Changes

Տարեկանի արտում՝ անդունդի եզրին

Ավելացվել է 22 437 բայտ, 16:18, 9 Մարտի 2015
/* 19 */
Այո, Լյուսը տիպ է։ Իհարկե, նա մզմըզ է, բայց վիթխարի բառապաշար ունի։ Մեր դպրոցի բոլոր աշակերտներից ամենամեծ բառապաշարը նա ուներ։ Մեզ համար հատուկ ստուգումներ էին կազմակերպում։
 
 
==20==
 
 
Նստել, խմում էի և սպասում, թե վերջապես երբ են դուրս գալու Թինան ու Ժանինը, իրենց օյիններով, բայց, պարզվեց, նրանք այլևս չկան։ Դուրս եկավ կանացի կերպարանքով, գանգրացրած մազերով մի տիպ ու սկսեց դաշնամուր նվագել, իսկ հետո մի նոր գեղեցկուհի՝ Վալենսիան, երգեց։ Սրա մեջ ոչ մի լավ բան չկար, բայց, համենայն դեպս, Թինայից ու Ժանինից լավն էր, գոնե լավ երգեր էր երգում։ Դաշնամուրը դրված էր անմիջապես վաճառասեղանի մոտ, որտեղ նստած էի ես, և այդ Վալենսիան գրեթե իմ կողքին էր կանգնած։ Ես թեթևակի աչքով արեցի նրան, բայց նա ձևացրեց, թե չի նկատում ինձ։ Երևի աչքով չանեի, բայց սոսկալի հարբած էի։ Նա ավարտեց երգն ու այնպես արագ չքվեց, որ չհասցրի հրավիրել ինձ հետ մի որևէ բան խմելու։ Ես կանչեցի ավագ մատուցողին և պատվիրեցի հարցնել պառավ Վալենսիային, թե չի՞ ցանկանա արդյոք ինձ հետ մի բան խմել։ Նա ասաց, որ անպայման կհայտնի, բայց հավանաբար, նույնիսկ չհաղորդեց իմ խնդրանքը։ Երբեք ոչ ոք չի հաղորդում ասածդ, երբ մի բան ես խնդրում։
 
Ես նստեցի այդ անիծյալ բարում գրեթե մինչև գիշերվա մեկը ու խմեցի ինչպես մի շան որդի։ Թունդ հարբեցի։ Բայց մի բան լավ էի հիշում՝ չի կարելի աղմկել, չի կարելի խանգարել։ Չէի ուզում, որ ինձ վրա ուշադրություն դարձնեին, մեկ էլ տեսար հարցրին նաև, թե քանի տարեկան եմ։ Բայց ինչպե՜ս էի հարբել, ուղղակի սոսկալի էր։ Իսկ երբ վերջնականապես հալից ընկա, էլի սկսեցի երևակայել այն սոսկալի պատմությունը, իբր իմ աղիքներում գնդակ կա։ Մենակ նստած եմ բարում, գնդակը փորիս մեջ։ Ձեռքս ամբողջ ժամանակ պահում էի բաճկոնիս տակ, որպեսզի արյունը չկաթեր հատակին։ Չէի ուզում ցույց տալ, որ վիրավոր եմ։ Թաքցնում էի, որ ինձ՝ հիմարիս, վիրավորել են։ Եվ էլի սոսկալի ցանկություն ունեցա զանգահարել Ջեյնին, իմանալ՝ վերադարձե՞լ է նա, տա՞նն է, թե չէ։ Հաշիվը փակեցի և գնացի ավտոմատի խցիկը։ Գնում եմ, ձեռքս վերքիս սեղմած, որպեսզի արյունը չկաթի։ Այ թե ինչ օրի էի։
 
Բայց երբ հայտնվեցի հեռախոսախցիկում, փոշմանեցի և, Ջեյնին զանգահարելու փոխարեն, երևի չափից դուրս հարբած էի, զանգահարեցի Սալլիին։
 
Հավանաբար, մի քսան համար փորձեցի, մինչև որ ճիշտը հավաքեցի։ Թո՛ւհ, ի՜նչ աստիճան եմ խմած։
 
― Ալլո, ― գոչեցի ես, երբ ինչ֊որ մեկը մոտեցավ այդ երիցս անիծյալ հեռախոսին։ Նույնիսկ ոչ թե գոչեցի, այլ բղավեցի, այնքան որ խմած էի։
 
― Ո՞վ է խոսում, ― հարցնում է կանացի մի սառցե ձայն։
 
― Ես եմ, Հոլդեն Քոլֆիլդը։ Կանչեցեք խնդրեմ, Սալլիին․․․
 
― Սալլին արդեն քնած է։ Տատիկն է խոսում։ Ինչո՞ւ եք այսպես ուշ ժամի զանգահարում, Հոլդեն։ Գիտե՞ք ժամը քանիսն է։
 
― Գիտեմ։ Ես պետք է խոսեմ Սալլիի հետ։ Շատ կարևոր է։ Այստեղ տվեք նրան։
 
― Սալլին քնած է, երիտասարդ, զանգահարեցեք վաղը։ Բարի գիշեր։
 
― Արթնացրեք նրան։ Է՜յ, արթնացրեք նրան։ Լսո՞ւմ եք։ Ու հանկարծ մեկ ուրիշ ձայն խոսեց․
 
― Հոլդեն, ես եմ։
 
― Այդ ի՞նչ օյիններ ես հանում։
 
― Սալլի, դո՞ւ ես։
 
― Այո, այո, մի՛ գոռա, խնդրեմ։ Հարբա՞ծ ես։
 
― Ըհը՛։ Լսիր։ Լսիր, է՛յ, ես ճրագալույցին կգամ, լա՞վ։ Քեզ հետ կզարդարեմ այդ գրողի տարած տոնածառը, լա՞վ։ Լսո՞ւմ ես։ Լա՞վ։ Հա՞։
 
― Հա՛, հա՛, իսկ հիմա գնա քնիր։ Որտե՞ղ ես, ո՞վ կա հետդ։
 
― Ոչ ոք։ Ես եմ, մեն֊մենակ, ես ինքս։ ― Օ՜հ, ինչպես էի հարբել։ Կանգնել եմ ու փորս բռնել։ ― Ինձ գնդակահարել են։ Ռոկկի ավազակախումբը ինձ սպանել է։ Լսո՞ւմ ես, Սալլի, Սալլի, դու ինձ լսո՞ւմ ես։
 
― Ես ոչինչ չեմ հասկանում։ Գնա քնիր։ Ես էլ պետք է քնեմ։ Վաղը զանգահարիր։
 
― Լսիր, Սալլի, ուզո՞ւմ ես գամ տոնածառը զարդարելու։ Ուզո՞ւմ ես, հը՞։
 
― Այո, այո, բարի գիշեր։
 
Եվ լսափողը կախեց։
 
― Բարի գիշեր։ Բարի գիշեր, Սալլի, սիրելլիս։ Արևս, իմ սիրելի աղջիկ, ― ասում եմ։ Պատկերացնո՞ւմ եք, որքան եմ խմած։
 
Հետո ես էլ կախեցի լսափողը։ Ու մտածեցի, որ նա, հավանաբար, հենց նոր է վերադարձել հյուրընկալությունից։ Հանկարծ պատկերացրի, որ նա ինչ֊որ տեղ ուրախանում է այդ Լանտերի ու մեկ էլ էնդովերցի այն թիթիզի հետ։ Իբր նրանք բոլորը լողում են մի վիթխարի թեյնիկի մեջ ու զրուցում այնպիսի խիստ նրբաճաշակ բառերով, կոկետություններ անում ցուցադրաբար, կոտրատվում։ Ես արդեն անիծում էի ինձ, որ զանգահարել եմ նրան։ Բայց երբ հարբում եմ, ասես աննորմալ լինեմ։
 
Երկար կանգնեցի այդ երիցս անիծյալ խցիկում։ Կախվեցի լսափողից, որպեսզի գիտակցությունս չկորցնեմ։ Ճիշտն ասած, սոսկալի վատ էի զգում։ Վերջապես, մի կերպ դուրս եկա խցիկից, գնացի զուգարան, ապուշի նման օրորվելով, այնտեղ սառը ջուր լցրի լվացարանը ու գլուխս մինչև ականջներս մտցրի ջրի մեջ։ Իսկ հետո, նույնիսկ չսրբեցի։ Թող կաթի ինչքան ուզում է։ Հետո մոտեցա պատուհանի մոտի ջեռուցիչին ու նստեցի վրան։ Այնպե՜ս տաք էր, հաճելի։ Հաճելի էր, որովհետև դողացնում էի շան լակոտի նման։ Ծիծաղելի է, հենց որ խմում եմ, սկսում եմ դողացնել։
 
Անելիք չունեի, նստել էի ջեռուցիչի վրա ու հատակի ճերմակ սալիկներն էի հաշվում։ Սոսկալի թրջվել էի։ Ջուրը գլխիցս վզիս վրայով հոսում էր ծոցս։ Փողկապս ամբողջովին թրջվել էր, օձիքս, բայց ես թքած ունեի։ Այդ ժամանակ ներս մտավ այն տղան, որ նվագակցում էր Վալենսիային, կանացի կերպարանքով այն գանգրահեր ֆրանտը, ու սկսեց սանրել իր ոսկեգույն խոպոպիկները։ Ու մինչ կսանրվեր, ես նրա հետ զրույցի բռնվեցի, թեև նա ինձ հետ այնքան էլ հարգալից չէր խոսում։
 
― Լսեք, դուք կտեսնե՞ք այդ Վալենսիային, երբ մտնեք դահլիճ, ― հարցնում եմ։
 
― Դա զուրկ չէ հավանականությունից, ― պատասխանում է։ Սրամտում է տխմարը։ Սրամիտ տխմարներն իմ գլխին եկովի են։
 
― Լսեցեք, իմ կողմից ողջույն հաղորդեք նրան։ Հարցրեք, այդ ստոր ավագ մատուցողը նրան հայտնե՞լ է իմ ողջույնը, թե չէ։
 
― Ինչո՞ւ տուն չեք գնում, Մաք։
 
― Չեմ գնալու։ Օ՛հ, շատ լավ եք նվագում դուք, գրողը տանի։
 
Ես դիտմամբ էի շողոքորթում նրան։ Ճիշտն ասած նա զզվելի էր նվագում։
 
― Դուք կարող եք ռադիոյով ելույթ ունենալ, ― ասում եմ։ ― Չէ՞ որ գեղեցիկ եք։ Ոսկեգույն գանգուրներ և այլն։ Ձեզ իմպրեսարիո է հարկավոր երևի, այո՞։
 
― Գնա տուն, Մաք, խելոք եղիր և գնա տուն, քնիր։
 
― Ես տուն չունեմ։ Առանց կատակի՝ ձեզ իմպրեսարիո հարկավո՞ր է։
 
Նա նույնիսկ չպատասխանեց։ Դուրս եկավ, և վերջ։ Սանրեց գանգուրները, սղալեց ու գնաց։ Ճիշտ և ճիշտ Ստրեյդլեյթերն է որ կա։ Այդ սիրունատես տականքները բոլորն իրար նման են։ Սանրվում են, սղալվում և քեզ միայնակ թողնում։
 
Երբ վերջապես վեր կացա ջեռուցիչի վրայից ու գնացի հանդերձարան, սկսեցի զռալ։ Առանց մի պատճառի, քայլում էի ու լաց լինում։ Գուցե այն պատճառով, որ շատ էի միայնակ ու տխուր։ Իսկ երբ մոտեցա հանդերձապահին շատ լավ կին դուրս եկավ։ Վերարկուս տվեց առանց համարի։ Եվ «Պստլիկ Շերլի Բինգի» ձայնապնակը։ Ես այն ուղղակի հետս ման էի ածում։ Ուզեցի մեկ դոլլար տալ հանդերձապահուն, որ այդքան լավն է, բայց նա չվերցրեց։ Համոզում էր, որ գնամ տուն ու քնեմ։ Ես փորձեցի ժամադրվել նրա հետ, բայց նա չցանկացավ։ Ասաց, որ ինձ մայր կսազի։ Իսկ ես իմ ճերմակ մազերը ցույց եմ տալիս ու ասում, որ արդեն քառասունռորս տարեկան եմ, կատակով, իհարկե։ Նա շատ լավիկն էր։ Նրան դուր եկավ նույնիսկ իմ հիմար որսորդական գլխարկը։ Պատվիրեց դնել գլխիս, որովհետև մազերս ամբողջովին թաց էին։ Հիանալի կին էր։
 
Թարմ օդում հարբածությունս անցավ։ Սոսկալի ցուրտ էր և ատամներս իրար էին զարկվում։ Այնպես էի դողում, ոչ մի կերպ չէի կարողանում ինձ զսպել։ Գնացի Մեդիսոն֊ավենյու և սպասեցի ավտոբուսի։ Գրեթե փող չէր մնացել գրպանումս, չէի կարող տաքսի նստել։ Բայց բոլորովին չէի ուզում նաև ավտոբուս նստել։ Բացի այդ, ինքս էլ չգիտեի ուր գնամ։ Վերցրի ու գնացի զբոսայգի։ Մտքովս անցավ, անցնել լճակի մոտով ու տեսնել որտե՞ղ են այն գրողի տարած բադերը, այնտե՞ղ են, թե չէ։ Ես այդպես էլ չիմացա՝ անտե՞ղ են, թե ոչ։ Զբոսայգին հեռու չէր։ Իսկ ես, միևնույն է, գնալու տեղ չունեի։ Չգիտեի նույնիսկ որտեղ պետք է գիշերեմ, դրա համար էլ գնացի այնտեղ։ Հոգնածություն չէի զգում, առհասարակ ոչինչ չէի զգում, բացի սոսկալի տրտմությունից։
 
Եվ հանկարծ, հենց որ ոտք դրեցի զբոսայգի, սարսափելի բան կատարվեց։ Ձեռ քիցս գցեցի քրոջս ձայնապնակը։ Հազար կտոր եղավ։ Հենց ծրարի մեջ էլ փշրվեց։ Քիչ էր մնում հեկեկայի, այնպես էի ափսոսում, բայց միայն կտորները հանեցի ծրարի միջից ու լցրի գրպանս։ Դրանք այլևս ոչնչի պետք չէին, սակայն չէի կարողանում դեն նետել։ Ես քայլեցի զբոսայգու երկարությամբ։ Սոսկալի խավար էր։
 
Ամբողջ կյանքս Նյու֊Յորքում է անցել, և Կենտրոնական զբոսայգին գիտեմ հինգ մատիս պես, մանկուց ի վեր այնտեղ և՛ հեծանիվ եմ քշել, և՛ անվաչմուշկներ, և այնուամենայնիվ, ոչ մի կերպ չէի կարողանում գտնել այն լճակը։ Հրաշալի գիտեի, որ Հարավային ելքի կողմում է, բայց չէի կարողանում գտնել։ Հավանաբար, ավելի շատ էի հարբած, քան թվում էր։ Քայլում էի ու քայլում, առանց կանգ առնելու։ Գնալով ավելի ու ավելի շատ էր մթնում և ավելի ու ավելի սարսափելի դառնում։ Ոչ մի մարդ չհանդիպեց, և, փառք աստծո, թե չէ վախից վեր կթռչեի, երևի, եթե հանդիպեր։ Վերջապես լճակը գտա։ Կիսով չափ սառել էր, կիսով չափ՝ ոչ։ Բայց բադերը չկային։ Ես պտտվեցի լճի շուրջը, քիչ մնաց նույնիսկ մեջը ընկնեի, բայց ոչ մի բադ չտեսա։ Մտածեցի, գուցե ափին են քնած, թփերի մեջ, եթե առհասարակ այստեղ են։ Ահա հենց այդ ժամանակ էլ քիչ մնաց ջուրն ընկնեի, բայց բադեր չգտա։
 
