Էոմերի աչքերը զարմանքից չռվեցին:
-Պանդուխտ... սխալ են քեզ անվանել օ Արաթորնի որդի, պետք է թռչող ոտքեր անվանեին, ձեր այս արշավի մասին դեռ շատ երգեր կերգվեն: Քառասունհինգ լիգ ոտքով, ու ընդամենը չորս օրում: Ամուր են Էլենդիլի հետնորդների մկանները: Բայց ասա ինձ տե՛ր ի՞նչ անեմ ես հիմա, մենք շտապում ենք, պետք է վերադարնանք, Թեոդոնը մեզ է սպասում: Իմ հեծիալների ներկայությամբ ես զգույշ էի խոսում, բայց սև տիրակալի հետ մենք իրոք պատերազմի մեջ չենք, չնայած արքունիքում կան մարդիկ, որոնք թագավորի ականջին վախկոտ խորհուրդներ են շշնջում: Բայց պատերազմի հոտն արդեն գալիս է, մենք դաշինքի մեջ ենք Գոնդորի հետ ու չենք դրժի մեր խոստումը առաջին կանչով հասնել օգնության: Այդպես եմ մտածում ես, ու նրանք՝ ովքեր կգան իմ ետևից: Երրորդ հրամանատարը պատասխանատու է արևելյան սահմանների հանգստության համար, ու ես հրամայել եմ բոլոր հովիվներին արածեցնել իրենց երամակներին Էնվեյի մյուս ափին ու այս ափում չերևալ: Այստեղ մնացել են միայն պահակազորն ու հետախույզները իրենց արագավազ ձիերով:
-Ուրեմն դուք Սաուրոնին տուրք չե՞ք վճարում,- դուրս թռավ Ջիմլիի բերանից:
-Ո՛չ, ու երբեք ել չենք վճարի,- Էոմերի աչքերը փայլեցին,- ինձ էլ են հասել այդ կեղծ լուրերը, բայց չգիտեի որ այդքան հեռու էն գնացել, մի քանի տարի առաջ սև տիրակալը ուզում էր մեզնից նժույգներ գնել ու լավ գին էր առաջարկում նրանց համար, բայց մենք հրաժարվեցինք, որովհետև նա չար նպատակով է օգտագործում նժույգներին: Դրանից հետո նա Ռոհան ուղարկեց օրք ձիագողերի, որոնք շատ սևամազ նժույգներ գողացան, ու հիմա այդ ցեղից համարյա չի մնացել: Ահա թե ինչու ենք մենք օրքերի նկատմամբ այդպիսի թշնամանք տածում առանց ներում բեկումի: Բայց վերջին ժամանակներս ամենաշատ դժբախտությունները գալիս են Սարումանից, նա իրեն այս հողերի տիրակալն է հռչակել ու արդեն մի քանի ամիս է մեր միջև պատերազմ է: Սարումանն իր շուրջն է հավաքել օրքերին, գայլ դարձորյակներին ու լեռնային գլխակերներին և արդեն փակել է ռոհանյան լեռնանցքը: Աչքններս չթարթած կհայտնվենք շրջափակման մեջ, արևմուտքում թշնամիներ, արևելքում թշնամիներ... Դժվար է կռվել այդպիսի հակառակորդի դեմ, Սարումանը կախարդ է, խորամանկ ու հմուտ, բացի այդ նաև փոխակերպուկ է: Ասում են հայտնվում է գլխանոցով թիկնոցի մեջ փաթաթված ծերունու տեսքով, ու ջրի երկու կաթիլի պես նման է Գենդալֆին: Սարումանի լրտեսները թափանցում են բոլոր արգելքների միջով, իսկ նրա չարագույժ թռչունները գիշեր ու ցերեկ ճախրում են մեր երկնակամարում: Չգիտեմ ինչով այս ամենը կվերջանա, բայց սիրտս վատ բան է գուշակում: Ինձ թվում է Սարումանը թագավորական արքունիքում էլ աչքեր ու ականջներ ունի, ինքդ կհամոզվես եթե գաս մեզ հետ: Գնանք մեզ հետ Արագո՛րն, թե՞ իզուր հուսում իմ սիրտը, որ դու հայտնվել ես օգնելու ինձ կասկածի ու վտանգի ժամին:
-Ես կգամ Էդորաս հենց կարողանամ,- խոստացավ Արագորնը:
-Բայց ինչու՞ ոչ հիմա: Այս տագնապալի օրերին Էլենդիլի փորձառու հետնորդի հայտնվելը մեր ժողովրդին մեծ հույս ու տոկունություն կհաղորդեր: Արևմտյան դաշտերում հիմա ճակատամրտ է ընդանում ու վախենում մերոնք չդիմանան: Ես առանց Թեօդենի թույլտվության իմ ջոկատով հյուսիս եմ արշավել ու արքունիքը հիմա անպաշտպան է, բայց ես չէի կարող այլ կերպ վարվել, հետախույզները լուր բերեցին որ երեք օր առաջ օրքերի մի մեծ ջոկատ է իջել արեվմտյան պատով ու նրանց վահաններին Սարումանի զինանշանն է: