Անգլիայում ֆերմերի առաջին ձևը bailiff-ն էր [կալվածատիրոջ կալվածքի կառավարիչը], որը ինքն էլ ճորտ էր։ Իր դրությամբ նա հիշեցնում է հին-հռոմեական villicus-ին, բայց գործունեության ավելի նեղ շրջանակով։ XIV դարի երկրորդ կեսում bailiff-ին փոխարինում է ֆերմերը, որին լենդլորդը սերմացու, անասուններ ու գյուղատնտեսական գործիքներ է մատակարարում։ Նրա վիճակը համարյա չի տարբերվում գյուղացու վիճակից։ Միայն թե նա ավելի շատ վարձու աշխատանք է շահագործում։ Շուտով նա դառնում է «métayer», կիսրար-վարձակալ։ Հողագործության համար անհրաժեշտ կապիտալի մի մասը նա է հայթայթում, մյուս մասը՝ լենդլորդը։ Ընդհանուր արդյունքը բաժանվում է նրանը միջև պայմանագրով որոշված համամասնությամբ։ Վարձակալության այդ ձևն Անգլիայում արագ չքանում է՝ իր տեղը զիջելով իսկական իմաստով ֆերմերին, որն իր սեփական կապիտալն է ներդնում գործի մեջ, տնտեսությունը վարում է վարձու բանվորների միջոցով և հավելյալ արդյունքի մի մասը փողով կամ բնանյութով հանձնում է լենդլորդին որպես հողային ռենտա։
XV դարի ընթացքում, քանի դեռ աշխատանքն անկախ գյուղացիների ու գյուղատնտեսական բանվորների մոտ, որոնք վարձու աշխատանքի հետ միաժամանակ պարապում էին նաև ինքնուրույն տնտեսությամբ, քանի դեռ նրանց աշխատանքն իրենց սեփական օգտին էր գնում, ֆերմերի կենսամակարդակը նույնքան աննշան էր, որքան և նրա արտադրության ոլորտը։ XV դարի վերջին երրորդում սկսված հողագործական ռևոլյուցիան, որը շարունակվում էր գրեթե ամբողջ XVI դարում (ճիշտ է, բացառությամբ նրա վերջին տասնամյակների), ֆերմերին հարստացնում էր նույնքան արագ, որքան արագ քայքայում էր գյուղական բնակչությանը<ref>«Ֆերմերներր«Ֆերմերները,— ասում է Հարրիսոնր Հարրիսոնը իր «Description of England» աշխատության մեջ,— որոնց համար առաջ դժվար էր 4 ֆունտ ստ. ռենտա վճարելը, հիմա վճարում են 40, 50, 100 ֆունտ ստ. և այնուամենայնիվ իրենց գործառնությունը անշահավետ են համարում, եթե վարձակալության պայմանագրի ժամկետը լրանալուց հետո իրենց ձեռքին 6—7 տարվա ռենտա չմնա»։</ref>։ Համայնական արոտավայրերի և այլ գույքերի զավթումը ֆերմերին թույլ է տալիս, համարյա առանց ծախսերի, զգալի չափով ավելացնելու իր անասունների թիվը, ընդ որում անասունները առատ պարարտանյութ են տալիս նրա հողի համար։
XVI դարում դրան ավելանում է ևս մի վճռականորեն կարևոր մոմենտ։ Այն ժամանակ վարձակալական պայմանագրերը երկար ժամկետներով էին կնքվում, հաճախ 99 տարով։ Ազնիվ մետաղների, հետևապես, նաև փողի արժեքի անընդհատ անկումը շատ ձեռնտու էր ֆերմերների համար։ Այդ անկումը, չխոսելով արդեն վերը քննված մյուս հանգամանքների մասին, գցում էր աշխատավարձը, որի անկումից գոյացող գումարի մի մասը ֆերմերի համար փոխարկվում էր շահույթի։ Հացի, բրդի, մսի, մի խոսքով՝ հողագործական բոլոր արդյունքների գների անընդհատ բարձրացումը ավելացնում էր ֆերմերի փողային կապիտալը, առանց նրա կողմից որևէ աջակցության, այնինչ հողային ռենտան նա պետք է վճարեր փողի առաջվա արժեքի հիման վրա կնքված հին պայմանագրերսվ<ref>Այն ներգործության մասին, որ XVI դարում փողի արժեքազրկումն ունեցել է հասարակության տարբեր դասակարգերի վրա, տե՛ս «A Compendious or Briefe Examination of Certayne Ordinary Complaints of Diverse of our Countrymen in these our Days. By W. S., Genteleman» (London 1851)։ Այս գրվածքի դիալոգային ձևը նպաստում էր այն բանին, որ այն երկար ժամանակ վերագրում էին Շեքսպիրին, և դեռ 1751 թվականին գրվածքը նրա անունով լույս տեսավ։ Նրա հեղինակը Վիլիամ Ստաֆֆորդն է։ Մի հատվածում ասպետը (knight) այսպես է դատում.<br>Ասպետ. «Դուք, իմ հարևան, հողագո՛րծ, դուք, պարո՛ն առևտրական, և դուք, իմ բարի պղնձագո՛րծ, դուք, ինչպես և. մյուս արհեստավորները, կարող եք համեմատաբար հեշտությամբ պաշտպանել ձեր շահերը։ Որովհետև որքան ավելի շատ բարձրանա բոլոր առարկաների գինն այն գնի համեմատությամբ։ համեմատությամբ, որ նրանք առաջ արժեին, այնքան ավելի շատ կբարձրացնեք դուք ձեր ապրանքների ու ձեր աշխատանքի այն արդյունքների գները, որ դուք վաճառում եք։ Բայց մենք ոչ մի այնպիսի բան չունենք, որ կարողանայինք բարձրացրած գնով վաճառել և այդպիսով հավասարակշռել այն վնասը, որ կրում ենք՝ արդյունքներ գնելով»։ Մի ուրիշ հատվածում ասպետը հարցնում է բժշկից. «Ասացե՛ք, խնդրեմ, ո՞ւմ նկատի ունեք դուք։ Եվ ամենից առաջ ո՞վ, ձեր կարծիքով, այդ դեպքում ոչ մի կորուստ չի ունենում»։ — Բժիշկ. «Ես նկատի ունեմ նրանց, ովքեր ապրում են առուծախով և եթե թանկ են գնում, ապա նույնքան էլ թանկ են վաճառում»։ — Ասպետ. «Իսկ ումի՞ց է բաղկացած մարդկանց այն կատեգորիան, որը, ձեր ասելով, շահվում է դրանից»։ — Բժիշկ. «Դե՛հ, իհարկե, դրանք բոլոր վարձակալները կամ ֆերմերներն են, որոնք իրենց մշակած հողի համար հին ռենտան են վճարում, որովհետև նրանք վճարում են հին նորմայով, իսկ ծախում են նոր նորմայով, այսինքն՝ իրենց հողի համար շատ էժան են վճարում, իսկ այն ամենը, ինչ այդ հողի վրա բուսնում է, թանկ գնով են վաճառում...»։ ...Ասպետ. «Է՜հ, իսկ ովքե՞ր են նրանք, որոնք, ձեր ասելով, դրանից ավելի շատ կորուստ են ունենում, քան շահում են այդ մարդիկ»։ — Բժիշկ. «Այդ բոլոր ազնվականներն են, ջենտլմեններն ու ընդհանրապես այն բոլոր մարդիկ, ովքեր ապրում են կայունորեն սահմանված ռենտայով կամ ռոճիկով, կամ իրենք չեն մշակում իրենց հողը, կամ առևտրով չեն զբաղվում»։</ref>։ Այսպիսով, ֆերմերը հարստանում էր միաժամանակ թե՛ իր վարձու բանվորների և թե՛ իր լենդլորդի հաշվին։ Ուստի ոչ մի զարմանալու բան չկա, որ Անգլիայում XVI դարի վերջերին առաջ եկավ այն ժամանակվա համար հարուստ «կապիտալիստական ֆերմերների» դասակարգը<ref>Ֆրանսիայում régisseur-ը որը միջին դարերի սկզբներում ֆեոդալի մոտ կառավարիչ էր ու ֆեոդալական պարհակներն էր հավաքում ֆեոդալի օգտին, շուտով դառնում է homme d’affaires [գործարար մարդ], որը կեղեքումների, խաբեբայության և այլ միջոցներով ուռճանում՝ դառնում է կապիտալիստ։ Այս régisseur-ները երբեմն իրենք էլ ազնվական դասին էին պատկանում։ Օրինակ. «Այս հաշվետվությունը ներկայացնում է Ժակ դը Թորեսը, Բեզանսոնի բերդակալ ասպետը, իր պատրոնին, որը Դիժոնում հաշվետու էր Բուրգոնի պարոն դքսի ու կոմսի առաջ այն ռենտաների համար, որոնք հասնում էին հիշյալ բերդակալությունից 1359 թվականի դեկտեմբերի 25-ից մինչև 1360 թվականի դեկտեմբերի 28-ը» (Alexis Monteil: «Traité des Matériaux Manuscrits etc.», էջ 234)։ Այստեղ արդեն երևում է, որ հասարակական կյանքի բոլոր ոլորտներում առյուծի բաժինը միջնորդների ձեռքն է ընկնում։ Այսպես, օրինակ, տնտեսական ասպարեզում ձեռնարկությունների սերուցքը քաշում են ֆինանսիստները, բորսայականները, վաճառականները, կրպակատերերը. քաղաքացիական իրավունքի բնագավառում փաստաբանը կլպում է դատ վարող կողմերին. քաղաքականության մեջ դեպուտատն ավելի նշանակություն ունի, քան նրան ընտրողը, մինիստրը՝ ավելի, քան թագավորը. կրոնի մեջ աստված հետին պլանն է մղվում «սուրբ բարեխոսների» կողմից, իսկ այս վերջինները՝ տերտերների կողմից, որոնք, իրենց հերթին, անխուսափելի միջնորդներ են «բարի հովվի» ու նրա հոտի միջև։ Ֆրանսիայում, ինչպես և Անգլիայում, ֆեոդալական խոշոր տերիտորիաները բաժանված էին անհամար թվով մանր տնտեսությունների, բայց գյուղական բնակչության համար անհամեմատ ավելի աննպաստ պայմաններ էին ներկայացնում։ XIV դարի ընթացքում խիստ զարգացան վարձակալությունները, ֆերմաները կամ, այսպես կոչված, terrier-ները։ Նրանց թիվը շարունակ աճում էր և զգալիորեն անցավ 100 000-ից։ Նրանք արդյունքի <math>^1/_{12}</math>-ից մինչև <math>^1/_5</math>-ը վճարում են իբրև հողային ռենտա՝ փողով կամ բնանյութով։ Terrier-ները կոչվում էին ավատներ, ենթավատներ (fiefs, arrière-fiefs) և այլն, նայած տարածության մեծությանը, որը երբեմն ընդամենը միայն մի քանի արպան էր չինում։ Այ՜դ լինում։ Այդ terrier-ների բոլոր տերերը այս կամ այն չափով դատական իշխանություն էին վայելում Իրենց հողամասերի բնակչության նկատմամբ։ Այդպիսի չորս աստիճան կար։ Դժվար չէ պատկերացնել, թե գյուղական բնակչության վրա ինչպիսի ծանր բեռ էր այդ անհամար թվով բոլոր մանր բռնակալների իշխանությունը։ Մոնտեյլն ասում է, թե այդ ժամանակ Ֆրանսիայում 160 000 դատարան կար, այնտեղ, որտեղ այժմ ընդամենը 4 000 դատական հիմնարկ կա (հաշտարար դատարաններն էլ ներառյալ)։</ref>։
====5. ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՎՐԱ։ ՆԵՐՔԻՆ ՇՈՒԿԱՅԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԻ ՀԱՄԱՐ====
Գյուղական բնակչության՝ ցնցումներով իրագործվող, շարունակ վերսկսվող սեփականազրկումն ու նրա վտարումը հողից, ինչպես տեսանք, քաղաքային արդյունաբերությանը պրոլետարների շարունակ նորանոր մասսաներ էին մատակարարում, որոնք ամեն տեսակ համքարային հարաբերություններից դուրս էին գտնվում,— մի հանգամանք, որն ստիպեց ծերունի Ա. Անդերսոնին (չշփոթել Ջեմս Անդերսոնի հետ) իր գրած առևտրի պատմության մեջ հավատալու նախախնամության ուղղակի միջամտությանը։ Մենք պետք է դեռ մի վայրկյան կանգ առնենք նախասկզբնական կուտակման այդ կողմի վրա։ Ինքնուրույն կերպով տնտեսություն վարող և անկախ գյուղական բնակչության նոսրացմանը համապատասխանում էր ո՛չ միայն արդյունաբերական պրոլետարիատի խտացումը, ինչպես որ, ըստ Ժոֆֆրուա Սենտ-Հիլերի, տիեզերանյութի խտացումը մի տեղում բացատրվում է նրա նոսրացումով մի ուրիշ տեղում<ref>Տե՛ս նրա «Notions de Philosophie Naturelle». Paris 1838։</ref>։ Չնայած իր մշակողների թվի նվազելուն, հողը հիմա նույնքան կամ մինչև անգամ ավելի արդյունք էր բերում, քան առաջ, որովհետև հողային սեփականության հարաբերությունների ռևոլյուցիային ուղեկցում էին մշակման մեթոդների բարելավումը, կոոպերացիայի ընդլայնումը, արտադրության միջոցների համակենտրոնացումը և այլն և որովհետև, մի կողմից՝ գյուղատնտեսական վարձու բանվորներն ավելի ինտենսիվ աշխատանքի էին հարկադրվում<ref>Այս կետը ընդգծում է սըր Ջեմս Ստյուարտը։<br>* Բնագրում անթարգմանելի բառախաղ է, «Bauern, die... alle Flachs, wenn auch keine Seide spannen» — «գյուղացիներ, որոնք... բոլորն էլ վուշ, թեկուզ և ոչ մետաքս, մանելով էին զբաղվում», «keine Seide spinnen» տառացի նշանակում է «մետաքս չմանել», փոխաբերական իմաստով՝ «փայլուն կերպով չապրել»։ '''Խմբ.։'''</ref>, մյուս կողմից՝ ավելի ու ավելի էր կրճատվում արտադրության այն բնագավառը, որտեղ նրանք աշխատում էին իրենց համար։ Այդպիսով, գյուղական բնակչության մի մասի ազատվելու հետ ազատվում էին նաև նրա գոյության նախկին միջոցները, որոնք հիմա դառնում են փոփոխուն կապիտալի իրային տարրերը։ Երկնքի ու երկրի միջև մնացած գյուղացին պետք է այդ միջոցների արժեքը իր նոր տիրոջ, արդյունաբերական կապիտալիստի մոտ վաստակի աշխատավարձի ձևով։ Արդյունաբերության համար գյուղատնտեսության մատակարարած հայրենական հում նյութն էլ այն ճակատագիրն ունեցավ, ինչպես և կենսամիջոցները։ Այդ հում նյութը դարձավ հաստատուն կապիտալի մի տարր։
Ենթադրենք, օրինակ, թե վեստֆալյան գյուղացիների մի մասը, որոնք բոլորը Ֆրիդրիխ II-ի ժամանակ վուշ* [''Տես 231 ծան. հետո''] էին մանում, բռնի սեփականազրկվել են և վտարվել հողից, այնինչ մնացած մասը խոշոր ֆերմերների բատրակ է դարձել։ Միաժամանակ աճում են խոշոր վուշամանարաններն ու մանածագործարանները, որտեղ հողից «ազատվածները» աշխատանք են գտնում որպես վարձու բանվորներ։ Վուշն արտաքուստ ճիշտ նույնն է, ինչպես և առաջ։ նրա ոչ մի թելիկը չի փոխվել, բայց հիմա նրա մարմնի մեջ նոր սոցիալական հողի է մտել։ Հիմա վուշը կազմում է մանուֆակտուրայի տիրոջ հաստատուն կապիտալի մի մասը։ Եթե նա առաջներում բաշխված էր մեծ թվով մանր արտադրողների միջև, որոնք իրենք էին մշակում այն և մանր բաժիններով մանում էին՝ իրենց ընտանիքների հետ աշխատելով, ապա հիմա նա կենտրոնացված է մի կապիտալիստի ձեռքում, որն ուրիշներին ստիպում է մանել ու գործել իր համար։ Վուշամանարանում ծախսվող լրացուցիչ աշխատանքն առաջ իրացվում էր գյուղացիական անթիվ ընտանիքների լրացուցիչ եկամտի ձևով, ինչպես նաև — Ֆրիդրիխ ll-ի ժամանակ — որպես հարկեր pour le roi de Prusse [բառացի — «Պրուսական թագավորի համար», փոխաբերական իմաստով «զուր տեղը»]։ Հիմա այդ աշխատանքը իրացվում է սակավաթիվ կապիտալիստների շահույթի ձևով։ Այն իլիկներն ու ջուլհակահաստոցները, որոնք առաջ ցրված էին գյուղերում, այժմ կենտրոնացվում են աշխատանքի սակավաթիվ խոշոր կազարմաներում այնպես, ինչպես իրենք՝ բանվորները և հում նյութը։ Թե՛ իլիկները, թե՛ ջուլհակահաստոցները և թե հում նյութը մանուլների ու ջուլհակների անկախ գոյությունն ապահովող միջոցներից դառնում են մանողների ու ջուլհակների գլխին հրամանատարությունն ապահովող<ref>«Ես ձեզ վերապահում եմ ինձ ծառայելու պատիվը,— ասում է կապիտալիստը,— այն պայմանով, որ դուք տաք ինձ այն մի քիչ բանը, որ դեռ ունեք, որպես վարձատրություն ձեր նկատմամբ այն հրամանատարության նեղության համար, որ ես հանձն եմ առնում» (J. J. Rousseau: «Discours sur l’Économie Politique» [Geneve 1756, էջ 70])։</ref> և նրանցից անվճար աշխատանքի կորզումն ապահովող միջոցներ։ Խոշոր մանուֆակտուրաների, ինչպես և խոշոր ֆերմաների տեսքից երբեք չի կարելի եզրակացնել, թե նրանք գոյացել են բազմաթիվ մանր արտադրական միավորների միացումից՝ բազմաթիվ մանր անկախ արտադրողների սեփականազրկմամբ։ Սակայն անաչառ դիտողին չի կարող խաբել այդ արտաքին տեսքը։ Միրաբոյի — ռևոլյուցիայի այդ առյուծի— ժամանակները խոշոր մանուֆակտուրաները դեռ կոչվում էին manufactures réunies, միավորված արհեստանոցներ, այնպես, ինչպես մենք հիմա խոսում ենք միավորված դաշտերի մասին։ «Ուշադրություն են դարձնում,— ասում է Միրաբոն,-— միայն խոշոր մանուֆակտուրաների վրա, որոնց մեջ հարյուրավոր մարդիկ աշխատում են մի դիրեկտորի հսկողության տակ և որոնց սովորաբար միացյալ մանուֆակտուրաներ (manufactures réunies) են անվանում։ Ընդհակառակը, այն արհեստանոցները, որոնց մեջ բաժան-բաժան մեծ թվով բանվորներ են աշխատում, ամեն մեկն իր սեփական ռիսկով ու հաշվով, մի հայացքի էլ չեն արժանացնում։ Այդ վերջինները բոլորովին հետին պլանն են մղվում։ Եվ այդ մի մեծ սխալ է, որովհետև միայն նրանք են կազմում ժողովրդական հարստության իսկապես կարևոր բաղկացուցիչ մասը... Միացյալ գործարանը (fabrique réunie) կարող է չափազանց մեծ չափով հարստացնել մի կամ երկու ձեռնարկատիրոջ, բայց բանվորներն ավելի բարձր կամ ավելի ցածր վարձատրվող օրաբանվորներ են միայն և համենայն դեպս չեն մասնակցում ձեռնարկատիրոջ բարեկեցությանը։ Անջատ գործարանը (fabrique séparée)» , ընդհակառակը, ոչ ոքի չի հարստացնում, բայց դրա փոխարեն պահպանում է մեծ թվով բանվորների բարեկեցությունը... Աշխատասեր տնտեսարար բանվորների թիվը կաճի, որովհետև ողջամիտ կենսաձևն ու աշխատասիրությունը նրանք համարում են իրենց դրությունն էապես բարելավելու միջոց, փոխանակ ձգտելու աշխատավարձի փոքրիկ բարձրացման, որը երբեք չի կարող ապագայի համար կարևոր հետևանքներ ունենալ, և ամենաբարեհաջող դեպքում հնարավորություն է տալիս բանվորներին մի քիչ ավելի լավ ապրելու տվյալ պահին։ Անհատական առանձին մանուֆակտուրաները, որոնք սովորաբար կապված են՝ մանր գյուղատնտեսության հետ, ապահովում են ազատությունը»<ref>Mirabeau: «De la Monarchie Prussienne». Londres 1788, հ. III, էջ 20—109, տարբեր տեղերում։ Եթե Միրաբոն անջատված արհեստանոցները ավելի շահավետ ու ավելի արտադրողական է համարում, քան «միացյալ» արհեստանոցները, և վերջինները կառավարությունների խնամքով աճեցված ջերմոցային արհեստական բույսեր է համարում, ապա այդ բացատրվում է մայր-ցամաքային մանուֆակտուրաների մեծ մասի այն ժամանակվա վիճակով։</ref>։ Գյուղական բնակչության մի մասի սեփականազրկումն ու վտարումը գյուղից ո՛չ միայն ազատում է արդյունաբերական կապիտալի համար բանվորներ, նրանց կենսամիջոցներն ու նրանց աշխատանքի նյութը, այլև ներքին շուկա ստեղծում։
Եվ իսկապես, այն իրադարձությունները, որոնք մեր գյուղացիներին վարձու բանվորներ են դարձնում, իսկ կենսամիջոցներն ու աշխատանքի միջոցները՝ արդյունաբերական կապիտալի իրային տարրեր, միևնույն ժամանակ այդ կապիտալի համար ներքին շուկա են ստեղծում։ Առաջ գյուղացիական ընտանիքն ինքն էր արտադրում ու վերամշակում այն կենսամիջոցներն ու հումքը, որ մեծ մասամբ հենց ինքն էլ սպառում էր։ Այդ հումքն ու կենսամիջոցները հիմա դարձել են ապրանքներ։ Խոշոր ֆերմերը վաճառում է դրանք. մանուֆակտուրաները նրա շուկան են։ Մանվածքը, կտավը, բրդեղեն կոշտ կտորները — իրեր, որոնց հումքը կար ամեն մի գյուղացիական ընտանիքի տրամադրության տակ, մանվում էին ու գործվում նրա ձեռքով սեփական գործածության համար,— հիմա փոխարկվել են մանուֆակտուրային արտադրանքների, որոնց վաճառահանման շուկան հենց գյուղական շրջաններն են կազմում։ Բազմաթիվ ցաքուցրիվ սպառողները, որոնց մինչև հիմա սպասարկում էին սեփական ռիսկով աշխատող բազմաթիվ մանր արտադրողները այժմ համակենտրոնանալով կազմում են մի խոշոր ամբողջություն, մի մեծ շուկա, որ մատակարարվում է արդյունաբերական կապիտալիստի կողմից<ref>«Եթե քսան ֆունտ բուրդը կամաց-կամաց, մի տարվա ընթացքում, բանվորի ընտանիքի համար հագուստ է դառնում այդ ընտանիքի սեփական աշխատանքով, նրա մյուս աշխատանքների միջև, ապա այստեղ ամեն ինչ շատ պարզ բնույթ ունի։ Բայց այդ բուրգը բուրդը հանեցեք շուկա, ուղարկեցեք գործարանատիրոջը, հետո էլ գործարանատիրոջ արդյունքը՝ միջնորդին, ապա վաճառականին,— և դուք կստանաք մի խոշոր առևտրական գործառնություն, ընդ որում նրա համար անհրաժեշտ անվանական կապիտալն այդ բրդի արժեքից քսան անգամ ավելի կլինի։ Այսպիսով, բանվոր դասակարգը շահագործվում է՝ պահպանելու համար խղճուկ արդյունաբերական բնակչությանը, խանութպանների մակաբույծ դասակարգին և ֆիկտիվ առևտրական, փողային ու ֆինանսական սիստեմը» (David Urquhart: «Familiar Words». London 1855, էջ 120)։</ref>։
Այսպես, առաջներում ինքնուրույն գյուղացիության սեփականազրկման ու նրա բաժանման հետ արտադրության միջոցներից՝ ձեռք-ձեռքի է ընթանում գյուղական օժանդակ արդյունաբերության ոչնչացումը, մանուֆակտուրայի և հողագործության անջատման պրոցեսը։ Եվ միայն գյուղական տնային արտադրության ոչնչացումը կարող է տվյալ երկրի ներքին շուկային տալ այն չափերն ու կայունությունը, որոնց կարիքն ունի արտադրության կապիտալիստական եղանակը։
Սակայն բառի բուն իմաստով մանուֆակտուրաների ժամանակաշրջանը դեռ արմատական վերափոխման չի հասցնում։ Հիշեցնենք, որ մանուֆակտուրան միայն շատ աստիճանաբար է տիրանում ազգային արտադրությանը, շարունակ հիմնվելով քաղաքային արհեստի և գյուղական տնային օժանդակ զբաղմունքների վրա, որոնք նրա լայն պատվանդանն [Hintergrund] են։ Մանուֆակտուրան, ոչնչացնելով այդ կողմնակի արհեստագործության ու քաղաքային արհեստի մի ձևը, արդյունաբերության որոշ ճյուղերում, որոշ կետերում, կրկին կյանքի է կոչում նրանց այլ կետերում, որովհետև նա մինչև մի որոշ աստիճան նրանց կարիքն ունի իր հում նյութը մշակելու համար։ Այդ պատճառով էլ մանուֆակտուրան ստեղծում է մանր հողագործների մի նոր դասակարգ, որոնց համար հողի մշակումը միայն մի օժանդակ ճյուղ է, իսկ նրանց գլխավոր զբաղմունքը արդյունաբերական աշխատանքն է, այնպիսի արդյունքների պատրաստումը, որոնք ուղղակի կամ վաճառականի միջնորդությամբ, վաճառվում են մանուֆակտուրային։ Սա մեկն է — թեև ոչ ամենակարևորը — այն հանգամանքներից, որոնք ամենից առաջ կարող են Անգլիայի պատմությունն ուսումնասիրողին մոլորեցնել։ Սկսած XV դարի վերջին երրորդից՝ մենք անընդհատ, միայն երբեմն լռող, գանգատների ենք հանդիպում այն մասին, թե գյուղում աճում է կապիտալիստական տնտեսությունը և գյուղացիությունը պրոգրեսիվ կերպով ոչնչանում է։ Բայց, մյուս կողմից, ուսումնասիրողը տեսնում է, որ գյուղացիությունը շարունակ գոյություն ունի, ճիշտ է՝ նվազած թվով և ավելի ու ավելի վատթարացող պայմաններում<ref>Բացառություն է կազմում Կրոմվելի ժամանակը։ Քանի դեռ պահպանվում էր ռեսպուբլիկան, անգլիական ժողովրդական մասսայի բոլոր խավերը ուշքի էին գալիս անկման այն վիճակից, որի զոհն էին դարձել Թյուդորնհրի օրով։</ref>։ Դրա գլխավոր պատճառը հետևյալն է. Անգլիայում հերթով մերթ հացահատիկային կուլտուրան է գերակշռում, մերթ անասնապահությունը, և դրա համեմատ էլ տատանվում են գյուղացիական արտադրության չափերը։ Միայն խոշոր արդյունաբերությունն է, որ իր մեքենաների միջոցով հաստատուն պատվանդան է ընձեռում կապիտալիստական հողագործության համար, արմատապես սեփականազրկում է գյուղական բնակչության ճնշող մեծամասնությանը և ավարտում է հողագործության ու տնային գյուղական արդյունաբերության անջատումը, ոչնչացնելով այդ արդյունաբերության արմատները — մանագործությունն ու ջուլհակությունը<ref>Տեկկետը գիտե, nր որ բառի բուն իմաստով մանուֆակտուրայից և գյուղական կամ տնային մանուֆակտուրաների քայքայման արդյունքներից ծագել է բրդեղենի խոշոր արդյունաբերությունը մեքենաների ներմուծման հետ միասին (Tuckett: «A History of the Past and Present State of the Labouring Population». London 1848, հ. I, էջ 144)։ «Արորը, լուծը աստվածների գյուտն էին և հերոսների զբաղմունքը — մի՞թե ջուլհակահաստոցը, իլիկն ու ճախարակը պակաս ազնիվ ծագում ունեն։ Դուք անջատում եք ճախարակն արորից, իլիկը էծից և ստանում եք գործարաններ ու աշխատատներ, վարկ ու ճգնաժամեր, երկու թշնամի ազգ — գյուղական ու արդյունաբերական» (David Urquhart: «Familiar Words». London 1855, էջ 122)։ Բայց ահա գալիս է Քերին և մեղադրում է Անգլիային, իհարկե ոչ առանց հիմքի, թե նա ձգտում է դառնալ համաշխարհային գործարանատեր, մնացած բոլոր երկրները դարձնելով բացառապես հողագործական։ Նա պնդում է, թե այդ կերպով քայքայվել է Թյուրքիան, որովհետև, այնտեղ «հողատերերին ու հողագործներին (Անգլիան) երբեք չէր թույլ տալիս ամրապնդելու իրենց դրությունը գութանի ու ջուլհակահաստոցի, տափանի ու մուրճի բնական դաշինքի միջոցով» («The Slave Trade», էջ 125)։ Նրա կարծիքով, հենց ինքը՝ Ուրկարտը Թյուրքիայի քայքայման գլխավոր պատճառներից մեկն է, որտեղ նա Անգլիայի շահերի համար պրոպագանդա էր մղում ազատ առևտրի իդեայի օգտին։ Բայց ամենից լավն այն էր, որ Քերին — ի միջի այլոց, Ռուսաստանի այդ մեծ ծառան — ուզում է խափանել անջատման այդ պրոցեսը հովանավորական սիստեմի միջոցով, որը փաստորեն արագացնում է այդ պրոցեսը։</ref>։ Հետևաբար, միայն խոշոր արդյունաբերությունն է, որ ամբողջ ներքին շուկան նվաճում է արդյունաբերական կապիտալի համար<ref>Անգլիական ֆիլանտրոպիկ տնտեսագետները, ինչպես Միլլը, Ռոջերսը, Գոլդվին Սմիթը, Ֆաուսետտը և այլն, և լիբերալ գործարանատերերը, ինչպես Ջոն Բրայտն ու Ընկ., հարցնում են անգլիական հողային արիստոկրատներից, ինչպես աստված էր Կայենից հարցնում նրա եղբայր Աբելի մասին.— ի՞նչ եղան մեր հազարավոր ազատ գյուղացիները։ — Իսկ դուք ինքներդ որտեղի՞ց առաջ եկաք։ — Այդ գյուղացիների ոչնչացումից։ Եվ ինչո՞ւ դուք չեք հարցնում, թե անկախ ջուլհակները, մտնողները, արհեստավորներն ի՞նչ եղան։</ref>։
====6. ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԻՍՏԻ ԾԱԳՈՒՄԸ====