Եղանակը փչանում էր: Արևելքից մռայլ, մոխրագույն ամպեր եկան ու ծածկեցին արևը: Կամաց կամաց Ֆենգորնը մոտենում էր, ու նրա մթին թավուտները սևին էին տալիս լեռան լանջերին: Հետապնդողներն այդպես էլ այլ կողմ գնացող հետքեր չգտան, բայց սկսեցին հանդիպել նետահարված օրքերի դիակների: Մեկի թիկունքին, մյուսի կրծքին ցցված էին մոխրագույն փետուրերով նետերը:
Արդեն իրիկուն էր, երբ նրանք վերջապես հասան անտառամուտին ու առաջին ծառերի արանքում հայտնաբերեցին հսկայական խարույկից մնացած մոխրակույտը: Ածուխները դեռ ծխում էին, կողքը թափթփված էին սաղավարտներ, ծակծկված վահաններ, կոտրված սրեր, նիզակներ ու սպառազինության այլ պարագաներ: Հողի մեջ խրված նիզակի ծայրին ցցված էր օրքի հսկայական գլուխը ջարդված սաղավարտով, որի վրա դեռ զանազանվում էր սպիտակ զինանշանը: Մի քիչ այն կողմ, գետից ոչ հեռու սևին էր տալիս թարմ հողով ծածկված ու տորֆով կառուցված գերեզմանըգերեզմանաթումբը, վրան ցցված տասնհինգ նիզակներով: Քիչ ժամանակ չպահանջվեց մինչև Արագորնն ու ընկերները հետախուզեցին տարածքն ու նրա շրջապատը, բայց մութն արդեն ընկնում էր,իսկ անտառը պատվում մշուշով: Մերիի ու Փինի հետքերը այդպես էլ չգտնվեցին:
-Ամեն ինչ ապարդյուն է,- տխուր ասաց Ջիմլին,- շատ հանելուկներ ենք գուշակել ինչ ճանապարհ ենք ընկել, բայց այս մեկը երևի ամենադժվարն է: Վախենամ հոբիթների ածխացած ոսկորրները խառնվել են օրքերի ոսկորներին: Ֆրոդոն ծանր կտանի այս լուրը, եթե իհարկե այդ մասին նա երբևե իմանա: Բա Ազատքում սպասող ծեր հոբիտը... Էլրոնդը դեմ էր նրանց մեզ հետ գալուն:
-Գենդալֆը որոշեց մասնակցել ոչ թե այն պատճառով որ բարեհաջող ավարտ էր կանխագուշակել,- ասաց Արագորնը,- այլ որովհետև հրաժարվել չէր կարող, չնայած գիտեր որ այս ամենը կարող է տխուր ավարտ ունենալ:
Նրանք ճամբար խփեցին մարտի դաշտից ոչ հեռու բուսնած լայն տարածված ճյուղերով մի ծառի տակ, որը շագանակենի էր հիշեցնում: Ճյուղերին դեռ պահպանվում էին անցյալ տարվանից մնացած չորացած ձեռքի մատների նման լայն ու դարչնագույն տերևները, որոնք տխուր սոսափում էին գիշերային քամու յուրաքանչյուր հպումից:
Ջիմլիի ատամները ցրտից կրճկտում էին: Նրանցից ամեն մեկը մի բարակ ծածկոցով էր ծածկված:
-Եկեք խարույկ վառենք,- առաջարկեց թզուկը,- ես արդեն ոչնչից չեմ վախենում, եթե նույնիսկ օրքերը թռչեն դեպի կրակը ինչպես թիթեռները դեպի լույսը ինձ համար միևնույնն է:
-Եթե հոբիթները թափառում են անտառում, խարույկի լույսը նրանց այստեղ կբերեր,- ավելացրեց Լեգոլասը:
-Չես իմանա խարույկի լույսն էլ ում այստեղ կբերի բացի օրքերից ու հոբիթներից,- ասաց Արագորնը,- մենք երկու լիգ ենք հեռու դավաճան Սարումանի տիրույթները տանող լեռնանցքից:Եվ բացի այդ մենք Ֆենգորնի անտառեզրին ենք գտնվում, ասում են այստեղի ծառերին դիպչելը վտանգավոր է:
-Բայց նայիր ռոհանցիները ինչ մեծ խարույկ են վառել երեկ ու հաստատ մի ծառ չեն տապալել,- առարկեց Ջիմլին,- գիշերն էլ այստեղ են անցկացրել ու նրանց հետ ոչինչ չի պատահել:
-Ռոհանցիները քանակով ավելի շատ էին քան մենք, հիշեցրեց Արագորնը,- ու հետո Ֆենգորնի զայրույթը նրանց չի վախեցնում: Նրանք հազվադեպ են այս կողմերում երևում, անտառի խորքն էլ երբեք չեն մտնում: Իսկ մեզ ճանապարհը կարող է դեպի անտառի խորքը տանել, զգույշ եղե՛ք, ծառերին ձեռք չտա՛ք:
-Դրա կարիքը չկա էլ,- ասաց Ջիմլին,- ռոհանցիները բավականաչափ փայտ են թողել, և բացի այդ տարածքը լիքն է գետնին թափթփված չոր ճյուղերով:
