—Այդ դեպքում համառոտ պատմիր գոնե այն, ինչ կարող ես,— Լեգոլասին միացավ Ջիմլին: —Դե պատմիր, Գենդալֆ, ինչպե՞ս կարողացար Բալրոգից ազատվել:
—Դրա անունը մի՛ տուր,— կտրեց մթագնեց հրաշագործը: —Նրա դեմքի վրայով տառապանքի ստվեր անցավ և նա երկար լռեց: —Ես երկար ընկա,—վերջապես դանդաղ և դժկամորեն խոսեց նա: —Չափազանց երկար: Նա ընկնում էր ինձ հետ միասին, և նրա կրակը այրում էր ինձ: Ի վերջո նա կմոխրացներ ինձ, բայց մենք հասանք հատակին և մեզ կուլ տվեցին սև ջրերը: Խավարը շրջապատեց մեզ, իսկ ջուրը մահու չափ սառն էր և իմ սիրտը քիչ էր մնում հավիտյան սառչեր: —Խորն է անդունդը Դուրինի կամրջի տակ, և ոչ ոք դեռ չի չափել նրա խորությունը,— կիսաձայն ասաց Ջիմլին: —Այնուամենայնիվ այդ անդունը հատակ ունի՝ լույսի և երևակայության սահմաններից դուրս,— ասաց հրաշագործը: —Եվ ես հայտնվեցի այնտեղ՝ աշխարհի քարե հիմքում: Նա դեռ ինձ հետ էր, և զրկվելով կրակից՝ պատվել էր սառը լորձով և նմանվել լպրծուն ու զորեղ վիշապ օձի: Եվ այնտեղ՝ շնչավոր աշխարհից մեծ խորության տակ, որտեղ ժամանակ գոյություն չունի, մենք շարունակում էինք կռվել: Նա սեղմում էր ինձ իր օղակների մեջ, իսկ ես հարվածներ էի հասցնում նրան, մինչև որ վերջապես նա փախավ և փորձեց թաքնվել մթին թունելներում: