=== Գլուխ առաջին. Բորոմիրի անկումը ===
Արագորնը վազում էր կածանով դեպի վեր՝ անընդհատ կռանալով և փնտրելով թեկուզ ինչ-որ փոքրիկ հետք: Սովորաբար, նույնիսկ հետքագետի համար, դժվար է գտնել հոբիթների հետքը, քանի որ նրանք քայլում են թեթև և անաղմուկ: Վերևում կածանը հատում էր մի փոքրիկ առվակ, որի մոտ ` խոնավ հողի վրա, Արագորնը գտավ այն , ինչ փնտրում էր:
― Պարզ է, ճիշտ ճանապարհի վրա եմ,― ասաց նա բարձրաձայն,― Ֆրոդոն ուղևորվել է դեպի գագաթը: Կուզենայի իմանալ, թե ի՞նչ է նա այնտեղ տեսել: Չնայած , ինչ էլ որ տեսած լինի, մեկ է , վերադարձել է նույն ճանապարհով:
Հետքագետը կանգ առավ և վարանեց: Չնայած գիտեր, որ Ֆրոդոն արդեն իջել է, բայց միևնույնն միևնույն է ուզում էր բարձրանալ Ամոն Հենի գագաթը: Միգուցե այնտեղ ` քարե նստարանի մոտ , նրա աչքերի առաջ կբացվի ինչ որ կարևոր բան , և կասկածները կցրվեն: Ժամանակը շատ կարճ էր, բայց նա որոշեց: Վազելով առաջ՝ նա մի քանի ցատկով հաղթահարեց քարե աստիճանները: Նստելով նստարանին ` նա սկսեց ուշադիր զննել, բայց արևը հասցրել էր մայր մտնել , և աշխարհը թվում էր մռայլ ու հեռու: Արագորնը ծայրից ծայր զննեց միջերկիրը, բայց ոչինչ չտեսավ բացի հորիզոնում երևացող բլուրներից, իսկ երկնքում ` այն նույն թռչունին, որը նման էր արծվի: Թռչունը դանդաղորեն, լայն շրջաններ գծելով, իջնում էր դեպի տափաստանը:Եվ այդ պահին հետքագետի սուր լսողությանը հասավ ինչ որ տարօրինակ աղմուկ: Այն լսվում էր ներքևից՝ գետի արևմտյան կողմում փռված անտառից: Արագորնը քարացավ: Ներքևում լսվում էին ինչ որ ճչոցներ , և ի սարսափ իրեն նա զանազանեց նաև օրքերի ձայներ:Եվ հանկարծ տարածվեց ցածր, բայց հզոր եղջերափողի ձայնը: Բախվելով սարերի լանջերին և արձագանքելով ձորերում ` այն նույնիսկ խլացրեց ջրվեժի աղմուկը:
― Բորոմիրի եղջերափո՛ղը, նա օգնությո՛ւն է կանչում,― բացականչեց Արագորնը՝ սլանալով աստճաններով ներքև,― վա՜յ ինձ,― կրկնում էր նա ընթացքում,― դաժան ճակատագիրը հետապնդում է ինձ: Այսօր ինչ էլ որ անեմ վերածվում է չարիքի... Իսկ Սեմը ո՞ւր կորավ:
Այդ ընթացքում ճչոցներն ու աղմուկը սկսեցին ուժեղանալ, իսկ փողի ձայնը ` թուլանալ, ասես փչողը հուսահատված լիներ օգնություն կանչելուց: Կատաղի ու սահմռկեցուցիչ օրքերի ոռնոցից հետո հանկարծ եղջերափողի ձայնը մարեց: Արագորնին շատ քիչ էր մնում վազել, բայց , մինչ նա կհասներ սարի ստորոտին , աղմուկն արդեն կտրվել էր: Թեքվելով ձախ ` այնտեղ, որտեղ լսվում էին ձայները, Արագորնը հասկացավ, որ աղմուկր հեռանում է: Շուտով ամեն ինչ լռեց: Ճանկելով արևի տակ շողշողացող սուրը ` Արագորնը ճչաց. «Էլենդի՛լ, Էլենդի՛լ», ու ցատկեց առաջ՝ ջարդելով թփուտները: Պարտ Գալենից մեկ ու կես վերստ հեռու՝ մի ոչ մեծ բացատում, նա գտավ Բորոմիրին: Բորոմիրը նստած էր հսկայական ծառի տակ, մեջքով հենված բնին, ասես հանգստանում էր: Բայց Արագորնի աչքերն անմիջապես նկատեցին նետերի սև ծայրերը, որոնք ցցված էին ռազմիկի կրծքին: Բորոմիրը դեռ ձեռքի մեջ սեղմում էր ջարդված սրի բռնակը, իսկ կողքին ընկած էր երկու մասի բաժանված եղջերափողը: Շուրջը թափթփված էին սպանված օրքերի մարմինները:
Արագորնը ծնկի իջավ Բորոմիրի կողքին: Նա բացեց աչքերը և փորձեց ինչ որ բան ասել: Վերջապես ծնոտները շարժվեցին: