― Այո, ներեցեք,— կրկնեց նա նույն խոսքը, որով և եզրափակել էր իր ողջ պատմությունը։
== «Կրեյցերցան սոնատի» վերջաբանը ==
Ես ստացել և ստանում եմ բազմաթիվ նամակներ ինձ անծանոթ անձնավորություններից, որոնք ինձ խնդրում են պարզ ու հասկանալի խոսքերով բացատրել այն, թե որն է իմ հայեցակետը «Կրեյցերյան սոնատ» վերտառությամբ իմ գրած պատմվածքի նյութի վերաբերյալ։ Կփորձեմ անել այդ, այսինքն՝ կարճառոտ խոսքով հնարավորության սահմաններում արտահայտել էությունն այն բանի, որ ցանկացել եմ ասել պատմվածքում, և այն եզրահանգումները, որք ըստ իս, կարելի է հետևցնել դրանից։
Ցանկացել եմ ասել, ''առաջին'', որ մեր հասարակության մեջ հաստատվել է աներկբա, բոլոր դասերի համար ընդհանուր և կեղծ գիտության կողմից պաշտպանվող այն համոզումը, թե սեռական հարաբերությունն առողջության համար անհրաժեշտ գործ է, և քանի որ ամուսնությունը ոչ միշտ է հնարավոր, ապա արտաամուսնական սեռական հարաբերությունը, որ տղամարդուն դրամական փոխհատուցումից բացի ոչինչ չի պարտավորեցնում, միանգամայն բնական բան է, ուստի և պետք է խրախուսվի։ Այս համոզումն այն աստիճան է դարձել ընդհանուր և կայուն, որ ծնողները, բժիշկների խորհրդով, իրենք են կազմակերպում իրենց զավակների այլասերումը․ կառավարությունները, որոնց միակ իմաստն իրենց քաղաքացիների բարոյական ապահովության հոգացողությունն է, կարգավորում են այլասերությունը, այսինքն ընթացքի մեջ են դնում կանանց մի ամբողջ դասի, որոնք պարտավոր են կործանվել մարմնապես ու հոգեպես՝ տղամարդկանց թվացյալ պահանջմունքները բավարարելու համար, իսկ ամուրի մարդիկ կատարելապես հանգիստ խղճով անձնատուր են լինում անառակության։
Եվ ահա ես կամեցել եմ ասել, թե վատ բան է դա, որովհետև անկարելի է որոշ մարդկանց առողջության համար կործանել մյուս մարդկանց մարմինն ու հոգին, ինչպես անկարելի է, որ մարդկանցից ոմանք իրենց առողջության համար խմեն մյուս մարդկանց արյունը։
Իսկ եզրակացությունը, որ, իմ կարծիքով, բնականորեն կարելի է հետևցնել սրանից, այն է, որ հարկ չկա ենթարկվելու այդ մոլորությանն ու խաբեությանը։ Իսկ չենթարկվելու համար հարկավոր է նախ չհավատալ անբարոյական ուսմունքներին, ինչպիսի կեղծ գիտությունների կողմից էլ դրանք պաշտպանվեն, և ապա՝ հասկանալ, որ նման սեռական հարաբերության մեջ մտնելը, երբ մարդիկ կամ ազատում են իրենց դրա հնարավոր հետևանքներիցս երեխաներից, կամ այդ հետևանքների ողջ ծանրությունը բարդում են կնոջ վրա, կամ կանխարգելում են երեխա ծնելու հնարավորությունը,— որ նման սեռական հարաբերությունը հանցագործություն է բարոյական ամենահասարակ պահանջի հանդեպ, ստորություն, և որ այդ պատճառով ստոր կյանք վարել չցանկացող մարդիկ պետք է չանեն այդ բանը։
Իսկ այն բանի համար, որ նրանք կարողանան ժուժկալել, բնական ապրելակերպ վարելուց՝ չխմելուց, որկրամոլությամբ չտարվելուց, միս չուտելուց և աշխատանքից (ոչ թե մարմնամարզությունից, այլ ջանադիր, ոչ խաղուպար աշխատանքից) չխուսափելուց բացի, պետք է մտքներով անգամ չանցկացնեն ուրիշների կանանց հետ հարաբերություն ունենալու հնարավորությունը, ինչպես յուրաքանչյուր մարդ այդ բանը հնարավոր չի համարում իր և մոր, քույրերի, ազգականուհիների, իր ընկերների կանանց հետ։
Իսկ այն բանի ապացույցը, թե ժուժկալությունը հնարավոր է և պակաս վտանգավոր ու վնասակար առողջության համար, քան անժուժկալությունը, ամեն տղամարդ իր շուրջը կգտնի հարյուրավորներով։
Սա՝ առաջինը։
''Երկրորդն'' այն է, որ մեր հասարակության մեջ այն կարծիքի հետևանքով, թե սիրային հարաբերությունը ոչ միայն առողջության ու հաճույքի անհրաժեշտ պայման է, այլև կյանքի բանաստեղծական, վսեմ բարիք, ամուսնական անհավատարմությունը հասարակության բոլոր շերտերում (առանձնապես՝ գեղջկական, ամուսիններին զինվոր տանելու պատճառով) ամենասովորական երևույթն է դարձել։
Եվ ես կարծում եմ, որ դա վատ է։ Իսկ սրանից բխող եզրակացությունն այն է, որ պետք չէ այդ բանն անել։
