Ավելացվել է 23 733 բայտ,
18:48, 11 Դեկտեմբերի 2014 {{Գլուխ|հիմնական=Մարտին Իդեն|նախորդ=Մարտին Իդեն, Գլուխ IX|հաջորդ=Մարտին Իդեն, Գլուխ XI}}
Այդ երեկո Մարտինը ճաշի մնաց Մորզերի մոտ և, ի մեծ բավականություն Ռութի, նրա հոր վրա շատ լավ տպավորութքուն թողեց։ Խոսակցությունը տեղի էր ունենում նավաստու մասնագիտության շուրջը, որ Մարտինը գիտեր հինգ մատի պես․ միստր Մորզը հետո արտահայտվեց նրա մասին, որպես շատ ուշիմ և ողջամիտ երիտասարդի։ Մարտինը աշխատում էր խուսափել կոպիտ բառերից և սխալ արտահայտություններից, դրա համար էլ խոսում էր դանդաղ և իր մտքերն ավելի լավ էր ձևակերպում։ Ճաշին նա ավելի համարձակ էր պահում իրեն, քան առաջին անգամ՝ մոտ մի տարի առաջ, բայց մնաց համեստ, մի քիչ ամաչկոտ և դա շատ դուր եկավ միսիս Մորզին, որի համար միաժամանակ հաճելի անակնկալ էր Մարտինի մեջ տեղի ունեցած ակներև փոփոխությունը։
— Նա առաջին տղամարդն է, որը տպավորություն թողեց Ռութի վրա,— ասաց նա իր ամ ասնուն։— Նա միշտ էլ այնքան անտարբեր է եղել տղամարդկանց նկատմամբ, որ դա մինչև անգամ սկսել է անհանգստացնել ինձ։
Միստր Մորզը զարմանքով նայեց նրան։
— Դու ուզում ես, որ այդ երիտասարդ նավաստին արթնացնի՞ նրան,– հարցրեց նա։
— Ես չեմ ուզում, որ Ռութը մեռնի որպես տանը մնացած օրիորդ։ Եթե Իդենը կարող է նրան ստիպել հետաքրքրվել առհասարակ տղամարդկանցով, դա արդեն լավ բան է։
— Լա՜վ բան է,— կրկնեց միստր Մորզը,— հը՜մ։ Բայց ենթադրենք — երբեմն կարիք է լինում, սիրելիս, ենթադրություններով զբաղվել — ենթադրենք, որ Իդենը նրա մեջ շահագրգռություն առաջացնի ոչ թե ընդհանրապես, այլ մասնավորապես իր նկատմամբ, այդ դեպքո՞ւմ․․․
— Դա անհնարին է,— ծիծաղելով ասաց միսիս Մորզը։— Ռութը նրանից երեք տարով մեծ է և հետո դա պարզապես անկարելի է։ Ոչ մի վատ բան չի դուրս դա, վստահիր ինձ։
Այսպիսով, Մարտին Իդենի դերը շատ որոշակի սահմանվեց։ Այդ միջոցին Մարտինը Արթուրի և Նորմանի դրդումով նյութում էր մի խենթավուն ձեռնարկ։ Խոսքն այն մասին էր, որ կիրակի օրը նրանք հեծանիվներով կգնան քաղաքից դուրս շրջագայելու․ իհարկե, այդ բանը հազիվ թե հետաքրքրական լիներ Մարտինի համար, եթե նա չիմանար, որ Ռութն էլ է հեծանիվ նստում և կգնա նրանց հետ։ Մարտինը երբեք չէր նստել և չէր ունեցել հեծանիվ, բայց քանի որ Ռութը մասնակցելու է շրջագայությանը, նրա համար անկասկած դարձավ, որ ինքն էլ պետք է սովորի հեծանիվ նստել։ Այդ պատճառով տուն գնալիս նա մտավ խանութ և քառասուն դոլլարով մի հեծանիվ գնեց։ Այդ գումարը նա իր ծանր աշխատանքով չէր կարող շահել նույնիսկ մի ամսում, և այդ ծախսը նրա գրպանի համար չափազանց զգալի էր։ Բայց ավելացնելով իր՝ «Տեսաբանից» ստանալիք հարյուր դոլլարի վրա նաև չորս հարյուր քսան դոլլարը, որը կվճարի նրան «Պատանեկության ուղեկիցը», նա մինչև անգամ ուրախացավ, որ բոլոր այդ դրամների գոնե մի մասը ծախսելու խելոք մի ձև գտավ։ Նրան չշփոթեցրեց և այն հանգամանքը, որ հեծանիվ նստելու առաջին փորձն իսկ պատռեց տաբաթն ու պիջակը։ Նա իսկույն զանգահարեց Հիգգինբոթամի խանութի դերձակին և իր համար մի նոր կոստյում պատվիրեց։ Հետո արտաքին նեղլիկ սանդուղքով բարձրացրեց հեծանիվն իր սենյակը և երբ մահճակալը հեռացրեց պատից, սենյակում տեղ մնաց միայն իր և հեծանիվի համար։
Նա վճռեց կիրակի օրը հատկացնել ընդունելության քննություններին նախապատրաստվելուն, բայց մարգարիտի որսի մասին պատմվածքն այնքան գրավեց նրան, որ ամբողջ օրն անցկացրեց ստեղծագործական տենդով՝ կլանված իր ուղեղում արծարծվող պատկերների գեղեցկությամբ։ Այդ կիրակի ևս «Տեսաբանը» չտպեց գանձ որոնողների մասին նրա գրած պատմվածքը, բայց դա վրդովեց նրան։ Նա իր երևակայության թևերով չափազանց բարձր էր թռել և մինչև անգամ չլսեց, որ նրան երկու անգամ ճաշի կանչեցին։ Նա այնպես էլ դուրս եկավ տնից՝ առանց համտեսելու այն ընտիր ճաշը, որով միստր Հիգգինբոթամը սովորություն ուներ նշելու կիրակիները։ Միստր Հիգգինբոթամի համար այդպիսի ճաշերը կենցաղային հաջողության առարկայական ապացույցն էին․ և նա շարունակ օգտվում էր այդ առիթով՝ գովելու համար Ամերիկայի իմաստուն կարգերը և այն ճոխ հնարավորությունները, որ այդ կարգերը տալիս են մարդկանց․ օրինակ, դա հնարավորություն է տալիս բարձրանալու (նա հատկապես ընդգծում էր այդ) բանջարեղենի կրպակի գործակատարի պաշտոնից մինչև խանութի տիրոջ աստիճանը։
Երկուշաբթի առավոտ Մարտին Իդենը տխուր նայեց մարգարիտի որսի մասին իր չվերջացրած ակնարկին և գնաց Օքլենդի դպրոցը։ Երբ նա մի քանի օրից էլի ներկայացավ այնտեղ, որպեսզի արդյունքն իմանա, նրան հաղորդեցին, որ բոլոր առարկաներից տապալվել է, բացի քերականությունից։
— Քերականությունը դուք հրաշալի գիտեք,— ասաց նրան պրոֆեսոր Հիլթոնը՝ ակնոցի հաստ ապակիների միջից նրան նայելով,— բայց այլ առարկաներից ոչինչ չգիտեք, իսկ ձեր պատասխանները Միացյալ Նահանգների պատմության շուրջը հրեշավոր են, այլ կերպ չի կարելի որակել, պարզապես հրեշավոր։ Ես ձեզ խորհուրդ կտայի․․․
Պրոֆեսոր Հիլթոնը լռեց և տհաճ ու անտարբեր նայեց նրան, ինչպես իր փորձանոթներից մեկին։ Նա ֆիզիկայի պրոֆեսոր էր, մեծ ընտանիք ուներ, քիչ ռոճիկ էր ստանում և տիրապետում էր գիտելիքների ահագին պաշարի՝ այնպես անգիր արած, ինչպես թութակն է անգիր անում բառերը։
― Այո՞, սըր,— խոնարհաբար ասաց Մարտինը՝ ափսոսալով, որ պրոֆեսոր Հիլթոնի փոխարեն նրա հետ չի խոսում գրադարանի տեղեկանքի բաժնի պաշտոնյան։
— Ես ձեզ խորհուրդ կտայի գոնե երկու տարի էլ սովորել տարրական դպրոցում։ Մնաք բարով։
Այդ անհաջողությունը այնքան էլ չմտահոգեց Մարտինին, բայց նա ապշեց, տեսնելով, թե ինչպես վշտացավ Ռութը, երբ նա հաղորդեց պրոֆեսոր Հիլթոնի կարծիքը։ Ռութի վշաանալն այնքան ակներև էր, որ Մարտինն ինքն էլ ափսոսաց իր տապալումը, գլխավորապես Ռութի համար։
— Տեսնո՞ւմ եք,— ասաց աղջիկը,— ես ճիշտ էի ասում։ Դուք ավելի բան գիտեք, քան ուսանողներից ոմանք, բայց չեք կարողանում քննություն տալ։ Դրա պատճառն այն է, որ դուք սովորել եք ի միջի այլոց, հարևանցի։ Դուք պիտի սովորեք որոշակի սիստեմով, իսկ դրա համար հարկավոր են լավ ուսուցիչներ։ Գիտելիքները պիտի լինեն հիմնավոր։ Պրոֆեսոր Հիլթոնն իրավացի է, և ես որ ձեր տեղը լինեի, կգնայի երեկոյան տարրական դպրոց։ Մեկուկես տարում կավարտեք դասընթացը և կխնայեք վեց ամիս։ Բացի այդ, ցերեկները Ժամանակ կունենաք գրելու կամ այլ աշխատանքով զբաղվելու, եթե ձեզ հաջողվի դրամ վաստակել գրչի աշխատանքով։
«Իսկ եթե ցերեկնեըը պիտի աշխատեմ և երեկոները դպրոց գնամ, հապա ե՞րբ պիտի տեսակցեմ ձեզ հետ» — դա էր Մարտինի մեջ ծագած առաջին միտքը, որ նա վախեցավ արտահայտել։ Դրա փոխարեն նա ասաց։
— Շատ մանկական զբաղմունք է ինձ համար երեկոյան դպրոց հաճախելը։ Իհարկե, ես կհաճախեի, եթե գիտենայի, որ արժե, սակայն իմ կարծիքով չարժե։ Ես ինքս կարող եմ ավելի շուտ սովորել այդ բոլորը, քան դպրոցական ուսուցիչների հետ պարապելով։ Դա կլինի ժամանակի աննպատակ վատնում (նա մտածեց աղջկա մասին, նրան ձեռք բերելու մասին), իսկ ես չեմ կարող ժամանակ վատնել։ Ես ժամանակ չունեմ։
— Բայց չէ՞ որ ձեզ հարկավոր է այնքան շատ բան անել։
Աղջիկը սիրալիր նայեց նրան։ Մարտինը մտքում իրեն անվանեց կոպիտ անասուն, որ համարձակվեց հակաճառել նրան։
— Ֆիզիկայի և քիմիայի համար հարկավոր են լաբորատորիաներ,— ասաց Ռութը։— Դուք երբեք չեք կարող ինքնուրույն կերպով գլուխ հանել հանրահաշվից և երկրաչափությունից։ Ձեզ անհրաժեշտ է ղեկավար, փորձառու մասնագետ մանկավարժներ։
Մարտինը մի րոպե լսեց՝ ուշի-ուշով կշռադատելով, թե ինչպես ավելի լավ պատասխանի նրան։
— Մի՛ կարծեք, թե ես գոռոզանում եմ,— ասաց նա,— այդպիսի բան մտքովս էլ չի անցնում։ Ես այն զգացումն ունեմ, որ հեշտությամբ կարող եմ սովորել ամեն բան, ինքս կարող եմ սովորել ամեն բան։ Ես այնպես եմ ձգտում ուսման, ինչպես բադը ջրին։ Դուք ինքներդ տեսաք, թե ես ինչպես հաղթահարեցի քերականությունը։ Ես ուսումնասիրել եմ շատ այլ բաներ, որ դուք երևակայել անգամ չեք կարող, թե ինչքան շատ․․․ Բայց չէ՞ որ դեռ նոր եմ սկսել սովորել։ Ինձ դեռ պակասում է․․․— նա մի րոպե կարկամեց, իսկ հետո հաստատ ասաց․— իներցիան։ Դեռ նոր եմ ստանում իրերի առաջին իրական հասկացողությունը․ նոր եմ շարք մտնում․․․
― Ի՞նչ է նշանակում «շարք մտնել»,— ընդմիջեց աղջիկը։
— Ասենք՝ հասկանալ, պարզել, թե ինչը ինչին է վերաբերում։
— Այդ նախադասությունը բոլորովին անիմաստ է,— ասաց Ռութը։
Մարտինը վճռեց այլ կերպ արտահայտվել։
— Ես միայն հիմա եմ սկսում հասկանալ ուղղությունը, թե ուր եմ գնում։
Աղջիկը խղճահարությունից այս անգամ լռեց, և Մարտինը շարունակեց․
— Գիտությունն ինձ ղեկապետի նավախցիկ է թվում, ուր պահվում են ծովային քարտեզները։ Երբ գրադարան եմ գնում, միշտ դրա մասին եմ մտածում։ Ուսուցչի գործն է աշակերտին հերթով ծանոթացնել բոլոր քարտեզներին․ ուրիշ ոչինչ։ Նա մի տեսակ ուղեցույց է․ իր գլխից ոչինչ չի կարող հնարել, ոչ մի նոր բան չի ստեղծում։ Քարտեզներում կա ամեն բան, և նա միայն պետք է ցույց տա նորեկին, թե որտեղ ինչ կա, որպեսզի նորեկը ճամփին չմոլորվի։ Ես լավ հոտառություն ունեմ։ Տեղանքը կարողանում եմ ճանաչել։ Իմ նայվածքը թափանցում է ամեն բան․․․ Նորի՞ց ինչ֊որ բան սխալ ասացի։
— Ոչ թե «նայվածքը», այլ «հայացքը»,— ասաց Ռութը։
— Ճիշտ է, հայացքը,— կրկնեց նա երախտագիտությամբ։— Ի՞նչ էի ասում, հա, շատ հոգիներ կան․․․
— Շատերը,— ուղղեց աղջիկը։
— Այո, շատերը կան, որոնց անհրաժեշտ են ուղեցույցներ․ դա այդպես է․ իսկ ինձ թվում է, թե ես կարող եմ յոլա գնալ առանց նրանց։ Ես արդեն բավական պտտվել եմ այդ քարտեզների մոտ և գիտեմ, թե որոնք են ինձ հարկավոր, գիտեմ նաև, թե ինչ ձովափեր եմ հետազոտելու։ Ես ինքս ավելի շուտ կընտրեմ իմ երթուղին։ Նավատորմի արագությունը միշտ չափվում է ամենադանդաղաշարժ նավի արագությամբ։ Նույնը վերաբերվում է նաև դպրոցին։ Ուսուցիչները պետք է ընթանան հետամնաց աշակերտների քայլով, իսկ ես մենակ կարող եմ առաջ գնալ։
— «Բոլորից արագ այն մարդն է գնում, ով որ մենակ է քայլում իր ճամփով»,— մեջ բերեց Ռութը։
«Բայց ես կցանկանայի քայլել ոչ թե մենակ, այլ ձեզ հետ»,— ուզում էր ավելացնել Մարտինը։ Նրա աչքի առաջ բացվեց ահսահման աշխարհի տեսարանը՝ արևաշող տարածություններով, ուր աստղաբերձ ճամփաներով թռչում է Ռութի հետ ձեռք-ձեռքի և աղջկա բաց ոսկեգույն մազերը ծածանվելով հպվում են նրա այտերին։ Իսկույն նա զգաց իր խոսքերի խղճուկ անզորությունը։ Աստվա՜ծ իմ, եթե միայն կարողանար պատմել աղջկան այդ ամենի մասին այնպես, որ նա էլ կարողանար տեսնել այն, ինչ տեսնում էր ինքը։ Նրան չարչարում էր բուռն, տանջալից ու անհաղթելի մի ցանկություն՝ պատկերել աղջկա համար այն տեսիլքները, որոնք անսպասելիորեն և հանկարծակի, արտացոլվեցին իր մտապատկերների հայելու մեջ։ Եվ հանկարծ նա հասկացավ․ հենց այդ է գաղտնյաց բանալին։ Չէ՞ որ այդպես են անում մեծ վարպետները՝ բանաստեղծներն ու գրողները։ Նրանց մեծության գաղտնիքը հենց դրա մեջ է։ Նրանք կարող են բառերով արտահայտել այն ամենը, ինչ տեսնում են, մտածում և զգում։ Արևի տակ նիրհող շները հաճախ վնգստում և հաչում են, բայց չեն կարող բացատրել, ինչը ստիպեց նրանց վնգստալ ու հաչել։ Հո ինքն էլ ետ չի՞ մնում արևի տակ նիրհող շներից․ ինքն էլ է տեսնում հրաշալի, հեքիաթային երազներ, բայց միայն կարող է վնգստալ ու հաչել Ռութի վրա։ Հիմա արդեն բավ է քնել արևի տակ։ Նա պիտի սովորի, աշխատի մինչև աչքերն ու լեզուն բացվեն, մինչև կարողանա բաժանել նրա հետ իր տեսիլքների հեքիաթային գանձը։ Օ՛հ, կան մարդիկ, որոնք գիտեն իրենց մտքերն արտահայտելու գաղտնիքը, գիտեն բառերը դարձնել իրենց հնազանդ ստրուկներ, կապակցել դրանք այնպես, որ առաջանում է ինչ-որ նոր բան, և այդ նորը ավելի շատ է, քան առանձին նշանակությունների պարզ գումարը։ Նա խորապես ցնցված էր այն մտքից, որ մի պահ թափանցեցի վաղուց նրան տանջող գաղտնիքը, և դարձյալ նրա աչքին շողացին արևոտ և աստղալից տարածությունները։ Վերջապես նա ուշքի եկավ, տիրող լռությունից ապշած, և տեսավ, որ Ռութը նայում է նրան ուրախ ժպիտով։
— Ես հենց նոր երազում էի արթմնի,— ասաց Մարտինը, և լսելով իր այդ բառերը սիրտն ուժգին տրոփեց։
Ինչպե՞ս գտավ նա այդ բառերը։ Դրանք ճիշտ բացատրեցին իրենց խոսակցության այն ընդմիջումը, որն առաջացավ նրա տեսիլքի պատճառով։ Դա հրաշք էր։ Նա դեռ երբեք այդպես հիանալի չէր արտահայտել գեղեցիկ մտքեր։ Բայց չէ որ նա երբեք չի էլ փորձել։ Հիմա ամեն ինչ պարզ է․ նա չի փորձել։ Սուինբեռնը, Թեննիսոնը, Կիպլինգը և այլ մեծ բանաստեղծներ փորձել են, և դրանց այդ հաջողվել է։ Նա հիշեց իր «Մարգարիտ որսացողները»։ Նա երբեք չի փորձել բառերով պատկերացնել իր մեջ ապրող գեղեցկությունը։ Եթե նա փորձեր, այդ պատմվածքը բոլորովին այլ գույն կստանար։ Նա համարյա սոսկաց մտածելով, թե ինչքան գեղեցիկ բաներ կարող էր նկարագրել, իսկ երևակայությունը տանում էր նրան ավելի հեռուն և նա հանկարծ մտածեց, իսկ եթե իրեն հուզող ամբողջ գեղեցկությունն արտահայտի հնչեղ, քնքուշ ոտանավորո՞վ, ինչպես անում են այդ մեծ բանաստեղծները։ Արտահայտել թեկուզ իր սերը Ռութի նկատմամբ, այդ սիրո խորհրդավոր վայելքն ու հոգեկան վսեմությունը։ Ինչո՞ւ նա չի կարող անել այն, ինչ անում են մեծ բանաստեղծները․ նրանք երգում են սերը․ ինքն էլ կերգի։
— Գրողը տանի։
Այդ բառերը ականջին հնչեցին որպես շանթի հարված։ Երազներով տարվելով՝ նա բարձրաձայն արտասանեց այդ խոսքը։ Արյունը խփեց նրա երեսին՝ իրար հաջորդող ալիքներով, մինչև որ նրա բրոնզագույն դեմքը ամոթից շիկնեց մինչև մազերի արմատները։
— Ես․․․ ես․․․ ներեցեք, խնդրեմ,— շշնջաց նա,— ես խորասուզվել էի մտածմունքների մեջ․․․
— Դուք դա ասացիք այնպիսի շեշտով, ինչպես ասում են․ «Ես աղոթում էի»,— աղջիկը քաջությամբ փորձեց կատակել, բայց ներքուստ դողում էր։
Կյանքում առաջին անգամ էր, որ աղջիկն իր ծանոթի բերանից լսում էր այդպիսի հայհոյական խոսք և խորապես ցնցվեց ոչ միայն նրա համար, որ դա վիրավորեց իր ականջը և բարեկրթության զգացումը․ աղջկան վախեցրեց քամու այն խիստ հոսանքը, որ հանկարծ ներխուժեց խնամքով ծածկված պարտեզը, որի մեջ անցել է նրա պատանեկությունը։
Եվ սակայն աղջիկը ներեց նրան և զարմացավ իր ներողամտության վրա։ Չգիտես ինչու, դժվար չէր ներել Մարտինին։ Պայմանները չեն թույլատրել, որ նա այլ մարդկանց նման լինի, բայց նա աշխատում է ուղղել այդ և արդեն շատ բան է ձեռք բերել այդ ուղղությամբ։ Աղջկա մտքովն էլ չէր անցնում, թե կան այլ պատճառներ, որոնք ավելի պարզ են բացատրում նրա ներողամտությունը։ Ռութը իսկական քընքուշ զգացմունքներ էր տածում Մարտինի նկատմամբ, բայց ինքը չէր կռահում այդ բանը։ Եվ չէր էլ կարող կռահել։ Աղջիկը հանգիստ ապրել էր իր քսանչորս տարին՝ առանց ոչ մի անգամ զգալու սիրային թեկուզ թեթև հրապուրանքը, չգիտեր վերլուծել իր զգացմունքները և, գաղափար չունենալով սիրո ջերմացնող բոցի մասին, չէր հասկանում, որ հիմա սերն է ջերմացնում իրեն։