Ես լոգարանում նստեցի մոտ մի ժամ, լոգանք ընդունեցի, մի քիչ ուշքի եկա։ Հետո անկողին մտա։ Երկար ժամանակ չէի կարողանում քնել, ― բոլորովին չէի հոգնել, ― բայց ի վերջո քնեցի։ Շատ էի ուզում վերջ տալ կյանքիս։ Պատուհանից դուրս նետվել։ Թերևս դուրս նետվեի, եթե համոզված լինեի, որ որևէ մեկը անմիջապես կմոտենա ու կծածկի ինձ։ Չէի ցանկանա, որ ինչ֊որ հետաքրքրասեր ապուշներ հավաքվեն նայելու, թե ես ինչպես եմ ընկած արնաշաղախ վիճակում։
==15==
Երկար քնեցի, կարծեմ ժամը տասն էր, երբ արթնացա։ Մի սիգարետ ծխեցի ու անմիջպես զգացի, որ շատ քաղցած եմ։ Բրոսսարի ու Էկլիի հետ Էգերթաունում կերած կոտլետից հետո բան չէի կերել։ Դա այնքա՜ն վաղուց էր, կարծես տասնհինգ տարի էր անցել։ Հեռախոսը կողքիս էր, ուզում էի զանգահարել ու պատվիրել, որ նախաճաշ մատուցեն համարում, բայց վախեցա, թե այդ վերելակավար Մորիսի հետ կուղարկեն, իսկ եթե կարծում եք, որ երազում էի նրան տեսնել, շատ եք սխալվում։ Պառկել ու սիգարետ էի ծխում։ Ուզում էի զանգահարել Ջեյնին, իմանալ տա՞նն է արդյոք, բայց տրամադրություն չունեի։
Այդ ժամանակ զանգահարեցի Սալլի Հեյսին։ Նա Մերի Է․ Ուդրոֆի պանսիոնում էր սովորում և գիտեի, որ արդեն տանը կլինի․ մի շաբաթ առաջ էի նրանից նամակ ստացել։ Ոչ թե նրա համար գժվում էի, այլ ուղղակի ծանոթներ էինք, ու ես հիմարաբար կարծում էի, թե նա խելացի է։ Այդպես էի կարծում, որովհետև նա շատ֊շատ բան գիտեր թատրոնի, պիեսների և ամեն տեսակ գրականության մասին։ Եթե մարդը հարուստ է նման գիտելիքներով, ապա միանգամից դժվար է գլուխ հանել՝ հիմար է նա, թե ոչ։ Ես այդ Սալլի Հեյսից տարիներ շարունակ գլուխ չէի հանում։ Երևի ավելի շուտ գլխի ընկնեի, որ հիմարի մեկն է, եթե այդքան չհաբուրվեի նրա հետ։ Վատն այն է, որ երբ համբուրվում եմ աղջկա հետ, միշտ կարծում եմ, թե նա խելոք է։ Մեկը մյուսի հետ ոչ մի կապ չունի, բայց ես, միևնույն է, այդպես եմ կարծում։
Մի խոսքով զանգեցի նրան։ Նախ՝ մոտեցավ տնտեսուհին, հետո՝ նրա հայրը։ Վերջապես կանչեցին նրան։
― Դո՞ւ ես, Սալլի, ― հարցնում եմ։
― Այո, ո՞վ է խոսում, ― հարցնում է նա․ շատ ձևացնողն է, հա՜։ Արդեն հորն ասել էի ով է խոսողը։
― Հոլդեն Քոլֆիլդն է։ Ինչպե՞ս ես։
― Ա՜խ, Հոլդեն։ Շնորհակալություն, լավ եմ։ Դո՞ւ ինչպես ես։
― Հրաշալի։ Լսիր, ինչպե՞ս ես, դպրոցի գործե՞րդ ինչպես են։
― Ոչինչ, ― ասում է, ― դե ինքդ էլ գիտես։
― Հրաշալի է։ Ահա թե ինչ էի ուզում հարցնել։ Դու ազա՞տ ես։ Ճիշտ է, այսօր կիրակի է, բայց հավանաբար առավոտյան ներկայացումներ կան։ Բարեգործական, թերևս, կուզե՞ս գնալ։
― Շատ եմ ուզում, շա՜տ։ Դա հիասքանչ կլինի։
«Հիասքանչ», զզվում եմ այդպիսի բառերից։ Ի՞նչ գարշելի բան է։ Քիչ էր մնում ասեի, թե մենք ոչ մի տեղ էլ չենք գնա։ Հետո մի քիչ բլբլացինք հեռախոսով, ավելի ճիշտ նա էր բլբլում, ես լուռ լսում էի։ Նա ոչ մեկին հերթ չի տա խոսելու։ Սկզբում պատմում էր հարվարդցի ինչ֊որ պիժոնի մասին, ― հավանաբար, առաջին կուրսեցու, բայց դա չէր ասում, իհարկե, ― իբր այդ տղան հալվում է իր համար։ Գիշեր֊ցերեկ զանգում է իրեն։ Այո, գիշեր֊ցերեկ, քիչ էր մնում հռհռայի։ Հետո մեկ այլ տիպի մասին, Վեստ֊Փոնթից մի կադետի մասին․ սա էլ է պատրաստ ինքնասպան լինել իր համար։ Սոսկալի՜ բան է։ Ես խնդրեցի նրան ժամը ուղիղ երկուսին ինձ սպասել «Բիլթմոր» հյուրանոցի ժամացաույցի տակ, որովհետև ցերեկային ներկայացումներն սկսվում էին երկուսն անց կեսին։ Իսկ նա միշտ ուշանում էր։ Ու հրաժեշտ տվի։ Զահլաս գնում էր նրանից, բայց նա զարմանալի գեղեցիկ էր։
Պայմանավորվեցի Սալլիի հետ, հետո վեր կացա, հագնվեցի, կարգի բերի ճամպրուկս։ Դուրս գալիս պատուհանից նայեցի տեսնեմ ինչ են անում այդ հոգեկան հիվանդները, բայց նրանք թանձր վարագույրներն իջեցրել էին։ Առավոտյան նրանք համեստից էլ համեստ են։ Հետո վերելակով իջա ու հաշիվս փակեցի դռնապանի հետ։ Բարեբախտաբար, Մորիսը ոչ մի տեղ չերևաց։ Ես առանձնապես չէի էլ ջանում տեսնել այդ սրիկային։
Հյուրանոցի մոտից տաքսի վերցրի, բայց չգիտեի ուր գնամ։ Պարզվում է գնալու տեղ չունեի։
Օրը կիրակի էր, իսկ ես մինչև չորեքշաբթի չէի կարող տուն գնալ, ծայրահեղ դեպքում մինչև երեքշաբթի։ Իսկ մեկ այլ հյուրանոց գնալ, որպեսզի այնտեղ էլ գլուխս ջարդեն՝ շնորհակալ եմ, չեմ ուզում։ Վարորդին պատվիրեցի ինձ տանել Կենտրոնական կայարան։ Դա «Բիլթմոր» հյուրանոցի մոտ էր, որտեղ պետք է հանդիպեի Սալլիին։ Ու որոշեցի այսպես անել։ Իրերս պահպանության հանձնել փոքրիկ պահարանում, որի բանալին տալիս են ձեռքդ, ապա նախաճաշել։ Շատ էի քաղցած։ Տաքսու մեջ հանեցի դրամապանկս ու հաշվեցի։ Չգիտեմ որքան կար, բայց այնքան էլ շատ չէր։ Երկու շաբաթվա ընթացքում ես բավական շատ էի ծախսել։ Բնույթով սոսկալի շռայլ եմ։ Ինչն էլ որ չեմ վատնում կորցնում եմ։ Երբեմն մոռանում եմ մանրը վերցնել որևէ ռեստորանում կամ գիշերային գինետանը։ Ծնողներս ուղղակի կատաղում են։ Ես նրանց հասկանում եմ։ Թեև հայրս բավական հարուստ է, չգիտեմ ամսական որքան է վաստակում, ― ինձ հետ այդ մասին չի խոսում, ― բայց երևի բավական շատ։ Նա կորպորացիայի իրավախորհրդատու է։ Իսկ դրանց փողը բահով են հավաքում։ Գիտեմ, որ հարուստ է, որովհետև միշտ դրամ է ներդնում Բրոդվեյում ինչ֊որ ներկայացումների համար։ Այդ ներկայացումները միշտ էլ տապալվում են, ու մայրիկս կատաղությունից իրեն կորցնում է, երբ հայրս դրանց հետ կապի մեջ է մտնում։ Ընդհանրապես մայրիկս Ալլիի մահից հետո շատ է ընկել։ Դրա համար էլ շատ էի վախենում ասել նրան, որ ինձ դարձյալ վտարել են։
Ճամպրուկներս հանձնեցի պահպանության ու մտա կայարանի բուֆետը նախաճաշելու։ Լավ կերա․ նարնջահյութ, ապուխտով ձվածեղ, տոստ, սուրճ։ Սովորաբար միայն առավոտներն եմ հյութ խմում։ Շատ քիչ եմ ուտում, անչափ քիչ։ Դրանից էլ այսպես նիհար եմ։ Ինձ խորհուրդ են տվել խմորեղեն շատ ուտել ու նման բաներ, որպեսզի քաշս տեղը բերեմ, բայց մտքովս էլ չէր անցնում։ Երբ որևէ տեղ եմ գնում, սովորաբար շվեցարական պանրով բուտերբրոդ եմ վերցնում ու մի բաժակ կաթնային սուֆլե։ Դատարկ բաներ են դրանք, բայց փոխարենը սուֆլեի մեջ վիտամիններ շատ կան։ Հ․ Վ․ Քոլֆիլդ։ Հոլդեն Վիտամին Քոլֆիլդ։
Ես ձվածեղ էի ուտում, երբ ներս մտան երկու միանձնուհիներ՝ ճամպրուկներն ու պայուսակները ձեռքներին, երևի ուրիշ մենաստան էին տեղափոխվում և սպասում էին գնացքին։ Ճամպրուկները վատն էին, էժանագին, ոչ թե կաշվից, այլ այնպես, չգիտես թե ինչից։ Գիտեմ, դա կարևոր չէ, բայց ես տանել չեմ կարողանում էժանագին ճամպրուկները։ Ամոթ է ասելը, բայց ես տհաճությամբ եմ նայում այն մարդուն, որի ճամպրուկները էժանագին են։ Դա ինձ մի դեպք է հիշեցնում։ Երբ սովորում էի Էլքտոն֊հիլլում, ապրում էի Դիկ Սլեգլի հետ մի սենյակում։ Նրա ճամպրուկները անպետք բաներ էին։ Նա դրանք պահում էր իր մահճակալի տակ և ոչ թե դարակի վրա, որպեսզի ոչ ոք չտեսներ դրանք իմ ճամպրուկների կողքին։ Դրանից ես վատ էի զգում, պատրաստ էի ճամպրուկներս դեն նետել կամ ընդմիշտ փոխել նրա ճամպրուկների հետ։ Իմոնք գնված էին Մարկ Կրոսսի մոտից, իսկական կաշվից էին, բոլոր պարագաներով հանդերձ, և աստված գիտե, թե որքան արժեին։ Բայց ահա թե ինչ տարօրինակ բան եղավ։ Մի անգամ ես վերցրի իմ ճամպրուկներն ու խցկեցի մահճակալիս տակ, որպեսզի ծերուկ Սլեգլը ազատվի այդ ոչլիարժեքության կոմպլեքսից։ Գիտե՞ք նա ինչ արեց։ Նոր էի ճամպրուկները մտցրել մահճակալի տակ, նա հանեց ու նորից դրեց դարակի վրա։ Միայն հետո հասկացա, թե ինչու այդպես արեց․ նա ուզում էր, որ բոլորը կարծեն, թե դրանք իր ճամպրուկներն են։ Այո՛, այո՛, ճիշտ այդպես։ Տարօրինակ տիպ էր։ Միշտ ձեռ էր առնում իմ ճամպրուկները։ Ասում էր, թե չափից դուրս շատ են նոր, և խիստ քաղքենիական են։ Դա նրա սիրած բառն էր։ Ինչ֊որ տեղ լսել էր ու յուրացրել։ Ինչ որ ունեի, բոլորը «քաղքենիական» էր համարում։ Նույնիսկ ինքնահոսս քաղքենիական էր։ Նա միշտ վերցնում էր ինձնից ու, միևնույն է, էլի քաղքենիական էր համարում։ Մենք ընդամենը երկու ամիս ապրեցինք միասին։ Իսկ հետո երկուսս էլ խնդրեցինք, որ մեզ տեղափոխեն։ Եվ ծիծաղելին այն է, որ երբ բաժանվեցինք, շատ էի կարոտում նրան, որովհետև նա իսկապես հումորի զգացում ուներ, ու մենք հաճախ էինք լավ զվարճանում։ Իմ կարծիքով, նա էլ ինձ էր կարոտում։ Սկզբում նա միայն ձեռ էր առնում ինձ, իրերս համարում քաղքենիական, իսկ ես ուշադրություն չէի դարձնում դրա վրա, նույնիսկ ծիծաղում էի։ Բայց հետո տեսա, որ նա չի կատակում։ Բանն այն է, որ դժվար է մի սենյակում ապրել մարդու հետ, եթե քո ճամպրուկները անհամեմատ լավն են, քան նրանը, եթե քո ճամպրուկները իսկապես հրաշալի են, իսկ նրանը՝ ոչ։ Դուք կասեք, եթե մարդը խելացի է և հումորի զգացում ունի, ապա նրա համար՝ թքած։ Դրա համար էլ տեղափոխվեցի այդ բութ անասունի՝ Ստրեյդլեյթերի մոտ։ Համենայն դեպս, նրա ճամպրուկները իմից վատը չէին։
Մի խոսքով այդ միանձնուհիները նստեցին ինձ մոտ, ու մենք զրույցի բռնվեցինք։ Կողքիս նստածը ծղոտե զամբյուղ ուներ․ այդպիսի միանձնուհիները և Փրկության բանակի կույսերը սովորաբար փող են հավաքում Ծննդյան տոների կապակցությամբ։ Միշտ կանգնած են լինում փողոցի անկյուններում, հատկապես՝ Հինգերորդ ավենյուի անկյունում, մեծ խանութների մոտ։ Կողքիս նստածը հանկարծ գցեց զամբյուղը, իսկ ես կռացա ու վերցրի։ Հարցրի, թե բարեգոծական նպատակներով հավաքո՞ւմ է։ Նա պատասխանեց՝ ոչ։ Պարզապես զամբյուղը չի տեղավորվել ճամպրուկում, ստիպված ձեռքում է պահում։ Նա այնպես սիրալիր էր ժպտում, նայում էր ու ժպտում։ Քիթը երկար էր և մետաղե շրջանակով ոչ այնքան գեղեցիկ ակնոց էր կրում, բայց դեմքը անսահման բարի էր։
― Ուզում էի ասել, եթե դրամ եք հավաքում, ես էլ կարող էի մի փոքրիկ գումար զոհաբերել, ― ասում եմ։ ― Դուք վերցրեք, երբ հավաքելիս կլինեք, սա էլ կավելացնեք վրան։
― Օ՜, որքան սիրալիր եք դուք, ― ասաց նա, իսկ մյուսը՝ նրա ուղեկցուհին, նույնպես նայեց ինձ։ Մյուսը սուրճ էր խմում ու գիրք էր կարդում, Աստվածաշնչի նման, բայց շատ բարակ մի գրքույկ։ Նախաճաշի համար նրանք միայն տոստով սուրճ էին վերցրել։ Ես հուզվեցի։ Ատում եմ ամեն տեսակ ապխտով ձվածեղն ու մյուս բաները, երբ կողքիդ նստածը միայն տոստով սուրճ է խմում։
Նրանք ինձնից տասը դոլար ընդունեցին։ Անվերջ հարցնում էին, թե ես կարո՞ղ եմ նման բան թույլ տալ։ Ասացի, որ բավականաչափ փող ունեմ, բայց նրանք ինչ֊որ չէին հավատում։ Այնուամենայնիվ, փողը վերցրին։ Ու այնպես էին երկուսն էլ շնորհակալություն հայտնում, որ ես վատ զգացի։ Խոսակցության նյութը փոխեցի ու հարցրի, թե ուր են գնում։ Ասացին, որ ուսուցչուհիներ են, եկել են Չիկագոյից, մտադիր են դասավանդել ինչ֊որ գիշերօթիկում, չգիտեմ Հայրուրվաթսունութերորդի, թե Հարյուրութսունվեցերորդի վրա, մի խոսքով, ինչ֊որ գրողի ծոցում։ Կողքիս նստած ակնոցավորը, պարզվեց, անգլերեն էր դասավանդում, իսկ ընկերուհին՝ պատմություն ու ամերիկյան սահմանադրություն։ Ես ուղղակի այրվում էի հետաքրքրասիրությունից, թե այդ ինչպես է, որ անգլերենի ուսուցչուհին միանձնուհի է և, այնուամենայնիվ, որոշ գրքեր է կարդում անգլիական գրականությունից։ Ոչ թե անվայել գրքեր, ես դրանց մասին չեմ ասում, այլ գրքեր, որտեղ սեր կա, սիրահարներ, ընդհանրապես նման բաներ։ Վերցնենք, օրինակ, Թոմաս Հարդիի «Վերադարձ հայրենիք» գրքի Յուստասիա Վեյին։ Այդտեղ առանձնապես կրքեր չկան, բայց, այնուամենայնիվ, հետաքրքիր է՝ ի՞նչ է մտածում միանձնուհին Յուստասիայի մասին կարդալիս։ Ես, իհարկե, ոչինչ չհարցրի, բայց ասացի որ ամենից լավ անգլիական գրականությունն եմ սովորել։
― Ի՜նչ եք ասում, որքան հաճելի է, ― ուրախացավ անգլերենի ուսուցչուհին, ա՛յն որ ակնոցով էր։ ― Ի՞նչ եք կարդացել այս տարի։ Շատ հետաքրքիր է իմանալ։
Բարեհամբո՜ւյր, բարի՜։
― Դե, ինչ ասեմ, թերևս ավելի շատ անգլոսաքսերին, գիտե՞ք, Բեովուլֆին, Գրենդելին և «Ռենդալ, որդիս», դե, բոլորը, ինչ պետք էր կարդալ։ Բայց մեզ տնային ընթերցանություն էլ էին հանձնարարում ու դրա համար առանձին գնահատակն էին դնում։ Թոմաս Հարդիի «Վերադարձ հայրենիքը», «Ռոմեոն և Ջուլիետը», «Հուլիոս կես․․․»
― Ա՜խ, «Ռոմեոն և Ջուլիե՜տը», սքանչելի է, երևի, ձեզ շատ դուր եկավ։ ― Նա բոլորովին էլ միանձնուհու նման չէր խոսում։
― Այո, շա՜տ֊շատ դուր եկավ։ Որոշ բաներ իսկի դուր չեկան, բայց ընդհանրապես շատ հուզիչ է։
― Ձեզ ի՞նչը դուր չեկավ։ Չե՞ք կարող հիշել, թե հատկապես ինչը։
Անկեղծ ասած, մի տեսակ անհարմար էի զգում նրա հետ քննարկել «Ռոմեոն ու Ջուլիետը»։ Չէ՞ որ այդ պիեսում շատ տեղեր կան սիրո և այլ բաների մասին, իսկ նա, համենայն դեպս, միանձնուհի էր, բայց դե ինքը հարցրեց, և ես ստիպված եղա պատմել։
― Գիտե՞ք, ես հիացած չեմ հենց Ռոմեոյով ու Ջուլիետով, ― ասում եմ, ― այսինքն՝ նրանք ինձ դուր են գալիս, բայց, այնուամենայնիվ․․․ ինքս էլ չգիտեմ։ Երբեմն ուղղակի վրդովվում ես։ Ուզում եմ ասել, որ ավելի շատ խղճացի, երբ սպանեցին Մերկուցիոյին, քան երբ մեռան Ռոմեոն ու Ջուլիետը։ Հասկանո՞ւմ եք։ Ռոմեոն այլևս ինձ դուր չէր գալիս, երբ այդ խեղճ Մերկուցիոյին սուսերով ծակեց Ջուլիետի այդ զարմիկը, մոռացել եմ անունը․․․
― Տիբալդը։
― Ճիշտ է, Տիբալդը։ Միշտ մոռանում եմ դրա անունը։ Իսկ մեղավորը Ռոմեոն էր։ Ինձ բոլորից շատ այդ Մերկուցիոն է դուր գալիս։ Ինքս էլ չգիտեմ ինչու։ Իհարկե, այդ բոլոր Մոնտեքիներն ու Կապուլետիները նույնպես ոչինչ, հատկապես Ջուլիետը, բայց Մերկուցիոն․․․ Չէ, դժվարանում եմ բացատրել։ Նա այնքան խելացի էր, ուրախ։ Հասկանո՞ւմ եք, կատաղում եմ, որ այդպիսի մարդկանց սպանում են, այդպիսի ուրախ, խելացի մարդկանց, այն էլ ուրիշի մեղքով։ Ռոմեոյի և Ջուլիետի բանն ուրիշ է, նրանք իրենք են մեղավոր։
― Դուք ո՞ր դպրոցում եք սովորում, բարեկամս, ― հարցնում է նա․ երևի ձանձրացավ Ռոմեոյի և Ջուլիետի մասին լսելուց։
Ասում եմ՝ Փենսիում։ Պարզվում է, նա լսել է այդ դպրոցի մասին։ Ասաց, որ հիանալի դպրոց է։ Ես լռեցի։ Այդ ժամանակ, նրա ընկերուհին, որ պատմություն ու սահմանադրություն էր դասավանդում, հիշեցրեց, որ իրենց գնալու ժամանակն է։ Ես վերցրի նրանց չեկը, բայց նրանք թույլ չտվին վճարել իրենց կերածի համար։ Ակնոցավորը չեկը խլեց ձեռքիցս։
― Առանց այդ էլ դուք չափից դուրս ձեռնառատ գտնվեցիք, ― ասաց։ ― Դուք զարմանալի սիրալիր տղա եք։ ― Նա ինքը շատ լավն էր։ Մի փոքր հիշեցնում էր Էռնեստ Մորոուի մորը, որի հետ ճամբորդել էի գնացքով։ Հատկապես ժպտալիս։ ― Այնքան հաճելի էր ձեզ հետ զրուցել, ― ավելացրեց նա։
Ասացի, որ ինձ համար էլ հաճելի էր, ու չէի ձևացնում։ Բայց շատ ավելի հաճելի կլիներ զրուցել, եթե չվախենայի, թե հանկարծ կարող են ինձ հարցնել, թե կաթոլի՞կ եմ արդյոք։ Կաթոլիկները միշտ ջանք են թափում պարզել՝ կաթոլի՞կ ես դու, թե չէ։ Ինձ հետ հաճախ է պատահում, գլխավորապես այն պատճառով, որ ազգանունս իռլանդական է, իսկ իռլանդացիները մեծ մասամբ ծագումով կաթոլիկ են։ Ի դեպ հայրս էլ առաջ կաթոլիկ է եղել։ Իսկ հետո, երբ ամուսնացել է մորս հետ, թողել է դա։ Բայց կաթոլիկները ընդհանրապես միշտ ջանում են պարզել՝ կաթելի՞կ ես դու, թե չէ, նույնիսկ եթե ազգանունդ չգիտեն։ Ես մի կաթոլիկ ծանոթ ունեի՝ Լուի Գորմանը, նրա հետ Հուտտոնի դպրոցում էի սովորում։ Առաջինը նրա հետ այնտեղ ծանոթացա։ Մենք կողք֊կողքի նստած՝ բժշկի մոտ մտնելու համար հերթի էինք սպասում, պարապմունքների առաջին օրն էր, սպասում էինք բժշկական քննության ենթարկվելու և զրուցում էինք թենիսի մասին։ Նա շատ էր տարված թենիսով, ես՝ նույնպես։ Ասում էր, որ ամեն ամռան լինում է Ֆորեստ֊հիլլի մրցումներին, ասացի, որ ես էլ եմ լինում, իսկ հետո սկսեցինք քննարկել, թե ով է լավագույն խաղացողը։ Իր տարիքի համար նա շատ լավ էր գլուխ հանում թենիսից։ Լրջորեն հետաքրքրվում էր։ Իսկ հետո առանց որևէ կապի հարցրեց․ «Դու չգիտե՞ս, որտեղ է կաթոլիկական եկեղեցին»։ Նրա տոնից անմիջապես հասկացա, որ ուզում է իմանալ՝ ես կաթոլի՞կ եմ թե ոչ։ Ուզում է իմանալ։ Եվ ոչ թե նախապատվություն էր տալիս կաթոլիկներին, ո՛չ, պարզապես ուզում էր իմանալ։ Նա հաճույքով էր խոսում թենիսի մասին, բայց անմիջապես երևում էր, որ այդ զրույցը նրան ավելի մեծ հաճույք կպատճառեր, եթե իմանար, որ ես կաթոլիկ եմ։ Այդպիսի բաներն ուղղակի կատաղեցնում են ինձ։ Չեմ ուզում ասել, որ դրա պատճառով մեր ամբողջ զրույցը գրողի ծոցը գնաց, չէ, զրույցը շարունակվում էր, բայց մի տեսակ ոչ այնպես։ Ահա թե ինչու ուրախացա, որ միանձնուհիները ինձ չհարցրին՝ կաթոլիկ եմ, թե ոչ։ Գուցեև դա չխանգարեր մեր զրույցին, բայց, այնուամենայնիվ, ամեն ինչ այլ կերպ կընթանար։ Ես բոլորովին չեմ մեղադրում կաթոլիկներին։ Գուցե, եթե ես էլ կաթոլիկ լինեի, ես էլ հարցնեի։ Ընդհանրապես, սա ինչ֊որ չափով նման է ճամպրուկների այն պատմությանը, որ պատմեցի։ Ես միայն ուզում եմ ասել, որ իսկական ջերմ զրույցին նման բաները միայն խանգարում են։ Ուրիշ ոչինչ։
Իսկ երբ միանձնուհիները ոտքի ելան և ուզում էին գնալ, ես հանկարծ մի հիամար անշնորհք արարք թույլ տվի։ Սիգարետ էի ծխում, ու երբ ոտքի ելա, որպեսզի նրանց հրաժեշտ տամ, անզգուշորեն ծուխը փչեցի հենց նրանց աչքերի մեջ։ Միանգամայն անզգուշաբար։ Գժի պես սկսեցի ներողություն խնդրել, իսկ նրանք շատ սիրալիրությամբ ընդունեցին իմ ներողությունները, բայց միևնույն է, սոսկալի անհարմար ստացվեց։
Երբ նրանք գնացին, ես ափսոսացի, որ ընդամենը տաս դոլլար տվեցի բարեգործության համար։ Բայց այլ կերպ հնարավոր չէր․ պայմանավորվել էի Սալլի Հեյսի հետ ցերեկային ներկայացում գնալ, դրա համար էլ չպետք է ծախսեի բոլոր փողերս։ Բայց միևնույն է, վրդովվեցի։ Գրողը տանի այդ փողերին։ Միշտ դրանց պատճառով տրամադրությունս ընկնում է։