Իսկ այդ բանը չանելու համար հարկավոր է, որ փոխվի հայացքը մարմնական սիրո վերաբերյալ, որ տղամարդիկ ու կանայք ընտանիքներում և հասարակական կարծիքի թելադրանքով դաստիարակվեն այնպես, որ մինչև ամուսնությունն ու դրանից հետո սիրահարվելուն և սրա հետ կապված մարմնական սիրուն չնայեն իբրև բանաստեղծական ու վեհ վիճակի, ինչպես այժմ են նայում, այլ նայեն որպես մարդու համար նվաստացուցիչ անասնական վիճակի, և որ ամուսնության ժամանակ տրվող հավատարմության երդման խախտումը հասարակական կարծիքի կողմից դատապարտվի գոնե այնպես, ինչպես դատապարտվում են դրամական պարտավորությունների խախտումն ու առևտրական խաբեությունները, և ոչ թե փառաբանվի, ինչպես արվում է այժմ վեպերում, բանաստեղծություններում, երգերում, օպերաներում և այլն։
Սա՝ երկրորդը։
''Երրորդն'' այն է, որ մեր հասարակության մեջ, դարձյալ մարմնական սիրուն տրվող նույն կեղծ նշանակության հետևանքով, մանկածնությունը կորցրել է իր իմաստը և ամուսնական հարաբերությունների նպատակ ու արդարացում լինելու փոխարեն խոչընդոտ է դարձել սիրային հարաբերությունները հաճելի կերպով շարունակելու ճանապարհին, և որ այդ պատճառով թե ամուսնությունից դուրս և թե ամուսնության մեջ, բժշկական գիտության սպասավորների խորհրդով, սկսել է տարածվել կնոջը մանկածնության հնարավորությունից զրկող միջոցների գործածումը, կամ սկսել է բարք ու սովորություն դառնալ մի բան, որ չկար առաջներում և այժմ էլ չկա նահապետական գեղջուկ ընտանիքներում՝ ամուսնական հարաբերությունների շարունակումը հղիության ու կուրծք տալու շրջանում։
Եվ ես կարծում եմ, որ դա վատ է։ Մանկածնության առաջն առնող միջոցների գործադրումը վատ է նախ այն պատճառով, որ մարդկանց ազատում է երեխաների մասին հոգսերից ու նեղություններից՝ մարմնական սիրո փոխհատուցումից, և ապա՝ այն պատճառով, որ դա մի տեսակ խիստ մոտ է մարդու խղճին ամենաներհակ արարքին՝ սպանությանը։ Եվ վատ է անժուժկալությունը հղիության ու կուրծք տալու ժամանակ, որովհետև սպառում է կնոջ մարմնական և, որ գլխավորն է, հոգեկան ուժերը։
Իսկ սրանից բխող եզրակացությունն այն է, որ պետք չէ այդ բանն անել։ Իսկ այդ բանը չանելու համար պետք է հասկանալ, որ ամուրի վիճակում մարդկային արժանապատվության պայման հանդիսացող ժուժկալությունը առավել պարտադիր է ամուսնացած ժամանակ։
Սա՝ երրորդը։
''Չորրորդն'' այն է, որ մեր հասարակության մեջ, ուր երեխաները դառնում են կամ խանգարիչ հանգամանք վայելքների համար, կամ դժբախտ պատահականություն, կամ յուրատեսակ հաճույք, երբ ծնվում են նախապես որոշված քանակով, այդ երեխաները դաստիարակվում են ոչ ըստ մարդկային կյանքի այն խնդիրների, որ առաջադրվելու է նրանց իբրև բանական ու սիրող էակն երի, այլ սոսկ այն բավականություններին համապատասխան, որ նրանք կարող են պատճառել իրենց ծնողներին։ Եվ որ դրա հետևանքով մարդկանց զավակները դաստիարակվում են անասունների ձագերի նման, այնպես որ ծնողների գլխավոր հոգսը նրանց մարդկային արժանավոր գործունեության նախապատրաստելը չէ, այլ այն (ուր ծնողներին սատարում է բժշկություն կոչվող կեղծ գիտությունը), որ հնարավորին չափ լավ սնեն երեխաներին, մեծացնեն նրանց քաշն ու հասակը, դարձնեն մարմնով մաքուր, սպիտակ, կլորիկ, սիրունիկ (եթե ստորին դասերում չեն անում այդ բանը, ապա միայն՝ ստիպված, իսկ մոտեցումը նույնն է)։ Եվ փափկասուն երեխաների մեջ, ինչպես չափից դուրս բտած ամեն տեսակ կենդանիների մեջ, անբնականորեն վաղ է ի հայտ գալիս անհաղթահարելի ցանկասիրությունը, որ այդ երեխաների ահավոր տանջանքների պատճառն է դառնում պատանեկան հասակում։ Շքեղ զգեստները, ընթերցանությունը, հանդիսանքները, երաժշտությունը, պարերը, համադամ սնունդը, կյանքի բոլոր պայմանների տուփերի վրայի նկարներից մինչև սիրավեպերը, վիպակներն ու պոեմները, ավելի են բորբոքում այդ ցանկասիրությունը, և դրա հետևանքով սեռական ամենասարսափելի արատներն ու հիվանդությունները երկու սեռի երեխաների հասունացման սովորական պայմաններն են դառնում և հաճախ մնում են նաև հասուն տարիքում։
Եվ ես կարծում եմ, որ վատ է դա։ Իսկ այն եզրակացությունը, որ կարելի է հետևցնել դրանից, այն է, որ հարկավոր է վերջ տալ մարդկանց զավակներին կենդանիների ձագերի պես դաստիարակելուն և մարդկանց զավակների դաստիարակության հիմքում դնել այլ նպատակներ մարմինը խնամելուց, սիրունացնելուց զատ։
Սա՝ չորրորդը։
''Հինգերորդն'' այն է, որ մեր հասարակության մեջ, ուր երիտասարդ տղամարդու և կնոջ միջև սիրահարական կապը, որի հիմքում դարձյալ մարմնական սերն է, հասցվել է մարդկային տենչերի բարձրագույն բանաստեղծական նպատակի աստիճանին, և դրա ապացույցն է մեր հասարակության ամբողջ արվեստն ու պոեզիան։ Երիտասարդներն իրենց կյանքի լավագույն ժամանակը նվիրում են մի բանի․ տղամարդիկ սիրո ամենալավ առարկաները փնտրելուն, գտնելուն ու նրան տիրանալուն՝ սիրային կապի կամ ամուսնության ձևով, իսկ կանայք ու աղջիկները՝ տղամարդկանց գայթակղելուն և սիրային կապի կամ ամուսնության մեջ ներգրավելուն։
Եվ դրա հետևանքով մարդկանց լավագույն ուժերը ծախսվում են ոչ միայն անօգուտ, այլ վնասակար գործունեության վրա։ Դրանից էլ մեր կյանքի անմիտ շռայլության մեծ մասը, դրանից էլ՝ տղամարդկանց պարապությունն ու կանանց անամոթությունը, որոնք չեն խորշում հայտնապես այլասերված կանանցից փոխառնված մոդաներով իրենց մարմնի ցանկություն հարուցող մասերը ցուցադրելուց։
Եվ ես կարծում եմ, որ վատ է դա։
Վատ է այն պատճառով, որ սիրո առարկայի հետ ամուսնությամբ կամ ամուսնությունից դուրս միանալու նպատակը, որքան էլ բանաստեղծականացվի, մարդուն անարժան նպատակ է, այնպես, ինչպես մարդուն անվայել է համեղ ու առատ սնունդ ձեռք բերելու նպատակը, որ շատերին բարձրագույն բարիք է թվում։
Իսկ այն եզրակացությունը, որ կարելի է հետևցնել սրանից, այն է, որ պետք չէ մտածել, թե մարմնական սերը ինչ֊ինչ բացառիկ վեհ բան է, այլ պետք է հասկանալ, որ մարդուն արժանի նպատակը՝ լինի մարդկությանը թե հայրենիքին, գիտությանը թե արվեստին (էլ չասենք՝ աստծուն) ծառայելու, մի խոսքով, ամենայն նպատակ, որ արժանի ենք համարում մարդուն, ձեռք չի բերվում ամուսնության մեջ կամ դրանից դուրս սիրո առարկայի հետ միանալու միջոցով, այլ, ընդհակառակն, սիրահարությունը և սիրո առարկայի հետ միանալը (որքան էլ փորձեն հակառակն ապացուցել բանաստեղծություններում ու արձակ գործերում) երբեք չի դյուրացնում մարդուն արժանի նպատակի ձեռքբերումը, այլ դժվարացնում է միշտ։
Սա էլ հինգերորդը։
Ահա այն էականը, որ ես ցանկացել եմ ասել և կարծում եմ՝ ասել եմ իմ պատմվածքում։ Եվ ինձ թվում էր, թե կարելի է դատել այս դրույթների մատնանշած չարիքը վերացնելու ուղիների մասին, սակայն դրանց հետ չհամաձայնել չի կարելի երբեք։
Ինձ թվում էր, թե այս դրույթներին չհամաձայնել անկարելի է նախ այն պատճառով, որ դրանք միանգամայն համապատասխան են միշտ շվայտությունից դեպի ավելի ու ավելի կատարյալ ողջախոհություն ընթացող մարդկության առաջադիմությանն ու հասարակության բարոյական գիտակցությանը, մեր խղճին, որ միշտ դատապարտում է շվայտությունն ու գնահատում ողջախոհությունը. և ապա՝ այն պատճառով, որ այս դրույթները սոսկ անխուսափելի եզրահանգումներ են ավետարանական վարդապետությունից, եզրահանգումներ, որ մենք կամ քարոզում ենք, կամ, համենայն դեպս, թեև անգիտակցորեն, բարոյականության վերաբերյալ մեր հասկացությունների հիմքն ենք ընդունում։
Բայց այդպես չստացվեց։
Ոչ ոք, ճիշտ է, ուղղակիորեն չի ժխտում այն դրույթը, որ անառակություն չպետք է անել ամուսնությունից առաջ, ինչպես և ամուսնությունից հետո, որ պետք չէ արհեստականորեն բնաջնջել մանկածնությունը, որ պետք չէ երեխաներին զվարճության խաղալիք դարձնել և սիրային միությունը բարձր դասել մնացած ամեն ինչից, մի խոսքով, ոչ ոք չի վիճարկում այն, որ ողջախոհությունը վեր է անառակությունից։ Սակայն ասում են. «Եթե ամուրիությունն ավելի լավ է ամուսնությունից, ապա բնականաբար մարդիկ պետք է անեն այն, ինչ ավելի լավ է։ Բայց եթե մարդիկ վարվեն այդպես, ապա մարդկային ցեղը կդադարի, ուստի և մարդկային ցեղի իդեալը չի կարող լինել իր իսկ ոչնչացումը»։
Բայց այլևս չխոսելով այն մասին, որ մարդկային ցեղի ոչնչացումը նոր հասկացություն չէ մեր հասարակության մարդկանց համար, այլ կրոնասեր անձանց համար հավատի դոգմա է, իսկ գիտուն մարդկանց համար՝ արևի սառչելու դիտարկումներից բխող անխուսափելի եզրահանգում, այդ առարկության մեջ մի ուրիշ մեծ, տարածված ու հին թյուրիմացություն կա։
Ասում են․ «Եթե մարդիկ հասնեն կատարյալ ողջախոհության իդեալին՝ կոչնչանան, ուստի և այդ իդեալը ճշմարիտ չէ»։ Բայց այդպես ասողները դիտավորյալ կամ ոչ դիտավորյալ շփոթում են երկու տարասեռ բաներ՝ կանոնը, պատվերը և իդեալը։
Ողջախոհությունը կանոն կամ պատվեր չէ, այլ իդեալ կամ, ավելի շուտ, նրա պայմաններից մեկը։ Իսկ իդեալն այն ժամանակ է միայն իդեալ, երբ նրա իրականացումը հնարավոր է սոսկ գաղափարի, մտքի մեջ, երբ այն հասանելի է թվում միայն անսահմանության մեջ և երբ, այդ պատճառով, նրան մերձենալու հնարավորությունն անսահման է։ Եթե իդեալը ոչ միայն հասանելի լիներ, այլև կարողանայինք պատկերացնել նրա իրագործումը, այն կդադարեր իդեալ լինելուց։ Այդպիսին է Քրիստոսի իդեալը՝ աստծո արքայության հաստատումը երկրի վրա, մի իդեալ, որ նախագուշակել են դեռ մարգարեները, թե կգա ժամանակ, երբ բոլոր մարդիկ աստուծո խոսքով կշարժվեն, սրերից արորներ կկռեն և նիզակներից՝ մանգաղներ, առյուծը կպառկի գառնուկի կողքին և բոլոր էակները կմիավորվեն սիրով։ Մարդկային կյանքի ողջ իմաստը դեպի այս իդեալը տանող ընթացքն է, ուստի և ձգտումը քրիստոնեական իդեալին՝ նրա ողջ միագումարությամբ և ողջախոհության, որպես այդ իդեալի պայմաններից մեկին, ոչ միայն չի բացառում կյանքի հնարավորությունը, այլև, ընդհակառակը, քրիստոնեական այդ իդեալի չգոյությունն ի չիք կդարձներ ամենայն առաջընթաց և, հետևաբար, կյանքի հնարավորությունը։
Այն դատողությունը, թե մարդկային ցեղի գոյությունը կդադարի, եթե մարդիկ ամբողջ զորությամբ ձգտեն ողջախոհության, նման է այն դատողությանը, որ կանեին (և անում են), թե մարդկային ցեղը կկործանվի, եթե մարդիկ իրենց գոյության համար պայքարելու փոխարեն ամբողջ կարողությամբ ձգտեն բարեկամների, թշնամիների, ամենայն շնչավորի հանդեպ սիրո իրականացման։ Նման դատողությունները բարոյական կողմնորոշման երկու եղանակի տարբերությունը չհասկանալու արդյունքն են։
Ինչպես ճամփա որոնողին, ճանապարհորդին ուղի ցույց տալու երկու կերպ կա, այնպես էլ բարոյական կողմնորոշման երկու եղանակ գոյություն ունի ճշմարտությունը որոնող մարդու համար։ Մի եղանակն այն է, որ մարդուն ասում են, թե ինչ առարկաներ են հանդիպելու իր ճանապարհին, և նա կողմնորոշվում է դրանց միջոցով։
Մյուս եղանակն այն է, որ մարդուն տրվում է միայն ուղղությունն ըստ կողմնացույցի, որ ուղևորը վերցնում է իր հետ և որով տեսնում է միշտ նույն անփոփոխ ուղղությունը և այդ պատճառով՝ իր ամեն մի շեղումը դրանից։
Բարոյական կողմնորոշման առաջին եղանակն արտաքին սահմանումների, կանոնների կերպ է. մարդուն տրվում են որոշակի հայտանիշերն այն արարքների, որ նա պարտավոր է գործել կամ չգործել։
«Պահպանիր շաբաթ օրվա կարգը, թլփատվիր, մի գողանա, ոգելից խմիչք մի խմիր, սպանություն մի անի, տասանորդը տուր աղքատներին, մի շնանա, լվացում արա և աղոթիր օրը հինգ անգամ, խաչ հանիր երեսիդ, հաղորդություն առ և այլն»։ Այսպիսիք են կրոնական արտաքին ուսմունքների հրահանգները՝ բրահմանական, բուդդայական, մահմեդական, հրեական եկեղեցական, որ սխալ կերպով քրիստոնեական է կոչվում։
Մյուս եղանակը մարդուն անհասանելի կատարելությունը նրան մատնացույց անելու կերպն է, կատարելություն, որի ձգտումը նա գիտակցում է ինքն իր մեջ․ մարդու առջև նախանշվում է իդեալը, որի հարաբերությամբ նա միշտ կարող է տեսնել իր հեռացման աստիճանը նրանից։
«Քո Տեր Աստվածը սիրիր բոլոր սրտովդ և բոլոր անձովդ և բոլոր մտքովդ և քո մերձավորը սիրիր անձիդ պես։ Եղեք կատարյալ, որպես հայրը ձեր երկնավոր»։
Այսպիսին է Քրիստոսի վարդապետությունը։
Կրոնական արտաքին ուսմունքների ստուգումը արարմունքների համապատասխանությունն է այդ ուսմունքների սահմանումների հետ, և համապատասխանությունը հնարավոր է այստեղ։
Քրիստոսի ուսմունքի կենսագործման ստուգումը իդեալական կատարելության հետ անհամապատասխանության աստիճանի գիտակցումն է։
(Մերձեցման աստիճանը չի երևում. երևում է միայն շեղումը կատարելությունից)։
Արտաքին օրենքը դավանողը նման է սյունից կախ լապտերի տակ կանգնած մարդու։ Նա կանգնած է այդ լապտերի լույսի մեջ, իր համար լույս է, և գնալու ուրիշ տեղ չունի։ Քրիստոսի վարդապետությունը դավանողը նման է մի մարդու, որ լապտերը տանում է իր առջևում՝ ավելի կամ պակաս երկար ձողի ծայրին․ լույսը միշտ առջևում է և միշտ դրդում է նրան գնալ իր ետևից և էլի ու էլի նոր ու առինքնող լուսավոր տարածություն է բացում նրա առջև։
Փարիսեցին գոհություն է հայտնում աստծուն, որ ինքը կատարում է ամեն ինչ։
Հարուստ երիտասարդն էլ է մանկուց ամեն ինչ կատարել և չի հասկանում, թե ինքն ինչի պակասը կարող է զգալ։ Եվ նրանք չեն կարող այլ կերպ մտածել․ նրանց առջև չկա այն բանը, որին շարունակեին ձգտել։ Տասանորդը տրված է, շաբաթ օրվա կարգը՝ պահպանված, ծնողները հարգված են, շնություն, գողություն, սպանություն չկա։ Էլ ի՞նչ է պետք։ Մինչդեռ քրիստոնեական վարդապետությունը դավանողի մեջ կատարելության յուրաքանչյուր աստիճանին հասնելը հարուցում է ավելի բարձր աստիճանի ոտք դնելու պահանջը, որտեղից առավել բարձրն է սկսվում, և այդպես՝ անվերջ։
Քրիստոսի օրենքին հետևողը միշտ աստանդականի վիճակում է։ Նա իրեն շարունակ անկատար է զգում՝ ետևում չտեսնելով իր անցած ճանապարհը, այլ միշտ առջևում տեսնելով այն ուղին, որով դեռ պետք է գնալ և որն ինքը չի անցել դեռևս։
Սա է Քրիստոսի վարդապետության տարբերությունը մնացած բոլոր կրոնական ուսմունքներից, տարբերություն, որ պահանջների այլազանության մեջ չէ, այլ մարդկանց կողմնորոշելու եղանակի տարբերության մեջ։ Քրիստոսը կենցաղավարելու ոչ մի սահմանում չի տվել, չի նախորոշել ոչ մի հաստատակարգ, երբեք չի օրինավորել նաև ամուսնության կարգը։ Սակայն Քրիստոսի վարդապետության յուրահատկությունները չըմբռնող մարդիկ, սովոր լինելով արտաքին ուսմունքների և ցանկանալով իրենց արդարացի զգալ, ինչպես իրեն արդարացի է զգում փարիսեցին, հակառակ Քրիստոսի վարդապետության ամբողջ ոգուն, նրա տառից սարքել են կանոնների արտաքին մի ուսմունք, որ եկեղեցական քրիստոնեական ուսմունք է հորջորջվում, և այդ ուսմունքով նենգափոխել են իդեալի Քրիստոսապատկան ճշմարիտ վարդապետությունը։
Իրենց քրիստոնեական կոչող եկեղեցական ուսմունքները կյանքի բոլոր դրսևորումների առնչությամբ Քրիստոսի իդեալի ուսմունքի փոխարեն արտաքին սահմանումներ ու կանոններ են հաստել, որոնք ներհակ են նրա վարդապետության ոգուն։ Դա արված է իշխանության, դատարանի, զորքի, եկեղեցու, արարողակարգի կապակցությամբ, և նույնն է նաև ամուսնության խնդրում․ չնայած Քրիստոսը ոչ միայն երբեք չի օրինավորել ամուսնության կարգը, այլև, եթե պրպտենք արտաքին սահմանումները, ավելի շուտ ժխտել է այն («թող կինդ և եկ իմ ետևից»), եկեղեցական ուսմունքները, որոնք իրենց քրիստոնեական են հորջորջում, ամուսնությունը uահմանել են իբրև քրիստոնեական հաստատակարգ, այսինքն որոշել են այն արտաքին պայմանները, որոնց դեպքում մարմնական սերը քրիստոնյայի համար իբր կարող է անմեղսական, կատարելապես օրինական լինել։
Բայց քանի որ ճշմարիտ քրիստոնեական ուսմունքի մեջ ոչ մի հիմնավորում չկա ամուսնության հաստատակարգի համար, ապա ստացվել է այնպես, որ մեր հասարակության մարդիկ հեռացել են մի ափից ու չեն հասել մյուս ափը, այսինքն՝ ըստ էության չեն հավատում ամուսնության եկեղեցական սահմանումին, զգալով, որ այդ հաստատակարգը հիմք չունի քրիստոնեական վարդապետության մեջ, և միաժամանակ եկեղեցական ուսմունքի վարագույրի ետևում չեն տեսնում Քրիստոսի իդեալը, լիակատար ողջախոհության ձգտումը և ամուսնության խնդրում մնում են առանց որևէ ուղեցույցի։ Այստեղից էլ ծագում է առաջին հայացքից տարօրինակ թվացող այն երևույթը, որ հրեաների, մահմեդականների, լամայականների և մյուսների մոտ, որոնք ընդունում են քրիստոնեականից շատ ավելի ցածր աստիճանի կրոնական ուսմունքներ, բայց ամուսնության արտաքին ստույգ սահմանումներ ունեն, ընտանեկան հիմքն ու ամուսնական հավատարմությունն անհամեմատ ամուր է, քան այսպես կոչված քրիստոնյաների մոտ։
Նրանց մոտ կա հարճության, բազմակնության կարգ՝ որոշակի սահմանափակումով։ Իսկ մեզանում համատարած անառակություն է և հարճություն, բազմակնություն և բազմամուսնություն, որ չի ենթարկվում ոչ մի սահմանումի և քողարկված է երևութական միամուսնությամբ։
Միայն այն պատճառով, որ միավորվողների մի մասի կապակցությամբ հոգևորականությունը փողով որոշ արարողություն է կատարում, որ եկեղեցական ամուսնություն է կոչվում, մեր միջավայրի մարդիկ միամտորեն կամ երեսպաշտորեն երևակայում են, թե իրենք ապրում են միամուսնությամբ։
Քրիստոնեական ամուսնություն չի կարող լինել և երբեք էլ չի եղել, ինչպես երբեք չեն եղել ու չեն կարող լինել ոչ քրիստոնեական արարողակարգ (Մատթեոս, Զ․ 5—12, Հովհաննես, Դ․ 21 ), ոչ քրիստոնեական ուսուցիչներ ու հայրեր (Մատթեոս, ԻԳ, 8—10), ոչ քրիստոնեական սեփականություն, ոչ քրիստոնեական զորքեր, ոչ դատարաններ, ոչ պետություններ։ Այսպես են այդ ամենը հասկացել միշտ առաջին և հետագա դարերի ճշմարիտ քրիստոնյաները։
Քրիստոնեական իդեալը սերն է առ աստված և մերձավորը, հրաժարումն է սեփական անձից աստծուն ու մերձավորին ծառայելու համար․ իսկ մարմնական սերը, ամուսնությունը սեփական անձին ծառայել է նշանակում և այդ պատճառով ամեն դեպքում խոչընդոտ է աստծուն ու մարդկանց ծառայելու ճանապարհին, ուստի և քրիստոնեական հայեցակետից՝ բարոյական անկում, մեղք։
Ամուսնությունը աստծուն և մարդկանց ծառայելուն չի կարող նպաստել նույնիսկ այն դեպքում, եթե ամուսնացողները մարդկային ցեղը շարունակելու նպատակը հետապնդեին։ Այդ մարդիկ, մանկան կյանքեր աշխարհ բերելու համար ամուսնական կապի մեջ մտնելու փոխարեն, շատ ավելի պարզ ու մեկին բան արած կլինեին, եթե պահպանեին ու փրկեին այն միլիոնավոր մանուկների կյանքերը, որ կործանվում են մեր շուրջը նյութական սնունդի պակասից, էլ չեմ խոսում հոգևոր սնունդի մասին։
Քրիստոնյան միայն այն դեպքում կարող էր առանց անկման, մեղքի գիտակցության ամուսնական կապի մեջ մտնել, երբ տեսներ ու իմանար, որ մանկանց գոյություն ունեցող բոլոր կյանքերն ապահովված են։
Կարելի է չընդունել Քրիստոսի վարդապետությունը, այն ուսմունքը, որով ներթափանցված է մեր ամբողջ կյանքը և որի վրա է հիմնված մեր ողջ բարոյականությունը, սակայն այդ ուսմունքն ընդունելուց հետո անկարելի է չխոստովանել, որ այն լիակատար ողջախոհության իդեալն է նախանշում։
Չէ որ Ավետարանում պարզ ու առանց թյուր մեկնաբանության տեղ թողնելու ասված է, նախ, որ ամուսնացած տղամարդը չպետք է բաժանվի կնոջից մի ուրիշ կին առնելու համար, այլ պետք է ապրի նրա հետ, ում հետ կապվել է մեկ անգամ (Մատթեոս, Ե․ 31—32, ԺԹ․ 8), երկրորդ որ մարդն ընդհանրապես, և հետևաբար՝ թե ամուսնացածը և թե ամուրին, մեղք գործած կլինի, եթե կնոջը նայի իբրև հաճույքի առարկայի (Մատթեոս, Ե․ 28—29), և երրորդ որ ամուրիի համար ավելի լավ կլինի չամուսնանա ամենևին, այսինքն կատարելապես ողջախոհ լինի (Մատթեոս, ԺԹ․ 10—12)։
Շատ-շատերին այս մտքերը տարօրինակ և նույնիսկ հակասական կարող են թվալ։ Եվ դրանք իրոք հակասական են, բայց ոչ միմյանց համեմատ, այլ այդ մտքերը հակասում են մեր ողջ կյանքին, և ակամա կասկած է ծագում՝ ո՞րն է իրավացի, այդ մտքե՞րը, թե միլիոնավոր մարդկանց ու իմ կյանքը։ Այդ զգացումը ես էլ էի ապրում մեծապես, երբ հանգում էի այն համոզումներին, որ արտահայտում եմ ահա․ ես բնավ չէի սպասում, թե իմ մտքերի ընթացքն ինձ կհանգեցնի այն բանին, ինչին հանգեցրեց։ Ես սարսափեցի իմ հետևություններից, ուզում էի չհավատալ դրանց, սակայն չհավատալ անկարելի էր։ Եվ որքան էլ այդ եզրահանգումները հակասեն մեր կյանքի ողջ կառուցվածքին, որքան էլ հակասեն այն ամենին, ինչ մտածել ու նույնիսկ արտահայտել եմ առաջներում, ես պետք է ընդունեմ դրանք։
«Սակայն այդ բոլորն ընդհանուր դատողություններ են, որոնք գուցե և արդարացի են, բայց վերաբերում են Քրիստոսի վարդապետությանը և պարտադիր են նրանց համար, ովքեր դավանում են այդ ուսմունքը․ սակայն կյանքը կյանք է և չի կարելի, Քրիստոսի անհասանելի իդեալը մատնացույց անելով առջևում, ամենահրատապ, ընդհանուր և առավելագույնս պատուհասող հարցերից մեկում մարդկանց թողնել մեն֊միայն այդ իդեալի հետ՝ առանց որևէ ուղեցույցի։
Երիտասարդ, խանդավառ մարդը նախ հրապուրվում է իդեալով, բայց չի կարողանում տոկալ, գահավիժում է և ոչ մի կանոն չիմանալով ու չընդունելով՝ ընկնում է լիակատար ապականության մեջ»։
Այսպես են դատում սովորաբար։
«Քրիստոսի իդեալն անհասանելի է, ուստի չի կարող մեզ համար ուղեցույց լինել կյանքում, նրա մասին կարելի է խոսել, երազել, բայց կյանքում կիրառելի չէ, ուստի և պետք է ձեռք քաշել նրանից։ Մեզ ոչ թե իդեալ է հարկավոր, այլ կանոն, հրահանգ, որի կատարումը վեր չլինի մեր ուժից՝ մեր հասարակության բարոյական ուժերի միջին մակարդակից — եկեղեցական ազնիվ ամուսնություն կամ թեկուզ ոչ այնքան ազնիվ ամուսնություն, երբ ամուսնացողներից մեկը, ինչպես մեզանում՝ տղամարդը, շատ կանանց է հանդիպել արդեն, կամ գոնե բաժանվելու հնարավորությամբ ամուսնություն, կամ նույնիսկ քաղաքացիական, կամ (ընթանալով նույն ուղիով) թեկուզ ճապոնական՝ ժամանակավոր,— իսկ ինչո՞ւ չհասնենք նաև հասարակաց տներին»։
Ասում են՝ դա ավելի լավ է, քան փողոցային անառակությունը։ Դժբախտությունն էլ հենց այն է, որ երբ իրենց թույլ են տալիս իդեալն իջեցնել սեփական թուլության աստիճանի համեմատ, անկարելի է գտնել այն սահմանը, ուր պետք է կանգ առնել։
Բայց չէ որ այդ դատողությունը սխալ է հենց սկզբից․ սխալ է ամենից առաջ այն պատճառով, որ անվերջ կատարելագործման իդեալը չի կարող ուղեցույց լինել կյանքում, որպեսզի հարկ եղած դեպքում, նայելով նրան, կամ թափ տաս ձեռքդ՝ ասելով, թե այն ինձ պետք չէ, քանի որ երբեք չեմ հասնելու դրան, կամ իդեալն իջեցնես այն աստիճանին, որի վրա ուզում է կանգնել քո թուլությունը։
Այսպես դատելը նույնն է, թե ծովագնացն ասի ինքն իրեն՝ քանի որ ես չեմ կարող նավել կողմնացույցի ցույց տված ուղղությամբ, դուրս գցեմ կողմնացույցը կամ դադարեմ նայել, այսինքն՝ դեն նետեմ իդեալը կամ կողմնացույցի սլաքն ամրացնեմ այն ուղղությամբ, որ տվյալ պահին համապատասխանում է իմ նավի ընթացքին, այն է՝ իդեալն իջեցնեմ իմ թուլության աստիճանին։ Քրիստոսի ընձեռած կատարելության իդեալը երազանք կամ ճարտասանական քարոզների նյութ չէ, այլ մարդկանց բարոյական կյանքի ամենաանհրաժեշտ, ամենքին մատչելի ուղեցույց, ինչպես կողմնացույցն է ծովագնացի կողմնորոշման անհրաժեշտ ու մատչելի գործիքը, միայն թե պետք է հավատալ ինչպես մեկին, այնպես էլ մյուսին։ Ինչպիսի վիճակում էլ լինի մարդ, միշտ բավական է Քրիստոսի առաջարկած իդեալի ուսմունքը՝ ամենաստույգ ցուցումն ստանալու համար, թե այս կամ այն արարքը պետք է կատարել թե ոչ։ Սակայն հարկավոր է այդ ուսմունքին հավատալ ըստ ամենայնի, միայն և միայն՝ այդ ուսմունքին, դադարել հավատալ մյուս բոլորին, ճիշտ այնպես, ինչպես ծովագնացը պետք է հավատա կողմնացույցին և դադարի նայել ու ղեկավարվել այն բաներով, ինչ տեսնում է շուրջը։ Պետք է կարողանալ ղեկավարվել քրիստոնեական ուսմունքով այնպես, ինչպես կողմնացույցով, իսկ դրա համար, որ գլխավորն է, հարկավոր է հասու լինել սեփական կացությանը, հարկավոր էի վիճակի լինել չվախենալու իդեալական տվյալ ուղղությունից իր խոտորումը ճշտությամբ որոշելուց։ Ինչ աստիճանի վրա էլ կանգնած լինի մարդը՝ միշտ այդ իդեալին մերձենալու հնարավորություն կա նրա համար, և նա ոչ մի այնպիսի վիճակում չի կարող հայտնվել, որ կարողանա ասել, թե ինքը հասել է դրան, և չկարողանա ձգտել առավել մերձեցման։ Այսպիսին է մարդու ձգտումը դեպի քրիստոնեական իդեալն ընդհանրապես և դեպի ողջախոհությունը՝ մասնավորապես։ Եթե պատկերացնենք սեռական հարցի հարաբերությամբ մարդկանց ամենատարբեր վիճակները,— անմեղ մանկությունից մինչև ամուսնություն,— ուր ժուժկալություն չի պահպանվում, այդ երկու կացությունների միջև յուրաքանչյուր աստիճանի վրա Քրիստոսի վարդապետությունն իր առաջադիր իդեալով միշտ պարզ ու որոշակի ուղեցույց կծառայի այն բանի համար, թե այդ աստիճաններից յուրաքանչյուրի վրա ինչ պետք է անի և ինչ չպետք է անի մարդը։
Ի՞նչ պետք է անի անարատ պատանին, աղջիկը։ Իրեն մաքուր պետք է պահի գայթակղություններից և, որպեսզի ի վիճակի լինի բոլոր ուժերը նվիրաբերելու աստծուն և մարդկանց ծառայելուն, պետք է ձգտի մտքերի ու ցանկությունների ավելի ու ավելի կատարյալ ողջախոհության։
Ի՞նչ պետք է անեն պատանին ու աղջիկը, որ ենթարկվել են գայթակղության, կլանված են անառարկա սիրո կամ որևէ մեկի հանդեպ որոշակի սիրո մտորումներով և դրանից կորցրել են աստծուն և մարդկանց ծառայելու իրենց հնարավորության որոշ մասը։ Դարձյալ նույնը՝ թույլ չտան իրենց, որ հասնեն բարոյական անկման, գիտակցելով, որ նման թողտվությունը չի ազատի գայթակղությունից, այլ սոսկ կուժեղացնի այն, և նույն կերպ ձգտեն ավելի ու ավելի կատարյալ ողջախոհության՝ աստծուն և մարդկանց առավել բոլորանվեր ծառայելու համար։
Ի՞նչ պետք է անեն այն մարդիկ, որոնք չեն տոկացել պայքարում և անկում են ապրել։ Իրենց անկմանը պետք է նայեն ոչ թե իբրև օրինական հաճույքի, ինչպես նայում են այժմ, երբ այն արդարացվում է ամուսնության ծիսակարգով, ոչ իբրև պատահական հաճույքի, որ կարելի է կրկնել ուրիշների հետ, ոչ էլ իբրև դժբախտության, երբ անկումը կատարվում է դիրքով անհավասար աղջկա հետ և առանց ծիսակարգի, այլ առաջին այդ անկմանը պետք է նայեն որպես միակ անկման, որպես ամուսնական անքակտելի կապի հաստատման։
Ամուսնական այս կապը, սրանից բխող հետևանքով՝ երեխաների ծնունդով, ամուսնացածների համար կանխորոշում է աստծուն և մարդկանց ծառայելու նոր, ավելի սահմանափակ ձև։ Մինչև ամուսնությունը մարդ անմիջականորեն, ամենատարբեր ձևերով կարող է ծառայել աստծուն ու մարդկանց, իսկ ամուսնական կյանքը սահմանափակում է նրա գործունեության ասպարեզն ու պահանջում է նրանից վերադառնալ և դաստիարակել ամուսնությունից առաջ եկած սերունդը, իր զավակներին՝ աստծու և մարդկանց ապագա սպասավորներին։
Ի՞նչ պետք է անեն այն տղամարդն ու կինը, որոնք ապրում են ամուսնական կապով և իրենց սահմանափակ ծառայությունն են մատուցում աստծուն ու մարդկանց՝ վերադառնալու և երեխաներին դաստիարակելու միջոցով, որ հետևում է նրանց կացությունից։
Դարձյալ նույնը՝ պետք է համատեղ ձգտեն ազատվել գայթակղությունից, մաքրվեն ու դադարեն մեղք գործելուց, աստծուն ու մարդկանց թե ընդհանուր և թե մասնավոր ծառայություն մատուցելուն խանգարող հարաբերությունները, մարմնական սերը փոխարինելով քրոջ և եղբոր մաքուր հարաբերությամբ։
Եվ այս ամենի պատճառով ճիշտ չէ այն միտքը, թե մենք չենք կարող ղեկավարվել Քրիստոսի իդեալով, որովհետև բարձր է այնքան, կատարյալ ու անհասանելի։ Մենք չենք կարող նրանով ղեկավարվել այն պատճառով միայն, որ ստում ու խաբում ենք հենց ինքներս մեզ։
Չէ որ երբ ասում ենք, թե հարկավոր է ունենալ առավել իրագործելի կանոններ, քան Քրիստոսի իդեալն է, այլապես չհասնելով այդ իդեալին՝ կընկնենք ապականության մեջ, չենք ասում, թե մեզ համար չափից դուրս բարձր է Քրիստոսի իդեալը, այլ ասում ենք միայն, որ մենք չենք հավատում այդ իդեալին և չենք կամենում մեր արարքները պայմանավորել նրանով։
Երբ ասում ենք, թե մի անգամ անկում ապրելով՝ մենք ընկնում ենք ապականության մեջ, չէ որ դրանով ասում ենք միայն, թե մենք նախապես որոշել ենք արդեն, որ անկումը դիրքով մեզ անհավասար աղջկա հետ մեղք չէ, այլ զվարճանք, հրապուրանք, որը պարտադիր չէ շտկել այն բանով, ինչ ամուսնություն ենք կոչում։ Իսկ եթե մենք հասկանայինք, որ անկումը մի մեղք է, որը պետք է և կարելի է քավել միայն ամուսնության անքակտելիությամբ և այն ողջ գործունեությամբ, որ բխում է ամուսնությունից ծնված երեխաների դաստիարակությունից, ապա անկումը երբեք ապականության մեջ ընկնելու պատճառ չէր կարող լինել։
Այլապես ախր դա նույնն է, թե հողագործը ցանք չհամարի այն ցանքը, որ բարեհաջող չի եղել, այլ ցանելով մի երկրորդ, երրորդ տեղ իսկական ցանք համարի այն, որ հաջողվել է իրեն։ Հավանաբար նման մարդը շատ հող ու սերմացու կփչացներ և երբեք ցանել չէր սովորի։ Ընդամենը որպես իդեալ վերցրեք ողջախոհությունը, ընդունեք, որ ամեն մի անկում՝ ով էլ լինի, ում հետ էլ լինի, միակ, ամբողջ կյանքում անքակտելի ամուսնություն է, և պարզ կդառնա, որ Քրիստոսի տված ուղեցույցը ոչ միայն բավարար է, այլև միակ հնարավորը։
«Մարդը թույլ է, հարկավոր է նրա ուժերին համապատասխան խնդիր տալ»,— ասում են մարդիկ։ Դա նույնն է, թե ասեն․ «Ձեռքերս թույլ են, և ես չեմ կարող այնպիսի գիծ քաշել, որ ուղիղ լինի, այսինքն՝ ամենակարճը երկու կետերի միջև, ուստի և իմ գործը թեթևացնելու համար, ուղիղ գիծ քաշել ցանկանալով, որպես օրինակ կվերցնեմ կոր կամ բեկյալ գիծը»։ Որքան թույլ է իմ ձեռքը, այնքան ավելի ինձ պետք է կատարյալ օրինակ։
Չի կարելի, իդեալի քրիստոնեական ուսմունքին հասու լինելով, ցույց տալ, թե իբր տեղյակ չենք այդ ուսմունքին, և այն փոխարինել արտաքին սահմանումներով։ Իդեալի քրիստոնեական ուսմունքը բաց է մարդկության առաջ հենց այն պատճառով, որ այն կարող է ղեկավարել նրան ներկա հասակում։ Մարդկությունն արդեն անցել է կրոնական, արտաքին սահմանումների շրջանը, և ոչ ոք այլևս չի հավատում դրանց։
Իդեալի քրիստոնեական վարդապետությունն այն միակ ուսմունքն է, որ կարող է ղեկավարել մարդկությանը։ Չի կարելի, չպետք է Քրիստոսի իդեալը փոխարինել արտաքին կանոններով, այլ հարկավոր է հաստատապես այդ իդեալն ունենալ առջևում՝ նրա ողջ անաղարտությամբ, և, որ գլխավորն է, հավատալ նրան։
Ափից ոչ շատ հեռու նավարկողին կարելի է ասել․ «Ուղղություն պահիր ահա ըստ այն բարձունքի, հրվանդանի, աշտարակի» և այլն։
Բայց եկել է ժամանակը, երբ նավարկողները հեռացել են ափից, և պետք է ու կարող են նրանց համար ուղեցույց լինել միայն անհասանելի լուսատուներն ու ուղղություն նշող կողմնացույցը։ Իսկ մեզ տրված են թե մեկը և թե մյուսը։