հողը փորելիս նոր մահացածի փոխարեն երևացող կրակների մեջ փշրված գանգերի երևալու մասին էր կարդացել, այդ պատճառովնրան համակ ուշադրությամբ լսող հիանալի նկարիչն իմ նկարն անելիս նայողին վախեցնող ամեն բան պատկերել էր։ Բայց հետո զղջաց։ Ոչ թե վախից, այլ ընդհանրապես այս նկարը նկարելու համար։ Ես էլ ինձ զգում էի ինչպես մեկը, ում մասին հայրը ամոթով և զղջումով է հիշում։ Տաղանդավոր նկարիչն ինչո՞ւ էր զղջում ինձ նկարելու համար։ 1. Որովհետև մահվան նկարը՝ այսինքն՝ ինձ, բավականաչափ վարպետորեն չէր նկարել։ Ինչպես տեսնում եք, ո՛չ վենետիկցի մեծ վարպետների, ո՛չ էլ Հերաթի հին վարպետների նկարածների պես կատարյալ չեմ։ Ինձ նկարող մեծ վարպետի՝ մահվան լրջությանն անվայել այս խղճուկ վիճակիցս ես էլ եմ ամաչում։ 2. Ծերունու սատանայական ճանապարհին խաբվելով՝ ինձ նկարած վարպետ նկարիչը անսպասելի, առանց մտածելու՝ ֆրանսիացի վարպետների ոճն ու հայացքներն էր կրկնօրինակել և հին վարպետների հանդեպ անհարգալից վերաբերմունք էր ցուցաբերել, այդ պատճառով առաջին անգամ ապրած տարօրինակ անբարոյականության զգացումը կրծում էր նրա հոգին։ 3. Այստեղ, ինչպես իմ գոյության հետ համակերպվելով՝ ծիծաղող որոշ հիմարներն են հասկանում, նա էլ հասկացավ․ մահվան հետ չես կատակի։ Ինձ նկարող վարպետ նկարիչը գիշերը փողոցներում զղջալով՝ առանց կանգ առնելու քայլեց, որոշ չինացի վարպետների պես մտածեց, որ ինքն այն է, ինչ նկարել է։ == 25. Իմ անունն Էսթեր է == Քըզըլմինարեցի, քարաքեդիցի կանայք Բիլջիքի ոճով վերմակի համար մանուշակագույն ու կարմիր կտոր էին պատվիրել, առավոտյան վաղ դրեցի կապոցիս մեջ։ Նոր եկած պորտուգալական նավից դուրս եկած չինական մետաքսի կտորի կանաչը թողեցի տանը, կապույտը դրեցի կապոցի մեջ։ Մտածելով, որ անդադար ձյուն է գալիս, ձմեռն ասես վերջ չունի, մի քանի բրդե գուլպա, հաստ բրդե գոտի, գույնզգույն հաստ բրդե անթենոցներ էլ ծալելով՝ տեղավորեցի, որ կապոցս բացելուն պես անգամ ամենաքիչ հետաքրքրվող կնոջ սիրտը գույներից ջերմանա։ Հետո ոչ թե առևտրի, այլ բամբասանքի համար ինձ կանչող կանանց համար թեթև, բայց թանկարժեք մետաքսե թաշկինակներ, փողի քսակներ, զարդարված բաղնիքի թասեր դրեցի ու բարձրացրի, ա՜ա՜յ, կապոցը շատ ծանր է, մեջքս կկոտրվի։ Դրեցի գետնին։ Նորից բացեցի, մտածում էի՝ ինչն եմ հանելու, երբ դուռը թակեցին։ Նեսիմը դուռը բացեց ու ձայն տվեց։ Դռան մոտ կարմիր կտրած Հայրիյեն էր։ Ձեռքին նամակ կար։ ― Շեքուրե հանըմն է ուղարկել,― շշնջաց նա։ Այնքան հուզված էր, կարծես սիրահարվածը, ամուսնանալ ցանկացողը ինքը լիներ։ Լուրջ-լուրջ վերցրի նամակը, հիմար աղջկան խորհուրդ տվեցի առանց որևէ մեկի աչքին երևալու՝ տուն վերադառնալ։ Նեսիմը հարցական ինձ էր նայում։ Նամակ տանել-բերելիս մեծ, բայց թեթև ձևական կապոցն էի վերցնում։ ― Էնիշթե Չելեբիի դուստրը՝ Շեքուրեն սիրուց այրվում է,― ասացի ես։– Խեղճը լրիվ խենթացել է։ Ծիծաղելով դուրս եկա, բայց անմիջապես ամաչեցի։ Չէի ցանկանում ծաղրել Շեքուրեի սրտի արկածը, ընդհակառակը՝ ուզում էի լաց լինել նրա տխուր կյանքի համար։ Եվ ի՜նչ գեղեցիկ էր իմ սևաչյան։ Առավոտվա ցրտից ավելի դատարկ ու թշվառ տեսք ստացած մեր հրեական թաղամասի կիսավեր տների առջևով արագ-արագ քայլեցի։ Հետո, տեսնելով Հասանի փողոցի անկյունում անցնող֊ գնացողին ստուգող կույր մուրացկանին՝ ամբողջ ձայնով գոռացի. ― Մանրավաճա՜ռ։ ― Չաղ շատախոս,– ասաց նա։– Եթե չգոռաս էլ, քեզ ոտնաձայներից կճանաչեմ։ ― Զզվելի կույր,– ասացի ես։– Դժբախտություն բերող թաթար։ Կույրերը Ալլահից լքված ծառաներ են։ Գրողը տանի քեզ։ Առաջ նման բաների վրա ուշադրություն չէի դարձնում, չէի զայրանում նման բաների վրա։ Հասանի տան դուռը հայրը բացեց։ Աբազանցի էր, կարդացած, կիրթ մարդ։ ― Տեսնենք այս անգամ մեզ համար ինչ եք բերել,– ասաց նա։ ― Ծույլ տղադ քնա՞ծ է։ ― Քնա՞ծ, աչքը ճանապարհիդ է։ Քեզնից լուրեր է սպասում։ Այդ տունն այնքան մութ էր, որ ամեն անգամ ինձ թվում էր, թե գերեզման եմ մտնում։ Շեքուրեն երբեք չէր հարցնում, թե նրանք ինչ են անում, բայց այս տան մասին միշտ այնպես էի պատմում, որ երբեք չմտածի այդ գերեզմանոց վերադառնալու մասին։ Անգամ անհնար է պատկերացնել, որ մի ժամանակ իմ գեղեցիկ Շեքուրեն այս տան տիկինն է եղել, չարաճճի տղաների հետ այս տանն է ապրել։ Ներսից քնի և մահվան հոտ էր գալիս։ Մտա մյուս սենյակ՝ դեպի խոր մթություն։ Ոչինչ հնարավոր չէր տեսնել։ Դեռ նամակը չէի հանել, երբ Հասանը մթան մեջ այն խլեց ձեռքիցս։ Ինչպես միշտ թողեցի, որ միայնակ կարդա ու բավարարի հետաքրքրասիրությունը։ Անմիջապես գլուխը կտրեց թղթից. ― Ուրիշ ոչինչ չկա՞,– հարցրեց նա՝ իմանալով, որ ոչինչ չկա։– Կարճ նամակ է,– ասաց նա և կարդաց. «Քարա՛ էֆենդի, մեր տուն ես գալիս, ամբողջ օրը նստում ես, բայց լսել եմ, որ հորս գրքի համար մի տող անգամ չես գրել։ Առանց հորս գիրքն ավարտին հասցնելու ոչ մի հույս չունենաս»։ Նամակը ձեռքին՝ կարծես այդ ամենն իմ մեղքն է, ինձ մեղադրելով՝ աչքերիս մեջ էր նայում։ ― Արդեն ոչինչ չի ասում ամուսնացած լինելու, ամուսնու՝ պատերազմից վերադառնալու մասին,― ասաց նա։– Ինչո՞ւ։ ― Ես ի՞նչ իմանամ՝ ինչո՞ւ,– ասացի ես։– Ես չեմ գրում այս նամակները։ ― Երբեմն կասկածում եմ,― ասաց նա և նամակը տասնհինգ արծաթադրամի հետ ինձ վերադարձրեց։ ― Որոշ տղամարդիկ փող վաստակելուն պես ժլատ են դառնում, դու այդպիսին չես,― ասացի ես։ Այս մարդու մեջ այնպիսի սատանայական, խելացի բան կար, որ չնայած բոլոր մութ ու վատ կողմերին՝ չէի հասկանում, թե Շեքուրեն ինչու է դեռ ընդունում նրա նամակները։ ― Շեքուրեի հոր գիրքը ո՞րն է։ ― Գիտես՝ որն է։ Ասում են՝ ամբողջ գումարը մեր սուլթանն է տալիս։ ― Այդ գրքի պատճառով են նկարիչներն իրար սպանում,– ասաց նա։ ― Փողի՞ համար, թե՞, Աստված հեռու տանի, մեր կրոնին անհարգալից վերաբերվելու համար։ Այդ նկարներին նայողը կուրանում է։ Այդ ամենն այնպիսի ժպիտով ասաց, որ հասկացա՝ չպետք է լուրջ ընդունեմ, գոնե ես ոչ մի լուրջ բան չէի տեսնում։ Հասանն էլ, իմ օգնության կարիքը զգացող մյուս բոլոր տղամարդկանց պես, ում համար նամակ էի բերում, վիրավորվելով՝ սկսում էր ինձ ստորացնել։ Ես էլ սովորության համաձայն ցույց էի տալիս, թե տխրել եմ, որպեսզի ուրախանան։ Իսկ երբ աղջիկներն են իրենց վիրավորված զգում, փաթաթվում են ինձ և արտասվում։ ― Դու խելացի կին ես,― ասաց Հասանը՝ փորձելով մեղմել վիճակը։― Արագ տար սա։ Ինձ այդ հիմարի պատասխանն է հետաքրքիր։ Մի պահ ուզում էի ասել՝ Քարան այդքան հիմար չէ։ Այդպիսի իրավիճակներում տղամարդկանց խանդն առաջացնելը մանրավաճառ Էսթերի համար շահավետ էր։ Բայց վախեցա զայրույթի հանկարծական ալիքից։ ― Փողոցի անկյունի այդ թաթար մուրացկանը շատ անշնորհք է,― ասացի դուրս գալիս։ Որպեսզի կույրի հետ նորից վեճի չբռնվեի, փողոցի մյուս ծայրից քայլելով՝ առավոտվա այդ վաղ ժամին անցա Թավուքփազարըի մոտով։ Ինչո՞ւ մուսուլմանները հավի գլուխն ու ոտքերը չեն ուտում։ Որովհետև տարօրինակ են։ Իմ լուսահոգի տատիկը պատմում էր, որ երբ Պորտուգալիայից եկել էին, հավի խաշած տոտիկներ էին ուտում։ Քամերարալըղըում ծառաներով շրջապատված, ձիու վրա ուղիղ նստած հպարտ փաշայի կին կամ հարուստի դուստր կամ էլ կին տեսա ու խոր հոգոց հանեցի։ Եթե հայրը գրքերին նվիրված, երազանքների աշխարհում զբոսնող մեկը չլիներ, եթե ամուսինը սաֆավիդների պատերազմից հաղթանակով վերադառնար, Շեքուրեն էլ այս հպարտ կնոջ պես կապրեր։ Բոլորից շատ նա էր դրան արժանի։ Երբ մտա Քարայի տան փողոցը, մի պահ սիրտս սկսեց արագ բաբախել։ Ուզո՞ւմ էի, որ Շեքուրեն ամուսնանար այս մարդու հետ։ Կարողանում եմ Շեքուրեին ու Հասանին միաժամանակ և՛ իրար հետ կապի մեջ, և՛ հեռու պահել, բայց Քարայի՞ն։ Շեքուրեի հանդեպ սիրուց բացի ամեն բան կարգին է։ ― Մանրավաճա՜ռ։ Միայնությունից, տխրությունից, ամուսին չունենալուց խենթացած սիրահարներին նամակ տալիս տեսածս երջանկությունը ոչ մի բանի հետ չեմ փոխի։ Եթե անգամ վստահ լինեն, որ ամենավատ լուրն են ստանալու, հենց սկսում են նամակը կարդալ, բոլորը պատվում են հույսի սարսուռով։ Քանի որ Շեքուրեն Քարային չէր պատմել ամուսնու վերադարձի մասին, «հույս չունենաս» խոսքն ասել էր մի պայմանով, Քարան, իհարկե, իրավացիորեն հույս ուներ։ Հաճույքով նայեցի, թե ինչպես է նամակը կարդում։ Երջանկությունից խռովվեց, անգամ վախեցավ։ Պատասխան գրելու համար ետ քաշվեց, ես էլ, խելացի մանրավաճառ կնոջ պես, բացեցի կեղծ կապոցս, ներսից մի սև քսակ հանեցի, ցույց տվեցի Քարայի հետաքրքրասեր տանտիրուհուն։ ― Ամենալավ իրանական թավշից է,– ասացի ես։ ― Որդիս զոհվել է պարսկական պատերազմում,― ասաց նա։― Դու Քարայի համար ումի՞ց ես նամակ տանում֊բերում։ Դեմքից հասկանում էի, որ ուզում է իր տգեղ աղջկան կամ ով գիտի՝ ում առյուծ Քարայի հետ ամուսնացնել։ ― Ոչ մեկից,― ասացի ես։– Բայրամփաշայում մահամերձ աղքատ բարեկամներից մեկը գումար է ուզում։ ― Վա՜յ, վա՜յ,― ասաց նա՝ առանց հավատալու։― Ո՞վ է այդ թշվառը։ ― Քո որդին ինչպե՞ս է զոհվել պատերազմում,― համառորեն հարցրի ես։ Թշնամաբար նայեցինք իրար։ Այրի, միայնակ կնոջ համար որքան դժվար է կյանքը։ Եթե մանրավաճառ, նամակ տանող-բերող Էսթեր լինեիք, կտեսնեիք, որ կյանքում միայն հարստությունը, իշխանությունը և հեքիաթային սիրո պատմություններն են մարդկանց հետաքրքրում։ Մնացածը՝ տխրությունը, ամուսնալուծությունը, նախանձը, մենակությունը, թշնամանքը, արցունքները, բամբասանքները և հավերժական աղքատությունն այս տան իրերի պես նման են իրար, այս հին, խամրած գույներով գորգը, կարկանդակի դատարկ սինու վրա մի շերեփ ու թաս, վառարանի կողքին՝ կրակխառնիչ ու մոխրի արկղ, մեծ ու փոքր հին սնդուկ, տղամարդու գլխարկի դարակ, որպեսզի ոչ ոք չհասկանա, որ տանն այրի կին կա, գողերին վախեցնելու համար՝ մի հին սուր։ Քարան մի զնգզնգացող քսակով ետ եկավ։ ― Մանրավաճա՛ռ,– ասաց ինձնից հետաքրքրասեր տանտիկնոջը լսելի ձայնով։– Վերցրու սա, տար խեղճ հիվանդին։ Եթե պատասխան ունի, թող անմիջապես ուղարկի։ Այսօր ամբողջ օրը Էնիշթե Չելեբիի մոտ եմ լինելու։ Այս բոլոր խաղերի կարիքը չկար։ Քարայի պես երիտասարդ կտրիճը կարիք չուներ թաքցնելու, որ նշաներ ստանալով՝ թաշկինակ, նամակ ուղարկելով՝ իր համար հարսնացու է փնտրում։ Թե՞ իսկապես ուզում էր տանտիրուհու դստեր հետ ամուսնանալ։ Երբեմն Քարային ընդհանրապես չէի վստահում և վախենում էի, որ Շեքուրեին կդավաճանի։ Չնայած որ ամբողջ օրը Շեքուրեի հետ նույն տանն է անցկացնում, նրանից ոչ մի նշան չի կարողանում ստանալ։ Փողոցում բացեցի քսակը, միջից տասներկու արծաթադրամ և մի նամակ դուրս եկավ։ Այնքան հետաքրքրված էի նամակով, որ անմիջապես վազեցի Հասանի մոտ։ Բանջարավաճառները շարել էին կաղամբն ու գազարը... Չնայած պռսասոխերի գրավիչ տեսքին՝ դիպչելու ժամանակ չունեի։ Երբ մտա փողոց, տեսա, որ կույր թաթարը կրկին հայհոյում է։ Միայն նրա ուղղությամբ թքեցի՝ թո՜ւհ։ Այս ստորն ինչո՞ւ ցրտից չի սառչում՝ մեռնում։ Երբ Հասանը նամակը մտքում կարդում էր, չէի կարողանում համբերել։ Ի վերջո, չդիմանալով՝ խնդրեցի, որ ինձ համար էլ կարդա։ «Իմ սիրելի Շեքուրե՛ հանըմ, ուզում ես, որ ավարտեմ հորդ գիրքը։ Իմացի՛ր, որ դրանից բացի այլ նպատակ չունեմ։ Այդ տուն այս նպատակով եմ գալիս, այլ ոչ թե, ինչպես դու ասացիր՝ քեզ անհանգստացնելու համար։ Շատ լավ եմ հասկանում, որ քո հանդեպ իմ սերն իմ խնդիրն է։ Բայց այդ սիրո պատճառով քո հոր՝ իմ փեսայի ցանկությամբ գրքի համար անհրաժեշտ տեքստը չեմ կարողանում գրել։ Տանը, երբ զգում եմ քո գոյությունը, սառում եմ ու չեմ կարողանում հորդ օգնել։ Շատ մտածեցի, սա միայն մի պատճառ կարող է ունենալ․ տասներկու տարի անց միայն մեկ անգամ կարողացա պատուհանի մոտ տեսնել քո դեմքը։ Այժմ այդ երազը կորցնելուց շատ եմ վախենում։ Եթե քեզ կարողանայի մի անգամ էլ մոտիկից տեսնել, չէի վախենա կորցնել դեմքդ, հեշտությամբ կավարտեի հորդ գիրքը։ Շևքեթն ինձ երեկ տարավ կախված հրեայի տուն։ Մեզ այս դատարկ տանը ոչ ոք չի տեսնի։ Շևքեթը երեկ ասաց, որ երազում ամուսնուդ մահացած ես տեսել»։ Հասանը նամակի որոշ հատվածներ առանց այն էլ տհաճ ձայնը կնոջ ձայնի պես բարակացնելով՝ խենթացած սիրահարի դողացող աղաչանքների պես ծիծաղելով էր կարդում։ «Քեզ մեկ անգամ տեսնելու» ցանկության պարսկերեն արտահայտությունը ծաղրեց։ ― Հենց տեսավ, որ Շեքուրեն հույս է տալիս, անմիջապես սկսեց սակարկել,― ասաց նա։― Այս հաշվենկատությունն իսկական սիրահարի գործ չէ։ ― Նա իսկապես սիրում է Շեքուրեին,― միամտաբար ասացի ես։ ― Այս խոսքդ էլ ապացուցում է, որ դու Քարային ես պաշտպանում,― ասաց նա։– Եթե գրել է, որ եղբորս մահը երազում տեսել է, նշանակում է, որ ամուսնու մահն ընդունում է։ ― Դա ընդամենը երազ է,― ասացի ես հիմարաբար։ ― Ես գիտեմ, թե Շևքեթը որքան խելացի ու խորամանկ է։ Այս տանը քանի՜ տարի միասին ենք ապրել։ Եթե մոր թույլտվությունն ու պահանջը չլիներ, Քարային կախված հրեայի տուն չէր տանի։ Եթե Շեքուրեն կարծում է, որ եղբորիցս, մեզնից կարող է ազատվել, սխալվում է։ Եղբայրս դեռ ողջ է ու վերադառնալու է պատերազմից։ Առանց խոսքն ավարտելու՝ մտավ ներսի սենյակ, վառարանի կրակից մոմ էր վառելու, բայց ձեռքն այրեց ու գոռաց։ Ձեռքը լպստելով՝ ի վերջո մոմը վառելով՝ դրեց գրակալի եզրին։ Մի պատրաստի փետրավոր գրիչ հանելով՝ թաթախեց թանաքամանի մեջ և արագ-արագ գրեց։ Անմիջապես հասկացա՝ նրան դուր է գալիս, որ իրեն եմ նայում, բայց որպեսզի ցույց տայի, որ նրանից չեմ վախենում, դժվարությամբ ժպտացի։ ― Ո՞վ է այդ կախված հրեան։ Դու կիմանաս։ ― Նրանց տան մոտ մի դեղին տուն կա։ Ասում են՝ նախկին սուլթանի սիրելի բժիշկը շատ հարուստ Մոշե Համոնը տարիներ շարունակ եղբորը ամասիացի հրեա սիրուհու հետ այդտեղ է թաքցրել։ Տարիներ առաջ փեսախի տոնի նախօրեին հրեական թաղամասում մի հույն երիտասարդ է կորչում, ասում են, իբրև նրա արյունից փեսախ պատրաստելու համար են սպանել։ Իսկ կեղծ վկաները սկսում են հարձակվել հրեաների վրա, սուլթանի սիրելի բժշկին եղբոր ու այդ գեղեցիկ կնոջ հետ առևանգում են, սուլթանի հրամանով թաքցնում։ Երբ սուլթանը մահանում է, թշնամիները չեն կարողանում գեղեցիկ կնոջը գտնել, բայց միայնակ ապրող մարդուն կախել են տալիս։ ― Եթե չսպասի պատերազմից եղբորս վերադարձին, Շեքուրեին էլ կպատժեն,― ասաց Հասանն ու տվեց նամակները։ Բայց դեմքին՝ զայրույթի ոչ մի նշան, միայն իսկական սիրահարներին հատուկ դժբախտություն և տխրություն։ Այդ պահին տեսա, թե սերն ինչպես է կարճ ժամանակում ծերացրել այդ մարդուն։ Մաքսատանն աշխատած գումարն էլ նրան չէր ջահելացրել։ Վիրավորական հայացքներից, այդքան սպառնալիքներից հետո մտածեցի, որ կրկին կհարցնի, թե ինչպես կարող է խաբել Շեքուրեին։ Բայց արդեն այնքան վատ մարդու էր վերածվել, որ չէր հարցնում։ Երբ մարդ մի անգամ ընդունում է, որ վատ մարդ է (ի դեպ, անպատասխան սիրահարվելը դրա պատճառ կարող է լինել) դրանից հետո ահավոր բաներ կարող են կատարվել։ Այնքան վախեցա այդ սարսափելի կարմիր թրից, որի մասին երեխաներն էին խոսում, ու շատ սուր էր, և նրա մտքերից, որ ինձ մի կերպ փողոց գցեցի։ Ահա այսպես բռնվեցի թաթար մուրացկանի հայհոյանքներից։ Բայց անմիջապես հավաքեցի ինձ. գետնից վերցրած մի քար փաթաթեցի թաշկինակի մեջ։ ― Վերցրու, կեղտոտ թաթար,― ասացի ես։ Առանց ծիծաղելու նայեցի՝ ինչպես է հույսով ձգվում դեպի քարը՝ կարծելով, թե փող է։ Առանց հայհոյանքները լսելու՝ լավ ամուսին գտնելով՝ ամուսնացրածս աղջիկներից մեկի տուն գնացի։ Սիրելի աղջիկս նախօրեից մՆացած, բայց դեռ խրթխրթան սպանախով կարկանդակ հյուրասիրեց ինձ, ցերեկվա համար լիքը ձվով և իմ սիրածի պես մի քիչ սալորով թթվեցրած գառան մսի ռագու էր եփում։ Սիրտը չկոտրելու համար սպասեցի ու թարմ հացով երկու լիքը շերեփ կերա։ Խաղողի օշարակ էլ էր եռացրել, առաՆց ամաչելու՝ վարդի մուրաբա ուզեցի, մի գդալ ավելացրի օշարակին, որ կերածս լավ մարսեմ, խմելուց հետո անբախտ Շեքուրեիս նամակները տարա։ == 26. Ես Շեքուրեն եմ == Ուզում էի ձեզ ասել, որ երբ Հայրիյեն ասաց՝ Էսթերը եկել է, երեկ լվացած, չորացրած սպիտակեղենն էի դնում սնդուկի մեջ։ Բայց ինչո՞ւ ստեմ ձեզ։ Լա՛վ, երբ Էսթերն եկավ, պահարանի անցքից հորս ու Քարային էի հետևում, և քանի որ Քարայից ու Հասանից անհամբեր նամակ էի սպասում, անընդհատ մտածում էի Էսթերի մասին։ Որովհետև ինչպես զգում էի մահվան հանդեպ հորս վախը, այնպես էլ գիտեի, որ Քարայի հետաքրքրությունն իմ հանդեպ հավերժական չէ։ Քարան և սիրահարված էր, և ուզում էր ամուսնանալ։ Քանի որ ցանկանում էր ամուսնանալ, հեշտությամբ սիրահարվում էր։ Եթե ոչ ինձ հետ, մեկ ուրիշի հետ կամուսնանար և ամուսնանալուց առաջ այդ կնոջն էլ անմիջապես կսիրահարվեր։ Խոհանոցում Հայրիյեն Էսթերին մի անկյունում էր նստեցրել, ձեռքն էլ մի բաժակ վարդաջրի օշարակ տվել՝ մեղավոր հայացքով ինձ էր նայում։ Հայրիյեի՝ հորս սիրուհին դառնալուց հետո անընդհատ մտածում եմ, որ նա իր տեսած ամեն բան հորս պատմում է, վախենում էի։ ― Իմ սևաչյա, իմ դժբախտ գեղեցկուհի, ուշացա, որովհետև իմ ամուսին Նեսիմ կոչեցյալը բաց չէր թողնում,– ասաց Էսթերը։– Քեզ սպասեցնող ամուսին չունես, գնահատիր դա։ Երբ նամակները հանեց, ձեռքից խլեցի։ Հայրիյեն նստեց մի անկյունում, որպեսզի ոչ ոքի չխանգարի, բայց կարողանա ամեն բան լսել։ Որպեսզի Էսթերը չկարողանա դեմքիս նայել, նրան մեջքով նստեցի, սկզբում Քարայի նամակը կարդացի։ Կախված հրեայի մասին մտածելիս մի պահ դողացի։ «Մի՛ վախեցիր, Շեքուրե՛, ամեն ինչ լավ կլինի»,― ասացի ինքս ինձ և սկսեցի կարդալ Հասանի նամակը։ Նա էլ էր անհանգիստ։ «Շեքուրե՛ հանըմ, այրվում եմ, բայց գիտեմ, որ դա քեզ համար նշանակություն չունի։ Գիշերներն իմ երազներում ինձ լերկ բլուրների վրա քո ստվերի ետևից վազելիս եմ տեսնում։ Ամեն անգամ, երբ նամակներս անպատասխան ես թողնում, ասես եռասայր նետ խրվի սիրտս։ Սա գրում եմ՝ հուսալով, որ կպատասխանես։ Մարդիկ խոսում են, երեխաներդ ասում են՝ երազիդ ամուսնուդ մահն ես տեսել, արդեն ասում ես, որ այրի կին ես։ Ճի՞շտ է, չգիտեմ։ Միայն գիտեմ, որ դեռ եղբորս կինն ես, որ պետք է այս տանը կապված լինես։ Քանի որ արդեն հայրս էլ է ասում, որ իրավացի եմ, այսօր քեզ տուն վերադարձնելու համար գնում ենք դատավորի մոտ։ Մեր հավաքած մարդկանց հետ ենք գալու, թող հայրդ էլ իմանա։ Կապոցդ պատրաստիր, տուն ես վերադառնում։ Պատասխանդ անմիջապես Էսթերի հետ կուղարկես»։ Նամակը երկրորդ անգամ կարդալուց հետո ինձ հավաքեցի և հարցական նայեցի Էսթերին։ Բայց ո՛չ Հասանի, ո՛չ էլ Քարայի մասին նոր ոչինչ չասաց։ Կաթսաների պահարանի անկյունում թաքցրածս մատիտն անմիջապես հանելով՝ թուղթը դրեցի հացի տախտակին և արդեն սկսելու էի Քարային նամակ գրել, երբ մի բան հիշեցի։ Շրջվելով՝ նայեցի Էսթերին. երեխայի պես այնպիսի երջանկությամբ էր վայելում վարդաջրի օշարակը, որ մի պահ կարծեցի՝ հիմարություն է մտածել, որ Էսթերը գիտի, թե ես ինչ եմ մտածում։ ― Ինչ լավ ես ժպտում, գեղեցկուհի՛ս,– ասաց նա։― Մի՛ անհանգստացիր, ամեն բան լավ ավարտ կունենա։ Քեզ պես գեղեցկուհու, տաղանդավոր աղջկա հետ ամուսնանալ ցանկացող հարուստ պարոնները, փաշաները շատ են Ստամբուլում։ Գիտեք, որ երբեմն մեկին մեր հավատացած բանի մասին այնպես ենք պատմում, որ ինքներս մեզ հարցնում ենք՝ ինչո՞ւ առանց հավատալու այս խոսքն ասացի։ Ահա ես էլ այդպես ասացի։ ― Բայց, Էսթեր, երկու երեխա ունեցող այրի կնոջ հետ ո՞վ կցանկանա ամուսնանալ, Աստծու սիրուն։ ― Քեզ նմանի հետ շա՜տ շատերը,― ասաց նա՝ ձեռքի շարժումով ցույց տալով, թե որքան շատ։ Նայում էի աչքերի մեջ։ Մտածում էի, որ նրան չեմ սիրում։ Այնքան լռեցի, մինչև հասկացավ, որ նամակ չեմ տալու, անգամ հասկացավ, որ պետք է գնա։ Երբ Էսթերը գնաց, ինչպեն ասեմ ձեզ, նույն լռությունն իմ հոգում զգալով՝ քաշվեցի իմ անկյունը։ Պատին հենվելով՝ երկար ժամանակ ոչինչ չմտածելով՝ մթության մեջ ոտքի վրա մնացի։ Իմ մասին մտածեցի, մտածեցի, թե ինչ եմ անելու, իմ մեջ մեծացող վախի մասին մտածեցի։ Այդ ընթացքում լսում էի՝ ինչպես են Օրհանն ու Շևքեթը վերևում խոսում։ ― Կնկա պես վախկոտ ես,– ասաց Շևքեթը։– Ետևից ես հարձակվում։ ― Ատամս շարժվում է,– ասաց Օրհանը։ Մյուս կողմից էլ հետևում էի, թե Քարան ու հայրս ինչ են անում։ Քանի որ արվեստանոցի կապույտ դուռը բաց էր, հանգիստ լսում էի, թե ինչ են խոսում։ ― Իտալացի վարպետների դիմանկարներից հետո մարդ վախով հասկանում է,– ասաց հայրս,– որ նկարի մեջ աչքերն արդեն միանման կլոր ու պարզ անցքեր չեն, այլ լույսը հայելու պես արտացոլող և ջրհորի պես ներծծող մեր աչքերին են նման։ Շրթունքները թղթի պես ուղիղ դեմքերի մեջտեղում ոչ թե մեկական ճեղք են, այլ իմաստալից կետեր։ Քիթը ոչ թե մեծ դեմքը մեջտեղից երկու մասի բաժանող խարխուլ պատ է, այլ ամեն մեկիս համար առանձին ձև ունեցող մեկական կենդանի, հետաքրքիր գործիք։ Արդյոք Քարան ինձ պես զարմանո՞ւմ էր, երբ հայրս անհավատ նկարիչների մասին խոսելիս ասում էր «մենք»։ Անցքից նայելիս Քարայի դեմքն այնքան գունատ էր երևում, որ մի պահ վախեցա։ Իմ սիրելի թխահեր, իմ դժբախտ կտրիճ, իմ մասին մտածելով ամբողջ գիշեր չքնելու պատճառո՞վ ես այսքան գունատ։ Գուցե չգիտեք. Քարան բարձրահասակ է, նրբակազմ ու գեղեցկադեմ։ Լայն ճակատ, նշաձև աչքեր, ուժեղ ու նուրբ քիթ ունի։ Ինչպես և մանկության տարիներին, ձեռքերը երկար են և բարակ, մատները շարժուն են և ճկուն։ Երբ ոտքի էր կանգնում, կարելի էր տեսնել՝ որքան նրբակազմ է, ձիգ, ուսերը մի քիչ լայն, բայց գեղեցիկ։ ՄանկությաՆ տարիներին և՛ մարմինը, և՛ դեմքն անհամաչափ էին։ Տասներկու տարի անց այս մութ անկյունից նրան առաջին անգամ դիտելիս անմիջապես հասկացա, որ հասուն մարդ է դարձել։ Այժմ, երբ մթության մեջ աչքս մոտեցնում եմ անցքին, Քարայի դեմքին տասներկու տարի առաջ տեսածս տխրությունն եմ տեսնում։ Ինձ համար այսքան տառապելն ինձ մեղքի և հպարտության զգացողություն է ներշնչում։ Գրքի համար արված մի նկարի նայելիս հորս պատմածները լսող Քարայի դեմքն ամբողջովին երեխայական ու անմեղ էր։ Հենց այդ պահին տեսնելով, թե ինչպես է վարդագույն շրթունքները երեխայի պես բացում, հանկարծակի ցանկացա կուրծքս նրանց արանքում դնել։ Մատներս նրա ծոծրակի, մազերի վրայով սահեցնելիս Քարան իմ երեխաների պես կուրծքս բերանը դնելով երջանկությունից աչքերը կփակի և խեղճ, անճարակ երեխայի պես կհասկանա, որ միայն իմ սիրով կարող է խաղաղություն գտնել և մինչև կյանքի վերջ կսիրի ինձ։ Այս երազն ինձ այնքան դուր եկավ, որ մի քիչ քրտնելով՝ պատկերացրի, որ նա ոչ թե սատանայի նկարին է նայում, որը հայրս էր ցույց տալիս, այլ զարմանքով և ուշադրությամբ նայում է, թե ինչպես են կրծքերս ուռչում։ Ոչ միայն կրծքիս, նաև վզիս, ամեն ինչիս հարբած մարդու պես էր նայում։ Ինձ այնքան էր սիրում, որ անգամ երիտասարդ տարիքում չասած բառերն էր ասում, հասկանում էի, որ հիացած է իմ դեմքով, հայացքով, իմ հպարտ կեցվածքով, իմ փորձառությամբ, ամուսնուս համբերատար ու քաջությամբ սպասելով, նրան գրած նամակներիս գեղեցկությամբ։ Մի պահ զայրացա կրկին ամուսնանալս կազմակերպող հորս վրա։ Հոգնել եմ եվրոպացի նկարիչների կրկնօրինակումներից, իր նկարիչներին պատվիրած նկարներից, Վենետիկի հուշերից։ Աչքերս կրկին փակելով՝ ասացի՝ Աստվա՜ծ իմ, ես սա իմ կամքով չեմ արել, երազումս Քարան այնքան գրավիչ մոտեցավ ինձ, որ մթության մեջ կարծես նրան իմ կողքին կանգնած զգացի։ Հանկարծակի հասկացա, որ իմ թիկունքում է կանգնած, համբուրում է ծոծրակս, վիզս, ականջներիս ետևը, հասկացա, որ շատ ուժեղ է։ Քանի որ ուժեղ էր, մեծ և կոպիտ, ինձ ապահով էի զգում։ Ծոծրակս խուտուտ էր գալիս, պտուկներովս սարսուռ էր անցնում։ Կարծես մթության մեջ աչքերս փակելիս զգացի, որ նրա բանն ինձ է մոտենում։ Գլուխս պտտվեց։ Արդյոք Քարայինն ինչպիսի՞ն է։ Երբեմն իմ երազներում տառապող ամուսնուս եմ տեսնում։ Տեսնում եմ, որ ամուսինս սաֆավիդ զինվորների նիզակներից, նետերից վիրավորված մարմնով մեզ է մոտենում, բայց մեր միջև մի գետ կա։ Գետի մյուս կողմից ինձ արյան ու ցավի մեջ ձայն է տալիս, նայում եմ և տեսնում, որ շալվարի առաջը հսկայական է։ Եթե բաղնիքում Գյուլլու հարսի պատմածները և ծեր պառավների ասածը ճիշտ է, ուրեմն այդ մեծ բանն այնքան էլ մեծ չէր։ Եթե Քարայինը նրանից մեծ է, եթե երեկ Շևքեթի հետ ուղարկածս դատարկ թղթից հետո գոտու տակ տեսածս այդ հսկայական բանն է (կարծում եմ որ, այո, իսկապես դա էր) վախեցա, որ իմ մեջ չի մտնի, կամ էլ շատ կցավեցնի։ ― Մայրի՛կ, Շևքեթն ինձ նմանակում է։ Դուրս եկա պահարանի մութ անկյունից, անձայն գնացի դիմացի սենյակ, սնդուկից կարմիր բրդե անթևնոցս հանեցի, հագա։ Իմ ներքնակն էին հանել, կանգնել վրան՝ գոռգոռալով կռվում էին։ ― Ձեզ չե՞մ ասել, որ երբ Քարան գալիս է, տանը չպետք է բղավեք։ ― Մայրիկ, ինչո՞ւ ես կարմիր անթևնոցդ հագել,– հարցրեց Շևքեթը։ ― Բայց, մայրիկ, Շևքեթն ինձ նմանակում է,– ասաց Օրհանը։ ― Քեզ չե՞մ ասել, որ նրան չնմանակես։ Սա ի՞նչ կեղտոտ բան է։ Անկյունում մի կաշվի կտոր կար։ ― Սատկած կենդանու կաշի է,– ասաց Օրհանը։– Շևքեթն է վերցրել ճանապարհից։ ― Տարեք շուտ գցեք այնտեղ, որտեղից վերցրել եք։ ― Թող Շևքեթը տանի։ ― Ասացի՝ գնացեք։ Տեսնելով, թե որքան վճռական եմ, քանի որ ինչպես միշտ նրանց խփելուց առաջ սկսեցի զայրացած կրծել շրթունքիս ծայրը, վախեցան ու դուրս եկան։ Հուսամ՝ շուտ կվերադառնան ու չեն հիվանդանա։ Բոլոր նկարիչներից ամենաշատը Քարային հավանեցի, որովհետև բոլորից շատ եմ սիրում և գիտեմ նրա հոգին։ Թուղթ ու գրիչ հանեցի և արագ, ասես առանց մտածելու, գրեցի. «Լա՛վ, երեկոյան էզանից առաջ կախված հրեայի տանը կհանդիպեմ քեզ։ Հորս գիրքը հնարավորինս շուտ ավարտին հասցրու»։ Հասանին չպատասխանեցի, որովհետև անգամ եթե գնար դատավորի մոտ, չէի հավատում, որ նրա և հոր հավաքած մարդիկ անմիջապես կգային մեր տուն։ Եթե այդպես լիներ, նամակ չէր գրի, ինձնից պատասխան չէր սպասի, այլ անմիջապես մեր տուն կգային։ Հիմա ինձնից նամակ է սպասում, եթե չգրեմ, կխենթանա և մարդկանց արագ հավաքելով կգա մեր տուն։ Չմտածեք, որ նրանից չեմ վախենում։ Իրականում Քարային վստահում եմ, որովհետև ինձ կարող է նրանից պաշտպանել։ Բայց ասեմ, թե ինչ եմ զգում, հավանաբար այդքան էլ չեմ վախենում Հասանից, որովհետև նրան էլ եմ սիրում։ Եթե ասեք, թե սիրել ինչ է նշանակում, չեմ զայրանա, կասեմ, որ ճիշտ եք։ Այն տարիներին, երբ նույն հարկի տակ սպասում էինք պատերազմից ամուսնուս վերադարձին, տեսել եմ, թե այդ մարդը որքան խղճուկ է, թույլ և որքան է օգտվում առիթներից։ Բայց հիմա Էսթերն ասում է, թե նա որքան գումար է վաստակում, և Էսթերի բարձրացող հոնքերից հասկանում եմ, որ սուտ չի ասում։ Քանի որ արդեն փող և ինքնավստահություն ունի, կարծում եմ, որ Հասանին վանող դարձնող այդ բոլոր թերությունները վերացել են և ինձ գրավող այդ մութ, ջինի պես տարօրինակ կողմն է ի հայտ եկել։ Դա բացահայտեցի ինձ համառորեն ուղարկած նամակներից։ Քանի որ և՛ Քարան, և՛ Հասանը սիրահարված են ինձ, շատ են տառապել։ Քարան տասներկու տարով հեռացավ, անհետացավ նեղացավ։ Հասանն ինձ ամեն օր թռչունների ու եղնիկների նկարներով զարդարված նամակներ ուղարկեց։ Այդ նամակները կարդալիս սկզբում վախեցա, հետո սկսեցի հետաքրքրվել։ Քանի որ գիտեի՝ Հասանն էլ ինձնով է հետաքրքրվում, չզարմացա, որ գիտի իմ երազի մասին։ Ես միայն կասկածում էի, որ Քարային ուղարկած նամակներս Էսթերը տալիս է Հասանին, որ կարդա։ Այդ պատճառով Քարային նամակս Էսթերի միջոցով չուղարկեցի։ Դուք կիմանաք՝ իմ կասկածներն իրավացի՞ են, թե՞ ոչ։ ― Ո՞ւր մնացիք,– հարցրի, երբ երեխաները վերադարձան։ Բայց անմիջապես հասկացան, որ իսկական զայրույթով չասացի։ Օրհանից թաքուն՝ Շևքեթին մի անկյուն տարա՝ մութ պահարանի անկյունը։ Նրան առա գիրկս։ Վիզը, մազերը, ծոծրակը համբուրեցի։ ― Մրսել ես, սիրելի՛ս,– ասացի։– Այդ գեղեցիկ ձեռքերդ դիր ձեռքերիս մեջ, մայրիկը կտաքացնի... Ձեռքերից զզվելի հոտ էր գալիս, բայց ոչինչ չասացի։ Գլուխը հենելով կրծքիս՝ ամուր փաթաթվեցի։ Քիչ անց տաքացավ և հաճույքից փայլող կատվի պես երես առավ։ ― Մայրիկիդ ինչքա՞ն ես սիրում։ ― Մմ՜մ՜հ՜մ՜մ՜մ՜։ ― Շա՞տ։ ― Շատ։ ― Բոլորից շա՞տ։ ― Բոլորից շատ։ ― Այդ դեպքում ես էլ քեզ մի բան կասեմ,– ասացի ես՝ կարծես գաղտնիք էի հայտնում։– Բայց ոչ մեկին չես ասելու, լա՞վ։ Ես էլ քեզ եմ բոլորից շատ սիրում, հասկացա՞ր,– շշնջացի ականջին։ ― Օրհանից էլ շա՞տ։ ― Օրհանից էլ շատ։ Օրհանը փոքրիկ, թռչնի պես բան է, ոչինչ չի հասկանում։ Դու ավելի խելացի ես, հասկանում ես։ Մազերը հոտոտելով՝ համբուրեցի։ ― Այդ պատճառով հիմա քեզնից մի բան եմ ուզելու։ Երեկ Քարա էֆենդուն թաքուն դատարկ նամակ տվեցիր։ Այսօր էլ ես տանելու, լա՞վ։ ― Հորս նա է սպանել։ ― Ի՞նչ։ – Հորս նա է սպանել։ Երեկ կախված հրեայի տանն ասաց։ ― Ի՞նչ ասաց։ ― Ասաց՝ հորդ ես եմ սպանել։ Ես շատ մարդ եմ սպանել։ Ինչ-որ բան կատարվեց։ Շևքեթը գրկիցս իջավ, սկսեց արտասվել։ Ինչո՞ւ է այս երեխան լալիս։ Գուցե քիչ առաջ չդիմացա ու ապտակեցի։ Չեմ ուզում, որ մտածեք, թե քարսիրտ եմ։ Բայց զայրացա, երբ այդպես խոսեց մարդու մասին, ով նրանց հոր պես էր նայելու։ Հուզվեցի, երբ տեսա, որ խեղճ որբուկը դեռ արտասվում է։ Ես էլ էի ուզում լաց լինել։ Փաթաթվեցինք իրար։ Երբեմն հեծկլտում էր, բայց մի՞թե ապտակի պատճառով էր արտասվում։ Գլուխը շոյեցի։ Ամեն ինչ այսպես սկսվեց, գիտեք, որ երեկ զրուցելիս հորս ասացի, որ երագում ամուսնուս մահն եմ տեսել։ Իրականում պարսիկների հետ պատերազմի գնալուց ի վեր չորս տարի շարունակ հաճախ էի նրան երազում տեսնում, բացի այդ, տեսնում էի մի հանգուցյալի, բայց պարզ չէր նա էր, թե ոչ։ Երազները միշտ այլ նպատակ են ունենում։ Պորտուգալիայում, որտեղից Էսթերի տատիկն է սերում, երազները ծառայում են անհավատների՝ սատանայի հետ հանդիպմանը և սիրով զբաղվելուն։ Այդ ժամանակ Էսթերի ընտանիքը հրաժարվել էր հրեականությունից և որոշել էր ձեզ պես կաթոլիկ քրիստոնյա դառնալ, բայց պորտուգալական եկեղեցու ճիզվիտ ինկվիզիտորները, չհավատալով սրան՝ բոլորին տանջելով՝ մեկ առ մեկ նրանց երազների ջիներին ի հայտ են բերում, տանջանքի սպառնալիքով նրանց վերագրում են նաև երազներ, որ չեն տեսել և ստիպում են խոստովանություններ անել, որպեսզի կարողանան բոլոր հրեաներին բռնել։ Նշանակում է՝ այնտեղ երազներ սատանայի հետ գործարքի մեջ մտնելուն և նրանց մեղադրելով վերացնելու նպատակին է ծառայում։ Երազները երեք նպատակ ունեն. '''Այբ.''' Մի բան ես ցանկանում, բայց անգամ թույլ չեն տալիս, որ ցանկանաս։ Այդ դեպքում ասում ես, որ երազումդ ես տեսել։ Այսպիսով, կարծես անկախ քո կամքից ցանկանացածդ բանն ես սկսում ցանկանալ։ '''Բեն.''' Ուզում ես մեկին վատություն անել։ Օրինակ՝ մեկի մասին հերյուրանքներ ես տարածում։ Այդ ժամանակ ասում ես՝ երազումս տեսել եմ, որ այսինչ կինը դավաճանում է կամ էլ, որ այսինչ փաշային տակառներով գինի էին տանում։ Այսպիսով, եթե անգամ չհավատան, վատության գոնե մի մասը տպավորվում է մարդկանց մեջ։ '''Գիմ.''' Մի բան կուզես, բայց չես էլ իմանա՝ ինչ։ Մի խառը երազ կպատմես։ Անմիջապես մեկնաբանելով՝ քեզ կասեն, թե ինչ պետք է ուզես, ինչ կարող են քեզ տալ։ Օրինակ՝ ասում ես, որ ամուսնու, երեխայի տան կարիք ունես... Այս երազներն իրականում այն չեն, ինչ քնելիս տեսել ենք։ Բոլորը պետք է ցերեկվա երազածը պատմեն որպես գիշերվա երազ, որպեսզի այն իր նպատակին ծառայի։ Գիշերվա իսկական երազը միայն հիմարներն են պատմում։ Նման դեպքերում քեզ կամ ծաղրում են, կամ ամեն անգամվա պես երազիդ վատ մեկնաբանություն են տալիս։ Իսկ իրական երազները ոչ ոք լուրջ չի ընդունում, անգամ տեսնողները։ Իսկ դուք լո՞ւրջ եք ընդունում։ Երբ հպանցիկ ասացի, որ այդպիսի երազ եմ տեսել, հայրս նախևառաջ ասաց, որ այն չի կարող ընդունվել որպես ճշմարտություն։ Բայց երբ վերադարձավ հուղարկավորությունից, այդ անգամ եկավ եզրակացության, որ ամուսինս մահացել է։ Այսպիսով, չորս տարուց ի վեր կորած ամուսնուս մահվանը ոչ միայն բոլորը հավատացին, այլև ընդունեցին, ասես հայտարարեցին այդ մահվան մասին։ Այդ ժամանակ իսկապես հասկացան, որ երեխաները որբ են մնացել և տխրեցին։ ― Երազներ տեսնո՞ւմ ես,– հարցրի Շևքեթին։ ― Այո՛,― ասաց նա ժպտալով։– Հայրս չի գալիս, բայց ես քեզ հետ եմ ամուսնանում։ Նեղ քիթը, սև աչքերը, լայն ճակատը ոչ թե հորն էին նման, այլ ինձ։ Երբեմն ինձ մեղավոր եմ զգում, որ համառ որդիներս չեն ժառանգել հոր լայն ու բարձր ճակատը։ ― Դե՛, գնա եղբորդ հետ թրով խաղա։ ― Հորս հին թրո՞վ։ ― Այո։ Լսելով երեխաների ձայները և փայտի թխթխկոցները երկար նայում էի առաստաղին՝ փորձելով հաղթահարել իմ ներսում բարձրացող վախն ու անհանգստությունը։ Իջա խոհանոց, Հայրիյեին ասացի. ― Հայրս ինչքան ժամանակ է՝ ձկան ապուր է ուզում։ Գուցե քեզ Քադըրգա ուղարկեմ։ Շևքեթի սիրած պաստեղից մի քանի թերթ թաքցրել եմ, հանիր, տուր երեխաներին։ Մինչ Շևքեթը խոհանոցում ուտում էր, ես ու Օրհանը բարձրացանք վերև։ Նրան գրկեցի, վիզը համբուրեցի։ ― Քրտնել ես,– ասացի ես։– Ի՞նչ է պատահել։ ― Շևքեթը հորեղբորս կարմիր թրի պատճառով ինձ խփեց։ ― Կապտել է,– ասացի ես, ձեռք տվեցի։– Ցավո՞ւմ է։ Շևքեթը հոգատար չէ։ Տե՛ս՝ քեզ մի բան եմ ասելու։ Դու շատ խելացի ես, նուրբ ես։ Քեզնից մի բան եմ ուզելու։ Եթե անես, Շևքեթին ու բոլորին անհայտ գաղտնիք կասեմ քեզ։ ― Ի՞նչ։ ― Տեսնո՞ւմ ես այս թուղթը։ Կգնաս պապիդ մոտ։ Առանց նրան ցույց տալու՝ սա Քարա էֆենդիին կտաս։ Հասկացա՞ր։ ― Հասկացա։ ― Կանե՞ս։ ― Ի՞նչ գաղտնիք ես հայտնելու ինձ։ ― Դու թուղթը տար,– ասացի ես։ Նորից համբուրեցի անուշաբույր վիզը։ Անուշաբույր ասելիս հիշեցի. որքան ժամանակ է՝ Հայրիյեն երեխաներին բաղնիք չի տարել։ Ինչ Շևքեթը հասունացել է բաղնիքի կանանց տեսնելու համար, չեն գնացել։ ― Գաղտնիքը հետո կասեմ։ Համբուրեցի։ ― Շատ խելացի ես, շատ գեղեցիկ ես։ Շևքեթը չարաճճի է։ Նա մոր վրա անգամ ձեռք կբարձրացնի։ ― Չեմ տանի,– ասաց նա։– Քարա էֆենդուց վախենում եմ, նա հորս սպանել է։ ― Շևքեթն է ասել, չէ՞,– ասացի ես։– Արագ իջիր ներքև, կանչիր նրան։ Տեսնելով, որ զայրացած եմ, վախեցած իջավ գրկիցս ու գնաց։ Գուցե մի քիչ էլ գոհ էր, որ Շևքեթը պատասխան է տալու։ Քիչ անց երկուսն էլ շնչակտուր եկան։ Շևքեթի մի ձեռքին պաստեղ էր, մյուսում՝ թուրը։ ― Եղբորդ ասել ես, որ Քարա էֆենդին է սպանել ձեր հորը,– ասացի ես։– Այլևս նման բան չլսվի այս տանը։ Քարա էֆենդուն սիրելու եք, հարգելու եք։ Հասկացա՞ք։ Ամբողջ կյանքն առանց հոր չեք անցկացնելու։ ― Ես նրան չեմ ուզում։ Ես կգնամ մեր տուն, Հասան հորեղբոր մոտ կվերադառնամ, հորս կսպասեմ,― անամոթաբար ասաց Շևքեթը։ Մի պահ այնքան զայրացա, որ ապտակեցի նրան։ Թուրը ձեռքից ընկավ։ ― Հորս եմ ուզում,– լաց լինելով ասաց նա։ Բայց ես նրանից ավելի էի լալիս։ ― Ձեր հայրն արդեն չկա, չի վերադառնալու,― ասացի ես արտասվելով։ Երկար լացեցինք։ Մի քիչ արտասվելուց ինձ ավելի լավ մարդ էի զգում, այդ պահին հասկացա, որ արտասվում եմ։ Լացելով փաթաթվեցինք իրար, պառկեցինք մահճակալին։ Շևքեթը գլուխը հենել էր կրծքիս։ Երբեմն երբ այսպես հպվում է, զգում եմ, որ չի քնում։ Գուցե ես էլ քնեի նրանց հետ, բայց մտածում էի, թե ներքևում ինչ է կատարվում։ Եռացրած թուրինջի քաղցր հոտ էր գալիս։ Անմիջապես վեր ցատկելով՝ այնպիսի աղմուկ բարձրացրի, որ երեխաներն արթնացան։ ― Իջեք ներքև, թող Հայրիյեն ձեզ կերակրի։ Սենյակում մենակ էի։ Սկսել էր ձյուն գալ։ «Աստված իմ, օգնիր ինձ»,– աղաչեցի ես, հետո Ղուրանը բացեցի, «Ալի Իմրան» սուրահից մեկ անգամ էլ կարդալով, որ Ալլահի ճանապարհին սպանվածներն Ալլահի մոտ են գնում, ինձ հանգիստ զգացի լուսահոգի ամուսնուս համար։ Արդյոք հայրս Քարային ցո՞ւյց էր տվել մեր սուլթանի համար նկարած նկարը։ Ասում էր, որ նկարն այնպիսի հավատ է ներշնչում, որ նայողը, մեր սուլթանի աչքերին նայել փորձող բոլորի պես վախենալով՝ հայացքը թեքում է։ Օրհանին կանչեցի ինձ մոտ։ Առանց գիրկս առնելու երկար համբուրեցի։ ― Հիմա առանց վախենալու և առանց պապիդ ցույց տալու անմիջապես այս թուղթը Քարային ես տալու։ Հասկացա՞ր։ ― Ատամս շարժվում է։ ― Եթե ուզում ես, վերադառնալուց հետո կարող եմ քաշել,– ասացի ես։– Կհպվես նրան, նա էլ զարմանքից կփաթաթվի քեզ։ Այդ ժամանակ թուղթը թաքուն կտաս։ Հասկացա՞ր։ ― Վախենում եմ։ ― Վախենալու ոչինչ չկա։ Եթե Քարան չլինի, ո՞վ քեզ հայրություն կանի, գիտե՞ս։ Հասան հորեղբայրը։ Կուզե՞ս, որ Հասան հորեղբայրը հայրդ լինի։ ― Ոչ։ ― Ուրեմն գնա, իմ գեղեցիկ, խելացի Օրհան,– ասացի ես։― Թե չէ կբարկանամ... Եթե լաց լինես, ավելի շատ կբարկանամ։ Հուսահատությամբ ու հնազանդորեն մեկնած փոքրիկ ձեռքում դրեցի Նամակը։ Աստվա՜ծ իմ, ամեն ինչ՝ այս որբուկների անհայր չմնալու համար, օգնիր ինձ։ Ձեռքը բռնելով՝ տարա դռան մոտ։ Դռան շեմին վերջին անգամ վախով նայեց ինձ։ Մի անկյուն քաշվելով՝ հետևեցի, թե ինչպես է ամաչկոտ քայլերով մտնում սենյակ, մոտենում հորս և Քարային, կանգնում, մի պահ կանգնած մնում՝ չիմանալով ինչ անել, թիկունքում ինձ փնտրելով՝ մի պահ շրջվելով անցքին նայում։ Սկսեց արտասվել։ Բայց ի վերջո կարողացավ իրեն նետել Քարայի գիրկը։ Քանի որ Քարան հասկանում էր, որ պետք է երեխաներիս հայրը դառնալուն արժանի լինի, տեսնելով իր գրկում արտասվող Օրհանին՝ չանհանգստացավ, նախևառաջ ստուգեց երեխայի ափերը։ Հորս զարմացած հայացքի տակ Օրհանը ետ դարձավ, և ես նրան անմիջապես գիրկս առա, համբուրեցի, իջեցրի խոհանոց, նրան իր սիրած չամիչից տվեցի ու ասացի. ― Հայրիյե՛, դու երեխաների հետ գնա Քադըրգայի նավամատույց, Քոստայի խանութից հորս ապուրի համար տառեխ գնեք։ Վերցրու այս քսան արծաթադրամը, ձկան փողի մնացորդով վերադարձին Օրհանի սիրած դեղին թզից ու թթի չրից կառնեք։ Իսկ Շևքեթին՝ չորացրած սիսեռ և ընկույզի սուջուխ։ Մինչև երեկոյան էզանը որքան կուզես զբոսնիր նրանց հետ, բայց ուշադի՛ր՝ չմրսեն։ Երթ բոլորը հագնվելով դուրս եկան, ինձ դուր եկավ տան լռությունը։ Վերև բարձրացա, սկսեսրոջս պատրաստած, ամուսնուս՝ ինձ նվիրած հայելին հանեցի թաքցրած տեղից՝ նարդոս բուրող բարձերի արանքից, կախեցի։ Կանգնեցի նրա առջև։ Նայելիս ինձ թվաց, որ եթե անգամ մի փոքր շարժում անեմ, կկարողանամ իմ մասնատված մարմինը տեսնել հայելու մեջ։ Կարմիր բրդե անթևնոցս ինձ սազում էր, բայց ուզում էի, որ մորս օժիտի սնդուկից հանած մանուշակագույն վերնաշապիկն էլ հագնեմ։ Սնդուկից հանեցի նաև տատիկիս՝ սեփական ձեռքով ասեղնագործած ծաղկավոր պիստակի գույնի ժակետը, բայց վրաս չեղավ։ Մանուշակագույն վերնաշապիկը հագնելիս մրսեցի, դողացի, ինձ հետ մեկտեղ մոմի կրակն էլ դողաց։ Իհարկե, ամենավերջում ներսից աղվեսի մորթով կարմիր փարաջաս էի հագնելու, բայց վերջին պահին մտափոխվելով՝ անձայն անցնելով հորս սենյակի մոտով՝ մորս նվիրած լայն ու երկար, հիանալի բրդից փարաջան հանեցի սնդուկից, հագա։ Բայց այդ պահին դռան մոտ ձայներ լսելով՝ մի պահ խուճապի մատնվեցի. Քարան է գալիս։ Անմիջապես մորս հին փարաջան հանեցի, մորթե կարմիր փարաջան հագա։ Կուրծքս սեղմում էր, բայց ինձ դուր էր գալիս։ Ամենափափուկ, ամենասպիտակ քողը կապեցի, ամբողջովին փակեցի դեմքս։ Իհարկե, դեռ Քարա էֆենդին դուրս չէր եկել, հուզմունքից սխալվել էի։ Եթե հիմա դուրս գամ, կասեմ, որ հորս համար երեխաների հետ ձուկ գնելու եմ ելել։ Աստիճաներով կատվի պես իջա։ Դուռը ուրվականի պես ծածկեցի։ Անձայն անցա բակը, փողոց դուրս գալով՝ մի պահ կանգ առա, ետ նայեցի. քողիս տակից մեր տունը լրիվ օտար թվաց ինձ։ Փողոցներում ոչ ոք չկար, անգամ կատու չկար։ Թեթև ձյուն էր գալիս։ Վախենալով՝ մտա լքված այգի, ուր արևն անգամ չի մտնում։ Նեխած տերևների, խոնավության ու մահվան հոտ էր գալիս, բայց կախված հրեայի տուն մտնելուն պես ինձ տանը զգացի։ Ասում են, որ գիշերներն այստեղ ջիները հանդիպում են, կրակ վառելով՝ միասին զվարճանում։ Դատարկ տանն իմ ոտնաձայները լսելը սարսափելի էր. առանց շարժվելու սպասեցի։ Այգում շարժում լսեցի, բայց անմիջապես ամեն բան թաղվեց լռության մեջ։ Մոտիկից շան հաչոց լսվեց, մեր թաղամասի բոլոր շներին ճանաչում էի հաչոցով, բայց այս մեկին չճանաչեցի։ Հետո լռության մեջ մի բան զգացի, անշարժացել էի՝ ասես չէի ցանկանում, որ տանը մեկը լսեր իմ ոտնաձայները։ Երբ փողոցով մեկը խոսելով անցավ մտածեցի Հայրիյեի և երեխաների մասին, հուսամ՝ չեն մրսի։ Դրան հետևող լռության մեջ աստիճանաբար սկսեցի զղջում զգալ։ Քարան չէր գալու, ես սխալ էի գործել, պետք է առանց արժանապատվությունս ոտնահարելու տուն վերադառնայի։ Սարսափով պատկերացնում էի, որ Հասանը հետևում է ինձ, երբ այգում խշխշոց լսեցի։ Դուռը բացվեց։ Անմիջապես տեղս փոխեցի։ Չգիտեմ՝ ինչու այդպես արեցի, բայց երբ կանգնեցի արևի լույսի տակ մնացած պատուհանի ձախ կողմում, հասկացա, որ Քարան ինձ, ինչպես հայրս է ասում, կտեսնի ստվերների մեջ։ Քողս իջեցրի և ոտնաձայները լսելով՝ սպասեցի։ Դռան շեմն անցնելուց հետո ինձ տեսած Քարան մի քանի քայլ արեց և կանգնեց։ Այսպիսով, մի քանի քայլ հեռավորության վրա կանգնած՝ միմյանց նայեցինք։ Ավելի առողջ և ուժեղ էր երևում, քան տեսնում էի անցքից։ Լռություն տիրեց։ ― Բարձրացրու քողդ,– շշնջաց նա։– Խնդրում եմ։ ― Ես ամուսնացած եմ, ամուսնուս եմ սպասում։ ― Բարձրացրու քողդ,– ասաց նույն ձայնով։― Նա երբեք չի վերադառնալու։ ― Դա ասելու համա՞ր ես ինձ այստեղ կանչել։ ― Ոչ, քեզ տեսնելու համար։ Տասներկու տարի քո մասին եմ մտածում։ Բարձրացրու քողդ, սիրելիս, ուզում եմ մեկ անգամ տեսնել քեզ Քողս բարձրացրի։ Առանց ձայն հանելու՝ դեմքիս, աչքերիս մեջ երկար նայելն ինձ դուր եկավ։ ― Ամուսնությունը, մայրությունը քեզ ավելի են գեղեցկացրել։ Դեմքդ էլ է փոխվել։ ― Իսկ դու ինձ ինչպե՞ս էիր հիշում։ ― Ցավով, որովհետև հիշելիս հասկանում էի, որ ոչ թե քո, այլ քո երազանքի մասին էի մտածում։ Հիշում ես, չէ՞՝ ինչպես էինք մեր մանկության տարիներին խոսում սիրահարված Խոսրովի ու Շիրինի մասին։ Երբ Շիրինն առաջին անգամ ծառի ճյուղին տեսավ Խոսրովի նկարը, ինչո՞ւ միանգամից չսիրահարվեց, այլ սիրահարվելու համար երեք անգամ նայեց նկարին։ Դու ասում էիր, որ հեքիաթներում ամեն ինչ պետք է երեք անգամ լինի։ Ես ասում էի, որ սերը պետք է առաջին պահին բռնկվի։ Բայց ո՞վ կարող էր Խոսրովի նկարն այնքան իրական նկարել, որ նա սիրահարվեր, որ կարողանար ճանաչել։ Այդ մասին չէինք խոսում։ Գուցե եթե այս տասներկու տարվա ընթացքում քեզնից այդպիսի նկար ունենայի, այսքան չտառապեի։ Նկարին նայելով սիրահարվելու մասին առակը և իմ տառապալից ճանապարհն ինձ շատ բան սովորեցրին։ Քանի որ այդ պահին ուշադրությունս կենտրոնացրել էի նրա՝ քայլ առ քայլ ինձ մոտենալուն, ասածները բառ առ բառ չէին տպավորվում մտքումս, այլ անմիջապես խառնվում էին իմ հիշողություններին։ Դրանց մասին հետո հիշելով՝ մեկ առ մեկ մտածելու էի։ Այժմ միայն զգում էի նրա ասածների կախարդանքը, կապվում էի նրան։ Ինձ մեղավոր էի զգում տասներկու տարի նրան տառապանք պատճառելու համար։ Ինչ գեղեցիկ խոսքեր ասող, ինչքան լավ մարդ էր Քարան։ Միամիտ երեխայի պես։ Դա կարդում էի նրա աչքերից։ Ինձ վստահություն էր տալիս այն, որ ինձ այդքան սիրում է։ Փաթաթվեցինք։ Այնքան դուր եկավ ինձ, որ մեղքի զգացում անգամ չունեցա։ Մեղրից էլ քաղցր, շատ հաճելի զգացողությունից հալվեցի։ Ավելի ամուր գրկեցի նրան։ Թույլ տվեցի, որ համբուրի, ես էլ իրեն համբուրեցի։ Համբուրվելիս կարծես ամբողջ աշխարհը քաղցր մթության մեջ թաղվեց։ Ցանկացա, որ բոլորը մեզ պես իրար փաթաթվեն։ Կարծես հիշում էի, թե ինչ է նշանակում սիրել։ Լեզուն մտցրեց բերանս։ Դա ինձ այնքան էր դուր գալիս, որ կարծես մեզ հետ մեկտեղ աշխարհը փայլող բարության մեջ էր մտնում, ոչ մի վատ բան չէի կարողանում հիշել։ Եթե իմ այս խեղճ պատմության մասին մի օր գիրք գրվի, և եթե Հերաթի լեգենդար նկարիչներն այն պատկերազարդեն, ասեմ, թե Քարայի և իմ փաթաթվելն ինչպես է պատկերվելու։ Հորս՝ ոգևորությամբ ինձ ցույց տված որոշ էջեր կան. տեքստի համաձայն՝ տերևների շարժումները և, պատերի զարդարանքները նույն ոգևորությամբ, իսկ էջի գրերը և շրջանակը նույն կերպ իր թևով ճեղքող ճնճղուկի անհանգստությունը և սիրահարների անհանգստությունը նման են իրար։ Իրար հեռվից նայող, բազմանշանակ բառերով միմյանց նախատող սիրահարներն այս նկարներում այնքան փոքր են պատկերվում, այնքան հեռվից են երևում, որ մարդ մի պահ կարծում է՝ պատմությունը ոչ թե նրանց, այլ իրենց տեսած հիանալի պալատի և բակի, սիրով մեկ առ մեկ ներկված տերևներով այգու և դրանք լուսավորող զարդանախշ գիշերվա և մուգ ծառերի մասին է պատմում մեզ։ Բայց եթե ուշադրություն դարձնեք այս նկարներում նկարչի՝ միայն անկեղծ ապավինությամբ նկարած գաղտնի գույների շարանին և ամբողջ նկարի բոլորի անկյուններից դուրս եկող այս խորհրդավոր լույսին, ապա անմիջապես կհասկանաք, որ այս նկարների գաղտնիքը ներկն է, որը սիրուց է պատրաստված։ Կարծես պատկերված սիրահարներից լույս է ճառագում։ Երբ Քարան ու ես փաթաթվել էինք, հավատացեք ինձ, կարծես ամբողջ աշխարհին նույն կերպով բարություն էինք հաղորդում։ Այսպիսով, Փառք Աստծու, բավականաչափ կյանքի փորձ ունեմ, որպեսզի հասկանամ, որ ոչ մի լավ բան երկար չի տևում։ Սկզբում Քարան ամուսնուս պես կուրծքս առավ իր ափերի մեջ։ Ինձ այնքան դուր եկավ, որ ցանկացա՝ ամեն բան մոռանալով՝ պտուկները դնի բերանը։ Չարեց, որովհետև ինքն էլ վստահ չէր։ Կարծես չգիտեր՝ ինչ անել, բայց շատ էր ուզում։ Այսպիսով, շարունակեցինք միմյանց գրկել, և մեր միջև վախն ու ամոթի զգացումը մեծացավ։ Երբ բռնեց կոնքերիցս, նրա մեծացող բանը կպավ փորիս։ Սկզբում ինձ դուր եկավ, հետաքրքրեց, չամաչեցի։ Եթե այսքան երկար գրկենք իրար, պարզ է, որ պետք է այսպես լինի։ Հետո, երբ այն դուրս հանեց, գլուխս մյուս կողմ թեքեցի, բայց գործիքի մեծությունից մեծացող աչքերս չկարողացա նրանից հեռացնել։ Ավելի ուշ, երբ ինձ առաջարկեց ղըփչաղ կանանց, անգամ բաղնիքում պատմություններ պատմող կանանց չարած անշնորհքություններն անել, զարմացած ու անճարակ՝ կանգնած մնացի։ ― Հոնքերդ մի՜ կիտիր, սիրելիս,– աղաչեց նա։ Վեր կացա, նրան հրեցի, և չնայած տխրելու էր, սկսեցի բղավել։ == 27. Իմ անունը Քարա է == Կախված հրեայի տան խավարում գեղեցիկ հոնքերը կիտելով ինձ կշտամբող Շեքուրեի ասելով՝ գուցե կարող էի իմ ցանկությունները բավարարել Թիֆլիսում հանդիպածս չերքեզ աղջիկների, ղըփչաղ անբարոյականների, իջևանատներում վաճառվող աղքատ հարսերի, թուրքմեն ու պարսիկ այրիների, Ստամբուլում աստիճանաբար ավելացող սովորական մարմնավաճառների, մինգերիացի անամոթների, խարդախ աբազացիների և հայ վհուկների, ճենովական հանրապետության և ասորի պառավների, երկսեռ կանանց, անհագուրդ տղաների միջոցով, բայց ոչ Շեքուրեի։ Արաբիստանի փոքրիկ տաք քաղաքների ետնաբակերից մինչև Կասպից ծովի ափերը, Իրանից մինչև Բաղդադ, ամեն կարգի էժան, աղքատ, միջակների հետ շփվելով՝ ես, ըստ Շեքուրեի երևակայության, երևում է՝ բոլոր չափերս կորցրել եմ, մոռացել եմ ու մոռացել, որ որոշ կանայք ինքնասիրություն ունեն։ Ուրեմն իմ սիրո խոսքերն էլ անկեղծ չէին։ Սիրելիիս խոսքերը, որոնցից իմ սեռական ցանկությունն աստիճանաբար նվազում էր, հարգանքով էի լսում, ամաչում էի իմ վիճակից, իմ սխալից, բայց ինձ երկու բան էր գոհացնում։ 1. Հիմնականում, նման իրավիճակներում այլ կանանց կենդանու պես էի պատասխանում։ Բայց Շեքուրեի զայրույթին ու խոսքերին չհամարձակվեցի նույն ոճով ու զայրույթով պատասխանել։ 2. Շեքուրեն չափից շատ գիտեր իմ ճանապարհորդությունների մասին, ուրեմն ավելի էր հետաքրքրվում ինձնով, քան կարծում էի։ Տեսնելով, որ տխրել եմ, Շեքուրեն էլ սկսեց ինձ համար տխրել։ ― Եթե ինձ իսկապես կուրորեն սիրում ես,– ասաց նա՝ կարծես ցանկանալով ներողություն խնդրել,– պատվարժան տղամարդու պես քեզ կզսպեիր և չէիր վիրավորի կնոջը, որի հանդեպ լուրջ զգացմունքներ ես տածում։ Ինձ հետ ամուսնանալու համար խորամանկությունների միայն դու չես դիմում։ Քեզ այստեղ գալիս որևէ մեկը տեսա՞վ։ ― Ոչ։ Գեղեցիկ դեմքը, որր տասներկու տարի շարունակ չէի կարողանում հիշել, շրջեց դեպի պարտեզի դուռը ու կողքից տեսնելու հաճույքը պարգևեց ինձ։ Մի պահ ինչ-որ ձայն լսվեց, երկուսս էլ լռեցինք ու սպասեցինք, բայց ոչ ոք չեկավ։ Քանի որ դեռ տասներկու տարեկանում Շեքուրեն ինձնից ավելի գիտակ էր, միշտ ավելի անհանգիստ էր լինում։ ― Կախված հրեայի ուրվականն այստեղ է լինում,― ասաց նա։ ― Այստեղ գալի՞ս ես։ ― Ջիներ, վհուկներ, ուրվականներ... նրանք քամու հետ են գալիս, մտնում են իրերի մեջ, լռության մեջ ձայն են տալիս։ Ամեն բանի մասին խոսում են։ Այստեղ գալու կարիք չկա։ Ամեն ինչ լսում եմ։ ― Շևքեթն ինձ այստեղ բերեց, որ մահացած կատու տեսնեմ, բայց չկար,― ասացի ես։ ― Նրան ասել ես, որ հորը սպանել ես։ ― Այդպես չեմ ասել։ Ի՞նքն է այդպես ասել քեզ։ Ես ոչ թե նրա հորն եմ ուզում սպանել, այլ նրա հայրն եմ ուզում դառնալ։ ― Ինչո՞ւ ես ասել, որ հորը սպանել ես։ ― Նախ հարցրեց՝ երբևէ մարդ սպանե՞լ եմ։ Ես էլ նրան ճշմարտությունն ասացի, որ երկու մարդ եմ սպանել։ ― Հպարտանալու համա՞ր։ ― Եվ հպարտանալու, և բարձրանալու այն երեխայի աչքին, ում մորը սիրում եմ։ Որովհետև հասկացա, որ այդ փոքրիկ ավազակներին տանն անընդհատ հոր պատերազմական հերոսությունների մասին ես պատմում։ ― Հպարտացիր այդ դեպքում, որովհետև քեզ չեն սիրում։ ― Շևքեթը չի սիրում, բայց Օրհանը սիրում է,― ասացի ես սիրելիիս սխալը գտնելու հպարտությամբ։– Բայց ես երկուսի համար էլ հայր եմ դառնալու։ Մի պահ կիսամթի մեջ գոյություն չունեցող մի բանի ստվեր անցավ և կարծես խուճապից երկուսիս մարմին դող պատեց։ Երբ ուշքի եկանք, Շեքուրեն զուսպ հեծկլտում էր։ ― Իմ խեղճ ամուսինը մի եղբայր ունի՝ Հասանը։ Ամուսնուս վերադարձին սպասելիս երկու տարի նրա և սկեսրայրիս հետ նույն տանն ապրեցինք։ Սիրահարվեց ինձ։ Հիմա ինչ-որ բան է կասկածում, կարծում է, որ ես ինչ֊որ մեկի, գուցեև քեզ հետ եմ ամուսնանալու։ Ինձ տեղեկացրին, որ ինձ ուզում է ստիպողաբար տանել տուն։ Քանի որ դատավորի համար ես չեմ կարող այրի համարվել, ասում են, որ ինձ ամուսնուս անունով կարող են այդ տուն վերադարձնել։ Ամեն պահի կարող են գալ մեր տուն։ Հայրս էլ չի ցանկանում, որ դատավորի որոշմամբ այրի դառնամ, որովհետև կարծում է, որ ամուսնալուծվելուց հետո մեկի հետ ամուսնանալու և լքելու եմ իրեն։ Մորս մահից հետո ապրած մենակության մեջ իմ ու երեխաների վերադարձը նրան շատ երջանկացրեց։ Մեզ հետ կապրե՞ս։ ― Ինչպե՞ս։ ― Եթե ամուսնանանք, հորս, մեզ հետ կապրե՞ս։ ― Չգիտեմ։ ― Արագ մտածիր։ Շատ ժամանակ չես ունենա, հավատա՛ ինձ։ Հայրս զգում է, որ մի վատ բան է մոտենում և իրավացի է։ Եթե Հասանը և նրա մարդիկ ենիչերիների հետ գան մեր տուն, հորս տանեն դատավորի մոտ, կասե՞ս, որ տեսել ես ամուսնուս դիակը։ Դու Իրանից ես գալիս, քեզ կհավատան։ ― Կասեմ, բայց ես չեմ սպանել նրան։ ― Լավ, ինձ այրի համարելու համար մեկ այլ ականատեսի հետ դատավորին կասե՞ս, որ պատերազմի դաշտում տեսել ես իմ ամուսնու արյունոտ դիակը։ ― Չեմ տեսել, սիրելի՛ս, բայց քեզ համար կասեմ։ ― Սիրո՞ւմ ես երեխաներիս։ ― Սիրում եմ։ ― Ի՞նչն ես սիրում, ասա։ ― Շևքեթի ուժը, վճռականությունը, ճշմարտացիությունը, խելքը, համառությունն եմ սիրում,– ասացի ես։– Օրհանի նեղացկոտությունը, նրբությունը, խելքը։ Սիրում եմ, որ նրանք քո երեխաներն են։ Մի քիչ ժպտաց, մի քիչ արտասվեց իմ սևաչյան։ Կարճ ժամանակում հարցը լուծել ցանկացողի հաշվենկատ անհանգստությամբ անմիջապես անցավ ուրիշ թեմայի. ― Հորս գիրքը պետք է ավարտվի ու հանձնվի մեր սուլթանին։ Մեր շուրջը տարածվող դժբախտություններն այդ գրքի պատճառով են։ ― Զարիֆ էֆենդու սպանությունից բացի ուրիշ ի՞նչ սատանայություն կա։ Մի պահ նրան դուր չեկավ այդ հարցը։ Փորձեց անկեղծ երևալ, այդ պատճառով էլ չկարողացավ և ասաց. ― Էրզրումցի Նուսրեթ հոջայի կողմնակիցները լուրեր են տարածում, որ հորս գրքում անհավատություն ու եվրոպական ոճի նկարներ կան։ Մեր տուն մտնող նկարիչները միմյանց նախանձելով՝ դավե՞ր են նյութում։ Դու նրանց ճանաչում ես, ավելի լավ կիմանաս։ ― Լուսահոգի ամուսնուդ եղբայրն է՞լ,― ասացի ես,– այդ նկարիչների, հորդ գրքի, Նուսրեթ հոջայի կողմնակիցների հետ կապ ունի, թե՞ միայնակ է գործում։ ― Կապ չունի, բայց Հասանը միայնակ չի գործում,– ասաց նա։ Խորհրդավոր, տարօրինակ լռություն տիրեց։ ― Հասանի հետ նույն տանն ապրելիս քեզ տեսնո՞ւմ էր։ ― Երկու սենյականոց տանն ապրելու չափ։ Ոչ շատ հեռվից երկու շուն, անմնացորդ նվիրվելով իրենց գործին, այդ պահին սկսեցին անհանգիստ հաչալ։ Չկարողացա ասել այդքան պատերազմած, հաղթանակած, հողակտոր ստացած լուսահոգի ամուսինդ ինչո՞ւ է քեզ ու եղբոր հետ նույն տանն ապրել։ Միայն վախենալով և ամաչելով՝ այս հարցը տվեցի իմ մանկության սիրելիին. ― Ինչո՞ւ ամուսնացար այդ մարդու հետ։ ― Անշուշտ մեկի հետ ամուսնացնելու էին,– ասաց նա։ Դա ճիշտ էր, և խելացիորեն, առանց ինձ վիրավորելու՝ ամուսնուն գովելով բացատրեց, թե ինչու է նրա հետ ամուսնացել. ― Դու գնացիր ու չեկար։ Երևի նեղանալը սիրո նշան է, բայց նեղացած սիրելին էլ ձանձրալի է, և նրա հետ չես կարող ապագա ունենալ։ Դա էլ էր ճիշտ, բայց ավազակի հետ ամուսնանալու պատճառ չէր կարող լինել։ Դժվար չէր Շեքուրեի խորամանկ հայացքից հասկանալ, որ Ստամբուլից հեռանալուցս կարճ ժամանակ անց նա էլ բոլորի պես ինձ մոռացել էր։ Այս բացահայտ սուտն ասաց, որպեսզի մի փոքր մեղմի կոտրված սրտիս ցավը, ես էլ մտածեցի, որ դա էլ բարյացակամության նշան է, որի համար պետք է շնորհակալ լինեմ։ Սկսեցի պատմել, թե ճամփորդություններիս ընթացքում ինչպես էի անընդհատ նրա մասին մտածում, ինչպես չէի կարողանում հանել մտքիցս, ինչպես էր նրա երազն ուրվականի պես գիշերը մտնում իջևանատուն։ Սրանք ամենագաղտնի, ամենախոր տառապանքներն էին, որ կարծում էի, թե ոչ մեկին չեմ կարողանա պատմել, բայց այդ պահին զարմանքով նկատեցի, որ ընդհանրապես անկեղծ չէի։ Կյանքում առաջին անգամ զգացի այս տարբերությունդ երբ մարդ երբեմն այնքան է ուզում տպավորիչ ներկայացնել իրականությունը, որ զգում է, թե որքան կեղծավոր են հնչում իր բառերը։ Այսպես եմ ասում, որպեսզի հասկանաք իմ այդ պահի զգացմունքներն ու մտքերը։ Ամենալավ օրինակը հավանաբար կարող էր տալ այդ պահին մեզ անհանգստացնող մի նկարիչ։ Անգամ ամենակատարյալ նկարը, օրինակ՝ մի ձիու նկար, անգամ իսկական ձիուն Աստծու խնամքով պատկերած ձիու նկարը կարող է ճշմարտացիորեն չպատկերել վարպետ նկարչի ամենաանկեղծ զգացմունքները։ Անկեղծությունը ոչ թե նկարչի կամ մեզ պես Աստծու խոնարհ ծառաների տաղանդի և կատարելության պահերին, այլ ճիշտ հակառակը՝ լեզվի սայթաքումների, սխալների, հիասթափության և դառը վիրավորանքի պահերին է ի հայտ գալիս։ Այս ամենն ասում եմ այն տիկնանց համար, ովքեր այս իրավիճակին հիասթափությամբ են նայում, այդ պահին Շեքուրեի հանդեպ զգացածս ամենաուժեղ ցանկության և իմ ճամփորդությունների ընթացքում հանդիպած նուրբ դեմքով, բրոնզագույն մաշկով, մորեգույն շրթունքներով մի քազվինցի գեղեցկուհու հանդեպ զգացած գլխապտույտ առաջացնող ցանկության միջև ոչ մի տարբերություն չկար։ Սիրելի Շեքուրեն հասկանում էր, որ Աստծու տված խոր կյանքով և սուր ընկալումներով և նրա համար տասներկու տարի իսկական չինական տանջանքներին հավասար սիրո տառապանքներ կրեցի, և նրա հետ տասներկու տարուց հետո առաջին անգամ միայնակ մնալուն պես իմ մութ ցանկությունն արագորեն բավարարելուց բացի ոչինչ չտեսնող թշվառ ցանկասերի պես վարվեցի։ Նիզամին գեղեցկուհի Շիրինի բերանը նմանեցնում է մարգարիտներով լի թանաքամանի։ Զայրացած շները կրկին սկսեցին ամբողջ ուժով հաչալ, և Շեքուրեն անհանգստացած ասաց. ― Ես գնամ։ Այդ պահին միասին նկատեցինք, որ չնայած դեռ երեկո չէր, ուրվական հրեայի տունը բավականին մութ էր։ Նրան մի անգամ էլ փաթաթվելու համար մարմինս ինքնըստինքյան մի շարժում արեց, բայց նա ճնճղուկի պես անմիջապես տեղը փոխեց։ ― Ես դեռ գեղեցի՞կ եմ։ Արագ ասա։ Ասացի, լսեց և խոսքերիս հավատալով՝ համաձայնեց։ ― Իսկ հագո՞ւստս։ Ասացի։ ― Լա՞վ եմ բուրում։ Իհարկե, Շեքուրեն էլ գիտեր, որ նիզամիի սիրո շախմատ կոչվածը ոչ թե այսպիսի գրական խաղերով, այլ սիրահարների միջև ավելի խոր, բազմիմաստ հոգևոր շարժումներով է տեղի ունենում։ ― Հիմա ի՞նչ ես անելու,– հարցրեց նա։– Իմ որբուկներին կարողանալո՞ւ ես նայել։ Տասներկու տարուց ավելի տևած քարտուղարության, պատերազմների և դիակների՝ ինձ տված անգին փորձից ելնելով՝ խոսելով իմ փայլուն ապագայից՝ փաթաթվեցի նրան։ ― Քիչ առաջ ինչ գեղեցիկ էինք փաթաթվել,― ասաց նա։― Իսկ հիմա ամեն բան կորցրել է առաջին պահի կախարդանքը։ Որպեսզի ապացուցեի իմ անկեղծությունը, ավելի ամուր գրկեցի և հարցրի, թե ինչո՞ւ է տասներկու տարի առաջ իր համար նկարած և պահած նկարս Էսթերի միջոցով ետ ուղարկել։ Աչքերում կարդալով զարմանքն իմ միամտության վրա և իմ հանդեպ աճող սերը, համբուրեցի նրան։ Այս անգամ գլխապտույտ ցանկասիրության գիրկը չէի ընկել, բայց հասկացա, որ երկուսիս սիրտը, կուրծքը, ստամոքսը, ամենուր խրվող ուժեղ սերն արծվի թևերի բախումների պես ամեն բան ցնցում է։ Արդյոք սեր անելը սերը հանդարտեցնելու ամենալավ ձևը չէ՞։ Մեծ կուրծքը ձեռքերիս մեջ առնելիս Շեքուրեն ինձ ավելի հստակ վճռականությամբ ու քաղցրությամբ հրեց։ Ես այնքան հասուն տղամարդ չեմ, որ կարողանամ ամուսնանալուց առաջ կնոջ հետ սեր անել ու հետո վստահելի ամուսնություն ունենալ։ Ես դեռ այնքան անփորձ էի, որ չգիտեի՝ արագ գործերին սատանան է խառնվում, երջանիկ ամուսնությունը նախևառաջ շատ համբերություն ու աշխատանք է պահանջում։ Թևերիցս դուրս պրծնելով՝ իջեցրեց քաթանե քողը և շարժվեց դեպի դուռը։ Բացված դռնից տեսնելով վաղ մթնող փողոցների վրա թափվող ձյունը՝ մոռանալով, որ այստեղ միշտ շշուկով էինք խոսում (գուցեև կախված հրեայի հոգին չարթնացնելու համար), բղավեցի։ ― Սրանից հետո ի՞նչ ենք անելու։ ― Չգիտեմ,― ասաց նա՝ հարմարվելով սիրո շախմատի կանոններին։ Հին այգում, որն արագ ծածկվում էր ձյունով, իմ գեղեցկուհին ոտնահետքեր թողնելով՝ անձայն հեռացավ։ == 28. Ինձ մարդասպան կկոչեն == Վստահ եմ՝ ձեզ հետ էլ է պատահում, որ Ստամբուլի երկար փողոցներում օրորվելով քայլելիս, որևէ խորտկարանում մի կտոր քալյե ուտելիս կամ էլ սազի նախշերին համակ ուշադրությամբ նայելիս հանկարծ ներկա պահը ձեզ անցյալ է թվում։ Ուզում եմ ասել՝ կարծես փողոցում ձյան վրա քայլելիս ձյան վրայով էի քայլում։ Այն տարօրինակ բաները, որ պատմելու եմ, կարծես և՛ ներկայում, և՛ անցյալում են կատարվել։ Երեկոյան մոտ արդեն մութն ընկնում էր, մանր ձյուն էր գալիս, և ես քայլում էի Էնիշթե էֆենդու փողոցով։ Ի տարբերություն մյուս որոշ գիշերների՝ այստեղ էի եկել վճռականությամբ՝ իմանալով, թե իրականում ինչ եմ ուզում։ Ինչպես նախորդ գիշերներին, ես այլ բաների մասին մտածելով՝ Թեմուրի ժամանակից մնացած, Հերաթի չզարդարված գրքերի, մորս առաջին անգամ մի գրքի համար յոթ հարյուր արծաթադրամ վաստակելու մասին պատմելուս և իմ մեղքերի, իմ հիմարությունների մասին խորասուզված մտածելիս ոտքերս ինձ այս փողոց բերեցին։ Այստեղ էի եկել՝ իմանալով և մտածելով անելիքիս մասին։ երբ վախենալով, թե ոչ ոք չի բացի, փորձեցի թակել հսկայական բակի դուռը, մի հպումով դուռն ինքըստինքյան բացվեց, կրկին հասկացա, որ Աստված ինձ հետ է։ Էնիշթե էֆենդու գրքին նոր նկարներ ավելացնելու համար այստեղ եկածս գիշերները փայլող նախասենյակում ոչ ոք չկար։ Աջ կողմում ջրհորի դույլն էր ու վրան՝ ցրտից գոհ ճնճղուկ, քիչ այն կողմ, չգիտես ինչու, գիշերվա այս ժամին չվառվող վառարան, ձախ կողմում ախոռ կար, որտեղ միայն հյուրերն էին թողնում իրենց ձիերը, ամեն բան իր տեղում էր։ Ախոռի կողքի բաց դռնից ներս մտնելով՝ ոտքերս խփելով փայտե աստիճաններին ու հազալով բարձրացա վերև։ Հազիս ոչ ոք չպատասխանեց, ինչպես և իմ ցեխոտ կոշիկների աղմուկին, որոնք աշխատասենյակի մուտքի մոտ հանեցի և դրեցի դռան կողքին շարված մյուս կոշիկների կողքին։ Ինչպես միշտ այս տուն գալիս նայեցի՝ Շեքուրեի կանաչ ու նուրբ կոշիկները կա՞ն, թե՞ չէ։ Քանի որ չտեսա, ենթադրեցի, որ հավանաբար տանը ոչ ոք չկա։ Մի պահ մտա աջ կողմի սենյակն, ուր, կարծում եմ, Շեքուրեն է քնում երեխաների հետ։ Ձեռք տվեցի ներքնակին, անկողնուն, անկյունում դրված սնդուկն ու փետուրի պես թեթև պահարանը բացելով՝ նայեցի։ Երբ երազում էի, որ սենյակի այդ նուրբ նշի հոտը Շեքուրեի մաշկի հոտն է, վերևի պահարանից մի բարձ ընկավ հիմար գլխիս, հետո էլ անկյունում դրված պղնձե ջրամանին և բաժակներին բախվելով՝ ընկավ հատակին։ Երբ աղմուկ ենք լսում, հասկանում ենք, որ սենյակը դատարկ է, բայց ես հասկացա, որ սենյակը ցուրտ է։ ― Հայրիյե՛,– ներսից ձայն տվեց Էնիշթե էֆենդին,– Շեքուրե՛, ո՞ր մեկդ է։ Արագ դուրս եկա սենյակից, անցա մեծ սենյակի մոտով ու մտա կապույտ դռնով արվեստանոցը, ուր ձմեռվա օրերին Էնիշթե էֆենդու գրքի համար էինք աշխատում, և ասացի. ― Ես եմ, Էնիշթե՛ էֆենդի, ես։ ― Դու ո՞վ ես։ Այդ պահին հասկացա, որ Էնիշթե էֆենդին վարպետ Օսմանի՝ մանկության տարիներին մեզ տված անուններն էր խորամանկորեն ծաղրում։ Շքեղ գրքի վերջին էջին հպարտ գրչի ստորագրության պես «ձեր աղքատ, մեղավոր ծառան» խոսքերով սկսելով՝ կեղծանունս և հայրանունս մեկ առ մեկ արտասանեցի։ ― Հը՞,– ասաց նա սկզբում։– Ահա,– ասաց հետո։ Մանկության տարիներիս լսած ասորական պատմության մեջ մահվանը հանդիպած մարդուն հավերժական թվացող մի քանի վայրկյանի պես ամեն բան թաղվեց լռության մեջ։ Եթե հիմա որևէ մեկը կարծում է, թե մահվան մասին խոսեցի, որովհետև այստեղ եմ եկել սպանելու համար, ուրեմն գիրքը սխալ եք հասկացել։ Այդպիսի նպատակ ունեցող մարդն արդյոք կթակի՞ դուռը, կոշիկները կհանի՞, կգա՞ առանց դանակի։ ― Ուրեմն եկար,– կրկին ասաց նա պատմվածքի ծերունու պես։ Բայց հետո սկսեց այլ ոճով խոսել. ― Բարով ես եկել, որդյա՛կ, ասա տեսնեմ՝ ի՞նչ ես ուզում։ Արդեն մութն ընկել էր։ Գարնանը բացված նոճուն և նռենուն նայող փոքրիկ ու նեղ պատուհանի՝ մեղրամոմով ծածկված մակերեսից սենյակ այնպիսի լույս էր ընկնում, որը թույլ էր տալիս տեսնել իրերի ուրվագծերը, որոնք շատ դուր կգային չինացի նկարիչներին։ Ինչպես միշտ իր անկյունում՝ մի գրակալի գլխին նստած Էնիշթե էֆենդու դեմքն ամբողջությամբ չէր երևում, նրա հետ այստեղ մինչև առավոտ մոմի լույսի տակ այս վրձիններով, թանաքամաններով, գրիչներով և կնիքներով լցված սենյակում նկարելով, նկարչության մասին խոսելով՝ փորձում էի հուզմունքով զգալ այն մտերմությունը, որ առաջ էի զգացել։ Այդ օտարության զգացողությունից, իմ անհանգստությունից, նկարելիս մեղք գործելուս մասին մտածելիս և մեդրեսեի աշակերտների իմացած ճանապարհի անհանգստությունների մասին խոսելուց ամաչելուս համար, չգիտեմ՝ այդ պահին որոշեցի, որ իմ խնդիրների մասին նրան մի պատմությամբ կպատմեմ։ Սպահանցի Մուսաֆիր շեյխ Մուհամմեդի պատմությունը գուցե դուք էլ եք լսել։ Գույն ընտրելու, էջի ձևավորման, մարդ, կենդանի և դեմք նկարելու, նկարի մեջ՝ բանաստեղծական հուզմունք, երկրաչափության մեջ գաղտնի տրամաբանություն օգտագործելու հարցում այս նկարչից լավը չկար։ Երիտասարդ տարիքում վարպետ դառնալուց հետո այս տաղանդավոր նկարիչը երեսուն տարի շարունակ և թեմա ընտրելու, և երևակայության, և ոճի հարցում իր ժամանակի ամենաքաջ ու նախաձեռնող նկարիչն էր դարձել։ Սև մատիտի ոճով Չինաստանից մոնղոլների միջոցով եկած սարսափելի սատանաներին, պոզավոր ջիներին, ձի հեծած ծառաներին, կիսամարդ-կիսահրեշ էակներին, ուղտերին, ջիներին, սատանայական նուրբ և զգայուն հերաթյան նկարին նա իր տաղանդը և հավասարակշռությունն էր ավելացրել, Պորտուգալիայից և Ֆլամենկոյից եկած նավերից ելած դիմանկարներին բոլորից առաջ նա էր ուշադրություն ցուցաբերել, Չինգիզ խանի ժամանակներից մնացած, մոռացված ոճերի մասին հնացող գրքերը հանելով՝ նրան կենդանություն էր տվել, Ալեքսանդրի՝ կանանց կղզում լողացող մերկ գեղեցկուհիներին նայելը, Շիրինի՝ լիալուսնի լույսի տակ լողանալը տեսնելիս Խոսրովի գրգռվելու պես թեմաները բոլորից առաջ խիզախորեն նա էր պատկերել, մեր մարգարեի՝ իր ձի Բուրաքի վրա նստած սլանալը, շահերի պայքարը, շների բազմացումը, շեյխերին գինովցած նկարելով՝ ամբողջ նկարչական հասարակությանը իրեն սիրել տվեց։ Այս ամենն արել էր թաքուն գինի խմելով, ափիոն օգտագործելով, երեսուն տարի շարունակ տևող աշխատասիրությամբ և ոգևորությամբ։ Հետո, երբ մեծացավ, դարձավ մի կրոնավոր շեյխի առաջնորդը, կարճ ժամանակում ոտքից գլուխ փոխվելով՝ եկավ այն եզրակացության, որ երեսուն տարի շարունակ արած նկարներն անհավատություն են քարոզում, հրաժարվեց իր նախկին կյանքից։ Ավելին՝ իր կյանքի մնացած երեսուն տարին անցկացրեց քաղաքից քաղաք, պալատից պալատ, գրադարանից գրադարան գնալով՝ իր պատրաստած գրքերը շահերի, սուլթանների գանձարաններում, գրադարաններում փնտրելով և ոչնչացնելով։ Որ շահի գրադարանում գտնում էր տարիներ առաջ արած նկարը, ամեն գնով, եթե չէր կարողանում քաղցր լեզվով, ապա խորամանկությամբ, մի պահ, երբ ոչ ոք ուշադրություն չէր դարձնում, կամ պատռում էր գրքի այն էջը, որտեղ իր արած նկարն էր, կամ էլ լոգարան տանելով՝ սեփական հրաշքի վրա ջուր լցնելով՝ փչացնում էր։ Այս պատմությունը պատմել էի որպես նկարչի՝ սեփական հավատն ակամա մոռանալու պատճառած տառապանքի օրինակ։ Նրան հիշեցրի, որ քանի որ շեյխ Մուհամմեդը հարյուրավոր գրքեր էր զարդանկարել, դրանք չէր կարող մեկ առ մեկ փնտրել, այդ պատճառով արքայազն Աբբաս Միրզայի նախարարական քաղաք Քազվինի հսկայական թանգարանն այրեց։ Ականատեսի պես, մի քիչ էլ չափազանցելով՝ պատմեցի սարսափելի հրդեհի ժամանակ նկարչի՝ տառապանքի և զղջման զգացմունքներից այրվելով մահանալու մասին։ ― Վախենո՞ւմ ես,– սիրով հարցրեց Էնիշթե էֆենդին,– մեր արած նկարներից, որդյա՛կ։ Սենյակն այնքան մոտ էր, որ չէի կարող տեսնել՝ այդ հարցը տալիս ժպտում էր, թե ոչ, բայց կռահեցի։ ― Մեր գիրքն այլևս գաղտնի չէ,– ասացի ես։– Գուցե դա կարևոր չէ, բայց ամենուր խոսում են։ Ասում են, որ անուղղակի վիրավորում ենք մեր կրոնը։ Այստեղ ասում են, որ ոչ թե մեր սուլթանի պատվիրած և ցանկացած գիրքն ենք պատրաստում, այլ մեր ցանկացած գիրքը, անգամ ասում են, որ սուլթանին ծաղրող, անհավատություն քարոզող, անհավատ վարպետներին կրկնօրինակող գիրք ենք պատրաստում։ Ասում են, որ մեր գիրքն անգամ սատանային է սիրալիր ներկայացնում։ Ասում են, որ աշխարհին փողոցի կեղտոտ շան հայացքով նայող, ձիու մլակի մեծությամբ մզկիթ նկարելով (այն պատճառաբանությամբ, որ մզկիթը ետևում է)՝ մզկիթ գնացող հավատացյալ մարդկանց ենք ծաղրում։ Գիշերներն այս մտքերի պատճառով չեմ կարողանում քնել։ ― Նկարները միասին ենք արել,― ասաց Էնիշթե էֆենդին։– Ոչ միայն այդպիսի բաներ չենք արել, անգամ չենք էլ մտածել նման բաների մասին։ ― Իհարկե ոչ,– ասացի ես՝ չափազանցնելով։– Բայց որտեղից են լսել՝ չգիտեմ, ասում են՝ վերջին նկարում ոչ թե անուղղակի անհավատություն, այլ բացահայտ ծաղր կա։ ― Վերջին նկարը տեսե՞լ ես։ ― Երկէջանի նկարի համար մեծ թերթի՝ ինձ ցույց տված տարբեր անկյուններում ձեր ուզած նկարները ձեր ուզած ձևով եմ պատկերել,– ասացի ես ուշադիր ու վճռական՝ հույս ունենալով, որ Էնիշթե էֆենդին դա կգնահատի։ Բայց նկարն ամբողջությամբ չեմ տեսել։ Եթե տեսնեի, այդ զզվելի հերյուրանքները լսելիս խիղճս հանգիստ կլիներ։ ― Ինչո՞ւ ես մեղավոր զգում,– հարցրեց նա։– Ի՞նչն է քեզ տանջում։ Ո՞վ է քո մեջ կասկած առաջացնում։ ― Երբ մարդ կասկածում է այն գրքին, որի վրա ամիսներ շարունակ երջանկությամբ աշխատել է, երբ հարձակվում է այնպիսի բաների վրա, որոնք սուրբ է համարում, կյանքը դժոխքի է նմանվում։ Եթե միայն կարողանայի տեսնել այդ վերջին նկարը։ ― Դա՞ է քո խնդիրը,– ասաց նա։– Դրա համա՞ր ես եկել այստեղ։ Անմիջապես անհանգստացա։ Արդյոք կարո՞ղ էր մտածել այնպիսի ահավոր բանի մասին, ինչպես այն, որ խեղճ Զարիֆ էֆենդուն ես եմ սպանել։ ― Մեր սուլթանին գահընկեց անելով՝ նրա փոխարեն գահին արքայազնին բարձրացնել ցանկացողներն էլ հավատալով այս հերյուրանքներին՝ լուրեր են տարածում, որ այս գիրքը մեր սուլթանն է գաղտնի հովանավորում,– ասացի ես։ ― Այդ ամենին քանի՞ հոգի է հավատում,– ասաց նա հոգնած, ձանձրացած ձայնով։– Մի քիչ հետաքրքրություն ունեցող և դրանից գլխապտույտ զգացող զայրացած յուրաքանչյուր հոջա սկսում է ասել, որ կրոնն անտեսության են մատնում։ Հաց վաստակելու ամենավստահելի միջոցը սա է։ Արդյոք մտածո՞ւմ էր, որ այս հերյուրանքները նրան պատմելու համար էի եկել։ ― Խե՜ղճ լուսահոգի Զարիֆ էֆենդի,– ասացի ես դողացող ձայնով։― Մարդիկ ասում են, որ նա այս վերջին նկարն ամբողջությամբ տեսել է, և մենք, հասկանալով, որ դա վիրավորում է մեր կրոնը, սպանել ենք նրան։ Այս ամենն արվեստանոցում ինձ մի մտերիմ վարպետ պատմեց։ Գիտեք, թե աշակերտները, ծառաներն ինչպիսին են. բոլորը բամբասում են։ Այս տրամաբանությանը հետևելով՝ աստիճանաբար հուզվելով՝ երկար խոսեցի։ Չգիտեմ, թե այդ պահին ասածներիս որ մասն եմ լսել, որ մասն եմ այդ բամբասկոտ ստորին սպանելուց հետո վախից հորինել, որ մասն եմ այդ պահին պատմելիս երևակայել։ Այդքան պատմելուց հետո արդեն հույս ունեի, որ Էնիշթե էֆենդին կհանի այդ երկէջանի նկարը և ցույց կտա, կհանգստացնի ինձ։ Մեղքի մեջ թաղվելու ճանապարհին իմ վախերից միայն այսպես կարող էի ազատվել, ինչո՞ւ չէր հասկանում։ Մի պահ ցանկացա նրան թափ տալ և խիզախորեն հարցրի. ― Մարդ կարո՞ղ է իր կամքից անկախ անհավատ նկար նկարել։ Պատասխանելու փոխարեն, կարծես սենյակում քնած երեխա կար, հանկարծ զգուշացնող ձեռքի շատ նուրբ շարժում արեց, և ես լռեցի։ Շշնջալով ասաց. ― Սենյակում շատ մութ է. այս մոմը վառենք։ Վառարանի կրակով վառած մոմերի լույսի տակ նրա դեմքին անսովոր հպարտության արտահայտություն տեսա, որն ինձ դուր չեկավ։ Թե՞ խղճահարության արտահայտություն էր։ Արդյոք ամեն ինչ հասկացե՞լ էր և կարծում էր, որ ես ստոր մարդասպան եմ, թե՞ վախենում էր ինձնից։ Այդ պահին հիշում եմ, որ կարծես իմ մտքերն ինձ չէին պատկանում, կարծես իմ մտքերն ուրիշի մտքերն էին, և ես զարմացած հետևում էի դրանց։ Հատակի գորգի մի անկյունն ասես գայլի մորթուց լիներ, ինչո՞ւ մինչ այս չէի նկատել։ ― Նկար, մանրանկարչություն, գեղեցիկ գրքեր սիրող բոլոր խաների, շահերի, սուլթանների հետաքրքրությունը երեք եղանակ ունի,― ասաց Էնիշթե էֆենդին։― Սկզբում քաջ են, մտերմիկ ու հետաքրքրասեր։ Քանի որ ուրիշի նկարներն են նայում, դրա դիմաց հարգանք են պահանջում։ Սկզբում սովորում են, իսկ հետո գրքերը սեփական հաճույքի համար են պատվիրում։ Քանի որ սովորել են, որ նկարները նայելիս պետք է շատ հավանեն, պետք է հարգալից լինեն, ցանկանում են, որ մահից հետո այս աշխարհում մնացող գրքերն էլ հայտնի դառնան։ Իսկ իրենց կյանքի աշնանը ոչ մի սուլթան արդեն անմահության մասին չի մտածում։ Այս աշխարհի անմահության և ապրող մյուս սերունդների, թոռների հուշերում ապրելու ցանկությունը հասկանում եմ։ Նկարչությունը սիրող ղեկավարները մեզ պատվիրած, իրենց անունները կրող, երբեմն էլ իրենց սեփական պատմությունների հիման վրա կազմված գրքերով արդեն անմահացել են այս աշխարհում։ Երբ ծերանում են, ցանկանում են հաջորդ կյանքում լավ տեղ ունենալ։ Բոլորն էլ հասկանում են, որ նկարն այդ ճանապարհին խոչընդոտ է ստեղծում։ Ինձ ամենաշատը տխրեցնող ու թևաթափ անողը դա է։ Շահ Թահմասփն էլ, որ վարպետ նկարիչ էր ու երիտասարդ տարիներն անց էր կացրել սեփական արվեստանոցում, մահվանը մոտենալով՝ փակեց այդ հիանալի արվեստանոցը, հրաշալի նկարիչներին հեռացրից Թավրիզից, բաժանեց իր պատվիրած զրքերը, սկսեց զղջալ։ Ինչո՞ւ են բոլորը կարծում, որ նկարչությունը փակում է դրախտ տանող ճանապարհները։ Գիտե՞ք՝ ինչու, որովհետև մեր մարգարեի խոսքն այն մասին է, որ դատաստանի օրը նկարիչները Աստծու կողմից ամենախիստ կերպով պատժվելու են։ ― Ոչ թե նկարիչները,― ասաց Էնիշթե էֆենդին,– այլ պատկերողները։ Սա պատմություն է Բուհարիից։ ― Դատաստանի օրը պատկերողից կպահանջվի կյանքը զոհաբերել իր նկարածներին,– զգուշորեն ասացի ես։– Բայց քանի որ ոչինչ չի կարողանալունկարել, դժոխային տառապանքներ է կրելու։ Չմոռանանք, կերտողը Ղուրանում Ալլահի բնորոշումներից մեկն է։ Կերտողը, գոյություն չունեցողին կյանք տվողը, անշունչը շնչավոր դարձնողր Ալլահն է։ Ոչ ոք չպետք է մրցի նրա հետ։ Նրա գործին խառնվող, նրա պես արարող լինելը պնդող նկարիչներն ամենամեծ մեղքն են գործում։ Այնքան կոպիտ ասացի, կարծես նրան էլ էի մեղադրում։ Նայեց աչքերիս մեջ. ― Քո կարծիքով մենք դա՞ էինք անում։ ― Ոչ,– ասացի ես ժպտալով։– Բայց լուսահոգի Զարիֆ էֆենդին, տեսնելով վերջին նկարի ամբողջական տարբերակը, սկսեց այդպես մտածել։ Նա ասում էր, որ հեռապատկերով, գիտությամբ նկարելը, եվրոպացիների ոճով նկարելը սատանայական գործ է։ Վերջին նկարում օգտագործելով եվրոպական ոճը՝ այնպես ենք պատկերել մահացածի դեմքը, որ նայողին նկարն իրական է թվում, այնքան, որ մարդիկ ցանկանում են երկրպագել նրան, ինչպես եկեղեցիների նկարների առաջ։ Հեռապատկերը միայն նրա համար չէ, որ Ալլահը նայի փողոցի շանը, այլ ֆրանսիացի վարպետների ոճր օգտագործելով, մեր իմացածը, մեր տաղանդը անհավատների տաղանդի և ոճի հետ խառնելով, մեր միամտությունը մեզնից խլելով՝ իրենց ծառան դարձնող սատանա լինելու համար։ ― Ոչ մի միամտություն չկա,― ասաց Էնիշթե էֆենդին։– Մանրանկարչության, նկարչության մեջ որքան էլ հրաշքներ ստեղծվեն, երբ որևէ արվեստանոցում ցանկանամ արտասվել ինձ ցնցող գեղեցկություն տեսնելիս, կիմանամ, որ այնտեղ նախկինում ինձ անհայտ երկու տարբեր մասնիկ միավորվելով՝ մի նոր հրաշք են կերտել։ Բեհզադի և ամբողջ իրանական նկարչության գեղեցկության համար պարտական ենք արաբական նկարչության և մոնղոլաչինական նկարչության խառնուրդին։ Շահ Թահմասփի ամենագեղեցիկ նկարները իրանական ոճի և թուրքմենական զգացմունքայնության միավորումն են։ Այսօր բոլորը Հնդկաստանի Էքբեր խանի արվեստանոցների մասին են պատմում, նկարիչներին խրախուսում են անցնել եվրոպացի վարպետների ոճին։ Ե՛վ Արևելքը, և՛ Արևմուտքը Աստծունն են։ Աստվա՛ծ, պաշտպանիր մեզ միամիտների և անխառնի ցանկություններից։ Մոմի լույսի տակ երևացող դեմքը փափուկ էր ու լուսավոր, իսկ պատին ընկնող ստվերը՝ մութ ու վախեցնող։ Չնայած նրա ասածները տեղին ու ճիշտ էի համարում, չէի հավատում նրան։ Քանի որ կարծում էի, թե ինձ կասկածում է, ես էլ իրեն էի կասկածում։ Մեկընդմեջ ականջ էր դնում ներքևի բակի դռան ձայնին, զգում էի, որ ինձնից բացի ուրիշին էլ է սպասում։ ― Ինձ պատմեցիր սպահանցի Մուսաֆիր շեյխ Մուհամմեդի մասին, ով այրում է այն գրադարանը, ուր իր նկարներն էին, և ինքն իրեն,― ասաց նա։– Ես էլ քեզ պատմեմ այդ լեգենդի մեկ այլ տարբերակը, որը չգիտես։ Այո՛, կյանքի վերջին երեսուն տարում նկարիչն իր նկարներն է փնտրել։ Բայց երբ թերթում է գրքերը, ավելի շատ տեսնում է ոչ թե իր սեփական նկարները, այլ իրենից ներշնչված նկարիչների կրկնօրինակումները։ Իսկ հաջորդող տարիներին նկարիչների երկու սերունդ իր ժխտած նկարներն օգտագործում էին որպես օրինակ, այդ նկարները նկարում էին իրենց հիշողության մեջ, ոչ միայն անգիր էին անում, այլև ընդունում էին որպես հոգու մի մաս։ Շեյխ Մուհամմեդը, փորձելով գտնել սեփական նկարները և վերացնել, հասկացավ, որ երիտասարդ նկարիչները մի քանի գրքերում դրանք կրկնօրինակել են, այլ պատմություններ պատկերելիս օգտվել են իր նկարներից, որ դրանք տպավորվել են բոլորի հիշողության մեջ, տարածվել ամբողջ աշխարհով մեկ։ Գրքից գիրք, նկարից նկար, տարիներ շարունակ նայելով՝ հասկանում ենք. լավ նկարիչը միայն հրաշքներով չի տպավորվում մեր հիշողության մեջ, ի վերջո, մեր հիշողությունն էլ է փոփոխության ենթարկում։ Մեկ անգամ մեզ վրա տպավորություն գործելուց հետո նկարչի տաղանդն ու նկարներն ամբողջ աշխարհի գեղեցկության չափանիշն են դառնում։ Սպահանցի նկարիչը կյանքի վերջում սեփական նկարներն այրելուց հետո ոչ միայն ականատես եղավ դրանց բազմացմանը, այլև տեսավ, որ բոլորն աշխարհը տեսնում են այնպես, ինչպես մի ժամանակ ինքն էր տեսել։ Հասկացավ, որ երիտասարդ տարիքում արած նկարներն արդեն տգեղ են իր համար։ Իմ հիացմունքը, Էնիշթե էֆենդուն դուր գալու ցանկությունս չկարողացա զսպել և ծնկի եկա։ Ձեռքերը համբուրելիս աչքերս լցվեցին արցունքով, և զգացի, որ իմ հոգում նա գրավում է վարպետ Օսմանի տեղը։ ― Նկարիչը,― ասաց Էնիշթե էֆենդին իրենից գոհ ձայնով,― ականջ դնելով իր նկարին, իր սեփական խղճին և չվախենալով կանոններից, որոնց հավատում է, առանց վախենալու կնկարի։ Թշնամիների, հետամնաց մարդկանց, նախանձների կարծիքը նրան չպետք է հետաքրքրի։ «Բայց Էնիշթե էֆենդին անգամ նկարիչ էլ չէ»,― մտածեցի ես՝ արտասվելով ու համբուրելով ծննդանշաններով և հետքերով ծածկված ձեռքը։ Հետո ամաչեցի այդ մտքից։ Կարծես ուրիշ մեկն էր ստիպել ինձ այդպիսի սատանայական ու լկտի բան մտածել։ Բայց դուք էլ գիտեք, որ ես ճիշտ եմ։ ― Ես չեմ վախենում նրանցից,― ասաց Էնիշթեն։– Որովհետև մահից չեմ վախենում։ Ովքե՞ր են նրանք։ Գլուխս թափ տվեցի՝ ցույց տալով, թե հասկանում եմ։ Բայց ներսումս զայրույթ էի զգում։ Ուղիղ Էնիշթեի կողքին տեսա Էլ-Ջեվզիյյեի «Հոգու գրքի» հին տարբերակը։ Սինիների մեջ, գրիչների տուփի և սնդուկի վրա, փետրավոր գրիչների, սրիչների, սայրերի, թանքամանի, գրչատուփերի արանքում տեսա բրոնզե թանաքամանը։ ― Ապացուցեմ, որ չեմ վախենում նրանցից,― ասացի ես խիզախորեն։― Հանեք վերջին նկարը, ցույց տանք նրանց։ ― Արդյոք դա չի՞ վկայի, որ նրանց հերյուրանքներն առնվազն լուրջ ենք ընդունում, նշանակություն ենք տալիս դրանց։ Վախենալու ոչինչ չենք արել, ինչո՞ւ վախենանք։ Ի՞նչը կարող է արդարացնել քո վախը։ Հոր պես շոյեց մազերս։ Վախեցա, որ կրկին կարտասվեմ ու փաթաթվեցի նրան։ ― Գիտեմ, թե ինչու է խեղճ գրիչ Զարիֆ էֆենդին սպանվել,– ոգևորված ասացի ես։– Զարիֆ էֆենդին ձեր, ձեր գրքի, մեր մասին հերյուրանքներ տարածելով՝ էրզրումցի Նուսրեթ հոջայի մարդկանց պատվիրելու էր հարձակվել մեզ վրա։ Որոշել էր, որ այստեղ սատանայի դրդմամբ անհավատություն է կատարվում, ու սկսել էր դա ամենուր տարածել, ձեր գրքի համար աշխատող մյուս նկարիչներին սկսել էր ձեր դեմ լարել։ Հնարավոր է, որ նախանձից լինի, հնարավոր է՝ սատանային խաբվելուց։ Ձեր գրքի համար աշխատող մյուս նկարիչներն էլ են լսել թե Զարիֆ էֆենդին մեզ բոլորիս վերացնելու համար որքան վճռական էր։ Կարող եք ենթադրել, որ բոլորը վախեցել են, ինձ պես սկսել են կասկածել։ Նրանցից մեկը մի գիշեր անհանգստանալով, որ Զարիֆ էֆենդին կստիպի իրեն ձեր դեմ, մեր դեմ, մեր գրքի, մանրանկարչության, նկարչության, մեր հավատացած ամեն ինչի դեմ դուրս գալ, այդ ստորին սպանելով՝ ջրհորն է նետել։ ― Ստո՞ր։ ― Զարիֆ էֆենդին վատ մարդ էր, ստոր դավաճան,― ասացի ես։– Անարժա՛ն,– այնպես բղավեցի, ասես սենյակում իմ առջև էր կանգնած։ Լռություն տիրեց։ Վախենո՞ւմ էր ինձնից։ Ես վախենում էի ինքս ինձնից։ Կարծես ուրիշ մեկի զայրույթի ու խելքի քամին էր ինձ քշում, բայց ինձ դուր էր գալիս։ ― Մեզ ու սպահանցի մանրանկարչի պես խուճապի մատնված նկարիչն ո՞վ է։ Ո՞վ է սպանելնրան։ ― Չգիտեմ,– ասացի ես։ Բայց ցանկացա՝ դեմքիս արտահայտությունից հասկանա, որ ստում եմ։ Հասկանում էի, որ այստեղ գալով սխալ եմ գործել, բայց մեղքի և զղջման զգացողություն էլ չունեի։ Տեսնում էի, որ Էնիշթե էֆենդին կասկածում է, բայց դա ինձ դուր էր գալիս և ուժ էր տալիս։ Ցանկանում էի տեսնել նկարը ոչ թե տեսնելու համար՝ նկարում անհավատություն կա թե ոչ, այլ պարզապես հետաքրքրված էի։ Արագ մտածեցի, որ եթե հասկանա՝ ես մարդասպան եմ ու ինձնից վախենա, կհանի և ցույց կտա նկարը։ ― Կարևո՞ր է իմանալ, թե ով է սպանել այդ ստորին,– ասացի ես։– Արդյոք նրան վերացնողը լավ գործ չի՞ արել։ Ինձ քաջալերեց այն, որ աչքերիս մեջ չէր կարողանում նայել։ Ձեզնից ավելի լավ ու բարոյական լինելուն հավատացող մարդիկ ձեր փոխարեն ամաչելով՝ ահա այսպես չեն կարողանում նայել ձեր աչքերի մեջ։ Հիմնականում ձեզ այսպես մատնելով՝ կարծում են, որ ձեզ տանջող դահիճներին են մատնում։ Դրսում՝ բակի դռան առաջ զայրացած շները սկսեցին հաչալ։ ― Էլի ձյուն է գալիս,– ասացի ես։– Այս ուշ ժամին բոլորը որտե՞ղ են։ Ինչո՞ւ են ձեզ տանը մենակ թողել գնացել։ Անգամ մի մոմ չեն վառել։ ― Շատ տարօրինակ է, շա՜տ,― ասաց նա։― Չհասկացա։ Այնքան անկեղծ էր, որ հավատացի և չնայած մյուս նկարիչների հետ նրան ծաղրելուն՝ իրականում մեկ անգամ ևս զգացի, որ սիրում եմ նրան։ Մի պահ չհասկացա, թե ինչպես զգաց իր հանդեպ տածած ուժեղ սերն ու հարգանքը, կրկին այդ անդիմադրելի հայրական սիրով շոյեց մազերս։ Զգացի, որ վարպետ Օսմանի՝ Հերաթի հին վարպետների ազդեցությամբ նկարածներն ապագա չունեն։ Այնպիսի տգեղ միտք էր, որ ինձնից վախեցա։ Բոլորիս հետ էլ պատահում է, երբ դժբախտությունից հետո առանց ուշադրություն դարձնելու, որ ծիծաղելի ու հիմար ենք երևում, վերջին հույսով ցանկանում ենք, որ ամեն ինչ կրկին նախկինի պես լինի։ ― Շարունակենք նկարել մեր գիրքը,― ասացի ես։– Թող ամեն ինչ նախկինի պես լինի։ ― Նկարիչներից մեկը դաժան մարդ է։ Գիրքը Քարա էֆենդու հետ եմ շարունակելու։ Արդյոք ինձ դրդո՞ւմ էր նրան սպանելու։ ― Հիմա որտե՞ղ է Քարան,– ասացի ես։― Ո՞ւր են ձեր դուստրն ու նրա երեխաները։ Զգում էի, որ կարծես այլ ուժի ազդեցության տակ էի ասում այս խոսքերը, բայց չկարողացա ինձ զսպել։ Դրանից հետո երջանիկ լինելու և հուսալու համար ուրիշ ճանապարհ չունեի։ Միայն կարող էր խելացի և հեգնական լինել և միշտ այս երկու զվարճալի, սիրալիր ջինի, խելքի և հեգնանքի ետևում նրանց ղեկավարող սատանայի գոյությունն էի զգում։ Միևնույն ժամանակ բակի դռան ետևի շները կարծես արյան հոտ առնելով՝ խենթի պես սկսեցին ոռնալ։ Այս պահը նախկինում ապրե՞լ էի։ Մի հեռավոր քաղաքում, հիմա ինձ շատ հեռու թվացող պատմության մեջ, երբ դրսում ձյուն էր գալիս, որը չէի կարողանում տեսնել, մոմի լույսի տակ ինձ ներկ գողանալու մեջ մեղադրող թուլամորթ հիմարին փորձում էի արտասվելով բացատրել, որ ես մեղավոր չեմ։ Այդ ժամանակ էլ, ինչպես այժմ, հեռվում՝ բակի դռան մոտի շներն արյան հոտ առածի պես սկսել էին ոռնալ։ Էնիշթե էֆենդին էլ, այդ կնճռոտ ու վատ ծերուկի պես հպարտ ծնոտով, աչքերիս մեջ դաժանորեն նայելով՝ նպատակ ուներ ինձ ճնշել։ Եթե տասը տարվա նկարչական աշակերտության տարիներիցս մնացած այս վատ հիշողությունը հստակ ուրվագծերով, բայց խունացած գույներով նկարի պես պատկերացնեի, այս պահը դեռ անորոշ և խունացած հուշ կնկարեի։ Այսպիսով, իմ ներսի աշխատասեր նկարիչը, որի գոյության մասին մեզ գլխավոր նկարիչ վարպետ Օսմանն էր ասել, ինձ ստիպեց վեր կենալ, անցնել նստած Էնիշթե էֆենդու թիկունքով և աշխատանքային սեղանի վրայի ապակե, կավե, բյուրեղյա՝ ինձ ծանոթ թանաքամանների արանքում դրված նոր հսկայական ու ծանր բրոնզե թանաքամանը վերցնել։ Իմ արածներն ու տեսածները կարծես ոչ թե այդ պահին էի ապրում, այլ հին հուշի պես հստակ ուրվագծերով և խունացած գույներով էի տեսնում։ Երբեմն պատահում է, որ մեզ երազում տեսնում ենք ու սարսռում։ Նույն զգացմունքով, ձեռքիս նեղ բերանով մեծ բրոնզե թանաքամանը բռնած՝ ասացի. ― Մանկությանս տարիներին, երբ տասը տարեկան էի, այսպիսի թանաքաման տեսա։ ― Երեք հարյուր տարեկան մոնղոլական թանաքաման է,– ասաց Էնիշթե էֆենդին։― Քարան է Թավրիզից բերել։ Միայն կարմիր թանաքի համար է օգտագործվում։ Հենց այդ պահին սատանան ինձ դրդեց ամբողջ ուժով թանաքամանն իջեցնել այդ հիմարի գլխին։ Բայց ես նրան չլսեցի։ Դրա փոխարեն հույսով ասացի. ― Զարիֆ էֆենդուն ես եմ սպանել։ Հասկանում եք, չէ՞՝ ինչու ասացի՝ հույսով։ Հույս ունեի, որ Էնիշթեն ինձ կհասկանա և կների։ Ինչպես և հույս ունեի, որ ինձնից կվախենա ու ինձ կօգնի։ == 29. Ես ձեր փեսան եմ == Երբ ասաց, որ սպանել է Զարիֆ էֆենդուն, սենյակում տևական լռություն տիրեց։ Մտածեցի, որ ինձ էլ է սպանելու։ Երկար ժամանակ սիրտս արագ բաբախում էր։ Արդյոք ինձ սպանելու համա՞ր էր այստեղ եկել, թե՞ խոստովանելու, թե՞ վախեցնելու համար։ Արդյոք ինքը գիտե՞ր, թե ինչ էր ուզում։ Վախեցա, երբ հասկացա, որ տարիներ շարունակ իմացել եմ այս հիանալի նկարչի տաղանդը, ընդունակությունները, բայց նրա սիրտն իրականում չեմ ճանաչել։ Զգում էի, որ այդ հսկայական կարմիր թանաքամանը ձեռքին՝ դեռ կանգնած է իմ ետևում, հետո անմիջապես կանգնեց թիկունքիս, բայց չշրջվեցի և չնայեցի նրան։ Քանի որ գիտեի՝ իմ լռությունը նրան անհանգստացնում է, ասացի. ― Շները դեռ չեն լռել։ Այսպիսով, մի անգամ էլ լռեցինք։ Հասկացա, որ այս անգամ մահից կամ այս վտանգավոր դրությունից միակ ելքն իմ խոսքերն են լինելու։ Բացի մանրանկարչությունից ու նկարչությունից նրա մասին գիտեի նաև, որ խելացի է։ Եթե հավատում եք, որ նկարչի ստեղծագործության մեջ նրա էությունը, հոգին չպետք է երևա, ուրեմն հպարտանալու առիթ կա։ Լավ, ինչպե՞ս էր կարողացել ինձ հանկարծակիի բերել դատարկ տանը։ Ծեր խելքս արագ-արագ այս ամենի մասին էր մտածում, բայց խաղն այնքան խառն էր, որ նրանից չէի կարողանում դուրս գալ։ Շեքուրեն որտե՞ղ է։ ― Ավելի շուտ էիր հասկացել, որ նրան ես եմ սպանել չէ՞,– հարցրեց նա։ Չէի հասկացել մինչև այն պահը, երբ նա ասաց։ Բացի այդ, հիմա մի քիչ մտածում եմ, որ ճիշտ է արել Զարիֆ էֆենդուն սպանելով, որովհետև կարծում էի, որ գուցեև իսկապես լուսահոգի վարպետ գրիչն իսկապես սկսելու էր վախենալ և բոլորիս մեծ խնդիրների առաջ էր կանգնեցնելու։ Այսպիսով, երբ տանը միայնակ դեմ առ դեմ էի մնացել մարդասպանի հետ, հանկարծակի գոհունակություն զգացի։ ― Չեմ զարմանում, որ սպանել ես նրան,– ասացի ես։– Մեզ պես մարդիկ, ովքեր գրքերով են ապրում, երազում գրքի էջեր են տեսնում, այս աշխարհում միշտ ինչ-որ բանից վախենում են։ Ավելին, մենք արգելված, ավելի վտանգավոր գործով ենք զբաղված, մուսուլմանական քաղաքում ենք զբաղվում նկարչությամբ։ Յուրաքանչյուր նկարիչ, ինչպես սպահանցի Մուսաֆիր շեյխ Մուհամմեդը, մեղքի զգացողություն ունենալու, զղջալու, ինքն իրեն բոլորից առաջ մեղադրելով, մեղա գալով՝ Աստծուց ու համայնքից ներողություն խնդրելու մեծ պատճառներ ունի։ Մեր գրքերը մեղավորների ու ներողություն խնդրողի պես ենք պատրաստում։ Լավ գիտեմ, որ մեգ անհավատության մեջ մեղադրող հոջաների, հավատացյալների, կանանց, շեյխերի հարձակումների առաջ ընկրկելու, այս հավերժական մեղքի զգացմունքը և սպանում է նկարչի երևակայությունը, և այն ավելի վառ է դարձնում։ ― Այսինքն՝ ինձ չես մեղադրում, որ հիմար Զարիֆ էֆենդուն վերացրել եմ։ ― Գրի, մանրանկարչության, նկարչության մեջ մեզ գրավողը ահա այս վախն է։ Առավոտից մինչև երեկո, գիշերները մոմի լույսի տակ մինչև կուրանալը ծնկաչոք մեզ նկարին և գրքերին նվիրելը ոչ միայն փողի և բարեսրտության համար է, այլև մյուս մարդկանց աղմուկից, հասարակությունից փախչելու հնարավորություն։ Բայց այդ կրքի դիմաց ցանկանում ենք, որ ներշնչանքով արված նկարները նաև տեսնեն ու գնահատեն մարդիկ, ումից փախչում ենք։ Իսկ եթե մեզ անհավա՞տ համարեն։ Սա որքա՜ն ցավ է պատճառում իսկական տաղանդավոր նկարչին։ Մինչդեռ իսկական նկարն անտեսանելի է, թաքնված է անտեսանելիի մեջ։ Առաջին պահին նկարը տեսնելիս բոլորն ասում են, որ վատն է, իրական չէ, անհավատություն է։ Իրական նկարիչը և՛ գիտի, որ պետք է այնտեղ գնա, և՛ վախենում է այնտեղի մենակությունից։ Բայց ամբողջ կյանքում ո՞վ կդիմանա այս սարսափելի, նյարդային կյանքին։ Տարիներ շարունակ զգացած վախերի պատճառով նկարիչը նախևառաջ կարծում է, որ ինքն իրեն մեղադրելով՝ կարող է փրկվել։ Նրան հավատում են միայն այն ժամանակ, երբ խոստովանում է իր մեղքը, բայց հետո նրան բռնում են։ Սպահանցի նկարիչն այդ գործն ինքնուրույն արեց։ ― Դու նկարիչ չես,― ասաց նա,–– և ես նրան չեմ սպանել վախենալու պատճառով։ ― Նրան սպանեցիր, որպեսզի ուզածիդ պես առանց վախի նկարես։ Երկար ժամանակ է՝ այսպիսի խելացի բան չէր ասել նկարիչը, որ ցանկանում էր սպանել ինձ։ ― Գիտեմ, այդ ամենն ասում ես ինձնից ազատվելու, ինձ խաբելու, այս իրավիճակից դուրս գալու համար,– ասաց նա և ավելացրեց։– Բայց վերջին ասածդ ճիշտ է։ Ուզում եմ, որ սա հասկանաս։ Լսի՛ր ինձ։ Շրջվելով՝ նայեցի աչքերի մեջ։ Ինձ հետ խոսելիս երևում էր, որ մեր միջև եղած նախկին ոճի մասին լրիվ մոռացել էր, իրեն կորցրել էր։ Բայց ինչո՞ւ։ ― Ես քեզ միշտ հարգալից կվերաբերվեմ, մի՛ անհանգստացիր,― ասաց նա։ Ինձ շրջանցելով՝ կանգնեց դիմացս, ծիծաղեց, բայց շատ դառնացած էր երևում։― Ինչպես և հիմա,– ասաց նա։― Ինչ֊որ բան եմ անում, բայց կարծես ես ես չեմ, իմ ներսում ինչ-որ բան է եռում, և ամբողջ վատությունը նա է անում։ Բայց նրա կարիքը շատ ունեմ։ նաև նկարելիս ունեմ նրա կարիքը։ ― Դրանք սատանայի մասին պառավների հնարած բամբասանքներ են։ ― Այսինքն՝ սո՞ւտ եմ ասում։ Ինձ սպանելու համար բավականաչափ քաջություն չուներ, դրա համար էլ, զգում էի, ցանկանում է իրեն զայրացնեմ։ ― Չես ստում, բայց չես ճանաչում քո զգացմունքները։ ― Ո՛չ, շատ լավ եմ ճանաչում։ Առանց մահանալու արդեն տանջվում եմ։ Անկախ մեր կամքից՝ քո պատճառով մինչև կոկորդը խրվեցինք մեղքի մեջ։ Իսկ հիմա ասում ես, որ ավելի քաջ լինեմ։ Քո պատճառով ես մարդասպան դարձա։ Նուսրեթ հոջայի կատաղած շները մեզ կսպանեն։ Չհավատալով իր խոսքերին՝ ավելի բարձր էր բղավում, ձեռքի թանաքամանն ավելի զայրացած էր սեղմում։ Ձնածածկ փողոցով անցնողներն արդյոք նրա գոռոցները լսելով կգայի՞ն։ ― Ինչպե՞ս եղավ, որ սպանեցիր նրան,– ասացի ես ոչ այնքան հետաքրքրությունից դրդված, որքան ցանկանալով ժամանակ շահել։― Ինչպե՞ս հանդիպեցիք այդ ջրհորի մոտ։ ― Քո տնից դուրս գալու գիշերը Զարիֆ էֆենդին ինքը գտավ ինձ,– ասաց նա պատմելու անսպասելի ցանկությամբ։– Ասաց, որ տեսել է երկէջանի վերջին նկարը։ Շատ փորձեցի լռեցնելնրան։ Տարա մինչև այրված տունը, ասացի, որ ջրհորի մոտ փող եմ թաքցրել։ Փողի մասին լսելով՝ հավատաց։ Սրանից լավ չի կարելի ապացուցել, որ նկարիչը փողի համար է աշխատում։ Այդ պատճառով էլ տխուր չեմ, նա տաղանդավոր, բայց սովորական նկարիչ էր։ Պատրաստ էր սառած հողը եղունգներով փորել։ Եթե ջրհորի մոտ իսկապես թաղած ոսկի ունենայի, նրան սպանելու կարիք չէր լինի։ Որպես գրիչ թշվառականի ես ընտրել։ Լավ էր գրում լուսահոգին, բայց նրա գրությունների գույնի ընտրությունն ու օգտագործումը պարզ էին։ Ոչ մի հետք չթողեցի։ Ասա՛ ինձ՝ ո՞րն է ոճի գլխավոր տարրը։ Հիմա և՛ ֆրանսիացիները, և՛ չինացիները նկարչի տաղանդի գույնից, ոճից են խոսում։ Լավ նկարչին մյուսներից պետք է ոճը տարբերի, չէ՞։ ― Մի՛ անհանգստացիր, նոր ոճը չի կարող նկարչի սրտի ցանկությամբ լինել,– ասացի ես։– Մի արքայազն մահանում է, մի շահ պարտվում է պատերազմում, անավարտ համարվող մի ժամանակաշրջան ավարտվում է, մի արվեստանոց փակվում է, և այնտեղի նկարիչերը հեռանալով՝ իրենց համար այլ տուն, այլ գրքասեր հովանավորներ են փնտրում։ Մի օր մի սուլթան տարբեր տեղերից, օրինակ՝ Հերաթից և Հալեպից եկած այս անտուն-անտեղ, զարմացած ու տաղանդավոր նկարիչներին և գրիչներին իր վրանում, պալատում սիրով հավաքում է, խնամքով հիմնում սեփական արվեստանոցը։ Իրար հետ անհաշտ նկարիչները սկզբում սեփական ոճի համաձայն են նկարում, հետո փողոցի երեխաների պես նրանց միջև նմանություն, ապա բախում և հաշվեհարդար է տեղի ունենում։ Տարիներ շարունակ ձգվող կռիվների, նախանձի, խարդախության և նկարչական աշխատանքների վերջում նոր ոճ է ի հայտ գալիս։ Այդ արվեստանոցի ամենափայլուն, ամենատաղանդավոր նկարչի համար մեծամասնությունն է ոճ ընտրում։ Ասենք, որ նա ամենաբախտավոր նկարիչն է։ Մնացած նկարիչներին բաժին է ընկնում միայն այս ոճը կատարելագործելը՝ հավերժ կրկնօրինակելով։ Առանց ուղիղ աչքերիս նայելու՝ ձայնի անսպասելի, մեղմ երանգով ինձնից անկեղծություն ու գթասրտություն պահանջելով և գրեթե երիտասարդ աղջկա դողդոջուն ձայնով դողալով ասաց. ― Ես ոճ ունե՞մ։ Մի պահ կարծեցի, թե աչքերիցս արցունքներ են թափվելու։ Ամբողջ ուժով, նրբությամբ ու սիրով, փորձելով նրբանկատ լինել՝ ասացի այն, ինչին հավատում էի. ― Վաթսուն տարվա ընթացքում տեսածս ամենատաղանդավոր, ամենախորհրդավոր, ամենանուրբ, ամենազարմանալի նկարիչը դու ես։ Եթե անգամ հազար նկարչի ձեռագիր տեսնեմ միևնույն թղթի վրա, անմիջապես կճանաչեմ քո աստվածատուր գրչի հպումը։ ― Ես էլ եմ այդպես կարծում, բայց դու այնքան խելացի չես, որ հասկանաս իմ տաղանդի գաղտնիքը,– ասաց նա։– Հիմա ստեր ես ասում, որովհետև վախենում ես ինձնից։ Մեկ է, պատմի՛ր ինձ իմ ոճի մասին։ ― Քո մատիտը կարծես իր ճանապարհը ոչ թե քո հպումով, այլ սեփական ընթացքով է կարողանում գտնել։ Քո մատիտի նկարածը ոչ լուրջ է, ոչ կատակ։ Մի բազմամարդ տեսարան նկարելիս մարդկանց հայացքներից, էջի դիրքից, տեքստի իմաստից ելած լարվածությունը քո նկարում վերածվում է անվերջ նուրբ շշնջոցի։ Ես քո նկարներին կրկին այդ շշունջը լսելու համար եմ նայում։ Ամեն անգամ ժպտալով նկատում եմ, որ իմաստը փոխվել է, ինչպես ասեմ, փորձում եմ նկարը կրկին տեքստի պես կարդալ։ Այսպիսով, իմաստի այս շերտերն իրար ետևից դասավորվելիս, ֆրանսիացի վարպետների համաձայն, հեռուներ հասնող խորություն է ի հայտ գալիս։ ― Հը՜մ՜մ՜։ Լավ։ Հանգիստ թող ֆրանսիացի նկարիչներին։ Նորից ասա։ ― Քո վրձինն իսկապես այնքան հիանալի է, այնքան ուժեղ, որ նկարիդ նայողը ոչ թե աշխարհին, այլ քո նկարածին կարող է հավատալ։ Այսպիսով, դու քո տաղանդով կարող ես անգամ ամենաամուր հավատ ունեցող մարդուն շեղել ճանապարհից, մի նկարով կարող ես ամենաանհույս հավատացյալին էլ Ալլահի ճանապարհով ուղեկցել։ ― Ճիշտ է, բայց չգիտեմ՝ դա գովասա՞նք է, թե ոչ։ Մի անգամ էլ ասա։ ― Ոչ մի նկարիչ քեզ պես չգիտի ներկի չափը, գաղտնիքները։ Դու ես միշտ պատրաստում ամենափայլուն, ամենակենդանի, ամենաիրական ներկերը։ — Լա՛վ, ուրի՞շ։ ― Գիտես, որ Բեհզադից ու Միր Սեյյիդ Ալիից հետո դու ես ամենամեծ նկարիչը։ ― Ճիշտ է, գիտեմ։ Եթե դու գիտես, ուրեմն ինչո՞ւ ես քո գիրքը միջակ Քարա էֆենդու, ոչ թե ինձ հետ կազմում։ ― Նրա արած գործի համար նկարչի տաղանդի կարիք չկա,― ասացի ես։– Դա՝ առաջինը, իսկ երկրորդը՝ նա քեզ պես մարդասպան չէ։ Ինձ սիրալիր ժպտաց, որովհետև ես էլ թեթևության զգացումով ժպտացի։ Զգում էի, որ այս մղձավանջից այս ձայնով, այս ոճով եմ դուրս գալու։ Այսպիսով, սկսեցի խոսել նրա ձեռքի բրոնզե մոնղոլական թանաքամանի մասին, և մենք ոչ թե հոր ու որդու, այլ երկու հետաքրքրասեր, փորձառու ծերունու պես հաճելի զրույցի բռնվեցինք։ Բրոնզի ծանրության, թանաքամանի հավասարակշռության, թանաքամանի բերանի նեղության, հին գրիչների եղեգների երկարության և իմ առաջ թեթև թափ տված՝ նկատելի թանձրություն ունեցող կարմիր թանաքի գաղտնիքների մասին... Խոսում էինք այն մասին, որ եթե մոնղոլները չինացի վարպետներից սովորած կարմիր ներկի գաղտնիքները Խորասան, Բուխարա, Հերաթ չբերեին, մենք Ստամբուլում երբեք չէինք կարողանա նկարել այս նկարներր։ Մինչ մենք խոսում էինք, կարծես ժամանակի թանձրությունն էլ էր ներկի պես փոխվում, և ժամանակն արագ էր անցնում։ Զարմանում էի, թե ինչու տանը դեռ ոչ ոք չկա, ուզում էի, որ ծանր թանաքամանը տեղը դնի։ ― Երբ գիրքդ ավարտվի, նկարներս տեսած մարդիկ կհասկանա՞ն իմ տաղանդի չափը,– ասաց նա հին ժամանակների հանդարտությամբ։ ― Աստված տա, հաջողությամբ այս գիրքը մի օր ավարտին հասցնենք, մեր սուլթանն այն կվերցնի, կնայի, իհարկե, առաջինը կստուգի՝ արդյոք ոսկե թերթիկներր տեղում են, թե ոչ, կնայի սեփական նկարին, ինչպես «Շեմաիլնամեին»–ին, բոլոր սուլթանների պես ոչ թե մեր հիանալի նկարով, այլ իր սեփական պատկերով կհիանա և հետո, եթե բարեհաճի և՛ Արևելքից, և՛ Արևմուտքից ներշնչվելով մեր նկարած հրաշքներին սիրով նայել, որքա՜ն երախտապարտ կլինենք։ Դու էլ գիտես, որ եթե հրաշք չլինի, երբեք չի հարցնի, թե շրջանակն ով է արել, գիրը ումն է, այս մարդուն ու ձիուն ով է նկարել և գիրքը կփակի գանձարանում։ Բայց բոլոր տաղանդավոր մարդկանց պես մենք կշարունակենք նկարել՝ հույս ունենալով, որ մի օր այդ հրաշքը տեղի կունենա։ Մի քիչ լռեցինք, կարծես համբերատար սպասում էինք։ ― Ե՞րբ կլինի այդ հրաշքը,― հարցրեց նա։– Մինչև կուրանալը մեր նկարած այդքան նկարներն, ի վերջո, ե՞րբ են հասկանալու։ Իմ վաստակած, մեր վաստակած սերը ե՞րբ ենք ստանալու։ ― Երբեք։ ― Ինչպե՞ս։ ― Երբեք քո ուզածը քեզ չեն տա,– ասացի ես։– Ապագայում ավելի քիչ են հասկանալու քեզ։ ― Բայց գրքերը դարերով ապրում են,– ասաց նա հպարտ ձայնով, բայց լիովին անվստահ։ ― Իտալացի վարպետներից ոչ ոք քո բանաստեղծականությունը, հավատը, զգացմունքայնությունը, գույների պարզությունն ու փայլը չունի, հավատա՛ ինձ։ Բայց նրանց նկարներն ավելի են հավատ ներշնչում, ավելի շատ են նման կյանքին։ Ոչ թե աշխարհին մինարեթի բարձունքից նայելու և հեռապատկեր կոչվածին ուշադրություն չդարձնելու պատճառով, այլ փողոց, արքայազնի սենյակ, անկողին, սեղան, հայելի, վագր, աղջիկ ու փող իրար հետ են նկարում, ամեն բան նկարում են, գիտեն։ Ես նրանց արած ամեն ինչին չեմ հավատում։ Ինձ համար շատ պարզունակ է աշխարհը կրկնօրինակել այնպիսին, ինչպիսին կա, դա ինձ դուր չի գալիս, բայց հին ոճով արված նկարները շատ գրավիչ են։ Տեսած ամեն բան հենց այդպես էլ նկարում են։ նրանք իրենց տեսածն են նկարում, իսկ մենք մեր նայածը։ Նրանց արածը տեսնելուն պես հասկանում ես, որ մինչև մեծ դատաստանի օրը տանող ճանապարհը եվրոպական ոճի ճանապարհով է անցնում։ Դա այնքան գրավիչ է, որ ոչ միայն Վենետիկի, այլև եվրոպական երկրների դերձակները, մսագործները, զինվորները, քահանաները, նպարավաճառները... բոլորը պատվիրում են իրենց այդպես նկարել։ Որովհետև այդ նկարները մի անգամ տեսնելուն պես դու էլ ես ուզում քեզ այդպես տեսնել, ուզում ես հավատալ, որ բոլորից տարբերվող, աննման, յուրահատուկ և տարօրինակ էակ ես։ Մարդուն ոչ թե խելքով, այլ նոր ոճով, աչքի տեսածի պես նկարելն է այդ հնարավորությունը տալիս։ Առաջիկայում մի օր բոլորը նրանց պես կնկարեն։ Նկար ասելով ամբողջ աշխարհը նրանց արածը կհասկանա։ Այստեղ նկարչությունից չհասկացող խեղճ հիմար դերձակն անգամ կցանկանա, որ այնպիսի նկար արվի, որ հավատա ոչ թե մի սովորական հիմար, այլ յուրօրինակ, աննման էություն ունեցող մարդ լինելուն։ ― Էհ, ուրեմն մենք էլ այդպես կնկարենք,– ասաց կատակասեր մարդասպանը։ ― Չենք անի,― ասացի ես։– Լուսահոգի Զարիֆ էֆենդուց իմացա՞ր, թե որքան էր վախենում եվրոպական նկարները կրկնօրինակելուց։ Եթե անգամ առանց վախենալու փորձեն, արդյունքը նույնը կլինի։ Ի վերջո, մեր ոճը կմահանա, մեր գույները կխունանան։ Մեր գրքերով, մեր նկարներով ոչ ոք չի հետաքրքրվի։ Հետաքրքրվողներն էլ ոչինչ չհասկանալով՝ կասեն՝ ինչո՞ւ հեռապատկեր չկա, կամ էլ գրքերն ընդհանրապես չեն գտնի։ Որովհետև անտարբերության հետ ժամանակն ու փորձանքներն էլ աստիճանաբար կվերացնեն մեր նկարները։ Քանի որ գրքերը արաբական խեժով, ձվով, ոսկորով ու մեղրով են պատված, և էջերը ձվից ու օսլայից պատրաստված նյութով են փայլեցված, ագահ առնետները գրքերը կկրծեն, սպիտակ մրջյունները, բզեզները, հազարավոր միջատները մեր գրքերը կրծոտելով կվերացնեն։ Կազմերը կմասնատվեն, էջերը կպոկվեն, գողերը, անտարբեր ծառաները, երեխաները, վառարան վառող կանայք էջերը, նկարներն անմիտ կպատռեն։ Փոքրիկ արքայազնները նկարներն իրենց խաղալիք մատիտներով կփչացնեն, մարդկանց աչքերը կհանեն, էջերով կսրբեն իրենց քիթը, անկյունները կներկեն սև մատիտով, այդ նկարները մեղք համարողները ամեն բան կջնջեն, նկարները պատռելով, կտրելով՝ կօգտագործեն այլ նկարներ անելու կամ խաղալու և զվարճանալու համար։ Մայրերը կասեն, որ նկարներն անշնորհք են ու կպատռեն, իսկ հայրերը, տղամարդիկ կանանց նկարների վրա ձեռնաշարժությամբ կզբաղվեն։ Էջերը ոչ միայն դրանից, այլև ցեխից, խոնավությունից, վատ խեժից, թքից ու տարբեր կեղտից և ուտելիքի մնացորդներից կկպչեն իրար։ Կպչուն հատվածներում բորբոսից ու կեղտից հետքեր, ուռուցքների պես ծաղիկներ կբացվեն։ Հետո տանիքներից կսկսի անձրև թափվել, ջրհեղեղ կլինի, ցեխաջրի հոսք, և մեր գրքերը կվերանան։ Ջրերի, խոնավության, միջատների և անտարբերության պատճառով խմոր դառած, պատռված, ծակծկված, խունացած, անընթեռնելի էջերի հետ հրաշալի չոր սնդուկի միջից դուրս եկած հրաշքն էլ, ամենավերջին գիրքն էլ, իհարկե, մի օր դաժան հրդեհի կրակներին կուլ գնալով՝ կվերանա։ Ստամբուլում քսան տարին մեկ մի թաղամաս է վառվում ու վերանում, գրքերը կդիմանա՞ն։ Բաղդադը մոնղոլներն այրեցին ու թալանեցին, բայց այնտեղ ավելի շատ գիրք ու գրադարան էին այրում, ամեն երեք տարին մեկ այդ քաղաքը վերանում էր և նորից վերածնվում։ Ո՞ր նկարիչը կարող է երազել, որ հազար տարուց ավելի կարող է ապրեցնել իր հրաշքը, որ մի օր իր նկարներին կնայեն, որ իրեն Բեհզադի պես կհիշեն։ Ոչ միայն մեր արածները, այլև դարեր շարունակ այս աշխարհում արված ամեն բան հրդեհների, միջատների, անտարբերության պատճառով կվերանա։ Այսպիսով, Շիրինի՝ պատուհանից Խոսրովին հպարտությամբ նայելը, Խոսրովի՝ լիալուսնի լույսի տակ լողացող Շիրինին հետևելը և բոլոր սիրահարների՝ միմյանց նրբորեն ու մանրակրկիտ հետևելը, Ռոստամի՝ սպիտակ սատանային ջրհորի հատակին խեղդելով սպանելը, սիրուց խելագարված Մեջնունին՝ անապատում ճերմակ վագրի և քարայծի հետ ընկերություն անելիս դժբախտը պաշտպանում էր հոտը ամեն գիշեր զուգավորվող էգ գայլից, հետո հոտը պահպանող դավաճան շունը գայլին որպես նվեր մի ոչխար է տալիս, բայց նրան բռնում են և կախում ծառից, ծաղիկներով, հրեշտակներով, տերևեր ունեցող ճյուղերով, թռչուններով և արցունքներով արված այս բոլոր զարդարանքները, Հաֆեզի խորհրդավոր բանաստեղծությունները զարդարելու համար պատկերված բոլոր ուդ նվագողները, հազարավոր, տասնյակ հազարավոր նկարիչ աշակերտների տեսողությունը փչացնող, վարպետներին կուրացնող, պատերի բոլոր զարդարանքները դռան, պատերի վրա կախված փոքրիկ ցուցատախտակներին, նկարի մեջ իրար վրա դրված նկարների մեջ թաքնված բոլոր երկտողերը, պատերի տակ, անկյուններում, ճակտոցների վրա, ոտքերի ներբաններին, փշերի տակ, ժայռերի արանքում թաքնված համեստ ստորագրությունները, սիրահարներին ծածկող վերմակների բոլոր ծաղիկները, մեր սուլթանի լուսահոգի պապի՝ թշնամի անհավատների վրա հաղթանակով հարձակվելու ժամանակ անկյունում համբերատար սպասող բոլոր կտրված գլուխները, անհավատների դեսպանի՝ մեր սուլթանի նախապապի ոտքերը համբուրելիս ետևում երևացող թնդանոթները, որոնց նկարչությանը դու էլ ես քո երիտասարդ տարիներին մասնակցել, բոլոր հրացանները, վրանները, պոզավոր, անպոզ, պոչավոր, անպոչ, ժանիքավոր, սուր ճանկերով բոլոր սատանաները, գիտունիկ հոպոպ, թռչկոտող ճնճղուկ, անփորձ ուրուր, տաղանդավոր սոխակ և այլ տարբեր թռչուններ, հանգիստ կատուներ, անհանգիստ շներ, շտապող ամպեր, նկարում կրկնվող հազարավոր փոքրիկ, գեղեցիկ խոտեր, անփորձ կերպով ստվերած ժայռեր և մարգարեի համբերատարությամբ առանձին-առանձին նկարված տերևներով հազարավոր նոճի, սոճի և նռենի, Թեմուրի կամ շահ Թահմասփի ժամանակներից մնացած պալատների օրինակով նկարված, բայց ավելի ուշ շրջանի պատմություններով զարդարված պալատներ և հարյուր հազարավոր աղյուսներ, տափաստանում ծաղիկների վրա և գարնանը ծաղկած ծառերի տակ փռված գորգին նստած գեղեցիկ կանանց ու տղամարդկանց երաժշտությունը լսող տասնյակ հազարավոր տխրադեմ արքայազն, վերջին հարյուր հիսուն տարվա ընթացքում Սամարղանդից Ստամբուլ հազարավոր նկարիչ աշակերտների արցունքոտ ծեծի գնով ստացված այդ հրաշալի նկարները, ճենապակին ու գորգերը, այդ հիանալի այգիները, որ դեռ նույն ոգևորությամբ ես նկարում և ուրուրներ, մահվան ու պատերազմի անհավատալի տեսարաններ, արքայազններ, որոնց որսացել են, և նրբորեն փախչող վախեցած եղնիկներ, քո և մահացած շահերի, գերի ընկած թշնամիների, անհավատ ռազմական նավերի և թշնամական քաղաքների ու գրչից կաթող մթության կաթիլներից փայլող մութ գիշերվա մեջ աստղերը, ուրվականի պես նոճիները և կարմիր գույնով պատկերված սիրո և մահվան նկարները, բոլորը, բոլորը վերանալու են։ Ամբողջ ուժով թանաքամանն իջեցրեց գլխիս։ Հարվածի ուժից առաջ թեքվեցի։ Մի պահ կարծես ամբողջ աշխարհը պատվեց իմ ցավով, և ամեն ինչ դեղին գույն առավ։ Չնայած մի կողմից մտածում էի, որ իմ հանդեպ արվածը վաղուց էր ծրագրված, իսկ մյուս կողմից՝ գլխիս ստացած հարվածով կամ այդ հարվածի պատճառով ցանկանում էի տխրեցնող բարյացակամությամբ իմ մարդասպանը դառնալ ցանկացող խենթին ասել՝ ոչ, սխալ ես անում։ Բրոնզե թանաքամանով մի անգամ էլ խփեց գլխիս։ Այս անգամ հասկացա, որ սա ոչ թե սխալ է, այլ խենթություն, զայրույթ և, ի վերջո, կարող է վերածվել մահվան։ Այնքան վախեցա, որ ամբողջ ուժով ցավից ոռնալով սկսեցի բղավել։ Եթե իմ բղավոցը նկարեին, այն ամբողջովին կանաչ կլիներ։ Հասկացա, որ երեկոյի մթան մեջ, դատարկ փողոցներում այդ գույնը ոչ ոք չի սիրի, հասկացա, որ մենակ եմ։ Իմ բղավոցից վախեցավ ու կանգ առավ։ Մի պահ նայեցինք միմյանց աչքերի մեջ։ Աչքերի մեջնայելով՝ սարսափի և ամոթի հետ մեկտեղ տեսա նաև, որ դա նրա համար սովորական և ընդունելի բան է դարձել։ Նա ոչ թե իմ ճանաչած վարպետ նկարիչն էր, այլ օտար, հեռու և չար անծանոթ։ Այդ զգացումն այդ պահի մենակությունս դարերի պես երկարացրեց։ Ցանկացա ձեռքը բռնել, ասես ուզում էի փաթաթվել այդ աշխարհին, բայց չստացվեց։ Աղաչեցի, կամ կարծեցի, որ այդպես եմ անում. ― Որդի՛ս, որդի՛ս, մի՛ սպանիր ինձ։ Ինձ չլսեց, ասես երազ էի տեսնում։ Սի անգամ էլ հարվածեց թանաքամանով։ Խելքս, տեսածներս, հուշերս, աչքերս, բոլորը վախի էին վերածվել ու խառնվել իրար։ Ոչ մի գույն չէի տեսնում և հասկանում էի, որ բոլոր գույները կարմիր են։ Կարծում էի, թե կարմիր թանաքն իմ արյունն է։ Նրա ձեռքի թանաքն էլ իմ անընդհատ հոսող կարմիր արյունն է։ Որքան անիրավ, անխիղճ, դաժան էր այդ պահին մահանալը։ Բայց հասկացա, որ սա է այն տեղը, ուր իմ արյունոտ ծեր գլուխը պետք է հանգրվաներ։ Հետո նկատեցի, հուշերս դրսի ձյան պես ճեփ-ճերմակ էին։ Գլուխս ցավում էր, բերանս թմրում էր։ Հիմա պատմեմ ձեզ մահվան մասին։ Գուցե արդեն վաղուց հասկացել եք. մահն ամեն բանի ավարտը չէ, հաստատ։ Բայց ինչպես բոլոր գրքերում են գրում, դա անհավատալի ցավալի բան է։ Ոչ միայն մաս-մաս լինող գանգս ու ուղեղս, կարծես մարմնիս բոլոր մասերը իրար խառնվելով, ցավերից ցնցվելով՝ այրվում էին։ Այս անավարտ ցավին դիմանալն այնքան դժվար էր, որ կարծես խելքիս մի մասն ընկնում էր քաղցր քնի մեջ։ Մահից առաջ հիշեցի մանկությանս տարիներին լսածս մի ասորական հեքիաթ։ Մի ծեր միայնակ մարդ կեսգիշերին արթնանում է քնից, մի բաժակ ջուր է խմում։ Երբ բաժակը դնում է սեղանին, տեսնում է, որ մոմը չկա։ Ո՞ւր է։ Ներսից բարակ լույս էր երևում։ Լույսին հետևելով՝ մտնում է իր սենյակ, տեսնում է, որ անկողնում մեկ ուրիշն է պառկած՝ ձեռքին մոմ։ Հարցնում է. ― Դու ո՞վ ես։ ― Մահը,― ասում է անծանոթը։ Ծերունին մի պահ խորհրդավոր լռում է։ ― Ուրեմն եկար,― ասում է հետո։ ― Այո,– ինքնագոհ ասում է մահը։ ― Ոչ,– վճռականորեն ասում է ծերունին,– դու իմ կիսատ մնացած երազն ես։ Անծանոթի ձեռքի մոմը հանգչում է, և ամեն բան կորչում է մթության մեջ։ Ծերունին մտնում է իր դատարկ անկողինն ու քնում։ Եվս քսան տարի ապրում է։ Հասկանում էի, որ նույն բանն ինձ հետ չի կատարվի, որովհետև մի անգամ էլ էր գլխիս խփել թանաքամանով։ Այնքան խոր ցավ էր, որ արդեն դժվարությամբ էի զգում հարվածները։ նա էլ, թանաքամանն էլ, մոմի թույլ լույսից լուսավորվող սենյակն էլ արդեն հեռանում էին ինձնից։ Բայց միևնույն է, ապրում էի. դա հասկանում էի այս աշխարհին փարվելու, փախչելու ցանկությունից, ձեռքերով արյունոտ գլուխս, դեմքս պաշտպանելու համար արածս շարժումներից, մի պահ, կարծում եմ, նրա թևը կծելուց և դեմքիս թանաքամանի հարված ստանալուց։ Հավանաբար մի պահ փորձեցինք իրար խեղդել, իհարկե, եթե դա կարելի է այդպես անվանել։ Նա շատ ուժեղ էր և շատ զայրացած։ Ես ընկա մեջքիս։ Ծնկներն ուսերիս սեղմելով՝ ինձ գրեթե մեխեց հատակին ու մահամերձ ծերունուն անհարգալից լեզվով ինչ֊որ բաներ պատմեց։ Գուցե նրան չհասկանալու, չլսելու, արյունոտ աչքերին չնայելու համար մի անգամ էլ թանաքամանով հարվածեց։ Թանաքամանից թափվող թանաքից և, կարծում եմ, իմ արյունից ամբողջովին կարմրեց։ Տխրելով, որ այս աշխարհում տեսածս վերջին բանն ինձ թշնամաբար վերաբերվող այս մարդն է լինելու, աչքերս փակեցի։ Անմիջապես հետո մի նուրբ լույս տեսա։ Այդ լույսը քնի պես այնքան հաճելի ու գրավիչ էր, որ կարծեցի, թե բոլոր ցավերս կհանդարտվեն։ Լույսի մեջ մեկին տեսա։ Երեխայի պես հարցրի. ― Դու ո՞վ ես։ ― Ազրաիլն եմ,– ասաց նա։– Այս աշխարհում մարդ արարածի ճամփորդությանը ես եմ վերջ դնում։ Ես եմ երեխաներին մայրերից, կանանց ամուսիններից, սիրելիներին միմյանցից, հայրերին դուստրերից բաժանում։ Այս աշխարհում ինձ հետ համեմատվող շնչավոր չի մնալու։ Հասկանալով, որ մահն անխուսափելի է, սկսեցի արտասվել։ Դրանից ավելի վատ էի զգում։ Մի կողմից ինձ հիմարացնող ցավ էի զգում։ Այդ վայրը խառնաշփոթ ու դաժան տեղ էր, որտեղ ամբողջ դեմքս արյան մեջ էր կորել։ Իսկ մյուս կողմից՝ կար մի տեղ, որտեղ խառնաշփոթն ավարտվում էր, բայց այդ տեղս օտար էր ու սարսափելի։ Այդտեղից վախենում էի, որովհետև այն լուսավոր աշխարհն էր, ուր Ազրաիլն էր ինձ կանչում։ Բայց նաև հասկանում էի, որ ինձ այդքան տառապանք պատճառած այս աշխարհում երկար ժամանակ չեմ կարող մնալ, այս սարսափելի ցավի և տառապանքի երկրում ինձ համար ոչ մի խաղաղ անկյուն չի մնացել։ Այս աշխարհում մնալու համար կարծես պետք էր ապրելիս այս սարսափելի ցավին դիմանալ, և դա էլ իմ ծեր վիճակում չէի կարող անել։ Այսպիսով, մահից անմիջապես առաջ ինքս ցանկացա մահանալ։ Միևնույն ժամանակ էլ հասկացա, որ ամբողջ կյանքում մտածել էի, գրքերում փնտրել էի այն հարցի պատասխանր, թե մարդիկ ինչպես են, ի վերջո, կարողանում մահանալ։ Հասկացա, որ պատասխանն այս պարզ ցանկության մեջ է։ Նաև հասկացա, որ մահն ինձ ավելի խելացի է դարձրել։ Սիևնույն է, երկար ճամփորդության պատրաստվելուց առաջ իր սենյակը, իրերին, տանը վերջին անգամ նայող մարդու անվճռականություն զգացի։ Անհանգստությամբ ու կարոտով ցանկացա դստերս վերջին անգամ տեսնել։ Այնքան շատ էի ուզում, որ մի պահ հասկացա՝ եթե ատամներս սեղմեմ, դիմանամ ցավին ու աճող ծարավին, կկարողանամ սպասել դստերս։ Այսպիսով, իմ աչքերի առաջ այդ մահացու և հաճելի լույսը հանկարծ մարեց, ու միտքս բացեց իր դռներն այն աշխարհի ձայների առաջ, որտեղ մահանում էի։ Լսում էի, թե ինչպես է ինձ սպանողը քայլում սենյակում, զայրացած փնտրում վերջին նկարը, չի գտնում և քանդում է ներկերի հավաքածուները, ոտքով հարվածում սնդուկներին, տուփերին, թանաքամաններին, գրակալին։ Հասկացա, որ մերթընդմերթ տնքում եմ, ծերացած թևերով ու հոգնած ոտքերով տարօրինակ շարժումներ եմ անում։ Սպասեցի։ Ցավս չէր մեղմանում, արդեն չէի կարողանում դիմանալ ծարավին, ցավին։ Միևնույն է, մի քիչ էլ սպասեցի։ Այդ պահին մտածեցի, որ դուստրս կարող է հանդիպել ստոր մարդասպանին, բայց անգամ չցանկացա այդ մասին մտածել։ Միևնույն ժամանակ զգացի, թե ինչպես է ինձ սպանողը դուրս գալիս սենյակից։ Հավանաբար գտել էր վերջին նկարը։ Շատ էի ծարավել, բայց սպասեցի։ Դե, աղջի՛կս, իմ գեղեցկուհի՛ Շեքուրե, արի՛։ Չեկավ։ Արդեն ուժ չունեի ցավին դիմանալու։ Հասկացա, որ առանց դստերս տեսնելու մահանալու եմ։ Դա այնքան դաժան էր, որ ցանկացա տխրությունից մահանալ։ Հենց այդ պահին իմ ձախ կողմում ինձ անծանոթ դեմք տեսա, և նա բարի ժպիտով ինձ մի բաժակ ջուր տվեց։ Ամեն բան մոռանալով՝ արագ նետվեցի բաժակին։ Բաժակը ետ քաշեց և ասաց. ― Մուհամմեդ մարգարեն սուտ է ասել,– ասաց նա։– ժխտի՛ր նրա ասածները։ Սատանան էր։ Չպատասխանեցի, անգամ չվախեցա նրանից։ Քանի որ երբեք չէի հավատում, որ նկարչությունը սատանային խաբվել է նշանակում, վստահությամբ սպասեցի։ Երազեցի ինձ սպասվող հավերժական ճամփորդության և ապագայի մասին։ Այդ պահին քիչ առաջ տեսածս հրեշտակր մոտեցավ, և սատանան անհետացավ։ Հասկանում էի, որ սատանային հեռացրած այդ լուսե հրեշտակը Ազրաիլն է։ Բայց մյուս կողմից էլ իմ ըմբոստացող կողմն ինձ հիշեցնում էր, որ «Դատաստանի օրվա իրադարձություններում» Ազրաիլը հազարաթև է, Արևելքից Արևմուտք ձգվող և ամբողջ աշխարհն իր ձեռքերում պահող հրեշտակն է։ Երբ մտքերս խառնվեցին, լույսերով ողողված այղ հրեշտակը մոտեցավ ինձ և կարծես ցանկանալով օգնել՝ այո՛, ճիշտ Գազգալիի «Մարգարտափայլում» ասածի պես սիրալիր ասաց. ― Բա՛ց արա բերանդ, թող հոգիդ դուրս գա այնտեղից։ ― Բերանիցս աղոթքից բացի ոչինչ դուրս չի գա,– պատասխանեցի նրան։ Բայց սա վերջին պատրվակն էր։ Հասկացել էի, որ չեմ կարողանալու դիմադրել, որ արդեն ժամանակս եկել է։ Մի պահ ամաչեցի, որ այս արյունոտ տգեղ մարմինս այս վատ վիճակում թողնելու եմ դստերս, ում երբեք չեմ տեսնելու։ Ինձ սեղմող նեղ հագուստից ազատվելու պես ցանկացա դուրս գալ այս աշխարհից։ Բերանս բացեցի և մեր մարգարեի համբարձումը պատմող նկարների պես ամեն բան ծածկվեց գույնզգույն ու ոսկեզօծ շքեղ լույսով։ Աչքերիցս դառն արցունքներ հոսեցին։ Թոքերիցս, բերանիցս դժվարությամբ դուրս եկավ վերջին շունչս, և ամեն ինչ թաղվեց լռության մեջ։ Հիմա տեսնում էի, որ հոգիս մի քիչ հեռացել է մարմնիցս, որ Ազրաիլն այն բռնել է իր ձեռքում։ Հոգիս մեղվի չափ էր, լույսերի մեջ էր և մարմինս լքելիս դողում էր, այդ պատճառով Ազրաիլի ձեռքերի մեջ սնդիկի էր նման։ Բայց հիմա ոչ թե նրա մասին էի մտածում, այլ այն նոր աշխարհի, ուր քիչ անց գնալու էի։ Այդքան ցավից հետո ինձ հանգիստ էի զգում և մահվան վախն ինձ ցավ չէր պատճառում։ Ճիշտ հակառակը՝ հանգստացել էի, և այդ պահին իրավիճակը կայուն էր։ Հասկացել էի, որ ապրելիս զգացածս այդ խեղդվելու զգացողությունն է ժամանակավոր։ Արդեն ամեն բան դարեր շարունակ, մինչև դատաստանի օրը այսպես էր մնալու։ Դրանից ոչ դժգոհում էի, ոչ էլ գոհ էի։ Մի ժամանակ ինձ հետ արագ, միմյանց ետևից պատահած դեպքերը այժմ տեղավորվել էին անծայրածիր վայրում և միաժամանակ գոյություն ունենալով՝ տարածվել այնտեղ։ Հիմա ամեն բան միևնույն պահին էր կատարվում, ինչպես կատակասեր մանրանկարիչն է բոլոր անկյուններում միմյանց հետ կապ չունեցող տարբեր բաներ նկարում երկէջանի թերթերի վրա։ == 30. Ես Շեքուրեն եմ == Ձյունն այնքան ուժեղ էր, որ լցվում էր քողիցս ներս, աչքերիս մեջ։ Նեխած տերևներով, ցեխով, կոտրված ճյուղերով ծածկված այգում դժվարությամբ քայլեցի, բայց փողոց դուրս գալուն պես սկսեցի արագ գնալ։ Գիտեմ, ձեզ հետաքրքիր է, թե ինչ եմ մտածում։ Քարային որքա՞ն եմ վստահում։ Այդ դեպքում անկեղծորեն ասեմ, ինձ էլ է շատ հետաքրքիր, թե ինչ եմ մտածում։ Հասկանում եք, չէ՞՝ մտքերս խառնվել են։ Բայց, միևնույն է, գիտեմ, ինչպես միշտ, զբաղվելու եմ ուտելիքով, երեխաներով, հորս գործերով, այլ գործերով, և որոշ ժամանակ անց սիրտս, առանց իմ հարցի կարիքը զգալու, ինձ կշշնջա։ Մինչև վաղը կեսօր կիմանամ, թե ում հետ եմ ամուսնանալու։ Մի բան կա, որ մինչև տուն հասնելն ուզում եմ անմիջապես ասել ձեզ։ Ոչ, սիրելիներս, Քարայի բանի մեծությունը հիմա կարևոր չէ։ Եթե կուզեք, դրա մասին հետո կարող ենք խոսել։ Ես խոսելու եմ Քարայի այս շտապողականության մասին։ Չեմ կարծում, որ նա ցանկասիրությունից բացի ուրիշ բանի մասին չի մտածում։ Իրականում, եթե այդպես լիներ, ինձ համար միևնույն կլիներ։ Ես զարմանում էի նրա անմտության վրա։ Նշանակում է՝ չէր մտածում, որ կարող էր ինձ վախեցնելով հեռացնել իրենից, կարող էր իմ պատվի հետ խաղալ և իմ զգացմունքները սառեցնել, անգամ կարող էր ավելի վտանգավոր հետևանքների հանգեցնել։ Դեմքի տխուր արտահայտությունից հասկանում էի, թե որքան է ինձ սիրում, որքան է ցանկանում։ Տասներկու տարի սպասելուց հետո ինչո՞ւ է անմտություն անում և երկու օր չի՞ կարողանում սպասել։ Գիտե՞ք, ես զգում եմ, որ սիրահարված եմ այդ անփորձությանը, երեխայական տխուր հայացքներին։ Դա զգացի, երբ նրա վրա զայրանալու փոխարեն սկսեցի խղճալ։ «Վայ, խեղճ երեխա,– ասում էր իմ ներքին ձայնը։― Ե՛վ այսքան տառապում ես, և՛ այսքան անփորձ ես»։ Նրան այնքան էի ուզում պաշտպանել, որ անգամ կարող էի մի սխալ բան անել, կարող էի այդ երես առածին տրվել։ Մտածելով խեղճ երեխաների մասին՝ քայլերս արագացրի։ Այդ պահին, ուժեղ ձյան և վաղ սկսված մթան մեջ մի մարդ կարծես ուրվականի պես հարձակվում էր վրաս։ Գլուխս կախեցի և արագ անցա։ Երբ բակի դռնով ներս մտա, անմիջապես հասկացա, որ Հայրիյեն ու երեխաները դեռ չեն վերադարձել։ Դե, երեկոյան նամազը դեռ չէր սկսվել։ Աստիճաններով բարձրացա։ Տնից թուրինջի մուրաբայի հոտ էր գալիս, հայրս իր մութ սենյակում էր, ոտքերս սառել էին, երբ լամպը ձեռքիս մտա սենյակ, տեսնելով, որ պահարանը բաց է, բարձերը ընկել են, և շուրջն ամեն ինչ թափթփված է, մտածեցի, որ Օրհանն ու Շևքեթն են արել։ Տան լռությունը, մշտական լռությունը, անսովոր լռությունը։ Տնային հագուստ հագնելուն պես մթության մեջ մի պահ ցանկացա միայնակ նստել և ընկնել երազանքների գիրկը, բայց ներքևից՝ ուղիղ ներքևի սենյակից, ոչ թե խոհանոցից, այլ ամառային արվեստանոցից ձայներ եկան։ Հայրս այս ցուրտ եղանակին այնտե՞ղ էր իջել։ Բայց այնտեղ լույս չէի տեսել։ Այդ մասին էի մտածում, երբ այս անգամ նախասրահից դեպի բակ բացվող դռան ձայնը լսեցի։ Հետո բակի դռան մոտից այդ չարաբաստիկ շների բարձր հաչոցները լսվեցին։ ― Հայրիյե՛,– բղավեցի ես։– Շևքե՛թ, Օրհա՛ն... Մրսում էի։ Հորս վառարանր վառվում էր, մտածեցի՝ նրա հետ նստեմ, տաքանամ։ Արդեն ոչ թե Քարայի, այլ երեխաների մասին էի մտածում։ Լամպը ձեռքիս գնացի նրա մոտ։ Միջանցքով անցնելիս մտածեցի՝ իջնեմ ներքև, վառարանին ջուր դնեմ ձկան ապուրի համար։ Մտա կապույտ դռնով սենյակ, ամեն ինչ խառնված էր, մտածում էի, թե հայրս այս ինչ է արել, երբ նրան հատակին ընկած տեսա։ Սարսափահար ճչացի։ Մեկ անգամ էլ ճչացի։ Հետո հորս դիակին նայելով՝ լռեցի։ Տեսեք՝ ձեր լռությունից, սառնասրտությունից հասկանում եմ, որ վաղուց գիտեիք, թե այս սենյակում ինչ է կատարվել։ Եթե ոչ ամեն ինչ, գոնե մեծ մասը։ Այժմ ձեզ հետաքրքրում է, թե ինչպես եմ արձագանքելու իմ տեսածներին, ինչ եմ զգում։ Երբեմն նկարի նայելիս մարդիկ, փորձելով հասկանալ նկարի հերոսի ցավը, մտածում են, թե նա ինչպես է հասել այդ ցավալի կետին։ Իսկ դուք, եթե իմ փոխարեն լինեիք, եթե ձեր հայրն էլ այսպես սպանվեր, ի՞նչ կզգայիք։ Պետք է փորձեք դա հասկանալ, ոչ թե իմ ցավը։ Ուրեմն, երեկոյան տուն եմ վերադառնում, մեկը հորս սպանել է։ Այո՛, սկսեցի մազերս պոկել, այո՛, բարձր լաց եղա։ Մանկության տարիներիս պես ամբողջ ուժով փաթաթվեցի նրան ու հոտոտեցի։ Այո՛, վախից, ցավից, մենակությունից դողացի, չէի կարողանում շնչել։ Այո՛, տեսածիս չհավատացի, Աստծուն աղաչեցի, որ նա ոտքի կանգնի, ինչպես միշտ նստի իր անկյունում, գրքերի մոտ։ Վեր կաց, հայրի՛կ, վեր կաց, մի՛ մահացիր, դե, հայրի՛կ, վեր կաց։ Բայց արնոտ գլուխը մաս֊մաս էր եղել։ Վախեցա պատռված թղթերից, ջարդված սեղաններից, ներկի հավաքածուներից, թանաքամաններից, վայրենաբար մաս-մաս արված բարձերից, գրակալներից, գրասեղաններից, հորս սպանած չարությունից, սենյակը, ամեն բան այսպես վերացրած ատելությունից։ Արդեն չէի արտասվում։ Երբ կողքի փողոցով երկու հոգի մթան մեջ ծիծաղելով անցնում էին, աշխարհի հավերժական լռությունը կարողանում էի լսել իմ մտքում, իմ դեմքի արցունքները, քթիցս հոսող փսլինքր ձեռքերով մաքրում էի։ Երկար մտածեցի երեխաների, մեր կյանքի մասին։ Լսեցի լռությունը։ Վազեցի։ Հորս ոտքերից բռնելով՝ քարշ տվեցի մինչև հյուրասենյակ։ Այնտեղ, չգիտես ինչու, ինձ ավելի ծանր թվաց, բայց ուշադրություն չդարձնելով՝ սկսեցի աստիճաններով ներքև իջեցնել։ Սանդուղքի մեջտեղում ուժերս հատեցին, և նստեցի, գուցե կարտասվեի, բայց մի ձայն լսվեց, կարծելով, թե Հայրիյեն ու երեխաներն են գալիս, հորս ոտքերն առա թևերիս տակ, այս անգամ ավելի արագ ներքև իջա։ Այնքան ահավոր տեսք ուներ, այնպես էր արնոտվել, որ սիրելի հորս գլուխն աստիճաններին խփվելով՝ թաց շորի ձայներ էր հանում։ Ներքևում արդեն չգիտես ինչու թեթևացած մարմինը շրջեցի, նախասրահով անցկացնելով՝ արագ ախոռ տարա, իսկ այնտեղից էլ՝ ամառային արվեստանոց, մութ սենյակի ներսը տեսնելու համար վազեցի խոհանոցի վառարանի մոտ։ Վերադառնալով՝ մոմի լույսի տակ տեսա, թե արվեստանոցն ինչպես է տակնուվրա եղել։ Ո՞վ է արել, տեր Աստված։ Միտքս արագ էր աշխատում, որոշ բաներ արագ էի հաշվարկում։ Հորս թողեցի տակնուվրա եղած սենյակում, որի դուռն ամուր փակեցի։ Խոհանոցից մի դույլ վերցրի, ջրհորից ջուր լցրեցի, վերև բարձրացա, լամպի լույսի տակ մաքրեցի հյուրասենյակի, հետո՝ աստիճանների արյունը։ Այս ամենը շատ արագ արեցի։ Բարձրացա իմ սենյակը, արնոտված հագուստս հանեցի, մաքուր հագուստ հագա։ Ձեռքիս դույլով ու փալասով մտնելու էի հորս սենյակ, երբ լսեցի, որ բակի դուռը բացվում է։ Միևնույն ժամանակ երեկոյան նամազը սկսվեց։ Ամբողջ ուժս հավաքեցի և լամպը ձեռքիս՝ գնացի նրանց աստիճանների մոտ դիմավորելու։ ― Մայրի՛կ, մենք ենք եկել,– ասաց Օրհանը։ ― Հայրիյե՛, ո՞ւր մնացիք,– ամբողջ ուժով բղավեցի ես, բայց կարծես ոչ թե բղավում էի, այլ շշնջում։ ― Մայրի՛կ, բայց երեկոյան նամազից չենք ուշացել...,– ասաց Շևքեթը։ ― Լռի՛ր, պապիկդ հիվանդ է, քնած է։ ― Հիվա՞նդ է,– ներքևից հարցրեց Հայրիյեն։ Բայց իմ լռությունից հասկանալով, որ զայրացած եմ, ասաց։– Շեքուրե՛ հանըմ, Կոստային էինք սպասում։ Երբ տառեխը բերեցին, անմիջապես դափնու տերևներ գնեցինք, երեխաների համար՝ թզի, հոնի չիր։ Ուզում էի ներքև իջնելով՝ շշուկով Հայրիյեի վրա զայրանալ, բայց մտածեցի, որ աստիճաններով իջնելիս լամպի լույսի տակ կերևան թաց աստիճանները, արյան հետքերը, որ չեմ հասցրել մաքրել։ Երեխաներն աղմուկով բարձրացան աստիճաններով, հանեցին կոշիկները։ ― Շշ՜շ՜,– ասացի ես՝ նրանց ուղղելով դեպի մեր սենյակը։― Պապիկը քնած է, այդ կողմ մի՛ գնացեք։ ― Կապույտ դռնով սենյակ եմ գնալու, վառարանի մոտ,– ասաց Շևքեթը։– Պապիկիս սենյակ չեմ մտնի։ ― Պապիկդ այնտեղ է քնել,– շշուկով ասացի ես։ Մի պահ կանգ առան։ ― Եթե մտնեք, ձեր պապին հիվանդացրած վատ ջիները ձեզ էլ կվարակեն,― ասացի ես։– Սենյակ մտեք, տեսնեմ։― Երկուսի ձեռքից էլ բռնեցի, տարա այն սենյակ, ուր միասին էինք քնում։ ― Ասեք տեսնեմ՝ ինչ արեցիք մինչև այս ժամը փողոցում։ ― Արաբ մուրացկանների տեսանք,– ասաց Շևքեթը։ ― Որտե՞ղ,– հարցրի ես։― Դրոշ ունեի՞ն։ ― Զառիթափին։ Հայրիյեին մի կիտրոն տվեցին, իսկ Հայրիյեն նրանց փող տվեց։ Նրանց վրա շատ ձյուն էր թափվել։ ― Ուրի՞շ։ ― Հրապարակում նետ ու աղեղով մարզվող մարդիկ կային։ ― Այս ձնոտ եղանակի՞ն,– ասացի ես։ ― Մայրի՚կ, մրսում եմ,– ասաց Շևքեթը։― Կապույտ դռնով սենյակ եմ գնալու։ ― Այս սենյակից դուրս չեք գալու,– ասացի ես։― Թե չէ կմահանաք։ Ես վառարանն այստեղ կբերեմ։ ― Ինչո՞ւ կմահանանք,– ասաց Շևքեթը։ ― Բայց ոչ ոքի չե՞ք ասելու, լա՞վ։ Խոստացան, որ չեն ասի։ ― Երբ դուք դրսում էիք, մի մահացած ճեփ-ճերմակ մարդ եկավ այստեղ, հեռվից, մի հեռու երկրից, խոսեց ձեր պապի հետ։ Հետո իմացանք, որ նա ջին է։ Հարցրին, թե ջինը որտեղից է գալիս։ ― Գետի մյուս ափից,– ասացի ես։ ― Այնտեղից, որտեղ իմ հա՞յրն է,– ասաց Շևքեթը։ ― Այո, այնտեղից,― ասացի ես։― Ջինը եկել էր ձեր պապի գրքերի նկարներին նայելու։ Այդ նկարներին նայող մեղավորն անմիջապես մահանում է։ Լռություն տիրեց։ ― Տեսեք, ես ներքև եմ իջնում՝ Հայրիյեի մոտ,– ասացի։– Վառարանն էլ այստեղ կբերեմ, ուտելիքի սինին էլ։ Հանկարծ սենյակից դուրս չգաք, թե չէ կմահանաք, որովհետև ջինը դեռ տանն է։ ― Մայրի՚կ, մայրի՛կ, մի՛ գնա,― ասաց Օրհանը։ ― Եղբորդ համար դու ես պատասխանատու,– ասացի ես Շևքեթին։– Եթե դուրս էլ գաք, և ջինը ձեզ չսպանի, ես կսպանեմ։ Նրանց ապտակելուց առաջ սովորաբար արածս դեմքի սարսափելի արտահայտությունը ցույց տվեցի։ ― Հիմա աղոթեք, որ ձեր հիվանդ պապիկը չմահանա։ Եթե խելոք մնաք, Աստված կընդունի ձեր աղոթքները, և ձեզ ոչինչ չի պատահի։ Սկսեցին աղոթել, չնայած որ այդքան էլ անկեղծ չէին երևում։ Իջա ներքև։ ― Ինչ֊որ մեկը թուրինջի մուրաբան թափել է,― ասաց Հայրիյեն։– Կատուն չէր կարող անել, իսկ շուն ներս չի կարող մտնել... Հանկարծ տեսավ դեմքիս սարսափելի արտահայտությունն ու լռեց։ ― Աստվա՜ծ իմ,― ասաց նա։– Ի՞նչ է պատահել։ Ձեր հորն ինչ֊որ բա՞ն է պատահել։ ― Մահացել է։ Բղավեց։ Ձեռքի դանակն ու սոխն այնպես խփեց տախտակին, որ ձուկը ցատկեց։ Մի անգամ էլ բղավեց։ Միևնույն ժամանակ երկուսս էլ տեսանք, որ ձախ ձեռքից արյուն է հոսում, բայց ոչ թե տառեխից, այլ առաջին բղավոցի ժամանակ կտրած ցուցամատից։ Վազելով բարձրացա վերև, դիմացի սենյակից մի կտոր շոր վերցրեցի, հետո լսեցի, որ երեխաների սենյակից աղմուկ է գալիս։ Պատռած կտորը ձեռքիս՝ մտա սենյակ։ Տեսա, որ Շևքեթը բարձրացել է Օրհանի վրա, ծնկներով սեղմելով նրա ուսերը՝ խեղդում է։ ― Ի՞նչ եք անում,– ամբողջ ուժով բղավեցի ես։ ― Օրհանն ուզում էր սենյակից դուրս գալ,– ասաց Շևքեթը։ ― Սուտ է,– ասաց Օրհանը։– Շևքեթն էր դուռը բացել, ես ասացի, որ դուրս չգա։ Սկսեց լաց լինել։ ― Եթե լուռ չմնաք, երկուսիդ էլ կսպանեմ։ ― Մայրի՛կ, մի՛ գնա,– ասում էր Օրհանը։ Ներքևում փաթաթեցինք Հայրիյեի մատն ու կանգնեցրինք արնահոսությունը։ Երբ ասացի, որ հայրս իր մահով չի մահացել, վախենալով սկսեց Աստծուն աղոթել՝ պաշտպանիր մեզ Տեր։ նայելով վիրավոր մատին՝ արտասվեց։ Արդյոք աչքերը տրորելով արտասվելու չա՞փ շատ էր սիրում հորս, թե՞ սիրելու չափ արտասվում էր։ Ցանկացավ վերև բարձրանալ ու տեսնել հորս։ ― Վերևում չէ,― ասացի ես։– Ետևի սենյակում է։ Կասկածով նայեց դեմքիս։ Բայց հասկանալով, որ ես չեմ կարողանա նայել, չկարողացավ հաղթահարել հետաքրքրասիրությունն ու վախը։ Լամպը վերցրեց ու գնաց։ Խոհանոցի շեմից չորս-հինգ քայլ արեց, սենյակի դուռը հարգանքով, անհանգստությամբ դանդաղ հրեց, ձեռքի լամպի լույսի տակ տեսա, որ նայում է տակնուվրա եղած սենյակին։ Սկզբում չկարողացավ տեսնել հորս ու լամպը բարձրացնելով՝ փորձեց լուսավորել մեծ սենյակի անկյունները։ ― Ա՜ա՜հ,– բղավեց նա։ Հորս տեսավ այնտեղ, որտեղ թողել էի, ուղիղ դռան կողքին։ Առանց շարժվելու՝ նայեց նրան։ Նախասենյակի և ախոռի պատի վրա երևացող ստվերն անշարժացել էր։ Երբ նայում էր, ես փորձում էի պատկերացնել, թե ինչ է տեսնում։ Երբ վերադարձավ, արտասվում էր։ Ուրախացա, երբ տեսա, որ ասածներս հասկանում է։ ― Հիմա ինձ լսիր, Հայրիյե՛,― ասացի ես։ Ձեռքս ինքնըստինքյան վերցրել էր ձկոտ դանակը, և այն թափահարելով էի խոսում. ― Վերևի հարկն էլ է տակնուվրա եղել։ Չարաբաստիկ սատանան այնտեղ էլ է մտել, ամեն բան ջարդել է, փչացրել, ամեն անկյուն քրքրել է։ Հորս դեմքը, գլուխը այնտեղ է փշրել, այնտեղ է սպանել։ Որպեսզի երեխաները չտեսնեն, դու էլ սկզբում չվախենաս, ես հորս ներքև իջեցրի։ Ձեզնից հետո ես էլ էի դուրս եկել։ Հայրս տանը մենակ էր։ ― Չեմ իմացել,– լկտիորեն ասաց նա։― Որտե՞ղ էիր։ Մի քիչ լռեցի, ցանկացա, որ զգա իմ լռությունը։ Հետո ասացի. ― Քարայի հետ էի։ Կախված հրեայի տանը հանդիպեցինք Քարայի հետ, բայց ոչ մեկին չես ասելու։ Հորս մահվան մասին էլ դեռ ոչ մեկին չես ասելու։ ― Ո՞վ է սպանել նրան։ Իսկապես հիմա՞ր էր, թե՞ ինձ վատ վիճակի մեջ գցելու համար էր անում։ ― Եթե իմանայի, սպանությունը չէի թաքցնի,– ասացի ես։― Չգիտեմ։ Դու գիտե՞ս։ ― Ես որտեղի՞ց իմանամ,– ասաց նա։― Հիմա ի՞նչ ենք անելու։ ― Ցույց ես տալու, թե ոչինչ չի եղել,― ասացի ես։ Ուզում էի բղավելով արտասվել, բայց լռեցի։ Մի քիչ լռեցինք։ Ավելի ուշ ասացի. ― Թող ձուկը։ Երեխաների համար սեղան դիր։ Երբ սկսեց արտասվել, փաթաթվեցի նրան, իրար ամուր գրկեցինք։ Մի պահ միայն ոչ միայն ինձ, երեխաներին, այլև բոլորիս խղճացի ու սիրեցի նրան։ Մյուս կողմից էլ նրան փաթաթվելիս մեջս կասկած ընկավ, անհանգիստ դողացի։ Գիտեք, թե որտեղ էի, երբ հորս սպանում էին։ Գիտեք, որ Հայրիյեին ու երեխաներին տնից հեռացնելն այլ նպատակ էր հետապնդում, այդ ամենը պատահականություն էր... Բայց Հայրիյեն գիտի՞։ Երբ նրան պատմում էի, հասկանո՞ւմ էր, կհասկանա՞ր։ Ե՛վ կհասկանար, և՛ կկասկածեր։ Նրան ավելի ամուր գրկեցի, բայց երբ սկսեցի սպասուհու խելքով մտածել, մտածեցի, որ հավանաբար կարծում է, թե ես իմ խարդախությունն եմ փորձում ծածկել, և ինձ թվաց, թե խաբում եմ նրան։ Մինչ հորս այստեղ սպանում էին, ես Քարային էի հանդիպում, համբուրվում էի նրա հետ։ Եթե միայն Հայրիյեն այդպես մտածեր, ինձ այդքան մեղավոր չէի զգա, բայց գիտեմ, որ դուք էլ եք այդպես մտածում։ Խոստովանեք, անգամ կարծում եք, թե ձեզնից ինչ֊որ բան եմ թաքցնում։ Ինչքա՜ն մեղք եմ։ Ինչքա՜ն դժբախտ։ Այսպիսով, երբ սկսեցի արտասվել, Հայրիյեն էլ ինձ միացավ ու փաթաթվեցինք։ Վերևի հարկում սեղան գցեցինք։ Ես ձևացրի, թե ինչ֊որ բան եմ ուտում։ Այդ ընթացքում ասելով, թե գնում եմ հորս նայելու՝ սենյակից դուրս էի գալիս և արտասվում։ Քանի որ շատ էին չարաճճիություն արել, ուտելուց հետո երեխաները անկողին մտնելուն պես փաթաթվեցին ինձ։ Երկար ժամանակ չէին կարողանում ջինի վախից քնել։ ― Ինչ-որ ձայն է գալիս, լսեցի՞ր,― այսպես ասելով՝ անհանգստանում էին։ Որպեսզի հանգստանան և քնեն, խոստացա նրանց մի սիրո պատմություն պատմել։ Գիտեք, մթության մեջ բառերը թևեր են առնում։ ― Մայրի՛կ, ոչ մեկի հետ չես ամուսնանա, չէ՞,– ասաց Շևքեթը։ ― Լսիր,– ասացի ես։– Մի արքայազն է լինում, մի գեղեցկուհու է սիրահարվում հեռվից։ Ինչպե՞ս։ Որովհետև այդ գեղեցկուհու նկարն է տեսնում։ Ինչպես դժբախտ և տխուր ժամանակներում էի անում, պատմությունը ոչ թե իմ իմացածի պես, այլ ինձնից որոշ մանրամասներ ավելացնելով, հորինելով էի պատմում։ Քանի որ մտքովս անցնող ամեն ինչ իմ հուշերի և տառապանքների ներկերով էի ներկում, պատմածներս իմ գլխով անցածներին ուղեկցող տխուր նկարչության էին նման։ Երբ երկուսն էլ քնեցին, տաք անկողնուց դուրս գալով՝ Հայրիյեի հետ հավաքեցինք զզվելի մարդասպանի տակնուվրա արած իրերը։ Քանդած սնդուկները, գրքերը, շորերը, շպրտած, ջարդված բաժակներր, ամանները, թանաքամանները, կոտրված գրակալը, ներկի տուփերը, ատելությամբ պատառոտած թղթերը, էջերը մեկ առ մեկ հավաքելիս երկուսիցս մեկը մերթընդմերթ արտասվում էր։ Կարծես ավելի շատ սենյակի, իրերի տակնուվրա լինելու, մեր հանգստի՝ այսքան վայրենաբար խախտման համար ավելի էինք տխրում, քան հորս մահվան համար։ Երբ մեկի սիրելին մահանում է, հավատալով, որ տան մնացած մյուս իրերն իրենց նախկին կյանքով են ապրում, մխիթարվում են և վարագույրների, ծածկոցների, արևի լույսի մշտական տեսքին խաբվելով՝ երբեմն չեն հավատում, որ Ազրաիլը տարել է իրենց սիրելի մարդուն։ Մեզ ոչ այսպիսի մխիթարանք, ոչ էլ այդպիսի երազանքի հնարավորություն էր սպասում, քանի որ տունը, որը հայրս համբերությամբ ու սիրով էր կերտել, դռները, անկյունները ուշադրությամբ ներկել էր, լկտիորեն տակնուվրա էր եղել։ Այս գործն անողը հիշեցնում էր դժոխային դաժանության մասին և վախեցնում էր մեզ։ Իմ ցանկությամբ ներքև իջնելով՝ ջրհորից թարմ ջուր բերելով աբդեսթ ընդունեցի, լուսահոգի հորս՝ հավատի և մահվան մասին խոսելիս կարդացած «Ալի Իմրան» սուրահը կարդացի իր ամենասիրած հերաթյան կազմով Ղուրանից։ Երկուսս էլ մի պահ վախով նկատեցինք, որ բակի դուռը ճռճռում է, բայց ոչ ոք ներս չմտավ։ Կեսգիշերին ստուգելով բակի դռան կողպեքը՝ դռան ետևում դրեցինք ռեհանի ծաղկամանը, որը գարնանային առավոտները հայրս էր ջրհորի ջրով ջրում։ Տուն մտնելուն պես լամպի լույսի տակ երևացող մեր ստվերներից վախեցանք՝ կարծելով, թե դա մեկ ուրիշինն է։ Ամենաշատը վախեցել էինք, երբ հորս արյունոտ դեմքն էինք լվանում, հագուստն էինք փոխում․ դա նման էր անձայն արարողության։ Քանի որ գիտեինք, որ միայն մի տարբերակ ունենք՝ ասել, որ իր մահով է մահացել։ Հորս արյունոտ հագուստը, ներքնազգեստը հանելուն պես զարմացնողը և հիացնողը մութ սենյակում նրա վրա ընկած մոմի լույսի տակ մաշկի կենսալից ու ճերմակ գույնն էր։ Քանի որ երկուսս էլ դեռ վախից դողում էինք, հորս՝ ծննդանշաններով և վերքերով ծածկված մերկ մարմնին նայելուց ընդհանրապես չէինք ամաչում։ Երբ Հայրիյեն վերև բարձրացավ ներքնազգեստ, կանաչ մետաքսե վերնաշապիկ վերցնելու, մի պահ չդիմացա և նայեցի խեղճ հորս այն տեղին ու շատ ամաչեցի իմ արածից։ Մաքուր զգեստներ հագցնելուց, վզի, դեմքի, մազերի արյունը ուշադրությամբ մաքրելուց հետո ամբողջ ուժով փաթաթվեցի հորս, քիթս մոտեցրի մորուքին ու հոտոտեցի, հետո երկար լաց եղա։ Ինձ անխիղճ, անգամ մեղավոր համարողների համար ասեմ, որ երկու անգամ արտասվեցի. 1. Երբ վերևի սենյակը հավաքում էի, որպեսզի երեխաները ոչ մի բան չնկատեն, ծովախխունջը մանկությունիցս մնացած սովորության համաձայն մոտեցրի ականջիս և նկատեցի, որ ծովի ձայնն արդեն նվազել է։ 2. Երբ տեսա, որ պատռվել է նաև այն կարմիր բարձը, որի վրա վերջին քսան տարում հայրս այնքան էր նստել, որ այն նրա հետույքի մի մասն էր դարձել։ Բացի անդառնալի վնասից ամեն բան հին վիճակին բերելուց հետո Հայրիյեն խնդրեց, որ այդ գիշեր մեր սենյակում պառկի, բայց ես դաժանորեն մերժեցի։ ― Երեխաներն առավոտյան կկասկածեն,― ասացի։ Բայց իրականում ցանկանում էի երեխաներիս հետ առանձին մնալ և Հայրիյեին պատժել։ Մտա անկողին, երկար ժամանակ չկարողացա քնել։ Ոչ թե մտածում էի այն սարսափելի բաների մասին, որ տեսա, այլ այն սարսափների մասին, որ սպասվում էին։ == 31. Իմ անունը Կարմիր է == Երբ «Շահնամե»֊ի հեղինակ Ֆիրդուսին Գազնե եկավ, շահ Մահմուդի պալատի բանաստեղծները նրան ծաղրեցին որպես գյուղացու, երբ ասաց այն քառյակի վերջին տողերը, որոնք ոչ մի բանաստեղծ չէր կարողանում ավարտին հասցնել, ես այնտեղ էի՝ Ֆիրդուսու վերնաշապիկի վրա։ «Շահնամե»–ի լեգենդար հերոս Ռոստամը կորած ձիու ետևից գնում է հեռու երկրներ՝ կողքից կախած կապարճը, լեգենդար հսկա նետով երկու կես արած արարածների արյան մեջ. շահի գեղեցիկ դստեր հետ իջևանած տանը գիշերը սեր անելիս ես վերմակի ծալքերի մեջ էի։ Ես ամենուր եմ և ամեն տեղ։ Երբ Թուրն իր եղբայր Իրեչի գլուխը դաժանաբար կտրեց, երազի պես գեղեցիկ, լեգենդար բանակները տափաստանում միմյանց բախվեցին, և Ալեքսանդրի գեղեցիկ քթից արևահարվելու պատճառով անդադար արյուն էր թափվում, ես այնտեղ էի։ Շաբաթվա ամեն օրը մի գմբեթի տակ, այլ աշխարհից եկող հիանալի գեղեցկության հետ գիշերն անցկացնելուց հետո նրա պատմությունը լսող սասանյան շահ Բեհրեմ Գյուրի՝ երեքշաբթի օրն այցելած և նկարը տեսնելուն պես սիրահարված գեղեցկուհու հագուստի վրա և Շիրինի՝ Խոսրովի նկարը տեսնելով նրան սիրահարվելիս թագից մինչև վերաշապիկը՝ Խոսրովի ամբողջ հագուստի վրա էի։ Ամրոցները շրջապատող բանակների դրոշների վրա, հյուրասիրության սեղանների ծածկոցներին, սուլթանների ոտքերը համբուրող դեսպանների թավշե հագուստների, երեխաների սիրելի հեքիաթների թրի վրա էի։ Հնդկաստանից և Բուխարայից եկող հաստ թղթերի վրա գեղեցիկ աչքերով աշակերտների, վարպետ մանրանկարիչների հայացքի ներքո նուրբ վրձիններով նկարվելով՝ գորգերը, պատերի նախշերը, խոնարհ գեղեցիկ կանանց՝ պատուհանի արանքից փողոցին նայելիս հագած վերնաշապիկները, կռվող աքլորների կատարները, լեգենդար երկրների լեգենդար մրգերն ու նուռը, սատանայի բերանը, շրջանակների միջի նուրբ գիծը, վրանների ոլորուն նախշերը, անզեն աչքով տեսանելի ծաղիկները, որոնք նկարիչը սեփական հաճույքի համար է նկարել, շաքարե թռչունների արձանների բալե աչքերը, հովիվների գուլպաները, լեգենդներից ելած արևածագերը և հազարավոր, տասնյակ հազարավոր ռազմիկների, շահի, արքայազնի դիակը և վերքերը ցույց տվեցի։ Պատերազմներում, ուր վերքերը ծաղկի պես բացվում են, գեղեցիկ տղաները և բանաստեղծները տափաստանում գինի խմելով երաժշտություն լսելիս ամենամեծ վարպետ բանաստեղծի հագուստի, հրեշտակների թևերի, կանանց շրթունքների, հանգուցյալների վերքերի և արյան մեջ կորած կտրված գլուխների ներկն եմ ես։ Լսում եմ, թե ինչ եք հարցնում. ― Ի՞նչ է նշանակում գույն լինել։ Գույնը աչքի հպումն է, խուլերի երաժշտությունը, բառ է մթության մեջ։ Տասնյակ հազար տարիներ մի գրքից մյուսը, մի իրից մյուսը քամու պես հոգիների զրույցը լսելու պատճառով իմ հպումը նմանվել է հրեշտակների հպմանը։ Մի կողմս այստեղ ձեր հայացքին է պատասխանում, դա իմ ծանր կողմն է։ Մյուս կողմս օդում ձեր հայացքներով թևեր է առնում, դա իմ թեթև կողմն է։ Որքան ուրախ եմ, որ կարմիր եմ։ Այրվում եմ, ուժեղ եմ, գիտեմ, որ ինձ նկատում են, նաև գիտեմ, որ անդիմադրելի եմ։ Չեմ թաքնվում, ինձ համար նրբությունը թուլություն չէ, այլ մի բան, որ իրականություն է դառնում վճռականության և կամքի միջոցով։ Ինձ ի ցույց եմ դնում։ Այլ գույներից, ստվերներից, բազմությունից կամ մենակությունից չեմ վախենում։ Որքան գեղեցիկ է ինձ սպասող մակերեսին սեփական հաղթական կրակը լցնելը։ Այնտեղ, ուր ես եմ տարածվում, աչքերը փայլում են, կրքերը բորբոքվում, հոնքերը բարձրանում, սրտի բաբախումն արագանում։ Ի՛նձ նայեք․ որքան գեղեցիկ է ապրելը։ Հետևեք ինձ. որքան գեղեցիկ է տեսնելը։ Ապրել նշանակում է տեսնել։ Ամենուր տեսանելի եմ։ Կյանքն ինձնով է սկսվում, ամեն բան վերադառնում է ինձ, հավատացեք։ Լռեք և լսեք, թե ինչպես այսքան հիանալի կարմիր դարձա։ Ներկից հասկացող վարպետ նկարիչը Հնդկաստանի ամենատաք վայրից եկող ամենալավ կարմիր չորացրած միջատին իր ճզմիչով ծեծելով, փոշի դարձնելով՝ դրանից հինգ դիրհեմ, մի դիրհեմ ձագախոտ և կես դիրհեմ էլ օճառախոտ պատրաստեց։ Կաթսան երեք օքքա ջուր լցնելով՝ ձագախոտը մեջը գցեց ու եռացրեց։ Հետո օճառախոտը գցեց ջրի մեջ, մի լավ խառնեց։ Այնքան խառնեց, մինչև որ եկավ սուրճ խմելու ժամանակը։ Մինչ նա խմում էր, ես քիչ անց ծնվելիք երեխայի պես անհանգիստ էի։ երբ սուրճից թարմացավ, աչքերը ջինի աչքերի պես բացվեցին, կարմիր փոշին լցրեց կաթսայի մեջ, այս գործի համար օգտագործած բարակ ու մաքուր փայտիկներից մեկով խառնեց։ Այժմ իսկական կարմիր էի դառնալու, բայց թանձրությունը շատ կարևոր էր. չէր կարելի թողնել, որ ջուրն իզուր եռա, բայց պետք էր մի քիչ եռացնել։ Փայտիկի ծայրով ջրից մի քիչ վերցրեց, քսեց բութ մատի եղունգին (երբեք չէր կարելի այլ մատի եղունգին քսել)։ Օհ՜հ՜, որքան հաճելի է կարմիր լինել։ Նրա եղունգը կարմիր ներկեցի, ջրի պես չհոսեցի եղունգի ծայրից, թանձրությունս լավն էր, բայց թանձրուկներ կային։ Կաթսան իջեցրեց կրակից, ինձ մաս-մաքուր կտորի մեջ քամեց, ավելի մաքուր դարձա։ Հետո դրեց կրակի վրա, երկու անգամ էլ եռացրեց, մինչև որ փրփրեցի, մի քիչ ծեծած պաղլեղ լցրեց, թողեց, որ սառչեմ։ Մի քանի օր անցավ, այնտեղ կաթսայի մեջ, առանց որևէ բանի խառնվելու սպասեցի։ Մինչ մտածում էի բոլոր էջերին, ամենուր, ամեն ինչին քսվելու մասին, այդպես անշարժ մնալն իմ սիրտը կոտրում էր։ Այդ մթության մեջ մտածեցի, թե ինչ է կարմիր լինելը։ Մի անգամ մի իրանյան քաղաքում մի կույր նկարիչ հիշողությամբ ձի է նկարում, որի թամբի ծածկոցի նախշերին մի աշակերտի վրձնով քսվելիս լսեցի, թե ինչպես են երկու կույր վարպետ վիճում։ ― Ամբողջ նկարչական կյանքի ընթացքում սիրով ու հավատով աշխատելու համար, ի վերջո, իհարկե, մենք ենք կուրացողը, մենք գիտենք, մենք ենք հիշում, թե կարմիրն ինչպիսի գույն է, ինչպիսի զգացողություն,― ասաց նա, որ անգիր գիտեր ձիուն։– Բայց եթե ի ծնե կույր լինեինք, ինչպե՞ս կհասկանայինք մեր սիրուն աշակերտի նկարած կարմիր գույնը։ ― Գեղեցիկ խնդիր է,– ասաց մյուսը։– Բայց գույնը ոչ թե հասկանում են, այլ՝ զգում։ ― Դա ասեք նրան, ով երբեք չի զգացել կարմիրը, վարպետ։ ― Եթե մատի ծայրով դիպչելով զգանք, ապա կասեի, որ այն երկաթի ու պղնձի պես մի մետաղի է նման։ Եթե առնենք ափի մեջ, ապա կայրի։ Եթե համտեսենք, աղի մսի պես կկշտացնի։ Եթե բերանի մեջ դնենք, ապա կլցնի այնտեղի դատարկությունը։ Եթե հոտոտենք, ձիու հոտ կզգանք։ Եթե ծաղկի պես բուրեր, մարգարտածաղկի պես կլիներ, ոչ թե կարմիր ծաղկի։ Այդ ժամանակ՝ հարյուր տասը տարի առաջ, քանի որ շահերը եվրոպական նկարչությունը վտանգ չէին համարում, և լեգենդար մեծ վարպետները սեփական ոճին հավատում էին, ինչպես Աստծուն, եվրոպական վարպետների՝ թրից ստացած ամենասովորական վերքի կամ ամենապարզ բրդե հագուստի կարմիրի տարբեր երանգներն օգտագործելն անբարոյականություն և օտարամոլություն համարելով՝ ծիծաղում և անցնում էին։ Նրանք ասացին, որ միայն անփորձ, անորոշ և կամազուրկ նկարիչը կարող է մի հագուստի կարմիրի համար կարմիրի տարբեր երանգներ օգտագործել։ Ստվերը չի կարող պատրվակ լինել։ Միևնույն է, կա միայն մեկ կարմիր և միայն նրան կարելի է հավատալ։ ― Ո՞րն է այս կարմիրի իմաստը,– կրկին հարցրեց հիշողությամբ ձի նկարող կույր նկարիչը։ ― Գույների իմաստն այն է, որ այնտեղ են՝ մեր առաջ, և կարողանում ենք տեսնել,– ասաց մյուսը։― Անհնար է կույրին պատմել կարմիրի մասին։ ― Հերետիկոսները, անհավատներն էլ են Ալլահին ժխտելու համար ասում, որ նա անտեսանելի է,– ասաց ձին կարող կույր նկարիչը։ ― Մինչդեռ նա տեսանելի է նրա համար, ով տեսնում է,– ասաց մյուս վարպետը։― Ղուրանն այդ պատճառով է ասում, որ տեսնողը և չտեսնողը երբեք չեն կարող միավորվել։ Գեղեցիկ աշակերտն ինձ դանդաղ քսեց ձիու թամբի ծածկոցին։ Գեղեցիկ նկարի սևին ու սպիտակին իմ լիությունը, ուժը և կենդանությունը հաղորդելն այնպիսի հաճելի զգացողություն էր, որ կատվի մազերից պատրաստված վրձնով ինձ թղթի վրա տարածելիս ուրախությունից ցնցվում էի։ Այսպիսով, ես նկարում էի և կարծես աշխարհին ասում էի «եղիցի», և աշխարհը կերտվում էր իմ արյան գույնից։ Կույրը կարող է ժխտել, բայց ես ամենուր եմ։ == 32. Ես Շեքուրեն եմ == Առավոտյան՝ մինչև երեխաների արթնանալը, նախևառաջ անկողնուց վեր կացա, Քարային անմիջապես կախված հրեայի տուն կանչող նամակ գրեցի և Հայրիյեի ձեռքը տալով՝ ասացի, որ վազելով հասցնի Էսթերին։ Հայրիյեն նամակը վերցնելիս մեր գլխին գալիք փորձանքների վախով նայեց աչքերիս մեջ, բայց ես, քանի որ արդեն հայր չունեի, որից կարող էի վախենալ, անամոթաբար նայեցի նրա աչքերի մեջ։ Դա էլ ցույց էր տալիս, թե սրանից հետո մեր միջև հարաբերությունները և կանոնները փոխվելու են։ Խոստովանեմ ձեզ, որ վերջին երկու տարվա ընթացքում անհանգստանում էի, որ Հայրիյեն հորիցս կհղիանա և մոռանալով սպասուհու պարտականությունները՝ տանտիրուհի կդառնա։ Մինչև երեխաների արթնանալը խեղճ հորս այցելեցի և սառած, բայց դեռ փափուկ ձեռքը հարգանքով համբուրեցի։ Հորս կոշիկները, գլխարկը, մանուշակագույն վերարկուն թաքցրի, ու երբ երեխաներն արթնացան, ասացի, որ պապիկը լավացել է և առավոտ վաղ գնացել Մուսթաֆա փաշայի մոտ։ Հայրիյեի՝ առավոտյան զբոսանքից վերադառնալուց հետո նախաճաշի սեղանը գցելիս և թուրինջի մուրաբայից մնացածն էլ սեղանի կենտրոնում դնելիս մտածում էի, որ Էսթերն արդեն ծեծում է Քարայի դուռը։ Ձյուն չէր գալիս, արև էր դուրս եկել։ Կախված հրեայի տան այգին մտնելիս նույնը տեսա․ տան պատերից, պատուհանների ծայրերից կախված սառույցը արագ հալվում էր, բորբոսնած ու նեխած տերևներով պատված այգին հաճույքով տաքանում էր արևի տակ։ Ասես Քարային ոչ թե երեկ երեկոյան, այլ շաբաթներ առաջ էի հանդիպել։ Մեր առաջին հանդիպման նույն տեղում ինձ էր սպասում։ Քողս բարձրացրի և ասացի. ― Ուրախացիր, եթե ցանկանում ես. արդեն մեր միջև հորս հակառակումների, համառումների և կասկածների համար տեղ չկա։ Երբ երեկ գիշեր դու այստեղ անպատվաբեր կերպով ինձ վրա էիր հարձակվում, մեկը, մի ստոր մտել է մեր դատարկ տունն ու սպանել հորս։ Հավանաբար ձեզ ավելի շատ հետաքրքրում է ոչ թե Քարայի պատասխանը, այլ այն, թե ինչու եմ նրա հետ այսքան վերամբարձ և ձայնի կեղծավոր արտահայտությամբ խոսում։ Ես էլ չգիտեմ պատասխանը։ Մտածեցի, որ եթե արտասվեմ, Քարան կփաթաթվի ինձ և նրան ավելի արագ կմոտենամ, քան կարծում էի։ ― Տունը տակնուվրա է արել, շատ բան է ջարդել, երևում է, որ զայրույթով ու ատելությամբ է լցված եղել։ Չեմ կարծում, որ այդ ստորը գործն ավարտին հասցրել ու հանգստացել է։ Գողացել է հորս գրքի վերջին էջը։ Ուզում եմ, որ ինձ, մեզ հորս նկարը նրանից պաշտպանես։ Բայց մեզ որպես ո՞վ ես պաշտպանելու, ահա դա է խնդիրը։ Խոսելու համար մի քայլ էր անելու, բայց իմ հայացքով նրան հասկացնելով, որ ինքս կանեմ, հեշտությամբ լռեցրի նրան։ ― Հորս մահից հետո դատավորի աչքերում ինձ համար իմ ամուսինը, ամուսնուս ընտանիքն է պատասխանատու։ Անգամ հորս մահից առաջ էր այդպես, որովհետև ըստ դատավորի՝ ամուսինս ողջ է։ Ամուսնուս եղբայրը մեծ եղբոր բացակայության պայմաններում փորձել էր ինձ հետ հարաբերություններ ունենալ, և այս անշնորհքությունը սկեսրայրիս խնդրի առաջ էր կանգնեցրել, այդ պատճառով էի կարողացել առանց այրիանալու հորս մոտ վերադառնալ։ Այժմ, երբ հայրս մահացել է և քանի որ եղբայր չունեմ, նշանակում է, որ լրիվ անտեր եմ։ Կամ էլ իմ տերն անկասկած տագրս է և սկեսրայրս։ Նրանք առանց այդ էլ արդեն փորձում են ինձ տուն վերադարձնել, պատրաստվում էին հորս ստիպել ինձ ետ ուղարկել, գիտես, որ որոշել են ինձ սպառնալիքներով ճնշել։ Հենց իմանան, որ հայրս մահացել է, ինձ տուն տանելու համար անմիջապես այստեղ են գալու։ Քանի որ չեմ ուզում այդ տուն վերադառնալ, թաքցնում եմ հորս մահը։ Գուցե իզուր եմ թաքցնում, որովհետև նրանք էլ կարող են սպանած լինել հորս։ Հրեայի տան կոտրված կողպեքների և պոկված պատուհանների արանքից նրբորեն ներս ընկնող բարակ լույսի շողը տան հնացած փոշին լուսավորելով՝ հենց այդ պահին ընկավ իմ և Քարայի միջև։ ― Միայն այդ պատճառով չէ, որ թաքցում եմ հորս մահը,― ասացի՝ նայելով Քարայի սիրառատ, համակ ուշադրությամբ նայող աչքերի մեջ։― Վախենում եմ՝ չկարողանամ ապացուցել, թե որտեղ եմ եղել հորս սպանության ժամանակ։ Վախենում եմ, որ Հայրիյեի վկայությունը ոչ մի արժեք չի ունենա, և իմ դեմ, հատկապես հորս գրքի դեմ նյութված դավերի մի մասը կդառնամ։ Եթե չունեմ կոնկրետ հովանավոր, տեր, հորս մահը հայտարարելու, մարդասպանությունը դատավորին ընդունել տալու տեսանկյունից առաջին հայացքից որքան էլ հեշտացնի, ավելի ուշ միայն քիչ առաջ թվարկածներիս պատճառով, օրինակ՝ Հայրիյեն կարող է իմանալ, որ հայրս չէր ուզում, որ քեզ հետ ամուսնանամ, կարող եմ ենթադրել, որ այդ ամենն ինձ համար մեծ խնդիր է լինելու։ ― Հայրդ չէ՞ր ուզում, որ ինձ հետ ամուսնանաս,― հարցրեց Քարան։ ― Ոչ, որովհետև ինչպես գիտես, վախենում էր, որ ինձ իրենից կհեռացնես։ Այժմ, քանի որ արդեն այդ վատությունը հորս չես կարող անել, խեղճ հայրս էլ մեր ամուսնությանը ոչ մի կերպ չի կարողանա դեմ լինել։ Իսկ դու դե՞մ ես։ ― Ոչ, գեղեցկուհի՛ս։ ― Լա՛վ։ Իմ հովանավորն էլ քեզնից փողի և ոսկու պահանջ չունի։ Իմ անունից սեփական ամուսնության պայմանները քննարկելու համար ներողություն եմ խնդրում։ Բայց, ցավոք սրտի, անմիջապես պետք է անցնեմ մանրամասները քննարկելուն, քանի որ ամուսնության որոշ պայմաններ էլ ունեմ։ Քանի որ երկար ժամանակ լռեցի, Քարան պատասխանն ուշացնելու համար ներողություն հայցող ձայնով ասաց. ― Այո։ ― Առաջինը,― սկսեցի ես,– եթե իմ հանդեպ անտանելի վատ վարվես կամ ինձնից հետո ուրիշի հետ ամուսնանաս, ինձնից նաֆաքայով ամուսնալուծվելու համար երկու վկայի առաջ երդվելու ես։ Երկրորդը, եթե առանց պատճառի կամ կոնկրետ պատճառով վեց ամսից ավել տնից հեռանաս, կարող ես ինձնից նաֆաքայով ամուսնալուծվել և դրա համար երկու վկայի առաջ երդում կտաս։ Երրորդը, ամուսնանալուց հետո, իհարկե, իմ տուն կտեղափոխվես, բայց մինչև հորս սպանած ստորը չգտնվի, կամ մինչև դու նրան չգտնես (նրան ուզում եմ սեփական ձեռքերով տանջել) և մինչև մեր սուլթանի գիրքը քո տաղանդի և ջանքերի շնորհիվ ավարտելով՝ պատվով նրան չհանձնեք, ինձ հետ նույն անկողինը չես կիսելու։ Չորրորդը, այդ անկողինն ինձ հետ կիսող տղաներին քո երեխաների պես ես սիրելու։ ― Լա՛վ։ ― Լա՛վ։ Եթե խոչընդոտներն արագ վերացնենք մեր ճանապարհից, շատ արագ ամուսիններ կդառնանք։ ― Ամուսիններ՝ այո, բայց առանձին անկողիններում։ ― Ամեն բանի սկիզբն ամուսնությունն է– ասացի ես։– Սկզբում դա լուծենք։ Սերը ամուսնությունից հետո է գալիս։ Մի՛ մոռացիր՝ ամուսնանալուց առաջ բռնկվող սիրո հրդեհը ամուսնությամբ մարում է, և մնում են միայն դատարկ ու տխուր փլատակներ։ Իհարկե, ամուսնությունից հետո վրա հասած սերն էլ է ավարտվում, բայց նրան փոխարինելու է գալիս երջանկությունը։ Չնայած դրան՝ որոշ հիմարներ շտապելով՝ ամուսնությունից առաջ սիրահարվելով, սերն այրելով սպառում են։ Ինչո՞ւ։ Որովհետև կարծում են, կյանքի ամենամեծ նպատակը սերն է։ ― Ո՞րն է ճիշտը։ ― Իրականում՝ երջանկությունը։ Ե՛վ սերը, և՛ ամուսնությունը փորձում են այն ձեռք բերել։ Ամուսին, տուն, երեխաներ, գիրք։ Արդյոք չե՞ս տեսնում, որ իմ վիճակը, չնայած նրան, որ ամուսինս կորած է համարվում, իսկ հայրս մահացել է, ավելի լավն է, քան քո չոր մենակությունը։ Եթե չլինեին որդիներս, որոնց հետ ամբողջ օրը ծիծաղում եմ, վիճում, սիրում, ես կմահանայի։ Հիմա ուշադիր կլսես ինձ, որովհետև գիտեմ՝ մտածում ես իմ մասին, անգամ գիշերը ինձ հետ, անգամ եթե ոչ նույն անկողնում, հորս դիակի և երեխաներիս հետ նույն տանիքի տակ անցկացնելու համար ամեն ինչ կանես։ ― Լսում եմ։ ― Ամուսնալուծվելու տարբեր ճանապարհներ կան։ Կեղծ վկաներ, որոնք կասեն, որ պատերազմի գնալուց առաջ ամուսինս ինձնից բաժանվել է, օրինակ՝ երդվել է, որ եթե պատերազմից երկու տարվա ընթացքում չվերադառնա, ես կարող եմ ամուսնալուծված համարվել, կարող են այսպես ստել ու երդվել։ Կամ էլ կարող են ասել, որ ամուսնուս դիակը տեսել են պատերազմի դաշտում, կարող են պատմել մանրամասների մասին։ Բայց եթե հաշվի առնենք տան դիակը և այն, որ տագրս և սկեսրայրս կհակառակվեն, այս սուտ վկայությունները վստահելի ճանապարհ չեն, և խելացի, զգուշավոր դատավորն էլ վախենալով՝ չի համաձայնի։ Նայելով նրան, որ ամուսինս ինձ առանց նաֆաքայի թողնելով՝ չորս տարի չի վերադարձել պատերազմի դաշտից, մեր հավատի տեր հանեֆիականներն էլ մեզ ամուսնալուծության իրավունք չեն տա։ Բայց քանի որ Սկյուտարի դատավորը իմ վիճակի և իրանական պատերազմների պատճառով ամեն օր ավելացող կանանց ամուսնալուծվելու հնարավորություն տալու համար մեր սուլթանի և շեյխուլիսլամի թողտվությամբ երբեմն սաֆիական դատավորին է տեղ տալիս, նա էլ մեզ արագ ամուսնալուծելով՝ նաֆաքա է տալիս։ Եթե հիմա երկու վկա գտնեմ, նրանց մի քիչ փող տամ, միասին Սկյուտար գնանք, դատավորին հանդիպենք, ինձ ամուսնալուծության իրավունք տալու համար նրան փոխարինող դատավորին գտնենք, այս վկաների օգնությամբ իմ ամուսնալուծությունն ապահովելով՝ այս ճանապարհին թուղթ, տեղեկանք էլ վերցնելով ամուսնալուծությունից անմիջապես հետո, առանց սպասելու ամուսնանալու իրավունք տվող մեկ այլ փաստաթուղթ կարող ենք ապահովել և այդ ամենը կեսօրից հետո անելով՝ կանցնենք Ստամբուլի մյուս ափը։ Քանի որ երեկոյան մոտ մեզ ամուսնացնող իմամ գտնելը շատ դժվար չի լինի, այս գիշեր ինձ հետ որպես իմ ամուսին կարող ես իմ և երեխաների հետ մնալ նույն հարկի տակ, այսպիսով՝ մեզ կփրկես այդ սրիկայի վախից սարսափելի գիշեր անցկացնելուց, տան բոլոր ձայներին ականջ դնելուց, առավոտյան հորս մահվան մասին հայտարարելիս բոլորի աչքի առաջ անտեր, խեղճ կին երևալուց։ ― Այո,― ասաց Քարան սիրով և մի քիչ երեխայաբար։– Այո, կամուսնանամ քեզ հետ։ Քիչ առաջ ասացի, որ չգիտեի, թե ինչու եմ Քարայի հետ այսքան հպարտ ու կեղծավոր լեզվով խոսում։ Հիմա գիտեմ, զգում էի, որ միայն ձայնի այս արտահայտությամբ կարող էի փոքր տարիքում անլուրջ Քարային համոզել անելու այնպիսի բաներ, որոնց իրականությանը ես անգամ չէի հավատում։ ― Ամուսնալուծվելուս և երեկոյան մոտ Աստծու կամքով կատարվելիք ամուսնության անվավերությունը պնդողների, որպեսզի հորս գիրքը չավարտվի՝ վատություն անողների, մեր թշնամիների դեմ շատ անելիք ունենք, բայց հիմա առանց այդ էլ մտքերս խառնվել են, ավելի չբարդացնենք ամեն բան։ ― Մտքերդ խառը չեն,– ասաց Քարան։ ― Որովհետև սրանք ոչ թե իմ մտքերն են, այլ տարիներ շարունակ հորիցս լսածները,― ասացի ես։ Այդպես ասացի, որպեսզի չկարծի, թե այդ ամենն իմ կանացի գլխից է դուրս գալիս, և որ հավատա ասածներիս։ Քարան ասաց նույնը, ինչ ասում էին բոլոր տղամարդիկ, երբ ինձ խելացի էին համարում. ― Շատ գեղեցիկ ես։ ― Այո,– ասացի ես։– Ինձ դուր է գալիս, երբ գովաբանում են իմ խելքը։ Երբ փոքր էի, հայրս էլ էր այդպես անում։ Ուզում էի ասել, որ երբ զարգացա ու մեծացա, հայրս դադարեց գովել խելացիությանս համար, բայց սկսեցի արտասվել։ Արտասվելիս կարծես իմ միջից դուրս եկած մի ուրիշ կին էի դառնում և գրքի ցավալի նկարին նայող ընթերցողի պես կարծես իմ սեփական կյանքը դրսից էի տեսնում։ Սեփական խնդիրներիս ուրիշների խնդրի պես նայելիս արտասվեցի, և երբ Քարան ինձ փաթաթվեց, երկուսս էլ մեզ լավ զգացինք։ Բայց այս անգամ էլ փաթաթվելիս մեր միջև եղած դրական լիցքերը մեր փակ շրջանում էին մնում և չէին կարողանում հասնել թշնամիների աշխարհին։ == 33. Իմ անունը Քարա է == Իմ այրի, որբ ու տխուր Շեքուրեն փետուրի պես թեթև քայլերով հեռացավ, ես մնացի հրեայի տան լռության մեջ՝ նրանից ինձ անցած նուշի բույրի և ամուսնության երազանքների հետ։ Մտքերս խառնվել էին, բայց գլուխս գրեթե ցավելու չափ արագ էր աշխատում։ Անգամ բավականաչափ չտխրելով փեսայիս մահվան համար՝ արագ վերադարձա տուն։ Մի կողմից՝ ներսիս կասկածը հուշում էր, որ ինձ օգտագործում էր որպես իր մեծ ծրագրի մի մաս, մյուս կողմից էլ չէի դադարում մտածել ամուսնության երազանքների մասին։ Տան շեմին կանգնած տանտիրուհուն բացատրություն տալուց հետո, որն ուզում էր իմանալ, թե առավոտյան այս ժամին ուր էի գնացել և որտեղից եմ վերադառնում, գոտուցս քսաներկու վենետիկյան ոսկի հանելով՝ դողացող մատներով դրեցի քսակի մեջ։ Երբ կրկին դուրս եկա, հասկացա, որ Շեքուրեի թաց, տխուր սև աչքերն ամբողջ օրը չեմ մոռանալու։ Սկզբում վենետիկյան հինգ ոսկին անընդհատ ժպտացող հրեա ոսկերչի մոտ մանրեցի։ Հետո գնացի այն թաղամասը, որի անունը չեմ սիրում (ասեմ ձեզ, անունը՝ Յաքութլար) մտածկոտ վերադարձա այն փողոցը, ուր այն տունն էր, որտեղ իմ մահացած փեսան, Շեքուրեն ու երեխաները ինձ էին սպասում։ Երբ փողոցներով գրեթե վազելով անցնում էի փեսայիս մահվան օրը՝ հրաշալի ամուսնության երազանքներով ու ծրագրերով, մի նոճի գրպանումս փողի զնգզնգոցը լսելով՝ նայեց ներքև։ Այդ պահին թաղամասի՝ հալվող սառույցից արագահոս դարձած աղբյուրն ասաց. ― Ուշադրություն մի՛ դարձրու, կազմակերպիր քո գործերը և երջանիկ եղիր։ ― Մի՛ հավատա նրան,― մտածմունքների տեղիք տալով՝ ասաց անկյունում իրեն լպստող դժբախտություն բերող մի սև կատու։– Բոլորը, ինչպես և դու, կասկածում են, որ փեսայիդ սպանության մեջ քո մատն էլ է խառը։ Կատուն դադարեց իրեն լպստել, և մի պահ նայեցի նրա խորհրդավոր աչքերին։ Գիտեք, Ստամբուլի կատուները երես առած են լինում, քանի որ մարդիկ են երես տալիս։ Մեծ սև աչքերի կոպերը կիսափակ լինելու պատճառով միշտ կիսաքնած թվացող իմամ էֆենդուն ոչ թե տանը, այլ թաղամասի մզկիթի բակում գտա ու տվեցի այն տարածված դատական հարցը, թե դատարանում վկայություն տալը երբ է պարտադիր, երբ՝ կամընտրական, և հպարտ արտահայտությամբ նրա տված պատասխանը կարծես առաջին անգամ լսելով՝ հոնքերս վեր քաշեցի։ Իմամ էֆենդին ասաց, որ եթե վկաները շատ են, ապա մյուսները կամընտրական են ելույթ ունենում, բայց եթե միայն մեկ վկա կա, Ալլահի կամքն է վկայություն տալ։ ― Հենց դա է իմ խնդիրը,– ասացի ես։ Ինչպես բոլորը գիտեն, բոլոր վկաները ծուլանալով՝ օգտվում են այս ակամա իրավիճակից, դատարան չգնալու համար պատրվակ են փնտրում։ ― Է՜հ,– ասաց իմամ էֆենդին,― դու էլ մի քիչ փող տուր։ Ես էլ քսակը բացելով՝ նրան ցույց տվեցի վենետիկյան ոսկիները։ Մզկիթի լայն բակը, իմամի դեմքը, բոլորս մի պահ լուսավորվեցինք ոսկու փայլի տակ։ Հարցրեց, թե խնդիրն ինչ է։ Ասացի, թե ով եմ։ ― Էնիշթե էֆենդին հիվանդ է,― բացատրեցի ես։– Մահից առաջ ցանկանում է, որ դստեր այրիությունը պաշտոնապես հաստատվի, որպեսզի նրա համար նաֆաքա նշանակեն։ Սկյուտարի դատավորի փոխանորդի մասին ասելու կարիք անգամ չկար։ Ամեն ինչ հասկացող իմամ էֆենդին դժբախտ Շեքուրե հանըմի մասին արդեն երկար ժամանակ մտածում էր, անգամ կարծում էր, որ այդ գործն ուշացրել են։ Ամուսնալուծվելու համար անհրաժեշտ երկրորդ վկային Սկյուտարի դատավորի դռան մոտ գտնելու փոխարեն իմամ էֆենդին իր եղբորն էր բերելու։ Հիմա եթե նրա համար էլ մի ոսկի տայի, թաղամասում ապրող և Շեքուրեի ու որբուկների խնդիրներն իմացող եղբորն էլ լավություն կանեի։ Իմամ էֆենդուն երկու ոսկի տվեցի, երկրորդ վկայի համար էլ զեղչ արեց, անմիջապես պայմանավորվեցինք։ Իմամ էֆենդին գնաց եղբոր մոտ։ Սրանից հետո մեր կյանքը նմանվելու էր Հալեպի սրճարանների այն պատմություններին, որ ասացողները պատմում ու պատմելիս պարում են։ Այդ պատմությունները մեսնեվիի պես գրելով գիրք կազմողները, չնայած գեղեցիկ ձեռագրին, պատճառաբանում էին, որ շատ կասկած, շատ խարդախություն կա դրանց մեջ, ընդհանրապես լուրջ չէին ընդունում, չէին նկարազարդում։ Իսկ ես ամբողջ օրվա ընթացքում մեր արկածի էջերին չորս տեսարան հավաքելով՝ գծելով նկարեցի։ ԱՌԱՋԻՆ տեսարանում նկարիչը մեզ պետք է Ունքափըից Սկյուտար գնացող չորս կարմիր նավակների մեջ նեղուցի ջրերի մեջտեղում թավ բեղերով, մկանուտ թիավարողների հետ պատկերի։ Մինչ իմամն ու նրա տխուր դեմքով նիհար եղբայրը՝ չնախատեսված զբոսանքից գոհ, թիավարողների հետ զրուցում են, ես աղքատիկ նավակի ծայրին նստած՝ աչքերիս առաջ երջանիկ ամուսնության անավարտ երազանքներ, ձմեռային արևոտ առավոտյան սովորականից ավելի թափանցիկ երևացող նեղուցի ջրերի հատակին մի վատ նշան, օրինակ՝ ծովահենների նավի մնացորդներ տեսնելով՝ սարսափած նայում եմ ծովի ջրերին։ Ուրեմն նկարիչը որքան էլ ուրախ գույներով նկարի ծովը և ամպերը, իմ երջանկության երազանքների չափ ուժեղ վախերիս էլ համընկնելու չափ մի մութ բան, օրինակ՝ սարսափելի ձուկ նկարելով՝ պետք է դնի ծովի հատակին, որպեսզի մեր արկածներն ընթերցողը այդ պահին չմտածի, թե ամեն ինչ վարդագույն լույսի մեջ է։ Մեր ԵՐԿՐՈՐԴ նկարը սուլթանների պալատները, պալատական ժողովները, եվրոպական դեսպանների ընդունելությունը, մարդաշատ տներն է ցույց տալիս, մանրամասնորեն և լավ դասավորված նկարների՝ Ռեհզադին վայել նրբությունները, այսինքն՝ նկարի կատակն ու հեգնանքն էլ պետք է հաշվի առնի։ Այսինքն՝ մի կողմից պարոն դատավորը կարծես ձեռքի արգելող շարժումով ինձ ու իմ մեկնած կաշառքին ասում է՝ երբեք և ոչ, մյուս ձեռքով էլ ամաչելով պետք է իմ վենետիկյան ոսկիները դնի գրպանը, և որպես այս կաշառքի արդյունք՝ միևնույն ժամանակ նկարում երևալու է նաև, որ Սկյուտարի դատավորի փոխարեն շաֆիական փոխանորդ Շահափ էֆենդին է նստած։ Միմյանց հետևող իրադարձությունները նկարում միաժամանակ կարող են պատկերվել։ Դրա լուծումը կարող են միայն խելացի նկարիչները ստանալ՝ էջերի խորամանկ դասավորության միջոցով։ Այսպիսով, օրինակ՝ իմ կաշառք տալը տեսնող աչքը նկարի մեկ այլ տեղում բարձի վրա ծալապատիկ նստածի՝ փոխանորդ լինելը տեսնելով, անգամ եթե մեր պատմությունը չկարդա, անմիջապես կհասկանա, որ երկու վենետիկյան ոսկին գրպանը դրած, դատավորի փոխարեն Շեքուրեին ամուսնալուծելու համար նստածը շաֆիական փոխանորդն է։ ԵՐՐՈՐԴ նկարն էլ պետք է նույն տեսարանը ցույց տա, բայց այս անգամ պատերը, բոլոր ճյուղերը նկարելիս պետք է ավելի քիչ անցումների հնարավորություն տվող չինական ոճի զարդարանքներ օգտագործի և դրանք ավելի մուգ գույնով ներկի և դատավորի փոխանորդի վերևում խորհրդավոր ու գույնզգույն ամպեր նկարի, որպեսզի բոլորը հասկանան, որ մեր պատմությունը խաղ է։ Չնայած մեկ առ մեկ պարոն դատավորին ներկայանալուն՝ նկարում իմամն ու եղբայրը պետք է միասին երևան։ Նրանք այնպես են պատմում Շեքուրեի ամուսնու՝ չորս տարի պատերազմից չվերադառնալու, ամուսնու բացակայության պատճառով Շեքուրեի աղքատ մնալու, երկու որբ երեխաների՝ տխուր ու քաղցած լինելու, դեռ ամուսնացած համարվելու պատճառով այս որբուկներին հայրություն անելու թեկնածու չգտնելու, ամուսնացած լինելու պատճառով՝ Շեքուրեին առանց ամուսնու թույլտվության անգամ պարտքով գումար չհատկացնելու մասին, որ նույնիսկ դատարկ պատերը կարտասվեին և նրան ամուսնալուծվելու իրավունք կտային, բայց անսիրտ փոխանորդը ուշադրություն չդարձրեց և հարցրեց, թե ով է Շեքուրեի խնամակալը։ Քանի որ մի պահ հապաղեց, ես անմիջապես ասացի, որ մեր սուլթանի տասնապետ և դեսպան եղած հարգարժան հայրը դեռ ողջ է։ ― Մինչև նա դատարան չգա, չեմ կարող ամուսնալուծության իրավունք տալ,– ասաց փոխանորդը։ Անհանգստացած ասացի, որ Էնիշթե էֆենդին հիվանդ ու մահամերձ է, Աստծուց վերջին ցանկությունը դստերն ամուսնալուծված տեսնելն է, ու որ ես եմ նրան ներկայացնում։ ― Ինչի՞ն է պետք, որ դուստրն ամուսնալուծվի,― ասաց նա։– Մահամերձ մարդն ինչո՞ւ պետք է այդքան ցանկանա, որ դուստրը վաղուց պատերազմի դաշտում կորած ամուսնուց բաժանվի։ Դե, եթե դստեր համար վստահելի թեկնածու կա, կհասկանամ, որովհետև ուզում է հանգիստ խղճով հեռանալ աշխարհից։ ― Կա, պարոն փոխանորդ,― ասացի ես։ ― Ո՞վ է։ ― Ես եմ։ ― Ինչպե՞ս։ Դու հովանավորի ներկայացուցիչն ես,– ասաց դատավորի փոխանորդը։– Ի՞նչ գործով ես զբաղվում։ ― Օտար երկրներում փաշաների համար քարտուղարություն, գրագրություն, մատենագրություն եմ արել։ Պարսկական պատերազմների պատմությունն ավարտին հասցրի և շուտով հանձնելու եմ մեր սուլթանին։ Հասկանում եմ նկարչությունից և մանրանկարչությունից։ Ես այդ աղջկա սիրուց արդեն քսան տարի է՝ այրվում եմ։ ― Ազգակա՞ն ես։ Դատավորի փոխանորդի մոտ այնպես ամաչեցի սեփական կյանքս բացահայտ իրի պես սեղանին դնելու համար, որ լռեցի։ ― Շաղգամի պես կարմրելու փոխարեն պատասխանիր, թե չէ ամուսնալուծության իրավունք չեմ տա։ ― Մորաքրոջս աղջիկն է։ ― Հմ՜մ՜ հասկացա։ Կկարողանա՞ս նրան երջանկացնել։ Հարցնելիս ձեռքով անշնորհք շարժում արեց։ Թող նկարիչն այս անշնորհքությունը չնկարի։ Թող միայն ցույց տա, թե ինչպես է դեմքս կարմրել, այդքանը բավական է։ ― Ես լավ եմ վաստակում։ ― Քանի որ շաֆիական եմ, ասում եմ, որ չորս տարուց ի վեր պատերազմից չվերադարձած այս դժբախտ Շեքուրեին ամուսնալուծելը գրքին և իմ հավատին չի հակասում,– ասաց պարոն փոխանորդը։– Նրան ամուսնալուծության իրավունք եմ տալիս։ Արդեն եթե ամուսինը պատերազմից վերադառնա, նրա հանդեպ ոչ մի իրավունք չի ունենա։ Դրան հաջորդող նկարը, այսինքն՝ ՉՈՐՐՈՐԴԸ, ցույց է տալու, թե ինչպես է դատավորը սև թանաքով տառերի պահանջկոտ բանակներով կնքում ամուսնալուծության, Շեքուրեի՝ արդեն այրի լինելու և անմիջապես հետո ամուսնանալուն ոչ մի խոչընդոտ չլինելը հաստատող թուղթը և տալիս է ինձ։ Այդ պահին զգացածս երջանկության փայլը ո՛չ դատարանի պատերը կարմիր ներկելով, ո՛չ էլ նկարի վրա ալ կարմիր շրջանակներ գծելով կարող է արտահայտվել։ Փոքր քույրերին, աղջիկներին, ավագ քույրերին ամուսնալուծելու համար եկած մյուս տղամարդկանց և կեղծ վկաների՝ դատավորի դռան առաջ կուտակվող բազմության միջով անցնելով՝ վազեցի դուրս։ Նեղուցն անցնելով ուղիղ դեպի Յաքութլար թաղամաս՝ մեր հարսանիքն անել ցանկացող սիրալիր իմամ էֆենդուն և նրա եղբորը դեռ ոչինչ չասացի։ Քանի որ հասկացա՝ փողոցում ինձ տեսնողները նախանձելով իմ անհավատալի երջանկությանը՝ դավեր են նյութում, ուստի վազքով գնացի իմ Շեքուրեի փողոց։ Ինչի՞ց էին չարաբաստիկ ագռավները հասկացել, որ տանը հանգուցյալ կա. տանիքի վրա ցատկոտում էին։ Վատ էի զգում, որ չեմ կարողանում տխրել փեսայիս համար, մի արցունք անգամ չեմ կարողանում թափել, բայց տան ամուր փակված կողպեքներից, դռնից, լռությունից, անգամ նռենուց անմիջապես կռահեցի, որ ամեն ինչ լավ է։ Հավանաբար հասկացել եք, որ այդ պահին արագ֊արագ էի շարժվում։ Գետնից վերցրած քարը նետեցի բակի դռան կողմը, բայց չկարողացա նշանակետին խփել։ Մի քար էլ նետեցի, խփեցի տանիքին։ Զայրացած՝ մի քանի անգամ էլ խփեցի։ Այդ պահին մի պատուհան բացվեց։ Երկրորդ հարկի այն պատուհանն էր, ուր չորս օր առաջ՝ չորեքշաբթի, նռենու ճյուղերի արանքից առաջին անգամ տեսա Շեքուրեին։ Օրհանը երևաց այնտեղ, պատուհանի արանքից լսվում էր նրան կշտամբող Շեքուրեի ձայնը։ Մի պահ հույսով նայեցինք իրար ես ու իմ գեղեցկուհին։ Որքան հաճելի էր, որքան գեղեցիկ։ Հավանաբար «սպասիր» նշանակող շարժում անելով՝ պատուհանը փակեց։ Մինչ երեկո շատ ժամանակ կար. թափուր այգում աշխարհի, ծառերի, ցեխոտ փողոցի գեղեցկությամբ հիանալով՝ հույսով սպասեցի։ Շատ չանցած՝ Հայրիյեն կարծես ոչ թե սպասուհու, այլ տանտիկնոջ պես հագնված, գլուխը ծածկած՝ դուրս եկավ։ Առանց իրար մոտենալու անցանք թզենու մոտ։ ― Մմեն ինչ լավ է,― ասացի նրան։ Ցույց տվեցի դատավորից վերցրած փաստաթուղթը։– Շեքուրեն ամուսնալուծված է։ Հիմա մյուս թաղամասից իմամ եմ...,– ուզում էի ասել գտնելու եմ, բայց ասացի,― Իմամ է գալիս։ Թող Շեքուրեն պատրաստվի։ ― Շեքուրե հանըմն ասում է, որ թեկուզ քիչ, բայց հարսին տանող մարդիկ պետք է լինեն, թաղամասի բնակիչները թող տուն գան, հարսանեկան ճաշկերույթ լինի։ նուշով, ծիրանի չրով փլավ ենք պատրաստել։ Հաճույքով երևի կպատմեր, թե դեռ ինչեր են պատրաստել, բայց ես ընդհատեցի։ ― Եթե հարսանիքն այդքան մեծ լինի,– ասացի ես,― Հասանն ու նրա մարդիկ լուրը կառնեն, կընդհատեն հարսանիքը, խայտառակություն կլինի, ամուսնությունն անվավեր կհամարեն, և ոչինչ չենք կարողանա անել։ Ամեն ինչ ջուրը կընկնի։ Ոչ միայն Հասանից ու սկեսրայրից, Էնիշթե էֆենդուն սպանած սատանայից էլ չենք կարողանա փրկվել։ Վախենո՞ւմ եք։ ― Ինչպե՞ս չվախենանք,– ասաց նա ու սկսեց արտասվել։ ― Ոչ ոքի ոչինչ չեք ասելու,― ասացի ես։– Էնիշթեին էլ գիշերանոց հագցրեք, անկողինը բացեք և ոչ թե հանգուցյալի, այլ հիվանդի պես պառկեցրեք, անկողնու կողքին բաժակներ, դեղեր դրեք, դուռը փակեք։ Թող սենյակում լամպ չլինի, որպեսզի ամուսնանալիս Շեքուրեի հովանավորը հիվանդ հայրը լինի։ Հարսի համար պատվիրակություն չի կարող գալ, վերջին պահին մի քանի հարևան կկանչեք, այդքանը։ Նրանց կանչելիս կասեք, որ սա Էնիշթե էֆենդու վերջին ցանկությունն է եղել... Ոչ թե երջանիկ, այլ տխուր հարսանիք է լինելու։ Եթե այս գործը հաջողությամբ գլուխ չբերենք, մեզ կվերացնեն, իսկ քեզ էլ կպատժեն, հասկանո՞ւմ ես։ Արտասվելով գլուխն օրորեց։ Նստելով իմ ճերմակ ձին՝ ասացի, որ գնում եմ վկաների ետևից, շուտով տուն եմ վերադառնալու, թող Շեքուրեն պատրաստվի, ասացի, որ այսուհետ ես եմ տան տղամարդը ու որ այժմ գնում եմ վարսավիրի մոտ։ Այս ամենը չէի ծրագրել։ Այդ պահին խոսելիս էի մտածում և ինչպես զգում էի որոշ պատերազմների ընթացքում, հավատում էի, որ Աստծու սիրելի և հովանավորյալ ծառան եմ, որ նա ինձ պաշտպանում է, այդ պատճառով ամեն ինչ լավ է լինելու։ Եթե մի անգամ այս վստահությունը զգաք ձեր սրտում, ձեր մտածածը, ձեր ցանկացածը կանեք, և ձեր արածները ճիշտ կլինեն։ Յաքութլար թաղամասից դեպի նեղուց տանող չորս փողոցով քայլեցի, մտա հարևան փողոց, ուր Յասին փաշա մզկիթի մորուքավոր, լուսավոր դեմքով իմամին տեսա, ավելի պոչով բակից քշում էր անամոթ շներին։ Պատմեցի իմ խնդրի մասին, ասացի, որ մորաքրոջս դստեր հայրը մահամերձ է, որ նրա վերջին ցանկությունը մեր երկուսի ամուսնությունն է, որ դուստրը պատերազմից չվերադարձած ամուսնուց այսօր Սկյուտարի դատավորի որոշումով ամուսնալուծվել է։ Իմամն ասաց, որ ամուսնալուծված կինը միայն չորս ամիս անց կարող է նորից ամուսնանալ, բայց ես հակառակվեցի՝ ասելով, որ Շեքուրեի ամուսինը չորս տարի է՝ կորած է համարվում, և որ այդ պատճառով կինը հղի չի կարող լինել։ Սկյուտարի դատավորի՝ կնոջն այս առավոտյան հենց այդ նպատակով ամուսնալուծությունը հաստատող թուղթը ցույց տվեցի։ Ասացի, որպեսզի իմամ էֆենդին վստահ լինի, որ ամուսնությանը խոչընդոտող ոչինչ չկա։ Այո, հարսնացուն իմ ազգականն է, բայց մորաքրոջս աղջիկ լինելը խոչընդոտ չէ։ Նախորդ ամուսնությունը պաշտոնապես ավարտվել է, մեր միջև կրոնի, դասի, սոցիալական տարբերություն չկա։ Տվածս ոսկիներն ընդունեց, ասաց, որ եթե ամբողջ թաղամասի աչքի առաջ հարսանիք անի, այրի կնոջ որբ երեխաներին էլ լավություն կանի։ Իմամ էֆենդին սիրո՞ւմ էր նուշով, ծիրանի չրով փլավ։ Սիրում էր, բայց դեռ նայում էր բակի շներին։ Ոսկին վերցրեց։ Հագնելով հարսանեկան հագուստը՝ մազերը, մորուքը, գլխարկը շտկելու էր և գալու էր ամուսնական արարողությունը կատարելու։ Հարցրեց տան տեղը, նկարագրեցի։ Տասներկու տարի սպասված ամուսնությունը որքան էլ արագ իրականանար, փեսան, մոռանալով անհանգստությունների և վտանգների մասին՝ բնականաբար, իրեն պետք է հանձներ վարսավիրի ձեռքն ու հաճելի շատախոսությամբ ուղեկցվող հարսանեկան սափրմանը։ Ոտքերս ինձ բերեցին շուկայի կողքի այն վարսավիրի մոտ, որն աշխատում էր լուսահոգի փեսայիս, մորաքրոջս, գեղեցիկ Շեքուրեի՝ մանկության տարիներից հետո լքած Աքսարայի կիսավեր տան փողոցում։ Այն օրը, երբ տարիներ անց վերադարձա այստեղ, այսինքն՝ հինգ օր առաջ, այս վարսավիրին էի հանդիպել։ Այս անգամ, երբ ներս մտա, ինձ գրկեց և իսկական ստամբուլցի վարսավիրի պես «տասներկու տարի որտե՞ղ էիր» հարցնելու փոխարեն սկսեց պատմել թաղամասի ամենավերջին բամբասանքների մասին և խոսքն ավարտեց «կյանք» կոչվող այդ իմաստալից ճամփորդության վերջում մեր բոլորի գտնելիք հանգրվանի մասին խոսքերով։ Չեմ ասի, թե կարծես ոչ թե տասներկու տարի, այլ տասներկու օր է անցել, մեր վարպետ վարսավիրը ծերացել էր, հետքերով ծածկված ձեռքերով բռնել էր ածելին և դողացնելով տանում էր այտիս վրայով։ Չափից դուրս խմիչքին նվիրված և իր վարպետին հիացմունքով նայող վարդագույն մաշկով, գեղեցիկ շուրթերով, կանաչ աչքերով որդուն դարձրել էր իր աշակերտը։ Եթե համեմատենք տասներկու տարի առաջվա հետ, ներսում մաքրություն ու կարգուկանոն էր տիրում։ Եռման ջուր լցնելով՝ մազերս, դեմքս խնամքով լվաց։ Բաժակը կախեց առաստաղից կախված շղթայից։ Լայն ու հին տաշտերը կլայեկած էին, վառարանը մաքուր էր, ժանգոտած չէր և ագաթի պոչով սափրիչները սուր էին։ Մետաքսե կտորից էլ մաքուր գոգնոց ուներ, որը տասներկու տարի առաջ կծուլանար կապել։ Իր տարիքի հետ համեմատած՝ երկարահասակ էր, նրբակազմ։ Կարծեցի, որ այդ նուրբ տղային աշակերտության վերցնելուց հետո հենց վերջինս է վարպետի վարսավիրանոցը և նրան կարգի բերել, և ակամա երագելով այն մասին, որ ամուսնությունը ոչ միայն միայնակ տղամարդու տանը, այլև գործին, խանութին է նոր շունչ ու առատություն բերում, ինձ հանձնեցի վարդաբույրի, տաք ջրի, օճառի, վարսավիրական հաճույքներին։ Որքան ժամանակ էր անցել՝ չգիտեմ, վարսավիրի տաղանդավոր մատների և փոքրիկ վարսավիրանոցը ջերմացնող վառարանի տաքությամբ կյանքի այդքան դժվարություններից հետո այսօր կարծես անվերադարձ կերպով ինձ ամենամեծ նվերն անելու համար Աստծուն երախտագիտություն էի հայտնում և պատրաստվում էի հարցնել, թե նրա ստեղծած աշխարհի ո՞ր խորհրդավոր նժարի վրա եմ, և ուզում էի տխրել այն տանը մահացած Էնիշթեի համար, որի տերն էի դառնալու քիչ անց, երբ վարսավիրի՝ անընդհատ բաց դռան մոտ շարժում նկատեցի։ Շրջվեցի, տեսա, որ Շևքեթն է։ Անհանգիստ, բայց ինքնավստահ՝ մի թուղթ մեկնեց ինձ։ Նրան ոչինչ չկարողացա ասել, ասես ամենավատ լուրը սպասելիս դողալով կարդացի. «Եթե հարսնացուի պատվիրակություն չլինի, չեմ ամուսնանա։ Շեքուրե»։ Ձեռքից բռնելով՝ Շևքեթին նստեցրի գիրկս։ Ուզում էի իմ Շեքուրեին գրել. «Ինչպես ասես, սիրելին»։ Բայց գրել-կարդալ չիմացող վարսավիրի մոտ գրիչ ու թանաք իհարկե չկար։ Այսպիսով, զգուշորեն Շևքեթի ականջին շշնջացի, որ մորն ասի. ― Լավ։ Նույն շշունջով հարցրի, թե պապն ինչպես է։ ― Քնած է,– ասաց նա։ Հիմա հասկանում եմ, որ դուք էլ, Շևքեթն էլ (Շևքեթն, իհարկե, այլ բաներ էլ է կասկածում) փեսայիս մահվան համար ինձ եք կասկածում։ Ի՜նչ ափսոս։ Նրան մի կերպ համբուրեցի։ Շևքեթը դժգոհ դեմքով գնաց։ Հարսանիքին էլ տոնական զգեստը հագին՝ հեռվից ինձ թշնամաբար էր նայում։ Քանի որ Շեքուրեն հայրական տնից չէր գնում փեսայի տուն, այլ հակառակը՝ ես էի որպես տնփեսա գնում նրա հոր տուն, հարսնացուի պատվիրակությունն այս հատուկ իրավիճակին համապատասխանում էր։ Իհարկե, ես, ինչպես ուրիշներն են անում, ի վիճակի չէի իմ հարուստ ընկերներին, բարեկամներին պատրաստելով, ձի նստելով՝ Շեքուրեի դռան մոտ գալ։ Բայց միևնույն է, Ստամբուլ վերադառնալուց ի վեր վեց օրվա ընթացքում հանդիպածս մանկության ընկերներիցս երկուսին (մեկն ինձ պես գրագիր էր դարձել, իսկ մյուսը բաղնիք ուներ), ինձ սափրելիս երջանկություն մաղթող հուզված վարսավիրիս էլ վերցրի, հետո ճերմակ ձիս, որով առաջին օրը եկել էի Ստամբուլ, և գնացինք իմ սիրելի Շեքուրեի տուն այնպես, ասես նրան տնից առնելով՝ մեկ այլ տուն, մեկ այլ կյանք էինք տանելու։ Դուռը բացող Հայրիյեին մեծ բախշիշ տվեցի։ Շեքուրեն կարմիր հարսանեկան զգեստ էր հագել և գլխից մինչև ոտքերն իջնող վարդագույն արծաթաթել հարսանեկան քող գցել։ Ներսի լացի ձայների, հեծկլտոցների, հոգոցների (մի կին բղավեց երեխաների վրա), բացականչությունների ու մաշալլահների միջով տնից դուրս գալով՝ հմտորեն հեծավ բերածս պահեստային երկրորդ ճերմակ ձին։ Վերջին պահին վարսավիրն ինձ խղճացել և դհոլ ու զուռնա նվազող էր ճարել ինձ համար։ Նրանք առջևից գնալով՝ հարսի ծանր պարեղանակ սկսեցին նվագել, և մեր աղքատ, տխուր, բայց հպարտ պատվիրակությունը ճանապարհ ընկավ։ Մեր ձիերը շարժվելուն պես հասկացա, որ Շեքուրեն սովորականի նման իր խորամանկությամբ ինչ֊որ բաներ է կազմակերպել։ Մեր պատվիրակության շնորհիվ, անգամ եթե վերջին պահին, հարսանիքի մասին ամբողջ թաղամասն էր իմացել, այսպիսով, իրականում քանի որ բոլորը դա հաստատելու էին, հետո մեր ամուսնությունը ոչ ոք չի կարողանա ժխտել։ Մյուս կողմից՝ մեր ամուսնության մասին այսքան բացահայտ հայտարարելը, մեր թշնամիներին, Շեքուրեի նախկին ամուսնուն և ընտանիքին ձեռնոց նետելու պես հարսանիք անելն այս գործը վտանգի էր ենթարկում։ Ես կնախրնտրեի Շեքուրեի հետ առանց որևէ մեկին անելու, առանց հարսանիք անելու գաղտնի ամուսնանալ, նրա ամուսինը լինել և դրանից հետո պաշտպանել մեր ամուսնությունը։ Հարսի պատվիրակության առջևից հեքիաթային կամակոր ճերմակ ձիուս թամբին թաղամասի փողոցներով անցնելիս մի նեղ փողոցի արանքից կամ մի մութ բակի դռնից դուրս թռչելով մեզ վրա հարձակվող Հասանին և նրա մարդկանց էի վախով փնտրում։ Դռան առաջ, պատերի տակ կանգնելով՝ մեր տարօրինակ պատվիրակությանը, իրականում առանց հասկանալու այդ ամենին հետևող, բայց հարգանքով նայող ծերունիներին, թաղամասի հասուն տղամարդկանց, կանգնելով մեզ ողջունող անծանոթների տեսա։ Անկախ իմ կամքից՝ շուկայի գույնզգույն սերկևիլներից, գազարներից, խնձորներից մի քանի քայլ հեռանալով՝ «մաշալլահ» ասող բանջարավաճառի հաճույքից, տխուր նպարավաճառի ժպիտից, աշակերտին կարկանդակների այրվածքները մաքրել տվող հացթուխի հայացքներից, իրականում Շեքուրեի՝ շշնջյունների և բամբասանքների ցանցը վարպետորեն շրջանառության մեջ դնելու, ամուսնալուծության և ինձ հետ ամուսնանալու՝ թաղամասում կարճ ժամանակում լսելով ընդունվելու փաստ անմիջապես ընկալեցի։ Բայց միևնույն է, տհաճ և անսպասելի հարձակման, անգամ վիրավորանքի, տգեղ խոսքերի ամեն պահի պատրաստ էի։ Այդ պատճառով շուկայից դուրս գալիս բղավոցներով, կատակներով մեր ետևից ընկած, փող ցանկացող երեխաների բազմությունից չէի դժգոհում, նրանց բերած ուրախությունը, աղմուկը և բազմության՝ մեզ պաշտպանելն ու մեզ համաձայնություն տալը պատուհանների արանքից, վանդակների, կողպեքների արանքից տեսածով հիացած կանանց ժպիտներից ի վերջո հասկացա։ Փառք Աստծու, հարսնացոփ պատվիրակությունն արդեն վերադառնում էր եկած ճանապարհով։ Ես նայում էի ճանապարհին, բայց իրականում մտածում էի Շեքուրեի, նրա ցավի մասին։ Ինձ, իհարկե, այն չէր տխրեցնում, որ նա ստիպված էր հոր մահվան օրն ամուսնանալ, այլ այն, որ հարսանիքն այսքան անշուք և աղքատիկ էր երևում։ Արծաթագործ, նախշազարդ թամբերով ձիերին, այդ ձիերի սամույրե, մետաքսե, ոսկեթել հագուստներով հեծյալներին, հարյուրավոր ձիերի և սայլերի վրա բեռնած նվերներին և օժիտին ու ետևից քայլող փաշաների աղջիկներին, սուլթանին և կառքերի մեջ նստած՝ հին օրերի հարստությունը պատմող հարեմի ծեր կանանց բազմությանն էր արժանի իմ Շեքուրեն։ Մինչդեռ հարսանիքին բոլոր հարուստ աղջիկների աչքերից իրեն պաշտպանելու համար ալ կարմիր մետաքսե ծածկոցը փայտերով ձիու չորս կողմը տարածող չորս ծառա չկար, մրգեր, ոսկե և արծաթե կոնֆիտի, փայլուն քարեր ու թելերով զարդարված հսկայական հարսանեկան մոմերի՝ արմավենու պես նրա առաջ ցուցադրական պահելով քայլող սպասավոր էլ չկար։ Դհոլ ու զուռնա նվազողներն էլ, քանի որ իրենք էլ չէին հարգում այդ պատվիրակությունը, հաճախ դադարում էին նվագել, և քանի որ մեր առջև «հեռացեք, մի կողմ անցեք, հարսնացուն է գալիս» ասող էլ չկար, մեր խումբը խառնվեց շուկայի բազմությանը, աղբյուրից ջուր առնող ծառայողներին։ Այստեղ աչքերս լցվում են ոչ թե ամոթից, այլ ավելի շատ՝ տխրությունից։ Մի պահ, երբ արդեն տանն էինք մոտենում, համարձակվեցի ձիուս վրա շրջվել ու նրան նայել։ Վարդագույն հարսանեկան քողի և ալ կարմիր գլխանոցի տակ տեսա, որ Շեքուրեն այս աղքատությունից (որին արժանի չէր) տխրելու փոխարեն, իրեն հանգիստ էր զգում, որ անփորձանք կարողացանք անցնել ճանապարհը, և ես էլ ինձ ավելի հանգիստ զգացի։ Այսպիսով, գեղեցկուհի հարսնացուին, որի հետ քիչ անց ամուսնանալու էի, բոլոր փեսաների պես իջեցրի ձիուց, թևանցուկ արեցի և իմ պատրաստած մի քսակ ոսկին դանդաղ լցրեցի նրա գլխից ներքև, որպեսզի բոլորը կարողանան տեսնել և զվարճանալ։ Այդ տխուր խմբին հետևող երեխաները հավաքում էին ոսկիները, երբ ես և Շեքուրեն սկզբում մտանք այգի, անցանք նախասենյակը և տուն մտնելուն պես սարսափով զգացինք, որ տունը տաք է ու դիակի հոտ է գալիս։ Երբ մարդիկ տուն մտան, և ծեր կանայք մի անկյունում նստեցին, երեխաները մեկ այլ, տեսա, որ Օրհանը կասկածով ինձ է նայում, իսկ Շեքուրեն ձևացնում է, թե հոտ չկա, ես էլ սկսեցի կասկածել։ Բայց ես պատերազմի դաշտում այնքան էի զգացել պատռված հագուստով, գողացված կոշիկներով, երկարաճիտ կոշիկներով, գոտիներով, դեմքերը, մարմինները, շուրթերը թռչուններին կեր դարձած և արևի տակ մնացած դիակների հոտը բերանիս մեջ, կոկորդումս, թոքերումս, որ վստահ էի՝ չէի սխալվում։ Ներքևում՝ խոհանոցում, Հայրիյեին հարցրի, թե Էնիշթե էֆենդին որտեղ է, ինչպես է ամբողջ տնից այսպիսի հոտ գալիս, ասացի, որ բոլորն ամեն ինչ կհասկանան։ Դա ոչ թե ասել էր նշանակում, այլ մրթմրթալով զառանցել։ Մյուս կողմից էլ մտածում էի, որ Հայրիյեի հետ առաջին անգամ տանտիրոջ պես խոսեցի։ ― Ինչպես հրամայեցիք, անկողինը բացեցինք, գիշերանոցը հագցրինք, վերմակով ծածկեցինք, կողքին բաժակներ ու դեղեր դրեցինք։ Եթե հոտ է գալիս, հավանաբար սենյակի վառարանից է,― ասաց կինն արտասվելով։ Երկու կաթիլ արցունք ընկավ տապակվող գառան թավայի մեջ։ Սկզբում նրա արտասվելուց հասկացա, որ Էնիշթե էֆենդին գիշերները նրա հետ է անցկացնելիս եղել, բայց հետո ամաչեցի այս մտքիցս։ Խոհանոցի մի անկյունում անձայն ու հպարտ նստած Էսթերը կուլ տվեց՝ ինչ ծամում էր ու վեր կացավ։ ― Երջանկացրու Շեքուրեին,– ասաց նա։– Գնահատիր նրան։ Ստամբուլ եկած առաջին օրը փողոցներով քայլելիս լսածս ուդի ձայնը լսեցի իմ ներսում, բայց նրա ներդաշնակության մեջ ավելի շատ կյանք կար, քան տխրություն։ Ավելի ուշ այն կիսամութ սենյակում, որտեղ իմ փեսան էր գիշերանոցով պառկած, Շեքուրեին և ինձ ամուսնացնելիս էլ այդ երաժշտությունն էի լսում։ Հայրիյեն նախօրոք աննկատ օդափոխել էր սենյակը, լամպը հեռու անկյունում էր դրել, այդ պատճառով գիշերանոցով փեսաս ոչ թե դիակի, այլ հիվանդի էր նման։ Նա հարսանիքի ընթացքում Շեքուրեի հովանավորն էր։ Իմ վարսավիր ընկերը և թաղամասը լավ ճանաչող մի ծեր մարդ էլ վկաներն էին, իմամի ցանկություններով, խրատներով և բոլորի աղոթքներով ավարտված արարողության րնթացքում գիտուն ծերունին անհանգստանալով իմ փեսայի առողջության համար գլուխը կասկածով մոտեցրեց լուսահոգուն, բայց հենց իմամը հաստատեց ամուսնությունը, տեղիցս ցատկելով՝ փեսայիս քարացած ձեռքը բռնեցի և ամբողջ ուժով սեղմեցի։ ― Մի՛ անհանգստացիր, իմ սիրելի՛ փեսա,– բղավեցի ես։– Շեքուրեին, երեխաներին գոհ ու ապահով, հանգիստ ու սիրով պահելու համար ամեն բան կանեմ։ Հետո կարծես փեսաս հիվանդի անկողնուց, բարձից ինձ ինչ-որ բան է ուզում ասել, ականջս հարգանքով մոտեցրի նրան, բայց երբ տեսա մեր հարգարժան ծերունու ժամացույցը, ասես կյանքից դուրս գալով՝ խրատներն ասես խորհրդավոր եթեր խմելու պես հարգալից, համակ ուշադրությամբ լսեցի, ուշադրությամբ բացեցի աչքերս և ականջներս ու ձևացրի, թե փեսայիս եմ լսում։ Իմամ էֆենդին և թաղամասի ծերունին գնահատող ու հաստատող հայացքներով նայեցին ինձ, երբ տեսան, թե ինչպիսի նվիրվածությամբ ու հավերժ կապվածությամբ եմ լսում փեսայիս՝ հիվանդի անկողնուց, մահվան շեմից ինձ շշնջած խրատները։ Հուսամ՝ արդեն ոչ ոք չի մտածում, որ կապ ունեմ փեսայիս սպանության հետ։ Սենյակի մարդկանց ասացի, որ խեղճ հիվանդ մարդը ցանկանում է մենակ մնալ։ Մի վայրկյանում սենյակից դուրս եկա և Հայրիյեի փլավով տապակած գառան միսը (հիմա ես էլ եմ դիակի և ուրցի, քիմիոնի ու կարմրացրած գառան մսի հոտը շփոթում) ուտելու համար հավաքված տղամարդկանց մոտ գնալիս անցա մյուս սենյակ և սեփական տանը մտածկոտ, տխուր քայլող դժբախտ տղամարդու պես անմտածված բացելով Հայրիյեի սենյակի դուռը՝ ներս մտա, ուշադրություն չդարձնելով տղամարդ տեսած կանանց սարսափին, սիրով նայեցի Շեքուրեին, ով ինձ տեսնելուն պես երջանիկ ժպտաց, և ասացի. ― Հայրդ է կանչում, Շեքուրե, մենք ամուսնացանք, պետք է նրա ձեռքը համբուրես։ Շեքուրեի հարսանիքի հասարակությունն ապահովելու համար վերջին պահին կանչած թաղամասի մի քանի կանայք և երիտասարդ աղջիկներ, որոնց հայացքի նվիրվածությունից կարող էի ասել, որ հարազատներ են, անհանգստացած սկսեցին հավաքվել, դեմքերը ծածկել, բայց իրականում ինձ ոտքից գլուխ նայելով՝ ուզածի չափ հետևեցին։ Ավելի ուշ հարսանեկան բազմությունը ուտելուց, ընկույզ, նուշ, պաստեղ, շաքար և մեխակի կոնֆետներ ճաշակելուց հետո, երեկոյան նամազից քիչ անց հեռացավ։ Կանանց սենյակում Շեքուրեի մերթընդմերթ հոսող արցունքները և երեխաների չարաճճիություններն ու կռիվները փչացնում էին ուրախությունը։ Իսկ տղամարդկանց հատվածում հարևանների հարսանեկան գիշերների կատակների վրա չծիծաղելս մեկնաբանվեց որպես հիվանդ աներոջս համար անհանգստություն։ Այս ամբողջ տխրության մեջ ես անընդհատ հիշում էի, որ ուտելուց առաջ հոր ձեռքը համբուրելու համար Շեքուրեի հետ իմ փեսայի սենյակ մտնելով՝ մենակ մնալով՝ նախևառաջ հանգուցյալի սառած ու քարացած ձեռքը երկուսս էլ անկեղծ հարգանքով համբուրեցինք, հետո էլ սենյակի մութ անկյունը քաշվելով՝ երկար համբուրվեցինք, ասես ջուր էինք խմում։ Կնոջս տաք լեզվից այն կոնֆետների համն էր գալիս, որ երեխաներն են անընդհատ ծամում։ == 34. Ես Շեքուրեն եմ == Երբ բոլորը գնացին, մեր տխուր հարսանիքի վերջին հյուրերի՝ կոշիկները հագնելուց, հագնվելուց, կանանց՝ դեմքերը փակելուց, երեխաների՝ վերջին քաղցրավեիքն ուտելուց և բակի դռնից դուրս գալուց հետո երկար լռություն տիրեց։ Բոլորս բակում էինք, և ջրհորի կիսով չափ լիքը դույլից զգուշորեն ջուր խմող ճնճղուկի կտկտոցներից բացի ոչ մի ձայն չէր լսվում։ Վառարանի լույսի տակ փայլող փոքրիկ գլխի կարճ աղվամազերով այս թռչունը մի պահ մթության մեջ կորավ, և սիրտս ցավեց հորս համար, ով գիշերվա մեջ մխրճված մեր դատարկ տանը՝ վերևում, անկողնում մահացած պառկած էր։ ― Երեխաներ,– ասացի ես Օրհանին և Շևքեթին, որոնք ձայնիցս հասկանում էին, որ լուրջ բան եմ ասելու– Այստե՛ղ եկեք։ Եկան։ ― Արդեն Քարան է ձեր հայրը։ Համբուրեք նրա ձեռքը։ Անձայն հնազանդվեցին, համբուրեցին։ ― Իմ դժբախտ որբուկները անհայր են մեծացել, այդ պատճառով չգիտեն, թե հորն ինչպես են ենթարկվում, ինչպես են նրան լսելիս աչքերի մեջ նայում և ինչպես են վստահում նրան,– ասացի ես Քարային։― Այդ պատճառով, եթե քեզ անհարգալից, օտարի պես վերաբերվեն, եթե անփորձ լինեն, երեխայություն անեն, գիտեմ, որ սկզբում նրանց կներես և դա կվերագրես հորն առանց տեսնելու, առանց հիշելու մեծանալուն։ ― Ես հորս հիշում եմ,– ասաց Շևքեթը։ ― Շշշ... լսիր,– ասացի ես։– Սրանից հետո Քարայի խոսքը ձեզ համար իմ խոսքից էլ ավելի կարևոր է։ ― Եթե քեզ չլսեն,– ասացի Քարային,– եթե անհարգալից վերաբերվեն, լկտիություն, երեսառածություն, անշնորհքություն անեն կամ ամենափոքր նշան անեն, սկզբում զգուշացրու, բայց ներիր նրանց,– ասացի ես մի պահ՝ առանց օգտագործելու ծեծ բառը։― Քո սրտում նրանք պետք է գրավեն նույն տեղը, ինչ որ ես։ ― Շեքուրե՛ հանըմ, ոչ միայն քո ամուսինը դառնալու համար,― ասաց Քարան,― այս սիրելի որբուկների հայրը դառնալու համար էլ եմ քեզ հետ ամուսնանում։ ― Լսեցի՞ք։ ― Աստվա՛ծ իմ, միշտ լուսավորիր մեր ճանապարհը,– ասաց Հայրիյեն անկյունից։― Աստվա՛ծ իմ, պաշտպանիր մեզ։ ― Լսեցիք, չէ՞,– ասացի ես։― Ներեք ինձ, իմ գեղեցիկ տղաներ։ Եթե մեկ անգամ չհնազանդվեք ձեր հոր խոսքին, նա, միևնույն է, կների ձեզ։ ― Հետո էլ կներեմ,― ասաց Քարան։ ― Բայց եթե երրորդ անգամ չեն հնազանդվում... Այդ դեպքում արժանի եք ծեծի,– ասացի ես։― Հասկացա՞ք։ Ձեր նոր հայր Քարան ձեր լուսահոգի հոր մնացած՝ Ալլահի պատիժ պատերազմներից, ամենաահավոր, ամենասարսափելի տառապանքներից է դուրս եկել, շատ խիստ է։ Պապը նրանց երես է տվել, դրել է գլխին, բայց արդեն հիվանդ է։ ― Ես ուզում եմ պապիս մոտ գնալ,― ասաց Շևքեթը։ ― Եթե չլսեք, Քարան ձեզ ցույց կտա, թե ինչ է ծեծը։ Այդ ժամանակ ձեր պապը չի կարող ձեզ պաշտպանել այնպես, ինչպես ինձնից էր պաշտպանում։ Եթե չեք ուզում զայրացնել ձեր հորը, ուրեմն արղեն չպետք է կռվեք, ամեն բան պետք է կիսեք, պետք է աղոթեք, առանց անգիրները սովորելու չպետք է քնեք... Հասկացա՞ք։ Քարան կռացավ և մի շարժումով Օրհանին գիրկը նստեցրեց, բայց Շևքեթը հեռու կանգնեց։ Մի պահ ցանկացա նրան փաթաթվել և արտասվել։ Իմ խեղճ, տխուր որբուկ, խեղճ անտեր Շևքեթ, որքան մենակ ես դու այս մեծ աշխարհում։ Մի պահ ինձ Շևքեթի պես փոքրիկ երեխա զգացի, և Շևքեթի մանկությունը մի պահ խառնվելով իմ մանկության հետ՝ սարսափելի թվաց։ Որովհետև իմ սեփական մանկության մասին մտածելը, մի ժամանակ հորս գրկին Օրհանի պես նստելը, բայց ոչ թե Օրհանի պես՝ իր ծառի հետ չհամակերպված մրգի պես, այլ հաճույքով նստելը, հորս փաթաթվելը և շների պես միմյանց անընդհատ հոտոտելը հիշեցի։ Ուզում էի արտասվել, բայց ինձ զսպեցի և ակամայից ասացի. ― Դե Քարային «հայրի՛կ» ասեք տեսնեմ։ Որքան ցուրտ գիշեր էր, որքան անձայն էր մեր բակը։ Հեռուներում շներն անհանգիստ հաչում էին։ Մի քիչ էլ ժամանակ անցավ։ Լռությունը մուգ ծաղկի պես բացվեց և տարածվեց։ ― Լավ, երեխաներ,― ասացի ես հետո։– Եկեք տուն գնանք, այստեղ ցուրտ է։ Հարսանիքի գիշերը միայնակ մնալուց վախեցող զույգի անփորձությամբ ոչ միայն ես և Քարան, այլև երեխաները, Հայրիյեն, մենք բոլորս կարծես օտարի մութ տուն մտնելուց ամաչելով՝ ներս գնացինք։ Ներսում հորս դիակի հոտն էր գալիս, բայց կարծես ոչ ոք չէր նկատում։ Աստիճաններով անձայն բարձրանալով՝ մեր ձեռքի լամպերից առաստաղի վրա երևացող ստվերները, ինչպես միշտ պտտվելով՝ խառնվում էին իրար, մեկը մեծանում էր, մյուսը՝ փոքրանում, բայց սրանք ինձ առաջին անգամ պատահող բան էին թվում։ Վերևում՝ սենյակներ մտնելուց առաջ կոշիկներն էինք հանում, երբ Շևքեթն ասաց. ― Քնելուց առաջ պապիս ձեռքը համբուրե՞մ։ ― Ես քիչ առաջ նայեցի,― ասաց Հայրիյեն։― Պապիկդ այնպիսի ցավեր ունի, այնքան վատ է զգում, որ վատ հոգիներ են մտել նրա մեջ, հիվանդության կրակն ամենուր էր։ Սենյա՛կ մտեք, ես ձեր անկողինը կբացեմ։ Նրանց արդեն տարել էր սենյակ։ Անկողինը բացելիս, սպիտակեղենը դնելիս, վերմակները բացելիս այնպես էր խոսում, ասես վերցրած ամեն բան մի աննման հրաշք էր, ասես այստեղ այս կեսգիշերին տաք սենյակում մաքուր սպիտակեղենի մեջ և թռչնի փետուրներից տաք վերմակների մեջ պառկելը սուլթանի պալատում պառկելու պես բան էր։ ― Հայրիյե՛, մեզ հեքիաթ պատմիր,– ասաց գիշերանոթին նստած Օրհանը։ ― Լինում է չի լինում, մի կապույտ մարդ է լինում,– ասաց Հայրիյեն։– Եվ նրա մտերիմ ընկեր ջինը։ ― Մարդն ինչո՞ւ է կապույտ,– ասաց Օրհանը։ ― Հայրիյե, ի սեր Աստծու,– ասացի ես։– Այս երեկո ջիների, փերիների, ուրվականների մասին հեքիաթ մի՛ պատմիր։ ― Ինչո՞ւ չպատմի,― ասաց Շևքեթը։– Մայրի՛կ, երբ մենք գնում ենք, դու անկողնից վեր կենալով՝ պապիկի սենյա՞կ ես գնում։ ― Ձեր պապիկը, Աստված նրան պահապան, հիվանդ է,― ասացի ես։– Իհարկե, նրան նայելու համար գիշերը նրա մոտ եմ գնալու։ Հետո նորից վերադառնալու եմ։ ― Թող Հայրիյեն գնա պապիս մոտ,― ասաց Շևքեթը։– Գիշերները Հայրիյե՞ն չի նայում պապիս։ ― Վե՞րջ,– ասաց Հայրիյեն Օրհանին։ Քաղցր մտածմունքների գիրկն ընկած Օրհանի հետույքը փալասով սրբելիս նայեց գիշերանոթի մեջ և այնպես խոժոռվեց, ասես ոչ թե հոտից էր դժգոհում, այլ պարունակության սակավությունից։ ― Հայրիյե՛,– ասացի ես։– Անոթը դատարկիր ու վերադարձիր։ Թող Շևքեթը գիշերները դուրս չգա։ ― Ինչո՞ւ չպետք է դուրս գամ,– ասաց Շևքեթը։– Ինչո՞ւ Հայրիյեն չի կարող ջիների, փերիների մասին հեքիաթ պատմել։ Օրհանը ոչ թե վախից, այլ ստամոքսը դատարկելուց հետո միշտ դեմքին հայտնվող հիմար արտահայտությամբ լավատեսորեն ասաց. ― Որովհետև տանը ջիներ կան, հիմար։ Մայրի՛կ, կա՞ն։ ― Եթե սենյակից դուրս գաք, ասեք՝ տեսնեմ պապիկս ի՞նչ է անում, ջինը ձեզ կգտնի։ ― Քարայի անկողինը որտե՞ղ է,― ասաց Շևքեթը։― Որտե՞ղ է քնելու այս գիշեր։ ― Չգիտեմ,– ասացի ես։― Հայրիյեն է նրա անկողինը բացելու։ ― Մայրի՛կ, դու էլի մեզ հետ ես պառկելու, չէ՞,― ասաց Շևքեթը։ ― Քանի՞ անգամ ասեմ, որ նախկինի պես միշտ ձեզ հետ եմ պառկելու։ ― Մի՞շտ։ Հայրիյեն գիշերանոթը դուրս տարավ։ Պահարանի մեջ թաքցրածս տեղից հանեցի այն վերջին ինը նկարները, որ ստոր մարդասպանը չէր գողացել, նստեցի անկողնու վրա և լամպի լույսի տակ փորձելով հասկանալ նրանց գաղտնիքը՝ երկար նայեցի։ Այնքան գեղեցիկ են այս նկարները, որ մարդ նայում է ինչպես իրենց մոռացված հուշերին, և որքան նայում է, այնքան տեսնում է, որ նկարներն էլ, գրի պես, խոսում են իրենց նայողի հետ։ Նկարներին նայելիս սկսեցի մտածել։ Օրհանի՝ քթիս հենած գեղեցիկ գլխի հոտից հասկացա, որ Օրհանն էլ է ինձ հետ նայում այդ տարօրինակ ու կասկածելի կարմիր գույնին։ Այդ պահին ցանկացա նրան կրծքով կերակրել։ Ավելի ուշ, երբ վախեցավ իր տեսած մահվան նկարից ու կարմրավուն շրթունքների արանքով սկսեց արագ շնչել, մի պահ ցանկացա Օրհանին ուտել։ ― Ուտեմ քեզ, լա՞վ։ ― Մայրի՛կ, ինձ խուտուտ տուր,― ասաց նա ու նետվեց անկողնու վրա։ ― Վե՛ր կաց այդտեղից, հիմա՛ր,― բղավեցի ես ու ապտակեցի, որովհետև նկարների վրա էր ընկել։ Տեսա, որ նկարներին ոչինչ չի պատահել, ամենավերևի ձին էր մի քիչ ճմրթվել, բայց միայն մի քիչ։ Երբ Հայրիյեն վերադարձավ դատարկ գիշերանոթը ձեռքին, նկարներր հավաքեցի։ Արդեն ուզում էի սենյակից դուրս գալ, երբ Շևքեթը տագնապած բղավեց. ― Ո՞ւր մայրի՛կ, ո՞ւր ես գնում։ ― Գալիս եմ։ Անցա մեծ սենյակի մոտով, ցուրտ էր։ Քարան նստած էր հորս բարձի մոտ՝ այն անկյունում, ուր չորս օր շարունակ հորս հետ նկարչությունից, մանրանկարչությունից ու հեռապատկերից էր խոսել։ Նկարները շարեցի նրա դիմացի գրակալին, բարձի վրա, հատակին։ Մի պահ մոմի լույսի տակ սենյակում մի լույս տարածվեց։ Լույսը կարծես ջերմություն ու զարմանալի կենդանություն բերեց, կարծես մի պահ ամեն ինչ սկսեց շարժվել։ Լուռ, հարգալից, առանց շարժվելու երկար նայեցինք նկարներին։ Երբ մի քիչ շարժվում էինք, դիմացի սենյակից եկող մահվան հոտը կրող օդից մոմի լույսը դողում էր, և հորս խորհրդավոր նկարներն էլ կարծես շարժվում էին։ Արդյոք հորս մահվանը պատճառ դառնալու համա՞ր էին նկարներն աչքիս ավելի մեծ երևում։ Այդ ձիու տարօրինակությունից, անկրկնելի կարմիր գույնից, ծառի, երկու դերվիշի տխրությունի՞ց էի կախարդվել, թե՞ այդ նկարների պատճառով հորս, անգամ ուրիշներին էլ սպանած մարդասպանից էի վախենում։ Որոշ ժամանակ անց Քարայի հետ հասկացանք, որ մեր լռությունը ոչ թե նկարների պատճառով է, այլ ամուսնության առաջին գիշերը նույն սենյակում միասին մնալուց։ Երկուսս էլ ցանկացանք խոսել։ ― Երբ առավոտյան արթնանանք, բոլորը պետք է արդեն իմանան, որ խեղճ հայրս քնի մեջ մահացել է,― ասացի ես։ Չնայած ճիշտ էի խոսում, զգում էի, որ անկեղծ չեմ։ ― Առավոտյան ամեն բան լավ կլինի,– ասաց Քարան նույն տարօրինակ ձայնով՝ ճշմարտությունն ասելիս ճշմարտությանը չհավատալով։ Ինձ մոտենալու համար ակամա շարժում անելիս ցանկացա նրան փաթաթվել, գլուխը երեխայի գլխի պես առնել ափերիս մեջ։ Այդ պահին լսեցի, որ հորս սենյակի դուռը բացվեց և սարսափով տեղիցս ցատկեցի, վազելով բացեցի դուռը ու նայեցի։ Մոմի թույլ լույսի տակ տեսա, որ հորս սենյակի դուռը կիսաբաց է։ Անցա սառը միջանցքով։ Հորս սենյակից դեռ վառվող վառարանի պատճառով դիակի հոտ էր գալիս։ Շևքե՞թն էր եկել այստեղ, թե՞ ուրիշ մեկը։ Վառարանի թույլ լույսի տակ հորս դիակը հանգիստ պառկած էր գիշերանոցի մեջ։ Որոշ գիշերներ քնելուց առաջ մոմի լույսի տակ «Հոգու գիրք» կարդալիս նրան՝ «բարի գիշեր, հայրի՛կ» ասելս հիշեցի։ Սի քիչ թեքվելով՝ բաժակը ձեռքիցս վերցնելիս ասում էր՝ «Ջրի պես երկար կյանք ունենաս, իմ գեղեցկուհի՛», ինչպես մանկության տարիներին, համբուրում էր այտս, նայում էր աչքերիս մեջ։ Նայեցի հորս սարսափելի դեմքին ու վախեցա։ Ե՛վ չէի ցանկանում նայել, և՛ կարծես սատանայի դրդմամբ ուզում էի տեսնել, թե որքան է տգեղացելնրա դեմքը։ Սարսափած վերադարձա կապույտ դռնով սենյակ, ուր Քարան հարձակվեց վրաս, նրան հրեցի, բայց ոչ այնքան զայրույթից, որքան հանկարծակիի գալուց։ Մոմի դողացող լույսի տակ հրմշտեցինք իրար, բայց դա իսկական պայքար չէր, այլ միայն պայքարի կրկնօրինակում։ Մեզ դուր էր գալիս միմյանց խփվել, միմյանց թևին, ոտքին, կրծքին հպվել։ Իմ հոգեվիճակը նման էր նիզամիի նկարագրած Խոսրովի և Շիրինի հոգեվիճակին։ Արդյոք այդքան շատ նիզամի կարդացած Քարան զգո՞ւմ էր, որ «Շուրթերս մի՛ համբուրիր, մի՛ արա» ասելիս ուզում էի ասել՝ «արա՛»։ ― Մինչև այդ սատանան չգտնվի, հորս մարդասպանը չհայտնաբերվի, քեզ հետ անկողին չեմ մտնի,– ասացի ես։ Սենյակից փախչելով դուրս գալիս ամոթից կարմրեցի, որովհետև այնքան բարձր էի բղավել, որպեսզի երեխաներն ու Հայրիյեն էլ լսեն։ Բացի այդ, կարծես ուզում էի, որ ոչ միայն նրանք, այլև իմ խեղճ հայրը և նրա մարմինը, ով գիտի՝ որ մոռացված հողի տակ վաղուց հոտելով փոշիացող հանգուցյալ ամուսինս էլ լսեն իմ բղավոցը։ Երեխաների մոտ գնալուն պես Օրհասն ասաց. ― Մայրի՛կ, Շևքեթը միջանցք է դուրս եկել։ ― Դո՞ւրս ես եկել,– ասացի ես և այնպես առաջ եկա, ասես հարվածելու էի։ ― Հայրիյե՛,– գոռաց Շևքեթն ու փաթաթվեց նրան։ ― Դուրս չի եկել,– ասաց Հայրիյեն,– միշտ սենյակում էր։ Մի պահ դողացի ու չկարողացա նայել նրա աչքերի մեջ։ Հորս մահը հայտարարելուց հետո երեխաներն իմ զայրույթից պաշտպանվելու համար Հայրիյեի մոտ են գնալու, իրենց գաղտնիքներր նրան են բացելու, այս ստոր սպասուհին առիթից օգտվելով՝ փորձելու է իր պայմանները թելադրել։ Կփորձի հորս սպանության մեջ ինձ մեղադրել ու երեխաներիս հովանավորը կդառնա։ Նրանց կհանձնի Հասանին։ Կանի, այո։ Այս ամբողջ անամոթությունը լուսահոգի հորս անկողին մտնելու պատճառով է։ Արդեն ձեզնից չեմ թաքցնում. իհարկե, միասին էին։ Նրան սիրալիր ժպտացի, հետո Շևքեթին գիրկս առնելով՝ համբուրեցի։ ― Շևքեթը միջանցք էր դուրս եկել՝ ասում եմ,– ասաց Օրհանը։ ― Անկողի՛ն մտեք, ես էլ եմ պառկելու, ձեզ անպոչ բորենու ու սև ջինի հեքիաթը կպատմեմ։ ― Բայց Հայրիյեին ասացիր, որ ջիների մասին հեքիաթ չպատմի,― ասաց Շևքեթը։― Ինչո՞ւ Հայրիյեն այս գիշեր չի կարող պատմել։ ― Անմարդաբնակ քաղաքով անցնելո՞ւ են,– ասաց Օրհանը։ ― Անցնելու են,― ասացի ես։― Այդ քաղաքում ոչ մի երեխա հայր ու մայր չի ունենալու։ Հայրիյե՛, իջիր ներքև, կողպեքները մի անգամ էլ ստուգիր։ Մենք հեքիաթի կեսից քնած ենք մնալու։ ― Ես չեմ քնելու,― ասաց Օրհանը։ ― Քարան այս գիշեր որտե՞ղ է պառկելու,― ասաց Շևքեթը։ ― Արվեստանոցում,― ասացի ես։– Այսպես, փաթաթվեք մայրիկին, լավ տաքանանք վերմակի տակ։ Այս ո՞ւմ սառած ոտիկներն Են։ ― Իմը,– ասաց Շևքեթը։― Իսկ Հայրիյե՞ն որտեղ է պառկելու։ Երբ սկսեցի պատմել հեքիաթը, ինչպես միշտ, երբ Օրհանը քնեց, ձայնս իջեցրի։ ― Երբ ես քնեմ, սենյակից դուրս չես գա, չէ՞, մայրի՛կ,– ասաց Շևքեթը։ ― Դուրս չեմ գա։ Իսկապես այդպիսի նպատակ չունեի։ Երբ Շևքեթը քնեց, իրականում մտածում էի, թե երկրորդ ամուսնությանս ամուսնական գիշերը որդիներիս փաթաթված քնելն ինչպիսի երջանկություն է, բացի այդ, ներսում գեղեցկադեմ, խելացի ու ցանկասեր ամուսինս էր։ Այդ մտքերով էի քնել, բայց անհանգիստ էի։ Հետո, ինչպես հիշում էի, քնաթաթախ, անհանգիստ աշխարհում նախևառաջ լուսահոգի հորս հետ զայրացած խոսեցի, հետո այդ հոգու կողքին ինձ էլ սպանել ցանկացող ստոր մարդասպանի տեսիլքից փորձեցի փախչել, բայց հորս հոգուց էլ սարսափելի և իմ ետևից ընկած մարդասպանն աղմկոտ շարժումներ էր անում։ Երազումս նա մեր տան վրա քար նետեց։ Նշան բռնեց պատուհանին, կտուրին։ Հետո դռան վրա էլ քար նետեց, անգամ մի պահ թվաց, թե փորձում է դուռը բացել։ Հետո անհասկանալի կենդանու ոռնոցի կամ տնքոցի պես լացակումած ձայն լսվեց, ու սիրտս սկսեց արագ բաբախել։ Քրտինքի մեջ կորած արթնացա։ Այդ տարօրինակ ձայնը ե՞ս էի երազումս լսել, թե՞ իսկապես տանն էր լսվել։ Քանի որ չէի հասկանում, ավելի ուժեղ փաթաթվեցի երեխաներիս և առանց շարժվելու սկսեցի նրան սպասել։ Արդեն համոզվելու էի, որ ձայնը երազումս եմ լսել, երբ նույն տնքոցը նորից լսեցի։ Այդ պահին մի բան մեծ աղմուկով ընկավ բակ։ Սա էլ քա՞ր էր։ Սարսափեցի։ Բայց անմիջապես ավելի վատ բան եղավ, տան մեջ էի ձայներ լսում։ Հայրիյեն ո՞ւր էր, Քարան ո՞ր սենյակում էր քնել, ի՞նչ վիճակում էր իմ խեղճ հոր դիակը։ Աստվա՛ծ իմ, պահապան եղիր մեզ։ Երեխաները հանդարտ քնած էին։ Եթե ամուսնացած չլինեի, անկողնուց վեր կկենայի, տան տղամարդու պես իրավիճակը հսկողության տակ պահելու համար կփորձեի հաղթահարել վախս, ջիներին, հոգիներին ձեռնոց կնետեի։ Իսկ հիմա միայն կծկվել էի, փաթաթվել երեխաներիս։ Կարծես աշխարհում ոչ ոք չկար և ոչ ոք օգնության չէր հասնելու ինձ ու երեխաներիս։ Մի վատ բանի սպասելով՝ աղոթեցի Աստծուն։ Մենակ էի, ինչպես երազներում։ Ասեցի, թե ինչպես է բացվում բակի դուռը։ Բակի դուռն էր, չէ՞։ Այո։ Մի պահ, անգամ առանց մտածելու, թե ինչ եմ ուզում, վեր կացա, գլխանոցս վերցրի ու դուրս թռա։ ― Քարա՛,– շշնջացի աստիճաների մոտ։ Ինչ-որ կոշիկ էի հագել ու ներքև էի իջնում։ Վառարանից արագ վառածս մոմը բակ դուրս գալուն պես հանգավ։ Ուժեղ քամի էր սկսվել, բայց երկինքն ամպամած չէր։ Երբ աչքերս հարմարվեցին մթանը, տեսա, որ կիսալուսինր լավ լուսավորել է բակը։ Աստվա՜ծ իմ։ Բակի դուռը բաց էր։ Ցրտից դողում էի։ Ինչո՞ւ դանակ չվերցրի։ Ձեռքիս մոմակալ, անգամ տախտակի կտոր չկար։ Մթության մեջ մի պահ տեսա, որ բակի դուռը ճոճվում է, ավելի ուշ կարծես թե ճռճռոցը լսեցի։ Կարծես երազս իրականանում էր։ Ամեն ինչ գիտակցելով՝ քայլում էի բակով։ Տնից, կարծես տանիքի ներքևի մասից չխկոց լսելուն պես հասկացա, որ խեղճ հորս հոգին է փորձում լքել մարմինը։ Հորս հոգու տառապանքները տեսնելը և ցավ էր պատճառում, և հանգստացնում էր ինձ։ Եթե այս բոլոր ձայների պատճառը հայրս է, ասացի ես ինքս ինձ, ուրեմն ինձ ոչ մի վատություն չի անի։ Մյուս կողմից՝ հնարավորինս շուտ մարմնից դուրս գալով՝ միայնակ վեր խոյանալ փորձող հոգու ցավն այնքան տխրեցրեց, որ խեղճ հորս օգնելու համար Աստծուն աղոթեցի։ Միտքը, որ հորս հոգին ոչ միայն ինձ, երեխաներին էլ է պաշտպանում, ինձ հանգստացրեց։ Եթե բակի դռան մյուս կողմում մի վատ բան պատրաստող չար մարդ կա, թող վախենա հորս անհանգիստ հոգուց։ Հենց այդ պահին մտածեցի՝ արդյոք հորս անհանգստություն պատճառողը Քարա՞ն է։ Հայրս ցանկանում է Քարայի՞ն վատություն անել։ Քարան որտե՞ղ էր։ Մյդ պահին բակի դռան մյուս կողմում՝ փողոցում, Քարային տեսա և կանգ առա։ Ինչ֊որ մեկի հետ էր խոսում։ Ճանապարհի մյուս կողմի դատարկ պարտեզից, ծառերի ետևից տեսա՝ մեկը Քարային ինչ-որ բան է պատմում։ Հասկացա, որ քիչ անց առաջ անկողնում լսածս ձայները Հասանինն էին, ինչպես և հասկացա, որ ինչ-որ բան պատմող մարդը Հասանն է։ Ձայնի մեջ աղաչանք, կարծես լաց կար, բայց սպառնալից երանգն էլ էր անպակաս։ Հեռվից նրանց լսեցի, անձայն գիշերվա մեջ սկսել էին հաշիվներ մաքրել։ Այդ պահին նաև հասկացա, որ այս կյանքում երեխաներիս հետ միայնակ եմ։ Մտածում էի, որ Քարային սիրում եմ, բայց իրականում միայն ուզում էի սիրել Քարային։ Որովհետև Հասանի տխուր ձայնի մեջ սիրտս կտոր֊կտոր անող ցավ էի լսում։ ― Վաղն այստեղ դատավորին, ենիչերիներին, վկաներին եմ բերելու, ովքեր երդվելու են, որ եղբայրս ողջ է, դեռ իրանական սարերում պատերազմում է,– ասում էր նա։― Ձեր ամուսնությունն օրինական չէ։ Այդտեղ անբարոյականությամբ եք զբաղված։ ― Շեքուրեն քոնը չէ, քո լուսահոգի եղբոր կինն է,– ասաց Քարան։ ― Եղբայրս ողջ է,– վստահ ասաց Հասանը։– Նրան տեսնող վկաներ կան։ ― Այս առավոտ, չորս տարի անհայտ կորած լինելու պատճառով Սկյուտարի դատավորը նրանց ամուսնալուծեց։ Եթե ողջ է, թող վկաներն ասեն, որ արդեն ամուսնալուծվել են։ ― Շեքուրեն մի ամսից կարող է ամուսնանալ,– ասաց Հասանը։– Կրոնին ու Ղուրանին հակասում է։ Շեքուրեի հայրն ինչպե՞ս է այսպիսի խայտառակություն թույլ տվել։ ― Էնիշթե էֆենդին,― ասաց Քարան,– ծանր հիվանդ է, մահամերձ... Իսկ ամուսնալուծությանը դատավորն է իրավունք տվել։ ― Էնիշթեին միասին եք թունավորել,– ասաց Հասանը։– Հայրիյեի հե՞տ եք գլուխ բերել այս գործը։ ― Իմ աները տխուր է Շեքուրեի հանդեպ քո արածների հանդեպ։ Քո արած անշնորհքության պատասխանը եղբայրդ էլ կարող է պահանջել, եթե իսկապես ողջ է։ ― Ամեն ինչ սուտ է,― ասաց Հասանը։– Շեքուրեի պատճառաբանություններն են տնից փախչելու համար։ Տնից բղավոց լսվեց. Հայրիյեն էր։ Հետո Շևքեթն էլ բղավեց, իրար վրա էին գոռում։ Ակամա ես էլ վախով բղավեցի և առանց իմանալու՝ ինչ անեմ՝ վազեցի տուն։ Շևքեթը աստիճաններով վազելով՝ իջավ բակ։ ― Պապիկս սառույցի պես է,– բղավեց նա։– Պապիկս մահացել է։ Մենք փաթաթվեցինք։ Նրան գրկեցի։ Հայրիյեն դեռ բղավում էր։ Բղավոցները, ամեն բան Քարան էլ, Հասանն էլ լսել էին։ ― Մայրի՛կ, պապիկին սպանել են,– ասաց Շևքեթը։ Բոլորը լսեցին դա։ Հասանը լսե՞լ էր։ Ամուր փաթաթվեցի Շևքեթին։ Առանց խուճապի մատնվելու մտա տուն։ Աստիճանների գլխին Հայրիյեն հարցնում էր, թե երեխան ինչպես է արթնացել ու թաքուն դուրս եկել սենյակից։ ― Մայրի՛կ, ասում էիր, որ մեզ մենակ չես թողնի,– ասաց Շևքեթն ու սկսեց լաց լինել։ Մտածում էի բակի դռան մոտ կանգնած Քարայի մասին։ Քարան չէր փակում բակի դուռը, որովհետև Հասանի մասին էր մտածում։ Շևքեթին համբուրեցի, ամուր փաթաթվեցի, հոտոտեցի վիզը, հանգստացրի ու հանձնեցի Հայրիյեին։ ― Դուք բարձրացեք վերև,― ասացի շշուկով։ Բարձրացան վերև։ Ես վերադարձա բակի դռան մոտ։ Կարծում էի՝ դռան ետևից, որտեղ ես էի կանգնած, Հասանն ինձ չի կարող տեսնել։ Մութ պարտեզում տե՞ղն էր փոխել, թե՞ փողոցի անկյան մութ ծառերի ետևն էր անցել, չգիտեմ։ Բայց ինձ տեսնում էր, պատասխանում էր ինձ։ Ինձ զայրացնում էր ոչ թե այն, որ մթության մեջ առանց մարդու դեմքը տեսնելու եմ խոսում, այլ, որ սիրահարվել էի մեկին, ով (ինչպես և հայրս էր ինձ զգալ տալիս) պնդում էր, որ ես միշտ սխալ եմ և մեղավոր։ Դա տխրությամբ ընդունում էի ու նյարդայնանում։ Աստվա՛ծ իմ, օգնի՛ր ինձ։ Մի՞թե սերը ոչ թե զուր տանջվելու, այլ քեզ հասնելու ճանապարհ չէ։ Հասասն ասաց, որ ես Քարայի հետ միավորվել եմ ու սպանել հորս։ Ասաց, որ լսել է, թե երեխան ինչ է ասել, որ իրականում ամեն բան պարզից էլ պարզ է, որ մենք դժոխային մեղք ենք գործել։ Առավոտյան ամեն բան պատմելու է դատավորին։ Եթե ես մեղավոր չեմ, հորս չեմ սպանել, ինձ ու երեխաներիս իր տուն է վերադարձնելու և մինչև եղբոր՝ պատերազմից վերադառնալը մեզ հայրություն է անելու։ Եթե ես մեղավոր եմ, ուրեմն կինը, ով պատերազմող ամուսնուն անխղճորեն լքել է, ցանկացած պատժի արժանի է։ Այս ամենը համբերությամբ լսելուց հետո ծառերի արանքում մի պահ լռություն տիրեց։ ― Հիմա սեփական ցանկությամբ կվերադառնաս քո իսկական ամուսնու տուն,– ասաց Հասանը ձայնի լրիվ այլ արտահայտությամբ։– Եթե երեխաներիդ վերցնես, առանց որևէ մեկի աչքին երևալու՝ արագ ու անձայն վերադառնաս տուն, ես էլ այս կեղծ ամուսնության մասին այս երեկո իմացածներս, ձեր գործած մեղքերը, ամեն բան կմոռանամ, ամեն ինչ կներեմ։ Տարիներով քեզ հետ համբերատար կսպասենք եղբորս վերադարձին, Շեքուրե՛։ Հարբա՞ծ էր։ Ձայնի մեջ այնպիսի երեխայական բան կար, որ նույնիսկ սկսեցի մտածել՝ այս առաջարկության համար ամուսնուս կյանքով է պատասխան տալու։ ― Հասկանո՞ւմ ես,– կանչեց նա ծառերի ետևից։ Մթության մեջ չէի կարողանում հասկանալ, թե որտեղ է։ Բոլորիս, մեզ՝ մեղավոր ծառաներիդ օգնի՛ր, Աստվա՛ծ իմ։ ― Որովհետև ես գիտեմ, Շեքուրե՛, դու չես կարող նույն հարկի տակ ապրել մեկի հետ, ով սպանել է հորդ։ Մի պահ մտածեցի՝ գուցե նա է սպանել հորս ու հիմա գուցե մեզ է ձեռ առնում։ Հասանը սատանա էր, բայց գուցեև սխալվում եմ։ ― Լսի՛ր, Հասա՛ն էֆենդի,– ասաց Քարան դեպի մթությունը։― Աներոջս սպանել են, դա ճիշտ է։ Մի ստոր մարդ է սպանելնրան։ ― Ամուսնությունից առաջ է սպանվել, չէ՞,– ասաց Հասանը։― Նրան սպանել եք այս ամուսնության, կեղծ ամուսնալուծության, կեղծ վկաների, ձեր խարդախությունների դեմ դուրս գալու համար։ Եթե Քարային հարգեր, ոչ թե հիմա, այլ տարիներ առաջ դստերը նրա հետ կամուսնացներ։ Քանի որ իմ լուսահոգի ամուսնու և ինձ հետ տարիներ շարունակ ապրել էր, բոլորիս անցյալը մեզ պես լավ գիտեր։ Ավելին՝ ամուսնուս հետ տանը մեր խոսած, մոռացված և այժմ մոռանալ ցանկացածս ամեն բան Հասանը խանդոտ սիրահարի կրքով մինչև վերջ հիշում էր։ Նրա հետ, նրա եղբոր հետ տարիներ շարունակ այնքան հուշեր էինք ունեցել, որ ես վախեցա, թե հիմա կսկսի պատմել, ու ես կհասկանամ, թե Քարան որքան օտար է, որքան նոր ու հեռու։ ― Մենք կասկածում ենք, որ դու ես նրան սպանել,– ասաց Քարան։ ― Դուք եք նրան սպանել, որ կարողանաք ամուսնանալ։ Դա պարզ է։ Իսկ ես ոչ մի պատճառ չունեի նրան սպանելու համար։ ― Սպանել ես, որ մենք չկարողանանք ամուսնանալ,― ասաց Քարան։– Լսելով, որ Շեքուրեի ամուսնալուծությանն ու մեր ամուսնությանը համաձայնություն է տվել, խենթացար։ Միշտ էլ զայրացել ես Էնիշթե էֆենդու վրա, որ Շեքուրեին խրախուսել է տուն վերադառնալ։ Ցանկանում էիր նրանից վրեժ լուծել։ Գիտեիր, որ քանի դեռ նա ողջ է, Շեքուրեին երբեք չես կարող ետ բերել։ ― Մի՛ երկարացրու,― վստահ ասաց Հասանը։– Ես չեմ լսելու։ Այստեղ շատ ցուրտ է։ Մինչև փորձում էի քար նետելով ձեր ուշադրությունը գրավել, սառեցի։ Ինձ չէիք լսում։ ― Քարան ներսում հորս նկարներին էր նայում,– ասացի ես։ Արդյոք սխա՞լ արեցի։ Հասանն այնպիսի կեղծավոր ոճով խոսեց, ինչպես Քարայի հետ խոսելիս երբեմն ես եմ անում. ― Շեքուրե՛ հանըմ, եթե դու եղբորս կինը լինելով՝ երեխաներիդ վերցնելով՝ դեռ օրինական ամուսնուդ՝ հերոս հեծյալ ամուսնուդ տուն վերադառնաս, ամենալավ գործն արած կլինես։ ― Ո՛չ,– ասացի ես՝ ասես շշնջալով գիշերվա մեջ։― Ոչ, Հասա՛ն, ո՛չ։ ― Այդ դեպքում եղբորս հանդեպ պատասխանատվությունն ու կապվածությունն ինձ ստիպում են առավոտյան անմիջապես հայտնել դատավորին։ Հետո ինձնից են հաշիվ պահանջելու։ ― Իհարկե, պահանջելու են,– ասաց Քարան։– Երբ գնաս դատավորի մոտ, ես էլ ստիպված կլինեմ ասել, որ դու Ալլահի սիրելի ծառա Էնիշթե էֆենդուն սպանել ես։ Այս առավոտ։ ― Լա՛վ,– հանգիստ ասաց Հասանը։― Այդպես ասա։ Բղավեցի. ― Երկուսիդ էլ կտանջեն,– բղավեցի ես։– Մի՛ գնացեք դատավորի մոտ, սպասեք։ Ամեն բան կպարզվի։ ― Ես տանջանքից չեմ վախենում,– ասաց Հասանը։– Ինձ երկու անգամ տանջել են, և ամեն անգամ տեսել եմ, որ միայն տանջանքի միջոցով կարելի է մեղավորին տարբերել անմեղից։ Թող տանջանքից վախենան հերյուրանքներ տարածողները։ Ես դատավորին, ենիչերիներին, շեյխուլիսլամին, բոլորին պատմելու եմ Էնիշթե էֆենդու գրքի և նկարների մասին։ Բոլորն այդ նկարների մասին են խոսում։ Ի՞նչ կա այդ նկարներում։ ― Ոչինչ,― ասաց Քարան։ ― Ուրեմն անմիջապես նայել ես նկարները։ ― Էնիշթե էֆենդին ցանկացել է, որ ես գիրքն ավարտին հասցնեմ։ ― Լա՛վ, Աստված տա, որ մեզ միասին տանջանքների ենթարկեն։ Երկուսն էլ լռեցին։ Ավելի ուշ ամայի այգուց եկող ոտնաձայներ լսեցինք։ Գնո՞ւմ էր, թե՞ մոտենում էր մեզ։ Ոչ կարողանում էինք տեսնել, ոչ էլ հասկանում էինք, թե ինչ է անում։ Պարտեզի մյուս ծայրին փշերի, թփերի, մոշուտների միջով մթության մեջ անցնելով զուր նեղություն էր կրել։ Եթե անգամ ծառերի միջով անցնելով՝ պտտվեր մեր առաջ, կարող էր առանց երևալու կորչել, բայց մեզ մոտեցող ոտնաձայներ չլսեցինք։ Մի պահ բղավեցի. ― Հասա՛ն։ Բայց ոչ մի ձայն չլսվեց։ ― Լռիր,― ասաց Քարան։ Երկուսս էլ ցրտից դողում էինք։ Առանց երկար սպասելու, դռներն ամուր կողպելով՝ մտանք տուն։ Մինչև երեխաների տաքացրած անկողինը մտնելը մի անգամ էլ նայեցի հորս։ Իսկ Քարան շարունակեց նկարները նայել։ == 35. Ես ձի եմ == Մի մտածեք, թե ես միշտ այսպես հանգիստ եմ կանգնում, իրականում դարեր շարունակ վազում եմ։ Անցնում եմ դաշտերով, մտնում եմ պատերազմի մեջ, շահերի մտածկոտ դուստրերին եմ կրում մեջքիս, ամուսնացնում, հեքիաթից մտնում եմ պատմության մեջ, պատմությունից լեգենդ եմ անցում, գրքից գիրք, էջից էջ եմ վազում։ Այդքան պատմության, լեգենդի, այդքան գրքի ու պատերազմի մեջ տեղ գտնելուց հետո անպարտ հերոսներին, լեգենդար սիրահարներին, երազներից ելած բանակներին ուղեկցելուս, մեր հաղթական սուլթանների հետ արշավանքից արշավանք վազելուս պատճառով, իհարկե, ես շատ, շատ նկարներ ունեմ։ Ի՞նչ զգացողություն է, երբ քեզ այդքան շատ են նկարում։ Իհարկե, հպարտանում եմ, բայց նաև միշտ հարցնում եմ՝ արդյոք ե՞ս եմ այդ նկարվողը։ Նկարներից էլ կարելի է հասկանալ, որ դեմքս միշտ տարբեր է երևում։ Բայց միևնույն է՝ նկարների միջև ընդհանրություն, միություն է զգացվում։ Վերջերս մանրանկարիչները պատմություն էին անում, ու ես մի բան իմացա։ Ֆրանսիացի անհավատների թագավորր Վենետիկի դոժի դստեր հետ էր ցանկանում ամուսնանալ։ Կամուսնանա, բայց եթե հանկարծ վենետիկցին աղքատ է, դուստրն էլ՝ տգե՞ղ։ Ամենավարպետ նկարչին ասում է՝ գնա՛, Վենետիկի դոժի դստերը, ունեցվածքը, իրերը նկարիր։ Վենետիկցիները չգիտեն, թե ինչ է նշանակում անձնական կյանք. նկարչին ոչ միայն դստերը, այլև իրենց ձիերը, իրենց պալատներն են ցույց տալիս։ Տաղանդավոր նկարիչն էլ այնքան լավ է նկարում, որ եթե աղջկան, ձիուն տեսնես, անմիջապես կճանաչես։ Մինչ ֆրանսիացի թագավորն իր պալատի բակում վենետիկյան նկարներին նայելով՝ մտածում էր՝ ամուսնանալ այդ աղջկա հետ, թե չէ, իր ձին սիրահարվում է նկարի գեղեցիկ զամբիկին ու փորձում է բարձրանալ նկարի վրա։ Ձիապանները դժվարությամբ են կարողանում բռնել ձիուն, որն իր հսկայական գործիքով նկարը մաս-մաս էր արել։ Ասում են, որ ֆրանսիական ձիուն այդքան ոգևորողը ոչ թե վենետիկյան զամբիկի գեղեցկությունն էր, այլ որպես իսկական էգ ձի պատկերելը։ Ուրեմն մե՞ղք է համարվում այդ զամբիկին իսկական ձիու պես նկարելը։ Հիմա, ինչպես տեսնում եք, մյուս ձիու նկարների հետ համեմատած՝ շատ քիչ տարբերություն կա։ Իրականում իմ մեջքի գեղեցկությանը, ոտքերիս երկարությանը, իմ կեցվածքի հպարտությանն ուշադրություն դարձնողները կհասկանան, որ բոլորից տարբերվում եմ։ Բայց այս գեղեցկություններն այն պատճառով չեն, որ ես տարբերվում եմ. դրանք ցույց են տալիս, թե որքան տաղանդավոր է ինձ նկարողը։ Բոլորդ էլ գիտեք, որ ճիշտ ինձ նման երկրորդ ձի չկա։ Ես միայն նկարչի ներսի ձիու երազանքի նկարն եմ։ — Վա՜յ, ինչ գեղեցիկ ձի է,— ասում են մարդիկ ինձ տեսնելիս։ Ոչ թե ինձ, այլ իմ նկարչին են իրականում գովաբանում։ Մինչդեռ բոլոր ձիերը տարբերվում են իրարից, ու նկարիչը նախևառաջ դա պետք է նկատի։ Եկե՛ք, տեսե՛ք, որ ոչ մի ձիու գործիքն անգամ մյուսին նման չէ։ Մի՛ վախեցեք, կարող եք հնարավորինս մոտիկից նայել, անգամ կարող եք ձեռք տալ։ Իմ հիանալի գործիքն էլ յուրահատուկ ձև, ելևէջներ ունի։ Չնայած որ բոլոր ձիերը, ամեն մեկս ամենամեծ կերտողի՝ Աստծու ձեռքի տակով անցնելով՝ մեկս մյուսից տարբեր ենք ստացվել, ուրեմն ինչո՞ւ են նկարիչները մեզ անգիր անում ու հետո նկարում։ Ինչո՞ւ առանց մեզ նայելու, հազարավոր, տասնյակ հազարավոր ձի նկարելով են իրենց գովաբանում։ Որովհետև ոչ թե սեփական աչքերով տեսած աշխարհը, այլ Աստծու տեսած աշխարհն են փորձում նկարել։ Միթե՞ սա չի նշանակում Աստծուն հավասարվել (Աստված հեռու տանի), ասել, որ Աստծու արածը ես էլ կարող եմ անել։ Սեփական աչքով տեսածով չբավարարվելով՝ երազանքների նույն ձին (Աստծու տեսած ձին) հազար անգամ նկարողներն ամենալավ ձիուն անգիր արած, կույր նկարիչների պես նկարել կարողանալը պնդողները իրականում Աստծու հետ մրցելով՝ անհավատություն չե՞ն անում։ Ֆրանսիացի վարպետների նոր նկարչական ոճերն անհավատություն չեն, ընղհակառակը՝ մեր կրոնին ամենահամապատասխանողն են։ Վա՜յ, իմ էրզրումցի եղբայրներ, սխալ չհասկանաք, ինձ դուր չի գալիս, որ ֆրանսիացի անհավատի կանայք բացեիբաց, կիսամերկ են զբոսնում, գեղեցիկ տղաների հետ սուրճ են խմում, տղամարդիկ անբեղ, անմորուք են շրջում, մազերը կանանց պես երկարացնում են, ասում են՝ «Հփսուս մարգարեն նաև Աստված է»։ Անգամ նրանց վրա շատ եմ զայրանում, եթե մեկին հանդիպեմ, մի լավ քացի կհասցնեմ։ Բայց առանց պատերազմ գնալու, տանը կանանց պես նստող նկարիչներին սխալ երևալուց էլ եմ հոգնել։ Վագելիս երկու ոտքս միաժամանակ պարզած են նկարում։ Ոչ մի ձի այդպես ճագարի նման չի վազում։ Եթե դիմացի ոտքերիցս մեկն առջևում է, մյուսը ետևում է։ Ոչ մի ձի արշավանքների նկարներում պատկերվածի պես դիմացի ոտքի՝ առջևում լինելիս չի կարող հետաքրքրասեր շան պես մյուսն էլ առաջ պարզել։ Մեկը մյուսի ստվերի, օրինակի, միևնույն կաղապարի վրա մեկը մյուսի ետևից քսան անգամ արտատպված ոչ մի հեծյալ իր զորքի ձիերին միաժամանակ չի կարող հեծնել։ Եթե ոչ ոք մեզ չի նայում, մեր առաջ եղած խոտն ենք արածում, այլ ոչ թե, ինչպես դուք եք նկարում, ուղիղ կանգնած հաղթանակած նայում ենք։ Ինչո՞ւ են այդքան ամաչում, որ մենք ուտում ենք, խմում, կեղտոտում ու քնում։ Ինչո՞ւ են վախենում իմ այս հիանալի գործիքը նկարելուց։ Հատկապես երեխաները և կանայք սիրում են, երբ ոչ ոք չի նայում, ուզածի չափ նայել այնտեղ։ Ի՞նչ կա որ։ Էրզրումցի հոջան սրան է՞լ է դեմ։ Ասում են, որ մի ժամանակ Շիրազում մի մանրախնդիր ու ծեր շահ էր ապրում։ Քանի որ վախենում էր, որ թշնամիներն իրեն գահընկեց կանեն ու որդուն կթագադրեն, արքայազնին որպես նահանգապետ ուղարկում է Սպահան, փակում պալատի ամենահեռու սենյակում։ Առանց այգու, առանց բակի այդ սենյակում երեսուն տարի բանտարկված ապրելով՝ գրքերով ապրող արքայազնը հոր մահից հետո գահ բարձրանալուն պես ասում է. — Ինձ մի ձի բերեք, գրքերում նկարն եմ տեսել, ուզում եմ իմանալ, թե ինչ բան է։ Պալատի ամենագեղեցիկ դարչնագույն ձին են բերում, և նոր շահը, տեսնելով ձիու լայն ռունգերը, տգեղ հետույքը, ընդհանրապես չփայլող բաշը՝ կոպիտ մեջքը, հիասթափվում է և հրամայում կոտորել երկրի բոլոր ձիերին։ Քառասուն օր տևած այս դաժան սպանդից հետո երկրի գետերը լցվում են տխրությամբ ու արյան գույնով։ Աստծու արդարությամբ այս նոր շահն իր թշնամի՝ Քարաքոյունլու Թուրքմեն բեյի բանակի առաջ առանց հեծյալի է մնում, պարտվում է և դաժանաբար սպանվում։ Ոչ ոք թող չմտածի, թե, ինչպես գրքերում է պատկերված, ձիերի սպանությունն անվրեժ է մնացել։ == 36. Իմ անունը Քարա է == Երբ Շեքուրեն երեխաների հետ փակվեց սենյակում, երկար ժամանակ լսում էի տան ձայները, անդադար թխկթխկոցները։ Մի պահ Շեքուրեի հետ Շևքեթը սկսեց շշուկով ինչ-որ բաներ խոսել, ու մայրը խուճապով լռեցրեց նրան. — Շ՜շ՜շ՜։ Միևնույն ժամանակ ջրհորի մոտից՝ ներքևից, ինչ-որ չխկոց եկավ, բայց ուրիշ ձայն չլսվեց։ Հետո ուշադրություն դարձրի տանիքին նստած ճայի վրա, բայց նա էլ, ինչպես ամեն բան, կորավ լռության մեջ։ Հետո խոր տնքոց լսեցի, որ միջանցքի մյուս կողմից էր գալիս, հասկացա. Հայրիյեն է արտասվում քնի մեջ։ Տնքոցները հազի վերածվեցին, հազն էլ միանգամից պայթեց ու ընդհատվեց, և կրկին այդ տխուր ու հավերժական լռությունը սկսվեց։ Քիչ անց կարծելով, թե փեսայիս սենյակում ինչ-որ մեկը քայլում է, սառեցի։ Լռության մեջ իմ առջև դրած նկարներին էի նայում, կրքոտ Զեյթինի, գեղեցիկ աչքերով Քելեբեքի, լուսահոգի գրչի՝ այդ նկարներն անելն էի պատկերացնում։ Որոշ գիշերներ, ինչպես իմ փեսան է անում, նկարներին մեկ առ մեկ նայելիս ուզում էի ասել՝ սատանա, մահ, բայց մի վախ ինձ թույլ չէր տալիս ասել։ Չնայած փեսայիս համառությանը՝ այս նկարներն ինձ այնքան էին անհանգստացրել, որ նրանց համապատասխան պատմություն չէի կարողացել գրել։ Քանի որ դանդաղ հասկանում էի, որ փեսայիս մահը նրանց հետ անմիջական կապ ունի, նաև վախի ու անհամբերության զգացողություն էի ունենում։ Միայն Շեքուրեին մոտ լինելու համար փեսայիս պատմությունները լսելիս արդեն բավականաչափ նայել էի այս նկարներին։ Հիմա, երբ Շեքուրեն իմ կինն էր, ինչո՞ւ պետք է հետաքրքրվեի այսքան տարօրինակ բաներով։ — Երեխաների քնելուց հետո անգամ Շեքուրեն անկողնուց ղուրս գալով՝ քեզ մոտ չեկավ,— դառնորեն ասաց իմ ներքին ձայնը։ Երկար ժամանակ մոմի լույսի տակ նայում էի նկարներին՝ հուսալով, որ իմ սևաչյա գեղեցկուհին կգա։ Առավոտյան Հայրիյեի բղավոցներից արթնանալով՝ մոմը վառեցի ու նետվեցի միջանցք։ Մի պահ մտածեցի, որ Հասանն է մարդկանց հետ տուն խուժել, մտածեցի, որ պետք է թաքցնեմ նկարները։ Բայց շատ չանցած հասկացա, որ Հայրիյեն և Շեքուրեն Էնիշթե էֆենդու մահը հարևաններին հայտարարելու համար երեխաներին հրամայել էին բղավել։ Շեքուրեի հետ միջանցքում իրար տեսանք ու փաթաթվեցինք։ Հայրիյեի բղավոցներից անկողնուց վեր թռած երեխաները կանգնած մնացին։ — Ձեր պապիկը մահացել է,— ասաց Շեքուրեն նրանց։— Չմտնեք այդ սենյակ։ Իմ ձեռքերից դուրս պրծնելով՝ մտավ հոր սենյակ ու սկսեց արտասվել։ Ես երեխաներին սենյակ տարա։ — Հագուստներդ փոխեք, կմրսեք,— ասացի։ Նստեցի անկողնու եզրին։ — Պապիկս առավոտյան չի մահացել, այլ գիշերը,— ասաց Շևքեթը։ Բարձի վրա Շեքուրեի գեղեցիկ երկար մազը նմանվել էր հարցական նշանի։ Վերմակի մեջ դեռ Շեքուրեի ջերմությունը կար։ Հիմա Հայրիյեի հետ լսում էինք նրա լացն ու բղավոցները։ Ինձ համար այնքան զարմանալի ու կեղծ էր, որ նա կարողանում էր արտասվել այնպես, ասես հայրը նոր է մահացել, որ զգացի՝ Շեքուրեին ընդհանրապես չեմ ճանաչում, նրա մեջ ինձ օտար շատ բան կա։ — Վախենում եմ,— ասաց Օրհանն այնպիսի հայացքով, ասես արտասվելու թույլտվություն էր խնդրում։ — Մի՛ վախեցեք,— ասացի ես։– Ձեր մայրը լալիս է, որպեսզի հարևաններն իմանան ձեր պապիկի մահվան մասին ու գան։ — Ի՞նչ կլինի, եթե գան,— ասաց Շևքեթը։ — Եթե գան, ձեր պապիկի մահվան համար ոչ միայն մենք, այլև նրանք կտխրեն ու կարտասվեն։ Այսպիսով, մեզ կցավակցեն, ու մեր ցավը կթեթևանա։ — Պապիկիս դո՞ւ ես սպանել,— բղավեց Շևքեթը։ — Եթե մայրիկիդ տխրեցնես, քեզ չեմ սիրի,– ես էլ ասացի բղավելով։ Կարծես ոչ թե խորթ հոր ու որբ երեխայի խոսակցություն էր, այլ աղմկոտ գետի ափին կանգնածների բղավոցներ։ Այդ պահին, որպեսզի թաղամասում իր բղավոցներն ավելի լավ լսվեն, Շեքուրեն դուրս էր եկել միջանցք, փորձում էր բացել պատուհանների փականները։ Հասկանալով, որ պետք է նրան օգնեմ, ելա միջանցք։ Միասին պայքարեցինք պատուհանների փականների ու փեղկերի դեմ։ Ուժեղ հրեցինք, տախտակը պոկվեց ու ընկավ բակ։ Մեր դեմքին արև դիպավ, ու ցուրտ զգացինք։ Մի պահ զարմացանք։ Շեքուրեն ասես ամբողջ աշխարհին ձայն տալով՝ բարձր արտասվեց։ Այդ պահին նրա բղավոցներով թաղամասին հայտարարվող Էնիշթե էֆենդու մահն ինձ համար նախկինից ավելի սարսափելի ու դառը թվաց։ Անկախ նրանից՝ անկեղծ էր, թե ոչ, կնոջս լացն ազդում էր ինձ վրա։ Ես էլ, լրիվ անսպասելի, սկսեցի արտասվել։ Իսկապես տխրությունի՞ց էի լալիս, թե՞ վախենում էի, որ փեսայիս սպանության մեջ ինձ կմեղադրեն՝ չգիտեմ։ — Գնաց, գնաց, գնաց, ա՜խ, հայրիկս, գնաց, գնա՜ա՜ա՜ց,— բղավում էր Շեքուրեն։ Իմ բղավոցներն ու խոսքերն էլ նույնն էին, բայց չէի հասկանում, թե ինչ եմ խոսում։ Այդ պահին տներից, դռների արանքից, պատուհանների խլափեղկերի արանքից մեզ նայող թաղամասի աչքերով էի ինձ տեսնում և կարծում էի, որ ճիշտ եմ անում։ Արտասվելիս մաքրվում էի այն կասկածներից, թե ցավս ու արցունքներս իրական են, թե ոչ, սպանության մեջ մեղադրվելու, անգամ Հասասից ու նրա մարդկանցից ունեցածս վախերից։ Շեքուրեն իմն էր, և կարծես բղավելով ու արտասվելով՝ դա էի տոնում։ Ողբացող կնոջս գրկեցի և ուշադրություն չդարձնելով, որ արտասվող երեխաները մոտենում են մեզ, սիրով համբուրեցի նրա այտերը։ Չնայած արտասվում էի, զգում էի, որ նրա այտը, ինչպես մեր մանկության տարիներին, փափուկ ու գոլ անկողնու պես է և նշենի է բուրում։ Հետո երեխաների հետ գնացինք դիակի մոտ։ Արդեն հոտող, երկու օրվա դիակի մոտ ասացի «Լա իլահե իլլալլահ», ասես նա մահամերձ էր։ Ասացի, որպեսզի մահից հետո այս խոսքը կրկնվի, ու փեսաս դրախտ գնա։ Հետո, ասես փեսաս էլ էր այդպես ասել, նայեցինք նրա ջախջախված դեմքին, մաս-մաս եղած գլխին ու մի պահ ժպտացինք։ Ես ձեռքերս պարզեցի և «Յասին» կարդացի, բոլորը լռեցին ու լսում էին։ Հայրիյեի բերած մաքուր պատանքով խնամքով կապեցինք փեսայիս բաց բերանը, մաս-մաս եղած աչքը սիրով փակեցինք, մարմինը մի փոքր թեքելով՝ պառկեցրինք աջ կողքի և գրեթե գոյություն չունեցող դեմքը թեքեցինք դեպի քըբլե։ Շեքուրեն հոր վրա նոր սավան գցեց։ Այս ամենին բժշկի պես հետևող երեխաների լռությունն ինձ դուր եկավ։ Վերջապես ինձ զգում էի որպես կին, երեխա, տուն ունեցող մեկը, և դա մահվան բոլոր վախերը հաղթահարող զգացողություն էր։ Նկարները հավաքեցի, մեկ առ մեկ դրեցի թղթապանակի մեջ, հագա հաստ անթևնոցս ու դուրս վազեցի տնից։ Մեր բղավոցները լսելով՝ ցավակցելու հաճույքով մեզ մոտ եկող հարևաններից մի ծեր կնոջ, զվարճանալու պատրաստ փսլնքոտ թոռան վրա ուշադրություն չդարձնելով՝ ուղիղ գնացի թաղի մզկիթ։ «Իմամի տուն» կոչվող առնետի բույնը, ինչպես բոլոր նորակառույց մզկիթներում, հսկայական գմբեթներով, շքեղ լայն բակով շենքի կողքին ամոթալի փոքր երևացող տեղ էր։ Իմամն էլ, ինչպես հաճախ էր անում, այդ փոքրիկ, սառը առնետի բնից բակի երկու շագանակենու միջև կնոջ խունացած ու անգույն լվացքն էր կախում։ Իմամ էֆենդու ընտանիքի պես բակին տիրացած երկու անամոթ շների հարձակումների ու նրանց փայտերով քշող իմամի որդիների մոտով անցնելուց հետո իմամի հետ մի անկյուն քաշվեցինք։ Երեկվա ամուսնալուծության և ամուսնության հարցերից հետո ինձ տեսնելուն պես՝ «Աստվա՜ծ իմ, հիմա ի՞նչ է պատահել» ասող նրա հայացքը տեսա։ — Էնիշթե էֆենդին այս առավոտ մահացավ։ — Աստված հոգին լուսավորի, գերեզմանին լույս իջնի,— ասաց նա բարյացակամ։ Ինչո՞ւ ասացի «այս առավոտ» և ինձ իզուր կասկածի տակ դրեցի։ Երեկ նրան տվածս ոսկիներից մի հատ էլ դրեցի ափի մեջ։ Ասացի, որ նամազից առաջ եղբոր հետ բարձր կանչելով ամբողջ թաղամասին անմիջապես հայտարարի մահվան մասին։ — Եղբայրս կիսակույր մտերիմ ընկեր ունի, նրա հետ հանգուցյալներին ենք լողացնում,— ասաց նա։ Մի կույր և կիսահիմար մարդու ձեռքով Էնիշթե էֆենղուն լողացնելուց ձեռնտու ի՞նչ կարող էր լինել։ Ասացի, որ հուղարկավորությունը կեսօրին է լինելու, պալատի արվեստանոցից, ղպրոցներից, շատ լուրջ տեղերից մարդիկ են գալու։ Էնիշթե էֆենդու ջախջախված դեմքի, գլխի մասին ոչինչ չասացի։ Որովհետև վաղուց որոշել էի, որ խնդիրը միայն այդպես կարող եմ լուծել։ Քանի որ մեր սուլթանը փեսայիս պատվիրած գրքի գումարն ուղարկել էր գանձարան, նախևառաջ մահվան լուրը պետք է նրան հասցնեի։ Այդ նպատակով պալատ գնալու համար Սողուկչեշմեի դարպասների դիմացի դերձակների մոտ մանկությունիցս ի վեր աշխատող և լուսահոգի հորս կողմից բարեկամ պաստառագործի մոտ գնացի, համբուրեցի հետքերով ծածկված ձեռքը։ Աղաչելով ասացի, որ պետք է գանձապետին տեսնեմ։ Ինձ գույնզգույն մետաքսի կտորներով վարագույր կարող կորաքամակ նստած ճաղատ աշակերտների մոտ սպասեցնելուց հետո կցեց գլխավոր դերձակի օգնականին, որը չափման ու հաշվառման համար պետք է պալատ գնար։ Սողուկչեշմեի դարպասներից մտա, անցա Ալայ հրապարակի դիմացի արվեստանոցի մոտով, առայժմ որոշեցի մյուս նկարիչներին չհայտնել սպանության մասին։ Ալայ հրապարակն ինչպես միշտ դատարկ էր, բայց միևնույն ժամանակ՝ աղմկոտ։ Պալատական ժողովների օրերը Կաղրթ Էմինիի դռան մոտ սովորաբար հայցորդների հերթ է լինում, բայց այնտեղ, ինչպես և պահեստների մոտ ոչ ոք չկար։ Սակայն ատաղձագործարանից, թոնրատնից, հիվանդասենյակի պատուհաններից, ախոռներից, կոնաձև աշտարակներին հիացմունքով նայածս երկրորդ դռան առաջ ձիերից ու ձիապաններից, սոճիների միջից կարծես անընդհատ աղմուկ էի լսում։ Այս խուճապը քիչ անց, իմ կյանքում առաջին անգամ վերագրեցի Բաբուսսելամի մոտով անցնելուս վախին։ Դռան մոտ ո՛չ կարողացա ուշադրություն դարձնել այն անկյունին, որտեղ ասում են, թե միշտ դահիճներն են կանգնած լինում, ո՛չ էլ կարողանում էի անհանգստությունս թաքցնել ղերձակ-ուղեկցորդիս՝ ինձ տված կտորների փաթաթոցներին նայող դռնապաններից։ Երբ մտանք Դիվանի հրապարակ, ամենուր խոր լռություն տիրեց, անգամ վզիս երակներից զգում էի՝ ինչպես է բաբախում սիրտս։ Պալատ մտած-ելածներից, փեսայիս պատմածներից ու նկարագրածներից իմացածս այս տեղն այժմ իսկական դրախտի պես ու գեղեցկագույն այգով՝ իմ առաջ էր։ Բայց ոչ թե դրախտ մտածի երջանկություն, այլ վախ ու սարսափ էի զգում, հիմա զգում էի, որ աշխարհի կենտրոնի՝ մեր սուլթանի սովորական ծառան էի։ Խոտերի մեջ զբոսնող սիրամարգի փետուրներին, աղմուկով հոսող աղբյուրներին շղթաներով կապված գավաթներին, մետաքսե հագուստով, կարծես առանց գետնին դիպչելու՝ անձայն քայլող պալատական տասնապետերին հիացմունքով նայելիս սուլթանին ծառայելու ոգևորություն զգացի իմ մեջ։ Ես անպայման ավարտին էի հասցնելու մեր սուլթանի գիրքը, որի կիսատ մնացած նկարները թևիս տակ էի կրում։ Հիացմունքից բացի վախ արթնացնող պալատական աշտարակին այսքան մոտիկից նայելիս չգիտեի՝ ինչ անել, արագ քայլում էի դերձակի ետևից։ Մեզ կցված երիտասարդ դռնապանի հետ երազային վախով ու անձայն մտանք Դիվանհանեի և գանձարանի շենք։ Մի մեծ գմբեթի տակ՝ ձեռքերին կտորներով, կաշվի կտորներով, արծաթե սրերով, սադափե սնդուկներով սպասող վարպետներ տեսա։ Հասկացա, որ մեր սուլթանի համքարության զինագործ, կոշկակար, արծաթագործ ու մետաքսի վարպետներ էին, փղոսկր մշակող փայտագործներ և ուդ պատրաստող վարպետներ։ Օրվա հաշիվները, նյութերը ձեռք բերելու, չափումներ անելու պես այլ պատրվակներ թվարկելով՝ բոլորը կանգնած էին գանձապահի սենյակի մոտ. Էնդերուն մտնելն արգելվում էր։ Սպասողների բազմության մեջ ոչ մի նկարիչ չտեսնելով՝ ուրախացա։ Մենք էլ մի անկյուն քաշվելով՝ սկսեցինք սպասել։ Մերթընդմերթ հաշվարկների սխալների պատճառով խոսքերը կրկնել տվող գանձապետի քարտուղարի բարձրացող ձայնն էր լսվում, հետո մի փականագործ վարպետի՝ նրան հարգանքով տված պատասխանն էինք լսում։ Ձայները երբեմն բարձրանում էին, բակում թռչող աղավնիների՝ գմբեթի մեջ արձագանքող թևերի գարկերը մեր՝ արհեստագործների փողի և նյութերի բողոքներից ավելի բարձր էին լսվում։ Երբ հերթն ինձ հասավ, ու մտա գանձապետի գմբեթավոր փոքրիկ սենյակը, միայն մի գիրք տեսա այնտեղ։ Անմիջապես գանձապետին ասացի, որ մեծ խնդիր կա, որ մեր սուլթանի պատվիրած և նրա վրա խնամքով աշխատած գիրքը կիսատ է մնացել։ Այդ պահին կարծես գանձապահի քարտուղարը ինչ-որ բան էր զգացել, աչքերը լայն բացել էր։ Ես էլ փեսայիս գրքից նկարներ ցույց տվեցի նրան։ Նկարների տարօրինակությունից և անսովոր տպավորիչ լինելուց շփոթված էր երևում։ Ասացի փեսայիս անունը, նրա կեղծանունը, գործը, որ անում է, և ավելացրի, որ այս նկարների պատճառով է մահացել։ Ամեն ինչ արագ էի ասում, որովհետև եթե առանց մեր սուլթանին հասնելու վերադառնամ պալատից, շատ լավ գիտեմ՝ փեսայիս սարսափելի մահվան մեջ ինձ են մեղադրելու։ Երբ քարտուղարը գնաց գանձապետին լուրը հայտնելու, անհանգստությունից քրտնել էի։ Փեսաս էր ինձ պատմել, որ գանձապետը, որը միշտ մեր սուլթանի հետ էր, երբեմն նամազների ժամանակ նրա գորգն էր բացում, արդյոք ինձ համար դուրս կգա՞ր Էնդերունից։ Անգամ այն, որ պալատի սիրտը համարվող Էնդերուն լուր էին ուղարկել, բավականաչափ հավատ չէր ներշնչում ինձ։ Որտե՞ղ էր մեր սուլթանը, իջել էր ծովափի պալատներից մե՞կը, հարեմո՞ւմ էր, թե՞ գանձապետի հետ։ Երկար ժամանակ անցավ, մինչև ինձ ներս հրավիրեցին։ Ասեմ, որ մի պահ այնպես հանկարծակիի եկա, որ անգամ չհասցրի վախենալ։ Բայց սենյակի դռան մոտ կանգնած մետաքսի վարպետի դեմքի հարգանքն ու զարմանքր տեսնելով՝ խուճապի մատնվեցի։ Ներս մտնելուն պես վախեցա մի պահ, կարծեցի, թե ոչինչ չեմ կարողանալու խոսել։ Գլխին ծոպավոր սերփուշ կար, որը միայն նա ու վեզիրներն էին կրում։ Գանձապետն էր։ Քարտուղարի՝ ինձնից վերցրած նկարները դրել էր իր առաջ՝ գրակալին ու նայում էր։ Այնպես էի վախենում, ասես ես էի նկարել։ Համբուրեցի նրա փեշը։ — Տղա՛ս,— ասաց նա։— Սխա՞լ հասկացա, փեսան մահացե՞լ է։ Մի պահ անհանգստությունից, թե մեղքի զգացումից չկարողացա պատասխանել ու միայն գլխով համաձայնության նշան արեցի։ Այդ պահին անսպասելի բան կատարվեց, աչքիցս մի կաթիլ արցունք ընկավ, գանձապահի ներողամիտ ու զարմացած հայացքների տակ դանդաղ սահեց ներքև։ Պալատում գտնվելը, գանձապետի՝ սուլթանի մոտից վեր կենալով այստեղ ինձ հետ խոսելու համար գալը, մեր սուլթանին այսքան մոտ լինելը, այս ամենն ինձ ստիպում էին տարօրինակ վարվել։ Աչքիցս նորից արցունք եկավ, արցունքներս անընդհատ հոսում էին, և ամոթի զգացում անգամ չունեի։ — Ինչքան ուզում ես, արտասվիր, որդի՛ս,— ասաց գանձապետը։ Հեծկլտալով արտասվեցի։ Կարծում էի, թե այս տասներկու տարում շատ բան եմ տեսել, հասունացել եմ, բայց երբ մարդ իր սուլթանին, պետության սրտին այդքան մոտ է լինում, անմիջապես հասկանում է, որ ինքն ընդամենը երեխա է։ Ուշադրություն չէի դարձնում, որ հեծկլտոցներս դրսի արծաթագործները, մետաքսագործներն էլ կարող էին լսել։ Արդեն հասկացել էի, որ պետք է գանձապետին ամեն բան պատմեմ։ Այսպիսով, նրան պատմեցի այնպես, ինչպես զգում էի։ Տեսնելով, որ գանձապահը պատկերացնում է, թե ինչպես եմ Շեքուրեի հետ ամուսնացել, փեսայիս գիրքն ինչպիսի խոչընդոտների է հանդիպել, մեր առջև դրված նկարներն ինչպիսի գաղտնիքներ են կրում, Հասանի սպառնալիքները, փեսայիս դիակը, ինձ հանգիստ էի զգում։ Ամբողջ էությամբ զգում էի, որ եթե միայն ինձ հանձնեմ մեր պահապան սուլթանի անսահման արդարությանը և սիրուն, կկարողանամ դուրս գալ այս ծուղակից, այդ պատճառով էի պատմում։ Ինձ հասկանալով՝ առանց տանջողներին, դահիճներին հանձնելու՝ արդյոք իմ պատմությունն ուղիղ կփոխանցե՞ր աշխարհի տիրակալ սուլթանին։ — Էնիշթե էֆենդու մահվան մասին թող անմիջապես լուր տան արվեստանոցում,— ասաց գանձապետը։– Թող նրա հուղարկավորությանը բոլոր նկարիչները մասնակցեն։ Դեմքիս այնպես նայեց, ասես ուզում էր իմանալ՝ դեմ եմ, թե ոչ։ Այդ քայլն ինձ վստահություն ներշնչեց, փեսայիս, գրիչ Զարիֆ էֆենդուն ո՞վ, ինչո՞ւ կարող էր սպանած լինել, սրա վերաբերյալ կասկածներիս մասին խոսեցի։ Էրզրումցի հոջայի մարդկանց, երաժշտական գործիք չնվագելու, պարելու պատճառաբանությամբ թեքքեների վրա հարձակվելու մասին խոսեցի։ Տեսնելով, որ գանձապետը կասկածով է նայում, ցանկացա մյուս կասկածներս էլ կիսել նրա հետ. Էնիշթե էֆենդու գրքի համար հրավիրված նկարիչների ու մանրանկարիչների միջև և գումարի, և պատվի համար անխուսափելի մրցակցության ու նախանձի հավանականության մասին ասացի։ Ասացի, որ գործի գաղտնիության պատճառով է այս ատելությունը, թշնամանքը, խարդախությունը։ Բայց այդ ամենի մասին խոսելիս, ինչպես որ հիմա զգում եք, հասկանում էի, որ գանձապետը սկսում է նաև ինձ կասկածել։ Աստվա՜ծ իմ, թող ամեն բան լուծում գտնի, քեզնից ուրիշ ոչինչ չեմ ուզում։ Լռություն տիրեց։ Գանձապետը կարծես իմ խոսքերից ու մահից հետո իմ հաշիվներից ամաչելով՝ աչքը հառեց իր առջև դրված նկարներին։ — Ինը նկար է,— ասաց։— Մինչդեռ Էնիշթեի հետ տասը նկար ունեցող գրքի շուրջ էին պայմանավորվել։ Մեզնից այս նկարներում օգտագործելու համար ավելի շատ ոսկե թերթեր էր վերցրել։ — Անհավատ մարդասպանը հավանաբար գողացել է վերջին նկարը, որի վրա ոսկեջուր էր քսած,— ասացի ես։ — Գրիչն ով է, չիմացանք։ — Լուսահոգի փեսաս գրքի տեքստը դեռ ավարտին չէր հասցրել։ Ավարտելու համար ինձնից էր օգնություն սպասում։ — Տղա՛ս, ասում ես, որ նոր ես վերադարձել Ստամբուլ։ — Մի շաբաթ առաջ՝ Զարիֆ էֆենդու սպանությունից երեք օր անց եմ եկել Ստամբուլ։ — Էնիշթե էֆենդին մի տարի նկարում էր մի գիրք, որը դեռ չի՞ գրվել։ — Այո։ — Քեզ համար նկարագրե՞լ էր, թե այս գրքի պատմածն ինչ է։ — Սրանք մեր սուլթանի գործերի մասին են. մեր մարգարեի վտարումից ուղիղ հազար տարի անց, երբ իսլամական օրացույցն ուղիղ հազարերորդ տարին է ցույց տալիս, Վենետիկի դոժի աչքին իսլամի սուրն ու հպարտությունը, Ալի Օսմանի ուժն ու հարստությունը ցույց տվող և մարդկանց սարսափեցնող գիրք է։ Մեր աշխարհի ամենաթանկ, ամենակարևոր բաներն էր պատկերելու այս նկարը, «Ֆիրասեթնամեի» պես մեր սուլթանի մի նկարը գրքի կենտրոնում էր տեղ գտնելու։ Քանի որ նաև եվրոպական նկարիչների ոճերից է օգտվել, Վենետիկի դոժը կհիանա դրանով և կցանկանա ընկերություն անել։ — Ես դա գիտեմ, բայց մի՞թե Ալի Օսմանի ամենաթանկարժեք և կարևոր բաներն այս շներն ու ծառերն են,— ասաց նա՝ ցույց տալով նկարները։ — Լուսահոգի փեսաս ասաց, որ գիրքը ոչ թե մեր սուլթանի հարստությունը, այլ բարոյական ուժն ու գաղտնի տխրությունն է ցույց տալու։ — Մեր սուլթանի նկա՞րը։ — Այն չեմ տեսել, հավանաբար անհավատ մարդասպանն իր տանն է թաքցրել։ Լուսահոգի փեսաս իր ստացած ոսկու դիմաց խոստացած գիրքը չէր կարողացել պատրաստել, դրա փոխարեն գանձապետին տարօրինակ թվացող մի շարք նկարներ էր արել։ Արդյոք գանձապետն իմ մեջ տեսնում էր իմ փեսայի մարդասպանի՞ն, անփորձ և անվստահելի մարդո՞ւ, ով նրա դստեր հետ ամուսնանալու կամ այլ նպատակով, օրինակ՝ ոսկե թերթերը վաճառելու համար էր սպանել նրան։ Քանզի հայացքից զգացի, որ արդեն ուզում է հեռանալ, վերջին ճիգով, խուճապահար խոսեցի և ասացի, որ փեսայիս ու խեղճ Զարիֆ էֆենղուն՝ վարպետ նկարիչներից մեկին, հավանաբար նույն մարդն է սպանել։ Պատմեցի, թե փեսաս ինչպես էր կասկածում Զեյթինին, Լեյլեքին և Քելեբեքին, բայց շատ չերկարացրի խոսքս։ Ե՛վ բավականաչափ ապացույց չունեի, և՛ անվստահ էի։ Զգում էի, որ գանձապետը հիմա ինձ որպես հերյուրանքներ տարածող ստոր ու բամբասկոտ հիմար է դիտում։ Այդ պատճառով, երբ գանձապետն ասաց, որ պետք է արվեստանոցից թաքցնենք փաստը, որ փեսաս իր մահով չի մահացել, դա համարեցի ինձ հետ կնքված համագործակցության առաջին քայլը և ուրախացա։ Նկարները մնացին գանձապետի մոտ։ Բաբուսսելամից, ուր քիչ առաջ որպես դրախտ էի մտնում, դռնապանների ուշադիր հայացքների տակ դուրս գալուն պես տարիներ անց տուն վերադարձող մարդու նման հանգստացա։ == 37. Ես ձեր փեսան եմ == Հուղարկավորությունս իմ ուզածի պես գեղեցիկ անցավ։ Բոլոր նրանք, ում ցանկանում էի տեսնել, եկան։ Ես հպարտանում էի։ Իմ մահվան ընթացքում Ստամբուլում գտնվող վեզիրներից կիպրոսցի հաջը Հյուսեին փաշան, Թոփալ Բաքի փաշան երախտաբար հիշեցին, որ մի ժամանակ նրանց շատ եմ ծառայել։ Իմ հուղարկավորությանը և՛ փայլող աստղով, և՛ կյանքում շատ բան տեսած մատենագիր Կարմիր Հրեշտակ փաշայի այցելությունը ոգևորություն առաջացրեց մեր մզկիթի համեստ բակում։ Հատկապես ուրախ էի տեսնել, որ տասնապետ Մուսթաֆա աղան էլ էր եկել։ Եթե ապրեի և շարունակեի իմ պետական գործունեությունը, նրա պաշտոնին կհասնեի։ Թեզքիրե գրող Քեմալեթթին էֆենդին կամ մտերիմ ընկերներս, կամ թշնամիներս, տասնապետները, դեռ լավատեսորեն ժպտացող գլխավոր նամակագիր Սերթ Սալիմ էֆենդին և վաղաժամ կյանքից հեռացած պալատական հին ծառայողներ, դպրոցի ընկերներս, այլ մարդիկ, ովքեր չգիտեմ՝ որտեղից էին իմացել իմ մահվան մասին, բարեկամներ, հարազատներ, երիտասարդներ, բավական մարդաշատ, լուրջ ու ծանրակշիռ բազմություն էր հավաքվել։ Նրանց համախմբվածությամբ, լրջությամբ ու տխրությամբ հպարտացա։ Գանձապետ Հազըմ աղայի և Բոսթանջըբաշըի գալը բոլորին ցույց տվեց, որ մեր սուլթանն անկեղծ տխրել է իմ մահվան պատճառով։ Չգիտեմ՝ արդյոք դա նշանակո՞ւմ էր, որ իմ ստոր մարդասպանին գտնելու համար շատ ջանք է թափվելու կամ տանջանքներ էին կիրառելու, բայց այդ անիծյալն այժմ բակում մյուս նկարիչների և գրիչների հետ դեմքի լուրջ ու տխուր արտահայտությամբ նայում էր դիակիս։ Չկարծեք, թե զայրանում եմ ինձ սպանողի վրա, ցանկանում եմ վրեժ լուծել, անգամ ինձ դավաճանաբար ու դաժանորեն սպանելու պատճառով հոգիս անհանգիստ չէ։ Հիմա այլ հարթության մեջ եմ, և այս աշխարհի վրա տարիներ շարունակ տառապելուց հետո իրեն գտնելու համար հոգիս էլ է շատ հանգիստ։ Թանաքամանի հարվածներից արյան մեջ կորած, ցավից գալարվող մարմինս հոգիս ժամանակավորապես լքեց, լույսերի մեջ մի պահ դողաց, հետո այդ գեղեցիկ լույսի մեջ, արևի պես փայլող դեմքով երկու գեղեցիկ ժպտացող հրեշտակ, ինչպես բագմից կարդացել եմ «Հոգու գրքում», դանդաղ մոտեցան, ու կարծես ոչ միայն հոգի էի, այլև դեռ մարմին, թևերիցս բռնելով՝ ինձ բարձրացրին վերև։ երջանիկ երազների պես առանց ցնցումների ու սլացիկ բարձրացանք վերև։ Անցանք այրվող անտառներով, լույսի գետերով, մութ ծովերով, ձնոտ ու սառցապատ սարերով։ Այս ամենը հազարավոր տարիներ էր տևում, բայց ինձ ակնթարթի պես կարճ թվաց։ Տարբեր համայնքների, տարօրինակ էակների, անթիվ֊անհամար միջատներով ու թռչուններով լի ճահճուտների և ամպերի միջով այսպես հասանք յոթերորդ երկինք։ Երկնքի մի հարկում հրեշտակներից մեկը թակում է դուռը, երբ հարցնում են՝ ո՞վ է, ինձ բոլոր անուններով և նկարագրություններով ներկայացնելուց հետո ասում է. — Մեծ Ալլահի լավ ծառան։ Աչքերիցս երջանկության արցունքներ էին հոսում, բայց գիտեի, որ դեռ մինչև Դատաստանի օրը երևի հազար տարի կա։ Որովհետև ամեն բան, որոշ փոփոխություններով, այնպես էր, ինչպես Գազզալիի, էլ Ջեվզիյյեի՝ մահվան մասին գրված էջերում։ Գրքերում ամեն մեկն անլուծելի խնդիր է կամ էլ միայն մահացողին հայտնի մութ խորհրդավորության տպավորություն թողնող բաներ։ Այժմ հազարավոր գունավոր լույսեր մեկ առ մեկ պայթելով՝ լուսավորվում էին։ Այս հիանալի խոյացման ընթացքում տեսածս նկարներն ինչպե՞ս կարող եմ պատմել։ Տեսա, որ ամբողջ աշխարհը ներկերից է կազմված, ամեն ինչ ներկ է։ Ինձ բոլոր այլ բաներից բաժանող ուժի գույները զգալուն պես հասկացա, որ հիմա ինձ սիրով փաթաթվող, ամբողջ աշխարհին կապվող զգացմունքի գույնն էլ եմ ես, թուրինջի գույնի երկինքներ տեսա, տերևի պես կանաչ մարմիններ, դարչնագույն ձու, երկնագույն հեքիաթային ձիեր։ Ամեն ինչ այն նկարների ու լեգենդների պես էր, որոնց տարիներ շարունակ սիրով նայել էի, և այդ պատճառով ամեն ինչ և զարմանքով, և հիացմունքով առաջին անգամ էի տեսնում, և կարծես այդ ամենն իմ հուշերից էր ելնում։ Հուշ կոչվածի՝ ամբողջ աշխարհի մի մասը լինելը և ամբողջ աշխարհի էլ՝ իմ առաջ բացված հավերժական ժամանակի պատճառով ապագայում իմ փորձը, հետո էլ իմ հուշ լինելն էի հասկանում։ Այս գույնի խրախճանքի մեջ մահանալիս հասկացա, թե որքան հանգիստ եմ զգում, ասես մի նեղ վերնաշապիկի միջից դուրս գալով՝ փրկվում էի։ Սրանից հետո ինձ համար ոչինչ արգելք չէր և բոլոր ժամանակներն ու վայրերը ապրելու համար անավարտ ժամանակ ու տարածք ունեի։ Դա հասկանալուն պես՝ վախով ու երջանկությամբ զգացի, թե որքան մոտ եմ նրան։ Աննման կարմիր գույնի գոյությունն այդ ընթացքում զգացի Աստծուն ծառայելու երջանկության մեջ։ Կարճ ժամանակում ամեն ինչ կարմրեց։ Այս գույնի գեղեցկությունը պատում էր իմ ներսը և իմ աշխարհը։ Նրա գոյությանն այսպես մոտենալով՝ ցանկանում էի երջանկությունից արտասվել։ Հանկարծակի ոտքից գլուխ արյան մեջ նրան ներկայանալուց ամաչեցի։ Մյուս կողմից էլ միտքս ինձ մահվան մասին կարդացածս գրքերի պես կոչ էր անում հանգիստ լինել, ասում էր, որ նա ուղարկել է Ազրաիլին ու մյուս հրեշտակներին և ինձ է կանչում։ Ես նրան տեսնելո՞ւ էի։ Կարծում էի՝ ոգևորությունից չեմ կարողանա շնչել։ Ամեն ինչ ծածկած և իր մեջ աշխարհի բոլոր պատկերները միավորած այնքան հիանալի ու գեղեցիկ կարմիր էր, որ մոտենալիս նրա մի մասը դառնալու և նրան այսքան մոտ լինելու մասին մտածելուց սկսեցի ավելի արտասվել։ Բայց հասկացա, որ չի կարող ավելի մոտենալ ինձ։ Հասկացա, որ հրեշտակներին հարցրել է իմ մասին, որ նրանք ինձ գովաբանել են, որ նրա հրամաններին և արգելքներին հավատարիմ լավ ծառա է տեսնում իմ մեջ ու սիրում է ինձ։ Իմ մեջ բարձրացող ուրախությունը և թափվող արցունքները մի պահ թունավորվեցին կասկածից։ Այս կասկածից անմիջապես ազատվելու համար մեղքի զգացումով և անհամբեր ասացի. — Կյանքիս վերջին քսան տարում Վենետիկում տեսածս անհավատների նկարներից եմ ներշնչվել։ Անգամ մի ժամանակ ցանկանում էի, որ իմ նկարը նրանց ոճով նկարվի, բայց վախեցա։ Հետո քո աշխարհի ծառաներին և աշխարհի ստվերներով մեր սուլթանին անհավատների ոճով պատկերեցի։ Ոչ թե նրա ձայնը, այլ նրա պատասխանը հիշեցի. — Ե՛վ Արևելքը, և՛ Արևմուտքը իմն են։ Հուզմունքից չկարողացա ինձ զսպել։ — Լավ, այս ամենի... այս աշխարհի իմաստը ո՞րն է։ — Գաղտնիքը,— լսեցի ձայնն իմ ներսում։ Գուցե ասաց՝ սերը, բայց, վստահ չէի։ Հասկացա, որ հրեշտակներն ինձ մոտենալով՝ երկնքի այս բարձր հարկում իմ մասին որոշում են կայացնում, տասնյակ հազարավոր տարիներ առաջ մահացած այլ հոգիների բազմության հետ մինչև մեր մասին վերջին որոշումներ կայացնող Մեծ դատաստանի օրը բոլորս Բեհզադին ենք սպասելու։ Ինչպես և գրքերում՝ գնալն ինձ գոհացնում էր։ Ներքև իջնելիս հիշեցի, որ գրքերում կարդացել եմ, թե հողին հանձնվելիս հոգիս պետք է միանա մարմնիս։ Բայց անմիջապես, Փառք Աստծու, զգացի՝ նորից մարմին վերադառնալս իրականում փոխաբերական իմաստ է կրում։ Իմ հպարտությունն առաջացնող լուրջ բազմությունը նամազից հետո իմ դագաղը դնելով ուսերին՝ տարավ մոտիկ փոքրիկ Թեփեջիկ գերեզմանատուն, չնայած տխրությանը՝ շատ կանոնավոր էին։ Վերևից նրանք բարակ, նուրբ թելի էին նման։ Բացատրեմ, թե որտեղ եմ. ինչպես Ռեսուլուլլահի «Հավատացյալի հոգին դրախտի ծառերից կտցող թռչուն է» հադիսում է ասվում, հոգին մահից հետո երկնքում է շրջում։ Էբու Օմեր բին Աբդուլբերի պնդումների համաձայն՝ այս հադիսը չի նշանակում, որ հոգին թռչնի տեսք է ստանում, անգամ չի նշանակում, որ այն թռչուն է, ինչպես էլ Ջեվզիյյեն է ճիշտ կերպով նշում, դա նշանակում է, որ հոգին շրջում է այնտեղ, որտեղ թռչուններն են։ Տեսարաններ նկարել սիրող վենետիկցի վարպետների «հեռապատկեր» կոչվածը հաստատում է էլ Ջեվզիյյեի մեկնաբանությունը։ Այստեղից այս պահին կարողանում էի տեսնել և պարանի պես գերեզմանատուն մտնող հուղարկավորության թափորը, և նեղուցից դեպի Սարայբուրնու գնալիս առագաստներն ուռցնող նավի գեղեցիկ սլացքն էի կարողանում հաճույքով դիտել, ասես նկարի էի նայում։ Քանի որ մինարեթի բարձրությունից էի նայում, ամբողջ աշխարհը նման էր այն հիանալի գրքերի նկարներին, որոնց էջերը մեկ առ մեկ թերթում եմ։ Բայց այսքան բարձրացող և հոգին դեռ մարմնից դուրս չեկած մեկի տեսածից ավելին էի տեսնում։ Դիմացի ափին՝ Սկյուտարի ետևում, գերեզմանների միջև մի դատարկ պարտեզում «երկար էշ» խաղացող երեխաներին, տասներկու տարի, երեք ամիս առաջ մեծ վեզիր ճաղատ Րագըփ փաշայի ընդունելիք Վենետիկի դեսպանին ամառանոցից վերցնելով՝ նրա մոտ տանելու ընթացքում արտաքին գործերի նախարարի յոթ թիակով նավի՝ Բողազիչիով գեղեցիկ ընթանալը, նոր Լանգա շուկայում հսկայական կաղամբը կրծքի երեխայի պես գրկած գեր կնոջը, պալատական տասնապետ Ռամազան էֆենդու մահից հետո իմ առջև նոր հնարավորություններ բացվելիս իմ ուրախությունը, մորս՝ բակում լվացք կախելիս տատիս գրկում նստած՝ կարմիր վերնաշապիկներին նայելը, լուսահոգի մոր՝ Շեքուրեի համար երկունքի ցավերը սկսվելուն պես տատմոր տան տեղը շփոթելով՝ հեռու թաղամասեր գնալս, քառասուն տարի առաջ կորցրած կարմիր գոտու փոխարեն (Վասֆին էր գողացել), մի անգամ էլ քսանմեկ տարի առաջ երազումս տեսած և առաջիկայում, ինշալլահ, Աստծու՝ ինձ տված դրախտի պես ցույց տված հեռուներում գտնվող հիանալի այգին, Գորիի ամրոցի ապստամբներին ճնշելիս Վրաստանի բեյլերբեյ Ալի բեյի ուղարկած գլուխները, քթերր և ականջները, տուն եկող հարևան կանանցից բաժանվելով՝ բակի վառարանին նայելով՝ ինձ համար արտասվող գեղեցիկ Շեքուրեիս էլ էի կարողանում այդ պահին տեսնել։ Գրքերը և ծեր գիտնականներն ասում են, որ հոգին չորս տուն ունի. 1. Մոր արգանդը։ 2. Աշխարհը։ 3. Այն բերզահը, ուր այժմ գտնվում եմ։ 4. Դատաստանից հետո եկող դրախտը կամ դժոխքը։ Իսկ բերզահին հետևող ու ներկա ժամանակը նույն պահի նման է երևում, և հոգու հուշերի մեջ մնալով՝ մարդու համար տեղի սահմանափակում չի լինում։ Բայց միայն ժամանակի և տարածքի զնդաններից դուրս գալուն պես է պարզ դառնում, որ կյանքը նման է նեղ վերնաշապիկի։ Հանգուցյալների աշխարհում առանց մարմնի հոգին իրական երջանկության պատճառ է դառնում, իսկ ապրողների համար ամենամեծ երջանկությունը՝ անհոգի մարմին լինելը։ Ի՜նչ ափսոս, որ ոչ ոք մահանալուց առաջ չի հասկանում։ Այդ պատճառով իմ գեղեցիկ հուղարկավորության ժամանակ տխրությամբ նայեցի տանն ինձ համար տառապող, զուր արտասվող Շեքուրեին, մեծ Ալլահին, մեզ դրախտում անմարմին հոգի և աշխարհում անհոգի մարմին տալու համար աղոթեցի։ == 38. Ես վարպետ Օսմանն եմ == Իրենց կյանքն անկեղծորեն արվեստին նվիրած ծերացած մեծ մարդկանց գիտեք։ Նրանք բոլորին կշտամբում են։ Երկարահասակ, ոսկրոտ ու նիհար են լինում։ Ցանկանում են, որ իրենց ապրած երկար կյանքի փորձը կրկնվի կյանքի՝ իրենց համար մնացած կարճ շրջանում։ Անմիջապես բորբոքվում են, զայրանում, ամեն ինչից դժգոհում են։ Բոլոր սանձերն իրենց ձեռքում են պահում, բոլորին հոգնեցնում են։ Ոչ ոքի, ոչինչ չեն սիրում։ Ես նրանցից մեկն եմ։ Դեռ տասնվեց տարեկանում, երբ աշակերտ էի, վարպետաց վարպետ Նուրուլլահ Սելիմ Չելեբին, որի հետ պատիվ եմ ունեցել նույն արվեստանոցում դեմ առ դեմ նստած աշխատել, ութսուն տարեկանում այսպիսին էր (բայց իմ չափ զայրացած չէր)։ Երեսուն տարի առաջ հողին հանձնեցինք ամենավերջին մեծ վարպետ Սարը Ալիին։ Նա էլ էր այդպիսին (բայց նա էլ իմ չափ նիհար ու երկարահասակ չէր)։ Ուզում եմ իմանաք՝ իրականում անհիմն են այդ ժամանակ արվեստանոցը տնօրինող այս լեգենդար վարպետների ետևից արված քննադատությունները։ Այժմ այդ քննադատության նետերն իմ մեջքն էլ են խրվել։ Քանի որ իրականում հավանության արժանի նոր բան չկա, նոր ոչինչ չենք հավանում։ Ոչ թե այն պատճառով, որ մեզ թունավորում ենք նյարդայնությամբ, դժբախտությամբ կամ այլ խնդրով, այլ որովհետև մարդկանց մեծ մասը հիմար է, և նրանց որպես հիմարի ենք վերաբերվում։ (Բայց նրանց լավ վերաբերվելը մեզ համար նրբանկատություն և խելացիություն է համարվում)։ Աշակերտության տարիներից ի վեր սիրով մեծացրածս նկարիչներից բացի շատերի անուններն ու դեմքերը մոռանալով՝ իրար հետ շփոթելու պատճառով չէ, այլ այն պատճառով, որ այդ անուններն ու դեմքերը այնքան անգույն ու անփայլ են, որ մարդու հիշողության մեջ չեն տպավորվում։ Էնիշթեի հուղարկավորության ժամանակ, որի կյանքն Աստված խլեց նրա հիմարությունների պատճառով, փորձեցի մոռանալ, թե լուսահոգին մի ժամանակ ինձ որքան ցավ պատճառեց՝ ստիպելով նմանակել եվրոպական վարպետներին։ Վերադարձին էլ այսպես մտածեցի. Աստծու բարեգթությունը՝ կուրությունը և մահն ինձ համար սարերի ետևում չեն։ Իհարկե, ես հիշվելու եմ, քանի դեռ արածս նկարներն ու գրքերը ձեր աչքին հաճո են, ձեր սրտում երջանկության ծաղիկներ են բացում։ Բայց իմ մահից հետո ուզում եմ, որ սա էլ իմանան, իմ կյանքի վերջում, իմ ծեր տարիքում ինձ երջանկությամբ ուրախացնող շատ բան կա դեռ։ Օրինակ՝ Երեխաները։ (Նրանք ամփոփում են ամբողջ աշխարհի օրենքները)։ Հաճելի հուշերը։ (Գեղեցիկ տղաներ, կանայք, գեղեցիկ նկարելը, ընկերությունը)։ Հերաթի հին վարպետների հրաշքներին հանդիպելը։ (Սա անհնար է բացատրելնրան, ով չգիտի)։ Այս ամենի ամենապարզ իմաստը սա է։ Մեր սուլթանի արվեստանոցում, որն արդեն ես եմ ղեկավարում, նախկինի պես հիանալի բաներ տեղի չեն ունենում, տեսնում եմ, որ գործերն ավելի են վատանում, որ ամեն բան ավարտին է հասնելու, վերջանալու է։ Չնայած մեր ամբողջ կյանքը սիրով գործին նվիրելուն՝ ցավով զգում եմ, որ Հերաթի հին վարպետների գեղեցկություններին այստեղ հազվադեպ կարող ենք հանդիպել։ Այս ճշմարտությունները համեստորեն ընդունելը հեշտացնում է կյանքը։ Քանի որ համեստությունը կյանքը միշտ էլ հեշտացնում է, մեր աշխարհում այն ընդունելի հատկանիշ է։ Մեր արքայազնի թլպատման արարողությունը ներկայացնող «Սուրնամեում» Եգիպտոսի բեյլերբեյի՝ թլպատված երեխային բերած նվերի, կարմիր թավշի վրա արված նուրբ նախշերի, ժապավենների, սուտակների, զմրուխտների և փիրուզների, թրի և սանձի, մարգարտով ու խրիզոլիթ քարով զարդարված ոտնակի, արծաթափայլ փետուրներով, զայրացած, հպարտ ու կայծակից էլ արագ, ճկուն արաբական ձիու և ձիու ոսկենախշ, կարմիր թավշով, սուտակե կոնաձև շրջանակով արծաթե թամբերի նկարն ահա այսպիսի համեստությամբ էի ուղղում, ձին, թուրը, արքայազնին, նրանց հետևող դեսպանների՝ իմ աշակերտներին նկարել տված նկարի աջ ու ձախ կողմերում վրձնով հարվածներ էի անում։ Ձիարշավարանի նոճու մի քանի տերև մանուշակագույն ներկեցի։ Թաթար խանի դեսպանի հագուստի կոճակները դեղին ներկեցի։ Ձիու սանձերին մի փոքր ոսկեջուր էի քսում, երբ դուռը թակեցին։ Կանգ առա։ Պալատից մի դռնապան տղա էր։ Ասում էր, որ գանձապետն է ցանկանում ինձ տեսնել։ Աչքերս ցավում էին։ Խոշորացույցը դրեցի գրպանս ու տղայի հետ դուրս եկա։ Երկար աշխատելուց հետո փողոցում քայլելը որքա՜ն հաճելի է։ Աշխարհը կարծես Աստված երեկ է ստեղծել, լրիվ նոր ու զարմանալի է թվում։ Մի ձի տեսա, իմ վարպետ նկարիչներն այն ավելի գեղեցիկ են պատկերում։ Ձիարշավարանում մի նոճի տեսա, այն ծառն էր, որի տերևները քիչ առաջ մանուշակագույն էի ներկում։ Ձիարշավարանում քայլելը, որտեղով անցնող զորքերին երկու տարի շարունակ նկարել եմ, նման էր սեփական նկարի միջով քայլելուն։ Մի փողոց ենք մտնում, եթե ֆրանսիական նկարում ենք, շրջանակից ու նկարից դուրս ենք գալիս և հեռանում, եթե մեր հերաթցի վարպետների պես նկարեինք, կհայտնվեինք այնտեղ, որտեղ Աստված մեզ տեսնում է, եթե չինական նկարի մեջ ենք, նրանից չենք կարողանում դուրս գալ, որովհետև չինացիների նկարներն անսահման են։ Ինձ այդ տղան չէր տանում այն սենյակ, ուր գանձապետի հետ վճարվելիք վարձերի, մեր սուլթանի համար պատրաստվող նկարիչների նվերների, գրքերի, նախշազարդած ջայլամի ձվերի, նկարիչների առողջության, ախորժակի և հանգստության մասին, անհրաժեշտ ներկերի, ոսկե թերթերի և այլ նյութերի ապահովումից, սովորական բողոքներից ու ցանկություններից, աշխարհի տիրակալ սուլթանի տրամադրության, ցանկության, ուրախության և կամքի մասին, դեսից֊դենից, իմ աչքերից, խոշորացույցներից, մեջքիս ցավերից, գանձապետի ստոր փեսայից ու մոխրագույն կատվից խոսելու համար էինք հանդիպում։ Անձայն մտանք պալատական այգի։ Մեզնից էլ անձայն ծառերի միջով այնքան հանդարտ իջանք դեպի ծով, ասես մեղք էինք գործում։ Մոտենում էի ամառային պալատին, ուրեմն՝ սուլթանին եմ տեսնելու, ինքս ինձ ասում էի, որ այնտեղ են, երբ ճանապարհից թեքվեցինք։ Մի քանի քայլ արեցինք, տնակների (որտեղ նավակներ էին պահում) ետևի քարե շենքի կամարաձև դռնից ներս մտանք։ Բոսթանջըի թոնրատնից հացի հոտ էր գալիս։ Տեսա Բոսթանջըի կարմրազգեստ աշխատողներին։ Գանձապետն ու Բոսթանջըբաշըն նույն սենյակում էին։ Հրեշտակ ու սատանա։ Մեր սուլթանի համար պալատի պարտեզում մարդկանց կախաղան բարձրացնող, նրանց տանջող, հարցաքննող, ծեծող, աչքերը հանող, ֆալաքային հանող Բոսթանջըբաշըն ինձ սիրալիր ժպտում էր։ Կարծես ինձ հետ նույն սենյակը կիսող ընկերն ինձ սիրալիր պատմություն էր անելու։ Բայց ոչ թե Բոսթանջըբաշըն, այլ գանձապետը սկսեց պատմել. — Մեր սուլթանը մի տարի առաջ Վենետիկի դոժի դեսպանական պատվիրակությանը նվերներ պատրաստելու համար ինձ հրամայել էր մի գիրք կազմել,— ամաչկոտ ձայնով ասաց նա։– Այդ գաղտնիության պատճառով ճիշտ չհամարեցին գիրքը մեր գլխավոր պատմագիր Լոքման վարպետին պատվիրել, քեզ էլ չցանկացան խառնել գործին, չնայած՝ հիանում են քո տաղանդով։ Այն, որ զբաղված եք արքայազնների թլպատումը պատմող «Սուրնամեով», շատ բարձր են գնահատում։ Սենյակ մտնելուն պես սարսափով պատկերացրի, որ մի ստոր իմ մասին հերյուրանքներ է տարածել, որ սուլթանին հավատացրել են, թե այդ նկարում անհավատություն կա, այդ նկարը ծաղր է, որ չնայած տարիքիս՝ ինձ տանջանքների են ենթարկելու։ Այժմ, քանի որ մեր սուլթանը մեկ ուրիշին է գիրք պատվիրել, իմ սերը շահել ցանկացող գանձապետի խոսքերը մեղրից քաղցր էին թվում։ Լսեցի գրքի պատմությունը, որն իրականում շատ լավ գիտեի, ոչ մի նոր բան չիմացա։ Այդ բամբասանքներն էլ գիտեի, էրզրումցի Նուսրեթ հոջային էլ, արվեստանոցի քաշքշուկներն էլ, իհարկե։ Քանի որ պետք է մի հարց տայի, հարցրի այն, ինչի պատասխանը գիտեի, ո՞վ է պատրաստում գիրքը։ — Ինչպես գիտեք, Էնիշթե էֆենդին,— ասաց գանձապետը։ Աչքերիս մեջնայելով՝ ավելացրեց։— Գիտե՞ք, որ սեփական մահով չի մահացել, սպանվել է։ — Չգիտեի,— ասացի ես երեխայի պես անկեղծ, հետո լռեցի։ — Մեր սուլթանը շատ֊շատ զայրացած է,— ասաց գանձապետը։ Այս Էնիշթե էֆենդին այդքան էլ խելացի չէր։ Քանի որ մեծ գիտելիքի տեր չէր, բայց դրա մասին խոսել էր սիրում, ավելի շատ հաճույքի մասին էր մտածում, վարպետ նկարիչները նրա մասին ծաղրելով, ծիծաղելով էին խոսում։ Հուղարկավորության ժամանակ մի թաքուն բան էի զգացել։ Արդյոք ինչպե՞ս էր սպանվել։ Գանձապետը պատմեց։ Սարսափելի է։ Աստվա՜ծ իմ, պաշտպանիր մեզ։ Ո՞վ է եղել։ — Սուլթանը հրաման է արձակել,— ասաց գանձապետը։– Ցանկանում է, որ «Սուրնամեն» էլ հնարավորինս շուտ ավարտվի... — Երկրորդ հրաման էլ կա,— ասաց Բոսթանջըբաշըն։— Ցանկանում է այդ զզվելի մարդասպանին, այդ չար սատանային գտնել, եթե նկարիչներից է։ Նրան այնպիսի պատիժ կտան, որ բոլորին դաս կլինի։ Այլևս երբեք մեր սուլթանի գրքին խոչընդոտել, նկարչին սպանել ոչ ոքի մտքով չի անցնի։ Մեր սուլթանի՝ մեղավորին հասցնելիք սարսափելի պատժի մասին կարծես իմանալով՝ մի պահ Բոսթանջըբաշըի դեմքին ոգևորություն երևաց։ Այն, որ մեր սուլթանը երկուսին նոր է նշանակել այս պաշտոններին և միաժամանակ, նշանակում է, որ սուլթանը փորձում է խոչընդոտել նրանց թշնամանքը, ստիպում է նրանց միասին աշխատել, այդ պատճառով սուլթանի հանդեպ ոչ միայն հիացմունք, այլև սեր զգացի։ Մի տղա սուրճ բերեց, նստեցինք։ Էնիշթե էֆենդին նկարչությունից, գրքից հասկացող մի զարմիկ ունի, ինքն է նրան մեծացրել։ Քարան։ Հարցրին՝ ճանաչո՞ւմ եմ նրան։ Լռեցի։ Կարճ ժամանակ առաջ Իրանի սահմանից՝ Սերհաթ փաշայի մոտից փեսայի հրավերով է վերադարձել Ստամբուլ (Բոսթանջըբաշըն կասկածամիտ հայացք նետեց), Ստամբուլում փեսայի հետ կրկին մտերմացել էր, իմացել էր գրքի պատմության մասին։ Զարիֆ էֆենդու սպանությունից հետո կեսգիշերին այդ գրքի համար Էնիշթեի մոտ եկող վարպետ նկարիչներին է կասկածում։ Այդ վարպետ նկարիչների՝ գրքի համար արած նկարներն էր տեսել, փեսային սպանողի՝ սրանցից մեկը լինելու, սուլթանի նկարը գողանալու մասին պնդեց, որի վրա ամենաշատն էր ոսկի օգտագործվել։ Այդ երիտասարդը փեսայի սպանությունը պալատից, գանձապետից երկու օր թաքցրել էր։ Այդ ընթացքում ամուսնացել էր փեսայի դստեր հետ, ինչը կասկած է հարուցում և չի համապատասխանում մեր օրենքներին, տեղավորվել էր նրա տանը։ Երկուսն էլ կասկածում էին Քարային։ — Եթե նրանց տունը խուզարկեն, վարպետ նկարիչներից մեկի մոտ այդ կորած էջը հայտնաբերվի, անմիջապես կպարզվի, որ Քարան ճիշտ էր — ասացի ես։– Բայց եթե նրանք մանկությունից ի վեր ճանաչածս սիրելի երեխաներն են, տաղանդավոր նկարիչներս, ապա ոչ ոքի կյանքում վնաս չեն հասցնի։ — Զեյթինի, Լեյլեքի, Քելեբեքի,— ասաց Բոսթանջըբաշըն՝ նրանց սիրով տվածս կեղծանունները ծաղրելով,— տները, ամեն ինչ, խանութները, եթե ունեն, ամեն բան մինչև վերջ խուզարկելու ենք։ Քարայինն էլ,— ասես չիմանալով ինչ ասել՝ ավելացրեց։– Այս դժվար իրավիճակում, փառք Աստծու, կարողացանք դատավորից հարցաքննության ընթացքում տանջելու իրավունք ստանալ։ Քանի որ նկարիչների խմբից երկրորդ մարդն է սպանվել, աշակերտից մինչև վարպետ բոլոր նկարիչներին կասկածում ենք, այդ պատճառով էլ տանջելը տեղին ենք համարում։ Լուռ մտածեցի. 