Նա գնաց փայտ հավաքելու և քիչ անց արդեն խարույկ վառելու պատրաստություն էր տեսնում: Արագորնը նստեց շագանակենու տակ մեջքը հենեց ծառի բնին ու խորասուզվեց մտքերի մեջ: Լեգոլասը միայնակ կանգնած, մարմնով թեքված դեպի առաջ նայում էր անտառի անթափանց պատին, ասես ինչ որ հեռավոր ձայներ էր լսում:
Վերջապես թզուկը փոքրիկ, բայց պայծառ խարույկ վառեց ու երեք ընկերները հավաքվեցին խարույկի շուրջը, իրենց մարմնով ծածկելով խարույկի լույսը ավելորդ աչքերից: Լեգելասը բարձրացրեց գլուխն ու նայեց դեպի խարույկը կռացած երկար ճյուղերին:
-Տեսե՛ք,- զարմացած բացականչեց նա,- կրակի ջերմությունը դուր է գալիս ծառին:
Հնարավոր է նրանց խաբում էին պարող ստվերները, բայց միաժամանակ երեքին էլ թվաց թե ճյուղերը ճկվել ու ձգվում են դեպի կրակը, իսկ դարչագույն տերևները դողում են ու թեթև խշշյունով հպվում միմյանց: Հանկարծակի լռություն տիրեց ու երեքն էլ իրենց վրա զգացին մթության մեջ տարածված անծանոթ անտառի խորհրդավոր հայացքը: Անտառը հանգիստ շնչում էր խավարում ու թվում էր թե նա միայն իրեն հայտնի ինչ որ գաղտնիք է թաքցնում: Վերջապես Լեգոլասը խախտեց լռությունը:
-Հիշում եմ Սելեբորնը զգուշացնում էր մեզ Ֆենգորնի մասին, ասում էր որ անտառի խորքը չգնանք,- ասաց նա,- ինչ ես կարծում ինչու՞ Արագո՛րն: Բորոմիրն էլ էր ինչ որ լեգենդների մասին պատմում, ինչի՞ մասին է խոսվում այնտեղ:
-Շատ լեգենդներ կան Գոնդորում ու ոչ միայն այնտեղ,- պատասխանեց Արագորնը,- եթե Սելեբորնի խոսքերը չլինեին ես կհամարեի դրանք դատարկ հնարանքներ, որոնց իրական իմաստը վաղուց արդեն կորցված է: Ինքս էի քեզ ուզում հարցնել ճշմարտություն կա՞ արդյոք դրանց մեջ, բայց եթե նույնիսկ անտառային էլֆը չգիտի, էլ ի՞նչ սպասես մարդուց:
-Դու շատ ես ճանապարհորդել,- առարկեց Լեգելասը,- ես որտեղի՞ց պետք է լսած լինեի Ֆենգորնի մասին, բացի մի քանի երգից, որտեղ երգվում է այն մասին, որ այստեղ առաջներում բնակվել են օնոդրիմները, Մարդկանց լեզվով էնտերը: Այս անտառը շա՜տ շատ հին է, նույնիսկ էլֆերի չափանիշներով:
-Այո հինավուրց անտառ է,- հաստատեց Արագորնը,- այնքան հինավուրց որքան գերազմանոցի մոտակայքում աճող Հավերժական անտառը: Էլրոնդն ասում էր որ այդ երկու անտառները ինչ որ տեղ ազգականներ են: Սրանք վերջին պատվարն են այն հնագույն անտառների, որոնք սփռված էին այս հողերում դեռ այն վաղ ժամանակներում, երբ առաջնածինները նոր էին սկսել դեգերել միջերկրում, իսկ մարդկային ցեղը դեռ չէր արթնացել հավերժական քնից... Բայց Ֆենգորնն ունի նաև իր սեփական գաղտնիքը, թե ինչ գաղտնիք է չեմ կարող ասել:
-Չեմ էլ ուզում իմանալ,- հայտարարեց Ջիմլին,- ով էլ այստեղ ապրելուց լինի ես կանեմ ամեն ինչ որպեսզի նրան չհանդիպեմ:
Բարեկամները վիճակ գցեցին թե ով է առաջինը ժամապահ կանգնելու, Ջիմլին առաջինն էր: Արագորնն ու Լեգոլասը պառկեցին հանգսռանալու: Արագորնը շրջվեց դեպի Ջիմլին ու քնատ ձայնով ասաց.
-Հիշիր Ջիմլի, ոչ մի դեպքում ոչ ճյուղ, ոչ էլ թուփ հանկարծ չկտրես: Ու աշխատիր անտառ չգնալ ցախ հավաքելու եթե նույնիսկ խարույկը հանգչի: Ծայրահեղ դեպքում ձայն տուր ինձ:
Այս խոսքերով էլ նա շրջվեց կողքի ու քիչ անց արդեն քնած էր մեռածի քնով: Լեգոլասը պառկել էր ձեռքերը կրծքին խաչած, բաց աչքերով, որոնց մեջ խառնվել էին երազն ու գիշերային կիսաիրականություը, այդպես են քնում էլֆերը: Ջիմլին նստել էր խարույկի մոտ ու մտամոլոր շոշափում էր տապարի շեղբը: Շուրջը լռությու էր տիրում, միայն տերևներն էին առաջվա պես սոսափում գլխավերևում: