: ― Ծածկեք դուռը, ― ասաց Հոլմսը։ ― Ահա թե ինչ, միստր Հիլքրիստ, մենք հինգ հոգով ենք, ուրիշ ոչ ոք չկա, և ոչ մեկն էլ երբեք չի լսի այն, ինչ հիմա կխոսվի այստեղ։ Մեկս մյուսիս հանդեպ ծայրաստիճան անկեղծ կլինենք։ Բացատրեք, միստր Հիլքրիստ, թե ինչպես դուք, ազնիվ մարդ լինելով հանդերձ, կարողացաք կատարել երեկվա արարքը։
: Դժբախտ պատանին ընկրկեց և նախատինքով նայեց Բենիսթերին։
: ― Օ՛Օ՜, ոչ, միստր Հիլքրիստ, ես ոչ մեկին ոչինչ չեմ ասել, ոչ մի բառ, ― բացականչեց սպասավորը։
: ― Այո, դա ճիշտ է, ― նկատեց Հոլմսը։ ― Բայց ձեր վերջին հայացքը հավասարազոր է մեղքի խոստովանությանը և այժմ, սըր, ― ավելացրեց Հոլմսը, նայելով Հիլքրիսթին, ― ձեզ մնում է միայն մի բան, անկեղծորեն պատմել մեզ ամեն ինչ։
: Հիլքրիսթի դեմքն աղավաղվեց ջղաձգությունից, փորձեց տիրապետել իրեն, բայց հաջորդ պահին սեղանի մոտ ծնկի իջավ և ձեռքերով ծածկելով դեմքը՝ պոռթկաց անզուսպ հեկեկոցներով։