1. Տանջանքը տեղին համարելը նշանակում է, որ թույլտվությունը մեր սուլթանը չի տվել։ 2. Ըստ դատավորի՝ բոլոր նկարիչներին կասկածի ենթարկելու փաստը կտարածվի նաև ինձ վրա, քանզի որպես նկարիչների խմբի ղեկավար, չկարողացա հայտնել մեղավորի անունը։ 3. Հասկանում էի, որ իմ նկարիչներին, վերջին տարիներին ինձ դավաճանած սիրելի Քելեբեքին, Զեյթինին, Լեյլեքին և մյուսներին տանջանքների ենթարկելու՝ նախ իմ բացահայտ կամ լուռ համաձայնությունն է հարկավոր։ — Սուլթանը ցանկացել է, որ ոչ միայն «Սուրնամեն», այլև կիսատ մնացած գիրքը պատվով ավարտին հասցվի,— ասաց գանձապետը։– Քանի որ տանջանքը վարպետների ձեռքերին, աչքերին, տաղանդին կվնասի, անհանգստանում ենք,–նայեց ինձ։– Համաձայն չե՞ք։ — Վերջերս կան այդպիսի անհանգստություններ — կոպիտ ասաց Բոսթանջըբաշըն։– Վերանորոգողներից ու ոսկերիչներից մեկը սատանային է լսել, մեր սուլթանի քույր Նեջմիյե սուլթանի սուտակե պոչով կավե բաժակը երեխայի պես գողացել է։ Քանի որ բաժակը սիրող քրոջը տխրեցրած գողությունը Սկյուտարի պալատում էր տեղի ունեցել, գործն ինձ հանձնեցին։ Վերանորոգողների, ոսկերիչ վարպետների տաղանդի հարցում Նեջմիյե սուլթանն էլ մեր սուլթանի պես բծախնդիր էր։ Անմիջապես հրամայեցի ոսկերիչ վարպետներին մերկացնել և նետել սառույցով ու գորտերով լի պարտեզի սառած ջրավազանի մեջ։ Մերթընդմերթ հանում էի ջրից ու մտրակում դեմքերին, աշխատում էի ձեռքերին չդիպչել։ Կարճ ժամանակում ճանապարհից շեղված ոսկերիչը խոստովանելով համաձայնեց ընդունել իր պատիժը։ Չնայած սառցաջրի մեջ այդքան մտրակի հարվածներ ստանալուն՝ բարեսիրտ վարպետների աչքերին ու ձեռքերին ոչինչ չէր եղել։ Անգամ սուլթանն ասաց, որ քույրը շատ գոհ է մնացել, որ ոսկերիչներն այդ ամենից հետո ավելի մեծ սիրով են աշխատում։ Վստահ էի, որ Բոսթանջըբաշըն նկարիչների հանդեպ ավելի դաժան է լինելու։ Չնայած որ հարգում էր մեր սուլթանի սերը գրքի հանդեպ, կարծում էր, որ իրական հարգանքի արժանի արվեստը գրագրությունն է, շատերի պես մանրանկարչությունը և հատկապես նկարչությունը՝ անհավատության սահմանին քայլող և պատժի արժանի անիմաստություն, անգամ կանացի զբաղմունք էր համարում։ — Քանի դեռ դուք ամբողջ ուժով ղեկավարում եք գործը, ձեր սիրելի նկարիչները սկսել են դավեր նյութելով մտածել, թե ձեր մահից հետո ով է դառնալու գլխավոր վարպետ,— ասաց նա ինձ հրահրելու համար։ Արդյոք դա բամբասա՞նք էր, որի մասին չգիտեի, արդյոք դավե՞ր էին նյութում։ Ինձ զսպեցի, լռեցի։ Առանց իմ իմացության հիմար լուսահոգուն գիրք պատվիրելու համար գանձապետի հարգանքը վայելելու, մի քիչ ավելի շատ վաստակելու համար այդ գրքի նկարները նկարող երախտամոռ նկարիչներիս հանդեպ զգացածս զայրույթը գանձապետն էլնկատեց։ Մի պահ պատկերացրի, թե նկարիչներիս ինչպես են տանջելու։ Հարցաքննության ժամանակ մարդկանց մաշկը չեն քերթում, որովհետև ետդարձի ճանապարհ չի լինի, ցից էլ չեն հանում, ինչպես ապստամբներին, որովհետև դա ավելի շատ ուրիշներին դաս տալու համար է արվում, նկարիչների ձեռքերը, ոտքերը, մատները կոտրել էլ չի լինում։ Ստամբուլի փողոցներում արդեն հաճախակի հանդիպող միաչքանիներից հասկանում եմ, որ վերջերս նկարիչների հանդեպ մի աչքը հանելու պատիժը կիրառելն էլ հարիր չէ։ Այսպիսով, իմ սիրելի նկարիչներին սուլթանի այգու գաղտնի անկյունում սառցակալած ավազանի մեջ զանգակների միջև սրթսրթալիս և միմյանց ատելությամբ նայելիս պատկերացրի և մի պահ ցանկացա ծիծաղել։ Բայց կոշտ միսը շիկացած երկաթով ծեծելիս Զեյթինի բղավոցները, շղթայակապ սիրելի Քելեբեքիս գունատ մաշկը պատկերացնելիս տխրեցի։ Տաղանդի և նկարչության սիրով երբեմն ինձ հուզած Քելեբեքի՝ գող աշակերտի պես ֆալաքային կապվելու մասին անգամ չկարողացա մտածել։ Մի պահ իմ ծեր միտքը թաղվեց խոր լռության մեջ։ Նրանց հետ մի ժամանակ ամեն բան մոռանում էինք և վերածում սիրո։ — Մեր սուլթանի ամենատաղանդավոր նկարիչներն են,— ասացի։– նրանց ոչինչ մի՛ արեք։ Գանձապետը գոհունակությամբ վեր կացավ տեղից, սենյակի մյուս ծայրում գտնվող գրակալից մի կապոց թուղթ վերցրեց, դրեց իմ առաջ և հաստ մոմերի լույսի տակ ալիքվելով այրվող երկու մեծ մոմակալ դրեց իմ առաջ, ասես սենյակը մութ լիներ։ Այն նկարներն էին։ Ինչպես բացատրեմ ձեզ, թե ինչ էի տեսնում, երբ խոշորացույցով անցնում էի դրանց վրայով։ Ցանկանում էի ծիծաղել, բայց ոչ թե այն պատճառով, որ ծիծաղելի էին։ Զայրանում էի, բայց այն պատճառով չէ, որ այդքան լուրջ էին։ Կարծես Էնիշթե էֆենդին իմ վարպետ նկարիչներին ոչ թե ձեզ պես, այլ օտարի պես էր պատվիրել նկարել։ Կարծես նրանց ստիպել էր գոյություն չունեցող հուշերը հիշել, երագել այն ապագայի մասին, որը երբեք չեն ցանկանա ապրել։ Ավելի անհավատալի է այն, որ այս հիմարությունների համար իրար սպանել են։ — Այս նկարներին նայելով՝ կարո՞ղ եք ասել, թե որն ով է նկարել,— ասաց գանձապետը։ — Այո,— զայրացած ասացի ես,— որտեղի՞ց եք գտել այս նկարները։ — Քարան է բերել, հանձնել— ասաց գանձապետը։— Փորձում է իր ու լուսահոգի փեսայի անմեղությունը ցույց տալ։ ― Նրան տանջեք հարցաքննելիս,— ասացի ես։– Իմանանք, թե լուսահոգի փեսան ուրիշ ինչ գաղտնիքներ ունի։ — Նրան էլ ենք կանչելու,— հաճույքով ասաց Բոսթանջըբաշըն։– Հետո էլնրա ամբողջ տունը խուզարկելու ենք։ Հետո դեմքերը տարօրինակ լուսավորվեցին, վախի և հիացմունքի լույս երևաց, ոտքի կանգնեցին։ Առանց շրջվելու հասկացա, որ աշխարհի տիրակալ մեր սուլթանն է ներս մտել։ == 39. Իմ անունն Էսթեր է == Միասին լացելն ինչքա՜ն լավ է։ Իմ խեղճ Շեքուրեի հոր հուղարկավորության ընթացքում, երբ բարեկամները, հարազատները, ծանոթները, ընկերները, բոլոր կանայք տանը հավաքված լալիս էին, ես էլ երկար ժամանակ տառապալից լաց եղա։ Երբեմն իմ կողքի գեղեցիկ աղջկան հենվելով՝ նրա հետ ցնցվելով էի արտասվում, երբեմն էլ մտածելով իմ սեփական խեղճ կյանքի և խնդիրների մասին, լալիս էի։ Եթե ամեն շաբաթը մեկ այսպես արտասվեմ, իմ հացը վաստակելու համար ամբողջ օրը փողոցում քայլելս, գիրությունս ու հրեությանս համար վաստակածս ստորացումները կմոռանամ և սովորականից ավելի շատախոս Էսթեր կդառնամ։ Ավանդույթները սիրում եմ, որովհետև մոռանում եմ, որ ես սպիտակ ագռավ եմ։ Տոնական արարողություններին փախլավա, անանուխի մածուկ, նուշի պաշտետով հաց ու պաստեղներ, թլպատման արարողությունների ժամանակ մսով փլավ, կլոր կարկանդակներ, սուլթանի՝ ձիարշավարանում ունեցած ծիսակատարությունների ժամանակ բալի հյութ խմելու, հարսանիքներին ամեն բան ուտելու, հուղարկավորություններից հետո էլ հարևանների ուղարկած քնջութով, մեղրով անուշաբույր հալվաները վայելելու համար խենթանում եմ։ Անձայն դուրս եկա միջանցք, հագա կոշիկներս, իջա ներքև։ Խոհանոց վերադառնալուց առաջ ախոռի կողքի սենյակի կիսաբաց դռնից տարօրինակ ձայն եկավ, երկու քայլ անելով՝ ներս նայեցի և տեսա, թե ինչպես են Շևքեթն ու Օրհանը վերևում լաց լինող կանանցից մեկի տղային պարաններով կապել, լուսահոգու հին վրձիններով դեմքին ներկ են քսում։ — Եթե փորձես փախչել, այսպես կխփենք,— ասաց Շևքեթն ու ապտակեց տղային։ — Սիրելի՛ս, գեղեցիկ խաղացեք, իրար մի վիրավորեք, լա՞վ,— ասացի թավշյա, ամենակեղծ ձայնով։ — Մի՛ խառնվիր,— գոռաց Շևքեթը։ Նրանց կողքին տեսա նաև այդ տղայի շիկահեր, փոքրիկ, վախեցած քրոջը և չգիտես ինչու՝ ինձ նույն կերպ զգացի։ Մոռացիր, Էսթեր։ Խոհանոցում Հայրիյեն կասկածով նայեց ինձ։ — Այնքան լաց եղա, Հայրիե՛, բերանս չորացավ,— ասացի ես,— Աստծու սիրուն, ինձ մի բաժակ ջուր տուր։ Անձայն ջուր լցրեց։ Խմելուց առաջ նայեցի արտասվելուց ուռած աչքերին։ — Խեղճ Էնիշթե էֆենդի, ասում են՝ Շեքուրեի ամուսնությունից առաջ էր մահացել,— ասացի ես։— ժողովրդի բերանը չես կարող փակել։ Անգամ ասում են, որ իր մահով չի մահացել։ Մի պահ ակնհայտորեն նայեց ոտքերի ծայրերին։ Հետո գլուխը բարձրացրեց և առանց ինձ նայելու ասաց. — Աստված հեռու պահի հերյուրանքներից։ Առաջին շարժումը նշանակում էր, որ ճիշտ էի, զգում էի, որ ստիպված է այդպես խոսում։ — Ի՞նչ է կատարվում,— անսպասելի շշնջացի ես մտերիմ ընկերոջ պես։ Բայց տատանվող Հայրիյեն, իհարկե, հասկացել էր, որ Էնիշթե էֆենդու մահից հետո Շեքուրեի դեմ ոչ մի առավելություն չի կարող ունենալ։ Քիչ առաջ վերևում ամենաանկեղծ արտասվողը նա էր։ — Հիմա ինձ հետ ի՞նչ է լինելու։ — Շեքուրեն քեզ շատ է սիրում,— ասացի ես լուրեր հաղորդողի սովորության համաձայն։ Դոշաբի ու թթվի արանքում շարված թավաների կափարիչները բարձրացնելով՝ երբեմն մատովս մեկի եզրից մի քիչ վերցնում էի, համտեսում, մյուսներն էլ միայն քիթս մոտեցնելով էի հոտոտում, մեկ առ մեկ հարցնում էի, թե որ հալվան ով էր բերել։ — Քայսերիի Քասըմ էֆենդունն է, նկարիչների արվեստանոցից երկու փողոց այն կողմ ապրող ծառայապետինը, փականագործ Սոլակ Համդիինը, Էդիրնեցի հարսինը,— հաշվում էր Հայրիյեն մեկ առ մեկ, երբ Շեքուրեն ընդհատեց նրան։ — Լուսահոգի Զարիֆ էֆենդու կինը՝ Քալբիյեն ոչ ցավակցելու եկավ, ոչ լուր, ոչ էլ հալվա ուղարկեց։ Քայլում էր դեպի նախասրահ, խոհանոցի դռնից՝ աստիճաններով, ինձնից ու Հայրիյեից հեռու մնալով, հասկացա, որ ցանկանում է խոսել ու հետևեցի նրան։ — Զարիֆ էֆենդին ու հայրս թշնամիներ չէին։ Մենք նրա հուղարկավորությանը հալվա ուղարկեցինք։ Ուզում եմ իմանալ՝ ինչ է պատահել,— ասաց Շեքուրեն։ ― Հիմա կգնամ, կհարցնեմ, կիմանամ,— ասացի ես՝ հասկանալով, որ Շեքուրեն մտահոգ է։ Քանի որ շատ չերկարացրի, համբուրեց ինձ։ Քանի որ բակում շատ ցուրտ էր, փաթաթվեցինք իրար և այդպես անշարժ մնացինք։ Հետո շոյեցի իմ գեղեցկուհի Շեքուրեի մազերը։ — Էսթեր, վախենում եմ,— ասաց նա։ — Սիրելի՛ս, մի՛ վախեցիր,— ասացի ես։— Ամեն բան իր լավ կողմն ունի։ Տես, ինչպես ամուսնացար։ — Բայց չգիտեմ՝ ճիշտ արեցի, թե ոչ,— ասաց նա։– Այդ պատճառով նրան թույլ չտվեցի մոտենալ ինձ։ Գիշերը խեղճ հորս կողքին անցկացրի։ Աչքերը լայն բացած՝ նայեց ինձ, կարծես ուզում էր ասել՝ հասկանո՞ւմ ես։ — Հասանն ասում է, որ ձեր ամուսնությունը դատավորի համար ոչ մի նշանակություն չունի,— ասացի ես։– Քեզ սա է ուղարկել։ — Դե, բավական է,— ասաց Շեքուրեն, բայց միևնույն է՝ բացեց փոքրիկ թուղթն ու կարդաց։ Այս անգամ չասաց, թե ինչ է գրված։ Ճիշտ էր անում, որովհետև երբ իրար էինք փաթաթվել այգում, միայնակ չէինք։ Վերևում՝ առավոտյան անհայտ պատճառով ընկած ու կոտրված միջանցքի պատուհանի փականը նորոգող կեղծավոր փայտագործը և՛ մեզ, և՛ ներսում արտասվող կանանց էր նայում, միևնույն ժամանակ՝ տնից դուրս եկած Հայրիյեն վազում էր բակի դուռը բացելու, հավատարիմ հարևանի որդին բղավում էր. — Հալվա եմ բերել։ — Վաղուց ենք հողին հանձնել,— ասաց Շեքուրեն։— Հիմա խեղճ հորս հոգին դիակից վերջին անգամ ու անվերադարձ դուրս գալով՝ բարձրանում է վերև, զգում եմ։ Ինձնից հեռացավ, փայլուն երկնքին նայելով՝ երկար աղոթեց։ Մի պահ նա ինձ այնքան օտար թվաց, որ եթե այն երկինքը լինեի, որին Շեքուրեն է նայում, չէի զարմանա։ Աղոթքը վերջացնելուն պես գեղեցիկ Շեքուրեն սիրով համբուրեց աչքերս։ — Էսթեր,— ասաց նա։– Քանի հորս սպանողն ապրում է, ես էլ, որդիներս էլ հանգիստ չենք ունենա։ Ինձ դուր եկավ, որ ամուսնու անունը չտվեց։ — Գնա՛ Զարիֆ էֆենդու տուն, կնոջը հարցուփորձ արա և իմացիր, թե ինչու մեզ հալվա չի ուղարկել։ Անմիջապես լուր տուր ինձ։ — Հասանին որևէ բան ունե՞ս ասելու։ Ես չամաչեցի այս հարցիս համար, բայց ամաչեցի, երբ հարցնելիս չնայեցի նրա դեմքին։ Որպեսզի չնկատի, Հայրիյեին կանգնեցրի ու բացեցի ամանի կափարիչը։ — Օ՜հ, պիստակով սպիտակաձավարով հալվա,— ասացի ես ու մի փոքր կտոր գցեցի բերանս։– Թուրինջ էլ են դրել։ Մի պահ, տեսնելով, թե ինչպես է Շեքուրեն հանգիստ ժպտում, ինձ երջանիկ զգացի։ Կապոցս վերցրի, դուրս եկա, երկու քայլ անելուն պես փողոցի ծայրին Քարային տեսա։ Աներոջը նոր հողին հանձնած նորափեսան շատ գոհ էր, կարող էի հասկանալ նրա գոռոզությունից։ Տրամադրությունը չփչացնելու համար ճանապարհից դուրս գալով՝ մտա այգի, անցա այն տան այգու մոտով, որտեղ հայտնի հրեա Հեքիմ Մոշե Համոնի եղբայրն ու սիրելին էին կախվել։ Ամեն անգամ այստեղից անցնելիս այնքան եմ տխրում այդ մահաբույր պարտեզից, որ մոռանում եմ, որ պետք է այս տան համար հաճախորդ գտնեմ ու փորձեմ վաճառել։ Այդ այգու մահվան բույրը Զարիֆ էֆենդու տանն էլ կար, բայց այնտեղ տխրություն չկար։ Հազարավոր տներ մտնել֊դուրս գալով՝ հարյուրավոր այրի կանանց ճանաչած Էսթեր լինելով՝ գիտեմ, որ ամուսիններին ժամանակից շուտ կորցրած կանայք կամ պարտությունից ու տխրությունից, կամ զայրույթից ու ըմբոստությունից են խորհրդավոր դառնում (իմ Շեքուրեն երկու հատկանիշն էլ ձեռք էր բերել)։ Քալբիյե հանըմը զայրույթի թույնն էր խմել, և ես անմիջապես տեսա, որ դա իմ գործն արագացնելու է։ Ինչպես անում են հպարտ կանայք, ում հանդեպ կյանքը դաժան է վարվել, Քալբիյե հանըմը վատ օրերին տան դուռը թակող բոլորի՝ իրեն խղճալու կամ, որ ավելի վատ է, խեղճ վիճակին նայելով՝ իրենց վիճակի համար ուրախանալուց իրավացիորեն կասկածելու համար չէր փորձում հյուրերին լավ բառեր ասել, չէր բարեհաճում նրանց սիրաշահել, խոսքն ավարտվելուն պես ցտեսություն էր ասում, անմիջապես անցնում էր բուն թեմային։ Այս կեսօրին, երբ Քալբիյեն ննջում էր իր ցավի հետ արդյոք ինչո՞ւ էր այս Էսթերը թակել նրա դուռը։ Քանզի գիտեի, որ Չինաստանից եկող նավից ելած ամենալավ մետաքսե կտորներով, Բուրսայից եկած թաշկինակներով ընդհանրապես չի հետաքրքրվում, անգամ չփորձեցի կապոցս բացել, անմիջապես անցա գործի ու պատմեցի արտասվալից Շեքուրեի խնդիրը։ — Նույն ճակատագրին արժանացած Քալբիյե հանըմին ակամա վիրավորելը խեղճ Շեքուրեի համար նոր մտածմունք է,— ասացի ես։ Քալբիյե հանըմը հպարտ ձայնով ասաց, որ չի հետաքրքրվել Շեքուրեով, չի եկել նրան ցավակցելու, անգամ հալվա չուղարկելու համար էլ իրեն վատ չի զգում։ Նրա հպարտության ետևում, իհարկե, նաև ուրախություն կար, որը չէր կարողանում թաքցնել։ Նա հասկանում էր՝ մարդիկ տեսնում են, որ նեղացել է։ Ահա այս թույլ կետից սկսելով՝ ձեր խելացի էսթերը սկսեց հասկանալ, թե որն է զայրույթի պատճառը, ինչ է կատարվում։ Երկար ժամանակ չպահանջվեց պարզելու, որ Քալբիյեն վիրավորված է Էնիշթե էֆենդու պատրաստած գրքի պատճառով։ Ասաց, որ իր լուսահոգի ամուսինն այդ գործն արել է ոչ թե գումար վաստակելու համար, այլ որովհետև Էնիշթե էֆենդին նրան համոզել է, որ դա սուլթանի պատվերն է։ Բայց Էնիշթե էֆենդու գրչով պատրաստած նախշազարդ էջերը կամաց-կամաց դադարեցին մանրանկարչական գործ լինելուց, դարձան իսկական նկարներ, այդ նկարներն էլ աննախադեպ անհավատության, անշնորհքության, անգամ հայհոյանքի նշաններ սկսեցին կրել։ Դա նրա լուսահոգի ամուսնուն անհանգստացրել է, նա էլ սկսել է տատանվել ճշտի և սխալի միջև։ Բայց Զարիֆ էֆենդուց ավելի խելացի և ուշադիր լինելու պատճառով ավելացրեց. այս բոլոր կասկածները ոչ թե միանգամից, այլ աստիճանաբար էին սկսվել, խեղճ լուսահոգի Զարիֆ էֆենդին երբեք անհավատություն չէր տեսել, այդ պատճառով իմ տագնապներն անիմաստ համարեց։ Առանց այդ էլ լուսահոգի Զարիֆ էֆենդին էրզրումցի Նուսրեթ հոջայի քարոզները երբեք բաց չէր թողնում, եթե նամազը ճիշտ ժամանակին տեղի չէր ունենում, իրեն հանգիստ չէր զգում։ Իր կրոնին իսկական հավատացյալի պես կապված լինելու պատճառով, քանի որ գիտեր՝ արվեստանոցում որոշ ստոր մարդիկ իրեն ծաղրում են, հասկանում էր, որ այդ անշնորհք կատակներն իր տաղանդի և արվեստի հադեպ նախանձի պատճառով են։ Փայլուն, հսկայական արցունքը Քալբիյեի աչքից ընկնելով՝ հոսեց այտի վրայով, և բարեսիրտ Էսթերն առաջին պահին որոշեց Քալբիյեի համար լուսահոգի ամուսնուց էլ լավ ամուսին գտնել։ — Այս բոլոր խնդիրները լուսահոգին ինձ էլ շատ չէր պատմում,— կենտրոնացած ասաց Քալբիյեն։– Հիշածներս ինքնուրույն, մեկ առ մեկ միացնում եմ մտքումս։ Որոշեցի, որ նա սպանվել է վերջին օրը Էնիշթե էֆենդու տուն նկարների համար գնալիս։ Սա պատրվակի էր նման։ Որպես պատասխան ասացի, որ, ով գիտի՝ գուցե Էնիշթե էֆենդին էլ է նույն «ստորի» ձեռքով սպանվել, հիշեցրի, որ Շեքուրեի և նրա ճակատագրերն ու թշնամիները ընդհանրություններ ունեն։ Հիմա ինձ անկյունից ուշադիր հետևող երկու մեծագլուխ որբ երեխաների վիճակն էլ էր նման Շեքուրեի երեխաների վիճակին։ Բայց իմ ներսի անխիղճ միջնորդի տրամաբանությունն անմիջապես հիշեցրեց, որ Շեքուրեն ավելի գեղեցիկ է, ավելի հարուստ ու խորհրդավոր։ Ասացի՝ ինչ զգում էի. — Շեքուրեն ասում է՝ եթե սխալ եմ գործել, թող ինձ ների,— ասացի ես։– Քեզ քրոջ և ճակատագրի ընկերոջ ուղեկցություն է առաջարկում ու ցանկանում է, որ մտածես սրա մասին, օգնես նրան։ Լուսահոգի Զարիֆ էֆենդին վերջին գիշերն այստեղից դուրս գալիս Էնիշթե էֆենդուց բացի ուրիշ մեկի հետ հանդիպելու մասին խոսե՞լ է։ Մտածե՞լ ես, որ կարող է ուրիշին հանդիպած լինել։ — Իմ խեղճ Զարիֆի գրպանից սա է դուրս եկել,— ասաց նա։ Ներսում նկարչության ասեղներ, կտորներ և հսկայական ընկույզից պատրաստված կափարիչով տուփից մի ծալած թուղթ հանեց ու մեկնեց ինձ։ Ճմռթված հաստ թուղթը վերցնելով՝ մոտիկից ուշադիր նայելով՝ թրջվելուց ուրվագծերը կորցրած, թանաքով նկարած պատկերներ տեսա։ Նոր էի սկսում հասկանալ, թե ինչ պատկերներ են, երբ Քալբիյեն բարձրաձայնեց իմ մտքերը. — Ձիեր են,— ասաց նա։– Լուսահոգի Զարիֆ էֆենդին տարիներ շարունակ միայն գրագրություն էր անում, ձի չէր նկարում, ոչ ոք էլ նրանից չէր պահանջում ձի նկարել։ Արագ նկարված, ջրից թրջված ձիերին նայում ու ոչինչ չէր կարողանում հասկանալ ձեր ծեր Էսթերը։ — Եթե այս թուղթը Շեքուրեին ցույց տամ, շատ կուրախանա,— ասացի ես։ — Եթե Շեքուրեն ուզում է այս թուղթը, թող ինքը գա,— ասաց Քալբիյեն հպարտ ձայնով։ == 40. Իմ անունը Քարա է == Գուցե արդեն հասկացել եք. ինձ պես մարդուն, այսինքն՝ սիրուն ու ցավին, երջանկությանն ու աղքատությունն ի վերջո հարմարված ինձ պես տխուր մարդուն կյանքը ոչ մեծ ուրախություններ է պարգևում, ոչ էլ մեծ տխրություններ։ Երբ ուրիշների հոգիներն այս զգացմունքներով տակնուվրա են լինում, չեմ ասում, որ չեմ հասկանում, ընդհակառակը՝ այս զգացմունքներն ապրող մարդկանց ավելի շատ եմ սկսում հասկանալ։ Իսկ այն, ինչ չեմ հասկանում, այդ ընթացքում մեր հոգու մեջ թաղված տարօրինակ անհանգստությունն է։ Մեր խելքը, մեր սիրտը մթագնող այս անձայն անհանգստությունը գրավում է ուրախության ու տխրության տեղը։ Երբ հորը հողին հանձնելուց վերադարձա, տեսնելով նախ Շեքուրեիս փաթաթված ցավակցող, հետո ինձ թշնամաբար նայող երեխաներին, և թե ինչպես է կինս իրեն բարձերի վրա նետելով՝ արտասվում, քարացած կանգնեցի։ Նրա տխրությունն իմ հաղթանակն էր. միանգամից իմ երիտասարդության երազանքով ամուսնացել էի և ինձ ստորացնող հորից ազատվելով՝ տան տերն էի դարձել, ո՞վ կհավատար իմ արցունքներին։ Բայց ոչ, հավատացեք, այդպես չէ. իսկապես ուզում էի տխրել, բայց չէի կարողանում։ Էնիշթեն հարազատ հայրս չէր, բայց հոր նման էր վերաբերվել ինձ։ Հանգուցյալին լողացնող ջանասեր իմամն այնքան շատախոս էր, որ փեսայիս՝ սեփական մահով չմահանալու բամբասանքը հուղարկավորության ընթացքում մզկիթի բակից մինչև թաղամաս էր տարածվել։ Այղ պատճառով այն փաստը, որ չեմ կարող արտասվել, կարող էր վատ մեկնաբանվել, ցանկանում էի տխրել սառնասիրտ համարվելու վախից, գիտեք, որ սա է ամենաանկեղծ զգացմունքը։ Որպեսզի ինձ նմաններին համայնքից չվտարեն, գիտակից, տարիքով կանայք միշտ այսպիսի պատրվակ են առաջ քաշում. — Սարդը անձայն է լալիս։ Ես էլ էի անձայն լալիս, ջանասեր հարևանների ու հեռու բարեկամների աչքին չերևալու համար (ի դեպ, որոնց անկեղծ արտասվելու վրա զարմանում էի), փորձում էի մի անկյունում թաքնվել, մտածում էի՝ արդյոք պե՞տք է տանտիրոջ պես վարվեմ, թե՞ չէ։ Այդ պահին դուռը թակեցին։ Մի պահ անհանգստացա՝ կարծելով՝ Հասանն է, բայց այս արտասուքի դժոխքից փրկվելու համար, ինչպես էլ որ լինի, համաձայն եմ։ Պալատից եկած մի դռնապան տղա էր։ Ինձ պալատ էին կանչում։ Զարմացա։ Բակից դուրս գալիս ցեխի մեջ մի արծաթադրամ գտա։ Շա՞տ էի վախենում, որ ինձ պալատից են կանչում։ Այո, վախենում էի, բայց դրսում, ցրտի մեջ, փողոցներում ձիերի, շների, ծառերի և մարդկանց հետ մեկտեղ լինելուց գոհ էի։ Դահճին հանձնվելուց առաջ զնդանի պահակի հետ դեսից-դենից, կյանքի գեղեցկությունների, լճի բադիկների, երկնքի ամպի հիանալի ձևի մասին հաճելի զրույցի բռնվելով՝ աշխարհի դաժանությունը մեղմելը կարծող երազողների պես ինձ տանելու եկած դռնապան տղայի հետ ցանկացա ընկերանալ, բայց անժպիտ, պզուկոտ, տխուր երեխա էր։ Այա Սոֆիայի մզկիթի կողքով անցնելիս նուրբ տեսա՝ ինչպես են նուրբ նոճիները ձգվում դեպի մշուշոտ երկինք։ Այս ամենին հիացմունքով նայելիս ինձ սարսռեցնում էր ոչ թե այն, որ տասը տարի անց առանց Շեքուրեի հետ ամուսնանալու, այլ այն, որ առանց նրա հետ նույն անկողինը կիսելու՝ պալատում անիրավ տանջանքներից էի մեռնելու։ Գնացինք ոչ թե դեպի կենտրոնի դուռը, ուր սարսափահար նայում էի աշտարակներին, որոնց ետևում տանջողներն ու հմուտ դահիճներն էին, այլ քայլեցինք ուղիղ դեպի ցախատուն։ Պահեստների միջով անցնելիս գոլորշապատ բերանով, կարմիր մարմնով ու մուգ ոտքերով ձիու կողքին, ցեխի մեջ իրեն լպստող կատուն չշրջվեց ու չնայեց մեզ. մեզ պես կատուն էլ զբաղված էր սեփական կեղտոտությամբ։ Պահեստների ետևում երկու հոգի, որոնց կանաչ, մանուշակագույն հագուստներից չհասկացա, թե ում մարդիկ են, ինձ անձայն վերցրին պահակ տղայից, մտցրին մի փոքր տան մութ սենյակ, որի հոտից հասկանում էի, որ թարմ փայտից է, ու կողպեցին դուռը։ Քանզի գիտեի, որ մութ սենյակում փակելը տանջելուց առաջ վախեցնելու արարողության մի մասն է, հույս ունենալով, որ նախ գործը ֆալաքայով կսկսեն, մտածում էի, թե ինչ սուտ եմ ասելու, այս իրավիճակից ինչպես եմ դուրս գալու։ Դռան մոտ էլ հավանաբար շատ մարդ կար. աղմկոտ էր։ Հավանաբար մտածում եք, որ այսքան ծաղրանքով խոսող մարդը չի կարող պատրաստվել տանջանքի։ Ասե՞լ էի, որ հավատում եմ, որ Աստծու բախտավոր ծառան եմ։ Տարիներ շարունակ կրածս տանջանքներից հետո այս երկու օրվա ընթացքում գլխիս նստած բախտի թռչունները եթե չեն բավականացնում դա ասելու համար, բակի դռնից դուրս գալիս գետնին գտած արծաթադրամը պետք է որ իմաստ ունենա։ Տանջանքին սպասելիս մխիթարանք գտա այդ արծաթադրամի մեջ, քանզի արդեն հավատում էի, որ ինձ պաշտպանելու է։ Աստծու ուղարկած հաջողության թալիսմանը վերցրի, շոյեցի ու մի քանի անգամ համբուրեցի։ Այն ժամանակ, երբ ինձ մթությունից հանելով՝ այն աշխարհ էին տանում, տեսա Բոսթանջըբաշըին և ճաղատ խորվաթ տանջողներին ու հասկացա, որ արծաթադրամը ոչինչ չի փոխի։ Իմ ներսի դաժան ձայնն ասում էր, որ գրպանիս արծաթադրամը ոչ թե Աստծու ուղարկածն է, այլ երկու օր առաջ Շեքուրեի գլխին շաղ տված դրամներից մեկը, որ երեխաները չէին հասցրել վերցնել։ Այսպիսով, տանջողի ձեռքերին հանձնվելուց բացի այլևս ոչ մի երազանք, ոչ մի փրկություն չէր մնացել։ Անգամ չէի նկատել, թե ինչպես են սկսել աչքերիցս արցունքներ թափվել։ Ցանկացա աղաչել, բայց բերանիցս ոչ մի ձայն դուրս չեկավ, ինչպես երազներում է լինում։ Պատերազմներից, մահերից ու հեռվից տեսած քաղաքական դաժան ու տանջալից պահերից գիտեի, որ մարդ մի պահ կարող է ոչինչ դառնալ, բայց երբեք ինքս չէի զգացել դա։ Հագուստներս հանելիս կարծես ինձ այս աշխարհից էին հանում։ Անթևնոցս, վերնաշապիկս հանեցին։ Դահիճներից մեկը նստեց վրաս, ծնկներով սեղմեց ուսերս։ Մյուսը գլխիս երկու կողմում,— ճաշ պատրաստող կնոջ պես ուշադիր, նուրբ և փորձառու շարժումներով,— վանդակ դրեց և սկսեց դանդաղ կողպել։ Դա ոչ թե վանդակ էր, այլ աքցան, որը գլուխս երկու կողմից սկսեց սեղմել։ Ամբողջ ուժով բղավեցի։ Աղաչեցի, բայց անհասկանալի բառերով։ Արտասվեցի, բայց ավելի շատ այն պատճառով, որ նյարդերս էին թուլացել։ Դադարեցրին, հարցրեցին՝ արդյոք ե՞ս եմ սպանել Էնիշթե էֆենդուն։ Շունչ քաշեցի։ — Ոչ,— ասացի։ Կրկին սկսեցին սեղմել։ Ցավում էր։ Նորից հարցրին։ Ո՛չ։ Իսկ ո՞վ։ Չգիտե՛մ։ «Ասե՞մ, որ սպանել եմ»,— մտածեցի ես։ Բայց աշխարհը աչքիս առաջ պտտվում էր։ Ոչինչ չանելու ցանկություն պատեց ինձ։ «Արդյոք դիմանո՞ւմ եմ ցավին»,— հարցրի ինքս ինձ։ Ես ու ինձ տանջողները մի պահ կանգ առանք։ Միայն նրանից էի վախենում, որ ոչ մի ցավ չեմ զգա։ Կրկին սկսում էի մտածել, որ գրպանիս արծաթադրամի պատճառով չեն սպանում, երբ հանկարծակի բաց թողեցին։ Իրականում գլուխս մի քիչ սեղմած աքցանը հանեցին։ Ինձ վրա նստած դահիճն իջավ։ Բայց այնպիսի տեսք ուներ, ասես ներողություն էր խնդրում։ Վերնաշապիկս, անթևնոցս հագա։ Լռությունը երկարեց։ Սենյակի մյուս ծայրում գլխավոր նկարիչ Օսման էֆենդուն տեսա։ Մոտենալով՝ ձեռքը համբուրեցի։ — Մի՛ տխրիր, որդի՛ս,— ասաց նա։– Քեզ պարզապես ստուգում էին։ Մնմիջապես հասկացա, որ փեսայիցս հետո նոր հայր եմ գտել։ — Մեր սուլթանն ասել է, որ քեզ տանջանքների ենթարկենք,— ասաց Բոսթանջըբաշըն։– Իր նկարիչներին, գիրքը պատրաստող ծառաներին սպանող ստոր մարդասպանին գտնելու համար գլխավոր նկարիչ վարպետ Օսմանի օգնությանը դիմելն է հարմար գտել։ Երեք օրվա մեջ նրա նկարներին նայելով՝ նրանց հետ խոսելով՝ գտնելու եք այդ ստորին։ Սուլթանը գրքերի և նկարիչների մասին հերյուրանքներ տարածողների բամբասանքներից շատ դժգոհ է։ Որպեսզի այդ ստորին գտնեք, ինչպես սուլթանն է հրամայել, ես և գանձապետ Հազըմ աղան ձեզ կօգնենք։ Ձեզնից մեկը Էնիշթե էֆենդու հարազատն է, լսել եք, թե նա ինչեր է պատմել, գիտեք, թե գիշերները եկող նկարիչներն ինչպես են աշխատել, գիտեք գրքի պատմությունը։ Ձեզնից մյուսը միշտ ասում է, որ բոլոր նկարիչներին հինգ մատի պես ճանաչող մեծ վարպետ է։ Ոչ միայն այդ խոզին, այլև նրա գողացած ու բամբասանքների տեղիք տված գիրքն էլ եթե երեք օրվա մեջ չգտնեք, մեր արդար սուլթանը սկզբում Քարա էֆենդուն տանջանքների ենթարկելն է հրամայել։ Հետո չենք կասկածում, որ հերթը կհասնի վարպետ նկարիչներին։ Տարիներ շարունակ համագործակցող հին ընկերներ՝ գլխավոր նկարիչ վարպետ Օսման էֆենդու և նրան պատվիրած գանձարանից նյութ ու փող տվող գանձապետ Հազըմ աղայի միջև գաղտնի նշանների, հայացքների փոխանակում չտեսա։ — Երբ մեր սուլթանի խցերում, սենյակներում, խմբերում մեղք են գործում, մինչև մեղավորին գտնելն ամբողջ խումբը, սկզբում՝ աղան, վարպետը, մարդասպանների խմբի պես շարք են կանգնում և կրում պատիժը։ Բոլորր գիտեն դա,— ասաց Բոսթանջըբաշըն։ — Մեր գլխավոր նկարիչ վարպետ Օսմանն այս պատճառով աչքերը չորս անելով՝ բոլոր էջերն ուսումնասիրելով, անմեղ նկարիչներին իրար դեմ հանած սատանայությունը, խարդախությունը, բանսարկությունը, չարությունը գտնելով՝ դուրս կբերի, մեղավորին մեր աշխարհի տիրակալ սուլթանի անխախտ արդարությանը կհանձնի, նրա խումբն էլ ծայրեծայր կվերացնի։ Այդ պատճառով նրա համար ամեն բան անում ենք և անելու ենք։ Իմ մարդիկ մեկ առ մեկ վարպետ նկարիչների տներում նկարվող գրքի էջերը հավաքելով՝ բերում են։ == 41. Ես վարպետ Օսմանն եմ == Երբ Բոսթանջըբաշըն և գանձապետը մեզ համար կրկնեցին սուլթանի հրամանները, կրկնեցին ու գնացին, սենյակում մենակ մնացինք։ Տանջանքներից, վախից և արցունքներից, իհարկե, Քարան հոգնած ու տխուր էր երևում։ Երեխայի պես լռեց։ Հասկանում էի, որ սիրում եմ նրան, բայց չմոտեցա։ Բոսթանջըբաշըի մարդկանց, գրիչների, վարպետ նկարիչների տներից հավաքած-բերած նկարներին նայելով՝ իմ նկարիչներին բացահայտելու համար երեք օր ունեի։ Էնիշթե էֆենդու գրքի համար արված և Քարայի՝ իրեն անմեղ ցույց տալու համար գանձապետ Հագըմ աղային հանձնած նկարներն առաջին անգամ տեսնելիս գիտեք, թե որքան զզվեցի։ Պետք է ընդունել, որ ամբողջ կյանքն այս գործին նվիրած նկարչի մեջ այսքան ուժեղ զզվանք ու ատելություն արթնացնող էջերում անպայման կան նաև այնպիսի բաներ, որ մենք չենք տեսնում։ Որովհետև միայն վատ արվեստը չի, որ կարող է մեր մեջ այսպիսի զզվանք արթնացնել։ Լուսահոգի հիմարի՝ գիշերները եկող նկարիչներին պատվիրած ինը նկարին ահա այսպես սկսեցի նայել։ Մի դատարկ թղթի վրա մյուս նկարների պես խեղճ Զարիֆի շրջանակի և գրի մեջ մի ծառ տեսա։ Փորձեցի պատկերացնել, թե որ պատմության որ հատվածից է դուրս եկել։ Իմ նկարիչները, սիրելի Քելեբեքը, խելացի Լեյլեքը, խորամանկ Զեյթինը, եթե նրանց ասեմ, որ պետք է ծառ նկարեն, նախ այդ ծառը կպատկերացնեն որպես մի պատմության մի մաս, որպեսզի հետո կարողանան հանգիստ նկարել։ Եթե այդ ծառին ուշադիր նայեմ, կարող եմ նրա ճյուղերից, տերևներից ասել, թե նկարիչներից որ մեկն է երազել նրան մասին։ Բայց այս խեղճ, միայնակ ծառն ավելի միայնակ ցույց տվող և Շիրազի ամենահին վարպետների ոճը հիշեցնող՝ բարձրացված հորիզոնի գիծ էր երևում։ Քանի որ հորիզոնը բարձր էր պատկերված, ի հայտ եկած դատարկության մեջ ոչինչ չկար։ Այսպիսով, ինչպես եվրոպացի նկարիչներն են անում, քաղցած լինելու պատճառով ծառ են նկարում, իրանցի վարպետների աշխարհը վերևից տեսնելու ցանկությունն իրար էր խառնվել, ոչ եվրոպական, ոչ էլ իրանյան ոճով էր ստացվել այդ նկարը։ Ցանկանում էի ինքս ինձ ասել՝ ծառը պետք է այսպիսին լինի այնտեղ, որտեղ աշխարհի վերջն է։ Բայց փորձելով միացնել երկու ոճ՝ և իմ նկարիչների, և լուսահոգի հիմարի կարճ խելքը անտաղանդ բան էին ստեղծել։ Ոչ թե նկարի՝ երկու աշխարհից սնվելը, այլ անտաղանդությունն էր ինձ զայրացնում։ Մյուս նկարներին, երազներից ելած կատարյալ ձիուն, գլուխը խոնարհած կնոջը նայելիս զգացի դա։ Թեմայի ընտրությունը, այս երկու հիմարը կամ սատանան էին զայրացնում ինձ։ Ակնհայտ է, որ մեր սուլթանի գրքում իմ նկարիչներն էին դրել այս նկարները։ Գիրքն ավարտին հասցնելուց առաջ փեսային սպանելու համար մեծ Ալլահով ևս մեկ անգամ հիացա։ Չէի ցանկանում ավարտին հասցնել այս գիրքը։ Մեզ եղբոր պես շատ մոտիկից նայող, բայց մեծամտաբար նկարված շան նկարին անհնար էր առանց նյարդայնանալու նայել։ Որովհետև շան կեցվածքի անսովորությամբ, գլուխը հողին մոտեցնելիս աչքի պոչով մեզ սպառնալից նայելու գեղեցկությամբ, ատամների ճերմակությամբ, կարճ ասած՝ այս նկարն անողների (արդեն կռահում էի, թե նկարին որ նկարիչների վրձինն է դիպել) տաղանդով մի կողմից հիանում էի, բայց չէի կարողանում ներել այդ տաղանդն անհասկանալի կամքի հիմար տրամաբանությանը ծառայեցնելը։ Եվրոպացի նկարիչներին նմանակելու ցանկությունը, անգամ մեր սուլթանի՝ դոժին որպես նվեր ուղարկելիք գրքի՝ վենետիկցիներին հասկանալի ոճով արվելու հրամանը այս նկարի կրկնօրինակությունը չեն ներում։ Անմիջապես նկատեցի իմ վարպետ նկարիչներից յուրաքանչյուրի՝ մարդաշատ նկարի մի անկյունում արած կարմիր գույնը, և դա սիրով սարսափեցրեց ինձ։ Նկարին, ինձ անծանոթ ձեռքն անհասկանալի տրամաբանությամբ տարօրինակ կարմիր էր քսել, նկարի ամբողջ աշխարհը ծանր-ծանր թաթախել էր կարմիրի մեջ։ Մի պահ Քարային ցույց տվեցի, թե որ նկարն ում վրձնին է պատկանում, այդ բազմամարդ նկարի նոճին (Լեյլեք), նավերը և տները (Զեյթին), օդապարուկն ու ծաղիկները (Քելեբեք)։ — Ձեզ պես տարիներ շարունակ մի ամբողջ նկարչական խումբ ղեկավարած վարպետ նկարիչն, իհարկե, իր նկարիչների տաղանդը, յուրաքանչյուրի մատիտի ոճը և վրձնի ոճը կճանաչի,— ասաց Քարան։– Բայց երբ փեսայիս պես տարօրինակ գրքասերը նկարիչներին նոր և անհայտ ոճերով նկարներ է պատվիրում, ինչպե՞ս եք կարողանում ճանաչել նկարիչներին, ինչպե՞ս եք վստահ լինում, թե որ նկարն ում է պատկանում։ — Մի ժամանակ Սպահանի ամրոցում միայնակ ապրող, գրքերի և նկարների սիրահար սուլթան կար,— պատասխանեցի ես՝ մի պատմություն անելով։― Ուժեղ, խելացի, բայց դաժան սուլթան էր։ Իր պատվիրած գրքերից և աղջկանից բացի ոչ ոքի չէր սիրում։ Այնքան էր սիրում աղջկան, որ այն թշնամիները, ովքեր լուրեր էին տարածում, թե նա աղջկան է սիրահարվել, հավանաբար չէին սխալվում։ Որովհետև այնքան հպարտ էր և խանդոտ, որ երբ հարևան արքայազնները, շահերը դեսպաններ էին ուղարկում ու խնդրում դստեր ձեռքը, ցանկանում էր նրան պատերազմ հայտարարել։ Իհարկե, դստերն արժանի ոչ մի ամուսին չէր կարող գտնել և նրան թաքցնում էր քառասուն կողպեքով կողպված քառասուն սենյակների ետևում։ Որովհետև ինչպես ընդունված էր հավատալ Սպահանում, նրա դստեր գեղեցկությունը տեսնողները չէին դիմանա։ Մի օր, երբ իր պատվիրած «Խոսրովն ու Շիրինն» էին կազմում, երբ Հերաթի ոճով նկարում էին, Սպահանում լուր տարածվեց․ էջերի մեջ բազմություն ցույց տվող մի նկարում երևացող գունատ գեղեցկուհին խանդոտ սուլթանի դուստրն է։ Ասեկոսեները լսելուց առաջ էլ այս խորհրդավոր նկարին կասկածող սուլթանն այս անգամ գողացող ձեռքերով գրքի էջերը բացելուն պես անմիջապես արտասվելով նկատեց, թե ինչպես է պատկերվել իր դստեր գեղեցկությունը։ Մարդիկ պնդում էին, որ սուլթանի քառասուն կողպեքի տակ փակվածը ոչ թե հենց ինքը աղջիկը, այլ նրա գեղեցկությունն է։ Ձանձրանալով, ուրվականի պես մի գիշեր սենյակից դուրս գալով, հայելիների մեջ արտացոլվելով, դռան տակից ու կողպեքների միջով անցնելով՝ մինչև գիշերն աշխատող նկարիչներից մեկին կարծես լույսի պես, անտեսանելի ծխի պես էր հասել։ Երիտասարդ ու վարպետ նկարիչը չէր դիմացել և այդ անզուգական գեղեցկությունը պատկերել էր նկարի մի անկյունում, որի վրա այդ պահին աշխատում էր։ Այդ նկարում պատկերված էր, թե ինչպես է Խոսրովը տեսնում Շիրինին մի զբոսանքի ժամանակ և սիրահարվում։ — Վարպետ, սա մեծ պատահականություն է,— ասաց Քարան։– Որովհետև մենք էլ ենք շատ սիրում այս լեգենդի այդ հատվածը։ — Սրանք լեգենդներ չեն, բոլորն իրական պատմություններ են,— ասացի ես։– Լսիր, մեր նկարիչը սուլթանի դստերը ոչ թե որպես գեղեցիկ Շիրին, այլ որպես Շիրնին՝ օգնող, ուդ նվագող և սեղան գցող ծառայող է նկարել։ Որովհետև այդ ընթացքում ծառային էր նկարում։ Այսպիսով, Շիրինի գեղեցկությունը ծառայի հիանալի գեղեցկության կողքին կորցնում է իր փայլը և խախտում նկարի ներդաշնակությունը։ Սուլթանը, նկարի մեջ տեսնելով իր աղջկան, ցանկանում է գտնել այդ տաղանդավոր նկարչին։ Բայց խորամանկ նկարիչը սուլթանի զայրույթից վախենալով՝ ծառայի և սուլթանի դստեր նկարը ոչ թե սեփական ոճով, այլ նոր ոճով է նկարում, որպեսզի ոչ ոք չճանաչի իր ձեռագիրը։ Որովհետև այդ նկարի վրա շատ ուրիշ նկարիչներ էլ էին աշխատել։ — Իսկ ինչպե՞ս է սուլթանը գտնում իր դստերը պատկերած նկարչին։ — Ականջներին է նայում։ — Ո՞ւմ ականջներին։ Աղջկա՞, թե՞ նրա նկարի ականջներին։ — Իրականում ոչ ոքի։ Սկզբում բացում է իր նկարիչների բոլոր գրքերը, էջերը, նկարները և նայում է ականջներին։ Տարիներ շարունակ իմացածը կրկին տեսնում է. ինչպիսի տաղանդ էլ որ ունենան, նկարիչներից յուրաքանչյուրը ականջները սեփական ոճով է նկարում։ Նրանց նկարած դեմքերը, լինի սուլթանի, երեխայի, ռազմիկի, անգամ մեր մարգարեի՝ վարագույրի ետևում պահված դեմքը կամ էլ սատանայի դեմքը, ոչ մի տարբերություն չի լինի։ Բոլոր նկարիչները բոլոր իրավիճակներում, բոլոր նկարներում ականջները սեփական ոճով են նկարում, ասես դա իրենց ստորագրությունը լինի։ — Ինչո՞ւ։ — Վարպետ նկարիչները դեմք նկարելիս կենտրոնանում են նրա վրա, որ դեմքը նմանվի մյուս դեմքերին, կամ չնմանվի, դեմքի գեղեցկությունը բնական լինի և նմանվի հին կաղապարներին։ Հետո, երբ հասնում են ականջներին, ոչ այլ նկարիչներից են գողանում, ոչ էլ կաղապարներն են կրկնօրինակում, ոչ էլ նայում են իսկական նկարներին։ Ականջ նկարելիս երբեք չեն մտածում, չեն կրկնօրինակում, իրենց արածի մասին երկար չեն մտածում, որովհետև այսպիսով կարող են անգամ փակ աչքերով նկարել։ — Բայց մեծ վարպետներն առանց այդ էլ բոլոր հրաշքները իսկական ձիերին, ծառերին, մարդկանց առանց նայելու, առանց անգիր անելու չե՞ն նկարել,— ասաց Քարան։ — Ճիշտ է,— ասացի ես։— Բայց դա տարիներ շարունակ մտածելով, զբաղվելով, ջանալով ձեռք բերվածն անգիր է։ Ամբողջ կյանքում բավականաչափ ձիերի նկարներ և ձի տեսնելու պատճառով իրենց առջև տեսած ամենակենդանի վերջին ձիու գլխի կատարյալ ձևը պատկերելը լավ գիտեն։ Ամբողջ կյանքում տասնյակ հազարավոր անգամ ձիու նկար անող վարպետ նկարչի մատիտն, ի վերջո, Աստծու ստեղծած ձիու պատկերին է մոտենում, և դա սեփական հոգուց ու փորձից ելնելով գիտեն։ Միանգամից պատկերված ձին տաղանդով, տառապանքով ու գիտելիքով է պատկերվում և Աստծու ստեղծած ձիուն մոտ է։ Բայց եթե ձեռքն առանց գիտելիքի, առանց մտածելու, թե ինչ է անում, սուլթանի աղջկա ականջին էլ առանց ուշադրություն դարձնելու է նկարում, ամեն ինչ միշտ թերի է ստացվում։ Թերությունն էլ բոլոր նկարիչների մոտ յուրովի է լինում։ Այսինքն՝ դա դառնում է նրանց ձեռագիրը։ Աղմուկ ու շարժում լսվեց։ Բոսթանջըբաշըի մարդիկ հին արվեստանոցի գրիչների և իմ նկարիչների տներից հավաքելով բերած էջերն էին թողնում։ — Իրականում, ականջն էլ մարդու թերությունն է,— ասացի ես՝ ցանկանալով, որ Քարան ժպտա։– Բոլորի ականջները տարբեր են և բոլորինն էլ նույնն է։ Շատ տգեղ է։ — Ականջների պատճառով իրեն մատնած նկարչի վերջն ինչպե՞ս եղավ։ Ուզում էի ասել՝ «նրան կուրացրին», բայց չասացի, որպեսզի Քարան ավելի չտխրի։ — Նա ամուսնացավ սուլթանի դստեր հետ,— ասացի ես։– Այդ օրից ի վեր նկարիչներին բացահայտելու համար օգտագործվող այս ոճը շատ արվեստանոցների տեր խաների, շահերի և սուլթանների մոտ ստացել է «ծառայի ոճ» անունը և պահվում է որպես գաղտնիք, որպեսզի նկարիչները նկարելով, մի փոքր պատկեր անելով, հետո ժխտեն, անմիջապես հասկանան, թե ով է մեղավորը։ Խորամանկությունն այն է, որ նկարի սրտում տեղ չգտած, ուշադրության չարժանացած և արագ նկարվող մանրամասներն անընդհատ կրկնվում են։ Ականջներ, ձեռքեր, խոտեր, տերևներ կամ էլ ձիերի բաշը կամ ոտքերը, անգամ եղունգները կարող են լինել։ Բայց ուշադիր եղիր, նկարիչը չպետք է իմանա, որ այս յուրահատկությունը դառնում է իր սեփական գաղտնի ոճը։ Օրինակ՝ բեղը չի կարող լինել, որովհետև շատ նկարիչներ բեղերն իրենց հատուկ ոճով նկարելիս հասկանում են և գիտեն, որ այն դառնում էնկարի բացահայտ ստորագրությունը։ Բայց հոնքերը կարող են լինել, որովհետև ոչ ոք դրանց ուշադրություն չի դարձնում։ Հիմա արի տեսնենք, թե ովքեր են այն նկարիչները, որ լուսահոգի Էնիշթեի նկարներին են դիպել իրենց վրձիններով ու մատիտներով։ Այսպիսով, այս երկու գրքերից մեկը գաղտնի էր, մյուսը՝ ոչ։ Երկուսի թեմաները տարբեր էին, տարբեր ոճերով էին նկարված։ Մեկը լուսահոգի Էնիշթեի և իմ հսկողության տակ նկարված, մեր արքայազնի թլպատման արարողությունը պատկերող գիրքն է։ «Սուրնամեի» էջերը կողք կողքի դրեցինք և իմ խոշորացույցով նայեցինք. «Սուրնամեի» էջերում պատկերված էին սուլթանը, որ նստած էր միայն այս արարողություններին հետևելու համար կառուցած պալատում։ Նրա առջևում անցնում էր մորթեգործների խումբը։ Նախ ուշադրություն դարձրինք կարմիր հագուստով, մանուշակագույն գոտիով մի մորթեգործ վարպետի գրկի աղվեսի մորթու բաց բերանին։ Աղվեսի մեկ առ մեկ երևացող ատամները և Էնիշթեի՝ սատանայի նկարի, իմ կարծիքով՝ հեռավոր Սամարղանդից եկած կիսասատանա, կիսադև այդ չարաբաստիկ էակի ատամների հեղինակը նույն մարդն էր՝ Զեյթինը։ Թլպատման տոնի ամենաուրախ օրերին մեր սուլթանի՝ ձիարշավարանին նայող պատուհանի տակ ցնցոտիների մեջ մի խումբ աղքատ սահմանապահ վետերաններ էին կանգնել։ Նրանցից մեկն ասաց. — Իմ տիրակա՛լ, մենք որպես քո հերոս զինվորներ անհավատների դեմ հանուն կրոնի պայքարելիս գերի ենք ընկել և միայն մեր մտերիմներին, եղբայրներին գերության մեջ թորխելով՝ նրանց փրկագինը վաստակելու համար ենք կարողացել ազատվել, բայց Ստամբուլ վերադառնալով տեսանք, որ ամեն ինչ այնքան է թանկացել, որ հիմա անհավատի ձեռքում պատանդ մտերիմների համար փրկագին չենք կարողանում հավաքել և քո օգնության կարիքն ենք զգում։ Մեզ կա՛մ ոսկի տուր, կա՛մ գերիներ, որ փոխանակենք մեր գերի եղբայրների հետ, փրկենք նրանց։ Ահա այդ ընթացքում մեր սուլթանին, մեր խեղճ աղքատ վետերաններին և հրապարակի իրանցի, թաթար դեսպաններին միակ աչքով հետևող, անկյունում նստած ծույլ շան ոտքի եղունգները, պարզ է, որ նույն մարդուն՝ Լեյլեքին էին պատկանում։ Մեր սուլթանի առաջ պտույտներ գործող, տախտակների վրա ձվով աճպարարություններ անողների միջև ճաղատ, մանուշակագույն անթևնոցով, մերկ սրունքներով մեկը անկյունում կարմիր գորգի վրա ծնկի եկած՝ իր դափը նվագելիս մատները պահում էր Էնիշթեի գրքի կարմիր նկարի մեջ ձեռքին սինի պահող կնոջ պես (Զեյթին)։ Մեր սուլթանի առջևով միմյանց հրելով անցնող, մի սայլի մեջ դրած վառարանի վրայի հսկայական կաթսայի մեջ մսով, սոխով կաղամբի տոլման եփվելիս անցնող գնորդների խումբը և կարմիր հողի միջի կապտավուն քարերը, որոնց վրա նրանք ոտք էին դնում, նույն ոճով էր նկարված, ինչ Էնիշթեի «Մահ» կոչված նկարը (Քելեբեք)։ Աշխարհի տիրակալ մեր սուլթանին գովաբանելով՝ Իրանի շահի ընկեր լինելը, մեր սուլթանի հանդեպ եղբայրությունից բացի այլ զգացմունք չտածելն անընդհատ հիշեցնող իրանցի դեսպանի շքեղ վարգաձին նախ ծնկի եկավ, հետո սկսեց վազել։ Այս զայրույթի և պարտության ընթացքում ձիարշավարանում բարձրացող փոշին մարելու համար ջրկիրներ եկան և դեսպանի վրա հարձակվելու պատրաստվող բազմության վրա կտավատի յուղ լցնելով՝ նրանց հանգստացնելու համար նրանց մեջքերին կաշվե պարկեր դնող մարդիկ բերեցին։ Ջրկիրների և կտավատի յուղով լի պարկերր կրող մարդկանց ոտքերն ու կարմիր նկարված էջում վազող զինվորների ոտքերը, կանգնելը միևնույն մարդուն էին պատկանում (Քելեբեք)։ Այս վերջին հայտնագործությունը, իմ ձեռքի խոշորացույցը աջ ու ձախ տանելով՝ մեկ այս, մեկ այն նկարի վրա դնելով՝ հետքեր փնտրելիս ոչ թե ես էի գտել, այլ տանջանքների վախից և տանը սպասող կնոջը հանդիպելու հույսով լայն բացված աչքերով գործին նվիրված Քարան։ Ծառայի ոճով, լուսահոգի փեսայից մնացած ինը նկարը և նրանց հպված մեր նկարիչների բացահայտումը, հետո էլ այս տեղեկությունները մեկնաբանելը մեզնից խլեց ամբողջ ցերեկը։ Քարայի լուսահոգի փեսայի գրքի ոչ մի էջ մի նկարչի վրձնին և տաղանդին չէին պատկանում, իմ վարպետ նկարիչներից երեքն էլ նկարների մեծ մասի հեղինակն էին։ Դա ցույց էր տալիս, որ նկարները տնից տուն են տեղափոխել, հաճախ են տեղափոխել։ Նկատելով, որ իմ ճանաչած նկարիչներից բացի նկարներին հինգերորդ անփորձ մեկն էլ է դիպել, մտածելով ստոր մարդասպանի անտաղանդության մասին՝ զայրանում էի, որ Քարան փեսայի զգուշավոր ձեռագրից ելնելով՝ բացահայտել էր նրան, և մենք փրկվել էինք սխալ հետքով գնալուց։ Մեր «Սուրնամեի» համար արած գրությունների գրեթե նույնը Էնիշթեի գրքի համար արած խեղճ Զարիֆ էֆեդուն էլ մի կողմ դնելով (այո, սիրտս իհարկե կոտրվում էր պատերին, տերևներին, ամպերին նրա մերթընդմերթ դիպած վրձնի հարվածները տեսնելիս)՝ ակնհայտ էր, որ իմ նկարիչների խմբից այս նկարներին միայն երեք ամենափայլուն վարպետներն են դիպել։ Նրանք աշակերտության տարիներից ի վեր սիրով մեծացրածս երեխաներն են, երեք սիրելի տաղանդներս՝ Զեյթին, Քելեբեք, Լեյլեք... Մեր փնտրածը գտնելուն օգնելու համար յուրաքանչյուրի տաղանդի, վարպետության և բնավորության մասին խոսելը ոչ միայն նրանց մասին, այլև իմ սեփական կյանքի մասին խոսել էր նշանակում. '''ԶԵՅԹԻՆԻ ԿԵՂԾԱՆՈՒՆՆԵՐԸ''' Իսկական անունը Վելիջան էր։ Չգիտեմ՝ իմ տված կեղծանունից բացի ուրիշ անուն ուներ, թե ոչ, որովհետև երբեք ոչ մի տեղ չէր ստորագրում։ Իր աշակերտության տարիներին երեքշաբթի առավոտյան ինձ ուղեկցում էր տնից։ Շատ հպարտ էր. ինքն էլ իրեն ստորագրելու համար փոքր էր համարում, բայց ցանկանում էր, որ դա տեսնեն և իմանան, իսկ դա նշանակում էր, որ ստորագրությունը չէր կարող թաքցնել։ Աստված չափից շատ էր տաղանդ շնորհել։ Գրությունից մինչև չափում անելը շատ լավ գիտեր, և ամենալավն ինքն էր անում։ Ծառ, կենդանի և մարդու դեմք նկարելու գործում իմ արվեստանոցի ամենափայլուն նկարիչը նա էր։ Վելիջանին կարծում եմ տասը տարեկանում հայրն էր Ստամբուլ բերել։ Վերջինիս սաֆավիդ շահի Թավրիզի արվեստանոցի հայտնի դիմանկարիչ Սիավուշն էր մեծացրել, իսկ նրանց տոհմը մոնղոլներից էր սերում։ Մոնղոլական-չինական ագդեցությունը կրող, Սամարղանդում, Բուխարայում և Հերաթում տեղավորված հարյուր հիսուն տարի առաջվա ծեր վարպետների նման երիտասարդ սիրահարներին չինացիների պես լուսադեմ էր նկարում։ Ո՛չ աշակերտության տարիներին, ո՛չ էլ վարպետության տարիներին այս ներամփոփ ամուր ընկույզին չկարողացա բացել։ Ցանկանում էի, որ հոգու խորքում թաքցրած մոնղոլ-չինական-հերաթյան վարպետների ոճից և օրինակներից դուրս գա, անգամ եթե հարկավոր է, ցանկանում էի, որ մոռանա դրանք։ Երբ դրա մասին ասացի նրան, արվեստանոց և երկիր փոխած շատ նկարիչների պես ասաց, որ միևնույն է՝ արդեն մոռացել է նրանց, որ իրականում չի էլ սովորել դրանք։ Շատ նկարիչներ իրենց հիշողության մեջ թաքցրած այդ հիանալի կաղապարների համար թանկ արժեն, բայց եթե Վելիջանը մոռանար, ավելի մեծ նկարիչ կդառնար։ Վարպետներից սովորածները հոգու խորքում անդառնալի մեղքի պես թաքցնելու մեջ երկու դրական կողմ կար, որոնց մասին ինքն էլ չգիտեր։ Այսպիսով, դա տաղանդավոր նկարչին մեղքի և օտարության զգացողություն է տալիս։ Հիշում է, որ մոռացել է միայն անելանելի իրավիճակներում և հին կաղապարներից մեկն օգտագործելով՝ նոր թեմա, նոր պատմություն, անսովոր խոսակցություն կարող է օգտագործել։ Քանի որ շատ լավ է տեսնում ամեն բան, հին կաղապարից, շահ Թահմասփի հին վարպետներից սովորած նոր նկարին պետք է ներդաշնակությամբ համապատասխանի։ Նրա ձեռքին Հերաթի նկարը և Ստամբուլի մանրանկարչությունը ներդաշնակությամբ միանում են իրար։ Ինչպես և բոլոր նկարիչներիս հետ եմ վարվել, մի անգամ առանց լուր տալու, գնացել էի նրա տուն։ Ես, ի տարբերություն շատ նկարիչների, մի անկյունում էի աշխատում, որտեղ ներկերը, վրձինները, խեցիները, գրքակալը, բոլորն իրար վրա թափված ու կեղտոտ էին։ Ինձ համար առեղծված էր, բայց նա այս վիճակից չէր էլ ամաչում։ Բացի այդ, ասում էին, որ մի քիչ ավելի շատ վաստակելու համար դրսում աշխատանք է անում։ Այդ մասին պատմելիս Քարան ասաց, որ իր լուսահոգի փեսայի եվրոպական ոճն ամենաշատը Զեյթինն էր սիրում, դրան հետևում։ Հասկանում էի, որ դա գովաբանություն էր լուսահոգի հիմարին։ Նաև այն, որ սխալ հետքի վրա էինք։ Հոր վարպետ Սիավուշին և նրա վարպետ Մուզաֆֆերի հերաթյան ոճին, Բեհզադի ապրած ժամանակաշրջանին և հին վարպետներին նմանվելը, գաղտնի նվիրվածությունն ինձ անընդհատ ստիպում է մտածել, որ Զեյթինն ինչ-որ գաղտնիք ունի։ Իմ նկարիչներից ամենալուռը, ամենաներամփոփը, ամենամեղավորը, ամենադավաճանողը, ամենախորամանկը (սա անկեղծ ասացի) նա էր։ Բոսթանջըբաշըի տանջանքի մասին խոսելիս առաջինը նրա մասին էի մտածում։ (Ե՛վ չէի ցանկանում, որ նրան տանջեն, և՛ ցանկանում էի)։ Ջինի պես աչքեր ունի, ամեն ինչ տեսնում է, նկատում է անգամ իմ թերությունները, բայց բոլոր կաղապարներին համապատասխանող մի անտուն մարդու զգուշավորությամբ բերանը բացելով՝ երբեմն ցույց էր տալիս մեր սխալները։ Խորամանկ է, այո, բայց իմ կարծիքով մարդասպան չէ։ (Դա էլ չասացի Քարային)։ Որովհետև ոչ մի բանի չի հավատում։ Փողին էլ չի հավատում և վախկոտի պես փող չի հավաքում։ Մինչդեռ բոլոր մարդասպանները, հակառակ բոլորի կարծիքներին, ոչ թե անհավատ, այլ հավատացյալ են լինում։ Մանրանկարչությունը դեպի նկարչություն, նկարչությունից էլ Աստծուն, թույլ տվեք ասել, ձեռնոց նետող դուռ է. բոլորը գիտեն դա։ Զեյթինն իսկապես նկարիչ էր, որովհետև անհավատ էր։ Այդպիսի տաղանդ Քելեբեքը, անգամ Լեյլեքը չունեն։ Կցանկանայի, որ Զեյթինը որդիս լիներ։ Այդ մասին ասելիս ցանկացա, որ Քարան խանդի Զեյթինին, բայց նա միայն սև աչքերը բացելով՝ երեխայական հետաքրքրությամբ նայեց։ Այդ ժամանակ Զեյթինի սև մատիտի ոճով աշխատանքները, թղթապանակների միջի միակ ռազմիկի, որսորդի նկարները, չինացիների պես արագիլներով, կռունկներով տեսարանով ծառի տակ նստած բանաստեղծություն կարդալով ուդ նվագող տղաներ նկարող ամենալեգենդար սիրահարների տխրությունը, թուրը ձեռքին զայրացած շահի զայրույթը, վիշապի հարձակումից փախչող հերոսի դեմքի վախը տեսնելով՝ ասացի, որ հիանալի է։ — Գուցե մեր սուլթանի դեմքի, կեցվածքի, եվրոպացիների պես մանրամասներով նկարած վերջին նկարը նրան էր պատվիրելու,— ասաց Քարան։ Ցանկանում էր ինձ շեղե՞լ։ — Եթե այդպես լիներ, Էնիշթեին սպանելուց հետո առանց այդ էլ հայտնի այս նկարը ինչո՞ւ պետք է Զեյթինը գողանար,— ասացի ես։– Կամ էլ այդ նկարը տեսնելու համար Էնիշթեին ինչո՞ւ պետք է սպաներ։ Մի պահ միասին մտածեցինք։ — Որովհետև այդ նկարում մի բան պակասում է,— ասաց Քարան։– Կամ էլ որովհետև ինչ-որ բանից վախեցել է և զղջացել։ Կամ էլ... Մի քիչ մտածեց։ — Կամ էլ խեղճ փեսայիս սպանելուց հետո վնասելու, հուշ վերցնելու, անգամ առանց պատճառի մի բան անելու համար չէ՞ր կարող վերցնել։ Զեյթինը մեծ նկարիչ է, և իհարկե, գեղեցիկ նկարի հանդեպ հարգանք կտածի։ — Ասացինք, որ Զեյթինը մեծ նկարիչ է,— զայրանալով ասացի ես։— Բայց Էնիշթեի այս նկարներից ոչ մեկը գեղեցիկ չէ։ — Վերջինը չենք տեսել,— քաջությամբ ասաց Քարան։ '''ՔԵԼԵԲԵՔԻ ԿԵՂԾԱՆՈՒՆՆԵՐԸ''' Նրան գիտեն որպես բարութհանեցի Հասան Չելեբի, բայց ինձ համար միշտ Քելեբեք է եղել։ Այս անունն ինձ և՛ նրա գեղեցիկ մանկությունը, և՛ երիտասարդությունն է հիշեցնում։ Այնքան գեղեցիկ է, որ նայողները նրան տեսնելով՝ չեն հավատում և նորից են նայում։ Ամեն անգամ ինձ զարմացնող հրաշք, որքան գեղեցիկ է, այնքան էլ տաղանդավոր է։ Գույնի վարպետ է, դա նրա ամենաուժեղ կողմն է. կարծես գույն քսելու հաճույքից գլխապտույտով, հարբելով է նկարում։ Բայց Քարային նաև ասացի, որ անկայուն է, աննպատակ և անորոշ։ Արդար լինելու համար էլ ավելացրի․ սրտով նկարող իրական նկարիչ է նա։ Եթե նկարչությունը խելքի համար, մեր ներսի կենդանուն ձայն տալու համար կամ էլ սուլթանին սիրաշահելու համար չէ, այլ աչքի երջանկության համար, ուրեմն Քելեբեքն իսկական նկարիչ է։ Քառասուն տարի առաջ Քազվինի վարպետներից դաս առածի պես լայն, հանգիստ, երջանիկ, կլոր գծեր է գծում, փայլուն, անխառն գույները խիզախորեն տարածում է, և նկարի թաքուն կարգի մեջ միշտ շքեղ կլորություն կա, բայց ես եմ նրան մեծացրել, ոչ թե վաղուց փոշիացած այդ քազվինցի վարպետները։ Գուցե այդ պատճառով, նրան որդուս պես և որդուցս ավելի եմ սիրում, բայց նրանով չեմ հիանում։ Սանկության և վաղ պատանեկության տարիներին բոլոր աշակերտներիս պես մատիտի պոչով, քանոնով, անգամ փայտով նրան շատ եմ ծեծել, բայց դա չի նշանակում, որ չեմ հարգում։ Որովհետև Լեյլեքին էլ քանոններով շատ եմ ծեծել, բայց նրա հարգում եմ։ Վարպետի ծեծը, երիտասարդ աշակերտի տաղանդի ջիները և սատանային որպես այդպիսին չընդունելը ժամանակավորապես խոչընդոտի են հանդիպում։ Եթե նրանք արժանացել են այդ ծեծին, ջիները և սատանան ավելի ուշ ստիպել են նրանց հաղթահարել նկարչի աշխատանքի ճանապարհին հանդիպած խոչրնդոտները։ Իսկ Քելեբեքին ծեծելը նրան երջանիկ ու հնազանդ նկարիչ էին դարձրել։ Կրկին Քարայի մոտ նրան գովաբանելու կարիք զգացի։ — Քելեբեքի նկարչությունը,— ասացի ես,— լավ ապացույց է այն բանի, որ բանաստեղծության երջանկությունը հնարավոր կլինի միայն Աստծու պարգևած նկարի տաղանդի միջոցով։ Երբ դա հասկացա, հասկացա նաև, թե ինչն է պակասում Քելեբեքին. Ջամիի բանաստեղծության մեջ «հոգու մութ գիշերը» կոչվող այդ անհավատության պահը նրա մոտ չկա։ Դրախտում երջանկություն պատկերած նկարչի պես, հավատով ու երջանկությամբ, երջանիկ նկարի հանդեպ հավատով է սկսում աշխատել, և իսկապես իրականություն է դարձնում այդ երջանիկ նկարը։ Մեր բանակի՝ Դոպպիո ամրոցը շրջապատելը, հունգարացի դեսպանի՝ մեր սուլթանի ոտքը համբուրելը, մեր մարգարեի՝ ձիով յոթերորդ երկինք բարձրանալը, սրանք, իհարկե, ինքնին երջանիկ իրադարձություններ են, բայց Քելեբեքի էջերից թև առած դուրս գալով՝ իսկական տոնի վերածվեցին։ Իմ արած մի նկարում մահվան մթությունը կամ էլ պալատական ժողովի լրջությունը եթե չափից շատ է զգացվում, ես Քելեբեքին ասում եմ՝ նկարիր այնպես, ինչպես ուզում ես, և այսպիսով նրա վրա ասես սառը հող է լցվում, լուռ անշարժացած քողերը, տերևները, դրոշները, ծովերը քամուց անմիջապես ծածանվում են։ Երբեմն երբ տեսնում եմ Աստծու աշխարհը Քելեբեքի նկարներում, մտածում եմ, որ նա հրամայել է, որ կյանքը տոն դառնա։ Սա մի աշխարհ է, որտեղ գույները ներդաշնակորեն միմյանց կատարյալ բանաստեղծություններ են կարդում, ուր ժամանակր կանգ է առնում, ուր սատանան երբեք չի գալիս։ Բայց անգամ Քելեբեքը գիտի, որ սա թերի է։ Ինչ-որ մեկը նրան, այո, իրավացիորեն, շշնջացել է, որ նա իր նկարներում ամեն ինչ նկարել է տոն օրերի պես երջանիկ, բայց խորությունից զուրկ։ Նրա նկարները սիրում էին մանկահասակ արքայազնները և մահվան շեմին խելքը թռցրած հարեմի կանայք, ոչ թե կյանքի մարդիկ, ովքեր ստիպված են վատ բաների հետ գործ ունենալ։ Քանզի շատ լավ գիտեր, որ իր մասին այսպես են խոսում, խեղճ Քելեբեքը երբեմն մտածելով, որ միայն սատանաներ ու ջիներ ունի, իրենից պակաս տաղանդավոր և անտաղանդ նկարիչներին էր խանդում։ Մինչդեռ այն, ինչ նա սատանայություն էր համարում, հաճախ պարզապես վատություն է ու նախանձ։ Զայրանում էի նրա վրա, երբ նկարելիս այդ հիանալի աշխարհի մեջ կորչելով՝ երջանիկ չէր լինում, բայց երազում էր, որ նկարներն ուրիշներին դուր կգան, և դրանով երջանկանում էր։ Անգամ զայրանում էի, որ մտածում էի նրա վաստակած գումարի մասին։ Ճակատագրի հեգնանք է. նրանից ավելի անտաղանդ նկարիչներ կան, որ նկարելիս ավելի շատ են նվիրվում իրենց արվեստին։ Այս թերությունները վերացնելու պահանջը Քելեբեքին սեփական նկարչությանը նվիրվելու խնդրի առաջ էր կանգնեցրել։ Եղունգի, բրձնի հատիկի վրա անզեն աչքով գրեթե անտեսանելի նկարներ անող հիմար նկարիչների պես փոքրիկ, նուրբ աշխատանքների հանդեպ հետաքրքրություն ուներ։ Մի անգամ հարցրի նրան՝ արդյոք շատ նկարիչների վաղ տարիքում կուրացնող չարությա՞ն, Աստծու՝ իրեն չափից դուրս պարգևած տաղանդից ամաչելու պատճառո՞վ է իրեն այսպես պահում։ Բրնձի հատիկի վրա ծառի բոլոր տերևները մեկ առ մեկ նկարելը հատուկ է անտաղանդ նկարիչներին, ովքեր հեշտությամբ հայտնի դառնալու և հաստագլուխ տերերին սիրաշահելու համար են անում միայն։ Մանրանկարչությունն ու նկարչությունը ոչ թե սեփական աչքի, այլ ուրիշների համար անելը, այս անհաղթահարելի՝ մյուսներին դուր գալու ցանկությունր Քելեբեքին բոլորից շատ էր հաճոյախոսությունների գերի դարձրել։ Վախկոտ Քելեբեքն այդ պատճառով իրեն ապահովելու համար կցանկանա նաև գլխավոր նկարիչ դառնալ։ Այս թեման Քարան բացեց։ — Այո՛,— ասացի ես,— գիտեմ, որ մահից հետո իմ տեղը գրավելու համար խորամանկությունների է դիմել։ — Այդ պատճառով կարո՞ղ է սպանել նկարիչ եղբայրներին։ — Այո, որովհետև մեծ վարպետ է, բայց չգիտի և նկարելիս էլ չի մոռանում աշխարհի մասին։ Այդ մասին ասելուն պես իրականում հասկացա, որ ցանկանում եմ Քելեբեքին ինձնից հետո տեսնել որպես արվեստանոցի գլխավոր նկարիչ։ Զեյթինին չեմ կարողանում վստահել ինչ վերաբերում է Լեյլեքին, ակամա հավատում եմ, որ դառնալու է, ի վերջո, եվրոպական ոճի գործիք։ Քանզի կարծում եմ, որ նա կարող է ձեռք բարձրացնել մարդկանց վրա, Քելեբեքի՝ սիրվելու ցանկությունը, որն ինձ տխրեցնում է, արվեստանոց և սուլթանին միևնույն ժամանակ կառավարելու համար բավական է։ Եվրոպացիների կարդինալները, կամուրջները, նավերը, մոմակալները, եկեղեցիներն ու ախոռները, եզներն ու անիվները, բոլորն ասես իմ առաջ են, անգամ նրանց ստվերները, բոլոր մանրամասներով նկարելով՝ ոչ թե նկարի, այլ իրականության պես ցույց տալով՝ նայողին խաբելու տաղանդին միայն Քելեբեքի զգացմունքայնությունը և գույնի հավատը կարող են հակադարձել։ — Ինչպես արել եք մյուս նկարիչների հետ, նրա տուն էլ առանց լուր տալու գնացե՞լ եք։ — Քելեբեքի նկարներին նայողը հասկանում է, որ նա անկեղծ սիրել և տխրել գիտի, գիտի սիրո արժեքր և զգում է այն։ Բայց գույնը սիրող բոլորի պես, նրանց հաճույքը տատանվում է և արագ փոխվում։ Աստծու պարգևած հրաշալի տաղանդը և գույնի զգացողությունը շատ սիրելուս համար երիտասարդ տարիքում շատ էի նման նրան, լավ գիտեմ։ Իհարկե, նման իրավիճակներում այլ նկարիչներ անմիջապես նախանձում են, և վարպետ-աշակերտ հարաբերությունները թունավորվում են, բարդանում։ Քելեբեքը շատ է ունեցել այնպիսի սիրային պահեր, երբ չի մտածել, թե ուրիշներն ինչ են մտածում։ Վերջերս ամուսնացավ թաղի նպարավաճառի գեղեցիկ դստեր հետ, բայց ժամանակ չեմ ունեցել նրան այցելելու, բացի այդ, ցանկություն էլ չեմ ունեցել։ — Էրզրումցի հոջայի կողմնակիցների հետ է ընկերություն անում, ասում են,— ասաց Քարան։– Ասում են, որ եթե խոհարարից մինչև աճպարար, թարիքաթի ժողովրդից մինչև թեթևաբարոներ, քաբաբ անողներից մինչև երկաթագործներ, բոլորի անցողիկ նկարները ցույց տվող մեր սուրնամեները, պատերազմները, զենքերը, արյունոտ և սովորական պահերը ներկայացվեն, մեր հրովարտակները, էրզրումցի հոջայի հետևորդները կպակասեն և կրոնին անհամապատասխան համարվելով՝ կարգելվեն, և հին իրանյան վարպետների գրքերին ու կաղապարներին եթե վերադառնանք, Քելեբեքն այս գործից շահ կունենա։ — Թեմուրի ժամանակից մնացած այղ հիանալի նկարներին տաղանդով ու հաղթանակով էլ եթե վերադառնանք, ինձնից հետո ամենախելացի նկարչի՝ Լեյլեքի վարած կյանքի և մասնագիտության մանրամասների մասին եթե խոսենք, ամեն ինչ, ի վերջո, կմոռացվի,— ասացի ես դաժանորեն։– Որովհետև բոլորը կցանկանան եվրոպացիների պես նկարել։ Հավատո՞ւմ էի այս դաժան խոսքերին։ — Փեսաս էլ էր այդպես ասում,— ցածրաձայն ասաց Քարան։— Բայց նա դրական էր տրամադրված։ '''ԼԵՅԼԵՔԻ ԿԵՂԾԱՆՈՒՆՆԵՐԸ''' Նկարիչ Մեղավոր Մուսթաֆա Չելեբի անունով ստորագրելն եմ տեսել։ Որովհետև՝ ես ոճ ունեմ, թե չէ, պետք է ունենամ, թե չէ, եթե ունեմ, արդյոք պետք է ստորագրեմ, հին վարպետների պես պետք է թաքցնեմ, թե ոչ, համեստ ստորագրություն պետք է ունենամ, թե չէ. այսպիսի խնդիրների մասին չմտածելով՝ ժպտալով ու դեմքի հաղթանակած արտահայտությամբ էր ստորագրում։ Իմ բացած ճանապարհով քաջությամբ անցավ և պատկերեց այն, ինչ նախկինում ոչ ոք չէր տեսել։ Ապակեգործ վարպետների վառարաններում հալեցրած նյութը, կապույտ կժերը և կանաչ շշերը պատրաստելու համար պտտեցնելով վրան փչելը, կոշիկների և երկարաճիտ կոշիկների վրա ամբողջ ուշադրությամբ սևեռված կոշկագործների կաշին, ասեղները, կաղապարները, տոնի ժամանակ ձիով ճոճանակի՝ նրբորեն աղեղ գծելը, սերմը ճզմող ճնշիչի տակից յուղի դուրս գալը, թշնամի թնդանոթների պայթյունը, մեր հրացանների փողերը, ձգանները, պտուտակները տեսնելով՝ չասաց, որ Թեմուրի ժամանակների հին վարպետները, Թավրիզի, Քազվինի լեգենդար նկարիչները չեն բարեհաճել սա նկարել, այլ ինքը գործի անցնելով՝ նկարեց։ Իր նկարելիք սեֆերնամեն պատրաստելու համար պատերազմ գնացած, թշնամական ամրոցներին, թնդանոթներին, բանակներին, արնահոսող վերքերով ձիերին, հոգին ավանդողներին ու դիակներին՝ նկարելու համար ախորժակով նայած, ողջ և առողջ վերադարձած առաջին մուսուլման նկարիչն էր։ Նրան ճանաչում եմ ավելի շատ թեմայից, քան ոճից, ավելի ճիշտ՝ այն մանրամասներից, որոնց վրա ոչ ոք ուշադրություն չէր դարձրել։ Էջի ձևավորումից, ամենափոքր մանրամասներից կարող եմ հանգիստ ասել, որ նկարը նրանն է։ Այդ պատճառով իրականում ինձնից հետո գլխավոր նկարիչ դառնալը նրա իրավունքն է։ Բայց այնքան չար և ինքնասիրահարված, այլ նկարիչների հանդեպ այնքան մեծամիտ է, որ շատ նկարիչների չի կարող ղեկավարել, բոլորին կվանի։ Իրականում կարծում է, որ անհավատալի աշխատասիրությամբ մեր արվեստանոցի բոլոր նկարները պետք է ինքն անի։ Եթե ցանկանա, կանի։ Մեծ վարպետ է, գիտի իր գործը։ Սիրում է իրեն։ Որքա՜ն երջանիկ է։ Երբ առանց լուր տալու գնացի նրա տուն, տեսա, որ աշխատում է. մեր սուլթանի, ինձ համար արած նկարները, մեզ ստորացնելու ցանկություն ունեցող հիմար եվրոպացի զբոսաշրջիկների աղքատիկ գրքերի համար ջանադիր նկարած քըյաֆեթնամեների էջերը, իրեն աշխարհի կենտրոնը համարող մի փաշայի համար նկարած, երեք նկարից կազմված էջերից մեկը, անգամ թղթապանակների համար, իր հաճույքի համար արած նկարները... Բոլորը, ներառյալ զուգավորման անշնորհք նկարը, գրքերի տախտակների, փոքրիկ դարակների, բարձերի վրա էին և մեղվի պես աշխատող երկարահասակ, նուրբ Լեյլեքս մի նկարից մյուսն էր վազում, թյուրքուներ էր երգում, ներկերը խառնող աշակերտի մոտից մկրատ էր վերցնում, նկարին կատակ խառնելով՝ մեզ ցույց տալով՝ ինքն իրեն զարմացած ծիծաղում էր։ Ի տարբերություն մյուս նկարիչների՝ իմ գալու համար հարգանքի ծեսեր չարեց, ընդհակառակը՝ Աստծու տված տաղանդով, աշխատասիրությամբ և ձեռք բերած ընդունակությամբ միևնույն ժամանակ յոթ-ութ նկարչի գործ էր անում։ Հիմա էլ գաղտնի մտածում եմ, որ եթե ստոր մարդասպանն իմ երեք նկարիչներից մեկն է, Աստված տա, Լեյլեքը լինի։ Աշակերտության տարիներին ուրբաթ առավոտյան իմ դռան մոտ Քելեբեքին տեսնելիս արդեն առաջվա պես չէի կարողանում ուրախանալ։ Ցանկացած տարօրինակ դետալի, առանց որևէ տրամաբանության (աչքով տեսանելիից բացի) նույն հարգանքը ցույց տալու համար նկարի ոճը նման էր եվրոպական վարպետներին։ Բայց ի տարբերություն եվրոպացի նկարիչների՝ իմ զայրացած Լեյլեքը մարդկանց դեմքերը ոչ որպես յուրահատուկ և միմյանցից տարբերվող բաներ էր տեսնում, ոչ էլ նկարում։ Կարծում եմ՝ բոլորին բացահայտ կամ գաղտնի ստորացնելու համար մարդկանց դեմքերի վրա ուշադրություն չէր դարձնում։ Լուսահոգի Էնիշթեն մեր սուլթանի դիմանկարը նրան չէր պատվիրել։ Անգամ ամենալուրջ թեմայով նկարելիս մի անկյունում թեմայի հետ կապ չունեցող, կասկածելի շուն էր նկարում կամ էլ մի հարուստ և շքեղ տոն պատկերելիս մի անկյունում տառապած, խեղճ մուրացկան էր նկարում։ Իր նկարով, թեմայով կամ իրեն ծաղրելու չափ վստահ էր իր ուժերին։ — Զարիֆ էֆենդու՝ ջրհորը գցելով սպանվելը նման է Հովսեփի՝ նախանձող եղբայրների ձեռքով ջրհոր նետվելուն,— ասաց Քարան։— Փեսայիս սպանությունն էլ նման է Խոսրովի՝ երիտասարդ կին Շիրինին սիրահարված որդու կողմից հանկարծակի սպանվելուն։ Լեյլեքի՝ պատերազմ և արյունոտ սպանություն նկարելը սիրելու մասին բոլորն են ասում։ — Այն, որ փորձում եմ գուշակել իմ նկարիչների նկարների թեման, նշանակում է, որ ոչ ինձ, ոչ էլ նրանց չեմ հասկանում։ Մեզ մատնողը մեզ ուրիշների պատվիրած թեմաները չեն։ Այդ թեմաներն առանց այդ էլ միշտ նույնն են։ Խնդիրը նրանց մոտենալիս նկարի հանդեպ զգացած մեր գաղտնի զգացմունքայնությունն է։ Նկարի միջից կարծես լույս է ճառագում, մարդկանց, ձիերի, ծառերի, էջի ձևավորմամբ զգացվող հետաքրքրություն կամ զայրույթ, նոճիների՝ դեպի երկինք ձգվելիս ունեցած ցանկությունն ու տխրությունը, պատերի ճենապակու՝ կուրացնող կրքով աշխատելիս էջերին փոխանցած ապավինության և համբերության զգացմունքը... Սրանք են մեր գաղտնի նշանները, կարծես մեկը մյուսին կրկնող ձիեր չեն։ Մի ձիու զայրույթը և արագությունր պատկերելիս նկարիչը չի նկարում սեփական զայրույթը և արագությունը, ամենակատարյալ ձիուն նկարել փորձելիս աշխարհի հարստությանը և նրան ստեղծողի հանդեպ զգացած սերը, ապրելու, սիրո գույներն է ցույց տալիս, այդքանը։ == 42. Իմ անունը Քարա է == Մեծ վարպետ Օսմանի հետ մեր առջև դրված՝ լիովին ավարտված, խունացած, կիսատ մնացած գրքերի էջերին նայելով, ամբողջ ցերեկը վարպետ նկարիչների և փեսայիս գրքի էջերի մասին խոսելով ու դրանք չափելու համար օգտագործած քանոնները ձեռքներիս անցկացրինք։ Էջերը հավաքել էին նկարիչների և գրիչների տուն ներխուժելով (որոշ ցուցատախտակներ մեր երկու գրքերի հետ կապ չունեին, իսկ որոշ էջեր վկայում էին, որ գրիչները մի քիչ գումար աշխատելու համար պալատից դուրս գաղտնի խղճուկ գործերով են զբաղվել)։ Կարծում էինք՝ այդ էջերը հավաքող Բոսթանջըբաշըի հարգալից, բայց կոպիտ մարդիկ գնացել են, բայց նրանցից մեկը՝ ամենաինքնավստահը, մեծ վարպետին մոտենալով՝ գոտու միջից մի թուղթ հանեց։ Մի պահ կարծելով, թե որդուն որպես աշակերտ բերել ցանկացող հոր՝ խմբապետերին, աղաներին տարբեր ճանապարհներով հասցրած խնդրագրերից մեկն է, ուշադրություն չդարձրի։ Դրսից եկող թույլ լույսից հասկացա, որ առավոտվա արևը կորել է։ Աչքերս հանգստացնելու համար, ինչպես Շիրազի հին վարպետներն են երիտասարդ տարիքում անում չկուրանալու համար, առանց մի կետի նայելու՝ փորձում էի պարզապես հեռուն նայել։ Երբ վարպետս ձեռքի նամակին զարմանքով նայեց, այդ պահին ճանաչեցի թղթի հաճելի գույնը, ինձ հուզող ծալվածքը։ Շեքուրեի՝ Էսթերի միջոցով ինձ ուղարկած նամակներին էր նման։ «Ինչպիսի պատահականություն»՝ քիչ էր մնում ասեի հիմարի պես։ Բացի այդ, Շեքուրեի՝ ինձ ուղարկած առաջին նամակի պես մի անկյունում կոշտ թղթի վրա արված նկար կար։ Վարպետ Օսմանը նկարած թուղթը վերցրեց։ Այդ պահին ամոթով հասկացա, որ ինձ մեկնած նամակը Շեքուրեից է։ «Քարա՛ բեյ, Էսթերին լուսահոգի Զարիֆ էֆենդու այրու՝ Քալբիյեի մոտ ուղարկեցի, որպեսզի նրան հարցուփորձ անի։ Այնտեղ այս թուղթն է ցույց տվել նրան, որի վրա պատկերներ կան։ Հետո ես գնացի նրա տուն, ամեն ինչ արեցի, խնդրեցի, աղաչեցի, կարողացա այս թուղթը նրա ձեռքից վերցնել՝ մտածելով, որ օգտակար կլինի։ Այս թուղթը խեղճ Զարիֆ էֆենդու՝ ջրհորից դուրս բերած դիակի վրա է եղել։ Քալբիյեն երդվում է, որ լուսահոգի ամուսնուն ոչ ոք չի պատվիրել ձի նկարել։ Բոսթանջըբաշըի մարդիկ նրա տունը խուզարկել են։ Սա ուղարկում եմ, որովհետև այս ձիու խնդիրը լուրջ է։ Երեխաները համբուրում են ձեռքդ։ Քո կին՝ Շեքուրե»։ Գեղեցիկ նամակի վերջին երկու բառը երկու անգամ էլ կարդացի այնպիսի հարգանքով, ասես ուշադրությամբ պարտեզի երկու հիանալի կարմիր վարդի էի նայում։ Հետո տեսնելով, որ վարպետ Օսմանը խոշորացույցով ուշադիր նայում է թղթին, ես էլ մոտեցա։ Թանաքի գույնը թափված, հին վարպետների ոճով վարժվելու համար մի քայլով նկարված ձիեր տեսա։ Շեքուրեի նամակն անձայն կարդացող վարպետ Օսմանը բարձրաձայն հարցրեց. — Սա ո՞վ էնկարել։ — Իհարկե, լուսահոգի Էնիշթեի ձին նկարած նկարիչը,— ինքն իրեն պատասխանեց հետո։ Այդքան վստա՞հ էր։ Բացի այդ, անգամ վստահ չէինք, թե գրքի ձիու նկարի հեղինակն ով է։ Ինը էջից ձիու նկարը վերցնելով՝ սկսեցինք ուշադիր նայել։ Գեղեցիկ, պարզ և կարմիր մարմնով, մուգ ոտքերով ձի էր, որին մարդ անընդհատ ցանկանում էր նայել։ Արդյոք ճի՞շտ եմ ասում, թե մարդ անընդհատ ուզում էր նայել։ Փեսայիս հետ ու հետո միայնակ այս նկարները նայելիս էլ այս ձիուն նայելու համար շատ ժամանակ էի ունեցել, բայց երկար չէի ուսումնասիրել։ Գեղեցիկ, բայց սովորական ձի էր. այնքան սովորական, որ չհասկացանք, թե ում վրձնին է պատկանում։ Ոչ թե արմավագույն, այլ շագանակագույն կոչվող ձիերից էր։ Երևում է, որ այլ կարմիր գույն էլ կար։ Ուրիշ գրքերում ու նկարներում այնքան շատ էի այդպիսի ձի տեսել, որ հասկանալի էր՝ նկարիչն առանց մտածելու, հիշելով է նկարել։ Այսպես նայեցինք ձիուն՝ մինչև հասկացանք, որ այն գաղտնիք ունի։ Իսկ հիմա ձիու մեջ աչքիս առաջ գոլորշու պես դողացող գեղեցկություն և ապրելու, սովորելու, ամեն բան հասկանալու ոգևորություն արթնացնող ուժ էի տեսնում։ — Այս ձիուն Աստծու տեսածի պես նկարող հրաշագործ ձեռքերով նկարիչն ո՞վ է,— հարցնում էի ինքս ինձ՝ մի պահ մոռանալով, որ նա խղճուկ մարդասպան է։ Ձին կարծես իրական ձիու պես իմ առջև էր, բայց մյուս կողմից էլ գիտեի, որ դա նկար է, և այս երկու մտքից կախարդվելն իմ մեջ ամբողջության, կատարելության զգացողություն էր արթնացնում։ Մի շրջան վարժվելու համար օգտագործած, թղթի վրա տարածված թանաքով ձիերին, իմ փեսայի գրքի համար արված ձիու հետ համեմատեցինք և անմիջապես հասկացանք, որ նույն նկարչին են պատկանում, ձիերի կեցվածքը ոչ թե շարժում, այլ խաղաղություն էր հիշեցնում, նրանք հպարտ էին, ուժեղ և նրբակազմ։ Էնիշթեի գրքի ձիու նկարով հիացա։ — Այս ձին այնքան գեղեցիկ է,— ասացի ես,— որ մարդ ցանկանում է անմիջապես թուղթ վերցնել, այսպիսի ձի նկարել, հետո մնացած ամեն ինչը նկարել։ ― Նկարչին արվող լավագույն հաճոյախոսությունը դա է. ասել, որ նրա նկարները մեր մեջ էլ են նկարելու ցանկություն առաջացնում,— ասաց վարպետ Օսմանը։– Բայց հիմա մենք ոչ թե այս չարագործի տաղանդին, այլ ինքնությանը պետք է նայենք։ Լուսահոգի Էնիշթե էֆենդին քեզ ասե՞լ է, թե այս ձին ո՞ր պատմությունից է։ — Չի ասել։ Սա ըստ նրա՝ մեր հզոր սուլթանի՝ ամբողջ երկրում ապրող ձիերից մեկն է։ Գեղեցիկ ձի. Ալիս Օսմանի ձին, Վենետիկի դոժին մեր սուլթանի տիրած երկրները, հարստությունը ցույց տվող նշան։ Բայց մյուս կողմից՝ եվրոպացի վարպետների նկարած ամեն ինչի պես այս ձին էլ Աստծու տեսած ձիուց կենդանի է, Ստամբուլում է ապրել, նա պետք է որ ախոռ, ձիապան, մեկ այլ ձի ունեցած լինի։ Վենետիկի դոժը, ելնելով նրանից, որ նկարիչները սկսել են մեզ պես տեսնել և նկարել, թող ասի, որ օսմանցին սկսել է իրենց նմանվել, մեր սուլթանի ուժն ու ընկերությունն ընդունի։ Որովհետև երբ մարդ ձիուն սկսում է ուրիշ կերպ նկարել, ամբողջ աշխարհն էլ սկսում է այլ կերպ տեսնել։ Բայց չնայած տարօրինակությանը՝ այս ձին հին վարպետների ոճով է նկարված։ Ձին, որի մասին այսքան կարելի է խոսել, իմ աչքում ավելի գրավիչ և արժեքավոր երևաց։ Բերանը մի քիչ բաց էր, և ատամների արանքից երևում էր լեզուն։ Աչքերը փայլում էին։ Ոտքերը ուժեղ էին և գեղեցիկ։ Նկարը լեգենդ դարձնողը հենց ինքը նկա՞րն էր, թե՞ այն, ինչ խոսում են նրա մասին։ Վարպետ Օսմանը խոշորացույցով դանդաղնայում էր ձիու նկարը։ — Ի՞նչ է ուզում ասել այս ձին,— անկեղծ հարցրի ես։— Ինչո՞ւ կա այս ձին։ Ինչո՞ւ այս ձին։ Ի՞նչ է այս ձին։ Ինչո՞ւ է այս ձին ինձ ոգևորում։ — Գրքասեր սուլթանները, շահերը, փաշաները իրենց պատվիրած գրքերի պես՝ նկարներն էլ, ուժերը և իշխանությունն էլ են զգում, նկարվող ոսկե նախշերի, նկարչի ներդրած ջանքերի և աչքի լույսի առատությամբ սեփական հարստությունն ապացուցելու համար են գեղեցիկ համարում,— ասաց վարպետ Օսմանը։– Նկարի գեղեցկությունը կարևոր է, ինչպես նկարի մեջ օգտագործվող ոսկին, որպեսզի հնարավոր լինի ապացուցել նկարչի տաղանդի եզակիությունը և արժեքը։ Իսկ նկարին նայողը, գիրքը փորփրող այլ մարդիկ նկարի մեջ գեղեցկություն, իմաստ և նրբություն են տեսնում։ Այս ձիու մեջ ձիուց բացի մարդասպանի հետքը, չարագործի նշանը գտնելն, իհարկե, բարձրացնում է նկարի արժեքը։ Բացի այդ, ոչ թե նկարը, այլ նրա նկարած ձին գեղեցիկ համարելն է կարևոր։ Ձիու նկարին նայելը ոչ թե նկարին նայելու է նման, այլձիուն։ — Եթե ձիուն նայեիք, ի՞նչ կտեսնեիք այս նկարում։ — Այս ձիու մեծությանը նայելով՝ կհասկանայի, որ պոնի չէ, երկար ու ձիգ վզին նայելով՝ կասեի, որ լավ վարգաձի է, ուղիղ մեջքին նայելով՝ կարող եմ ասել, որ երկար ուղևորությունների համար շատ հարմար է։ Բարակ ոտքերը ցույց են տալիս, որ արաբական ձիու պես ճկուն ու հմուտ է, նշանակում է, բայց արաբական ձի չէ, որովհետև մարմինը երկար է և խոշոր։ Ոտքերի բարակությունր Բուխարայի գիտնական Ֆադլանի «Բայթարնամեի» ձիերի համար ասածի պես՝ մեր ձիու առջևով եթե գետ անցնի, հանգիստ կցատկի վրայով, չի վախենա ու ծառս չի լինի։ Մեր պալատի անասնաբույժ Բույուզիի գեղեցիկ թարգմանած այդ «Բայթարնամեում» սովորական ձիու համար ասված այնպիսի գեղեցիկ խոսքեր կան, որոնք անգիր եմ արել, այդ խոսքերից յուրաքանչյուրը մեր առաջ կանգնած այս ձիու համար էլ կարող եմ ասել, ձիերից ամենալավը գեղեցիկ դեմքով, եղնիկի աչքերով, եղեգի պես ականջներով ու լայն ճակատով է. լավ ձին՝ փոքր ատամներով, կլոր ճակատով, չոր հոնքերով, երկարահասակ, երկար բաշով, կարճ գոտկատեղով, փոքրիկ քթով, փոքր ուսերով, ուղիղ մեջքով, լայն լանջով, երկարահասակ, լայն կրծքով, լայն պոչով, մսոտ ազդրերով։ Հպարտ ու նուրբ և քայլելիս աջ ու ձախ ասես մարդկանց ողջունելով է քայլում։ — Սա իսկապես մեր ձին է,— ասացի՝ հիացմունքով նայելով ձիու նկարին։ — Հասկացանք, թե ով է մեր ձին,— ասաց վարպետ Օսմանը նույն ամաչկոտ ժպիտով։– Բայց նկարչի ինքնության հարցում, ափսոս, ոչ մի օգուտ չտվեց։ Որովհետև գիտեմ՝ խելքը գլխին ոչ մի նկարիչ իսկական ձիուն նայելով՝ ձի չի նկարում։ Իհարկե, նկարիչները ձիուն անգիր հիշելով, մի շնչում նկարում են։ Սրա ապացույցն այն է, որ ձիու ուրվագծերը նկարելը սկսում են եղունգի ծայրից։ — Ոտքերից չե՞ն նկարում, որպեսզի ձին կարողանա ոտքը հողին դնել,— ասացի ես՝ ասես ներողություն խնդրելով։ — Քազվինցի Ջեմալեթթինի «Ձիերի նկարչությունում» ասածի պես՝ ոտքից սկսած ձիու նկարը կարող ենք ավարտին հասցնել միայն եթե անգիր գիտենք նրան։ Մտածելով և հիշելով ու, որ ավելի ծիծաղելի է, իսկական ձիուն նայելով արված նկարն արվում է ծայրից ծայր՝ վզից դեպի մարմինը։ Նման նկարը, այսինքն՝ փողոցում հանդիպած մի սովորական բեռնակրի նկարը անորոշությամբ նկարող և ջնջող, դերձակներին, մսավաճառներին վաճառող որոշ եվրոպացի նկարիչներ կան։ Այսպիսի ձիու նկարն արդեն աշխարհի իմաստի, Աստծու ստեղծած գեղեցկության հետ ընդհանրապես կապ չունի։ Բայց վստահ եմ, որ անգամ նրանք գիտեն՝ իսկական նկարչությունը ոչ թե աչքի, այլ սովորության և հիշողության վրա հիմնվելով է արվում։ Նկարիչը միշտ միայնակ է մաքուր կտավի առաջ։ Դրա համար միշտ հիշողության կարիք ունի։ Ձեռքի արագությամբ և տաղանդի զարգացմամբ անգիր անելով նկարած մեր ձիու կերտողին կարող ենք գտնել միայն ծառայի ոճով։ Դու էլ սրան ուշադիր նայիր։ Կաշվի վրա նուրբ գծված հին քարտեզին նայելով՝ գանձ փնտրողի պես խոշորացույցով դանդաղ զննում էր ձիու նկարը։ — Այո,— ասացի ես՝ ուսուցչի հավանությանն արժանանալու համար անմիջապես փայլուն հայտնագործություն անելու ցանկությամբ տարված աշակերտի պես։– Թամբի ծածկոցի գույներն ու նախշերը կարելի է համեմատել մյուս նկարների հետ։ — Իմ վարպետ նկարիչներն այդ նախշերին չեն դիպչում։ Նկարների հագուստների, գորգերի, ծածկվող վրանների նախշերը աշակերտներն են անում։ Գուցե դա լուսահոգի Զարիֆ էֆենդին է նկարել, բաց թող այդ հատվածը։ — Ականջները,— խուճապահար ասացի ես։– Ձիերի ականջներն է՞լ... — Ոչ։ Սրանք դեռ Թեմուրի ժամանակներից մնացած կաղապարներից դուրս չեկող, մեր իմացած եղեգնի պես ականջներ են։ — Բաշի մազերի հյուսվածքը, մեկ առ մեկ սանրված մազերը,― ուզում էի ասել ես, բայց քանի որ ինձ դուր չէր գալիս աշակերտ-ուսուցչի հարաբերությունների մասին խոսելը, լռեցի։ Եթե ես աշակերտ եմ, պետք է իմանամ իմ սահմանները։ — Այստեղ նայիր,— ասաց վարպետ Օսմանը այնպիսի դժգոհ, բայց համակ ուշադիր ձայնով, ինչպես մի բժիշկն է մյուսին ցույց տալիս ժանտախտից առաջացած վերքը։– Տեսնո՞ւմ ես։ Ձեռքի խոշորացույցը հիմա դրել էր ձիու գլխին և նկարի մակերեսից հեռացնելով՝ դանդաղ մոտեցնում էր մեզ։ Խոշորացույցի խոշորացրած հատվածը լավ տեսնելու համար գլուխս մոտեցրի։ Ձիու քիթը տարօրինակ էր։ Ռունգերը։ — Տեսա՞ր,— ասաց վարպետ Օսմանը։ Իմ տեսածի վրա վստահ լինելու համար պետք է ուղիղ նայեի խոշորացույցին։ Միևնույն ժամանակ Օսման վարպետն էլ այդպես արեց, նկարից հեռացող խոշորացույցի դիմաց մեր այտերը դիպան իրար։ Վարպետի չոր մորուքի կոշտությունը, այտի սառնությունն իմ այտին զգալը մի պահ սարսափեցրեց ինձ։ Լռություն տիրեց։ Կարծես հոգնած աչքերիս առաջ նկարի մեջ մի հիանալի բան էր կատարվում, և մենք հարգանքով, զարմանքով դրան ականատես էինք։ — Ի՞նչ կա քթի վրա,— ավելի ուշ շշնջացի ես։ ― Քիթր տարօրինակ է նկարել,— ասաց վարպետ Օսմանը՝ առանց աչքը նկարից հեռացնելու։ — Ձե՞ռքն է սայթաքել։ Սա թերությո՞ւն է։ Դեռ նայում էինք քթի տարօրինակ, անկրկնելի ձևին։ — Եվրոպացիներին կրկնօրինակող (չինացի մեծ նկարիչները ներառյալ)՝ բոլորի ասած ոճը սա՞ է,— ծաղրական ձայնով ասաց վարպետ Օսմանը։ Կարծելով, թե իմ լուսահոգի փեսային է ծաղրում, մի պահ վիրավորվեցի. — Եթե թերությունը ոչ թե անտաղանդությունից կամ ունակության պակասից, այլնկարչի հոգու խորքերից է բխում, դա արդեն ոճ է՝ ասում էր իմ լուսահոգի փեսան։ Փեսայիս ստոր մարդասպանին բռնելու գտնելու համար այդ քթից բացի այլ բան չկար։ Խեղճ Զարիֆ էֆենդու գրպանից գտած թղթի վրայի ձիերի թանաքը ջնջվել էր, և ոչ միայն ռունգերը, այլ անգամ քիթը գտնելն էր դժվար։ Վարպետ Օսմանի սիրելի նկարիչների՝ վերջին տարիներին տարբեր գրքերի համար արած ձիու նկարներ և ռունգերի թերություն գտնելու վրա շատ ժամանակ կորցրինք։ Ավարտին հասնող «Սուրնամեի» համայնքի, համքարությունների, մեր սուլթանի առջևով անցնող խմբերի մասին պատմող երկու հարյուր հիսուն նկարի մեջ շատ քիչ ձի կար։ Որոշ գրքեր, որոշ մատյաններ, նորակառույց մատենադարանի շենք, Էնդերուն և Հարեմ մարդիկ ուղարկվեցին, որպեսզի մի քանի կողպեքի տակ փակված ներքին գանձարանում որքան գիրք կա, իհարկե, մեր սուլթանի թույլտվությամբ, բերեն։ Երիտասարդ արքայազններից մեկի սենյակից եկած «Զաֆերնամեի» էջերում Զիգեթվարի պաշարման ժամանակ մահացած Քանունի սուլթան Սուլեյմանի հուղարկավորության արարողությունը ներկայացնող երկու էջանոց նկարում դիակառքը կրող ճակատի ճերմակ նշանով երկու ձիուն և եղնիկի աչքերով տափաստանային ձիուն, և սուլթան Սուլեյմանի հուղարկավորության համար ոսկենախշ թամբերով, հիանալի ծածկոցներով ծածկված թամբերով տխուր ձիերին նայեցինք նախևառաջ։ Սրանք Քելեբեքը, Զեյթինը և Լեյլեքն էին նկարել։ Մեծ անիվներով դիակառքը կրող, տերերի մուգ կարմիր ծածկոցի տակի դիակին տխուր աչքերով նայելով՝ ողջունող բոլոր ձիերը, Հերաթի հին վարպետների կերտած նուրբ կեցվածքով՝ մի ոտքը գեղեցիկ, առջևում, մյուսը կողքին, հանգիստ, կանգել էին։ Բոլորի վիզը երկար էր ու ձիգ, պոչը կապված էր, բաշը կտրած ու սանրած, բայց ոչ մեկի քթին մեր փնտրածի պես թերություն չկար։ Հուղարկավորության արարողությանը մասնակցող և շրջակայքի բլուրներին լուսահոգի սուլթան Սուլեյմանին ողջունող հրամանատարներին, գիտնականներին, ուսուցիչներին բերող հարյուրավոր ձիերից ոչ մեկի քթին թերություն չկար։ Այս տխուր հուղարկավորության արարողության տրամադրությունը մեզ էլ անցավ։ Վարպետ Օսմանի և նկարիչների՝ այսքան խնամքով նկարած այս հիանալի գրքի պատռվելը, արքայազնների հետ սեր անող հարեմի կանանց՝ էջերի վրա խզբզելը, ինչ-որ բաներ գրելը տեսնելն էլ էր մեզ տխրեցնում։ Մեկը վատ ձեռագրով գրել էր. «Իմ տեր, ձեզ այս ծառի պես համբերատար սիրում եմ և սպասում»՝ այն ծառի տակ, որտեղ մեր սուլթանի պապին էին բռնել։ Լեգենդար գրքերը, որոնք կազմելու պատմությունները մեկ առ մեկ գիտեմ, բայց որոնցից ոչ մեկը չէի տեսել, ահա այս վատ ու տխուր տրամադրությամբ կարդացինք։ Վարպետ նկարիչներից երեքն էլ աշխատել էին «Հուներնամեի» երկրորդ հատորի վրա։ Մռնչացող թնդանոթների ու հետևակի ետևից, զրահները վերցրած, թրեր կրող խստադեմ ձիավորների հետ ամբողջ երկաթեղենը զնգզնգացնելով, շարքով առաջ գնալով՝ վարդագույն բլուրներն անցնող կապտավուն, մուգ, դարչնագույն, տարբեր գույների հարյուրավոր ձիեր տեսանք, բայց ոչ մեկի քիթը թերի չէր։ — Թերությունն ինչ է,— ասաց վարպետ Օսմանը՝ ավելի ուշ նույն գրքում Բաբը Հումայունին և այդ պահին նրա մեջ մեր գտնված լայն հրապարակը պատկերող էջին նայելիս։ Աջ կողմում հիվանդանոցը, հայցորդների սենյակն էր, բակի ծառերը, շրջանակի մեջ մտնելու չափ փոքրիկ և մեր խելքին կարևորություն տալու չափ մեծ երևացող նկարում պահակների, տասնապետների, պալատական քարտուղարների հեծած գույնզգույն ձիերի քթերի վրա էլ նշան չգտանք։ Մեր սուլթանի պապ Յավուզ սուլթան Սելիմի՝ Դուլքադիր կառավարչի դեմ հայտարարած արշավանքի ընթացքում Քյուսքուն գետի ափին արածող կարմիր պոչով սև բարակներին, բարձր հետույքով եղնիկի ձագերին, վախեցած ճագարների՝ փախչելիս բռնվելուն և ծաղկանման բծերով վագրին կարմիր արյան մեջ թողնելուն նայեցինք։ Ոչ սուլթանի նստած՝ ճակատին ճերմակ նշան ունեցող կարմիր ձիու քթին կար այն նշանը, որ փնտրում էինք, ոչ էլ դիմացի կարմիր բլուրների ետևում, ձեռքին բազեներ՝ պատրաստ սպասող որսորդների ձիերի վրա։ Մինչև երեկո վարպետ Օսմանի նկարիչների, Զեյթինի, Քելեբեքի, Լեյլեքի վրձնին պատկանող, վերջին չորս-հինգ տարիներում նկարված հարյուրավոր ձիեր տեսանք. Ղրիմի խան Մեհմեդ Գիրայի նուրբ ականջներով, մուգ բծերով, սև ու դեղին ձիերը, մի պատերազմի ժամանակ բլրի ետևից միայն վիզը ցույց տվող վարդագույն ու մոխրագույն ձիեր, Թունիսի Հալկուլ Վադ ամրոցն իսպանացի անհավատից ետ վերցնող Հայդար փաշայի ձիերը և նրանից փախչելիս քթի վրա ընկած իսպանացու կարմիր ձին և պիստակի կանաչ գույնով ձիերը վարպետ Օսմանի ուշադրությանը չարժանացած սև ձին, որի մասին ցանկանում էի ասել՝ «ո՞վ է այս ձին այսպես անտարբեր նկարել», ծառի տակ մի պալատական տղայի՝ ուդ նվագելիս ականջները հարգանքով բացած լսող կարմիր ձի, Շիրինի՝ գիշերվա լուսնալույսի տակ լճում լողանալիս նրան սպասող Յուսուֆի պես ամաչկոտ ու նուրբ ձին՝ Շեբդիզը, ջիրիթ խաղացողների հեծած շարժուն ձիերը, գեղեցիկ ձիապանի փոթորկոտ ձին, Իլյաս մարգարեի՝ հեթանոսների հարձակումից պաշտպանելու համար Ալլահի՝ նրան ուղարկած արևագույնի մեջ ոսկե ձին, մի նկարում տեսանք մարգարե Իլյասի երեք որդու մահը երիտասարդ տարիքում, մի որդու հետ որսի գնալը, երիտասարդ ու սիրալիր արքայազնին տխուր աչքերով նայող Քանունի սուլթան Սուլեյմանի մեծ մարմնով, փոքրիկ գլխով ազնվական դարչնագույն ձին, զայրացած ձիեր, վազող ձիեր, հոգնած ձիեր, գեղեցիկ ձիեր, ձիեր, որոնց ոչ ոք չի նայում, ձիեր, որոնք այս էջերից ընդհանրապես դուրս չեն գալիս, այս էջերի ճնշման տակից դուրս գալ ցանկանալով՝ ասես շրջանակը ճեղքել ցանկացող ձիեր։ Ոչ մեկի քթին մեր փնտրած ձեռագիրը չգտանք։ Բայց միևնույն է, չնայած մեր հոգնածությանն ու տխրությանը՝ ոգևորությունը բնավ չէր պակասում, մի քանի անգամ մոռանալով ձիու մասին՝ նայեցինք նկարի գեղեցկությանը, մարդուն մի պահ գրավող գույների մեջ էինք սուզվել։ Վարպետ Օսմանը ոչ թե զարմանքով, այլ հիշելու ոգևորությամբ էր նայում այն նկարներին, որոնց պատրաստմանն ինքն էր հետևել։ — Սա Քասըմ փաշայինն է,— ասաց նա մի անգամ՝ մեր սուլթանի պապ սուլթան Սուլեյմանի կարմիր պատերազմական վրանի առաջ մանուշակագույն խոտերը ցույց տալով։ — Իհարկե, վարպետ չէր, բայց քառասուն տարվա նկարների դատարկ հատվածներին, այս հինգ տերևանի, մի ծաղկանի խոտերից նկարեց և երկու տարի առաջ մահացավ։ Այս փոքրիկ խոտը բոլորից լավ նկարելու համար դա միշտ նրան էի պատվիրում։ Մի քիչ լռեց, հետո այսպես ասաց իմ վարպետը. — Ափսո՜ս, ափսո՜ս։ Այս բառից զգացի, որ մի բան ավարտվեց, իմ հոգում մի շրջան փակվեց։ Մութն ընկնում էր, երբ հանկարծ մի լույս ընկավ սենյակ, մի շարժում եղավ։ Բաբախող սիրտս անմիջապես ամեն ինչ հասկացավ, մեր աշխարհի տիրակալ սուլթանը մտավ ներս։ Ինձ նետեցի նրա ոտքերի տակ։ Համբուրեցի փեշը։ Գլուխս պտտվում էր, չէի կարողանում նրա աչքերի մեջ նայել։ Բայց նա վաղուց արդեն սկսել էր խոսել վարպետ Օսմանի հետ։ Քիչ առաջ միասին դեմ առ դեմ, կողք կողքի նստած մարդու հետ խոսելն ինձ ստիպում էր այրվել հպարտության կրակով։ Չէի կարողանում հավատալ, բայց մեր սուլթանը նստեց այնտեղ, ուր քիչ առաջ ես էի նստած, իմ վարպետի պատմածներն ինձ պես ուշադիր լսում էր։ Նրա կողքի գանձապետը, բազեպանների աղան, մի քանի մարդ, որոնց ինքնությունը չգիտեի, և նրանց էին հետևում, և համակ ուշադրությամբ նայում էին բաց էջերի նկարներին։ Մի պահ հավաքեցի ամբողջ քաջությունս և նայեցի աշխարհի տիրակալ սուլթանի դեմքին, կողքից երկար նայեցի նրա աչքերին։ Որքա՜ն գեղեցիկ էր։ Որքա՜ն համաչափ էր և ճիշտ։ Սիրտս արդեն հուզմունքից չէր բաբախում։ Հենց այդ պահին նա էլ ինձ նայեց, և մեր աչքերը հանդիպեցին։ — Լուսահոգի փեսայիդ որքան էի սիրում,— ասաց նա։ Այո, ինձ էր ասում։ Հուզմունքից բառերի մի մասը չլսեցի։ — ...շատ տխրեցի։ Բայց այս նկարների՝ մեկական հրաշք լինելը տեսնելը մխիթարանք է։ Վենետիկցի անհավատը սրանք տեսնելուն պես կզարմանա, կվախենա իմ խելքից։ Արդեն այս ձիու քթից կհասկանաք, թե ով է այդ անիծյալ նկարիչը։ Թե չէ ստիպված կլինենք բոլոր վարպետ նկարիչներին տանջանքի ենթարկել։ Դաժան կլինի, բայց պետք է։ — Աշխարհի տիրակալ, ի՛մ սուլթան,— ասաց վարպետ Օսմանը։— Եթե իմ վարպետ նկարիչները առանց որևէ պատմության մասին մտածելու դատարկ էջին արագորեն ձի նկարեն, գուցե այս ձեռքի սայթաքման տիրոջը կարողանանք գտնել։ — Իհարկե, եթե սա իսկական քիթ չէ, այլ ձեռքի սայթաքում,— ասաց մեր սուլթանը խելացի ձևով։ — Իմ տիրակալ,— ասաց վարպետ Օսմանը։— Այդ պատճառով եթե անմիջապես այս գիշեր իմանան, որ դուք մրցույթ եք հայտարարել, եթե գիշերը նկարիչների դռները մեկ առ մեկ թակեն և հրամայեն այս մրցույթի համար դատարկ թղթի վրա ձի նկարել... Մեր սուլթանը «լսեցի՞ր» ասող հայացքով նայեց Բոսթանջըբաշըին։ — Բանաստեղծ Նիզամիից իմ ամենասիրած մրցույթի պատմությունը ո՞րն է, գիտե՞ք։ Մեզնից մի քանիսն ասացին՝ գիտենք, մի քանիսը՝ ո՞ր մեկը, մի քանիսն էլ ինձ պես լռեցին։ — Մրցող բանաստեղծների պատմությունը չեմ սիրում, մրցող չինացի և հույն նկարիչների հայելիներով պատմությունն էլ չեմ սիրում,— ասաց գեղեցիկ սուլթանը։— Ամենաշատը սիրում եմ մինչև մահ մրցող բժիշկների պատմությունը։ Սա ասելուն պես անմիջապես վեր կացավ ու երեկոյան նամազին հասնելու համար գնաց։ Հետո երեկոյան նամազի ժամանակ կիսամթան մեջ պալատի դռներից դուրս գալուց հետո Շեքուրեին, երեխաներին, մեր տունը երջանկությամբ պատկերացնելով՝ դեպի մեր թաղը վազելիս սարսափով հիշեցի բժիշկների մրցույթի այդ պատմությունը. «Սուլթանի առաջ մրցող երկու բժիշկներից մեկը՝ հաճախ վարդագույն հագուստով պատկերվողը, անգամ փղին սպանող ուժեղ թույնից կանաչ հաբ է պատրաստում և մյուս բժշկին՝ կապույտ հագուստովին տալիս։ Նա էլ այդքան թունավոր հաբը հաճույքով խմում է, հետո էլ անմիջապես հակաթույն կապույտ հաբ է կուլ տալիս, և, ինչպես կարելի է հասկանալ անհոգ ժպիտից, ոչինչ չի պատահում։ Բայց հիմա նա մրցակցին պետք է ստիպի զգալ մահը։ Ծանր շարժվելով՝ հաճույք ստանալով նրանից, որ հերթն իրեն է հասել, պարտեզից վարդագույն վարդ է պոկում և մոտեցնելով շուրթերին՝ բոլորին անհայտ մի մութ, մի չարաբաստիկ բանաստեղծություն է շշնջում։ Հետո չափից դուրս ինքնավստահ շարժումներով վարդագույն հագուստով բժշկին է տալիս այդ վարդը, որ հոտոտի։ Վարդագույն հագուստով բժիշկն այնպես է տագնապում վարդի ուժից, որ հոտից բացի այլ յուրահատկություն չունեցող վարդը քթին մոտեցնելուն պես վախից մեռնում է»։ == 43. Իմ անունը Զեյթին է == Երեկոյան նամազից առաջ էր. դուռը թակեցին, բացեցի, պալատից Բոսթանջըբաշըի մարդկանցից մեկն էր՝ մաքուր, գեղեցիկ, ժպտերես, գեղեցկադեմ երիտասարդ։ Ձեռքին թուղթ կար, տախտակ, լապտեր, որը դեմքն ավելի շատ ստվերում էր, քան լուսավորում։ Միանգամից ասաց, որ մեր սուլթանը հրամայել է վարպետ նկարիչների մեջ ամենագեղեցիկ ձիու նկարը մի շնչում նկարողների մրցույթ հայտարարել։ Հրամայեց անմիջապես հատակին նստել, թուղթը տախտակին, տախտակը՝ ծնկներիս դնել, նրա ցույց տված մասում, շրջանակի մեջ արագ նկարել աշխարհի ամենագեղեցիկ ձին։ Հյուրին ներս հրավիրեցի։ Արագ վերցրի կատվի ականջի մազերից պատրաստված ամենանուրբ գրիչս, թանաքը։ Նստեցի հատակին և մի պահ քարացա։ Այս գործի մեջ կարո՞ղ էր մի խաղ լինել, որի համար իմ կյանքով էի հատուցելու։ Գուցե, բայց Հերաթի հին վարպետների բոլոր լեգենդները մահվան և գեղեցկության սահմանով անցնող այս նուրբ գծով չէի՞ն գծված։ Ներսս լցվեց նկարելու հաճույքով, բայց բոլոր հին վարպետների պես կարծես նկարելուց էլ վախեցա և ինձ մի կերպ զսպեցի։ Դատարկ թղթին նայելով՝ մի պահ սպասեցի՝ հոգիս մաքրվի տագնապներից, որ կարողանամ մտածել միայն գեղեցիկ ձիու և իմ ուժի մասին, որ կարողանամ կենտրոնացնել ուշադրությունս։ Մինչև հիմա նկարածս ու տեսածս բոլոր ձիերի պատկերները սկսեցին անցնել աչքերիս առջևով։ Բայց մեկը կար, որ ամենակատարյալն էր։ Ես հիմա նկարելու էի այն ձին, որը ոչ ոք չի կարողացել նկարել։ Ստիպեցի ինձ պատկերացնել այն, մնացած ամեն բան ջնջվեց, կարծես մի պահ մոռացա ինձ, մոռացա, որ այստեղ նստած եմ և որ պետք է նկարեմ։ Ձեռքս ինքն իրեն գրիչը թաթախեց թանաքամանի մեջ. թանաքը թանձր էր։ Դե, ձեռք, այժմ իրակա՛ն դարձրու այս հիանալի ձին։ Ձին և ես կարծես մի ամբողջություն դարձած՝ փորձում էինք գտնել մեր տեղը այս աշխարհում։ Մի պահ մի զգացողություն ինձ դրդեց նրան փնտրել գետնին դրված դատարկ թղթի շրջանակի մեջ։ Պատկերացրի, թե ինչպես եմ ձիուն այնտեղ տեղավորում և հանկարծ, այո, կարծես առանց մտածելու կտրուկ, վճռականորեն ահա այսպես գեղեցիկ սկսեցի նկարել ձիուն՝ սկսելով ոտքից, անմիջապես ոլորվելով՝ գեղեցիկ նուրբ ոտքով բարձրացա վերև։ Նույն վճռականությամբ ծնկից էլ ոլորվելով՝ արագ հասա կրծքին և միանգամից ուրախացա։ Ահա այստեղից թեքվելով բարձրացա վերև։ Կուրծքը որքա՜ն գեղեցիկ էր։ Վերևի հատվածը նեղացավ ու դարձավ վիզ, ինչպես իմ երազանքների ձիու վիզն է։ Առանց գրիչս թղթից կտրելու՝ մի քիչ մտածելով՝ հասա ներքևում գտնվող բաց բերանին ու ներս մտնելով, ահա այսպես, մի քիչ էլ բացիր բերանդ, ձի՛, դուրս բերեցի նրա գեղեցիկ լեզուն։ Քիթը առանց տատանվելու մի քիչ բարձրացրի։ Ուղիղ վերև բարձրանալիս մի պահ նայեցի այդ ամենին և գիծը իմ երազածի պես նկարելիս մոռացա, թե ինչ եմ նկարել, կարծես ականջները և գեղեցիկ վզի այդ հիանալի թեքությունը ոչ թե ես էի գծել, այլ ձեռքս։ Հիշողությամբ ու արագորեն թամբը գծելիս ձեռքս ինքնըստինքյան կանգ առավ և թանաքամանից իմ վրձնի համար թանաք վերցրեց։ Մեջքը, ուժեղ և աչքի ընկնող կոպիտ մարմինը նկարելիս շատ գոհ էի, լի էի իմ նկարով։ Մի պահ թվաց, թե իմ նկարած ձիու կողքին եմ, ուրախությամբ սկսեցի պոչը նկարել, այդ պատերազմի արագ ձիու պոչը ոլորելով՝ ուրախ բարձրացրի վերև, պոչարմատը, հետույքը նկարելիս կարծես սեփական հետույքիս ու հետանցքիս մեջ հաճելի զովություն զգացի և այդ հաճույքով սկսեցի մարմնի գեղեցիկ նրբությունն ու ետ գցած ձախ ոտքը, սմբակները նկարել։ Աջ ոտքով, նուրբ կեցվածքով, իմ ձեռքի տաղանդով և իմ նկարած ձիով հիացա։ Ձեռքս բարձրացրի, կրակոտ, բայց տխուր աչքերը, այնուհետև ռունգերը և թամբի ծածկոցը արագ նկարեցի։ Բաշն ասես սիրով շոյելով՝ մեկ առ մեկ սանրեցի, ոտնակն ամրացրի, ճակատին մի նշան դրեցի և աչքաչափով գծված, բայց ճիշտ մեծամբ ամորձիներ ու առնանդամ գծեցի, որպեսզի ամեն ինչ ամբողջական լինի։ Հիանալի ձի նկարելիս ինձ հիանալի ձի եմ զգում։ == 44. Իմ անունը Քելեբեք է == Կարծում եմ՝ երեկոյան նամազի ժամն էր։ Մեկը թակեց դուռը։ Ասաց, որ մեր սուլթանը մրցույթ է հայտարարել։ Իմ սիրելի՛ սուլթան, ինչպես կամենաս, ինձնից լավ ո՞վ կարող է ձի նկարել։ Բայց մի պահ մտածեցի, թե ինչո՞ւ պետք է առանց ներկի, սև մատիտանկար անենք։ Ինչո՞ւ ներկ չենք օգտագործում։ Որովհետև ամենալավը ե՞ս եմ ներկ քսում։ Ո՞վ է որոշում, թե ում նկարն է ամենալավը։ Պալատից եկած լայնաթիկունք, վարդագույն շուրթերով գեղեցիկ տղային հարցուփորձ արեցի և զգացի, որ այդ գործի ետևում գլխավոր նկարիչ վարպետ Օսմանն է կանգնած։ Վարպետ Օսմանն անկասկած գիտի իմ տաղանդը և բոլոր վարպետ նկարիչներից ամենաշատը ինձ է սիրում։ Այսպիսով, դատարկ էջին նայելիս պատկերացրի ձիու կեցվածքը, հայացքը, պահվածքը, որը երկուսին էլ դուր կգար։ Վարպետ Օսմանի՝ տասը տարի առաջ նկարած ձիերի պես շարժուն, բայց ծանր, միշտ մեր սուլթանին դուր եկած ձիերի պես առջևի ոտքը պետք է օդում լինի, որպեսզի երկուսն էլ համաձայնեն, որ գեղեցիկ է։ Տեսնես մրցանակը քանի՞ ոսկի է։ Սա Միր նկարիչն ինչպե՞ս կնկարեր։ Բեհզաղն ինչպե՞ս կաներ։ Հանկարծ այնպես արագ մի բան հիշեցի, որ մինչև հասկանայի, թե ինչ է կատարվում, ձեռքս վարազի պես մատիտը խլեց, ձախ ոտքը օդ բարձրացրած մի հիանալի ձի սկսեց նկարել, որի նմանը ոչ ոք չէր կարող նկարել։ Ոտքը մարմնին անմիջապես միացնելուց հետո խիզախորեն, արագ, հաճույքով երկու աղեղ գծեցի, որոնք տեսնելուն պես կասեք, որ սա ոչ թե նկարիչ, այլ տաղանդավոր գրիչ է նկարել։ Ինքն իրեն աշխատող ձեռքիս այնպիսի հիացմունքով էի նայում, կարծես իմ ձեռքը չլիներ։ Այս հիանալի աղեղները, հիանալի ձիու գիրուկ փորը, լայն կուրծքր և կարապի վիզը պատրաստ էին, ու կարելի էր ասել, որ նկարն արդեն պատրաստ է։ Մտածում էի, թե որքան տաղանդավոր եմ, երբ ձեռքս ինքն իրեն երջանիկ և ուժեղ ձիու բերանը բացել էր, քիթը թեքել, խելացի ճակատը, ականջները ձգել։ Հետո, կարծես՝ տես, մայրի՛կ, ինչ գեղեցիկ աղեղ եմ գծել ասելով, գրողի պես երջանիկ ժպտացի։ Ծառս լինող հիանալի ձիուս անթերի վզից իջա մինչև թամբը։ Ձեռքս թամբն էր գծում, իմ մարմնի պես գիրուկ ու կլոր մարմնով ձիուս ուրվագծին արդեն հպարտությամբ նայեցի։ Բոլորը հիանալու են այս ձիով։ Մրցանակը ստանալուն պես մեր սուլթանի՝ ինձ ասելիք գեղեցիկ բառերը պատկերացրի, ինձ մի քսակ ոսկի է տալու, պատկերացնելով, թե ինչպես եմ տանը մեկ առ մեկ հաշվելու ոսկիներր, ուզում էի ծիծաղել։ Այս ընթացքում ձեռքս, որին աչքի պոչով հետևում էի, ավարտեց նկարել թամբը և գրիչս թաթախեց թանաքամանի մեջ, հետո ձիու մեջքը ծիծաղելով, ասես կատակ անելով նկարեցի։ Պոչն արագ ոլորեցի։ Հետույքը տղայի գեղեցիկ հետույքի պես, որի հետ անմիջապես կցանկանայի սեր անել, սիրով և ափերիս մեջ առնելով՝ գեղեցիկ ու կլոր նկարեցի։ Մինչ ես ժպտում էի, իմ խելացի ձեռքն ավարտեց ետին ոտքերը, և գրիչս կանգ առավ։ Աշխարհի ամենագեղեցիկ ծառս եղած ձին էր։ Ուրախացա, երջանկությամբ մտածում էի, թե որքան են սիրելու իմ ձիուն, ինձ հայտարարելու են ամենատաղանդավոր նկարիչ, անգամ գլխավոր նկարիչ։ Բայց միևնույն ժամանակ հասկացա, որ այդ հիմարներն ասելու են. «Ինչ արագ ու թեթևամիտ է նկարել»։ Միայն այդ պատճառով անհանգստացա, որ իմ հիանալի նկարը լուրջ չեն ընդունելու։ Այսպիսով, ձիու բաշը, ռունգերը, ատամները, պոչի մազերը, թամբի ծածկոցը փոքրիկ նրբություններով նկարեցի, որ տեսնեն, որ նկարի վրա ջանք եմ թափել։ Այս դիրքից կարելի է տեսնել նաև ձիու ամորձիները, բայց որպեսզի կանայք շատ չնայեն, չնկարեցի։ Հպարտությամբ նայեցի ձիուս, ծառս եղած, փոթորկի պես շարժուն, ուժեղ։ Կարծես քամուց կլորացած ուրվագծերը, մի բառի տառերի պես շարժվում էին, բայց անհանգիստ չէին։ Այս նկարն արած հիանալի նկարչին Բեհզադի, Միր նկարչի պես գովաբանելու էին, և այդ ժամանակ ես էլ նրանց պես կդառնայի։ Հիանալի ձի նկարելիս հիանալի ձի նկարող մեկ այլ նկարիչ եմ դառնում։ == 45. Իմ անունը Լեյլեք է == Երեկոյան նամազից հետո էր, դուրս գալով՝ գնալու էի սրճարան, երբ ասացին, որ դռան մոտ մեկն ինձ է սպասում։ Գնացի։ Պալատից էր. ասաց, թե ինչ է պետք։ Լավ։ Աշխարհի ամենագեղեցիկ ձին։ Դուք ինձ ասեք, թե մի ձիուն քանի արծաթադրամ եք տալու, ես ձեզ համար աշխարհի ամենագեղեցիկ ձիերից հինգ-վեց հատ կնկարեմ։ Բայց զգուշավոր էի և այդպես չասացի. դռան մոտ կանգնած տղային ներս հրավիրեցի։ Մտածեցի. աշխարհի ամենագեղեցիկ ձին կարող եմ նկարել։ Պատերազմի ձիեր, խոշոր մոնղոլական ձիեր, ազնվական արաբական ձիեր, արյան մեջ գալարվող հերոս ձիեր, անգամ քարերով լի սայլ քաշող, շինարարության համար քար բերող դժբախտ բեռնակիր ձի էլ կարող եմ նկարել, բայց ո՞վ կասի, որ դրանք աշխարհի ամենագեղեցիկ ձիերն են։ Իհարկե, հասկացա, որ մեր սուլթանը աշխարհի ամենագեղեցիկ ձի ասելով՝ ցանկացել է Իրանում հազարավոր անգամներ բոլոր կանոններով, կաղապարներով և կեցվածքներով նկարած ձիերից ամենահիանալին տեսնել։ Ինչո՞ւ։ Իհարկե, որպեսզի ես չկարողանամ մի քսակ ոսկի շահել։ Եթե ասեն սովորական ձի նկարիր, պարզ է, որ ոչ ոք իմ ձիու հետ չի կարող մրցել։ Ո՞վ է մեր սուլթանին խաբել։ Մեր սուլթանը, չնայած այդ բոլոր նախանձների բամբասանքներին, լավ գիտի, որ ես ամենատաղանդավոր նկարիչն եմ, և սիրում է իմ նկարները։ Հանկարծ ձեռքս այս բոլոր հաշիվները մաքրելու համար զայրացած գործի անցավ և ոտքի ծայրից սկսելով՝ մի շնչում իսկական ձի նկարեց։ Սրանցից կտեսնեք փողոցում, պատերազմների ժամանակ։ Հոգնած, բայց կոկիկ ձիեր... Հետո նույն զայրույթով նկարեցի նաև հեծյալի ձի, որն ավելի գեղեցիկ էր։ Արվեստանոցի ոչ մի նկարիչ այսպիսի գեղեցիկ բաներ չի կարող նկարել։ Հիշողությամբ մեկն էլ էի նկարելու, երբ պալատից եկած տղան ասաց. — Մեկը բավական է։ Թուղթս վերցրել ու գնալու էր, երբ կանգնեցրի նրան։ Որովհետև այդ ստորների՝ այս ձիերի համար մի քսակ ոսկի չտալու մասին շատ լավ գիտեի։ Եթե իմ ոճով նկարեմ, ոչինչ չեմ ստանա։ Եթե ոչինչ չստանամ, դա իմ անվան վրա ստվեր կգցի։ Մտածեցի։ — Սպասիր,— ասացի տղային։ Գնացի ներս, կեղծ, փայլուն երկու վենետիկյան ոսկի վերցնելով՝ դրեցի պալատից եկած տղայի ձեռքը։ Վախեցավ, աչքերը լայն բացեց։ — Դու առյուծի սիրտ ունես,— ասացի ես։ Հանեցի բոլորից թաքցրածս կաղապարների մատյաններից մեկը։ Այնտեղ տարիներ շարունակ տեսածս ամենագեղեցիկ նկարների՝ մեկական կրկնօրինակը գաղտնի արտատպել էի։ Բացի այդ, այնտեղի գաճաճների աղա Ջաֆերին եթե տասը ոսկի տաս, գանձարանում պահվող գաղտնի գրքերի էջերից ամենալավ ծառերը, վիշապները, թռչունները, որսորդներին, ռազմիկներին կրկնօրինակելով՝ քեզ կտա այդ ստորը։ Ոչ թե նկարի և նկարչության մեջ տեսած աշխարհը, այլ հին վարպետներին և հին հեքիաթներր հիշել ցանկացողների համար իմ մատյանը հիանալի է։ Պալատից եկած տղային ցույց տալով՝ էջերը խառնելով, ձիերից ամենալավն ընտրեցի։ Իմ նկարների վրա ասեղով արագ անցքեր բացեցի։ Կաղապարի տակ մաքուր թուղթ դրեցի։ Վրան լիքը մոխիր լցնելով՝ մի քիչ շարժեցի, որ լավ ներծծվի։ Կաղապարը բարձրացրի։ Մոխիրը կետ առ կետ, տակի թղթին գեղեցիկ ձիու ամբողջ ձևն էր փոխանցել, և դա տեսնելն ինձ դուր էր գալիս։ Վերցրի գրիչս։ Այդ պահին ներսից բխող ներշնչանքով, արագ ու վստահ շարժումներով կետերը գեղեցիկ ունուրբ միացրի, և այդ ձիու որովայնը, գեղեցիկ վիզը, քիթը, մեջքը նկարելիս սիրեցի նրան։ — Ահա,— ասացի ես։— Աշխարհի ամենագեղեցիկ ձին։ Մյուս հիմարներից ոչ մեկը չի կարող սա նկարել։ Որպեսզի պալատից եկած տղան մեր սուլթանին չպատմեր, թե ինչպիսի ներշնչանքով եմ արել այդ նկարը, երեք ոսկի էլ տվեցի։ Հասկացրի, որ եթե մի քսակ ոսկի վաստակեմ, ավելի շատ կվճարեմ։ Բացի այդ, երազեց, որ կարող է կրկին տեսնել կնոջս, ում նայում էր բերանը բաց։ Շատերը լավ ձի նկարելիս կարծում են, թե լավ նկարիչ են։ Մինչդեռ ամենալավ նկարիչ լինելու համար միայն ամենալավ ձին նկարելը քիչ է, մեր սուլթանին և շրջապատի հիմարներին պետք է նաև հավատացնել, որ լավ նկարիչ ենք։ Ես կարող եմ ես լինել միայն հիանալի ձի նկարելիս։ == 46. Ինձ մարդասպան կկոչեն == Իմ ձի նկարելու ոճից հասկացա՞ք, թե ով է մարդասպանը։ Հենց լսեցի, որ պետք է ձի նկարեմ, հասկացա, որ դա մրցույթ չէ, հասկացա, որ ուզում են իմ նկարած ձիու միջոցով բացահայտել ինձ։ Նկատել էի, որ կոշտ թղթի վրա արածս ձիու նկարներից մեկը մնացել էր խեղճ Զարիֆ էֆենդու դիակի վրա։ Բայց ես թերություն կամ սեփական ոճ չունեի, որպեսզի նկարածս ձիերով կարողանային ճանաչել ինձ։ Վստահ էի, բայց միևնույն է, ձի նկարելիս անհանգստացա։ Էնիշթեի ձին նկարելիս ինձ մատնող մի բա՞ն եմ արդյոք նկարել։ Հիմա պետք է ուրիշ ձի նկարեմ։ Այս անգամ այլ բան մտածեցի, «ինձ զսպեցի» և իմ էությանը հակառակ վարվեցի։ Բայց ես ո՞վ եմ։ Արվեստանոցի ոճին միանալու համար իմ ներսի հրաշքները թաքցնո՞ղ մարդ եմ։ Իմ ներսի ձին մի օր հաղթանակով թղթին հանձնո՞ղ մարդ։ Կարծես իմ ներսից մեկ այլ հոգի էր ինձ հետևում, ամաչեցի նրանից։ Քանի որ անմիջապես հասկացա, որ տանը չեմ կարող մնալ, ինձ դուրս նետելով՝ արագ-արագ քայլեցի մութ Փողոցներով։ Շեյխ Օսման բաբան «Մենաքըփնամեում» պատմում է, թե ինչպես է իսկական դերվիշը սատանայից ազատվելու համար ամբողջ կյանքում քայլում, ոչ մի տեղ երկար ժամանակով չի մնում, վաթսունյոթ տարի քաղաքից քաղաք թափառելուց հետո սատանայից փախչելուց հոգնելով՝ հանձնվում է նրան։ Այդ տարիքը վարպետ նկարիչների՝ կուրության, Աստծու մթությանը հանձնվելու, ակամա ոճի տեր դառնալու և միևնույն ժամանակ բոլոր ոճային նշաններից ազատվելու տարիք է։ Բեյազիդում Թավուքչուլար շուկայում, Էսիր շուկայի դատարկ հրապարակի, ապուրի և մուհալլեբիի հաճելի բույրերի միջով ինչ֊որ բան փնտրելու պես քայլեցի։ Փակ դռների ետևից վարսավիրների, արդուկ անողների զարմացած հայացքները, փող հաշվող հացթուխ պապիկի, հիանալի հոտով թթվի և աղի ձկան հոտով նպարավաճառի մոտով անցնելով, քանի որ ուշադրությունս միայն գույներն էին գրավում, մտա համեմունքի խանութ, ուր ներսում ինչ֊որ բան էին կշռում, և մարդկանց հուզմունքով նայելով՝ սուրճի, կոճապղպղեղի, դարչինի պարկերին, գույնզգույն մաստակի տուփերին, դազգահից եկող անիսոնի, քիմյոնի, սամիթի, քրքումի կույտերին լամպի լույսի տակ հիացմունքով նայեցի։ Երբեմն ցանկանում էի մի բան փորձել, ամեն բան նկարել դատարկ էջերի վրա։ Մտա այնտեղ, ուր վերջին շաբաթվա մեջ երկու անգամ ստամոքսս էի լցրել, և որը համարում եմ դժբախտների ապաստան (իրականում պետք է թշվառներ կոչեի)։ Մինչև կեսգիշեր եկողների համար դուռը բաց էր։ Ներսում պարան, ձի գողացողի տեսք ունեցող մի քանի խեղճեր դժբախտությունից ու հուսահատությունից թմրամոլների պես աչքերն այս աշխարհից փախցնելով՝ այլ դրախտներ փախած մի քանի օտարական, համքարությունների ավանդույթներին ստիպված համակերպվող երկու մուրացկան և այս ամբողջ բազմությունից առանձին մի անկյունում նստած չելեբի կար։ Հալեպցի խոհարարին բարևեցի։ Մսով կաղամբի տոլման լցնելով ափսեիս մեջ՝ վրան մածուն, լիքը կարմիր բիբար ավելացրի ու նստեցի չելեբիի կողքին։ Ամեն գիշեր ավելի եմ տխրում։ Եղբայրներ, եղբայրներ, թունավորվում ենք, նեխում ենք, մահանում ենք, ապրելիս սպառվում ենք, թշվառության մեջ մինչև կոկորղր թաղվում ենք... Որոշ գիշերներ երազներումս ջրհորից նրա դուրս գախ ու ետևիցս ընկնելն եմ տեսնում, բայց նրան թաղեցինք հողի հաստ շերտի տակ. գերեզմանից չի կարող դուրս գալ։ Քիթը ապուրի ամանի մեջ խցկած չելեբու (որն, իմ կարծիքով, մոռացել էր աշխարհի մասին) բացած զրույցի դուռն արդյոք Ալլահի՝ ինձ ուղարկած նշա՞ն էր։ Այո, ասացի ես։ Միսը շատ լավ էին աղացել, կաղամբի տոլման շատ համեղ էր։ Հարցրի, ասաց, որ քսան տարվա մեդրեսեից նոր դուրս եկած՝ Արիֆի փաշայի համար աշխատող քարտուղար էր։ Չհարցրի, թե գիշերվա այս ժամին ինչո՞ւ փաշայի պալատում, մզկիթում կամ իր տանը՝ կնոջ հետ չէ, այլ՝ այս ամուրիների խորտկարանում։ Նա ինձ հարցրեց, թե որտեղից եմ գալիս, ով եմ։ Ես էլ մի պահ մտածեցի և ասացի. — Իմ անունը Բեհզադ է։ Հերաթից, Թավրիզից եմ գալիս։ Ամենահիանալի նկարները, ամենաանհավատալի հրաշքներր ես եմ նկարել։ Պարսկաստանում, Արաբիստանում ցանկացած մուսուլմանական արվեստանոցում դարեր շարունակ այսպես են ասում. — Եվ իսկապես, ասես Բեհզադի նկարը լինի։ Իհարկե, խնդիրը դա չէ։ Իմ նկարն այնպիսին չէ, ինչպես աչքն է տեսնում, նկարում է այն, ինչ միտքն է տեսնում։ Իսկ նկարը, ինչպես գիտեք, տոն է աչքի համար։ Այս երկու միտքը միավորեք և իմ աշխարհը կհասկանաք։ Այսինքն՝ Այբ. Նկարը մտքի տեսածը աչքի ուրախության համար կենդանացնել է նշանակում։ Լյուն. Աչքը նկարի մեջ տեսնում է այն, ինչ աշխարհում ծառայում է մտքին։ Մեն. Ուրեմն գեղեցկությունը նշանակում է այն, ինչ խելքը գիտի, այն, ինչ աչքը աշխարհում հայտնադործում է։ Քսան արծաթադրմանաոց մեդրեսեից դուրս եկած այս պարոնը հասկացա՞վ արդյոք հանկարծակի ներշնչանքի ազդեցության տակ բխած մտքերը։ Ոչ։ Որովհետև թաղի մեդրեսեում օրը քսան արծաթադրամով դասավանդող (այսօր այդքանով քսան հաց էլ չես գնի) ուսուցչի առաջ երեք տարի նստում ես, բայց դեռ չես իմանում, թե Բեհզադն ով է։ Պարզ է, որ «քսանանոց» հոջա էֆենդին էլ չգիտի Բեհզադին։ Լավ, պատմեմ։ — Ես ամեն ինչ նկարել եմ, ամեն ինչ։ Մեր մարգարեի՝ մզկիթում, կանաչ զոհասեղանի առաջ, չորս խալիֆի հետ նստելը, մեկ այլ գրքում՝ Ռեսուլուլլահի Բուրաք անունով ձիու վրա յոթ հարկանի դրախտ համբարձվելու գիշերը, Չինաստանի ճանապարհին ծովը փոթորիկներով ալիքող հրեշին վախեցնելու համար ծովափի տաճարում դհոլ նվագող Ալեքսանդրին, լողավազանում մերկ լողացող հարեմի գեղեցկուհիներին ուդ լսելով նայող երեսուն մոնիստիկ սուլթաններին, «Ես իմ վարպետին կհաղթեմ, բոլոր խաղերը գիտեմ» ասող երիտասարդ ըմբշամարտիկներին, վարպետի՝ նրանցից թաքցրած վերջին խաղում պարտվելով՝ սուլթանի առաջ ընկրկելը, փոքր տարիքում Լեյլայի և Մեջնունի՝ նուրբ զարդանախշված պատերով դպրոցում ծնկի գալով՝ Ղուրան կարդալիս միմյանց սիրահարվելը, ամենաամաչկոտից մինչև ամենաանշնորհք, սիրահարների՝ միմյանց աչքերի մեջ նայելը, պալատների կառուցվածքը, մեղավորների՝ տանջանքների ենթարկվելով՝ պատիժ կրելը, արծիվների թռիչքը, կատակող ճագարները, դավաճան վագրերին, նոճիներն ու սոճիները և նրանց կատարներին միշտ նկարածս չաչանակ կաչաղակների մահը, մրցող բանաստեղծներին, հաղթանակի սեղաններ և քեզ պես մարդիկ, որ սեղանին դրված ապուրից բացի ուրիշ ոչինչ չեն տեսնում։ Զգուշավոր քարտուղարն արդեն չէր վախենում, անգամ ինձ զվարճալի էր համարում ու ժպտում էր։ — Հոջա էֆենդին քեզ սովորեցրել է, գիտես,— ասացի ես։– Սաադիի «Գյուլիստանում» շատ սիրելի պատմություն ունեմ։ Այն հատվածը, որտեղ Դարեհ արքան որսի ժամանակ բազմությունից հեռանում ու գնում է բլուրներում զբոսնելու։ Այդ պահին նրա դիմաց անծանոթ, վտանգավոր մարդ է դուրս գալիս։ Թագավորն անհանգստանում է, անմիջապես ուզում է ձիու վրայից վերցնել աղեղը, երբ այծի մորուքով մարդն աղաչում է՝ թագավոր, սպասեք, մի՛ նետահարեք, ինչպե՞ս չճանաչեցիք ինձ։ Ես ձեր հարյուրավոր ձիերը, նրանց մտրուկներին խնամող հավատարիմ ձիապանը չե՞մ։ Ինձ ինչքա՜ն եք տեսել։ Ես ձեր հարյուրավոր ձիերից յուրաքանչյուրի բնավորությունը, գույները գիտեմ։ Լա՛վ, ինչպե՞ս է պատահում, որ դուք ձեր ծառաներին, որոնց այդքան շատ եք հանդիպում, ինձ պես մեկին անգամ ուշադրություն չեք դարձնում։ Այս հատվածը պատկերելիս ձիապանի՝ խնամված սև, կարմիր և ճերմակ ձիերին, գույնզգույն ծաղիկներով ծածկված դրախտային կանաչ մարգագետնում այնքան երջանիկ ու հանդարտ եմ պատկերել, որ ամենահիմար ընթերցողն անգամ բանաստեղծ Սաադիի առակի տված խրատը հասկանում է. այս աշխարհի գեղեցկությունը և գաղտնիքը միայն ուշադրությամբ, խնամքով ու սիրով է ի հայտ գալիս։ Երջանիկ երամակների, ձիերի այդ դրախտում եթե ուզում եք ապրել, ուշադիր եղեք, և՛ գույներին ու մանրամասներին, և՛ կատակներին ուշադրություն դարձնելով՝ տեսեք աշխարհը։ Քսան արծաթադրամանոց ուսուցիչը և զվարճանում, և վախենում էր ինձնից։ Ուզում էր գդալը դնել ու փախչել, բայց ես նրան հանգիստ չթողեցի։ — Այդ նկարում թագավորին, նրա ձիապանին, ձիերր այնպես է նկարել վարպետաց վարպետ Բեհզադը,— ասացի ես,— որ արդեն հարյուր տարի է՝ այդ ձիերը դեռ բոլորը կրկնօրինակում են։ Նրա երազանքից ու սրտից բխող այդ նկարի ձիերից յուրաքանչյուրն արդեն մի կաղապար է դարձել։ Հարյուրավոր նկարիչներ, ես էլ ներառյալ, հիշողությամբ ենք նկարում այդ ձիերը։ Դու երբևէ ձիու նկար տեսե՞լ ես։ — Մի մեծ գիտնական, մի օր իմ մեծ ուսուցչին կախարդված գիրք էր նվիրել. այնտեղ մի թևավոր ձիու նկար եմ տեսել։ «Աջաիփ-ուլ Մահլուքաթը» լուրջ ընդունող այդ հիմարին հենց տեղում ցանկացա խեղդել ապուրի ամանի մեջ, թե՞ թողնեմ, որ կյանքում տեսած ձիու միակ նկարը (ո՞վ գիտի, թե որքան վատ նկար էր տեսել) երկար-բարակ պատմի։ Երրորդ ճանապարհ գտա. գդալս ցած դրեցի ու խորտկարանից դուրս եկա։ Երկար քայլելուց հետո մտնելով լքված թեքքեն՝ հանդարտվեցի։ Մաքրություն արեցի և անշարժում՝ լսեցի լռությունը։ Հետո թաքստոցից հայելին հանելով՝ դրեցի գրքի տախտակին, գիրկս առա երկու էջանոց նկարը և աշխատանքային տախտակը ու հայելու մեջ նայելով դեմքիս՝ փորձեցի նկարել սեփական դիմանկարս։ Համբերատար, երկար աշխատեցի։ Երկար ժամանակ անց նկատելով, որ թղթի վրայի դեմքը նման չէ հայելու դեմքին, տխրեցի, աչքերս լցվեցին արցունքով։ Էնիշթեի հաճույքով պատմած վենետիկցի նկարիչները դա ինչպե՞ս էին անում։ Մի պահ ինձ նրանցից մեկի տեղը դրեցի և մտածեցի, որ եթե այդպես նկարեմ, գուցե նկարը նման լինի իմ իսկական դեմքին։ Հետո եվրոպացի նկարիչներին էլ, Էնիշթեին էլ անիծեցի և նկարս ջնջելով՝ կրկին հայելուն նայելով՝ սկսեցի նորն անել։ Շատ ժամանակ անցավ, երբ ելա փողոց և ի վերջո մտա այս զզվելի սրճարանը։ Անգամ չէի նկատել, թե ինչպես եմ հասել այստեղ, ներս մտնելիս այս թշվառ նկարիչներին և գրիչներին խառնվելու համար այնքան էի ամաչում, որ ճակատիս քրտինքի հատիկներ էին երևում։ Տեսնում էի, որ ինձ են նայում, միմյանց հրելով՝ ինձ են ցույց տալիս ու ծիծաղում։ Փորձեցի բնական թվացող շարժումներ անել և նստեցի մի անկյունում։ Մյուս կողմից էլ մյուս վարպետ նկարիչներին, մի ժամանակ վարպետ Օսմանի մոտ միասին աշակերտ եղած սիրելի եղբայրներին էին փնտրում աչքերս։ Վստահ եմ, որ նրանց էլ այս գիշեր մեկական ձի են պատվիրել և հիմարները մրցույթը լուրջ են ընդունել։ Դեռ պատմասաց էֆենդին չէր սկսել պատմությունը։ Դեռ անգամ նկար չէին կախել։ Դա էլ ինձ ստիպեց մտերմանալ սրճարանի մարդկանց հետ։ Լա՛վ, ձեզ ասեմ ճշմարտությունը, բոլորի պես կատակներ էի անում, անշնորհք պատմություններ պատմում, ընկերներիս հետ չափազանցված շարժումներով համբուրվում, բազմանշանակ, ակնարկներով, բառախաղերով խոսքեր էի ասում, հարցնում էի երիտասարդ ծառաների մասին, բոլորի պես անխղճորեն վատաբանում էի ընդհանուր թշնամիներին, շատ ոգևորվելուն պես ձեռքերի կատակների, վիզ համբուրելուն էի անցնում։ Այս ամենն անելիս հոգուս մի մասի լռությունն ինձ սարսափելի ցավ էր պատճառում։ Բայց շուտով բառախաղերով սեփական և մյուս մարդկանց առնանդամները գրիչի, եղեգի, սրճարանի սյուների, տարբեր բաների, ապտակի, պռսասոխի, մինարեթի, շաքարապատ քաղցրեղենի, սոճու և երկու անգպմ էլ ամբողջ աշխարհին նմանեցնելը հաջողելուս պես մեր խոսակցության թեմա դարձած գեղեցիկ տղաների հետույքներն էլ թուրինջի, թզի, քադայըֆի և բարձի ու շատ փոքրիկ մրջնաբնի նմանեցնել էլ կարողացա։ Մինչդեռ այդ ընթացքում իմ տարեկից գրիչներից ամենահամառը սեփական գործիքը միայն համեմատեց նավի խողովակի, բեռնակրի ձեռնափայտի հետ, բայց շատ անփորձ և անվստահ ասաց։ Բացի այդ, ծեր նկարիչների չբարձրացող եղեգներին, նոր աշակերտների՝ բալագույն շրթունքների, փողերը (ինձ պես) մի տեղ (ամենաանշնորհք մի տեղ) թաքցնող գրիչ վարպետների, իմ խմած գինու մեջ վարդի թերթիկ, ոչ թե ափիոն գցվելու, այլ Թավրիզի և Շիրագի վերջին վարպետներին, Հալեպում առանց այդ էլ սուրճը և գինին խառնելուն և այնտեղի գրիչներին ու գեղեցիկ որդիներին էլ ծաղրեցի, բացահայտ կատակեցի։ Երբեմն իմ ներսի երկու հոգուց մեկն ի վերջո պարտվելով՝ մյուսին ստվերում է թողնում, երբեմն կարծում էի, որ այդ անձայն և անսեր կողմս կմոռանամ։ Այդ ժամանակ բոլորի հետ մեկտեղ իմ մանկության տոն օրերի արարողություններն էի հիշում։ Բայց չնայած այս բոլոր կատակներին, համբույրներին և գրկախառնություններին, ինձ բազմության մեջ միայնակ թողած այս լռությունն էլ կար ներսումս։ Ինձ միշտ կշտամբող, համայնքից հեռացնող այս լուռ ու դաժան հոգին (ջին էր, ոչ թե հոգի) ո՞վ էր դրել իմ մեջ։ Սատանա՞ն։ Բայց սատանայի ուզածը ոչ թե անշնորհքություններով, այլ հակառակը՝ իմ ներսի լռությունը կարծես ամենահիմար պատմություններով լցնելն էր։ Այդ հանգստությունը գտնելու համար երկու բաժակ գինու ազդեցության տակ երկու պատմություն պատմեցի։ Երկարահասակ, գունատ, բայց վարդագույն մաշկով գրչի աշակերտը կանաչ աչքերով նայելով իմ աչքերին՝ ուշադիր լսում էր։ '''ՆԿԱՐՉԻ ՀՈԳՈՒ ՄԻԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԽԻԹԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՏՄՎՈՂ ԿՈՒՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՃԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ''' '''Այբ''' Այլ ձիերի նայելով ձի նկարելը եվրոպացի վարպետները չեն հայտնագործել, ինչպես կարծում են, այլ քազվինցի մեծ վարպետ Ջեմալեթթինի միտքն էր ի սկզբանե։ Աքքոյունլու կառավարիչ Ուզուն Հասանի՝ Քազվինը գրավելուց հետո ծեր վարպետ Ջեմալեթթինը ոչ միայն հաղթանակած կառավարչի արվեստանոց մտավ, այլև նրանից հետո արշավանքների ելավ, ասաց, որ ցանկանում է սեփական աչքով տեսած պատերազմի տեսարաններով զարդարել իր «Պատմությունը»։ Այսպիսով, վաթսուներկու տարի առանց պատերազմ տեսնելու ձին, հեծյալը և պատերազմը պատկերող մեծ վարպետը առաջին անգամ պատերազմի գնացին, բայց առանց տեսնելու, թե ինչպես են քրտնած ձիերը բախվում միմյանց, թշնամու գնդակից անմիջապես կուրացավ և երկու ձեռքը դաստակից կտրվեց։ Իրական մեծ վարպետների պես մեծ վարպետը, որ կուրությանը սպասում էր որպես Ալլահի մեծ գթասրտություն, առանց ձեռքի մնալը մեծ դժբախտություն չէր համարում, ոմանց պնդումների համաձայն՝ նկարչի հիշողությունը ոչ թե ձեռքի, այլ մտքի և սրտի մեջ է, Աստծու նշած իրական նկարը և տեսարանները, իրական և անթերի ձիերը կուրանալուց հետո էլ կարելի է տեսնել։ Այս հրաշքները նկարչության սիրահարների հետ կիսելու համար երկարահասակ, գունատ, բայց վարդագույն երանգի մաշկով ու կանաչ աչքերով մի գրչի աշակերտ առավ և Աստծու մթության մեջ աչքերի առաջ երևացած հիանալի ձիերին նկարագրելով՝ պատվիրեց նրան պատկերել։ Վարպետի մահից հետո գեղեցիկ գրչի «Ձիերի նկարչությունը», «Ձիերի ընթացքը» և «Ձիերի սերը» անունով երեք հատորում հավաքած և այս երեք հարյուր երեք ձիերի նկարչության պատմությունը, մի շրջան Աքքոյունլուների ուժը զգացած երկրներում էր հայտնի դարձել, տարբեր նոր նկարներ և կրկնօրինակներ էին արվել, որոշ նկարներ աշակերտներն անգիր էին արել, օգտագործել էին որպես ուղեցույց, բայց Ուզուն Հասանի Աքքոյունլու պետության ոչնչացումից և Հերաթի նկարչության՝ ամբողջ երկրին տիրանալուց հետո մոռացվել էր։ Հերաթցի Քեմալեթթին Ռըզա Կույրն իր «Ձիեր» գրքում այս երեք գիրքը խիստ քննադատության ենթարկելով՝ պնդել էր, որ անհրաժեշտ է դրանք այրել, անկասկած, այս միտքն իր արձագանքը գտավ․ քազվինցի Ջեմալեթթինի երեք գրքի ձիերից ոչ մեկը Աստծու ձին չի կարող լինել, որովհետև ազնվական չեն, որովհետև ծեր վարպետը նրանց գոնե մեկ անգամ և գոնե կարճատև պատերազմի տեսարանում չէր պատկերել։ Զարմանալի է, որ Աքքոյունլու Ուզուն Հասանի գանձարանը, Ֆաթիհ սուլթան Մեհմեդի կողմից թալանվելով՝ Ստամբուլ է բերվել, այդ պատճառով այս երեք հարյուր երեք պատմությունից ոմանք երբեմն Ստամբուլում այլ գրքերում են հայտնվել, անգամ որոշ ձիեր հայտնվել են համապատասխան պատմությունների կողքին։ '''Լյուն''' Հերաթում և Շիրազում վարպետ նկարչի՝ կյանքի վերջին շրջանում չափազանց շատ աշխատելու պատճառով կուրանալը միայն վարպետի վճռականության նշան չի կարող համարվել, միևնույն ժամանակ Աստծու՝ այս մեծ վարպետի աշխատանքի և տաղանդի փոխհատուցմամբ էր բացատրվում։ Այդ պատճառով մի շրջան Հերաթում չնայած տարիքին դեռ չկուրացած հին վարպետներին կասկածանքով էին նայում, այդ պատճառով մեծ վարպետները ծերանալով փորձում են կուրանալու ճանապարհ փնտրել։ Նրանցից ոմանք իրենք իրենց էին կուրացրել, ոմանք էլ միայն այն բանից հետո, երբ Թեմուրի, Միրան շահի տոհմից սերող թոռներից Էբու Սաիդը Թաշքենդը և Սամարղանդը գրավեց, նրա ստեղծած արվեստանոցում էին հարգանք գտել և իրենց համար նոր աշխարհ հայտնագործել։ Էբու Սաիդին ներշնչող ծեր վարպետ Քարա Վելին ասել էր, որ կույր նկարիչը մթության մեջ էլ կտեսնի Ալլահի ձիերին, իրական տաղանդն այն է, երբ տեսնող նկարիչն աշխարհին կույրի պես է նայում։ Նա վաթսունյոթ տարեկանում աչքերը մինչև վերջ բացած՝ բաց թղթին նայելով, առանց թուղթը տեսնելու և նրա մասին մտածելու՝ գրչի ծայրով թուղթը ծակելով սկսեց նկարել ձիուն։ Միրան շահն էլ լեգենդար վարպետին որպես օգնություն հրամայեց խուլ երաժշտասերների համար ուդ նվազելով՝ համր պատմիչների համար պատմություն պատմել։ Այս նկարչական արարողության ավարտին Քարա Վելիի նկարած հիանալի ձին մեծ վարպետի նկարած այլ ձիերի հետ երկար համեմատեցին, և անմիջապես պարզվեց, որ ոչ մի տարբերություն չկա։ Միրան Շահին անհանգստացնող այս իրավիճակի հետ կապված լեգենդար վարպետը կարող էր ասել, որ անգամ եթե տաղանդավոր նկարչի աչքերը փակ լինեն, ձիերին միշտ միայն մի ձևով՝ Աստծու տեսածի պես կարող է տեսնել։ Ըստ նրա՝ երբ խոսքը մեծ վարպետ լինելու մասին է, կույրի և տեսնողի միջև ոչ մի տարբերություն չկա. ձեռքը միշտ նույն ձին է նկարում, որովհետև այդ ժամանակ ոճ կոչվածը եվրոպական հայտնագործություն չէր։ Մեծ վարպետ Քարա Վելիի ձիերը, հարյուր տասը տարի բոլոր մուսուլման նկարիչների կողմից կրկնօրինակվել են, իսկ ինքը Էբու Սաիդի պարտությունից և արվեստանոցի փակումից հետո Սամարղանդից Քազվին գնալուց երկու տարի անց Ղուրանի «Կույրը և տեսնողը կարո՞ղ են համեմատվել» թեմայով հայաթը վատ նպատակներով մեկնաբանելու պատճառաբանությամբ սկզբում կուրացվեց, հետո երիտասարդ Նիզամ շահի հրամանով սպանվեց նրա զինվորների կողմից։ Վարպետ Օսմանից լսածս երրորդ պատմությունն էլ հավանաբար կպատմեի գեղեցիկ աչքերով գրչի աշակերտին, թե մեծ վարպետ Բեհզադն ինքն իրեն ինչպես է կուրացնում, Հերաթից երբեք չի ցանկանում հեռանալ, ինչպես են նրան ստիպողաբար Թավրիզ բերում և թե ինչու չի նկարում, ինչու չի դավաճանում իր արվեստանոցի ոճին, բայց մտածեցի պատմիչ էֆենդու մասին։ Որտեղի՞ց գիտեի, որ այս երեկո սատանայի պատմությունն է անելու։ — Առաջինը սատանան է ասել՝ ես,— ցանկացա ասել։— Սատանան է, որ ոճ ունի, Արևելքը Արևմուտքից բաժանողն էլ է սատանան։ Աչքերս կկոցելով՝ սատանային, ինչպես պատկերացնում էի, նկարեցի պատմիչի կոշտ թղթի վրա։ Մինչ ես նկարում էի, պատմիչը և նրա աշակերտը, մյուս նկարիչները, հետաքրքրասերները ծիծաղում էին, հրահրում ինձ։ Ձեր կարծիքով՝ ես իմ ո՞ճն ունեմ, թե՞ այս ամենը գինու պատճառով է։ == 47. Ես սատանան եմ == Ձիթապտղի ձեթի մեջ տապակած կարմիր պղպեղի հոտը, լուսաբացին հանդարտ ծովի վրա թափվող անձրևները, բաց պատուհանի եզրին մի պահ կնոջ երևալը, լռությունը, մտածելը և համբերությունն եմ սիրում։ Հավատում եմ ինձ և հիմնականում իմ մասին լուրերին ուշադրություն չեմ դարձնում։ Բայց այս երեկո այս սրճարան եմ եկել նկարիչ և գրիչ եղբայրներիս որոշ բամբասանքների, ստերի, ասեկոսեների պատճառով։ Իհարկե, գիտեմ, որ պատրաստ եք հավատալ իմ ասածների ճիշտ հակառակին։ Բայց նաև այնքան խելացի և ուշադիր եք, որ գիտեք իմ ասածի ճիշտ հակառակը միշտ չի ճիշտ լինում։ Գիտեք, որ Ղուրանում հիսուներկու անգամ հիշատակվել է իմ անունը։ Լա՛վ, սկսեմ Աստծու գրքից՝ Ղուրանից։ Այնտեղ իմ մասին գրված ամեն ինչ ճիշտ է։ Ուզում եմ իմանաք՝ այս խոսքերն ասելիս համեստ եմ պահում ինձ, որովհետև նաև ոճի խնդիր կա։ Ղուրանում ստորացվելն ինձ միշտ ցավ է պատճառել։ Այդ ցավն իմ կյանքի ոճն է։ Անկասկած։ Այո, Աստված մեր՝ հրեշտակների աչքի առաջ ստեղծեց մարդուն։ Հետո ցանկացավ, որ խոնարհվենք նրան։ Այո, ինչպես գրված է «Արաֆ» սուրահում, մինչ բոլոր հրեշտակները երկրպագում էին, ես ըմբոստացա։ Հիշեցրի, որ Ադամը կավից է, իսկ ես, ինչպես գիտեք, ավելի բարձր նյութից՝ կրակից, և մարդուն չերկրպագեցի։ Աստված էլ ինձ «հպարտ» համարեց։ — Դուրս ել դրախտից,— ասաց նա։– Այստեղ մեծությունը չափելը քո խնդիրը չէ։ — Թույլ տուր մինչև դատաստանի օրը, մինչև մահացածների հարություն առնելն այստեղ մնամ,— ասացի ես։ Թույլ տվեց։ Ես էլ այդ ընթացքում չերկրպագելու պատճառով պատիժ կրելուս պատճառ դարձած Ադամի ցեղին ճանապարհից շեղելու մասին ասացի։ Նա էլ ասաց, որ ճանապարհից շեղվածներին դժոխք կուղարկի։ Գիտեք, որ դեռ շարունակում ենք այդ գործը։ Այս թեմաներին ոչինչ չունեմ ավելացնելու։ Ոմանք այդ ընթացքում մեծ Աստծու և իմ միջև համաձայնության մասին սկսեցին խոսել։ Ըստ այդ տրամաբանության՝ ես մեծ Աստծուն էի օգնում՝ փորձելու իր ծառաներին. փորձում եմ նրանց ճանապարհից շեղել։ Լավ մարդիկ լավ որոշումներ կայացնելով՝ ճանապարհից դուրս չեն գալիս, վատերը պարտվելով իրենց ցանկությանը՝ մեղք են գործում, ընկնում են։ Եթե բոլորը դրախտ գնային, ոչ մեկին հնարավոր չէր լինի վախեցնել, աշխարհի և պետության գործերը միայն լավությամբ չի կարելի ղեկավարվել, և աշխարհում լավի չափ վատ, բարության չափ մեղք ապահովելու համար իմ գործը շատ կարևոր է։ Չնայած նրան, որ Աստծու կարգը իմ շնորհիվ և մեծ Աստծու (ինչո՞ւ մինչև դատաստանի օրն ինձ չթողեց այնտեղ մնալ) թույլտվությամբ է իրականացել, «վատ» լինելը, երբեք չհանձնվելը իմ ոճն էր։ Իմ մասին այսպես մտածող Հալլաջը Մանսուրը կամ հայտնի իմամ Գազզալիի եղբայր Ահմեդ Գազզալիի նմաններն ասել են, որ իմ մեղքերն էլ իրականում Աստծու թույլտվությամբ և կամքով են, որ դա վատից և լավից անդին է, որովհետև ամեն բանի սկիզբն Աստված է, որ անգամ ես Աստծու մասն եմ։ Այս անխելքներից ոմանք, իրավացիորեն, գրքերի հետ մեկտեղ այրվելով սպանվել են։ Որովհետև, իհարկե, գոյություն ունի լավ և վատ, այս երկուսի միջև սահման գծելը բոլորիս գործն է, ես, անշուշտ, Աստված չեմ, և այս հիմարություններն էլ այս անխելքների գլուխը չեմ մտցրել, իրենք են մտածել։ Սա էլ ինձ հանգեցնում է երկրորդ հակառակմանը. աշխարհի բոլոր վատությունների և մեղքերի աղբյուրը ես չեմ։ Շատերին ես չեմ հրահրում, չեմ խաբում, չեմ անհնագստացնում, սեփական զայրույթի, ցանկասիրության, թուլամորթության, ստորության և հիմնականում հիմարության պատճառով են մեղք գործում։ Որոշ գրել-կարդալ իմացող սուֆիների՝ ինձ բոլոր վատություներից մաքրելու փորձերը որքան որ հիմար լինեն, հակադարձում են Ղուրանի այն մտքին, որի համաձայն՝ բոլոր վատություններն ինձնից են դուրս եկել։ Գնորդին խաբելով՝ փչացած խնձորը նրան վաճառող բանջարավաճառին, ստախոս ցանկացած երեխայի, շողոքորթողին, անշնորհք երազներ տեսնող ծերունուն, ձեռնաշարժությամբ զբաղվող տղային ես չեմ խաբում։ Անգամ մեծ Աստված այս վերջին երկու վատությունների պատճառները չի կարող իմ մեջ գտնել։ Իհարկե, շատ եմ փորձում, որ սարսափելի մեղքեր իրագործվեն, շատ եմ աշխատում, բայց բերանը բաց հորանջումներին, փռշտացողներին, անգամ հոտ հանողներին, էլի որոշ հոջաներ գրում են, որ ես եմ խաբում։ Սա նշանակում է, որ ինձ ընդհանրապես չեն հասկանում։ Թող չհասկանան, կասեք դուք, դու էլ նրանց ավելի հեշտ կխաբես։ Ճիշտ է։ Բայց ես էլ հպարտություն ունեմ, պետք է հիշեցնեմ, որ սա է պատճառ դարձել իմ և Աստծու ընկերության համար։ Չնայած, որ կարողանում եմ հանգիստ փոխել տեսքս, հատկապես որպես ցանկասիրություն արթնացնող գեղեցիկ կին, բոլոր հավատացյալների ճանապարհին կանգնած տասնյակ հազարավոր հատորների վրա, ինչպես նաև այստեղի նկարիչ եղբայրներիս նկարներում ինձ դեռ բծերով պատված դեմքով, անհարթ մաշկով, կոտոշավոր ու պոչավոր սարսափելի էակի պես են նկարում։ Կարո՞ղ եք բացատրել՝ ինչու։ Հիմնական թեման ահա սա է՝ նկարչությունը։ Ստամբուլի փողոցները լցնող և այդ հոջայի (ձեզ ավելի ուշ չտխրեցնելու համար անունը չեմ հիշատակելու) ոգևորած բազմությունը, մաքամի և էզան կարդալու համար թեքքեներում հավաքվելով՝ իրար գրկի նստած՝ կրոնական երգեր երգելով՝ երաժշտական գործիքների նվագակցությամբ ուշաթափվելու և սուրճ խմելու՝ Ալլահի խոսքին հակառակվելու մասին է ասում։ Այս աղոթքից և բազմությունից վախեցող որոշ նկարիչներ ասում են, որ եվրոպական ոճով նկարելն իմ ձեռքի գործն է, այդպես եմ լսել։ Իմ մասին հարյուրավոր տարիներ շարունակ անդադար բամբասել են։ Դրանք բոլորն էլ ինչ-որ չափով ճիշտ էին։ Անցնենք մեր հիմնական խնդրին։ Բոլորը հետաքրքրվում են Եվայի՝ արգելված պտուղը ուտելով և մոռանում են սկիզբը։ Ոչ, սկիզբն այն չէ, երբ մեծ Աստված ինձ հպարտ է անվանում։ Ամեն ինչ սկսվում է, երբ նա ինձ և մյուս հրեշտակներին մարդուն ցույց տալով՝ պահանջում է նրան երկրպագել, և մինչ մյուս հրեշտակները մարդուն երկրպագում են, ես մի քանի անգամ համառորեն ասում եմ՝ ՄԱՐԴՈՒՆ ՉԵՄ ԵՐԿՐՊԱԳԻ։ Ինձ կրակից ստեղծելուց հետո ավելի անարժեք նյութից՝ կավից ստեղծված ՄԱՐԴՈՒՆ ԵՐԿՐՊԱԳԻ՛Ր ասելը ձեր կարծիքով տեղի՞ն էր։ Ձեռքը խղճին դնելով՝ ասեք, եղբայրներ։ Լա՛վ, գիտեմ, որ այստեղ ոչինչ գաղտնի չի մնա, նա ամեն ինչ կլսի և մի օր ձեզնից հաշիվ կպահանջի։ Դրա մասին եք մտածում և վախենում։ Այդ դեպքում չեմ հարցնի, թե նա ինչու է ձեզ այդ խիղճը տվել։ Ասում եմ, որ իրավացիորեն եք վախենում ու մոռանում եմ այս հարցիս և կրակի ու կավի միջև համեմատություն անելու մասին։ Բայց երբեք չեմ մոռանա, այո՛, մի բան կա, որ հպարտությամբ կհիշեմ. ԵՍ ՄԱՐԴՈՒՆ ՉԵՐԿՐՊԱԳԵՑԻ։ Մինչդեռ նոր եվրոպացի վարպետներն այժմ հենց դա են անում։ Պարոնների, քահանաների, հարուստ առևտրականների և անգամ կանանց աչքերի գույնը, մաշկը, շրթունքների աննման ելևէջները, կրծքերի արանքի գեղեցիկ ստվերը, ճակատների կնճիռները, մատների մատանիները, անգամ ականջներից դուրս եկող զզվելի մազերը, ամեն ինչ եղածի պես նկարելով չեն բավարարվում, կարծես մարդը արարած է, որին պետք է երկրպագել, նրանց տեղադրում են նկարի ամենակենտրոնում և կախում պատերից, ասես արձաններ են, որոնց պետք է երկրպագել։ Մարդը, անգամ նրա ստվերը բոլոր մանրամասներով նկարելու չափ կարևոր արարած է։ Փողոցի տները մարդու աչքերում աստիճանաբար փոքրանում են։ Եթե այդպես էլ պատկերվի, աշխարհի կենտրոնը ոչ թե Աստված, այլ մարդը կդառնա, չէ՞։ Ամենակարող Աստված ավելի լավ գիտի, բայց մարդուն երկրպագելուց հրաժարված, այդ պատճառով տառապանքներ և միայնություն տեսած, այդ պատճառով Աստծուն հիասթափեցրած, հայհոյանքներ լսածը ես եմ, այս նկարներին հաղորդածս ներշնչանքի պնդումները, կարծում եմ՝ հասկացել եք, թե ինչ հիմարություն են։ Որոշ մոլլաների գրածի, որոշ հոջաների ասածի պես բոլոր տղաներն իմ պատճառով են ձեռնաշարժությամբ զբաղվում, բոլորին ես եմ ստիպում, որ հոտ հանեն։ Այս թեմայով վերջին բանն եմ ուզում ասել, բայց սա չի վերաբերում այն մարդկանց, ովքեր միայն մտածում են իրենց ցուցադրելու, ցանկասիրության մասին, ընկած են փողի ետևից և հիմար կրքերի պատճառով կեղտոտվել են։ Անսահման ուղեղով ինձ միայն մեծ Աստված կհասկանա, արդյոք դու չե՞ս հրեշտակներիդ ստիպել մարդուն երկրպագել՝ ստիպել նրանց հպարտ լինել։ Հիմա էլ քո հրեշտակներից սովորածներն իրենք են անում, իրենք իրենց են երկրպագում, իրենց համարում են աշխարհի կենտրոնը։ Բոլորը, անգամ քո հավատարիմ ծառաները, ցանկանում են նկարվել եվրոպացի վարպետների ոճով։ Սա ինքնասիրահարության հետևանքն է, շուտով քեզ կմոռանան, դրանում շատ վստահ եմ։ Բացի այդ, քեզ մոռանալու ամբողջ մեղքը կրկին ինձ վրա կգցեն։ Ինչպե՞ս կարող եմ ձեզ ասել, որ ընդհանրապես ուշադրություն չեմ դարձնում նման բաների վրա։ Իհարկե, չնայած հարյուրավոր տարիներ դաժանորեն քարկոծվելուն, հայհոյանքներին, անեծքներին, եկեղեցական բանադրանքներին՝ ոտքի վրա ողջ ու առողջ կանգնած եմ։ Մինչև դատաստանի օրը մեծ Աստծու շնորհած ապրելու թույլտվությանն ինձ անարժան համարող զայրացած և մակերեսային թշնամիներս եթե այդքան կարճ հիշողություն չունենային, բոլորիս գործը հեշտ կլիներ։ Իսկ նրանց՝ Ալլահից ստացած կյանքը միայն վաթսուն-յոթանասուն տարի կտևի։ Եթե ասեմ՝ գոնե փորձեք սուրճ խմելով երկարացնել այն, կասեք՝ վայ, եթե սատանան է ասում, հակառակն անենք։ Գիտեմ, որ ոմանք երբեք սուրճ չեն խմի կամ գլխի վրա կանգնելով՝ կփորձեն սուրճը հետույքով խմել։ Բայց դա էլ պարզ չէ։ Ի վերջո, մի սիրո պատմություն էի անելու, բայց արդեն ուշ է։ Այս գիշեր ինձ կանչած վարպետ պատմողը խոստացել է վաղը չէ մյուս օրը՝ չորեքշաբթի օրվա գիշերը, պատին կնոջ նկար կախել և քաղցր լեզվով պատմել այդ սիրո պատմությունը։ == 48. Ես Շեքուրեն եմ == Երազում հորս էի տեսել, ինձ անհասկանալի բան էր ասում, սարսափելի էր, արթնացա։ Շևքեթն ու Օրհանը երկու կողմից ամուր ինձ էին փաթաթվել, նրանց ջերմությունից քրտնել էի։ Շևքեթը ձեռքը դրել էր փորիս։ Օրհանը քրտնած գլուխը հենել էր կրծքիս։ Միևնույն է, կարողացա առանց նրանց արթնացնելու դուրս գալ սենյակից։ Միջանցքն անցնելով՝ անձայն բացեցի Քարայի դուռը։ Ձեռքիս մոմի լույսի տակ ոչ թե նրան, այլ մութ, ցուրտ սենյակի մեջտեղում պատանի մեջ դիակի պես մեկնված ճերմակ անկողինը տեսա։ Մոմի լույսը կարծես անկողնու վրա չէր տարածվում։ Ձեռքս մոտեցրի, և մոմի թուրինջե լույսն ընկավ Քարայի չսափրված, հոգնած դեմքին, մերկ ուսերին։ Մոտեցա, ինչպես Օրհանն է անում, միջատի պես գալարված քնած էր, և դեմքին քնած աղջկա դեմքի արտահայտություն կար։ — Նա իմ ամուսինն է,— ասացի ինձ։ Այնքան հեռու և օտար էի զգում նրանից, որ մի պահ զղջացի։ Եթե ձեռքիս դաշույն լիներ, կսպանեի։ Ոչ թե որովհետև իսկապես ցանկանում էի, այլ որովհետև ինչպես մանուկ ժամանակ, մտածում էի՝ եթե նրան սպանեմ, ինչ կլինի։ Չէի հավատում, որ տարիներ շարունակ իմ մասին մտածելով է ապրել, ինչպես և չէի հավատում դեմքի անմեղ արտահայտությանը։ Մերկ ոտքիս ծայրով ուսը հրեցի և արթնացրի։ Ինձ տեսնելուն պես ասես կախարդվելով՝ ոչ թե ոգևորվեց, այլ հենց իմ ուզածի պես մի պահ վախեցավ։ Մինչ լրիվ կարթնանար, ասացի. — Երազումս հորս եմ տեսել։ Ինձ շատ սարսափելի բան ասաց, դու ես նրան սպանել... — Երբ հորդ սպանեցին, միասին չէի՞նք։ — Ես էլ գիտեմ,— ասացի։— Բայց դու գիտեիր, որ հայրս տանը մենակ է լինելու։ — Չգիտեի։ Դու էիր երեխաներին Հայրիյեի հետ ուղարկել։ Երևի միայն Հայրիյեն ու Էսթերը գիտեին։ Դու ավելի լավ կիմանաս, թե ով գիտեր։ — Ներսիցս մի ձայն ասում է, թե ինչու է ամեն բան վատ ստացվել, այս ամբողջ չարաբաստիկության գաղտնիքն է կարծես ասում։ Որպեսզի այդ ձայնը դուրս գա, բերանս բացում եմ, բայց ինչպես երազում, կոկորդիցս ձայն դուրս չի գալիս։ Դու էլ մանկությանս տարիներին ճանաչած այն լավ ու միամիտ Քարան չես արդեն։ — Դու էլ, հայրդ էլ այդ միամիտ Քարային վտարեցիք։ — Եթե հորիցս վրեժ լուծելու համար էիր ուզում ամուսնանալ ինձ հետ, արդեն ուզածիդ հասար։ Բայց գուցե այդ պատճառով երեխաները քեզ չեն սիրում։ — Գիտեմ,— տխրությամբ ասաց նա։– Գիշերը քնելուց առաջ դու մի պահ ներքևում էիր, բարձր, որպեսզի կարողանայի լսել, ասում էին՝ Քարա, Քարա, հիմար Քարա։ — Ծեծեիր նրանց,— ասացի ես՝ սկզբում իսկապես ցանկանալով, որ ծեծեր։– Եթե նրանց վրա ձեռք բարձրացնես, քեզ կսպանեմ,— անհանգստացած ասացի հետո։ — Մտիր անկողին,— ասաց նա։– Կմրսես։ — Գուցե երբեք չմտնեմ քո այդ անկողինը։ Գուցե երկուսս էլ սխալ արեցինք, որ ամուսնացանք։ Ասում են, որ այդ ամուսնությունը ուժ չունի։ Գիշերը քնելուց առաջ Հասանի ոտնաձայները լսեցի։ Մի՛ մոռացիր, լուսահոգու ամուսնուս հետ ապրելիս տարիներ շարունակ լսել եմ նրա ոտնաձայները։ Երեխաները նրան սիրում են։ Անխիղճ է։ Մի կարմիր թուր ունի, զգուշացիր նրանից։ Քարայի հայացքում այնպիսի հոգնած և այնքան խիստ բան տեսա, որ հասկացա՝ չեմ կարող վախեցնելնրան։ — Երկուսիցս էլ ամենաշատ հույս ունեցողը և ամենատխուրը դու ես,— ասացի։– Ես դժբախտ չլինելու, երեխաներիս պաշտպանելու համար եմ դիմանում, իսկ դու՝ քեզ ապացուցելու, ոչ թե ինձ սիրելու համար։ Երկար պատմեց, թե ինձ որքան է սիրում, դատարկ իջևանատներում, մերկ լեռների վրա, ձնոտ գիշերներում միշտ իմ մասին է մտածել։ Եթե դա չասեր, երեխաներին կարթնացնեի, կգնայի նախկին ամուսնուս տուն։ Հանկարծ այսպես ասացի. — Երբեմն ինձ թվում է, թե նախկին ամուսինս ամեն պահ կարող է վերադառնալ։ Ոչ թե քեզ հետ կեսգիշերին մի սենյակում մնալուց, երեխաներին մոտենալուց եմ վախենում, այլ որովհետև ինձ թվում է՝ իրար փաթաթվելուն պես այդ դուռը կսկսի ծեծել։ Դրսից՝ ուղիղ բակի դռան մոտից մահացու կռվող կատուների ճիչերը լսվեցին։ Հետո երկար լռություն տիրեց։ Մի պահ կարծեցի, թե կհեծկլտամ։ Ձեռքիս մոմակալը ոչ կարողանում էի սեղանի վրա դնել, ոչ էլ վերադառնալ սենյակ՝ երեխաներիս մոտ։ «Մինչև չհամոզվեմ, որ հորս սպանության հետ կապ չունի, այս սենյակից դուրս չեմ գա»,— ասացի ինձ։ — Մեզ ստորացնում ես,— ասացի Քարային։– Ինձ հետ ամուսնանալուց հետո գոռոզացար։ Քանի որ ամուսինս չի վերադարձել, խղճում էիր ինձ, հիմա էլ խղճում ես, որ հայրս է սպանվել։ — Շեքուրե՛ հանըմ,— կենտրոնացած ասաց նա։ Ինձ դուր եկավ, որ խոսքն այսպես էր սկսել։ — Դու էլ գիտես, որ դա ճիշտ չէ։ Քեզ համար ամեն ինչ կանեմ։ — Այդ դեպքում անկողնուցդ վեր կաց և ինձ պես ոտքի կանգնիր։ Ինչո՞ւ էի ասել, որ սպասելիքներ ունեմ։ ― Չեմ կարող,— ասաց նա՝ ցույց տալով վերմակն ու իր գիշերանոցը։ Իրավացի էր, բայց զայրացա, որ ինձ չէր հնազանդվում։ — Հորս սպանությունից առաջ այս տուն հնազանդ գառան պես էիր մտնում,— ասացի։– Իսկ հիմա ինձ «Շեքուրե հանըմ» ասելիս կարծես ինքդ էլ չես հավատում քո ասածին և ուզում ես, որ մենք էլ իմանանք այդ մասին։ Ոչ թե զայրույթից, այլ ոտքերս, մեջքս ու վիզս սառույցի պես պատող ցրտից էի դողում։ — Մտիր իմ անկողին ու դարձիր իմ կինը,— ասաց նա։ — Հորս սպանած ստորն ինչպե՞ս է հայտնաբերվելու,— ասացի ես։– Եթե երկար տևի, այս տանը քեզ հետ մնալը ճիշտ չի լինի։ — Էսթերի և քո շնորհիվ վարպետ Օսմանն ամբողջ ուշադրությունը կենտրոնացրել է ձիերի վրա։ — Վարպետ Օսմանը լուսահոգի հորս թիվ մեկ թշնամին էր։ Հիմա մարդասպանին գտնելու համար նրա կարիքը զգալը խեղճ հայրս վերևից տեսնում ու տառապում է։ Անկողնուց վեր թռավ, քայլեց դեպի ինձ։ Տեղիցս չշարժվեցի։ Բայց ի տարբերություն իմ սպասումների՝ ձեռքիս մոմի լույսը ձեռքով հանգցրեց։ Ոչինչ չէր երևում։ — Հայրդ արդեն չի տեսնի մեզ,— շշնջաց նա։– Մենք մենակ ենք։ Ասա՛ հիմա, Շեքուրե՛, զգում էի, որ տասներկու տարի անց այստեղ վերադառնալուց հետո ինձ կարող ես սիրել, սրտումդ ինձ համար տեղ կարող ես բացել։ Հետո ամուսնացանք։ Ամուսնանալուց ի վեր խուսափում ես ինձ սիրելուց։ — Քեզ հետ ստիպված էի ամուսնանալ,— շշնջացի ես։ Մթության մեջ իմ առջև կանգնած մարմնի մեջ իմ բառերի՝ Ֆիզուլիի ասածի պես մեկական մեխ խրելը դաժանորեն զգում էի։ — Եթե քեզ սիրեի, փոքր տարիքում կսիրեի,— կրկին շշնջացի ես։ — Ասա ինձ, մթության միջի գեղեցկուհի՛,— ասաց նա։— Ձեր տուն մտնող-ելնող բոլոր նկարիչներին հետևել ես, գիտես։ Քո կարծիքով՝ ո՞ր մեկն է մարդասպանը։ Ինձ դուր էր գալիս, որ դեռ կարողանում էր ուրախ լինել։ Նա իմ ամուսինն էր։ — Մրսում եմ։ Այսպե՞ս էի ասել, չեմ հիշում։ Սկսեցինք համբուրվել։ Մթության մեջ դեռ մի ձեռքով մոմակալը բռնած նրան փաթաթվելը, թավշի պես լեզուն բերանումս զգալը, արցունքները, մազերս, գիշերանոցս, դողս, անգամ նրա մարմինը, ամեն ինչ գեղեցիկ էր։ Ցրտի մեջ քթիս՝ նրա այտին հենելով տաքանալն էլ էր գեղեցիկ, բայց վախկոտ Շեքուրեն իրեն զսպեց, համբուրվելիս իրեն չկորցրեց և ձեռքի մոմակալի, իրեն հետևող հոր, նախկին ամուսնու, անկողնում քնող երեխաների մասին մտածեց։ — Տանն ինչ-որ մեկը կա,— բղավեցի ես։ Քարային հրեցի ու դուրս թռա միջանցք։ == 49. Իմ անունը Քարա է == Տնից առավոտ կանուխ առանց որևէ մեկի աչքին երևալու՝ հյուրի պես անձայն դուրս եկա և սկսեցի քայլել ցեխոտ փողոցներում։ Բեյազիդի բակում աբդեսթ անելով՝ մզկիթ մտա և նամազ արեցի։ Ներսում միայն քառասուն տարում ձեռք բերված տաղանդով, նամազ անելիս քնող մի ծեր մարդուց և իմամ էֆենդուց բացի ոչ ոք չկար։ Մեր քնաթաթախ երազանքների և դժբախտ հուշերի միջև երբեմն զգում ենք, որ Աստված մեզ վրա է կենտրոնացրել իր ուշադրությունը, սուլթանին հաճույքով խնդրագիր ուղարկած մարդու հույսով նրանից ինչ-որ բան ենք խնդրում։ Ես Աստծուն աղաչեցի, որ ինձ սիրող մարդկանցով լի տուն տա։ Երբ հասա Օսման վարպետի տուն, զգացի, որ նա մեկ շաբաթվա ընթացքում գրավել է լուսահոգի փեսայիս տեղը։ Տարբեր էր, ավելի հեռու էր ինձնից, բայց մանրանկարչության հանդեպ հավատն ավելի խորն էր։ Մեծ վարպետը տարիներով նկարիչների հետ վախի, հիացմունքի և սիրո քամիների մեջ ապրած մարդուց ավելի շատ նման էր ինքնամոռաց դերվիշի, վարպետի տնից պալատ գնացող մեկին։ Երբ այդ սապատավոր ձիու կողքին ես էլ էի սապատավոր քայլում, հին հեքիաթները գարդարող էժան նկարների ծեր դերվիշի և ոգևորված հետևորդի էինք նման հավանաբար։ Պալատում Բոսթանջըբաշըն և նրա մարդիկ մեզնից ավելի ոգևորված ու պատրաստակամ էին երևում։ Մեր սուլթանը հրամայել էր, որ երեք վարպետ նկարիչների ձիու նկարներին առավոտյան նայենք, արագ հայտնաբերենք, թե որն է անիծյալ մարդասպանինը, և քանի որ վստահ էր, որ գտնելու ենք, հրամայել էր, որ նրան անմիջապես տանջանքների ենթարկեն։ Սովորաբար դահիճը, որպեսզի բոլորը տեսնեն և դաս առնեն, գալիս է աղբյուրի մոտ, բայց այս անգամ մեզ տարան գաղտնի հարցաքննությունների, տանջանքների և մահապատիժների ժամանակ նախընտրելի սուլթանական պարտեզի հեռավոր փայտե տնակը։ Բոսթանջըբաշու մարդկանցից տարբերվող նուրբ և քաղաքակիրթ երիտասարդը ինքնավստահ մոտենալով՝ գրքի տախտակին երեք թերթ դրեց։ Երբ վարպետ Օսմանը հանեց խոշորացույցը, սիրտս սկսեց բաբախել։ Խոշորացույցն ու նույն հեռավորության վրա պահած աչքը դաշտը հաղթանակով ցննող արծվի պես երեք հիանալի ձիու նկարի վրայով անցկացրեց։ Եղնիկ տեսած արծվի պես ձիերի քթերի վրա մի պահ հապաղեց, ուշադրությունը կենտրոնացրեց, բայց ընթացքը չխախտեց։ — Ոչ,— սառնասրտորեն ասաց նա։ — Ի՞նչ,— ասաց Բոսթանջըբաշըն։ Ես էլ կարծում էի, որ մեծ վարպետր գործը լուրջ է ընդունում, բաշի մինչև սմբակները ձիերի բոլոր կետերն ուսումնասիրում էր։ — Անիծյալ նկարիչը ոչ մի հետք չի թողել,— ասաց վարպետ Օսմանը։— Այս նկարներից անհնար է հասկանալ, թե կարմիր ձին ով է նկարել։ Նրա խոշորացույցը վերցնելով՝ նայեցի ձիերի ռունգերին․ վարպետս իրավացի էր։ Փեսայիս պատրաստած գրքի համար նկարած կարմիր ձիու այդ տարօրինակ ռունգերի նման մի բան երեք ձիերից ոչ մեկը չուներ։ Դրսում անհասկանալի գործիքով սպասող տանջողների մասին մտածեցի այդ պահին։ Բաց դռան արանքից նրանց նայելիս տեսա, թե մեկն ինչպես է ասես ջին տեսածի պես լարվելով՝ փախչում, իրեն նետում թթենիներից մեկի տակ։ Մութ առավոտը լուսավորող լույսի պես աշխարհի տիրակալ մեր սուլթանն ահա այդ պահին ներս մտավ։ Վարպետ Օսմանն անմիջապես բացատրեց նրան, որ այս ձիու նկարներից ոչինչ չի կարողացել պարզել։ Բայց միևնույն է՝ փորձեց սուլթանի ուշադրությունը գրավել այդ հիանալի ձիերից մեկի ծառս լինելուն, մյուսի նուրբ կեցվածքին, երրորդի՝ հին գրքերում հանդիպող լրջությանն ու հպարտությանը։ Միևնույն ժամանակ մեկ առ մեկ կռահեց, թե որ ձին որ նկարիչն է նկարել, և գիշերը նրանց այցելած տղան հաստատեց ամեն ինչ։ — Մի՛ զարմացեք, որ հինգ մատիս պես գիտեմ իմ նկարիչներին, իմ սուլթա՛ն,— ասաց վարպետը։– Որովհետև ես զարմանում եմ, թե այդքան լավ ճանաչածս նկարիչներն ինչպես կարող են ինձ անհայտ գիծ պատկերել։ Որովհետև վարպետ նկարչի ոչ մի թերություն անհիմն չէ։ — Այսի՞նքն,— ասաց սուլթանը։ — Երջանիկ սուլթա՛ն, աշխարհի տիրակա՛լ, այս կարմիր ձիու քթին մեր տեսած գաղտնի ձեռագիրը, եթե ինձ հարցնեք, նկարչի անիմաստ և հիմար սխալ չէ, նրա արմատները հասնում են մինչև հին ժամանակները, այլ նկարներ, այլ ոճեր, այլ ձևեր, և գուցե մեզ կհասցնեն այդ ձիերի հետքին։ Ձեր ներքին գանձարանում, հազարավոր կողպեքներով փակված ներքնահարկերում, երկաթե սնդուկներում, պահարաններում թաքցված հարյուրամյա գրքերի հիանալի էջերը եթե փորփրենք՝ այսօր որպես սխալ դիտարկվածը հավանաբար կտեսնենք որպես ոճ և կկապենք դա երեք նկարիչներից մեկի ոճին։ — Ուզում ես Էնդերունի գանձարա՞ն մտնել,— ասաց սուլթանը զարմանքով։ — Այո՛,— ասաց վարպետս։ Դա Հարեմ մտնելու չափ անամոթ ցանկություն էր։ Միաժամանակ սա էլ հասկացա. Հարեմի և գանձարանի շենքերը մեր սուլթանի պալատի Էնդերունի դրախտի բակի ամենագեղեցիկ երկու անկյուններում էին, ինչպես մեր սուլթանի հոգին է մեր սրտի ամենագգայուն անկյունում։ Փորձում էի մեր սուլթանի գեղեցիկ դեմքից, ում արդեն քաջությամբ կարողանում էի նայել, հասկանալ, թե ինչ է պատահելու, երբ նա հանկարծ հեռացավ։ Արդյոք զայրացել ու վիրավորվե՞լ էր։ Վարպետիս լկտիության պատճառով բոլորս, անգամ բոլոր նկարիչները կարող էին պատի՞ժ կրել։ Իմ առջև դրված երեք ձիերին նայելիս պատկերացրի, թե ինչպես եմ մահանալու առանց Շեքուրեին տեսնելու, առանց նրա հետ նույն անկողինը կիսելու։ Չնայած բոլոր գեղեցկություններին՝ այս հիանալի ձիերը հիմա ինձ համար շատ հեռու աշխարհից դուրս եկած ձիերի էին նման։ Ինչպես փոքր տարիքից ի վեր Էնդերունում՝ պալատի սրտում մեծանալը, այստեղ ապրելն է նշանակում մեր սուլթանի ծառան լինել և նրա համար մահանալ, այնպես էլնկարիչ լինելը, Աստծու գեղեցկության ստրուկ լինելը և դրա համար մահանալն է նշանակում։ Այդ սարսափելի լռության մեջ սկսեցի դրա մասին մտածել։ Որոշ ժամանակ անց գանձապետի մարդիկ ինձ վերև՝ Օրթաքափը տարան։ Այդ ընթացքում միայն մահվան մասին էի մտածում, մահվան լռության մասին։ Բայց Բաբուսսելամի մոտով անցնելիս, որտեղ այնքա՜ն փաշա էր մահապատժի ենթարկվել, դռնապանները կարծես մեզ չնկատեցին էլ։ Պալատական հրապարակը, որ երեկ ինձ դրախտի պես շլացնում էր, աշտարակը, սիրամարգերը ինձ վրա ընդհանրապես տպավորություն չթողեցին։ Երբ ներս մտանք, հասկացա, որ մեզ տանում են մեր սուլթանի գաղտնի աշխարհը, նրա սիրտը հանդիսացող Էնդերուն։ Այսպիսով, անցանք այն դռնից, որով անգամ մեծ վեզիրներն առանց թույլտվության ներս չեն մտնում։ Հեքիաթի մեջ մտած երեխայի պես իմ առաջ ելնող հրաշքներից ու հրեշներից չսարսափելու համար աչքերս չէի կարողանում հատակից կտրել։ Չկարողացա անգամ նայել Հայցորդների սենյակին։ Միևնույն է, մի պահ նայեցի Հարեմի պատերին, այլ ծառերից ոչ մի տարբերություն չունեցող շարքից մի սոճու և փայլող կապույտ ատլասե հագուստ կրող երկարահասակ մարդուն։ Անցանք երկար սյուների արանքով։ Մյուսներից մեծ ու շքեղ և մուքարնաս ունեցող դռան առաջ կանգնեցինք։ Դռան շեմին փայլուն հագուստով աղաներ կային, և նրանցից մեկը փորձում էր բացել կողպեքը։ Դանձապետը աչքերիս մեջ նայելով՝ ասաց. — Որքան երջանիկ եք, որ մեր սուլթանր ձեզ թույլ է տվել մտնել Էնդերունի գանձարան։ Կնայեք այն գրքերը, որ ոչ ոք չի տեսել, էջերը, անհավատալի նկարները, որսորդի պես կընկնենք հետքի ետևից։ Իմ սուլթանը հրամայեց հիշեցնել, որ վարպետ Օսմանը երեք օրվա մեջ պետք է գտնի մարդասպանին։ Առաջին օրն անցել է, երկրորդ օրվա ընթացքում՝ մինչև հինգշաբթի կեսօր, պետք է գտնի անիծյալ մարդասպանին։ Եթե չգտնի, այս գործը կավարտվի Բոսթանջըբաշու տանջանքով։ Որպեսզի բանալու նեղ անցք այլ բանալի չմտցնեն, կողպեքը կնքված էր, բայց կարողացան բացել։ Գանձարանի քարտուղարների և երկու աղայի կնիքի՝ տեղում լինելը տեսնելով՝ գլխով նշան տվեցին։ Կնիքը կոտրեցին, բանալին կողպեքի մեջ բոլորիս ուշադրությունը գրավող լռության մեջ չրխկաց, վարպետ Օսմանը մի պահ գունատվեց։ Փորագրված ծանր փայտե դռան մի փեղկը բացվելուն պես նրա դեմքին կարծես հին ժամանակներից մնացած սև լույս ընկավ։ — Գրագիր աղաներին, հին մատյանները պահպանող քարտուղարներին զուր չէ ուղարկել մեր սուլթանը,— ասաց գանձապետը։ — Գրադարանի պատասխանատուն մահացել է, նրա փոխարեն գրքերին նայող չկա։ Մեր սուլթանն այդ պատճառով է հրամայել, որ ձեզ հետ միայն Ջեզմի աղան ներս մտնի։ Ամենաքիչը յոթանասուն տարեկան, պսպղան աչքերով գաճաճ էր։ Գլխի սերփուշը, որ առագաստի էր նման, նրան ավելի տարօրինակ էր դարձնում։ — Ջեզմի աղան այս վայրին իր տան պես է վերաբերվում։ Գրքերի, ամեն ինչի մասին բոլորից լավ նա գիտի։ Ծեր գաճաճն իրեն գոռոզ չէր պահում։ Գանձարանի սենյակի երիտասարդ տղաների բերած արծաթե ոտքերով վառարանին, սադափե պոչով զուգարանակոնքին, լապտերին և մոմակալներին էր նայում։ Մեր ետևից դուռը Յավուզ սուլթան Սելիմի յոթանասունամյա կնիքով կրկին փակվեց ու կնքվեց։ Երեկոյան նամազից հետո այստեղ պատրաստ կանգնած աղաների բազմության աչքերի առաջ կնիքը նորից կոտրելու են. պետք է ուշադրություն դարձնենք, որ մեր հագուստների, գրպանների, գոտիների մեջ «սխալմամբ» ոչինչ չդնենք, որովհետև դուրս գալիս մինչև վարտիքը ստուգելու են։ Շարված աղաների արանքով անցնելով՝ ներս մտանք։ Սենյակը ցուրտ էր։ Դուռը փակվելուն պես մի պահ ամեն ինչ կորավ մթության մեջ, և կոկորդումս բորբոսի, փոշու ու խոնավության հոտ զգացի։ Ամենուր իրեր էին, սնդուկներ, սաղավարտներ, ամեն ինչ իրար վրա լցված։ Ինձ այնպես թվաց, ասես մեծ պատերազմի ականատես էի դառնում։ Վերևի պատուհանների հաստ վանդակների ու դեպի բարձր կախովի պատշգամբներ տանող աստիճանների և երկրորդ հարկը շրջապատող փայտերի վրա դրված վանդակավոր լապտերների միջով ամբողջ սենյակի վրա տարածված տարօրինակ լույսին աչքերս հարմարվեցին։ Պատերի թավշե կտորների, գորգերի և կարպետների գույնից սենյակը կարմիր էր։ Այս ամբողջ հարստությունն ու իրերր կուտակելու համար տեղի ունեցած արշավանքների, պատերազմների, թափված արյան, թալանված քաղաքների գնով ձեռք բերված գանձարանին հիացմունքով ու սարսափով նայեցի։ — Վախեցա՞ք,— հարցրեց ծեր գաճաճը՝ ասես բարձրաձայնելով իմ զգացմունքները։— Առաջին անգամ մտնելիս բոլորը վախենում են։ Գիշերներն այս իրերի հոգիներր շշուկով են խոսում։ Սարսափելին այդ բոլոր անհավատալի իրերի բազմության մեջ թաղված լռությունն էր։ Մեր թիկունքում դռան կողպեքի վրա կնիքի դրվելու չրխկոցն էինք լսում, անշարժ, հիացած լսում էինք։ Թրեր, փղոսկրեր, հագուստներ, արծաթե մոմակալներ, ատլասե դրոշներ տեսա։ Սադափե տուփեր, երկաթե սնդուկներ, չինական սափորներ, գոտիներ, սազեր, զրահներ, մետաքսե բարձեր, գլոբուսներ, երկարաճիտ կոշիկներ, մորթե վերարկուներ, ռնգեղջյուրի եղջյուրներ, ջայլամի ներկած ձվեր, հրացաններ, նետեր, գնդակներ, պահարաններ, պահարաններ և պահարաններ տեսա։ Ամեն ինչ լի էր կտորեղենով, գորգերով ու ատլասով, և այդ ամենը փայտով ծածկված վերևի հարկերից, լամպերից, պատի պահարաններից, պատերի փոքրիկ խորշերից կարծես շերտ առ շերտ ու դանդաղ թափվում էին ինձ վրա։ Կտորների, տուփերի, սուլթանի հագուստների, թրերի, վարդագույն ու մեծ մոմերի, գլխարկների, մարգարիտներով ծածկված բարձերի, ոսկով զարդարված թամբերի, ալմաստե պոչերով կացինների, ռուբինե պոչերով թրերի, գլխարկների, կատարների, տարօրինակ ժամացույցների, ձիերի և փղերի արձանների, ալմաստով զարդարված նարգիլեների, սադափե դարակների, ձիու բաշերի, մեծ թզբեհների, ռուբինով ու փիրուզով զարդարված սաղավարտների, կժերի, դաշույնների վրա տարօրինակ լույս էր ընկել, որի նմանը երբեք չէի տեսել։ Վերևի պատուհաններից ընկնող թեթև լույսը ամառվա օրերին մզկիթի գմբեթի վերևից ներս ընկնող լույսը կիսամութ սենյակում լուսավորում էր սենյակի փոշու հատիկները, բայց սա արևի լույս չէր։ Այս տարօրինակ լույսի շնորհիվ օդը կարծես դարձել էր շոշափելի, և բոլոր իրերը կարծես նույն նյութից պատրաստված լինեին։ Սենյակի լռությունը միասին սարսափով լսելուց հետո նկատեցի, որ ցուրտ սենյակին տիրող կարմիր լույսի ստվերներում բոլոր իրերը նույն խորհրդավոր գործվածքի մեջ են փաթաթվում, ամեն ինչ ծածկվում է փոշով։ Այդ բոլոր իրերն ավելի սարսափելի դարձնողը երկրորդ, երրորդ անգամ նայելիս իրերի տարօրինակ ու անհասկանալի միախառնումն էր։ Իրը, որ իմ կարծիքով սնդուկ էր, հետո պարզվում էր՝ գրակալ է, հետո հասկանում էի, որ տարօրինակ եվրոպական գործիք է։ Սնդուկներից հանած, արագ դեսուդեն նետված հագուստների և գլխարկների մեջ տեսածս սադափե սնդուկին նայելիս հասկանում եմ, որ իրականում Մոսկվայի ցարի ուղարկած տարօրինակ գզրոցն է։ Ջեզմի աղան սովորության համաձայն տեղավորվեց պատի վառարանի մոտ։ — Գրքերը որտե՞ղ են,— շշնջաց վարպետ Օսմանը։ — Ո՞ր գրքերը– ասաց գաճաճը։— Արաբիստանի՞ց եկածները, քուֆիով գրված Ղուրաննե՞րը, լուսահոգի Յավուզ սուլթան Սելիմի՝ Թավրիզից բերածնե՞րը, փաշաների գրքե՞րը, որ այստեղ են բերվել նրանց մահապատժից հետո, մեր սուլթանի պապերին Վենետիկի դեսպանի նվիրած հատորնե՞րը, թե՞ Ֆաթիհ սուլթան Մեհմեդի ժամանակներից մնացած քրիստոնեական գրքերը։ — Երեսուն տարի առաջ շահ Թահմասփի լուսահոգի սուլթան Սելիմին ուղարկված նվերները,— ասաց վարպետ Օսմանը։ Գաճաճը մեզ ուղեկցեց դեպի մեծ փայտե պահարանը։ Դռները բացելուց հետո գրքերը տեսնելով՝ վարպետ Օսմանն ավելի անհամբեր դարձավ։ Մի գիրք բացեց, կարդաց նախաբանը, թերթեց էջերը։ Նրա հետ ես էլ էջերին, մեկ առ մեկ խնամքով գծված, թեթևակի շեղաչք խանի նկարներին զարմացած նայեցի։ — Չինգիզ խանը, Չաղաթայ խանը, Թուլույ խանը, Քուբիլայ խանը. չինացի կառավարիչներ են,— ասաց վարպետ Օսմանը և փակեց գիրքը։ Հետո ուրիշ գիրք վերցրեց։ Ֆերհաթի սիրելի Շիրինին սիրո ուժով ձիու հետ մեկտեղ մեջքին դնելով՝ տառապանքով կրելու տեսարանը ցույց տվեց, և անհավատալի գեղեցիկ նկար դուրս եկավ մեր առջև։ Սիրահարների կիրքը և տխրությունը շեշտելու համար ժայռերը, ամպերն ու Ֆերհաթի սիրուն ականատես երեք ազնվական նոճիների տերևները տխուր ձեռքի դողերով և այնպիսի ցավով էին պատկերվել, որ թափվող տերևների արցունքի համն ու տխրությունը վարպետ Օսմանին և ինձ անցան անմիջապես։ Այս հուզիչ տեսարանը, ինչպես մեծ վարպետներն են անում, ոչ թե Ֆերհաթի ձեռքի ուժը ցույց տալու, այլ սիրո տառապանքների՝ այդ պահին ամբողջ աշխարհում զգացվելու մասին էր։ — Ութսուն տարի առաջ Թավրիզում արված Բեհզադի կրկնօրինակներից է,— ասաց վարպետ Օսմանը, այդ գիրքը տեղը դրեց ու նորը վերցրեց։ Քելիլեից և Դիմնեից կատվի ու մկան ստիպողական ընկերությունը պատկերող նկար էր։ Մի դաշտամուկ ուրուրի և սամույրի հարձակումներից իր փրկությունը գտնում է որսորդի թակարդի մեջ ընկած խեղճ կատվի մոտ։ Նրանք ընկերանում են. կատուն ընկերաբար է վարվում և լպստում է մկանը։ Սամույրը և ուրուրը, վախենալով կատվից՝ դադարում են որսալ մկանը։ Մուկն էլ կատվին է ազատում թակարդից։ Ես դեռ չէի հասկացել նկարչի զգացմունքայնությունը, երբ վարպետը գիրքը դրեց մյուս հատորների կողքին և բացեց մի նոր գրքի պատահական էջը։ Մի ձեռքը նուրբ շարժումով բացած, մի բան հարցնելիս մյուս ձեռքով կանաչ փարաջայի վրայից ծունկը բռնած մի խորհրդավոր կնոջ և նրան նայող, ուշադիր նրան լսող տղամարդու հաճելի նկար էր։ Նրանց մտերմությանը, սիրուն և ընկերությանը նախանձելով՝ հաճույքով նայեցի։ Այդ գիրքը թողնելով՝ վարպետ Օսմանը մեկ այլ գրքի էջ բացեց։ Միմյանց հավերժական թշնամի Իրանի և Թուրանի բանակների հեծյալները բոլոր զրահները, սաղավարտները, սրնքակալները, աղեղները, կապարճները, նետերը վերցրել, մինչև վիզը զրահապատ գեղեցիկ լեգենդար ձիերը հեծել, դեղին փոշով ծածկված տափաստանում դեմ առ դեմ գեղեցիկ շարված՝ գույնզգույն զարդարված նիզակները իրար էին ուղղել և մահացու բախվելուց առաջ հրամանատարների ծեծկռտուքն էին համբերատար նայում։ Թե՛ այսօր, թե՛ հարյուր տարի առաջ, թե՛ պատերազմի տեսարան, թե՛ սիրո տեսարան՝ հավատացյալ նկարչի պատկերածը սեփական չարությամբ մղվող պատերազմն է և սեփական նկարչության հանդեպ սերը՝ մտածեցի ես, և ասելու էի՝ «Ուրեմն նկարչի պատկերածը սեփական համբերությունն է», երբ վարպետ Օսմանը ծանր գիրքը փակելով՝ ասաց. — Սա էլ չի։ Մի կապոցի մեջ ամպերում կորչող բարձր սարեր, երկար, ձգվող հորիզոնով նկար տեսանք։ Մտածեցի, որ նկարելն այս աշխարհին նայելով՝ այն այլ աշխարհի պես տեսնելն է։ Վարպետ Օսմանը պատմեց, թե այս չինական նկարը Բուխարայից Հերաթ, Հերաթից Թավրիզ, Թավրիզից էլ մեր սուլթանի պալատ տարբեր գրքեր մտնել-դուրս գալով՝ մաս֊մաս լինելով՝ այլ նկարների միանալով՝ Չինաստանից Ստամբուլ ինչպես է եկել։ Մեկը մյուսից սարսափելի, մեկը մյուսից լավ նկարված պատերազմի և մահվան նկարներ տեսանք. Ռոստամ շահի և Մազենդերանի հետ, Ռոստամը Աֆրասյաբի բանակի վրա է հարձակվում, Ռոստամը զրահապատ, անճանաչելի, խորհրդավոր ռազմիկ է... Մեկ այլ գրքում՝ մեզ անծանոթ լեգենդար բանակներ, դաժան պատերազմելիս կտոր-կտոր եղած դիակներ տեսանք, արյունոտ դաշույններ, մահվան լույսը աչքերում արտացոլվող դժբախտ զինվորներ, միմյանց սոխի պես կտրտող ռազմիկներ։ Վարպետ Օսմանը, ով գիտի՝ քանի անգամ Խոսրովի՝ լուսնի լույսի տակ լճում լողացող Շիրինին նայելու, երկու սիրահար՝ Լեյլայի և Մեջնունի՝ երկար բաժանումից հետո միմյանց տեսնելուն պես փոխադարձաբար սիրահարվելու և ամբողջ աշխարհից փախչելով՝ մի երջանկության կղզում դեմ դիմաց մնացած Սողոմոնի և Աբսալի՝ ծառերի, ծաղիկների և թռչունների հետ ծլվլալով՝ երջանկության նկարին նայելու, բայց դեռ իրական մեծ վարպետի պես՝ անգամ ամենավատ նկարում, թե՛ նկարչի թուլության, թե՛ գույների՝ ինքնուրույն խոսելու, մի անկյունում երևացող տարօրինակության վրա իմ ուշադրությունն էր կարողանում գրավել, մինչ Խոսրովն ու Շիրինը ծառաների հաճելի պատմություններն էին լսում, ծառի ճյուղին նստած այդ չարաբաստիկ բուն այնտեղ ո՞ր դժբախտ ու վատ նպատակներ հետապնդող նկարիչն էր նկարել։ Գեղեցկադեմ Յուսուֆին նայելիս քաղցր թուրինջ մաքրող մատները կտրած եգիպտացի կանանց հետ կանացի հագուստով այդ գեղեցիկ տղային ո՞վ էր նկարել։ Իսֆենղիյարի՝ նետով կուրացվելը պատկերող նկարիչն արդյոք կարո՞ղ էր ենթադրել, որ հետո իրեն էլ են կուրացնելու։ Մեր մարգարեի համբարձման պահին շուրջը կանգնած հրեշտակներին, Սատուրնը ներկայացնող թուխ, վեցթևանի, երկար մորուքով ծերունուն, երեխա Ռոստամի՝ մոր և տատմոր հայացքների տակ սադափով զարդարված օրորոցի մեջ հանգիստ քնելը տեսանք։ Դարեհի՝ Ալեքսանդրի գրկում մահանալը, Բեհրամ Գյուրի՝ ռուս արքայադստեր հետ կարմիր սենյակում փակվելը, Սիավուշի՝ քթին գաղտնի նշան չունեցող սև ձիու՝ կրակի միջով անցնելը, որդու կողմից սպանված Խոսրովի տխուր հուղարկավորությունը տեսանք։ Գրքերը արագ-արագ ընտրելով և տեղը դնելով՝ վարպետ Օսմանը երբեմն նկարչին ճանաչելով՝ ինձ էր ցույց տալիս, ծաղիկների արանքում, մի հին տան գաղտնի անկյունում կամ սև ջրհորի մի անկյունում ամաչկոտ թաքնված ստորագրությունն էր գտնում, դրանց և գրություններին նայելով՝ բացատրում էր, թե որ նկարիչն ումից ինչ է վերցրել։ Որոշ գրքերում հանդիպում էինք մի քանի նկարների ու երկար թերթում էինք։ Երբեմն երկար լռություն էր տիրում, միայն էջերի խշխշոցն էինք լսում։ Երբեմն էլ վարպետ Օսմանն ասում էր՝ ահա և ես. չհասկանալով, թե նա ինչի վրա է զարմանում, լռում էի։ Երբեմն տեսնելով նույն էջի ձևը, ծառերի և հեծյալների դասավորությունը, այլ գրքերում, լրիվ այլ պատմությունների այլ տեսարաններում էլ մեր հանդիպած նկարները բացելով՝ ինձ ցույց տալով՝ հիշեցնում էր։ Նիզամիի՝ Համսեի՝ Թեմուրի որդի շահ Ռեզայի ժամանակներում, այսինքն՝ գրեթե երկու հարյուր տարի առաջ արված գրքերի մի նկարով՝ Թավրիզում յոթանասուն-ութսուն տարի առաջ արված մեկ այլ գրքի մի նկարը համեմատում էր և նկարիչների՝ միմյանց աշխատանքներն առանց տեսնելու նույն նկարն անելու խորհրդի մասին էր հարցնում ինձ և հետո պատասխանում էր. — Նկարել նշանակում է հիշել։ Հին գրքերը բացել-փակելով՝ հրաշքների առաջ տխրելով (որովհետև արդեն ոչ ոք այդպես չէր նկարում), անտաղանդների առաջ ուրախանալով (որովհետև իրականում բոլոր նկարիչները եղբայրներ են), նկարչի հիշած հին ծառերի նկարները, հրեշտակներր, անձրևանոցները, վագրերը, վրանները, վիշապները և տխուր արքայազններին ցույց տալով՝ սա նկատի ուներ, մի ժամանակ Աստված աշխարհը ամենաանկրկնելի վիճակով է տեսել և տեսածի գեղեցկությանը հավատալով՝ այն թողել է ծառաներին։ Մեր՝ նկարիչների և նայողների խնդիրը Աստծուն տեսնելն էր, իսկ նկարի խնդիրը՝ մեզ թողած հիանալի տեսարանը հիշեցնելը։ Ամեն սերնդի նկարիչ ամենամեծ վարպետներն ամբողջ կյանքում մինչև կուրանալն աշխատելով՝ մեծ ջանքեր թափելով և ներշնչանքով ջանում էին նկարել այն, ինչին Աստծված ասել է՝ «տեսեք», փորձում էին հասնել այդ հիանալի երազանքին։ Նրանց գործը նման էր մարդու սեփական հիշողությունները հիշելուն։ Բայց ափսոս, որ ամենամեծ վարպետներն անգամ, ճիշտ հոգնած ծերերի և աշխատելուց կուրացած մեծ նկարիչների պես, այդ հիանալի նկարի միայն այս կամ այն հատվածն էին կարողանում հիշել։ Չնայած միմյանց ստեղծագործություններն ընդհանրապես չտեսնելուն և, բացի այդ, միմյանց միջև հարյուր տարվա տարբերությանը հին վարպետների մի ծառը, մի թռչունը, արքայազնի՝ բաղնիքում լողանալը, տխուր աղջկա՝ պատուհանի մոտ կանգնելը, երբեմն հրաշքի պես միմյանց նման նկարելու պատճառը սա էր։ Որոշ ժամանակ անց, երբ գանձարանի սենյակի կարմիր լույսը մի քիչ մգացավ, և հասկացանք, որ պահարանի գրքերից ոչ մեկը շահ Թահմասփի պապին ուղարկած ընծա գրքերից չէ, վարպետ Օսմանը հիշեց նույն տրամաբանությունը. — Երբեմն թռչնի թևը, տերևի՝ ծառից կախվելը, ծոպերի ելևէջները, երկնքի ամպերը, կնոջ ժպիտի՝ վարպետից աշակերտին անցնելը, սերնդեսերունդ ցուցադրվելով, ուսուցանվելով, անգիր արվելով՝ հարյուրամյակներով պահպանվել է։ Քանի որ վարպետ նկարիչը սեփական վարպետից սովորածին և կաղապար լինելուն, Ղուրանի անփոփոխությանն է անկեղծ հավատում, Ղուրանն անգիր անելու պես հիշողության մեջ նկարած այս մանրամասները երբեք չի մոռանա, բայց չմոռանալը չի նշանակում, որ վարպետ նկարիչն այս մանրամասնը միշտ կօգտագործի։ Նկարի մեջ աչքի լույսը դրած արվեստանոցի, նրա կողքին նկարած խիստ վարպետի սովորությունները, ներկի ճաշակը և սուլթանի հաճույքներր երբեմն նկարչին կխանգարեն այդ մանրամասներն օգտագործել, թույլ չեն տա մի թռչնի թև կամ էլ կնոջ ժպիտ նկարել... — Կամ էլ ձիու քիթ․․․,― ասացի ես։ — Կամ էլ ձիու քիթ...,— ասաց վարպետ Օսմանն առանց ժպտալու,— այդ մեծ վարպետը ոչ թե իր հոգու խորքերի պես է նկարում, այլ այն արվեստանոցի սովորույթներով, որտեղ աշխատում է։ Հասկանո՞ւմ ես։ Մինչ այժմ նիզամիի «Խոսրով և Շիրինի» շատ հատորներ էինք տեսել, Շիրինին գահին նստած պատկերող նկարով մի էջի վրա պալատի պատին փորագրված գրությունը կարդաց, մե՛ծ Աստված, մեր ազնվական սուլթանի, մեր արդար կառավարչի, հաղթանակած Թեմուր խանի որդու ուժը, իշխանությունը պաշտպանիր, որպեսզի և երջանիկ լինի (ձախ քարին է գրված), և՛ հարուստ (աջ քարին է գրված)։ — Եթե ձիու քիթը փորագրված է նկարչի հիշողության մեջ, նրա նկարները որտե՞ղ ենք գտնելու,— ավելի ուշ հարցրի ես։ — Շահ Թահմասփի որպես նվեր ուղարկած լեգենդար «Շահնամեն» պետք է գտնենք,— ասաց վարպետ Օսմանը։– Նկարչությանը Աստծու հավելած այդ գեղեցիկ, հին, լեգենդար ժամանակները պետք է ուղևորվենք։ Դեռ շատ գրքեր ենք նայելու։ Վարպետ Օսմանի իրական նպատակը ոչ թե տարօրինակ քթով ձիեր գտնելն է, այլ տարիներ շարունակ այս գանձարանում բոլորի աչքերից հեռու այս քնած հիանալի նկարները հնարավորինս երկար նայելը։ Տանն ինձ սպասող Շեքուրեին հասնելու ճանապարհներ գտնելու համար այնքան էի շտապում, որ չէի ուզում հավատալ թե մեր մեծ վարպետը կարող է գանձարանի սառը սենյակում այդքան երկար մնալ։ Այսպիսով, ծեր գաճաճը այլ պահարաններ, այլ սնդուկներ էր ցույց տալիս, մենք էլ բացում էինք և շարունակում նայել։ Երբեմն իրար նման նկարներից հոգնում էինք, Խոսրովի՝ կնոջ պատուհանի տակ Շիրինին տեսնելու նկարին արդեն չէինք կարողանում նայել, անգամ առանց Խոսրովի ձիու քթին նայելու՝ հեռանում էի վարպետի մոտից, փորձում էի տաքանալ վառարանի մոտ կամ գանձարանի՝ մեկից դեպի մյուսը բացվող տարբեր սենյակների սարսափելի կտորի, ոսկու, ավարի և զենք ու զրահի կույտի մեջ հարգանքով և հիացմունքով քայլում էի։ Երբեմն էլ վարպետ Օսմանի մի ձայնից կամ շարժումից պատկերացնում էի, որ մի գրքում նոր հրաշք է տեսել, կամ էլ, այո, ի վերջո, գտել է տարօրինակ քթով ձիուն, վազում էի նրա մոտ, Ֆաթիհ սուլթան Մեհմեդի ժամանակներից մնացած Ուշաքի գորգի վրա կծկված նստած վարպետի մի փոքր դողացող ձեռքերի մեջ պահված էջին նայելով՝ տեսա այդ անհավատալի նկարը. սատանան գաղտնի մտնում էր Նոյի տապան։ Թեմուրի ժամանակներից մինչև Քանունի սուլթան Սուլեյման տարբեր պետությունների գահին նստած հարյուրավոր շահերի, թագավորների, սուլթանների, եղնիկների, առյուծների, ճագարների մեջ երջանիկ և ուրախ որսին նայեցինք։ Մի նկար տեսանք, որտեղ մի ուղտի կապելով՝ նրան բռնաբարող անամոթից անգամ սատանան է ամաչում։ Բաղդադի ճանապարհով եկած մի արաբերեն գրքում հեքիաթային թռչնի ոտքերից կախվելով՝ ծովեր անցնող առևտրականի թռիչքը տեսանք։ Դրանից հետո գրքի՝ ինքն իրեն բացվող առաջին էջին տեսա իմ և Շեքուրեի սիրած նկարը՝ Շիրինի՝ Խոսրովի ծառից կախված նկարին նայելով սիրահարվելը։ Մի փղի մեջքին դրված տախտակներից, կապոցներից, թռչուններից և փոքրիկ արաբական արձաններից պատրաստված ժամացույցի ներքին աշխատանքը ներկայացնող նկարը տեսնելուն պես հիշեցինք ժամանակի մասին։ Գրքից գիրք, նկարից նկար նայելով՝ որքան ժամանակ անցկացրինք՝ չգիտեմ։ Կարծես մեր նայած նկարների և պատմությունների ցուցադրածը երբեք չի փոխվում, ոսկե ժամանակը չի հոսում, մեր գանձարանում ապրած բորբոսնած և խոնավ ժամանակին է խառնվել։ Հարյուրամյակներ շարունակ շահի, արքայազնի, խանի, սուլթանի արվեստանոցներում տեսողության գնով նկարված այդքան էջերի՝ սնդուկներում թաքնվելուց այդքան տարի անց մեզ շրջապատող սաղավարտները, ալմաստե կոթերով թրերը և դաշույնները, զրահները, Չինաստանից բերված բաժակները, փոշոտված նուրբ ուդերը, իսկապես միայն նկարներում հանդիպող մարգարիտներով զարդարված բարձերը և գորգերր և տարբեր ձիերը կարծես կենդանանալու և շարժվելու էին։ — Դարեր շարունակ հազարավոր նկարիչներ միշտ նույն նկարները թաքուն նկարել են, և հիմա հասկանում եմ, որ այդպիսով նկարել են այս աշխարհի կերպարանափոխությունը։ Խոստովանեցի, որ մեծ վարպետի ասածներն ամբողջությամբ չեմ հասկացել։ Բայց Բուխարայից, Հերաթից, Թավրիզից, Բաղդադից մինչև Ստամբուլ վերջին երկու հարյուր տարվա րնթացքում արված հազարավոր նկարներին իմ վարպետի ցուցաբերած հոգատարությունը շեղել էր նրա ուշադրությունը ձիերի քթերին նշան փնտրելուց։ Մենք այս հողերի վրա մի քանի հարյուրամյակ նկարչություն և մանրանկարչություն անող բոլոր վարպետների ներշնչանքի, տաղանդի և համբերության տխուր հիացմունքի արարողություն էինք կատարում։ Այդ պատճառով երեկոյան նամազի ժամանակ, երբ գանձարանի դռները բացվեցին, որ վարպետ Օսմանն ասաց, որ դուրս գալու մտադրություն չունի, այստեղ մինչև առավոտ մոմերի և լապտերների լույսի տակ եթե նկարներին նայի, կկարողանա մեր սուլթանի առաջադրանքը պատվով կատարել։ Երբ այսպես ասաց, առաջին բանը, որ մտածեցի, այստեղ նրա (և գաճաճի) հետ մնալն էր, և դրա մասին ասացի նրան։ Դուռը բացվեց, և դրսում մեզ սպասող աղաներին հայտնեցինք վարպետի որոշման մասին։ Երբ գանձապետից թույլտվություն խնդրեցինք, ես անմիջապես զղջացի։ Շեքուրեի և տան մասին էի մտածում։ Մտածելով, թե ինչպես է գիշերը երեխաների հետ մենակ մնում տանը, ինչպես է նոր նորոգած կողպեքներով պատուհաններն ամուր փակում՝ ինձ ասեղների վրա նստած էի զգում։ Գանձարանի սենյակի միակ բաց դռան միջով նայելիս ասես մշուշի մեջ երևացող Էնդերունի բակի թաց և մեծ սոճիները և երջանիկ այգում, որպեսզի մեր սուլթանը չլսի և չանհանգստանա, միմյանց հետ ձեռքի շարժումներով խոսող երկու երիտասարդ պալատական տղաների շարժումներն ինձ կանչեցին դեպի դրսի հիանալի աշխարհ, բայց ամոթի և մեղքի զգացումից անշարժ մնացի։ == 50. Մենք երկու դերվիշ ենք == Մեր սուլթանի նախապապի՝ հարյուրավոր տարիների ընթացքում հարյուրավոր երկրներ գրավելով, թալանելով լցրած գանձարանների ամենագաղտնի անկյուններում, մի թղթապանակի մեջ Չինաստանից, Սամարղանդից և Հերաթից եկած գրքերում մեր երկուսի գտնվելու մասին լուրերը մեծ հավանականությամբ գաճաճ Ջեզմի աղայի կողմից մինչև նկարիչներն էին տարածվել, մենք էլ եթե մեր պատմությունը սեփական ոճով պատմենք, այս գեղեցիկ սրճարանը լցրած ընտիր բազմությունից ոչ ոք չի նեղանա և դուրս չի գա, հուսամ։ Մեր մահից հարյուր տասը տարի հետո անհավատի օջախ, սատանայի բույն մեր թեքքեների, անբուժելի և առանց այդ էլ որպես «իրանցիների կողմնակից» մեղադրվելուց՝ փակվելուց հետո քառասուն տարի է անցել, բայց տեսեք ձեր առաջ կանգնած ենք։ Ինչո՞ւ։ Որովհետև եվրոպական ոճով են մեզ նկարել, այդ պատճառով։ Ինչպես երևում է այս նկարում, մի օր մենք՝ երկու դերվիշ, մեր սուլթանի երկրում մի քաղաքից մյուսն էինք գնում։ Բոբիկ ոտքերով, մեծագլուխ, կիսամերկ, հագներս մեկական անթևնոց եղնիկի մորթի, մեջքներիս՝ մեկական գոտի, ձեռքներիս՝ ոլորուն գլխով ձեռնափայտ, վզներիցս կախ շղթաներին՝ մուրացկանի բաժակներ և փայտ ջարդելու կացին մեկիս մոտ, մյուսի մոտ՝ ուտելիքի գավաթ. Աստված ինչ կտա, մի գդալ։ Հիմա, սիրելի ընկերոջս, սիրելի եղբորս հետ ինչպես միշտ ինքնամոռաց վիճում ենք. ով է առաջին գդալը ուտելու, ո՛չ ես, ո՛չ դու էինք ասում, երբ մի մեծ տան աղբյուրի գլխին մեզ մի ֆրանսիացի տարօրինակ ճանապարհորդ կանգնեցրեց, մեկական արծաթե վենետիկյան սիքքե տվեց, սկսեց նկարել։ Եվրոպացին տարօրինակ է. կարծես մեր սուլթանի վրանն ենք, այնպես էր մեզ տեղադրել թղթի կենտրոնում, մեր կիսամերկ վիճակով էր մեզ պատկերում, երբ անմիջապես հիշեցի, որոշեցի սիրելի ընկերոջս էլ ասել, որ իսկական աղքատ, մուրացկան, Քալենդարի դերվիշի նմանվելու համար մեր աչքերը պետք է այնպես պտտեցնենք, որ կույրի նման երևանք։ Այդ վիճակում դերվիշը ոչ թե բնությունը և դրսի աշխարհն է տեսնում, այլ իր գլխի աշխարհը։ Ու քանի որ մեր գլուխները թմրախոտի ազդեցության տակ են, այդ աշխարհը մեզ համար շատ հաճելի է։ Բայց արի ու տես, որ դրսի տեսարանը փչացավ, որովհետև լսեցինք, թե մի հոջա ինչպես է բղավում։ Ամա՜ն, հանկարծ սխալ չհասկանաք։ Անցած շաբաթ հոջա էֆենդու մասին էի խոսել այս գեղեցիկ սրճարանում, ինձ սխալ էին հասկացել. այդ հոջա էֆենդին էրզրումցի քարոզիչ Նուսրեթ հոջան չէր, ոչ էլ անհայտ հոր տղա Հուսրեթ հոջան, ոչ էլ ծառի վրա սատանայի հետ սեր անող սվազցի հոջան։ Որովհետև ամեն բան վատ մեկնաբանողներն ասում են, որ եթե հոջա էֆենդուն մի անգամ էլ վատ բան ասի, պատմիչ էֆենդու լեզուն կկտրենք, նրա սրճարանն էլ գլխի վրա շուռ կտանք։ Քանի որ հարյուր քսան տարի առաջ սուրճ էլ չկար, մեր հոջա էֆենդին շատ զայրացած էր։ — Ինչո՞ւ ես սրանց նկարում, դո՛ւ, ֆրանսիացի՛ անհավատ,— ասում էր նա։— Գողություն, մուրացկանություն անելով՝ այս խայտառակ քալենդերիները խոտ են ծխում, գինի են խմում, իրար հետ սեր են անում և այս կիսամերկ վիճակներից էլ երևում է, որ նամազ, աղոթք, տուն, ընտանիք, հայրենիք չունեցողներ են, աշխարհի մեղքն են։ Մեր այս գեղեցիկ երկիրն այնքա՜ն գեղեցկություն ունի, ինչո՞ւ ես այս վատությունը նկարում, ուզում ես մեզ վատությո՞ւն անել։ — Ոչ, որովհետև ձեր վատ վիճակը նկարելով՝ ավելի շատ կարող եմ վաստակել,— ասաց անհավատը, և մենք երկու դերվիշով զարմացանք նկարչի խելքի վրա։ — Ավելի շատ վաստակելու համար սատանային էլ գեղեցիկ կնկարե՞ս,— ասաց հոջա էֆենդին, բայց որքան էլ փորձում էր նրան խորամանկորեն ներքաշել վեճի մեջ, ինչպես և կարող եք հասկանալ մեր այս նկարից, ֆրանսիացի նկարիչը յուրահատուկ արհեստի տեր էր, ոչ թե չոր աղմուկի, այլ փողի մասին էր մտածում, նրան չլսեց։ Այսպիսով, մեզ նկարեց, նկարը դրեց ձիու թամբի ետևի թղթապանակում և վերադարձավ իր անհավատ երկիր, բայց օսմանյան հաղթական բանակի՝ Դոն գետի ափի այդ քաղաքն էլ գրավելու և թալանելու պատճառով մենք, հայդե՜, ճանապարհվեցինք ետ և եկանք Ստամբուլի գանձարանի սենյակ։ Այնտեղ էլ մեզ նայեցին ու կրկնօրինակեցին, և մի գաղտնի մատյանից մյուս գիրքը տեղափոխվելով՝ ի վերջո, հայտնվեցինք այս սիրելի, այս կախարդական խմիչքի սրճարանում։ Այժմ. '''ՆԿԱՐԻ, ՄԱՀՎԱՆ ԵՎ ԱՇԽԱՐՀՈՒՄ ՄԵՐ ՏԵՂԻ ՄԱՍԻն ՄԻ ԿԱՐՃ ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆ''' Քիչ առաջ ասացի քոնյացի Հոջա էֆենդու մասին, նրա քարոզների հաստ գրքի ամեն էջում այսպես են հրամայում․ քալենդերիներն աշխարհում տեղ չունեն, որովհետև աշխարհի մարդիկ բաժանվում են չորս խմբի՝ 1. բեյեր, 2. առևտրականներ, 3. հողագործներ, 4. արվեստագետներ։ Նրանք ոչ մի խմբի չեն պատկանում։ Ուրեմն տեղ չունեն, ավելորդ են։ Բացի այդ, այսպես է ասում. «Սրանք զույգերով են ման գալիս և միշտ մի գդալ ունեն ու վիճում են, թե առաջինը ով է ամանից ուտելու»։ Իրականում նրանց խնդիրն այն է, թե ով ում հետ է սեր անելու, չիմացողներն առանց հասկանալու ծիծաղում են։ Վայ, սխալ չհասկանաք, հոջան մեր գաղտնիքը հասկացել է, քանի որ նա էլ մեր և գեղեցիկ տղաների և աշակերտների և նկարիչների հետ նույն ճամփի ճամփորդն է։ Բայց իրական գաղտնիքը սա է. երբ ֆրանսիացի անհավատը մեր նկարն էր անում, մեզ այնքան քաղցր էր նայում և այնպիսի ուշադրությամբ, որ սիրեցինք նրան և նրա ձեռքով նկարվելը։ Աշխարհին անզեն աչքով նայելով տեսածը նկարելը սխալ է։ Այսպիսով, մեզ՝ իրականում տեսնողներիս կույր էր նկարում, բայց մենք դրա վրա ուշադրություն չդարձրեցինք։ Հիմա շատ գոհ ենք։ Ըստ հոջա էֆենդու՝ մենք դժոխքում ենք, ըստ որոշ անհավատների՝ հոտած մարմին ենք, և ըստ ձեր՝ այստեղ հավաքված խելացի նկարիչերի համայնքի՝ մենք նկար ենք և նկար լինելու պատճառով, ինչ լավ է, որ կարծես կենդանի մարդու պես ձեր առաջ ենք։ Որովհետև, պարզ է, հոջա էֆենդուն հանդիպելուց հետո Քոնյայից դեպի Սվազ երեք տան մոտ, ութ գյուղերում մուրալով քայլելուց հետո մի գիշեր այնքան ցրտեց և այնքան ձյուն տեղաց, որ մենք՝ երկու դերվիշ, միմյանց փաթաթվելով՝ քնեցինք, սառանք ու մահացանք։ Մահից առաջ երազումս տեսա, որ ինձ նկարել են, և որ իմ նկարը հազար տարի ապրելուց հետո գնում է դրախտ։ == 51. Ես վարպետ Օսմանն եմ == Բուխարայում դեռ Աբդուլլահ խանի ժամանակներից մնացած մի պատմություն կա։ Մի շատ կասկածամիտ կառավարիչ՝ Ուզբեկ խանը, դեմ չէր, որ մի նկարի վրա մեկից ավելի նկարիչներ աշխատեն, բայց չէր սիրում, որ նկարիչները մեկը մյուսի էջերին նայելով՝ փոխադարձաբար միմյանց կրկնօրինակում էին։ Որովհետև գծի միջոցով մեղք գործելիս միմյանց անամոթաբար կրկնօրինակող նկարիչներից մեղավորին գտնելն անհնար է լինում։ Ամենակարևորը մեկը մյուսին կրկնօրինակող նկարիչները որոշ ժամանակ անց իրենց ստիպում են մթության մեջ Աստծու հուշերը որոնելու փոխարեն իրենց մտերիմների ուսի վրայով նայել և տեսածները ծուլորեն կրկնօրինակել։ Այդ պատճառով պատերազմներից և դաժան շահերից փախչելով՝ իր մոտ ապաստան գտած հարավից՝ Շիրազից, արևելքից՝ Սամարղանդից եկած երկու մեծ վարպետներին Ուզբեկ խանը սիրով էր դիմավորել, բայց այս երկու հայտնի տաղանդավոր մարդկանց արգելել էր նայել միմյանց նկարներին, նրանց պալատի՝ մեկը մյուսից ամենահեռու երկու անկյունում մեկական փոքրիկ նկարչական սենյակ էր տվել։ Այսպիսով, այս երկու մեծ վարպետներն ուղիղ երեսունյոթ տարի, չորս ամիս անց Աբդուլլահ խանից լսեցին, թե իրենց նկարները որքան հիանալի են, որքան են միմյանցից տարբերվում, որ տեսանկյունից են իրար նման։ Դա նրանց խորհրդավոր թվաց, և անչափ հետաքրքրվեցին միմյանց նկարներով։ Ուզբեկ խանը գորտի պես երկար կյանք ապրեց և երբ մահացավ, երկու ծեր նկարիչները մեկը մյուսի նկարները տեսնելու համար միմյանց սենյակներ վազեցին։ Ավելի ուշ մի բարձի երկու անկյուններում, միմյանց գրքերը գրկած՝ միասին նստելով՝ Աբդուլլահ խանի լեգենդներից լսած միմյանց նկարներին նայելիս երկուսն էլ հիասթափվեցին, որովհետև այդ նկարները խանի պատմած նկարների պես հիանալի չէին, այլ վերջին տարիներին հանդիպած բոլոր նկարների պես սովորական, անլույս ու շաղված էին երևում։ Երկու մեծ վարպետները չհասկացան, որ դրա պատճառը դանդաղ կուրությունն է։ Նրանք դա չհասկացան անգամ որոշ ժամանակ անց, երբ երկուսն էլ ամբողջովին կուրացան, ամբողջ կյանքի ընթացքում թույլ տվեցին, որ իրենց խաբեն, մահացան՝ հավատալով, որ երազանքները նկարներից գեղեցիկ են։ Կեսգիշերին գանձարանի ցուրտ սենյակում քառասուն տարի երազածս գրքերի էջերը ցրտից սառած մատներով թերթելիս Բուխարայի այս դաժան պատմության հերոսներից շատ ավելի երջանիկ էի։ Ամբողջ կյանքում որոշ գրքեր, որոնց լեգենղներն եմ լսել, կուրանալուց և մահանալուց առաջ դրանք ձեռքս վերցնելնն ինձ այնքան էր ոգևորում, որ երբեմն շրջած թերթերից մեկի՝ իմ լսած լեգենդից ավելի գեղեցիկ լինելը տեսնելուն պես շշնջում էի. — Փառք Աստծու, փառք Աստծու, փառք Աստծու։ Օրինակ՝ ութսուն տարի առաջ շահ Իսմայիլը գետն անցնելով, Հերաթը և ամբողջ Խորասանը ուզբեկներից թրի ուժով ետ գրավելով՝ իր եղբայր Սամ Միրզային Հերաթի նահանգապետ նշանակելուն պես եղբոր այս երջանկությունը շնորհավորելու համար մի գիրք է պատվիրում և Էմիր Խոսրովի՝ Դելիի պալատում տեսած «Աստղերի հանդիպումը» անունով լեգենդների ժողովածուի կրկնօրինակն է պատվիրում գրել և նախշազարդել։ Այս գրքի մի նկար, ինչպես լսել եմ լեգենդներում, մի գետի ափին հանդիպելով՝ իրենց հաղթանակները և հանդիպումները տոնող երկու տիրակալի էր պատկերում, ու երկուսի դեմքն էլ նման էր և՛ Դելիի սուլթան Քեյքուբաթին, և՛ նրա հայր Բենգալի կառավարիչ Բուղրա խանին, և՛ գրքի պատճառ հանդիսացող շահ Իսմայիլին, և՛ նրա եղբայր Սամ Միրզային։ Պատմության մասին մտածելով և նկարին նայելով, սուլթանի վրանում այդ պատմության հերոսների դեմքերի երևալու վրա վստահ՝ Աստծուն այս հիանալի էջը ինձ ցույց տալու հնարավորությունը շնորհելու համար փառաբանեցի։ Կրկին նույն լեգենդար ժամանակաշրջանի մեծ վարպետներից շեյխ Մուհամմեդի արած նկարում սուլթանի հանդեպ զգացած հիացմունքի և սիրո գագաթնակետին հասած մի աղքատ ստրուկ, երբ սուլթանը ջիրիթ է խաղում, կարծում է, որ գնդակը կարող է իրենց դիպչել։ Համբերատար, երկար սպասելիս իսկապես գնդակը նրան է հասնում, նա էլ գետնից վերցնում ու տալիս է սուլթանին։ Նկարը սա էր պատմում։ Հազարավոր անգամներ լսածիս պես մի մեծ կառավարչի, մի մեծ սուլթանի՝ աղքատ ծառայի կամ էլ մի մեծ վարպետի երիտասարդ և գեղեցիկ աշակերտի լսելիք իրական սերը, հիացմունքը և նվիրվածությունը, ծառայի՝ գնդակը բռնած մատները, սուլթանի դեմքին նայելուն չհամարձակվելու չափ այնպիսի նուրբ և խոր ըմբռնումով էր նկարվել, որ մարդ այս նկարին նայելիս (ինչպես ես էլ կարողանում էի զգալ) հասկանում ես, որ աշխարհում ամենամեծ երջանկությունը երիտասարդ, գեղեցիկ և հասկացող աշակերտներին ուսուցանելն է և մի մեծ վարպետին ծառայելը, նվիրվածությամբ աշակերտելը։ Այդ երջանկությանը չարժանացածների համար եմ տխրում։ Մինչ ես համակ ուշադրությամբ և արագորեն թերթում էի էջերը, նայում հազարավոր թռչուններին, ձիերին, զինվորներին, սիրահարներին, ուղտերին, ծառերին, ամպերին, գանձարանի երջանիկ գաճաճն իր հարստությունները ցուցադրելու հնարավորություն գտած հին շահերի պես բացահայտ հպարտանալով՝ սնդուկներից հանելով՝ նոր գրքեր էր դնում իմ առաջ։ Այս հիանալի գրքերը, սովորական հատորները, խառը թղթապանակների միջից, մի երկաթե սնդուկի երկու առանձին բաժնից դուրս եկած բալի չրի գույնով, Շիրազի ոճով կազմված և Հերաթի՝ չինական ազդեցության տակ մուգ փայլով կլայեկած երկու հիանալի գրքի էջերն այնքան նման էին իրար, որ սկզբում մտածեցի, թե կրկնօրինակումներ են։ Երբ փորձում էի հասկանալ, թե որն է բնօրինակը, որը՝ կրկնօրինակը, նայեցի նախաբանում նշված գրչի անուններին, փնտրեցի գաղտնի ստորագրությունները և, ի վերջո, դողով հայտնաբերեցի, որ Նիզամիի գրքերի վարպետ շեյխ Ալի Թեբրիզիի, Քարաքոյունլու աշխարհի տիրակալ շահի և Աքքոյունլու կառավարիչ Ուզուն Հասանի համար արած լեգենդար գրքերն են։ Որպեսզի առաջին հատորը ոչ ոք չկրկնօրինակի, Քարաքոյունլու շահը նկարչին կուրացնում է։ Մեծ վարպետ նկարիչը Աքքոյունլու Հաքանի մոտ ապաստան գտնելով՝ անգիր արած այդնկարից ավելի լավն է նկարում։ Լեգենդար գրքերից՝ կույր ժամանակ նկարած երկրորդը ավելի պարզ և անպաճույճ էր ստացվել, իսկ առաջինը ավելի կենդանի և կենսալից, դա ինձ հիշեցրեց այն մասին, որ կույրերի հիշողությունը կյանքի դաժան մերկությունն է հայտնագործում, բայց սպանում է կենսուրախությունը։ Իրական մեծ վարպետ լինելուս և ամեն ինչ տեսնող, ամեն ինչ իմացող մեծ Աստծուն տեսնելու պատճառով էլ գիտեմ, որ մի օր ես էլ եմ կուրանալու։ Բայց հիմա ուզո՞ւմ էի կուրանալ։ Գլխից վիրավոր, վերջին անգամ տեսարանին նայել ցանկացող կախաղանի տակ կանգնած դատապարտյալի պես մեծ Աստծուն ասացի՝ «Այս բոլոր նկարները տեսնեմ, հագեցնեմ իմ աչքերի ծարավը», որովհետև գանձարանի սենյակի՝ իրերով լի հիանալի և սարսափելի մթության մեջ Ալլահի գոյությունը մոտիկից զգացվում էր։ Իմ թերթած էջերում կուրության լեգենդների և պատմությունների մեջ Աստծու իմաստությանը շատ հաճախ էի հանդիպում։ Շիրինի՝ մի զբոսանքի ժամանակ Խոսրովի՝ ծառի ճյուղից կախված նկարին նայելով՝ նրան սիրահարվելու մասին պատմող հայտնի հատվածը, երկինքը ծածկող չինարի ծառի բոլոր տերևները մեկ առ մեկ նկարած շիրազցի շեյխ Ալի Ռըզան այս նկարին նայելով՝ ի պատասխան մի հիմարի, թե՝ հիմնական թեման այդտեղ չինարի ծառը չէ, ասում է, որ նկարչության մեջ հիմնական թեման ոչ թե գեղեցիկ աղջկա կիրքն է, այլ նկարչի կիրքը, դա հպարտորեն ապացուցելու համար նույն չինարի ծառը բրնձի հատիկի վրա կրկին բոլոր տերևներով սկսում է գծել։ Գործին անցնելուց յոթ տարի, երեք ամիս անց կուրանալուց հետո մեծ վարպետի՝ միայն մինչև կեսը նկարած բրնձի հատիկի վրայի ոչ թե ծառի, այլ Շիրինի սիրալիր ծառաների գեղեցիկ ոտքերի տակ հպարտորեն նետված ստորագրությունը եթե չի ստում, իհարկե, թղթի վրա կուրացող վարպետի հիանալի ծառը տեսա։ Իսկ մեկ այլ էջում Ալեքսանդրի, Ռոստամի՝ եռածայր նետով կուրացվելը Հինդ աշխարհի նկարիչների ոճով այնքան փայլուն ու գույնզգույն էր նկարել, որ հասկանալի է՝ յուրահատուկ նկարչի հավերժական խնդիրը և գաղտնի ցանկությունը կուրությունն է, իսկ նայողին դա թվում է երջանիկ խրախճանքի սկզբի պես։ Այս բոլոր նկարների ու հատորների մասին տարիներ շարունակ լսած լեգենդները սեփական աչքերով տեսնել ցանկացողի ոգևորությամբ, որոշ ժամանակ անց այլևս չտեսնելու վախով, ծեր մարդու անհանգստությամբ էի հետևում։ Կտորեղենի, փոշու գույնից և աշտանակների մոմերի տարօրինակ լույսից առաջին անգամ տեսածս մուգ կարմիրով ներկված ցուրտ գանձարանի սենյակում իմ հիացմունքի ճիչը լսելով՝ Քարան և գաճաճը մերթընդմերթ ինձ մոտ էին գալիս, ուսիս վրայով նայում էին էջին, և ես չդիմանալով՝ պատմում էի նրանց։ — Այս կարմիրը Թավրիզի մեծ վարպետ Միրզա Բաբա Իմամիի կարմիրն է, որի գաղտնիքը իր հետ գերեզման տարավ։ Գորգի ծայրը, սաֆավիդ շահի գլխի փաթթոցի կարմիր նշանը և, տեսեք, այս էջին մի առյուծի փոր կա, այստեղ էլ գեղեցիկ տղայի հագուստն են նկարել։ Աստծու ծառաներից թաքցվածը գտնենք եզակի միջատների մեջ, քարերի արանքում թաքցրած այս գեղեցիկ կարմիր ներկի աշխարհում, անզեն աչքով միայն մարդկային կառուցվածքի՝ կտորների վրա և մեծ վարպետների արած նկարներում,— ասացի ես և ավելացրի,— փառք այժմ սա մեզ ցույց տվողին։ — Նայեք սրան,— ավելի ուշ ասացի ես՝ չկարողանալով ինձ զսպել և նրանց հետ սիրո, ընկերության, գարնան, երջանկության մասին խոսելով՝ մի հիանալի նկար ցույց տվեցի, որ կարող էր ցանկացած բանաստեղծության գիրք զարդարել։ Բոլոր գույներով բացված գարնանային ծառերին, դրախտային այգու նոճիներին և այդ այգում նստած գինի խմելով՝ բանաստեղծություն կարդացող սիրահարների երջանկությանը նայելով՝ բորբոսի և փոշու հոտով գանձարանի սենյակում գարնանային ծաղիկների և երջանիկ սիրահարների մարմնի հաճելի բույրն ասես զգացինք։– Սիրահարների ձեռքերը, գեղեցիկ մերկ ոտքերը, նրանց կեցվածքի նրբությունր, շուրջը ճախրող թռչունների տրամադրություններն այսքան սրտամոտ նկարած նկարչի ետևի սոճու կոպտությանը նայեք,— ասացի ես։ — Վատ բնավորության և կռվարարության պատճառով բոլոր նկարները կիսատ թողնելով, նկարչությունից հեռու բոլոր շահերի, խաների հետ կռվելով՝ ոչ մի քաղաքում կանգ չառնող բուխարացի Լյութֆիի նկարն էր սա։ Կռիվ անելով՝ շահի մի պալատից մյուսր, մի քաղաքից մյուսն անցնելով՝ չգտնելով մի կառավարիչ, որի գրքի համար կարելի լիներ աշխատել, ի վերջո, մերկ սարերը կառավարող մի հիմար բեյի արվեստանոցում է հաստատվում և «գուցե երկիրը փոքր է, բայց խանը նկարչությունից հասկանում է» ասելով՝ կյանքի վերջին քսանհինգ տարին այնտեղ է անցկացնում։ Այդ հիմար խանի նրա կուրության մասին իմանալ-չիմանալը դեռ քննարկվում է և կատակների առիթ տալիս։ — Տեսնո՞ւմ եք այս էջը,— ասացի կեսգիշերից շատ անց, և այս անգամ մոմակալները ձեռքերին՝ երկուսն էլ վազելով մոտեցան ինձ։– Հերաթից այստեղ, Թեմուրի թոռան ժամանակներից մինչև այսօր, հարյուր հիսուն տարում այս գիրքը տասը հոգու ձեռքով է անցել։ Մենք երեքով նախաբանի էջի բոլոր անկյունների ստորագրությունները, ձոները, պատմական նախադասությունները, իրար վրա լցված և իրական կյանքում միմյանց վերացրած սուլթանների անուններն իմ խոշորացույցով կարդացինք. «Այս գիրքն Աստծու օգնությամբ հերաթցի Մուզաֆֆերի որդի գրիչ Սուլթան Վելիի կողմից հիջրի օրացույցի ութ հարյուր քառասունիններորդ տարում Հերաթում աշխարհի տիրակալ Բայսունգուրի հաղթական եղբայր Մուհամմեդ Ջուկիի կին Իսմեթ-ուդ Դունյայի համար է ավարտին հասցվել»։ Ավելի ուշ Աքքոյունլու սուլթան Հալիլի ձեռքն անցավ, հետո նրա որդի՝ Յաքուփ բեյի, նրանից դեպի հյուսիս ընկած երկրների ուզբեկ սուլթաններից յուրաքանչյուրը որոշ ժամանակ գրքով երջանկությամբ հետաքրքրվել էր, մի քանի նկար հանել, մի քանիսն ավելացրել։ Հաճույքով գեղեցիկ կանանց նկարներ ավելացնող, առաջին էջին հպարտորեն անունները գրող այս ուզբեկ սուլթաններից Հերաթը գրաված շահ Իսմայիլի եղբայր Սամի Միրզայի ձեռքն է անցնում գիրքը, նա էլ այն հատուկ ձոնով մեծ եղբորն է նվիրում։ Այն բանից հետո, երբ Թավրիզ գնացող շահ Իսմայիլը հրամայում է այդ գիրքը որպես նվեր պատրաստել և ձոնը գրել, լուսահոգի Յավուզ սուլթան Սելիմ խանը նրան Չալդըրանում պարտության է մատնում, Թավրիզի Հեշթ Ռեհիշթ պալատը թալանվում է, և այս գիրքը հաղթանակած սուլթանի զինվորների հետ անապատներ, սարեր, գետեր անցնելով՝ Ստամբուլ՝ այս գանձարանի սենյակ է գալիս։ Իմ՝ ծեր նկարչիս ուշադրությունը և ոգևորությունը Քարան և գաճաճը որքանո՞վ էին կիսում։ Նոր գրքեր բացելով, էջերը թերթելով՝ հարյուրավոր մեծ քաղաքներում, միմյանցից լրիվ տարբեր, դաժան շահերի, խաների, բեյերի հովանավորության տակ նկարելով, իրենց տաղանդը ցույց տալով՝ կուրացած հազարավոր նկարիչների խոր ցավն էի զգում իմ մեջ։ Աշակերտության տարիներին մեր բոլորի ստացած ծեծի, քանոնի հարվածներից, ապտակից կարմրած այտերին, մարմարե կնիքներով մեր սափրած գլուխներին ստացած հարվածների ցավը կրկին զգացի, երբ թերթում էի տանջանքների եղանակները և գործիքները ցույց տվող գրքի առաջին էջերը։ Այս թշվառ գիրքը, որ անհավատ զբոսաշրջիկներն օգտագործում էին՝ իրենց կրոնի հետևորդներին ապացուցելու համար, թե մենք որքան դաժան ու վատն ենք և մի քանի ոսկու դիմաց այս նկարները պատվիրում էին խզբզել անշնորհք նկարիչներին ու հպարտանում․ օսմանյան գանձարանում ինչ գործ ուներ, չգիտեմ։ Բայց ես ֆալաքայի, ծեծի, խաչվելու, կախվելու, գլխի վրա կախելու, կեռից կախելու, ցից հանելը, գնդի վրա դնելով՝ օդ թռցնելու, խաչելու, խեղդելու, կոկորդը կտրելու, քաղցած շներին նետելու, մտրակելու, պարկի մեջ դնելու, աքցանով սեղմելու, սառը ջրի մեջ նետելու, մազերը պոկելու, մատները կոտրելու, մաշկը բարակ շերտերով քերթելու, քիթը կտրելու և աչքերը հանելու այդ բոլոր նկարներն անելիս նկարչի ստացած ակնհայտ խայտառակ հաճույքից ամաչում եմ։ Միայն մեզ պես՝ ամբողջ աշակերտության շրջանի ընթացքում, դաժանորեն ֆալաքայի ենթարկվող, անընդհատ ծեծվող (որպեսզի սխալ գիծ գծած նյարդային վարպետը հանդարտվի), բռունցքներով ծեծվող, մեր ներսի սատանային սպանելով՝ նկարչությունը բյուրեղի վերածելու համար ժամերով փայտերով և քանոններով ծեծվող յուրահատուկ նկարիչները ֆալաքայի և տանջանքների նկարներ անելիս այսքան խոր հաճույք էին ստանում և այս գործիքները մի երեխայի՝ օդապարուկ ներկելու պես ուրախ ներկերով էին կարողանում պատկերել։ Մեր աշխարհը, մեր պատկերած գրքերի նկարները դարեր անց հեռվից առանց շատ հասկանալու, բայց մոտենալու և հասկանալու ցանկությամբ անհամբեր դիտողները ցուրտ գանձարանի սենյակում նկարներին նայելիս իմ զգացած ամոթը և երջանկությունը, խոր ցավը և տեսնելու հաճույքը գուցե կարող են զգալ, բայց լիովին չեն կարող հասկանալ։ Ցրտից անզգայացած ծեր մատներս թերթում էին էջերը, սադափե պոչով վաղեմի խոշորացույցս և ձախ աչքս նկարների վրայով ամբողջ աշխարհը վերևից տեսնող թափառական արագիլի պես ներքևի տեսարանին առանց զարմանալու, բայց միևնույն է՝ հիացմունքով նայելով, կրկին ինչ֊որ բաներ կարդալով՝ անցնում էր։ Տարիներ շարունակ մեզ ցուցադրված էջերին նայելիս հասկանում էի՝ որ նկարիչն ումից ինչ է սովորել, մեր օրերում ոճ կոչվածն առաջինը որ արվեստանոցում է ի հայտ եկել, որ շահի հովանավորության տակ ձևավորվել, որ լեգենդար վարպետը ում հովանու տակ է աշխատել կամ օրինակ՝ Հերաթից Չինաստանի ազդեցությամբ ամբողջ Իրանում ինչպես է տարածվել խուճուճ չինական ոճով ամպեր նկարելու ավանդույթը։ Քանի որ գիտեի՝ այն նաև Քազվինում է օգտագործվում, մերթընդմերթ զարմացած ինքս ինձ ասում էի՝ վայ, բայց սրտիս խորքում զգացածս ցավը, ձեզ հետ ստիպված կիսածս տառապանքը և ամոթը, աշակերտության տարիներին շատերի՝ վարպետների վնասած դեմքով, եղնիկի աչքերով, երկարահասակ գեղեցիկ նկարիչների՝ նկարչության համար կրած ցավը, ստորացումները, նրանց զգացած ոգևորությունը և հույսը, իրենց վարպետների հետ ապրած հոգևոր մերձեցումը և ընդհանուր նկարչական սերը տարիների վերջում իրենց հասած մոռացման և կուրացումի հետ էր կապված։ Մեր սուլթանի համար տարիներ շարունակ պատերազմի և խրախճանքների նկարներ անելու պատճառով այս ցավով և ամոթով մտա այս նուրբ զգացմունքների աշխարհ, որի նկարվելու հավանականության մասին հոգիս աստիճանաբար մոռանում էր։ Մի թղթապանակում, ճիշտ այնպես, ինչպես ես էի այդ պահին անում, գրկին այդ պահին մի գիրք պահող կարմիր շուրթերով, նուրբ գոտկատեղով մի իրանցի տղա տեսա և հիշեցի այն, ինչ ոսկու և իշխանության ետևից ընկած շահերը մոռացել են. բոլոր գեղեցկություններն Սստծունն են։ Մեկ այլ էջի վրա սպահանցի երիտասարդ վարպետի նկարած, իրար սիրահարված երկու հիանալի գեղեցիկ երիտասարդ, իմ գեղեցկադեմ աշակերտների՝ նկարչության հանդեպ ունեցած սերը հիշելով, արցունքներով նայեցի։ Կեռասե շուրթերով, նշաձև աչքերով, թանաքամանի պես քթով բարեկազմ գեղեցիկ աղջիկ֊կատվի պես փոքրիկ ոտքերով, թափանցիկ մաշկով, նուրբ և ոչ մկանուտ երիտասարդի, մարդու մեջ այդ մաշկը համբուրելու և նրա համար մեռնելու ցանկություն արթնացնող նուրբ թևը խնամքով մերկացրել էր և գեղեցիկ թևի մեջ սիրո ուժն ու աղջկա հանդեպ ունեցած մտերմությունն ապացուցելու համար երիտասարդի՝ կրակով իրեն այրելով արած երեք փոքրիկ և խոր սիրո նշանին այնպես էր նայում, ասես երեք գեղեցիկ ծաղկի նայեր։ Տարօրինակ կերպով սիրտս սկսեց արագ բաբախել։ Թավրիզից եկած և սև մատիտով նկարված մարմարե մաշկով գեղեցիկ տղաներին, փոքր կրծքով նուրբ աղջիկներին ցույց տվող կիսաանշնորհք նկարներին աշակերտությանս առաջին տարիներին՝ վաթսուն տարի առաջ նայելիս, ինչպես այժմ՝ ճակատս քրտնում էր։ Վարպետության առաջին քայլն անելով՝ ամուսնանալուց մի քանի տարի անց արվեստանոց որպես աշակերտի թեկնածու բերված հրեշտակի դեմքով, նշաձև աչքերով, վարդագույն մաշկով մի գեղեցիկ երիտասարդի նայելիս զգացածս մտքի խորությունը և նկարելու սերը հիշեցի։ Մի պահ այնքան ուժեղ զգացի, որ հասկացա՝ նկարչության հանդեպ այս հետաքրքրությունր ոչ թե ամոթի և տխրության հետ է կապված, այլ նախևառաջ Աստծու սիրո հետ, Աստծու սերն էլ, նրա մեջ եղած աշխարհը սիրո վերածելն էլ այնքան ուժեղ զգացի, որ գիրկս դրած գրակալով անցկացրածս այդ բոլոր սապատավոր տարիներին իմ արվեստը սովորելու համար ստացածս ծեծը, նկարելով կուրանալու վճռականությունը, իմ կրած և իմ պարտադրած բոլոր նկարչական ցավերը կարծես ապրեցի որպես երջանիկ հաճույքի հաղթանակ։ Արգելված մի բանի նայելու պես այս հիանալի նկարին անձայն, երկար և միևնույն հաճույքով նայեցի։ Որոշ ժամանակ անց դեռ նայում էի, երբ աչքիցս մի արցունք պոկվելով՝ այտովս իջավ և կորավ մորուքիս մեջ։ Գանձարանի սենյակում դանդաղ շրջող մոմակալներից մեկի ինձ մոտենալը տեսնելով՝ թղթապանակը բարձրացրի, որոշ ժամանակ անց բացեցի գաճաճի՝ իմ կողքին թողած պատահական գրքերից մեկը։ Սա էլ շահերի համար պատրաստվող յուրահատուկ թղթապանակ էր. մի մարգագետնի եզրին երկու սիրահար եղնիկ և նրանց թշնամաբար նախանձող բորենիներ։ Էջը թերթեցի, միայն հերաթցի հին վարպետի վրձնին պատկանող դարչնագույն և կարմիր ձիեր տեսա, որքա՜ն գեղեցիկ են։ Էջը թերթեցի, վստահորեն նստած մի գրիչ վարպետի նկար տեսա, յոթանասուն տարեկան նկար էր, դեմքից չէի կարող հասկանալ, թե ով է, որովհետև բոլորին նման էր։ Ուզում էի ասել, որ նկարի ոճը, նստած մարդու մորուքի՝ մի քանի գույնով ներկվելը ինձ որոշ բաներ հիշեցրին, սիրտս արագ բաբախեց, ճանաչեցի նկարի հիանալի ձեռքը, ձեռքս ինձնից առաջ էլ էր զգացել, միայն նա կարող էր այսքան գեղեցիկ ձեռք նկարել։ Նկարը մեծ վարպետ Բեհզադինն էր։ Կարծես նկարից դեմքիս վրա լույս ընկավ։ Ավելի շուտ մի քանի անգամ մեծ վարպետ Բեհզադի նկարները տեսել էի, բայց գուցե այս նկարներին ոչ թե միայնակ, այլ տարիներ առաջ հին վարպետների հետ նայելու, գուցե վստահ չլինելու պատճառով, չէի հասկացել, որ սա մեծ Բեհզադի նկարն է, աչքերս չէին շլացել նրա փայլից, ինչպես հիմա։ Գանձարանի սենյակի բորբոսահոտ ծանր մթությունը կարծես լուսավորվեց։ Այս գեղեցիկ նկարված ձեռքով քիչ առաջ տեսածս, սիրո նշաններով դրոշմված այդ նուրբ, հիանալի ձեռքը չէի կարողանում մոռանալ։ Աստծուն շնորհակալություն հայտնեցի կուրանալուց առաջ ինձ ցույց տված այս գեղեցկությունների համար։ Որտեղի՞ց գիտեի, որ շուտով կուրանալու եմ։ Չգիտեմ։ Մի պահ զգացի, որ մոմակալը ձեռքին՝ իմ նկարին նայող Քարային կարող եմ հայտնել այդ մասին, բայց բերանիցս այլ բան դուրս եկավ. — Նայիր ձեռքի գեղեցկությանը,— ասացի ես։— Բեհզադինն է։ Երիտասարդ տարիքում առանձին-առանձին սիրածս այդ նուրբ, թավշե մաշկով գեղեցիկ փոքր աշակերտներիս ձեռքը բռնելու պես ձեռքս ինքն իրեն երկարեց դեպի Քարայի ձեռքը։ Ձեռքն ուղիղ էր և ուժեղ, իմ ձեռքից տաք էր, այնտեղ, ուր միանում է թևի հետ, բազկի երկարոտ հատվածը, ինչպես ես եմ սիրում, նուրբ էր և լայն։ Իմ երիտասարդ տարիքում մի աշակերտի ձեռքը ափիս մեջ առնելով՝ վրձինը բռնելու ոճի մասին ասելուց առաջ նրա վախվորած, գեղեցիկ աչքերի մեջ էի նայում։ Այնպես նայեցի Քարային, որ ձեռքին բռնած մոմի լույսի տակ տեսա բիբերը։ — Մենք՝ բոլոր նկարիչներս, եղբայրներ ենք,— ասացի ես։– Բայց հիմա ամեն ինչ ավարտվում է։ — Ինչպե՞ս։ Տարիները մի կառավարչի, մի արքայազնի նվիրած, նրա արվեստանոցում հին վարպետների ոճով հրաշքներ ստեղծած և անգամ արվեստանոցի ոճն ապահոված մի մեծ վարպետ, իր հովանավորի՝ բոլոր պատերազմներում պարտվելուց հետո քաղաք մտած թալանող թշնամի զինվորիներից հետո նոր պարոնների հրամանով ստիպված է լինում իր արվեստանոցը փակել։ Նրա գրքերր փչացնում են, նոր հատորներ են կազմում, նկարչության մեջ իր հավատացած և իր գտածոն եղած ամեն բան երեխայի սիրած փոքրիկ իրերի պես վերացնում են, ամեն ինչ ավարտվում է։ Այս խոսքը կուրանալու ցանկության պես հնչեց։ Բայց Քարային դա պետք է այլ կերպ բացատրեի։ — Այս նկարը մեծ բանաստեղծ Աբդուլլահ Հաթիֆիինն է,— ասացի ես։— Հաթիֆին այնպիսի մեծ բանաստեղծ է, որ երբ շահ Իսմայիլի՝ Հերաթ մտնելիս բոլորը նրան շողոքորթում են, նա տեղից չի շարժվում։ Շահ Իսմայիլն է գնում նրա՝ քաղաքից դուրս գտնվող տուն։ Դա ոչ թե այն պատճառով է, որ Հաթիֆին նկար ուներ, որ վարպետ Բեհզադը Հաթիֆիի դեմքն էր նկարել, այլ որ նկարի տակի գրություն կար, հասկանալի է, չէ՞։ Քարան գեղեցիկ աչքերով «այո» ասելով՝ ինձ նայեց։ — Բանաստեղծի դեմքին նայելիս,— ասացի ես,— տեսնում ենք, որ այն տարբերվում է։ Աբդուլլահ Հաթիֆին՝ լուսահոգին, եթե հիմա այստեղ լիներ, այս նկարով չէինք ճանաչի։ Նրան կճանաչեինք այս ամբողջական նկարից. նկարի ոճում, Հաթիֆիի կեցվածքի, գույների մեջ, գրի և վարպետ Բեհգադի նկարած այդ գեղեցիկ ձեռքի մեջ այնպիսի բան կար, որ անմիջապես հասկանում էի. սա բանաստեղծի նկար է։ Որովհետև մեր նկարի մեջ իմաստը դեմքից կարևոր է։ Այժմ, ինչպես մեր սուլթանի՝ լուսահոգի Էնիշթե էֆեդուն պատվիրած գրքում է, երբ սկսում են ֆրանսիացի և իտալացի վարպետներին կրկնօրինակել, այս ամբողջ իմաստային աշխարհն ավարտվում է և սկսվում է դեմքի աշխարհը, քանի որ ֆրանսիական ոճով... — Իմ փեսան՝ լուսահոգին, սպանվել է,— կոպիտ ասաց Քարան։ Ափիս մեջ Քարայի ձեռքր, երիտասարդ աշակերտի՝ ապագայում հրաշքներ գործող թեկնածուի փոքրիկ ձեռքի պես հարգանքով շոյեցի։ Մի պահ անձայն, հարգանքով Բեհզադի հրաշքին նայեցինք։ Հետո Քարան ձեռքը հանեց իմ ափի միջից։ — Սրանից առաջվա էջի դարչնագույն ձիու քթին չկարողացանք նայել, շատ արագ անցանք,— ասաց նա։ — Այնտեղ ոչինչ չկա,— ասացի ես և որպեսզի տեսնի, բացեցի նախորդ էջը. ձիերի ռունգերում ոչ մի արտասովոր բան չկար։ — Ե՞րբ ենք գտնելու տարօրինակ քթով ձիերին,— երեխայի պես հարցրեց Քարան։ Բայց կեսգիշերի և առավոտվա միջև մի պահ, երբ ես և գաճաճը շահ Թահմասփի լեգենդար «Շահնամեն» մի երկաթե սնդուկի միջի մետաքսե կտորների, կանաչ ատլասների տակից հանում էինք, Քարան կծկվել էր Ուշաքի կարմիր գորգի վրա, մարգարիտներով զարդարված բարձին էր դրել համաչափ գլուխը և քնում էր։ Մինչդեռ ես լեգենդար գիրքը տարիներ անց կրկին տեսնելուն պես անմիջապես հասկացել էի. ինձ համար օրը դեռ նոր էր սկսվում։ Այս գիրքն այնքան մեծ էր ու ծանր, որ Ջեզմի աղայի հետ դժվարությամբ բարձրացնելով կարողացանք հանել։ Քսանհինգ տարի առաջ հեռվից տեսածս գրքին հպվելուն պես հասկացա, որ կաշվե կազմը ներսից փայտյա է։ Քսանհինգ տարի առաջ, երբ Քանունի սուլթան Սուլեյմանը մահացավ, շահ Թահմասփը Թավրիզը երեք անգամ գրաված այս սուլթանից փրկվելու համար այնքան էր ուրախացել, որ նրանից հետո գահ բարձրացած սուլթան Սելիմին ուղտերով ծանրաբեռնված նվերների հետ մեկտեղ մի հիանալի Ղուրան և իր գանձարանի այս ամենագեղեցիկ գիրքն էր ուղարկել։ Գիրքը նախ երեք հարյուր հոգանոց իրանյան պատվիրակության հետ այդ ժամանակի նոր սուլթանին գերի ընկնելով՝ գնում է Էդիրնե, ուր անց է կացնում ձմեռը, մյուս նվերների հետ ուղտերին և բեռնաձիերին բարձած՝ Ստամբուլ գալուն պես գանձարանում փակվելուց առաջ գլխավոր նկարիչ Քարա Մեմին և մենք՝ երեք երիտասարդ նկարիչներս, այսինքն՝ չորս հոգով, գնացել էինք գիրքը նայելու։ Հնդկաստանից բերված փիղը, Աֆրիկայից եկած ընձուղտը տեսնելու գնացող ստամբուլցիների պես վազելով՝ մեր՝ պալատ գնալու այդ օրը, վարպետ Քարա Մեմիից էի լսել, որ մեծ վարպետ Բեհզադը ծեր տարիքում Հերաթից Թավրիզ է եկել, բայց կույր լինելու պատճառով այս գրքին չի դիպել։ Այդ ժամանակ յոթ֊ութ նկար ունեցող սովորական գրքերով հիացող մեզ պես օսմանցի նկարիչների համար երկու հարյուր հիսուն նկար ունեցող այս գրքին նայելը, հիանալի պալատում զբոսնելու նման էր, երբ բոլորը քնած են։ Գրքի անհավատալի հարուստ էջերին առանց մի խոսքի նայեցինք, ասես հրաշքի պես կարճ ժամանակում մեր առջև երևացող դրախտի պարտեզներն էինք դիտում։ Դրան հաջորդող քսանհինգ տարում գանձարանում կողպված այս գրքի մասին շատ խոսեցինք։ Քսանհինգ տարի անց լեգենդար «Շահնամեի» հաստ կազմը մի պալատի հսկայական դուռը բացելու պես անձայն բացեցի, բայց հաճելի խշխշոցով էջերը թերթելիս ավելի շատ տխրություն զգացի, քան հիացմունք։ 1. Ստամբուլցի բոլոր վարպետ նկարիչներն այս գրքի էջերից որոշ բաներ գողանալու պատմությունների պատճառով չէին կարողանում լիովին կենտրոնանալ այս նկարների վրա։ 2. Գրքի հինգ-վեց նկարում երևացող հրաշքների (Թահմուրասը ավելի ուշ՝ հաշտության ժամանակ իրենց այբուբենը, հունարեն և տարբեր լեզուներ սովորեցնող սատանաների և դևերի գլուխներին ինչպիսի վճռականությամբ և նրբությամբ էր իջեցնում թուրը) մի անկյունում Բեհզադի նկարածին հանդիպելու հույսով համակ ուշադրություն էի դարձել։ 3. Ձիերի ռունգերը և Քարայի ու գաճաճի ներկայությունը խանգարում էին, որ ամբողջովին նվիրվեի իմ տեսածներին։ Բոլոր մեծ նկարիչներին Աստծու նվերի պես մոտեցող մթության թավշե վարագույրից առաջ այս լեգենդար գրքին նայելը որքան էլ որ Աստծու շնորհ համարվի, որքան էլ որ նրան ուզածի չափ նայել կարողանալը մեծ հաջողություն համարվի, նրան ավելի շատ մտքով, քան սրտով նայելս էլ, իհարկե, դժբախտություն էր։ Մինչ առավոտվա լույսերը հասան գանձարանի՝ աստիճանաբար սառը գերեզմանի նմանվող սենյակ, այս աննման գրքի բոլոր երկու հարյուր հիսունինը (ոչ հիսուն) նկարները տեսա։ Խելքով նայեցի. խելացի արաբ գիտնականների պես կրկին առանձին նշեմ. 1. Ռունգերը ստոր մարդասպանի նկարածի պես մի ձի, Ռոստամի՝ Թուրանում ձի գողանալիս հանդիպած գույնզգույն ձիերը, արաբ սուլթանի արգելքից հետո Ֆերիդուն շահի՝ Տիգրիսը լողալով անցնող հիանալի ձիերը, երբ հայրը մեկին հեռավոր Հռոմն է տալիս, իսկ մյուսին՝ ավելի հեռու Չինաստանը, ամենափոքր որդի Իրեչին ամենագեղեցիկ երկիր Իրանն է տալիս և փոքր եղբորը նախանձող մեծ եղբայր Թուրի՝ Իրեչի գլուխը ստորաբար և դավաճանաբար կտրելիս հեռվից հետևող տխուր մոխրագույն ձիերը, Ալեքսանդրի՝ հագարացիների, եգիպտացիների, բերբերների և թազուերների հետ զրահների, չկոտրվող սրերի և փայլող սաղավարտներով բանակի ձիերը, Աստծու՝ նրա համար նախատեսած դժբախտության դեմ ապստամբելու համար անընդհատ քթից արնահոսող շահ Յազդգիրդի՝ բուժիչ ջրով բուժող կանաչ գետի ափին անսպասելի կերպով և Աստծու արդարությամբ սպանված լեգենդար ձին և վեց֊յոթ նկարչի պատկերած հարյուրավոր լեգենդար և իսկական ձիեր տեսա, բայց ոչ մեկն իմ փնտրածը չէր։ Գանձարանի այլ գրքերին նայելու համար դեռ մեկ օր ժամանակ ունեի։ 2. Վերջին քսանհինգ տարվա ընթացքում վարպետ նկարիչների համար մշտական բամբասանքի թեմա դարձած մի պնդում կա. եթե նկարիչը տաղանդավոր է, ուրեմն սուլթանի հատուկ թույլտվությամբ գանձարանի այս անհասանելի սենյակ մտնելով՝ այս հիանալի գիրքն է գտել, բացել, մոմի լույսի տակ մատյանների ձիերի, ծառերի, ամպերի, ծաղիկների, թռչունների, այգիների և պատերազմի ու սիրո տեսարանների օրինակներ է արտատպել, որպեսզի հետո դրանցից օգտվի... Ամեն անգամ, երբ մի նկարիչ հրաշալի և չնաշխարհիկ մի բան է նկարում, նրան նախանձողները սա էին ասում։ Մի քիչ էլ Թավրիզի, իրանյան գործ համարելով՝ նրա աշխատանքները թերագնահատելու համար։ Այդ ժամանակներում Թավրիզը մեր սուլթանի երկիրը չէր։ Երբ այս հերյուրանքը, որն այսօր իմ մասին է ասվում և որի համար զայրացել ու հպարտություն եմ զգացել, ուրիշների մասին էր ասվում, ես էլ էի հավատում։ Այժմ տարօրինակ կերպով՝ քսանհինգ տարի առաջ այս գրքին մի անգամ նայած մենք՝ չորս վարպետներս, այդ օրն այդ գիրքը նկարեցինք մեր հիշողության մեջ։ Տխրությամբ տեսա, որ այս քսանհինգ տարվա ընթացքում մեր գլխում փոխելով, հիշելով՝ սուլթանի գրքերում վերարտադրել ենք այդ ոճը։ Տխրում եմ ոչ թե այն պատճառով, որ այս գիրքը կամ մյուս գրքերը գանձարանից հանելով՝ զգուշավոր սուլթանները մեր առաջ են դրել, այլ որովհետև մեր նկարչական աշխարհը թերի է։ Թե՛ հերաթցի մեծ վարպետները, թե՛ թավրիզցի նոր վարպետները, իրանցի նկարիչները, մեր՝ օսմանցի նկարիչներից ավելի կատարյալ և հրաշալի նկարներ են նկարել։ Մի պահ մտածեցի, որ եթե երկու օր անց ինձ հետ բոլոր նկարիչներին տանջանքների ենթարկեն, լավ կլինի և իմ առաջ բաց դրված նկարի մեջ իմ ձեռքի տակ առաջինը եկած դեմքի աչքերը սրիչիս ծայրով անխղճորեն փորեցի։ Հնդիկ դեսպանի բերած շախմատաձև տախտակով քարերին նայելով՝ շախմատ սովորող, սովորելուն պես վարպետ հնդիկին հաղթող իրանցի գիտնականի պատմությունն է սա։ Իրանական սուտ։ Շախմատ խաղացածների, նրանց հետևող շահի և նրա մարդկանց աչքերն էլ մեկ առ մեկ փորեցի։ Էջերը ետ թերթելով՝ դաժանորեն պատերազմող շահերի, հիանալի զրահներով շքեղ բանակների զինվորի, գետնին ընկած, կտրված գլուխների աչքերն էլ մեկ առ մեկ դաժանաբար փորեցի։ Այս գործը երեք էջի վրա էլ անելով՝ սրիչը դրեցի գոտուս մեջ։ Ձեռքերս դողում էին, բայց ինձ վատ չէի զգում։ Հիսուն տարվա նկարչական կյանքիս ընթացքում հաճախ հանդիպածս այս տարօրինակ գործին այդքան նվիրվածների զգացմունքները հիմա հասկանո՞ւմ էի։ Ուզում էի, որ իմ փորած աչքերից գրքի էջերին արյուն թափվի։ 3. Սա ինձ տանում էր դեպի իմ կյանքի վերջին ցավ և մխիթարանք։ Շահ Թահմասփի ամենատաղանդավոր իրանցի նկարիչներին տասը տարի աշխատեցնելով ձեռք բերված այս գեղեցիկ գրքին մեծ Բեհզադի գրիչը չէր դիպել, նրա գեղեցիկ ձեռքերը ոչինչ չէին գծել։ Թալանված Հերաթից կյանքի վերջին տարիներին Թավրիզ գալու ժամանակ Բեհզադի կույր լինելն էր հաստատում սա։ Այսպիսով, ևս մեկ անգամ ուրախությամբ հասկացա․ որպեսզի ամբողջ կյանքում աշխատելով՝ հին վարպետների անթերիությանը հասնելու ժամանակ նկարչությունր ուրիշ ոչ մի արվեստանոցի և շահի ցանկություններով չհամեմատվի, մեծ վարպետը պետք է ինքն իրեն կուրացնի։ Քարան և գաճաճը մի հաստ գիրք բացելով՝ այդ պահին իմ առաջ դրեցին։ — Ոչ, սա չէ,— ասացի ես առանց համառելու։– Սա մոնղոլական շահնամե է. երբ Ալեքսանդրի երկաթե ձիավորների երկաթե ձիերի վրա նավթ էին լցնում և մեկական լամպի պես այրում, նրանք, ռունգերից կրակ թափելով, հարձակվում էին թշնամու վրա։ Չինական նկարներից ելած կրակների միջի այս երկաթե բանակին նայեցինք։ — Ջեզմի աղա,— ասացի ես։— Քսանհինգ տարի առաջ շահ Թահմասփի այս գիրքը բերող իրանցի դեսպանների նվերները, ավելի ուշ մենք «Սելիմնամեում» ենք նկարել... «Սելիմնամեն» գտնելով՝ անմիջապես իմ առաջ դրեց։ Դեսպանների՝ լուսահոգի սուլթան Սելիմին մյուս նվերների հետ մեկտեղ «Շահնամեն» մատուցելը ցույց տվող փայլուն էջի դիմաց մեկ առ մեկ շարքով գրված նվերների մեջ աչքս ինքն իրեն գտավ այն, ինչ մի ժամանակ կարդացել էի, բայց կարծես չէի հավատացել, հերաթցի հին վարպետների և վարպետաց վարպետ նկարիչ Բեհգադի՝ իրեն կուրացնելու համար օգտագործած փիրուզե ծայրով և ներկած սադափից ոսկե ասեղը։ Գաճաճին հարցրի, թե «Սելիմնամեն» որտեղից է գտել։ Գանձարանի սենյակի փոշոտ մթության միջի սնդուկների, կտորեղենի և գորգերի կույտերի, պահարանների արանքով և աստիճանների տակով ոլորվելով քայլեցինք։ Մեր մեծացող և փոքրացող ստվերների՝ զրահների, փղոսկրե թամբի, վագրերի մորթիների վրայով անցնելը տեսա։ Նույն տարօրինակ կարմիր կտորի և թավշե գույնի մեջ թաղված մյուս սենյակներից մեկում՝ այն երկաթե սնդուկի կողքին, որի միջից «Շահնամեն» էինք գտել, այլ գրքերի, արծաթե և ոսկե թելերով նախշված ծածկոցների, Սեյլանի անմշակ քարերի, ռուբինե դաշույնների արանքում շահ Թահմասփի ուղարկած այլ նվերներից՝ Սպահանի մետաքսե գորգերը, փղոսկրե շախմատը տեսա և վրայի չինական վիշապներին և ճյուղերը և սադափով զարդարված արևի խորհրդանիշով հստակ Թեմուրի ժամանակներից եկող մի գրչատուփ նկատեցի։ Տուփը բացեցի, միջից մի քիչ այրված թուղթ և վարդաբույր փիրուզե պոչով սադափե, ոսկե ասեղը դուրս եկավ։ Ասեղը վերցրի, ստվերի պես վերադարձա իմ տեղը։ Միայնակ մնալով՝ վարպետ Բեհզադի այն ասեղը, որով իրեն կուրացրել էր, դրեցի «Շահնամեի» բաց էջին և նայեցի։ Ոչ միայն Բեհզադի ասեղը, որով իրեն կուրացրել էր, այլև նրա հիանալի ձեռքերին դիպած ցանկացած իր տեսնելն ինձ ստիպում էր դողալ։ Այս սարսափելի ասեղը շահ Թահմասփը նվեր գրքի հետ ինչո՞ւ էր սուլթան Սելիմին ուղարկել։ Մանկության տարիներին Բեհզադից նկարչության դասեր առած, իսկ մանկության տարիներին նկարիչներին ձեռքի վրա պահած շահը ծերանալուն պես բանաստեղծներին և նկարիչներին իր շրջապատից հեռացնելով՝ նվիրվել էր կրոնի՞ն։ Ամենամեծ վարպետների՝ տասը տարի աշխատած այս հիանալի նկարից է՞լ էր այդ պատճառով համաձայնել հրաժարվել։ Գրքի հետ այս ասեղը մեծ վարպետի կամավոր կուրության մասին բոլորին հայտնելու համա՞ր էր ուղարկել, թե՞, ինչպես մի ժամանակ պատմում էին, այս լեգենդար գրքի էջերին մի անգամ նայողի՝ աշխարհում արդեն ոչինչ չի տեսնել չցանկանալու պատճառով։ Բայց ինչպես շատ ծեր իշխաններն են ասում, երիտասարդ տարիքում նկարի հանդեպ սիրո մեղքի վախով զղջում ապրած շահի համար այս գիրքն արդեն հրաշք չէր։ Ծերանալով՝ հիասթափություն ապրող դժբախտ նկարիչների արած պատմությունները հիշեցի, երբ Քարաքոյունլու կառավարիչ աշխարհի տիրակալ շահի բանակները Շիրազ էին գնում, քաղաքի լեգենդար գլխավոր նկարիչ Իբնի Հուսամը ասում է՝ «Ես այլ կերպ չեմ կարող նկարել» և աշակերտին հրամայում է իրեն կուրացնել։ Յավուզ սուլթան Սելիմի բանակները շահ Իսմայիլին հաղթելով՝ Թավրիզ են մտնում, Հեշթ Բեհիշթ պալատը թալանում են, Ստամբուլ են բերում մի խումբ նկարիչների, որոնցից մեկը՝ մի իրանցի տարիքով վարպետ, ինչպես պնդում են, ոչ թե ճանապարհին հիվանդությունների պատճառով, այլ օսմանյան ոճով չնկարելու պատճառով՝ իրեն դեղերով կուրացնում է։ Բեհզադի՝ իրեն կուրացնելու մասին զայրույթի պահերին իմ նկարիչներին որպես օրինակ ես էի պատմում։ Չի՞ կարող երկրորդ ճանապարհ լինել։ Եթե վարպետ նկարիչը նոր ոճերը քիչ-քիչ յուրացնի, ամբողջ արվեստանոցը և հին վարպետների ոճը գոնե մի քիչ չի՞ փրկի։ Ասեղի՝ շատ նուրբ մշակված սուր ծայրին մուգ կետ կար, բայց հոգնած աչքերս չէին կարողանում հասկանալ՝ արյո՞ւն էր, թե՞ այլ բան։ Խոշորացույցը մոտեցնելով տխրությամբ երկար նայեցի ասեղին։ Փորձեցի պատկերացնել, թե Բեհզադն այս գործն ինչպես է արել։ Ասում են, որ մարդ անմիջապես չի կուրանում, ինչպես բնական ճանապարհով կուրացող ծերերը, թավշե մթությունը օրերով, ամիսներով է իջնում։ Կողքի սենյակ անցնելիս էի տեսել, գնացի, նայեցի, այնտեղ էր. կեռ պոչով և հաստ եբենոսյա շրջանակով, շղարշի պես գրությամբ, ծաղկի պես նախշերով փղոսկրե հայելին։ Նստեցի տեղս և հայելու մեջ նայեցի աչքերիս։ Վաթսուն տարի նկարող և նկարների նայող աչքերիս բիբերում ոսկե մոմակալի կրակը որքա՜ն գեղեցիկ էր ալիքվում։ «Վարպետ Բեհզադն ինչպե՞ս էր արել»,— կրկին հետաքրքրությամբ հարցրի ինձ։ Առանց աչքերս հայելուց հեռացնելու՝ աչքերին սուրմա քսող կնոջ սովորության համաձայն՝ ձեռքս ինքն իրեն գտավ ասեղը։ Նկարելիք ջայլամի ձուն գագաթից ծակելու պես առանց տատանվելու ասեղը քաջությամբ, հանդարտությամբ և ուժով խրեցի աջ բիբիս մեջ։ Ոչ թե արածս զգալու, այլ արածս տեսնելու համար էր սիրտս ցավում։ Ասեղը քառորդ մատի չափ աչքս մտցրի և հանեցի։ Հայելու շրջանակի մեջ գրված քառատողում բանաստեղծը հայելուն նայողին հավերժական գեղեցկություն և հավերժական լույս, իսկ հայելուն հավերժական կյանք էր ցանկանում։ ժպտալով՝ նույնը ձախ աչքիս հետ էլ արեցի։ Երկար ժամանակ չշարժվեցի։ Նայեցի աշխարհին։ Ամեն ինչին։ Աշխարհի գույները, ինչպես կարծում էի, չմգացան, բայց կարծես մի քիչ խառնվեցին։ Բայց դեռ ամեն ինչ շատ թե քիչ տեսնում էի։ Քիչ անց արևի գունատ լույսը իջավ գանձարանի սենյակի մուգ կարմիր, արյան գույն կտորների մեջ։ Գանձապետը և նրա մարդիկ կրկին նույն արարողությամբ կոտրեցին կնիքը, բացեցին կողպեքը և դուռը։ Գիշերանոթները, լամպերը և վառարանը փոխեցին, թարմ հաց ու թթի չիր բերեցին և ասացին, որ շարունակենք սուլթանի գրքերում փնտրել տարօրինակ քթով ձիերին։ Աշխարհի ամենագեղեցիկ նկարներին նայելով՝ Աստծու տեսած աշխարհը հիշելուց ավելի գեղեցիկ ի՞նչ կարող է լինել։ == 52. Իմ անունը Քարա է == Առավոտյան, երբ գանձապետր և աղաները հանդիսավոր բացեցին դռները, գանձարանի սենյակի կարմիր թավշե գույնին աչքերս այնքան էին հարմարվել, որ Էնդերունի բակից ներս ընկնող ձմեռային առավոտվա լույսն ինձ՝ նայողին խաբելու համար արված սարսափելի կատակի էր նման։ Ինչպես վարպետ Օսմանը, ես էլ տեղիցս չշարժվեցի, կարծես եթե շարժվեի, գանձարանի սենյակների այդ բորբոսահոտ, փոշոտ և շոշափելի օդը մեր որոնած հետքերի հետ մեկտեղ դուրս կփախչեր։ Վարպետ Օսմանը բաց դռների մոտ երկու շարքով շարված գանձարանի աղաների գլուխների արանքով ներս ընկող լույսին այնպիսի տարօրինակ հիացմունքով էր նայում, ասես առաջին անգամ էր տեսնում։ Գիշերը նկարներին նայելիս շահ Թահմասփի «Շահնամեի» էջերը թերթելիս նրան հեռվից նայելիս նույն հիացմունքի նշանները ժամանակ առ ժամանակ նրա դեմքին էին արտացոլվում։ Պատի վրա երևացող ստվերը երբեմն թեթև դողում էր, գլուխն ուշադիր մոտենում էր խոշորացույցին, շրթունքներն այնպիսի ձև էին ստանում, ասես հաճելի գաղտնիք էին ասելու, հետո նկարին նայելիս իրենք իրենց շարժվում էին։ Դռան փակվելուց հետո անրնդհատ աճող անհանգստության մեջ սենյակից սենյակ անհամբեր քայլեցի, տագնապած մտածեցի, որ գանձարանի գրքերից բավականաչափ տեղեկություն չենք ստանա, որ ժամանակը չի բավականացնի։ Քանզի զգում էի, որ վարպետ Օսմանը բավականաչափ ուշադրություն չի դարձնում այս գործին, նրան հայտնեցի իմ անհանգստությունների մասին։ Աշակերտներին շոյելուն սովոր իրական վարպետի պես ձեռքս սիրով բռնեց։ — Մեր նմաններն աշխարհն Աստծու տեսածի պես տեսնելուց և Աստծու արդարությանը նվիրվելուց բացի ուրիշ ճանապարհ չունեն,― ասացնա։– Այստեղ այս երկուսի, այս նկարների և իրերի մեջ միմյանց մոտենալը զգում եմ իմ ներսում։ Երբ մոտենում ենք Աստծու աշխարհը նրա պես տեսնելուն, նրա արդարությունը մեզ է մոտենում։ Տես, սա այն ասեղն է, որով վարպետ Բեհզադն իրեն կուրացրել է... Երբ այդ դաժան պատմությունն էր պատմում, ավելի լավ տեսնելու համար մոտեցրած խոշորացույցի տակ այդ տհաճ իրի ծայրին նայեցի ուշադրությամբ և մի վարդագույն խոնավ կետ տեսա։ — Հին վարպետները,— ասաց վարպետ Օսմանը,– ամբողջ կյանքը, նվիրած տաղանդը, գույները և ոճերը փոխելը համարում են մեծ խղճի հարց։ ժամանակակիցների պես աշխարհը մի օր արևելքի շահի, մյուս օրը արևմուտքի ղեկավարի «տես» ասելուն պես տեսնելը անպատիվ են համարում։ Աչքերը ոչ իմ աչքերին էին նայում, ոչ էլ իր առջև բացված էջին։ Կարծես անհասանելի հեռու սպիտակ կետի էր նայում։ Իր առջև դրված «Շահնամեի» էջին Իրանի և Թուրանի բանակները ամբողջ ուժով բախվել էին իրար, երբ ձիերը խփվում էին ուսերով, ձիավորների նիզակները, զրահները ծակելով՝ մաս֊մաս էին անում մարմինները, գլուխները, թևերը պոկվում էին, երկու կես եղած արյունոտ մարմինները թափվում էին գետնին, ագահացած հերոս ռազմիկները խրախճանքի ուրախությամբ և գույներով իրենց թրերը բարձրացրած՝ սպանում էին միմյանց։ — Պարտվածների ոճերը յուրացնել, նկարիչներին կրկնօրինակել ստիպած հին մեծ վարպետներն իրենց պատիվը պաշտպանելու համար իրենց ի վերջո վարպետորեն ասեղով կուրացնելուց հետո Աստծու պարզ մթության՝ աչքերի վրա նվերի պես իջնելուց առաջ իրենց առաջ դրած մի հիանալի էջին ժամերով, երբեմն օրերով անդադար նայում էին։ Քանի որ ժամերով այնպես էին նայում, ասես երբեք չեն կարող բարձրացնել գլուխը, երբեմն աչքերից հոսող արյան կաթիլներով էին ողողում այդ նկարները, հերոս վարպետների աչքերն աստիճանաբար մթնում էին, դեպի կուրացում գնալու համար քաղցր փափկության մեջ մեղմում էին ամեն բան։ Ինչպիսի՜ երջանկություն։ Գիտե՞ս մինչև կուրության մթությանը հասնելը ո՞ր նկարին կցանկանայի նայել։ Աչքերի բիբերը փոքրանում էին, սպիտակուցներն աստիճանաբար ասես նեղանում, աչքերը՝ մանկության հուշը հիշել փորձողի պես դեպի հեռուն, կարծես գանձարանի սենյակից դուրս՝ մի տեղ էր հառել։ ― Հերաթցի հին վարպետների ոճով Խոսրովի՝ ձիով Շիրինի երամակի մոտ գալով, նրա սիրով այրվելով՝ երկար սպասելու տեսարանը գիտես։ Որպես հին վարպետների կուրացման գովասանք՝ ողբերգական բանաստեղծության ոճով գուցե այդ նկարն էր պատմելու։ — Իմ մե՜ծ վարպետ, էֆենդի,— տարօրինակ մղումով ընդհատեցի ես։— Միշտ կուզեի իմ սիրելիի նուրբ դեմքին նայել։ Նրա հետ երեք օր առաջ եմ ամուսնացել։ Տասներկու տարի կարոտով նրա մասին եմ մտածել։ Շիրինի՝ Խոսրովի նկարին նայելով սիրահարվելու տեսարանը ինձ միշտ նրան է հիշեցնում։ Վարպետ Օսմանի դեմքին անթաքույց արտահայտության բեռ, գուցե հետաքրքրասիրություն կար, բայց և՛ իմ պատմությամբ, և՛ իր առաջ դրված արյունոտ պատերազմի տեսարանով չէր հետաքրքրվում։ Կարծես ծանր շնչելով՝ ավետիսի էր սպասում։ Վստահ լինելով, որ ինձ չի տեսնում, մի պահ նրա առաջ դրած ասեղը վերցրի և հեռացա։ Գանձարանի սենյակներից երրորդի՝ բաղնիքին կից սենյակի մի մութ անկյունում բազմաթիվ ֆրանսիացի թագավորների և կառավարիչների նվիրած, կարճ ժամանակում փչանալով՝ մի անկյունում դրված հարյուրավոր տարօրինակ և մեծ ժամացույցների կույտ կար։ Գնացի այնտեղ և վարպետ Օսմանի՝ Բեհգադի՝ իրեն կուրացրած ասեղին ավելի ուշադիր նայեցի։ Փոշոտ և փչացած ժամացույցների ոսկե շրջանակներից, բյուրեղյա ապակիներից, ալմաստներից արտացոլվող կարմրավուն ցերեկային լույսի տակ ասեղի վարդագույն հեղուկով ծածկված ոսկե ծայրը մերթընդմերթ փայլում էր։ Լեգենդար վարպետ Բեհզադն իսկապես այս գործիքով իրեն կուրացրե՞լ էր։ Վարպետ Օսմանը Բեհզադի արած սարսափելի բանն արե՞լ էր։ Մեծ ժամացույցներից մեկի մեխանիզմին կապված, գույնզգույն ներկված, մի մատի մեծություն ունեցող մաղրիբցու արձանիկ կարծես ինձ հայացքով հավանության նշան էր ցույց տալիս։ Հաբսբուրգի թագավորի նվեր այս ժամացույցի մարդը մի ժամանակ տաղանդավոր ժամագործի կատակով, ամեն ժամը մեկ ուրախությամբ գլուխը թափահարելով՝ մեր սուլթանին և հարեմի կանանց էր ուրախացնում։ Բազմաթիվ սովորական գրքերի նայեցի, ինչպես գաճաճն ասաց՝ սպանված և ունեցվածքին տիրացած փաշաների բռնագրավված ունեցվածքից էին դուրս գալիս սրանք։ Այնքան շատ փաշա էր խեղդվել, որ այս գրքերը երբեք չէին ավարտվում։ Գաճաճը դաժան ուրախությամբ, ունեցվածքից և ուժից հարբած, մոռանալով, որ ծառա է, ասաց, որ սուլթանների և շահերի պես իր անունով էլ է գիրք պատվիրել, ու որ ոսկեզարդ փաշան արժանի է եղել մահվան և ունեցվածքի բռնագրավմանը։ Թղթապանակներում երբեմն զարդարված, նկարված դիվանների, այս գրքերում անգամ Շիրինի՝ Խոսրովի նկարին նայելով սիրահարվելու տեսարանին հանդիպելիս երկար նայում էի։ Նկարի միջի նկարը, այսինքն՝ Շիրինի՝ մարգագետնում զբոսնելիս տեսած Խոսրովի նկարը երբեք հստակ չէր երևում։ Նկարի փոքրիկ մանրամասները ոչ թե այն պատճառով չէինք տեսնում, որ նկարիչները բավականաչափ լավ չեն նկարել, այլ որովհետև նկարներն անող նկարիչների մեծ մասը եղունգի, բրնձի, անգամ մազի վրա նկարելու չափ նուրբ էին կարողանում աշխատել։ Գեղեցկադեմ Խոսրովի դեմքը, աչքերը ինչո՞ւ ճանաչելի լինելու չափ հստակ չէին նկարում։ Կեսօրից հետո գուցեև հուսահատությունս մոռանալու համար այս հարցերր վարպետ Օսմանին տալու մասին մտածելով՝ ձեռքս անցած մի խառը թղթապանակի պատահական էջերը թերթելիս հարսի խումբը պատկերող կտորի վրա արված ձիու նկարը գրավեց իմ ուշադրությունր։ Մի պահ սիրտս սկսեց արագ բաբախել։ Իմ առաջ տարօրինակ քթով ձի էր։ Մեջքին նուրբ հարսին էր կրում և ինձ նայում։ Կարծես խորհրդավոր ձին ինձ մի գաղտնիք էր շշնջալու։ Ասես երազում՝ ցանկացա բղավել, բայց չկարողացա։ Գիրքը վերցրի և իրերի, սնդուկների միջով անցնելով՝ վարպետ Օսմանի մոտ վազեցի, էջը դրեցի նրա առաջ։ Նայեց նկարին։ Դեմքին փայլ չտեսնելով՝ անհանգստացա։ — Ձիու ռունգերը նույնն են, ինչ փեսայիս գրքի համար նկարվածինը,— ասացի ես։ Ձեռքի խոշորացույցը դրեց ձիու վրա։ Քիթը գրեթե էջին հպելու չափ մոտեցավ խոշորացույցին։ Չդիմացա լռությանը։ — Փեսայիս գրքի համար նկարված ձիու ոճով չի արված այս ձին, ինչպես տեսնում եք,— ասացի ես։– Բայց քիթը նույնն է։ Նկարիչը փորձել է աշխարհը չինացիների պես տեսնել։ Մի պահ լռեցի։ ― Հարսանեկան թափոր է։ Կարծես չինական նկար է, բայց նկարվածները չինացիներ չեն, մեզ են նման։ Այժմ վարպետի խոշորացույցը նկարին, իսկ քիթը ասես խոշորացույցին էր հպվել։ Տեսնելու համար ոչ միայն աչքերը, գլուխը, վզի մկանները, ծեր մեջքը, ուսերն ամբողջ ուժով շարժման մեջ էին։ Շատ երկար լռություն տիրեց։ — Ձիու ռունգը կտրված է,— շնչակտուր ասաց նա շատ հետո։ Գլուխս հենեցի նրա գլխին։ Միմյանց հպված դեմքերով՝ երկար նայեցինք ձիու ռունգերին։ Մի պահ ոչ միայն ձիու ռունգերի կտրված լինելը, այլև վարպետ Օսմանի տեսողության խնդիրն էլ տխրությամբ նկատեցի։ — Տեսնում եք, չէ՞։ — Շատ քիչ,— ասաց նա։– նկարը դու պատմիր։ — Կարծում եմ, որ սա տխուր հարս է,— տխուր ասացի ես։– նստել է կտրված ռունգերով դարչնագույն ձի, օտար պահապանների և ուղեկցորդների հետ գնում է հարսնացուն։ Տղամարդկանց դեմքի խիստ արտահայտությունը, վախեցնող սև մորուքները, կիտած հոնքերը, հաստ բեղերը, հաստ ոսկորները, նուրբ կտորից պարզ թիկնոցները, նուրբ կոշիկները, արջի մորթուց փափախները, կացիններն ու թրերը Մավերաուննեհիրի Աքքոյունլու թուրքմեններին պատկանելն է ցույց տալիս։ Գիշերվա լապտերների և ջահերի լույսի տակ ծառայի հետ ճամփորդելն էլ հուշում էր, որ հարսնացուին երկար ճանապարհ էր սպասում։ Նա գուցե տխուր չինացի արքայադուստր է։ — Կամ էլ հարսնացուի գեղեցկության անթերիությունը շեշտելու համար նկարիչը չինացիների պես դեմքին ճերմակ ներկ է քսել, աչքերն էլ չինացիների աչքերի պես շեղ է նկարել, այդ պատճառով ենք նրան չինացի համարում,— ասաց վարպետ Օսմանը։ — Ով էլ որ լինի, տափաստանի միջով կեսգիշերին խիստ հայացքով օտար պահապանների ուղեկցությամբ մի օտար երկիր, անծանոթ ամուսնու մոտ գնացող այս տխուր հարսնացուին խղճում եմ,— ասացի ես։– Նրա հեծած ձիու կտրված ռունգից ինչպե՞ս ենք հասկանալու, թե նկարիչն ով է,— անմիջապես հարցրի ես։ — Թերթի՛ր այս հատորի էջերը և ասա, թե ինչ ես տեսնում,— ասաց վարպետ Օսմանը։ Այժմ մեզ հետ էր նաև գաճաճը, որ նստել էր գիշերանոթին, երբ ես գիրքը վազելով տանում էի վարպետ Օսմանին. էջերին երեքով էինք նայում։ Մեր տխուր հարսնացուի ոճով նկարված գեղեցիկ չինացի աղջիկներ տեսանք, մի այգում հավաքված՝ տարօրինակ ուդ էին նվագում։ Չինական տներ, երկար ճամփորդությունների ելած տխուր քարավաններ, տափաստանի ծառեր, հին հուշերի պես գեղեցիկ տափաստանային տեսարաններ տեսանք, չինական ոճով գալարուն ծառեր, ամբողջ ուժով բացված գարնանային ծաղիկներ, ճյուղերի վրա ուրախ սոխակներ տեսանք, Խորասանի ոճով վրանների տակ նստած՝ բանաստեղծությունից, գինուց և սիրուց խոսող արքայազններ, հիանալի այգիներ, ձեռքերին թառած հեքիաթային բազեներով, հիանալի ձիերի վրա ուղիղ նստած, որսի գնացող գեղեցկադեմ բեյեր տեսանք։ Հետո էջերի արանքով կարծես սատանա անցավ, և զգացինք, որ նկարում երևացող չարությունը իմաստության է վերածվում։ Վիշապին հսկայական գավազանով սպանող հերոս արքայազնի շարժումին ծաղրական մի բան ավելացրե՞լ էր նկարիչը։ Շեյխի առաջ նրանից բուժում ակնկալող խեղճ գյուղացիների աղքատությունից հաճույք ստացե՞լ էր։ Զուգավորվելիս միմյանցից բաժանվել չկարողացող խեղճ շների տխուր աչքերը նկարելի՞ս էր ավելի հաճույք ստանում, թե՞ նրանց նայելով՝ ծիծաղող կանանց բաց բերաններին սատանայական կարմիր ներկ քսելիս։ Հետո նաև տեսանք նկարչի սատանաներին, հերաթցի հին վարպետների, «Շահնամեի» նկարիչների բազմիցս նկարած ջիներին ու դևերին Էին նման այս տարօրինակ արարածները, բայց նկարչի կատակասեր տաղանդը նրանց ավելի վատ, ավելի ագրեսիվ և մարդանման էր դարձրել, մարդու ուրվագծերով, բայց հսկայական մարմնով, ցից պոզերով, կատվի պոչով սարսափելի սատանաներ տեսանք։ Մինչ ես շրջում էի էջերը, հաստ հոնքերով, լայն դեմքով, մեծ աչքերով, սուր ատամներով, սուր եղունգներով և մուգ մաշկով ծերերի պես գալարվող մերկ սատանաներն իրար հետ կռվելով, մի հսկա ձի գողանալով, աստվածներին զոհաբերելու համար ցատկռտելով, պարելով, ծառերը կտրելով, գեղեցիկ սուլթանների կառքերը վերցնելով՝ սկսեցին գանձարանը թալանել։ Տարբեր նկարիչների գրչին պատկանող հատորում սատանաներին նկարող Սև Մատիտի մազերը խառնված էին, տեսքը թափթփված էր, երկաթե շղթաներով էր շղթայված, ձեռքերին մահակներով Քալենդերի դերվիշներին նկարելու մասին պատմելիս վարպետ Օսմանը նմանությունները մեկ առ մեկ կրկնեց, հետո ուշադրությամբ ինձ լսեց։ — Ավելի լավ շնչելու և ավելի լավ վազելու համար ձիերի քիթը կտրելը հարյուրավոր տարիների մոնղոլական ավանդույթ է,— ասաց նա հետո։– Ձիերով ամբողջ արաբական, իրանյան և չինական երկրներ գրաված Հյուլագու խանի բանակները Բաղդադ մտնելով՝ ամբողջ քաղաքի ժողովրդին սպանելով, թալանելով՝ բոլոր գրքերը Տիգրիս նետեցին, հայտնի գրիչ և հետո նկարիչ Իբնի Շաքիրը քաղաքից ու ջարդից փախչելու համար, ինչպես բոլորն են անում, ոչ թե հարավ, այլ, ինչպես հայտնի է, մոնղոլ ձիավորներին պատկանող հյուսիս գնաց։ Այդ ժամանակ, քանի որ Ղուրանն արգելում է, գրքերում նկարներ չէին անում, նկարիչներին էլ լուրջ չէին ընդունում։ Մեր մասնագիտության ամենամեծ գաղտնիքի՝ աշխարհը մինարեթից տեսնելու, հորիզոնի գծի գաղտնի կամ բացահայտ, անընդհատ գոյությունը և ամպերից մինչև միջատներ ամեն ինչ չինացիների տեսածի պես գալարուն, կենդանի և գեղեցիկ գույներով նկարելու համար պարտական ենք մեր առաջնորդ, մեր վարպետ Իբնի Շաքիրի՝ մոնղոլական բանակներին սիրաշահելու համար կատարած այդ երկար լեգենդար արշավանքի ընթացքում հյուսիս գնալու համար ձիերի ռունգերին նայելուն։ Բայց չնայած դժվարություններին՝ քայլելով մի տարվա մեջ հասավ Սամարղանդ։ Այնտեղ նկարելիս, որքանով որ ես եմ տեսել, ոչ մեկի քիթը կտրված չէր։ Որովհետև երազային կատարյալ ձիերը իր հասուն տարիքում հանդիպած ուժեղ, հաղթական մոնղոլական ձիերը չէին, տխրությամբ անցյալում թողած երջանիկ երիտասարդության նուրբ արաբական ձիերն էին։ Այդ պատճառով փեսայի գրքի համար նկարված ձիու տարօրինակ քիթը ինձ ոչ մոնղոլական ձիերին, ոչ էլ մոնղոլների՝ Խորասանում, Սամարղանդում տարածված այս ավանդույթր չհիշեցրեց։ Վարպետ Օսմանը երբեմն գրքին, երբեմն էլ ինձ նայելով էր պատմում, բայց ոչ թե մեզ, այլ իր երազանքներն էր կարծես տեսնում։ — Ձիերի ռունգերը կիսելուց և չինական նկարից բացի Իրանում և մոնղոլական բանակների պատճառով այստեղ հասած մեկ այլ բան կա՝ այս գրքի սատանաները։ Հավանաբար լսել եք, որ նրանք ստորգետնյա մութ ուժերի բերած վատության դեսպաններն են, մեզ՝ մարդկանց կյանքը և մեր գնահատած բաները վերցնելով՝ փախչում են, մեզ մթության և մահվան ստորգետնյա աշխարհն են ուզում տանել։ Այս ստորգետնյա աշխարհում ամեն բան՝ ամպերը, ծառերը, իրերը, շները, գրքերը հոգի ունեն և խոսում են։ — Այո՛,— ասաց ծեր գաճաճը,– Աստված վկա, ներսում փակվածս որոշ գիշերներում ոչ թե այս միայնակ ժամերի, չինական ափսեների, անընդհատ ցնգացող բյուրեղյա թասերի, այլ այդ բոլոր հրացանների և թրերի, զրահների և արյունոտ սաղավարտների հոգիներն անհանգստանալով՝ այնպես են սկսում խոսել, որ մթության մեջ գանձարանի սենյակը վերածվում է բազմամարդ պատերազմի դաշտի։ — Այս հավատը Խորասանից Իրան, հետո էլ մինչև մեր Ստամբուլ բերեց Քալենդարի դերվիշներին, որոնց նկարը տեսաք,— ասաց վարպետ Օսմանը։– Յավուզ սուլթան Սելիմը շահ Իսմայիլին հաղթելով՝ Թավրիզը և Հեշթ Բեհիշթ պալատը թալանելիս Թեմուրի տոհմից սերող Բեդիուզգաման Միրզան շահ Իսմայիլին դավաճանեց և Քալենդերի դերվիշների հետ միացավ օսմանցիներին։ Ձմռանը Թավրիզից Ստամբուլ վերադարձող լուսահոգի Յավուզ սուլթան Սելիմի, Չալդըրանում պարտության մատնված շահ Իսմայիլի սպիտակ մաշկով, շեղ, նշաձև աչքերով երկու գեղեցիկ կանանց նկարներից բացի Թավրիզի հին տերերին մոնղոլներից, իլհանցիներից, ջելայիցիներից, քարաքոյունլուներից մնացած և պարտված շահի՝ ուզբեկներից, իրանցիներից, թուրքմեններից, թեմուրցիներից թալանվելուց հետո Թավրիզի Հեշթ Բեհիշթ պալատի գրադարանում թաքցրած բոլոր գրքերը կային։ Մինչև մեր սուլթանն ու գանձապետն ինձ այստեղից հանեն, այս գրքերն եմ նայելու։ Բայց հայացքն արդեն կույրերի պես անորոշ էր. սադափե պոչով խոշորացույցը ձեռքին ոչ թե տեսնելու, այլ սովորության համաձայն էր պահում։ Մի քիչ լռեցինք։ Վարպետ Օսմանն ամբողջ պատմությունը տխուր հեքիաթի պես լսող գաճաճին ասաց, որ մանրամասն նկարագրած գիրքը կրկին գտնի և բերի։ Երբ գաճաճը գնաց, միամտորեն հարցրի վարպետիս. — Այդ դեպքում փեսայիս գրքի ձիու նկարն ո՞վ է արել։ — Երկու ձիերի ռունգերն էլ կտրված են,— ասաց նա։– Բայց թե՛ Սամարղանդում, թե՛, ինչպես ասացի, Մավերաուննեհիրում, այս ձին չինական ոճով է նկարվել։ Իսկ Էնիշթեի գրքի գեղեցիկ ձին հերաթցի վարպետների հիանալի ձիերի պես իրանական ոճով էր նկարվել։ Դա նուրբ ձի էր, որի նմանն այս աշխարհում դժվար է գտնելը։ Այն նկարչի ձի է, ոչ թե մոնղոլական ձի։ — Բայց ռունգերն իսկական մոնղոլական ձիու նման կտրված են։ — Որովհետև ակնհայտ է, որ մոնղոլներից հետո Թեմուրի և որդիների իշխանության տակ երկու հարյուր տարի առաջ Հերաթում նկարող հին վարպետներից մեկը ձիու նկար անելիս կա՛մ տեսած և հիշած մոնղոլական ձիերից, կա՛մ այս ձիերին կտրված քթերով նկարած մեկ այլ նկարչի նկարից տպավորվելով՝ նրբորեն կտրված ռունգերով հիանալի ձիու նկար էր արել։ Ո՞ր շահի համար էր նկարվել, ո՞ր գրքի որ էջին էր՝ ոչ ոք չգիտեր։ Բայց վստահ եմ, որ այդ գիրքը և նկարը մի պալատում, ով գիտի, գուցե շահի հարեմի սիրելի կանանցից մեկի հավանությանն է արժանացել, գովաբանում են և լեգենդ դարձնում։ Քանի որ այդպես է, բոլոր սովորական նկարիչների՝ կտրված ռունգերով այս ձիուն նախանձելով, վատաբանելով կրկնօրինակելուն վստահ եմ։ Այսպիսով, այս հիանալի ձին և կտրված ռունգերը տպավորվում են արվեստանոցի նկարիչների հիշողության մեջ և անգիր են արվում։ Տարիներ անց այս նկարիչները, որոնց տերերը պատերազմներում պարտություն կրելով՝ այլ հարեմներ գնացող տխուր կանանց պես իրենց նոր շահեր, արքայազններ գտնելով, քաղաքներ և երկրներ փոխելով՝ իրենց հիշողությունների ձիերի նրբորեն կտրված ռունգերն էլ իրենց հետ են տարել։ Շատ նկարիչների հիշողության մի անկյունում մնացած այս կտրված ռունգերը այլ արվեստանոցում այլ ոճով և այլ վարպետների պատճառով ընդհանրապես չնկարվելով՝ հավանաբար մոռացվել են։ Բայց որոշ նկարիչներ էլ նոր արվեստանոցներում նրբորեն կտրված ռունգերով ձիերով չեն սահմանափակվել, «հին վարպետներն այսպես Էին անում» ասելով նաև սա սովորեցրել են իրենց գեղեցկադեմ աշակերտներին։ Այսպիսով, մոնղոլների և կտրված քթով ձիերի՝ Իրանից և Արաբիստանից հեռանալուց, ավերված ու թալանված քաղաքներում նոր կյանքից հարյուրամյակներ հետո անգամ որոշ նկարիչներ հավատալով, որ դա կաղապար է, շարունակել են ձիերին կտրված ռունգերով նկարել։ Ոմանք էլ չիմանալով, մոնղոլ նվաճող ձիավորներից էլ, ձիերի կտրված ռունգերից էլ անտեղյակ՝ «սա կաղապար է» ասելով՝ ձիերը մեր նկարիչների պես են նկարել, վստահ եմ։ — Վարպետ,— ասացի ես հիացմունքի զգացողությամբ։– Ծառայի ոճը, իսկապես, ինչպես հույս ունեիք, տվեց իր արդյունքները։ Յուրաքանչյուր նկարիչ իր գաղտնի ստորագրությունն ունի։ — Ոչ թե յուրաքանչյուր նկարիչ, այլ արվեստանոց,— հպարտությամբ ասաց նա։– Անգամ ամեն արվեստանոց չունի։ Որոշ դժբախտ արվեստանոցներում, ինչպես որոշ դժբախտ ընտանիքներում, տարիներ շարունակ ամեն մեկը մի բան է ասել, և ոչ ոք չի հասկացել, որ երջանկությունը կապված է ներդաշնակության հետ, իսկ ներդաշնակությունն ինքնին երջանկությունն է։ Որոշ չինացիների պես որոշ թուրքմեններ, որոշ շիրազցիների, որոշ մոնդոլների նման են աշխատում նկարել և տարիներով վիճող դժբախտ ամուսինների պես անգամ ընդհանուր ոճ չեն ունենում։ Հիմա դեմքին միայն հպարտություն էր երևում, երկար ժամանակ նրա դեմքին տեսածս «դժբախտ, տխուր ծերունի» արտահայտության փոխարեն ամբողջ ուժը հավաքել ցանկացող համառ մարդու զայրացած հայացք էր ստացել։ — Վարպետ,— ասացի։– Դուք այստեղ Ստամբուլում, աշխարհի չորս կողմից տարբեր բնավորությամբ, տարբեր տեսակի նկարիչների քսան տարում այնպիսի ներդաշնակության մեջ միավորեցիք, որ ստեղծեցիք օսմանյան ոճ։ Քիչ առաջ ամբողջ սրտով զգացածս հիացմունքը այժմ նրա երեսին ասելիս ինչո՞ւ էի ինձ կեղծավոր զգում։ Մեկին, ում տաղանդի և վարպետության հանդեպ անկեղծ հիացմունք ենք զգում, նրան գովաբանելիս անկեղծ լինելու համար նրա իշխանության առաջ մի քիչ խե՞ղճ պետք է երևանք։ — Ո՞ւր մնաց այդ գաճաճը,— ասաց նա։ Շողոքորթությունից և գովասանքից հաճույք ստացող, բայց ավելի շատ հաճույք ստանալու անհրաժեշտությունը հիշող, մեծ ուժի տեր մարդկանց պես ասաց։ Կարծես ցանկանում էր փոխել թեման։ — Չնայած իրանյան լեգենդների և ոճերի մեծ վարպետ լինելուն՝ օսմանյան վեհությանը և ուժին արժանի այլ նկարչական կյանքի աշխարհ ստեղծեցիք,— շշնջացի ես։– նկարչության օսմանյան թրի ուժը, հաղթանակի գեղեցիկ գույները, իրերի և գործիքների հետաքրքրության ուշադրությունը և ապրելու հանգստության ազատությունը դուք բերեցիք։ Վարպետ, իմ կյանքի ամենամեծ պատիվը ձեզ հետ այստեղ լեգենդար հին վարպետների հրաշքերին նայելով... Այս ոճով երկար շշնջացի։ Գանձարանի սենյակի՝ լքված ռազմադաշտի նման տակնուվրա վիճակը և ցուրտ մթության մեջ մեր մարմինների մտերմությունն իմ շշնջոցին մտերմիկ ոճ էր տալիս։ Ավելի ուշ, ինչպես որոշ կույր մարդկանց մոտ, որոնց դեմքի արտահայտությունը չի փոխվում, վարպետ Օսմանի աչքերում հաճույքին տրված ծերունու հայացք երևաց։ Երբեմն անկեղծ զգալով՝ երբեմն էլ կույրերի հանդեպ զգացածս անկեղծ զզվանքից դողալով՝ երկար գովեցի վարպետին։ Սառը մատներով բռնեց ձեռքս, շոյեց թևերս, հպվեց դեմքիս։ Մատներից ինձ նրա ուժն ու ծերությունն անցան ասես։ Մտածեցի տանն ինձ սպասող Շեքուրեի մասին։ Անշարժ նստեցինք. մեր առաջ բաց էջերն Էին։ Ասես իմ գովեստներն ու իր հանդեպ հիացմունքը և խղճահարությունը մեզ հոգնեցրել էին և հանգստանում էինք։ Ասես ամաչում էինք միմյանցից։ — Գաճա՞ճը ուր մնաց,— կրկին հարցրեց նա։ Վստահ էի, որ խորամանկ գաճաճը մի անկյունից մեզ էր հետևում։ Ասես հայացքով նրան փնտրելով՝ ուսերս թոթվեցի, բայց համակ ուշադրությամբ աչքերս հառեցի վարպետ Օսմանի աչքերին։ Կո՞ւյր էր, թե ուզում էր բոլորին, ինչպես և իրեն, հավատացնել, որ կույր է։ Շիրազի անընդունակ և անտաղանդ որոշ հին վարպետներ ծեր տարիքում, որպեսզի իրենց հանդեպ հարգանք տածեն և անհաջողությունները չբացահայտվեն, ցույց են տալիս, որ կույր են։ — Ուզում եմ մահանալ,— ասաց նա։ — Մե՛ծ վարպետ,— շողոքորթեցի ես։— Ոչ թե նկարչության, այլ նրա միջոցով վաստակած գումարի մասին հին վարպետների փոխարեն ֆրանսիացի կրկնօրինակողներին գնահատողների այս վատ ժամանակներում ձեր ասածն այնքան լավ եմ հասկանում, որ ցանկանում եմ արտասվել։ Բայց ձեր վարպետ նկարիչներին թշնամիներից պաշտպանելն էլ է ձեր պարտականությունը։ Ասացեք, խնդրեմ, ծառայի ոճից ի՞նչ եզրակացության եկաք։ Ո՞վ է նկարել այդ ձին։ — Զեյթինը։ Այնպես ասաց, որ զարմացել էի։ Մի քիչ լռեց։ — Բայց վստահ եմ, որ Զեյթինը ո՛չ փեսայիդ, ո՛չ էլ Զարիֆ էֆենդուն չի սպանել,— հանգիստ ասաց նա։— Գիտեմ, որ ձին Զեյթինն է նկարել, որովհետև նա հին վարպետներին ամենաշատն է կապված, Հերաթի լեգենդներն ու ոճերն ամենամոտը և անգիր նա գիտի, վարպետների տոհմածառի՝ մինչև Սամարղանդ հասնելուց եմ հասկանում։ Գիտեի, որ չի հարցնի՝ Զեյթինի՝ տարիներ շարունակ նկարած մյուս ձիերի ռունգերն ինչո՞ւ այսպիսին չէին։ Ասացի, որ չնայած մի մանրամասնի, մի թռչնի թևի, մի ծառի տերևի, վարպետից մինչև աշակերտ սերնդեսերունդ իր հիշողության մեջ թաքնված լինելուն՝ նկարիչ վարպետի բարդ բնավորությունը և խստությունը արվեստանոցի ու սուլթանի հաճույքի և ցանկության պատճառով ընդհանրապես ի հայտ չի եկել։ Ուրեմն սիրելի Զեյթինի՝ մանկության տարիներին իրանյան վարպետներից սովորած և չմոռացած ձին սա է։ Այս ձին հիմար Էնիշթեի գրքի պատճառով էր ի հայտ եկել, և Աստծու դաժան խաղն էր դարձել ինձ համար։ Հերաթի հին վարպետների համար բոլորս բավականաչափ օրինակ չե՞նք ծառայել։ Ինչպես թուրքմեն նկարիչն է երազում գեղեցիկ կնոջ դեմքի մասին, մենք էլ կնոջը միայն չինացու տեսքով նկարելով՝ հերաթցի հին նկարիչների հրաշքների մասին չե՞նք մտածում։ Բոլորս հերաթցի հին վարպետների երկրպագուն ենք։ Բոլոր մեծ նկարիչների թիկունքում Բեհզադի Հերաթր, Հերաթի ետևում էլ մոնղոլական ձիեր և չինացիներ կան։ Հերաթի լեգենդներին այդքան կապված Զեյթինը հին ոճերով իրենից էլ ավելի, անգամ կուրորեն սիրած խեղճ Զարիֆ էֆենդուն ինչո՞ւ պետք է սպաներ։ — Ո՞վ,— ասացի ես։— Քելեբե՞քը։ — Լեյլեքը,— ասաց նա։— Սա էլ է ինձ սիրտս հուշում, որովհետև գիտեմ նրա զայրույթը, ագահ աշխատասիրությունը։ Լսիր, խեղճ Զարիֆ էֆենդին մեծ հավանականությամբ հասկացել էր, որ Եվրոպական ոճը կրկնօրինակող Էնիշթեի գրքում անհավատություն, անշնորհքություն կա և վախեցել էր։ Մի կողմից՝ այդ հիմար էրզրումցի քարոզչի խոսքերին ականջ դնելու չափ կոպիտ լինելու պատճառով (գրիչ վարպետները, ովքեր Աստծուն նկարիչներից էլ ավելի մոտ են, ինչ ափսոս, որ ձանձրալի և հիմար են լինում), մյուս կողմից էլ՝ որովհետև գիտեր քո հիմար փեսայի գրքի՝ սուլթանի գաղտնի և մեծ գործը լինելու մասին։ Նրա սարսափները և կասկածները հակասել են միմյանց, սուլթանի՞ն հավատալ, թե՞ էրզրումցի քարոզչին։ Հինգ մատիս պես ճանաչածս խեղճ երեխաս ներսից կրծող խնդիրը, ինչպես նախկինում, կգար ինձ՝ իր վարպետին կպատմեր։ Բայց ֆրանսիացի կրկնօրինակողի՝ Էնիշթեի գրքի համար գրություն գրելու, ինձ, մեր արվեստանոցին դավաճանելու պատճառով հիմար ուղեղով մեկ ուրիշին կանչեց և նրա տաղանդով, նրա խելքով ու բարոյականությամբ հիանալու պատճառով խորամանկ և զայրացած Լեյլեքին պատմեց իր խնդիրը։ Լեյլեքի՝ այս հիացմունքից օգտվելով, Զարիֆ էֆենդուն օգտագործելը շատ եմ տեսել։ Նրանց միջև ինչպիսի վեճ է եղել՝ չգիտեմ, բայց Լեյլեքն է նրան սպանել։ Քանի որ Զարիֆ էֆենդին իր վախի մասին ավելի շուտ էրզրումցիներին էլ է պատմել, նրանք էլ վրեժով իրենց ուժը ցույց տալու համար ընկերների մահվան պատասխանատվությունր գցեցին քո եվրոպական ոճի երկրպագու փեսայի վրա և նրան սպանեցին։ Չեմ կարող ասել, որ դա ինձ տխրեցրել է։ Տարիներ առաջ փեսադ մեր սուլթանին խաբելով՝ մի վենետիկցի նկարչի պես (անունը Սեբաստիո էր) մեր սուլթանի նկարը անհավատների թագավորի նկարի նման եվրոպական ոճով նկարեց, հետո այդ խայտառակ նկարը իմ առաջ որպես օրինակ դնելով՝ ինձ ստիպեց նույնը նկարել, տգեղ ու վիրավորական մի բան անել, և ես էլ անհավատների ոճով արված այդ նկարը մեր սուլթանի վախից ստորաբար կրկնօրինակեցի։ Եթե չանեի, գուցե Էնիշթեի մահվան համար կտխրեի, այսօր ամեն ինչ կանեի, որ նրան սպանած ստորը բռնվի։ Բայց ես ոչ թե Էնիշթեի, այլ իմ արվեստանոցի մահվան մասին եմ մտածում։ Քո փեսայի պատճառով երեխաներիս պես սիրածս, քսանհինգ տարի փայփայած, մեծացրածս վարպետ նկարիչներն էլ ինձ և մեր բոլոր նկարչական ավանդույթներին դավաճանեցին, և մեր սուլթանն արդեն այդպես է ուզում ասելով՝ եվրոպական նկարիչներին սկսեցին հաճույքով կրկնօրինակել։ Այս բոլոր անպատիվներն արժանի են տանջանքների։ Մենք՝ նկարիչներս, եթե նախևառաջ ոչ թե մեզ աշխատանք տվող սուլթանի, այլ մեր տաղանդի և արվեստի ծառան լինենք, արժանի կլինենք ճանապարհվելու դրախտ։ Այժմ միայն ուզում եմ նայել գրքին։ Պարտության համար պատասխանատվություն կրող մի հոգնած փաշայի՝ մահապատժի դատապարտվելուց առաջ հայտնած վերջին ցանկության պես տխուր հնչեց այս խոսքը։ Բացեց գաճաճի առաջ դրած գրքի էջերը և կշտամբող ձայնով իր ուզած էջը գտնելու համար սկսեց նրան հրամաններ տալ։ Այս մեղադրական ձայնը նրան անմիջապես վերադարձրեց ամբողջ արվեստանոցի՝ մեզ հայտի գլխավոր նկարչի կերպարին։ Հեռացա և մարգարիտներով զարդարված բարձերի, թանկարժեք քարերով զարդարված կոթերով ժանգոտած հրացանների ու պահարանների արանքով անցնելով, մի անկյուն քաշվելով՝ հեռվից հետևեցի վարպետ Օսմանին։ Նրան լսելիս ինձ կրծող կասկածն այժմ ավելի ուժգին էր. խեղճ Զարիֆ էֆենդուն և ավելի ուշ՝ փեսայիս մեր սուլթանի եվրոպական ոճով գրքի աշխատանքները խոչընդոտելու համար սպանելն այժմ ինձ լրիվ տրամաբանական էր թվում։ Վարպետ Օսմանի հանդեպ քիչ առաջ զգացածս հիացմունքի պատճառով մի պահ ինձ մեղադրեցի։ Մյուս կողմից էլ՝ ամբողջությամբ իր առաջ դրված նկարին նվիրված, կույր, թե կիսակույր, իր դիմաց դրված նկարին կարծես ծեր դեմքի բոլոր կնճիռներով հետևող այս մեծ վարպետի հանդեպ ակամա խոր հարգանք էլ էի զգում։ Հասկացա, որ արվեստանոցի հին ոճը և կարգը պաշտպանելու, փեսայիս գրքի փրկվելու, կրկին սուլթանի սիրելին դառնալու համար ոչ միայն վարպետ նկարիչներից ցանկացածին, այլև ինձ էլ Բոսթանջըբաշըի տանջանքներին առանց տատանվելու կհանձներ։ Նրա հանդեպ երկու օր զգացածս սիրուց ազատվելու համար երկար աշխատեցրի երևակայությունս։ Շատ ժամանակ էր անցել, և մտքերս խառնվել էին։ Միայն իմ ներսի սատանաներին հանգստացնելու, անորոշության ջիների ուշադրությունը ցրելու համար սնդուկներից հանած հատորների նկարած էջերին երկար նայեցի։ Որքան մարդ, կին, տղամարդ էր մատը դրել բերանը։ Որպես հիացմունքի նշան վերջին երկու հարյուր տարում Սամարղանդից Բաղդադ բոլոր արվեստանոցներում այս շարժումն էր օգտագործվել, երբ թշնամիների կողմից շրջապատված հերոս Քեյհուսրեվը Ջեյհուն գետով սև ձիու թամբին նստած և Աստծու օգնությամբ ողջ-առողջ անցնում է, նրան իր լաստի վրա տեղ չտվող ստոր լաստավարը և նրա թիավարը մատը հիացմունքով բերանն են դնում։ Մուգ արծաթե ջրերով լճում լողացող լուսե մաշկով Շիրինի գեղեցկությունն առաջինը տեսնող Խոսրովը մատը հիացմունքից բերանն է դնում։ Իսկ այն նկարները, որոնց ավելի մեծ ուշադրությամբ երկար նայեցի, պալատի կիսաբաց դռների մեջ, ամրոցի աշտարակների անհասանելի պատուհաններում, վարագույրների ետևից երևացող հարեմի գեղեցիկ կանանց բերանները դրած մատներն էին ցույց տալիս. Իրանի բանակին պարտված, թագը կորցրած Թեժայի պատերազմի դաշտից փախչելիս պալատի հարեմի պատուհանից գեղեցկուհի, սուլթանի սիրելի Էսփինույը տխրությամբ և հիացմունքով մատը բերանը դրած նրան էր հետևում և աչքերով աղաչում էր՝ ինձ մի հանձնիր թշնամուն։ Բռնաբարության հերյուրանքով բանտարկված Հովսեփին երբ խուց էին տանում, պատուհանի մոտ կանգնած հերյուրանքներ տարածող Զուլեյհան մատը ոչ այնքան զարմանքով, սատանայությամբ և ցանկասիրությամբ գեղեցիկ բերանի մեջ է առնում։ Մի գազելից ելած երջանիկ, բայց տխուր սիրահարների՝ դրախտային պարտեզում սիրո և գինու ուժով տարվելիս՝ վատ նպատակներ ունեցող ծառան մատը ոչ այնքան հիացմունքից, որքան նախանձից կարմիր բերանն էր դրել, նրանց էր հետևում։ Չնայած այս շարժումը բոլոր նկարիչների համար կաղապար էր դարձել՝ գեղեցիկ կինն իր երկար մատներն ամեն անգամ մի այլ նրբությամբ էր դնում բերանը։ Այս նկարներին նայելը որքանո՞վ էր մխիթարում։ Երբ սկսեց մութն ընկնել, վարպետ Օսմանի մոտ գնացի և ասացի. — Վարպետ, ձեր թույլտվությամբ, երբ դուռը բացեն, ես լքելու եմ գանձարանը։ — Ինչո՞ւ,— ասաց նա։— Դեռ մի գիշեր և մի առավոտ ունենք։ Աչքերդ ինչ արագ են հագեցել աշխարհի ամենագեղեցիկ նկարներին նայելուց։ Խոսելիս դեմքը իր առաջ դրված էջից չկտրեց, բայց բիբերի գույնի մեջ երևացող գունատությունը ցույց էր տալիս, որ դանդաղ կուրանում է։ — Ձիու ռունգերի գաղտնիքն իմացանք,— ասացի ես խիզախորեն։ — Հա՛,— ասաց նա։– Այո՛, արդեն մնացածը մեր սուլթանի և գանձապետի գործն է։ Գուցեև բոլորիս կների։ Նրանց Լեյլեքի՞ անուն էր տալու, որպես մարդասպան։ Վախից անգամ չհարցրի, որովհետև վախենում էի, որ ինձ դուրս չի թողնի։ Ավելի վատ՝ երբեմն հավատում էի, որ ինձ երբեմն մեղադրում է։ — Բեհզադի ասեղը, որով իրեն կուրացրել է, կորել է,— ասաց նա։ — Հավանաբար գաճաճն է տեղը դրել,— ասացի ես։– Այս էջը որքա՜ն գեղեցիկ է։ Դեմքը երեխայի դեմքի պես փայլեց, ժպտաց։ — Խոսրովի՝ ձիով գիշերը Շիրինի տան մոտ գալով՝ նրան սիրուց այրվելով՝ սպասելը,— ասաց նա։— Հերաթի հին վարպետների ոճով։ Այժմ նկարին այնպես էր նայում, ասես տեսնում էր, բայց խոշորացույցն անգամ ձեռքին չէր։ — Գիշերվա մթության մեջ ծառերի տերևների, գարնան ծաղիկների և աստղերի տեսարանը, կարծես լուսավորվելով ցույց տված գեղեցկությունը, պատի նախշերի համեստ համբերությունը, ոսկե նախշի օգտագործման նրբությունր, ամբողջ նկարի նուրբ հավասարակշռությունը տեսնո՞ւմ ես։ Գեղեցկադեմ Խոսրովի ձին կնոջ պես գեղեցիկ է և նուրբ։ Վերևի պատուհանի մոտ նրա սիրելին՝ Շիրինը, խոնարհ է, բայց՝ հպարտ։ Կարծես նկարչության սիրով նկարի նուրբ գույներից, կտավից, կաշվից ցայտող գույների մեջ սիրահարներն այստեղ հավերժ կանգնած են մնալու։ Տեսնո՞ւմ ես, նրանք իրար են նայում, բայց նրանց մարմինների մի կեսը շրջված է դեպի մեզ։ Որովհետև գիտեն, որ մի նկարի մեջ են, գիտեն, որ իրենց ենք նայում։ Այդ պատճառով չեն փորձում նմանվել նրան, ինչ մենք միշտ տեսնում ենք։ ճիշտ հակառակը՝ ցույց են տալիս, որ Աստծու հուշերից են ելել։ Այդ պատճառով այնտեղ այդ նկարի մեջ, ժամանակը կանգ է առել։ Նկարով պատմված պատմությունը որքան էլ արագ լինի, նրանք լավ դաստիարակված ամաչկոտ ու քաղաքավարի երիտասարդ աղջիկների պես ձեռքերի, թևերի, նուրբ մարմինների, անգամ աչքերի չափազանցված ոչ մի շարժում չանելով՝ ընդմիշտ կանգնելու են։ Նրանց հետ մեկտեղ լաջվարդ գիշերվա մեջ ամեն բան սառելու է. երկնքի թռչունը միշտ մթության, աստղերի մեջ, սիրելիների արագ բաբախող սրտերի պես անհանգստացած թռչում է, և այնտեղ, այդ աննման թռիչքի մեջ, երկնքում խաչվածի պես ընդմիշտ կանգնելու են։ Աչքերի առաջ Աստծու թավշե մթության՝ վարագույրի պես իջնելն իմացող հերաթցի հին վարպետները նաև գիտեն, որ եթե օրեր, շաբաթներ շարունակ առանց շարժվելու այդպես մի նկարի նայելով կուրանան, հոգիներն ի վերջո կխառնվեն նկարի այդ հավերժական ժամանակին։ Երբ երեկոյան էզանի ժամանակ գանձարանի դուռը նույն արարողությամբ և կոպտությամբ բացվեց, վարպետ Օսմանը դեռ համակ ուշադրությամբ նայում էր իր առաջ դրված էջին, երկնքում անշարժ կանգնած թռչունին։ Սակայն բիբերի խունացած գույնը նկատողները հասկացան, որ իր դիմաց դրված հիանալի նկարին տարօրինակ է նայում, ինչպես ափսեին սխալ կողմից մոտեցող որոշ կույրեր։ Քանի որ վարպետ Օսմանը դեռ ներսում էր մնալու, Ջեզմի աղայի՝ դռան մոտ լինելն իմացող գանձարանի խցի տասնապետները ինձ շատ չխուզարկեցին, այդ պատճառով չգտան վարտիքիս մեջ թաքցրածս ասեղը։ Պալատի բակից Ստամբուլի փողոցներ դուրս գալով՝ մի քանի տների արանքը մտա և լեգենդար Բեհզադին կուրացրած սարսափելի իրը վարտիքիցս հանելով՝ դրեցի գոտուս մեջ։ Փողոցներով ասես ոչ թե քայլում էի, այլ վազում։ Գանձարանի սենյակներում այնքան էի մրսել, որ ինձ թվաց, թե քաղաքի փողոցներում վաղահասած գարնանային եղանակ է։ Էսքիհան շուկայի՝ մեկ առ մեկ փակվող նպարավաճառի, վարսավիրի, համեմունք վաճառողի, բանջարավաճառի, փայտ վաճառողների խանութների մոտով անցնելիս դանդաղելով՝ լուսավոր, տաք խանութների ներսի տակառներին, ծածկոցներին, գազարներին, ամաններին ուշադրությամբ նայեցի։ Փեսայիս փողոցը, էլ չեմ ասում «իմ փողոցը», անգամ Շեքուրեի փողոցը չեմ կարողանում ասել դեռ, երկու օրվա դադարից հետո ավելի օտար ու հեռու էր թվում։ Բայց Շեքուրեին ողջ և առողջ հասնելու ուրախությունը, մարդասպանի՝ գտնվելու, այս գիշեր սիրելիիս անկողին մտնելու միտքն ինձ ամբողջ աշխարհին այնպես էր մոտեցնում, որ նռենին և նորոգված փականներով տունը տեսնելուն պես գետի մյուս ափ ձայն տվող հողագործի պես չբղավելու համար ինձ գսպեցի։ Որովհետև ցանկանում էի Շեքուրեին տեսնելուն պես խոսքս այսպես սկսել. — Իմացան, թե ով է անիծյալ մարդասպանը... Բացեցի բակի դուռը։ Դռան ճռռոցից, թե ջրհորի դույլից ջուր խմող ճնճղուկի անամոթությունից, թե տան մթությունից, չգիտեմ, բայց տասներկու տարի մենակ ապրած մարդու գայլային հոտառությամբ անմիջապես հասկացա, որ տանը ոչ ոք չկա։ Երբ մարդ ցավով հասկանում է, որ լրիվ մենակ է մնացել և բոլոր դռները, պահարանները, անգամ կաթսաները մեկ առ մեկ բացում-փակում է։ Այդպես արեցի։ Անգամ սնդուկները բացեցի։ Այս ամբողջ լռության մեջ լսածս միակ բանն արագ բաբախող սրտիս ձայնն էր։ Ալյուրը մաղած, մաղը կախած ծերունու պես ամենահեռու սնդուկի տակ թաքցրածս թուրը հանելով՝ կապելուց հետո մի պահ հանգստացա։ Գրչովս արած այդքան տարվա գործն ինձ ներքին հանգստություն, իսկ փղոսկրից պոչով թուրս հավասարակշռություն (նաև քայլելու հավասարակշռությունն) էին տվել ինձ։ Գրքերը մարդկանց դժբախտությանը մխիթարանք են միայն։ Իջա բակ. ճնճղուկը գնացել էր։ Խորտակվող նավը լքելու պես տունը թողնելով մթության մեջ՝ դուրս եկա։ — Վազի՛ր,― ասում էր ինձ այժմ ինձնից ինքնավստահ սիրտս,― գնա՛, գտիր նրանց։ Վազեցի։ Բայց միևնույն է, մարդաշատ վայրերում, մզկիթի բակերում, որոնք անցա կարճ ճանապարհով, զվարճանալու համար ետևիցս ընկած շները հենց շատանում Էին, քայլերս դանդաղեցնում էի։ == 53. Իմ անունն Էսթեր է == Ընթրիքի համար ոսպով ապուր էի պատրաստում, երբ Նեսիմն ասաց. ― Հյուր ունենք։ Ապուրը խառնելու համար գդալը նրան տվեցի, հետո ծեր ձեռքը բռնելով՝ գդալը երկու անգամ պտտեցրի կաթսայի մեջ։ Որովհետև եթե ցույց չտաս, ժամերով կարող է գդալն ապուրի մեջ բռնած կանգնել։ Դռան մոտ Քարային տեսնելով՝ նրան միայն խղճացի։ Դեմքն այնպիսի արտահայտություն ուներ, որ վախենում էի հարցնել, թե ինչ է պատահել։ — Ներս մի՛ մտիր,— ասացի ես։– Հիմա հագուստս կփոխեմ ու դուրս կգամ։ Ռամազանի զվարճանքների, հարուստ սեղանների, երկարատև հարսանեկան արարողությունների վարդագույն հագուստս հագա, վերցրի տոնական կապոցս։ — Կգամ ապուրս կուտեմ,— ասացի խեղճ Նեսիմին։ Մեր խեղճ հրեական թաղամասից, որի ծխնելույզներից կաթսաների գոլորշու նման դժվարությամբ ծուխ էր ելնում, Քարայի հետ մի փողոց անցնելուն պես ասացի. — Շեքուրեի նախկին ամուսինը վերադարձել է պատերազմից։ Մինչև թաղամասից դուրս գալը Քարան լռեց։ Դեմքը երեկոյի գույնի մեջ մոխրի նման էր։ — Որտե՞ղ են,— հարցրեց նա տևական ժամանակ անց։ Այդպիսով հասկացա, որ Շեքուրեն ու երեխաները տանը չեն։ ― Իրենց տանն են,― ասացի ես։ Քանի որ Շեքուրեի նախկին տունը նկատի ունեի, անմիջապես հասկանալով, որ Քարային վիրավորեցի, երկրորդ բառով փորձեցի նրան հույս տալ. ― Հավանաբա՛ր։ ― Դու տեսե՞լ ես պատերազմից վերադարձած ամուսնուն,― հարցրեց նա՝ նայելով աչքերիս մեջ։ ― Ո՛չ նրան եմ տեսել, ո՛չ էլ տեսել եմ, թե Շեքուրեն ինչպես է լքում տունը։ ― Որտեղի՞ց իմացար, որ լքել են տունը։ ― Քո դեմքի արտահայտությունից։ ― Պատմիր ինձ ամեն ինչ,― վստահ ասաց նա։ Այս Էսթերի աչքը պատուհանից այն կողմ էր, ճանապարհին էր։ Ամուսին երազողների և դժբախտների դուռը հանգիստ թակող Էսթերը միշտ հասկանում էր, թե ինչն է պետք պատմել, ինչը՝ ոչ։ ― Շեքուրեի նախկին ամուսնու եղբայրը՝ Հասանը,― ասացի ես,― ձեր տուն մտնելով (ձեր տուն ասելիս տեսա, թե որքան ուրախացավ), Շևքեթին ասել է, որ հայրը շուտով վերադառնալու է պատերազմից, կեսօրին տուն է հասնելու, տանը մորը, երեխաներին եթե չտեսնի շատ կտխրի։ Շևքեթը լուրը հայտնում է մորը, բայց Շեքուրեն զգուշավոր է վարվում, որոշում չի կայացնում։ Կեսօրին մոտ Շևքեթը տնից փախչելով՝ թաքնվում է հորեղբոր ու պապի մոտ։ ― Դու այդ ամենը որտեղից գիտես։ ― Հասանը վերջին երկու տարում Շեքուրեին իր տուն վերադարձնելու համար ինչ քայլերի է դիմել՝ քեզ չի՞ պատմել Շեքուրեն։ Մի շրջան Հասանն իմ միջոցով Շեքուրեին նամակներ էր ուղարկում։ ― Շեքուրեն նրան պատասխանո՞ւմ էր։ ― Ստամբուլում շատ կանանց եմ ճանաչում,― հպարտ ասացի ես,― բայց Շեքուրեի պես տանը, ամուսնուն, իր պատվին նվիրված կին չեմ տեսել։ ― Բայց հիմա ես եմ նրա ամուսինը։ Ձայնի մեջ միշտ տխրեցնող այդ տղամարդկային անվստահությունը կար։ Շեքուրեն որ կողմ էլ անցնի, հակառակ կողմը փլվում է։ ― Հասանը մի թղթի վրա գրեց, որ Շևքեթը հորը սպասելու համար իր տուն է գնացել, մոր հետ կեղծ ամուսնությամբ ամուսնացած այդ ստախոս ամուսնու՝ նոր հոր պատճառով դժբախտ է և չի ուզում վերադառնալ։ Այդ թուղթը Հասանն ինձ տվեց, որ տամ Շեքուրեին։ ― Շեքուրեն ի՞նչ արեց։ ― Ամբողջ գիշեր խեղճ Օրհանի հետ մեն-մենակ քեզ էր սպասում։ ― Իսկ Հայրիյե՞ն։ ― Հայրիյեն քո գեղեցիկ կնոջը վերացնելու համար քանի տարի է՝ առիթ էր փնտրում։ Այդ պատճառով էր քնում լուսահոգի Էնիշթեի հետ։ Տեսնելով, որ Շեքուրեն գիշերը միայնակ՝ մարդասպանի և ուրվականի վախով է անցկացնում, Հասանն իմ միջոցով մի նամակ էլ ուղարկեց Շեքուրեին։ ― Ի՞նչ էր գրել։ ― Փառք Աստծու, խեղճ Էսթերը գրել֊կարդալ չգիտի, հենց զայրացած պարոնները, նյարդային հայրերը այս հարցը տալիս են, նրանց այսպես եմ ասում․ ես ոչ թե նամակը, այլ նամակը կարդացող գեղեցիկ աղջկա դեմքը կարող եմ միայն կարդալ։ ― Ի՞նչ կարդացիր։ ― Անելանելիություն։ Երկար ժամանակ չխոսեցինք։ Մի փոքրիկ հունական եկեղեցու տանիքին թառած, գիշերվան սպասող բու տեսա։ Հագուստիս և կապոցիս նայելով ծիծաղող թաղամասի փսլնքոտ երեխաներին տեսա։ Մութն ընկնելու պատճառով սոճիներով գերեզմանատնից իրեն քորելով ուրախությամբ դեպի փողոց իջնող քոսոտ շանը տեսա։ ― Դանդաղ գնա,– բղավեցի Քարայի վրա։– Ես քեզ պես չեմ կարող բարձրանալ այս զառիթափով։ Այս կապոցը ձեռքիս՝ ինձ ո՞ւր ես տանում։ ― Հասանի տուն գնալուց առաջ կապոցը բացելու ես, գաղտնի սիրելիների համար ծաղկավոր թաշկինակներ, մետաքսե գոտիներ, արծաթազարդ քսակներ ես վաճառելու քաջ երիտասարդներին։ Այս տխուր վիճակում լավ էր, որ Քարան կարողանում էր դեռ կատակել, բայց անմիջապես տեսա նրա կատակի լուրջ կողմը։ ― Եթե բանակ հավաքելու ես գնում, քեզ Հասասի տուն չեմ տանի,― ասացի ես։– Իմ սիրտը կանգնում է ծեծկռտուքից։ ― Եթե ամեն անգամվա խելացի Էսթերը լինես, ոչ կռիվ կլինի, ոչ էլ ծեծ,― ասաց նա։ Աքսարայն անցնելով՝ դեպի Լանգայի այգիներ տանող ճանապարհը ելանք։ Ցեխոտ ճանապարհի վերջում, ժամանակին ամեն ինչ տեսած թաղամասում Քարան մտավ վարսավիրանոց, որը դեռ բաց էր։ Տեսա, թե ինչպես է մաքուր դեմքով, գեղեցիկ ձեռքերով մի տղայի և լամպի լույսի տակ սափրվող վարպետի հետ խոսում։ Շատ չանցած՝ վարպետը, գեղեցիկ աշակերտը ու ևս երկու հոգի Աքսարայում մեզ միացան։ Ձեռքերին թրեր, կացիններ կային։ ― Քաղաքի մեջ, ցերեկվա ժամին տո՞ւն ենք խուժելու,― ասացի ես։ ― Ցերեկը չէ, գիշերը,― ասաց Քարան կատակելուց գոհ ձայնով։ ― Մի բանակի չափ մարդ հավաքելուդ վրա այդքան վստահ մի՛ եղիր,― ասացի ես,― Այսպիսի զենքերով իսկական զինված բանակի նման ձեր զբոսնելը ենիչերիները կարող են տեսնել։ ― Ոչ ոք չի տեսնի։ ― Երեկ էրզրումցու մարդիկ նախ մի գինետուն, հետո էլ Սադըրքափըի Ջերրահի թեքքե խուժելով՝ բոլորին ծեծել են։ Գլխին փայտով հարված ստացած մի ծեր մարդ մահացել է։ Մթան մեջ կարող են կարծել, որ դուք նրանցից եք։ ― Լուսահոգի Զարիֆ էֆենդու տուն էիր գնացել, շնորհակալ եմ, կնոջ մոտ լղոզված թանաքով այդ ձիերն ես տեսել ու Շեքուրեին լուր տվել։ Զարիֆ էֆենդին այդ էրզրումցի քարոզչի մարդկանց հետ շա՞տ ժամանակ էր անցկացնում։ ― Մտածում էի, որ եթե այդ տանը մի քիչ հարցուփորձ անեմ, Շեքուրեին օգտակար կարող եմ լինել,– ասացի ես։– Առանց այդ էլ այնտեղ Ֆլամենկոյի նավից նոր դուրս եկած կտորեղենը ցույց տալու համար էի գնացել։ Թե չէ իմ խեղճ հրեա խելքը ձեր փորձանքներից ու քաղաքական գործերից բան չի հասկանում։ ― Էսթեր հանըմ, դու շատ խելացի ես։ ― Քանի որ այդպիսին եմ, սա էլ ասեմ քեզ. այս էրզրումցի քարոզչի մարդիկ ավելի կզայրանան, շատերին վնաս կտան, վախեցեք նրանցից։ Չարշըքափըի ետևի փողոց մտնելիս սիրտս վախից սկսեց արագ բաբախել։ Շագանակենու և թթենու մերկ ու թաց ճյուղերը կիսալուսնի գունատ լույսի տակ փայլում էին։ Ջիների և ուրվականների փչած քամին թափահարելով իմ կապոցի եզրերն ու ժապավենները՝ ծառերի վրա սուլելով՝ մեր բազմության հոտը հասցրել էր թաղամասի մշուշի մեջ պառկած շներին։ Երբ նրանցից մի քանիսը սկսեցին հաչել, Քարային ցույց տվեցի տունը։ Մի պահ լուռ նայեցինք մութ տանիքին, փակ պատուհաններին։ Քարան իր մարդկանց տան շուրջը, դատարկ այգում, բակի դռան երկու կողմում ու ետևի թզենու տակ կանգնեցրեց։ ― Այստեղ մի զզվելի թաթար մուրացկան կա,– ասացի ես։– Կույր է, բայց թաղապետից լավ գիտի, թե թաղամաս ով է մտնում ու դուրս գալիս։ Սուլթանի անշնորհք կապիկների պես անընդհատ ձեռնաշարժությամբ է զբաղվում։ Եթե առանց դիպչելու ութ-տասը արծաթադրամ տաք, ամեն բան կասի։ Հեռվից նայեցի, թե Քարան ինչպես է նրան փող տալիս, հետո թուրը հանում ու սեղմում կոկորդին։ Հետո, չգիտեմ ինչպես, վարսավիրի աշակերտը, որ կարծում էի, թե պետք է տունը հսկի, սկսեց կացնի կոթով ծեծել թաթարին։ Կարծեցի, թե ամեն ինչ շուտով կավարտվի, բայց թաթարը սկսեց լաց լինել։ Վազեցի թաթարին պաշտպանելու, քանի դեռ չէր սպանել։ ― Մորս հայհոյեց,― ասաց վարսավիրի աշակերտը։ ― Ասում է՝ Հասանը տանը չէ,― ասաց Քարան։– Այս կույրը ճի՞շտ է խոսում։ Այնտեղ մի նամակ գրելով՝ մեկնեց ինձ։ ― Վերցրու սա, տար տուն, Հասանին կամ նրա հորը տուր,― ասաց նա։ ― Շեքուրեին ոչինչ չե՞ս գրել,― հարցրի նամակը վերցնելիս։ ― Եթե նրան առանձին նամակ ուղարկեմ, այս տան տղամարդկանց ավելի կզայրացնենք,– ասաց Քարան,― նրան ասա, որ հոր ստոր մարդասպանին գտել եմ։ ― Իսկապե՞ս։ ― Դու ասա։ Դեռ արտասվող թաթարին կշտամբելով՝ լռեցրի։ ― Մի՛ մոռացիր, որ քեզ համար եմ անում այս գործը,― ասացի ես և հասկացա, որ պահը երկարացնում եմ այնտեղից չհեռանալու համար։ Ինչո՞ւ էի խառնվում այս գործերին։ Էդիրնեքափըում երկու տարի առաջ մի մանրավաճառ կնոջ էին սպանել, որովհետև նա խոստացված աղջկան ուրիշի հետ էր ամուսնացրել։ Տատիկս ասում էր՝ թուրքերը երբեմն առանց պատճառի մարդ են սպանում։ Մտածեցի, թե հիմա ինչպես է իմ սիրելի Նեսիմը տանը ոսպով ապուր ուտում։ Չնայած ուզում էի տուն գնալ մտածելով Շեքուրեի մասին՝ քայլեցի դեպի նրանց տուն։ Հետաքրքրասիրությունն էլ էր կրծում ներսս։ ― Մանրավաճա՜ա՜ա՜ռ. տոնական հագուստի համար Չինաստանից բերած մետաքսեղեն ունեմ։ Պատուհանների արանքից թուրինջե դողացող լույս տեսա։ Դուռը բացվեց։ Հասանի քաղաքավարի հայրն ինձ ներս հրավիրեց։ Տունը հարուստ տների պես ջերմ էր։ Լամպի լույսի տակ սեղանի շուրջը երեխաների հետ նստած Շեքուրեն ինձ տեսնելուն պես ոտքի կանգնեց։ ― Շեքուրե՛,― ասացի ես,― Ամուսինդ է եկել։ ― Ո՞ր մեկը։ ― Նորը,– ասացի ես։– Զինված մարդկանցով շրջապատել են տունը։ Հասանի հետ ծեծկռտուք սկսելուն են պատրաստվում։ ― Հասանը տանը չէ,― ասաց քաղաքավարի սկեսրայրը։ ― Վայ, ավելի լավ,– ասացի ես։– Դու սա վերցրու կարդա տեսնեմ,– սուլթանի դաժան կամքն իրականացնող հպարտ դեսպանի պես Քարայի նամակը տվեցի։ Երբ քաղաքավարի սկեսրայրը կարդում էր նամակը, Շեքուրեն ասաց. ― Էսթեր, արի քեզ համար ոսպով ապուր լցնեմ, տաքանաս։ ― Չեմ սիրում,― նախ ասացի ես։ Ինձ դուր չեկավ, որ այնպես էր խոսում, ասես հարմարվել էր այս տանը, բայց հասկանալով, որ ցանկանում է ինձ հետ մենակ մնալ, գդալը վերցրի ու հետևեցի նրան։ ― Քարային ասա, որ ամեն ինչ Շևքեթի պատճառով եղավ,― շշնջաց նա։― Երեկ մարդասպանից վախենալով՝ Օրհանի հետ ամբողջ գիշեր մենակ սպասեցի։ Օրհանն ամբողջ գիշեր ղողում էր։ Երեխաներս բաժանվել են։ Ո՞ր մայրը կցանկանա երեխայից հեռու լինել։ Քարան տուն չվերադարձավ, ինձ լուրեր հասան, որ մեր սուլթանի տանջանքներին է ենթարկվել, նրան խոսեցրել են, պարզվել է, որ հորս մահվանը մասնակից է եղել։ ― Երբ հորդ սպանեցին, Քարան քեզ հետ չէ՞ր։ ― Էսթեր,― ասաց գեղեցկուհիս՝ լայն բացելով սև աչքերը,― Ի՞նչ կլինի, օգնիր ինձ։ ― Ասա՛, ինչու ես այստեղ վերադարձել, ես էլ հասկանամ, որ օգնեմ։ ― Կարծում ես գիտե՞մ՝ ինչու եմ վերադարձել,– ասաց նա։ Մի պահ ինձ թվաց, թե արտասվելու է։ ― Քարայի պատճառով է Շևքեթս այսքան վատ զգում,– ասաց նա։– Հասանն էլ երբ ասաց, որ նրանց իսկական հայրը վերադարձել է, հավատացի։ Բայց աչքերից հասկանում էի, որ ստում է։ Նա էլ հասկանում էր, որ ես եմ հասկանում։ ― Հասանն ինձ խաբեց,– շշնջաց նա, ու հասկացա՝ ուզում է, որ զգամ՝ Հասանին սիրում է։ Բայց Շեքուրեն հասկանո՞ւմ էր, որ Քարայի հետ ամուսնանալու պատճառով է սկսել ավելի շատ Հասանի մասին մտածել։ Դուռը բացվեց, ձեռքին վառարանից նոր հանած անուշաբույր հացով՝ Հայրիյեն եկավ։ Ինձ տեսնելուն պես տխրած դեմքից անմիջապես հասկացա, որ Էնիշթե էֆենդու մահով այս խեղճ կինը Շեքուրեի ժառանգությունն է դարձել։ Շեքուրեն թարմ հացը վերցրեց և գնաց երեխաների մոտ, ու ես հասկացա ճշմարտությունը, թե՛ նրանց իսկական հայրը, թե՛ Հասանը, թե՛ Քարան Շեքուրեի փնտրած և չգտած, իրեն սիրող տղամարդիկ չէին, վախեցած աչքերով այս երեխաների սիրելի հայր գտնելն էր դժվար։ Շեքուրեն պատրաստ էր բոլոր լավ ամուսիններին սիրել։ ― Սրտով ես փնտրում այն, ինչ ցանկանում ես գտնել,– առանց մտածելու ասացի ես։― Մինչդեռ պետք է մտքով որոշում կայացնես։ ― Հենց հիմա երեխաների հետ Քարայի մոտ կվերադառնամ,― ասաց նա։– Բայց իմ պայմաններն ունեմ։ Մի քիչ լռեց։ ― Շևքեթին և Օրհանին պետք է լավ վերաբերվի։ Այստեղ գալուս համար ինձնից հաշիվ չպետք է պահանջի։ Եվ մեր ամուսնության պայմանները, նա գիտի, պետք է պահի։ Ինձ երեկ գիշեր տանը մարդասպանի, գողի, չարի և Հասանի դեմ մենակ էր թողել։ ― Հորդ սպանողին դեռ չի գտել, բայց ցանկացավ, որ քեզ ասեմ՝ գտել է։ ― Գնա՞մ նրա մոտ։ Առանց իմ պատասխանին սպասելու նամակը վաղուց կարդացած ծեր սկեսրայրն ասաց. ― Ասացեք Քարա Չելեբիին, ես որդուս բացակայությամբ հարսիս ետ ուղարկելու պատասխանատվությունը չեմ կարող կրել։ ― Ո՞ր որդուդ,― հարցրի հրահրող, բայց նուրբ ձայնով։ ― Հասանի,― ասաց նա։ Քանի որ իսկական մարդ էր, ամաչեց. ― Մեծ որդիս իրանական պատերազմից վերադառնում է. վկաներ կան։ ― Ո՞ւր է Հասանը,― ասացի ես։ Շեքուրեի տված ապուրից երկու գդալ կերա։ ― Մաքսատան քարտուղարներին, բեռնակիրներին, իր մարդկանց հավաքելու է գնացել,– ստել չկարողացող լավ ու հիմար մարդկանց պես երեխայաբար ասաց նա։– Էրզրումցիների երեկվա արածներից հետո ենիչերիներն այս գիշեր փողոցներում են։ ― Մենք նրանց չենք տեսել,– ասացի ես՝ գնալով դեպի դուռը։– Վերջի՞ն խոսքդ է։ Վախեցնելու համար այսպես հարցրի սկեսրայրին, բայց Շեքուրեն շատ լավ հասկացավ, որ այդ խոսքն իրականում իրեն էր ուղղված։ Իսկապես մտքերն այդքան խա՞ռն էին, թե՞ ինչ-որ բան էր թաքցնում, օրինակ՝ Հասանի և նրա մարդկանց վերադարձին էր սպասում։ Իրականում հասկանալով, որ ինձ դուր է գալիս Շեքուրեի անորոշությունը, ուրախացա։ ― Մենք Քարային չենք ուզում,― խիզախ ասաց Շևքեթը։― Դու էլ էլ չգաս այստեղ, չաղ։ ― Բայց գեղեցիկ մայրիկիդ ժանեկավոր ծածկոցները, ծաղկավոր, թռչուններով թաշկինակները, քո սիրելի վերնաշապիկների կարմիր կտորները ո՞վ կբերի,– ասացի ես և կապոցս թողեցի սենյակի կենտրոնում։– Մինչև նորից գալս կբացեք, կնայեք, ձեր ուզածը կընտրեք, կկտրեք, կկարեք։ Դուրս գալիս տխրություն զգացի. Շեքուրեի աչքերը երբեք այդքան արտասվալից չէի տեսել։ Դրսի ցրտին հարմարվելուն պես ցեխոտ ճանապարհին Քարան՝ ձեռքին թուր, կանգնեցրեց ինձ։ ― Հասանը տանը չէ,– ասացի ես – Գուցե գնացել է Շեքուրեի վերադարձը նշելու համար շուկայից գինի գնելու։ Գուցեև, ինչպես ասում են, իր մարդկանց հետ անմիջապես վերադառնալու է։ Այդ ժամանակ կբախվեք, որովհետև նա խենթ է, հատկապես երբ կարմիր թուրը ձեռքն է վերցնում։ ― Շեքուրե՞ն ինչ ասաց։ ― Սկեսրայրն ասաց՝ ո՛չ, չի՛ լինի, հարսիս չեմ տա, բայց դու ոչ թե նրանից, այլ Շեքուրեից վախեցիր։ Կնոջդ մտքերը խառնվել են, հոր սպանությունից երկու օր անց և մարդասպանի վախից, և Հասանի սպառնալիքներից, առանց քեզ լուր տալու անհետացել է՝ հասկանալով, որ նույն տանը երկրորդ գիշերը չի կարող անցկացնել, վերադարձել է Հասանի տուն։ Նրան ասել են, որ կապ ունես հոր սպանության հետ... Բայց Շեքուրեի նախկին ամուսինը չի վերադարձել, նման բան չկա։ Հասանի ստին Շևքեթն է հավատացել, կարծես թե հայրն էլ է հավատում... Շեքուրեն նպատակ ունի քեզ մոտ վերադառնալ, բայց իր պայմաններն է դնում։ Քարայի աչքերի մեջնայելով՝ մեկ առ մեկ թվարկեցի պայմանները։ Անմիջապես, ասես իսկական դեսպանի հետ խոսելիս պաշտոնական կերպով ընդունեց պայմանները։ ― Ես էլ մի պայման ունեմ,– ասացի ես։– Հիմա տուն եմ վերադառնալու։ Նրան ցույց տվեցի սկեսրայրի տան ետևի պատուհանի տախտակները։ ― Քիչ անց այստեղ ու դռան վրա եք հարձակվելու։ Երբ գոռամ, կհարձակվեք։ Եթե Հասանը գա, առանց մտածելու բախվեք։ Այս բոլորը անպատասխանատու դեսպանի ասելու բաներ չէին, իհարկե, բայց այս Էսթերը գործը մինչև վերջ է տանում։ «Մանրավաճառ» ասելուն պես այս անգամ դուռն անմիջապես բացվեց։ Անմիջապես հայտնվեցի սկեսրայրի առաջ։ ― Ամբողջ թաղամասն էլ, այստեղի դատավորն էլ գիտեն, որ Շեքուրեն վաղուց ամուսնալուծվել է, գիտեն, որ նորից Ղուրանով ամուսնացել է,– ասացի ես։– Եթե քո վաղուց մահացած որդին կենդանանալով՝ դրախտից, Մովսես մարգարեի մոտով անցնելով՝ մեզ մոտ գա էլ, Շեքուրեն արդեն ամուսնալուծվել է, ոչինչ չի կարող անել։ Ամուսնացած կնոջը փախցրել, այստեղ եք բերել։ Քարան ցանկացավ, որ ձեզ փոխանցեմ՝ սրա պատիժը ոչ թե դատավորը, այլ իր մարդիկ են տալու ձեզ։ ― Սխալ է անում,– նրբանկատորեն ասաց սկեսրայրը։– Մենք Շեքուրեին չենք փախցրել։ Ես, փառք Աստծու, այս երեխաների պապն եմ։ Հասանը նրանց հորեղբայրն է։ Շեքուրեն մենակ մնալով՝ ի՞նչ պետք է աներ, մեզ մոտ ապաստան գտավ։ Եթե ցանկանա, անմիջապես երեխաների հետ կարող է մեզ մոտ վերադառնալ։ Բայց մի մոռացիր, որ սա իր տունն է, այստեղ էնա երեխաներ է ունեցել, նրանց երջանիկ մեծացրել։ ― Շեքուրե՛,― ասացի ես առանց մտածելու,― ցանկանո՞ւմ ես հորդ տուն վերադառնալ։ Երջանիկ «տուն» բառի պատճառով սկսեց արտասվել։ ― Հայրս չկա,― ասաց նա։ Թե՞ ես էի այդպես լսել։ Երեխաները սկզբում նրա փեշերին փաթաթվեցին, հետո նրան նստեցրին և կրծքին փաթաթվեցին։ Բոլորն իրար փաթաթվելով՝ մի գնդակի տեսք ստացան ու սկսեցին լաց լինել։ Այս Էսթերն ընդհանրապես հիմար չէ. շատ լավ էի հասկանում, որ Շեքուրեն արտասվելով կարողանում էր առանց ընտրություն կատարելու երկու կողմին էլ պահել հսկողության տակ։ Ես էլ էի սկսել լացել։ Քիչ անց տեսա, որ օձ Հայրիյեն էլ է լալիս։ Տան չարտասվող միակ մարդը սկեսրայրն էր, որի կանաչ աչքերին էի նայում, երբ Քարան ու նրա մարդիկ հարձակվեցին։ Երկու հոգի սկսեցին խփել պատուհանի տախտակներին, դռանը, անընդհատ գերանով հարվածում էին, ամեն հարվածը տան մեջ թնդանոթի պայթյունի պես էր լսվում։ ― Դու շատ բան տեսած, ազնվական մարդ ես,― ասացի ես՝ սկեսրայրի արցունքներից ավելի քաջալերվելով։― Դուռը բաց, ասա, որ Շեքուրեն կարող է գնալ, թող դրսի կատաղած շները հանգստանան։ ― Քո տանն ապաստան գտած միայնակ կնոջը, ավելին՝ հարսիդ, դու փողոց՝ այս շներին կնետեի՞ր։ ― Ինքն է ուզում գնալ,― ասացի ես։ Արտասվելուց փակված քիթս մաքրեցի մանուշակագույն թաշկինակով։ ― Այդ դեպքում կարող է դուռը բացել ու գնալ,– ասաց նա։ Նստեցի Շեքուրեի ու երեխաների կողքին։ Տան վրա հարձակվողների սարսափելի աղմուկի պատճառով ամեն նոր շարժումից լացս ուժեղանում էր. երեխաների լացն էլ սաստկացավ, այդ պատճառով և՛ Շեքուրեի, և՛ իմ այտերից արագ սկսեցին արցունքներ գլորվել։ Բայց երկուսս էլ տունն ավիրող հարվածները, դրսի սպառնալից բղավոցներն էինք հաշվում, գիտեինք, որ ժամանակ շահելու համար ենք արտասվում։ ― Իմ գեղեցիկ Շեքուրե,― ասացի ես։― Սկեսրայրդ թույլ է տալիս, քո ամուսինը՝ Քարան, բոլոր պայմաններդ անմիջապես ընդունեց, քեզ սիրով սպասում է, այս տանն արդեն ոչինչ չունես անելու։ Հագիր զգեստդ, քողդ կապիր, կապոցդ, երեխաներիդ վերցրու, դուռը բաց, շուտ գնանք քո տուն։ Այս խոսքերից երեխաներն ավելի լաց եղան, բայց Շեքուրեն սկսեց խոսել։ ― Հասանից վախենում եմ,― ասաց նա։― Հետո նրա վրեժը սարսափելի կլինի։ Դաժան է։ Այստեղ ինքս եմ եկել։ ― Սա չի կարող վերջ դնել քո նոր ամուսնությանը,― ասացի ես։― Ուրիշ ճանապարհ չունեիր, իհարկե, պետք է մի տեղ ապաստան գտնեիր։ Ամուսինդ անգամ ամեն բան ներել է, քեզ ընդունում է, իսկ Հասանին տարիներ շարունակ դիմացել ենք, այդպես էլ կշարունակենք։ Ժպտացի նրան։ ― Բայց ես դուռը չեմ բացի,― ասաց նա։― Դա կնշանակի, որ իմ կամքով եմ հեռանում։ ― Սիրելի՛ Շեքուրե, ես էլ չեմ կարող դուռը բացել,– ասացի ես։– Դու էլ գիտես, որ այդ դեպքում ձեր գործերին եմ խառնվում։ Ինձնից դրա վրեժն ավելի դաժան կլուծեն։ Աչքերից հասկացա, որ իմ ասածն իրավացի է համարում։ ― Ոչ ոք չի կարող բացել այդ դուռը,– ասաց նա։– Թողենք, թող կոտրեն, մտնեն ու մեզ տանեն։ Անմիջապես հասկանալով, որ սա Շեքուրեի ու երեխաների համար լավագույն որոշումն է, վախեցա։ ― Բայց այդ դեպքում արյուն կթափվի,– ասացի ես։– Եթե դատավոր չգա, արյուն կթափվի, իսկ այդ գործը կարող է տարիներ տևել։ Պատվով ապրել ցանկացող ոչ ոք չի կարող հանգիստ նայել, թե ինչպես են իր տուն ներխուժում և կնոջը տանում։ Տրամաբանական պատասխանի փոխարեն երեխաներին փաթաթվելով՝ սկսեց ամբողջ ուժով արտասվել։ Եվս մեկ անգամ զղջալով՝ հասկացա, թե Շեքուրեն որքան խորամանկ ու հաշվենկատ է։ Իմ ներսից մի ձայն ասում էր, որ ամեն ինչ թողնեմ ու հեռանամ, բայց արդեն ջարդվող դռներով ես էլ չէի կարող անցնել։ Իրականում և վախենում էի, որ դուռը կկոտրեն ու ներս կմտնեն, և նրանից, որ չեն մտնի։ Որովհետև մտածում էի, որ ինձ վստահող ու գործը բարդացնելուց վախեցող Քարայի մարդիկ ամեն պահի կարող են ետ քաշվել, և դա կարող է ինձ քաջալերել։ Երբ փաթաթվեցի Շեքուրեին, հասկացա, որ իրականում չի արտասվում, բայց վատն այն էր, որ անհավատալի կերպով դողում էր։ Դռանը մոտենալով՝ ամբողջ ուժով բղավեցի. ― Կանգնեք, բավական է։ Դրսի շարժումն էլ, ներսի լացն էլ մի պահ դադարեցին։ ― Թող Օրհանը բացի դուռը, Շեքուրե,― ասացի ես վայրկենական ներշնչանքով և այնպիսի քաղցր ձայնով, ասես երեխայի հետ էի խոսում,― նա ուզում է տուն վերադառնալ, ոչ ոք նրա վրա չի բարկանա։ Դեռ խոսքս չէի ավարտել, երբ Օրհանր մոր թուլացող ձեռքերից ազատվելով՝ այդ տանը տարիներ շարունակ ապրողի պես նախ կողպեքը, հետո դռան նիգը, հետո էլ սողնակը բացելով՝ երկու քայլ ետ կանգնեց դռնից։ Բացվող դռան արանքից դրսի ցուրտր ներս մտավ։ Այնպիսի լռություն տիրեց, որ հեռվի ծույլ շան հաչոցը լսեցինք։ երբ Շեքուրեն գրկին նստած Օրհանին էր համբուրում, Շևքեթն ասաց. ― Հասան հորեղբորս ասելու եմ։ Տեսնելով, թե ինչպես է Շեքուրեն տեղից վեր կենալով՝ վերցնում փարաջան, պատրաստում իրերը, այնքան ուրախացա, որ վախեցա, թե կծիծաղեմ։ Նստեցի, ոսպի ապուրից երկու գդալ կերա։ Քարան տանն ընդհանրապես չմոտենալով՝ մի խելացի քայլ ևս արեց։ Մի պահ Շևքեթը փակվեց լուսահոգի հոր սենյակում։ Չնայած օգնության կանչեցինք, Քարան տուն ոտք չդրեց, մարդկանց էլ ներս չբերեց։ Նորից Հասան հորեղբոր սուտակե կոթով դաշույնը վերցնելու թույլտվություն ստանալով՝ Շևքեթն էլ համաձայնեց տնից դուրս գալ։ ― Հասանից, նրա կարմիր թրից վախեցեք,― ասաց սկեսրայրը ոչ այնքան պարտության ու վրեժի ոճով, որքան իրական անհանգստությամբ։ Թոռների գլուխները շոյելով՝ համբուրեց։ Շեքուրեի ականջին էլ ինչ-որ բաներ շշնջաց։ Տան դռանը, պատին, վառարանին արագորեն վերջին անգամ նայելը տեսնելուն պես՝ մի անգամ էլ հիշեցի, որ այս տանը Շեքուրեն առաջին ամուսնու հետ ամենաերջանիկ տարիներն է անցկացրել։ Հիմա տեսնո՞ւմ էր, որ նույն տունը երկու դժբախտ ու միայնակ տղամարդկանց ապաստան է դարձել, որ այնտեղից մահվան հոտ է գալիս։ Քանի որ սիրտս կոտրել էր, վերադարձի ճանապարհին նրան չփաթաթվեցի։ Երկու որբ երեխայի, մի ծառայի, մի հրեայի և մի այրի կնոջ ճանապարհին միմյանց մոտեցնողը ոչ թե գիշերվա ցուրտն ու մթությունն էր, օտար թաղամասերի և դժվար անցանելի փողոցների նեղությունը, այլ Հասանի վախը։ Քարայի մարդկանցով շրջապատված մեր բազմամարդ խումբը գանձ տեղափոխող քարավանի պես կարճ ճանապարհներով, ետնաբակերով, դատարկ, հեռավոր թաղամասերով անցավ, որպեսզի պահակներին, ենիչերիներին, թաղամասի հետաքրքրասեր տղամարդկանց, ավազակներին ու Հասանին չհանդիպի։ Երբեմն թանձր խավարում իրար ու պատերին բախվելով էինք գտնում ճանապարհը։ Ուրվականների, ջիների, ստորգետնյա սատանաների՝ մեզ մթության մեջ բռնելով՝ փախցնելու մասին մտածելով՝ ամուր փաթաթվեցինք իրար։ Շոշափելով պատերը՝ փակ պատուհանների ետևում գիշերվա ցրտի մեջ խռմփացնելով, հազալով քնածների և ախոռների կենդանիների ձայները լսեցինք։ Ամենաաղքատ և վատ թաղամասերր, այսինքն՝ տարբեր թշվառ ազգերի ներգաղթածներով բնակեցրած թաղամասերից բացի Ստամբուլի բոլոր փողոցներն իմացող ձեր Էսթերը մերթընդմերթ անհատակ մթության մեջ պտտվող փողոցներում դեռ ճանաչում էր այն անկյունները, ուր ցերեկները ձեռքին կապոց՝ համբերատար շրջում էր. Թերզիբաշը փողոցի պատերը, Նուրուլլահ հոջայի այգում բուսած ախոռի, չգիտես ինչու՝ դարչինի սուր հոտ ունեցող կղանքը, Ջամբազլար փողոցի հրդեհի փլատակներր, Գողանջըլարի անցումը, բացվող հրապարակի Կույր Հաջն աղբյուրը ճանաչեցի և հասկացա, որ ոչ թե Շեքուրեի լուսահոգի հոր տուն ենք գնում, այլ ինձ անծանոթ ուղղությամբ։ Անմիջապես հասկացա, որ իր ընտանիքը պաշտպանել ցանկացող Քարան Հասանից, որը զայրանալով անհայտ է, թե ինչ կանի, և այդ սատանա մարդասպանից հեռու այլ ապաստան էր գտել։ Եթե այդ տեղն իմանայի, այժմ ձեզ, վաղն առավոտյան էլՀասանին կհայտնեի։ Ոչ թե որովհետև վատ մարդ եմ, այլ որովհետև վստահ եմ՝ Շեքուրեն ցանկանում էր, որ Հասանը կրկին հետաքրքրվի իրենով։ Բայց խելացի Քարան իրավացիորեն ինձ արդեն չէր վստահում։ Էսիր շուկայի ետևի մի մութ փողոցում էինք, երբ փողոցի մյուս ծայրից բղավոցներ լսվեցին։ Հրմշտոցի ձայներ առանք, կացիններ, թրեր, փայտեր էին բախվում, երբ կռիվը սկսվեց, այդ աննման ձայնն ու հոգի կրծող բղավոցները սարսափով ճանաչեցի։ Քարան իր մեծ թուրը տվել էր մեկին, ում վստահում էր, Շևքեթի ձեռքի դաշույնը մի կերպ խլելով՝ նրան լացացրեց, իսկ Շեքուրեն, Հայրիյեն ու երեխաները վարսավիրի և մյուս երկու մարդու հետ հեռացան։ Ասաց, որ դպրոցից մի տղա ինձ կարճ ճանապարհով տուն կհասցնի, չթողեց, որ իրենց հետ մնամ։ Պատահականությո՞ւն էր, թե՞ ցանկանում էին խորամանկորեն ինձնից թաքցնել ապաստարանի տեղը։ Նեղ փողոցի վերջում, որով ստիպված էինք անցնել, մի խանութ կար, որը, ինչպես հասկացա, իրականում սրճարան էր։ Թրակռիվը գուցե առանց սկսվելու ավարտվել էր։ Սկզբում կարծեցի, թե բղավելով ներս մտնող-ելնող բազմությունը, թալանում է սրճարանը, բայց իրականում ավերում էին։ Սուրճի բաժակները, սրճեփները, սեղանները մեզ հետաքրքրասերների ջահերի լույսի տակ (որ դաս առնենք) նախ դուրս էին բերում, հետո մեր բոլորի աչքի առաջ ջարդում Էին։ Այս գործը կանգնեցնել փորձողներին մի քիչ ծեծեցին, բայց նրանք կարողացան փրկվել։ Սկզբում կարծեցի՝ խնդիրը միայն սրճարանի հետ է կապված։ Պատմում էին սուրճի վնասների, աչքերը, ստամոքսը փչացնելու, միտքը պղտորելով՝ մարդուն անհավատ դարձնելու, ֆրանսիական թույն լինելու, չնայած գեղեցիկ կնոջ կերպարով սատանայի կողմից մատուցվելուն՝ Մուհամմեդ մարգարեի՝ դրանից հրաժարվելու մասին։ Կարծես դաստիարակչական երեկոյի էի մասնակցում և մտածում, որ տուն գալուն պես Նեսիմին կշտամբելով ասելու էի՝ շատ մի՛ խմիր այդ աղբը։ Քանի որ շրջապատում ամուրիների շատ էժան տներ կային, անգործ, ապօրինի քաղաք մտած կատաղած շների մի խումբ կարճ ժամանակում այստեղ հավաքվեց, դա քաջալերեց սրճարանի թշնամիներին։ Այդ ժամանակ հասկացա, որ նրանք հայտնի քարոզիչ էրզրումցի Նուսրեթ հոջայի մարդիկ են։ Ստամբուլի գինու և մարմնավաճառության բները, սրճարանները մաքրելուց հետո Մուհամմեդ մարգարեի ճանապարհով անցնողները թեքքեների արարողության ժամանակ երաժշտության տակ պորտապար պարողներին էին պատժելու։ Կրոնի թշնամիներին, սատանայի հետ համագործակցողներին, հեթանոսներին, անհավատներին ու նկարիչներին հայհոյեցին։ Երբ սրճարանի պատերին նկար կախեցին, հիշեցի, որ այդ սրճարանը կրոնին և էրզրումցի հոջային վատաբանելու և անշնորհքությունների վայր է։ Արյունոտ դեմքով մի սրճավաճառի աշակերտ ելավ ամբոխի միջից, մտածեցի, թե գետնին է ընկնելու, բայց վերնաշապիկի փեշով մաքրեց ճակատի, այտերի արյունը, միացավ մեզ ու սկսեց հետևել հարձակմանը։ Բազմությունը վախենալով՝ մի քիչ լարվել էր։ Նկատեցի, որ Քարան մի պահ բազմության մեջ մեկին է տեսել և անորոշ կանգնել է։ Էրզրումցիների խուճապից հասկացա, որ ենիչերիների կամ փայտերով զինված մեկ այլ բազմություն է գալիս։ Ջահերը հանգան, մարդիկ խառնվեցին իրար։ Քարան իմ ձեռքից բռնելով՝ ասաց, որ հետևեմ դպրոցի տղային։ ― Ետնաբակերով կգնաք,– ասաց նա։― Քեզ տուն կտանի։ Դպրոցի տղան էլ էր ուզում հնարավորինս շուտ հեռանալ, գրեթե վազելով գնացինք։ Քարայի մասին էի մտածում, բայց եթե շարժմանը չմասնակցի, ձեր այս Էսթերր պատմությունը չի կարող շարունակել։ == 54. Ես կին եմ == Մեդդահ էֆենդի, ասում են՝ դու բոլորին կարող ես կրկնօրինակել, բայց ոչ կնոջը։ Ես պնդում եմ ճիշտ հակառակը։ Այո՛, քաղաքից քաղաք անցնելով՝ մինչև կեսգիշեր հարսանիքներում, խրախճանքներում, սրճարաններում մինչև ձայնը կտրվելը ամեն ինչ կրկնօրինակելով պատմելու պատճառով մեզ բախտ չվիճակվեց ամուսնանալ։ Բայց դա չի նշանակում, որ կանանց չենք ճանաչում։ Ես շատ լավ գիտեմ կանանց, անգամ նրանցից չորսին անձամբ եմ հանդիպել, տեսել եմ նրանց դեմքը, խոսել եմ նրանց հետ։ Նրանք. 1. լուսահոգի մայրս, 2. սիրելի մորաքույրս, 3. ինձ միշտ ծեծող մեծ եղբորս կինը, որն ինձ տեսնելուն պես ասաց՝ դուրս արի սենյակից (սկզբում սիրահարված էի նրան), 4. զբոսանքներիս ժամանակ Քոնյայում մի բաց պատուհանի առաջ մի պահ տեսածս կինը։ Չնայած նրա հետ չխոսեցի, տարիներ շարունակ և մինչ այժմ նրա հանդեպ ցանկասիրական զգացմունքներ ունեմ։ Գուցե այժմ մահացել է։ Դեմքը բաց կին տեսնելը, նրա հետ խոսելը, նրա մարդկային կերպարներին ականատես լինելը մեզ՝ տղամարդկանց համար և ցանկասիրական, և խոր բարոյական ցավերի պատճառ է դառնում։ Դրա համար էլ, ինչպես մեր կրոնն է հրամայում, ամենալավը կանանց, հատկապես գեղեցիկներին ամուսնանալուց առաջ չտեսնելն է։ Ցանկասիրությունը ստիպված գոհացնելու համար կանանցից էլ ավելի գեղեցիկ տղաների ընկերությունը փնտրելը միակ ելքն է, և, ի վերջո, սա էլ հաճելի սովորություն է դառնում։ Եվրոպական քաղաքներում կանայք ոչ միայն դեմքերը, այլև ամենագրավիչ կողմ համարվող փայլուն մազերը, հետո՝ վիզը, թևերը, գեղեցիկ կուրծքը, եթե պատմությունները ճիշտ են, ապա գեղեցիկ ոտքերի մի մասը ցույց տալով են զբոսնում, տղամարդկանց դիմացի մասն էլ այդ պատճառով միշտ ուռած է, միշտ տառապում են, դժվարությամբ են քայլում, համայնքը հաշմանդամ են դարձրել։ Ֆրանսիացի անհավատի՝ օսմանցուն ամեն օր մի նոր ամրոց հանձնելու պատճառը սա է։ Այսպիսով, դեռ վաղ երիտասարդությանս տարիքում հասկանալով, որ գեղեցիկ կանանցից հեռու ապրելը հոգու երջանկության և հանգստի ամենաճիշտ ճանապարհն է, կանանցով ավելի շատ սկսեցի հետաքրքրվել։ Դեռ այդ ժամանակ, քանի որ մորիցս ու մորաքրոջիցս բացի կին չէի տեսել, հետաքրքրությունս խորհրդավոր էր դառնում, կարծես գլուխս սկսում էր թմրել և որպեսզի հասկանայի, թե նրանք ինչ են զգում, միայն նրանց արածներն էի անում, նրանց կերածն ուտում, խոսքերը կրկնում, շարժումները կրկնօրինակում, հագուստները հագնում։ Այսպիսով, մի ուրբաթ օր մայրս, հայրս, եղբայրս, մորաքույրս, բոլորը պապիս՝ Ֆահրենգի ափի վարդի այգի գնացին, ես ասացի, որ հիվանդ եմ ու մնացի տանը։ ― Արի՛, տափաստանում շներ, ծառեր, ձիեր տեսնելով՝ կրկնօրինակում, մեզ ծիծաղեցնում ես։ Տանը մենակ ի՞նչ ես անելու,― ասաց լուսահոգի մայրս։ ― Քո հագուստները հագնելով՝ կին եմ դառնալու, մայրի՛կ,― չկարողացա ասել։– Փորս է ցավում,― ասացի։ ― Թույլիկություն մի՛ արա,– ասաց հայրս,― Արի՛, կոխ էլ կբռնենք։ Այժմ ձեզ՝ իմ նկարիչ և գրիչ եղբայրներին պատմելու եմ, թե նրանց գնալուց հետո լուսահոգի մորս ու մորաքրոջս ներքնազգեստները հագնելով՝ ինչ զգացի, ինչպես հասկացա կին լինելու գաղտնիքները։ Նախ անմիջապես սա ասեմ, չնայած բազմիցս գրքերում կարդալուն, քարոզներում լսելուն՝ մարդ կին դառնալուն պես իրականում իրեն սատանայի պես չի զգում։ Ընդհակառակը լուսահոգի մորս վարդերով բրդե վարտիքը հագնելուն պես քաղցր զգացողություն ունեցա, նրա պես զգայուն դարձա։ Մորաքրոջս պիստակի կանաչ գույնի մետաքսե վերնաշապիկը, որն ինքն անգամ հաճախ չէր կրում, մերկ մարմնիս դիպչելուն պես իմ ներսում բոլոր երեխաների, անգամ՝ իմ հանդեպ սեր զգացի։ Ամբողջ աշխարհի համար ուտելիք էի ցանկանում պատրաստել, ցանկանում էի բոլորին կրծքով կերակրել։ Եթե կուրծք ունենայի, ինչպես կզգայի, այսպիսով, մի քիչ հասկանալուց հետո իրականում հետաքրքրվում էի նրանով, թե մեծ կրծքով կին լինելն ինչպիսի զգացողություն է։ Այդ պատճառով լիքը տարբեր բաներ՝ գուլպաներ, բարակ սրբիչներ դրեցի իրար վրա և այդ հսկա բուրգը տեսնելուն պես, այո, լավ, սատանայի պես հպարտ զգացի ինձ։ Տղամարդկանց՝ անգամ նրանց ստվերը տեսնելուն պես դրանց ետևից վազելը, դրանք բերանը դնելու համար աղաչելն անմիջապես հասկանալու համար ինձ շատ ուժեղ զգացի, բայց ուզո՞ւմ էի ուժեղ լինել։ Մտքերս խառնվել էին. և՛ ցանկանում էի ուժեղ լինել, և՛ ցանկանում էի, որ ինձ խղճան, և՛ ինձ լրիվ անծանոթ, ուժեղ ու խելացի տղամարդուց խենթի պես սիրվել էի ցանկանում, և՛ վախենում էի նրանից։ Մորս օժիտի սնդուկի տակի տերևի նկարներով սպիտակեղենի կողքին անուշաբույր բրդե գուլպաների մեջ թաքցրած ոլորուն ոսկե ապարանջանները դնելով, կարմրած այտերն ավելի շատ կարմրացնելու համար դեմքին քսած ներկը քսելով, մորաքրոջս կանաչ փարաջան հագնելով՝ նույն գույնի նուրբ քողով մազերս հավաքեցի ու կապեցի, սադափե շրջանակով հայելու մեջ ինձ նայելով՝ սարսռացի։ Աչքերս, թարթիչներս կնոջ աչքերի և թարթիչների պես էին՝ չնայած ձեռք չէի տվել։ Միայն աչքերս ու այտերս էին երևում, բայց ես շատ գեղեցիկ կին էի, և դա ինձ երջանկացնում էր։ Դա նկատած տղամարդկությունը լքել էր ինձ։ Տխրեցի։ Գեղեցիկ աչքիցս ընկած մի կաթիլ արցունքի հոսքին հետևեցի ձեռքիս բռնած հայելու մեջ և այդ պահին ցավով մի բանաստեղծություն գրեցի, որը երբեք չմոռացա։ Որովհետև միևնույն պահին մեծ Աստծու շնորհած ներշնչանքով այդ բանաստեղծությունը երգ դարձրի և փորձեցի մոռանալ իմ խնդիրները։ Իմ տատանվող սիրտն ասում է, որ Արևելքում լինելիս ցանկանում է Արևմուտք գնալ, իսկ Արևմուտքում լինելիս՝ Արևելք։ Երբ տղամարդ եմ, ցանկանում եմ կին լինել, իսկ կին լինելիս՝ տղամարդ։ Որքան դժվար է մարդ լինել, իսկ ավելի դժվար՝ մարդկային կյանք ունենալ։ Ե՛վ առջևով, և՛ ետևով, և՛ Արևելքով, և՛ Արևմուտքով եմ ցանկանում հաճույք ստանալ։ Իմ ներսից բխող այս երգը հանկարծ մեր էրզրումցի եղբայրները չլսեն, շատ կզայրանան։ Ինչո՞ւ եմ վախենում, գուցե չեն զայրանա, որովհետև, սա որպես բամբասանք չեմ ասում, բայց ոչ միայն այդ հայտնի քարոզիչ Հուսրեթը, այլև մարգարեն, չնայած ամուսնացած լինելուն՝ ձեզ՝ զգայուն նկարիչների պես գեղեցիկ տղաներին, մեզնից՝ կանանցից ավելի շատ էր սիրում։ Ես միայն ասում եմ այն, ինչ ինձ են պատմել։ Բայց քանի որ նրան առանց այդ էլ չեմ սիրում, դրա վրա ուշադրություն չեմ դարձնում։ Շատ ծեր է։ Ատամները թափվել են և ինչպես նրան մոտեցող գեղեցիկ տղաներն են ասում, բերանից վատ հոտ է գալիս, շատ կներեք, արջի հետույքի պես։ Լա՛վ, բերանս փակում եմ ու վերադառնում իմ հիմնական խնդրին. հասկանալով, որ շատ գեղեցիկ եմ, արդեն լվացք անել, աման լվանալ, ծառայի պես փողոց դուրս գալ չէի ցանկանում։ Աղքատությունը, արցունքները և դժբախտությունը, հայելուն նայելով՝ հուսահատվելով արտասվելը և տխրությունը տգեղ կանանց գործն է։ Պետք է ինձ մեծարող ամուսին գտնեմ, բայց ո՞ր մեկն է։ Այսպիսով, լուսահոգի հորս՝ տարբեր պատրվակներով տուն հրավիրած փաշաների երեխաներին, բեյերի տղաներին սկսեցի պատի անցքից հետևել։ Ուզում էի նմանվել երկու երեխա ունեցող, փոքրիկ բերանով այդ ակնհայտ գեղեցիկ կնոջը, ում բոլոր նկարիչները սիրահարվում էին։ Լավ, ձեզ պատմեմ խեղճ Շեքուրեի պատմությունը։ Բայց սպասեք, խոստացել էի, որ չորեքշաբթի երեկոյան եմ պատմելու. '''ՍԻՐՈ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ,''' '''ՈՐԸ ՍԱՏԱՆԱՆ ՍՏԻՊՈՒՄ Է ԿՆՈՋԸ ՊԱՏՄԵԼ''' Իրականում շատ պարզ է։ Մեր Ստամբուլի մի քիչ աղքատ թաղամասերից Քեմերուսթուում է եղել։ Թաղամասի հայտնիներից Չելեբի Ահմեդը Վասըֆ փաշայի քարտուղարն է լինում, իր գլխի տեր, ամուսնացած, երկու երեխայի տեր պարոն։ Մի օր բաց պատուհանից սև մազերով, սև աչքերով, երկարահասակ, բրոնզագույն մաշկով մի նուրբ բոսնիացի գեղեցկուհու է տեսնում և սիրահարվում։ Բայց կինն ամուսնացած է լինում, Չելեբիով չի հետաքրքրվում, սիրում է իր գեղեցկադեմ ամուսնուն։ Այսպիսով, խեղճ Չելեբին ոչ մեկին չի կարողանում պատմել իր խնդիրը, սիրուց տանջվում է, Հունաստանից բերված գինի է գնում, խմում, բայց, ի վերջո, չի կարողանում իր սերը թաքցնել թաղամասից։ Քանի որ ինքն էլ շատ է սիրում սիրո պատմություններ և Չելեբիին շատ է հարգում, ի սկզբանե նրա սիրուն հարգալից է վերաբերվում, մի քանի կատակ է անում և ցույց տալիս, որ ոչինչ չի եղել։ Բայց իր ցավը կառավարել չկարողացող Չելեբին ամեն երեկո հարբելով՝ բրոնզագույն մաշկով գեղեցկուհու՝ ամուսնու հետ ապրած երջանիկ տան դռան մոտ նստելով՝ սկսում է երկար լաց լինել, բոլորը վախենում են։ Ամեն երեկո սիրահարը ցավից արտասվում էր, բայց նրան ոչ կարող էին ծեծել, ոչ էլ մխիթարել։ Չելեբին էլ չելեբիի պես առանց որևէ մեկի հետ խոսելու՝ շարունակում է դառն արցունք թափել։ Կամաց֊կամաց նրա անմխիթար տխրությունն անցնում է թաղամասին, բոլորը տխրում են և դժբախտանում, բոլորի տրամադրությունն ընկնում է, նրա անդադար տխրությունից հրապարակի հոսող աղբյուրը տխրության աղբյուր է դառնում։ Սկզբում տխրության բառեր, հետո՝ դժբախտության խոսք, հետո էլ անհաջողության մտքերն այսպես են տարածվում թաղամասում, յուրացվում։ Ոմանք տեղափոխվում են, ոմանց գործերն անհաջողության են մատնվում, ոմանց տրամադրությունն էլ փչանում է, և չեն կարողանում զբաղվել իրենց արվեստով։ Այն բանից հետո, երբ թաղամասը դատարկվում է, մի օր սիրահար Չելեբին էլ կնոջը, երեխաներին վերցնելով՝ տեղափոխվում է, արծաթագույն մաշկով գեղեցկուհին ու ամուսինը միայնակ են մնում։ Դժբախտությունը, որի պատճառն իրենք էին, սառեցրել էր նրանց սերն ու հարաբերությունները։ Մինչև կյանքի վերջ միասին են ապրում, բայց երբեք երջանիկ չեն լինում։ Ասելու էի, որ սիրում եմ այս պատմությունը, որովհետև սիրո և կանանց վտանգավոր լինելու մասին է, ա՛յ մարդ, մոռացա, խելք է մնացել որ, ես, քանի որ այժմ կին եմ, մի բան պետք է ասեմ։ Դե, այսպիսի բան. Ա՜խ, որքան գեղեցիկ է սերը։ Բայց ովքե՞ր են դռնից մտնող այդ օտարները։ == 55. Իմ անունը Քելեբեք է == Բազմությանը տեսնելուն պես հասկացա, որ էրզրումցիները մեր կատակասեր նկարիչներին են սպանում։ Քարան էլ էր հարձակմանը հետևող բազմության մեջ։ Ձեռքին՝ դաշույն, կողքին՝ տարօրինակ մարդիկ, հայտնի մանրավաճառ Էսթերը և կապոցները ձեռքին մի քանի այլ կանայք կային։ Սրճարանից դուրս եկողների դաժան ծեծը, սրճարանի մարդկանց դաժան պայքարը տեսնելով՝ ցանկացա փախչել։ Ավելի ուշ մեկ այլ խումբ՝ հավանաբար ենիչերիները, մոտեցավ, էրզրումցիները ջահերը հանգցնելով՝ փախան։ Սրճարանի մութ շեմին մոտ ոչ ոք չկար, ոչ ոք չէր նայում։ Մտա ներս, ամենուր կտորտանքներ էին, գավաթներ, ափսեներ, բաժակներ, պղնձի և ապակու բեկորներ, դրանց վրայով քայլեցի։ Պատին մի բարձր մեխից կախված մի լապտեր այդ ամբողջ աղմուկի ընթացքում չէր մարել, բայց սրճարանի՝ կտորտանքներով ծածկված հատակը, մաս-մաս եղած սեղանները, աթոռներից մնացած տախտակի կտորները առաստաղի՝ ծխից մնացած հետքերն էր լուսավորում։ Բարձերն իրար վրա դնելով՝ ձգվեցի վեր ու հանգցրի լամպը։ Չէի կարողանում տեսնել մարդկանց արյունոտ դեմքերը, նայում էի ուրիշներին։ Մեկը տնքում էր. լամպս տեսնելուն պես բերանից մանկական ձայն դուրս եկավ, ետ քաշվեցի։ Ինչ-որ մեկն էլ էր ներս մտել։ Սկզբում ետ քաշվեցի, բայց զգացի, որ Քարան է։ Միասին մոտեցանք հատակին ընկած երրորդ մարմնին։ Լամպը մոտեցնելով դեմքին՝ երկուսս էլ տեսանք այն, ինչի մասին վաղուց գիտեինք, մեդդահին էին սպանել։ Ներկերով կնոջ նմանված դեմքին արյան հետք չկար, բայց ծնոտը, աչքերը, կարմիրով ներկված բերանր ճզմվել էին, կապտած վիզը սեղմված էր։ Ձեռքերը երկու ուղղությամբ ետ էին ընկել։ Դժվար չէր պատկերացնել, որ մեկը կնոջ հագուստով ծերուկի ձեռքերը մեջքին պահել, մյուսները բռունցքներով հարվածել էին դեմքին, հետո էլ խեղդել։ «Քարոզիչ հոջա էֆենդուն սա է հաստատ վատաբանել» ասելո՞վ էին անցել այդ գործին։ ― Լամպն այստեղ բեր,– ասաց Քարան։ Վառարանի շուրջը, թափված սրճացեխի միջի ջարդված սրճաղացների, մաղի, կշեռքի ու սուրճի գավաթների վրա ընկավ ձեռքիս լամպի լույսը։ Այն անկյունում, ուր մեդդահն ամեն երեկո նկարներն էր կախում, Քարան լամպի լույսի տակ մահացած մարդու գործիքները, գոտին, սրբիչները, թաքցրած փայտն էր փնտրում։ Դեմքիս պահելով ձեռքիցս վերցրած լամպը՝ ասաց, որ մտածում է նկարների մասին։ Այո, իհարկե, դրանցից երկուսն էլ ես էի ընկերաբար նկարել։ Կարողացանք գտնել միայն լուսահոգու սափրած գլխին դրած իրանյան գլխարկը։ Նեղ անցումով, որ դռան կողմն էր տանում, առանց որևէ մեկին հանդիպելու գնացինք դեպի գիշերվա մթությունը։ Սրճարանի վրա հարձակման ժամանակ ներսի բազմությունն ու նկարիչները հավանաբար այս դռնով դուրս Էին եկել ու փախել, բայց շրջված ծաղկամաններից, սուրճի պարկերից երևում էր, որ այստեղ ծեծկռտուք է եղել։ Սրճարանի վրա հարձակումը, վարպետ մեդդահի դաժան սպանությունը, գիշերվա սարսափելի մթությունը մտերմացրել էին Քարային ու մեզ։ Մեր միջև, կարծում եմ, լռության պատճառն էլ դա էր։ Երկու փողոց անցանք, Քարան ինձ տվեց լամպը, հետո դաշույնը հանելով՝ սեղմեց կոկորդիս։ ― Գնալու ենք քո տուն,– ասաց։― Ուզում եմ այնտեղ էլ փնտրել, որ հանգիստ լինեմ։ ― Արդեն փնտրել են,― ասացի ես ու լռեցի։ Խղճահարությամն զգացում ունեի, ոչ թե զայրույթի։ Արդյոք իմ մասին տարածվող խայտառակ բամբասանքներին հավատալը չէ՞ր նշանակում, որ Քարան էլ այդ սովորական նախանձ մարդկանցից մեկն է։ Դաշույնն էլ անվստահ էր բռնել։ Իմ տունը սրճարանի ետնաբակի փողոցի հակառակ ուղղության վրա էր։ Այդ պատճառով, մարդկանց չհանդիպելու համար թաղամասերով, փողոցներում աջ ու ձախ պտտվելով, թաց ու միայնակ ծառերի տխուր հոտով ամայի այգիներով անցնելով՝ լայն աղեղ գծեցինք։ Սրճարանի աղմուկը, որի շուրջը պտտվեցինք, երբեք չդադարեց։ Փողոցներում էլ էրզրումցիների և նրանց ետևից ընկած ենիչերիների, թաղամասի պահակների, երիտասարդների վազվզոցն էինք լսում։ Ճանապարհի կեսն անցնելով՝ մի տեղ էինք հասել, երբ Քարան ասաց. ― Երկու օր է՝ վարպետ Օսմանի հետ գանձարանի սենյակում հին վարպետների հրաշքներն էին նայում։ Երկար լռեցի, հետո չգիտես ինչու՝ գոռացի. ― Մի տարիքից, եթե նկարիչն անգամ Բեհզադի հետ նույն աշխատանքային սեղանի մոտ նստի, տեսածները կարող են միայն նրա աչքն ուրախացնել, հոգուն հանգստություն ու ոգևորություն բերել, բայց նրա տաղանդը չեն հարստացնում։ Որովհետև նկարը ոչ թե աչքով, այլ ձեռքով է արվում, ոչ միայն վարպետ Օսմանի տարիքում, այլև անգամ իմ տարիքում է դժվար սովորելը։ Բղավելով էի խոսում, որպեսզի իմ գեղեցիկ կինը, ով, վստահ Եմ, սպասում էր ինձ, հասկանա, որ մենակ չեմ, այլ ոչ թե որովհետև դաշույնով, ինքնասիրահարված այս խեղճ հիմարին լուրջ էի ընդունում։ Բակի դռնով անցնելիս տանը կարծես տեսա լամպի դողացող լույսը, բայց հիմա, փառք Աստծու, ներսում մութ էր։ Այս տանն իմ ամբողջ ժամանակը և օրերը Աստծու հիշողությունները փնտրելով, նկարելով էի անցկացնում, աչքերս հոգնելուն պես էլ աշխարհի գեղեցկուհի իմ սիրելիի հետ սեր էի անում։ Այժմ այս դրախտային տունս դաշույնով մտած կենդանու ներխուժումը նման էր իմ անձնական կյանքին կոպիտ միջամտության, երդվեցի Քարայից վրեժ լուծել։ Իմ թղթերին, ավարտին հասցրածս մի էջին, պարտքի կապանքներից ազատվելու համար սուլթանի գթասրտությանն արժանացած դատապարտյալների նկարին, իմ ներկերին, գրքերի տախտակներին, դանակներիս, սրիչներիս, վրձիններիս, իմ գրատախտակի շուրջ ամեն ինչին, կրկին՝ թղթերիս, կնիքներիս, մատիտի սրիչներիս, մատիտի և թղթերի տուփերի արանքում ու պահարանին, սնդուկներին, բարձերի տակ, թղթի մկրատներից մեկին, փափուկ կարմիր բարձին և հետո՝ գորգի տակ, և կրկին պտտվելով՝ նույն տեղերին ձեռքի լամպը մոտեցնելով՝ նայեց։ Դաշույնը հանեց, ինչպես ասել էր, սկսեց աշխատասենյակս խուզարկել։ Կարծես թե չէի կարող այն, ինչ պետք էր թաքցնել, թաքցրած լինել այն սենյակում, որտեղից կինս հիմա մեզ է հետևում։ ― Փեսայիս պատվիրած գիրքը վերջին նկար ուներ,― ասաց։― Նրան սպանողը գողացել է այդ նկարը։ ― Մյուսներից տարբերվում էր,― անմիջապես ասացի ես։– Մի անկյունում էլ լուսահոգի փեսադ պատվիրել էր ծառ նկարել։ Ետևում մի տեղ... Մեջտեղում ու առջևում մեկի նկարն էր լինելու, հավանաբար մեր սուլթանի նկարը։ Մեծ մասն արդեն պատրաստ էր, բայց նկարն ավարտին չէինք հասցրել։ Ինչպես ֆրանսիացիներն են անում, քանի որ այդ նկարում ետևի մարմինները փոքրանում էին, ցանկացել էր, որ ծառը փոքր նկարեի։ Նկարը շարունակելով՝ հասկացա, որ այն ոչ թե նկարի է նման, այլ ասես պատուհանից երևացող մեր աշխարհին։ Այդ ժամանակ հասկացա, որ ֆրանսիացիների հեռապատկերի ոճով արվող այդ նկարի քանոններով գրությունը պատուհանի շրջանակի է նման։ ― Շրջանակն ու գրությունը Զարիֆ էֆենդին էր անում։ ― Եթե դա ես հարցնում, ապա ես ասել էի, որ նրան չեմ սպանել։ ― Մարդ եթե մեկին սպանի էլ, չի ասի դրա մասին,– արագ ասաց նա ու հարցրեց, թե սրճարանի վրա հարձակման ժամանակ այնտեղ ինչ էի անում։ Լապտերը դրել էր իմ նստած բարձից քիչ այն կողմ, իմ թղթերի, նկարածս էջերի միջև, այնպես, որ դեմքս լուսավորվի։ Իսկ ինքը սենյակում, մթան մեջ ստվերի պես պտտվում էր։ Ձեզ ասածներս, այն, որ իրականում սրճարան քիչ էի գնում, այնտեղով պատահական էի անցնում, որ պատի նկարներից երկուսը նկարել էի, բայց իրականում ինձ դուր չէր գալիս այն, ինչ տեղի էր ունենում սրճարանում, այդ ամենն ասացի։ ― Որովհետև,– ասացի ես,– նկարչության ուժը ոչ թե նկարչի տաղանդից, նկարչության սիրուց և Աստծուն հանդիպելու ցանկությունից է բխում, այլ կյանքի վատությունները նվազեցնելու և պատժելու ցանկությունից, եթե վերցնի, ի վերջո, իրեն կստորացնի և կպատժի։ Թե՛ էրզրումցի քարոզչին, թե՛ սատանային, թե իրեն կարող է ստորացնել։ Բացի այդ, եթե այդ սրճարանի տերն էրզրումցիների հետ չվիճեր, այս գիշեր գուցե ոչինչ չպատահեր։ ― Բայց միևնույն է, գնում ես այնտեղ,– ասաց ստորը։ ― Գնում էի, որովհետև այնտեղ նաև զվարճանում էի։ Հասկանո՞ւմ էր, թե որքան անկեղծ էի խոսում։ ― Մենք՝ ադամորդիներս, չնայած մեր խղճով ու խելքով գիտենք, որ մի բան վատ է ու սխալ այդ բանից կարող ենք մեծ հաճույք ստանալ,― ավելացրի ես։– Այդ էժան նկարներից, կրկնօրինակումներից, առանց տեմպի, առանց հանգի, կոպիտ պատկերված սատանայի, փողի, շան պատմություններից հաճույք ստանալու համար էլ եմ ամաչում։ ― Այդ դեպքում ինչո՞ւ էիր գնում այդ անհավատների սրճարանը։ ― Լավ,– ասացի ես՝ հետևելով իմ ներքին ձայնին,– երբեմն ինձ էլ է կասկածը կրծում։ Ասեմ, որ ես արվեստանոցի վարպետներից ամենաընդունակն եմ և ամենատաղանդավորը, ոչ միայն վարպետ Օսմանի, այլև մեր սուլթանի բացահայտ ուշադրությանն արժանանալուց ի վեր մյուս նկարիչներն ինձ այնպեն սկսեցին նախանձել, ու որպեսզի ինձ չվերացնեն, գոնե մեկ-մեկ գնում էի այնտեղ, ուր նրանք են լինում, փորձում էի նմանվել նրանց։ Հասկանո՞ւմ ես։ Այն պահից ի վեր, երբ սկսեցին ասել, որ ես էրզրումցի եմ, գնում էի այդ խղճուկ անհավատների սրճարանը, որպեսզի ոչ ոք չհավատա այդ բամբասանքին։ ― Վարպետ Օսմանն ասաց, որ շատ բան է արել, որպեսզի քո ընդունակության և վարպետության հանդեպ ցուցաբերած վերաբերմունքի համար ներողություն խնդրի։ ― Ուրիշ ի՞նչ է ասել իմ մասին։ ― Որպեսզի հավատան, որ հանուն նկարչության հրաժարվել է կյանքից, բրնձի, եղունգի վրա փոքրիկ, հիմար նկարներ նկարելուդ մասին ասաց։ Ասաց, որ Աստծու պարգևած տաղանդից ամաչելուդ համար միշտ մարդկանց ես փորձում դուր գալ։ ― Վարպետ Օսմանը Բեհզադի հետ նույն աստիճանին է,― անկեղծ ասացի ես։– Ուրի՞շ։ ― Առանց քաշվելու պատմեց նաև քո թերությունների մասին,― ասաց ստորը։ ― Ասա իմ թերությունները։ ― Չնայած քո տաղանդին՝ ոչ թե նկարչության հանդեպ սիրո, այլ մարդկանց դուր գալու համար նկարելուդ մասին ասաց։ Նկարելիս քեզ ամենաշատ ուրախացնողը նկարին նայողների ստացած հաճույքի մասին երազելն է։ Մինչդեռ պետք է կարողանաս քո հաճույքի համար նկարել։ Սիրտս կոտրեց, որ վարպետ Օսմանը կյանքը ոչ թե նկարչությանը, այլ գրքին, նամակագրությանը և շողոքորթությանը նվիրելու հակում ունեցող մարդուն իմ մասին մտածածներն այսքան բացահայտորեն է ասել։ Քարան շարունակեց. ― Ասաց, որ հին մեծ վարպետներն ամբողջ կյանքում նվիրել են իրենց ոճին, մի նոր շահի ուժին, նոր արքայազնի հաճույքին կամ ժամանակի հեգնանքին հնազանդվել, այդ պատճառով իրենց ոճին հավատարիմ մնալու համար իրենց հերոսաբար կուրացրել են։ Մինչդեռ սուլթանի ցանկության պատրվակով դուք իմ փեսայի գրքի էջերի համար ֆրանսիացի վարպետների հաճույքով, անամոթաբար կրկնօրինակումներ եք արել։ ― Մեծ վարպետ գլխավոր նկարիչ Օսմանը վատ բան նկատի չի ունեցել,– ասացի ես։– Լորենու թեյ պատրաստեմ հյուրիս համար։ Անցա կողքի սենյակ։ Սիրելիս հագել էր մանրավաճառ Էսթերից գնած չինական մետաքսե գիշերանոցը, ինձ մոտենալով՝ «լորենու թեյ պատրաստեմ հյուրիս համար» ասելով՝ ինձ կրկնօրինակեց ու ձեռքը տարավ իմ եղեգին։ Մեր բաց անկողնուն ամենամոտ պահարանի ներքևից, վարդաբույր սպիտակեղենի արանքից ագաթով զարդարված պոչով թուրը վերցրի, հանեցի պատյանից։ Ծայրն այնքան սուր էր, որ եթե անգամ վրան մետաքսե թաշկինակ գցեի, երկու կես կաներ, եթե ոսկե թերթիկ գցեի, կտորները քանոնով կտրվածի պես ուղիղ կստացվեին։ Թուրս թաքցնելով՝ վերադարձա իմ աշխատասենյակ։ Քարա էֆենդին ինձ հարցաքննելուց այնքան գոհ էր, որ դաշույնը ձեռքին դեռ պտտվում էր կարմիր բարձի շուրջը։ Կիսով չափ նկարված մի էջ դրեցի նրա առաջ։ ― Նայիր սրան,– ասացի։ Հետաքրքրված ծնկի եկավ, փորձեց հասկանալ։ Անցա նրա ետևը, թուրս հանեցի, արագորեն հենվելով նրան՝ հատակին գցեցի։ Դաշույնն ընկավ։ Մազերից բռնելով՝ գլուխը գետնին սեղմելով՝ թուրս ներքևից սեղմեցի կոկորդին։ Ծանր մարմնովս երեսնիվայր պառկեցրածս Քարայի նուրբ մարմինը ճզմում էի, ծնոտովս ու ձեռքովս գլուխը սուր թրի ծայրին հպվելու չափ սեղմում։ Մի ձեռքիս կեղտոտ մազերն էին, մյուս ձեռքս թուրը սեղմել էր նրա ծնոտի նուրբ մաշկին։ Նա խելամտորեն ընդհանրապես չշարժվեց, որովհետև կարող էի սպանել։ Գանգուր մազերի, ապտակ հասցնելու հրավեր նետող ծոծրակի, տգեղ ականջների այդքան մոտ լինելն ինձ ավելի էր նյարդայնացնում։ ― Ինձ դժվար եմ զսպում, որ քեզ այստեղ չսպանեմ,― շշնջացի ես նրա ականջին, ասես գաղտնիք էի հայտնում։ Ինձ դուր եկավ, որ խելոք երեխայի պես, առանց ձայն հանելու լսում էր։ ― «Շահնամեի» լեգենդը գիտե՞ս,– շշնջացի ես,― Երբ հայրր՝ Ֆերիդուն շահը, մի սխալ բան է անում և երկիրը երեք մասի բաժանելիս ամենավատ երկրները երկու մեծ որդիներին, իսկ ամենալավը՝ Իրանը, Իրեչին է թողնում, Թուրը, որ վճռում է վրեժ լուծել, փոքրիկ եղբայր Իրեչին, ում նախանձում էր, խաբում է և կոկորդը կտրելուց առաջ մազերը, ինչպես ես եմ արել, այսպես բռնում է ու ինձ պես, ամբողջ ուժով հենվում եղբոր վրա։ Մարմնիս ծանրությունը զգո՞ւմ ես։ Չպատասխանեց, բայց զոհաբերության ոչխարի պես նայող աչքերից հասկացել էի, որ լսում է, և ներշնչանքը եկավ. ― Ոչ միայն նկարում, թուրը կզակին հենելով՝ գլուխը կտրելու գործում էլ ես հավատարիմ եմ իրանյան ոճին։ Այս շատ սիրված տեսարանի մեկ այլ տեսակն էլ շահ Սիավուշի մահը պատմող նկարներում եմ տեսել։ Ինձ անձայն լսող Քարային երկար պատմեցի Սիավուշի եղբայրների՝ վրեժին պատրաստվելը, ամբողջ պալատը, ունեցվածքն այրելով, նրա կնոջ հետ հարաբերություն ունենալով, ձին նստելով՝ բանակի հետ արշավանքի ղուրս գալը, պատերազմում պարտվելը, դիակներով ծածկված պատերազմի դաշտի փոշու մեջ ինչպես մազերից բռնած՝ գետնով մեկ քարշ գալով՝ նրա պես երեսնիվրայր պառկելը, ի վերջո, լեգենդար շահի ընկերներն ու թշնամիներն ինչպես «կյանք, թե ներում» վեճի բռնվեցին, և դեմքը՝ հողին, պարտված շահի այս ամբողջ քննարկումը լսելը ու հարցրի իմ զոհին. ― Սիրո՞ւմ ես այդ նկարը։ Ասես գետնին պառկած Սիավուշին եմ ետևից մոտենում, կոկորդին թուրը հենած Գորույի պես մազերդ այսպես բռնելով՝ կոկորդը կտրելու եմ։ Քիչ անց թափվող արյունը նախ չոր հողից փոշի է բարձրացնելու, հետո այնտեղ ծաղիկ է բացվելու։ Մի պահ լռեցի, ականջ դրեցինք հեռվում՝ փողոցից փողոց բղավելով վազող էրզրումցիներին։ Դրսի արհավիրքն ու սարսափն իրար վրա պառկած մեզ ավելի մոտեցրեց։ ― Բայց այդ բոլոր նկարներում,– ասացի ես՝ ափիս մեջ ավելի սեղմելով Քարայի մազերը,― և՛ մարմինները՝ մեզ պես իրար են սեղմված, և՛ միմյանց ատող երկու մարդու հաղթական ուժն է զգացվում։ Կարծես այդ խորհրդավոր ու հիանալի գլխատման պահի դավաճանության, նախանձի և պատերազմների խառնաշփոթն այդ նկարների մեջ շատ է ներծծվել։ Քազվինի ամենամեծ վարպետներն անգամ իրար վրա պառկած երկու տղամարդ նկարելիս դժվարանում են. ամեն ինչ խառնում են իրար։ Մինչդեռ, տես, ես ու դու ավելի մոտ ենք իրար, ավելի ազնվական ենք։ ― Թուրը կտրում է,– տնքաց նա։ ― Խոսելուդ համար շնորհակալ եմ, սիրելի՛ս, բայց չի կտրում։ Ես ուշադիր եմ, մեր վիճակը փչացնող ոչինչ չեմ անի։ Հին մեծ վարպետների պատկերած բոլոր սիրո, մահվան, պատերազմների տեսարաններում բախվող մարմինները մեկ մարմնի պես կարողանում են մեզ հուզել։ Տես՝ ծնոտս այնպես է հենվել ծոծրակիդ, ասես մարմնիդ մի մասն է։ Մազերիդ ու ծոծրակիդ հոտն եմ զգում։ Ոտքերս այնպես ներդաշնակորեն են տարածվել ոտքերիդ երկու կողմում, որ տեսնողը մեզ չորքոտանի նուրբ կենդանի կարող է համարել։ Մեջքիդ ու հետույքիդ վրա զգո՞ւմ ես ծանրությանս հավասարակշռությունը։ Լռություն տիրեց, բայց թուրը չսեղմեցի, կարող էի վիրավորել։ ― Եթե չխոսես, ականջդ կկծեմ,― շշնջացի ես նրա ականջին։ Աչքերից հասկանալով, որ պատրաստ է խոսել, նույն հարցը կրկնեցի. ― Զգո՞ւմ ես քեզ վրա իմ ծանրությունը։ ― Այո։ ― Գեղեցի՞կ է,― ասացի ես։― Մենք գեղեցի՞կ ենք,― հարցրի ես։– Մենք հին վարպետների հրաշքներում միմյանց նրբորեն սպանող լեգենդար հերոսների պես գեղեցի՞կ ենք։ ― Չգիտեմ,– ասաց Քարան։– Մեզ չեմ տեսնում հայելու մեջ։ Պատկերացնելով, թե ներսի սենյակից մեզ հետևող կինս մեր առաջ դրված սրճարանի լամպի լույսի տակ մեզ ինչպես է տեսնում, վախեցա, որ ոգևորված կարող եմ իսկապես կծել Քարայի գլուխը։ ― Իմ տուն ու անձնական կյանք քո դաշույնով մտած, ինձ հարցաքննող Քարա՛ էֆենդի,― ասացի ես։– Հիմա քեզ վրա զգո՞ւմ ես իմ ծանրությունը։ ― Զգում եմ նաև, որ իրավացի ես։ ― Այժմ կրկին տուր հարցդ։ ― Ինձ պատմիր, թե վարպետ Օսմանը քեզ ինչպես էր շոյում։ ― Աշակերտությանս տարիներին, երբ ավելի նիհար էի, նուրբ ու գեղեցիկ, նա ինձ վրա էր պառկում, ինչպես ես հիմա քեզ վրա։ Շոյում էր թևերս, երբեմն ցավեցնում էր, բայց քանի որ նրա գիտելիքով, տաղանդով և ուժով հիանում էի, դա ինձ դուր էր գալիս ու վատ չէի զգում, որովհետև սիրում էի նրան։ Վարպետ Օսմանին սիրելս ինձ համար դեպի նկարելը, գույները, թուղթը, գրիչը, նկարի գեղեցկությունը, նկարվող ամեն բան և այսպիսով դեպի աշխարհն ու Աստված տանող ճանապարհ է։ Վարպետ Օսմանն ինձ համար հորից էլ ավելին է։ ― Շա՞տ էր ծեծում,― հարցրեց նա։ ― Ինչպես հայրն է ծեծում՝ տեղին և արդարության զգացումով, ինչպես վարպետն է ծեծում՝ ցավեցնելով, պատժելով սովորեցնելու համար էր ծեծում։ Այսօր գիտեմ, որ շատ բան ավելի լավ ու ավելի արագ եմ սովորել քանոններով մատներիս ստացած հարվածների ցավից ու վախից։ Աշակերտությանս տարիներին, որպեսզի հագուստիցս բռնելով՝ գլուխս պատերին չխփեր, սովորեցի շատ ներկ, ոսկեջուր չծախսել, ոսկեգույն ելևէջները հիշել, քանոնագրի սխալը ծածկել, վրձիններս ճիշտ ժամանակին մաքրել և ամբողջ ուշադրությունս ու հոգիս նվիրել էջին։ Իմ տաղանդի և վարպետության համար պարտական եմ ստացածս ծեծերին, այդ պատճառով այժմ աշակերտներիս առանց խղճի խայթի եմ ծեծում։ Անգամ անիրավ ծեծը, եթե չի կոտրում աշակերտի հպարտությունը, ի վերջո, գիտեմ, որ օգուտ կբերի երեխային։ ― Բայց միևնույն է, գեղեցկադեմ, գեղեցիկ հայացքով, հրեշտակի բնավորությամբ աշակերտին ծեծելիս երբ սեփական հաճույքի համար երբեմն պարանի ծայրը բաց ես թողնում, հասկանում ես, որ վարպետ Օսմանն էլ է քեզ հետ նույն կերպ է վարվել, չէ՞։ ― Երբեմն մարմարե կնիքով այնպես էր խփում, որ օրերով ականջս զնգում էր, խենթացնում էր ինձ։ Երբեմն այնպիսի ապտակ էր հասցնում, որ շաբաթներ շարունակ այտս արտասվելու չափ ցավում էր։ Դրանք հիշում եմ, բայց սիրում եմ վարպետիս։ ― Ո՛չ,― ասաց Քարան,― նրա վրա զայրանում էիր։ Քո մեջ կուտակվող զայրույթի վրեժը փեսայիս եվրոպական ոճով գրքի համար աշխատելով էիր առնում։ ― Դու չես ճանաչում նկարիչներին։ Ճիշտ հակառակը՝ մանկության տարիներին ստացած ծեծը նկարչին մինչև վարպետի մահը նրա հետ սիրով է կապում։ ― Իրեչը Սիավուշի կոկորդը, ինչպես դու ես հիմա անում, դաժանաբար ու դավաճանի պես՝ եղբայրական նախանձի պատճառով կտրեց։ Իսկ եղբայրների նախանձի պատճառը «Շահնամեում» միշտ անարդար հայրն է... ― Ճիշտ է։ ― Ձեզ մեկը մյուսին միացնողը ձեր անարդար հայրն է, հիմա էլ ձեզ են պատրաստում դավաճանության,– ասաց նա լկտիաբար։– Ա՜խ, մի՛ արա, կտրում է,– ասաց նա։ Ցավից մի քիչ էլ բղավեց։– Կոկորդս կտրելով՝ արյունս զոհաբերվող ոչխարի պես թափելը վայրկյանի գործ է, այո՛,― ասաց նա։– Բայց այս պատմածներս առանց լսելու եթե անես, առանց այդ էլ չեմ հավատում, որ անելու ես, ա՜խ, բավական է, տարիներ շարունակ մտածելու ես նրա մասին, ինչ չթողեցիր, որ ասեմ։ Մի քիչ թուլացրու, մի՛ սեղմիր թուրը։ Թուլացրի։ ― Վարպետ Օսմանը, որ մանկությունից ի վեր ձեր բոլոր քայլերին, շնչին է հետևել, Աստծու պարգևած ձեր տաղանդը սեփական ուշադրությամբ գարնանային ծաղկի պես բացել է, դրան երջանկությամբ հետևել է, հիմա ձեզ մեջքով է շրջվում, որպեսզի պաշտպանի արվեստանոցն ու ոճը, որին իր ամբողջ կյանքն էնվիրել։ ― Ոճ կոչվածի տգեղ լինելը հասկանալու համար Զարիֆ էֆենդուն հողին հանձնելու օրը քեզ երեք պատմություն էի արել։ ― Դրանք նկարչի ոճի մասին էին,– ուշադրությամբ ասաց Քարան։― Իսկ վարպետ Օսմանի խնդիրը արվեստանոցը պաշտպանելն էր։ Զարիֆ էֆենդուն ու փեսային սպանած ստորին գտնելուն ուղղված սուլթանի ուշադրությունը, այդ նպատակով նրանց առաջ Էնդերունի գանձարանի դուռն անգամ բացելը, վարպետ Օսմանի վերաբերմունքը, Էնիշթեի գրքին խոչընդոտելը և իրեն դավաճանելով՝ ֆրանսիացի վարպետների կրկնօրինակությունները սկսողներին պատժելու համար օգտագործելը երկար պատմեց։ Կտրած ռունգերով ձիու ոճի պատճառով Զեյթինին կասկածելը, բայց որպես գլխավոր նկարիչ՝ վստահ ասաց, որ Լեյլեքին դահիճներին է հանձնելու։ Թրի ճնշման տակ զգում էի, որ ճիշտ է խոսում, պատմությանը երեխայի պես նվիրվելու պատճառով ցանկացա նրան համբուրել։ Իմ լսածներից չվախեցա, Լեյլեքի՝ խաղից դուրս գալը, վարպետ Օսմանի մահից հետո, Աստծու կամոք, նշանակում էր, որ ես գլխավոր նկարիչ եմ դառնալու։ Ինձ անհանգստացնողն այս բոլոր պատմածների իրականանալը չէր, այլ իրականացման հավանականությունը։ Պատմության բառերի արանքում զգացվող դատարկությունը նշանակում էր, որ վարպետ Օսմանը ոչ միայն Լեյլեքին, այլև ինձ էլ կարող էր զոհաբերել։ Անհավատալի հնարավորության մասին մտածելը ոչ միայն վախեցնում, այլև միանգամից առանց հոր մնացածի պես ինձ անտեր ու անտանիք մնալու սարսափի գիրկն էր նետում։ Ամեն անգամ, երբ մտածում էի այդ մասին, ուզում էի Քարայի կոկորդը խրել թուրը, ինձ դժվարությամբ էի զսպում և այդ խնդիրը ոչ Քարայի, ոչ էլ ինքս ինձ հետ չէի կարողանում քննարկել, Էնիշթեի գրքի համար ֆրանսիացի վարպետներից ներշնչվելով՝ մի քանի հիմար նկար անելը մեզ ինչո՞ւ էր դավաճան դարձնում։ Կրկին մտածեցի Զարիֆ էֆենդու մահվան ետևում Լեյլեքի և Զեյթինի կանգնած լինելու, իմ դեմ դավեր նյութելու մասին ու թուրը հեռացրի Քարայի կոկորդից։ ― Միասին գնանք Զեյթինի մոտ ու տունը տակնուվրա անենք,― ասացի ես։― Եթե վերջին նկարն այնտեղ է, արդեն գոնե կհասկանանք, թե ումից է պետք վախենալ։ Եթե ոչ, նրան էլ որպես ուժ կվերցնենք ու կհարձակվենք Լեյլեքի տան վրա։ Ասացի, որ կարող է ինձ վստահել, որ նրա դաշույնը երկուսիս էլ բավական է։ Անգամ լորենու թեյ չհյուրասիրելու համար Քարայից ներողություն խնդրեցի։ Երբ սրճարանի լամպը վերցնում էի հատակից, մի պահ բազմանշանակ հայացքով երկուսս էլ նայեցինք այն բարձին, որի վրա նրան պառկեցրել էի։ Լամպը ձեռքիս մոտեցա նրան և ասացի, որ կոկորդի փոքրիկ կտրվածքը մեր ընկերության խորհրդանիշն է։ Քարայի կոկորդից մի քիչ արյուն էլ էր թափվել։ Փողոցներում էրզրումցիների ու նրանց ետևից ընկածնների աղմուկը դեռ լսվում էր, բայց ոչ ոք չհետաքրքրվեց մեզնով։ Արագ հասանք Զեյթինի տուն։ Ծեծեցինք բակի դուռը, տան դուռը և պատուհաններն անհամբեր ծեծեցինք, ոչ ոք չկար։ Այնքան աղմուկ հանեցինք, որ ներսում ոչ ոք հաստատ քնած չէր կարող մնալ։ Քարան ասաց այն, ինչ երկուսս էլ մտածում էինք. ― Ներս մտնե՞նք։ Քարայի դաշույնի հաստ ու կարճ ծայրը սեղմելով դռանը՝ փորձեցի բացել սողնակը, հետո դաշույնն արանքը մտցնելով՝ ծռելով կոտրեցինք կողպեքը։ Ներսից տարիների խոնավության, կեղտի ու մենակության հոտ եկավ։ Լամպի լույսի տակ թափած անկողին տեսանք, բարձերի վրա անմիտ թափված գոտիներ, անթևնոցներ, երկու փաթաթան, վերնաշապիկներ, նաքշբենդի Իմեթոլլահ էֆենդու ֆրանսերեն-թուրքերեն բառարանը, գլխարկներ, բրդե ասեղնագործ կտորներ, խնձորի կեղևներով լի պղնձե թավա, բազմաթիվ բարձեր, անկողնու թավշե ծածկոց, ներկերը, վրձինները և նկարչի բոլոր նկարչական նյութերը տեսանք։ Սնդուկների վրայի խնամքով կտրված շերտ-շերտ հնդկական թղթերն ունկարված էջերն էի ուզում ուսումնասիրել, բայց ինձ մի կերպ զսպեցի։ Ե՛վ այն պատճառով, որ Քարան ավելի շատ էր տրամադրված, և՛ այն պատճառով, որ վարպետ նկարչին հաջողություն չի բերում իրենից պակաս տաղանդավոր մեկ այլ նկարչի իրերը խառնելը։ Զեյթինն այդքան տաղանդավոր չէ, որքան կարծում են, միայն մեծ ցանկություն ունի։ Տաղանդի պակասը հին վարպետների հանդեպ հիացմունքով էր փորձում ծածկել։ Մինչդեռ հին լեգենդները միայն նկարչի երևակայությունն են զարգացնում, նկարը նկարողը ձեռքն է։ Մինչ Քարան սպիտակեղենի զամբյուղները, բոլոր սնդուկները, տուփերի ներսն էր խուզարկում, ես առանց որևէ բանի ձեռք տալու Զեյթինի՝ Բուրսայում պատրաստված սրբիչներին, սև փայտե սանրին, բաղնիքի կեղտոտ սրբիչին, վարդաջրի շշերին, հնդկական ոճով ծիծաղելի շրջազգեստին, ժակետներին, թևերի անցքերով, ծանր ու կեղտոտ փարաջային, մի ծռված պղնձե սինիի, իր վաստակած գումարի համաձայն էժան և անխնամ իրերին ու կեղտոտ գորգերին էի նայում։ Կամ Զեյթինը շատ ժլատ էր, թաքցնում էր փողը, կամ անխնա ծախսում ինչ-որ բանի վրա... ― Իսկական մարդասպանի տուն է,– ասացի ես ներշնչանքով,– Նամազի գորգ անգամ չկա։ Բայց դրա մասին չէի մտածում։ ― Երջանիկ լինելը չիմացողի իրեր են...,– ասացի ես։ Բայց մյուս կողմից էլ տխրությամբ զգում էի, որ սատանայի հետ գործարքր հաջողություն է բերում նկարչությանը։ ― Չնայած մարդը չգիտի՝ երջանիկ կլինի, թե ոչ, կարող է երջանիկ լինել,– ասաց Քարան։ Մի սնդուկի տակից հանած Սամարղանդի կոշտ թղթի վրա արված, ետևից հաստ թղթերով ամրացված նկարներ դրեց իմ առաջ։ Խորասանից՝ գետնի տակից դուրս եկած մի սիրալիր սատանա տեսանք, մի ծառ, մի գեղեցիկ կին, մի շուն և իմ նկարած մահվան նկարը. սպանված մեդդահի՝ ամեն երեկո խայտառակ պատմություն պատմելիս պատից կախած նկարներ էին սրանք։ Քարայի հարցին ի պատասխան՝ նրան ցույց տվեցի մահվան նկարը։ ― Փեսայիս գրքում էլ նույն նկարները կան,– ասաց նա։ ― Մեդդահն էլ, սրճավաճառն էլ հասկացել էին, որ ամեն երեկո պատից կախվելիք նկարը նկարիչներին պատվիրելն ավելի խելացի է։ Մեզ՝ նկարիչներիս, պատվիրում էին հաստ թղթի վրա արագ նկարել, հարցնում էին պատմության, այդ նկարի նկարիչների մասին, մի քիչ էլ իրենք Էին հորինում, և պատմությունը պատրաստ էր։ ― Ինչո՞ւ ես փեսայիս գրքի համար արածդ մահվան նկարը նրա համար էլ նկարել։ ― Մեդդահի ուզածի պես դա անկախ նկար էր, բայց Էնիշթեի գրքի համար նկարելու պես, ոչ թե ջանք թափելով, այլ շատ արագ ու ձեռքիս թելադրանքով նկարեցի։ Մյուսներն էլ այսպիսով, գուցեև կատակելու համար, այդ գաղտնի գրքի համար նկարածի ավելի կոպիտը և պարզը նկարեցին մեդդահի համար։ ― Ձին ո՞վ է նկարել,― հարցրեց նա։― Ռունգերը կտրված են։ Լամպը մոտեցնելով՝ հիացմունքով նայեցինք ձիուն։ Նման էր իր փեսայի գրքի համար նկարված ձիուն, բայց ավելի արագ, ավելի քիչ խնամքով և ավելի էժան ճաշակի տեր մարդկանց համար էր արված։ Կարծես մեկը նկարչին ավելի քիչ փող վճարելով՝ ոչ միայն բավարարվել էր արագ նկարելով, այլև ավելի կոպիտ ու հավանաբար հենց այդ պատճառով ավելի ծեր ձի էր ստիպել նկարել։ ― Ամենալավը Լեյլեքը կիմանա, թե ով է այս ձին նկարել,– ասացի ես,― նա ինքնասիրահարված հիմար է, քանի որ առանց նկարիչների բամբասանքները լսելու չի կարող ապրել, ամեն երեկո գնում է սրճարան։ Վստահ եմ, որ այս ձին Լեյլեքն է նկարել։ == 56. Իմ անունը Լեյլեք է == Քելեբեքն ու Քարան կեսգիշերին եկան, նկարները մեկ առ մեկ դրեցին հատակին ու պահանջեցին, որ ասեմ, թե որ նկարն ով է արել։ Մանկությանս տարիներին մեր խաղացած «գլխարկն ումն է» խաղին էր նման, թղթերի վրա հոջայի, հեծյալի, կնոջ, դահճի, մատենագրի և քարտուղարի գլխարկներ, գլխի փաթաթաններն էինք նկարում և պետք է դրանք միացնեինք շրջած այլ թղթերի վրա չերևացող անունների հետ։ Ասացի, որ շան նկարը ինքս եմ արել։ Նրա պատմությունը բոլորս պատմել էինք դաժանորեն սպանված մեդդահին։ Ասացի, որ մահվան նկարը, որի վրա ալիքվում էր լամպի լույսը, դաշույնը կոկորդիս սեղմած սիրելի Քելեբեքն էր նկարել։ Հիշում էի, որ Զեյթինը մեծ հաճույքով նկարել էր սատանայի նկարը, պատմությունը գուցե լուսահոգին ինքն էր հորինել։ Ծառը ես էի սկսել նկարել, սրճարան եկող բոլոր նկարիչները տերևներն էին նկարել։ Պատմությունն էլ մենք էինք պատմել։ Կարմիրի նկարն էլ էր այդպիսին. մի նկարի վրա կարմիր ներկ էին կաթացրել. ժլատ մեդդահը մտածում էր՝ արդյոք դրա հիման վրա կարելի՞ է պատմություն հորինել։ Մի քիչ էլ կարմիր քսեցինք, հետո բոլոր նկարիչները նկարի մի անկյունում ոչ միայն կարմիր գույնի ինչ-որ բաներ նկարեցին, այլև իրենց նկարածի պատմությունն արեցին, որպեսզի մեդդահն էլ ուրիշներին պատմի։ Այս գեղեցիկ ձին Զեյթինն է նկարել, բրավո։ Իսկ տխուր կնոջը, հիշեցի, որ Քելեբեքն է նկարել։ Այդ պահին Քելեբեքը դաշույնը հեռացրեց կոկորդիցս և Քարային ասաց, որ ինքն է նկարել գեղեցիկ կնոջը, այո, ասաց, թե նոր հիշեց։ Շուկայի փողը բոլորս էինք նկարել, երկու դերվիշին էլ, իհարկե, Զեյթինն էր նկարել, ում տոհմում Քալենդերի դերվիշներ կային։ Սրանց հավատը հիմնված է մուրացկանության և գեղեցիկ տղաների հետ սիրով զբաղվելու վրա, այդ պատճառով նրանց առաջնորդ Եհվադուդ Դինի Քիրմանին երկու հարյուր հիսուն տարի առաջ այս մասին գիրք գրելով՝ մի բանաստեղծության մեջ ասել էր, որ Աստծու գեղեցկությունը երևում է գեղեցկադեմ մարդկանց մեջ։ Վարպետ նկարիչ եղբայրներ, շատ կներեք մեր տան այս տակնուվրա վիճակի համար, հանկարծակիի եկանք, ձեզ ոչ բուրումնավետ սուրճ հյուրասիրեցինք, ոչ էլ քաղցր թուրինջ, որովհետև կինս ներսի սենյակում քնած է։ Այդպես ասացի, որ հաճույքով բացած զամբյուղների, սնդուկների տակի բրդե կտորների, գոտիների կաշվի, հնդկական մետաքսից և քողից ամառային գոտիների, նախշազարդ իրանական կտորների և անթևնոցների մեջ և գորգերի, բարձերի տակ ու տարբեր գրքերի համար պատրաստածս նկարազարդ էջերի և կազմապատ գրքերի էջերի մեջ փնտրածը չգտնելով՝ արագ չմտնեն կողքի սենյակ, և ես ստիպված չլինեմ արյուն թափել։ Բայց խոստովանեմ՝ ինձ դուր էր գալիս ձևացնել, թե նրանցից վախենում եմ. նկարչի տաղանդը, և այս պահի գեղեցկությանը համակ ուշադրություն դարձնելով՝ ամեն ինչ բոլոր դետալներով լուրջ ընդունելու, և իրեն չափից դուրս լուրջ ընդունող աշխարհին, մի քայլ ետ քաշվելով՝ ասես հայելու մեջ նայելու վրա է հիմված։ Այսպիսով, ինչպես գիտեք, այո՛, էրզրումցիների հարձակման ժամանակ մեծ մասը երեկոյանալուն պես գնացել էր սրճարան։ Ասացի, որ ներսում ինձ հետ Զեյթինը, քանոնագիր Նասրրի, գրիչ Ջեմալի, երկու երիտասարդ նկարչի, այդ պահին նրանց հետ շփվող երիտասարդ գրիչների և ամենագեղեցիկ աշակերտ Րահմիի, այլ գեղեցիկ աշակերտների, բանաստեղծների, գինովցածների, թմրամոլների և դերվիշների թիմից վեց-յոթ մարդու ու սրճագործին խաբելու համար երջանիկ և կատակասեր բազմությանը միացած այլ մարդկանց հետ քառասուն հոգի ենք եղել։ Պատմեցի, որ երբ հարձակումը սկսվեց, բոլորն անհանգստացան, սրճավաճառի անշնորհքություններով հետաքրքրվող բագմությունը մեղքի զգացումով սկսեց դիմացի ու ետևի դռներից փախչել, և այդ պահին ոչ ոք չմտածեց պաշտպանել սրճարանն ու կնոջ հագուստով խեղճ ծեր մեդդահին։ Տխո՞ւր էի այդ պատճառով։ Այո։ Ամբողջ կյանքս անկեղծորեն նկարչությանը նվիրած ես՝ Մուսաֆիր Մուսթաֆաս, այլ անունով հայտնի՝ Լեյլեքս, ամեն երեկո իմ նկարիչ եղբայրների հետ մի տեղ նստելով՝ զրուցելը, կատակելը և ծաղրելը, գեղեցիկ խոսքեր, բանասեղծություններ, երկիմաստ խոսքեր ասելն անհրաժեշտ եմ համարում։ Սա ասացի նախանձից տառապած, արտասվալից աչքերով գեր տղայի ոճով հիմար Քելեբեքի աչքերի մեջ նայելով։ Քելեբեքր, որի աչքերը դեռ երեխայի աչքերի պես գեղեցիկ էին, աշակերտության տարիներիս շատ զգացմունքային էր, հիանալի մաշկով գեղեցիկ տղա էր։ Այսպիսով, երբ կրկին հարցրին, ասացի, որ քաղաքով, թաղամասով մեկ զբոսնող, աշխատող լուսահոգի ծեր մեդդահի՝ սրճարանում պատմասացություն անելու երկրորդ օրը մի նկարիչ, գուցե հարբած լինելով, որպես կատակ՝ պատից այսպիսի նկար է կախել։ Այդ նկարը տեսած շատախոս մեդդահն ի պատասխան սկսեց բառի տատմերություն անել։ Դա նրան շատ դուր եկավ, և ամեն երեկո վարպետ նկարիչները սկսեցին նկարներ նկարել, իսկ մեդդահը շարունակեց կատակասերի իր գործը։ Էդիրնեցի սրճագործը էրզրումցի քարոզչի մասին սուր խոսքերը խրախուսում էր հոջայի զայրույթից վախեցող նկարիչներին և՛ ոգևորելու, և՛ սրճարան նոր հաճախորդներ բերելու համար։ Ասելով, որ մեդդահի՝ ամեն գիշեր պատից կախած այս նկարները գտել են մեր Զեյթին եղբոր տուն ներխուժելու ժամանակ, ինձ խնդրեցին, որ մեկնաբանեմ։ Ասացի, որ իմ մեկնաբանության կարիքը չկա, սրճավաճառն էլ Զեյթինի, Քալենդերի դերվիշի, մուրացկանի, գողի, վայրենու պես ստոր մարդ է։ Ասացի, որ հոջա էֆենդու բառերից և հատկապես ուրբաթ օրվա քարոզների ժամանակ հոնքերը կիտելով՝ պատմվածներից սարսափած միամիտ Զարիֆ էֆենդին այս ամենի համար բողոքել է էրզրումցիներին։ Կամ էլ, մեծ հավանականությամբ, երբ փորձել է խոչընդոտել, սրճավաճառի պես կռվարար Զեյթինը խեղճին դաժանորեն սպանել է։ Սրա վրա զայրացած էրզրումցիներն էլ Զարիֆ էֆենդուն հավանաբար Էնիշթեի գրքի մասին նրանց պատմելու, իսկ Էնիշթե էֆենդուն էլ նրան պատասխանատվության ենթարկելու համար են սպանել։ Այսօր էլ, որպես երկրորդ վրեժ, խուժել են սրճարան։ Ամեն կափարիչ բացելու, ամեն քար բարձրացնելու հաճույքով իրերս քրքրող գեր Քելեբեքը և լուրջ Քարան (նա ուրվականի նման էր) այս բոլոր պատմածներիս որքա՞ն Էին ուշադրություն դարձնում։ Զարդարված ընկուզափայտե սնդուկի մեջ իմ երկարաճիտ կոշիկները, զրահները և զենքը տեսնելուն պես Քելեբեքի մանկական դեմքին նախանձ երևաց, և կրկին հպարտորեն հայտարարեցի այն, ինչը բոլորը շատ լավ գիտեին․ բանակի հետ արշավանքի դուրս գալով՝ գնդակների զարկերին, թշնամական ամրոցների աշտարակներին, անհավատ զինվորների հագուստների գույներին, գետի ափերին թափված դիակներին և իրար վրա լցված գլուխներին, զրահակիր ձիավորների հարձակման անցնելուն ուշադիր նայելով՝ պատերազմների մասին գրքերում տեսածներս պատկերած առաջին մուսուլման նկարիչն եմ ես։ Քելեբեքը ցանկացավ ցույց տամ, թե զրահս ինչպես եմ կրում, առանց ամաչելու, սև ճագարի մորթով պատված շապիկս, վերնաշապիկս, ոտաշորս, վարտիքս հանեցի։ Վառարանի լույսի տակ ինձ հառված հայացքներից լավ զգալով՝ զրահի տակից հագա երկար և մաքուր վարտիքս, ցրտից պաշտպանվելու համար՝ կարմիր բրդից հաստ վերնաշապիկը, բրդե գուլպաներս, դեղին կաշվից երկարաճիտ կոշիկները և վրայից՝ զրահս հագա։ Զարդարված տուփից հանելով՝ հաճույքով հագա զրահս, պալատական տղային հրամայելու պես մեջքով շրջվելով՝ Քելեբեքին ասացի, որ զրահի կապերը պինդ կապի և ուսիս ամրակներն էլ հրամայեցի ամրացնել։ Անցկացրի թևերիս զրահները, հագա ձեռնոցները, ուղտի կաշվից թրի պատյանը կապեցի և, ի վերջո, որոշ եղանակների օգտագործածս արծաթազօծ սաղավարտը դնելիս հպարտորեն ասացի, որ սրանից հետո ինձ հին պատերազմների մասին պատմող նկարներում է պետք նկարել։ Ասացի, որ արդեն դեմ դիմաց կանգնած երկու բանակի հեծյալների նույն կաղապարը այս ու այն կողմ շրջելով՝ նկարել չի լինի։ Դրանից հետո Ալի Օսմանի արվեստանոցում պատերազմի տեսարանները, իմ տեսածի և նկարածի պես՝ բանակներով, ձիերով, զրահներով և արյունոտ դիակներով կնկարվի։ ― Նկարիչը ոչ թե իր տեսածը, այլ Աստծու տեսածն է նկարում,― նախանձով ասաց Քելեբեքը։ ― Այո, բայց,– ասացի ես,– մեծ Ալլահն էլ մեր տեսածն է տեսնում։ ― Իհարկե, Աստված մեր տեսածն է տեսնում, բայց մեզ պես չի տեսնում,– ասաց Քելեբեքը՝ կարծես ինձ կշտամբելով։– Այն խառը պատերազմը, որին մենք զարմանքով ենք նայում, նա իր իրար դեմ դիմաց ուղիղ կանգնած երկու բանակի տեսքով է տեսնում։ Իհարկե, ես պատասխան ունեի. ― Միայն հավատանք Աստծուն և նրա՝ մեզ ցույց տվածը միայն նկարենք, ոչ թե այն, ինչ ցույց չի տալիս,― ցանկացա ասել ես, բայց լռեցի։ Բայց երբ Քելեբեքն ինձ ֆրանսիական կրկնօրինակության համար մեղադրելով՝ կամ էլ դաշույնի մի կողմով զրահս փորձարկելու պատրվակով սաղավարտիս և մեջքիս սկսեց դաժանորեն խփել, չլռեցի։ Եթե ինձ զսպեմ, այս գեղեցիկ աչքերով հիմարին և Քարային կարողանամ հաղթահարել, կփրկվենք Զեյթինի խարդախություններից։ Հենց հասկացան, որ այստեղ ոչինչ չեն կարող գտնել, ասացին, թե ինչ են փնտրում։ Ստոր մարդասպանը մի նկար էր գողացել... Այդ պատճառով են իմ տունը խուզարկում։ Ասացի, որ հավանաբար խելացի մարդասպանն այն մի անհասանելի տեղ է թաքցրել (Զեյթինի մասին էի մտածում), բայց որքա՞ն ուշադրություն դարձրին իմ խոսքերին։ Քարան երկար պատմեց, որ կտրված ռունգերով նկարված ձիուն գտնելու համար մեր սուլթանի՝ վարպետ Օսմանին տված երեք օրն ավարտվում է։ Պնդելով, որ ռունգերը կտրված ձիերն ինչ-որ բանի նշան են, Քարան, հետևելով վարպետ Օսմանի ակնարկներին՝ այդ ձիերին Զեյթինի հետ էր կապում, բայց աչքերիս մեջ նայելով և տեսնելով իմ զայրույթը՝ ասաց, որ ամենաշատն ինձ է կասկածում։ Առաջին հայացքից թվում էր այստեղ է եկել՝ հավատալով, որ ես եմ մարդասպանը և որպեսզի դա ապացուցի, բայց իմ կարծիքով նրա գալու պատճառը միայն դա չէր։ Երբ դուռը բացեցի, Քելեբեքի ձեռքի՝ ինձ պարզած դաշույնը դողում էր։ Ե՛վ վախենում էին, որ անհայտ ստոր մարդասպանը հին ընկերոջ ժպիտով իրենց մի անկյունում կբռնի ու կոկորդը կկտրի, և՛ անհանգստանում, որ վարպետ Օսմանը մեր սուլթանի և գանձապետի հետ համաձայնության գալով՝ իրենց կհանձնի դահիճներին, և՛ դրսի էրզրումցիների բազմությունից էին վախենում։ Բայց վարպետ Օսմանը նրանց ճիշտ հակառակն էր ասել։ Այժմ, ինչպես և նրանք էին ցանկանում, պետք է նրբորեն ճիշտ հակառակը ցույց տամ։ Դա նշանակում էր մեծ վարպետի սխալվելը, ծերանալն ասելով՝ անմիջապես թշնամանալ Քելեբեքի հետ։ Որովհետև ձեռքի դաշույնով զրահս ծեծող թիթեռի թարթիչներով գեղեցիկ նկարչի մշուշոտ աչքերում կարծես դեռ տեսնում էի մեծ վարպետի հանդեպ (ում սիրելին էր ինքը) զգացած սիրո թույլ կրակները։ Իմ երիտասարդ տարիներին այս երկուսի՝ վարպետի և աշակերտի մտերմությունը այլ նկարիչների մեջ մեծ նախանձի տեղիք էր տվել, բայց նրանք ուշադրություն չէին դարձնում. բոլորի աչքի առաջ երկար նայում էին միմյանց աչքերի մեջ, բոլորի առաջ իրար հոտոտում էին, հետո վարպետ Օսմանը դաժանորեն հայտարարում էր, որ ամենատաղանդավոր գրչի, ամենալավ վրձնի տերը Քելեբեքն է։ Շատ հաճախ այս իրավացի հայտարարությունը նախանձ նկարիչների համար գրիչների, վրձինների և գրչատուփերի անշնորհք համեմատությունների, սատանայական ակնարկների ու լկտի փոխաբերությունների, հավերժական բառախաղերի պատճառ էր դառնում։ Դրա համար՝ միայն ես չէ, որ այսօր զգում էի՝ վարպետ Օսմանն իրենից հետո արվեստանոցի գործը Քելեբեքին է փոխանցելու։ Ուրիշների մոտ իմ կռվարարության, անհաշտության և համառության մասին խոսելիս հասկանում էի, թե իրականում մեծ վարպետն ինչի մասին է մտածում։ Կարծում էր, որ ես Զեյթինից ու Քելեբեքից ավելի ֆրանսիական ոճի հակում ունեմ, «հին վարպետները երբեք այսպես չէին նկարի» ասելով՝ իրականում մեր սուլթանի նոր ցանկություններր նկատի ուներ։ Այս հարցում գիտեի, որ կարող եմ Քարայի հետ սերտ համագործակցություն ունենալ, մեր նոր ու ոգևորված փեսան լուսահոգի փեսայի գիրքը ցանկանում է ոչ միայն գեղեցիկ Շեքուրեի սիրտը և նրա հոր տեղը գրավելու համար ավարտին հասցնել, այլև կարճ ճանապարհով շահել մեր սուլթանի սիրտը։ Այսպիսով, լրիվ անսպասելի տեղից բռնեցի գործի պոչը, խոսքը բացեցի՝ ասելով, որ Էնիշթեի գիրքը աննման երջանիկ հրաշք է։ Երբ այս հրաշքը մեր սուլթանի հրամայածի և լուսահոգի էնիշթե էֆենդու ցանկացածի պես ավարտվի, ամբողջ աշխարհը օսմանյան սուլթանի ուժի, հարստության և մեզ՝ նկարիչներիս տաղանդի, նրբության ու ընդունակության վրա կզարմանա։ Մեզնից, մեր ուժից և մեր դաժանությունից և կվախենան, և կմտածեն, տեսնելով, որ եվրոպացի վարպետների ոճերից մեր սովորածը, մեր երջանիկ գույները և մանր նրբությունները, ամենախելացի սուլթանների յուրահատուկ զգացածը, վախով կզգան, որ մեր արած նկարն աշխարհում ու շատ հեռվում՝ հին վարպետների աշխատանքների կողքին իր տեղն է գտել։ Քելեբեքը նախ զրահիս իրական լինելը հասկանալ ցանկացող երեխայի պես էր խփում, հետո զրահիս դիմացկունությունը ստուգել ցանկացող ընկերոջ պես սկսեց խփել, ավելի ուշ՝ սկզբի երկու պատրվակով զրահը ծակելով՝ ինձ սպանել ցանկացող անդառնալի նախաձ մարդու պես սկսեց խփել։ Իրականում հասկանում էր, որ իրենցից տաղանդավոր եմ, ավելին՝ հավանաբար ցավով զգում էր, որ վարպետ Օսմանն էլ գիտի այդ մասին։ Քանի որ Քելեբեքն Աստծու պարգևած տաղանդ ունեցող նկարիչ էր, նրա նախանձն ինձ ստիպում էր ավելի հպարտ, զգալ, ես նրա պես ոչ թե իմ վարպետին սիրաշահելու, այլ իմ սեփական տղամարդկությամբ վարպետ լինելուս պատճառով հասկացա, որ կարող եմ նրա վարպետը լինել։ Ձայնս բարձրացնելով՝ հասկացա, որ ափսոս՝ մեր սուլթանի և լուսահոգի սուլթանի այս հրաշալի գիրքը խոչընդոտել ցանկացողներ կան։ Վարպետ Օսմանը մեր բոլորի հայրն էր, վարպետը, ամեն ինչ նրանից էինք սովորել։ Բայց մեր սուլթանի գանձարանը խուզարկելով՝ ստոր մարդասպանի Զեյթին լինելը հասկանալուց հետո նրան փորձել էր անհայտ պատճառով թաքցնել։ Ասացի, որ վստահ եմ՝ տնից բացակայող Զեյթինը Ֆեներքափըի մոտերքի լքված Քալենդերի թեքքեում է թաքնվում։ Հիշեցի, թե ինչպես էր Զեյթինը գովաբանում թեքքեն՝ ասելով, որ այն ոչ թե խայտառակության և անբարոյականության օրրան լինելու, այլ իրանցիների հետ հավերժական պատերազմների պատճառով է մեր սուլթանի պապի ժամանակ փակվել։ Եթե ինձ չէր վստահում և իմ ասածի ետևում նյութվող դավ էր տեսնում, դաշույնը նրանց ձեռքին էր, կարող էին ինձ հենց այդտեղ պատժել։ Քելեբեքը դաշույնի երկու ծանր հարված էլ հասցրեց ինձ, որոնց զրահս չէր կարող դիմանալ։ Շրջվեց դեպի Քարան, ով ասում էր, որ ես իրավացի եմ, և երեխայի պես բղավեց նրա վրա։ Ետևից մոտեցա և զրահապատ ձեռքս Քելեբեքի կոկորդին փաթաթելով՝ նրան քաշեցի ինձ։ Մյուս ձեռքով նրա թևը ծալելով՝ գցեցի դաշույնը։ Իրականում ո՛չ իսկապես ծեծում էինք իրար, ո՛չ էլ խաղում։ «Շահնամեից» այս տեսարանին նման մի պատմություն արեցի։ Այդ պատմությունը շատ հայտնի չէր. ― Համարարի սարի փեշերին բոլոր զրահներով ու զենքերով իրար դեմ շարված Իրանի և Թուրանի բանակների բախման երրորդ օրը, ամեն օր մի մեծ թուրանցի ռազմիկ սպանող խորհրդավոր իրանցի ռազմիկի ինքնությունը պարզելու համար, թուրանցիները տաղանդավոր Շենզիլին են բերում ռազմի դաշտ,– սկսեցի ես իմ պատմությունը։– Երբ Շենզիլը խորհրդավոր ռազմիկին ձեռնոց նետեց, մյուսներն էլ ընդունեցին. երկու կողմի զրահները ցերեկվա լույսի տակ փայլեցին, շունչը պահած բանակի աչքի առաջ երկու հսկաների զրահապատ ձիերն այնպիսի արագությամբ բախվեցին, որ զրահներից թափվող կայծերն այրեցին ձիերի մաշկը։ Բախումը երկար տևեց։ Թուրանցին նետ արձակեց, իրանցին իր թուրն ու ձին շատ լավ օգտագործեց և, ի վերջո, խորհրդավոր թուրանցի Շենգիլին գցեց ձիուց՝ բռնելով կենդանու պոչից։ Երբ Շենգիլը ցանկացավ փախչել, նրա ետևից հասնելով՝ թիկունքից զրահներով փաթաթվեց, բռնեց կոկորդից։ Թուրանցին, ում հետաքրքրում էր, թե ով է այդ խորհրդավոր ռազմիկը, պարտությունն ընդունելուց հետո օրեր շարունակ հուսահատությամբ նույն հարց էր տալիս. ― Ո՞վ ես դու։ ― Քեզ համար իմ անունը մահ է,– ասաց խորհրդավոր ռազմիկը։ Ո՞վ էր նա։ ― Լեգենդար Ռոստամն էր,– ասաց Քելեբեքը՝ երեխայական ուրախությամբ։ Համբուրեցի նրա վիզը։ ― Մենք բոլորս դավաճանեցինք վարպետ Օսմանին,― ասացի ես։– Այժմ, քանի դեռ նա մեզ չի պատժել, պետք է գտնենք Զեյթինին, մեր ներսի թույնը թափելով՝ պետք է ճիշտ համաձայնության գանք, որպեսզի նկարչության հավերժական թշնամիների ու մեզ անհապաղ տանջողներին հանձնել ցանկացողների դեմ կարողանանք վստահ կանգնել։ Գուցեև այնտեղ՝ Զեյթինի լքված թեքքեն հասնելիս հասկանանք, որ անխիղճ մարդասպանը մեզնից մեկը չէ։ Խեղճ Քելեբեքը ոչինչ ասաց, որքան տաղանդավոր, համառ և ոտքերի վրա ամուր կանգնած լինի, չնայած նախանձին՝ միմյանց փնտրող բոլոր նկարիչների պես իրականում դժոխք գնալուց և այս աշխարհում միայնակ մնալուց էր սարսափում։ Ֆեներքափըի ճանապարհին տարօրինակ կանաչադեղնավուն լույս երևաց երկնքում, բայց դա լուսնի լույսը չէր։ Միայն այդ լույսի պատճառով գիշերները սոճիների, գմբեթների, քարե պատերի, փայտե տների և հրդեհի փլատակների ստեղծած այդ մշտական Ստամբուլի տեսարանը թշնամու ամրոցի տպավորություն էր թողնում։ Գագաթը բարձրանալիս տեսանք Բեյազիդ մզկիթի ետևի մի շինության հրդեհը։ Մթության մեջ մեզ նման դեպի պարիսպները գնացող կիսով չափ լի ալյուրի պարկերով եզան սայլերին հանդիպելուն պես երկու արծաթադրամ տվեցինք և նստեցինք։ Քարայի մոտ նկարներ կային, զգույշ նստեց։ Պառկելով՝ հրդեհի լուսավորած ցածր ամպերին էի հետևում, երբ սաղավարտիս վրա անձրևի առաջին կաթիլն ընկավ։ Երկար ճամփորդությունից հետո կեսգիշերին առանց այդ էլ լքված երևացող թաղամասում լքված թեքքեն գտնելու համար բոլոր շներին ոտքի հանեցինք։ Մի քանի քարե տներում մեր պատճառով վառվող լամպերի լույսերը տեսանք, մեր ծեծած չորրորդ դուռը միայն բացվեց, և լամպի լույսի տակ մեզ ուրվական տեսածի պես նայող գլխարկով մարդն առանց քիթը դռնից հանելու՝ նկարագրեց լքված թեքքեի տեղը, բայց հաճույքով ավելացրեց, որ վատ ջիներից, հրեշներից և ուրվականներից կստանանք մեր դասը։ Թեքքեի այգում նեխած տերևների հոտից և անձրևից բացի հպարտ սոճիների խաղաղությունը դիմավորեց մեզ. նախ թեքքեի պատերի փայտե ծածկերին, հետո էլ փոքրիկ պատուհանի անցքի փականներին նայելով՝ լամպի լույսի տակ նամազ անող կամ էլ մեզ համար ձևական նամազ անող մեկի սարսափելի ստվերը տեսա։ == 57. Իմ անունը Զեյթին է == Նամազն ընդհատելով՝ անմիջապես ոտքի կանգնելով նրանց առաջ դուռ բացելը ճի՞շտ էր, թե՞ իմ աղոթքն անելու համար նրանց անձրևի տակ պետք է սպասեցնեի։ Հասկանալով, որ ինձ հետևում են, առանց ինձ մատնելու՝ նամազս ավարտին հասցրի։ Դուռը բացելով և իմ առաջ մերոնց՝ Քելեբեքին, Լեյլեքին, Քարային տեսնելով՝ ուրախության ճիչ արձակեցի։ Քելեբեքին էլ նույն ոգևորությամբ փաթաթվեցի։ ― Ինչեր եկան մեր գլխին, ինչե՜ր,– ասացի ես՝ գլուխս թաղելով նրա ուսի մեջ։– Մեզնից ի՞նչ են ուզում։ Ինչո՞ւ են սպանում մեզ։ Նրանց մեջ ամբողջ նկարչական կյանքիս ընթացքում նկարիչներից յուրաքանչյուրի մոտ ժամանակ առ ժամանակ նկատածս անհանգստություն կար, խմբից առանձնանալ անհրաժեշտություն։ Թեքքեում անգամ իրարից չէին բաժանվում։ ― Մի՛ վախեցեք,– ասացի ես։– Այստեղ կարող եք թաքնվել որքան ուզում եք։ ― Մենք վախենում ենք, որ նա, ումից պետք է վախենանք, մեզնից մեկն է,– ասաց Քարան։ ― Այդ մասին մտածելիս ես էլ եմ վախենում,― ասացի ես։– Որովհետև ես էլ եմ այդ մասին լսել։ Բոսթանջըբաշըի մարդկանցից նկարիչների խմբին բամբասանքներ էին հասել, ասում են, որ Զարիֆ էֆենդուն և լուսահոգի Էնիշթեին արդեն այդ անթաքույց գրքի համար սպանողը մեզնից մեկն է։ Քարան հարցրեց, թե Էնիշթեի գրքի համար քանի նկար եմ արել։ ― Առաջինը սատանան էր։ Աքքոյունլու արվեստանոցներում հին վարպետների կողմից շատ անգամ պատկերված ստորգետնյա սատանա էի նկարել նրա համար։ Մեդդահն էլ էր ինձ պես մտածում, նրա համար էլ երկու դերվիշ էի նկարել։ Ես եմ քո փեսայի գրքի համար առաջարկել այն, նրան ստիպեցի ընդունել, որ օսմանյան երկրում այս դերվիշներն էլ տեղ ունեն։ ― Միայն դա՞,– հարցրեց Քարան։ Երբ Քարան այդպես հարցրեց, աշակերտի գողությունը հայտնաբերածի պես հպարտորեն գնաց դեպի դուռը, դրսից, անձրևից դեռ չթրջված մի կապոց թուղթ վերցնելով՝ ձագերին վիրավոր թռչուն բերող մայր կատվի պես մեր՝ երեք նկարչի առջև դրեց։ Դեռ բերելիս ճանաչել էի դրանք, սրճարանից այս գիշեր իմ փրկած նկարներն էին։ Չհարցրի, թե ինչպես են մտել իմ տուն և դրանք վերցրել։ Բայց Քելեբեքի ու Լեյլեքի հետ լուսահոգի մեդդահի համար մեր արած նկարները հնազանդորեն մեկ առ մեկ ցույց տվեցին։ Այսպիսով, մի ձի, գեղեցիկ ձի մնաց անկյունում՝ վիզը թեքած։ Հավատացեք, անգամ չգիտեի, որ այդպիսի ձիու նկար կա։ ― Այս ձին դու չե՞ս նկարել– ասաց Քարան՝ ցուցափայտով ուսուցչի պես։ ― Ոչ,– ասացի ես։ ― Փեսայիս գրքի նկարը։ ― Այդ ձին էլ ես չեմ նկարել։ ― Քո ոճից հասկանալի է, որ դու ես նկարել,― ասաց նա։― Բացի այդ, վարպետ Օսմանն է հասկացել։ ― Ես ոճ չունեմ,– ասացի ես։–– Չեմ ասում այժմ փչող քամու դեմ հպարտանալու համար։ Իմ անմեղությունն ապացուցելու համար էլ չեմ ասում, որովհետև ոճ ունենալն ինձ համար մարդասպան լինելուց էլ վատ է։ ― Դու ինչ֊որ բանով տարբերվում ես հին վարպետներից և մյուսներից,– ասաց Քարան։ Ժպտացի։ Ձեր, կարծում եմ՝ ձեր բոլորի իմացածը սկսեց պատմել։ Մեր սուլթանի և գանձապետի՝ միասին մարդասպանությունները կանգնեցնելու համար լուծում փնտրելը, վարպետ Օսմանին տրված երեք օրը, «ծառայի ոճը», ձիերի ռունգերը և ամենամեծ հրաշք Էնդերունի գանձարան մտնելով՝ այդ անհասանելի գրքերին իսկապես նայելու պատմությունը համակ ուշադրությամբ լսեցի։ Մեր բոլորի կյանքում կան պահեր, երբ մարդիկ հասկանում են՝ այնպիսի բան է կատարվում, որ կյանքում երբեք չեն մոռանա․ տխուր անձրև էր գալիս։ Քելեբեքը կարծես տխրելով անձրևի համար՝ բռնել էր դաշույնը։ Լեյլեքը, ում զրահի մեջքը ալյուրից լրիվ ճերմակել էր, լամպը ձեռքին՝ խիզախորեն խորանում էր թեքքեի մեջ։ Թեքքեի պատերին ուրվականների պես ստվեր գցող վարպետ նկարիչներն իմ եղբայրներն էին, և որքան էի սիրում նրանց։ Ինձ երջանիկ էի զգում նկարիչ լինելու համար։ ― Վարպետ Օսմանի հետ կողք կողքի նստելով՝ օրեր շարունակ հին վարպետների հրաշքներին նայելն ինչպիսի երջանկություն է, գիտե՞ք,― հարցրի Քարային։– Քեզ համբուրե՞լ է, շոյե՞լ է գեղեցիկ դեմքդ։ Ձեռքդ բռնե՞լ է, հիացե՞լ է քո տաղանդով, գիտելիքով։ ― Վարպետ Օսմանը հին վարպետների հրաշքների մեջ ցույց տվեց քո ոճը,– ասաց Քարան։ ― Նա սովորեցրել է, որ ոճը նկարիչն իր ցանկությամբ չի ընտրում. այն նկարչի անցյալի, մոռացված հիշողությունների թաքուն թերությունն է։ Մի ժամանակ մեզ մոռացվող և հին վարպետներից չբաժանելու համար թաքցվող այդ գաղտնի թերությունների, թուլությունների, ամոթի, ֆրանսիացի վարպետների ոճերի՝ ամբողջ աշխարհով մեկ տարածվելու մասին չէր խոսում։ Այժմ «սեփական յուրահատկություն», «ոճ» ասելով՝ իրեն գովաբանելով է հանդես գալիս։ Դրանից հետո թերություններով հպարտացող հիմարների պատճառով աշխարհն ավելի գունավոր, բայց իհարկե ավելի հիմար և, իհարկե, շատ ավելի թերի կլինի։ Իր ասածներին հպարտորեն հավատալը ցույց էր տալիս, որ Քարան այս նոր հիմարներից մեկն է։ ― Վարպետ Օսմանը կարողացա՞վ պարզաբանել, թե ինչու եմ մեր սուլթանի գրքերի համար տարիներ շարունակ հարյուրավոր ձիերի ռունգերն ուղիղ գծել,― հարցրի ես։ ― Մանկությունից ի վեր ձեզ տված սիրո և ծեծի պատճառով, և՛ ձեր հայրը, և՛ ձեր սիրելին լինելու պատճառով ինքն էլ չի հասկանում, որ բոլորիդ իրեն ու միմյանց է նմանեցնում։ Նա ցանկանում էր, որ ոչ թե դուք, այլ օսմանյան արվեստանոցը ոճ ունենա։ Դուք էլ ձեր ներսից եկող թերությունները, կաղապարից դուրս բաները, տարբերությունները նրա՝ ձեր հիացմունքն առաջացրած ստվերի պատճառով մոռանում եք։ Երբ որ դու վարպետ Օսմանի աչքից հեռու այլ գրքերի, այլ էջերի համար նկարեցիր, այդ ժամանակ այդ գրքերի մեջ տարիներ շարունակ գտնվող ձի նկարեցիր։ ― Լուսահոգի հայրս հորից շատ ավելի խելացի էր,– ասացի ես։– Արվեստանոցում ոչ միայն վարպետ Օսմանի, այլև մյուս խիստ ու նյարդային վարպետների ծեծերից, գլխավոր վարպետի՝ մեզ մի բան բացատրելիս քանոնով հասցրած հարվածներից հետո, երբ տանն արտասվում էի և ասում, թե այլևս չեմ վերադառնա, ինձ ասաց, որ աշխարհում երկու տեսակի մարդիկ կան. առաջինը՝ մանկության տարիներին կերած ծեծից ընկճվողները։ Նրանք միշտ ընկճված են մնում, ասում էր լուսահոգի մայրս, որովհետև ծեծը սպանում է նրանց միջի սատանային։ Բացի այդ, այս ծեծերից իրենց առանց իրենց ներսի սատանային սպանելու, նրան վախեցնելով՝ դաստիարակող բախտավոր մարդիկ կան։ Նրանք էլ երբեք չեն մոռանում իրենց մանկության տարիների այդ վատ հուշը, բայց մայրս ասել էր, որ սա ոչ մեկին չասեմ, սատանայի հետ ապրելը սովորելու համար խորամանկ լինելը, անհայտն իմանալը, ընկերանալը, թշնամուն ճանաչելը, թիկունքում նյութվող դավերը ճիշտ ժամանակին զգալը և, ես ավելացնեմ՝ նկարելը բոլորից լավ են կարողանում։ Վարպետ Օսմանը մի ծառի ճյուղերը ներդաշնակորեն չնկարելուս համար ինձ այնպես ապտակեց, որ երբ դառն արցունք էի թափում, աչքիս առաջ մի անտառ երևաց։ Էջի ամենավերջի թերությունը չես տեսնում ասելով՝ բռունցքներով զայրացած խփում էր գլխիս, հետո անմիջապես հայելին ձեռքն էր վերցնում, որպեսզի ազատվեմ սովորությունիցս, էջի վրա փայտի կտոր էր դնում, այտը հենելով իմ այտին՝ հայելու մեջ էջի վրա հանկարծակի երևացող թերություններն ինձ մեկ առ մեկ այնպիսի սիրով էր ցույց տալիս, որ ես ոչ սերը, ոչ էլ մարմնի ջերմությունը երբեք չմոռացա։ Բոլորի առաջ ինձ կշտամբելով՝ թևիս քանոնով խփելու համար վիրավորված ինքնասիրությամբ արտասվածս գիշերվա առավոտյան այնպիսի սիրով էր համբուրում թևերս, որ անկեղծ հավատում էի՝ մի օր լեգենդար նկարիչ եմ դառնալու։ Այդ ձին ես չեմ նկարել։ ― Փեսայիս սպանած անիծյալի գողացած վերջին նկարը մենք (Լեյլեքին նկատի ուներ) թեքքեում ենք փնտրելու։ Դու այդ վերջին նկարը տեսե՞լ ես։ ― Ո՛չ մեր սուլթանի, ո՛չ էլ հին վարպետներին կապված նկարիչների, ո՛չ էլ կրոնին նվիրված մուսուլմանի համար ընդունելի բան չէր,― ասացի ես և լռեցի։ Այս խոսքս ավելի բացեց նրա ախորժակը։ Լեյլեքի հետ սկսեցին թեքքեն տակնուվրա անելով փնտրել։ Մի քանի անգամ միայն գործը հեշտացնելու համար գնացի նրանց մոտ։ Քանդվող առաստաղով դերվիշական սենյակներից մեկում հատակի փոսը ցույց տվեցի, որպեսզի և չընկնեն, և եթե ուզում են, խուզարկեն։ Երեսուն տարի առաջ թեքքեի ճամփորդները Բեքթաշիներին միանալով՝ հեռացան, ինչից հետո Բաբայից մնացած փոքրիկ սենյակի հսկայական բանալին ինձ հասավ։ Այն սենյակը, ուր հաճույքով մտան, տեսնելով, որ մի պատը չկա, որ անձրևն ուղիղներս է լցվում, անգամ չխուզարկեցին։ Ինձ դուր եկավ, որ Քելեբեքը նրանց չմիացավ, բայց զգում էի՝ եթե ինձ մեղադրելու համար մի ապացույց գտնվի, նա էլ կմիանա այդ երկուսին։ Վախենալով, որ վարպետ Օսմանը մեզ տանջողներին կհանձնի՝ Քարան ասաց, որ պետք է միմյանց աջակցենք, գանձապետի առաջ այս ուժով դուրս գանք։ Այդ պատճառով էին Քարան և Լեյլեքը մտերմացել։ Քարայի համար շարժիչ ուժ էր ոչ միայն փեսայի մարդասպանին գտնելով՝ գեղեցկուհի Շեքուրեին իսկական հարսանեկան նվեր անելը, այլ օսմանյան նկարիչներին դնել եվրոպական վարպետների ճանապարհին, և այսպիսով Էնիշթեի գիրքը մեր սուլթանից ստացած գումարով ֆրանսիացի վարպետներին կրկնօրինակությամբ (սա հայհոյանքից էլ ծիծաղելի էր) ավարտին հասցնել։ Իհարկե, հասկանում էի, որ այս դավերի արդյունքում գլխավոր նկարիչ դառնալը երազող (որովհետև բոլորը ենթադրում էին, որ վարպետ Օսմանը Քելեբեքին է ընտրելու), պաշտոնի համար ամեն ինչի պատրաստ Լեյլեքը մեզնից, անգամ վարպետ Օսմանից է ցանկանում ազատվել։ Մի պահ մտքերս խառնվեցին։ Անձրևի ձայնը լսելով՝ երկար մտածեցի։ Հետո ձիով անցնող սուլթանին և գլխավոր վեզիրին բազմության միջից դուրս եկած, խնդրագիրր տալ փորձող մեկի պես, բայց խոր ներշնչանքով մոտեցա Լեյլեքին ու Քարային։ Մութ միջանցքով, լայն դռնով նրանց անցկացնելով՝ մի ժամանակ խոհանոց եղած մի սարսափելի տեղ տարա։ Հարցրի՝ փլատակների մեջ մի բան գտե՞լ են, թե ոչ. իհարկե, չէին գտել։ Մի ժամանակ օտարների և աղքատների համար կերակուր պատրաստելիս