Վերջապես նստեցի մի նստարանի, որտեղ այնքան էլ մութ չէր։ Սիրտս սոսկալի խառնում էր, իսկ մազերս, ծոծրակիս կողմում, սառցալուլաներ էին դարձել, թեև որսորդական գլխարկս գլխիս էր։ Վախեցա։ Հանկարծ թոքերի բորբոքում ստանամ ու մեռնեմ։ Պատկերացրի, թե ինչպես միլիոնավոր երկերեսանիներ կգան իմ թաղմանը։ Պապիկս էլ կգա Դետրոյթից, ― նա միշտ բարձրաձայն տալիս է փողոցների անունները, երբ նրա հետ գնում ես ավտոբուսով, ― մորաքույրերս էլ կգան, ― ես հենց միայն հիսուն մորաքույր ունեմ, ― կգան նաև իմ տականք քեռորոդիներն ու հորեղբոր որդիները։ Հսկայական ամբոխ կհավաքվի, խոսք չկա։ Դրանք բոլորը եկել էին, երբ Ալլին մահացել էր, դրանց ամբողջ ոհմակը։ Դ․ Բ֊ն ինձ պատմում էր, որ մի հիմար֊մորաքույր (նրա բերանից միշտ հոտ էր գալիս) անվերջ հիանում էր, թե որքան անվրդով է պառկած Ալլին։ Ես ներկա չեմ եղել, պառկած էի հիվանդանոցում։ Ստիպված էի բուժվել, խորն էի կտրել ձեռքս։
 
Ու հիմա հանկարծ սկսեցի մտածել, թե ինչպես եմ հիվանդանում թոքերի բորբոքումով (մազերս բոլորովին սառել էին) և ինչպես եմ մեռնում։ Ծնողներիս խղճացի։ Հատկապես մայրիկիս, նա դեռ խելքի չէր եկել Ալլիի մահից հետո։ Պատկերացրի, թե ինչպես է կանգնել ու չի իմանում ինչ անի իմ կոստյումներն ու սպորտային իրերը։ Մի բան է ինձ մխիթարում։ Քույրիկիս չեն թողնի մասնակցի իմ հիմար թաղմանը, որովհետև նա դեռ փոքր է։ Միակ սփոփանքս դա է։ Բայց մեկ էլ պատկերացրի, թե ամբողջ այդ անհեթեթ խումբը ինչպես է թաղում ինձ գերեզմանոցում, քար է գցում շիրիմիս, ազգանունս վրան գրված և նման բաներ։ Իսկ շուրջս՝ միայն մեռյալներ են։ Հա՛, բավական է մեռնես, անմիջապես կթաղեն։ Միակ հույսս այն է, որ երբ մեռնեմ, մի խելոք մարդ գտնվի ու մարմինս նետի գետը։ Ուր ուզում են գցեն, միայն թե ոչ այդ երիցս անիծյալ գերեզմանոցը։ Դեռ կիրակի օրերին էլ պիտի գան, ծաղիկներ դնեն փորիդ։ Դա էլ գարշելի սովորություն է։ Մեռածի ինչի՞ն են պետք ծաղիկները, ո՞ւմ են պետք։
 
Լավ եղանակին ծնողներս հաճախ են գնում գերեզմանոց, ծաղիկներ են դնում Ալլիի շիրիմին։ Ես երկու անգամ գնացի նրանց հետ, հետո դադարեցի գնալ։ Նախ այնքան էլ մի հաճելի բան չէ տեսնել նրան այդ գարշելի գերեզմանատանը։ Պառկած է, շուրջը միմիայն մեռելներ են ու շիրմաքարեր։ Երբ արև է, դեռ ոչինչ, բայց երկու անգամ, այո, երկու անգամ, երբ մենք այնտեղ էինք, անձրև սկսվեց։ Դա անտանելի էր։ Անձրևը թափվում էր ուղղակի այդ գրողի տարած տապանաքարի վրա, ուղղակի նրա փորին բուսած խոտի վրա։ Ասես դույլերով էր թափվում։ Եվ գերեզմանոցի այցելուները հանակարծ գժի պես նետվեցին դեպի իրենց մեքենաները։ Այ թե ինչից տրաքվեցի։ Նրանք կարող են նստել մեքենա, միացնել ռադիոն ու գնալ մի որևէ լավ ռեստորանում ճաշելու, բոլո՛րը, բոլո՛րը կարող են, բացի Ալլիից։ Անտանելի խոզություն է։ Գիտեմ, որ այնտեղ գերեզմանատանը միայն նրա մարմինն է, իսկ հոգին երկնքում է և նման հիմարություններ, բայց միևնույն է, ինձ համար անտանելի էր։ Այնպես կցանկանայի, որ նա այնտեղ չլիներ։ Այ, դուք նրան չեք ճանաչում, իսկ եթե ճանաչեիք, կհասկանայիք ինձ։ Երբ արև է, դեռ ոչինչ, բայց արևն էլ դուրս է գալիս, երբ քեֆը տալիս է, այնպես որ աչինչ չես կարող անել։
 
Ու մեկ էլ, որպեսզի չմտածեմ թոքերի բարբոքման մասին, հանեցի փողերս ու սկսեցի հաշվել, թեև փողոցի լապտերի տակ գրեթե ոչինչ չէր երևում։ Ընդամենը երեք դոլար էր մնացել, քսան ցենտանոց հինգ թղթադրամ, և երկու՝ տասը ցենտանոց, մի ամբողջ կարողություն էի մսխել Փենսիից դուրս գալուց հետո։ Այդ ժամանակ մոտեցա լճակին ու սկսեցի դրամներն այնտեղ նետել՝ որտեղ որ դեռ չէր սառել։ Չգիտեմ ինչու էի այդպես անում, հավանաբար, որպեսզի ցրեմ թոքերի բորբոքման ու մահվան մասին մտքերս։ Բայց չկարողացա ցրել։
 
Էլի սկսեցի մտածել, թե ինչ կլինի Ֆիբիին, եթե ես հիվանդանամ թոքերի բորբոքումով ու մեռնեմ։ Իհարկե, երեխայություն է այդ մասին մտածելը, բայց այլևս չէի կարողանում կանգ առնել։ Երևի շատ կտխրի, որ ես մեռնեմ։ Բա լավ է վերաբերվում ինձ։ Ճիշտն ասած, իսկականից սիրում է ինձ։ Ոչ մի կերպ գլխիցս չէի կարողանում հանել այդ հիմար մտքերը, և, վերջապես, որոշեցի ահա թե ինչ անել, գնալ տուն և տեսնել նրան, գուցեև իսկապես հիվանդանում եմ ու մեռնում։ Մեր բնակարանի բանալին ունեի և որոշեցի․ կամացուկ կմտնեմ ներս ու գոնե մի երկու խոսք կփոխանակեմ Ֆիբիի հետ։ Մի բան էր ինձ անհանգստացնում՝ մեր շքամուտքի դուռը սոսկալի ճռռում է։ Բավականին հին է մեր տունը․ տնտեսվարն էլ անտանելի ալարկոտ է, բոլոր բնակարանների դռները ճռռում են ու ճռնչում։ Ես վախենում էի՝ ծնողներս հանկարծ լսեն, որ եկել եմ։ Այնուամենայնիվ, որոշեցի փորձել։
 
Անմիջապես դուրս վազեցի զբոսայգուց ու գնացի տուն։ Ամբողջ ճանապարհը ոտքով անցա։ Մենք շատ հեռու էինք ապրում, ու ես բոլորովին չէի հոգնել, հարբածությունս էլ անցել էր, և շուրջս ոչ ոք չկար։
Ադմին, Վստահելի
1876
edits