Ավելացվել է 30 208 բայտ,
19:01, 12 Դեկտեմբերի 2014 {{Գլուխ|հիմնական=Մարտին Իդեն|նախորդ=Մարտին Իդեն, Գլուխ X|հաջորդ=Մարտին Իդեն, Գլուխ XII}}
Մարտինը նորից ձեռնարկեց իր «Մարգարիտ որսացողները» գրելու գործին, և, հավանական է՝ շուտով վերկաջներ այդ պատմվածքը, եթե չտարվեր ոտանավորներ գրելու ցանկությամբ։ Նա գրում էր սիրային ոտանավորներ, որոնց ոգեշնչողը Ռութն էր, բայց նա չէր կարողանում ավարտել նրանցից և ոչ մեկը։ Չէր կարելի կարճ ժամանակամիջոցում տիրապետել բանաստեղծության ազնիվ արվեստին։ Ոտանավորի հանգը, չափը, ընդհանուր կառուցվածքը ինքնըստինքյան բավական բարդ էին, սակայն, բացի այդ ամենից, կար և ինչ-որ անհասկանալի բան, որ նա նկատում էր մեծ բանաստեղծների ոտանավորներում, բայց ոչ մի կերպ չէր կարողանում ներդնել իր ոտանավորներում։ Դա հենց բանաստեղծության ոգին էր, որը նրան ոչ մի կերպ չէր հաջողվում։ Մարտինին դա թվում էր որպես հրեղեն մշուշով պատած մի շող, որն, ամեն անգամ նրան մոտենալիս, ցրվում էր, իսկ լավագույն դեպքում հաջողվում էր բռնել միայն մշուշի քուլաները, շարադրել առանձին գեղեցիկ տողեր, որոնք իր ուղեղում հնչում էին իբր երաժշտություն կամ սահում անցնում էին իր աչքի առջևով որպես աղոտ տեսիլքներ։ Դա տանջում էր նրան։ Գեղեցիկ զգացումները պահանջում էին արտահայտվել, իսկ նրա գրչից դուրս էին գալիս սովորական պրոզայիկ նախադասություններ։ Մարտինը բարձրաձայն կարդում էր իր ոտանավորները։ Չափաբերությունը պահպանված էր ըստ բոլոր կանոնների, հանգերն ու ռիթմը նույնպես տեղն էին, բայց ավա՜ղ, նրանց մեջ չկար ո՛չ հուր, ո՛չ վսեմ ներշնչում։ Նա բոլորովին չէր հասկանում, թե ինչն է պատճառը ու երբեմն հուսահատված, վերսկսում էր գրել իր պատմվածքը։ Արձակն ավելի հլու գործիք էր նրա ձեռքում։
Շարունակելով իր պատմվածքը մարգարիտ որսացողների մասին, Մարտինը գրեց և այլ ակնարկներ՝ ծովային ծառայության, կրիաներ որսալու, հյուսիս-արևելյան պասսատի մասին։ Հետո, որպես փորձ, նա սկսեց գրել սյուժետային մի փոքր պատմվածք և տարվելով այդ ցանկությամբ, միանգամից գրեց վեց հատ և ուղարկեց դրանք զանազան հանդեսների։ Նա գրում էր լարված և եռանդուն՝ առավոտից մինչև երեկո, երբեմն նույնիսկ մինչև ուշ գիշեր, բացի այն ժամանակից, երբ հաճախում էր գրադարան կամ այցելում էր Ռութին։ Այդ օրերին Մարտինն անսովոր երջանիկ էր, նրա կյանքը հագեցված էր, ու գեղեցիկ ստեղծագործական տենդը երբեք չէր լքում նրան։ Ստեղծագործական բերկրանքը, որ նա մինչև այդ համարում էր աստվածային առանձնահատկություն, հիմա մատչելի էր նաև իրեն։ Նրան շրջապատող ամեն բան՝ փտած բանջարեղենի և օճառաջրի հոտը, քրոջ խղճուկ տեսքը և միստր Գիգգինբոթամի նենգապատիր կերպարանքը, այդ բոլորը երազ էր թվում նրան։ Իրական աշխարհը գոյություն ուներ միայն նրա ուղեղում, և նրա գրած պատմվածքները այդ աշխարհի բեկորներն էին։
Օրերը շատ կարճ էին թվում․ չափազանց շատ էին գիտելիքների այն մարզերը, ուր նա ցանկանում էր թափանցել։ Նա կրճատեց իր քունը մինչև օրական հինգ ժամ և համոզվեց, որ դա միանգամայն բավարար է։ Մինչև անգամ փորձեց քնել միայն չորսուկես ժամ, բայց ստիպված էր ափսոսալով վերադառնալ հինգժամյա նորմային։ Մնացյալ ժամանակը նա խանդավառությամբ հատկացնում էր իր պարապմունքներին՝ ակամա ընդհատում էր գրելը՝ ուսումով զբաղվելու համար, ընդհատում էր և ուսումը՝ գրադարան գնալու համար, դանդաղում էր հեռանալ գիտության ղեկապետի նավախցիկից և ցավելով էր բաժանվում այն խորհրդավոր գրողների պատմվածքներով լի հանդեսների ընթերցումից, որոնց հաջողվել էր վաճառել իրենց ապրանքը։ Երբ Մարտինը այցելում էր Ռութին, ամեն անգամ վեր կենալիս ու դուրս գալիս նրան հարկ էր լինում կարծես պոկել աղջկան իր սրտից․ իսկ դուրս գալով նրա մոտից՝ աճապարանքով վազում էր մութ փողոցներով, որպեսզի շտապի վերադառնալ գրքերին և հնարավոր չափով քիչ Ժամանակ կորցնի։ Սակայն ամենադժվարն էր փակել հանրահաշվի կամ բնագիտության դասագիրքը, մի կողմ գցել գրիչն ու տետրակը և փակել հոգնած աչքերը։ Թեկուզ կարճ ժամանակով դուրս ընկնել կյանքից․ դա սարսափելի էր թվում Մարտինին։ Նրան մխիթարում էր միայն այն գիտակցությունը, որ հինգ ժամ հետո ժամացույցը կարթնացնի իրեն։ Նա կկորցնի միայն հինգ Ժամ, որից հետո Ժամացույցի զանգի զիլ զրնգոցը կազատի նրան անօգուտ ինքնամոռացումից, և նրա տրամադրության տակ կլինի լրիվ տասնինը ժամ աշխատանքի համար։
Ժամանակն անցնում էր։ Մարտինի դրամը վերջանում էր, իսկ հոնորար դեռ չէր ստացվում։ Մի ամիս անց նա ետ ստացավ «Պատանեկության ուղեկցին» ուղարկած ձեռագիրը։ Մերժումը գրված էր շատ փափկանկատ ձևով, այնպես որ Մարտինը մինչև անգամ լավ տրամադրվեց հրատարակչի նկատմամբ։ Նա նույն համակրանքը չզգաց «Սան-Ֆրանցիսկոյի տեսարանի» հրատարակչի նկատմամբ։ Երկու շաբաթ սպասելուց հետո Մարտինը գրեց խմբագրությանը, մի շաբաթ անց նորից գրեց։ Ի վերջո ինքը գնաց խմբագրատուն՝ անձամբ խոսելու խմբագրի հետ։ Սակայն շիկակարմիր մազերով պատանու կերպարանքով մի կերբերոս, որը պահապան էր կանգնած դռանը, թույլ չտվեց նրան այդքան նշանավոր մի անձնավորության տեսակցության արժանանալու։ Հինգերորդ շաբաթվա վերջում Մարտինի ձեռագիրը վերադարձվեց առանց որևէ բացատրության, չկար ո՛չ մերժում, ո՛չ էլ բացատրական նամակ։ Շուտով վերադարձվեցին նաև մյուս ձեռագրերը, որոնք ուղարկել էր Սան֊Ֆրանցիսկոյի խոշոր հանդեսներին։ Մարտինն ուղարկեց իր ստեղծագործությունները արևելյան նահանգների օրաթերթերին, բայց շատ չանցած ետ ստացավ դրանք՝ մերժումի ծանուցագրերով։
Նույն բախտն ունեցան և Մարտինի պատմվածքները։ Նա մի քանի անգամ կարդաց և դրանք այնքան դուր եկան իրեն, որ նա չէր կարող ըմբռնել այդքան վճռական մերժումները, մինչև որ մի թերթում կարդաց, թե նյութերը պիտի ներկայացվ են խմբագրությանը անպայման մեքենագրված։ Ամեն ինչ պարզվեց։ Անկասկած խմբագիրներն այնքան են զբաղված, որ չեն կարող ժամանակ վատնել՝ անընթեռնելի ձեռագրերի ուսումնասիրության վրա։ Մարտինը վարձով վերցրեց մի գրամեքենա և մի ամբողջ օր հատկացրեց տպագրել սովորելու համար։ Նա ամեն օր մեքենայով տպում էր նույն օրվա ընթացքում իր գրածը, աստիճանաբար տպագրելով և իր նախորդ երկերը, նա շատ զարմացավ, երբ մեքենագրվածներն էլ սկսեցին վերադարձվել։ Մարտինի դեմքը ստացավ խիստ արտահայտություն, ծնոտն ավելի ցցվեց։ Նա համառորեն շարունակում էր ուղարկել իր նյութերը նորանոր հասցեներով։
Վերջապես նա կռահեց, որ շատ դժվար է քննադատել իր սեփական երկերը։ Նա վճռեց դրանք կարդալ Գերտրուդայի համար, և կարդաց մի քանի պատմվածք։ Քրոջ աչքերը փայլեցին և նա, հպարտ նայելով իր եղբորը, ասաց․
— Հիանալի է, որ դու այդպիսի բաներ ես գրում։
— Այո, այո,— պատասխանեց Մարտինն անհամբեր,― դու ասա, հավանո՞ւմ ես։
— Ի՞նչ ես ասում,— պատասխանեց քույրը,— մի՞թե կարող է դուր չգալ․ հրաշալի է. դրանք չափազանց հուզեցին ինձ, շատ հուզեցին։
Մարտինը հասկացավ, որ իր պատմվածքներում ամեն բան չէ, որ լրիվ պարզ է քրոջ համար։ Գերտրուդայի բարեհոգի դեմքը տարակուսանք էր արտահայտում։ Մարտինը սպասում էր։
— Ասա՛, Մարտ,— ասաց քույրը երկարատև լռությունից հետո,— վերջը ի՞նչ եղավ։ Այդ տղան, որ այնքան փքուն խոսում է, ամուսնացա՞վ աղջկա հետ։
Եվ միայն այն բանից հետո, երբ Մարտինը բարցատրեց նրան պատմվածքի վերջը, որ նրան թվում էր գեղարվեստորեն արդարացած, Գերտրուդան ասաց․
— Ես այդպես էլ կարծում էի․ իսկ ինչո՞ւ դու ուղղակի այդպես էլ չես գրել։
Գերտրուդայի համար մի տասնյակ պատմվածքներ կարդալուց հետո նա հասկացավ, որ քույրը հավանում է միայն երջանիկ վախճան ունեցող պատմվածքները։
— Այս պատմվածքը շատ լավն է,— հայտարարեց Գերտրուդան՝ տաշտից բարձրացնելով գլուխը և հառաչանքով տրորելով իր ճակատը կարմիր շոգեխաշ ձեռքով,— միայն շատ ծանր ազդեց ինձ վրա․ լացս գալիս է։ Առանց այն էլ աշխարհում տխուր բաներ շատ կան։ Երբ ես լսում եմ մի լավ բան, ինձ ավելի լավ եմ զգում։ Եթե տղան ամուսնանար աղջկա հետ և... Չե՞ս չարանա ինձ վրա, Մարտ, — հարցրեց նա շփոթված։— Կարող է պատահել՝ ինձ այդպես թվում է նրա համար, որ ես շատ եմ հոգնած՝ բայց պատմվածքը սքանչելի է, իսկապես սքանչելի։ Որտե՞ղ ես ուզում տպել տալ։
— Դա արդեն այլ հարց է,― ծիծաղեց Մարտինը։
— Իսկ եթե հաջողվի հրատարակել, ինչքա՞ն դրամ կստանաս դրա համար։
— Ա՜, մի հարյուր դոլլար ամենաքիչը՝ այժմյան գնով։
— Օհո՜, հուսամ, որ քեզ կհաջողվի խցկել մի տեղ։
— Վատ գումար չէ, ճի՞շտ է։— Եվ նա հպարտությամբ ավելացրեց,— նկատի ունեցիր, որ ես գրել եմ երկու օրում։ Օրական հիսուն դոլլար։
Մարտինը շատ էր ցանկանում կարդալ իր պատմվածքները Ռութի համար, բայց չէր համարձակվում։ Նա վճռեց սպասել, մինչև որ դրանցից որևէ մեկը տպվի․ համենայն դեպս Ռութն այդ դեպքում ավելի լավ կգնահատի իր ջանքերը։ Միաժամանակ նա շարունակում էր սովորել։ Ոչ մի արկած այնքան հրապուրիչ չէր թվում նրան, որքան ճամփորդություն դեպի բանականության այդ չհետախուզված խորքերը։ Նա գնեց բնագիտության և քիմիայի դասագրքեր և հանրահաշվի հետ միաժամանակ ուսումնասիրում էր բնագիտության օրենքներն ու դրանց ապացույցները։ Լաբորատորական փորձերին նա կուրորեն հավատում էր առանց անձամբ փորձելու, իսկ նրա հզոր երևակայությունը օգնում էր կարծես ակներև տեսնելու քիմիական ամեն տեսակ փոխազդեցություններ և նա ավելի լավ էր հասկանում դրանք, քան փորձերին ներկա գտնվող ուսանողները։ Մարտինը դասագրքերի էջերից աստիճանաբար սկսում էր տեսնել բնության ու աշխարհի գաղտնիքները։ Առաջ նա ընդունում էր աշխարհը որպես աշխարհ, որպես ի սկզբանե տրված մի բան, իսկ հիմա սկսել է հասկանալ աշխարհի կառուցվածքը, ուժերի խաղն ու փոխհարաբերությունը, մատերիայի կերտվածքը։ Նրա խելքը հիմա աշխատում էր բացատրել վաղուց ծանոթ իրերը։ Լծակներն ու ճախարակները նրան հիշեցրին կարապիկներն ու վերամբարձները, որոնց նա հանդիպել էր նավարկության ժամանակ։ Նավագնացության տեսությունը, որը նավերին հնարավորություն էր տալիս բաց ծովում չշեղվել ճանապարհից, հանկարծ պարզ ու հասկանալի դարձավ։ Նա ըմբռնեց փոթորիկների, անձրևի, մակընթացության գաղտնիքները, պասսատ քամիների ծագման պատճառը և մինչև անգամ մտածեց՝ շատ չի՞ շտապել գրելու իր ակնարկը հյուսիսարևելյան պասսատի մասին։ Համենայն դեպս, զգում էր, որ հիմա ավելի լավ կգրի։ Մի օր նա Արթուրի հետ միասին գնաց համալսարան և շունչը պահած կրոնական երկյուղածությամբ նայում էր լաբորատորիայում կատարվող փորձերին և լսում էր դասախոսություն կարդացող պրոֆեսորին։
Սակայն Մարտինը չլքեց իր գրական պարապմունքները։ Նրա գրչի տակից հոսում ու թափվում էին փոքրիկ պատմվածքներ, և նա դեռ ժամանակ էր գտնում գրելու հանդեսներում տպվածների նման ոտանավորներ։ Հետո հանկարծ գլուխը կորցրեց և երկու շաբաթում գրեց մի ողբերգություն անհանգ ոտանավորով, որը կես դյուժին հրատարակիչներ, ի մեծ զարմանս իրեն, անմիջապես խոտանեցին։ Մի օր Հենլիի գրվածքները երկար կարդալուց հետո, նա գրեց ծովի մասին ոտանավորների մի ամբողջ շարք «Հիվանդանոցային ուրվագծերով պոեմներ»֊ի օրինակով։ Դրանք հասարակ ոտանավորներ էին, պայծառ և գունեղ ռոմանտիկայով և մարտական ոգով լի։ Մարտինն անվանեց դրանք «Ծովի երգեր» և վճռեց, որ դրանք իր գրածներից ամենալավերն են։ Այդ շաարքը բաղկացած էր երեսուն ոտանավորից. նա գրել էր օրական մի ոտանավոր, այն էլ արձակի վրա իր օրական աշխատանքը վերջացնելուց հետո, որ սովորաբար միջակ գրողից կխլեր մի ամբողջ շաբաթ։ Սակայն Մարտինի համար աշխատանքը ինքնըստինքյան ոչ մի նշանակություն չուներ։ Նա տիրապետեց խոսքի ձիրքին, և գեղեցիկի մասին իր բոլոր երազներն ու մտքերը, որոնք երկար տարիներ անխոս ապրում էին իր մեջ, անդիմադրելի և հզոր հոսանքով դուրս թափվեցին։
Մարտինը ոչ ոքի ցույց չտվեց իր «Ծովի երգերը» և ոչ մի տեղ չուղարկեց դրանք։ Խմբագիրների նկատմամբ նրա հավատը կորել էր։ Սակայն այս անգամ նրանց չհավատալու համար չէր, որ ձեռնպահ մնաց իր ոտնավորներն ուղարկելուց։ Նրա համար այդ գրվածքները տոգորված էին այնպիսի գեղեցկությամբ, որ նա ուզում էր բաժանել այդ միայն Ռութի հետ այն երանելի պահին, երբ ինքը վերջապես կհամարձակվի կարդալ նրա համար իր երկերը։
Իսկ մինչ այդ նա վճռեց պահել այդ բանաստեղծություններն իր մոտ, կարդում էր դրանք բարձրաձայն կրկին ու կրկին, մինչև որ բերանացի սովորեց։
Արթուն վիճակում նա լարված ապրում էր ամեն մի վայրկյանը և շարունակում էր ապրել մինչև անգամ քնած ժամանակ։ Նրա գիտակցությունը, բողոքելով հինգժամյա հարկադրական անգործության դեմ, շարունակում էր զարգացնել օրվա ընթացքում իր խոհերն ու ապրումները՝ ծնելով անհավաաալի ու անհեթեթ տեսիլքներ։ Այդպիսով նա երբեք չէր հանգստանում, և նրա տեղը՝ ֆիզիկապես նվազ պնդակազմ և ոգով նվազ առողջ մի ուրիշը, կտապալվեր։ Նրա տեսակցությունները Ռութի հետ ավելի ու ավելի սակավ էին տեղի ունենում, մոտենում էր հունիսը, որի սկզբին աղջիկը քննություններ պետք է տար և ստանար համալսարանական դիպլոմ։ Արվեստների բակալավր։ երբ Մարտինը մտածում էր աղջկա այդ կոչումի մասին, նրան թվում էր, թե Ռութը թռչում հեռանում է իրենից դեպի այնպիսի բարձունքներ, ուր արդեն չի կարելի հասնել նրան։
Բայց և այնպես, շաբաթական մի օր Ռութը հատկացնում էր Մարտինին, և նա սովորաբար այդ օրը ճաշի էր մնում Մորզի տանը և ճաշից հետո երաժշտություն էր լսում։ Դրանք նրա համար տոնական օրեր էին։ Մորզի տան ամբողջ մթնոլորտը հակապատկերն էր այն կեղտոտության, որի մեջ ապրում էր Մարտինը, իսկ Ռութի ներկայությունն այնքան էր թևավորում նրան, որ ամեն անգամ տուն վերադառնալիս, նա մտովի ձգտում էր ինչ գնով էլ լինի հասնել այդ բարձունքներին։ Չնայած ստեղծագործական անզուսպ թափին և գեղեցկության ծարավին, որը տանջում էր նրան, նա վերջ ի վերջո աշխատում էր միայն սիրո համար։ Ամենից առաջ նա սիրահարված էր և մնացած ամեն բան ստորադրում էր իր սիրույն։ Սիրային որոնումները նրա համար ամեն տեսակ հոգեկան որոնումներից ավելի կարևոր էին։ Աշխարհը նրան զարմանալի էր թվում ոչ թե նրա համար, որ բաղկացած է ինչ-որ խորհրդավոր օրենքների հիման վրա փոխադարձաբար ներգործող մոլեկուլներից և ատոմներից, այլ նրա համար, որ այնտեղ ապրում է Ռութը։ Այս աղջիկն այնպիսի մի հրաշք էր, որի մասին նա առաջներում երբեք չգիտեր, չէր երազել, մինչև անգամ չէր գուշակել։
Սակայն նրանց բաժանող տարածությունը շարունակ հուսահատեցնում էր Մարտինին։ Ռութը անսահմանորեն հեռու էր, և Մարտինը ոչ մի կերպ չէր կարողանում գտնել նրան մոտենալու միջոցը։ Անցյալում ինքը սովորաբար հաջողություն ուներ իր դասակարգի կանանց և աղջիկների շրջանում, բայց երբեք չի սիրել նրանց, իսկ Ռութին սիրեց։ Բանն այն չէր, որ Ռութը պատկանում էր այլ դասակարգի․ Մարտինի սերը աղջկան բարձրացրեց բոլոր դասակարգերից էլ վեր։ Ռութը այլ էակ էր, այնքան տարբեր, որ ինքը մինչև անգամ չգիտեր, թե ինչպես մոտենալ նրան իր սիրով։ Ճիշտ է, որ ընդլայնելով իր տեսածները և սովորելով ուղիղ խոսել ինքը մոտեցել էր աղջկան. նրանց միջև առաջացել են ընդհանուր լեզու, ընդհանուր թեմաներ, ճաշակներ ու շահեր, բայց սիրո ծարավը դրանով չէր բավարարվում։ Սիրահարի երևակայությունը պարգևել է աղջկան այնպիսի սրբություն, այնպիսի անմարմին մաքրություն, որ դա բացառում էր մարմնական ամեն մի մոտիկություն։ Ինքը՝ սերը հեռացնում էր աղջկան և անմատչելի էր դարձն ում նրան. ինքը սերը խլում էր նրանից այն, ինչ նա այնքան ջերմորեն ցանկանում էր։
Եվ ահա մի գեղեցիկ օր նրանց բաժանող վիհի վրա մի պահ կամուրջ ձգվեց և այդ պահից հետո այդ վիհն արդեն այնքան լայն չէր թվում։ Նրանք նստած բալ էին ուտում, խոշոր սև բալ, որի հյութը հիշեցնում էր բարկ գինի։ Եվ հետո, երբ աղջիկը նրա համար սկսեց կարդալ «Իշխանուհին», Մարտինը նրա շրթունքների վրա նկատեց բալի հյութը։ Մի պահ Ռութի աստվածայնությունը տատանվեց։ Ուրեմն նա մարմնեղեն արարած էր, նրա մարմինը ենթակա էր նույն օրենքներին, ինչ իր մարմինը, ինչ որ ամեն մի մարդու մարմինը։ Նրա շրթունքները նույնպես մարմնեղեն էին, ինչպես իր շրթունքները, և բալը նրանց վրա նույնպիսի հետքեր է թողել։ Եվ եթե նրա շրթունքները մարմնեղեն են, այդպիսին պետք է լինի մնացած և ամեն ինչը։ Նա կին է, ինչպես ուրիշ ամեն կին։ Այս միտքը կարծես շանթահարեց նրան։ Դա իսկական մի հայտնություն էր Մարտինի համար։ Նա կարծես տեսավ երկնքից ընկնող արևը կամ ներկա եղավ աստվածության սրբապղծմանը։
երբ Մարտինը բոլորովին պարզեց իր համար այդ հայտնագործման իմաստը, զգաց, թե ինչպես իր սիրտը տրոփում և մղում է ձեոք բերել այս կնոջ սերը, որը ամենևին էլ երկնքից իջած ոգի չէ, այլ սովորական մի կին՝ բալի հյութից աղարտված շրթունքներով։ Նա սարսռաց այդ ժպիրհ մտքերից։ Բայց նրա բանականությունն ու սիրտը հրճվում էին և համոզում, որ ինքն իրավացի է։ Պիտի ենթադրել, որ Ռութը նկատեց Մարտինի տրամադրության այդ անակնկալ փոփոխությունը, որովհետև հանկարծ դադարեցրեց ընթերցումը, նայեց նրան և ժպտաց։ Մարտինի հայացքը սահելով անցավ նրա դեմքով՝ ծավի աչքերից դեպի շրթունքները, ուր երևում էին բալի հյութի հետքերը մի փոքր բիծ, որը նրան խելահան էր անում։ Նրա ձեռքերը երկարեցին դեպի աղջիկը, ինչպես հաճախ երկարում էին դեպի այլ կանայք անցյալում, նրա անառակ կյանքի շրջանում։ Աղջիկը կարծես հակվեց դեպի նա ու սպասում էր, և Մարտինին հարկ եղավ լարել իր ամբողջ կամքի ուժը, որպեսզի զսպի իրեն։
— Դուք ոչ մի բառ չլսեցիք,— ասաց Ռութը վիրավորված տոնով։ Եվ իսկույն ժպտաց՝ հրճվելով երիտասարդի շփոթմունքից։ Մարտինը նայեց նրա հստակ աչքերի մեջ և հասկացավ, որ նա չի կռահել, թե ինչ է տեղի ունենում իր մեջ, և ամաչեց։ Նա համարձակվեց չափազանց հեռու գնալ իր մտքերով։ Նա չգիտեր ոչ մի կնոջ, որը չկռահեր, ոչ մեկին, բացի Ռութից, իսկ սա չկռահեց։ Ահա հենց այստեղ է տարբերությունը։ Ռութը բոլորովին այլ է։ Մարտինը զարհուրեց՝ մտածելով իր կոպտության և աղջկա անմեղության մասին, և նրանց միջև դարձյալ բացվեց անդունդը։
Կամուրջը քանդված էր։
Բայց և այնպես այս դեպքը մոտեցրեց նրան Ռութին։ Այս դեպքի հիշողությունը չէր անհետանում և մխիթարում էր Մարտինին հիասթափությունների և տարակուսանքի րոպեներին։ Վիհն արդեն այնքան լայն չէր, ինչպես առաջ։ Նա շատ ավելի ճամփա է անցել, քան այն ճամփան, որն իրավունք է տալիս բակալավրի կոչումին։ Ճիշտ է, որ աղջիկը անարատ է, այնքան մաքուր, որ ինքը մինչև այդ չէր էլ իմանում, թե գոյություն ունի այդպիսի մաքրություն․ բայց բալերը նրա շրթունքներին բծեր են թողնում։ Նա ենթակա է ֆիզիկական օրենքներին, ինչպես աշխարհում ամեն բան․ նա պետք է ուտի, որ ապրի, կարող է մրսել և հիվանդանալ։ Սակայն դա չէ կարևորը։ Կարևորն այն է, որ աղջիկը կարող է զգալ քաղց ու ծարավ, տառապել տոթից ու ցրտից, հետևաբար կարող է զգալ և սեր, սեր դեպի տղամարդը։ Իսկ Մարտինը տղամարդ է։ Այդ դեպքում ինչո՞ւ ինքը չլինի այդ տղամարդը։ «Ես կնվածեմ երջանկությունը,—շշնջում էր նա տենդագին։— Ես կդառնամ այդ տղամարդը․ կկարողանամ դառնալ։ Ես կնվաճեմ երջանկությունը»։