օգտագործվող կաթսաներից, ամանեղենից, փուքսերից անգամ ոչ մի հետք չէր մնացել։ Սարդոստայններով, փոշով, ցեխով, շան, կատվի կղանքով ու փլատակներով ծածկված այս սարսափելի տեղը մաքրել անգամ չէի փորձել։ Ներսում ինչպես միշտ ուժեղ քամին պտտվելով՝ թուլացնում էր լամպի լույսը, մեր ստվերների գույներն էլ մգանում էին ու բացվում։ ― Փնտրեցիք, բայց չգտաք իմ գաղտնի գանձարանը,– ասացի ես։ Երեսուն տարի առաջվա թոնրի փլատակների մեջ ձեռքով սովորության համաձայն մաքրեցի մոխիրները և ի հայտ եկած թոնրի երկաթե կափարիչը պոչից բռնելով՝ ճռռոցով բացեցի։ Լամպի լույսը պահեցի թոնրի փոքրիկ մուտքի մոտ։ Երբեք չեմ մոռանա, թե ինչպես Քարայից շուտ Լեյլեքը հարձակվեց ներսի կաշվե պարկերի վրա։ Հենց այդտեղ թոնրի մեջ կբացեր դրանք, բայց քանի որ ես մեծ սենյակ վերադարձա, Քարան էլ այստեղ մենակ մնալուց վախենալով՝ հետևեց ինձ, Լեյլեքն էլ բարակ, երկար ոտքերով միացավ մեզ։ Երբ տեսան, որ պարկից բրդե մաքուր գուլպաներս, գոտիս, կարմիր վարտիքս, ամենակոկիկ շապիկս, մետաքսե վերնաշապիկս, ածելիս, սանրս և այլ իրերս են դուրս գալիս, մի պահ չիմացան՝ ինչ անել։ Քարայի բացած մյուս ծանր պարկից հիսուներեք վենետիկյան ոսկի, վերջին տարիներին արվեստանոցից գողացածս ոսկե թերթերը, բոլորից թաքցրած նկարչական օրինակներով տետրս և էջերի միջից գողացված ոսկե թերթերը, անշնորհք նկարները, որոնց մի մասն ինձ էր պատկանում, մյուս մասը՝ այստեղից-այնտեղից էի հավաքել, սիրելի մորիցս որպես հուշ մնացած ագաթե մատանին և նրա մի բուռ ճերմակ մազը, ամենագեղեցիկ մատիտներս ու վրձիններս մեկ առ մեկ դուրս եկան։ ― Եթե, ինչպես կարծում եք, մարդասպան լինեի,– ասացի հիմար հպարտությամբ,– իմ գաղտնի գանձարանից ոչ թե սրանք, այլ այդ վերջին նկարը դուրս կգար։ ― Ինչո՞ւ սրանք դուրս եկան,― հարցրեց Լեյլեքը։ ― Բոսթանջըբաշըի մարդիկ տունս խուզարկելիս, քո տան պես, ամբողջ կյանքում հավաքածս այս ոսկիներից երկուսն անամոթաբար իրենց գրպանը դրեցին։ Այդ ստոր մարդասպանի պատճառով մտածեցի, որ մեզ կրկին կխուզարկեն, և իրավացի էի։ Եթե այդ վերջին նկարն ինձ մոտ լիներ, այստեղ կլիներ։ Այս վերջին նախադասությունը սխալ էր, բայց զգում էի, որ հանգստացան, չէին վախենում, որ թեքքեի մի մութ անկյունում իրենց կոկորդը կկտրեմ։ Դուք էլ հավատացիք ինձ։ Բայց այս անգամ ես էի անհանգստացել, մանկության տարիներից ի վեր իմ ճանաչած նկարիչ ընկերներիս՝ երկար ժամանակ ժլատորեն գումար հավաքելս, ոսկի վերցնելով՝ թաքցնելս, ավելին՝ անշնորհք նկարներիս և մատյաններիս մասին իմանալով՝ դրանք տեսնելը չէր ինձ այսքան անհանգստացնողը։ Իրականում զղջում էի, որ այս ամենն իմ նկարիչ ընկերներին խուճապի պահին ցույց տվեցի։ Միայն այսպիսի կյանք վարողի գաղտնիքը կարող է այսքան հանգիստ բացահայտվել։ ― Միևնույն է,– ասաց Քարան երկար ժամանակ անց,– եթե վարպետ Օսմանն առանց որևէ բան ասելու, առանց որևէ մեկին ցույց տալու մեզ անտարբեր հանձնի Բոսթանջըբաշըին, որոշենք, թե տանջանքների ժամանակ ինչ ենք ասելու։ Զգում էի, որ ոչ մի բանի մասին չենք մտածում, որ հոգնած ենք։ Լեյլեքը և Քելեբեքը լամպի թույլ լույսի տակ իմ մատյանի անշնորհք նկարներին էին նայում։ Ասես ոչնչի վրա ուշադրություն չէին դարձնում, անգամ սարսափեցնող երջանիկ էին։ Մի էջի նայելու համար, որը շատ լավ կարող էի ենթադրել, թե որն էր, ուժգին ցանկությամբ տեղիցս վեր կացա, երկուսի ետևում կանգնելով՝ իմ արած անշնորհք նկարին հեռուներում մնացած երջանիկ հուշի պես ոգևորությամբ ու լուռ նայեցի։ Քարան էլ էր միացել մեզ։ Այդ նկարին միասին, չորսով նայելը չգիտեմ ինչու՝ ինձ հանգստացնում էր։ ― Կույրն ու տեսնողը կարո՞ղ են համեմատվել,– ասաց Լեյլեքը երկար ժամանակ անց։ Եթե մեր տեսածն անգամ անշնորհքություն լինի, Աստծու՝ մեզ շնորհած տեսնելու հաճույքը վեհ է։ Բայց Լեյլեքը այսպիսի բաներ չէր հասկանում, Ղուրան չէր կարդում։ Ղուրանի այս հայաթի՝ հերաթցի վարպետներից հաճախակի օգտագործվելու մասին գիտեի։ Մեծ վարպետներն այս խոսքն օգտագործում էին նկարելը՝ մեր կրոնի համաձայն արգելված լինելու, նկարիչների՝ մեծ դատաստանի օրը դժոխք ուղարկվելու սպառնալիքներ հնչեցրած թշնամիների դեմ։ Բայց մինչև այդ կախարդական պահը Քելեբեքի բերանից կարծես ինքն իրեն թռչող այս բառն ընդհանրապես չէի լսել։ ― Կուզեի մի նկար անել, որի համաձայն՝ տեսնողն ու կույրը հավասար են։ ― Տեսնողն ու կույրն ովքե՞ր են,– միամիտ ասաց Քարան։ ― Տեսնողն ու կույրը չեն կարող հավասար լինել, դա նշանակում է «Վե մա յեսթեվի՛լ ամա վե՛լ բասիրու»,― ասաց Քելեբեքը և շարունակեց,― մութն ու լույսն էլ չեն կարող հավասար լինել։ Ստվերն ու մարդը չեն կարող հավասար լինել։ Եվ ապրողներն ու մահացածներն էլ չեն կարող հավասար լինել։ Մի պահ Զարիֆ էֆենդու, Էնիշթեի և այս երեկո սպանված մեր մեդդահ եղբոր ճակատագրից սարսափեցի։ Մյուսներն էլ ինձ պես վախեցե՞լ էին։ Երկար ժամանակ ոչ ոք տեղից չշարժվեց։ Լեյլեքը դեռ ձեռքին պահում էր իմ բաց տետրը, բայց չնայած նայում էր իմ նկարած անշնորհքություններին, կարծես չէր տեսնում։ ― Ես էլ ուզում էի մեծ դատաստանի օրը նկարել,– ասաց Լեյլեքը։― Մահացածների կենդանանալը, մեղավորների և անմեղների՝ իրարից անջատվելը։ Բայց մեր Ղուրանն ինչո՞ւ չենք կարողանում նկարել։ Մեր երիտասարդ տարիքում արվեստանոցի նույն սենյակում աշխատելիս, ճիշտ ինչպես ծեր վարպետներն էին անում՝ աչքերը հանգստացնելու համար երբեմն մեր գլուխներս աշխատանքային տախտակներից, գրքի տախտակներից բարձրացնում և ահա այսպես սկսում էինք խոսել միտքը եկած լրիվ այլ թեմայից։ Այն ժամանակ էլ մեր խելքին փչած բաներից խոսելիս իրար չէինք նայում, այժմ մեր առաջ բացած դրել էինք տետրը, բայց չէինք նայում։ Որովհետև մեր աչքերը հանգստացնելու համար բաց պատուհանից դուրս էինք նայում։ Աշակերտության երջանիկ օրերի մի գեղեցկություն հիշելու ոգևորության, թե Ղուրանը երկար ժամանակ չկարդալու, այդ պահին անկեղծորեն զգացածս զղջման պատճառով, թե սրճարանում երեկոյան տեսածս մարդասպանության սարսափից, չգիտեմ, երբ հերթը հասավ ինձ, շփոթվեցի, սիրտս վտանգի ենթարկվածի պես արագ էր բախում և քանի որ մտքիս այլ բան չէր գալիս, այսպես ասացի. ― Բաքարաեսուրահի վերջում այս իմաստն ունեցող հայաթներ կան, ես ամենաշատը դրանք եմ ցանկանում նկարել. Աստված իմ, մեզ մեր մոռացածների և սխալների համար մի՛ դատիր։ Աստվա՛ծ իմ, մի՛ տուր դժվարություններ, որ մեր ուժերից վեր են։ Մեզ, մեր մեղքերը ներիր և մեղա՛։ Գթա՛ մեզ, տեր Աստված։ Մի պահ ձայնս կտրվեց և անսպասելի ամաչեցի թափվող արցունքներիցս։ Գուցե աշակերտության տարիներին մեզ պաշտպանելու, մեր զգացմուքայնությունը ցույց տալու համար միշտ պատրաստ ծաղրից վախենալուս պատճառով։ Կարծում էի՝ արցունքներս անմիջապես կդադարեն, բայց ինձ չկարողացա գսպել ու հեծկլտալով լաց եղա։ Արտասվելիս զգում էի, որ մյուսներից յուրաքանչյուրը եղբայրության, ընկճվածության ու տխրության զգացմունքով է պարուրվել։ Մեր սուլթանի արվեստանոցում արդեն եվրոպական ոճով կնկարեն, ոճերը և գրքերը, որոնց մեր ամբողջ կյանքն ենք նվիրել, աստիճանաբար կմոռացվեն, իրականում ամեն ինչ կավարտվի, և եթե էրզրումցիները մեզ չճնշեն, մեր սուլթանի տանջանքների հետևանքով հաշմանդամ կդառնանք... Բայց արտասվելիս սեփական հեծկլտոցներիս ու հոգոցներիս արանքում ինչպես շարունակում էի լսել անձրևի տխուր ձայնը, այնպես էլ, մյուս կողմից, զգում էի, որ իրականում իմ տխրության պատճառը դրանք չեն։ Մյուսները որքանո՞վ էին նկատում դա։ Ե՛վ անկեղծ արտասվում էի, և՛ կեղծ արտասվելուս համար որոշակիորեն մեղավոր էի զգում ինձ։ Քելեբեքը մոտեցավ ինձ, ձեռքը դրեց ուսիս, շոյեց գլուխս, համբուրեց այտս, գեղեցիկ բառեր ասաց։ Այս ընկերությունը ստիպեց ինձ ավելի անկեղծ ու մեղավոր արտասվել։ Չէի կարողանում նայել նրա երեսին, բայց չգիտեմ ինչու՝ նրա արտասվելն էլ սխալ մեկնաբանեցի։ Միասին նստեցինք։ Հիշեցինք, թե ինչպես նույն տարում որպես աշակերտ եկանք արվեստանոց, մեր մայրերից հեռանալով՝ այլ կյանք սկսելու տարօրինակ տխրությունը, դեռ առաջին օրվանից մեր ստացած ծեծի ցավը, գանձապետից եկած առաջին նվերների ուրախությունը, վազելով տուն վերադառնալու մեր օրերն ահա այսպես հիշեցինք։ Սկզբում միայն նա էր պատմում, ես տխուր լսում էի, բայց հետո ընկերական զրույցին Լեյլեքը, իսկ ավելի ուշ՝ մեր աշակերտության առաջին տարիներին մի պահ արվեստանոց մտնող-ելնող Քարայի միանալուն պես մոռացա, որ քիչ առաջ լալիս էի, և սկսեցի նրանց հետ ծիծաղել ու պատմել։ Հիշեցինք, թե ինչպես էին ձմեռվա առավոտները աշակերտները, վաղ արթնանալով, արվեստանոցի ամենամեծ վառարանը վառում, տաք ջրով հատակը մաքրում։ Թե ինչպես ամբողջ օրը մի ծառի տերևը միայն նկարելու ներշնչանքից էլ զուրկ ու զգուշավոր մի լուսահոգի հին «վարպետ»՝ տեսնելով, որ այդ տերևի փոխարեն բաց պատուհանից երևացող գարնան ծառերի կանաչ տերևներին ենք կրկին նայում՝ ասում էր՝ «այնտեղ մի՛ նայեք, այստեղ նայեք», մեզ առանց ծեծելու՝ հարյուրերորդ անգամ կշտամբում էր։ Չափազանց շատ աշխատելու պատճառով շեղաչք դառնալով՝ տուն ուղարկվող նիհար աշակերտի՝ կապոցը ձեռքին դեպի դուռը քայլելիս ամբողջ արվեստանոցում լսվող լացի ձայնը հիշեցինք։ Հետո աչքիս առաջ կենդանացավ մի էջ, որի վրա երեք նկարիչ վեց ամիս աշխատել Էին (Շիրվանի ճանապարհին՝ Քընըք գետի ափին սովահար օսմանյան բանակի՝ Էրեշը գրավելուն պես հաց ուտելը)։ Հիշեցի՝ ինչպես հաճույքով հետևեցինք, թե ճաքած թուջե թանաքամանից մահացու կարմիրն ինչպես ծանր թափվեց նկարի վրա (որովհետև դա ընդհանրապես մեր մեղքը չէր)։ Իր հաղթանակներին, ուժին, հարստությանը վայել՝ ճիշտ մեր սուլթանի որսորդական տան պես իր տան առաստաղը զարդարել ցանկացող յոթանասուն տարեկան փաշայի ամենագեղեցիկ կնոջը՝ չերքեզ հանըմին մեր երեքի սիրահարվելուց նրբությամբ, հարգանքով խոսեցինք։ Ձմեռվա առավոտները, որպեսզի թղթերը գոլորշուց չփափկեին, կիսաբաց դռան շեմին ոսպով սուպ ուտելու հաճույքից էլ կարոտով խոսեցինք։ Մեր վարպետի ճնշման տակ աշակերտության համար հեռու տեղ գնալով՝ արվեստանոցի ընկերներից և վարպետներից հեռանալու տխրությունից էլ խոսեցինք։ Մի պահ աչքերիս առաջ իմ սիրելի Քելեբեքի՝ տասնվեց տարեկան հասակում այդ ամենաքաղցր վիճակը հիշեցի, երբ մի ամառային օր բաց պատուհանից արևը լուսավորում էր նրա մեղրագույն թևերը, ձեռքի ծովախեցու կնիքն արագ պտտելով՝ թուղթն էր փայլեցնում։ Մտասուզված այս գործն անելիս մի պահ կանգ էր առնում, թղթի մի թերությանն աչքերը մոտեցնելով՝ ուշադիր ուսումնասիրում էր, մի քանի տարբեր շարժումով այդ կետը մշակելուց հետո կրկին նախկին վիճակին էր վերադառնում, ձեռքն արագ վերևներքև անելիս երազանքների գիրկն ընկնելով՝ պատուհանից դուրս էր նայում։ Այն, ինչ երբեք չեմ մոռանա, ավելի ուշ, երբ ես դեռ պատուհանից դուրս էի նայում, բոլորը աչքերը հառեցին իմ աչքերի մեջ։ Այդ հայացքը միայն մի իմաստ ուներ, որը գիտեին բոլոր նկարիչները. եթե չերազես, ժամանակն ընդհանրապես չի անցնի։ == 58. Ինձ մարդասպան կկոչեն == Ինձ մոռացել եք, չէ՞։ Գոնե ձեզնից չթաքցնեմ, որ այստեղ եմ։ Որովհետև իմ մեջ աստիճանաբար բարձրացող ձայնով խոսելն ինձ համար անհրաժեշտություն է։ Երբեմն ինձ վրա շատ եմ ճնշում գործադրում և կարծում եմ, որ ձայնս ինձ կմատնի։ Երբեմն հանձնվում եմ, այդ պահին հավանաբար իմ ինքնությունը ցույց տվող այնպիսի բառեր եմ ասում, որ նկատում եք։ Ձեռքերս դողում են, ճակատիս քրտինքի կաթիլներ են հայտնվում, և անմիջապես հասկանում եմ, որ սրանք էլ են նոր նշաններ։ Մինչդեռ այստեղ շատ երջանիկ եմ։ Իմ նկարիչ եղբայրների հետ նստած միմյանց մխիթարելով քսանհինգ տարվա հիշողություններս հիշելիս ոչ թե թշնամանքը, այլ նկարչության գեղեցկություններն ու հաճույքն էի հիշում։ Աշխարհի մոտալուտ կործանման զգացողությամբ նստելով, թաց աչքերով իրար նայելով՝ հինգ գեղեցիկ օրերը հիշելու մեջ հարեմի կանանց հատուկ մի բան էլ կար։ Այս համեմատությունը Թեմուրի որդիների պատմությունը գրելիս Շիրազի, Հերաթի հին վարպետների պատմությունները պատմող Քիրմանցի Էբու Սաիդից եմ վերցրել։ Հարյուր հիսուն տարի առաջ Քարաքոյունլու կառավարիչ Ջիհան շահը իրար հետ պատերազմող Թեմուրի ցեղից խաների, շահերի փոքրիկ բանակների և նրանց երկրները պարտության մատնելով, ավիրելով, հաղթանակած թուրքմեն բանակների հետ ամբողջ Իրանն անցնելով՝ գալիս է Արևելք, ամենավերջում Թեմուրի որդի շահ Րուհի թոռանը Իբրահիմին Էսթերբադում հաղթելով՝ Գուգանը գրավում է և բանակը շարժում դեպի Հերաթի ամրոց։ Համաձայն քիրմանցի պատմիչի՝ ոչ միայն Իրան, այլև Հնդկաստանից մինչև Բյուզանդիա՝ աշխարհի կեսը կես դար կառավարող Թեմուրի ցեղի անպարտ ուժի վրա իջած մեծ հարվածն այնպիսի սարսափ ու ավերածություններ էր առաջացրել, որ շրջափակման մեջ ընկած Հերաթի ամրոցում խառնաշփոթ էր։ Պատմիչ Էբու Սաիդն այժմ տարօրինակ հաճույքով գրում էր, որ ամրոցներն անցել են Քարաքոյունլու Ջիհան շահի ձեռքը, Թեմուրի ցեղից բոլորին դաժանորեն սպանել են, շահերը, արքայազնները հարեմներում կանանց ընտրելով՝ սեփական հարեմ են տանում, նկարիչներին իրարից բաժանելով՝ մեծ մասին սեփական վարպետների մոտ կրկին որպես աշակերտ են անխղճորեն տալիս, ապա պատմում է ամրոցի աշտարակներում թշնամուն նետել փորձող շահի և զինվորների մասին, արվեստանոցում գրիչների ուներկերի միջև, պաշարման մեջ ընկած, արդեն վաղուց հայտնի սարսափելի վախճանին սպասող նկարիչների մասին, մեկ առ մեկ տալիս է նրանց անունները և ասում, որ ամբողջ աշխարհը նրանց ճանաչում էր, բայց հիմա բոլոր մոռացված նկարիչները հարեմի կանանց պես միմյանց փաթաթավելով արտասվելուց, հին գեղեցիկ օրերը հիշելուց բացի ուրիշ ոչինչ չեն անում։ Մենք էլ հարեմի տխուր կանանց պես հիշեցինք, որ հնում սուլթանը մեզ ավելի անկեղծ սեր էր ցուցաբերում, տոն օրերին մեզ նախշազարդ, գունավոր տուփ, հայելի և ամաններ, ջայլամի նախշած ձվեր, կտրտած թղթերից պատրաստած աշխատանքներ, զվարճալի թղթապանակներ, խաղաքարտեր ու գրքերն ընդունելուց հետո մորթե շապիկներ, փողով լի քսակներ էր տալիս։ Այդ օրերի աշխատասեր, տառապած և քչով բավարարվող ծեր նկարիչները հիմա ո՞ւր են։ Որպեսզի չնախանձեն և հայտնի չդառնա, որ դրսում աշխատանք են անում, անհանգստությունից իրենց տներում չէին փակվում, ամեն օր գնում էին արվեստանոց։ Ո՞ւր են ամբողջ կյանքը նկարներին, պալատի պատերի նուրբ զարդանախշերին, իրարից միայն երկար նայելու դեպքում տարբերվող սոճիների տերևներին և էջի դատարկ մասերին, յոթ տերևանի տափաստանային խոտերին համեստորեն նվիրված ծեր նկարիչները։ Երբ Աստված մեկին միայն ընդունակություն ու տաղանդ շնորհեց, ոմանց էլ միայն համբերություն ու հույս տվեց, ո՞ւր են դա իմաստ և արդարություն կոչող, երբեք չնախանձող միջակ վարպետները ո՞ւր են։ Սապատավոր և անընդհատ ժպտացող, երազկոտ ու հարբած, տանը մնացած աղջկան մեզ հետ ամուսնացնել փորձող այդ հետաքրքրասեր վարպետներին հիշելով՝ աշակերտության և վարպետության առաջին տարիների արվեստանոցի մոռացված մանրամասները փորձեցինք կենդանացնել։ Մի քանոնագիր ունեինք, որ քանոնով աջ կողմի թուղթը գծելիս լեզվով ձախ այտն էր լպստում, ձախ էջը գծելիս՝ աջ այտը։ Շատ ներկ օգտագործելիս «վայ, համբերություն, համբերություն, համբերություն» ասելով՝ փոքր քրքջոցներով ինքն իրեն ծիծաղող երիտասարդ, խոշորամարմին նկարիչ կար։ Յոթանասուն տարեկան գրիչ վարպետ կար, որ ներքնահարկի կազմարարի աշակերտների հետ ժամերով խոսում էր ու պնդում, որ եթե կարմիր թանաքը մարդու ճակատին քսես, հետք չի մնա։ Մի ջղային վարպետ կար, որ ներկի թանձրությունը տեսնելու համար իր ձեռքի բոլոր եղունգներին էր քսում, աշակերտներից մեկին, անգամ ցանկացած մեկին պատահական կանգնեցնելով՝ նրանց եղունգներին ներկ էր քսում։ Գրելուց առաջացած ոսկե փոշին մաքրելու համար օգտագործվող ճագարի մազերի պես մորուքը շոյելով մեզ ծիծաղեցնող գեր նկարիչ կար, դե, ո՞ւր են նրանք։ Տարիներ շարունակ օգտագործվելով՝ աշակերտների մարմնի մի մասը համարվող, ապա դեն նետված գրակալները, տախտակները, աշակերտների՝ որպես թուր օգտագործելով փչացրած թղթի երկար մկրատները, գրատախտակները, որոնց վրա, չխառնելու համար, մեծ վարպետների հրամանով մեր անուններն էինք գրել, չինական թանաքի հրաշալի հոտը, լռության մեջ լսվող սուրճի բաժակների չխչխկոցները, մեր մոխրագույն կատուն, որի ձագերի ականջների ու ծոծրակի մազերից ամեն ամառ տարբեր տեսակի վրձիններ էին սարքում, առատորեն բաժանվող շերտ-շերտ հնդկական թղթերը, մեծ սխալ գործելիս (որպեսզի ամբողջ արվեստանոցը դաս առնի) գլխավոր նկարչի թույլտվությամբ օգտագործվող պողպատե պոչով խրատ տալու սրիչը և այս սխալների արարողությունները հիմա ո՞ւր են։ Խոսեցինք, որ մեր սուլթանի՝ վարպետ նկարիչներին տանն աշխատելու իրավունք տալը մեկ այլ սխալ էր։ Վաղ սկսված ձմռան երեկոներին լամպի ու մոմի լույսի տակ աչքերի ցավով աշխատելուց հետո պալատական խոհանոցից եկող ընտիր տաք հալվա վերցնելու մասին խոսեցինք։ Դողէրոցքով հիվանդ, թուղթ, մատիտ վերցնել չկարողացող ծեր ու մոռացկոտ գրիչ վարպետի՝ ամիսը մեկ արվեստանոց այցելության ժամանակ բերած՝ դստեր՝ մեզ՝ աշակերտներիս համար կարմրացրած քաղցրավենիքը արտասվալից ժպիտով հիշեցինք։ Վարպետ Օսմանից առաջ գլխավոր նկարիչ մեծ վարպետ Քարա Մեմիի հուղարկավորությունից հետո օրերով դատարկ մնացած սենյակը հանձնելուց հետո ներքնակի տակից (որը լուսահոգի վարպետր ցերեկները փռում էր հատակին) դուրս եկած թղթապանակի թղթերի մեջ տեսած նրա հիանալի էջերի մասին խոսեցինք։ Խոսեցինք, որ եթե Քարա Մեմիի պես, մենք էլ մի բանով հպարտանայինք, կկրկնօրինակեինք այն, երբեմն հանելով՝ կնայեինք այդ էջերին։ Խոսեցինք այն մասին, որ «Հյուներնամեի» համար նկարված պալատի վերևում երկինքը ոսկեջրով էր ներկվել այդ պատճառով ոսկին ինքնաբերաբար այլ, ինչպես պետք է լինի ճիշտ նկարի մեջ, գույնից, գմբեթների, աշտարակների և սոճիների միջև աշխարհի վերջը հիշեցնող տեսարան էր ստացվել։ Երբ մեր մարգարեն՝ ուսերին մեկական հրեշտակ՝ երկինք էր բարձրանում, թևատակից բռնեց մեր սուլթանին։ Սուլթանի՝ իրեն տարօրինակ զգալը, խուտուտ առնելն այնքան լուրջ գույներով էր պատկերվել, որ փոքր երեխաներն անգամ այդ սուրբ տեսարանին նայելով՝ նախ հավատով սարսափում, հետո իրենք էլ ասես խուտուտ զգալով՝ հարգանքով ծիծաղում էին։ Ես պատմեցի նախկին գլխավոր վեզիր փաշայի՝ սար բարձրացած ապստամբներին ճնշելիս կտրած գլուխներին՝ իմ նկարած էջի անկյունում նրբորեն և հարգանքով շարելով՝ կտրված վզերին կարմիր ներկ քսելու՝ մահվան առաջ խոժոռված հոնքերը, կյանքի իմաստը հարցնող տխուր շրթունքները, հուսահատ վերջին շունչը քաշող քթերը և կյանքի առաջ փակված աչքերը մեկ առ մեկ խնամքով և ֆրանսիացի դիմանկարչի պես ոչ թե սովորական մահացածի գլխի, այլ մյուսներից տարբերվող դեմքի պես ճաշակով նկարելու, այսպիսով՝ նկարին սարսափելի խորհրդավոր ոճ հաղորդելու մասին։ Ամենասիրածս սիրո և պատերազմի տեսարաններին ամենահիանալի գեղեցկուհիներին և հուզող նրբություններն ահա այս ճանապարհով հիշելով՝ նրանցից անմոռանալի և անհասանելի հուշերի պես կարոտով խոսեցինք։ Մեր աչքերի առջևով աստղալից գիշերներում սիրահարների հանդիպած դատարկ և խորհրդավոր այգիներ անցան, գարնանային ծառեր, հեքիաթային թռչուններ, կանգ առած ժամանակ... Մեր մղձավանջների պես մոտիկ ու սարսափելի, կանանց մասնակցությամբ պատերազմներ երևակայեցինք, երկու կես եղած ռազմիկներ, արյունոտ զրահների մեջ ձիեր, միմյանց դաշունահարող գեղեցիկ, ծեր մարդիկ, տեղի ունեցողին պատուհանից հետևող փոքրիկ բերանով, փոքրիկ ձեռքերով, շեղաչք, խոնարհ կանայք տեսանք... Հպարտ և գոհ գեղեցիկ տղաներին, գեղեցիկ շահերի և խաների հետ նրանց վաղուց փլված պետությունը և պալատները հիշեցինք։ Ճիշտ այդ շահերի հարեմում արտասվող կանանց պես մենք էլ հասկանում էինք, որ կյանքից հեռանում ենք, բայց նրանց պես լեգենդա՞ր էինք դառնում։ Մահից էլ սարսափելի՝ մոռացվելու սարսափի ստվերից չվախենալու համար միմյանց հարցրինք մեր ամենասիրած մահվան տեսարանների մասին։ Դեհհակի՝ սատանայից խաբվելով՝ հոր սպանությունը հիշեցինք անմիջապես։ «Շահնամեի» սկզբում պատմվող այդ լեգենդը պետք չէր բացատրել, քանի որ մի ժամանակ աշխարհը դեռ նոր էր ստեղծվել, ամեն ինչ այնքա՜ն պարզ էր։ Եթե կաթ ես ուզում, պետք է այծ կթես, եթե ձի, պետք է հեծնես ու գնաս, վատությունը, մտածմունքը, սատանան կգա, քեզ հորդ սպանության, գեղեցկության մասին կպատմի։ Դեհհակի՝ արաբ հայր Մերդասին սպանելը գեղեցիկ էր և այն պատճառով, որ անհիմն էր, և որովհետև սպանության գիշերը հիանալի պալատի այգում ոսկե աստղերը, սոճիները և գույնզգույն գարնանային ծաղիկները լույս էին արձակում։ Լեգենդար Ռոստամի՝ թշնամու բանակը ղեկավարող որդի Սոհրաբի հետ երեք օր միմյանց խեղդելուց հետո առանց որդի ունենալս իմանալու՝ նրան սպանելու մասին հիշեցինք հետո։ Հետո բռունցքներով կուրծքը ծվատող, տարիներ առաջ Սոհրաբի մորը տված թևնոցից որդի ունենալը հասկացող Ռոստամի արցունքախեղդ իրեն մեղադրելիս բոլորիս հուզող մի բան կար։ Ի՞նչ։ Նաձրևը թեքքեի տանիքին դեռ տխուր կաթկթում էր, ես ետուառաջ էի քայլում, երբ այսպես ասացի. ― Կամ մեր հայրը՝ մեր վարպետ Օսմանը, մեզ դավաճանաբար կսպանի, կամ էլ մենք՝ դավաճանաբար՝ նրան։ Որովհետև իմ ասածը ճիշտ էր, սարսափեցինք ու լռեցինք։ Ետուառաջ քայլելիս ամեն ինչ հին վիճակին վերադարձնելու անհանգստությամբ այսպես էի ասում ինքս ինձ. «Աֆրասյաբի՝ Սիավուշին սպանելու մասին պատմեմ, որ փոխենք թեման»։ Բայց դա այնպիսի դավաճանություն է, որ չեմ վախենում։ Պատմիր Խոսրովի սպանության մասին։ Լա՛վ, բայց Ֆիրդուսու «Շահնամեում» պատմածի՞, թե՞ Նիզամիի՝ «Խոսրով և Շիրինում» պատմածի պես։ «Շահնամեում» տխրեցնողն այն է, որ երբ մարդասպանը մտնում է սենյակ, Խոսրովը արտասվելով հասկանում է, թե ով է եկողը։ Որպես վերջին ճիգ կողքին նստած որդուն ասում է՝ ես նամազ անեմ, գնա ինձ ջուր, օճառ, մաքուր հագուստ ու գորգ բեր, նրան ճանապարհում է, բայց միամիտ որդին չի հասկանում, որ իրեն օգնության համար են ուղարկում, այլ իսկապես հրամայածները բերելու է գնում։ Խոսրովի հետ սենյակում մենակ մնալուն պես մարդասպանի առաջին գործը դուռը ներսից փակելն է լինում։ «Շահնամեի» այս վերջին տեսարանում բանսարկուների գտած մարդասպանին Ֆիրդուսին զզվանքով է նկարագրում, վատ հոտով, մազոտ, հաստ փորով։ Ետուառաջ քայլելիս գլուխս լի էր բառերով, բայց ասես երազում՝ ձայնս չէի կարողանում բարձրացնել։ Ինչպես երազում՝ մյուսների շշնջոցները, իմ մասին թշնամաբար խոսելն այդ ժամանակ զգացի։ Հանկարծ երեքով հարձակվեցին վրաս։ Ոտքերս այնքան արագ կտրվեցին գետնից, որ չորսս միասին ընկանք հատակին։ Հատակին իրար հետ կռվեցինք, սկսեցինք իրար խեղդել, բայց երկար չտևեց։ Ես մեջքիս ընկած՝ մնացի տակը, նրանք էլ բարձրացան վրաս։ Մեկը նստեց ծնկներիս։ Մյուսը՝ աջ ձեռքիս։ Քարան ծնկները սեղմեց ուսերիս, հետույքով նստեց փորիս ու կրծքիս միջև։ Այս վիճակում ընդհանրապես չէի կարողանում շարժվել։ Բոլորս զարմացած էինք, շնչակտուր։ Սա հիշեցի, լուսահոգի հորեղբայրս ինձնից երկու տարով մեծ զզվելի որդի ուներ, հուսով եմ՝ քարավանի վրա հարձակվելիս նրան բռնել ու արդեն վաղուց գլուխը կտրել են։ Այդ նախանձը իրենից ավելի գիտակ, ավելի խելացի և նրբանկատ լինելս զգալով՝ մի պատրվակով սկսեց կռվել, եթե չէր ստացվում, ասում էր՝ կոխ բռնենք, ինձ արագ տապալելով՝ ծնկները նույն կերպ սեղմելով ուսերիս՝ աչքերն աչքերիս էր հառում, ինչպես Քարան է հիմա անում, շրթունքների միջև թուքը պտտեցնում էր, այն աստիճանաբար մեծանում էր ու կախվում աչքերիս վրա, երբ զզվանքով մտածում էի, որ կթափվի վրաս, գլուխս փորձում էի թեքել, և նա դրանից շատ էր զվարճանում։ Քարան ասաց, որ ոչինչ չթաքցնեմ։ Ո՞ւր է վերջին նկարը։ Խոստովանիր։ Երկու բանի համար էի խեղդող տխրություն ու զայրույթ զգում, ավելի շուտ չէի նկատել, որ նրանց միջև նախօրոք պայմանավորվածություն չի եղել և զուր այդքան խոսել էի, ու նրանց նախանձը զգալով՝ ավելի շուտ այստեղից չփախչելուս համար։ Քարան ասաց, որ եթե վերջին նկարը չտամ, կոկորդս կկտրի։ Ծիծաղելի է։ Շրթունքներս այնքան ամուր էի սեղմել, ասես եթե բացեի, ճշմարտությունը կփախչեր։ Ոչինչ չի մնում անելու՝ մյուս կողմից էլ մտածում էի ես։ Իրար հետ կպայմանավորվեին, ինձ որպես մարդասպան գանձապետին կհանձնեին ու կազատվեին այս գործից։ Իմ միակ հույսն այն էր, որ վարպետ Օսմանն ուրիշ մեկին, ուրիշ կետ ցույց կտար, բայց նրա մասին Քարայի ասածները ճի՞շտ էին։ Կարո՞ղ էին այստեղ ինձ սպանել, հետո ինձ մեղադրել։ Դաշույնը սեղմեցին կոկորդիս։ Դաշույնը սո՞ւր էր։ Մի ապտակ հասցրին։ Դա ինձ ուժ տվեց։ Ամբողջ կյանքում ակնհայտորեն ամենալավ ներկը քսած, ամենագեղեցիկ գիծը նկարած, ամենագեղեցիկ նկարն արած աշակերտի՝ իմ հանդեպ աշակերտության տարիներից ի վեր զգացած նախանձն արդեն չէին թաքցնում։ Նրանց սիրում էի ինձ այսքան նախանձելու համար։ ժպտացի իմ սիրելի եղբայրներին։ Մեկը, չեմ ուզում իմանաք, թե նրանցից որն արեց այս խայտառակությունը. երկար ժամանակ կարոտած սիրելիին համբուրելու պես ինձ կրքոտ համբուրեց։ Մյուսները լամպի լույսի տակ նայում էին։ Ես էլ իմ սիրելի եղբոր համբույրին պատասխանեցի։ Քանի որ ամեն ինչ ավարտին է մոտենում, թող բոլորն իմանան, որ ամենագեղեցիկ նկարը ես եմ նկարում։ Գտեք իմ նկարները, նայեք։ Համբույրին պատասխանելս կարծես նրան շատ էր զայրացրել, սկսեց ծեծել ինձ։ Բայց մյուսները բռնեցին նրան։ Անորոշության մեջ Էին։ Քարային զայրացրեց այն, որ սկսեցին իրար հրել։ Կարծես ոչ թե ինձ վրա էին զայրանում, այլ այն ուղղության վրա, որով գնում էր իրենց կյանքը, այդ պատճառով իրենց վրեժը ցանկանում էին ամբողջ աշխարհից ու բոլորից առնել։ Քարան գոտու միջից ինչ-որ բան հանեց, սուր ծայրով երկար ասեղ։ Մոտեցրեց աչքիս, այնպիսի շարժում արեց, ասես աչքս է խրելու։ ― Վարպետաց վարպետ մեծ Բեհզադն ութսուն տարի առաջ, երբ Հերաթն ընկնում էր, հասկացավ, որ ամեն ինչ ավարտվում է, և որպեսզի ոչ ոք չստիպի իրեն այլ կերպ նկարել, պատվով իրեն կուրացրեց,― ասաց նա։– Այս ասեղն աչքը խրելուց հետո Աստծու հիանալի մթությունը դանդաղ իջավ սիրելի ծառայի՝ այդ տաղանդավոր նկարչի աչքերին։ Արդեն կույր ու գինովցած Բեհզադի հետ Հերաթից Թավրիզ անցած այս ասեղը շահ Թահմասփի՝ մեր սուլթանի հորը որպես նվեր ուղարկած այդ լեգենդար «Շահնամեի» հետ հասավ այստեղ։ Վարպետ Օսմանը նախ չկարողացավ հասկանալ, թե դա ինչու է ուղարկվել։ Բայց այս դաժան նվերի թաքուն վատ ցանկությունն ու իրավացի տրամաբանությունն էլ տեսավ այսօր։ Տեսնելով, որ մեր սուլթանը ցանկանում է իր դիմանկարը եվրոպացի վարպետների ոճով արվի, և որ իր սեփական սիրելի երեխաները՝ դուք, նրան դավաճանել եք, վարպետ Օսմանը երեկ գիշեր գանձարանում ճիշտ Բեհզադի պես այս ասեղը խրեց աչքը։ Հիմա արվեստանոցը, որին իր ամբողջ կյանքն էր նվիրել, փլուզման տանող քեզ՝ անիծյալիդ, եթե կուրացնեմ, ի՞նչ կլինի։ ― Ինձ կուրացնես էլ, չկուրացնես էլ, արդեն այստեղ հանգիստ չենք կարողանա ապրել,― ասացի ես։–– Վարպետ Օսմանն իսկապես կկուրանա կամ կմահանա, իսկ մենք եվրոպական ազդեցության տակ, ինչպես ցանկանում ենք, մեր բոլոր թերություններով և էությամբ նկարելով, եթե ունենանք մեր ոճը, մեզ կնմանվենք, բայց մենք չենք լինի։ Եթե ասենք ոչ, հին վարպետների պես ենք նկարելու, միայն նրանց պես կնկարենք, մենք կլինենք, բայց անգամ վարպետ Օսմանին թիկունք դարձրած սուլթանը մեր փոխարեն ուրիշներին կգտնի։ Մեզ արդեն ոչ ոք չի էլ նայի, միայն կխղճան։ Սրճարանի վրա հարձակվելն էլ այս ամենին կավելանա, որովհետև այս իրադարձության կեսը քարոզիչ էֆենդուն վատաբանած մեզ՝ նկարիչներիս վրա են բարդելու, իհարկե։ Որքան էլ փորձեցի բացատրել, որ իրար դեմ թշնամանալը ոչ մի օգուտ չի բերի, չստացվեց։ Նպատակ չունեին ինձ լսելու. անհանգիստ էին, հավատում էին, որ եթե մինչև առավոտ, անկախ նրանից՝ ճիշտ, թե սխալ, արագ որոշեն, թե ով է մեղավորը, ամեն ինչ կհարթվի, տառապանքների չեն ենթարկվի և արվեստանոցում էլ ամեն ինչ նախկինի պես կլինի։ Բայց միևնույն է՝ Քարայի սպառնալիքները մյուս երկուսին դուր չէին գալիս։ Իսկ եթե պարզվի, որ ուրիշ մեկն է մեղավոր, ինձ իզուր կուրացնելը մեր սուլթանի ականջի՞ն հասնի։ Քարայի՝ վարպետ Օսմանի հետ մտերմությունը և դրա մասին բացահայտ խոսելն էլ էր նրանց վախեցնում։ Քարայի ուղեղը մթագնած զայրույթով անընդհատ աչքիս առաջ պահած ասեղը փորձեցին հեռացնել։ Երբ ասեղը վերցնում էին, Քարան մի պահ տագնապեց, թե մենք երեքս ինչ-որ պայմանավորվածություն ունենք։ Հրմշտոց եղավ։ Աչքերիս առաջ ասեղով պայքարից փախչելու համար միայն ծնոտս բարձրացնելով՝ կարողանում էի գլուխս ետ նետել։ Հետո ամեն բան այնքան արագ եղավ, առաջին պահին անգամ չհասկացա, թե ինչ է կատարվում, աջ աչքիս մեջ սուր, բայց թեթև ցավ զգացի, մի պահ ճակատս թմրեց։ Հետո ամեն ինչ նախկին վիճակին վերադարձավ, բայց վախեցել էի։ Լամպը հեռացրել էին, բայց պարզ տեսա, թե ինչպես է ասեղը համառորեն մտնում ձախ աչքս։ Մեկը Քարայի ձեռքից ասեղը խլեց, այս անգամ ավելի ուշադիր ու բծախնդիր էր։ Հասկանալով, որ ասեղը մտնում է աչքիս մեջ, չշարժվեցի, նույն այրոցը զգացի։ Ճակատիս թմրածությունը կարծես տարածվեց ամբողջ գլխիս վրա, երբ ասեղը աչքիցս հանեցին, անցավ։ Հիմա մեկ աչքերիս էին նայում, մեկ ասեղի ծայրին։ Կարծես վստահ չէին այդ ամենին։ Երբ հասկացան, թե ինչ է կատարվում, հրմշտոցը դադարեց, թևերիս ծանրությունը թեթևացավ։ Ոռնալու պես սկսեցի բղավել։ Ոչ թե ցավից, այլ իմ գլխին եկածի սարսափը գիտակցելուց։ Չգիտեմ՝ որքան բղավեցի։ Սկզբում զգացի, որ բղավոցս ոչ միայն ինձ, նրանց էլ հանգստացրեց։ Իմ ձայնը մեզ միացնում էր իրար։ Սակայն բղավոցս երկարելուն պես տեսա, որ սկսեցին անհանգստանալ։ Դեռ ցավ չէի զգում։ Սակայն չէի կարողանում մոռանալ, որ երկու աչքիս մեջ էլ մտել է այդ ասեղը։ Բայց դեռ չէի կուրացել։ Ինձ սարսափով ու տխրությամբ հետևելը և թեքքեի առաստաղին անորոշ գողացող ստվերները դեռ կարողանում էի տեսնել, փա՜ռք Աստծու։ Դա ինձ և՛ ուրախացնում էր, և՛ անհանգստացնում։ ― Բա՛ց թողեք,– գոռացի։― Թողեք տեսնեմ ամեն ինչ, խնդրում եմ։ ― Անմիջապես պատմիր,― ասաց Քարան։– Զարիֆ էֆենդուն ինչպե՞ս հանդիպեցիր այդ գիշեր։ Այդ դեպքում կթողնենք քեզ։ ― Սրճարանից տուն էի վերադառնում, խեղճ Զարիֆ էֆենդուն տեսա։ Անհանգիստ էր, շատ հոգնած էր երևում։ Սկզբում խղճացի։ Բայց հիմա բաց թողեք ինձ, հետո կպատմեմ։ Աչքերիս առաջ սևանում է։ ― Անմիջապես չի սևանում,― հոգնած ասաց Քարան։– Վարպետ Օսմանը կտրված ռունգերով ձիուն գտել է ասեղից վնասված աչքերով, հավատա՛ ինձ։ ― Խեղճ Զարիֆ էֆենդին ասաց, որ ուզում է ինձ հետ խոսել, միայն ինձ է վստահում։ Բայց այդ պահին ոչ թե նրան, այլ ինձ էի խղճում։ ― Մինչև արյունը աչքերի մեջ լցվելը եթե պատմես, առավոտյան աշխարհը վերջին անգամ ուզածիդ չափ կարող ես տեսնել,– ասաց Քարան։– Տես, անձրևը դադարում է։ ― Նրան ասացի՝ վերադառնանք սրճարան, բայց ասաց, որ այդ վայրը չի սիրում, անմիջապես հասկացա, որ վախենում է։ Մեր աշակերտության տարիներից ի վեր, քսանհինգ տարի միասին նկարելուց հետո առաջին անգամ զգացի, որ Զարիֆ էֆենդին մեզնից բաժանվում է։ Վերջին ութ-ինը տարին, ամուսնանալուց ի վեր նրան տեսնում էի արվեստանոցում, բայց նույնիսկ չգիտեի, թե ինչ է անում... Ինձ ասաց, որ տեսել է վերջին նկարը։ Ասաց, որ այնտեղ մեծ մեղք կա։ Այնպիսի բան, որի մեղքից ոչ ոք չի կարող ազատվել։ Այդ պատճառով ասում էր, որ բոլորս դժոխքում ենք այրվելու։ Անհանգիստ էր, վախեցած, իր կամքից անկախ մեծ մեղք գործածի պես ընկճված էր։ ― Ո՞րն է մեծ մեղքը։ Այդ մասին նրան հարցնելուն պես աչքերն այնպես զարմանքով բացեց, ասես ցանկանում էր ասել՝ չգիտե՞ս։ Այդ ժամանակ մտածեցի, որ մեր աշակերտության տարիների ընկերը մեզ պես ծերացել է։ Ասաց, որ խեղճ Էնիշթեն վերջին նկարում հեռապատկերի ոճն է անամոթաբար օգտագործել։ Այդ նկարում, ինչպես եվրոպացիներն են անում, ոչ թե Աստծու ցանկությամբ, այլ մեր աչքերին երևալու պես է պատկերվել։ Սա մեծ մեղք է։ Իսլամի խալիֆ մեր սուլթանին շան մեծությամբ նկարելը երկրորդ մեղքն է։ Երրորդ մեղքը նույն մեծությամբ սատանա նկարելն է, բացի այդ, նրան այդքան անկեղծ նկարելը։ Բայց ամենամեծ անշնորհքությունը, իհարկե, ծաղրն է նկարչության հանդեպ։ Մի անգամ օգտագործելով եվրոպական ոճը՝ մեր սուլթանի նկարի հսկայական դեմքը բոլոր մանրամասներով էր նկարել։ Ինչպես անում են հեթանոսները... Կամ էլ հեթանոսների սովորություններից չազատվող քրիստոնյաները, եկեղեցու պատերին նկարներ են կախում, երկրպագում են «դիմանկարներին»։ Զարիֆ էֆենդին Էնիշթեից սովորած այս խոսքը շատ լավ գիտեր և հավատացել էր, որ դիմանկարն ամենամեծ մեղքն է, իրավացիորեն հավատացել էր, որ դիմանկարը մուսուլմանական նկարչության ավարտն է նշանակում։ Ասելով, որ մեր քարոզիչ էֆենդուն և մեր կրոնն են ծաղրում այնտեղ, չէր ուզում սրճարան գնալ, այդ պատճառով այս ամենն ինձ փողոցում, քայլելիս պատմեց։ Երբեմն կանգ էր առնում և կարծես օգնության կարիք զգալով՝ հարցնում էր. ճիշտ է այս ամենը, ոչ մի ելք չկա՞, դժոխքում այրվելո՞ւ ենք։ Զղջման պահեր էր ապրում, բայց մի պահ զգացի, որ նրան ընդհանրապես չեմ հավատում։ Կեղծավոր մարդ էր, որ ցույց էր տալիս, թե տառապում է։ ― Ինչպե՞ս հասկացար։ ― Զարիֆ էֆենդուն մանկությունից գիտեմ։ Շատ ուղղամիտ, բայց անձայն ու անգույն է. իր գրությունների պես։ Կարծես իմ առաջ կանգնած մարդն ավելի հիմար, ավելի միամիտ էր, բայց մակերեսային։ ― Նա էլ էր էրզրումցիների հետ նստում-վեր կենում,– ասաց Քարան։ ― Ոչ մի մուսուլման «ակամա մեղք գործեցի» ասելով չի կարող այդքան տառապել,― ասացի ես։– Լավ մուսուլմանը գիտի, որ Ալլահն արդար է և տրամաբանող և իր ծառայի նպատակները հաշվի է առնում։ Ակամա խոզի միս ուտելու համար դժոխք գնալուն միայն հիմար անգրագետներն են հավատում։ Իրական մուսուլմանը գիտի, որ դժոխքը ոչ թե իրեն, այլ ուրիշներին վախեցնելուն է ծառայում։ Զարիֆ էֆենդին ահա դա էր անում, ցանկանում էր ինձ վախեցնել։ Քո փեսան էր սովորեցրել, դա էլ այդ պահին հասկացա։ Հիմա անկեղծ ասացեք, նկարիչ եղբայրներ, աչքերս արյունով լցվո՞ւմ են, սպիտակուցների գույնր փոխվո՞ւմ է։ Լամպերը բերելով՝ մոտեցրին դեմքիս, աչքերիս մեջ բժշկի ուշադրությամբ ու սիրովնայեցին։ ― Կարծես ոչինչ չի եղել։ Աշխարհում ամենավերջին տեսածս բանը աչքերիս մեջ նայող այս երե՞քն էին լինելու։ Մինչև կյանքիս վերջն այդ պահերը երբեք չէի մոռանա, հասկանում էի, չնայած զղջալուն՝ այս ամենը պատմում էի նաև այն պատճառով, որ հույս ունեի. ― Քո փեսան Զարիֆ էֆենդուն սովորեցրել է արգելված բան անել։ Վերջին նկարը փակել էր, այդ նկարի մեկական անկյունը բացել էր յուրաքանչյուրիս առաջ, պատվիրել էր այնտեղ նկարել, բայց ամբողջական նկարը թաքցրել էր... նկարին խորհրդավոր ու գաղտնի գործի ոճ տալով՝ մեղքի վախ ներշնչեց մեզ։ Մենք էլ ոչ թե կյանքում նկարազարդ գիրք չտեսած էրզրումցիների, այլ նրա պատճառով վարակվեցինք վախով ու մեղքի տագնապով։ Մինչդեռ մաքուր խիղճ ունեցող նկարչին ի՞նչը կարող է վախեցնել։ ― Մաքուր խղճով նկարիչն արդեն վախենալու շատ բան ունի,― գիտունիկի պես ասաց Քարան։– Այո, նկարելու դեմ ոչ ոք ոչինչ չի ասում, բայց նկարը դեմ է մեր կրոնին։ Իրանցի նկարիչների նկարները, անգամ հերաթցի ամենամեծ վարպետների հրաշքներն ի վերջո որպես նկարի անկյունների զարդարանք են ընդունվում։ Ասելով, որ գրիչը գրության գեղեցկությունը, հրաշքն է ներկայացնում, ոչ ոք նրա դեմ ոչինչ չի ասում։ Քանի՞ հոգի է տեսնում մեր նկարները։ Բայց ֆրանսիացի վարպետների ոճն օգտագործելով՝ մեր արած նկարը կամ էլ մանրամասնը դադարում է մանրանկարչություն լինելուց և դառնում է նկար։ Ահա սա է արգելում Ղուրանը, և սա ընդհանրապես դուր չի գալիս մեր մարգարեին։ Մեր սուլթանն էլ, փեսաս էլ դա շատ լավ գիտեին։ Այդ պատճառով սպանվեց փեսաս։ ― Փեսադ սպանվեց, որովհետև վախենում էր,– ասացի ես։– Քեզ պես նա էլ էր սկսել պնդել, որ իր արած նկարչությունը կրոնին, Ղուրանին չի հակասում... Կրոնին հակասող բան գտնելն էլ այն էր, ինչ էրզրումցիներն էին փնտրում։ Զարիֆ էֆենդին ու քո փեսան նման էին իրար։ ― Եվ երկուսին էլ դու ես սպանել, չէ՞,– ասաց Քարան։ Մի պահ կարծեցի, թե կխփի, և այդ պահին անմիջապես հասկացա, որ գեղեցիկ Շեքուրեի նոր ամուսինը փեսայի սպանությունից ընդհանրապես դժգոհ չէր։ Չէր խփելու, եթե խփի էլ, միևնույն է։ ― Իրականում մեր սուլթանի ուզած գիրքը ֆրանսիացի նկարիչների ազդեցության տակ պատրաստելով,– ասացի ես համառորեն,– փեսադ բոլորին ձեռնոց էր նետում, մեղքի սարսափի մեջ էր գցում բոլորին։ Հպարտորեն մեծամտանալու համար։ Ճամփորդությունների ժամանակ տեսած եվրոպացի վարպետների նկարների հանդեպ ստրուկի պես հիացմունք էր զգացել, բոլորիս օրերով պատմած բաներին (քեզ էլ է պատմել այդ պերսպեկտիվի և դիմանկարները հիմարությունները) մինչև վերջ հավատացել էր։ Եթե ինձ մնա, կասեմ, որ մեր կազմած գրքում ոչ վնասակար, ոչ էլ կրոնին հակասող բան կար... Քանի որ նա էլ գիտեր դա, իրեն թվում էր, թե վտանգավոր գիրք է պատրաստում և դա նրան շատ էր դուր գալիս... Սուլթանի հատուկ թույլտվությամբ այսպիսի վտանգավոր բան անելը ֆրանսիացի վարպետների նկարների հանդեպ հիացմունքի չափ կարևոր էր նրա համար։ Եթե պատից կախելու նկար անենք, մեղք կգործենք, այո։ Բայց այդ գրքի համար մեր նկարածներից ոչ մեկում կրոնին հակասող ինչ-որ բան, անհավատություն, անգամ արգելքի վախ չզգացի ես։ Դուք զգացի՞ք։ Արդեն վատ էի տեսնում, բայց, փառք Աստծու, այնքան լավ էի տեսնում, որ հասկացա՝ հարցս նրանց ստիպեց տատանվել։ ― Չեք կարողանում որոշում կայացնել, չէ՞,– հաճույքով ասացի ես։– Մեր նկարներում եթե անգամ մտածեք, որ մեղքի որոշակի միտք, անհավատության ստվեր կա, երբեք չեք կարող ընդունել ու բարձրաձայնել։ Որովհետև դա կնշանակի ասել, որ ձեզ մեղադրող էրզրումցի թշնամիները և մեդրեսեի աշակերտներն իրավացի են։ Մյուս կողմից՝ հավատով չեք կարող ասել, որ լրիվ անմեղ եք, որովհետև դա նշանակում է գաղտնի, խորհրդավոր, արգելված բաներ անելու գլխապտույտ առաջացնող հպարտությունից, գոռոզ ինքնագովասանքից հրաժարվել։ Գիտե՞ք՝ ինչպես հասկացա, որ ես էլ ուժ և իշխանություն ունեմ։ Երբ խեղճ Զարիֆ էֆենդուն կեսգիշերին այս թեքքեն բերեցի։ Նրան այստեղ բերեցի, որովհետև փողոցում քայլելիս մրսել էր։ Իրականում ինձ դուր էր գալիս, որ նա տեսնում է իմ՝ անհավատ Քալենդերիական մնացորդ, դրանից էլ ավելի վատ լինելը։ Կարծեցի, որ արվամոլություն, թմրամոլություն, թափառաշրջիկություն և ամեն տեսակի խայտառակություն անող, ցրված աղանդի վերջին ճամփորդ լինելս տեսնելուն պես խեղճ Զարիֆ էֆենդին ինձնից վախենալով՝ ինձ ավելի էր հարգելու և գուցե վախից բերանը փակելու էր։ Իհարկե, ճիշտ հակառակը եղավ։ Քանի որ այս վայրն ընդհանրապես չհավանեց, մեր մանկության հիմար ընկերն անմիջապես փեսայից սովորած մեղադրանքները ներկայացրեց։ Այսպիսով, սկզբում «օգնիր ինձ, համոզիր, որ դժոխք չենք ընկնելու, որ այս գիշեր կարողանամ հանգիստ քնել» ասող մանկության մեր ընկերը սպառնալից սկսեց ասել. «Սրա վերջը վատ է լինելու»։ Ասում էր, որ վերջին նկարում մեր սուլթանի հրամաններից շատ ենք հեռացել, որ մեր սուլթանը դա չի ների, բամբասանքներն էրզրումցի քարոզիչ հոջայի ականջին են հասնելու։ Գրեթե անհնար դարձավ նրան համոզելը, որ ամեն ինչ հիանալի է։ Հասկացա, որ հավատում է՝ Էնիշթեի հիմարությունները կրոնն են հայհոյում, սատանային բարի են ցույց տալիս, այդ վախերը չափազանցնելով՝ էրզրումցի քարոզչին ականջ դնող այդ բոլոր հիմար ընկեթներին է պատմել, հասկացա, որ նրանք էլ են այս հերյուրանքներին հավատում։ Գիտեք, որ մեր սուլթանի հետաքրքրությանն արժանանալու պատճառով ոչ միայն բոլոր արհեստավորները, այլև բոլոր համքարություններն են մեզ նախանձում։ Հիմա բոլորը միասին և հաճույքով ասելու էին՝ ՆԿԱՐԻՉնԵՐՆ ԱՆՀԱՎԱՏՈՒԹՅԱՄԲ ԵՆ ԶԲԱՂՎՈՒՄ։ Բացի այդ, Էնիշթեի և Զարիֆ էֆենդու համագործակցության պատճառով այս հերյուրանքը ճշմարտացի էր երևալու։ Ասում եմ հերյուրանք, որովհետև իմ Զարիֆ եղբոր՝ գրքի և վերջին նկարի մասին ասածներին ընդհանրապես չեմ հավատում։ Դեռ այդ ժամանակ ես քո լուսահոգի փեսային պաշտպանում էի։ Անգամ տեղին էի համարում, որ մեր սուլթանը նրան վարպետ Օսմանից ավելի է ուշադրություն դարձնում, եվրոպացի վարպետների և նրանց նկարների մասին ինձ երկար պատմածներին, եթե անգամ ոչ նրա չափ, միևնույն է, հավատում եմ։ Անկեղծ մտածում եմ, որ մենք՝ օսմանցի նկարիչներս, սատանայի հետ ոչ մի համաձայնության չգալով՝ եվրոպական ոճն այստեղից֊այնտեղից մեր սրտի ուզածի և ճամփորդությունների ժամանակ մեր տեսածի չափ գեղեցիկ կարող ենք ընդունել, և դրանք էլ մեր գլխին փորձանք չեն բերի։ Կյանքը հեշտ էր, և քո լուսահոգի փեսան ինձ համար վարպետ Օսմանից հետո այս նոր կյանքում նոր հայր էր։ ― Սպասիր,– ասաց Քարան,― նախ պատմիր, թե ինչպես սպանեցիր Զարիֆին։ ― Դա,– ասացի ես՝ հասկանալով, որ չեմ կարող օգտագործել սպանություն բառը,– դա ոչ միայն մեզ փրկելու, այլև ամբողջ արվեստանոցի բարօրության համար արեցի։ Զարիֆ էֆենդին հասկացել էր, որ իր ձեռքին սպառնալիքի զենք կա։ Այդ ստորի խղճուկ լինելը ցույց տալու համար Աստծուն աղոթեցի և աղաչեցի։ Աստված իմ աղոթքներն ընդունելով՝ ցույց տվեց նրա ստորությունը, փող առաջարկեցի։ Այդ ոսկիները հիշեցի, բայց Ալլահի ներշնչանքով սուտ հորինեցի։ Ասացի, որ ոսկիները ոչ թե այստեղ են՝ թեքքեում, այլ այնտեղ, ուր թաքցրել եմ։ Դուրս եկանք թեքքեից։ Դատարկ փողոցներում, հեռավոր թաղամասերում, առանց իմանալու, թե ուր եմ գնում, աննպատակ քայլեցինք։ Չգիտեի, թե ինչ եմ անելու և շատ էի վախենում։ Մեր աննպատակ ու կոնկրետ ուղղություն չունեցող զբոսանքի վերջում մի անգամ մեր անցած փողոցով նորից անցնելով՝ մեր խելացի Զարիֆ էֆենդի եղբայրը սկսեց կասկածել։ Բայց Ալլահը մեր առաջ հրդեհված տան փլատակներ ու անմիջապես նրա կողքին գտնվող մութ ջրհոր բերեց։ Այս կետում հասկանալով, որ շարունակությունը չեմ կարողանալու պատմել, ասացի նրանց. ― Եթե դուք էլ իմ փոխարեն լինեիք, մյուս բոլոր նկարիչների բարօրության մասին կմտածեիք և նույն կերպ կվարվեիք,― ասացի ես խիզախորեն։ Լսելով, որ ինձ իրավացի են համարում, ցանկացա արտասվել, ուզում էի ասել, որ դա իմ չվաստակած սիրուց հուզվելու պատճառով էր, բայց ոչ։ Կարծես նրան սպանելով՝ ջրհորի մեջ նետելիս մարմնի՝ ջրի մեջ ընկնելու ձայնը կրկին լսելու մասին ցանկացա ասել նրանց, բայց ոչ։ Ասելու էի, թե մարդասպան դառնալուց առաջ որքան երջանիկ էի, բոլորի նման էի, բայց ոչ։ Մանկության տարիներին մեր աղքատ թաղամասով անցնող մի կույր մարդու էի հիշել, կեղտոտ հագուստների միջից ավելի կեղտոտ պողպատե աման հանեց և թաղամասի աղբյուրի մոտ հեռվից նայող մեզ՝ երեխաներիս ասաց. «Երեխաներ, ձեզնից ո՞ր մեկը այս կույր հորեղբոր բաժակն աղբյուրից ջուր կլցնի»։ Քանի որ ոչ ոք չմոտեցավ, ասաց. «Բարություն արեք, որդիս, բարությո՛ւն»։ Բիբերի գույնը թափվել էր և աչքերի սպիտակուցների հետ նույն գույնը ստացել։ Բայց կույր հորեղբորը նմանվելու անհանգստությամբ արագորեն ու հաճույքով պատմեցի, թե Էնիշթե էֆենդու վրա ինչպես եմ ձեռք բարձրացրել։ Ոչ լրիվ ճիշտ ասացի, ոչ էլ սուտ, երկուսի միջև սիրտս չճզմող մի ոսկե միջին գտնելուն պես հասկացա, որ այնտեղ Էնիշթե էֆենդուն սպանելու համար չէի գնացել. նրան սպանելը նախօրոք չէի ծրագրել, նշանակում է՝ եթե վատ նպատակ չեմ ունեցել, դժոխք չեմ գնա։ Այդ պահին հասկացան, որ փորձում եմ ինձ գովել և արդարացնել։ ― Զարիֆ էֆենդուն Ալլահի հրեշտակներին հանձնելուց հետո,― ասացի ես մտածկոտ ձայնով,― լուսահոգու ասածներն ինձ հանգիստ չեն տալիս։ Վերջին նկարի համար ձեռքերս արյունոտելը այդ նկարն իմ աչքում ավելի կարևոր էին դարձրել։ Նա արդեն մեզնից ոչ մեկին տուն չէր կանչում․ նկարը տեսնելու համար գնացի փեսայիդ տուն։ Նկարը ցույց չտվեց, բացի այդ, իրեն այնպես էր պահում, ասես ամեն ինչ հրաշալի է։ Ոչ մի նկար, ոչինչ չի կարող այնքան խորհրդավոր լինել, հանուն որի կարելի լիներ մարդ սպանել։ Որպեսզի ինձ այդքան չստորացնի, ինձ կարևորություն տա, Զարիֆ էֆենդուն սպանելով՝ ջրհորը նետելս խոստովանեցի։ Ինձ լուրջ ընդունեց, բայց շարունակեց ստորացնել։ Որդուն ստորացնող հայր չի կարող լինել։ Մեծ վարպետ Օսմանը մեզ վրա շատ էր զայրանում, շատ էր ծեծում, բայց երբեք չէր ստորացնում։ Նրան դավաճանելով՝ սխալ ենք գործել, եղբայրներ։ Մահվան մահճում վերջին խոսքերս լսելու պես աչքերիս մեջ համակ ուշադրությամբ նայող եղբայրներիս ժպտացի։ Ինչպես մահացող եղբայրն է զգում, ես էլ աստիճանաբար տեսա, թե ինչպես է նրանց պատկերը մշուշվում ու հեռանում։ ― Փեսայիդ երկու պատճառով սպանեցի, մեծ վարպետ Օսմանին ստիպել էր ֆրանսիացի նկարիչ Սեբաստիանոյին կապիկի պես կրկնօրինակել։ Եվ որովհետև թուլություն ցուցաբերելով՝ նրան հարցրի՝ ես ոճ ունե՞մ։ ― Ի՞նչ ասաց։ ― Ասաց, որ ունեմ, բայց նրա համար դա ոչ թե ծաղր էր, այլ, իհարկե, գովաբանություն։ Ամոթով հիշում եմ, որ մտածեցի՝ ինձ համար է՞լ դա գովաբանություն է, թե՞ ոչ. և ոճը որպես անշնորհքություն, անամոթություն էի տեսնում, և ինձ կասկածն էր կրծում։ Չէի ուզում ոճ ունենալ, բայց սատանան հրահրում էր, և ես հետաքրքրված էի։ ― Բոլորը թաքուն ոճ են ուզում ունենալ,– ասաց Քարան գիտունիկի ձայնով։– Բոլորն էլ մեր սուլթանի պես ցանկանում են դիմանկար ունենալ։ ― Դա անհաղթահարելի հիվանդություն է,– ասացի ես,― Այդ հիվանդությունը տարածվելուն պես մեզնից ոչ ոք չի կարողանա դիմակայել եվրոպացի վարպետների ոճին։ Բայց ոչ ոք չէր լսում ինձ. Քարան շահի աղջկան ժամանակից շուտ իր սերը խոստովանելու համար տասներկու տարի Չինաստան արտաքսված դժբախտ Թուրքմեն բեյի պատմությունն էր անում։ Տասներկու տարի իր երազած սիրելիի դիմանկարը չունենալու պատճառով էլ չինացի գեղեցկուհիների շրջապատում մոռանում է իր սիրելիի դեմքը, սիրո տառապանքը Աստծու տված խոր տառապանքի է վերածվում։ Բայց բոլորս էլ գիտեինք, որ սա իր պատմությունն է։ ― Փեսայիդ շնորհիվ արդեն բոլորս սովորեցինք այդ «դիմանկար» բառը,– ասացի ես։― Մի օր կսովորենք մեր կյանքն առանց վախենալու, կյանքի պես պատմել ինշալլահ։ ― Բոլոր պատմությունները բոլորի պատմություններն են,― ասաց Քարան,― այլ ոչ թե մի մարդու պատմություն։ ― Ամբողջ նկարչությունն էլ Ալլահի նկարչությունն է,– լրացրի ես հերաթցի բանաստեղծ Հաթիֆիի երկտողերը։– Բայց ֆրանսիացի վարպետների ոճերը որքան տարածվեն, այնքան բոլորը պատմություններն իրենց պատմության պես պատմելն առանձնահատուկ շնորհ են համարելու։ ― Սատանայի ուզածն էլ դա է։ ― Բաց թողեք ինձ արդեն,– բղավեցի ամբողջ ուժով։– Թողեք՝ վերջին անգամ տեսնեմ աշխարհը։ Տեսնելով, որ սարսափեցին, ինձ վստահ զգացի։ Սկզբում Քարան իրեն հավաքեց. ― Վերջին նկարը հանելո՞ւ ես։ Քարային այնպես նայեցի, որ հասկացավ՝ հանելու եմ։ Ինձ բաց թողեց։ Սիրտս սկսեց արագ բաբախել։ Վաղուց եք հասկացել այսպես կոչված թաքցրածս էությունը։ Հերաթցի հին վարպետների պես մի՛ զարմացեք իմ պահվածքի վրա։ Նրանք իրենց ստորագրությունները թաքցնում էին ոչ թե որպեսզի մարդիկ չիմանան իրենց ինքնությունը, այլ որովհետև իրենց վարպետների և կանոնների հանդեպ հարգանք էին տածում։ Ձեռքիս լամպ՝ թեքքեի մութ սենյակների արանքում իմ սեփական դժգույն ստվերին հետևելով՝ հուզված քայլում էի։ Մթության վարագույրը սկսել էր կախվել աչքերիս վրա՞, թե՞ այդ սենյակներն ու միջանցքներն էին այսքան մութ։ Կուրանալուց առաջ դեռ որքա՞ն ժամանակ, օր, շաբաթ ունեի։ Ստվերս ու ես կանգնեցինք, խոհանոցի ուրվականների մեջ, փոշոտ պահարանի մաքուր անկյունից թղթերը վերցնելով՝ արագ վերադարձանք։ Քարան զգուշավոր էր, հետևեց ինձ, բայց դաշույնը չէր վերցրել։ Կուրանալուց առաջ դաշույնը վերցնելով՝ նրան է՞լ էի ուզում կուրացնել։ ― Ուրախ եմ, որ կուրանալուց առաջ մի անգամ էլ եմ տեսնում սա,– հպարտ ասացի ես։– Ուզում եմ, որ դուք էլ տեսնեք, նայեք։ Այսպիսով, Էնիշթեի սպանության օրը նրա տնից վերցրածս վերջին նկարը լամպի լույսի տակ նրանց ցույց տվեցի։ Երկու էջի մեծությամբ նկարին հառած հետաքրքրությամբ ու վախով լի հայացքներին հետևեցի նախևառաջ։ Նրանց հետ նկարին նայելիս մի քիչ դողում էի։ Կամ աչքերս ասեղով ծակելու, կամ էլ հիացմունքի պատճառով ջերմությունս բարձրացել էր։ Վերջին տարում այս երկու էջի տարբեր անկյուններում բոլորիս նկարած ծառի, ձիու, սատանայի, մահվան, շան, կնոջ նկարները էնիշթեն իր անփորձ, բայց նոր ոճի համաձայն մեծ ու փոքր այնպես էր տեղադրել, որ լուսահոգի Զարիֆ էֆենդու գրությանն ու շրջանակներին նայելիս ասես ոչ թե գրքի էջին էինք նայում, այլ պատուհանից ամբողջ աշխարհն էինք տեսնում։ Այդ աշխարհի կենտրոնում, ուր պետք է մեր սուլթանի դիմանկարը լիներ, ես էի։ Մի պահ բոլորս հպարտությամբ նայեցինք։ Օրերով նկարելով, ջնջելով, հայելուն նայելով, տառապալից աշխատելով՝ ինձ շատ քիչ նմանեցնելու պատճառով մի քիչ ձանձրանում էի, բայց նաև հուզված էի, որովհետև նկարը, էջը, ինձ ոչ միայն ամբողջ աշխարհի կենտրոնում էր ցույց տալիս, այլև անբացատրելի սատանայական պատճառով ինձ ավելի խոր ու խորհրդավոր էր դարձնում։ Ցանկանում էի, որ նկարիչ եղբայրներս այս ոգևորությունս տեսնեն, հասկանան, ինձ հետ կիսեն։ Ե՛վ սուլթանի կամ թագավորի պես ամեն ինչի կենտրոնում էի, և՛ ես ես էի։ Այս վիճակն ինձ և հպարտություն, և ամոթ էր ներշնչում։ Այս երկու զգացմունքն ինձ հանգստացնում էին, բայց նկարի նոր վիճակից գլխապտույտ առաջացնող հաճույք էի զգում։ Բայց որպեսզի այդ հաճույքն ամբողջական լիներ, եվրոպացի նկարիչների տաղանդով իմ դեմքը, հագուստը բոլոր կնճիռները, ստվերները, պզուկներն ու կորյակները, իմ մորուքից մինչև կտորի գործվածքը ամեն ինչ, բոլոր գույները ամենափոքր մանրամասնով ամբողջական և անթերի պետք է լինեին։ Իսկ նկարին նայող հին ընկերներիս դեմքին վախի և զարմանքի հետ խառնված մեզ բոլորիս կրծող այդ անդիմադրելի զգացումը՝ նախանձն էի տեսնում։ Մինչև վերջ մեղքի մեջ խրված մեկի հանդեպ զգացած զայրույթի ու զզվանքի զգացումի հետ մեկտեղ վախենալով՝ նաև նախանձում էին։ ― Այստեղ լամպի լույսի տակ գիշերներն այս նկարին նայելիս առաջին անգամ զգացի, որ Ալլահն ինձ լքել է և իմ մենակության ժամանակ միայն սատանան է ինձ հետ ընկերանում,– ասացի ես։― Իսկապես եթե աշխարհի կենտրոնում լինեի (նկարին ամեն անգամ նայելիս շատ էի ուզում դա), չնայած իմ շրջապատի սիրած բոլոր բաներին, անգամ գեղեցիկ Շեքուրեին նման կին ու դերվիշ ընկերներ ունենալուս, չնայած նկարի մեջ գերակշռող գեղեցկությանը՝ ավելի միայնակ էի զգալու ինձ։ Չէի վախենում իմ ինքնությունից և յուրահատկությունից, ուրիշների՝ ինձ երկրպագելուց, ընդհակառակը՝ դա էի ցանկանում։ ― Այսինքն՝ չե՞ս զղջում,– ասաց Լեյլեքը ուրբաթ օրվա քարոզից նոր ելած մարդու ոճով։ ― Ոչ թե երկու մարդու սպանելու, այլ այսպիսի նկար անելու համար եմ ինձ սատանա զգում։ Կարծում եմ՝ այդ երկուսին այս նկարն անելու համար եմ սպանել։ Բայց նոր իրավիճակի միայնությունր նաև վախեցնում էր ինձ։ Առանց նրանց տաղանդն ունենալու՝ ֆրանսիացի վարպետներին կրկնօրինակող նկարիչ լինելն ավելի ստորացնող է։ Ուզում եմ փախչել այս վիճակից։ Իրականում երկուսին էլ՝ որպեսզի արվեստանոցում ամեն ինչ նախկինի պես լինի, դուք էլ եք հասկանում, որ այդ պատճառով եմ սպանել, իհարկե, Աստված էլ է հասկացել։ ― Բայց սա բոլորիս համար ավելի մեծ խնդիրներ է ստեղծելու,― ասաց իմ սիրելի Քելեբեքը։ Դեռ նկարին նայող հիմար Քարայի ձեռքը մի պահ բռնեցի, ամբողջ ուժով եղունգներս նրա մաշկի մեջ խրելով՝ զայրույթով սեղմեցի ու դաստակը ծալեցի։ Թույլ բռնած դաշույնն ընկավ ձեռքից։ Արագ վերցրի հատակից։ ― Բացի այդ, ինձ տանջահարողին հանձնելով՝ ձեր խնդիրներից արդեն չեք կարող ազատվել,– ասացի ես։ Դաշույնի ծայրն այնպես մոտեցրի Քարայի աչքին, ասես աչքն էի խրելու։– Տուր ասեղը։ Ամուր ձեռքով հանեց տվեց, դրեցի գոտուս մեջ։ Աչքերս հառեցի գառան պես նայող աչքերի մեջ։ ― Խղճում եմ գեղեցկուհի Շեքուրեին, որովհետև ի վերջո քեզ հետ ամուսնանալուց բացի ուրիշ ճանապարհ չուներ,– ասացի։― Ձեզ փորձանքից փրկելու համար եթե ստիպված չլինեի Զարիֆ էֆենդուն սպանել, ինձ հետ կամուսնանար ու երջանիկ կլիներ։ Հոր՝ մեզ բոլորիս պատմած եվրոպացի վարպետների հեքիաթներն ու ընդունակությունները միշտ ամենալավը ես եմ հասկացել։ Դրա համար ուշադիր լսեք այս վերջին ասածներս, այստեղ տաղանդով ու պատվով ապրել ցանկացող մեզ՝ վարպետ նկարիչներիս համար արդեն տեղ չկա, ես դա հասկացել եմ։ Եթե լուսահոգի Էնիշթեի և սուլթանի ուզածի պես եվրոպացի վարպետներին կրկնօրինակենք, ոչ միայն Զարիֆ էֆենդու և էրզրումցիների նմանները, այլև մեր ներսի վախկոտը մեզ կբռնի, մինչև վերջ չենք կարողանա գնալ։ Եթե սատանայի հետ համաձայնության գալով, մինչև վերջ գնալով, ամբողջ անցյալին դավաճանելով՝ մի ոճի և ֆրանսիական ոճի միջոցով փորձենք ինքնություն ձեռք բերել, այսպիսի նկար անելու համար իմ տաղանդը և գիտելիքները չեն բավականացնի, սա չենք կարողանա անել։ Իմ նկարից երևում է, որ այն ամբողջովին ինձ նման չէ, որ եվրոպացի վարպետների տաղանդից հարյուրամյակներ շարունակ սովորելու բան ունենք (չնայած վաղուց բոլորս ակամա ամեն բան սովորել ենք)։ Էնիշթե էֆենդու գիրքն էլ եթե ավարտից հետո նրանց ուղարկվեր, վենետիկցի վարպետ նկարիչները մեզ վրա կծիծաղեին, նրանց ծիծաղն էլ կփոխանցվեր վենետիկցի դոժին, այդքանը։ Կասեին, որ օսմանցին արդեն օսմանցի չէ, արդեն չէին վախենա մեզնից։ Եթե հին վարպետների ճանապարհով գնանք, որքա՜ն լավ կլինի։ Բայց մեր սուլթանն էլ, Շեքուրեի դիմանկարը չլինելու պատճառով տխրող Քարա էֆենդին էլ, ոչ ոք չէր ուզում դա։ Այստեղ նստեք ու եվրոպական ոճը հարյուրամյակներ շարունակ կրկնօրինակեք այդ դեպքում։ Ձեր կրկնօրինակումները գոռոզաբար ստորագրեք։ Հերաթցի հին վարպետներն աշխարհը Ալլահի տեսածի պես նկարել փորձելիս իրենց ինքնությունը թաքցնելու համար չէին ստորագրում։ Իսկ դուք ստորագրելու եք, որ թաքցնեք այն, որովհետև ինքնություն չունեք։ Բայց ելք էլ կա, գուցե ձեր դուռն էլ է մեկ առ մեկ թակել, բայց ինձնից թաքցնում եք. հնդիկ սուլթան Էքբերը բաժանելով ոսկին և իր սերը՝ աշխարհի ամենատաղանդավոր նկարիչներին հավաքեց իր շուրջը։ Արդեն պարզ դարձավ, որ այստեղ ոչ թե Ստամբուլում, այլ Ագրայի արվեստանոցում իսլամի հազարերորդ տարելիցի առթիվ կազմված գիրքն են նվիրելու։ ― Մեզ պես գոռոզանալու համար նկարիչը պետք է նախևառաջ մարդասպա՞ն լինի,― հարցրեց Լեյլեքը։ ― Ամենատաղանդավորն ու ընդունակը լինելը բավական է,– ասացի ես՝ առանց նրան ուշադրություն դարձնելու։ Հեռվում մի հպարտ աքլոր երկու անգամ ծուղրուղու կանչեց։ Իմ կապոցները, ոսկիները հավաքեցի, իմ օրինակների տետրերը, նկարները դրեցի թղթապանակի մեջ։ Սուր ծայրն ուղղեցի Քարայի կոկորդին, անգամ մտածում էի, որ նրանց կարող եմ մեկ առ մեկ սպանել, բայց աշակերտության տարիներից ի վեր մանկության ընկերներիս, անգամ աչքս ասեղ խրած Լեյլեքին շատ էի սիրում։ Ոտքի կանգնած սիրելի Քելեբեքին իմ բղավոցով վախեցնելով՝ ստիպեցի նստել։ Վստահ լինելով, որ կարող եմ ողջ առողջ դուրս գալ թեքքեից՝ շտապեցի։ Դռնից դուրս գալիս անհամբեր ասացի վաղուց մտածածս այդ լուրջ խոսքը. ― Ստամբուլից հեռանալս Իբնի Շաքիրի՝ մոնղոլական հարձակման ժամանակ Բւսղդադից հեռանալուն է նմանվելու,― ասացի։ ― Այդ դեպքում ոչ թե Արևելք, այլ Արևմուտք պետք է գնաս,– ասաց նախանձ Լեյլեքը։ ― Արևելքն էլ, Արևմուտքն էլ Ալլահինն են,– ասացի ես արաբերեն, ինչպես լուսահոգի Էնիշթեն էր ասում։ ― Բայց Արևելքն արևելքում է, Արևմուտքն էլ՝ արևմուտքում,― ասաց Քարան։ ― Նկարիչը չպետք է գոռոզանա,– ասաց Քելեբեքը։– Արևելքի և Արևմուտքի մասին մտածելու փոխարեն պետք է միայն նկարի այնպես, ինչպես սիրտն է թելադրում։ ― Շատ ճիշտ խոսք է,– ասացի սիրելի Քելեբեքին։– Ուզում եմ քեզ համբուրել։ Բայց դեռ երկու քայլ չէի արել, երբ Քարան հմտորեն նետվեց ինձ վրա։ Մի ձեռքիս հագուստներիս ու ոսկով լի կապոցը, իսկ թևիս տակ նկարներով թղթապանակն էր։ Ավելի շատ նրանց էի ցանկանում պաշտպանել, քան ինձ։ Դաշույնով հարձակվեցի վրան։ Բայց նրա բախտն էլ չբերեց, ոտքը դրեց գրակալի վրա և մի պահ կորցնելով հավասարակշռությունը՝ թևս բռնելու փոխարեն կարծես կախվեց թևիցս։ Ամբողջ ուժով ոտքերով հարվածելով՝ մատները կծելով՝ նրան ցած գցեցի։ Մահվան սարսափից ոռնաց։ Նույն ձեռքին, այս անգամ ցավեցնելով, ոտքս դրեցի և մյուս երկուսի դեմ պահելով դաշույնը՝ բղավեցի. ― Նստեք ձեր տեղերում։ Նստեցին։ Դաշույնի ծայրը, լեգենդում Քեյ-քաուսի արածի պես Քարայի քիթը մտցրի։ Երբ սկսեց արյուն գալ, աղաչող աչքերից դառն արցունքներ թափվեցին։ ― Այսպես,– ասացի ես։– Կուրանալո՞ւ եմ։ ― Լեգենդի համաձայն՝ արյունը ոմանց աչքի մեջ թափվում է, ոմանց աչքի մեջ՝ ոչ։ Ալլահը եթե գոհ է քո նկարչությունից, քեզ իր մոտ առնելու համար սեփական հիանալի մթությունն է պարգևելու քեզ։ Այդ դեպքում ոչ թե այս խղճուկ աշխարհը, այլ նրա տեսած հիանալի տեսարանները կտեսնես։ Իսկ եթե դժգոհ է, կշարունակես տեսնել ինչպես այժմ։ ― Ես իրականում Հնդկաստանում եմ զբաղվելու նկարչությամբ,― ասացի։– Դեռ այնպիսի նկար չեմ արել, որի համար Ալլահը կարող է ինձ քննադատել։ ― Շատ մի երազիր, որ կկարողանաս փախչել եվրոպական ոճից,― ասաց Քարան։– Գիտե՞ք, որ Էքբեր խանը բոլոր նկարիչներին խրախուսում էր նկարների տակ ստորագրել։ Պորտուգալացի ճիզվիտ քահանաները եվրոպական նկարչությունն ու ոճերը վաղուց տարածել են այնտեղ։ Դրանք արդեն ամենուր են։ ― Միշտ կա մի բան, որ միամիտը կանի, և մի տեղ, ուր կկարողանա փախչել,― ասացի ես։ ― Այո, կուրանալ և գոյություն չունեցող երկրներ փախչել,― ասաց Լեյլեքը։ ― Ինչո՞ւ ես ուզում միամիտ լինել,– ասաց Քարան։– Մեզ պես եղիր և մնա այստեղ։ ― Ամբողջ կյանքում սեփական ոճն ունենալու համար ֆրանսիացիներին եք կրկնօրինակելու,― ասացի ես։– Ֆրանսիացիներին կրկնօրինակելու պատճառով էլ երբեք սեփական ոճ չեք ունենա։ ― Ուրիշ ոչինչ չենք կարող անել,– անամոթաբար ասաց Քարան։ Ոչ թե նկարչությունը, այլ, իհարկե, գեղեցկուհի Շեքուրեն էր նրա միակ երջանկությունը։ Արյունոտ ծայրով դաշույնր հեռացնելով Քարայի արնահոսող քթից՝ գլուխ կտրելու պատրաստվող դահճի թրի պես բարձրացրի։ ― Եթե ցանկանամ, հենց հիմա գլուխդ կթռցնեմ,― հայտարարեցի այն, ինչ բացահայտ էր։― Բայց Շեքուրեի երեխաների և նրա երջանկության համար քեզ ներում կշնորհեմ։ Նրա հետ լա՛վ վարվիր, կենդանու և անգրագետի պես մի՛ վարվիր։ Խոստացի՛ր։ ― Խոստանում եմ,– ասաց նա։ ― Քեզ Շեքուրեին եմ հանձնում,― ասացի ես։ Բայց թևս բերանիցս ելածի ճիշտ հակառակն արեց։ Ամբողջ ուժով դաշույնն իջեցրի Քարայի գլխին։ Վերջին պահին և՛ նրա շարժվելու պատճառով, և՛ հարվածի ուղղությունը փոխելու համար դաշույնը ոչ թե նրա վզին, այլ ուսին իջավ։ Ես էլ սարսափած նայեցի իմ թևի ակամա շարժումիս։ Մարմնի մեջ խրվող դաշույնը ներկվեց մուգ կարմիրով։ Ե՛վ վախեցա իմ արածից, և՛ ամաչեցի։ Բայց գիտեի, որ եթե շատ շուտով, գուցե արաբական ծովերում, նավի մեջ կուրանամ, վրեժի համար իմ նկարիչ ընկերներից ոչ մեկին կողքիս չեմ գտնի։ Լեյլեքը, որ իրավացիորեն վախենում էր, որ հերթն իրեն է հասել, փախավ ներս՝ մութ սենյակ։ Լամպը ձեռքիս՝ ստվերիս հետ գնացի նրա ետևից, բայց վախենալով՝ վերադարձա։ Ամենավերջին գործս Քելեբեքի հետ համբուրվելով՝ նրան, հրաժեշտ տալն էր։ Քանի որ արնահեղություն էր տեղի ունեցել, չկարողացա իմ ուզածի պես անկեղծ համբուրել։ Տեսավ, որ աչքերիցս արցունքներ են հոսում։ Քարայի ոռնոցների կտրվելուց հետո մահվան լռության մեջ դուրս եկա թեքքեից։ Թաց ու ցեխոտ այգուց և մութ թաղամասից փախչելով՝ հեռացա։ Ինձ Էքբեր խանի արվեստանոց տանող նավն առավոտյան էզանից հետո ճանապարհ էր ընկնելու, այդ ժամին վերջին անգամ Քադըրգայի նավամատույցից փոքրիկ նավակ էր գնալու դեպի նավը։ Վազելիս աչքերիցս արցունքներ թափվեցին։ Աքսարայով գողի պես անցնելիս հորիզոնում տեսա օրվա առաջին լույսերը։ Նեղ փողոցների, նեղ անցումների, պատերի արանքից իմ առաջ ելած առաջին թաղամասի աղբյուրի մոտ մի քարե տուն կար, ուր գիշերել էի քսանհինգ տարի առաջ, երբ առաջին անգամ Ստամբուլ եկա։ Այնտեղ՝ բակի բաց դռան արանքից նայելիս հիշեցի՝ քսանհինգ տարի առաջ այս հեռու բարեկամն ինձ առատաձեռն ու բարեսրտորեն հյուրընկալել էր, իսկ ես նրա գցած անկողնու մեջ գիշերը տակս էի արել։ Տեսա ջրհորը, ուր կեսգիշերին տասնմեկ տարեկանի մեղքի զգացումով ցանկացել էի նետվել։ Մինչև Բեյազիդ հասնելը տեսա այն ժամագործի արհեստանոցը, ուր բազմիցս եկել էի ժամացույցիս փչացած մեխանիզմը նորոգելու, ապակեգործի խանութը, ուր նախշազարդելով՝ քաղաքակիրթ գնորդներին դատարկ բյուրեղյա լամպեր, օշարակի բաժակներ ու շշեր էի վաճառում, բաղնիքը, ուր մի շրջան շատ էի գալիս, որովհետև և՛ էժան էր, և՛ շատ մարդ չէր լինում, բոլորն ինձ արցունքներով հրաժեշտ տվեցին։ Տակնուվրա եղած սրճարանում էլ ոչ ոք չկար, գեղեցկուհի Շեքուրեն գուցե այս պահին մահամերձ ամուսնու հետ այն տանն է, որտեղ ամբողջ սրտով ցանկանում եմ, որ երջանիկ լինի։ Արնահեղությանը հետևած օրերին փողոցում քայլելիս ինձ թշնամաբար նայող Ստամբուլի բոլոր շներին, մութ ծառերին, կույր պատուհաններին, սև խողովակներին, առավոտվա նամազի համար վազող աշխատասեր ու դժբախտ վաղ արթնացած մարդկանց և նրանց ուրվականներին մարդասպանություններս խոստովանելուց հետո իմ կյանքի քաղաքն ինձ արդեն ընկերաբար էր նայում։ Բեյազիդի մզկիթի մոտով անցնելուց հետո մի բլրից հետևեցի նեղուցին, հորիզոնը լուսավորվում էր, բայց ջրերը դեռ սև էին։ Երկու ձկնորսական նավակ, առագաստներր կապած բեռնատար նավեր, մի մոռացված ռազմանավ, ընդհանրապես չերևացող ալիքներին ծանր-ծանր օրորվելով՝ ինձ ասացին. «Մի՛ գնա, մի՛ գնա»։ Ասեղի պատճառո՞վ էի արտասվում։ «Հնդկաստանում տաղանդիդ հրաշքներով ապրելիք հիանալի կյանքդ պատկերացրու»,– ասացի ինձ։ Ճանապարհից դուրս եկա, վազելով անցա երկու ցեխոտ այգի և կանաչի մեջ թաղված մի հին քարե տուն մտա։ Այն տունն էր, ուր աշակերտությանս տարիներին ամեն երեքշաբթի գալիս էի՝ վարպետ Օսմանից երկու քայլ ետ՝ նրա պայուսակը, թղթապանակը, գրչատուփը և գրատախտակը կրելու համար։ Այնտեղ ոչինչ չէր փոխվել, բայց այգու և փողոցի նոճիներն այնպես էին հասակ գցել, որ տան ու փողոցի մեջ սուլթան Սուլեյմանի ժամանակից մնացած շքեղությունը, իշխանությունը և հարստությունն էր ներծծվել։ Նավամատույց տանող ճանապարհին մոտ լինելու համար սատանային ականջ դրեցի և քսանհինգ տարի անցկացրածս արվեստանոցի շենքի կամարները վերջին անգամ տեսնելու հաճույքին տրվեցի։ Այդպես՝ երբ աշակերտ էի, երեքշաբթի օրերին վարպետ Օսմանի ետևից քայլելով՝ իմ անցած ճանապարհին ընկած խենթացնող լորենու հոտ ունեցող Օքչուլար փողոցով, թոնրատան առջևով, ուր իմ վարպետը մսով կարկանդակ էր գնում, զառիթափից, ուր սերկևիլի ծառեր և շագանակենիներ էին աճում և որտեղ մուրացկաններն էին շարվում, նոր շուկայի փակ դռների մոտով, վարսավիրի մոտով, ում իմ վարպետն ամեն առավոտ ողջունում էր, դատարկ այգու մոտով, ուր ամռանը աճպարարները գալով վրաններ Էին դնում, վատ հոտ ունեցող մեկհոգանոց սենյակների և բորբոսահոտ բյուգանդական կամարների տակով, Իբրահիմ փաշայի պալատի և սյուների արանքով, որոնց վրա հարյուրավոր անգամներ օձեր, միշտ տարբերվող նոճիներ եմ նկարել, ձիարշավարանի մոտով, շագանակենու և թթենու տակով, որոնց սաղարթներում առավոտյան ճնճղուկներն ու կաչաղակներն էին ծլվլում։ Արվեստանոցի ծանր դուռը փակ էր։ Ոչ դռան մոտ, ոչ էլ վերևի կամարաձև պատշգամբում ոչ ոք չկար։ Միայն մի պահ անհանգստությամբ կարողացա նայել այն փոքրիկ պատուհանի կողպեքներին, որոնց միջով աշակերտության տարիներին ձանձրույթից պայթելիս ծառերին էինք նայում։ Ինչ-որ մեկը կանչեց ինձ։ Ականջ ծակող բարակ ու սուր ձայն ուներ։ Ասաց, որ իմ սուտակե պոչով արյունոտ դաշույնն իրենն է, իր զարմիկ Շևքեթը մորը միանալով՝ գողացել է տնից։ Դա էլ ապացուցում է, որ գիշերը տան վրա հարձակվելով՝ Շեքուրեին փախցրած Քարայի մարդկանցից մեկն եմ։ Այդ գիտունիկ, սուր ձայնով, զայրացած մարդը գիտեր նաև, որ Քարայի նկարիչ ընկերները արվեստանոց են գալու։ Տարօրինակ կարմիր գույնով փայլող երկար թուր ու չգիտես ինչու՝ ինձնից պահանջած հաշիվներ և նույնքան էլ պատմելիք պատմություն ուներ։ Գուցե ասեի, որ սխալ է տեղի ունեցել, բայց տեսա, թե որքան զայրացած է։ Նաև դեմքի արտահայտությունից հասկացա, որ ինձ ցանկանում է ատելությամբ սպանել։ Քայլ արեց դեպի ինձ։ ― Կանգնի՛ր,– կուզեի ասել ես։ Նա արդեն արել էր քայլը։ Իսկ ես անգամ չկարողանալով դաշույնս ուղղել նրան՝ միայն կարողացա իմ կապոցով ձեռքս վեր բարձրացնել։ Կապոցս օդ թռավ։ Կարմիր թուրը նախ ծայրից ծայր կոկորդս կտրեց, հետո պոկեց գլուխս։ Երբ դաշույնը հիմարի պես թափահարեցի ու վզիցս շատրվանի պես արյուն հոսելուց հետո գետնին տապալվեցի, հասկացա, որ գլուխս լքել է մարմինս։ Ինքն իրեն շարժվող խեղճ ոտքերս ճիշտ մահից առաջ թպրտացող խեղճ ձիու պես իզուր թպրտացին։ Գլուխս ընկավ ցեխի մեջ, այդ պատճառով ո՛չ կարողացա ինձ սպանողին տեսնել, ո՛չ էլ ոսկով ու նկարներով կապոցս, որ դեռ ցանկանում էի ամուր բռնել։ Նրանք ծոծրակիս ուղղությամբ արդեն դեպի անհասանելի ծով ու Քադըրգայի նավահանգիստ իջնող զառիթափի կողմում էին մնացել։ Գլուխս նրանց և աշխարհի մնացած մասն այլևս չէր տեսնելու։ Նրանց մոռացա և մտածեցի այն, ինչ գլուխս էր ցանկանում։ Թրով գլխիս կտրվելուց առաջ սրա մասին էի մտածել. նավը Քադըրգայով է անցնելու, գլխումս արագ շարժվելու հրամանը գործեց, դա էլ մորս՝ ինձ փոքր ժամանակ՝ «արագացրու» խոսքին միացավ։ Մայրի՛կ, վիզս ցավում է, ու ոչինչ չի շարժվում։ Ուրեմն մահը սա է։ Բայց չգիտեի, որ դեռ չեմ մահացել։ Ծակ բիբերս չէին շարժվում, բայց բաց աչքերով շատ լավ էի կարողանում տեսնել։ Այժմ միտքս զբաղված էր միայն նրանով, ինչ տեսնում էի վերևից։ Ճանապարհի թեթև զառիթափը բարձրանում էր վերև։ Արվեստանոցի պատը և կամարը, տանիքը, երկինքը։ Բարձրանում էի վեր։ Կարծես այդ տեսածս պահը երկարեց, երկարեց, և հասկացա, որ տեսնելն այժմ հիշելու պես մի բան է դարձել։ Այդ ժամանակ նկարին ժամերով նայելու պես իմ զգացածը հիշեցի․ եթե շատ նայես, իրական ժամանակը կվերածվի նկարի ժամանակի։ Այժմ բոլոր ժամանակները մեկն էին։ Կարծես ոչ ոք ինձ չէր տեսնելու, և իմ մտքերի թոշնելուց հետո ցեխերի մեջ ընկած գլուխս տարիներ շարունակ այս տխուր զառիթափին, քարե պատերին ու հեռվում անհասանելի թթենուն և շագանակենուն էր նայելու։ Այս անավարտ սպասումը հանկարծ այնպիսի ցավ պատճառեց և այնքան ձանձրալի թվաց, որ ցանկացա դուրս գալ այդ ժամանակից։ == 59. Ես Շեքուրեն եմ == Այն հեռու բարեկամի տանը, ուր Քարան մեզ ուղարկել էր թաքնվելու, անքուն գիշեր անցկացրի։ Հայրիյեի ու երեխաների հետ անկողնում պառկած մերթընդմերթ լսվող խռմփոցների ու հազի աղմուկի տակ ննջում էի, բայց անհանգիստ երազներիս մեջ տեսած տարբեր ոտքերից ու ձեռքերից կազմված տարօրինակ էակներն ու կանայք անընդհատ հետևում ու արթնացնում էին։ Առավոտվա կողմ ցրտից արթնանալով՝ ծածկեցի Շևքեթին ու Օրհանին, փաթաթվեցի, համբուրեցի գլուխները և լուսահոգի հորս տանը հանգիստ քնածս գեղեցիկ ժամանակների պես Ալլահին աղաչեցի ինձ երջանիկ երազ ուղարկել։ Բայց քնել չկարողացա։ Երջանիկ երազներս ասես իրականացան, երբ առավոտյան նամազից հետո փոքր ու մութ սենյակի պատուհանի արանքից փողոց նայելիս տեսա պատերազմներից ու վերքերից հոգնած ուրվականի պես մի մարդու, որը ձեռքին թրի պես փայտ էր բռնել ու ծանոթ քայլերով կարոտով մոտենում էր ինձ։ Երազներում այս մարդուն փաթաթվելիս արցունքների մեջ էի արթնանում։ Հասկանալով, որ փողոցի մարդը արնաշաղախ Քարան է, երազներում կոկորդիցս դուրս չեկող բղավոց ելավ։ Վազեցի, դուռը բացեցի։ Դեմքը ծեծից ուռել էր, կապտել։ Քիթը վնասվել էր, արյունոտ ուսից մինչև վիզը հսկայական վերք կար։ Վերնաշապիկի վերևի մասը, ամենուր կարմիր էր։ Իմ երազների ամուսնու պես ի վերջո տուն վերադառնալու համար ժպտում էր ինձ։ ― Ներս անցիր,― ասացի ես։ ― Երեխաներին կանչիր,– ասաց նա։― Տուն ենք վերադառնում։ ― Դու չես կարող տուն վերադառնալ։ ― Արդեն պետք չէ վախենալնրանից,― ասաց նա։― Աջեմ Վելիջան էֆենդին էր։ ― Զեյթինը...,― ասացի ես։– Սպանեցի՞ր խեղճին։ ― Քադըրգայից գնացող նավով փախավ Հնդկաստան,– ասաց նա ու քանզի գիտեր, որ գործը ավարտին չի հասցրել, աչքերը փախցրեց։ ― Մինչև տուն կկարողանա՞ս քայլել,– ասացի ես։― Թող ձի տան քեզ։ Զգացի, որ տուն վերադառնալուն պես մահանալու է ու խղճացի նրան։ Ոչ միայն մահվան պատճառով, այլ որովհետև երբեք երջանիկ չէր եղել։ Այս օտար տանը մահանալու ցանկություն չունենալը, իրականում այս սարսափելի վիճակում, առանց որևէ մեկին տեսնելու վերանալու ցանկությունը աչքերի տխրությունից ու մթությունից էի հասկանում։ Նրան դժվարությամբ ձի նստեցրին։ Կապոցներն առած՝ ետնաբակերով անցնելիս երեխաները սարսափից չէին կարողանում նայել ձի նստած Քարայի դեմքին։ Բայց միևնույն է, դանդաղ ընթացող ձիու վրա նստած՝ Քարան կարողացավ նրանց պատմել, թե ինչպես բացահայտեցին իրենց պապին սպանած ստոր մարդասպանին, նրա հետ ինչպես թրով կռվեցին։ Տեսնում էի, որ մի քիչ ընդունել են նրան. Ալլահին աղաչեցի, որ Քարան չմահանա։ Տուն վերադառնալուն պես Օրհանն այնպիսի ուրախությամբ բղավեց՝ տո՜ւն եկանք, որ այդ պահին հասկացա՝ Ազրաիլը մեզ խղճաց, Ալլահը դեռ մեզ ժամանակ տվեց։ Բայց քանի որ անհայտ է, թե մեծ Ալլահն ում ինչու է կյանք շնորհում և երբ է խլում, շատ հույս չունեի։ Քարային դժվարությամբ ձիուց իջեցրինք, միասին բարձրացրինք վերև, տանելով հորս կապույտ դռնով սենյակը պառկեցրինք։ Հայրիյեն ջուր եռացրեց, բերեց։ Մաշկին կպած արյունոտ վերնաշապիկը, գոտին, կոշիկները, ներքնազգեստը, մինչև վարտիքը ամեն ինչ Հայրիյեի հետ պատռելով, մկրատով կտրելով՝ հանեցինք։ Պատուհանները բացեցինք, և այգու ճյուղերի վրա խաղացող փափուկ ձմեռային արևն ընկավ սենյակ ու կժերից, կաթսաներից, խեժի տուփերից, թանաքամաններից, ապակու կտորներից և սրիչներից արտացոլվելով՝ Քարայի մահվան գույն մաշկն ու բալի և մսի գույն վերքերը լուսավորեց։ Տաք օճառաջրում թաթախած շորով Քարայի մարմինը թանկարժեք ու հին գորգի պես՝ ուշադիր, ասես որդիներիցս մեկին նայելով՝ սիրով ու խնամքով մաքրեցի։ Առանց դեմքի կապտուկներին դիպչելու, առանց գրգռելու քթանցքի կտրվածքները՝ ուսի սարսափելի վերքը բժշկի պես մաքրեցի։ Ինչպես անում էի երեխաներիս, երբ փոքր էին, և մաքրում էի, և հիմար խոսքեր մրմնջում։ Կրծքին, թևերին էլ կտրվածքներ կային։ Ձախ ձեռքի մատների վրա կծածի կապտուկներ կային։ Երբ ձեռքիս կտորներով մարմինը մաքրում էի, նրանք արյունով էին ծածկվում։ Հպվեցի կրծքին, ձեռքովս զգացի որովայնի փափկությունը, երկար նայեցի նրա բանին։ Ներքևից՝ բակից, երեխաների ձայնն էր գալիս։ Ինչո՞ւ են որոշ գրողներ այն եղեգ անվանում։ Լսելով, որ թարմ լուր բերող ուրախ ձայնով և խորհրդավոր ոճով Էսթերը խոհանոցում Է, իջա ներքև։ Էսթերն այնքան հուզված էր, որ առանց ինձ փաթաթվելու և համբուրելու՝ պատմեց. Զեյթինի գլուխն արվեստանոցի դռան մոտ՝ մեղքերն ապացուցող նկարներով և կապոցով էր հայտնաբերվել։ Հնդկաստան էր փախչելու, բայց վերջին անգամ ցանկացել էր արվեստանոց գնալ։ Այն, որ մարդասպանի հետ հաշվեհարդար են տեսել, նախ ինձ ազատեց վախերից։ Զգացի նաև, որ վրեժը մարդուն հաճելի հանգստություն և արդարության զգացում է տալիս։ Ինձ այդ պահին հետաքրքրեց, թե հայրս ինչ է զգում, և հանկարծակի ամբողջ աշխարհն ինձ համար դարձավ դռները բաց անհամար սենյակներով պալատ։ Մի սենյակից մյուսը միայն հիշելով ու երազելով էինք կարողանում անցնել, բայց մեզնից շատերը ծուլությունից միևնույն սենյակում էին սպասում։ ― Մի՛ արտասվիր, սիրելի՛ս,― ասաց Էսթերը։― Տես, ամեն ինչ ի վերջո լավ ավարտվեց։ Նրան չորս ոսկի տվեցի։ Մեկ առ մեկ բերանը գցելով՝ կրքով ու ցանկությամբ, բայց անփորձ մարդու պես կծեց։ ― Ամենուր վենետիկցի անհավատի կեղծ ոսկիներն են,– ժպտալով ասաց նա։ Երբ նա գնաց, Հայրիյեին ասացի, որ երեխաներին վերև չթողնի։ Բարձրացա վերև, դուռը կողպեցի, Քարայի մերկ մարմնին ցանկությամբ մոտեցա և խեղճ հորս սպանության գիշերը կախված հրեայի տան նրա ուզածը կատարեցի՝ ավելի շատ հետարքրքությունից դրդված, քան ցանկությունից, ավելի շատ ուշադրությամբ, քան թե վախով։ Չեմ կարող ասել, որ հասկացել եմ, թե դարեր շարունակ ինչու են իրանցի բանաստեղծներն այդ գործիքը գրիչի նմանեցրել, իսկ մեր՝ կանանց բերանը թանաքամանի, այս անգիր արված, անընդհատ կրկնվող, մոռացված էությամբ համեմատությունների ետևում ինչ կա՝ բերանի փոքրությո՞ւնը, թանաքամանի խորհրդավոր լռությո՞ւնը, Ալլահի՝ նկարիչ լինե՞լը, չեմ կարող ասել։ Հավասարար սերը ոչ թե իրեն պաշտպանելու համար անընդհատ ուղեղն աշխատեցնող ինձ պես մեկի տրամաբանությամբ, այլ անտրամաբանությամբ ուղղորդվող բան է։ Այդ դեպքում ձեզ մի գաղտնիք բացեմ․ այնտեղ մահվան հոտով այդ սենյակում իմ արածից ոգևորություն չէի ապրում, ինձ ոգևորողը, այդտեղ այդպես ասես ամբողջ աշխարհն իմ բերանի մեջ զգալիս բակում միմյանց հայհոյելով հրմշտող որդիներիս ուրախ ծլվլոցը լսելն էր։ Այդ ժամանակ, երբ բերանս այլ գործով էր զբաղված, աչքերս տեսան, որ Քարան դեմքիս լրիվ այլ հայացքով է նայում։ Ասաց, որ դեմքս, բերանս երբեք չի մոռանա։ Նրա մաշկից հորս հին գրքերի պես բորբոսնած թղթի հոտ էր գալիս, մազերի մեջ գանձարանի սենյակի փոշու և կտորի հոտն էր ներծծվել։ Ինձ կորցնելով՝ նրա վերքերին, ուռած մաշկին, կտրվածքներին էի դիպչում, նա էլ երեխայի պես տնքում էր, աստիճանաբար հեռանում մահից, այդ պահին հասկանում էի, որ նրան ավելի շատ եմ կապվում։ Քամուց ուռչող առագաստներով նավի պես աստիճանաբար արագ սիրով զբաղվելուց հետո այդ ծանր առագաստանավը խիզախորեն ճանապարհ ընկավ դեպի անհայտ ծովեր։ Քարան այս ծովերում ով գիտի որ անշնորհք կանանց հետ էր շրջել, մահվան մահճում անգամ ղեկը կարողանում էր կառավարել։ Երբ չէի հասկանում՝ համբուրածս ձեռքը իմն է, թե նրանը, բերանս տարած մատը նրանն է, թե իմը, իմ ամբողջ կյանքը, այդ վերքերից ու հաճույքից կիսով չափ հարբած՝ աշխարհն ուր է գլորվում, նա երբեմն հաղթական ձեռքերի մեջ առնելով, ասես մի նկարի նայելով՝ նայում էր դեմքիս, անմիջապես հետո այնպես էր նայում, ինչպես մինգերացի մարմնավաճառի դեմքին կնայեն։ Հաճույքի պահին Իրանի և Թուրանի բանակների՝ միմյանց բախվող, թրով երկու կես լինող լեգենդար հերոսների պես այնպես բղավեց, որ վախեցա, թե ամբողջ թաղամասում կլսվի։ Բայց քանի որ գիտեր՝ ամեն ինչ Ալլահի ձեռքում է, ներշնչանքի ամենաբարձր պահին ամբողջ էջի հզորությունը և ոճն իմացող իսկական վարպետ նկարչի պես Քարան էլ ամենաոգևորված պահին անգամ միշտ փորձում էր հասկանալ, թե աշխարհում մեր տեղը որն է։ ― Կասես՝ ձեր հոր վերքերին բուժիչ դեղ էի քսում,– շնչակտուր ասաց նա։ Այս խոսքը կյանքի և մահվան, արգելվածի և դրախտի, հուսահատության և ամոթի միջև ոչ միայն մեր սիրո գույնը ստեղծեց, այլև դարձավ նրա պատճառաբանությունը։ Դրանից հետո քսանվեց տարի, այսինքն՝ մինչև մի առավոտ ջրհորի կողքին ընկնելով՝ մահանալը, իմ սիրելի ամուսին Քարայի հետ միշտ ցերեկը պատուհանից սենյակ ընկնող արևի լույսի տակ առաջին տարիներին Շևքեթի և Օրհանի ձայները լսելիս սեր արեցինք և դա միշտ «վերքերին դեղ քսել» կոչեցինք։ Այսպիսով, կոպիտ ու տխուր հոր պահանջներից և նախանձից տառապել չցանկացող խանդոտ որդիներս կարողացան շարունակել գիշերն ինձ հետ նույն անկողնում քնել։ Բոլոր խելացի կանայք գիտեն, որ երեխաների փաթաթված քնելը կյանքից տառապած, ճնշված ամուսնուն փաթաթված քնելուց շատ ավելի գեղեցիկ է։ Մենք՝ ես և երեխաներս, երջանիկ էինք, բայց Քարան՝ ոչ։ Դրա պատճառն այն էր, որ ուսի և վզի վերքերը երբեք ամբողջովին չանցան, իմ սիրելի ամուսինը, ինչպես երբեմն մյուսներն էին ասում՝ «հաշմանդամ» մնաց։ Այս հաշմանդամությունը նրա կյանքը միայն արտաքինի առումով չէր բարդացրել։ Անգամ նրան հեռվից տեսնելով՝ գեղեցիկ համարող կանանց էլ եմ հանդիպել։ Բայց Քարայի աջ ուսը միշտ կախված, տարօրինակ ձևով ծուռ մնաց։ Երբեմն ինձ հասնում էին նաև այնպիսի բամբասանքներ, ինչպես օրինակ՝ ինձ պես կինը կարող էր միայն իրենից ավելի ցածր խավի մեկի հետ ամուսնանալ, որ Քարայի դժբախտության պատճառ հաշմանդամությունը մեր երջանկության գաղտնիքն է դարձել։ Ինչպես ամեն բամբասանքի մեջ, այստեղ էլ ճշմարտության մասնիկ կար երևի։ Բայց ինչպես Էսթերն է միշտ ասում, ամենագեղեցիկ ձիու վրա ուղիղ նստելով՝ ծառաներով, մատուցողուհիներով և մատուցողներով շրջապատված Ստամբուլի փողոցներով չկարողացա անցնել, դա ինձ թերության ու աղքատության զգացում տվեց, բայց հենց այդ պատճառով աշխարհին հաղթական նայող առյուծի պես ամուսնու կարիք էի զգում։ Ինչն էլ որ լինի պատճառը, Քարան միշտ տխուր էր։ Շատ հաճախ հավատում էի, հոգու մի գաղտնի անկյունում, սեր անելու ամենաերջանիկ պահերին անգամ նրան տխրեցնող ջին է հայտվում։ Այդ ջինին հանգստացնելու համար երբեմն գինի էր խմում, երբեմն գրքի նկարներին նայելով՝ հետաքրքրվում էր նկարչությամբ, երբեմն էլ նկարիչների էր հանդիպում և նրանց հետ ընկնում գեղեցկադեմ տղաների ետևից։ Նկարիչների, գրիչների և բանաստեղծների հետ երկիմաստ բառերի, բազմանշանակ խոսքերի, համեմատությունների, փոխաբերությունների, գեղեցիկ տղաների և շողոքորթության խաղերով զվարճանալու շրջաններ ունեցավ, ապա կարողացավ նաև ծառայության մտնել Էղրի Սուլեյման փաշայի մոտ որպես քարտուղար և ունեցավ նաև շրջաններ, երբ պալատական քարտուղարության միջոցով կարողացավ ամեն ինչ մոռացության տալ։ Մանրանկարչության և նկարչության հանդեպ սեր ունեցող մեր սուլթանը չորս տարի անց մահացավ, գահ բարձրացած սուլթան Մեհմեդն այդ գործերով չէր հետաքրքրվում, նկարչությունը նրա համար բացահայտ տոնվող հաճույքից վերածվեց փակ դռներից այն կողմ միայնակ ապրվող գաղտնիքի։ Երբեմն լուսահոգի մորիցս մնացած գրքերից մեկն էր բացում, դեռ Թեմուրի որդու ժամանակներում Հերաթում արված մի նկարի, այո, Շիրինի՝ Խոսրովի նկարին նայելով սիրահարվելուն էր նայում։ Հիմա դրան ոչ թե որպես պալատական երջանիկ խաղի պես էր նայում, այլ հուշերի մեջ մնացած քաղցր գաղտնիքի պես՝ մեղքի զգացումով և տխրությամբ։ Գահ բարձրանալու երրորդ տարում անգլիացի թագավորը մեր սուլթանին փուքսերով երաժշտական գործիք ունեցող հիանալի ժամացույց էր ուղարկել։ Այդ հսկա ժամացույցը և պատվիրակության համար Սնգլիայից եկած նավից դուրս բերվող մասերը, մեխանիզմը, նկարները, արձանները սուլթանական այգու՝ նեղուցին նայող լանջին շաբաթներով հավաքեցին։ Դիտելու համար նեղուցին մոտ բլուրներին կիտված և նավակներով եկող բազմությունը զարմանքով ու հիացմունքով տեսավ, թե ինչպես է հսկայական ժամացույցն աղմկոտ սարսափելի երաժշտությամբ աշխատում, մարդու մեծության արձանները, նկարներն ինչպես են իրար շուրջ բազմանշանակ, նուրբ և իմաստալից շարժումներով պտտվում, կարծես «ոչ թե մարդն է այն ստեղծել, այլ Ալլահը, և թե ինչպես է ժամացույցը զանգի հարվածներով ամբողջ Ստամբուլին հայտնում, թե ժամը քանիսն է։ Քարան ու Էսթերն ինձ առանձին֊առանձին պատմեցին, թե Ստամբուլի բազմության և հիմարների մեջ անհանգստության ինչպիսի ալիք է բարձրացել, ասում էին, որ այդ ժամացույցի միջոցով անհավատները փորձել են իրենց ուժը ցույց տալ։ Քանի որ նման բամբասանքները շատացան, մի օր լսեցինք, որ սուլթան Ահմեդը մի կեսգիշերի Ալլահի շնորհած ներշնչանքով քնից արթնանալով՝ թուրը վերցրել է, Հարեմից անցնելով սուլթանական այգի՝ ժամացույցն ու արձանները փշրել։ Լուրն ու բամբասանքները հասցնողներն ասում էին, որ մեր սուլթանը քնի մեջ մեր մարգարեի սուրբ դեմքը լույսի մեջ է տեսել, Ռեսուլուլլահը նրան զգուշացրել է, որ եթե շարունակի հավատալ դիմանկարներին, Ալլահի արարած էակի հետ մրցի, հասարակության հիացմունքն առաջացնի, ապա Ալլահի հրամաններից կհեռանա, նաև ավելացնում էին, որ մեր սուլթանը թուրը դեռ երազի մեջ է ձեռքը վերցրել։ Մեր սուլթանն էլ իրադարձությունն իր վարքի մեջ մոտավորապես այսպես է հրամայել գրել։ Այդ գիրքը Զուբդեթ-ութ Թեվարիհին գրիչներին քսակներով ոսկի տալով՝ պատրաստեց, բայց իր նկարիչներին չհրամայեց նկարել։ Իրանից ներշնչվելով՝ Ստամբուլում մի դար շարունակ բացվող մանրանկարչության և նկարչության ոգևորության կարմիր վարդն էլ ահա այսպես թառամեց։ Նկարիչների միջև կռիվները, անավարտ խնդիրներ ստեղծող հերաթցի հին վարպետներն ու եվրոպացի վարպետների ոճերի բախումը երբեք ավարտ չունեցան։ Որովհետև նկարը և արևելցիներից, և արևմուտքցիներից մոռացվեց, նկարիչները չզայրացան ու չապստամբեցին, հիվանդությունն անձայն ընդունող ծերունիների պես դանդաղ ու համեստ՝ ընդունեցին ապավինման և տխրության իրավիճակը։ Մի ժամանակ հիացմունքով էին հետևում հերաթցի, թավրիզցի մեծ վարպետների աշխատանքով, և նախանձի ու ատելության միջև տատանվելով՝ ոչ հետաքրքրվում էին, ոչ էլ պատկերացնում, թե նոր ոճեր ձեռք բերած եվրոպացի վարպետներն ինչ են անում։ Կարծես գիշերները տների դռները փակեցին և քաղաքի խավարում նկարը մենակ մնաց։ Դաժանորեն մոռացվեց, որ մի ժամանակ աշխարհն այլ տեսք ուներ։ Ափսոս, որ հորս գիրքն ավարտին չհասավ։ Էջերն այն վայրից, ուր Հասանը նետել էր, տարան գանձարան, այնտեղ էլ հմուտ ու բծախնդիր գրադարանավարի կողմից արվեստանոցի այլ անանուն նկարների հետ մեկտեղ կազմավորվելով՝ դրվեցին տարբեր թղթապանակների մեջ։ Հասանը Ստամբուլից փախչելով՝ կորավ, այլևս նրա մասին ոչինչ չիմացա։ Բայց Շևքեթն ու Օրհանը երբեք չմոռացան, որ հորս սպանողին սպանել է ոչ թե Քարան, այլ իրենց հորեղբայրը։ Կուրանալուց երկու տարի անց մահացած վարպետ Օսմանի փոխարեն Լեյլեքը դարձավ գլխավոր նկարիչ։ Լուսահոգի հորս տաղանդի երկրպագու Քելեբեքն էլ կյանքի մնացած տարիներն անցկացրեց գորգ, կտոր և վրան ներկելու պես գործերով։ Արվեստանոցի երիտասարդ ծառայողներն էլ հետևեցին այդ ճանապարհով։ Ոչ ոք նկարչությունից հեռանալը չդիտեց որպես մեծ կորուստ։ Գուցե որովհետև ոչ ոք իրավացի չէր համարում դիմանկարներ անելը։ Ես ամբողջ կյանքում երկու նկար ցանկացա, բայց ոչ ոքի չխոստովանեցի։ 1. Ուզում էի սեփական նկարս ունենալ, բայց որքան էլ ջանային, գիտեի, որ չէին կարողանա դա անել, որովհետև եթե անգամ տեսնեն իմ գեղեցկությունը այնպես, ինչպես կա, սուլթանի նկարիչներից ոչ մեկը առանց կնոջ աչքերը և շրթունքները չինացիների պես նկարելու, ցավոք սրտի, չի կարողանա հավատալ կնոջ գեղեցկությանը։ Եթե ինձ հերաթցի հին վարպետների պես որպես մի չինացի գեղեցկուհի պատկերեն, գուցե նկարս տեսնողներն ինձ ճանաչեն։ Բայց մեզնից հետո եկողները եթե անգամ հասկանային, որ իմ աչքերը շեղ չեն, երբեք չէին կարող հասկանալ իմ դիմագծերը։ Եթե այսօր՝ որդիներիս մխիթարանքով անցկացրածս ծերության տարիներիս երիտասարդ տարիքում արված նկար լիներ, որքան երջանիկ կլինեի։ 2. Իրանցի բանաստեղծ Սարը նազըմի մի մեսնեվիում հիշատակվածը՝ երջանկության նկարը կցանկանայի։ Շատ լավ գիտեմ, թե այն ինչպես պետք է պատկերվի։ Կցանկանայի, որ մոր նկար լինի, երկու երեխա գրկին ժպտալով պահած, կրծքով կերակրած փոքրիկ, այդ մոր մեծ կուրծքը երջանկությամբ ժպտալով ուտելիս մի քիչ նախանձող մեծ եղբոր և մոր աչքերի՝ միմյանց նայելը կցանկանայի։ Ե՛վ որ ես լինեմ այդ նկարի մայրը, և՛ որ այդ նկարը թռչնի պես երկնքում ճախրի, և երկնքում հավերժորեն կախված մնալով՝ ժամանակը կանգնեցնող հերաթցի հին վարպետների ոճով նկարվի։ Գիտեմ, հեշտ չէ։ Փորձելով ամեն ինչ հասկանալ՝ իմ անխելք որդի Օրհանը, հիշելով, որ ժամանակը կանգնեցնող հերաթցի վարպետներն ինձ պես երբեք չեն կարող նկարել, որ որդուն գրկող գեղեցիկ մայրերի նկարներն անընդհատ նկարող եվրոպացի վարպետները ժամանակը չեն կարող կանգնեցնել, տարիներ շարունակ ինձ ասաց, որ իմ երջանկության նկարն իրականություն չի դառնալու։ Գուցե իրավացի էր։ Մարդն իրականում ոչ թե երջանկության նկարի ժպիտը, այլ կյանքի երջանկությունն է փնտրում։ Նկարիչները գիտեն դա, բայց ահա չեն կարողանում նկարել։ Այդ պատճառով կյանքի երջանկության փոխարեն տեսնելու երջանկությունն են պատկերում։ Այդ պատմությունը պատմեցի Օրհանին, որովհետև դա անհնար է նկարել, բայց գուցե հնարավոր է գրել։ Հասանի և Քարայի՝ ինձ ուղարկած նամակները, խեղճ Զարիֆ էֆենդու հագուստներից ելած, լղոզված թանաքով ձիերի նկարները առանց ամաչելու նրան տվեցի։ Ինչպես միշտ նյարդային, բարդ բնավորությամբ ու տխուր էր և չէր վախենում անարդար վարվել այն ամենի հանդեպ, ինչը չէր սիրում։ Այդ պատճառով, եթե Քարային իրականից ավելի շփոթված, մեր կյանքը՝ ավելի ծանր, Շևքեթին՝ ավելի վատ, և ինձ՝ ավելի գեղեցիկ ու անշնորհքաբար պատմի, հանկարծ չհավատաք Օրհանին։ Որովհետև չկա այնպիսի սուտ, որին նա չի դիմի միայն պատմությունը գեղեցկացնելու համար։ ::::'''1990-92, 1994-98'''